Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Ամսվա քրոնիկա և համարի տեսություն

Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Նոյեմբեր 2008, N 8

ԱՄՍՎԱ ՔՐՈՆԻԿԱ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նոյեմբերը Հայաստանում հարուստ էր իրադարձություններով: Ամսվա սկիզբը նշանավորվեց Մոսկվայում բավական կարևոր հռչակագրի ստորագրմամբ, վերջը` ազգային համաշխարհային շախմատային օլիմպիադայում տարած հաղթանակով: Բայց այս ամենի և ուրիշ բաների մասին` հերթով:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը վրաց-օսական հակամարտությունից հետո կտրուկ ակտիվացրեց երկրի քաղաքականությունը կովկասյան ուղղությամբ: Երևան կատարած պաշտոնական այցից հետո նա նախաձեռնեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների բարձր մակարդակի հանդիպումը Մոսկվայում, որի արդյունքը հանդիսացավ համատեղ հռչակագիրը: Հայաստանում այդ փաստաթուղթը հակասական գնահատականներ ստացավ` գնահատողների քաղաքական պատկանելությանը համապատասխան. ընդդիմությունը, բնականաբար, դրանում ծայրահեղ վտանգավոր ու հակազգային պահեր նկատեց, այն դեպքում, երբ իշխանությունների հանդեպ լոյալ գործիչները հռչակագրի մասին բավական դրական տոնայնությամբ արտահայտվեցին: Իսկ ես կարծում եմ, որ փաստաթղթի տեքստում առանձնահատուկ ոչինչ չկա և չարժե սևեռվել: Թեև հռչակագրում կա մի կետ, որը փաստորեն բացառում է ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը, ինչն, անշուշտ, բարիք է Հայաստանի համար, սակայն այս դրական պահը կորցնում է արժեքն այն բանից, որ ստորագրողներից մեկը, մեղմ ասած, անլուրջ մարդ է: Իլհամ Ալիևն իր երկրին հավաստիացնում է, որ հռչակագրում խոսք անգամ չկա այն մասին, թե Ադրբեջանն իրավունք չունի իր տարածքային ամբողջականության խնդիրները լուծել ռազմական ճանապարհով: Դե ինչ, փաստաթուղթը ստորագրված է, ցանկացած պարագայում Հայաստանը դրանից չի տուժում, իսկ թե օգուտ կլինի արդյոք դրանից և ինչ ծավալներով` ցույց կտա ժամանակը:   

Նախագահ Սարգսյանը Մոսկվայից աշխատանքային այցով մեկնեց Փարիզ, այնուհետև` Բրյուսել: Եվրոպական կառույցներում, Ֆրանսիայի ու Բելգիայի ղեկավարների հետ ընթացող բանակցությունների գխավոր հարցը, բնականաբար, Ղարաբաղն էր: Հավանաբար, Սարգսյանը եվրոպացիների հետ համաձայնեցնում էր որոշ պահեր, որոնք հանրային քննարկման ենթակա չեն: Մի խոսքով` ինչ-որ կերպ հանգամանալի կիմանանք, թե ինչ է տեղի ունեցել Փարիզում և Բրյուսելում նոյեմբերի սկզբին, իսկ հիմա գուշակություններ անելն իմաստ չունի:

Ամսվա երկրորդ կեսին նախագահ Սարգսյանը բավական հետաքրքիր միջոցառում նախաձեռնեց. հրավիրեց բոլոր կուսակցությունների ղեկավարների խորհրդակցություն Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Կարծում եմ` դրանով նախագահը ցանկանում է նախ` կիսել պատասխանատվությունը քաղաքական գործընթացի այլ մասնակիցների հետ, երկրորդ` համաշխարհային հանրությանը ցույց տալ, որ ինքը, ի տարբերություն ադրբեջանցի գործընկերոջ, իսկապես զբաղված է արդյունավետ աշխատանքով և շահագրգռված է հակամարտության շուտափույթ կարգավորմամբ: Եթե երկրորդը նախագահին անպայման կհաջողվի, ապա առաջինի հաշվով խնդիրներ կան. գաղտնիք չէ, որ Հայաստանի քաղաքական կուսակցություններն իրականում հասարակության մեջ ոչ մի ազդեցություն չունեն և ի վիճակի չեն վերահսկել սեփական ընտրազանգվածը (բացի, հավանաբար, դաշնակցականներից և տերպետրոսյանական աղանդից): Այնպես որ` նրանց հետ պատասխանատվությունը կիսելը հազիվ թե ստացվի. եթե անգամ բոլոր կուսակցությունների բոլոր առաջնորդները ստորագրեն էլ ինչ-որ փաստաթղթի տակ և հանձնառաք աջակցություն խոստանան նախագահին, միևնույն է, նրանց ստորագրությունն ու խոսքը հասարակայնության համար ոչինչ չի նշանակի, իսկ ժողովուրդը կվարվի իր գենետիկ հակումներին («մի թիզ հողի» պաշտամունքի նման և այլն) համապատասխան, և այս իրավիճակում կհաղթի նա, ով ավելի արագ կկարողանա խաղարկել հանրային տրամադրությունները: Ավելի շուտ` դրանք կլինեն դաշնակցականները, քաղաքական իրականությունից դուրս շպրտված երկրապահները և խմբապետերը, ինչպես նաև, բնականաբար, Լևոն Տեր-Պետրոսյանը:  

Ղարաբաղյան կարգավորումը, ամենայն հավանականությամբ, մոտենում է ավարտին, և դա ամենամեծ փորձությունը կլինի նախագահ Սարգսյանի ու հայոց պետականության համար: Տեսնենք կհաջողվի՞ արդյոք նրան խուսափել հասարակական աղետներից և թույլ չտալ, որ պետությունն անդունդը գլորվի, որից դուրս գալը չափազանց դժվար կլինի:

Նոյեմբերի գլխավոր ամսաթիվը 29-ն է, որը խորհրդային ժամանակներում տոնվում էր որպես Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման, այսինքն` Երկրորդ Հանրապետության հիմնադրման օր: Երկրում այդ օրը սովորական է համարվում. նոր հայոց պետությունը տոնական է համարում միայն Առաջին և Երրորդ հանրապետությունների հոբելյանները: Այստեղ զարմանալի իռացիոնալիզմ ենք հայտնաբերում, որը բնորոշ է հայ հանրային գիտակցությանը: Բանն այն է, որ Երկրորդ Հանրապետության շրջանը (1920-90թթ.) իրավամբ կարելի է համարել (չնայած բոլոր վայրիվերումներին) հայոց պատմության երեք ամենալուսավոր ու ստեղծարար դարաշրջաններից մեկը Արտաշեսյանների դարաշրջանի և Անիի ծաղկման շրջանի կողքին: Եվ ահա այսօր հայոց նոր պետությունը հնարավոր չի համարում իր պատմության ամենալուսավոր շրջանի սկզբնավորման օրը պետական տոն հայտարարել, չնայած մեծ բավականությամբ տոնում են դաշնակցական հանրապետության հռչակման և հանրաքվեի օրը, որով հայերը ցանկություն հայտնեցին ապրել անկախ պետությունում: Անկեղծ ասած` նույնիսկ դժվար է ածականներ գտնել սեփական պատմության հանդեպ նման վերաբերմունքի համար: Ի՞նչ է սա: Ինչպե՞ս բացատրել, թե ինչու ժողովուրդը (կամ իշխանությունները) չի սիրում կամ չի հարգում իր լուսավոր անցյալը: Մի՞թե դաշնակցական հանրապետությունը, որ անվերադարձ քամուն տվեց 50 հազար քառակուսի կիլոմետր, օբյեկտիվ իրականության մեջ արմատավորեց ազգային գենոտիպի բոլոր արատները և, փառք Աստծո, գոյատևեց երկու տարի, ավելի մեծ պատմական հարգանքի է արժանի, քան Հայկական ԽՍՀ-ն, որի ժառանգությամբ մինչ օրս կենսակայուն է Երրորդ Հանրապետությունը: Անկասկած, բոլորովին նպատակ չունեմ ճերմակ գույնով ներկայացնել խորհրդային շրջանը, սակայն իրոք մեր բոլոր պատմական շրջանների մեջ այն երեք լավագույններից մեկն է: Մի խոսքով` սա բավական ցավոտ հարց է, և դրա մասին կարելի է հատորներ գրել, այնպես որ` սահմանափակվենք միայն տխուր փաստի արձանագրմամբ. հայերն աշխարհում հազվադեպ ժողովուրդներից են, որ ամաչում են սեփական փառավոր անցյալից և անտեսում են այն: Եվ հայերն աշխարհի այն եզակի ժողովուրդներից են, որ սրտի թրթիռով են վերաբերվում սեփական պատմության ամենախայտառակ էջերին:     

Հիմա` ուրախալիի մասին: Նոյեմբերին երկրի շախմատի հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ ջախջախեց աշխարհի հզոր միջուկային տերություններին և դարձավ օլիմպիական չեմպիոն: Այս իրադարձությունը ես հակված եմ դիտարկել փոքր-ինչ այլ կերպ, քան ընդունված է: Բանն այն է, որ անգամ ամենամեծ ցանկության դեպքում չի կարելի Հայաստանն իսկապես շախմատային տերություն անվանել. երկրում գրոսմայստերներին մատների վրա կարելի է հաշվել, այնինչ Չինաստանում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում նրանց թիվը հարյուրների է հասնում: Սակայն մի բուռ տղաներ աներևակայելի հաջողության հասան: Ո՞րն է մեր շախմատային ֆենոմենի պատճառը: Այստեղ ես երկու գործոն եմ տեսնում. առաջին` շախմատիստների վարպետությունն ու տաղանդը, երկրորդ` այդ գործին երկրի նախագահի անմիջական մասնակցությունը: Կարծում եմ` Հայաստանում շատ ոլորտներում կարելի է հասնել ակնառու արդյունքների, եթե միայն պետության ղեկավարն անձամբ հովանավորի արվեստի, գիտության կամ սպորտի այս կամ այն տեսակը, որտեղ մենք պոտենցիալ ունենք: Վստահ եմ. շախմատիստների կողքին նախագահի գտնվելը վերջին վճռական մրցաշարից առաջ, Իսրայելի թիմից կրած ցավալի պարտությունից հետո, նրանց այնքան հոգևոր էներգիա տվեց, որ կբավականացներ 10 առաջնակարգ թիմերի ջախջախելու համար:  

Առջևում դեկտեմբերն է և տոնական օրերը, իսկ հետո հունվարն է և ժողովրդի ու երկրի ղեկավարության՝ գինարբուքից դուրս գալու երկար ընթացքը, ընդ որում՝ այս միտումն առկա է հետխորհրդային ողջ տարածքում: Նշանակում է՝ հազիվ թե իրավիճակային փոփոխություններ տեղի ունենան, այնպես որ, հասարակական-քաղաքական կյանքի թեժացման պետք է սպասենք փետրվարից ոչ շուտ:

Նոյեմբերի գլխավոր իրադարձությունն աշխարհում՝ ԱՄՆ նոր նախագահի ընտրությունն է: Առաջին անգամ այդ պաշտոնին աֆրոամերիկացի հայտնվեց, և դա, հիրավի, սենսացիոն փաստ է, ինչը բավական խոր նախապատմություն ունի: Նախագահական մրցավազքում Բարաք Օբամայի հաղթանակի օրինաչափության մասին ես գրում եմ իմ «Ամերիկայի մայրամուտը» հոդվածում, այնպես որ, իմաստ չունի այժմ խորանալ այդ խնդրում: Ասենք միայն, որ Միացյալ Նահանգները զարգացման որակապես նոր փուլ է մտել, և այդ հանգամանքն անպայման կանդրադառնա համաշխարհային քաղաքականության վրա:

Նոյեմբերին աշխարհում  շարունակում էր մոլեգնել, այսպես կոչված, «ֆինանսական ճգնաժամը»: Կարծում եմ՝ այնքան սարսափելի չէ ինքը՝ ճգնաժամը, որքան խոսակցությունները դրա մասին, որոնք հիստերիա են առաջացնում հանրային գիտակցության մեջ: Մարդիկ նախանձելի կանոնավորությամբ խուճապի մատնվելու և համաշխարհային տնտեսության ու ողջ ֆինանսական համակարգի  կործանումը գուշակելու սովորություն ունեն, բայց բանն այդպես էլ խոսակցություններով է ավարտվում: 10 տարի առաջ աշխարհում նման մի բան տեղի ունեցել է, երբ ֆինանսական ճգնաժամը, հարվածելով հարավարևելաասիական երկրներին, անցավ Ռուսաստան, իսկ հետո արդեն՝ դեպի Արևմուտք: Ջորջ Սորոսն անգամ գիրք է գրել դրա մասին, առաջարկել իր ծառայությունները և հենց իրեն քաղաքակրթության փրկչի դերում, ինչպես նաև դառնագին հեծեծել, թե իր կոչերն անտեսվել են տերությունների ղեկավարների կողմից, որոնց նա ոչ կոմպետենտ մարդիկ է համարել: Փառք Աստծո, որ առաջատար պետությունների ղեկավարները պրն Սորոսի զգացողությունները չկիսեցին, այլապես աշխարհում իսկական քաոս կսկսվեր: Ինչպես տեսնում ենք, 1998թ. ոչ մի սարսափելի բան տեղի չունեցավ, եղան դեֆոլտներ և դրանց առաջ բերած տնտեսական աղետներ, որոնք ճգնաժամի մեջ հայտնված երկրները ժամանակի ընթացքում հաղթահարեցին:

Այս առնչությամբ կուզեի ասել, որ շուկայական տնտեսության զարգացումը փուլային է, և զարգացման գործընթացում միշտ լինում են անկման և վերելքի շրջաններ: Քաղաքական իրավիճակով պայմանավորված՝ անկումը և վերելքը կարող են դուրս գալ, այսպես ասած, «թույլատրելիի» սահմաններից և գերազանցել պրոֆեսիոնալ հանրության ակնկալիքները՝ դրանով իսկ ահ ու սարսափի մեջ գցելով հանրային գիտակցությունը: Սակայն ժամանակն է վարժվել, որ տնտեսական անկումները, ամեն տեսակ դեֆոլտները և այլն ամենևին էլ նորություն չեն, դրանք գոյություն ունեն արդեն 5000 տարի, երբ դեռ նոր էին սկզբնավորվել շուկաներն ու ապրանքադրամային հարաբերությունները: Անշուշտ, կանցնի որոշ ժամանակ, և ներկա ճգնաժամը նույնպես պատմություն կդառնա՝ իր մասին հիշողություններ թողնելով: Ափսոս, որ, ինչպես և նախորդները, մարդկանց, ոչինչ չի սովորեցնի:

Մի քանի տող համարի բովանդակության մասին:

Առաջինը իմ «Ամերիկայի մայրամուտը» հոդվածն է՝ «Աշխարհաքաղաքականություն» խորագրի ներքո: Դրանում փորձել եմ դիտարկել քաղաքակրթական ճգնաժամի հավանականությունը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնին սևամորթի ընտրության պրիզմայի միջով:

«Տնտեսություն» խորագրում հանդես է գալիս մեր սանկտպետերբուրգցի հայրենակիցը, սոցիոլոգիայի դոկտոր Արմեն Սահակյանը: «Աշխատանքի արժեքի փոխակերպումը հետխորհրդային տարածքում» հոդվածում հեղինակը գրում է, որ եկել է ժամանակը իմաստավորելու անցյալ դարի 80-ականների երկրորդ կեսին սկսված քաղաքական ու տնտեսական փոխակերպումները ոչ թե քաղաքական, մակրոտնտեսական կամ իրավական, այլ առաջին հերթին՝ հետխորհրդային տարածքում աշխատանքի և զբաղվածության ոլորտում տեղի ունեցող գործընթացների տեսանկյունից: Արմենը չի կասկածում, որ առկա է իրավական, տնտեսական ու սոցիալական գործընթացների ասինքրոնացում: Եթե Պետական դումայում ցանկացած օրենքի ընդունում երկու-երեք ժամ է տևում, դրա իրականացման տնտեսական մեխանիզմի մշակումը կարող է ավարտվել երկու-երեք ամսում, ապա իրական սոցիալ-տնտեսական փոփոխությունները սերնդափոխությամբ են տեղի ունենում: Հեղինակը նշում է, որ խորհրդային տնտեսությունը փոխակերպումներին մոտեցավ արդեն խոր դեգրադացման փուլում, և այս առումով կարելի է վիճել միայն երկու հարցի շուրջ. ա) արդյո՞ք խորհրդային քաղաքական և տնտեսական համակարգի փլուզումը հետևանք էր դրա դեգրադացման, թե՞ դա խնամքով նախապատրաստվել էր երկրի վերջին քաղաքական ղեկավարի կողմից, բ) համակարգի դեգրադացիան կանխորոշո՞ւմ էր արդյոք փոխակերպումների ուղղվածությունը դեպի ազատական բնույթի շուկայական բարեփոխումներ: Այս հարցադրումների հարթությունում Սահակյանի հոդվածը խիստ ճանաչողական է:

Բավական հետաքրքիր և արդիական է ՀՀ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի՝ «Բանավեճ» խորագրում ներկայացված «Հայկական գիտության բարեփոխման հարցի շուրջ» նյութը: Հեղինակը մինչ այդ էլ հանդես է եկել մեր ամսագրի էջերում՝ նշելով, որ գիտության համար լուրջ խնդիր է գիտական աշխատանքների առևտրայնացումը: Ցավոք, մշակված չեն այդ խնդիրների լուծման «խաղի կանոնները»: Բայց իր ապագա գործունեությամբ ԳՊԿ-ն, համալիր բարեփոխումներին զուգահեռ, կանդրադառնա նաև առևտրայնացման հարցին: Հայտնի է, որ ՀՀ կառավարությունը քննարկման է դրել «Գիտություն-տնտեսություն. համագործակցության հիմնախնդիրներ» թեման: Երկրի անկախացումից հետո իրավիճակի գնահատման, փակուղուց դուրս գալու ելքերի որոնման նման միջոցառումներ չեն ձեռնարկվել: Ուստի, կոմիտեի ստեղծման նպատակներից մեկը արդյունաբերության հետ կապված նոր գիտական ոլորտների մշակման անհրաժեշտությունն էր: Այս նյութում Հարությունյանը նշում է, որ նոր նախագծերում նախատեսվում է առաջիկա 15 տարիների զարգացման ռազմավարությունը: Մինչև 2009թ. մարտ-ապրիլ ռազմավարական այդ ծրագիրը կընդունվի գիտության մասին օրենքում, որովհետև տվյալ  ոլորտում գործող օրենսդրությունը չի համապատասխանում արդի պահանջներին: Մասնավորապես, կճշտվեն Գիտությունների ազգային ակադեմիայի և ճյուղային գիտությունների տեղն ու դերը: Բանն այն է, որ, ըստ հեղինակի, «ճյուղային գիտություն» հասկացությունն այսօր հարաբերական է դարձել, և ճյուղային ինստիտուտները գործնականում համապատասխան ճյուղերի պատվերները չեն կատարում, այլ զբաղված են այն նույն հետազոտություններով, որոնք կատարում են ԳԱԱ համակարգի հիմնարար գիտություններով զբաղվող ինստիտուտները: ԳՊԿ նախագահը կարծում է, որ հումանիտար ոլորտում գործերն ավելի լավ չեն բնական գիտությունների ոլորտից, նույնիսկ որոշ առումով ավելի վատ են: Մասնավորաբար, նա նկատի ունի պատմագրությունը: Հայտնի է, որ պատմությունը ենթարկված է քաղաքականացման և գաղափարականացման, այստեղից էլ, պնդում է հեղինակը, բխում են բազում խնդիրները: Կարծում ենք՝ այդ խնդիրներից մի քանիսը կհետաքրքրեն մեր ընթերցողին:

«Ժողովրդագրական գործընթացների ժամանակաչափման մեջ». այսպես է վերնագրված աշխարհագրագետ Սամվել Նազարյանի հոդվածը, որը ներկայացված է «Գիտություն և կրթություն» խորագրով: Նյութը հարուստ է հետաքրքիր վիճակագրությամբ: Օրինակ, ժողովրդագիրների հաշվարկներով՝ դեռ 15 հազար տարի առաջ մարդկանց ընդհանուր թիվը բոլոր աշխարհամասերում մի քանի միլիոն է կազմել: Ամենամեծ խտությամբ բնակչություն ունեցել են Մերձավոր Արևելքը (Հայկական լեռնաշխարհից մինչև Նեղոսի երրորդ սահանքը), Հարավարևելյան և Հարավային Ասիան, ինչպես նաև Հարավային Եվրոպան: Ավստրալիայում բնակիչների թիվը հազիվ հասնում էր մի քանի հազար մարդու, իսկ երկու Ամերիկաներում՝ ընդամենը մոտ 100-200 հազարի: Արդեն մ.թ.ա. III հազարամյակում Եգիպտոսում ապրում էր մոտ 7 մլն, Բաբելոնում՝ 5 մլն մարդ: Երկու հազար տարի առաջ՝ նոր թվագրության սկզբին, Երկրի վրա հաշվվում էր 200-250 մլն մարդ, որոնցից միայն Հռոմի կայսրության սահմաններում՝ 50 մլն, ընդ որում՝ ժամանակակից Իտալիայի տարածքում՝ 8 մլն մարդ: Ճանաչողական վիճակագրության շրջապտույտում Սամվելն առանձնացնում է հայերի ժողովրդագրական ցուցանիշների զարգացման առանձնահատկությունը. միայն վերջին տասը դարերի ընթացքում, շրջան, երբ հասցրեց աճել արդի պետականակերտ ժողովուրդների մեծամասնությունը, հայ բնակչության բնական աճը կազմել է զրոյին մոտ մեծություն: Հայ էթնոսը, որի մեծ մասը կամ արդեն ձուլվել է, կամ գտնվում է այլ լեզվական ու մենթալ միջավայրերում ձուլվելու սահմանագծին, այսօր օբյեկտիվորեն «անհետացող» տեսակ» է հանդիսանում: Իհարկե, երկար և տարբեր տեսանկյուններով կարելի է խոսել այն պատճառների մասին, որոնք խթանում են բնակչության զանգվածային արտագաղթը և  նրա հարմարեցումը թվում է թե օտար սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական, մշակութային և այլ պայմաններին: Հեղինակը կարծում է, որ ասիմիլյացիան, դամոկլեսյան սրի նման, այսօր էլ կախված է հայ ժողովրդի հեռանկարի վրա և 1940-ական թթ. «խորհրդային նախագծին» գոնե փոքր-ինչ նմանվող հատուկ «ժողովրդագրական նախագծի» մշակում է պահանջում:

«Արվեստ և մշակույթ» խորագրի ներքո զետեղված է Արիս Ղազինյանի «Հայերը համաշխարհային կերպարվեստում» հոդվածը:

«Պատմություն» խորագիրն այս անգամ ներկայացված է միանգամից երեք հոդվածներով: Առաջին՝ «Թուրք ազգային ինքնության քեմալական հարացույցը կրթական բարեփոխումների համատեքստում» նյութի հեղինակը պատմաբան Սմբատ Հովհաննիսյանն է: Հոդվածում դիտարկվում են թուրք ազգային ինքնության ձևավորման քեմալական ձեռնարկումները՝ կրթական բարեփոխումների համատեքստում: Դա մի շրջան էր, երբ Թուրքիայում չկար միասնական կրթահամակարգ, և կրթությունն իրականացվում էր մզկիթներին կից տարրական դպրոցներում՝ «մեքթեբներում» և հոգևոր սեմինարներում՝ «մեդրեսեներում»: Հետևաբար, կարծում է հեղինակը, Օսմանյան կայսրության կործանման արդյունքում Թուրքիայի Հանրապետությունը կանգնեց ազգային ինքնության որոշման, սոցիալական մտակեցվածքների նոր կերպերի և չափորոշիչների կայացման խնդրի առջև, որոնց լուծումը ստանձնեց Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն (1881-1938) իր բարեփոխումների նորարարական նախագծերով: Քեմալական նորամուծությունների արդյունքում հնարավոր է դառնում կայսերական ինքնության փոխակերպումն ազգայինի:

Նույն խորագրի երկրորդ նյութը՝ «Այրումներից մինչև շահսևաններ. ադրբեջանական պատմության խորխորատներում», որոշակիորեն կապակցվում է առաջինի հետ: Հոդվածի հեղինակը՝ աշխարհագրագետ Սմբատ Սահակյանը, ուշադրություն է դարձնում այն բանին, որ եթե ներկայում քչերն են կասկածի ենթարկում արդի թուրք ազգի ծագման մեջ Հայկական լեռնաշխարհում, Անատոլիայում, Լևանտում, Միջագետքում, Բալկաններում պատմականորեն բնակվող շատ ժողովուրդների մասնակցության փաստը, ապա հաճախ անտեսում են մեկ այլ փաստ. ադրբեջանական (ներկա նշանակությամբ) ժողովրդի կայացման գործում մասնակցություն են ունեցել ոչ միայն զանազան թյուրք ցեղեր՝ այրումներ, կարափափախներ, աֆշարներ, շահսևաններ, բայաթներ և այլն, այլ նաև տեղի հնդեվրոպական ու կովկասյան էթնոսները: Ժամանակակից ադրբեջանցիները, Սմբատի կարծիքով, առայսօր դեգերում են սեփական ծագման թավուտներում և հաճախ կտրում են իրենց իսկ ազգածագման ծառի ճյուղերը, որի վրա, ի դեպ, նստած են: Ակնհայտ փակուղին, որի մեջ այսօր հայտնվել են ադրբեջանցիները սեփական ազգային ինքնագիտակցության որոնման և այն գտնելու գործընթացում, ադրբեջանական քաղաքական ընտրանուն հարկադրում է «ազգը համախմբելուն» կոչված ձևեր ու միջոցներ փնտրել: Հոդվածում փորձ է արվում դիտարկել որոշ պատմական հարցեր, որոնք, իրենց «ներքին չլուծվածության» պատճառով, դեռևս բավական լուրջ քաղաքական գործոն են հանդիսանում:

Խորագրի երրորդ՝ «Երկրորդ հանրապետություն. մեկ քայլ հետ, երեք քայլ առաջ» հոդվածի հեղինակը ամսագրի խմբագիր Արիս Ղազինյանն է: Ճակատագիրն այնպես է տնօրինել, որ անցյալ հարյուրամյակի երեք քառորդի ընթացքում՝ պատմական առումով չնչին մի ժամանակահատվածում, Հայաստանի ներկայիս տարածքում միմյանց փոխարինելով առաջ եկան երեք հանրապետություններ: Հեղինակը փորձում է ներկայացնել Երկրորդ հանրապետության՝ Խորհրդային Հայաստանի կարևոր առաքելությունը ազգային զարգացման գործընթացում:

Դե, իսկ «Մեջբերումներ դասականներից» խորագրի ներքո մենք առաջարկում ենք իշխանության և մտավորականության փոխհարաբերությունների թեմատիկան: Այս անգամ ներկայացված են մտածողների դիմումները տիրակալներին, որոնք պարունակում են կոնկրետ խնդրանքներ, հանդիմանանքներ, խրատներ, մեծարանք և այլն: կարծում ենք՝ ընտրությունը բավական հետաքրքիր է ստացվել:

Share    



Գնահատում

Ինչպե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am