Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Աշխարհաքաղաքականություն

Աշխարհաքաղաքականություն
Նոյեմբեր 2008, N 8

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ

Արտյոմ Խաչատրյան, Քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն

Համաշխարհային պատմությունը` համաշխարհային ոգու դրսևորումն է ժամանակի մեջ:

Հեգել

ՆԵՐԱԾԱԿԱՆ

Միացյալ Նահանգներն արդիականության մեծագույն տերությունն է: Որպես պետություն ձևավորվել է 200 տարուց մի փոքր ավելի առաջ` բրիտանական գաղութների հիման վրա, որոնք կազմավորել էին Եվրոպայից եկածները` հիմնականում բողոքականները, որոնց մեջ գերիշխում էին պուրիտանները (կալվինականները): Այս խիստ կարևոր հանգամանքը վճռորոշ դեր է խաղացել ԱՄՆ` որպես մեծ տերության, իսկ հետո` նաև համաշխարհային կայսրության հետագա զարգացման և կայացման մեջ. հայտնի է, որ վերջին վեց-յոթ հարյուրամյակների ընթացքում աշխարհում առաջատար դեր ունեցող արևմտյան քաղաքակրթությունը գլխավորում են բողոքականները, որոնք կարողացան ստեղծել տնտեսական մոդելի և սոցիալական հանրակեցության առավել կատարյալ ձևերը, որոնք դարձան այդքան նշանակալի ռազմաքաղաքական հզորության նախադրյալները:

Հասկանալի է, Միացյալ Նահանգներն առաջին համաշխարհային կայսրությունը չէ պատմության մեջ: Նրանից առաջ եղել են Եգիպտոսը, Պարսկաստանը, Հռոմը, արաբական խալիֆայությունը, մոնղոլների տերությունը (ի դեպ, ցայժմ չգերազանցված զբաղեցրած տարածքով), Բրիտանական կայսրությունը և շատ ուրիշներ: Դրանց մի մասից միայն հիշողություններ են մնացել, մյուսները կարողացել են ինչ-որ բան պահպանել երբեմնի վեհությունից, բայց փաստն այն է, որ դրանք բոլորն էլ դադարել են գոյություն ունենալ որպես կայսրություններ: Այսպիսով, կայսրությունը հարատև քաղաքական կազմավորում չէ: Այն կարող է լինել բազմաքաղաքակրթական կամ միաքաղաքակրթական, սակայն ցանկացած պարագայում դա կլինի տվյալ պատմական պահին առաջատար քաղաքակրթություններից մեկի կորիզը:

Այստեղ կայսրությունների կործանման հարցը սերտորեն միահյուսվում է քաղաքակրթությունների սկզբնավորման և կործանման հետ: Պատմական դպրոցներն այս երևույթի բազմաթիվ մեկնություններ են տալիս: Մասնավորապես, ըստ Առնոլդ Թոյնբիի (1889-1975), յուրաքանչյուր քաղաքակրթություն իր զարգացման ընթացքում անցնում է ծագման, աճի, ճեղքման և քայքայման փուլեր, որից հետո, որպես կանոն, կործանվում և տեղը զիջում է մեկ ուրիշին: Թոյնբին դուրս է բերում հասարակական զարգացման կրկնողականության էմպիրիկ օրենքները, որոնք թույլ են տալիս կանխատեսել իրադարձությունները տեսանելի ապագայում: Քաղաքակրթությունների զարգացման շարժիչ ուժ Թոյնբին համարում է «ստեղծագործական փոքրամասնությունը», որը, հաջող պատասխանելով զանազան պատմական մարտահրավերներին, իր հետևից տանում է «իներտ մեծամասնությանը»: Մեկ անգամ անընդունակ գտնվելով լուծելու հերթական սոցիալ-պատմական հիմնախնդիրը` «ստեղծագործական ընտրանին» վերածվում է իշխող փոքրամասնության, որն իր իշխանությունը պարտադրում է արդեն ուժով, այլ ոչ թե հեղինակությամբ, իսկ բնակչության օտարված զանգվածը դառնում է «ներքին պրոլետարիատ», որը բարբարոսական ծայրամասի կամ արտաքին պրոլետարիատի հետ համատեղ վերջնարդյունքում քանդում է տվյալ քաղաքակրթությունը (եթե այն, իհարկե, մինչ այդ չի կործանվում ռազմական պարտությունից կամ այլ աղետներից): Այս առումով տեղին է համեմատությունը ԽՍՀՄ-ի հետ. սկզբում հավասարություն ու սոցիալական արդարություն քարոզող և Ռուսական կայսրության բնակչությանը ստեղծագործական ընտրանու պարտադրած կոմունիստական գաղափարախոսությունը շատ արագ իր հետևից տարավ իներտ մեծամասնությանը: Բայց հենց որ բոլշևիկյան ընտրանին սկսեց գլուխ չհանել մարտահրավերներից (մասնավորաբար, կոլեկտիվացմամբ, ԳՈւԼԱԳ-ով, այլախոհության ճնշմամբ հաղթահարված տնտեսական փլուզում ու քաղաքական մեկուսացում) անմիջապես հեղինակազրկվեց և վերածվեց իշխող փոքրամասնության, որն իշխանությունը պահում էր բռնի ուժով, իսկ մարդկանց օտարված զանգվածը` ներքին պրոլետարիատի:

Մոտավորապես այսպես է ընթացել բոլոր քաղաքակրթությունների և կայսրությունների կայացումն ու կործանումը: Հասկանալի է, ժամանակն իր ուղղումներն է մտցրել զարգացման տրամաբանության մեջ, սակայն էությունը նույնն է մնացել: Օրինակ, այսօր հերթական մարտահրավերը լուծելուն անընդունակ ստեղծագործական ընտրանին հազիվ թե իշխող փոքրամասնություն դառնա, հատկապես Արևմուտքի երկրներում: Ավելի շուտ, դրան կհետևի պետության և աշխարհում նրա ազդեցության թուլացումը, իսկ մնացածն արդեն տեխնիկայի հարց է: «Մարդկանց օտարված զանգվածը» կկորցնի հետաքրքրությունը սեփական հայրենիքի հանդեպ (մոտավորապես այդպես եղավ ԽՍՀՄ մայրամուտին, երբ անգամ ռուսները չցանկացան փրկել իրենց տերությունը` Ռուսական կայսրության իրավահաջորդին): Իսկ ինչ վերաբերում է արտաքին պրոլետարիատին, ապա այն միշտ ի վիճակի է ասել իր ծանրակշիռ խոսքը, հենց որ վրա հասնի կայսրության կողմից հերթական մարտահրավերը չհաղթահարելու պատմական պահը:

Գլխավոր մարտահրավերը, որին բախվեց Միացյալ Նահանգները անցյալ հարյուրամյակի վերջին տասնամյակում, ԽՍՀՄ փլուզմամբ և արևելյան բլոկի խորտակմամբ գոյացած վակուումը լցնելն էր` գլոբալ համաշխարհային տիրակալության հեռանկարով: Այդ ժամանակվանից անցել է մոտ 20 տարի, բայց մարտահրավերը լուծված չէ. համաշխարհային տիրապետություն հաստատելու և աշխարհով մեկ ամերիկականության տարածման խնդիրը չի կատարված, իսկ գործընթացը վատ է ընթանում: Ձգձգված ռազմական կամպանիաները, դեպի Արևելք ամերիկականության առաջխաղացման տեղապտույտը, ինչպես նաև վանողականությունը, որ այն առաջ է բերում փորձի ենթարկվող ժողովուրդների մեջ, հաջող կերպով խթանում են արտաքին պրոլետարիտի ուժեղացումը: Եվ այսօր Միացյալ Նահանգները, որ 20-րդ դ. ընկալվում էր որպես ազատ աշխարհի առաջնորդ, հասավ «համաշխարհային ժանդարմի» կարգավիճակի, իսկ հակաամերիկայն տրամադրությունների աճը, ընդ որում` անգամ դաշնակից երկրներում, պատմության մեջ գործնականում ոչնչի հետ չես համեմատի: Այսօր ամերիկացիներն ամենաատելի ազգն են աշխարհում, իսկ ամերիկացի լինելը, ըստ Ջորջ Սորոսի պատկերավոր արտահայտման, ամենավտանգավոր «զբաղմունքն» է աշխարհում:

Եվ ահա այսպիսի պայմաններում նախաբեմ է դուրս գալիս սևամորթ դեմոկրատ Բարաք Հուսեյն Օբաման: Ընտրություններում հաղթելով սպիտակամորթ հանրապետական թեկնածուին` նա կղեկավարի աշխարհում առաջին տերությունը տեսանելի ապագայում և կփորձի հաղթահարել այն մարտահրավերները, որոնց բախվել է իր երկիրը:

Անշուշտ, անգլոսաքսերի պետությունում սևամորթ մահմեդականի հաղթանակը  նախագահական ընտրություններում արտաքո կարգի իրադարձություն է: Սակայն ամերիկացիները հանգիստ են վերաբերվում դրան. ճիշտն ասած, հարցադրման այս կերպն  անգամ արդեն անհեթեթ է, քանի որ հենց ամերիկացիները սևամորթ մահմեդականին նախընտրեցին սպիտակամորթ բողոքականից: Տպավորություն է ստեղծվում, թե ոչ մի արտասովոր բան տեղի չի ունեցել. ԱՄՆ քաղաքացիները հավասար իրավունքներ և ազատություններ ունեն, իսկ ռասիզմն Ամերիկայում արդեն պատմության գիրկն է անցել, ուստի և որևէ արտառոց բան չկա սև քաղաքացու նախագահ դառնալու մեջ: Բայց դիտարկենք ռասիզմի խնդիրն այդ երկրում և փորձենք ի հայտ բերել այն փուլերը, որոնց ամփոփիչ ակորդը դարձավ 2008թ. նոյեմբերի 4-ը:

ՍՊԻՏԱԿ ՏԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Բարաք Օբամայի հաղթանակի նախադրյալները ստեղծվել են 1960թ. նոյեմբերին, երբ դեմոկրատ Ջոն Քենեդին ընտրությունների ժամանակ հաղթեց հանրապետական Ռիչարդ Նիքսոնին: Ամերիկան այն ժամանակ գտնվում էր դարաշրջանների սահմանագծին, և Քենեդին լրիվ օգտագործեց ընձեռված հնարավորությունը: Ասում են, այն ժամանակներում երկրում մոլեգնում էր ռասիզմը: Հասկանալի է, իրավական առումով ամերիկյան օրենսդրւթյունը ռասիստական որևէ բան թույլ չէր տալիս, ընդամենը սպիտակ ամերիկացիների ոչ այնքան բարեհաճ վերաբերմունք կար իրենց սև համերկրացիների հանդեպ (առանձին նահանգներում): Մարթին Լյութեր Քինգը դարձավ մտքերի տիրակալ, պահանջեց արմատական բարեփոխումներ կատարել: Քանի որ պահանջվում էին բարեփոխումներ մարդկանց գիտակցության մակարդակում, որովհետև իրավական առումով ռասիզմի հաղթահարման համար անելիք չկար, ապա դրանց իրագործման հարթակ ընտրեցին հենց ԱՄՆ քաղաքացիների գիտակցությունը: Քենեդին համաշխարհյին պատմության մեջ աննախադեպ գործողություն նախաձեռնեց` պոզիտիվ գործողությունների ծրագրեր: Այս նորամուծության էությունն այն էր, որ սև քաղաքացիներին ավելի շատ իրավունքներ էին տրամադրվում, քան նրանց սպիտակ համերկրացիներին, իբր սպիտակ և գունավոր բնակչության միջև խզումը վերացնելու համար: Սակայն  գործնականում դա ավարտվեց ռասիզմի նոր տեսակի ստեղծմամբ, որն ԱՄՆ-ում կոչվեց ռասիզմ հակառակ կողմից: Այդուհետ սպիտակ ամերիկացուն աշխատանքի կամ ուսման չէին ընդունում (բնականաբար, պետական հատվածում), եթե նա սև եղբայրակցի հետ հավասար միավորներ էր հավաքում: Նախատեսվում էին նաև սոցիալական «բարեհոգություններ». Քենեդին ողջ երկիրը նստեցրեց, այսպես կոչված, «վելֆերի» վրա, բայց, իհարկե, մեծ արտոնություններ տալով գունավոր բնակչությանը: Ավելի ուշ հանրային կարծիքը համակերպվեց սիրեցյալ նախագահի նորամուծություններին. սպիտակ բնակչությունը հանկարծ իրեն մեղավոր զգաց սևերի` տակվին նախանցյալ դարում վերացած ստրկության բոլոր տառապանքների համար և սկսեց եռանդագին զբաղվել ինքնախարազանմամբ: Սև քաղաքացիները, զգալով իրենց արտոնյալ վիճակն  անգլոսաքսերի երկրում, ավելին ուզեցին, և այստեղ նրանց հասկանալն, իհարկե, դժվար չէ:

Ժամանակի ընթացքում Ջոն Քենեդիի պոզիտիվ գործողությունների ծրագրերը սպիտակ մարդուն (հատկապես տղամարդուն) դարձրին ամենանսեմացված ու անիրավունք էակը համաշխարհային դեմոկրատիայի էպիկենտրոնում. ամենուրեք և ամեն ինչում սևերը բարձր էին դրված նրանից: Օրինակ, սևին  աշխատանքից ազատելը լուրջ գործ էր, քանի որ նա կարող էր դիմել դատարան, թե հեռացվել է ռասայական նկատառումներից ելնելով, այնինչ, սպիտակ ծառայողների հեռացման դեպքում հետագա գլխացավանքի համար որևէ նախադրյալ չկար: Նույնն էր վիճակը կրթության համակարգում, սոցիալական ոլորտում և այլն: Այսպիսով, սպիտակամորթ բնակչության շրջանում հանրային կարծիքը ժամանակի ընթացքում համակերպվեց իր «երկրորդ սորտի» լինելու փաստին. հայտնի է, որ ինքնախարազանումը, ինքնաքննադատությունը, երբեմն նաև ինքնանվաստացումը մեծ ժողովուրդներին բնորոշ գծեր են (ի դեպ, Արևմտյան Եվրոպայում մենք տեսնում ենք նման երևույթներ, իսկ ռուսներն ընդհանրապես վերացրին իրենց կայսրությունը հենց ինքնախարազանման, ինքնանվաստացման հակման արդյունքում):

1989 թվականն էր, և Բարաք Օբաման, ինքն էլ չիմանալով այդ մասին, ևս մեկ աստիճան բարձրացավ դեպի Սպիտակ տուն տանող սանդուղքով: Այդ տարի ավարտվում էր Նյու Յորքի քաղաքապետ, լեգենդար Էդ Քոչի լիազորությունների ժամկետը, ով քառակի ժամկետից հետո հրաժարվեց (կամ արդեն իրավունք չուներ) Սիթի հոլի համար պայքարից: Նրա փոխարեն դեմոկրատներն առաջադրեցին Դևիդ Դինկինսի` աֆրոամերիկացու, որ շարունակում էր Լյութեր Քինգի ավանդույթները: Ընդհանրապես պետք է ասել, որ Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնը ԱՄՆ նախագահից հետո նշանակությամբ երկրորդ ընտրովի պաշտոնն է, իսկ քաղաքապետը կարևոր դեմք է ամերիկյան քաղաքական ընտրանում: Մի խոսքով` սպիտակամորթ նյույորքցիները, անհարմարության իռացիոնալ զգացում ունենալով, 1989թ. ընտրություններին նախապատվությունը տվեցին սևամորթ Դինկինսին, և Նյու Յորք քաղաքը ուղիղ չորս տարով տրվեց պրն Դինկինսին: Նրա կառավարման մասին կարելի է ասել միայն այն, որ քաղաքում վերսկսվեցին արյունալի բախումները հրեաների և գունավորների միջև: Քաղաքապետը սիրում էր այցելել քաղաքային համայնքները և դիմելով իր եղբայրակիցներին` նրանց ասում էր` «Brothers» (եղբայրներ)... դե, իսկ հետո արտասանում էր երկարաշունչ անիմաստ ճառեր: Նշեմ, որ «եղբայրներ» դիմելաձևն ընդունված է բացառապես թխամորթ միջավայրում, և յուրաքանչյուր սև անձնական վիրավորանք կհամարի, եթե իրեն այդպես դիմի սպիտակամորթը: Մի խոսքով` Նյու Յորքի բնակիչներն առայսօր հիշում են քաղաքի Վիլյամսբուրգ շրջանի ծեծկռտուքի սարսափները, երբ սևերն արյունալի հաշվեհարդար տեսան այնտեղ հոծ բնակվող հրեա-հասիդների հետ: Իսկ 1993թ. նոյեմբերին սպիտակ քաղաքացիները հասկացան, որ անհարմարության, շինծու ամոթխածության և ավելորդ նրբանկատության զգացումները քաղաքականության հարցերում բավական վատ բաներ են: Այս անգամ նրանք վստահեցին բանականությանը և Դինկինսի փոխարեն նախապատվությունը տվեցին Ռուդոլֆ Ջուլիանիին: Վերջինը ութ տարվա ընթացքում քաղաքը մաքրեց Դինկինսի «կեղտակույտերից», ի հավելումն` լուծեց նաև ձկնային մաֆիայի, Մանհեթընի կենտրոնում ծաղկող պոռնկության հարցերը, իջեցրեց հարկերը և միևնույն ժամանակ ավելացրեց հարկահավաքումը. մի խոսքով` շատ բան արեց քաղաքային տնտեսության զարգացման և քաղաքի բարգավաճման համար, իսկ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո իրեն դրսևորեց որպես փայլուն կազմակերպիչ, որը կարող էր արդյունավետ գործունեություն ծավալել արտակարգ իրավիճակներում:

Նյու Յորքի բնակիչները Ջուլիանիից հետո ընտրեցին հրեա խոշոր մեդիամագնատ, հանրապետականների կողմն անցած Մայքլ Բլումբերգին, իսկ Ջուլիանին ձեռնարկեց Սպիտակ տան գրոհը, բայց այս տարվա գարնանը փրայմերիզը զիջեց Ջոն ՄակՔեյնին:

(Միստիկայի սիրահար չլինելով, այնուամենայնիվ, չեմ կարող մի փոքրիկ համեմատություն չանել ապագայի վերաբերյալ: Բանն այն է, որ Նյու Յորք քաղաքը պետություն է պետության մեջ: Այն Ամերիկայի մանրակերտն է, որի 760 քառ կմ-ում խտացված ձևով ներկայացված է այն ամենը, ինչ կա Ամերիկայում: Դինկինսն առաջին աֆրոամերիկացին էր, որ գլխավորեց Նյու Յորքը, և հենց որ քաղաքացիներն ուղղեցին իրենց սխալը` օգնության կանչելով իտալացուն, նրանից անմիջապես հետո քաղաքապետ դարձավ... հրեան: Հետագա մեկնաբանությունն անիմաստ է...):

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՑԱՌՈՏ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Միացյալ Նահանգները գերտերության կարգ «ստացավ» Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով` հայտնվելով հաղթանակած տերությունների շարքում և աշխարհում  առաջինը միջուկային զենք ստեղծելով: Հասկանալի է` ԱՄՆ ռազմաքաղաքական հզորությունն ապահովվում էր մոլորակի վրա ունեցած տնտեսական առաջատարությամբ. դեռևս 100 տարի առաջ Ամերիկան արտադրում էր համաշխարհային արդյունաբերական արտադրանքի մոտ կեսը, 10 տարի առաջ համաշխարհային ՀՆԱ մեկ երրորդը նույնպես կայուն կերպով պատկանում էր ամերիկացիներին: Այսօր այդ թվերն այլ պատկեր ունեն, սակայն հարկ է հաշվի առնել մի փոքրիկ նրբություն. համաշխարհային ՀՆԱ, ինչպես նաև արդյունաբերական արտադրանքի արտադրության մեջ ամերիկացիների տեսակարար կշռի նվազումը ոչ թե Միացյալ Նահանգների թուլացման, այլ համաշխարհային տնտեսության այլ կենտրոնների, մասնավորապես` Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ), Արևմտյան Եվրոպայի երկրների, ԽՍՀՄ զարգացման արդյունք է: Այնուամենայնիվ, կրճատելով իրենց տեսակարար կշիռը տնտեսությունում` ամերիկացիները շարունակում էին խորացնել ռազմաքաղաքական էքսպանսիան աշխարհում. երկրի տնտեսական ներուժը տալիս էր դրա հնարավորությունը, և այսօր ԱՄՆ պաշտպանության ու անվտանգության ծախսերը կազմում են կեսն այն ծախսերի, որ այդ նպատակներով կատարում են աշխարհի բոլոր երկրները միասին վերցրած:

Եվ այսպես, սառը պատերազմում հաղթանակը Միացյալ Նահանգներինն էր` աշխարհի խոշորագույն տնտեսությանը, առաջատար ռազմական տերությանը, ազատ աշխարհի առաջնորդինը: Արևելյան ճամբարի մի մասն ուրախությամբ նետվեց ԱՄՆ գիրկը, իսկ մյուս մասի և իսլամական աշխարհի հետ խնդիրներ ծագեցին: Սակայն այդ հաղթանակին նախորդել են համառ պայքարի երկար տարիներ: Գաղտնիք չէ, որ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո ամերիկացիներն իրենց առջև նպատակ դրեցին ԽՍՀՄ փլուզումը: Աշխարհով մեկ կոմունիզմի տարածման վտանգին (իսկ Խորհրդային Միությունը կարողացել էր կոմունիստական ռեժիմներ հաստատել աշխարհի տասնյակ երկրներում) զուգահեռ, նոր` երկբևեռ աշխարհում ամերիկացիներին գրավում էր այն միաբևեռ դարձնելու և ողջ երկրագնդում միանձնյա տիրապետություն հաստատելու գայթակղիչ գաղափարը: Ենթադրաբար և տեսականորեն դա իրական էր թվում. եթե աշխարհում երկու բևեռ կա, ապա դրանցից մեկը վերացնելով` միանգամայն հնարավոր է մենակ մնալով` տիրել ողջ աշխարհին, քանի որ ուրիշ այլընտրանք չկա:

Սակայն ամերիկյան պայքարի ռազմավարությունն ու մարտավարությունը սառը պատերազմի ժամանակ հեռու էին լավը լինելուց, համենայնդեպս` բարոյական տեսակետից: Ահա թե ինչ էր ասում այդ առիթով ամերիկյան հատուկ ծառայությունների ընկերակցության ճարտարապետներից մեկը` Ալեն Դալեսը. «Խորհրդային Միությունում քաոս սփռելով` մենք, աննկատ, իրենց արժեքները կփոխենք կեղծերով և կստիպենք նրանց հավատալ այդ արժեքներին: Մենք կգտնենք մեր համախոհներին ու դաշնակիցներին հենց Ռուսաստանում: Դրվագ դրվագի հետևից կծավալվի Երկրի վրա ամենաանհնազանդ ժողովրդի կործանման` իր մասշտաբով վիթխարի ողբերգությունը, նրա ինքնագիտակցության վերջնական, անշրջելի մարումը: Գրականությունից և արվեստից մենք աստիճանաբար դուրս կմղենք նրա հասարակական էությունը, դուրս կվանենք նկարիչների միջից ժողովրդական զանգվածների հոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման և ուսումնասիրության ցանկությունը: Գրականությունը, կինոն, թատրոնը կպատկերեն ամենանսեմ մարդկային զգացմունքները: Մենք ամեն կերպ կաջակցենք և կբարձրացնենք այսպես կոչված արվեստագետներին, ովքեր կսկսեն սերմանել, ներարկել մարդկային գիտակցության մեջ սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, մի խոսքով` ցանկացած անբարոյականության պաշտամունք: Պետության կառավարման մեջ մենք քաոս և խառնաշփոթություն կստեղծենք: Մենք աննկատ, բայց ակտիվորեն և մշտապես կնպաստենք չինովնիկների հիմարությանը, կաշառակերությանը, անսկզբունքայնությանը: Ազնվությունը և օրինավորությունը կծաղրվեն և ոչ ոքի պետք չեն գա, կդառնան անցյալի մնացուկ: Ստահակությունը և հանդգնությունը, սուտն ու կեղծիքը, հարբեցողությունը և թմրամոլությունը, միմյանց հանդեպ անասնական վախը, դավաճանությունը, նացիոնալիզմը, ժողովուրդների թշնամությունը և, առաջին հերթին` ատելությունը ռուս ժողովրդի հանդեպ` այս ամենը մենք աննկատ ու ճարպկորեն կսերմանենք, այս ամենը մոլեգին ծաղկում կապրի: Եվ միայն քչերը գլխի կընկնեն կամ նույնիսկ կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կվերածենք խեղկատակի, կգտնենք նրանց զրպարտելու և հասարակության տականք հայտարարելու միջոցը: Կգռեհկացնենք ու կոչնչացնենք բարոյականության հիմքերը: Մշտապես գլխավոր հաշվարկը կկատարենք երիտասարդության վրա: Կքայքայենք, կայլասերենք, կպղծենք նրան»: Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են...

Եվ այսպես, օժանդակելով ԽՍՀՄ փլուզմանն ու աշխարհում միակ գերտերությունը մնալով` Միացյալ Նահանգները ձեռնամուխ եղավ աշխարհում իր անվերապահ ազդեցությունը տարածելու և տոտալ հսկողություն սահմանելու քաղաքականությանը: Այն, ինչ տեղի է ունենում աշխարհում ահա արդեն 20 տարի, կարելի է համեմատել միայն երկհազարամյա վաղեմություն ունեցող հելլենականացման հետ: Սակայն եթե հելլենականացման հիմնական գործիքը սինոյկիզմն էր, ապա ամերիկանացման հիմնական գործիքը դարձան դեմոկրատացումն ու լիբերալացումը` ամերիկամետ վարչակարգերի (հիմնականում խամաճիկային) ներդրման և արևմտյան ինստիտուտների ու մոդելների ներմուծման միջոցով: Եվ եթե հելլենականացումը ոչ մի տեղ դիմադրության չէր հանդիպում, քանի որ այն, ինչ առաջարկում էր հելլենիզմը, մի գլուխ բարձր էր քաղաքակրթական առումով (Տիգրան Մեծն, օրինակ, նույնիսկ խթանում էր Հայաստանի հելլենականացումը. հայտնի է, որ նա իր մայրաքաղաքը 70%-ով բնակեցրեց հույներով, իսկ այստեղ ապրող հայերի թիվը ոչ ավելի, քան 5% էր), ապա ամերիկանացումն իր քաղաքակրթական տարածքի` արևմտյան քրիստոնեության սահմաններից դուրս վանում է առաջացնում: Այստեղ հարկ կա դիտարկելու մոլորակի բազմաքաքաղակրթայնության հիմնախնդիրը: Սամյուել Հանթինգթոնը և ուրիշ շատ հայտնի տեսաբաններ սառը պատերազմից հետո ընկած շրջանը համարում են «քաղաքակրթությունների դարաշրջան»: Այսինքն` եթե 20-րդ դարի գրեթե ողջ ընթացքում գաղափարախոսությունն էր որոշում գլոբալ քաղաքականությունը (օրինակ` կոմունիստական ճամբարում իրենց հարմարավետ էին զգում և´ կուբացիները, և´ վիետնամցիները, և´ գերմանացիները, և´ սլավոնացիները, և´ թյուրքալեզու ժողովուրդները, կամ` ֆաշիզմը բարեկամացրեց ճապոնացիներին, գերմանացիներին, իտալացիներին, իսպանացիներին և այլն), ապա անցյալ հարյուրամյակի 90-ականների ամենասկզբից գլոբալ քաղաքականությունը սկսեց որոշվել էթնիկ և քաղաքակրթական գործոններով: Հենց այդ գործոնների հիման վրա էլ փլուզվեցին Խորհրդային Միությունը, Հարավսլավիան, Եվրոպայի և Ասիայի մի շարք երկրներում ի հայտ եկան և սաստկացան անջատողական միտումները, չեխերը և սլովակները բաժանեցին երբեմնի միասնական պետությունը: Գաղափարախոսությունը գլոբալ քաղաքականության մեջ հետին պլան մղվեց, և աշխարհն արմատապես փոխվեց: Այնուհետև, նոր կազմավորված պետությունները աշխարհաքաղաքական ընտրություն կատարելիս որպես հենարան ընտրեցին քաղաքակրթական ինքնության  գործոնը: Օրինակ, միանգամայն հասկանալի է Թուրքիայի և Ադրբեջանի «եղբայրական» ռազմավարական միությունը, որ հենվում է էթնիկ ազգակցության և (ավելի քիչ չափով) իսլամի վրա: Նույնչափ բնական է նաև Հայաստանի և Ռուսաստանի, Ռուսաստանի և Բելառուսի միությունը, քանի որ այդ պետությունների քաղաքական ազգակցությունը հիմնված է արևելյան քրիստոնեությանը պատկանելության վրա, ինչպես նաև հասկանալի է արևմտյան ուկրաինացիների ձգտումը` վերջնականապես առանձնանալ Ռուսաստանից և միանալ հարևան կաթոլիկներին: Վերջին 20 տարիներին համաշխարհային քաղաքականության մեջ տեղի ունեցած վիթխարի փոփոխությունները թելադրված էին հենց քաղաքակրթական պատկանելության գործոնով և ժողովուրդների` իրենց համար հարազատ քաղաքակրթության գիրկն անցնելու ձգտմամբ:

Եվ ահա աշխարհում, որտեղ մոտ 20 քաղաքակրթություններ են հաշվվում (շատ տեսաբանների մոտ թվերը տարբերվում են, բայց դրանում ոչ մի էական բան չկա. օրինակ` վեճեր են ընթանում այն բանի շուրջ, թե Ճապոնիան դասեն չին քաղաքակրթության մեջ, թե համարեն ինքնուրույն քաղաքակրթություն), Միացյալ Նահանգներն ամերիկանությունն աշխարհով մեկ տարածելու իրական հնարավորություն ստացավ, ինչով էլ, բնականաբար, սկսեց զբաղվել: Տեսնենք, թե ինչ ստացվեց դրանից:

ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՄԻԱԲԵՎԵՌ ԱՇԽԱՐՀՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ

Ողջ աշխարհում Միացյալ Նահանգների միանձնյա տիրակալության հաստատման համար այդ տերությանն անհրաժեշտ էին երկու բան` նյութական ռեսուրսներ և ռազմաքաղաքական հզորություն, ինչպես նաև այն, որ մյուս ժողովուրդները խորթություն չզգան ամերիկանության հանդեպ: Եթե առաջինի հետ կապված` ամերիկացիներն, ըստ էության, խնդիրներ կարող են չունենալ, և տեսականորեն նրանք կարող են բավական ռեսուրսներ ունենալ, ապա երկրորդի հետ կապված` խնդիրներ կան: Հնարավո՞ր է արդյոք հարթել դրանք:

Այստեղ հարցն այլ հարթություն է անցնում: Հայտնի է, որ ոչինչ գոյություն չունի առանց իր հակադրության, իսկ աշխարհն օբյեկտիվ իրականություն է: Ճիշտ այնպես, ինչպես լույսն է ճանաչվում խավարով, իսկ չարիքը` բարիքով, և նրանք գոյություն չունեն առանց մեկմեկու, այդպես էլ աշխարհն է. նրա գոյության համար նրա ներսում պետք է հակադրություններ լինեն: Սառը պատերազմի դարաշրջանն այդ առումով իդեալական էր. գոյություն ունեին երկու հակառակ ճամբարներ, իսկ երկուսով միասին բավական արդյունավետ հսկում էին երրորդ աշխարհը: Հենրի Քիսինջերն ասում էր, թե որքան միմյանց մոտ են կանգնած գերտերությունների հրթիռները, այնքան ամուր է խաղաղությունն աշխարհում: Եվ դա ճիշտ է. հենց որ արևելյան բլոկը փլուզվեց, աշխարհում ծայր առան հակամարտություններ, իսկ գլոբալ անվտանգությունը հայտնվեց սպառնալիքի տակ: Միացյալ Նահանգները, հարցերը լուծելով հակառակորդի հետ, իր համար նոր թշնամի ստեղծեց, որի մասին արդեն կարելի է խոսել իբրև հակադրության, չնայած այն բանին, որ այն բավական բազմադեմ է. թե´ իսլամական աշխարհ, թե´ վերջին տասնամյակին խիստ ձախացած Լատինական Ամերիկա, թե´ ոտքի կանգնող Ռուսաստան և թե´ դինամիկ զարգացող Չինաստան:      

Այսպիսով, պետք է ենթադրել, որ մի տերության միանձնյա տիրակալությունը Երկրի վրա, ըստ էության, անհնար է, այն կարող է կայանալ միայն սահմանափակ ժամանակաընթացքում, մինչև այն պահը, քանի դեռ իշխող տերությունն իր համար չի ծնի նոր թշնամիներ և ձեռք չի բերի իր հակադրությունը` դրանով իսկ ապահովելով աշխարհի գոյությունն իբրև սուբստանց: 

ԵՐԿՐԱԳՆԴԻ ԱՄԵՐԻԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՔՐՈՆԻԿԱՆ

Եվրոպայի արևելքում

Խորհրդային Միության վերացումից անմիջապես հետո ամերիկացիները, խանդավառված սառը պատերազմում տարած հաղթանակից, բոլոր ճակատներով մարտի նետվեցին: Արևելյան բլոկի մի շարք երկրներում նրանց ոգևորությամբ ընդունեցին. այդ պետություններն արագ մտան ԱՄՆ աշխարհաքաղաքական ուղեծիր և դարձան նրանց շահերն իրականացնողները, իսկ հետո արդեն մտան նաև ՆԱՏՕ: Խոսքը մերձբալթյան նախկին հանրապետությունների, Լեհաստանի, Չեխիայի և Սլովակիայի, Հունգարիայի և այլոց մասին է: Ինչպես տեսնում ենք, մենք խոսում ենք երկրների մասին, որոնք նախապես պատկանել են արևմտյան քրիստոնեությանը, հետևաբար` նրանց ամերիկանացումը խնդիր չէր և պահանջված էր: 

Արևելյան Եվրոպայի ուղղափառ պետությունների հետ (բացի Հարավսլավիայից) ամերիկացիները նույնպես դժվարություններ չունեցան: Անգամ Ռուսաստանում ելցինյան «ազատական» ռեժիմն ամեն կերպ աջակցում էր աշխարհի, երբեմն` նաև հենց Ռուսաստանի ամերիկանացմանը: Մասնավորապես, ՄԱԿ Անվտանգության խորհրդում Ռուսաստանը ոչ մի անգամ հանդես չի եկել ընդդեմ ամերիկյան նախաձեռնությունների, և Հարավսլավիայի «ջախջախումն» իրականություն դարձավ հիմնականում Միացյալ Նահանգներին Ռուսաստանի Դաշնության ցուցաբերած աջակցության շնորհիվ (նրանց միջև տարաձայնություններն սկսվեցին միայն 1999թ., բայց արդեն ուշ էր ինչ-որ բան ձեռնարկելու համար):

Արժե առանձին խոսել ուղղափառության` որպես ամերիկանացման խոչընդոտի, մասին: Որպես գործուն միջոց ընտրվեց Հարավսլավիայի, իսկ հետո նաև Սերբիայի կազմաքանդումը: 90-ական թթ. առաջին կեսին այս մտահղացումը հաջողվեց, քանի որ Ռուսաստանի` ուղղափառության կորիզի կողմից որևէ հակազդեցության չհանդիպեց: Սակայն ուղղափառության դեմ հետագա «ասպատակություններն» արդեն անհնար դարձան. Ռուսաստանում հանրային գիտակցությունն արմատական փոփոխությունների ենթարկվեց` շատ բանով պայմանավորված ամերիկյան ագրեսիվ արտաքին քաղաքականությամբ (հատկապես 1999թ. Սերբիայի վերջնական ջախջախումից հետո), և նախկին արևելյան բլոկի ամերիկանացումն սկսեց տեղապտույտ տալ:    

Սակայն, ի պատասխան, ամերիկյան վարչակազմը դիմեց այլ մեթոդի` «գունավոր» նախագծերին: Հայտնի է, որ ԽՍՀՄ նախկին մի շարք հանրապետություններ (մասնավորապես` Ուկրաինան, Վրաստանը) 90-ականների հենց սկզբից հայտարարեցին արևմտյան հանրությանն իրենց լոյալության մասին: Այդ պետությունների լոյալությունը և մասամբ` հակառուսական քաղաքականությունը ձեռնտու չէին ամերիկացիներին. նրանց ավելին էր պետք, այն է` հպատակություն, քանի որ միայն դա կարող էր հակազդել Ռուսաստանի աճող ազդեցությանը հետխորհրդային տարածքում և արագացնել դրա ամերիկանացումը: Տեղի ունեցան այսպես կոչված «գունավոր» հեղափոխություններ. «վարդերի» հեղափոխությունը Վրաստանում, որի արդյունքում գահընկեց արվեց Էդուարդ Շևարդնաձեն, և «նարնջագույնը»` Ուկրաինայում, որի արդյունքը հանդիսացավ ծայրահեղ հակառուսական վարչակարգի հաստատումը և որի առաքելությունն արևելյան սլավոնականության պառակտումն է և Ուկրաինայի վերջնական միաձուլումը արևմտյան հանրությանը` անգամ չնայած այն բանին, որ երկրի Հարավ-արևելքում, որտեղ ապրողների ճնշող մեծամասնությունն ուղղափառ է և իրեն չի պատկերացնում քաղաքակրթական այդ հարթությունից դուրս, վանում են այդ քաղաքականությունը:   

Վերջին հաշվով, կարելի է ասել, որ «գունավոր» հեղափոխություններից և ոչ մեկը նախկին ԽՍՀՄ տարածքում ամբողջովին չարդարացրեց ամերիկացիների սպասելիքները: Փոխարենը նրանք ստացան Ռուսաստանի զորեղացումը, ինչը խթանվում էր այդ երկրում հակաամերիկյան տրամադրությունների աճով: Իսկ Ուկրաինան, ինչպես և Վրաստանը, առ այսօր ՆԱՏՕ անդամ չէ, նրանց չի հաջողվել նաև միաձուլվել Արևմուտքի հետ միասնական ծիրում: Հակառակը, Վրաստանը վերջնականապես զրկվեց իր խռովյալ տարածքներից, իսկ Ուկրաինայի պառակտումը` «արևելյան և արևմտյան քրիստոնեության միջև քաղաքակրթությունների բաժանման» գծով (Հանթինգթոն) այսօր ավելի, քան երբևէ իրական է: Չափից ավելի շատ էին խթանները. իրենզ ազդեցությունն ունեցան և´ ագրեսիան, և´ ռուսների հանրային գիտակցության փոփոխությունը, և´, ամենագլխավորը, քաղաքակրթական անհամատեղելիության գործոնը, առանց որի աշխարհաքաղաքական համատեղելիությունը դառնում է ընդամենը ժամանակավոր երևույթ: Փորձը ցույց տվեց, որ պետությունը կարող է սահմանափակ ժամանակով «պտտվել» իրեն խորթ աշխարհաքաղաքական ուղեծրում, սակայն հենց որ գործընթացն առնչվում է քաղաքակրթական ինքնության ասպեկտին և ճշգրտումներ պահանջում, ահա հենց այդ ժամանակ էլ սկսում է դուրս վանվել, իսկ հետո արդեն քաոսի ժամանակն է գալիս` անկանխատեսելի հետևանքներով:    

Լատինական Ամերիկայում

Լատինաամերիկյան աշխարհամասն այսօր մարքսիստի երազանքն է: Այս տարածաշրջանում սոցիալիստական գաղափարի հաղթական երթը շատ բանով ամերիկանացումը վանելու հետևանքն է: Ուգո Չավեսին գահընկեց անելու ԿՀՎ փորձը դետոնատորի դեր կատարեց. Վենեսուելան կտրուկ մեջքով պտտվեց Ամերիկային և լատինաամերիկյան Իրան դարձավ, ինչը շղթայական ռեակցիա առաջ բերեց. ոգի ներշնչեց Կուբային, իսկ Բոլիվիայում իշխանության եկավ երդվյալ մարքսիստը: Վերջապես, Նիկարագուայի ժողովուրդը, երկար տարիներ ամերիկյան քաղաքականության հետնաբակերում թափառելուց հետո, կրկին կանչեց Դանիել Օրտեգային: Լիակատար երջանկության և աշխարհամասից ամերիկացիներին քշելու համար պակասում է միայն այն, որ Բրազիլիան ևս վարակվի ձախ գաղափարով: Կարծում եմ` դա ժամանակի խնդիր է, քանի որ միտումն ուժեղ է, իսկ դրան հակադրելու ոչինչ չկա. հակաամերիկյան տրամադրություններն աշխարհում թափ են հավաքում, իսկ ԱՄՆ արտաքին քաղաքականությունն ընդամենը նպաստում է այդ գործընթացին:

Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում

2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ամերիկյան վարչակազմը հատուցման ակտ իրականացրեց և տապալեց թալիբների վարչակարգն Աֆղանստանում: Գուցե սրբապիղծ է հնչում, բայց միանշանակորեն կարելի է ասել, որ բեն Լադենը նվեր էր ամերիկյան աշխարհաքաղաքականությանը և անհրաժեշտ գործիք Ասիա ներխուժելու համար` տարածաշրջանի հետագա ամերիկանացմամբ: Թալիբներին վերացնել, ինչպես նաև ամերիկամետ վարչակարգ հաստատել հաջողվեց, բայց գործը դրանից այն կողմ չանցավ. Համիդ Կարզայի կառավարությունը հիմնվում է ամերիկյան սվինների վրա և ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո հազիվ թե երկու օր դիմանա: Ավելին, երկրի շատ շրջաններ առ այսօր վերահսկվում են թալիբների կողմից, իսկ բնակչության մեծամասնությունը համակրում է հենց այդ քաղաքական ուժին: Ահաբեկչությունը չի դադարում, ընդհակառակը, դուրս է հորդում, և դրամայի հանգուցալուծման վերջը չի երևում:

Ահաբեկչության դեմ պայքարի և Իրաքին զանգվածային ոչնչացման զենքի արտադրության հնարավորությունից զրկելու պատրվակով ամերիկացիները սողոսկեցին Իրաք և խրվեցին անլույս խավարում: Սադամ Հուսեյնի միաձույլ ամբողջատիրական վաչակարգը փոխարինվեց խամաճիկային արևմտամետով, Իրաքի տարածքը դարձավ տեռորիստական ինտերնացիոնալի ամենաակտիվ գործող հրաձգադաշտը, օրակարգում է Իրաքի մասնատման հարցը, և այդ գործընթացը կանխելու հնարավորություն այլևս չկա: Եվ դա անակնկալ կլինի համաշխարհային հանրության համար, քանի որ ոչ ոք չգիտե, թե ինչ կարելի է սպասել անկախ Քրդստանից և ինչ հետևանքների կհանգեցնի դա ողջ տարածաշրջանի մասշտաբով: Կարելի է միայն ենթադրել, որ այդ հանգամանքն անխուսափելիորեն առաջ կբերի Թուրքիայի և Իրանի մաստատումը` դրանից բխող բոլոր հետևանքներով: Մի խոսքով` տարածաշրջանում եփվող շիլան, միանշանակ, չի նպաստի նրա ամերիկանացմանը:

Կենտրոնական Ասիայում ևս, որտեղ մինչև բոլորովին վերջերս ամերիկացիները ցանկալի հյուրեր էին, իրավիճակը փոխվել է. Իսլամ Քարիմովը նրանց «խնդրել» է հեռանալ այն բանից հետո, երբ ամերիկյան վարչակազմը գործնականում բացահայտորեն աջակցեց Անդիջանի աննախադեպ խռովությանն ու միջազգային հետաքննություն պահանջեց: Ուզբեկստանի լիդերն այս վերաբերմունքը, այն է` իրեն պաշտոնանկ անելու փորձը, լկտիություն համարեց և դառնագին ափսոսաց, որ աֆղանական կամպանիայի ժամանակ կարգի´ն օգնել էր Միացյալ Նահանգներին: Իսկ Ղրղըզստանում Վաշինգտոնի աջակցությունն ստացած «կակաչների» հեղափոխությունը ցանկալի արդյունքների չհանգեցրեց. երկրի նոր ղեկավարությունն այդպես էլ չհեռացավ Ռուսաստանից, ինչպես նախատեսվում էր, հանրապետությունն առ այսօր ՀԱՊԿ անդամ է և ռուսական ազդեցության ծիրից դուրս իրեն չի պատկերացնում: Տուժեց միայն խեղճ Ասկար Ակաևը` օր ծերության արտաքսյալ դառնալով:  

Հարավարևելյան Ասիայում

Այս տարածաշրջանի երկրների սրընթաց տնտեսական զարգացումը և ԱՄՆ-ի հետ սերտ կոոպերացիան ֆինանսատնտեսական ոլորտում, թվում է, լավ խթան կհանդիսանար տարածաշրջանի պետությունների ամերիկանացման համար: Սակայն կատարվեց հակառակը. տնտեսական աճը բարենպաստ նախադրյալ հանդիսացավ իրենց ակունքներին, այսինքն` արևմտյան քրիստոնեությունից այնքան տարբեր սեփական քաղաքակրթական ինքնությանն այդ ժողովուրդների վերադարձի համար: Առայժմ էական տարաձայնություններ չեն նկատվում տարածաշրջանի երկրների և Վաշինգտոնի միջև, քանի որ նրանց հարաբերություններում առաջնային են տնտեսությունը և ֆինանսական շուկաները, որոնք սուր անկյուններ թույլ չեն տալիս: Սակայն ժամանակի ընթացքում իրավիճակը, կոնյունկտուրայի հետ միասին, կփոխվի, այսինքն` հենց որ Միացյալ Նահանգները դադարի գերիշխող դեր խաղալ տարածաշրջանի երկրների ֆինանսատնտեսական հարաբերություններում, նրա քաղաքական ազդեցությունն անմիջապես հօդս կցնդի: Կմնան միայն ռազմահանգրվանները Ճապոնիայում ու Կորեայում, որ այդտեղ են հայտնվել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում, սակայն ժամանակի հետ դրանց ներկայությունն այստեղ նույնպես աննպատակահարմար կդառնա, քանի որ փոխվում է գլոբալ քաղաքականության ճարտարապետությունը. Երկրորդ համաշխարհային պատերազմը ստեղծեց երկբևեռ աշխարհ, որն այժմ գոյություն չունի, իսկ այն տարիների քաղաքական պայմանավորվածությունների պահպանված արդյունքները չեն համապատասխանում ժամանակի մարտահրավերներին և ավելի շուտ` ռուդիմենտներ են հանդիսանում:  

ՃԳՆԱԺԱՄՆ ԱՄՆ-ՈՒՄ

Ամերիկացիների` համաշխարհային առաջնորդության տանող ճանապարհին ձեռք բերած առաջին հաջողությունների ոգևորությունն այսօր տեղը զիջում է հիասթափությանը: Երկրի հանրային կարծիքը խոցված է տերության համար ամենավտանգավոր երևույթով. պացիֆիզմով և պարտվողականությամբ, որոնք ուղեկցվում են հակակայսրապետականությամբ: Այսօր ամերիկացիներն իրենց կշտամբում են այն բանում, որ սողոսկել են Իրաք և բազում դժբախտություններ են պատճառել այդ երկրի ժողովրդին: Կշտամբում են նրանում, որ ջախջախեցին Հարավսլավիան և աջակցեցին ալբանացիներին, այսինքն` անարդար վարվեցին: Առաջին անգամ 60 տարվա մեջ ամերիկյան հանրային կարծիքն ընդունում է, որ պետությունը չի կատարել իր առջև դրած խնդիրները, նշանակում է` պետք է չափավորի եռանդը և ընդունի սեփական անզորությունը: Անկասկած, ամերիկյան հասարակության համար միանգամայն անընդունելի էր հանրապետական վարչակազմի քաղաքականության շարունակումը, և այն, որ այդ վարչակազմը պետք է լքեր Սպիտակ տունը, վաղուց արդեն պարզ էր: Ընդ որում` դեմոկրատներն ընտրություններում կհաղթեին, եթե ծրագիր էլ չունենային, կհաղթեին Բուշի դեմ ուղղված ճարտասանությամբ միայն: Եվ, ինչպես տեսնում ենք, Սպիտակ տնից ճերմակամորթ պրոտեստանտ հանրապետականներին վտարեց ոչ այլ ոք, քան թխամորթ մահմեդականը:

Ամերիկյան ազգն սկսել է ձևավորվել մոտ 300 տարի առաջ, և այսօր բախվել է գլոբալ վտանգի` թևակոխել է քաղաքակրթական ճգնաժամի փուլ: Թե որքան կտևի այդ ճգնաժամը, կարևոր չէ: Կարևորն այն է, որ այս կայսրությունը մտել է ճեղքման փուլ, ինչին անպայման կհետևի քայքայումը: Համենայնդեպս, համաշխարհային կայսրությունների պատմությունը հենց այս սցենարով է ընթացել, և որևէ հիմք չկա կասկածելու, թե այս անգամ ալգորիթմը կփոխվի: Եվ գուշակություններ անելու կարիք էլ չկա. ռացիոնալ վերլուծությունը կբերի հենց նման եզրահանգման:    

Անշուշտ, այսօր դեռ վաղ է խոսել Միացյալ Նահանգների վախճանի մասին: Իհարկե, այդ պետությունը դեռ երկար կգոյատևի, բայց արդեն իր սահմանների մեջ պարփակված` դրանով իսկ արմատական փոփոխություններ մտցնելով գլոբալ քաղաքականության ճարտարապետության մեջ: Իսկ ինչ վերաբերում է Բարակ Հուսեյն Օբամային, ապա նա, անշուշտ, ի վիճակի չէ որևէ բան անելու` երկիրը քաղաքակրթական ճգնաժամից դուրս բերելու համար: Նա միայն կնպաստի նրա խորացմանը և, հավանաբար, կծնի այլ պրոբլեմներ (որոնցից այդ երկիրը կարող էր և խուսափել), ինչպիսիք ժամանակին ստեղծեց նախագահ Քենեդին:

Share    



Գնահատում

Ինչպե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am