Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Տնտեսություն

Տնտեսություն
Նոյեմբեր 2008, N 8

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԺԵՔԻ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Արմեն Սահակյան, սոցիոլոգիայի դոկտոր, Սանկտ Պետերբուրգի ճարտարատնտեսագիտական համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր

Հետխորհրդային տարածքում կատարվող փոփոխությունները հետազոտողները դիտարկում են տարբեր տեսանկյուններից: Ոմանք կարծում են, թե հիմնականը, փոխակերպումների ընթացքն ու ուղղվածությունը որոշողը նոր կազմավորված պետությունների ինքնուրույնության կայացումն է, որ դիտարկվում է ավտորիտարից ժողովրդական հասարակության անցման դիտանկյունից, մյուսները որպես այդպիսին համարում են մշակույթում միաոճությունից բազմաոճության անցումը, ոմանք էլ շեշտը դնում են պլանային-վարչական տնտեսությունից շուկայականի անցման վրա:

Բայց տեսադաշտից անհետացան սոցիալիզմի դարաշրջանի հասարակական գիտությունների համար առավել արդիական այնպիսի հարցեր, ինչպիսիք էին մարդու գործունեական էությունը, վերաբերմունքն աշխատանքի նկատմամբ, սոցիալ-աշխատանքային հարաբերությունները, հասարակության սոցիալական շերտավորումը` աշխատանքի բաժանման հիմքի վրա: Անհետանում են գիտական այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են էկոնոմիկան, հոգեբանությունը և աշխատանքի սոցիոլոգիան:

Աշխատող մարդն այլևս աշխատանքային գործունեության սուբյեկտ չի համարվում: Արդիական է դառնում մարդու` որպես պերսոնալի, մարդկային ռեսուրսի կամ մարդկային կապիտալի, նկատմամբ զուտ տնտեսական մոտեցումը: Գիտական հիմնավորման ոլորտից դուրս է մնում հետխորհրդային ողջ տարածքի համար միասնական, գաղափարաբանորեն միջնորդավորված աշխատանքային գործունեությունից և աշխատանքային վարքից վարձու աշխատանքի և տնտեսական վարքի հարաբերություններին (որի դեպքում աշխատանքը կորցնում է իր գաղափարականացված և սրբազան բնույթը ու դառնում է պահանջմունքների բավարարման միջոց) անցման օրինաչափությունների հարցը:

Մեր կարծիքով` ժամանակն է, որ անցյալ դարի 80-ական թթ. կեսին սկսված քաղաքական և տնտեսական փոխակերպումներն ըմբռնվեն ոչ թե քաղաքական, մակրոտնտեսական կամ իրավական գործընթացների, այլ, նախևառաջ, հետխորհրդային տարածքում աշխատանքի և զբաղվածության բնագավառում կատարվող փոփոխությունների տեսանկյունից, ժամանակն է հասկանալու, որ աշխատանքի նկատմամբ վերաբերմունքի արմատական փոփոխության, զանգվածային աշխատանքային միգրացիայի, աշխատանքի ազգային բաժանման առաջացման գործընթացները, նոր կազմավորված պետությունների զբաղվածության կառուցվածքում սոցիալ-մասնագիտական տեղաշարժերը չեն կարող ուսումնասիրվել նվաստացուցիչ «գաստրոբայթերություն» անվան տակ:

Նման մոտեցման արդիականությունը, նախևառաջ, պայմանավորված է քաղաքական, իրավական, տնտեսական և սոցիալական գործընթացների ապասինքրոնությամբ: Քաղաքական և սոցիալ-տնտեսական համակարգերը փոխած հիմնական օրենքներն ընդունվել են անցյալ դարի 90-ական թթ.: Ներկա պահին աստիճանաբար սկսում են աշխատել դրանց իրագործման տնտեսական մեխանիզմները, թեև բավական հեռու է այդ անելուն ունակ ավարտուն տնտեսական ենթակառուցվածքը: Եվ սոցիալ-աշխատանքային հարաբերությունների ոլորտում իրական փոփոխություններին անցումն էլ գործնականում դեռ չի սկսվել:

Այս առումով, առաջիկա տասնամյակների սոցիալ-տնտեսական փոփոխությունների հիմնական միտումները կանխատեսելու համար անհրաժեշտ է փոփոխությունները վերիմաստավորել դրանց հիմքում ընկած սոցիալական օրինաչափությունների տեսանկյունից:

Ստեղծված իրավիճակն ընկալելու և շարժման ուղղությունը որոշելու համար անհրաժեշտ է պատմա-գենետիկական մոտեցում, որը «...կայանում է նրանում, որ ուշադրությունը սևեռի յուրաքանչյուր տնտեսական համակարգում առկա սահմանափակումների վրա` որպես գործոնների, որոնք կանխորոշում են նրա ապագա էվոլյուցիան, անկախ այն բանից` որքան ցանկալի կամ անցանկալի են թվում այդ միտումները»[1]: Աշխատանքի արժեքի հիմնախնդրին գենետիկական մոտեցման դեպքում ելակետը պետք է որոնել խորհրդային պլանա-վարչական տնտեսությունում աշխատանքի նկատմամբ արժենորմատիվային վերաբերմունքի դինամիկայում: Այստեղ կարելի է մի քանի փուլ առանձնացնել:

Խորհրդային համակարգի կառուցման սկզբնական փուլի գլխավոր արժեքը պայքարն էր անցյալի տնտեսական մշակույթի դեմ` կապված նախորդ մշակույթի տնտեսական գործունեության արժեքային և նորմատիվային հիմքերի նպատակաուղղված և լրիվ ոչնչացման հետ` միաժամանակ ֆիզիկապես վերացնելով նաև այդ մշակույթը կրողներին: «Առևտրի ազատությունը, փոխանակության ազատությունը,- գրում էր Վ.Ի. Լենինը,- հարյուրավոր տարիներ միլիոնավոր մարդկանց համար իմաստնության մեծագույն պատգամ է եղել, հարյուր միլիոնավոր մարդկանց ամենակայուն սովորությունն է եղել»: Այնուհետև` «Կորչե´ն հին հասարակական կապերը, հին տնտեսական հարաբերությունները... հին օրենքները, հին սովորությունները: Կկառուցենք նո´ր հասարակություն»[2]: Նոր հասարակությունը կառուցվում էր սեփականազրկման և բացի պետականից` ամեն տեսակ սեփականության դեմ պայքարի հիմքի վրա: Արժեքային առումով «արտադրամիջոցների» սեփականության տիրապետելը աշխատողներ վարձելու և դրանով իսկ` այլ մարդկանց շահագործելու հնարավորություն էր տալիս, ինչը հակասում էր ընդունված գաղափարախոսության սկզբունքներին: Միաժամանակ, սեփականություն ունենալը նպաստում է անձի հատուկ տեսակի ձևավորմանը, մարդու, որը պատասխանատու է ինքն իր առջև և անկախ է պետությունից, այսինքն, չէր կարելի թույլ տալ մասնավոր սեփականությունը նաև քաղաքական պատճառներով:

Այսպիսով, առաջին փուլում ոչնչացվեց նախկին ողջ տնտեսական մշակույթը և, միաժամանակ, որպես նոր հասարակության գլխավոր կերտիչ ուժ առաջարկվեց աշխատանքի արժեքն ինքնին, անկախ նրա արդյունքից:

Արժեքային առումով առաջին փուլի ամենակարևոր արդյունքը նոր հասարակության միֆոլոգիայի ստեղծումն ու երիտասարդ սերնդի դաստիարակության` միֆոլոգիական գիտակցություն ձևավորող հայեցակարգի մշակումն էր:

Աշխատանքային դաստիարակության այս համակարգի հիմնադիր Ա.Ս. Մակարենկոն գրում է. «Եվ մարդու հաջողության, նրա արժեքի, բարոյական բարձրության, աշխատանքային նշանակության մասին այժմ մենք դատում ենք ոչ թե ըստ նրա աշխատավարձի, այլ դատում ենք ըստ նրա հասարակական նշանակության: Նման աշխատանքի, որպես բարոյական կատեգորիայի աշխատանքի, այլ ոչ թե նեղ հաշվարկի կատեգորիայի աշխատանքի մենք պետք է պատրաստենք մեր մարդկանց»[3]: 30-ական թթ. սկզբից աշխատանքային դաստիարակության խորհրդային դպրոցն անցած մարդիկ սկսեցին գալ խորհրդային ձեռնարկություններ, որոնք կենսագործում էին աշխատանքային հարաբերությունների այդ համակարգը, որին մարդիկ պատրաստվել էին դպրոցներում: Աշխատանքային հարաբերությունների այդ համակարգում չկար ո´չ գործատու, ո´չ վարձու աշխատող:

Աշխատանքային գործունեության համապատասխան համակարգին զուգահեռ` սկսեց ձևավորվել աշխատանքի բարոյական խթանների լայն համակարգ` պետության պատերնալիստական քաղաքականության հետ միասին: Հենց այս համակցությունն էր հետագայում (ընդհուպ մինչև 90-ական թթ.) ապահովում աշխատանքի կայուն արտադրողականությունը:

Ընդհանուր առմամբ, տնտեսության կառավարման` զարմանալիորեն կարճ ժամկետում ստեղծված համակարգը բիզնեսի մարդկային ռեսուրսները վերածեց պետության մարդկային ռեսուրսների: Կարելի է նշել.

- նոր հասարակության սոցիալ-տնտեսական հարաբերությունների հիմքերն իրենց բոլոր մանրամասներով լավ էին մտածված. մշակված էր միֆոլոգիան, դրան համապատասխան դաստիարակության համակարգ էր ստեղծված, դաստիարակությունը, ուսուցումը և մասնագիտական պատրաստությունն իրականացվում էին հասարակության հիմնական ինստիտուտներում, որոնցում հարաբերությունները մինչև վերջին փուլերը չէին հակասում միֆոլոգիային և դաստիարակության համակարգին,

- որպես ելակետային գաղափար «անդասակարգ հասարակության, որտեղ ոչ ոք սեփականություն չունի, կառուցումն» օգտագործելը նախնական փուլում սկիզբ դրեց «տնտեսական բյուրոկրատիա» երևույթին, որը տնօրինում էր աշխատանքը, բայց սեփականություն չուներ,

- նախնական փուլում ստեղծված աշխատանքի կառավարման մոդելը, որպես մանրակերտ, ձեռնարկություններում վերարտադրում էր երկրում տնտեսական կառավարման արժենորմատիվային մշակույթը:

Համակարգի հետագա զարգացումը և դեգրադացումը կապված էր գաղափարախոսական հսկողության թուլացման և քաղաքական, վարչական ու տնտեսական կառավարման համակարգերի սերտաճման, այսինքն, պլանա-վարչականից կորպորատիվ-մաֆիոզ տնտեսության անցման հետ: Կարելի է առանձնացնել համակարգի դինամիկայի արժենորմատիվային փոփոխությունների հետևյալ փուլերը, որոնք սերտորեն կապված են մարդկային ռեսուրսներին վերաբերմունքի և տնտեսական կառավարման ընդհանուր կառույցում դրանց դերի հետ:

Աղյուսակ 1

Աշխատանքի կառավարման խորհրդային համակարգի դինամիկան

 

 

ՄՌԿ* խորհրդային համակարգի փոփոխությունների փուլերը

Կայացումը

1917–1928թթ.

Ծաղկումը

1929–1956թթ.

Դեգրադացումը

1957–1986թթ.

Փոխակերպումները1987թ. մինչև մեր օրերը

Իրականություն

Հռչակագիր

Վարքի նորմատիվ կարգավորիչ

«Դասակարգային հոտառություն»

Կուսակցական էթիկա

Կարգադրություն, հրաման, պլան, բյուրոկրատական էթիկա

Կորպորատիվ-մաֆիոզ էթիկա

Քրեական էթիկա

Օրենք

Առաջնորդող արժեք

Պայքար նախկին տնտեսական մշակույթի դեմ

Սոցիալիստական գաղափարախոսության իրագործում

Լոյալություն համակարգին

Գոյատևում մեծամասնության համար, հարստացում մի քանիսի համար

Տնտեսական ինքնուրույնություն, ազատություն, նյութական ապահովություն

*ՄՌԿ – մարդկային ռեսուրսների կառավարում:

Այսպիսով, զարմանալիորեն կարճ ժամկետում ընդունված գաղափարախոսության հիմքի վրա ստեղծվեց պետության մարդկային ռեսուրսների կառավարման կառուցիկ, տրամաբանական և անհակասական հայեցակարգը: 1929թ. արդեն գաղափարախոսության հիմնական արժեքային կանխադրույթներն ինստիտուցիոնալացված էին. ստեղծվել էին այն հիմնական ինստիտուտները, որոնք ապահովում էին սոցիալիստական տնտեսության գործունեությունը, մշակված էին դրանց փոխգործակցության կանոնները.

- ստեղծվեց սոցիալապես միատարր հասարակություն, որտեղ ոչ ոք սեփականություն չուներ, սեփականությունից եկամուտներ չէր ստանում, չէր կարող որպես ժառանգություն թողնել որևէ սեփականություն,

- աշխատանքի արժեքն, ի բարօրություն հասարակության, պաշտոնապես պահվում էր խթանների մշակված համակարգի և դրան համապատասխան սոցիոտեխնիկայի օգնությամբ,

- ստեղծվել էր արժեքների տվյալ համակարգին օժանդակող դաստիարակության համակարգ,

- մշակվել էին հիմնական սկզբունքները և ստեղծվել պլանային տնտեսության գործունեությունն ապահովող տնտեսական ինստիտուտները,

- լուծվել էր տնտեսության վարչական կառավարման խնդիրը, ինչը թույլ էր տալիս ճնշման միջոցների հաշվին չթողնել, որպեսզի տնտեսությունն անցնի կառավարման կլանային և մաֆիոզ մեթոդների:

Եթե այս փուլը խորհրդային տնտեսության «ծաղկումը» համարենք, ապա դրա ամենագլխավոր նվաճումը պետք է ընդունել աշխատանքի մոտիվացիայի համակարգը` կառուցված գաղափարախոսական խթանների և պետական պատերնալիզմի վրա: Աշխատանքային դաստիարակության, կոմունիստական հասարակության կառուցման գաղափարախոսության և բարոյական ազդակների սոցիոտեխնիկայի կարգավորված մեխնիզմն այս փուլում իր համար առավելագույն հնարավոր արդյունքն էր տալիս աշխատանքի արտադրողականության բնագավառում:

Աշխատանքի նկատմամբ եսասիրական մոտիվների` համակարգում դրված դատապարտման և սպառման միևնույն ոչ բարձր մակարդակի պայմաններում պետությունը պահում էր աշխատանքը խթանող գործոնների և պահանջմունքների բավարարման մակարդակի զուգակշիռը: Բացի այդ, պետական պատերնալիզմի զարգացած քաղաքականությունը թույլ էր տալիս պահել միֆն այն մասին, որ դա «ամենաարդար հասարակությունն էր, որտեղ յուրաքանչյուրը ստանում է ըստ աշխատանքի»:

Այսօրվա տեսանկյունից ակնհայտ է, որ այս ողջ շինությունն ամրացնող հասարակության միֆոլոգիական պատկերն էր դրա հիմքը: Համապատասխանաբար ձևով կողմնորոշված դաստիարակության համակարգը բավական մեծ հաջողությամբ լուծում էր իր խնդիրը` ձևավորելով սոցիալիստական հասարակության արժեքների վրա հիմնված աշխարհայացք: Այդ արժեհամակարգի անկյունաքարերից մեկը հավատն էր հասարակության կառավարման անսխալականության և արդարացիության նկատմամբ: Ծաղկման շրջանի ավտորիտարիզմը հենվում էր մարդկանց հավատի վրա առ այն, որ նրանք կառուցում են նոր, ավելի արդար հասարակություն, իսկ նրանք, ովքեր կառավարում են, գիտեն ինչպես անել դա: Այդ հավատը միֆոլոգիայի հիմնական մասն էր, որը սկսվում էր պատմական մատերիալիզմի միակ ճիշտ, ամեն ինչ բացատրող տեսության ուսումնասիրությունից և ավարտվում կուսակցության վերջին համագումարի որոշումներով: Բնական է, որ այն ամենը, ինչ շարադրված էր միֆում, ընկալվում էր որպես իրականություն. այդպիսին է միֆի հոգեբանական էությունը:

Մյուս կողմից` աշխարհի միֆոլոգիական պատկերը քննադատության չի դիմանում: Միֆի հերոսները չեն կարող «սխալվել» և ոչ ճիշտ որոշումներ ընդունել: Այս առնչությամբ, դեգրադացման փուլի սկիզբը ճշգրիտ տարեթիվ ունի` 1956 թվական, ԽՄԿԿ XX համագումար և նախորդ փուլի քննադատական գնահատական «Անձի պաշտամունքի և դրա հետևանքների մասին» զեկույցում: Այս պահից սկսվում է խորհրդային հասարակության արժեհամակարգի փլուզումը:

Կոմունիստական հասարակությունը, որ միշտ եղել էր հիմնական պաշտոնական արժեքն ու զարգացման վերջնանպատակը, այժմ սկսեց դիտարկվել որպես «ավելի բարձր կենսամակարդակ» և «լիակատար նյութական բարեկեցություն» ունեցող հասարակություն: Շեշտադրումները և գերակայությունները գաղափարախոսական ոլորտից տեղափոխվեցին տնտեսական գործունեության բնագավառ:

Պաշտոնապես դատապարտվող նյութական բարեկեցության ձգտումը դարձավ պոզիտիվ արժեք, իսկ դա շատերի համար նշանակում էր նոր շահերի և ուժի կիրառման նոր ոլորտի ձևավորում:

Երկրորդ` հռչակվեց «կուսակցական կյանքի լենինյան նորմերին» անցման մասին, ինչը գործնականում նշանակում էր հրաժարում տնտեսության մեջ կարգավորման բռնի մեթոդներից: Այս քայլի հետևանքները խիստ զգալի էին: Խորհրդային տնտեսության ծաղկման տարիներին ստեղծվել էր, այսպես կոչված, «նոմենկլատուրա»` կուսակցական-տնտեսական ղեկավարների կարգ, որը տնտեսության կառավարումն իրականացնում էր գաղափարախոսական կոշտ հսկողության հիմքով` մշտապես կիրառելով բռնաճնշման միջոցներ տնտեսավարման էթիկական նորմերի խախտման դեպքերում: Ինչպես արդեն նշել ենք, այդ էթիկան ենթադրում էր տնտեսական և կուսակցական կառավարման առանձնացում, որը կարելի էր իրականացնել միայն գաղափարախոսական և վարչական կոշտ հսկողության պայմաններում: Այդ հսկողությունից հրաժարվելը նշանակում էր տնտեսական, քաղաքական և իշխանական կառավարման սերտաճման փուլի սկիզբ, այսինքն, անցում բյուրոկրատականից կառավարման կորպորատիվ-մաֆիոզ մեթոդների: Կառավարման համակարգի փլուզման փուլի վերջնարդյունքը դարձավ, այսպես կոչված, «վարչական շուկան», այն է` ապրանքի էր վերածվում թիմային տնտեսության մեջ նշանակություն ունեցող ցանկացած բան, ինչը յուրացվում և «սեփականաշնորհվում» էր: «Խորհրդային վարչական շուկայում վաճառվում էին ոչ միայն ապրանքներ և ծառայություններ, այլև այն ամենը, ինչ արժեք ուներ հիերարխիկ համակարգում. սոցիալական կարգավիճակը, իշխանությունը և ենթակայությունը, օրենքները և դրանք խախտելու իրավունքը»[4]:

Պետք է նշել, որ 1956թ. սկսված միֆի քննադատությունն աստիճանաբար այն վերածեց ֆանտոմի, հանգեցրեց երկակի մոտեցումներ և երկակի բարոյականություն ունեցող կառավարիչների նոր սերնդի ձևավորմանը, և երբ երկրի կառավարումն այդ սերնդի ձեռքն անցավ, փլուզման փուլն ավարտվեց համակարգային ճգնաժամով, որի հաղթահարումը` «վերակառուցում» անվանումը ստացած, վերջնականապես և միաժամանակ խարխլեց հասարակության քաղաքական ու տնտեսական համակարգերը:

Քաղաքական համակարգի փլուզման սկիզբ հանդիսացավ, այսպես կոչված, «հրապարակայնությունը», իսկ տնտեսական համակարգի փլուզման սկիզբը դրվեց «ԽՍՀՄ-ում սեփականության մասին», «ԽՍՀՄ-ում կոոպերացիայի մասին» և «ԽՍՀՄ-ում անհատական աշխատանքային գործունեության մասին» օրենքների ընդունմամբ (1986թ.), որոնք խորհրդային տնտեսություն վերադարձրին սեփականատիրական հարաբերությունները և տնտեսական այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են շահույթը, բիզնեսը, տնտեսական շահը, և որոնք աստիճանաբար պետության մարդկային ռեսուրսները վերածեցին բիզնեսի մարդկային ռեսուրսների: Այս վերջին գործընթացը տնտեսապես ակտիվ բնակչության սերունդների լրիվ փոխարինում կպահանջի:

Ակնհայտ է դառնում, որ իրավական, տնտեսական և սոցիալական գործընթացներն այլևս համաժամանակյա չեն: Եթե Պետական դումայում ցանկացած օրենքի ընդունում երկու-երեք ժամ է զբաղեցնում, դրա իրագործման տնտեսական մեխանիզմի մշակումը կարող է ավարտվել երկու-երեք ամսում, ապա իրական սոցիալ-տնտեսական փոփոխությունները կատարվում են սերունդների փոփոխությամբ: Որպես օրինակ կարելի է բերել աշխատանքային հարաբերությունների կարգավորման մասին օրենքը եռամասնության (արհմիություններ-վարչակազմ-գործատուներ) օգնությամբ: Համապատասխան օրենքները թարգմանվել են գերմաներենից և անմիջապես էլ ընդունվել առանց որևէ ուղղման: Այդ ժամանակվանից ի վեր անցել է տասնհինգ տարի, բայց ո՞վ է տեսել այդ արհմիությունները և ո՞վ գիտե, թե, բացի խորհրդային արհմիութենական սեփականության առևտրից, ինչով են դրանք զբաղվում:

Ներկայացվածից բավականաչափ պարզ է դառնում, որ խորհրդային տնտեսությունը փոխակերպումներին մոտեցավ խոր անկման փուլում. այս փաստի հետ անհնար է վիճել: Վիճել կարելի է երկու հարցի շուրջ.

- արդյո՞ք խորհրդային քաղաքական և տնտեսական համակարգերի լիակատար փլուզումը նրա անկման հետևանք էր, թե՞ այն խնամքով նախապատրաստված էր երկրի վերջին քաղաքական առաջնորդի կողմից,

- արդյո՞ք համակարգի անկումը կանխորոշում էր փոխակերպումների ուղղությունը դեպի ազատական բնույթի շուկայական բարեփոխումներ:

Կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի համար կենսականորեն կարևոր արժեքների վերաբերյալ մտածողության շուկայական տեսակին նման անցումը բավական վիճելի է: Այն, որ մարդու կյանքի և հասարակության գոյության գնահատականին շուկայական մոտեցումը համարվում է անբնական և միշտ հանդիպում ու հանդիպելու է դիմադրության, վաղուց արդեն նշվում է: Իր առավել հայտնի «Մեծ փոխակերպում»[5] գրքում Կ. Փոլանյին ցույց է տալիս, որ շուկայական տնտեսության զարգացումը կապված է ամենատարբեր օբյեկտների, որոնք մինչ այդ ապրանք չէին, ապրանքի վերածվելու հետ: Եվ այս հիմքի վրա առաջ է գալիս «շուկայական հասարակության» ձևավորման միտումը: Սակայն նման հասարակության կազմավորումն արդյունքում անհնարին է, քանի որ, ըստ նրա, առավել առանցքային տնտեսական ռեսուրսները` հողը, աշխատանքը և փողը, չեն կարող վերածվել ապրանքի: Այս օբյեկտներն իրենց բնույթով ընդդիմանում են ապրանքայնացմանը, անգամ եթե ներգրավվում են շուկայական շրջանառության մեջ:

Նախ` առաջ են գալիս բարոյական բնույթի սահմանափակումներ: Մարդիկ ընդդիմանում են այդ օբյեկտների ապրանքայնացմանը, քանի որ նրանց թվում է, թե դա հակասում է ստեղծված կարգին, որն իրենք «բնական» են համարում. չէ՞ որ հողը կապված է մարդու կյանքի բնական հիմունքների հետ, իսկ աշխատանքը նրա ընդունակությունների ուղղակի շարունակությունն ու կենսագործումն է:

Երկրորդ` նշված օբյեկտները չեն կարող ազատ շրջանառվել շուկայում` առանց պետության լուրջ կարգավորիչ միջամտության, ինչն անհրաժեշտ է և´ դրամական, և´ հողային, և´ աշխատանքային հարաբերությունների գոյությունը պահպանելու համար[6]: Արդյունքում` հողը, աշխատանքը և փողը կեղծ ապրանք են դառնում:

Աշխատանքի շուկայի վերաբերյալ կարելի է նշել, որ մինչ օրս չկա այն հարցի պատասխանը, թե ինչ է, այնուամենայնիվ, վաճառվում աշխատանքի շուկայում: Ի՞նչ է գնում գործատուն. մա՞րդ, աշխատա՞նք ա՞նձ, աշխատանքային ժամանա՞կ, աշխատանք կատարելու պոտենցիալ կարողությո՞ւն, բանիմացությո՞ւն:

Գիտությունը վատ է աշխատում չգո և շինծու բաների հետ, և պրակտիկան այս հարցում զգալիորեն առաջ է անցել նրանից: Արևմտաեվրոպական երկրներում այդ պրակտիկան հեռու է կատարյալ լինելուց: Շուկայական հարաբերությունների կողմից մարդկային գործունեության տարբեր բնագավառների զավթման գործընթացն անցավ չի անցնում, այն տեղի է ունենում փոփոխակի հաջողություններով` արդյունաբերական և սոցիալական հեղափոխությունների, գործադուլների և սոցիալական ընդվզման տարբեր ձևերի ավելի քան 200-ամյա պատմության ընթացքում: Ռուսաստանում արդյունաբերության մեջ չկարգավորվող շուկայական հարաբերությունների ներդրման առաջին իսկ փորձը հանգեցրեց 1905թ. հեղափոխությանը, այդ գործելակերպի շարունակությունը գյուղատնտեսության մեջ` ստոլիպինյան հուզումներին և 1917թ. հեղափոխությանը, իսկ այնուհետև` նաև կուլակաթափությանը 1928թ.:

Կարելի է տարբեր կերպ վերաբերվել ներկայում շահագրգիռ սոցիալական խմբերի` շուկայական հարաբերությունները «սեղմելու» փորձերին, բայց չի կարելի անտեսել այն փաստը, որ նման փորձերը մշտապես հանդիպում են հասարակության դիմադրությանը: Հերթական անգամ կարելի է համարել, որ երկրի բնակչության 98%-ը պակասամիտ գտնվեց, անընդունակ ինքն իրեն դրսևորելու պետական սեփականության վերաբաշխման ազնիվ պայքարում և դարձավ վարձու աշխատող: Կարելի է նրանց համարել ավելի ճարպիկ ցեղակիցների խաբեության զոհ: Կարելի է ապավինել արդի մանիպուլյատիվ սոցիոտեխնիկաների իսկապես հզոր հնարավորություններին:

Կարելի է, ի վերջո, ձևացնել, թե աշխատանքի և աշխատանքային հարաբերությունների բնագավառում ոչ մի հիմնախնդիր էլ չկա, իսկ եթե կա էլ, ապա շուկան կկարգավորի այն` առանց պետության միջամտության, և վերացնել աշխատանքի նախարարությունը, բայց չի կարելի չհասկանալ, որ երկրում շուկայական անցումը տեղի է ունենում հասարակության կյանքի բոլոր ոլորտներում պետության յոթանասունամյա լիամասշտաբ միջամտությունից հետո: Կուսակցության և պետության սիմբիոզը խորհրդային համակարգի կարևոր տարրն էր, որը ենթադրում էր քաղաքական, վարչական և տնտեսական գործառույթների համակցում[7]: Աշխատանքը, աշխատանքային հարաբերությունները և աշխատանքի մարդիկ եղել են և´ գաղափարախոսության, և´ պետական քաղաքականության կենտրոնական կետը, և´ բազմաթիվ պետական կազմակերպությունների պրակտիկ գործունեության բնագավառը, որոնց թվին լիակատար իրավունքով կարելի է դասել նաև խորհրդային արհմիությունները:

Բնական է, որ շուկայի պայմաններում «արդիականացման գլխավոր պայմանը ենթահամակարգերի ֆունկցիոնալ տարբերակվածությունն է, մասնավորապես` քաղաքականության և կրոնի, տնտեսության և քաղաքականության անջատումը, գիտության, արվեստի, մասնավոր կյանքի ինքնուրույն ոլորտների ձևավորումը»[8], բայց նույնիսկ Ֆրանսիան, որը խիստ առաջ է անցել է մեզնից այս գործընթացում, չի շտապում քանդել զորեղ պետական միջամտությամբ աչքի ընկնող իր աշխատանքային հարաբերությունների համակարգը և լուծարել աշխատանքի նախարարությունը:

Աշխատանքի ոլորտում շուկայական հարաբարությունների անցման գլխավոր հարցը մնում է պետության ոչ հատուկ դերն այս հարցում: Որպես կանոն, աշխատանքի շուկայի նկատմամբ պետությունն իրականացնում է հետևյալ գործառույթները.

- տվյալ տարածքի շրջանակներում լեգիտիմ բռնության մոնոպոլ իրավունքի իրականացման միջոցով ֆորմալ կարգի պահպանում (ԽՍՀՄ տարածքում գործող օրենքը պորտաբույծների մասին կարգի պահպանման հենց այդպիսի միջոց էր աշխատանքի` որպես «խորհրդային մարդու պարտավոր պարտականության», գաղափարախոսության շրջանակներում),

- ֆորմալ կանոնների հաստատում, որոնց համաձայն կառուցվում են աշխատանքային հարաբերությունները (խորհրդային Աշխատանքի մասին օրենքների կոդեքսը, որը փոխարինվեց Աշխատանքային օրենսգրքով) և որոնք գործում են տնտեսական գործունեության իրականացման ընդհանուր կանոնների պայմաններում,

- ֆոնդերի, ռեսուրսների և եկամուտների վերաբաշխում հօգուտ բնակչության այս կամ այն սոցիալական, տարիքային, մասնագիտական և այլ խմբերի, հռչակված սոցիալական քաղաքականության նպատակներին համապատասխան,

- արտադրությունում մասնավոր և հանրային բարիքների անմիջական մասնակցություն պետական ձեռնարկություններում տնտեսական գործունեության ուղղակի կառավարման միջոցով:

Եթե պետությունն իր գործունեությունն իրականացնում է գաղափարախոսությունից դուրս, այսինքն, լռության է մատնում իր դիրքորոշումը աշխատանքի արժեքի և նյութական բարեկեցության ու երկրի անվտանգության պահովման հարցերում, չի արտահայտվում դպրոցներում աշխատանքային դաստիարակության անհրաժեշտության կամ ավելորդության հարցերի շուրջ, իր կառավարչական կառույցներում չի առանձնացում հասարակության մեջ աշխատանքային հարաբերությունների համար պատասխանատվության սուբյեկտները, ապա այդ պետությունն ինքն է իր հիմնական ինստիտուտներում հանդես գալիս որպես շուկայական փոխանակության սուբյեկտներից մեկը:

Բայց չգաղափարականացված պետությունը չունի նաև բարոյականություն, իսկ եթե հաշվի առնենք, որ շուկայի բարոյականությունը շուկայական սուբյեկտների հարաբերությունների բարոյականությունն է, ապա պետության գործողությունների նման ռեդուկցիան սովորական փոխանակային հարաբերություններին լուրջ հարցեր է առաջացնում: «Քանի որ,- ինչպես արդարացիորեն նշում է Վ.Վ. Ռադաևը,- պետական և այլ տնտեսական ներկայացուցիչների դիրքորոշումները սկզբունքորեն հավասարակշիռ չեն: Պետական իշխանությունների ներկայացուցիչները, որպես կանոն, մենաշնորհային դիրքեր են զբաղեցնում: Ընդ որում` ի տարբերություն տնտեսական մոնոպոլիայի, պետության մոնոպոլիան այլ բնույթ ունի: Պետությունն առաջարկում է ծառայություններ, որոնցից չի կարելի հրաժարվել: Դրանք «գնելուց» հրաժարվելն իր հետևից կբերի ոչ տնտեսական բնույթի պատժամիջոցներ»[9]: Պետության այս դիրքորոշումը, բնականաբար, փոխում է հասարակության սոցիալ-տնտեսական հարաբերությունների ողջ կառուցվածքը:

Հասարակության շահերից կտրված, շուկայի այլ սուբյեկտների հետ մրցակցային պայքարում միայն սեփականության ձեռքբերման և այն պահելու խնդիրների լուծմամբ շահագրգիռ պետությունը մի փոքր փոփոխված ձևով վերարտադրում է հասարակության և պետության ամբողջատիրական հարաբերությունների նույն մոդելը, բայց այժմ նաև` զրկված գաղափարախոսական հանդերձավորումից:

Եթե օգտվենք փոխակերպումների մասին քրիստոնեական պատկերացումից, ապա սատանաներին քշելու արարողության սկզբունքներից մեկն ասում է. «Պետք չէ միջամտել, եթե դուք հաստատ չգիտեք, թե ինչպես և ինչով փոխարինեք նրանց: Այդ դեպքում հին սատանայի տեղն ակնթարթորեն կգրավի մեկ ուրիշը»: Ինչ վերաբերում է մեր խնդրին, աշխատանքի հանդեպ արժեքային վերաբերմունքը կոմունիստական գաղափարախոսության մեջ (հիշեցնենք. ի բարօրություն հասարակության աշխատանքը անձի զարգացման միակ եղանակն է) դուրս շպրտվեց անգամ առանց այն գոնե ինչ-որ բանով փոխարինելու որևէ փորձի: Եվ այդ իրավիճակը շարունակվում է մինչ օրս: Ուստի, զարմանալի ոչինչ չկա այն բանում, որ նրա տեղում հայտնվեցին ընչաքաղցության, անբանության և ձրիակերության սատանաները:

Անցած քսան տարիների ընթացքում Ռուսաստանը բարձրտեխնոլոգիական արտադրանք արտադրող երկրից վերածվեց տառացիորեն ամեն բան, ինչ կարելի է սարքել ձեռքով, ներկրող երկրի: Ժամանակակից երիտասարդ մարդկանց համար աշխատանքը համակարգչի ստեղնաշարն ու մոնիթորն է և աշխատանքի ժամերին պոռնոսայթեր դիտելը: Ոչ ոք այլևս չի կանգնում հաստոցի առջև. դա անում են ուկրաինացիներն ու ուզբեկները, տուն չի կառուցում. այդ անում են տաջիկները, կոշիկ չի կարում. դրա համար հայերը կան:

Վերադարձել են ռուսական բանահյուսության ժամանակները, որտեղ, ինչպես հայտնի է, ամեն ինչ արվում էր «գայլաձկան հրամանով», այսինքն, ապրանքային և ֆինանսական շուկաներում շահարկումների հիման վրա: Նման տնտեսությունում, դյուցազուն դառնալու համար պետք չէ սովորել և մարզվել, բավական է առաջին երեսուն տարին վայր չիջնել վառարանից. ժողովրդական հերող Իլյա Մուրոմեցն այդպես էլ անում էր:


[1] Andreff  W. La crise des économies socialistes. Grenoble. P.U.G. 1993. P. 12/

[2] Ленин В. И. Полн. собр. соч. Т. 36. С. 108.

[3] Макаренко А. С. Собр. соч. Т. 4. С. 521.

[4] Найшуль В. Либерализм и экономические реформы. Мировая экономика и международные отношения. 1992, №8. С. 70.

[5] Polanyi K. La Grande Transformation. Aux origins politiques et economiques des notre temps. – Paris: Gallimard, 1983.

[6] Поланьи К. Саморегулирующийся рынок и фиктивные товары: труд, земля и деньги // THESIS. 1933. Т.1. Вып. 2. С. 10–17.

[7] Корнаи Я. Социалистическая система. Политическая экономия коммунизма. – М.: Вопросы экономики, 2000.

[8] Touraine A. Critique de la modernite. P. 237.

[9] Радаев В. В. Рынок как идеальная модель и форма хозяйства. К новой социологии рынков // Социс. 2003, № 9. С. 21.

Share    



Գնահատում

Ինչպե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am