Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Բանավեճեր

Բանավեճեր
Նոյեմբեր 2008, N 8

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՒՏՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

Սամվել Հարությունյան, ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ

Գիտությունը միշտ էլ հանդիսացել է հայ ժողովրդի էթնոմշակութային իմունիտետի կարևորագույն բաղադրիչներից մեկը: Հայերեն թարգմանված առաջին նախադասությունը` «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», ակնհայտաբար վկայում է այն գերակա տեղի մասին, որ գրավել է գիտական միտքը վաղմիջնադարյան Հայաստանի կյանքում: Բավական է նշել, որ սողոմոնյան այս իմաստնությունը թարգմանվել է հինգերորդ դարի սկզբին, անմիջապես հայոց  գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի կողմից: Դրանով իսկ որոշվել է ազգի ստեղծագործական զարգացման կարևորագույն ուղղությունը, որն առավել բարձր մակարդակի է հասել միջնադարում:      

Նույն դարում  է գործել նշանավոր պատմագիրների մի ողջ համաստեղություն, որոնց աշխատությունները մինչ օրս չեն կորցրել իրենց նշանակությունը և արժեքավոր փաստաթղթեր են ոչ միայն հայ, այլև սահմանակից երկրների ժողովուրդների կյանքի վերաբերյալ: Հարկ է նշել, որ Սուրբ Գրքի թարգմանությունից անմիջապես հետո հայ վանականները ձեռնամուխ եղան ազգային լեզվի վերածելու հույն հեղինակների (Փիլոն Ալեքսանդրացի, Արիստիդես Աթենացի, Օրիգենես, Բարսեղ Կեսարացի, Եպիփանես Կիպրացի, Հովհան Ոսկեբերան և այլք) աշխատանքները, որոնց առանձին ստեղծագործություններ (օրինակ` Զենոնի տրակտատները) պահպանվել են միայն հայերեն տարբերակով: Եռանդուն թարգմանվող գործերի մեջ էին երկրաչափության, թվաբանության, իրավունքի, աստղագիտության, փիլիսոփայության, բժշկության, երկրագործության մասին աշխատություններ: Կարևոր է նշել, որ դրանք ոչ միայն թարգմանվում էին, այլ նաև տրվում էին դրանց մեկնությունները, այսինքն` ինտելեկտուալ առումով դրանք «արդիականացվում» էին: Հինգերորդ դարը, որ համարվում է «հայ գրականության և մշակույթի ոսկե դարը», կանխորոշեց հետագա դարաշրջանների ազգային գիտական մտքի ծաղկումը. գրերի գյուտով պայմանավորված` հիմնվեցին հայկական դպրոցներ և միջնադարյան համալսարաններ, որոնք այլընտրանք դարձան Եդեսիայի և Ալեքսանդրիայի ավանդական կենտրոններին, որտեղ մինչ այդ, որպես կանոն, ուսանում էին հայ գիտնականները:      

Գիտության կիրառական նշանակության տեսակետից հատուկ հետաքրքրություն են ներկայացնում VI դարի փիլիսոփա Դավիթ Անհաղթի հայացքները, որի գործունեությունը բավական խոր հետք է թողել փիլիսոփայական և էթիկական հայեցակետերի զարգացման մեջ և, իմիջիայլոց, սեփական խոստովանմամբ` որոշակի ազդեցություն է գործել քսաներորդ հարյուրամյակի մշակույթի հանրահայտ միսիոներ Ալբերտ Շվեյցերի վրա: «Փյունիկեցիները, առևտրականներ լինելով, հաշիվ անելու արվեստի կարիք ունեին և դրա արդյունքում հայտնաբերեցին թվաբանության գիտությունը,- գրում է հայ փիլիսոփան:- Երկրաչափությունը հայտնաբերեցին եգիպտացիները. Նեղոսի հեղեղած հողերը հաշվելու և չափելու անհրաժեշտությունը պայմանավորեց հողը չափելու մասին գիտության առաջացումը»: Այլ խոսքերով` միջնադարյան հայերը, անգամ անկախ պետականության բացակայության շրջանում, հիանալի հասկանում էին գիտության կիրառական նշանակությունը, տեսության և պրակտիկայի անխզելի, օրգանական կապը: Իսկ ինչպե՞ս է վիճակն այսօր, անկախ պետականության առկայության պայմաններում: Զգո՞ւմ է արդյոք հայերի ներկա սերունդը գիտական ձեռքբերումները պրակտիկ հիմքին հարմարեցնելու անհրաժեշտությունը, և ի՞նչ է նախաձեռնում պետությունը գիտական գործընթացին աջակցելու համար:

Ես, որպես Գիտության պետական կոմիտեի նախագահ, իմ աշխատանքի առաջին վեց ամիսների ընթացքում ուսումնասիրել եմ այս խնդրի մի քանի կողմեր: Եվ ապշել եմ. գիտությանը տրամադրվող գումարները թույլ են տալիս նրան չմահանալ, ինչ-որ կերպ գոյատևել, ընդամենը շնչել: Սրանում ոչ մի տրամաբանություն չկա, քանի որ դա ոչ թե «զարգացման ֆինանսավորում» է, այլ զավեշտ: Եթե մենք իսկապես ուզում ենք զարգացնել գիտությունը, ուրեմն պետք է աշխատենք մշակված միջազգային նորմերի շրջանակներում, որոնք վաղուց արդեն փորձություն են բռնել են նույն Եվրոպայում և ԱՄՆ-ում: Մենք պետք է այդ կանոնները հարմարեցնենք մեր երկրին. հաշվի առնենք մեզանում առկա գիտական բազան, ներուժը, գիտնականների հնարավորությունները, ազգային հոգեկերտվածքը և այլն: Եվ այս ամենը, անշուշտ, կնպաստի ինչպես մեր գիտության, այնպես էլ տնտեսության զարգացմանը:

Ցավոք, մինչ օրս շատերը չեն հասկանում խնդրի լրջությունը, կարծում են, թե գիտությունն ինչ-որ ավելորդ բան է` հինգերորդ անիվ:            

Այս հարցերի շուրջ մենք արդեն խոսել ենք երկրի նախագահի հետ: Ես պատասխանատվություն եմ ստանձնել աշխատել այդ ոլորտում, ինչն ամենօրյա քրտնաջան աշխատանք է պահանջում: Իմ դրությունը կարելի է համեմատել մահապարտի վիճակի հետ. գիտությունն իր ֆինանսավորմամբ գտնվում է զրոյական կետում, և որպեսզի սայլը տեղից շարժվի, անհրաժեշտ է քարից նյարդեր ունենալ, լինել սառնարյուն, մի կողմ թողնել հույզերն ու հավակնությունները և ջանալ ելք գտնել: Հարցն ինքնին հեշտ է ձևակերպվում: Գիտնականը պարտավոր է իրականացնել այն բազային խնդիրները, որոնց լուծման համար տնօրենը նրան աշխատանքի է ընդունել: Նա զբաղվում է վարձու աշխատանքով, և նրան վճարում են որոշակի գիտական պատվեր կատարելու համար: Պայմանագիր է կնքվում, և կողմերն ընդհանուր համաձայնության են գալիս: Եթե այս կամ այն ոլորտում դրամաշնորհային ծրագիր է հայտարարվում, գիտնականն աշխատում է դրա վրա: Նա ունի իր գաղափարները, մտահղացումները, երազանքները, որոնք (եթե դրանք բազային մշակումներ են) իրականացվում են պետության հաշվին (դրամաշնորհային ծրագրերի միջոցով): Գիտնականը ինքնատիպ խնդիր է ներկայացնում, դա վճարվում է պետության կողմից, և նա իրավունք է ստանում բավարարել իր «գիտական հավակնությունները» հենց դրամաշնորհային ֆինանսավորման միջոցով: Ըստ էության, սա է դրամաշնորհների իմաստը: Չնայած ձևակերպման պարզությանը` սա խիստ բարդ խնդիր է` կապված գիտության առևտրայնացման գործընթացի հետ:

Կառավարությունը քննարկման է դրել «Գիտություն-տնտեսություն. համագործակցության խնդիրներ» թեման: Կազմակերպության ակտիվի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետը հստակ կարծիք հայտնեց, թե պետք է գտնվեն գիտության և տնտեսության մերձեցման նոր ուղղություններ: Շատ ենք խոսում այդ մասին, բայց ցանկալի վիճակը չկա, չկա գիտության առևտրայնացումը, չկա իրական պահանջարկ, որը ներկայացվեր գիտությանը, չկա նաև հետադարձ կապն այն արդյունավետությամբ, որը կհամապատասխաներ երկրի ինտելեկտուալ ներուժին, գիտության մակարդակին և ներկայիս զարգացող ձեռներեցությանը: Տեղի ունեցած խորհրդակցությունը իրավիճակը վերլուծելու, հարցը համատեղ լուծելու և մի աստիճան բարձրանալու հերթական փուլն էր: Մոտ օրերս մենք պետք է ներկայացնենք հարցի վերաբերյալ մեր տեսակետը և թե հատկապես ինչ ծրագրեր է անհրաժեշտ գործարկել: 

Անկախության ձեռքբերումից հետո իրավիճակի գնահատման, փակուղուց ելք որոնելու նման միջոցառումներ գրեթե չեն անցկացվել: Ուստի, ԳՊԿ ստեղծման նպատակներից մեկն այն էր, որ ավելի ընդգծված արտահայտվի պետության վերաբերմունքը գիտությանը: Կոմիտեի հիմնական նպատակը ոլորտի հետազոտումն ու համակարգումն է, մտածելը, թե ապագայում ինչ ծրագրեր ենք մշակելու: Իսկ ի՞նչ ունենք այսօր:

Մենք գիտական գերատեսչությունների անձնագրավորում ենք անցկացրել,  պարզվել է, որ խորհրդային ժամանակների համեմատ` գիտական հաստատությունների թիվը չի կրճատվել, ինչպես կարելի էր սպասել, ընդհակառակը, ավելացել է: Պետական բյուջեից ֆինանսավորվող գիտական հաստատությունների, այդ թվում և բուհերի, զանազան հետազոտական կենտրոնների, ակադեմիական ինստիտուտների, գյուղատնտեսական ԳՀԻ-ների և այլն, թիվը հասնում է մոտավորապես 130-ի: Ի՞նչ է արվել անցած տարիների ընթացքում: Ցավոք, լուրջ քայլեր չեն արվել, որպեսզի այն, ինչ մնացել է, կարողանար օգտագործվել ի բարօրություն երկրի զարգացման և ամրապնդման:   

Խորհրդային շրջանում գիտության վրա ծախսվում էր տարեկան $500-600 մլն-ին համարժեք գումար, ընդ որում` այդ գումարի մեջ, հասկանալի պատճառներով, ներառված չեն ռազմարդյունաբերական համալիրի համակարգի գիտական հաստատությունների գաղտնի տվյալները: Հետխորհրդային շրջանում ֆինանսավորման հետ կապված դրությունը խիստ փոխվեց, վերացավ ֆինանսավորման կենտրոնացված համակարգը, և գիտական հաստատությունները, ինչպես և հետխորհրդային մյուս հանրապետություններինը, կոլապսի մեջ են գտնվում: Գիտության բյուջեն տարեցտարի ավելանում է, 2008թ. այն կազմել է 6,8 մլրդ դրամ, գալիք տարի հասնելու է մինչև 8,3 մլրդ դրամի:   

Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում այժմ հաշվվում են 36 ԳՀԻ-ներ և հետազոտական կենտրոններ, որոնց բաժին է ընկնում բյուջեի փողերի 40%-ը, 15%-ը բաժին է ընկնում բուհերին, մնացածը` մյուս գիտական հաստատություններին: Ի՞նչ առանձնահատկություն ունի բյուջետային ֆինանսավորումը: Ֆինանսավորման մի քանի տարբերակներ կան. բազային` հիմնարար և կիրառական գիտության համար, ինչպես նաև բազային ծրագրեր գիտության ենթակառուցվածքը պահպանելու համար, պետական նպատակային ծրագրեր և այսպես կոչված թեմատիկ ծրագրեր: Երբ 1993թ. մտցվեց գիտության թեմատիկ ֆինանսավորումը, դա գուցե արդարացված էր այն ժամանակվա համար, բայց այժմ այդ գաղափարն սպառել է իրեն և հստակ չի աշխատում: Մենք մտադիր ենք ապագայում անցնել ֆինանսավորման` դրամաշնորհների տրամադրման միջոցով: Կարևոր խնդիր է նպատակային ֆինանսավորումը, ինչն, առաջին հերթին, պետք է ձևավորվի ճյուղային նախարարությունների կողմից: Նրանք  պետք է իրենց նպատակները կազմեն, գրանցեն ԳՊԿ-ում, որպեսզի առանձնացվեն պահանջվող ֆինանսական միջոցները և մրցույթներ անցկացվեն: Ըստ իս` ֆինանսավորման չորս տարբերակները նորմալ չեն օգտագործվում: Հիմնարար և կիրառական գիտությունների համար բազային ծրագրերը պարզ թվաբանական գործողություն են հիշեցնում. գիտնականների թիվը բազմապատկվում է յուրաքանչյուրի համար մի ինչ-որ տեսակարար ծախսի: Այսինքն` ֆինանսավորվում է ոչ թե ակնկալվող կոնկրետ գիտական արդյունքը, այլ պարզապես վճարվում են գիտնականին պահելու ծախսերը: Այսինքն` արվում է այն, ինչ ընդունված չէ ոչ մի տեղ: Տրամաբանորեն, պետք է ֆինանսավորվեն գիտական ծրագրերը, այլ ոչ թե ինչ-որ ԳՀԻ-ի անձնակազմը: Սա պատճառներից մեկն է այն բանի, որ գիտության ֆինանսավորման ծավալներն այն չեն, ինչ պիտի լինեն: Որովհետև ֆինանսավորման ծավալների ավելացման համար պետք է ծրագրեր ունենալ: Պետությունը պետք է կոնկրետ ծրագրեր ֆինանսավորի:       

Շուկայական հարաբերությունների պայմաններում ֆինանսավորել այն, ինչ ծրագիր չէ, այդքան էլ ճիշտ գաղափար չէ: Իմ կարծիքով` գիտության վիճակն այսօր բավական ծանր է, բայց, այնուամենայնիվ, ողբերգական էլ չէ: Որովհետև մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ երկրում պատկառելի գիտական ներուժ կա: Տարեկան հրապարակվում են մոտ 4000 գիտական աշխատություններ, որոնցից 1-1,2 հազարը` արտերկրյա հանդեսներում: Դրամաշնորհային ծրագրերի ծավալով ($7 մլն) Հայաստանը բավական բարձր վարկանիշ ունի հետխորհրդային տարածքի մյուս երկրների շարքում: Դա վկայում է մեր գիտնականների միջազգային ճանաչման մասին:

Վիճակը վատ է նյութատեխնիկական բազայի հետ կապված: ԳՀԻ ճնշող մեծամասնությունում գիտական սարքավորումներն անհուսալիորեն հնացել են, նրանք արդեն 25-30 տարեկան են: Այդ սարքավորումներով որևէ լուրջ հետազոտություն կատարելն անհնար է: Ճիշտ է` կան առանձին լաբորատորիաներ, որոնք իրենց ստացած դրամաշնորհներով կամ ծրագրերի պատվիրատուների հատկացրած միջոցներով կարողացել են ձեռք բերել ժամանակակից սարքավորումներ: Պետք է ընդգծեմ մի հանգամանք ևս: Աշխատանքների մեծ մասը, հատկապես բնական գիտությունների ոլորտում, որոնք անմիջականորեն առնչվում են տնտեսության հետ,  պետական ծրագրեր են: Փորձարարական հետազոտությունների տեսակարար կշիռը բավական ցածր է` խորհրդային շրջանի համեմատ: Իհարկե, 2000թ. սկսած` փորձարարական աշխատանքների թիվը սկսել է ավելանալ, սակայն պատճառն այն չէ, որ Հայաստանում ի վերջո ձեռք են բերել ժամանակակից սարքավորումներ և դրանցով են փորձարկումներ անում (իհարկե, դա նույնպես արվում է որոշ լաբորատորիաներում), այլ դա հիմնականում իրականացվում է մեր արտերկրյա գործընկերների հետ համատեղ աշխատանքի, այլ երկրներ գիտնականների գործուղումների շնորհիվ: 

Մեզ համար կարևոր խնդիր է գիտական աշխատանքների առևտրայնացումը: Ցավոք, մշակված չեն այդ խնդիրների լուծման «խաղի կանոննեը»: Բայց մեր ապագա գործունեության ընթացքում, համալիր բարեփոխումներին զուգահեռ, լուրջ ուշադրություն կհատկացվի նաև գիտահետազոտական աշխատանքների արդյունքների առևտրայնացմանը: Հարկ չկա այստեղ «հեծանիվ հայտնաբերել»: Աշխարհում այդպիսի մեթոդներ ու մեխանիզմներ կան, պարզապես անհրաժեշտ է օգտագործել դրանք: Դրա համար ամենակարևորը գիտական ռեսուրսներն են, որոնք, բարեբախտաբար, մենք ունենք:  Ճիշտ է` այս ոլորտում մենք մեծ կորուստներ ունենք: Խորհրդային շրջանում Հայաստանում հաշվվում էին ավելի քան 25 հազար գիտնականներ, այժմ նրանց թիվը կրճատվել է ավելի քան 3 անգամ և կազմում է ընդամենը 7,5 հազար: Հիմնականում կորուստները դիտվում են գիտնականների միջին` 25-40 տարիքում: Բայց այստեղ մեդալի երկու երեսը պետք է նայել: Բանն այն է, որ եթե ուշադրություն ենք դարձնում դրամաշնորհային ծրագրերին, ապա պարզվում է, որ դրանց մեծ մասը կատարում են նույն հայ գիտնականները, բայց արդեն այլ երկրների գիտական հաստատություններում: Երբեմն նրանք բարձր դիրքեր են զբաղեցնում: Այսինքն` մեր գիտական ներուժի մի մասն օգտագործվում է հանրապետությունից դուրս:      

Մի քանի խոսք ԳՊԿ-ի, նրա ապագա ծրագրերի մասին: Ակնհայտ է, որ երկրի գիտական շատ հաստատություններ հաճախ նույն գործն են անում: Հիմա, և, կարծում եմ` ապագայում ևս, պետությունն ի վիճակի չէ պահել այդ քանակությամբ հաստատություններ: Եվ դա նպատակահարմար էլ չէ: Այս ինստիտուտները ստեղծվել են խորհրդային ժամանակներում և կոչված են եղել իրականացնելու այն գերխնդիրները (հիմնականում ՌԱՀ-ի համար), որոնք կանգնած էին այն ժամանակվա խորհրդային պետության առջև: Այսօր իրավիճակն այլ է: Մենք խնդիրներ ունենք մեր տնտեսությունում, և, բնականաբար, մեր գիտությունը պետք է աշխատի այդ խնդիրները լուծելու վրա: Դրա համար էլ մեր ապագա ծրագրերում նախատեսվում է նման ռազմավարություն ապագա 15 տարիների համար: Մինչև 2009թ. մարտ-ապրիլ այդ ռազմավարական ծրագիրը կընդունվի գիտության մասին օրենքում, որովհետև տվյալ ոլորտում գործող օրենսդրությունը չի համապատասխանում արդի պահանջներին: Մասնավորապես, ճշտվում է Գիտությունների ազգային ակադեմիայի և ճյուղային գիտությունների տեղն ու դերը: Բանն այն է, որ «ճյուղային գիտություն» հասկացությունն այսօր հարաբերական հասկացություն է դարձել, և ճյուղային ինստիտուտները գործնականում համապատասխան ճյուղերի պատվերը չեն կատարում, այլ զբաղված են այն նույն հետազոտություններով, որոնք կատարում են ԳԱԱ համակարգի հիմնարար գիտությամբ զբաղվող ինստիտուտները: Մեր դիտարկումներով` ճյուղային ինստիտուտները գրեթե չեն կատարում ճյուղի պատվերները: Կճշտվեն գիտության գերակայությունները, որոնք թելադրված են ազգային անվտանգության, երկրի զարգացման հիմնական ուղղությունների, նրա տնտեսության խնդիրներով: Մի խոսքով` մշակված են հստակ պարամետրեր...        

Եվս մեկ կարևոր խնդիր է գիտնականների սերնդափոխությունը. այն այսօր օրակարգային հարց է: Ցավոք, Հայաստանում գիտությունը բավական «ծերացել» է: Այսօր գիտությունների թեկնածուների (գիտության մեջ ներգրավված) միջին տարիքը 52 տարեկանն է, դոկտորներինը` 62-63-ը: Ընդ որում` կան ճյուղեր, որոնցում այդ ցուցանիշներն ավելի բարձր են: Օրինակ` գյուղատնտեսության ինստիտուտներում գիտության դոկտորների միջին տարիքը մոտ 70 է, թեկնածուներինը` 60: Եվ սա` այն դեպքում, երբ ամեն տարի հսկայական թվով գիտությունների դոկտորներ ու թեկնածուներ են պատրաստվում: Վերջին տարիներին հանրապետությունում ամեն տարի 500 թեկնածուական ու դոկտորական թեզեր են պաշտպանվում: ԳՊԿ կարևորագույն խնդիրներից մեկն էլ սա է լինելու: Շուտով կառավարություն կներկայացվի նոր ծրագիր, և համապատասխան փաստաթղթերի մշակումից հետո այն կներկայացվի խորհրդարանի հաստատմանը: Մենք պետք է այնպես անենք, որ ամենաարժանավորներն ընդունվեն ասպիրանտուրա` գիտություն մտնելու որոշակի երաշխիքներով: Իհարկե, դա պարտադիր պայման չէ, քանի որ բարձրակարգ աշխատակիցներն անհրաժեշտ են տնտեսության բոլոր ճյուղերում: Բայց մեզ մոտ շատ քիչ թվով «պաշտպանածներ» են մտնում գիտություն: Պատճառները տարբեր են` զուտ տնտեսական (գիտնականների ցածր աշխատավարձը), խուսափում բանակային ծառայությունից: Ասպիրանտուրա ընդունվածների ճնշող մեծամասնությունը (պաշտպանողների մոտ 93%-ը) տղամարդիկ են: Ինչն էլ բերում է այս եզրահանգման:    

Կարևոր խնդիր է նաև գիտության, կրթության և արտադրության միջև կապերի ամրապնդումը: Ակնհայտ է, որ իմաստ չունի այդքան ինստիտուտներ պահել, և շուտով կառավարություն կներկայացվեն գիտական կենտրոնների ստեղծման հիմնական չափանիշներն ու կարգը: Ենթադրվում է, որ մասնագիտացմամբ մոտ գիտական հաստատությունները կմիավորվեն, և դա կարվի` գործընթացում բուհերի ներգրավմամբ: Այսինքն` գիտնականին հնարավորություն կտրվի ոչ միայն զբաղվել գիտահետազոտական աշխատանքով, այլև պատրաստել բարձրորակ մասնագետներ, օրինակ, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի մակարդակով: Նման կազմակերպությունների մեկ այլ տեսակ կարող են դառնալ գիտակրթաարտադրական կենտրոնները, որոնց համար նույնպես չափանիշներ են մշակվում: Սրանք առաջիկա տարիների խնդիրներն են: Մեծ նշանակություն ունեն տեխնոպարկերը: Մոտ ժամանակներս մենք կունենանք Գիտության աջակցության հիմնադրամ, որի գործառնության հիմնական նպատակներից մեկը կլինի հենց գիտության առևտրայնացման գործընթացի աջակցությունը: ԳՊԿ-ն այս գործառույթները կկատարի էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ:

Մենք մտադիր ենք եկող տարի Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հետ համատեղ մի խորհրդակցություն անցկացնել, որի ժամանակ կներկայացվեն գիտության բոլոր ճյուղերի գիտական հետազոտությունների արդյունքները, որոնք կարող են հետաքրքրել տնտեսության այս կամ այն ճյուղին կամ առանձին ձեռներեցների: Կարելի է, եթե հասցնենք, նաև ցուցահանդես կազմակերպել: Պետք է այնպես անել, որ գիտությունը դառնա մեր տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը:

Մենք լուրջ խնդիրներ ունենք կիրառական գիտությունների հետ կապված: Ես չեմ կարող ասել, թե քանի գիտահետազոտական աշխատանք է գործնական կիրառության մեջ դրվել, ասենք` երկու կամ երեք... Պատճառներից ամենակարևորը. գիտահետազոտական աշխատանքները ֆինանսավորող կազմակերպությունները` պետությունը կլինի, թե մասնավոր սեկտորը, այսօր դույզն-ինչ վստահություն չունեն գիտական հետազոտությունների նկատմամբ: Պատճառներն են գիտական հաստատությունների հնացած սարքավորումները, որոնք թույլ չեն տալիս ինչպես հարկն է, ժամանակակից մակարդակով փորձարկումներ անցկացնել, ֆինանսավորման սահմանափակությունը, ինչը թույլ չի տալիս մեծ ծավալի գիտական աշխատանքներ իրականացնել և այլն: Առաջարկությունն այսպիսին է. մենք պետք է ունենանք ռիսկային կապիտալ, ցանկալի է, որ վենչուրային կապիտալի ձևավորման մեջ լինի նաև պետության մասնակցությունը: Այդ ճանապարհով է գնացել, օրինակ, Իսրայելը` 1992թ. ստեղծելով իր առաջին տեխնոպարկը, որի մեջ ներդրվել է մոտ $500 մլն «ռիսկային» կապիտալ: Արդյունքներն ի հայտ եկան 5-6 տարի հետո միայն: Այսինքն` որպեսզի մասնավորը շահագրգռված լինի ֆինանսավորել այս կամ այն ծրագիրը, պետությունն ստանձնում է ռիսկի մի մասը, և մասնավորը նույնպես կարող է համաձայնել ֆինանսավորման ռիսկի դիմել: Հիմա դժվար է ասել, թե որքան ներդրում է արվել  գիտական հետազոտությունների մեջ: Մեր տնտեսությունն առայժմ այն կատարյալ վիճակում չէ, որ գիտական մշակումների պահանջ ունենա: Չափից ավելի խնդիրներ են կուտակվել վերջին տարիներին: Եվ մենք պետք է լուծենք դրանք, որպեսզի գործը տեղից շարժենք: Ինչ վերաբերում է ներուժին, ապա Հայաստանում, իմ գնահատմամբ, կան հազարից ավելի` միջազգային չափանիշներով բարձրակարգ գիտնականներ: Պարզապես հարկավոր է օգտագործել նրանց: Մեզ մոտ շատ ցածր մակարդակի վրա է գիտության մենեջմենթը: Գիտական հաստատությունները տեղյակ չեն, թե ինչպես պետք է ներկայացնել ծրագրերը: Ես վստահ չեմ, թե վարչապետի` գիտական հաստատություններին իրենց ծրագրերը ներկայացնելու վերաբերյալ վերջերս արած կոչին ի պատասխան` «նորմալ» փաստաթղթեր կներկայացվեն: Բայց չէ՞ որ դա էլ կարևոր է: Մեր գիտությունը որակյալ մենեջերների կարիք ունի: Ուստի, գիտության հաջող առևտրայնացման համար անհրաժեշտ է ունենալ մենեջերների ինստիտուտ: Առանց դրա տեխնոպարկերը չեն կարող արդյունավետ գործել: Ֆինլանդիայի կրթության համակարգում, օրինակ, նույնիսկ գիտական մենեջմենթի առանձին ֆակուլտետ կա: Այսինքն` շատ խնդիրներ կան, որոնք պետք է լուծել (Հայաստանի բարձրագույն կրթական համակարգի իներցիոնությունը)     

Մի քանի խոսք հումանիտար ոլորտի մասին: Գործերն այստեղ ավելի լավ չեն, քան բնական գիտությունների ոլորտում էր, իսկ որոշ առումով նույնիսկ ավելի վատ են: Մասնավորապես, նկատի ունեմ պատմագրությունը: Հայտնի է, որ պատմությունը ենթարկվել է քաղաքականացման և գաղափարականացման, այստեղից էլ ծագում են բազմաթիվ հարցեր: Վերջերս ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ հայ ժողովրդի պատմության` մինչև իր հրատարակումն արդեն բավական աղմուկ հանած հայտնի քառահատորի խմբագրակազմի հանդիպումը: Ի դեպ, այդ ժողովածուի աշխատանքը մեր ֆինանսավորման նպատակային ծրագրերից մեկն է, որն այս տարի փաստորեն ավարտվում է: Սակայն որոշակի խնդիրներ կան` կապված առաջին հատորի բովանդակության հետ, և ես հիանալի տեղեկացված եմ դրանց ամենազանազան աղբյուրներից: Խոսքն այն հարցերի մասին է, որոնք կապված են հայ ժողովրդի ազգածագման հետ:

Կան տրամագծորեն հակառակ, երկու միանգամայն տարբեր մոտեցումներ միևնույն հարցին: Անգամ առաջին հատորի խափանման սպառնալիք է եղել, քանի որ անհրաժեշտություն կար հասկանալու ստեղծված իրավիճակի,  դրանից դուրս գալու ճանապարհների որոնման էությունը:

Մեր մոտեցումը հետևյալն է. ցանկացած հարց` քաղաքական կլինի, գիտական, թե զուտ պատմական, պետք է հենվի ճշգրիտ և ստուգված աղբյուրների վրա և պարտադիր հղում կատարի դրանց: Անձնական ցանկություններն ու հայտարարությունները, ըստ որոնց` «հայ ժողովուրդը հնագույնն է և 100, 200 միլիոն տարի առաջ քաղաքակրթություն է ունեցել» և այլն, և այլն, պետք է գիտական հիմնավորում ունենան: Իմաստ չունի նման բաներ անել, քանի որ մեր ժողովուրդն առանց այդ էլ հարստագույն անցյալ ունի: Հազիվ թե հարկ կա այդ անցյալին ինչ-որ փքաշունչ ու գիտականորեն չհիմնավորված բան ավելացնել: Ասում են` դա բնորոշ է փոքր ժողովուրդներին, սակայն հենց մեր պարագայում դա անհեթեթ է. մենք հիրավի ունեցել ենք փառահեղ անցյալ, և չի կարելի «շրջանակել» այն չհաստատված փաստերով:  Ակադեմիայում տեղի ունեցած հանդիպման հիմնական նպատակն այն էր, որ քառահատորը մնար խիստ գիտական շրջանակներում:

Եվս մի բան. քառահատորի հրատարակումը քաղաքական նշանակություն ունի, և մոտեցումները պետք է խիստ պետական լինեն: Ցավոք, մինչ օրս դա չի երևում: Քանի որ պետական նպատակային ծրագիր է, այն սկզբունքային պետական նշանակություն ունի և պետական միջոցառում է: Բացի այդ` հայագիտությունը (մասնավորաբար` պատմագրությունը) պետական գերակայություն է հայտարարված: Ուստի, ծրագրերը պետք է բավարարեն ավելի խիստ և լուրջ նորմերի, այլ խոսքերով` պետք է իսկապես նպատակային դառնան:    

Սա խմբագրակազմի առաջին հանդիպումն էր շահագրգիռ անձանց հետ: Հետագայում նման հանդիպումները կշարունակվեն, կքննարկվեն նպատակային ծրագրերի պարզաբանում պահանջող վիճելի առանձին հարցեր: Առաջին հանդիպումն, այսպիսով, նպատակ ուներ դիտարկել առաջին հատորի բովանդակության հետ կապված որոշ հարցեր: Հարկ է նշել, որ ներկայում բոլոր չորս հատորներն էլ պատրաստ են, բացի առաջինի 2-5 գլուխների, որոնց ժամանակագրական շրջանակներում էլ կենտրոնացած են հիմնական վիճելի հարցերը: Հաջորդ հարցը` ի՞նչ է արվելու հետո: Հայագիտությունը շատ լուրջ գիտություն է, և հարկ է հասկանալ, որ քառահատորը նախատեսված է ոչ միայն հայ ընթերցողի համար: Ուստի, պետք է մտածել նաև թարգմանության մասին: Ինձ զարմացրեց (հատկապես նկատի ունենալով մեր ակադեմիայի պատմության ինստիտուտում բավական որակյալ մասնագետների առկայության պարագան) այն, որ աշխատանքն անբավարար էր կազմակերպված: Եթե նպատակային ծրագիր է իրականացվում, նշանակում է` այն պետք է ունենա իր պատասխանատուն, ով իսկապես պատասխանատու է բոլոր հարցերի համար` կապված ինչպես հենց գործընթացի կազմակերպման, այնպես էլ աշխատանքների բովանդակության ու հիմնավորվածության հետ:   

Քառահատորի հետ կապված պատմությունը բացահայտում է գիտության ներկա վիճակի խոցելիությունը: Այս առումով հատկանշական է, որ դա է հենց մեր այսօրվա պատմությունը: Եթե պետությունը նման ծրագիր է պատվիրել, նշանակում է` կատարողը պարտավոր է այն անթերի և ամբողջությամբ իրականացնել: Սուբյեկտիվ գործոնն այստեղ դեր չպետք է խաղա: Հենց այս հարթությունում հստակ երևաց գիտական մենեջմենթի բացակայությունը:

Դա մեր ցավոտ հարցերից մեկն է: Այդ հարցին մենք բախվում ենք գիտության այլ ոլորտներում ևս. մենք պրոֆեսիոնալ մենեջերներ չունենք: Այդ ինստիտուտը մեզանում չկա, ինչը, հավանաբար, հետևանք է այն բանի, որ բավարար չափով չի գիտակցվում նման ինստիտուտի գոյության անհրաժեշտությունը: Այդ ճանապարհով շատ երկրներ են անցել, և լավագույն արդյունքը ձեռք է բերվել այնտեղ, որտեղ գործել է մենեջմենթի ինստիտուտը, որտեղ գիտահետազոտական ինստիտուտների տնօրենները հմուտ մենեջերներ են եղել: Մասնավորապես, Ֆլորենցիայում, որտեղ ես աշխատել եմ, համալսարանն ուներ մասնագիտությամբ քիմիկոս գիտական մենեջեր: Լաբորատորիաներում աշխատում էին տարբեր գիտական խմբեր, որոնք ունեին իրենց պրոֆեսոր-ղեկավարը: Յուրաքանչյուր ղեկավար պատասխանատու էր իր խմբի աշխատանքի համար համալսարանի գիտական մենեջերի առջև: Մենեջերը ոչ միայն տեղյակ էր իրականացվող բոլոր աշխատանքների մասին, այլև համակարգում էր բազմաթիվ ու բազմազան հարցեր` կապված այդ թվում և համապատասխան ֆինանսավորման ապահովման և շուկայում վերջնական արդյունքի «իրացման» հետ: Նրա աշխատանքը կարևորագույններից մեկն է: Չէ՞ որ կարելի է շատ բովանդակալի ծրագիր հորինել, սակայն այն ներկայացնելու ձևի անկատարության պատճառով զրկվել հավանություն ստանալուց, հետևաբար` ֆինանսավորումից ու աշխատելու հնարավորությունից:   

Մենեջմենթի առաքելությունը միայն սա չէ: Շատ կարևոր է գիտական վերջնական արտադրանքը ժամանակին ապահովել կիրառական նշանակությամբ, այսինքն` այն գործարկել արտադրության մեջ: Մի խոսքով` սա գործունեության միանգամայն լայն ասպարեզ է, որտեղ կարող են արդյունավետ աշխատել միայն խելացի, «ճարպիկ», սուր «հոտառություն» և բնազդ ունեցող մարդիկ: Մենք այդպիսիներ չունենք:  

Այնինչ, գիտության բարեփոխման հայեցակարգում այս գաղափարն առկա է: Արտադրությունների տնօրենները, բացի արտադրության գծով տեղակալներից, պետք է ունենան նաև գիտական պատասխանատուներ` առաջին տեղակալի կարգավիճակով, ովքեր պետք է զբաղվեն գիտական մենեջմենթով: Փորձը ցույց է տվել, որ լավագույն արդյունքն ապահովվում է մեկ անձի մեջ երկուսի` տնօրենի ու գիտնականի հմտությունների ու կարողությունների միաձուլման պարագայում: Շատ հաճախ, հատկապես երբ տարբեր մարդիկ են իրականացնում տնօրենի և գիտնականի գործառույթները, կոնֆլիկտային իրավիճակներ են առաջանում (խանգարում են ամբիցիաները և այլն), որոնք խիստ բացասաբար են ազդում գիտական գործընթացի վրա:

Կրկին անդրադառնանք քառահատորի հետ կապված հանդիպմանը: Իմ եզրակացությունը հետևյալն է. ցավոք, որակյալ մասնագետների ընդգրկվածությամբ հանդերձ` աշխատանքը բավարար չի կազմակերպվել: Դա ահազանգ է մեր պատմաբաններին, որ սթափվեն այդ թվում և «չհիմնավորված» հայրենասիրությունից և կողմնորոշվեն դեպի զուտ գիտական փաստերն ու հիմնավորումները: Եթե պետությունը գումար է տրամադրում որոշակի ծրագրերի իրականացման համար, նշանակում է` պետք է լինի նաև պահանջողը, ով պետք է իր ուշադրության սուր կետում պահի կատարման գործընթացը: Սա է, ըստ էության, գլխավոր գաղափարը, և, կարծում եմ, ծրագրի պատասխանատուները պետք է իրենց եզրահանգումներն անեն: Հարցեր կան` կապված անմիջապես հրատարակման հետ. պետք է մտածել, թե ինչ միջոցներով պետք է հրատարակվի քառահատորը, քանի որ այդ նպատակի համար դեռևս ֆինանսավորում չի նախատեսված: Չնայած բոլոր չորս հատորներն էլ պատրաստ են, բայց լուրջ խնդիրներ կան` կապված հրատարակման ծավալների հետ. սկզբում նախատեսվում էր, որ ամեն մի հատոր բաղկացախ կլինի 300-400 էջից, սակայն գործնականում ստացվեց մոտ 800 էջ, ինչը, բնականաբար, լուրջ ֆինանսավորում է պահանջում:    

Այսպիսով, գիտության բարեփոխումը բարդ, բայց կենսականորեն կարևոր ուղղություն է մեզ համար` ամենաբազմազան հարցադրումների լայն ընդգրկմամբ, կազմակերպչականից մինչև գիտական աշխատանքների բովանդակություն:

Share    



Գնահատում

Ինչպե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am