Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Գիտություն և կրթություն

Գիտություն և կրթություն
Նոյեմբեր 2008, N 8

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՉԱՓՄԱՆ ՄԵՋ

Սամվել Նազարյան, աշխարհագրական գիտությունների թեկնածու (Մոսկվա)

Եթե մարդկային հասարակության զարգացման ժամանակագրական հատվածը հնագույն ժամանակներից մինչև նոր դարաշրջանի 3-րդ հազարամյակը ներկայացնենք սովորական օրվա շրջանակում, ապա մինչպատմական ժամանակաշրջանին բաժին կընկնի 23 ժամ, 59 րոպե, 56 վայրկյան: Դա ավելի քան 2 միլիոն տարվա ժամանակային միջակայք է, երբ մարդկությունը իր էվոլյուցիայի նախնադարյան համայնական փուլում էր ու երբ, անթրոպոլոգիայում հաստատված կարծիքի համաձայն, կյանքի միջին տևողությունը հավասար էր 25-30 տարվա:

Ժողովրդագիրների հաշվարկներով` մինչև օրս Երկրի վրա ապրել է ընդհանուր առմամբ մոտ 80 մլրդ մարդ կամ 20 հազ. վերարտադրություն (մեկ սերնդի զարգացման ժամկետը` 30 տարի): Համարվում է, որ նրանցից մոտ 4 մլրդ-ը զոհվել է վերջին հինգ-վեց հազարամյակների ընթացքում տեղի ունեցած պատերազմներում: Արդեն պատմական (գրային) ժամանակաշրջանում: Պայմանականորեն ասած` «վերջին 4 վայրկյանի» ընթացքում:

 

4 ՎԱՅՐԿՅԱՆՆԵՐ, ՈՐ ՑՆՑԵՑԻՆ ԱՇԽԱՐՀԸ

 

Երկրագնդի բնակչության թիվը վաղուց գերազանցում է 6 միլիարդի սահմանը: Միջազգային իրավունքի երկու սուբյեկտներում` Չինաստանում և Հնդկաստանում ապրում է համապատասխանաբար մեկ մլրդ-ից ավելի մարդ: Աշխարհում 282 ժողովուրդ է հաշվվում: Տարբեր երկրներում նրանց թիվը գերազանցում է 1 միլիոնը: Նրանց մեջ 71 ժողովուրդների թիվը ավելի քան 10 մլն է: Այս վերջինների մեջ կան սակավ հայտնի ժողովուրդներ` տելուգու (70 մլն), մարաթհի (70 մլն), հուջարաթներ (50 մլն), կապարա (45 մլն), մալայալի (40 մլն), սունդ (30 մլն): Եվս 53 էթնոս 5-10 մլն բնակչություն ունեն, 158-ը` 1-5 մլն:

Դեռ 15 հազար տարի առաջ բոլոր աշխարհամասերի բնակիչների ընդհանուր թիվը կազմում էր մի քանի միլիոն: Բնակչութան առավել բարձր խտությամբ աչքի էին ընկնում Մերձավոր Արևելքը (Հայկական լեռնաշխարհից մինչև Նեղոսի երրորդ սահանքը), Հարավարևելյան և Հարավային Ասիան, ինչպես նաև Հարավային Եվրոպան: Ավստրալիայում բնակիչների թիվը հասնում էր հազիվ մի քանի հազարի, իսկ երկու Ամերիկաներում` ընդամենը մոտ 100-200 հազարի:

Անգլիայի ժողովրդագիր Ի. Բովենի հաշվարկներով` մ.թ.ա. 3-րդ հազարամյակում արդեն Եգիպտոսում ապրում էր շուրջ 7 մլն, իսկ Բաբելոնում` 5 մլն մարդ:

Երկու հազար տարի առաջ` նոր թվականության սկզբին, Երկրի վրա հաշվվում էր 200-250 մլն մարդ, նրանցից 50 մլն-ը` միայն Հռոմեական կայսրության սահմաններում (ժամանակակից Իտալիայի տարածքում` 8 մլն):

Միջին դարերում բնակչությունն աճում էր բավական համեստ տեմպերով: Երկրորդ հազարամյակի սկզբին Երկրի վրա ապրում էր 275-300 մլն մարդ:

Ժողովրդագրական գիտությունում ընդունված է, պրոֆեսոր Բ. Ուրլանիսի այսպես կոչված սանդղակը, որը ցույց է տալիս բնակչության աճի դինամիկան 2-րդ հազարամյակի կտրվածքով.

1000թ. -275 մլն մարդ

1100թ. - 306 մլն  

1200թ. - 348 մլն

1300թ. - 384 մլն

1400թ. - 373 մլն

1500թ. - 446 մլն

1600թ. – 486 մլն

1750թ. – 728 մլն

1800թ. – 906 մլն

Ինչպես հավանաբար նկատեցիք, 1600-1800 թվականը Երկրագնդի բնակչությունը գրեթե կրկնապատկվել է, ինչը, նախորդ հարյուրամյակների նույն ցուցանիշների համեմատ, աննախադեպ աճ է:

Այստեղ մեզ թույլ ենք տալիս դադար տալ, քանի որ հենց այդ ժամանակ տեղի ունեցավ խիստ հետաքրքիր մի իրադարձություն, որն արտացոլվեց ժողովրդագրական հետագա բոլոր հրատարակությունների էջերում: Բ. Ուրլանիսի սանդղակին դեռ կվերադառնանք: 19-րդ դ. սկզբին անգլիացի քահանա Մալթուսը (1766-1834թթ.) հայտնաբերեց բնության, այսպես կոչված, «հավերժական օրենքը», ըստ որի` Երկրի բնակչությունն աճում է երկրաչափական պրոգրեսիայով (2:4:8:16:32 և այլն), այն դեպքում, երբ նյութական արժեքների արտադրությունն աճում է թվաբանականով (2:4:6:8:10 և այլն): Ըստ Մալթուսի` ժողովրդի ընչազուրկ լայն շերտերը պետք է անվերապահորեն հավատային, որ իրենց աղքատության համար մեղավոր է միայն բարձր ծնելիությունը:

«Մալթուսի օրդենի» անդամները (իսկ նրանք այսօր էլ քիչ չեն) կարծում են, որ մարդկության մեծ մասի աղքատությունն անխուսափելի է, ուստի, սովը, հիվանդությունները, համաճարակները և պատերազմները, որոնք հանգեցնում են մարդկանց թվի նվազմանը, «բարձրյալի բարիքնե են, իսկ ժամանակ առ ժամանակ «արյան բացթողումըե կարող է հավասարակշռություն ստեղծել մարդկանց թվի և նյութական միջոցների քանակության միջև:

Մալթուսի տեսության կողմնակիցներն են Մեծ խաղի գրոսմայստերների նեղ շրջանակի ներկայացուցիչները, որոնք պատրաստ են ցանկացած պահի «հումանիտար արյուն բաց թողնել` ի բարօրություն ներդաշնակության և հավասարակշռությանե:

Բեբելը նկատել է, որ Մալթուսը «անհրաժեշտ պահին անհրաժեշտ խոսք է ասել հօգուտ անգլիական բուրժուազիայիե: Այնուամենայնիվ, անգլիացի քահանայի` պատերազմենրի իսկական ջատագովի, շատ կանխատեսումներ սխալ դուրս եկան: Նա, օրինակ, ապացուցում էր, որ Անգլիայի բնակչությունը կկրկնապատկվի 25 տարին մեկ, և 1950թ. երկիրը կունենա 704 մլն բնակիչ, այն դեպքում, երբ նրա տարածքը կարող է կերակրել ընդամենը 77 մլն-ի:

Եվ այնուամենայնիվ, նա առաջինն էր, որ կարողացավ տալ անկասելի ժողովրդագրական պայթյունի մոտավոր ուրվագծերը: Պայթյուն, որ վրա հասավ արդեն 20-րդ դարում. եթե նախորդ ինը հարյուրամյակների ընթացքում երկրագնդի բնակչությունն ընդհանուր առմամբ ավելացել է 1 մլրդ-ով, ապա անցյալ հարյուրամյակում այդ նույն բացարձակ ցուցանիշը «նվաճվումե էր միջինը 25 տարին մեկ:

Վերադառնանք պրոֆեսոր Ուրլանիսի սանդղակի «հետմալթուսյանե հատվածին.

1850թ. - 1 մլրդ 171 մլն մարդ

1900թ. - 1մլրդ 608 մլն

1930թ. - 1 մլրդ 993 մլն

1940թ. - 2 մլրդ 248 մլն

1960թ. - 2 մլրդ 995 մլն

1974թ. - 3 մլրդ 946 մլն

1980թ. - 4 մլրդ 415 մլն

1986թ. - 5 մլրդ

1998թ. - 6 մլրդ

21-րդ դարավերջին Երկրի բնակչությունն իսկապես կարող է հասնել շուրջ 20 մլրդի:

Դեռ անցյալ դարի 70-ական թթ. սկզբին խորհրդային ակադեմիկոս Ն. Սեմյոնովը հաշվում էր, որ Երկրի կենսոլորտն ի վիճակի է սննդով ապահովել 140 մլրդ մարդու: Հատկանշական է, որ նման եզրահանգումների եկան նաև անգլիացի գիտնականները, որոնց ելույթները լսվեցին 1974թ. Հռոմում` բնակչության սննդի հարցերին նվիրված միջազգային խորհրդաժողովում: Նույն թվականին, Բուխարեստում, ՄԱԿ գլխավոր քարտուղարը ներկայացրեց նաև հաշվարկների այլ տարբերակներ: Առաջինից հետևում էր, որ Երկիրն ի վիճակի է կերակրել 76 մլրդ մարդու, երկրորդից` 38-40 մլրդ-ի: Ավելի ուշ` արդեն 80-ականների կեսերին, FAO (ՄԱԿ մթերային և գյուղատնտեսական կազմակերպության) փորձագետները հաշվարկեցին, որ առկա տեխնոլոգիայով և գյուղտեխնիկայով բավական է միայն ցամաքի 2.2%` 4.3 մլրդ մարդ կերակրելու համար: Ավելին, նրանք վստահություն հայտնեցին, որ օգտագործելով գիտության նվաճումները` արդեն այն ժամանակ Երկրի վրա կարող էր ապրել 10 մլրդ մարդ` բարձր կենսամակարդակով: Հետևաբար, այս հարցի շուրջ առանձնակի անհանգստության առիթ չպետք է լինի:

Այնինչ, ակնհայտ է նաև մեկ այլ բան. պատմական ցանկացած ժամանակաշրջանում, անգամ անկախ ժողովրդագրական ցուցանիշներից, մոլորակի բնակչության ճնշող մեծամասնությունը սովի է մատնված եղել: Սովյալ մեծամասնության, ինչպես և ունևոր օլիգարխների նեղ շրջանակի տոկոսային հարաբերակցությունը միշտ անփոփոխ մեծություն է մնացել: Սա է, ըստ էության, հասարակական փոխհարաբերությունների գլխավոր հակասությունը: Սրանում է նաև դրանց հաջորդականությունը: Մարդկությունը նոր թվականության 3-րդ հազարամյակ մտավ սուր հակասությունների ճիշտ նույն բեռով և դրանց լուծման ճիշտ նույն «արդյունքներովե, ինչպես և հարյուր, երկու, երեք հարյուր կամ հազար տարի առաջ: Այլ խոսքով, մալթուսականության գաղափարը, որի կինետիկ կրողներն են այսօր առաջին հերթին առավել ուժեղ և հավակնոտ պետությունների ղեկավարներն ու տնտեսական մագնատները, 21-րդ դար թևակոխեց` ճիշտ նույն կերպ մանիպուլացնելով ժողովրդագրական բաղադրիչներով, վիճարկելով չափից ավելի ցինիկ «հումանիտար փաստարկներովե:

Վերջին ժամանակներս բավական հաճախ անթաքույց մտահոգություն է հայտնվում` կապված հանրապետության ժողովրդագրական ներկա իրավիճակի հետ: Հարցն, իրոք, ավելի քան հրատապ է և, մեզ թվում է, հավասարաչափ արդիական է հետխորհրդային տարածքի գրեթե բոլոր երկրներում:

Կախված տվյալ պահին գերակա հանգամանքներից` այն և՛ քաղաքականացվում է, և՛ սոցիալացվում, և՛ անհատականացվում` միաժամանակ չկորցնելով ո՛չ դիրքերն օրակարգում, ո՛չ սրությունը: Օրավուր թարմանալով միգրացիոն խոսքերի հերթական քվանտների միջոցով` հարցն, այդուհանդերձ, եղել, մնում է և դեռ երկար ժամանակ կմնա ռազմավարական, մեր պարագայում` նաև ազգային հարց:

 

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ 30 ՐՈՊԵՆԵՐԸ

 

Եթե ազգային կյանքի պատմությունը պայմանականորեն պատկերենք քառասուն դարով և սահմանափակենք սովորական օրվա փակ թվացույցով, ապա քսաներորդ հարյուրամյակին բաժին կընկնեն ընդամենը 36 վերջին րոպեները: Գուցե ամենաանսովոր և հակասական րոպեները: Ոչ միանշանակ ակնթարթների դրամատիզմը տարբեր դրոշմ է թողել հայերի կենսուղու վրա. մեկը, քաջարի հեծյալի նման սլանում էր դեպի ապագան, մյուսը հետ էր գլորվում, մի երրորդը անշարժ կանգնած էր: Բայց անգամ կանգնած ժամացույցի անշարժ սլաքները գոնե օրը երկու անգամ ցուց են տալիս միանգամայն ճիշտ ժամանակը. անհրաժեշտ է միայն ընտրել հայելու ճիշտ ակնթարթը և ճիշտ գուշակել ժամային գոտին:

Այս առումով 20-րդ դարը հայոց պատմության Ջրբաժան է հանդիսանում. հազարամյակի ընթացքում առաջին անգամ հայ ժողովուրդը ժողովրդագրական, տնտեսական և մշակութային մեծամասնություն չէր իր պատմական Հայրենիքում, ավելին, այն դադարեց գոյություն ունենալ մի տարածքում, որը նրա Հայրենիքի 90 տոկոսն էր զբաղեցնում: Պատմական տարբեր դարաշրջաններում հենց այդ տարածքում էին ստեղծվում և կործանվում հայոց թագավորությունները, սակայն անկախ հողերի քաղաքական կարգավիճակից` հայոց էթնոմշակութային տարրն այստեղ գերիշխել է միշտ: Անցյալ հարյուրամյակի առաջին քառորդում իրականացվեց Հայկական լեռնաշխարհի և հարակից դաշտավայրերի բնիկների ոչնչացման հրեշավոր ծրագիրը, ինչի հետևանքով հնագույն մշակութային յուրացման համաշխարհային կենտրոններից մեկը զրկվեց ավտոխտոն սեփականատիրոջից: Ազգային կյանքի թվացույցի հաշված րոպեները գրեթե ջնջեցին իրերի հազարամյա դրվածքը և աշխարհընկալման հատուկ տրամաբանություն պայմանավորեցին հայ ժողովրդի հաջորդ սերունդների համար:

Քսաներորդ հարյուրամյակն, այսպիսով, ազգային պատմության մարտահրավեր դարձավ. «մնացած կես ժամվաե ընթացքում հայ ժողովուրդը պարտավոր էր պատասխանել գուցե ամենագլխավոր հարցին. ի վիճակի՞ է արդյոք գոյություն ունենալ իր համար միանգամայն նոր միջավայրում և չկորցնել ազգային ինքնության զգացումը:

Քսաներորդ դարի հայությունը ծնունդ է առնում Ցեղասպանությունից: Չենք պնդի, թե բոլոր հայերն են աշխարհն ընկալում միայն ազգային այս աղետի ռակուրսով, սակայն բոլորը (ոմանք` շատ, մյուսներն` ավելի քիչ) առնչվում են այս հարցին կենսագրական և հոգեբանական մակարդակներում: Ըստ էության, սրանում է նախորդ հարյուրամյակների և 20-21-րդ դարերի հայերի տարբերությունը: Իհարկե, մինչ այդ էլ ազգը կանգնած եղել է բախտորոշ խնդիրների լուծման անհրաժեշտության առջև, բայց ընդհանուր իրավիճակն այլ էր` հայ հասարակական միտքն օբյեկտիվորեն ուղղված էր ազգային պետականության վերականգնմանը դեռ իր Հայրենիքը համարվող տարածքում: Անցյալ հարյուրամյակում հայ ժողովուրդը զրկվեց ոչ թե պետականությունից, այլ Հայրենիքից. սրանք հայեցակարգային առումով տարբեր իրավիճակներ են. կորսված Հայրենիքի զգացումն էլ հենց կազմել է հայերի հաջորդ սերունդների ժառանգական ինֆորմացիան:

Չնայած այն փաստին, որ պատմական Հայրենիքի սահմաններից դուրս գործող հայկական համայնքների ու գաղթօջախների տարեգրությունը երկար հարյուրամյակների պատմություն է ընդգրկում, սակայն հենց անցյալ դարում է ձևավորվել նոր ազգային Սփյուռքը. հայոց կյանքի և մշակույթի արտերկրյա օջախների գոյության ընթացքում առաջին անգամ այնտեղ ապրող հայերի թիվը զգալի գերազանցեց պատմական Հայրենիքի պահպանված (տասներորդ) մասում բնակվող հայրենակիցների թիվը:

Հայտնի է, որ 19-րդ դարի կեսերին արդեն ձևավորվել էր հայկական ընդհանուր բավական լուրջ կապիտալ (քաղաքական և տնտեսական), որը նպատակային օգտագործման դեպքում կարող էր լուծել մի շարք լուրջ հարցեր: Դա հենց այն շրջանն էր, երբ ազգային էլիտան չկարողացավ ամրագրել պետականության ինչ-որ ձևի ուրվագծերի առկայության փաստը, պետականություն, որը դե ֆակտո գոյություն ուներ Ռուսական և Օսմանյան կայսրությունների տարածքներում. բրիտանացի դիվանագետ և լեգենդար արկածախնդիր Լոուրենս Արաբացին հետագայում խոստովանում է, որ ազգային ներուժի նպատակային օգտագործման դեպքում հայ ժողովուրդն ի վիճակի է լուրջ մրցակից լինել ցանկացած պետության, այդ թվում և Բրիտանիայի համար` մերձավորարևելյան տարածաշրջանում վերահսկողության սահմանման գործընթացում: Այնուամենայնիվ, բարենպաստ իրադրությունը (որն, ի դեպ, պահպանվեց ընդհուպ անցյալ դարի սկիզբը) «ծախսվեցե գերազանցապես արտաքին հովանավորներ փնտրելու և ձեռք բերելու համար, ինչը, նշանավոր Գարեգին Նժդեհի համոզմամբ, հայ հասարակական ընտրանու ճակատագրական սխալը դարձավ:

Կուզենայինք ուշադրություն դարձնել նաև մի քանի ասպեկտների վրա, որոնց թվում հատուկ տեղ է գրավում «վերարտադրության հայկական տեսակիե հարցը. դրա առանձնահատկությունն ազգի ժողովրդագրական ցուցանիշների մակարդակի հետ հակադրության մեջ գտնվող ստեղծարար տարրի կենսունակության խիստ բարձր աստիճանն է: Պատմական զարգացման որոշակի փուլում պատմության գիրկն անցան մեծ ժողովուրդներ` Հին աշխարհի նշանավոր քաղաքակրթությունների ստեղծողները, որոնք զարգացման մի ինչ-որ հատվածում կորցրին ստեղծագործական վերարտադրության կարողությունըշումերները, բաբելացիները, խեթերը, հին եգիպտացիները դուրս եկան աշխարհի ասպարեզից մշակութային ձուլման հետևանքով: Երբեմնի արարող էթնոսի օբյեկտիվ նախատրամադրվածությունը սեփական ինքնության աստիճանական կորստին` սա է այլ միջավայրում նրա հետագա ձուլման որոշիչ հենքը: Հայ ժողովուրդը, որոշակի գործոնների (որոնց բնույթն անհրաժեշտ է ուսումնասիրել) շնորհիվ ցուցաբերեց «հազարամյակների մարտահրավերներինե (արդի տերմինաբանություն) դիմակայելու և իր ազգային նկարագիրը պահպանելու կարողություն: Նա օբյեկտիվորեն ավելի ճկուն դուրս եկավ անհետացած էթնոսներից, և դրա գրավականը հենց ստեղծարար վերարտադրության` որպես անընդմեջ (մշտապես փոփոխվող պատմական պայմանների ֆոնին) մշակութային-տեխնոլոգիական շրջափուլի կարևոև տարրի, ֆենոմենն է:

Ազգի ժողովրդագրական ցուցանիշները զարգանում էին այլ շրջափուլի ռեժիմով.  բավական է նշել, որ միայն վերջին տասը դարերի ընթացքում, շրջան, երբ աճ գրանցեց արդի պետականակերտ ժողովուրդների մեծամասնությունը, հայ բնակչության բնական աճը կազմում էր զրոյի մոտ մեծություն: Հազարամյակի կտրվածքով ծնելիության և մահացության հարաբերակցությունը ձևավորում է «հայկական բալանսիե հասկացությունը. ազգի թվակազմը կես դարը մեկ արհեստականորեն (պատերազմներ, կոտորած, ջարդեր...) վերադառնում է ելման դրություն (այսպես կոչված, «վերարտադրության Սիզիփոսյան տեսակե). ներկայում աշխարհում հայերի թիվը համեմատելի է տասներորդ հարյուրամյակի ցուցանիշի հետ: Հայոց կենսունակության բանաձևը ոչ թե ժողովրդագրական, այլ ստեղծագործական (մշակութային-տեխնոլոգիական) վերարտադրության առաջանցիկ տեմպերն են. հին շատ ժողովուրդների մոտ հակառակն էր:

Հայկական էթնոսը, որի մեծ մասը կամ արդեն ձուլվել է, կամ ուծացման եզրին է լեզվական և մենթալ այդ միջավայրերում, ըստ էության, օբյեկտիվորեն «անհետացող տեսակ» է, որն արժանի է պատշաճ տեղ ունենալ ազգությունների պահպանման միջազգային «Կարմիր գրքում»: Բայց, ինչպես հայտնի է, նման գիրք չկա, թեև հատուկ մոտեցում, հավանաբար, այնուամենայնիվ, պահանջվում է:

Անշուշտ, երկար և բազմակերպ կարելի է խոսել բնակչության զանգվածային գաղթի և թվում է թե սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական, մշակութային և այլ խորթ պայմաններին նրա հարմարվելու պատճառների մասին: Կարող են լինել հազարավոր կարծիքներ ու դատողություններ` գրեթե հավասար փաստարկված և նույնչափ էլ իրարամերժ:

Օրինակ, հանրապետության նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այն կարծիքին էր, որ ժողովրդագրական վիճակը Հայաստանում քաղաքական շահարկումների առարկա է դարձել: Այս մասին նա հայտարարել է Տավուշի մարզ այցի ժամանակ: Կիսելով Տավուշի Բերդի շրջանի վարչական և գյուղական համայնքների ղեկավարների մտահոգությունը բնակչության զանգվածային արտագաղթի վերաբերյալ` Ա. Մարգարյանը միևնույն ժամանակ նկատել է. «Չարժե նորից խմբագրել վիճակագրությունն ու նման երևույթի պատճառները: Միգրացիոն տեղաշարժերի իրական դինամիկան և արձանագրված թվերը չեն համապատասխանում չհիմնավորված հայտարարություններում բերվող համանման «ցուցանիշներինե: Հայաստանը չի լքել այն քանակության մարդ, որին կարելի է հանդիպել տարատեսակ հաշվարկներում և սպեկուլյատիվ կանխատեսումներում: Եվ պետք չէ այդ ամենը կապել միայն անտանելի կենսապայմանների հետ: Ինչպես հայտնի է, սոցիալիստական շրջանում նույնպես Հայաստանը լքել են մեծ թվով քաղաքացիներ: Պետք չէ տրվել քաղաքական շահարկման և վկայակոչել չճշտված փաստերե:

Ինչ վերաբերում է խորհրդային ժամանակաշրջանին, ապա խորհրդային իշխանության հաստատման պահին Հայաստանում ապրում էր մոտ 780 հազ. մարդ: Ժողովրդագրական ցուցանիշների հետագա զարգացման դինամիկան հետևյալ տեսքն ունի.

1926թ. – 880 հազ. մարդ

1939թ. – 1 մլն 280 հազ.

1959թ. – 1 մլն 763 հազ.

1966թ. – 2 մլն 194 հազ.

1970թ. – 2 մլն 250 հազ.

1979թ. – 3 մլն 37 հազ.

1988թ. – 3 մլն 457 հազ. (բացարձակ առավելագույնը):

Ակնհայտ է, որ «բնակչության զանգվածային արտագաղթիե հարցը Հայաստանի Երկրորդ Հանրապետության տարիներին կարելի է ընդհանրապես հանել հետազոտությունների ռազմավարական հարթությունից: Հայրենադարձություն և ազգի քիչ թե շատ նորմալ վերարտադրություն. սրանք են մեր ժողովրդի զարգացման սոցիալիստական փուլի ժողովրդագրական գլխավոր բնութագրերը: Հետևաբար, անհրաժեշտ է հարցը դիտարկել մի փոքր այլ չափման համակարգում` հենվելով ավելի համոզիչ փաստերի վրա:

Նման փաստերից մեկը, որ առավել լայն շրջանառություն ունի երկրի ներսում, անկասկած, սոցիալ-տնտեսական ծանր պայմաններն են: Համաձայնենք, որ տվյալ պարագայում համոզչության գործակիցը շատ ավելի բարձր է, նույնքան լայն է նաև ընդգրկման տարածքը: Բայց հայտնի է նաև մեկ այլ բան. վերջին շրջանի մեր պատմության ամենադժվար օրերին` մարտական ակտիվ գործողությունների և սարսափելի էներգետիկ ճգնաժամի հնգամյա շրջանում հանրապետությունից հեռացած անձանց ընդհանուր թիվը զգալիորեն զիջում էր հաջորդ երկու տարիների նույն ցուցանիշին: ԵԲվ տոկոսային հարաբերությամբ, և՛ միտումների իմաստով: Նույնը, և էլ ավելի մեծ չափերով, կարելի է ասել նաև Լեռնային Ղարաբաղի մասին. հակառակորդի մշտական ռմբակոծման հնոցում գտնվող խաղաղ բնակչությունը նախընտրում էր «ապրելե բոլոր բարձունքներից գնդակոծվող ղարաբաղյան նկուղներում, և ոչ թե Ղարաբաղից դուրս բնակարաններում:

Եվ որքան էլ տարօրինակ է, հարկադրված ենք փաստել, որ զանգվածային արտագաղթի անշրջելի միտումը մեզ մոտ «ինքնորոշվեցե 1995թ., այսինքն, անմիջապես պատերազմից, էներգետիկ ճգնաժամի հաղթահարումից հետո և բարձրաստիճան անձանց խիստ նեղ շրջանակի միջև ազդեցության ոլորտների բացահայտ բաժանման գործընթացում:

Ուծացումը` դամոկլեսյան սրի նման, կախված է հայերի գլխին և հատուկ «ժողովրդագրական նախագծիե մշակում է պահանջում, որը գոնե մի փոքր նման լինի 1940-ական թթ. «խորհրդային նախագծինե (թեկուզ անգամ ոչ ամենահաջողը. շատ հայրենադարձներ, ինչպես հայտնի է, բռնադատվեցին, պատկառելի մի քվակազմ հեռացավ հանրապետությունից):

Իսրայելը ներգաղթյալ-հայրենադարձների երկիր է, աշխարհում սփռված հրեաների հայրենիքը: 50 տարի առաջ, օգտագործման համար մի ոչ մեծ հողակտոր ստանալով, Իսրայելի կառավարությունը սկսեց իրականացնել պատմական հայրենիք հրեաների վերադարձի պաշտոնական քաղաքականություն: Իրենց գործունեությամբ պետության հետ կապված բոլոր ատյանները, առանց բացառության, ներգրավվեցին այդ կարևորագույն ազգային ծրագրի իրագործման գործընթացում:

Մինչդեռ Հայաստանն արտագաղթողների երկիր է: Ողջ աշխարհն է այդ փոքր տարածքում սփռված հայերի հայրենիքը: 17 տարի առաջ ի կառավարում ստանալով այս փոքր հողաբաժինը` Հայաստանի կառավարությունը, թվում էր, թե սկսեց իրականացնել բնակչության զանգվածային արտագաղթի պաշտոնական քաղաքականություն: Գործունեությամբ պետության հետ կապված բոլոր ատյանները, առանց բացառության, ներգրավվեցին ըստ էության հակազգային այդ ծրագրի իրականացմանը:

Բնական հարց է ծագում. ինչպե՞ս պատահեց, որ հիրավի ծայրահեղ պայմաններում գոյատևած ժողովուրդը չկարողացավ հարմարվել խաղաղ և փոքրիշատե հանդարտ ժամանակի պահանջներին: Պատասխանն ինքնաբերաբար է թելադրվում. նոր պետականության արշալույսին կորցրեց հավատը համախմբող գաղափարի նկատմամբ: Երրորդ Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ազգային գաղափարի նյութականացումը, այլ ոչ թե սոցիալ-տնտեսական դժվարին դրությունը կամ հայ էթնոսի «քոչվոր գենետիկանե, ամենայն հավանականությամբ, դարձավ այն հիմնական գործոնը, որը խթանեց երկրից բնակչության լայնածավալ արտագաղթը: Հետևաբար, հանրապետության ներկա ղեկավարության գլխավոր խնդիրը հավատի ձեռքբերումն ու վերադարձն է հանրային գիտակցության ոլորտ:

Share    



Գնահատում

Ինչպե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am