Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մշակույթ և արվեստ

Մշակույթ և արվեստ
Նոյեմբեր 2008, N 8

ՀԱՅԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԵՐՊԱՐՎԵՍՏՈՒՄ

Արիս Ղազինյան, «Ազգային գաղափարի» գլխավոր խմբագիր

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ (1817-1900)

Գեղանկարչությունը միշտ էլ հրապուրել է հայերին: Հայ միջնադարյան մանրանկարչությունը և որմնանկարչությունը գրավել է առավել մեծահամբավ հետազոտողների ուշադրությունը: Որոշ հայ նկարիչներ այսօր արդեն ուշ Վերածննդի նախագուշակներ են համարվում: Հանրահայտ արվեստագետ Լիդիա Դուրնովոն գրել է. «Թորոս Ռոսլինը շատ բանով առաջ է անցել իր ժամանակից, և հենց նա է կատարել նախավերածննդի առաջին քայլերը: Սակայն նրա ստեղծագործությունը ժամանակից շուտ էր ծնվել: Դանթեի ու Դուչոյի ժամանակակիցը, Ջոտտոյի նախորդն Իտալիայում և Պանսելինինը` Բյուզանդիայում. այս նրբաճաշակ նորարարը գնահատված էր ժամանակակիցների կողմից և հաջողություն ուներ...

Նրա առաջադիմականությունն ընթանում էր այն ուղղությամբ, որը հետագայում ամուր հիմքի վրա կանգնեց և լայնորեն տարածվեց Իտալիայում որպես վաղ Վերածնունդ»:

Եվ այնուամենայնիվ, նրան վիճակված էր դառնալ առաջին հայ նկարիչը, ով միջազգային ճանաչում է ձեռք բերել: Ինչպես և Թորոս Ռոսլինը, նա նույնպես ապրում էր ծովի ափին և հնարավորություն ուներ հիանալու ծովային մայրամուտով: Բայց դա արդեն Սև ծովն էր... 

Ղրիմի թերակղզու հարավարևելյան գեղատեսիլ անկյուններում մինչ օրս էլ պահպանվել են հայկական ճարտարապետական կառույցների` եկեղեցիների, վանքերի, ամրոցների պատերի, կամուրջների, աղբյուր-շատրվանների մնացորդներ: XIդ. թուրք սելջուկների Հայաստան ներխուժումից հետո տասնյակ հազարավոր հայեր տեղափոխվում են Տավրիդա` մշտական բնակության: Նրանք հիմնականում բնակություն են հաստատում հարավարևելյան լեռնային Ղրիմում` Կաֆայում (Թեոդոսիա), Սուդակում, իսկ ավելի ուշ` Ղրիմի թաթարների հիմնած Ղըրըմ քաղաքում (Հին Ղրիմ): XIVդ. սկզբից հայ վերաբնակները Ղրիմում ակտիվ գործունեություն են ծավալում. շինություններ են կառուցում, զարկ են տալիս արհեստագործությանը և գյուղատնտեսությանը, ներառվում են աշխույժ առևտրային հարաբերությունների մեջ, բացում են դպրոցներ, հիմնում դպրատներ:

Հայ վաճառականները զգալի դեր էին խաղում սևծովյան առևտրում, ինչի մասին վկայում են ջենովացիների նոտարական փաստաթղթերը: Նրանք ակտիվ մասնակցություն էին ունենում իտալացիների առևտրային գործունեությանը Ղրիմի առափնյակում: Ղրիմի հայերն էին, որ դեպի հյուսիս և արևելք էին տարածում ներկրված ապրանքները: Հայ վաճառականներին գրավում էին ծովը, շահավետ առևտրի հնարավորությունները, հայ արհեստավորները նույնպես այստեղ կարողանում էին լավ իրացնել իրենց արտադրանքը: Աշխատասեր ու հարմարվող լինելով` հայերը շուտ ընտելացան օտար սովորույթներին, բարեկամություն հաստատեցին բոլոր հարևանների հետ, և նրանց բնակատեղիների թիվը սկսեց արագորեն աճել: Նրանք նպաստել են Կաֆայի բարգավաճմանն ու զարգացմանը, որի բնակչության երկու երրորդը XVդ. սկզբին կազմում էին հայերը: Ջենովական որոշ աղբյուրներում, որոնք թվագրվում են այն ժամանակվա առաջին կեսով, Ղրիմի հարավարևելյան առափնյակն անվանվում էր «Մերձափնյա Հայաստան»: Բայց Հովհաննես Այվազովսկին ծնվել է Տավրիդայի հարավ-արևմուտքում: Թեոդոսիայում...

Այվազովսկիների տունը գտնվում էր բարձունքի վրա, որտեղից երևում էր ծովի անեզրությունը: Ծովի ու նրա վերևում կամարվող երկնքի տպավորությունները կանխորոշեցին ապագա նկարչի ճակատագիրը: Ծովը` մերթ մեղմ, մերթ ահեղ, ափին խփող ալիքների անընդմեջ վազքով, անհողմության ժամանակ անշարժ մակերեսի թափանցիկ փիրուզից մինչև փոթորկոտ օրերին` մուգ սև գունավորումը, ձգում, հրապուրում էր նրան:

Այվազովսկու աստվածատուր տաղանդի զարգացման և «կյանքի գործի» ընտրության հարցում կարևոր փուլ հանդիսացավ 1836թ. ամռանը Բալթյան նավատորմի նավերով  կատարած նավարկությունը Ֆիննական ծոցում և Բալթիկ ծովում: Հյուսիսային լայնություններում կատարած երկամսյա նավարկությունը հարստացրեց, ընդլայնեց սկսնակ ծովանկարչի պատկերացումները ծովային փոփոխական տարերքի մասին: Այն ժամանակ նա քսան տարեկան էր, և բոլորը նավի վրա նրան դեռ Հովհաննես Այվազյան էին անվանում: Միայն չորս տարի անց նա կփոխի իր անվան գրությունը` ռուսական ականջի համար ավելի հեշտ ընկալելի` Իվան Այվազովսկի ձևով:

Բայց դա դեռ ոչինչ չի նշանակում. նա իրեն միշտ հայ է զգացել և դա ընդգծելու առիթը բաց չի թողել: Պետք է նշել, որ նախնական կրթությունը Հովհաննես Այվազովսկին ստացել է տեղի հայկական եկեղեցական դպրոցում: Ավելի ուշ, իհարկե, ուսումը շարունակել է Սիմֆերոպոլի գիմնազիայում, իսկ 1833-1837թթ.` Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում: Էլ ավելի ուշ նա «կնվաճի» Ռոսլինի Միջերկրածովյան ափը...

Պետերբուրգում ուսանելու շրջանում նա գրեթե ամեն օր եղել է մայրաքաղաքի հայկական եկեղեցու ծխականների մեջ: Թեոդոսիա վերադառնալով` Գեղարվեստի ակադեմիայի 1837թ. լավագույն շրջանավարտը (ուսման մեջ գերազանց հաջողությունների համար ստացել է ոսկե մեդալ) 50-60 տարի շարունակ Ղրիմի հայ հասարակության հոգին է եղել: Իր հաշվին նա հայ համայնքի համար Հին Ղրիմում կառուցում է հայկական եկեղեցի, շատ հայկական եկեղեցիներ անհատույց զարդարում է իր կտավներով: Հայրենակիցներին օգնելու համար նկարիչը մեկ անգամ չէ, որ սեփական աշխատանքների ցուցահանդեսներ է կազմակերպում: Հայտնի է նաև նրա դիրքորոշումը հայրենակիցների վրա կաթոլիկության ազդեցության դեմ պայքարում, ինչպես նաև նրա կտակի (50 հազ. ռուբ. արժողության) մասին, որ թողել է Թեոդոսիայի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցուն և նրան կից դպրոցին:   

Ճիշտ ժամանակն է նշելու, որ դեռևս շատ պատանի Հովհաննեսի հակումը ծովի նկատմամբ հենվում էր ոչ միայն հայրենի տան ծովին մոտ գտնվելու, այլ նաև Սև ծովի հատակի նման խոր ազգային ավանդույթների վրա. հայերը միշտ էլ հատուկ վերաբերմունք են ունեցել ջրի տարերքի հանդեպ, իսկ միջնադարում համարվել են ծովային մեծ ժողովուրդներից մեկը: Այն ժամանակ ապագա մեծ ծովանկարչի հայրենակիցները դեռ «սեփական ափ» ունեին և վարպետորեն օգտվում էին այդ հանգամանքից: Դա և´ Կիլիկյան նավահանգիստներն էին, և´ աշխույժ առևտուրը Ջենովայի ու Ֆլորենցիայի հետ, և´ հայկական նավերը, որ ակոսում էին Միջերկրականի անծայրածիր ջրերն ու Բիսկայան ծոցը: Արժե հիշել, որ Ղրիմի պատերազմի ժամանակ կովկասյան-սևծովյան ամրացված գծի հրամանատարը հմուտ կազմակերպիչ, արևելյան լեզուների գիտակ, դիվանագետ ու ռազմածովային, միևնույն ժամանակ` Նովոռոսիյսկի հիմնադիր, ծնունդով հայ Լազար Սերեբրյակովն էր:

Այվազովսկու բարեկամությունը ռուսական նավատորմի հետ չընդհատվեց նրա ողջ կյանքի ընթացքում: Ծովայինները նրան պատասխանում էին փոխադարձ անկեղծ սիրով: Մեկ անգամ չէ, որ նրանց հրավերով նա մասնակցել է ամենատարբեր նավարկությունների: Հատուկ նրա համար խաղաղ ժամանակներում կրակում էին նավի թնդանոթներից, որպեսզի նկարիչը կարողանա դիտել, թե ինչպես են ռումբերը ռիկոշետով թռչում ջրի հարթության վրա: 1846թ. Թեոդոսիայում նշելով իր ստեղծագործության տասնամյակը` Այվազովսկին որպես հոբելյանական ընծա ստացավ անսպասելիորեն Թեոդոսիա ժամանած ռազմական նավերի այցելությունը: Նավատորմիղի առաջատարը ռուսական նավատորմի դրոշակակիր «Տասներկու առաքյալներ» նավն էր, որ գլխավորում էր ծովակալ Կոռնիլովը: Նավերը ողջունում էին Գլխավոր ծովային շտաբի նկարչին: Ի դեպ, Այվազովսկին Ռուսաստանում կերպարվեստի առաջին վարպետն է, որ ստացել է «Գլխավոր ծովային շտաբի նկարիչ» կոչումը: Եվ ոչ միայն. ի նշան նրա վաստակի հանդեպ հարգանքի ` Իտալիայի Գեղարվեստի ակադեմիան, 1876թ. նրան իր անդամը ճանաչելով, պատվիրում է ինքնադիմանկար Ֆլորենցիայի Ուֆիցիի պատկերասրահի համար, որտեղ տեղակայվում են գեղանկարչության ամենանշանավոր վարպետների ինքնադիմանկարները:      

Եվ այնուամենայնիվ, կյանքի ողջ ընթացքում նա իրեն հայ է զգացել: 1895-1896թթ. կոտորածներից փրկված հայերին օգնելու համար Այվազովսկին Օդեսայում կազմակերպում է ցուցահանդես: Ցուցահանդեսից ստացված 2000 ռուբլին հավասար կիսելով` ուղարկում է հայերին ու հույներին: Մի քանի օր անց հայրենակիցներին օգնելու համար Կոստանդնուպոլսի ռուսական հյուպատոսի հասցեով ուղարկում է ևս 3000 ֆրանկ: Չնայած այն բանին, որ այդպես էլ Հայրենիքում չի եղել, նրա ժառանգության մեջ քիչ չեն հայկական սյուժեներով նկարները. բնանկարներ, պատմական թեմաներով կտավներ` «Արարատ լեռան հովիտը», «Հայ ժողովրդի մկրտությունը», «Նոյն իջնում է Արարատից», «Հայերի կոտորածը Տրապիզոնում 1896թ.», «Կարսի գրավումը գիշերով»...

Այվազովսկին ծանր տարավ հայերի 1895-1896թթ. կոտորածը: Ծովանկարիչը ցասումնալի բողոք արտահայտեց սուլթան Աբդուլ Համիդի բարբարոսության դեմ: Ի նշան բողոքի` նա ծովը նետեց իր թուրքական շքանշանները և հայտարարեց թուրք հյուպատոսին. «Քո արյունարբու տիրոջ տված շքանշանները ես ծովը նետեցի: Ահա և դրանց ժապավենները, ուղարկիր նրան: Եթե ուզում է, թող նա էլ իմ նկարները ծովը նետի, ես չեմ ափսոսում...»:

ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ (1904-1948)

 Նրա նկարները զարդարում են աշխարհի շատ մասնավոր պատկերասրահների և թանգարանների դահլիճներ: Եվ դա հասկանալի է. հեղինակը աբստրակտ էքսպրեսիոնիզմի ամերիկյան դպրոցի գլխավոր ներկայացուցիչն է: Նրա կտավների մեծ մասը, սակայն, մոխիր է: Ինչպես և այն ժողովրդի մեծ մասը, որի ներկայացուցիչն էր վարպետը:

Նա շատ էր սիրում օղակել մատները և իր նշանավոր «հեռադիտակը» տանել աչքերին. հենց այդ կերպ` սեփական հոգու օբյեկտիվի միջով էլ պետք է դիտել սուբյեկտիվ կտավները: Հատկապես խորիմաստ անվանումներ ունեցող նրա նկարները. «Լյարդը` որպես աքլորի կատար», «Ինչպես է մորս ասեղնագործ գոգնոցը ծավալվում իմ ճակատագրում» կամ «Արտիճուկի թերթն իբրև բու»: Կտավներն, անխոս, հանրահայտ են, սյուռեալիզմի հիմնադիր Անդրե Բրետոնն անգամ փոխ է առնում նրանից սյուժեներ և անվանումներ, բայց, հավանաբար, ոչ առանց թերությունների: Մանավանդ, որ նրա «երկփողյա մեթոդը» թույլ է տալիս գտնել ավելորդը, ըստ էության, անկերպարանը, մանրամասները, որոնք ուղեկցում են անգամ ամենահամեստ արարումներին. «Չէ՞ որ դրանք ասես ես լինեմ,- կատակում էր վարպետը չարդարացված վրձնահարվածները գտնելու պահին:- Ավելորդ, ոչ մեկին պետք չեկող, փոքրիկ մանրամասներ»:

1948թ. հուլիսի 21-ը Քոնեքթիքութի նահանգում անամպ մի օր էր: Շոգ էր նաև Շերման քաղաքում: Այստեղ և այդ օրը նա որոշեց դավաճանել սովորությանը. օղակեց միայն մի ձեռքի մատները. ավտովթարից հետո աջը չէր աշխատում: «Սա արդեն հեռադիտակ չէ, ավելի շուտ` դիտախողովակ է կամ` ավելի ճիշտ աստղադիտակ»: Բայց վարպետը չէր  պատրաստվում նոր օպտիկայի միջով նայել իր հին նկարներին. կտավներն այրվել էին, ուստի նրա ձախ ձեռքի տակ ուսումնասիրելու բան արդեն չկար: Միակ բանը, որ մնացել էր անելու 44-ամյա Արշիլ Գորկուն, իր աստղադիտակով հավերժական Երկնքին նայելն էր, Աստծուն գտնելու հույսով...

«Մայրիկ,- դիմեց խորգոմցի ութամյա տղան մորը,- Աստված կա՞»: Հարկ է նշել, որ Ադոյան տոհմից փոքրիկ Ոստանիկն աստվածացնում էր մոր կերպարը ոչ պակաս, քան ապագա ընդդիմախոս Սալվադոր Դալին` Անխռով Գալաթեային: Բայց ի տարբերություն «սեփական զարգացածության պոզերով անառակացող» Գալայի, Ոստանիկի մայրն աստվածավախ էր ու նաև գեղջկուհի. նման հարցերը նրան վախեցնում էին: Ինչպես ամռան երաշտը` հեթանոս հողագործին: Նա խաչակնքեց. «Աստծուց վախեցիր, ինչի՞ մասին ես հարցնում: Սազո՞ւմ է քեզ, Դրախտային երկրում ապրողին, կասկածել դրանում: Վանա ծովի ջրերն Արարչի պատկերն են արտացոլում»... Պաշտելի մոր պատասխանն այնքան էլ չգոհացրեց տղային, նա զրկված էր կայուն խոսելու շնորհից, դրա համար էլ միշտ նկարում էր, սակայն երբեմն, այնուամենայնիվ, նրան հաջողվում էր մի երկու նախադասություն արտաբերել: Եվ այդ ժամանակ հարցնում էր...

Աստված կա՞: Այս հարցը տասնամյա աշխարհազորային Ոստանիկին սկսեց տանջել անժամանակ. թուրք ասքյարները նոր կենտրոնացված հարձակում էին սկսել Խորգոմի դեմ, և գյուղի պաշտպանությունը պահող հայդուկ Մեսրոպը պատասխանի ժամանակ չուներ: Բացի այդ, ծեր մարտիկը հույսը միայն Աստծո վրա էր դրել, և այս իրավիճակում նրա գոյությանը կասկածելը ռազմավարական սխալ կլիներ: Ոստանիկն օգնում էր մեծերին ինչով կարողանում էր. բարիկադներ էր հասցնում հրացաններ, փամփուշտներ, հագուստ և մթերք: Բուրերի դեմ պատերազմում նրա նմաններին սկաուտ էին անվանում: Նա հաճախ էր մատերն օղակում աչքերի շուրջ, նայում իր «հեռադիտակով». «Թշնամին հարձակվում է ձախ թևից, հարյուր քայլի վրա է»:

Հազարավոր քայլեր հաղթահարեցին տասն օրվա ընթացքում Ոստանիկը, քույրերն ու մայրը, մինչև որ 1915թ. հունիսի 25-ին հասան Ռուսահայաստան: Ընկան Վանն ու Խորգոմը: Հարկադրված փախուստից առաջ մայրը հողում թաղում է ողջ ունեցվածքը ու կրկին խաչակնքում. «Տա Աստված, շուտ վերադառնանք»: Աղոթքը տղայի վրա երկակի տպավորություն է թողնում. նրա աչքերի առջև հառնում է հայդուկ Մեսրոպի յաթաղանով կիսված մարմինը, նրա հույսերն առ Աստված ապարդյուն էին...

Հայերի հոգևոր կենտրոնը` Էջմիածինը, ուր բիբլիական լեռնաշխարհով երկար դեգերումներից հետո հասավ Ոստանիկի ընտանիքը, նրան հենց այն վայրն էր թվում, որի պատմական կոչումն էր հենց` տալ նրա կյանքի գլխավոր հարցի պատասխանը: Սուրբ հողը, ուր, ըստ հայկական ավանդության, իջել էր Միածին Քրիստոսը, ավաղ, սրտաբաց չընդունեց փախստականներին. ահասարսուռ 1915-ին քաղաքը վրանաճամբար էր հիշեցնում. բրեզենտե վրաններն իրենց ծայրահեղ չքավորությամբ ստվերում էին Մայր տաճարի խաղերի փայլը: Տասնյակ հազարավոր տնազուրկներ աղերսում էին Բարձրյալին բարեգութ լինել: Սուրբ գրքի բորոտների ամբոխից հարություն առածները թափառում էին փոխոցներով` Փրկչին փնտրելով: Հայոց հավատքի գլխավոր գավթում մոլեգնում էր տիֆի համաճարակը: Էջմիածինն արդարացրեց տղայի ակնկալիքները. այստեղ հաստատ Աստված չկա...

1920թ. մարտի 1-ին ամերիկյան Էլիս Այլենդ նավահանգստում կառանեց մի նավ, որը հարյուրավոր փախստականների հետ բերել էր որբացած, տասնվեցամյա Արշիլ Գորկուն` նույն Ոստանիկ Ադոյանին, փոքր քրոջ` Վարդուշի հետ: Նրանք Էրիվանում բոլորովին վերջերս թաղել էին մորը (խեղճը մահկանացուն կնքել էր 39 տարեկանում, հյուծվելուց) և Թիֆլիսով ու Բաթումով մի կերպ հասել Կոստանդնուպոլիս, որտեղ նրանց սպասում էր նավը...

Անդրե Բրետոնի սյուռեալիզմը նույնպես կտրում-անցնում է Ատլանտիկան, բայց մի փոքր ավելի ուշ` 1930-ական թթ. երկրորդ կեսին: ԱՄՆ-ում նոր ուղղության գլխավոր ներկայացուցիչները` Ջորջիա Օ’Քիֆը և Փիթըր Բլյումը, 1936թ. Նյու Յորքում կազմակերպում են առաջին ցուցահանդեսը: Բայց հայ տարագիրն իր կտավները ցուցադրել դեռ չի ցանկանում: Նա իր «ես»-ի որոնումների մեջ է. հրապուրվում է Սեզանով, Պիկասոյով, Կանդինսկիով: Արդյունքում` ավելի հեռուն է գնում. սյուռեալիզմի սկզբունքները զարգացնելով դեպի էլ ավելի առարկայազուրկ լինելու ուղղությամբ` Արշիլը դառնում է աբստրակտ էքսպրեսիոնիզմի վարպետ: Ֆիգուրատիվից աբստրակցիայի անցումը հիացմունք է առաջացնում անգամ Բրետոնի մեջ. «Մանուկ ժամանակ ես հաճախ ստիպված եմ եղել հեռուն գնալ և անցումներ կատարել: Ինձ համար ոչ մի անցում սարսափելի չէ, անգամ եթե սյուռեալիստական է»,- խոստովանում է նա ֆրանսիացուն:

«Հավատո՞ւմ ես Աստծուն, Անդրե»,- մի առիթով հարցնում է Արշիլն ընկերոջը: Բրետոնը չի թաքցնում տարակուսանքը. «Դու` 20-րդ դարի ինտելեկտուալ հեղափոխության զավա՞կդ, պիտի հարցնես այդ մասին: Չէ՞ որ դու տեխնոլոգիական Պառնասի բարձունքում ես, և արդի աստվածների կերպարանքներն արտացոլված են քո կտավներում: Թե՞ ուզում ես ասել, որ քո աստվածներն ապրում են Հայաստանի լեռներում... Չգիտեմ` հավատո՞ւմ ես դու Աստծուն, բայց Աստված քեզ հաստատ հավատում է»:

Անդրե Բրետոնը երևի նման ցինիզմի իրավունք ուներ. այդ իրավունքը նա ձեռք էր բերել դեռ 1922թ. Փարիզում, երբ իր շուրջն էր խմբել ապագա սյուռեալիզմի կորիզը` Լուի Արագոն, Փոլ Էլյուար, Ֆիլիպ Սուպո, Ժան Արփ, Մաքս Էռնստ... Երկու տարի անց Բրետոնը գրում է «Առաջին մանիֆեստը», որով և հայտարարում է նոր ուղղության ծնունդը: Բայց այնուամենայնիվ, «Արշիլի երկփողյա մեթոդը հանճարեղ է, ինչպես և ինքը»:

Նա սիրում էր օղակել մատները և աչքերին տանել իր նշանավոր «հեռադիտակը». այդպես նա իր Հայաստանն էր փնտրում: Դուրս էր գալիս պատշգամբ և ժամերով նայում դեպի արևելք. «Ես անպայման կվերադառնամ Հայրենիք և կփառավորեմ այն»: Բայց հենց այսօր վարպետը որոշեց դավաճանել սովորությանը. օղակեց մի ձեռքի` ձախի մատները (ավտովթարից հետո աջը չէր աշխատում). նկարչի համար ճակատագրական վթարը տեղի էր ունեցել բոլորովին վերջերս: Դրանից առաջ հրդեհի ճարակ էր դարձել նրա նկարների մեծ մասը: Միակ բանը, որ մնացել էր անելու ամեն ինչ` ձեռքը, կտավները, բանականությունը կորցրած նկարչին, իր աստղադիտակի միջով դիտել հավերժական Երկինքը: Հույսով... 1948թ. հուլիսի 21-ին վարպետն, ի վերջո, տեսավ Աստծուն...

ԳԱՌԶՈՒ (1907-2000)

Նախալեռնային Ֆրանսիայի «կարստային» դեպարտամենտներում` Վոկլյուզներում և Վերին Ալպերում, ահա արդեն մի քանի հազարամյակ կարելի է հիրավի զարմանալի համայնապատկեր տեսնել. երկրի մակերես են դուրս գալիս բազմաթիվ ստորգետնյա գետեր, որոնք աչքի են ընկնում ջրի հզոր ելքով. հետագայում երկրագնդի այլ շրջաններում հայտնաբերված նման աղբյուրները գեոմորֆոլոգներն անվանեցին «վոկլյուզներ»...

Բայց միայն երկրային օրգանիզմի կնճռոտ մակերեսին հայտնվող առատ քրտինքը դիտելու համար չէ, որ այս հիասքանչ երկրամաս են այցելում զբոսաշրջիկները. կանաչության մեջ թաղված Մանոսկ փոքր քաղաքը նշանավոր է նաև ներքին էներգիայի արձակման մեկ այլ համայնապատկերով: Բայց դա արդեն մարդկային էներգիա է, որ տեղայնացվել է 600 քառ. մետրի վրա: Սակայն կրոմանյոնցու նախաստեղծ արվեստը չէ, որ այստեղ էր բերում օտարերկրացիներին. ժայռապատկերներ կարելի էր տեսնել նաև Լյասկոյի քարանձավում: Ֆրանսիայի՝ «Վաստակի համար» ազգային շքանշանի ասպետի, Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամի, «Պատվո լեգեոնի» ասպետի, Իլ դը Ֆրանսի Գրան պրիի դափնեկրի, Հոլմարկի եռակի մրցանակակրի, ֆրանսիական կերպարվեստի դասական Ժան Գառզուի 9-րդ տասնամյակն էր գլորվում, երբ որոշեց խոստովանել սեփական փիլիսոփայության իրավասությունը...

Գեղանկարչության մեջ նա ասեղնաբույժ էր. ապաքինում էր անոթային շարանի վերջին պտույտին չհասած երփներանգ հոգիների կծիկները: Նրա կտավները մասրենու բույր ունեն, որ թփերով աճում է քարքարուտում` հաճախ ձևավորելով մացառուտներ: Դրանք շատ են լեռնային Հայաստանում. ընդ որում` դրա բազմապսակաթերթավոր տեսակներից առաջացան դեկորատիվ վարդերի բազմաթիվ տեսակներ, այդ թվում և հանրահայտ «թեյավարդը»: Նրա կտավներն ապագայի վարդի բույրն ունեն, բայց հիշողության մեջ մեխվում են հետահայաց փշերով. դասական ասեղնաբուժությո´ւն:

Նա ֆրանսիական գեղանկարչության դասական էր: Տասնութ տարեկանում ավարտելով ուսումը Փարիզի ճարտարապետական դպրոցում և մի շարք կից հաստատություններում` նա իր փիլիսոփայության ոստնակից հանդուգն ցատկ կատարեց ուղիղ արվեստի հակասական հոսանքների հորձանուտը: Քսանականների կեսերը Անդրե Բրետոնի նոր ծնվող սյուռեալիզմի և այլասերվող նախորդների միջև` Ջորջո դե Կիրիկոյի և «դադայի սկանդալային ստեղծագորության» միջև կատաղի, անզիջում պայքարի ժամանակաշրջան էին (փոխզիջումը գտնում է Սալվադոր Դալին. նա կարողանում է դադայականներից փոխ առնել սկանդալների և հրապարակային «հիմարությունների» մեծ ավանդույթները): Եվ այսքան թեժ մթնոլորտում ցուցահանդես կազմակերպելու գաղափարն, ինքնին, համարձակ քայլ էր. նախ` կարող էին չհասկանալ ինչպես հարկն է և պարզապես «ուղարկել գրողի ծոցը», երկրորդ` բոհեմական անարխիզմը «նեխած» (իմա` դասական) արվեստի ակնարկ անգամ թույլ չի տա, «Օ սան փաղել» պատկերասրահում սյուռեալիստների ցուցահանդեսը մեկն էր շատերից, որ հստակ պատկերացում էր տալիս նման ակցիաների անցկացման ձևի մասին. Բրետոնը, որն իբր լուսավորում էր ցուցահանդեսը, ժամանակ առ ժամանակ լուցկի էր վառում, Լուի Արագոնը մլավում էր, Ռիբմոն-Դեսենն անընդհատ բացականչում էր. «գլխին անձրև է կաթում», իսկ Սուպոն և Տրիստան Տցարան բռնոցի էին խաղում: Եվ այնուամենայնիվ, ասեղնաբույժին հաջողվեց չխեղդվել այդքան խոր արվեստի բուռն ջրապտույտում...

Հաջող ափ հասնելու պատճառը (գաղտնիքն այդպես էլ լուծել չկարողացան անբան-ավարաները), հավանաբար, նկարչի կենսագրության մեջ էր թաքնված: Սյուռեալիստների կողմից բարձր արվեստի կարգավիճակի հասցված աբսուրդը (ընդ որում` ոչ թե արվեստագիտական, այլ ամենաիսկական քաղաքական աբսուրդը) «անձամբ» հառնեց յոթնամյա տղայի բիբերի առջև հայրենի Հալեպում. այստեղ է, որ ծանոթանում է ենիչերիների «հրապարակային խժդժությունների» ավանդույթին և զգում է դասական աշխարհակարգի` բարբարոսական խավարի խժռած քաղաքակիրթ աշխարհի նեխածությունը: Տղան լուցկի կվառի` խավարի մեջ հայտնաբերելու իր նմանին, և կմլավի` «չմերկացվելու» համար: Այստեղ` բոսոր Եփրատի ափերին, նա կդառնա հրեշավոր բռնոցի խաղի ականատեսը. մինչև բուն գործին անցնելը թուրք զինվորներն այդպես էին զվարճանում հայուհիներով... Կարո՞ղ էր արդյոք փարիզյան մանր հակասությունների հորձանուտը կլանել այսպիսինին...

Միջերկրականի ափ հասած հայ տարագիրը Ֆրանսիային փշավարդ կառաջարկի, որից այդ երկիրը չի հրաժարվի: Քսանականների կեսերին նա կազմակերպում է մի քանի գեղարվեստական ակցիա, իսկ արդեն 1939-ին բացում է առաջին պաշտոնական ցուցահանդեսը: 32 տարեկանում Գառնիկ Զուլումյանն ընդունում է Ժան Գառզու հայտնի կեղծանունը: Նկարչի ինքնատիպ ստեղծագործությունը նրա «ջրի երեսին մնալուց» պակաս չի զարմացնի աշխարհին. սա արդեն ինտելեկտուալ շուկայի շոկային թերապիան է: Նա նկարազարդում է նշանավոր գրողների և բանաստեղծների (Ալբեր Քամյու, Էռնեստ Հեմինգուեյ...) գրքերը, մշտական հաջողությամբ ձևավորում է Կոմեդի Ֆրանսեզի և այլ թատրոնների բեմականացումները, մշակում է «Ֆրանսիա» զբոսանավի սրահների դիզայնը... Ավելին, Գառզուի կտավները պատկերվում են Հինգերորդ Հանրապետության դրոշմանիշներին: Կարո՞ղ էր այս ամենի մասին երազել 1924-ին Միջերկրականի ափ հասած տարագիրը:

Բայց հայկական փշավարդի մասին նա երբեք չմոռացավ. փետրաձև տերևներով, կժակերպ, գոգավոր ծաղկակալով ու պտղով փշածածկ թփերի ընձյուղները նրա կտավներում աճում էին ասես փշոտ պատանի քարոտ հողից: Մարսելում նա որմնանկարում է Սուրբ Մեսրոպ Մաշտոց և Սահակ Պարթև հայկական եկեղեցիները: Նշանավոր նկարիչն անընդհատ որոնումների մեջ է. զբաղվում է փորագրությամբ և ճենապակու զարդանկարմամբ: Որպես նկարազարդող աշխատում է Ֆրանսիայի գրեթե բոլոր գրողների հետ: Նրա կտավները ցուցադրված են աշխարհի ավելի քան 100 թանգարաններում: Եվ այնուամենայնիվ, 80 տարեկանում Գառզուն հետ շրջվեց...

Նախալեռնային Ֆրանսիայի «կարստային» դեպարտամենտում` Վոկլյուզներում և Վերին Ալպերում, ահա արդեն մի քանի հազարամյակ կարելի է տեսնել հիրավի զարմանալի համայնապատկեր. երկրի երես են դուրս գալիս իսկական ստորգետնյա գետեր: Եվ միայն կնճռոտ երկրակեղևին հայտնվող առատ քրտինքը տեսնելու համար չէ, որ այստեղ են գալիս զբոսաշրջիկները. կանաչության մեջ թաղված Մանոկսը հայտնի է նաև մեկ այլ աղբյուրով` Գառզուի փշաժայթքումով` տեղի մատուռի պատերին. դա ականավոր նկարչի ստեղծագործության ապոթեոզն է, Սիրիայի` 600 քառ. մ մակերեսի վրա տեղայնացված փշե կյանքի փիլիսոփայությունը, որը վերապրել է գիտակցությունը շամփրող Ցեղասպանությունը: Վարպետի հայտնությունն այդպես էլ կոչվում է` «Ապոկալիպսիս»: Աշխատանքը սկսել է 1984թ., նկարելու գործընթացը տևել է ութսունչորս ամիս, վերջին վրձնահարվածը Գառզուն արել է ութսունչորս տարեկանում: Սա անգամ միստիկա չէ, Հայտնությո´ւն է:

Հարյուր մեծ կտավ մեկ միասնական ստեղծագործություն են կազմում, որ պատկերում են Քրիստոսի և հակաքրիստոսի, Բարու և Չարի հավերժական պայքարը. եռագլուխ հրեշը յաթաղաններով միանգամայն կոնկրետ պատմական դեմքեր է ներկայացնում` երիտթուրքական կառավարության չարագույժ եռապետության գլխավորներին` Թալեաթին, Էնվերին և Ջեմալին: Բայց գեղանկարիչը լավ էր հասկանում, որ փշոտ կենսագրության փիլիսոփայությունը չի կարող կենտրոնանալ միայն ազգային ճակատագրի շրջանակում. հրեշի կողքին, նույն գանգերի բուրգին, տեղ է գտել հիդրան` Հիտլերի, Ստալինի և Պոլ Պոտի կերպարներով. համակենտրոնացման ճամբարների և ԳՈւԼԱԳ-ի, Բարդուղիմեոսյան գիշերվա տարրերը, ատոմային էլեկտրակայանների ուրվագծերը միահյուսվում են կյանքի հանդեսում` Կանանց սրահում...

Գեղանկարչության մեջ նա ասեղնաբույժ էր. «քանդում» էր անոթային շարանի վերջին պտույտին չհասած երփներագ հոգիների կծիկները: Նրա կտավները մասուրի բույր ունեն, որ աճում է թփերով` քարքարոտ հողում: Գառզուն իններորդ տասնամյակն էր գլորում, երբ որոշեց խոստովանել սեփական փիլիսոփայության մասին... Վարպետին հաջողվեց փայլուն կերպով և ժամանակին իրականացնել դա` 2000թ. օգոստոսի 12-ին: Աստված ընդունեց Մարսակ-սյուղ-Լիլի առանձնատանը մեկուսացած ֆրանսիացի մեծ գեղանկարչի ինքնագիրը...

Share    



Գնահատում

Ինչպե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am