Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Պատմություն

Պատմություն
Նոյեմբեր 2008, N 8

ԱՅՐՈՒՄՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՇԱՀՍԵՎԱՆՆԵՐ. ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԽՈՐԽՈՐԱՏՆԵՐՈՒՄ

Ակներև փակուղին, որի մեջ այսօր հայտնվել են ադրբեջանցիները սեփական ազգային ինքնագիտակցության որոնման և այն գտնելու գործընթացում, ադրբեջանական քաղաքական ընտրանուն հարկադրում է «ազգը համախմբելուն» կոչված ձևեր ու միջոցներ փնտրել: Սույն հոդվածում կփորձենք դիտարկել որոշ պատմական հարցեր, որոնք, իրենց «ներքին չլուծվածության» պատճառով, դեռևս բավական լուրջ քաղաքական գործոն են հանդիսանում:

Ինչպես միանգամայն արդարացիորեն նշում է քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը, «Ադրբեջանն այսօր գտնվում է նոր պետականության, նոր ազգի, նոր գաղափարախոսության կայացման ճանապարհին, և գործընթացները, որ ընթանում են այդ երկրում, օբյեկտիվ բնույթ են կրում»: «Կովկասյան թաթարներից» նոր` պետականակերտ ազգի ավելի մշակութային փուլի սեփական (ադրբեջանական) անցման ըմբռնման գործընթացը բավական հիվանդագին դրսևորումներ է ստանում: Դրանցից մի քանիսին անդրադառնում ենք հոդվածի վերջում:

Այս առումով առանձին կետ է այսրկովկասյան այս հանրապետության, այսպես կոչված, «տիտղոսակիր ազգի» մասին հարցը, հանրապետության, որի անվանումն իսկ` «Ադրբեջան», զուտ պատմաաշխարհագրական հասկացություն է: Եվ այնուամենայնիվ, անցյալ հարյուրամյակի առաջին կեսին միանգամայն հետաքրքիր պատմական զարգացումների արդյունքում (որոնց անդրադառնալը դուրս է մեր հոդվածի շրջանակներից)` հենց «կովկասյան մուսուլմանները» կամ «ադրբեջանական թաթարները» ձեռք բերեցին պետականության իրավունք, թեև այդ տարածքը միշտ էլ բավական խայտաբղետ էթնիկական կազմ է ունեցել: Ավելին, թյուրքերն իրենք այստեղ երբեք չեն եղել պետականակերտ տարր, քանի որ առավելապես զբաղվել են արոտավայրային անասնապահությամբ:

Սկակովի կարծիքով` այսօր «ազգի և նրա գաղափարաբանության ձևավորման անհրաժեշտ մաս է հանդիսանում, նախ` թշնամու (ռուսի, հայի, իրանցու) կերպարի ստեղծումը, երկրորդ` նոր ազգային պատմության կառուցումը, այն է` հաստատումն այն բանի, որ տվյալ տարածքում ի սկզբանե բնակվել են իրենց նախնիները և բազում դարեր պետականություն են ունեցել...»:

***

11-րդ դ. կեսին Ադրբեջանը նվաճվեց կենտրոնաասիական ծագում ունեցող թյուրքական սելջուկ ցեղերի կողմից: Նվաճումն ուղեկցվում էր բնակչության զանգվածային տեղաշարժերով: Օղուզ  և նրանց հարող թյուրքալեզու այլ ցեղեր վերաբնակվում էին սելջուկյան դինաստիայի հովանու ներքո, և այդ պատճառով էլ նրանց «ամրագրվեց» «սելջուկ» հավաքական տերմինը: Այս անվանումն աստիճանաբար փոխարինեց «օղուզ» տերմինին, թեև աղբյուրներում հանդիպում է նաև դրանց համաժամանակյա կիրառումը:

Ներկայում քչերն են կասկածի տակ դնում ժամանակակից թուրք ազգի ազգածագման մեջ բազում ժողովուրդների (որոնք պատմականորեն բնակվել են Հայկական լեռնաշխարհում, Անատոլիայում, Լևանտում, Միջագետքում, Բալկաններում) մասնակցության փաստը: Այս գործընթացին եվրոպոիդ   ռասայի ներկայացուցիչների մասնակցության արդյունքում էլ հենց արմատական փոփոխության է ենթարկվել տարածաշրջան ներխուժած մոնղոլոիդների ֆենոտիպը: Ուշադրություն դարձնելով այս հանգամանքին` շատ վերլուծաբաններ շրջանցում են այն փաստը, որ ժամանակակից ադրբեջանական (ներկա նշանակությամբ) ժողովրդի կայացման գործում մասնակցություն են ունեցել ոչ միայն թյուրքական տարբեր ցեղերը` այրումները, կարափափախները, աֆշարները, շահսևանները, բայաթները և այլն, այլև տեղական հնդեվրոպական ու կովկասյան էթնոսները:

Ժամանակակից թյուրք-ադրբեջանցիների ազգածագման հարցը ծայրահեղ քաղաքականացված է և հենց դրա համա էլ այն կազմող յուրաքանչյուր ժողովրդի պատմությունը տարբեր կերպ է մեկնաբանվում: Հատկանշական է առավել խոշոր ցեղային միություններից մեկի` այրումների գիտական ներկայացման օրինակը:

Այրումներն ազգագրական խումբ են, որոնց բնակության վայրն անցյալում տարածվել է պարսկա-թուրքական սահմանից (Ուրմիա լճի շրջանը, Խոյի, Մակուի, Սալմաստի շրջակայքը) մինչև արդի Ադրբեջանի արևմտյան սահմանները (Ղազախ, Աղստաֆա): Ադրբեջանցի հետազոտող Մ. Վելիևի (Բահարլը) կարծիքով` այրումների նախնիները փոքրասիական թյուրքեր էին, որոնք 1301թ. Անատոլիայում իրենց պետության կործանումից հետո ապաստան գտան Այսրկովկասի սահմաններում (Велиев М. Г. (Бахарлы). Азербайджан: Физико-географический, этнографический и экономический очерк. Баку, 1921): Այրումների` որպես ավելի ուշ Կովկաս եկածների մասին հիշատակություններ կան հայտնի արևելագետ Վ. Մինորսկու և պատմաբան Ի. Մեշչանինովի աշխատություններում: Նրանք կարծում էին, որ այրումները տեղափոխվել են Պարսկաստանից 17-րդ դ. պարսկա-թուրքական պատերազմի ժամանակ:

Ի հակակշիռ միգրացիոն այս տեսությունների էին հանդես գալիս խորհրդային շրջանի ադրբեջանցի գիտնականներ Ա. Ալեքպերովը և Ք. Քարաքաշլըն, որոնք առաջ քաշեցին այրումների բնիկ լինելու մասին թեզիսը, որը, սակայն, նրանցից յուրաքանչյուրը յուրովի էր հիմնավորում:

Քարաքաշլըն, մասնավորապես պնդում էր, որ այրումներն «իրենց ազգագրական և հասարակական-տնտեսական կենցաղով տարբերվում են հարթավայրային թյուրքերից այնքան, որքան լեռնցին կարող է տարբերվել առանցուց, այսինքն, հարթավայրի բնակչից» (Каракашлы К. «Об айрумах». Известия Общества обследования и изучения Азербайджана, Баку, 1929, №8): Այրում էթնոնիմը, Քարաքաշլըի կարծիքով, կարող էր ծագել «բնակչության մի մասի տարածքային շրջանը փոխելու կամ հեռանալու, ավելի ճիշտ` մյուս մասից առանձնանալու և նոր վայրում առանձին խմբերով կամ ընտանիքներով բնակվելու արդյունքում» («առանձին»-ը թաթարերեն «այրը» է, այստեղից էլ` «այրըմ». իրենց այսպես են անվանում այրումները): Քարաքաշլըն եզրակացնում է, որ այրումները «հողագործ-անասնապահ հարթավայրային բնակիչների մաս» են, որոնց ծագումը պետք է փնտրել «ոչ թե ինչ-որ «Ռումիում», այլ հենց Կովկասի և, մասնավորպես, Ղազախի գավառի սահմաններում, որտեղից այրումների մեծ մասը տեղափոխվել է Քոշքարի և Քյափազի լեռները»:

Ալեքպերովն այլ եզրակացության է եկել. այրումների նյութական և հոգևոր մշակույթում ակնհայտորեն երկու տարատեսակ մշակութային շերտեր են ուրվագծվում. նստակյաց երկրագործական, որի արմատները գտնվում են տեղի էթնիկ միջավայրում, և եկվոր անասնապահական` կապված Ադրբեջանում թյուրքական քոչվոր ցեղերի ի հայտ գալու հետ (Алекперов А. «У айрумов». Извезтия Общества обследования и изучения Азербайджана, Баку, 1928, №5):

Ըստ նրա վարկածի` այրումների նստակյաց նախնիները` հին աղվանները, միջին դարերի սկզբում, երկրամասի քրիստոնեացման գործընթացում ընկել են հայ եկեղեցու ուժեղ ազդեցության տակ և զգալի չափով ձուլվել հայերի հետ: Դա, Ալեքպերովի կարծիքով, հաստատվում է հայերեն վիմագրություններ ունեցող հին տաճարների ավերակների առկայությամբ, որոնք պահանվել են «մինչև մեր օրերը այրումյան լեռներում: Սակայն 5-րդ դ. Քաղկեդոնի եկեղեցական ժողովը հայերին ու ավղաններին բաժանեց երկու թշնամական ճամբարի. միաբնակների կամ քաղկեդոնականների` հունական ուղղափառության պաշտպանների, և երկբնակների կամ հակաքաղկեդոնականների` հին հայկական եկեղեցու կողմնակիցների, որոնցից առաջինները Բյուզանդիային իրենց նվիրվածության համար խոսակցական լեզվում ստացան հայ-հոռոմ մականունը, այսինքն, «հայ-հույներ»: Հայաստանում քաղկեդոնականները փոքրամասնություն մնացին և ստիպված եղան հետագայում հեռանալ երկրից. Ալբանիայում (Կովկասյան Ալբանիա) նրանք անհամեմատ ավելի շատ էին: Հաջորդ դարերում Ադրբեջանի թյուրքականացումն ու իսլամացումը հանգեցրին քրիստոնեական կրոնի իսպառ վերացմանը, հայ-հոռոմ տերմինի սկզբնական իմաստի մոռացմանը, որը կրճատված այրում ձևով պահպանվել է մինչև մեր օրերը, որպես բնիկ` արդեն լեզվով թյուրքական և կրոնով մուսուլմանական բնակչության մի մասի անվանում»:

Ուշագրավ է, որ խորհրդային ժամանակների ադրբեջանցի պատմաբանը անգամ չնայած իր մոտեցումների միտումնավորությանը, հավանական է համարում հայ էթնիկ տարրի մասնակցությունն արդի ադրբեջանցիների ազգածագմանը: Նման դիրքորոշում ուներ նաև ազգագրագետ Վ. Կոբիչևը (Кобычев В. П. «Айрумы». Сов. этнография, 1962, №3): Իր աշխատությունում նա առաջ է քաշել այն հիպոթեզը, որ հիմնվում է Հայաստանի հետ «արևմտյան Ադրբեջանի» բնակչության մշակութային և քաղաքական սերտ հարաբերությունների առկայության փաստի վրա:

«Այստեղ տարածված էր գրիգորյան ուղղության քրիստոնեությունը, դպրություն գոյություն ուներ` կառուցված հայերեն այբուբենի հետ ընդհանուր տառագրական հիմքի վրա: Հայերը կազմում էին երկրամասի բնակչության զգալի մասը` գլխավորապես զբաղեցնելով լեռնոտ տեղանքները (Ղարաբաղի սարահարթ, Արցախ հինավուրց մարզ), այն դեպքում, երբ բուն բնակչությունը (աղվանները) առավելապես հաստատվում էր հարակից լեռնահարթում` Առանում: 591թ., Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև Հայաստանի երկրորդ բաժանման ժամանակ, արևմտյան Ադրբեջանի տարածքով էր անցնում սահմանը, որը հայ բնակչության մի մասին աղվանների հետ միասին բաժանում էր երկրի մնացած բնակչությունից: 591թ. բաժանումը հետագայում ամրագրվեց 628թ. Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև պայմանագրի ստորագրմամբ և գոյություն ունեցավ մինչև Սասանյան կայսրության անկումն ու Այսրկովկաս արաբների արշավանքը, այսինքն, համարյա մինչև 8-րդ դ. վերջը »:

Կոբիչևի կարծիքով` հենց այս պայմաններում, հատկապես սահմանամերձ գծում էլ կարող էր ձևավորվել հայ-րում (կամ հայերեն հնչողությամբ`հայ-հոռոմ) նոր էթնիկական անվանումը` որպես տարբերակիչ մականուն ավտոխտոն բնակչության այն մասի համար, որը բաժանումից հետո հայտնվել էր Բյուզանդական կայսրության սահմաններում: Ընդ որում` ըստ հեղինակի վարկածի` նոր անվանումը հավասար չափով կարող էր կիրառվել ինչպես ժողովրդին անվանելու, այնպես էլ նրա զբաղեցրած տարածքը նշելու համար, ինչպես դա եղել է, օրինակ, «հույներ» անվանման պարագայում` հին Ռուսաստանում կամ «ուռում»-ի դեպքում` Արևելքում:

Պարսկական և բյուզանդական կայսրությունների միջև Հայաստանի բաժանման արդյունքում ստեղծված նոր քաղաքական իրավիճակն արտացոլվել է և´ պատմական գրականության, և´ երկրամասի տեղանունների մեջ: Այսպես, արաբ գիտնական Խվ. Բալաձորին Ադիրբեյջան նահանգում հիշատակում է «Ուռումի մարզը», որտեղ արաբները ստիպված են եղել ճնշել հայերի և նահանգի մյուս ժողովուրդների ապստամբությունը: «Իսկապես, այրումների նախնական բնակության վայրերի տոպոնիմիայի ուշադիր ուսումնասիրությունը ի հայտ է բերում ռում արմատով աշխարհագրական անվանումների զգալի քանակություն. Ուռումբազար սարը և բնակատեղին, Ուռումաբազարչայ գետը Շահդաղի, Մռովդաղի և Զանգեզուրի լեռնաշղթաների միակցման տեղում, Ուռումիս սարը Սևանից հարավ, Այրումչա սարը և Այրում երեք գյուղերը, Գյուլյաձարայրումը, Չարվադարաաուրումը, Այրումի յայլա անունը կրող տեղանքը Ղարաբաղի լեռնաշխարհի հյուսիսային մասում, Քռի ափին գտնվող Չոիրում և Ղազախում գտնվող Հեյրում գյուղերը և այլն: Այս բոլոր տեղանունները կենտրոնացված են համեմատաբար սահմանափակ տարածքում, որը նեղ շերտով ձգվում է Քռի հարավային ափից, Ալազանի և Իորի գետերի միախառնվելու տեղից մի փոքր ավելի բարձր շրջանում, Ղարաբաղի լեռներով դեպի Նախիջևան: Այս տարածքից դուրս նման անվանումներ չեն հանդիպում... Կարելի է գալ այն եզրահանգման, որ այրումները հայացված աղվանների և հայերի մի մասի (որոնք 6-րդ դ. վերջին Հայաստանի բաժանումից հետո հայտնվեցին բյուզանդական կողմից սահմանային շրջանում և որոնց համար կիրառվում էր այրում անվանումը, որ նշանակում էր Բյուզանդիային հպատակ հայ) թյուրքացված և իսլամացված սերունդներն են»:

Ժամանակակից թյուրք-ադրբեջանցիների ազգածագման մեկ այլ կարևոր բաղադրիչ են շահսևանները: Կան վարկածներ այն մասին, որ 16-րդ դարավերջին այրումները բաժանվել են երկու մասի, ընդ որում` մի մասը վերաբնակվել է Պարսկական Ադրբեջանում և այստեղ ստացել «շահսևան» անվանումը:«Պարսկական Ադրբեջան անցած Այրումներն այստեղ զբաղեցրել են Արդեբիլի նահանգը` շահական անվանումով: Այստեղից հետագայում նրանք անցել են Այսրկովկասի սահմանները և սկզբնապես հաստատվել Մուղանում, այնուհետև ցրվել են ժամանակակից Ադրբեջանի տարածքով: Պարսկական Ադրբեջան է եկել շահսևանյան ավելի քան 3 հազար գերդաստան` Յունիս փաշայի գլխավորությամբ: Վերջինի թոռներ Բեյդալի-բեկից և Կոջաբեկից առաջացան նրանց սերունդները` բեյդիլի և խոջալի: Բեյդիլիներից հետագայում առանձնացան մի քանի սերունդներ, որոնցից Ադրբեջանում ապրում են քարաքասումլըները, փոլաթլըները, դիմիրչիները, խալիֆելիները, ուդյուղլըները, մուրադլըները, զարգյարները և միլլիները»:

Այս առումով հատկանշական է, որ ազգագրական գիտության մեջ լայնորեն տարածված է կարծիքն այն մասին, որ «շահսևեն կամ շահսևան անվանում էին այլացեղ քրիստոնյաներին, որոնք կամովին մահմեդականություն էին ընդունել: Նրանք աչքի էին ընկնում կրոնական ծեսերը կատարելու հատուկ ջանասիրությամբ և շահին հավատարմությամբ, ինչի համար էլ նրանց շահսևան (շահասեր) են անվանել»: Այս որակումը, իր հերթին, ներգրվում է Արևելյան Այսրկովկասի քրիստոնյաներից` հայերից և աղվաններից շահսևանների ծագման մասին հիպոթեզի համատեքստում:

Այն ցեղերի էթնոնիմների ուսումնասիրությունը, որոնք 11-12-րդ դդ. ընթացքում կարևոր դեր են խաղացել ժամանակակից ադրբեջանցիների ազգածագման մեջ, թույլ է տալիս ստանալ վերաբնակված ցեղերի ճակատագրի, նրանց տարածման և նստակյաց դառնալու հետ կապված հարցերի պատասխանները: Տեղանունները, որոնց ի հայտ գալն Այսրկովկասում կարելի է վերագրել 11-12-րդ դդ., տարածաշրջանի էթնիկ պատմության կարևոր փուլն են ներկայացնում` կապված օղուզների և թյուրքալեզու այլ շերտերի հետ:

Ժամանակակից ադրբեջանցիների էթնոսը կազմող ցեղերի մեջ գիտնականներն առանձնացնում են նաև սելջուկյան շամլը (կիսալեգենդային ավանդության համաձայն` այն առաջացել է փոքրասիական գերիներից, որոնց Թիմուրը գերել էր Անկարայի մոտ տեղի ունեցած ճակատամարտից հետո և հանձնել սեֆյան շեյխ Խոջա Ալիին, ով նրանց բնակեցրել էր Ադրբեջանում), քարամանլը (անվանումը ստացել է Քարամանլը ինքնուրույն իշխանությունից, որը ձևավորվել էր Անատոլիայում սելջուկյան սուլթանության փլուզման արդյունքում), այդըն և այլ ցեղերը:

13-րդ դ. սկզբին մոնղոլների ճնշման տակ ադրբեջան եկավ պոլովցիների թյուրքական ցեղը կամ կումանները: 11-րդ դ. երկրորդ քառորդին նրանք դեռևս զբաղեցնում էին Վոլգայի ու Դոնի միջև ընկած տափաստանները, բայց 13-րդ դ. հետ մղվեցին դեպի հարավ: Նրանց մի մասը հաստատվեց ներկայիս Ադրբեջանի տարածքում, որտեղ խառնվեց թյուրքական այլ ցեղերի հետ` իր մասին հուշ թողնելով միայն երեք գյուղերի Կումանլը անվանումը Լենքորանի շրջանում: Այդ ժամանակ էլ մոնղոլ նվաճողների հետ եկավ բայաթ ցեղը (դեռևս 11-րդ դ. այս ցեղը հիշատակվում է 24 հին օղուզական ցեղերի թվում): Սկզբում այն բնակություն հաստատեց Փոքր Ասիայում, որտեղ միախառնվեց այլ սելջուկ ցեղերի հետ, բայց 15-16-րդ դդ. սահմանագծին ձուլվեց ղզըլբաշների ցեղին և վերաբնակվեց Ադրբեջանում:

Ինչպես հայտնի է, 16-րդ դարից Ադրբեջանի տարածքը մտնում էր Ղզըլբաշական պետության կազմի մեջ, որը գլխավորում էր Սեֆյանների հարստությունը` ծագումով հարավային Ադրբեջանի Արդեբիլից: Սեֆյանների գլխավոր հենարանը դարձան թյուրքալեզու քոչվոր ցեղերը, որոնք պատկանում էին կայ կոչվող և արևմտյան Թուրքեստանում ապրող առանձին թյուրքական ճյուղի (սպիտակ գուներ): Գլխավոր ցեղեր էին համարվում քաջարները, ավշարները, ուլղուդարները, չոբանները, բահարլըները, պադարները, ուստաջալըները, լյակերը, հալիլները, սոր-սորները, շեմերը (շաղաղ), օսալուները, զենգենեները, արմալուները:

Տեղեկանք. Ղըզլբաշները (թյուրք. կարմիր գլուխներ) թյուրքական ցեղերի միավորում է, որ Իրանի, Անատոլիայի և արդի Ադրբեջանի տարածք են քոչել 15-16-րդ դդ.: Լինելով շիա մահմեդականներ` ղզըլբաշները գլխափաթթոց էին կրում 12 բոսորագույն զոլերով` ի հիշատակ 12 շիա իմամների (այստեղից էլ ծագել է անվանումը). նրանք սովորություն ունեին նաև սափրել գլուխները և մորուքները` մազափունջ և երկար բեղեր թողնելով: Ղզըլբաշները համախմբվեցին սեֆյանների սուֆիական միաբանության շուրջը, որոնց շեյխերը նստավայր ունեին Արդեբիլում: 1502թ. ղզըլբաշները, ջախջախելով Ակ-կոյունլուների պետությունը, Իրանի գահին բազմեցրին իրենց շեյխ Սեֆյան Իսմայիլին: Վերջինս ցեղին տվեց «շահսևան» («շահին սիրող») անվանումը: Այդ պատճառով Սեֆյան Իրանը հաճախ անվանել են «ղզըլբաշների պետություն», օրինակ, այն ժամանակվա ռուսական փաստաթղթերում: Ղզըլբաշները նույնպես ադրբեջանական ժողովրդի մաս են կազմել:

***

Այսպիսով, «ադրբեջանցի» տերմինը օբյեկտիվորեն էթնոնիմ չէ, այլ հավաքական անվանում, որ կիրառվել է տարբեր ժողովուրդների նկատմամբ, որոնք բնակեցրել են սույն տարածքը: Այս առումով «ադրբեջանցի» են և´ հայերը, և´ կովկասյան թաթարները, և´ թալիշները, և´ լեզգիները, և´ ռուտուլները, ուդիներն ու թաթերը, և´ պատմական Ատրպատական-Ադրբեջան նահանգի մյուս ժողովուրդները:

Կովկասյան թաթարներն այսօր շարունակում են դեգերել սեփական «ես»-ի նույնականացման որոնումների թավուտներում: Դա որքան խոցելի, նույնքան էլ վտանգավոր երևույթ է, քանի որ առասպելաբանական պատմությունը, որպես կանոն, միշտ էլ լեգենդային «փաստերի» ավելի իրեղեն հիմնավորումներ է պահանջում, այդ թվում և պատերազմներ մղելու ճանապարհով:

Հայտնի է, օրինակ, որ Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը, չնայած անգամ թուրքերի և ադրբեջանցիների դավանական տարբերություններին, նրանց լիակատար նույնականացման պետական քաղաքականություն էր վարում: 1992թ. այդ հանրապետության Միլի մեջլիսն ընդունեց օրենք լեզվի մասին, որում ադրբեջաներենը վերանվանվեց թյուրքերեն: Թյուրքականությունը պետական գաղափարախոսության վերածելու Էլչիբեյի ռեֆորմն Ադրբեջանում պատշաճ ընկալում չստացավ: Զուտ խորհրդային ազգի ներկայացուցիչ լինելով` շարքային «ադրբեջանցին» (արդի ըմբռնմամբ) հոգեբանորեն պատրաստ չէր այդքան արագ և միակողմանիորեն վերամարմնավորվելուն: Հենց այդ պատճառով էլ ազգայնականորեն տրամադրված նախագահի քաղաքականությունն առաջացրեց հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների դժգոհությունը, որը շուտով հանգեցրեց այն բանին, որ Ալի Աքրամ Գումբատովը հռչակեց Թալիշ-մուղանյան Հանրապետությունը:

Այս պարագայում կարևոր է այն, որ Էլչիբեյի արմատականությունն ի ցույց դրեց իր ղեկավարած հասարակության անկայունությունը: Հատկանշական էր նաև Թուրքիայի արձագանքը. պաշտոնական Անկարայի ղեկավար Թուրգութ Օզալը, որն, ինչպես հայտնի է, մարտնչում էր Հայաստանի դեմ ռազմական ուժ կիրառելու համար, այնուամենայնիվ, 1993թ. ապրիլին, հանդես գալով Բաքվում, հայտարարեց. «Ադրբեջանցիները մեր բարեկամներն են, ես կասեի` ազգականները: Միջազգային ասպարեզում մենք միշտ պաշտպանում ենք մեր ադրբեջանցի եղբայրներին, բայց ոչ ոք դրանից ավելիի հույս չպետք է ունենա»: Ազգային ինքնագիտակցության որոնման և վերջնական ձեռքբերման  ցավագին գործընթացը շարունակվել է նաև Հեյդար Ալիևի օրոք: 1995թ. Սահմանադրության մեջ հանրապետության պետական լեզուն կրկին վերանվանվեց ադրբեջաներեն:

Այսպիսով, մերօրյա ադրբեջանցիները մինչ օրս դեգերում են սեփական ծագման էթնիկ խորխորատներում և հաճախ կտրում են իրենց իսկ տոհմածառի ճյուղերը, որոնց վրա, ի դեպ, նստած են: Եթե խորհրդային պատմության սկզբնական շրջանում ինչ-որ կերպ հավանական էր համարվում հայ տարրի (ըստ վարկածներից մեկի` այրումների) մասնակցությունը ադրբեջանական ժողովրդի ազգածագմանը, ապա ներկայում այդ հարցը քննարկման ենթակա չէ: Խեղաթյուրված պատմագրությունն այսօր այն գլխավոր մեխանիզմն է, որը կոչված է նպաստելու «կովկասյան թաթարների» համախմբմանը, նրանց գիտակցության մեջ ազգային ինքնազգացողության առաջին ծիլերի գոյացմանը:

«Որպես ադրբեջանական պետականության «նախորդ» են համարվում Մարաստանը և Ատրոպատենան, ինչպես նաև ավելի վաղ ժամանակների Մաննա պետությունը,- նշում է Սկակովը:- Որևէ կերպ չի կարելի ապացուցել, որ այդ պետությունները թյուրքալեզու են եղել, դրա համար էլ հաշվարկը կատարվում է տվյալ տարածքում թյուրքերի բազմադարյա, հնարավոր է` էլ ավելի երկար բնակության ապացուցման վրա: Եվ դա` այն դեպքում, երբ մինչև 11-13-րդ դդ. տարածաշրջանում էական թյուրքական տարրի կամ թյուրքական լեզուների նշանակալի դերի մասին խոսելն անհնար է թվում. թյուրք են հայտարարվում սկյութները, քիմերները և սակերը, ինչպես նաև աղվանները: Արվում է նաև եզրահանգումը, թե ադրբեջանական ժողովուրդը 11-13-րդ դդ. սելջուկ-օղուզների ի հայտ գալու ժամանակ արդեն ձևավորվել էր»:

Share    



Գնահատում

Ինչպե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am