Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Պատմություն

Պատմություն
Նոյեմբեր 2008, N 8

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. ՄԵԿ ՔԱՅԼ ՀԵՏ, ԵՐԵՔ ՔԱՅԼ ԱՌԱՋ

Արիս Ղազինյան, «Ազգային գաղափարի» գլխավոր խմբագիր

Ճակատագիրն այնպես տնօրինեց, որ անցյալ հարյուրամյակի երեք քառորդի ընթացքում՝ պատմական առումով չնչին մի ժամանակահատվածում, Հայաստանի ներկայիս տարածքում միմյանց փոխարինելով առաջ եկան երեք հանրապետություններ։ Ցավոք, յուրաքանչյուր հաջորդ հանրապետության իշխանություն, հակառակ ժողովրդի կողմից իր պատմության՝ որպես շարունակական գործընթացի զգացողության, փորձում էր, ելնելով այսրոպեական գաղափարաբանական ու քաղաքական նկատառումներից, արատավորել, խեղաթյուրել, լավագույն դեպքում՝ մոռացության մատնել ընդհանուր ազգային անցյալը։ Սրանում էլ, ըստ էության, պետք է փնտրել մեր շատ դժբախտությունների աղբյուրը։ Ընդ որում՝ «հետադարձ հայացքի» սկզբունքն, ըստ էության, անփոփոխ է մնացել. Երկրորդ հանրապետության հանդեպ Երրորդի՝ ստի ու հերյուրանքի վրա հիմնված պաշտոնական վերաբերմունքն Առաջինի նկատմամբ Երկրորդ հանրապետության համապատասխան մոտեցումների հայելային արտացոլումն է։

Սեփական անցյալի նկատմամբ ագրեսիվ-ժխտողական նման վերաբերմունքի բերած չարիքը միայն այն չէ, որ ամեն մի նոր հանրապետության հետ խորանում է դիմակայությունը հայ հասարակության մեջ. հնարավոր է՝ դա որոշակի չափով պատմական անհրաժեշտություն է։ Ավելի կարևորն այն է, որ մանկուրտությունը թույլ չի տալիս մեզ սթափ և օբյեկտիվորեն, ելնելով մեր ազգային շահերից, ընկալել սեփական անցյալի փորձը, անհրաժեշտ դասեր քաղել նրանից, գնահատել այն լավագույնը, ինչին ձգտել և ինչ հասցրել են անել մեր նախորդները և չկրկնել նրանց ողբերգական սխալները:

 ***

1921թ. հուլիսի 2-3-ին Թիֆլիսում տեղի ունեցավ ՌԿԿ Կովկասյան բյուրոյի պլենումը` Ստալինի մասնակցությամբ, որը քննարկում էր Անդրկովկասյան հանրապետությունների անկախության կարգավիճակի հարցը: Պլենումում Ստալինը հայտարարեց, որ նախատեսվում են ազգային ինքնավարության չորս աստիճաններ.

ա) զուտ վարչական ինքնավարություն,

բ) ինքնավար հանրապետություններ,

գ) հանրապետությունների փոխպայմանավորվածություն,

դ) լրիվ անկախ հանրապետություններ:

Ինքն անձամբ հանդես եկավ հանրապետություններին անկախության լրիվ կարգավիճակ տալու օգտին` ելնելով միանգամայն պրագմատիկ նկատառումներից. «Անդրկովկասի այդ երեք հանրապետությունները մյուսներից տարբերվում են նրանով, որ ազգային կառավարության գոյության երեք տարիներն իրենց որոշակի կնիքն են թողել, դաստիարակության հետքերը մնացել են, և խորհրդայնացմամբ դրանք անմիջապես չես վերացնի, դրա համար էլ ստիպված եղանք գնալ կողմնակի ճանապարհներով: Դրանով նրանք տարբերվում են մնացած հանրապետություններից»:

Վերջին հաշվով, բոլշևիկյան Ռուսաստանն ընդունեց որոշում անդրկովկասյան հանրապետություններից յուրաքանչյուրի անկախության ճանաչման մասին (Խորհրդային Միությունն այն ժամանակ դեռ գոյութուն չուներ), ինչն, ըստ էության, դարձավ պետականության երկու ձևերի հաջորդայնության պաշտոնական վավերացումը:

Առաջին հանրապետությունը դարձավ Խորհրդային Հայաստանի կազմում Հայաստանի` որպես միութենական հանրապետության, գոյության հիմքը, որտեղ հաջորդ տասնամյակներին բարենպաստ պայմաններ ստեղծվեցին հայերի համախմբման, ժողովրդական տնտեսության, գիտության, մշակույթի, կրթական համակարգի սրընթաց զարգացման համար, առանց որի 1991թ. անհնար կլիներ Հայաստանի անկախ Հանրապետության հռչակումը:

***

1920թ. նոյեմբերի 29-ի վաղ առավոտյան Հայաստանի Հեղափոխական կոմիտեն, բոլշևիկյան բանակի ստորաբաժանումների հետ միասին, մտավ Իջևան և քաղաքում խորհրդային իշխանություն հաստատեց: Նույն օրն այն հրապարակեց Հայաստանը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն հռչակելու մասին դեկլարացիան:

«Հայաստանի ապստամբած զանգվածների կամքով և ցանկությամբ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն այսօրվանից Հայաստանը հայտարարում է Սոցիալիստական Սովետական Հանրապետություն...

Հայաստանի ազատ Սովետական Հանրապետության կարմիր դրոշը վշտի ու հուսահատության վիհից կհանի նրա աշխատավոր զանգվածներին: Հաղթական Ինտերնացիոնալի առաջին հնչյունների ներքո առհավետ կանհետանա Հայաստանը կրծող ցեղային և ազգային երկպառակությունների ուրվականը և ժողովուրդների եղբայրություն կհաստատվի նրանց ամենօրյա աշխատանքային կյանքում: Սովետական Հայաստանի գյուղացիությունն աշխատանքային օգտագործման համար կստանա բեկերին, խաներին ու մելիքներին, ինչպես նաև վանքերին, եկեղեցիներին ու մզկիթներին պատկանող ամբողջ հողը: Ժողովրդին կտրամադրվեն անտառի բոլոր հարստությունները, ընդերքի, գետերի ու լճերի հարստությունները` Հայաստանի ողջ աշխատավորության կարիքները բավարարելու համար: Այդ նույն նպատակի համար Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության սեփականություն կհայտարարվեն քիչ թե շատ խոշոր բոլոր ֆաբրիկաներն ու գործարանները, և արարողներն ու բանվորները կդառնան ազատ աշխատանքի տերերը... Աշխատավոր մտավորականությունը լիակատար հնարավորություն կստանա սովետական շինարարության մեջ գործի դնել իր փորձն ու մտավոր ուժը...

Իշխանության ողջ պատասխանատվությունն ու ծանրությունը ստանձնելով երկրի համար աննախադեպ այս լուրջ պահին` մենք կոչ ենք անում Հայաստանի ժողովրդական ուժերին աջակցել մեզ բանվորագյուղացիական իշխանության թշնամիների դեմ պայքարում և անդուլ ստեղծագործ սովետական աշխատանքում»:

Նոյեմբերի 30-ին ապստամբները գրավեցին Դիլիջանը: Հայաստանի Հեղափոխական կոմիտեն այստեղից հեռագիր ուղղեց ՌԽՖՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Վլադիմիր Լենինին` ապստամբներին օգնություն ցուցաբերելու խնդրանքով: Հեռագրում ասվում էր. «Թող հայտնի լինի համաշխարհային հեղափոխության առաջնորդին, որ Դիլիջանի և Քարվանսարայի շրջանների գյուղացիները, վրդովված դաշնակցական կառավարության հանցավոր քաղաքականությունից և երկրում խորացող անարխիայից, ապստամբության դրոշ են բարձրացրել: Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն անմիջապես ստանձնեց այդ տարերային շարժման ղեկավարությունը և ստեղծեց Հայաստանի Հեղկոմը` Հայաստանը հայտարարելով Սոցիալիստական Սովետական Հանրապետություն: Հասցվեց առաջին հարվածը. Դիլիջան քաղաքը մեր ձեռքում է: Ոգևորված ապստամբները նետվում են առաջ ատելի թշնամուն` Անտանտի գործակալին վերջնականապես տապալելու համար: Եվ նրանց կամքը կատարելով` մենք, Հեղկոմ կազմելով, առաջ ենք շարժվում, հույսով լի, որ Արևելքի հալածված ազգերի ազատարար, սոցիալիստական մեծ Ռուսաստանի հերոսական Կարմիր բանակը մեզ իրական օգնություն ցույց կտա մեր այս դժվարին պայքարում: Հայաստանի բոլոր բանվորների ու գյուղացիների անունից մենք խնդրում ենք Սովժողկոմին ցուցաբերել այդ օգնությունը»:

Հայ խորհրդային պատմագրությունը սիրում էր վկայակոչել այս դիմումը: Այն մեջբերվում էր առանձնահատուկ հաճույքով, ընդ որում` անպայման նշվում էր, որ «Սովետական Ռուսաստանը, չնայած քաղաքացիական պատերազմին և ծանրագույն տնտեսական պայմաններին, անսաց հայ կոմունիստների խնդրանքին և աջակցեց նրանց ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական առումներով»: Ըստ էության՝ այդպես էլ եղել է. Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը հրամայեց այդ ժամանակ Խորհրդային Ադրբեջանում գտնվող XI Կարմիր բանակի (որի Ռազմական խորհրդում էին Սերգո Օրջոնիկիձեն, Սերգեյ Կիրովը և Անաստաս Միկոյանը) զորամասերին «օգնություն ցուցաբերել Հայաստանի հեղափոխական բանվորներին և գյուղացիներին»: 1920թ. նոյեմբերի 30-ին Օրջոնիկիձեն արդեն հեռագրեց Մոսկվա. «հայկական զորամասերն անցնում են ապստամբների կողմը, և մինչ այժմ մի կրակոց անգամ չի եղել»:

Լենինն, իհարկե, ջերմորեն ողջունում էր հեղափոխության հաղթանակն արդեն երկրորդ կովկասյան հանրապետությունում: Դեկտեմբերի 2-ին նա հեռագիր է հղում Հայաստանի Հեղկոմի նախագահ Սարգիս Կասյանի անունով, որում ասվում էր. «Հանձին Ձեզ ողջունում եմ իմպերիալիզմի ճիրաններից ազատագրված աշխատավոր Սովետական Հայաստանին: Չեմ կասկածում, որ Դուք բոլոր ջանքերը կգործադրեք եղբայրական համերաշխություն հաստատելու համար Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի աշխատավորների միջև»:

***

«Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի աշխատավորների միջև եղբայրական համերաշխության հաստատման» շեշտադրումն այն ժամանակ ամենատարածվածն էր: Լենինյան դիմումից ուղիղ երկու օր անց «Պրավդան» (N273) հրապարակեց Իոսիֆ Ստալինի նամակը` «Կեցցե´ Սովետական Հայաստանը», որում նույնպես հատուկ շեշտվել էր այս ուղղվածությունը: Եվ ոչ միայն...

«Հայաստանը, այդ բազմաչարչար ու տանջահար, Անտանտի ու դաշնակցականների ողորմածությամբ սովի, աղքատության ու փախստականության մատնված, բոլոր «բարեկամների» կողմից խաբված Հայաստանն այժմ ձեռք է բերել իր փրկությունը նրանով, որ իրեն սովետական երկիր է հայտարարել:

Ո´չ Անգլիայի` հայկական շահերի «դարավոր պաշտպանի» կեղծ հավաստիացումները, ո´չ Վիլսոնի տխրահռչակ տասնչորս կետերը, ո´չ Ազգերի լիգայի մեծ խոստումները` Հայաստանի կառավարման իր մանդատով հանդերձ, չկարողացան (և չէի´ն կարող) փրկել Հայաստանը կոտորածից և ֆիզիկական բնաջնջումից: Միայն Սովետական իշխանության գաղափարը Հայաստանին բերեց խաղաղություն և ազգային վերակենդանացման հնարավորություն:

Ահա մի քանի փաստեր, որ հանգեցրին Հայաստանի սովետականացմանը: Դաշնակցականների` Անտանտի գործակալների կործանարար քաղաքականությունը երկիրը բերում է անարխիայի և աղքատության: Թուրքիայի հետ դաշնակցականների ձեռնարկած պատերազմը Հայաստանի ծանր դրությունը հասցնում է վերջին ծայրահեղության: Հայաստանի` սովից և անօրինությունից տանջահար հյուսիսային նահանգները նոյեմբերի վերջին ապստամբում են և ստեղծում Հայաստանի հեղափոխական ռազմական կոմիտեն` ընկ. Կասյանի գլխավորությամբ: Նոյեմբերի 30-ին Հայաստանի հեղկոմի նախագահից ընկ. Լենինի անունով ողջույնի հեռագիր է ստացվում` Սովետական Հայաստանի ծննդյան և հեղկոմի կողմից Դիլիջան քաղաքի գրավման մասին հաղորդումով: Դեկտեմբերի 1-ին Սովետական Ադրբեջանը կամովին հրաժարվում է վիճելի նահանգներից և հայտարարում Զանգեզուրը, Նախիջևանը, Լեռնային Ղարաբաղը Սովետական Հայաստանին հանձնելու մասին: Դեկտեմբերի 1-ին հեղկոմը ստանում է թուրքական հրամանատարության ողջույնը: Դեկտեմբերի 2-ին ստացվում է ընկ. Օրջոնիկիձեի հաղորդումն այն մասին, որ դաշնակցական կառավարությունն Էրիվանում արտաքսված է և Հայաստանի զորքերն անցնում են հեղկոմի տրամադրության տակ:

Հիմա Հայաստանի մայրաքաղաքը` Էրիվանը, Հայաստանի Սովետական իշխանության ձեռքին է:

Հայաստանի և այն շրջապատող մահմեդականների դարավոր թշնամությունը լուծվեց մի հարվածով, Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի աշխատավորների միջև եղբայրական համերաշխության հաստատման ճանապարհով:

Թող բոլորը, ում որ հարկն է, իմանան, որ այսպես կոչված հայկական «խնդիրը», որի վրա ապարդյուն գլուխ էին կոտրում իմպերիալիստական դիվանագիտության հին գայլերը, ի վիճակի եղավ լուծել միայն Սովետական իշխանությունը:

Կեցցե´ Սովետական Հայաստանը»:

Դեկտեմբերի 6-ին Երևանում տեղի ունեցավ աշխատավորների հանրահավաք, որը ողջույնի հեռագիր ուղարկեց Լենինին. «...Մենք, մտնելով սովետական հանրապետությունների պրոլետարական ընտանիք, հետևում ենք Հոկտեմբերյան հեղափոխության հերոսական օրինակին: Հաշվի առնելով ռուս բանվորների նախկին փորձն ու ներկայում ունենալով աշխատավոր Ադրբեջանի և Ռուսաստանի օգնությունը` երիտասարդ Հայկական Սովետական Հանրապետությունը համարձակ ու անվախ նայում է ապագային` բոլորովին չկասկածելով կապիտալի նկատմամբ աշխատանքի վերջնական հաղթանակին»:

1920թ. դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հեղկոմն ընդունում է դեկրետ պետական լեզվի մասին, որի համաձայն` հանրապետության սահմաններում պետական լեզու է հռչակվում հայերենը: Դրան հաջորդում են մի շարք միջոցառումներ մշակութային շինարարության ասպարեզում. մշակութային-լուսավորական բոլոր հաստատությունների ազգայնացում, եկեղեցուց դպրոցի անջատում և այլն: Այդ ժամանակ էլ հանրապետության Հեղկոմը նամակով դիմեց Հայաստանի սահմաններից դուրս ապրող հայ մտավորականությանը. խորհրդային իշխանությունը մասնագետներին, գիտնականներին, գրականության ու արվեստի մշակներին առաջարկում էր տեղափոխվել Հայաստան և իրենց ուժերը ներդնել ի բարօրություն հայրենիքի վերածննդի:

Դիմումը որոշակի արդյունք ունեցավ: Համենայնդեպս, տարագրության մեջ գտնվող Ավետիք Իսահակյանը որոշ ժամանակ նույնիսկ տատանվում էր: Այդ մասին նա կտեղեկացնի ընկերոջը` մեծն Հովհաննես Թումանյանին, ով, սակայն... «Եվ թեև դու հարցնում ես, բայց չեմ ուզում և մանրամասն չեմ գրի մեր երկրի մասին: Կարճ կասեմ. մենք քանդեցինք այն ինչպես ներսից, այնպես էլ դրսից... Մի մասը խաբեբաներ ու սրիկաներ են, մի մասը` գողեր ու ավազակներ, մի մասը` ապաշնորհ թշվառականներ, և չկա մասսան, թեկուզև խումբը, որն իր մեջ վերածնվող պետության ոգին ու բարոյական հնարավորություններն ի հայտ բերեր: Այդքան աղետների ու զրկանքների մեջ չգտնվեց ոչ մի մեղավոր, ոչ ոք այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց... Եվ ոչ ոք նույնիսկ ինքնասպանություն գործել չհամարձակվեց, որպեսզի ապացուցի, որ գոնե ամոթ ու խիղճ ունի...»:

Հիրավի, խառնակ ժամանակներ էր ապրում Հայաստանն անցյալ դարի առաջին քառորդին: Ժամանակներ, երբ «հույսը վերջինը չէր մահանում»: Բոլշևիկյան հեռագրերի ճոռոմ ու լավատեսական լեզվով «շրջանակված»` հույսը հաճախ առաջինն էր զոհվում...

***

1917թ. հեղափոխության ժամանակ Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի փոխնախագահ Ալեքսանդր Թամանովի աշխատասենյակ խուժեց գնդացրային ժապավեններով գոտևորված մի նավաստի ու հայտարարեց, որ այսուհետ այդ բարձր պաշտոնը պատկանում է իրեն` Բալթյան նավատորմի ներկայացուցչին: Պետք է խոստովանել, սակայն, որ այդ անպատկառը ճիշտ դուրս եկավ. խորհրդային նոր պետության շինվածքը նախագծել է նաև նագանով այդ ցնցոտիավորը: Նա ատրճանակի փողը դրել է ինտելեկտի քունքին և ստիպել ծափահարել տգիտությանը: Բայց ճարտարապետը, որի հրաշագործ ձեռքերը մի փոքր այլ արհեստի էին սովոր, քան օվացիայի վերածվող բուռն, երկարատև ծափահարությունները, ընտրություն ուներ` վերադառնալ նախնիների Հայրենիքը: Նա, իհարկե, կօգտվի այդ հնարավորությունից, մանավանդ որ 1918թ. Հայաստանն արդեն քաղաքական անկախություն էր հռչակել և բոլոր հայրենակիցներին կոչ արել ներգրավվել պետական շինարարության գործին[1]:

Առաջին հանրապետության ժամանակագրությունը խորհրդային քարոզչության համատեքստում նշված կլիշեներով ներկայացնելն, իհարկե, անարգանք է պատմության հանդեպ: Պակաս անարգանք չէ նաև ասել, թե այն իր սեփական սրիկաները չուներ:

Ալեքսանդր Թամանյանը, բնականաբար, վերադարձավ նախնիների Հայրենիք: 1920թ. մայիսի 8-ին Հոգաբարձումների նախարարությանն առընթեր հիմնվեց «Գլխավոր ճարտարապետի վարչությունը»` հանրահայտ ճարտարապետի գլխավորությամբ: Ղեկավարելով իրենց գործի մեծագույն գիտակների խումբը (ընդգրկված էր նաև շինանյութերի գծով նշանավոր մասնագետ, երկրաբան Այվազյանը)` Թամանյանը հենց այդ ժամանակ սկսեց աշխատել Երևանի, և ոչ միայն մայրաքաղաքի, նոր Գլխավոր հատակագծի վրա: Վարչությունը նախագծում էր գյուղերի, ինչպես նաև դպրոցների, հիվանդանոցների, մշակույթի տների, պետական ու հասարակական շենքերի ճարտարապետությունը` ազգային ճարտարապետական արվեստի լավագույն ավանդույթներով: Զուգահեռաբար աշխատանք էր տարվում քաղաքային առաջին բուժարանի հիմնանորոգման, միկրոկենսաբանական կենտրոնի, գաջի գործարանի շինարարության ուղղությամբ և այլն: Այն հետազոտում և համակարգում էր միջնադարյան հայկական ճարտարապետության բոլոր հուշարձանները Անիի շրջանում և իր հսկողության տակ էր վերցրել դրանց պահպանությունը:

Ճարտարապետը Երևանում ամբողջովին կլանվում է հայոց մայրաքաղաքի Գլխավոր հատակագծի աշխատանքով. մայրաքաղաքի քաղաքապետարանում ունեցած պաշտոնը նպաստում է արդյունավետ աշխատանքի գործընթացին, և ճարտարապետը գործնականում ավարտում է նախագիծը: Մշակված Գլխավոր հատակագծին համապատասխան` սկսվում է հին քաղաքի նոր կյանքը, որը, սակայն, կանգ է առնում... հանրապետության խորհրդայնացմամբ. մեծն Թամանյանը կրկին ստիպված է փախչել հրացանավոր մարդուց, նրան փրկում և Պարսկաստան է ուղարկում Գարեգին Նժդեհը: Ճարտարապետը Հայաստան կվերադառնա մի փոքր ավելի ուշ, երբ խորհրդային ղեկավարությունը համագործակցության ձեռք կմեկնի «բուրժուական մասնագետներին»:

Բայց խորհրդային պատմագրությունն ամեն ինչ այլ կերպ էր ներկայացնում: Պնդվում էր, թե ճարտարապետը Հայաստան է տեղափոխվել 1923թ.` նրա խորհրդայնացումից հետո միայն, և միայն այդ ժամանակ է, որ ձեռնամուխ է եղել Երևանի Գլխավոր հատակագծի կազմմանը:

Հիրավի, խառնակ ժամանակներ էր ապրում Հայաստանը: Այս պայմաններում էր ստեղծվում խորհրդային պետական ապարատը: 1920թ. դեկտեմբերին ժողովրդական տնտեսության և պետական կառավարման տարբեր ճյուղերի ղեկավարության համար ստեղծվեցին Խորհրդային Հայաստանի ժողովրդական կոմիսարիատները: Երկրագործության ժողովրդական կոմիսար նշանակվեց Ս. Կասյանը, ներքին գործերի և արտաքին առևտրի ժողովրդական կոմիսար` Ի. Դովլաթյանը, արտաքին գործերի ժողովրդական կոմիսար` Ա. Բեկզադյանը, ռազմական գործերի ժողովրդական կոմիսար` Ա. Նուրիջանյանը, լուսավորության ժողովրդական կոմիսար` Ա. Իոաննիսյանը և այլք: Ընդունվեցին Հայաստանի Կարմիր բանակի կազմակերպման և հակահեղափոխության, սպեկուլյացիայի և հանցագործությունների դեմ պայքարի Արտակարգ հանձնաժողովի կազմավորման մասին դեկրետները:

«Խաբեբաներն ու սրիկաներն», իհարկե, քիչ չէին: Եվ ոչ միայն սպեկուլյանտների միջավայրում: Բոլշևիկյան կամակատար Գևորգ Աթարբեկյանը` Խորհրդային Հայաստանի ՉԿ-ի նախագահը, հայտնի էր իր սադիստական զվարճանքներով: Նրան առանձնապես հաջողվում էին, այսպես կոչված, «տափակ աքցաններով գործողությունները». ներս ընկած մակերեսով երկաթե շուրթեր ունեցող աքցանի օգնությամբ նա մատներ և կամք էր կոտրում: Ամեն անգամ բանտախցից դուրս գալով` մոտենում էր բանտի հայելուն և, շալվարը ձգելով, բավարարված զեկուցում սեփական արտացոլանքին. այս անգամ էլ չափից ավելի էր ջանացել: Հետախուզական գործը նույնպես 1921թ. հունվարի 14-ին Հայաստան եկած թոքախտավոր Գևորգի թուլությունն էր: Հաջորդ օրն իսկ նա իր հատուկ կարգադրությամբ իրավական իմունիտետից զրկում է ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցչի և Հայկական հանրապետության միջև 1920թ. դեկտեմբերի 2-ին կնքված Պայմանագիրը, ըստ որի` «հայկական բանակի հրամանատարական կազմը ոչ մի պատասխանատվություն չի կրում մինչև Հայաստանում խորհրդային իշխանության հռչակումը բանակի շարքերում կատարված գործողությունների համար». իր աշխատանքի առաջին երեք ամիսներին միայն նա ձերբակալում է հայկական բանակի 1400 սպա, այդ թվում և 20 գեներալ ու 30 գնդապետ, որոնց մեջ էին նաև Սարդարապատի հերոսներ, գեներալներ Թովմաս Նազարբեկյանն ու Մովսես Սիլիկովը, գնդապետներ Փիրումովները...

***

1921թ. մայիսի 21-ին Հայաստանի Հեղկոմի փոխարեն կազմավորվեց նորացված Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդը` ականավոր պետական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի գլխավորությամբ: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նա ընտրվեց Արևմտյան ճակատի զորքերի գլխավոր հրամանատար, այնուհետև` որոշ ժամանակ կատարեց Խորհրդային Ռուսաստանի զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները: 1919թ. սկզբին ընտրվեց Բելոռուսիայի Կենտգործկոմի նախագահ, այնուհետև աշխատեց Մոսկվայում, ՌԿ(բ)Կ Մոսկվայի կոմիտեի քարտուղարն էր: 1920թ. ամռանը նշանակվել է Արևմտյան ճակատի քաղվարչության պետ: 1921թ. մայիսի սկզբին Մյասնիկյանը ՌԿ(բ)Կ Կենտրոնական Կոմիտեի որոշմամբ աշխատանքի է ուղարկվում Հայաստան: Մյասնիկյանի հետ Հայաստան եկած Սարգիս Լուկաշինը (Սրապիոնյան) ընտրվում է կուսակցության Կենտրոնական Կոմիտեի քարտուղար: Խորհրդային Հայաստանի Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի առաջին կազմում էին նաև արտաքին գործերի ժողկոմ Ասքանազ Մռավյանը, երկրագործության ժողկոմ Արամայիս Երզնկյանը, պարենի և արտաքին առևտրի ժողկոմ Ալեքսանդր Բեկզադյանը, ներքին գործերի ժողկոմ Պողոս Մակինցյանը, լուսավորության ժողկոմ Աշոտ Իոաննիսյանը, առողջապահության ժողկոմ Սաքո Համբարձումյանը, արդարադատության ժողկոմ Արտաշես Կարինյանը և այլք:

Կառավարությունն անասելի բարդ պայմաններում սկսեց իր գործունեությունը: Առաջին միջոցառումներն իրականացվում էին այնպիսի իրադրությունում, երբ հանրապետության զգալի մասն օկուպացված էր թշնամական ուժերի կողմից. Ալեքսանդրապոլի գավառը շարունակում էր մնալ թուրքերի ձեռքում, իսկ Լոռու մեծ մասը զավթված էր մենշևիկյան Վրաստանի զորքերի կողմից: Եվ այնուամենայնիվ, Առաջին հանրապետության համեմատ Երկրորդ հանրապետության մեկնարկային պայմաններն ավելի նախընտրելի էին, քան դրանք կային (իսկ ավելի ճիշտ` չկային) Առաջինի ժամանակ: Խորհրդային Հայաստանը մենակ չէր, և դա ամենագլխավոր տարբերությունն էր: Ի թիվս այլոց` այն իր գոյության առաջին իսկ օրերից զգացել է բոլշևիկյան Ռուսաստանի աջակցությունն ու զորեղ հոգածությունը:

«Խորհրդային Ռուսաստանի բոլոր գործողությունները Կովկասում,- հայտարարում էր խորհրդային կառավարությունը,- նպատակ ունեն բարեկամական աջակցություն ցուցաբերել հայ ժողովրդի, ճիշտ այնպես, ինչպես և նրան հարևան ժողովուրդների, հետագա հանգիստ զարգացմանը: Հայ ժողովրդի և Մերձավոր Արևելքի մյուս ժողովուրդների կրած ծանր փորձությունների պարագայում Խորհրդային Ռուսաստանը հանդես է գալիս որպես յուրաքանչյուր ազգության աշխատավորների անշահախնդիր բարեկամ»:

Հայաստանում խորհրդային իշխանության հռչակումից անմիջապես հետո Ռուսաստանի կառավարությունը երիտասարդ հանրապետությանը հատկացրեց հսկայական` 3 մլրդ ռուբլու դրամական վարկ: Երկիր ուղարկվեցին նաև առաջին անհրաժեշտության ապրանքների 40 վագոն, 12 վագոն դեղորայք, 325.000 փութ ցորեն, 7 վագոն բրինձ, 5.000 փութ շաքար, 1.500 գլուխ անասուն, 26.000 զույգ սպիտակեղեն, ավելի քան 1.200.000 փութ նավթ ու բենզին: Ավելին, Հայաստանում խորհրդային իշխանության հռչակման առաջին օրերին ընդունվեց նաև ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի հատուկ որոշումը, ըստ որի` Խորհրդային Ադրբեջանը հանրապետությանը հատկացրեց 50 վագոն հաց և 36.000 փութ նավթ:

ՌԽՖՍՀ Ժողկոմխորհը դեկտեմբերի 13-ին քննարկեց Խորհրդային Հայաստանին ֆինանսական օգնություն ցուցաբերելու հարցը և որոշում ընդունեց նրան հատկացնել 600 հազար ռուբլի` ոսկով: 1921թ. սկզբին հանրապետությունը կրկին Խորհրդային Ռուսաստանից ստացավ ցորենի, մանուֆակտուրայի, դեղորայքի և այլ ապրանքների զգալի քանակություն: 1922թ. Մոսկվան Հայաստան ուղարկեց հաց, սերմացու ցորեն, շաքար, մանուֆակտուրա, դեղորայք, բացի այդ, Հայաստանը ստացավ գյուղատնտեսական մեքենասարքավորումների որոշ քանակություն, սարքավորումներ կապի ձեռնարկությունների, հաստոցներ տեքստիլ ֆաբրիկայի համար, որի շինարարությունը շուտով սկսվեց Ալեքսանդրապոլում: Ռուսաստանը շարունակում էր Հայաստանին էական ֆինանսական օգնություն ցուցաբերել: Խորհրդային Ադրբեջանից շարունակում էին հանրապետություն ներկրվել նավթ և նավթամթերքներ, որոշ քանակությամբ ցորեն և այլ ապրանքներ:

Այս հանգամանքով էլ պայմանավորված էին առաջին և արագ գրանցված հաջողությունները: Թվարկենք առաջին հինգ տարիների ընդամենը մի քանի ձեռքբերում: 1921թ. սեպտեմբերին հանրապետության կառավարությունն արձակեց դեկրետ անգրագիտության վերացման մասին: 1921-1940թթ. Հայաստանում գրագետ դարձան մոտ 1 միլիոն անգրագետներ և կիսագրագետներ, այսինքն, աշխատավորների ճնշող մեծամասնությունը: 1897թ. մարդահամարի տվյալներով` Հայաստանի հասուն բնակչության մեջ գրագետների տոկոսը կազմել է 9,2, 1926-ին արդեն 38,7 էր:

Զգալի աշխատանք կատարվեց ոռոգման համակարգի վերականգնման և ընդլայնման ուղղությամբ: 1922թ. ամռանն արդեն ոռոգվող մակերեսը կազմում էր 1913թ. ընդհանուր ոռոգվող մակերեսի 90 տոկոսը: Միաժամանակ ծավալվեց նոր ջրանցքների անցկացումը: 1923թ. ավարտվեց Էջմիածնի ջրանցքի, 1924-ին` Էվջիլարի, 1925-ին` Շիրակի ջրանցքների կառուցումը. վերջինը խորհրդային տարիների խոշոր նորակառույցներից էր և թույլ էր տալիս ոռոգել մոտ 10 հազար հեկտար հող:

1921-1922թթ. վերականգնվեցին Երևանի «Արարատ» գինու-կոնյակի գործարանը, կաշեգործարանները, մի քանի փոքր հիդրոկայան և այլ ձեռնարկություններ: 1923թ. սկսվեցին Հայաստանի արդյունաբերության առաջատար` պղնձաձուլական ճյուղի վերականգնման աշխատանքները: 1924թ. նոյեմբերին Կապանում վերսկսվեց պղնձի ձուլումը, որը դադարեցվել էր դեռ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Սկսվեց պղնձի արդյունահանումը նաև Ալավերդիի հանքավայրերում[2]:

Մինչև 1925թ. վերականգնվեցին գոյություն ունեցող գրեթե բոլոր էլեկտրակայանները: Հին ձեռնարկությունների վերականգնմանը զուգահեռ` հանրապետությունում ծավալվեց արդյունաբերության նոր ճյուղերի ստեղծման աշխատանքը: 1925-1926թթ. սկսվեց քիմիական արդյունաբերության առաջին ձեռնարկությունների շինարարությունը: 1925թ. առաջին արտադրանքը տվեց Երևանի ծխախոտի գործարանը, 1926թ. շահագործման հանձնվեց Երևանի յուղկոմբինատը: 1925թ. սկսվեց Երևանի և Լենինականի հիդրոէլեկտրակայանների կառուցումը, նախագծվեց նոր խոշոր էլեկտրակայանների շինարարությունը հանրապետության մի շարք շրջաններում:

Երկրորդ հանրապետության տարիներին հայ ժողովրդի աննախադեպ նվաճումների մասին հատորներ են գրվել, և մենք, իհարկե, դրանք բոլորը չենք թվարկի: Ուշադրություն կդարձնենք ամենագլխավորին. Խորհրդային Հայաստանի գոյության շրջանում էր, որ ազգային մշակույթի ողջ ընդգրկումը` երաժշտություն, գրականություն, գեղանկարչություն, գիտություն և այլն, առաջին անգամ երկար դարեր հետո «հայրենիք վերադարձավ»: Խորհրդային Հայաստանն էր, որ դարձավ հայկական կյանքի և ազգի էթնոմշակութային իմունիտետի պահպանման կենտրոնը: ԽՍՀՄ և առաջին հերթին` Խորհրդային Հայաստանի վարչական սահմաններում, նրա ինտելեկտուլ մտքի շրջանակներում նորովի սկսեց ձևավորվել նաև մեր պատմական հիշողությունը: Ի վերջո, հենց Խորհրդային Հայաստանը դարձավ աշխարհասփյուռ ազգային գենի հայրենիքը:

Իհարկե, Ցեղասպանության վերապրածները ֆիզիկական անվտանգության խնդիրը հեշտությամբ լուծեցին նաև աշխարհի այլ ծայրերում ևս, օրինակ` ԱՄՆ-ում կամ Ֆրանսիայում: Բայց այնտեղ հայտնված հայերից Խորհրդային Հայաստանի հայերին տարբերում էին երկու էական հանգամանք. նախ՝ կտրված լինելով Հայրենիքից և ազգային կյանքի հեռանկար չտեսնելով` նրանք միայն անցյալով էին ապրում, կորուսյալ Հայրենիքի կարոտով: Իսկ Խորհրդային Հայաստանի հայերը կողմնորոշված էին դեպի ապագան: Եվ երկրորդ՝ հայտնվելով օտարազգի միջավայրում, հարկադրված լինելով հարմարվել դրան` նրանք արագ կորցնում էին ավանդական, ազգային գծերը:

Կեղեքիչների լծի տակ անցկացրած բազմադարյա կյանքն առանց այդ էլ իր կնիքն էր թողել հայոց կերպարի վրա: Բայց իրենց բուն Հայրենիքում, հատկապես խուլ գյուղերում հոծ բնակությամբ ապրող արևմտահայերին (իրականում` պարզապես հայերին) զգալիորեն հաջողվում էր պահպանել ազգային ինքնությունը, և այդ ներուժը հավանաբար էլի դարեր կհերիքեր... Սակայն ցեղասպանության հետևանքով կտրուկ բազմապատկվեց, այսպես կոչված, ամերիկահայերի, արգենտինահայերի, ֆրանսահայերի, ռուսահայերի (և շեշտն այս բառաբարդումներում ավելի հաճախ ընկնում էր առաջին բաղադրիչի վրա) թիվը, բայց պարզապես հայերի թիվը, պարզվեց, չափազանց քիչ էր, և նրանք բոլորը հիմա ապրում էին փոքրիկ Հայաստանում:

Հայկականության վերածննդին նախկին Արևելյան Հայաստանի այն հատվածում, որը սկզբում դարձավ Հայաստանի Հանրապետություն, իսկ հետո` Խորհրդային Հայաստան, շատ բանով նպաստեցին իրենք` արևմտահայերը, բնակեցնելով խորթ և նույնիսկ թշնամական տարրի ճնշումից վերջապես մաքրված հողը: Նրանք, ինչպես նաև բուն հայկական տարածքներից եկած այն հայերը, ովքեր հայտնվել էին Հայաստանի տարածքներից դուրս, դարձան այն մերանը, որն էլ ձևավորեց Հայաստանի բնակչության ոգին ու բնավորությունը: Ազգային այդ ոգու և բնավորության ձևավորման մեջ աստիճանաբար ավելի մեծ դեր սկսեցին խաղալ մեր այն հայրենակիցները, ովքեր գալիս էին Միության բոլոր ծայրերից: Եվ ոչ միայն. արդեն 1927թ. Հայաստան է գալիս արտասահմանյան հայերի առաջին քարավանը, 1946-ին և հետագա տարիներին` էլի հազար-հազարավորներ:

Հայ ժողովուրդը կառուցում էր իր հանրապետությունը և առաջին հերթին` իր մայրաքաղաքը` հոգին, տաղանդն ու իր հանճարի ուժը դնելով դրա մեջ: Հենց այդպես մի քանի տասնամյակում փոքրիկ գավառական քաղաքից ծնվեց հզոր արդյունաբերության, առաջավոր գիտության, բարձր մշակույթի, զարգացած հոգևոր կյանքի ու քաղաքակրթության կենտրոններից մեկը:

Սա, ինքնին, կարևոր էր, բայց անհամեմատ ավելի կարևոր էր այն, որ միայն այդպիսի Երևանը և միայն այդպիսի Հայաստանը կարող էին կատարել իրենց վրա դրված ազգային ձուլարանի, կաթսայի գործառույթը, որի մեջ պատմականորեն ձևավորված հայկական տարբեր «մենթալությունները», որոնց զարգացումը հաճախ կանգ էր առել կամ ձեռք բերել օտարածին գծեր, միաձուլվեին մեկ օրգանական ամբողջի` ապագայի հայի նախակերպարի, համազգային հոգեկերտվածքի ու պետական մտածողության կրողի մեջ... Խորհրդային Հայաստանի ու խորհրդային Երևանի այս նշանակությունը չէին կարող չընդունել թե´ մեր այն արտասահմանցի հայրենակիցները, ովքեր այդպես էլ չընկալեցին խորհրդային իշխանությունը, թե´ նրանք, ովքեր Խորհրդային Հայաստանն իսկական Հայաստան չէին համարում...

Խորհրդային Հայաստանի պատմությունն ավարտվեց 1991թ.: Երրորդ հանրապետության նոր իշխանությունը, հակառակ ժողովրդի կողմից իր պատմության` որպես անընդմեջ գործընթացի, զգացողությանը, փորձում էր, ելնելով այսրոպեական գաղափարաբանական ու քաղաքական նկատառումներից, արատավորել, խեղաթյուրել, լավագույն դեպքում` մոռացության մատնել ընդհանուր ազգային անցյալը: Հենց այս մանկուրտությունն էլ թույլ չի տալիս մեզ սթափ և օբյեկտիվ ընկալել, ելնելով մեր ազգային շահերից, սեփական անցյալի փորձը, դրանից անհրաժեշտ դասեր քաղել, գնահատել այն լավագույնը, ինչին ձգտել ու ինչը հասցրել են անել մեր նախորդները, և չկրկնել նրանց ողբերգական սխալները:


[1] Երիտասարդ հանրապետության կոչին շատերն արձագանքեցին: Եգիպտոսցի միլիոնատեր Մելքոնյանն ընտանիքի հետ հայկական քաղաքացիություն ընդունեց և անհատույց հանրապետության բյուջե փոխանցեց 6 մլն դոլար: Բաքվեցի դրամատնատեր Արշակ Ղուկասյանը պետության գանձատուն փոխանցեց 8 մլն ռուբլի` ոսկով: Հանրապետությանը 25 մլն ռուբլի նվիրեց հայկական ծագմամբ ռուս դրամատնատեր Պոպովը: Գալուստ Գյուլբենկյանը խոստացավ սկսել պետական մի ամբողջ շարք շենքերի խոշոր շինարարությունը: Ռոստովի (Նոր Նախիջևանի) հայերը (Ղայլայանների, Քիստյանների, Խրմաչյանների և այլոց ընտանիքները) պատրաստակամություն հայտնեցին հովանավորել Բաթում-Կարս-Սարդարապատ երկաթուղապաստառի շինարարությունը: Նախագծի նախաձեռնող, ինժեներ Կ. Արղության-Երկայնաբազուկը մտադիր էր միմյանց կապել Սև ծովի և Պարսկական ծոցի նավահանգիստները հենց Հայաստանի տարածքով: Օրինակներն իսկապես շատ են:

[2] Կարելի է մատնանշել այն, որ Առաջին հանրապետության շրջանում խոշոր տնտեսական նախագծերի իրականացման միանգամայն հաջող փորձեր արվեցին: Հայտնի շվեյցարական ընկերությունները ներդրումներ էին անում Հայաստանի կաթնարդյունաբերության մեջ և տեղերում իրենց մասնաճյուղերը բացում: Ծանրակշիռ շվեդական ֆիրմաները գյուղատնտեսական մեքենաների նորոգման և հավաքման արտադրամասեր էին հիմնում: Հայ և ճապոնացի ձեռներեցներն ընդհանուր լեզու էին գտնում Երևան-Ելենովկա-Դիլիջան-Աղստաֆա և Ելենովկա-Նոր Բայազետ-Քեշիշքենդ-Գորիս երկաթուղային ճանապարհների լրիվ էլեկտրիֆիկացում անցկացնելու շուրջ: Ծրագրվում էր Վեդի-Բասարի շրջանում ցեմենտի գործարանի և Սարիղամիշում փայտամշակման կոմբինատի շինարարությունը: Պատրաստի արտադրանք էին թողարկում Երևանի ու Ալեքսանդրապոլի, Դիլիջանի ու Նոր Բայազետի, Ջալալօղլիի ու Ղամարլուի կաշեգործներն ու տեքստիլագործները: Զարգանում էր հանքամշակման արդյունաբերությունը: Երկրի կառավարությունն այս ճյուղի խթանման հատուկ նախագիծ ընդունեց. ոսկու հանքավայր հայտնաբերած յուրաքանչյուր ոք պետությունից ստանում էր 3000-5000 ռուբլի` ոսկով, արծաթի, նիկելի, ցինկի, կապարի և բիսմուտի համար` 500-1000, նավթի ու քարածխի համար` 300-3000, այլ հանքավայրերի համար` 100-500 ռուբլի` ոսկով:

Հայաստանում մեծ ծավալների էր հասել նաև կոոպերատիվ շարժումը: 1920թ. դրությամբ Հայկոոպը` Հայաստանի կոոպերատորների միությունը, 350 ընկերություն ուներ, 95 հազար աշխատակից և պահում էր 400 հազար մարդ: Տեղի արտադրողի նկատմամբ կառավարությունը ճիշտ հարկային քաղաքականություն էր վարում: 1919թ. այն Հայկոոպին հանձնեց առաջին տրանշը` 5 մլն ռուբլու չափով, ինչի շնորհիվ մի քանի ամիս անց պետությունը 16 մլն ռուբլու արտադրանք և ապրանքներ ստացավ: 1920թ. վարկն արդեն 30 մլն ռուբլի կազմեց, իսկ մեկ ամիս անց Հայկոոպի տնօրինմանը հանձնվեց ևս 250 մլն ռուբլի` հարկման խիստ գրավիչ տոկոսադրույքով` տարեկան 6%:

Share    



Գնահատում

Ինչպե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am