Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մեջբերումներ դասականներից

Մեջբերումներ դասականներից
Նոյեմբեր 2008, N 8

ՄՏԱԾՈՂՆԵՐԸ՝ ՏԻՐԱԿԱԼՆԵՐԻՆ

ԴԻՈԳԵՆԵՍՆ՝ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԿԵԴՈՆԱՑՈՒՆ

Իսթմոսում հավաքվելով և Ալեքսանդրի հետ որոշելով պատերազմել պարսիկների դեմ` հույները նրան իրենց առաջնորդ հռչակեցին: Այս կապակցությամբ շատ պետական այրեր և փիլիսոփաներ եկան արքայի մոտ և իրենց ուրախությունն արտահայտեցին: Ալեքսանդրը կարծում էր, թե նույն կերպ կվարվի նաև սինոպցի Դիոգենեսը, որն այն ժամանակ ապրում էր Կորնթոսի մոտ: Սակայն Դիոգենեսը, բոլորովին չմտահոգվելով Ալեքսանդրի մասին, հանգիստ ժամանակ էր անցկացնում Կրանիայում, և արքան ինքը գնաց նրա մոտ: Դիոգենեսը պառկած էր արևի տակ և ջերմանում էր: Իրեն մոտեցող մարդկանց նման բազմություն տեսնելով` փիլիսոփան թեթևակի բարձրացավ և ակնապիշ նայեց Ալեքսանդրին: Ողջունելով` արքան հարցրեց Դիոգենեսին, թե որևէ խնդրանք չունի արդյոք. «Մի կողմ քաշվիր,- պատասխանեց նա,- արևս մի փակիր»: Ասում են` Դիոգենեսի խոսքերն Ալեքսանդրի վրա մեծ ազդեցություն են գործել, և նա ցնցվել է իրեն այդպես քամահրանքով վերաբերված այդ մարդու հպարտությամբ և հոգու վեհությամբ:

(Վերադարձի ճանապարհին նա փիլիսոփայի հասցեին կատակող և ծանակող իր ուղեկիցներին ասել է. «Եթե ես Ալեքսանդրը չլինեի, կուզեի Դիոգենեսը լինել»):

ՊԼՈՒՏԱՐՔՈՍ, «ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» «ԱԼԵՔՍԱՆԴՐ և ԿԵՍԱՐ»

ՄԱՔԻԱՎԵԼԻՆ՝ ԼՈՐԵՆՑՈ դեի ՄԵԴԻՉԻԻՆ

Հիշատակված հատկանիշներից ամենակարևորը մենք քննեցինք. ինչ վերաբերում է մյուսներին, ապա դրանց մասին ես կարճ կասեմ` կանխավ դատողությունը բխեցնելով մեկ ընդհանուր կանոնից: Թագավորը, ինչպես մասամբ ասվեց վերը, պետք է հետևի, որպեսզի չանի որևէ բան, որ կարող է առաջ բերել հպատակների ատելությունը կամ արհամարհանքը: Եթե սա նրան հաջողվի, ապա նա իր գործն արած կարող է համարել, և նրա մյուս արատներն իր համար ոչ մի վտանգ չեն ներկայացնի: Թագավորներն ատելություն են առաջ բերում գիշատչությամբ և իրենց հպատակների ունեցվածքի ու կանանց նկատմամբ ոտնձգություն կատարելով: Քանզի մարդկանց մեծ մասը գոհ է կյանքից, քանի դեռ չեն դիպել իրենց պատվին ու գույքին. այնպես որ, դժգոհ կարող է լինել փառասերների մի փոքր մասը միայն, որոնց դատաստանը դժվար չէ գտնել: Արհամարհանք թագավորներն առաջացնում են իրենց փոփոխականությամբ, թեթևամտությամբ, փափկասունությամբ, փոքրոգությամբ և անվճռականությամբ: Այս հատկանիշներից պետք է զգուշանալ ասես կրակից` ջանալով, ընդհակառակը, յուրաքանչյուր գործողության մեջ հանդես բերել մեծահոգություն, անվախություն, լրջմտություն և կայունություն: Հպատակների մասնավոր գործերի վերաբերյալ արքայի որոշումները պետք է լինեն անշրջելի, և կարծիքը նրա մասին պետք է լինի այնպիսին, որ ոչ մեկի մտքով անգամ չանցնի, թե կարելի է խաբել կամ խորամանկությամբ գերազանցել արքային: Իր հանդեպ նման պատկերացում ներշնչող տիրակալին ակնածանքով կվերաբերվեն, իսկ եթե հայտնի է, որ արքան ակնառու արժանիքներ ունի և հարգված է իր հպատակների կողմից, թշնամիների համար ավելի դժվար կլինի հարձակվել նրա վրա կամ նրա դեմ դավադրություն կազմակերպել: Քանզի արքային դարանակալ սպասում են երկու վտանգ. մեկը` ներսից, հպատակների, մյուսը` դրսից, ուժեղ հարևանների կողմից: Արտաքին վտանգը կարելի է հաղթահարել լավ զորքի և լավ դաշնակիցների օգնությամբ, ընդ որում` նա, ով լավ զորք ունի, կգտնի նաև լավ դաշնակիցներ: Իսկ եթե արտաքին վտանգը վերացվի, ապա ներսում էլ խաղաղություն կպահպանվի, պայմանով, որ այն չխախտեն գաղտնի դավադրությունները։ Բայց դրսի հարձակման դեպքում էլ արքան չպետք է կորցնի ոգու առկայությունը, քանի որ, եթե նրա գործելակերպն այնպիսին է, ինչպես ես եմ ասում, նա կդիմակայի ցանկացած ոսոխի, ինչպես դիմակայեց Նաբիդ Սպարտացին, ինչի մասին վերն ասվել է։

Ինչ վերաբերում է հպատակներին, ապա երբ դրսում խաղաղություն է, միակ բանը, ինչից պետք է զգուշանալ, գաղտնի դավերն են։ Դրանց դեմ գլխավոր միջոցը՝ իր նկատմամբ հպատակների ատելությունն ու արհամարհանքը չշարժելն է և ժողովրդին հաճելի լինելը, ինչին անհրաժեշտ է հասնել, ինչպես այդ մասին մանրամասն ասվել է վերը։ Դավադրությունը կանխելու միջոցներից ամենաճիշտը ժողովրդին ատելի չլինելն է։ Չէ՞ որ դավադիրը միշտ հույսը դնում է այն բանի վրա, որ արքայի սպանությամբ օգտակար կլինի ժողովրդին. իսկ եթե նա գիտի, որ կվրդովի ժողովրդին, չի համարձակվի գնալ այդպիսի քայլի, քանի որ ցանկացած դավադրության հետ շաղկապված դժվարություններն անհամար են։ Ինչպես ցույց է տալիս փորձը, դավադրություններ հաճախ են ծագել, բայց հազվադեպ է, որ դրանք հաջողվել են։ Սա բացատրվում է նրանով, որ դավադիրը չի կարող միայնակ գործել և չի կարող պայմանավորվել ոչ մեկի հետ, բացի նրանցից, ում իշխանությունից դժգոհ է համարում։ Բայց քեզ բացահայտելով դժգոհի առջև՝ դու անմիջապես նրան հնարավորություն ես տալիս դառնալ գոհերից մեկը, քանի որ, քեզ մատնելով, նա կարող է իր համար ամեն տեսակ բարիքներ ապահովել։ Այսպիսով, երբ մի կողմից շահն ակնհայտ է, իսկ մյուս կողմից՝ կասկածելի, և միևնույն ժամանակ՝ բազմաթիվ վտանգներ կան, ապա քեզ չի մատնի միայն այն հանցակիցը, ով քո ամենահավատարիմ ընկերն է կամ արքայի ոխերիմ թշնամին։

Կարճ ասած՝ դավադրի կողմից գործում են ահը, կասկածանքը, հատուցման վախը, տիրակալի կողմից՝ իշխանության վեհությունը, բարեկամներն ու պետության ողջ հզորությունը. այնպես որ, եթե սրան միանում է նաև ժողովրդական բարեհաճությունը, ապա հազիվ թե որևէ մեկը համարձակվի դավադրություն կազմակերպել։ Դավադիրը մինչև չարիք գործելը վախենալու բան ունի, բայց այն պարագայում, երբ ժողովուրդը նրա դեմ է, նա հետո էլ վախենալու բան ունի, քանզի ապաստան չի կարող փնտրել ոչ մեկի մոտ»։

«ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԽՈՒՍԱՓԵԼ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔԻՑ»

ԿԱՆՏԸ՝ ԿԱՅՍՐՈՒՀԻ ԵԼԻԶԱՎԵՏԱ ՊԵՏՐՈՎՆԱՅԻՆ

Ամենապայծառափայլ, ամենավեհապետ կայսրուհի, համայն ռուսաց միապետուհի, ամենաողորմած կայսրուհի և վսեմաշուք տիկին:

Երջանկահիշատակ դոկտոր և պրոֆ(եսոր) Կիպկեի վախճանվելուց հետո թափուր է մնացել Քյոնիգսբերգի ակադեմիայի տրամաբանության և մետաֆիզիկայի հաստիքային պրոֆեսորի պաշտոնը, որ նա զբաղեցնում էր: Այդ գիտությունները միշտ իմ հետազոտությունների նախընտրելի առարկան են եղել:

Այն ժամանակվանից ի վեր, ինչ ես դարձել եմ համալսարանի դոցենտ, ամեն կիսամյակ մասնավոր դասախոսություններ եմ կարդացել այդ գիտությունների գծով: Ես այդ գիտություններից հրապարակայնորեն պաշտպանել եմ երկու դիսերտացիա, բացի այդ, չորս հոդված Քյոնիգսբերգի գիտական գրառումներում, երեք ծրագիր և փիլիսոփայական երեք այլ տրակտատ որոշ պատկերացում տալիս են իմ գործերի մասին:

Շոյիչ հույսը, որ ես ապացուցել եմ իմ պիտանիությունը այդ գիտություններին մատուցվող ակադեմիական ծառայությանը, և հատկապես գիտությունների հանդեպ մեծագույն հովանավորություն և բարեհաճ խնամատարություն ցուցաբերելու Ձերդ Կայս. Մեծության ամենաողորմած հակվածությունը, ինձ մղում են, որպես հավատարմագույն հպատակ, խնդրելու Ձերդ. Կայսերական Մեծությանը բարեհաճել ողորմածաբար նշանակել ինձ հաստիքային պրոֆեսորի թափուր պաշտոնում` ապավինելով այն բանին, որ ակադեմիական սենատը դրա համար իմ ընդունակությունների առկայությունը քննության առնելիս հավատարմագույն հպատակի իմ խնդրանքին կմիացնի բարենպաստ վկայություններ: Լռում եմ խորագույն նվաստությամբ`

Ձերդ Կայսեր. Մեծության հավատարմահպատակ ծառա

Իմանուիլ Կանտ:

Քյոնիգսբերգ, 14 դեկտեմբերի 1758թ.

ՎՈԼՏԵՐԸ՝ ԿԱՅՍԵՐՈՒՀԻ ԵԿԱՏԵՐԻՆԱ IIԻՆ

Տիրուհի,

Թող ների ինձ ձերդ գերազանցությունն իմ համառության համար: Ես ձեզ պետք է ասեմ (թեև դուք դա առանց ինձ էլ տեսնում եք), որ պտտեցրել եք բոլորի գլուխները Բալթիկ ծովի ափերից մինչև ալպիական լեռները։ Ձերդ գերազանցությունը պետք է ստացած լիներ մի իլյումինատի նամակը, որը Հին Կտակարանում և Հայտնության գրքում կարդացել էր այս տարի Մուստաֆայի գահընկեցության մասին: Շեզո անունով այդ մարդը Մարգարեություններում նկատել էր այն, ինչ ես տեսնում եմ ձեր զինվորների մեջ։ 

Մի այլ խանդավառ հորինել է մի փոքրիկ պոեմ, որի թարգմանությունը ներկայացնում եմ ձ.գ.։

Էլի ուրիշ խանդավառներ շարունակում են պնդել մարտակառքերի մասին՝ ելնելով այն կարծիքից, որ ադրիանապոլիսյան հարթություններում ճակատամարտն ընթանում է կանոնավոր կերպով: Ձեր գերագույն բանականությանն է պատկանում ձեր բորբոքած երևակայությունների դատաստանի իրավունքը։

Միշտ հաղթող եղեք, և բոլոր ազգերն այդ ժամանակ կփառաբանեն ձեզ։ Բայց եթե պատահի այնպես, որ անհաջողություն կրեք (ինչին ես չեմ հավատում), Ֆերնեի մենակյացը միշտ անփոփոխ կմնա իր խոր հարգանքի, երախտագիտության և Մուստաֆայի հանդեպ սրտանց ատելության մեջ։

Բոլոր կանանց մեջ առաջին և բազում այրերի ամոթով թողած նորին գերազանցություն Եկատերինա Երկրորդի նվիրյալ՝ Ֆերնեի նսեմագույն և ամենախոնարհ մենակյաց։

(ԿԱՅՍԵՐՈՒՀՈՒ ՆԱՄԱԿԸ ՎՈԼՏԵՐԻՆ

Ողորմած տեր: Ես հենց նոր ստացա ձեր դեկտեմբերի 22-ի նամակը, որում դուք ինձ վճռականաբար տեղ եք հատկացնում երկնային լուսատուների շարքում: Ես չգիտեմ, արժե՞ն արդյոք այդ տեղերը, որպեսզի նրանց այդպես ձգտեն, բայց ես, համենայնդեպս, բոլորովին չէի ուզենա գտնվել այն ամենի թվում, ինչի առջև այդքան երկար խոնարհվել է մարդկությունը: Իսկապես, որքան էլ պստլիկ լինի ինքնասիրության զգացումը, այնուամենայնիվ, հազիվ թե կարելի է ցանկանալ տեսնել քեզ մի դրության մեջ, որի մեջ գտնվում են զանազան սոխուկներ, փիսիկներ, հորթուկներ, ավանակի կաշիներ, ցուլեր, օձեր, կոկորդիլոսներ, ամեն տեսակի կենդանիներ և այլն, և այլն: Բարեստեղծ առարկաների այս թվարկումից ելնելով` ո՞ւր է այն մարդը, ով կհամարձակվի երազել իրեն ձոնվող տաճարների մասին:  

Ուստի, խնդրում եմ ձեզ, թողեք ինձ երկրի վրա. այստեղ գոնե ես ի վիճակի կլինեմ ստանալ ձեր և ձեր ընկերների` Դիդրոյի ու դ’Ալամբերի [2] նամակները, այստեղ գոնե ես կարող եմ վկան լինել այն հետաքրքրության, որով դուք վերաբերվում եք այն ամենին, ինչը ծառայում է մեր դարի լուսավորությանը:

Վա~յ հետամտողներին: Նրանք միանգամայն արժանի են դասվելու նման կարգի աստվածությունների շարքին: Ահա թե որտեղ է նրանց իսկական տեղը:

Բայց, ողորմած տեր, վստահ եղեք, որ ձեր յուրաքանչյուր հավանություն ինձ համար խիստ ուժեղ խրախուսանք է ծառայում: <...>)։

ԼՅՈՒԴՎԻԳ ՎԱՆ ԲԵԹՀՈՎԵՆՆ՝ ԻՇԽԱՆ ԼԻԽՆՈՎՍԿՈՒՆ

Իշխա՛ն։ Նրանով, ինչ կաք, պարտական եք այն պատահականությանը, որ ծնվել եք։ Նրանով, ինչ ես կամ, պարտական եմ ինքս ինձ։ Իշխաններ եղել և կլինեն հազարներով, իսկ Բեթհովենը միայն մե՛կն է։

ՎԱՍԻԼԻ ԺՈՒԿՈՎՍԿԻՆ՝ ԿԱՍԵՐ ԱԼԵՔՍԱՆԴՐ I - ԻՆ

Ողորմած տե՛ր։ Ինձ համար մեծ և անսպասելի ուրախություն էր ստանալ ձերդ գերազանցության թանկագին նամակը և նրան կցված հրաշալի նվերը։ Ես ժամանակին չեմ պատասխանել ձեր նամակին, քանի որ կարդացել եմ միայն այն բանից հետո, երբ բավական ուշացումով վերադարձել եմ Պետերբուրգ։ Բայց ինչպե՞ս երախտահատույց լինեմ ձեզ բարեհաճության նման արտահայտության և հիշողությունների համար։ Ես ձեզ պարզապես կասեմ, որ ձեր նամակը կարդալիս աչքերս արցունքով լցվեցին։ Այն բարությունը, որով դուք խոսում եք մեր հանդիպման մասին, ես պարզորոշ զգացի և՛ ձեր ներկայությամբ, և՛ այն բանից հետո, երբ թողեցի ձեզ։ Այդ հանդիպումը, որն այդքան բուռն ցանկանում ու սպասում էի, ընդամենը մեկ րոպե տևեց, բայց այդ րոպեն հարուստ է հուզիչ տպավորություններով. ես ոչինչ չկարողացա ասել ձեզ պարզ ու հստակ, որովհետև ուզում էի շատ բան ասել, բայց ձեզ տեսա, և դա բավական էր, որ ներսումս ակնթարթորեն վերակենդանան ամենալավ հիշողություններն իմ անցյալի մասին։ Und manche liebe Schatten steigen auf1. Այո, այդպես էլ եղել է... Ուրեմն, ընդունեք, սիրելի մեծ մարդ, իմ երախտագիտությունը և՛ այդ անցյալի համար, որն այդքան հաճախ զարդարվել է ձեր հանճարի ազդեցությամբ, և՛ այն ակնթարթի համար, երբ զգացի ձեզ հետ անձնական հանդիպման բարերար ուժը, որն ավարտվեց բարեկամական ու հայրական ձեռքսեղմմամբ, և՛ այն հուզիչ նամակի համար wiederholtes Willkommen und Lebewohl2-ով, որն ակնածանքով կպահվի որպես սիրելի ձեռքից ստացված սուրբ ընծա։ Ես շտապեցի ցույց տալ ձեր նամակը մեծ իշխանուհի Ալեքսանդրային։ Այն ամենը, ինչ դուք նրա մասին ասում եք այդպես ճշմարտացի ու սքանչելի, նրան պարզապես հուզել էր, և նա հանձնարարեց ինձ ձեզ ներկայացնել իր լավագույն զգացումները։ Միայն ձեր հոգին կարող է ընկալել և գնահատել նրա հոգին՝ մաքուր, պարզ ու խորապես տպավորվող։ Ձեր ներկայությամբ մեծ իշխանուհին, իր իսկ խոստովանությամբ, իրեն թեթև ու անկաշկանդ է զգացել։ Ուրեմն, նա էլ ձեզ մոտ է հուզիչ ու լուսավոր հիշողություն թողել, ինչը պատահում է մի բարեկամի հայտնվելիս, ում մեջ մարմնավորված է իսկապես ամեն մեծ բան, բայց այդ մեծությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ բնական միամտություն և երեխայի անմեղ պարզասրտություն։ Այսպիսին է այդ քնքուշ իշխանուհու բնավորությունը։ Այն ամենը, ինչ ես ասում եմ նրա մասին, ձեզ համար, իհարկե, նորություն չէ, քանի որ դուք կարողանում եք գնահատել մարդուն առաջին հայացքից, բայց զրուցել Գյոթեի հետ՝ վայելք է, և ես չեմ ուզում զրկել ինձ դրանից։ Ես ավարտում եմ։ Թող որ նախախնամությունը շնորհի ձեզ լիակատար երջանկություն այնպիսի շռայլությամբ, ինչպիսի հանճարեղությամբ որ օժտել է ձեզ։ Պահեք, ուրեմն, ձեր խոստումը, որ տվել եք ինձ հրաժեշտի պահին. երկար, շատ երկար մնացեք մեզ՝ սովորական մահկանացուներիս հետ, ձեր բարեբեր կյանքը լցնում է մեզ ուրախությամբ, դուք նույնպես վայելեք ձեր բարերարություններով, որոնցից օգտվում են մեր դարի լավագույն մարդիկ։ Հաճելի է պահպանել հիշողությունները նրանց մասին, ովքեր մեզ սիրում են. դա ինձ իրավունք է տալիս հուսալ, որ ես բոլորվին չեմ անհետանա ձեր հիշողությունից։

Սրտանց և հոգեպես նվիրված ձերդ գերազանցությանը, ձեր խոնարհ ծառա և ակնածանքով լի`

ՄԻԽԱՅԻԼ ԲՈՒԼԳԱԿՈՎԸ՝ ԽՍՀՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Ես դիմում եմ ԽՍՀՄ կառավարությանը հետևյալ նամակով. այն բանից հետո, ինչ իմ բոլոր ստեղծագործություններն արգելվեցին, շատ քաղաքացիների մեջ, որոնց ես հայտնի եմ որպես գրող, սկսեցին ինձ միևնույն խորհուրդը տվող ձայներ հնչել։ Հորինել «կոմունիստական պիես» (չակերտներում մեջբերումներն եմ նշում), բացի այդ, դիմել ԽՍՀՄ կառավարությանը զղջման նամակով, որով հրաժարվեմ իմ նախկին հայացքներից, որ արտահայտել եմ իմ գրական ստեղծագործություններում, և վստահեցնեմ, որ այսուհետ կաշխատեմ որպես կոմունիզմի գաղափարին նվիրված գրող-ուղեկից։ Նպատակը՝ փրկվել հալածանքներից, աղքատությունից և վերջում՝ անխուսափելի կործանումից։ Այս խորհրդին ես չանսացի։ Հազիվ թե հաջողվեր ինձ համար շահեկան լույսով ներկայանալ ԽՍՀՄ կառավարության առջև՝ գրելով անմաքուր և, միևնույն ժամանակ, միամիտ քաղաքական տարօրինակ ցատկի նմանվող կեղծ նամակ։ Իսկ կոմունիստական պիես գրելու փորձեր անգամ չարեցի էլ, նախապես իմանալով, որ նման պիես ինձ մոտ չի ստացվի։

Մեջս հասունացող ցանկությունը՝ դադարեցնել գրողական տառապանքներս, ստիպում է ինձ դիմել ԽՍՀՄ կառավարությանը ճշմարտացի նամակով...

Հիմա ես ոչնչացված եմ։ Այդ ոչնչացումը խորհրդային հասարակայնության կողմից ընդունվեց լիակատար ուրախությամբ և «նվաճում» անվանվեց...

Ես խնդրում եմ ԽՍՀՄ կառավարությանը հրամայել ինձ շտապ կարգով լքել ԽՍՀՄ սահմանները կնոջս՝ Լյուբով Եվգենևնա Բուլգակովայի ուղեկցությամբ։

Ես դիմում եմ խորհրդային իշխանության մարդասիրությանը և խնդրում ինձ՝ գրողիս, ով չի կարող օգտակար լինել իր հայրենիքում, մեծահոգաբար ազատ արձակել։

Եթե սա ևս, ինչ գրել եմ, համոզիչ չէ, և ինձ ԽՍՀՄ-ում կդատապարտեն ցմահ լռության, ես կխնդրեմ խորհրդային կառավարությանն ինձ ըստ մասնագիտության աշխատանք տալ և գործուղել թատրոն՝ աշխատելու որպես հաստիքային ռեժիսոր։ Ես հենց ճիշտ այդպես և ընդգծված ձևով էլ խնդրում եմ կտրականապես հրամայել գործուղման մասին, որովհետև աշխատանք գտնելու իմ բոլոր փորձերն այն միակ բնագավառում, որտեղ կարող եմ օգտակար լինել ԽՍՀՄ-ին՝ որպես բացառապես որակյալ մասնագետ, լիակատար ձախողման են ենթարկվել...

Ես խնդրում եմ ինձ նշանակել 1-ին գեղարվեստական թատրոնի լաբորանտ-ռեժիսոր, այն լավագույն դպրոցի, որը ղեկավարում են վարպետներ Կ.Ս. Ստանիսլավսկին և Վ.Ի. Նեմիրովիչ-Դանչենկոն։ Եթե ինձ ռեժիսոր չնշանակեն, կխնդրեմ հաստիքային վիճակագրի պաշտոնը։ Եթե վիճակագիր էլ չի կարելի, կխնդրեմ բեմի բանվորի աշխատանքը։ Իսկ եթե դա էլ է անհնար, ես կխնդրեմ խորհրդային կառավարությանը ինձ հետ վարվել այնպես, ինչպես հարկ կհամարի, բայց ինչ-որ կերպ վարվի, որովհետև իմ՝ դրամատուրգիս մոտ, որ 5 պիես է գրել, որոնք հայտնի են ԽՍՀՄ-ում և արտասահմանում, այս պահին ակնհայտորեն առկա են չքավորությունը, փողոցն ու կործանումը։

ՊՅՈՏՐ ԿԱՊԻՑԱՆ՝ ԽՍՀՄ ՂԵԿԱՎԱՈՒԹՅԱՆԸ

***

«Ընկեր Ստալին,

Այսօր առավոտյան ձերբակալել են ինստիտուտի գիտաշխատող Լ.Դ. Լանդաուին: Չնայած նա 29 տարեկան է, բայց Ֆոկի հետ միասին նրանք մեզ մոտ` Միությունում, ամենախոշոր տեսաբան ֆիզիկոսներն են: Մագնետիզմի և քվանտային տեսության մասին նրա աշխատությունները հաճախ մեջբերվում են ինչպես մեր, այնպես էլ արտասահմանյան գիտական գրականության մեջ: Միայն անցյալ տարի նա մի հիանալի աշխատանք է հրապարակել, որում առաջինն է մատնանշել աստղային ճառագայթման էներգիայի նոր աղբյուրի մասին: Այդ աշխատանքով տրվում է հնարավոր լուծումը, թե «ինչու Արևի և աստղերի էներգիան ժամանակի հետ նկատելիորեն չի նվազում և առ այսօր չի սպառվել»: Այս գաղափարների մեծ ապագան ընդունում են Բորը և մյուս առաջատար գիտնականները:

Կասկած չկա, որ Լանդաուի կորուստը մեր ինստիտուտի համար որպես գիտնականի` ինչպես խորհրդային, այնպես էլ համաշխարհային գիտության մեջ աննկատ չի անցնի և խիստ կզգացվի: Իհարկե, գիտնականությունը և տաղանդավորությունը, որքան էլ դրանք մեծ լինեն, իրավունք չեն տալիս մարդուն խախտել իր երկրի օրենքները, և եթե Լանդաուն մեղավոր է, նա պետք է պատասխան տա: Բայց ես շատ եմ խնդրում Ձեզ, նկատի ունենալով նրա բացառիկ տաղանդավորությունը, համապատասխան ցուցումներ տալ, որպեսզի նրա գործին շատ ուշադիր վերաբերվեն: Ինձ թվում է նաև, որ պետք է հաշվի առնել և Լանդաուի բնավորությունը, որը, մեղմ ասած, շատ վատն է: Նա կռվասեր ու կռվարար է, սիրում է ուրիշների սխալները փնտրել, և երբ գտնում է դրանք, հատկապես կարևոր ծեր այրերի մոտ, ինչպես մեր ակադեմիկոսներն են, ապա սկսում է անհարգալից ջղայնացնել նրանց: Սրանով նա շատ թշնամիներ է ձեռք բերել:

Մեզ մոտ ինստիտուտում նրա հետ հեշտ չէր, թեև նա շուտ էր համոզվում և ավելի լավն էր դառնում: Ես նրան ներում էի իր բոլոր արարքները` նրա բացառիկ շնորհալիության պատճառով: Բայց իր բնավորության բոլոր թերություններով հանդերձ ինձ համար շատ դժվար է հավատալ, որ Լանդաուն ընդունակ է եղել ինչ-որ անազնիվ բանի:

Լանդաուն երիտասարդ է, նա դեռ շատ անելիքներ ունի գիտության մեջ: Ուրիշ որևէ գիտնական այս ամենի մասին գրել չի կարող, դրա համար էլ ես եմ գրում Ձեզ:

Պ.Կապիցա»:

***

«ԽՍՀՄ ներքին գործերի ժողովրդական կոմիսար ընկ. Լ.Պ. Բերիային

Խնդրում եմ կալանքից ազատել ձերբակալված պրոֆեսոր, ֆիզիկոս Լև Դավիդովիչ Լանդաուին իմ անձնական երաշխավորությամբ:

Երաշխավորում եմ ՆԳԺԿ-ին, որ Լանդաուն իմ ինստիտուտում հակահեղափոխական որևէ գործունեություն չի ծավալի խորհրդային իշխանության դեմ, և ես կձեռնարկեմ ինձնից կախված բոլոր միջոցները, որպեսզի ինստիտուտից դուրս նույնպես հակահեղափոխական որևէ աշխատանք չտանի: Եթե հանկարծ Լանդաուի կողմից խորհրդային իշխանությանն ի վնաս ինչ-որ արտահայտություն նկատեմ, ապա անմիջապես այդ մասին կհայտնեմ ՆԳԺԿ մարմիններին:

Պ.Կապիցա»:

Share    



Գնահատում

Ինչպե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am