Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Գիտություն և կրթություն

Գիտություն և կրթություն
Ապրիլ 2008, N 1

ՀՀ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ.

ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐ

Սամվել Հարությունյան, ՀՀ Կրտության եվ գիտությունների նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ

2007 թվականին կառավարությունը հաստատեց գիտության ոլորտի բարեփոխումների հայեցակարգը. ներկայումս այդ հայեցակարգի համապատասխան հետագա տարիների համար գործողությունների ծրագիր է մշակվում: Իսկ ծրագիրը մշակում է նույնպես 2007թ. հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծված Կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն: Կոմիտեի ստեղծումն անհրաժեշտություն էր: Նախ` տարիներ ի վեր կրթության հետ մեկ գերատեսչության մեջ ընդգրկված գիտության ոլորտն օբյեկտիվ պատճառներով պատշաճ ուշադրության չէր արժանանում. կրթության` ստորին օղակներից սկսած բարեփոխումների ընթացքը երկրորդ պլան էր մղել գիտությունը: Բնականաբար, առավել նպատակահարմար կլիներ առանձին նախարարության ստեղծումը: Բայց Կրթության և գիտության նախարարության կառուցվածքում կոմիտեի առանձնացումը համարենք այդ ուղղությամբ առաջին քայլը:
Մյուս կողմից, գիտության երեք տարբեր տեսակների կառավարման տարբեր մեխանիզմներ են գործում` ակադեմիական, որը համակարգում է Գիտությունների ազգային ակադեմիան, ճյուղային, որով տարբեր նախարարությունների ենթակայությամբ գործող ինստիտուտներն են զբաղվում, և բուհական: Այս երեք համակարգերի միասնական կառավարման մեխանիզմ գոյություն չունի, ինչը բազմաթիվ խնդիրների պատճառ է դառնում: Խորհրդային շրջանում մեր հանրապետության գիտության բյուջեն շուրջ 400 միլիոն դոլար էր: Ավելի քան 200 միլիոն էլ հատկացվում էր ռազմական մշակումներին: Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տարեկան բյուջեն, օրինակ,  մոտ 40 միլիոն դոլար էր: Հիմա պատկերացրեք, որ 2008թ. պետական բյուջեով Հայաստանի գիտության ոլորտի հատկացումները 22 միլիոն դոլար են: Այսինքն, կիսով չափ քիչ միայն մեկ գիտահետազոտական ինստիտուտին  հատկացված գումարից:
Իհարկե, խորհրդային շրջանում մեր գիտության խնդիրներն էլ ուրիշ էին. ուսումնասիրությունների մի հսկայական ծավալ կապվում էր ռազմարդյունաբերական համալիրի հետ: Այսօրվա խնդիրը, հիմնականում, գիտության ծառայեցումն է տնտեսության զարգացմանը: Իսկ ներկայումս խոսքը ոչ միայն միջոցների սղության մասին է. այդ միջոցներն արդյունավետությամբ չեն օգտագործվում: Հետազոտությունները ֆինանսավորվում են Կրթության և գիտության նախարարության միջոցով, իրականում, սակայն, գումարները բաշխում են տարբեր գերատեսչություններ: Ու ստացվել է այնպես, որ ով ավելի ճարպիկ է ու գործունյա, նա էլ «իր վրա է քաշում վերմակը»: Այսպիսով, փոշիացվում են առանց այն էլ սուղ միջոցները: Մինչդեռ գումարների նպատակային օգտագործումը, հուսով եմ, արդյունքներ կապահովի: 22 միլիոնը քիչ է, բայց կրկնում եմ, դա կարելի է և պետք է արդյունավետ օգտագործել:
Գիտության պետական կոմիտեն պետք է իրականացնի ողջ ոլորտի վարչական կառավարումը: Եվ մոտեցումն էլ բոլորի նկատմամբ պետք է լինի միասնական: Ակադեմիան պետք է լինի պետության հիմնական խորհրդատուն` գիտության զարգացման հարցերում, այսինքն, զբաղվի բացառապես գիտական հարցերով, ամսագրերի հրատարակությամբ: Ապագայում հնարավոր է, որ Գիտությունների ազգային ակադեմիային վերապահվեն նաև փորձագիտական գործառույթներ:
Հանձնարարություն ունենք վերլուծել բոլոր գիտական հիմնարկների գործունեությունը: Մինչև հիմա նման բան չի արվել, և բյուջեի միջոցները բաշխվել են ինչպես արդյունավետ գործող, այնպես էլ գրեթե անգործության մատնված ինստիտուտներին: Այսօր միայն Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգը ներառում է շուրջ 40 գիտական հիմնարկ, տարբեր նախարարություններին կից գործում է շուրջ 30 ճյուղային ինստիտուտ: Դրան գումարենք բուհերը և առանձին լաբորատորիաները: Հայաստանի գիտությունը գոյատևում է սահմանափակ միջոցներով, և անիմաստ է այդքան գիտական հիմնարկների գոյությունը, որոնց մեծ մասը ստանում է անմրցունակ արդյունքներ կամ էլ զուտ ձևականորեն գոյություն ունի: Եվս մեկ նկատառում. իրար մոտ թեմատիկայով մեծ թվով հիմնարկներ են գործում, օրինակ, Հայաստանում կա 6 ֆիզիկայի ինստիտուտ: Այսօր անիմաստ է ունենալ նմանատիպ թեմատիկայով զբաղվող մի քանի ինստիտուտ: Կվերլուծվեն գիտական հիմնարկների նյութատեխնիկական բազայի վիճակը, հետազոտությունների թեմատիկան և արդյունքները, մասնագետներով ապահովվածությունը: Այսինքն, կկատարվի համակարգի գույքագրում, որից հետո կծրագրվեն գիտության զարգացման հեռանկարային խնդիրները: Այդ վերլուծությունը հնարավորություն կտա նաև կազմել Հայաստանի գիտական պոտենցիալի հստակ պատկերը, և մենք կարող ենք հիմնավորել ու առանձնացնել գիտության այն ուղղությունները, որտեղից մրցունակ արդյունք է ակնկալվում: Գերակայությունները որոշելու կարևոր գործոն են նաև ճյուղային նախարարությունների պատվերները: Այսօր առնվազն տարօրինակ է ճյուղային ինստիտուտների կարգավիճակը: Պարզվում է, որ 1992թ. հետո դրանցից ոչ մեկը որևէ նախարարությունից պատվեր չի ստացել: Մինչդեռ այդ ինստիտուտները կոչված են իրականացնելու ճյուղային նախարարությունների պատվերները: Այսինքն, ճյուղային հասկացությունն ինքը վերածվել է անհեթեթության:
Ինչ վերաբերում է գիտության հիմնարար ուղղություններին, դրանք պետք է պահպանվեն և զարգացվեն. հիմնարար գիտությունը ցանկացած երկրի դեմքն է, բացի այդ, եթե մենք հրաժարվենք հիմնարար հետազոտություններից, չենք կարող պահել բուհական կրթության անհրաժեշտ մակարդակը:
Գիտության գերակա ճանաչված ուղղությունները պետք է ուղղված լինեն առաջին հերթին երկրի տնտեսության զարգացմանը: Մանավանդ, Հայաստանի նման բնական ռեսուրսներ չունեցող երկրի համար գիտության զարգացումը չափազանց կարևոր է: Մենք պետք է հենվենք մեր ինտելեկտուալ պոտենցիալի` մարդկային ռեսուրսների վրա: Եվ մեր գիտությունը պետք է լինի մրցունակ: Եթե այդպես չէ, դա ուղղակի գումարների զուր վատնում է: Պետք է բարձրացվի տեխնիկական անվտանգության մակարդակը. այսօր մեր հանրապետությունն ամեն ինչ ներմուծում է: Մենք չունենք առաջատար տեխնոլոգիաներ ապահովող ձեռնարկություններ: Հայաստանն այդ ասպարեզում պետք է դառնա մրցունակ երկիր: Խորհրդային շրջանում մենք մեծ հաջողություններ ունեինք միկրոէլեկտրոնիկայի, քիմիայի, ֆիզիկայի, համակարգչային տեխնիկայի զարգացման և արտադրության ասպարեզներում, և դա չպետք է անտեսել: Մեր ապագան, կարծում եմ,  գիտատար արդյունաբերությունն է: Մենք լուրջ հաջողություններ կարող ենք ունենալ միկրոէլեկտրոնիկայի, նանոտեխնոլոգիաների, ճշգրիտ սարքաշինության ասպարեզներում: Նկատի առնելով դա, նաև առկա կադրերն ու գոյություն ունեցող դպրոցները` հնարավորինս արագ անհրաժեշտ է սահմանել մեր գիտական գերակայությունները: Շատ կարևոր են նաև համաշխարհային գիտական գերակայությունները, որովհետև Հայաստանը չի կարող մեկուսացված գոյություն ունենալ: Գիտության զարգացման համար նախատեսված միջնաժամկետ ծրագրով ՀՀ Կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն  գումարներ է նախատեսել համաշխարհային գերակայություն համարվող ասպարեզների համաֆինանսավորման համար:
Մարտ ամսին մենք համագործակցության պայմանագիր ստորագրեցինք  Ռուսաստանի հիմնարար հետազոտությունների հիմնադրամի հետ: Համագործակցության թիրախային ասպարեզներն են լինելու նանոտեխնոլոգիաները, կենսատեխնոլոգիաները, էներգետիկան: Նմանատիպ փաստաթուղթ առաջիկայում կստորագրենք նաև Բելառուսի Հանրապետության հետ: Ժամանակին մեր հանրապետությունը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության մի մասն էր, և մեր գիտության բոլոր ուղղությունները, այսպես թե այնպես, կազմում էին մեկ գիտակրթական տարածքի կարևորագույն մասը: Կարծում եմ` նախկին ավանդույթները հնարավորինս օպտիմալ ձևով անհրաժեշտ է օգտագործել: Մեր հաջորդ քայլը կլինի ինտեգրումը եվրոպական և համաշխարհային գիտակրթական տարածք: Դա նույնպես կամրագրվի համապատասխան պայմանագրերով: Կարևոր նշանակություն կունենա մոտ ժամանակներս մշակվելիք գիտության զարգացման ռազմավարական ծրագիրն առաջիկա 10-15 տարիների համար: Կարծում եմ` մինչև եկող տարվա ամառը կառավարությունը կհաստատի  և այդ ծրագիրը:
Ուզում եմ խոսել նաև գիտության արդյունքի առևտրայնացման խնդրի մասին: Ցավոք, անկախ Հայաստանում դրանով լուրջ չեն զբաղվել, չնայած ունենք լիազոր մարմին` ի դեմս Առևտրի և տնտեսական զարգացման նախարարության: Տարիներ շարունակ նորարարական գործունեությունը և գիտական արդյունքների առևտրայնացումը, որպես կանոն, սահմանափակվել է կոնկրետ գիտական արդյունքի վաճառքով: Մինչդեռ գիտական արդյունքի առևտրայնացումը միայն դա չէ: Որևէ հիմնարկի համար նույնիսկ գայթակղիչ թվացող ծրագիրը պետք է ապրանքային տեսքի բերել, որից հետո նոր հանել վաճառքի: Մեզ մոտ այդ միջանկյալ գործընթացը չի կազմակերպվում: Այսինքն, տեխնոպարկերի, գիտական ինկուբատորների աշխատանքը դեռևս հստակ չէ: Մեզանում շատ ցածր մակարդակի վրա են գիտական արդյունքների պատենտավորման, հեղինակային իրավունքի հարցերը: Այսինքն, նաև օրենսդրական կատարելագործման անհրաժեշտություն կա:
Ահա այս հարցերով պետք է զբաղվի գիտության պետական կոմիտեն, իսկ մոտ ապագայում` գուցե նախարարությունը: Պետք է մշակել սկզբունքներ, որոնք աշխարհին հայտնի են, մենք նոր հեծանիվ չենք հայտնագործելու:
Լուրջ քննարկման խնդիր է գիտական աստիճանաշնորհումը: Խորհրդային շրջանի հսկայական գիտակրթական տարածքի պարագայում Բարձրագույն որակավորման հանձնաժողովն արդյունավետ էր գործում: Փոքրիկ պետությունում, ինչպիսին մերն է, Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նման կառույցը, որը և’ գիտական խորհուրդների աշխատակարգն է մշակում, և’ փորձաքննություն  իրականացնում, և’ վերահսկողական գործառույթ ունի, չի կարող արդյունավետ աշխատել:
Կարծում եմ, որ գիտական աստիճանաշնորհման քաղաքականությունը պետք է մշակի ձևավորվելիք գիտության նախարարությունը: Պետք է դա իրականացնեն մասնագիտացված մրցակցությունը շահած խորհուրդները, ընդ որում` վերջիններիս աշխատակարգն ու ձևավորման կարգն այնպես պետք է մշակվի, որ աշխատանքն առավելագույնս օպտիմալ ու ազնիվ լինի:
Հապաղել այլևս չի կարելի: Առանց այն էլ մենք բավական ժամանակ ենք կորցրել: Ամեն ուշացած ամիսն ավելացնում է վատ հետևանքները: Մինչև այս տարվա կեսերը կավարտենք գույքագրումը, դրանից հետո գիտական հիմնարկների օպտիմալացում կիրականացնենք: Հսկայական մակերեսներ կան, որոնք պետությունն ուղղակի ի վիճակի չէ պահել, նույնիսկ եթե եռապատկեն մեզ հասանելիք բյուջեն: Իմ հաշվարկներով` տարեկան ավելի քան 50 միլիոն դոլար է անհրաժեշտ  միայն այդ շենքերի պահպանության համար:
Ուզում եմ շեշտել, որ ազատվելիք մակերեսներն օտարելը նպատակահարմար չէ: Այդ շենքերում կարելի է գիտակրթական կամ գիտաարտադրական փոքրիկ լաբորատորիաներ բացել: Կարելի է դրանք նորոգել ու վերածել հանրակացարանային համալիրների` արտասահմանցի ուսանողների համար: Հայաստանն այսօր լուրջ հնարավորություններ ունի գիտելիքի առևտրայնացման գործում շոշափելի արդյունքներ արձանագրելու: Մենք բավական որակյալ մարդկային ռեսուրսներ դեռևս ունենք, որոնք չօգտագործելն առնվազն խելամիտ չէ: Մենք կարող ենք մագիստրոսական և ասպիրանտական ուսուցում կազմակերպել արաբական աշխարհի, Հարավարևելյան Ասիայի երկրների քաղաքացիների համար: Ես մի քանի դեսպանների հետ զրուցել եմ ու համոզվել, որ դա հնարավոր է: Մի խոսքով, եթե մեր վարած քաղաքականությունը ճիշտ լինի, Հայաստանն ունի լուրջ հնարավորություններ և’ մրցունակ գիտություն ունենալու, և’ գիտելիքի առևտրայնացման գործում հաջողություններ արձանագրելու: Հարկ է մշակել գիտության վարչական կառավարման այնպիսի սկզբունքներ, որ գիտությամբ զբաղվելը լինի միաժամանակ հաճելի և օգտակար, իսկ գիտության զարգացումը դառնա ինքնակարգավորվող գործընթաց:
Կրկին շեշտեմ, որ Հայաստանն ունի որակյալ մարդկային ռեսուրս, և գիտությամբ զբաղվելը հայերիս գենետիկական հատկանիշն է: 

Share    



Գնահատում

Ինչպե ՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am