Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Հետահայաց

Հետահայաց
Դեկտեմբեր 2008, N 9

ՀԵՏԱՀԱՅԱՑ. ԴԵԿՏԵՄԲԵՐ

ՀԵՏԱՀԱՅԱՑ. ԴԵԿՏԵՄԲԵՐ

1991թ.

8-11 դեկտեմբերի - Խորհրդային պետության փլուզումը: «Բելովեժսկյան համաձայնագրի» ստորագրմամբ միութենական երեք հանրապետություններ` Ռուսաստանը, Ուկրաինան և Բելոռուսիան, դրեցին Անկախ պետությունների համագործակցության` ԱՊՀ-ի հիմքերը:

10 դեկտեմբերի - ԼՂՀ անկախության հանրաքվեն անկախ դիտորդների ներկայությամբ, որին մասնակցեց հանրապետության բնակչության 85%-ը: Քվեարկողների 99%-ը ձայնը տվել էր հօգուտ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության:

12 դեկտեմբերի - ՌԴ խորհրդարանը որոշում է ընդունում ուժը կորցրած համարել ԽՍՀՄ կազմավորման մասին 1922թ. դեկտեմբերի 21-ի պայմանագիրը:

15 դեկտեմբերի - Անկախության հանրաքվե Ադրբեջանում:

18 դեկտեմբերի - Ռուսաստանը ճանաչում է ՀՀ անկախությունը: «Ռուսաստանի ղեկավարությունը հայտարարում է ՀՀ անկախությունը` նրա ժողովրդի և խորհրդարանի ժողովրդավարական ընտրությանը համապատասխան, ճանաչելու մասին»,- հայտարարում է Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը:

 21 դեկտեմբերի - Ալմա Աթայում նախկին միութենական հանրապետությունները, բացի Մերձբալթիկայից և Վրաստանից, հաստատում են ԱՊՀ կազմավորումը:

22 դեկտեմբերի - Ադրբեջանական ուժերը կենտրոնացված հարձակում են սկսում ԼՂՀ Շահումյանի շրջանի Կարաչինար գյուղի վրա:

25 դեկտեմբերի - Միխայիլ Գորբաչովը դադարեցնում է գործունեությունը ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահի պաշտոնին:

28 դեկտեմբերի - Արդեն անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին խորհրդարանի ընտրությունները:

30 դեկտեմբերի - ԱՊՀ երկրների ղեկավարների դիմումն Ադրբեջանին և Հայաստանին` բանակցային գործընթացը վերսկսելու կոչով:

 

1992թ.

6 դեկտեմբերի - Ադրբեջանական բանակի լայնամասշտաբ հարձակումն Ասկերանի ուղղությամբ:

7 դեկտեմբերի - Աղդամի կողմից Ստեփանակերտի կենտրոնացված և երկարատև հեռահար հրետակոծությունը:

13 դեկտեմբերի - ՀՀ Կրասնոսելսկի շրջանի Արտանիշ և Ջիլ գյուղերի ռմբակոծությունն Ադրբեջանի ՌՕՈւ կողմից (հինգ ուղղաթիռ, Су-24 ռմբակոծիչ, Су-25 գրոհային ինքնաթիռ): Կրասնոսելսկի շրջկենտրոնի և Վահան գյուղի հայկական ինքնապաշտպանական ուժերի դիրքերի միաժամանակյա հրետակոծություն «Գրադ» կայանքներից, տանկերից և հաուբիցներից: Զոհվեց մեկ, վիրավորվեց վեց մարդ:

23 դեկտեմբերի - Լեռնային Ղարաբաղում ստեղծվող կանոնավոր բանակում ծառայության է զորակոչվում ԼՂՀ հասուն տարիքի ողջ արական բնակչության 70 տոկոսը:

10 դեկտեմբերի - Դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի անդամների հայտարարությունը հայկական դրամի պաշտոնական փոխարժեքի վերացման մասին. «Սրընթաց աճող ինֆլյացիայի պայմաններում անհրաժեշտ է որոշել նրա սահուն փոխարժեքը` ֆինանսական և շուկայական իրավիճակից կախված»:

 

1993թ.

15 դեկտեմբերի - Ադրբեջանի ԶՈւ լայնամասշտաբ հարձակումը ԼՂՀ-ի վրա:

15 դեկտեմբերի - ՀՀ նախագահի հրամանը «ՀՀ սննդամթերքի ներկրման և վաճառքի համար բարենպաստ պայմանների ստեղծման լրացուցիչ միջոցառումների մասին»: Հրամանում ասվում է. «ՀՀ ՆԳՆ-ն, Հարկային վարչությունը, «Զվարթնոց» և «Էրեբունի» օդանավակայանները պետք է ուշադրություն դարձնեն ցանկացած ապօրինի գործողության նկատմամբ խիստ անհանդուրժողականության մթնոլորտի ստեղծման անհրաժեշտության և սույն հարցի հատուկ պետական կարևորության վրա»:

21 դեկտեմբերի - Ռուսաստանի Իվանովո քաղաքից Բաքու են ժամանում 90 վարձկաններ` «վայրի սագեր»: Ստեփանակերտում սկսվում է վարձու օդաչու Յուրի Բելիչենկոյի դատավարությունը:

 

1994թ.

5-6 դեկտեմբերի - ԵԱՀԽ Բուդապեշտի գագաթաժողովը որոշում է ընդունում ԵԱՀԽ միջնորդական ջանքերի համախմբման մասին: ԵԱՀԽ-ն վերակազմավորվում է ԵԱՀԿ-ի:

6 դեկտեմբերի - Համաշխարհային հայկական ասամբլեայի (ՀՀԱ) հիմնադիր համագումարը, որը հայտարարում է հայկական նոր կազմակերպության ստեղծման մասին` ՀՀԱ նախագահ Սերժ Ջիլավյանի գլխավորությամբ:

16 դեկտեմբերի - Վերսկսվում է թուրքմենական գազի մատակարարումը Հայաստանին:

19 դեկտեմբերի - Երևանի քաղաքապետ Համբարձում Գալստյանի սպանությունը:

23 դեկտեմբերի - ՀՀ ԳԽ մի շարք խմբակցությունների և խմբերի պատգամավորներից ստեղծվում է Ժամանակավոր խորհուրդ` «համակարգելու համար այն խորհրդարանականների (անկախ կուսակցական պատկանելությունից) աշխատանքը, ովքեր ցանկանում են վերակենդանացնել Գերագույն խորհուրդը, որը հակակշռի փոխարեն դարձել է գործադիր իշխանության կցորդ»: Ընդդիմադիր նոր կառույցի ստեղծման առիթ էր ծառայել Երևանի քաղաքապետ Համբարձում Գալստյանի սպանությունը դեկտեմբերի 19-ին:

28 դեկտեմբերի - ՀՀ տարածքում ՀՅ Դաշնակցության գործունեության կասեցումը:

 

1995թ.

6 դեկտեմբերի - Երևանում մի փոքր ուշացումով սկսվում է կերոսինի բաշխումը: Ուշացման պաշտոնական բացատրությունը կտրոնների բաշխման հետ կապված դժվարություններն էին:

13 դեկտեմբերի - 1988թ. դեկտեմբերի 12-ին զոհված հարավսլավցի յոթ օդաչուների հիշատակին նվիրված հուշակոթողի բացումը Երևան-Արմավիր խճուղում. օդաչուները զոհվել էին` 1988թ. աղետալի երկրաշարժից տուժած Հայաստանին օգնություն հասցնելիս:

23 դեկտեմբերի - Մեկ տարի առաջ Երևանի քաղաքապետ Համբարձում Գալստյանի սպանության կասկածանքով ձերբակալված Միքայել Մանուկյանը դուրս է գալիս ՀՀ ՆԳՆ մեկուսարանից: Խափանման միջոցը` կալանքը, փոխարինվում է քաղաքից չբացակայելու ստորագրությամբ:

 

1996թ.

3 դեկտեմբերի - ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովը: Հայաստանը հարկադրված էր վետո դնել գագաթաժողովի որոշման 20-րդ կետի վրա, որը մատնանշում էր Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության մասին նախկին Ադր. ԽՍՀ սահմաններում:

8 դեկտեմբերի - Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանի կարգադրությամբ Մարտիրոս Սարյանի անվան պուրակում կրկին սկսում է գործել Վերնիսաժը:

16 դեկտեմբերի - Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանի կարգադրությունը երևանյան որոշ փողոցների (Ամիրյան, Կասյան) անվանումների վերականգնման մասին, որոնք «մի քանի տարի առաջ հակակոմունիզմի ալիքով անիմաստ անվանափոխվել էին»:

23 դեկտեմբերի - ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երդմնակալությունը ԼՂՀ ԱԺ հատուկ նիստում:

 

1997թ.

9 դեկտեմբերի - Թելման Գդլյանի մամուլի ասուլիսը Երևանում, որի ընթացքում հայտնի իրավաբանն ու քաղաքական գործիչը կոչ արեց ՀՀ իշխանություններին միանալ Ռուսաստան-Բելառուս միությանը: «Այս պատմական որոշումը կայացնելիս, հասկանալի է, չի կարելի հաշվի չառնել Լեռնային Ղարաբաղի հարցը»,- հայտարարել է նա:

15 դեկտեմբերի - Թբիլիսիում, հայկական Խոջիվանք գերեզմանատան ավերակների վրա Մայր տաճարի կառուցման սկիզբը: Քաղաքի հայ և ռուս բնակչության անունից բողոքի նամակներ են հղվում Համայն Հայոց կաթողիկոսի վեհարան, ՀՀ ԱԺ, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքին:

22 դեկտեմբերի - ՌԴ նախագահ Բորիս Ելցինը ստորագրում է «ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը վերացնելու վերաբերյալ համաձայնագրի վավերացման մասին» օրենքը:

 

1998թ.

10 դեկտեմբերի - ՀՀ ՊՆ փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը: Նա գնդակահարվել էր սեփական տան մուտքում: Փոխնախարարի վրա յոթ գնդակ էր արձակվել. երկուսը վրիպել էին, երեքը կպել էին գլխին, երկուսը` կրծքի շրջանում:

14 դեկտեմբերի - ՀՀ դատախազությունը և Հայաստանի պաշտպանության նախարարությունը $100.000 են խոստանում հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր իրենց տեղեկատվությամբ և գործունեությամբ կօժանդակեն ՀՀ պաշտպանության փոխնախարար Վ. Խորխոռունու սպանության բացահայտմանը:

26 դեկտեմբերի - ՀՅԴ ականավոր գործիչ Հրայր Մարուխյանի հուղարկավորությունը Երևանում:

 

1999թ.

7 դեկտեմբերի - ՀՀ նոր վարչապետ Արամ Սարգսյանի առաջին արտասահմանյան այցը Մոսկվա: Ռուսաստանի մայրաքաղաքում նա հանդիպում է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ:

16-17 դեկտեմբերի - ԵԽԽՎ Քաղաքական հանձնաժողովը որոշում է ընդունում ռազմագերիների և անհայտ կորածների հարցերով հայ-ադրբեջանական հանձնաժողով ստեղծելու մասին: Հակառակ Բաքվի այն պնդումներին, թե Ադրբեջանում հայ ռազմագերիներ չկան, հայկական կողմը հայտարարում է, որ Ադրբեջանում են գտնվում 25 հայ ռազմագերիներ և 365 անհայտ կորածներ:

22 դեկտեմբերի - Ռուսական «Գազպրոմ» ՌԲԸ ընկերությունը պատրաստակամություն է հայտնում $120 մլն ներդնել Իրան-Հայաստան գազամուղի անցկացման նախագծի իրականացման համար:

 

2000թ.

11 դեկտեմբերի - Երևան է ժամանում Պենտագոնի պատվիրակությունը` Եվրոպայում ԱՄՆ բանակի պլանավորման և քաղաքականության դեպարտամենտի տնօրեն, գեներալ Չարլզ Սիմփսոնի գլխավորությամբ: Պայմանագիր է ստորագրվում ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև ռազմական համագործակցության վերաբերյալ:

18 դեկտեմբերի - Թեհրանի և Երևանի միջև Իրան-Հայաստան գազամուղի անցկացման վերաբերյալ բանակցությունների վերջնական փուլը: Այս մասին հայտարարում է Հայաստանում Իրանի Արտակարգ և լիազոր դեսպան Մոհամեդ Ֆարհադ Քոլեյնին:

25 դեկտեմբերի - «Հայաստանի` ՆԱՏՕ մտնելու առանձին գործընթացի մասին խոսք չկա,- հայտարարում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:- Հայաստանը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, որի շրջանակներում էլ պատրաստ է ընդլայնել այդ համագործակցությունը»:

 

2001թ.

10 դեկտեմբերի - Շվեյցարիայի Ժնևի կանտոնի կառավարությունն ընդունում է 1915թ. Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող հայտարարություն:

15 դեկտեմբերի - Լեռնային Ղարաբաղում հողին է հանձնվում Բաքվի Բաիլովյան բանտում տանջամահ արված, դեռևս 1991թ. ԼՂՀ Մարտակերտի շրջանի հայրենի Ումուդլու գյուղի պաշտպանության ժամանակ անհայտ կորած Արկադի Հայրինյանի աճյունը:

20 դեկտեմբերի - ՀՀ կառավարությունը սահմանում է ՀՀ ԳԱԱ իսկական անդամի և թղթակից անդամի կոչման համար պատվավոր ցմահ վճարաչափը` համապատասխանաբար 100 հազ. և 75 հազ. դրամ ամսական` սկսած 2002թ. հունվարի 1-ից:

 

2002թ.

10 դեկտեմբերի - ԱՀԿ-ում Թուրքիայի ներկայացուցչի հայտարարությունն այդ կազմակերպությանը Հայաստանի անդամակցության առիթով. «Հայաստանի հետ երկկողմանի հարաբերություններում Թուրքիան իրեն է վերապահում ԱՀԿ կարգադրագրերին խստորեն չհետևելու իրավունքը և պաշտոնական Երևանի համար առավել նպաստավոր լինելու ռեժիմ չի երաշխավորում»:

18 դեկտեմբերի - Կառուցվածքային փոփոխություններ ՀՀ կառավարությունում: ՀՀ նախագահի ստորագրած հրամանի համաձայն` Ազգային անվտանգության նախարարությունը վերակազմավորվում է ՀՀ կառավարությանն առընթեր Անվտանգության ազգային ծառայության, իսկ Ներքին գործերի նախարարությունը` Հայաստանի կառավարությանն առընթեր ՀՀ Ոստիկանության: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրում է Կառլոս Պետրոսյանին ԱԱԾ տնօրեն նշանակելու մասին հրամանը: ՀՀ ոստիկանապետ է նշանակվում Հայկ Հարությունյանը:

20 դեկտեմբերի - Անկարայում սպանվում է տեղի համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետի դասախոս, դոկտոր Նեջիբ Աբլեմիթօղլուն, ով հայտնի էր «Հայկական հարցի» վերաբերյալ ելույթներով:

 

2003թ.

7 դեկտեմբերի - ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովի հայտարարությունը. «Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ է հանդիսանում, և դա ժխտել չի կարելի»:

15 դեկտեմբերի - Շվեյցարիայի Ազգային խորհուրդն ընդունում է 1915թ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Բանաձև: Հօգուտ բանաձևի ընդունման քվեարկել են Շվեյցարիայի խորհրդարանի 107, դեմ` 67 անդամներ, ձեռնպահ է մնացել 11 խորհրդարանական:

22 դեկտեմբերի - Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում սկսվում է Լևոն Աբրահամյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը, ով, մեղադրական եզրակացության համաձայն, մահափորձ էր կազմակերպել ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի դեմ:

 

2004թ.

6 դեկտեմբերի - ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ստորագրում է օրենք ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև մշտական բնականոն առևտրային հարաբերությունների հաստատման մասին:

17 դեկտեմբերի - Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հայտարարությունը. «Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը և Կիպրոսի Հանրապետությունը, այլապես Ֆրանսիան կարգելափակի ԵՄ-ին Թուրքիայի հնարավոր անդամակցության բանակցությունները»:

21 դեկտեմբերի - Նիդեռլանդների խորհրդարանը միաձայն քվեարկեց հօգուտ 1915թ. Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման:

 

2005թ.

2 դեկտեմբերի - ՌԴ նախագահ Վ. Պուտինը հրաման է ստորագրում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին «Հայրենիքի առջև ունեցած վաստակի համար» վեցերորդ աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին»:

2 դեկտեմբերի - ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը և «Ինգեոկոմ միավորում» ՓԲԸ շինարարական ընկերության տնօրեն Միխայիլ Ռուդյակը պատիճ են տեղադրում ՀՀ ՊՆ նոր համալիրի հիմքում:

5 դեկտեմբերի - ՀՀ նախագահը ստորագրում է օրենքներ ստուգումների կազմակերպման և անցկացման, պարզեցված հարկի, շահութահարկի մասին օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու, սոցապահովության պարտադիր վճարների և մասնավոր ձեռներեցների համար շահութահարկի վճարման արտոնությունների սահմանման, վարչական խախտումների, սոցապահովության պարտադիր վճարների մասին և օրենք տեղական ինքնակառավարման մասին: 

12 դեկտեմբերի - 1992-1993թթ. Արցախի բանակի հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), Արցախի բանակի նախկին հրամանատար Արկադի Կարապետյանը և Շուշվա հատուկ գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն Արցախյան պատերազմի կամավորականների անունից բաց նամակ են հղում Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլուն. «Վերջին ժամանակներս Ջավախքից և Վրաստանի այլ հայաբնակ շրջաններից ստացվող տեղեկություններն անհանգստության տեղիք են տալիս: Դրանք վկայում են, որ վրացական կառավարությունն իրականացնում է հայ բնակչության դուրսմղման լայնամասշտաբ ծրագիր: Հանդիպելով հայ բնակչության դիմադրությանը` իշխանությունն արդեն մի քանի անգամ փորձել է դիմել ուժային մեթոդների... Հակահայկական գործողությունների հետագա ծավալումը վրացական պետության տարածքում լուրջ վնաս կհասցնի հայ-վրացական հարաբերություններին, որոնք ցանկության դեպքում կարող էին և ավելի բարեկամական լինել»:

16 դեկտեմբերի - ՄԱԿ Զարգացման ծրագրի (ՄԶԾ) հաղորդումը. «Հաշիշ կամ մարիխուանա է օգտագործում Հայաստանի բնակչության 5,4%-ը: Թմրամոլների մեծամասնությունը թմրանյութ օգտագործել սկսել է 16-25 տարեկանում, իսկ 9,7%-ը հաճախ հոգեմետ դեղամիջոցներ է օգտագործում: 51%-ն օգտագործում է թունդ ոգելից խմիչքներ, նրանց 28%-ը կանայք են: 82%-ը ալկոհոլ է օգտագործում տոնական օրերին: Հարցախույզն անցկացվել է 4.269 անձանց շրջանում»:

17 դեկտեմբերի - Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ռուսական Խանտի Մանսիյսկ քաղաքում, Ռուսլան Պոնոմարյովի (Ուկրաինա) հետ մրցամարտում դարձավ ՖԻԴԵ-ի Աշխարհի շախմատի գավաթի հաղթող:

21 դեկտեմբերի - «Transparency» կազմակերպությունը հրապարակում է «Կոռուպցիայի ընկալումն աշխարհում» վարկանիշը: 2005թ. արդյունքներով` Հայաստանն այդ վարկանիշով 88-րդն էր, Վրաստանը` 130-րդը, Ադրբեջանը` 137-րդը:

 

2006թ.

1 դեկտեմբերի - «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո անգամ հայ-ադրբեջանական հիմնախնդիրը հազիվ թե լուծվի: Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումն ավելի կարևոր է, քան ԼՂՀ անկախության ճանաչումն աշխարհի հիսուն ազդեցիկ երկրների կողմից: Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչումը կարող է միայն Ադրբեջանի վրա ճնշման լրացուցիչ լծակ լինել` Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության ճանաչման համար»,- հայտարարել է ՀՀ նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:

13 դեկտեմբերի - «ECA International» (ՄԱԿ աֆրիկյան Տնտեսական հանձնաժողով) կոնսալթինգային (խորհրդատվական) ընկերության տվյալները. «Երևանը 21-րդ տեղն է զբաղեցնում օտարերկրացիների համար աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշային ցանկում: Աշխարհի ամենաթանկ քաղաքը օտարերկրացիների բնակության համար Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեն է, երկրորդ տեղում է Անգոլայի մայրաքաղաք Լուանդան, երրորդում` Օսլոն: Մոսկվան զբաղեցնում է չորրորդ տեղը: Ամենաթանկ ասիական քաղաքը Սեուլն է, որն ընդհանուր վարկանիշային ցանկում զբաղեցնում է 8-րդ տեղը, ինչը պայմանավորված է տեղի արժույթի ուժեղ փոխարժեքով և ապրանքների բարձր արժեքով: Վարկանիշը կազմելիս` «ECA International»-ի փորձագետները նկատի են առել 125 ամենատարբեր տնտեսական գործոններ. պերճանքի, ամենօրյա սպառման առարկաների, ռեստորանների կերակրացանկի արժեքը և այլն, աշխարհի ավելի քան 250 քաղաքներում»:

15 դեկտեմբերի - «Այսօրվա դրությամբ Աբխազիայում գործում են 37 հայկական դպրոցներ, որոնցում սովորում են 2.820 աշակերտներ: Ռուսական դպրոցներում 8.400 հայեր կան»,- հաղորդել է Աբխազիայի հերոս, Աբխազիայի հայկական համայնքի ղեկավար Գալուստ Տրապիզոնյանը:

20 դեկտեմբերի - Էլեկտրակապի համաշխարհային միության տվյալները. «Ինտերնետից օգտվելու մակարդակով Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 124-րդ տեղը: Հայաստանում ինտերնետից օգտվում է 150 հազ. մարդ: Ընդսմին` Հայաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը տարածաշրջանում` զիջելով Ադրբեջանին (85-րդը և 120-րդը օգտվողների ակտիվությամբ և թվաքանակով): Վրաստանը զբաղեցրել է 132-րդ և 112-րդ տեղերը՝ ըստ ինտերնետից օգտվողների ակտիվության և թվաքանակի: Ընդհանուր առմամբ, վարկանիշի կազմմանը մասնակցել են աշխարհի 198 երկրներ»:

 

2007թ.

6 դեկտեմբերի - «Այսօր ես բացահայտ ասում եմ, որ ՀՀՇ-ն չարաշահել է ժողովրդի վստահությունը: ՀՀՇ-ն քայքայել է երկրի տնտեսությունը` Հայաստանը դարձնելով աշխարհի աղքատ երկրներից մեկը: ՀՀՇ-ն իշխանության եկավ Ղարաբաղյան շարժման ալիքով և դավաճանեց նրան: Այդ կուսակցությանը խորթ է ազգային գաղափարախոսությունը, այն պատրաստ է մոռանալ Ցեղասպանությունը և Հայաստանը դաձնել Թուրքիայի կցորդը... Մեր ժողովուրդը խելացի է և պրագմատիկ. ճառասացների և արկածախնդիրների հետևից չի գնա»,- հայտարարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

10 դեկտեմբերի - Վիեննայում Մամուլի միջազգային ինստիտուտը (ՄՄԻ), Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ, Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքին հետմահու շնորհում է «Մամուլի ազատության հերոսի» կոչում: Այն ստացել է խմբագրի այրին` Ռաքել Դինքը:

Պատրաստեց Հայկ Ղազինյանը

Share    



Գնահատում

Ինչպե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am