Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Ամսվա քրոնիկա և համարի տեսություն

Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Դեկտեմբեր 2008, N 9

ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ

Անցնող տարին այնքան հարուստ էր իրադարձություններով, որ դրանցից առավել նշանակալիների պարզ թվարկումն անգամ մի ամբողջ ամսագրային էջից պակաս տեղ չէր զբաղեցնի: Միայն նախագահական ընտրությունները տարածաշրջանի երկրներում (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) և այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը և ԱՄՆ-ը, արդեն առանձնահատուկ վերաբերմունք են պահանջում:  

Վերջին քսան տարիների ընթացքում աշխարհի քաղաքական քարտեզին մի քանի տասնյակ պետական կազմավորումներ են ի հայտ եկել: Ընդ որում՝ միջազգային իրավունքի յուրաքանչյուր նոր օբյեկտ Լուսնից չի ընկել առանց այդ էլ  նեղվածք Երկիր մոլորակ, այլ իր ինքնիշխանությունն է հռչակել այս կամ այն պետության տարածքում, որն իր հերթին Միավորված Ազգերի Կազմակերպության լիիրավ անդամ էր հանդիսանում: Վերջիններիս թվում կարելի է հիշատակել ԽՍՀՄ-ը, Հարավսլավիան, Չեխոսլովակիան, Եթովպիան, Ինդոնեզիան...

Որոշ դեպքերում միջազգային հանրությունը պաշտպանել է այս կամ այն ժողովրդի անկախության ձգտումը, որոշ դեպքերում էլ՝ կտրականապես մերժել նման ձգտման հիմնավորվածությունը: Այսքան տարբեր մոտեցումները, իհարկե, զուրկ են ամեն տեսակ տրամաբանությունից և միայն հերթական անգամ ամրագրում են «միջազգային հանրություն» հասկացության վիրտուալությունը, որն իրականում մի քանի տերությունների կենսական շահերի արտահայտման փոքր-ինչ քողարկված ձև է: Հայաստանն անկախություն հռչակեց 1990-ական թթ. սկզբին և արդեն 1992թ. մարտի 2-ին դարձավ ճանաչված քաղաքական սուբյեկտ: Հայաստանի հետ նույն օրը միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտներ դարձան նաև Ղազախստանը, Ղրղըզստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը և Սան Մարինոն:

Մի փոքր ավելի ուշ ՄԱԿ անդամ կդառնան Մոնակոն, Անդորրան, Վրաստանը, Խորվաթիան, Չեխիան, Շվեյցարիան, ինչպես նաև պակաս հայտնի երկրներ՝ Կիրիբաթին, Նաուրուն, Տուվալուն: 1993թ. լիիրավ քաղաքական սուբյեկտ կդառնա Էրիթրեան, իսկ ահա 1994թ. աթոլային Պալաու հանրապետությունը կամրագրվի որպես Իսթ-Ռիվեր: Անցյալ դարի քողի ներքո ՄԱԿ անդամ կհասցնի դառնալ օվկիանոսային Տոնգո թագավորությունը: Երրորդ հազարամյակի նոր քաղաքական սուբյեկտների ցանկը կբացի Թիմոր-Լեշտի պետությունը, որը 2002թ. (բնականաբար, միջազգային հանրության հավանությամբ) անկախություն կհռչակի: Անցյալ տարվա մայիսից ինքնիշխան պետություն է նաև Չեռնոգորիան: 

Այսպիսով, Միավորված Ազգերի Կազմակերպության՝ քաղաքակրթության բարձունքներին ձգտող երկնաքերը որոշ իմաստով նման է Բաբելոնյան աշտարակին, սակայն հայտնի աշտարակաշինության տխուր հետևանքներից խուսափելու համար միայն մի քանի երկրներ են իրենց ուսերին վերցրել նոր աշխարհակարգի կառուցման ծանր բեռը: Բայց անգամ այս պարագայում բաղձալի կոնսենսուսը չկա. ՄԱԿ ԱԽ մշտական անդամները, որոնք են, ինչպես հայտնի է, վետոյի իրավունք ունեցող Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Չինաստանը, խիստ հազվադեպ են ընդհանուր լեզու գտնում, ինչի արդյունքում պաշտոնական Վաշինգտոնն արդեն որոշ ժամանակ է, ինչ թքած ունի ՄԱԿ-ի վրա՝ իր բոլոր բանաձևերով ու խորհուրդներով, այդ թվում և Անվտանգության խորհրդով հանդերձ:

Եվ այնուամենայնիվ, նոր աշտարակաշինությունը հասունանում էր համաշխարհային աշտարակի միջանցքներում: Կոսովոյի հիմնախնդիրը, թվում էր, կոչված էր խառնել բոլոր խաղաթղթերը, այդ թվում և աշխարհագրական, պատմական ու քաղաքական: Ընդ որում՝ այնպիսի խառնաշփոթ ստեղծվեց, որ խեղճ Սերբիան, որը մենակ էր տառապում ամերիկյան ռմբակոծումներից (հասկանալի է՝ շրջանցելով ՄԱԿ Անվտանգության խորհրդի դիրքերը), հանկարծ լսեց ոչ քիչ թվով կարեկից ձայներ հակառակ ճամբարից: Սեփական տարածքային հիմնախնդիրներով ծանրաբեռ Վրաստանը հայտարարեց, որ առանց Բելգրադի համաձայնության ոչ մի խոսք չի կարող լինել երկրի մասնատման մասին: Ադրբեջանն իր հերթին պաշտպանեց Սերբիային և ուղղակի հայտարարեց. «Իրավիճակի զարգացումը Կոսովոյում ոչ մի կերպ չի կարող ձեռնտու լինել Ադրբեջանին»: Բասկյան անջատողականությունը Բելգրադի հետ համերաշխ լինելը պայմանավորեց արդեն Իսպանիայի կողմից:   

Կոսովոյի՝ որպես երկրորդ ալբանական պետության ստեղծման հեռանկարի հետ կապված, ակտիվացան նախկին Խորհրդային Միության՝ միջազգային հանրության կողմից չճանաչված ինքնահռչակ հանրապետությունների քաղաքական շրջանակները: Հայտնի հակասությունների արդյունքը դարձան վեցօրյա պատերազմը և դրան հաջորդած՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը Ռուսաստանի կողմից:

Ավելին, նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մայնդորֆ դղյակում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահները Հռչակագիր ստորագրեցին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Իհարկե, խիստ վաղ է խոսել հակամարտության կարգավորման մասին՝ անկախ փաստաթղթի անվանումից: Չի կարելի խաբվել նման հայտարարություններով, մանավանդ որ վերջին 15 տարիների ընթացքում դրանց թիվը քիչ չի եղել: Նման համաձայնություններից յուրաքանչյուրը հավակնում էր «բացառիկի» դերին, թեև, ի վերջո, դառնում էր «հերթական»:

Այնուամենայնիվ, վերջին համաձայնության առանձնահատկությունն անոնսի մեջ չէ: Այն ստորագրվել է տարածաշրջանում լարվածության թեժացման շրջանում, երբ Հարավային Կովկասի քաղաքական վերաբաժանումը կարևորագույն փուլ էր մտել: Միևնույն ժամանակ, համաձայնության բովանդակությունը (որը, հասկանալի է, չի հրապարակվում) քաղաքական այն զարգացումների տրամաբանական արդյունքն է, որոնք նախորդել էին վեցօրյա պատերազմին Վրաստանում: Դրա վկայությունն է Մոսկվայում ստորագրված փաստաթղթի 2-րդ կետը, ըստ որի՝ կողմերը հաստատում են հենց 2007թ. նոյեմբերի 29-ին կայացած Մադրիդյան հանդիպման կարևոր նշանակությունը:

Անցյալ տարվա նոյեմբերին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին հանձնվեց մի փաստաթուղթ՝ խիստ հավակնոտ անվանմամբ. «Հակամարտության խաղաղ կարգավորման արդարացի և զուգակշռված բազային սկզբունքներ»: Հակամարտող կողմերի ղեկավարները երբեք չեն հրապարակել սույն փաստաթուղթն այն ծավալներով, որոնք թույլ կտային որոշակի ենթադրություններ անել: Չնայած առաջարկված սխեման հայեցակարգայնորեն նոր համարելու հիմքերի բացակայությանը՝ միջնորդական առաքելությունն այն մատուցում է որպես նոր առաջարկ: Ներկայում որևէ հիմք չկա ենթադրելու, թե «Մադրիդյան սկզբունքները» Լեռնային Ղարաբաղի համար Ադրբեջանից անկախ քաղաքական կարգավիճակ են սահմանում: Մենք չունենք Մադրիդում առաջարկված փաստաթղթի բովանդակությունը, սակայն կարող ենք որոշակի պատկերացում կազմել դրա մասին՝ ելնելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բերնսի հայտարարությունից, ով նույնպես գտնվել է Իսպանիայի մայրաքաղաքում փաստաթղթի հանձնման ժամանակ և հանդիպել Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ: 

Հենց այս բարձրաստիճան ամերիկյան դիվանագետն է, որ ամենևին էլ ոչ պատահմամբ նկատել է. «ցանկացած պայմանավորվածություն, որ կարող է ձեռք բերվել Կոսովոյի շուրջ, չի կարող տարածվել այլ հակամարտությունների վրա: Չեմ կարծում թե կարելի է ինչ-որ զուգահեռներ անցկացնել ԼեռնայինՂարաբաղի իրավիճակի և Կոսովոյի խնդրի հնարավոր լուծման միջև: Մենք երբեք չենք ենթադրել, թե Կոսովոյի վերաբերյալ ինչ-որ պայմանավորվածություններ, որոնք ձեռք կբերվեն 2007թ. դեկտեմբերի 10-ից հետո, կդիտարկվեն որպես նախադեպ սառեցված հակամարտությունների լուծման և դեպի Արևելք դրանց տարածման համար»:

Ինչևէ, իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ «Հակամարտության խաղաղ կարգավորման արդարացի և զուգակշռված բազային սկզբունքները» կամ, այլ խոսքերով՝ «Մադրիդյան սկզբունքները», որոնց վրա է հիմնվում Մոսկվայի համաձայնագիրը, հենվում է հետևյալի վրա.

Որպես առաջին քայլ նշվում է հայկական զինվորական ստորաբաժանումների դուրսբերումը վերահսկվող դիրքերից: 

Մադրիդում առաջարկված փաստաթղթի կարևորագույն կետերից է, հավանաբար, տեղահանված անձանց վերադարձը և անկախության հանրաքվեի անցկացումը ոչ միայն լեռնային Ղարաբաղի տարածքում, այլև, հնարավոր է, նաև հարակից շրջաններում: Մինչ այդ նույնպես խոսվում էր այդ մասին («Մոսկովյան պայմանավորվածություններ»), ընդ որում՝ ենթադրվում էր, որ հանրաքվեն կանցկացվի 10-15 տարվա ընթացքում՝ կարգավորման առաջին փուլի իրագործումից սկսած:  

Մադրիդյան փաստաթղթի մեկ այլ կետով նախատեսվում է, հավանաբար, Ադրբեջանի և, ըստ երևույթին, Թուրքիայի կողմից հաղորդակցությունների շրջափակման վերացումը:

Ամենայն հավանականությամբ, ներկայացված փաստաթուղթը միտված է լուծել վերոնշյալ խնդիրները՝ առանց Լեռնային Ղարաբաղի կոնկրետ կարգավիճակի որոշման: Համենայնդեպս, դա է բխում վերջին տարիների իրադարձությունների տրամաբանությունից, ինչպես նաև առանձին դիվանագետների կցկտուր հաղորդումներից:

Ընդհանրապես, վերջին տասը տարիների ընթացքում դեռևս երբեք քաղաքական գործընթացները մեր տարածաշրջանում այսքան արագացված ձևով չեն զարգացել: Ընդ որում՝ սույն պարագայում խոսքը վերաբերում է ոչ թե այս կամ այ սառեցված գործընթացներին, այլ տարածաշրջանային ուժերի դասավորվածության ու գերակայությունների սկզբունքային փոփոխությանը: Նոր աշխարհաքաղաքական իրողությունների ֆոնին անգամ այնպիսի լուրջ հարցեր, ինչպես, օրինակ, Մինսկի խմբի շրջանակներում Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացն է կամ նախագահական ընտրությունները Հայաստանում և Ադրբեջանում, «կլանվում» են տարածաշրջանային վերաբաժանման ավելի թարմ հայեցակարգերի ջրապտույտում:   

Դեռևս ամռան սկզբին քչերը կարող էին մտքներով անցկացնել, թե Բաքու այնպիսի լուրջ քաղքական դեմքի այցելությունը, ինչպիսին, անկասկած, ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնին է, կարող է այդքան թշվառ արդյունք ունենալ: Այցը լիովին ձախողվեց, ընդ որում՝ Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևը նույնիսկ հարկ չհամարեց օդանավակայանում դիմավորել բարձրաստիճան հյուրին: Չեյնիին չդիմավորեցին նույնիսկ Ադրբեջանի վարչապետի մակարդակով:  

Դա առավել ևս տարօրինակ է թվում, քանի որ հենց Դիք Չեյնին էր, որ Բուշ-ավագի վարչակազմում պաշտպանության նախարար լինելով՝ փոքր դեր չէր խաղացել ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև քաղաքական հարաբերությունների կարգավորման գործում: 1998թ. նոյեմբերին, երբ Իլհամ Ալիևը՝ ԱՀՆՊԸ առաջին փոխնախագահը, այցելեց ԱՄՆ, Չեյնին նրա պատվին Ամերիկա-ադրբեջանական գործընկերության հիմնադրամում և Միջին Ասիայի և Կովկասի ինստիտուտում պաշտոնական ընդունելության կազմակերպիչներից մեկն էր:     

Զարմանալի չէ, որ երբ Ջորջ-Բուշ կրտսերն առաջ քաշեց Չեյնիի թեկնածությունը փոխնախագահի պաշտոնում, ԱՄՆ հայկական սփյուռքը վրդովվեց: Դիք Չեյնին զբաղեցրած բոլոր պաշտոններում ոչ միայն ծառայել է նավթային խոշոր բիզնեսի շահերին, այլև ագրեսիվ ձևով առաջ է մղել ադրբեջանական շահերը՝ ի վնաս Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի: Պաշտպանության նախարար դառնալով՝ նա օժանդակել է Թուրքիա ռազմական տեխնիկայի մատակարարմանը: Halliburton-ի ղեկավարի պաշտոնում փոխնախագահը շատ բան է արել, որ հանել տա 907 հոդվածը: Նրա գործադրած ջանքերի համար 1997թ. Ամերիկա-ադրբեջանական առևտրային պալատը Դիք Չեյնիին շնորհեց «Ազատությանն աջակցելու համար» մրցանակ: Եվ այնուամենայնիվ, վերջերս նրա՝ Բաքու կատարած այցելությունը ձախողվեց: Այս ամենը վկայում է այն մասին, որ տարածաշրջանում, իսկապես, իրողությունները փոխվում են:

Հենց այդ շրջանում էլ Մոսկվայում տեղի ունեցավ ՀԱՊԿ (ներառված են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը և Կենտրոնական Ասիայի երկրները, բացի Թուրքմենստանից) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների նիստը: Հանդիպման մասնակիցները քննարկեցին Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման հնարավորության հարցը՝ դրանց ՀԱՊԿ մտնելու համատեքստում: Հարցի շուրջ նախնական փոխըմբռնում ձեռք բերվեց՝ մի բացառությամբ: Հայտնի է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մինչ այդ հայտարարել էր. «Հայաստանը չի կարող ճանաչել համանման իրավիճակում գտնվող մեկ այլ կազմավորում, քանի դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այդ պատճառով էլ Հայաստանը ժամանակին չի ճանաչել Կոսովոյի անկախությունը»:

Մարտի 1-2-ի դրամատիկական իրադարձությունները Երևանում, իրենց հերթին, դեռ երկար կխռովեն հայ հանրային միտքը: Շատերը դրանք դիտարկում են այսպես կոչված «գունավոր հեղափոխությունների» համատեքստում, թեև, ինչպես ինձ է թվում, դրա համար բավական հիմքեր չկան: Արտաքնապես ամեն ինչ իսկապես խելագարված ամբոխների միասնական երթ էր հիշեցնում Ալեքսանդրյան զառիվայրից դեպի Կրեշչատիկ և հետո Ռուսթավելու պողոտա՝ դրան հաջորդող պարտադիր ելքով դեպի հրապարակ՝ արդեն Երևանի քաղաքապետարանին կից: Բայց այդպե՞ս էր արդյոք իրականում:

Ի վերջո, գունավոր մշակումների գլխավոր բնութագիրը անխուսափելի իշխանափոխությունն է, ինչը Հայաստանում տեղի չունեցավ: Ինչ վերաբերում է առանձին տեսարանների և դրվագների արտաքին նմանությանը, ապա դրանք գրեթե միշտ խաբուսիկ են զանգվածային զայրույթի դրսևորման ձևերի սահմանափակության պատճառով:

Բայց անգամ արտաքին նման դրսևորումները հաճախ տարբերվում են ներքին բովանդակությամբ. նույնիսկ դրսից նյութական և տեղեկատվական հզոր բազայի առկայության պարագայում ուկրաինական «նարնջագույն բլոկը» հազիվ  թե արժանանար Արևմուտքի աջակցությանը, եթե քարոզեր Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման նպատակահարմարության և Ղրիմի բնակչությանը պլեբիսցիտի իրավունք տրամադրելու օգտին: Աննախանձելի կլիներ նաև վրացական «վարդագույն հեղափոխության» առաջնորդների դրությունը, եթե նրանք հրապարակավ ընդունեին Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնորոշման հնարավորությունը:  

Անկախ գունավոր նախագծերի իսկական արդյունքներից, դրանք իրականացվում էին ազգային և անգամ ազգայնական տրամադրությունների առանցքին, ընդ որում՝ առանցքն ինքը իրականում քաղաքական կյանքի երկու բևեռ էր շաղկապում՝ արտաքին (Արևմուտք - Ռուսաստան հակադրություն) և ներքին (ընդդիմություն - իշխանություն հակադրություն): Նման ոչինչ Հայաստանում չի դիտարկվել: Ավելին, բողոքող արմատական շարժումը գրեթե ամբողջովին անտեսում էր ազգային և  առավել ևս՝ ազգայնական գործոնը, իսկ շարժման առաջնորդի անձը երթերին ու հավաքներին անգամ դավաճանական երանգավորում էր տալիս:  

Մի խոսքով՝ ինչպես տեսնում ենք, տարին հարուստ էր աղետներով:

Ուստի պատահական չէ, որ «Ազգային գաղափարի» դեկտեմբերյան համարի հիմնական թեմատիկ ուղղվածությունը աղետներն են։ Թերևս, նման ընտրությունը հարմարեցված է նաև հայ նորագույն պատմության ամենաողբերգական տարելիցին՝ Սպիտակի աղետալի երկրաշարժի 20 ամյակին, որին անհնար էր չանդրադառնալ։ 

Պատմությունն այնպես էր տնօրինել, որ աղետը տեղի ունենար հենց 1988թ.։ Դրանով է, հավանաբար, բացատրվում դրա իրական հետևանքների ոչ այնքան համարժեք ընկալումը։ Հազիվ թե արժե վիճարկել այն միտքը, թե 20 տարի առաջ փլուզվեց այն, ինչ, նորից պատմության կամոք, պետք է ավերվեր Խորհրդային Միության փլուզման հետ մեկտեղ։ Աղետների բնական-տարերային (մի կողմից) և քաղաքական-տնտեսական (մյուս կողմից) ժամանակագրական կարգը դեռևս ավելի լայն վերլուծական ընկալման կարիք ունի։

Հարկ է նշել, որ համարի առանցքային թեմատիկ վեկտորի՝ «աղետ» հասկացության տակ նկատի չենք ունեցել միայն առանձին ընտանիքների կամ մարդկային խմբերի կենսակերպի կործանումը կամ հայեցակարգային փոփոխությունը, այլ նաև ընդհանուր կերպափոխումը ամենատարբեր ոլորտներում՝ քաղաքական, մշակութային, գիտական և այլն։ Ըստ այդմ էլ կատարվել է «Ազգային գաղափարի» այս տարվա վերջին համարի հրապարակումների ընտրությունը։

«Քաղաքականություն» խորագրով ներկայացված է Քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արտյոմ Խաչատրյանի «2008. արդյունքներ և հեռանկարներ» հոդվածը։ Ինչպես վկայում է նյութի անվանումը, այն հիմնականում ամփոփիչ բնույթ ունի։ Միևնույն ժամանակ, փորձ է արվում վերիմաստավորել անցնող տարվա դրամատիկ իրադարձությունները, որոնց գագաթնակետը դարձան մարտիմեկյան դեպքերը։ Համաձայնենք, որ այս տարվա վայրիվերումները խիստ համապատասխանում են քաղաքական աղետի համատեքստին և հայոց պետականության զարգացման նոր հեռանկարներ են ուրվագծում։ Թե ինչ ուղղություն կնախընտրի գործող նախագահը, ցույց կտա ապագան։ Ըստ էության, այս (և ոչ միայն այս) մասին է նյութը։

«Աշխարհաքաղաքականություն» խորագիրն այսօր ներկայացված է հրապարակախոս Դավիթ Հարությունյանի «Թուրք-մեսխեթցիներ. դանդաղ գործողության ական» հոդվածով։ Բավական հետաքրքիր նյութ է, որը, չնայած փաստական հագեցածությանը, բավական հեշտ ընթեռնելի է։

Թուրքական կառավարությունն իր կովկասյան ռազմերթերում միշտ հենվել է այս ժողովրդի աջակցության վրա: Անցյալ դարասկզբին այն «թուրք մեսխեթցիներին» տարածաշրջանում իրականացվող քաղաքականության մեջ ներգրավելու հատուկ նախագծեր էր մշակում: Մասնավորապես, 1917թ. դեկտեմբերին դեպի Ախալցխա արշավանքի պատրաստման ժամանակ Թուրքիան մեսխեթցիներին խռովության դրդեց. օգնություն ստանալով` դեկտեմբերի 27-ին նրանք գրոհեցին քաղաքը: 1942թ. պայմանավորվածություն ձեռք բերվեց Սամցխեում Ստալինգրադի մոտ գերմանացիների ակնկալվող հաջողությունից անմիջապես հետո, այսպես կոչված, «Կովկասյան ճակատ» բացելու մասին: Մեսխեթցի թուրքերի խռովությունը պետք է զուգակցվեր Հյուսիսային Կովկասի մուսուլմանների հզոր ապստամբության և պատերազմի մեջ Թուրքիայի ներգրավվելու հետ: Ստալինգրադի մոտ գերմանացիների ջախջախումից հետո պայմանավորվածությունն ուժը չկորցրեց, սակայն որոշում ընդունվեց մշակված սցենարը գործի մեջ դնել անմիջապես Կուրսկի ճակատամարտից հետո: 1943թ. Կուրսկի մոտ կրած ձախողումը, որ դեռևս Ստալինգրադում նկատված արմատական բեկման անշրջելիությունն էր նշանավորում, պայմանավորեց ֆաշիստների հետ համագործակցած կովկասյան շատ ժողովուրդների արտաքսումը 1944թ.: Թուրք-մեսխեթցիները վերաբնակեցվեցին Ղազախստանում և Միջին Ասիայում: Այսպիսով, մի ամբողջ ժողովրդի տեղահանումը (ըստ էության, դա սոցիալական աղետ էր) պայմանավորված էր միանգամայն որոշակի պատճառներով։ Այսօր հայրենադարձության հարցը կրկին խիստ քաղաքականացված է։

«Սեյսմոֆոբիա. պարբերական հիվանդություն կամ հայկական տենդ». այսպես է վերնագրված իմ հոդվածը՝ կապված Սպիտակի երկրաշարժի 20 ամյակի հետ, որը երկրաբանական աղետները դիտարկում է սոցիալականի համատեքստում։ Ինչ խոսք, հայ հասարակությունը հրեշավոր փոխակերպման է ենթարկվել վերջին 20 տարիների ընթացքում։  

Հետաքրքիր նյութ է ներկայացված «Բանավեճ» խորագրի ներքո. այն կոչվում է «Հերալդիկ հերբարիում պատմության կտավին»։ Նյութի հեղինակը՝ Հայկ Վարշամունին, արդարացիորեն գտնում է, որ պետական սիմվոլիկայի փոփոխության գործընթացը ամենևին էլ սիմվոլիկ ռեֆորմ չէ, քանի որ սույն պետության հասարակական-քաղաքական կյանքում առաջին հերթին ենթադրում է սկզբունքային նոր գործոնի առկայություն, որը որոշում է ամենաբարձր մակարդակում և հաճախ նրա իսկ կողմից նախաձեռնվող նման որոշման անխուսափելիությունը։ 

Ինչպես հայտնի է, դեռևս 2006թ. հաստատվել է հանրապետության նոր հիմնի տեքստը և երաժշտությունն ընտրելու կոչված կառավարական մրցութային հանձնաժողովի կազմը, որի անդամներն էին, վարչապետի (հանձնաժողովի նախագահ) հետ միասին, անվանի և շատ հարգված անձնավորություններ։ Սակայն անգամ այքան պատկառելի խումբն ի վիճակի չգտնվեց խնդրո առարկայի շուրջ վերջնական որոշում կայացնելու համար։ Հավանաբար, խնդիրը միայն իրենց մեջ չէր։ Հազիվ թե արժե կասկածել այն բանում, որ պետության սիմվոլիկայի այս կամ այն ատրիբուտի փոփոխումը, որպես կանոն, հեղափոխական վերափոխում է հանդիսանում և գերազանցապես կապված է նոր քաղաքական գծի հռչակման հետ։ 

Օրինակ, նախկին խորհրդային հանրապետություններից Ռուսաստանը և Վրաստանը կարողացան կատարել «սիմվոլի հեղափոխություն»։ Դա կապված էր այնպիսի հավակնոտ անձանց իշխանության գալու հետ, ինչպիսիք էին Վլադիմիր Պուտինը և Միխայիլ Սահակաշվիլին, ովքեր, իրոք, գծեցին իրենց երկրների զարգացման նոր հեռանկարները (անկախ նման վերափոխումների վերջնական արդյունքներից)։ Այս առումով միանգամայն բնական հարց է ծագում. ի՞նչ նոր արմատական իրադարձություն տեղի ունեցավ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում, որն արդյունքում պայմանավորեց 2006թ. հայոց պետական հիմնը փոխելու անհրաժեշտությունը։

Վերջին 20 տարիների ընթացքում հայ հասարակությունն իսկապես խիստ փոփոխության է ենթարկվել։ Սակայն պակաս էական փոփոխություններ տեղի չեն ունեցել նաև Հայաստանի անտառածածկի հետ կապված։ Այս մասին է պատմում աշխարհագրական գիտությունների թեկնածու Հովիկ Սայադյանի՝ «Գիտություն» խորագրի ներքո զետեղված «Հայաստանի Հանրապետության անտառածածկի զարգացումը» հոդվածը։ 

Հայտնի է, որ 1930-1950թթ. Հայաստանում կատարվել են առաջին լայնածավալ անտառահատումները՝ հանրապետության աճող տնտեսության կարիքները բավարարելու նպատակով։ Հայաստանի անտառածածկը նվազագույն չափերի հասավ 1950-ական թթ.՝ 8,1%-ի։ Սակայն սկսած այդ շրջանից, մինչև 1991թ. Հայաստանի անկախացումը, անտառահատումը փոխարինվեց անտառպահպանմամբ, լայնածավալ անտառտնկումներով և Ռուսաստանի Դաշնությունից անտառանյութի հսկայածավալ ներմուծումներով։

20-րդ դարի վերջին տասնամյակը հանրապետության համար դժվարին ու հակասական էր։ Անկախացման հռչակումից ի վեր անտառգույքագրում տեղի չի ունեցել։ Ամենահամեստ հաշվարկներով՝ 1986-1988թթ. անտառգույքագրումից հետո, տարերային, ապօրինի հատումների պատճառով, ոչնչացվել է ՀՀ անտառածածկի 3-4%-ը։ Նշանակում է՝ ներկայում անտառածածկը կազմում է ոչ թե 11,2, այլ շուրջ 8%։

Բացարձակ թվերով դա նշանակում է, որ 1988-ից անտառային տարածքը կրճատվել է 90.000 հա-ով կամ քառորդ մասով։ Այն մարդիկ և կազմակերպությունները, որոնք 1990-ական թթ. սկզբին զբաղվում էին անտառահատմամբ և անտառանյութի՝ որպես վառելիքի վաճառքով, հետագայում վերափոխեցին իրենց «բիզնեսը»։ Այսպիսով, Հայաստանում աղետի էր ենթարկվում անտառը։   

Աղետների և ցնցումների թեման արտացոլվել է նաև «Մեջբերումներ դասականներից» խորագրում։ Հնագույն ժամանակներից ընդհուպ մինչև միջուկային դարը մարդկության պատմությանն ուղեկցող բնական և տեխնածին աղետների նկարագրությունների բավական հետաքրքիր հավաքածո է ստացվել։

Վերջում ցանկանում ենք ամսագրի կոլեկտիվի անունից շնորհավորել մեր ընթերցողների Նոր տարին և մաղթել, որ բոլոր դաժան աղետները մնան անցյալում, իսկ ապագա ցնցումները միայն ու միայն ուրախալի լինեն։ Ինչպես մեր շախմատիստների փառահեղ հաղթանակն էր Օլիմպիադայում…

Share    



Գնահատում

Ինչպե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am