Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Քաղաքականություն

Քաղաքականություն
Դեկտեմբեր 2008, N 9

2008. ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

Արտյոմ Խաչատրյան, գլխավոր խմբագիր

2008-ը Հայաստանի համար բեկումնային էր։ Մեկուկես տարի առաջ «Политический класс»-ում ես գրել էի երրորդ նախագահի ֆենոմենի վերաբերյալ։ Խոսքն այն մասին էր, որ եթե ԱՊՀ երկրների առաջին նախագահները խարխլեցին այն ամենը, ինչ կարող էին, իսկ երկրորդների գալստյամբ 90-ականների կեսերին սկսվեց կայունացման շրջանը (թեև առանց տնտեսական-քաղաքական իրականության արմատական փոփոխությունների), ապա երրորդ նախագահների դարաշրջանի օրոք վերջնականապես ի հայտ եկան այդ պետությունների ապագայի ուրվագծերը։ Օրինակ, Վիկտոր Յուշչենկոյի գալստյամբ Ուկրաինան վերջնականորեն կողմնորոշվեց։ Միխայիլ Սահակաշվիլին նույն կերպ վերջ դրեց երկու աթոռին բազմելու քաղաքականությանը, ինչով զբաղվում էր Էդուարդ Շևարդնաձեն։ Նույնն է նաև Ռուսաստանում. կարծում եմ՝ Դմիտրի Մեդվեդևը կավարտի Պուտինի օրոք սկսված կայունացման դարաշրջանը Ռուսաստանում և էական փոփոխություններ կմտցնի ռուսական իրականության, ինչպես և այդ տերության աշխարհաքաղաքականության մեջ։    

Հայաստանն ընտրեց երրորդ նախագահին։ Ավելի անկանխատեսելի փոփոխություններ մենք պետք է սպասեինք, եթե հաղթեր ընդդիմադիր թեկնածուն, սակայն իշխանությունը բաժին հասավ գործող վարչակարգի առաջադրած թեկնածուին։ Ուրեմն, իրավունք ունե՞նք արդյոք արմատական փոփոխություններ ակնկալել հայ իրականության մեջ։ Այլ կերպ ասած՝ նոր դարաշրջան կսկսվի՞ արդյոք Հայաստանում, թե՞ մենք կշարունակենք ապրել անցյալում։ Սկզբում հակիրճ դիտարկենք Սերժ Սարգսյանի իշխանության գալու նախապատմությունը։

 

ԷՄՈՑԻԱՆԵՐԻ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ

2008թ. առաջին եռամսյակում Հայաստանում սոցիալ-քաղաքական պայթյուն տեղի ունեցավ։ Երկրի առաջին նախագահ և պարտված թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին հաջողվեց իր շուրջը հավաքել միմյանց փոխբացառող քաղաքական ուժեր ու շարժումներ և զգալի ընտրազանգված կուտակել։ Դրանք հիմնականում բնակչության դժգոհ տարրերն էին, ում համար առաջնային նշանակության հարց է առկա վարչակարգի տապալումն ու նրա փոխարինումը՝ ինչով ուզում է լինի։ Ինչպես հայտնի է, չհաշտվելով քվեարկության արդյունքների հետ՝ Տեր-Պետրոսյանը զավթեց Թատերական հրապարակը և Քոչարյան-Սարգսյանին պատերազմ հայտարարեց մինչև վերջ։ Առաջինը չդիմացան վարչակարգի նյարդերը, և բանն ավարտվեց մարտի 1-ի դեպքերով։ Սարգսյանը երդում տվեց, իսկ Տեր-Պետրոսյանը շարունակում է պատերազմը. ճիշտ է՝ դրա դինամիկան վերջին ամիսներին էականորեն փոխվել է, սակայն դա հիմք չի տալիս ենթադրելու, թե առաջին նախագահի այսպես կոչված «համաժողովրդական շարժմանը» վերջ է դրվել։   

Ո՞րն է, ուրեմն, տարեսկզբի պայթյունի պատճառը։ Թվում էր՝ երկիրը երջանիկ է. վարչակարգը սահմանադրական մեծամասնություն ունի խորհրդարանում, տնտեսությունը կարծես թե վերելք է ապրում, սոցիալական լարվածություն չի նկատվում։ Մինչև ընտրարշավի մեկնարկը վարչապետ Սարգսյանը հանգիստ էր. վստահում էր հարցումներին, այդ թվում և անկախ ու միջազգային (ինչպես Գելապն է), որոնք հենց առաջին փուլում նրան անվերապահ հաղթանակ էին կանխատեսում և գլխավոր մրցակցի վարկանիշը 3% էին գնահատում։ Այստեղ հարկ է երկու էական պահ առանձնացնել։

Առաջին. մարտին վերջնականապես պարզ դարձավ, որ Հայաստանի պետական իշխանությունը որևէ կապ չունի հասարակության հետ, իսկ բարձրագույն ներկայացուցչական մարմինը՝ ոչ մի ազդեցություն սեփական ընտրողի վրա։ Սա է բացատրությունն այն բանի, որ վարչակարգը, որ ձևականորեն վայելում էր բնակչության մեծամասնության վստահությունը, քիչ էր մնում տապալվեր, իսկ պետությունը պատանդ դարձավ միջազգային կառույցների ձեռքին և այսօր կարգապահորեն հաշվետու է նրանց առջև։ Վերջապես պարզ դարձավ, որ միանգամայն հնարավոր է ունենալ նաև իշխանամետ խորհրդարան, անգամ 100%-ով, ընդ որում՝ առանց առանձնակի խախտումների ու միջազգային ընկերակցության հանդիմանանքի, բայց ի վիճակի չլինել վերահսկել նույնիսկ իր ընտրողների տասներորդ մասին։    

Երկրորդ. Հայերը վերահսկվող ժողովուրդ են։ Նրա վարքագիծը առօրյա իրականության մեջ հսկողության տակ պահելը մեծ դժվարություն չի ներկայացնում։ Սակայն իրավիճակը փոխվում է, հենց որ հույզերի պոռթկման հնարավորություն է առաջանում, իսկ հույզերը վերահսկելը բարդ բան է։ Հարկադրանքով դրան անհնար է հասնել, քանի որ հույզը կարելի է ճնշել միայն մեկ այլ հույզով։ Այսպիսով, Տեր-Պետրոսյանի հրահրած հույզերի պոռթկմանը վարչակարգը չկարողացավ պատասխան հույզեր հակադրել, և գաղափարախոսական պատերազմում հաղթանակը նախկին նախագահինն էր։ Բայց կա՞ր արդյոք դրա հնարավորությունը։ Տեր-Պետրոսյանը հավաստիացնում էր բնակչությանը, որ ի դեմս Քոչարյան-Սարգսյան տանդեմի նա գործ ունի մոնղոլ-թաթարական վարչակարգի հետ, իսկ մարդկանց համար հաճելի էր լսել այդ։ Տեր-Պետրոսյանն ասում էր, որ Սարգսյանն ու Քոչարյանը մարդասպաններ են, գողեր, գանձագողեր, և նրան հավատում էին։ Նշեմ, որ գործող իշխանությունը հակառակորդին նման մեղադրանքներ ներկայացնել չէր կարող (հասկանալի պատճառներով), քանի որ առաջ կբերեր բազմաթիվ այլ, ավելի լուրջ մեղադրանքներ։ Մասնավորապես, դա կնշանակեր սեփական անզորության ընդունում և պետությունը ղեկավարելու անկարողություն։ Այսպիսով, եզրահանգումը պետք է լինի հետևյալը. ցանկացած հույզ, մանավանդ անառողջ, կարող է ճնշվել ավելի ուժեղ հույզով, պայմանով, որ այն անկեղծ ու ճշմարտացի լինի։

 

ՀԻՄՔՈՒՄ ՈՉԻՆՉ

Այժմ դիտարկենք այն  հիմքը, որը հակաիշխանական, իսկ երբեմն նաև հակապետական հույզերի պոռթկում է ծնում։ Կարծում եմ՝ երևույթը թաքնված է տոտալ ատելության խորքում, որ տածում է բնակչությունը երկրի քաղաքական իրականության հանդեպ։ Այդ իրականությունը սկսել է կազմավորվել 1990-ից, երբ երկրում իշխանության եկան «Ղարաբաղ» կոմիտեի ակտիվիստները՝ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։ Ամեն դրական բան, որ մնացել էր խորհրդային իշխանությունից, հհշականները կայծակնային արագությամբ վերացրին, այնինչ բոլոր բացասական բաները խնամքով պահպանեցին։ Իսկ ժամանակի ընթացքում նրանք դրան հավելեցին նաև իրենց՝ բուն հհշական նեխածությունը։

Հայ իրականությունը հայտնի է բոլորին, յուրաքանչյուրն ունի իր բացասական կարծիքը, և չարժե խոսել դրա մասին։ Գլխավորն այլ բան է. ըստ էության, Քոչարյանը պահպանեց այն իր նախաստեղծ վիճակով, իսկ որոշ սրբագրումներ լոկ կոսմետիկական բնույթ էին կրում։ Օրինակ, կամայականությունը երկրում պակասեց, ավելի ճիշտ՝ այն դարձավ համակարգված։ Վերացավ քաղաքական սպանությունների կարիքը. մարդիկ սովորեցին պայմանավորվել և անարյուն բաշխել սեփականությունն ու ազդեցության ոլորտները։ Թուլացավ սոցիալական լարվածությունը՝ ի հետևանք նկատելի տնտեսական աճի։ Կոռուպցիան, հասարակական-քաղաքական կյանքի այլ արատներ նույնպես համակարգված բնույթ ստացան։  

Ուշադրություն դարձնենք մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր հանգամանքի վրա։ Բանն այն է, որ շատ բնագավառներում իրավիճակը շարունակում էր վատթարանալ և վատթարանում է առ այսօր, իսկ տերպետրոսյանական ժամանակները մտաբերում են որպես ոսկեդար։ Մասնավորապես, վատացավ վիճակը ազգային կրթության համակարգում։ Միջնակարգ դպրոցը Հայաստանում, որպես այդպիսին, գործնականում վերացել է, բարձրագույն դպրոցը՝ առավելագույնս կոռումպացվել, իսկ գիտելիքը հանրային գիտակցության մեջ իմաստազրկվել է. Հայաստանում կրթությունն այսօր ասոցիացվում է դիպլոմի, այսինքն՝ գործի ձևական կողմի, ինչպես նաև մի քանի քաղքենիական նկատառումների հետ։ Այնուհետև գալիս է մշակույթի ոլորտը։ Ստացվել է այնպես, որ դեռևս հհշականների ժամանակ սկսված երկարատև գործընթացի ընթացքում այնպիսի իրադրություն էր ստեղծվել, երբ Հայաստանի ողջ մշակութային ոլորտը դարձել էր մի միջակության, միանգամայն կասկածելի մի խարդախի պատանդը, ում շնորհիվ դրա բոլոր ներկայացուցիչները բառիս բուն իմաստով խեղդվում էին վարչակարգի հանդեպ ատելությունից։ Գիտության ոլորտում հանդիպում ենք ավելի ցնցող ու աղաղակող երևույթների. գիտությունների ակադեմիան դարձել է մի հաստատություն, որտեղ բացահայտ գնում և վաճառում են թղթակից-անդամների և ակադեմիկոսների տեղերը: Բավական է նայել ակադեմիայի նորեկների ցանկը, և անմիջապես սարսափահար կլինես: Միայն մի զույգ գողական հեղինակություններ, և այն կարելի է վերջնականապես աղբաման նետել: Եթե ակադեմիան է հայտնվել նման վիճակում, ապա դժվար չէ կռահել, թե ինչ է կատարվում երկրի գիտական հանրության ավելի ցածր աստիճաններում: Երկու խոսքով կարելի է ասել, որ այնտեղ իսկական խառնաշփոթ է. հազարավոր ատենախոսություններ են պաշտպանվում, բայց դրանից ոչ մի օգուտ չկա, փոխարենը վնասներն են հսկայական, ինչը չես համեմատի ոչ մի բանի հետ, քանի որ ամեն տեսակ հիմարություն են գրում (հատկապես հումանիտար ոլորտում): Ատենախոսությունների մեծ մասը գրվում է ընտրյալ երիտասարդների համար, ովքեր հասկանալի պատճառներով իրենց պատվից վեր են համարում ծառայել ազգային բանակում: Դե, իսկ գիտությամբ զբաղվելու կոչված մարդիկ կամ ֆինանսական դժվարությունների պատճառով չեն հայտնվում ասպիրանտուրայում և կործանվում են իրենց համար խորթ անդաստանում, կամ էլ արտասահման են մեկնում:         

Հասկանալի է, այսքան ծավալուն դեգրադացումը չէր կարող չուղեկցվել կործանարար կադրային քաղաքականությամբ: Երևանի պետական համալսարանի ներկայիս ռեկտորն իսկական խայտառակություն է, իսկ Ռադիկ Մարտիրոսյանի համեմատ (իր ժամանակ նա առաջացնում էր ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի սրտխառնոցը), որը դեռևս մի քանի տարի առաջ ղեկավարում էր բուհը, բացարձակ ոչնչություն է: Նույնը կարելի է ասել բժշկական ինստիտուտի մասին. նախկին ռեկտորն իսկական Հիպոկրատ էր այն խայտառակի համեմատ, ում ինստիտուտ էին «ներմուծել» Քոչարյանի պալատականները: Համանման իրավիճակի ականատես կարելի է լինել նաև երկրի գիտակրթական այլ հաստատություններում: 

Թերևս, հոգևոր մթնոլորտն ամենից շատն է տուժել Քոչարյանի կառավարման շջանում: Բայց բիզնեսի ոլորտն էլ պակաս չտուժեց: Հայաստանի տնտեսությունը առավելագույն չափով մոնոպոլացվեց, և այսօր անհնար է թվում դիմակայել դրան, եթե, իհարկե, գործը գլխից չբռնվի: Մեղմ ասած` կոռուպցիան հարկային համակարգում միջին դասին վաղուց արդեն սաստիկ կատաղության է հասցրել: Բնականաբար, վերը թվարկվածը խիստ բացասաբար է անդրադառնում ներքաղաքական իրականության, նշանակում է` նաև քաղաքական իշխանության նկատմամբ երկրի բնակչության վերաբերմունքի վրա: 

Այսպիսով, ով էլ այսօր հայտնվեր քաղաքական Օլիմպոսի գագաթին, անպայման դառնալու էր համազգային արհամարհանքի օբյեկտ, անկախ անձնային և պրոֆեսիոնալ որակներից, քաղաքական և գաղափարախոսական համոզմունքներից: Բոլոր երկրներում ժողովուրդները կարող են ամեն ինչ հանդուրժել, բացի տոտալ սուբստանցի աստիճանի բարձրացված անարդարությունից: Սրանում կարելի է գտնել հայերի իռացիոնալիզմի ռացիոնալ բացատրությունը (որքան էլ տարօրինակ հնչի), որոնցից շատերն անցան Տեր-Պետրոսյանի կողմը, որը ժամանակին անարգանքի էր ենթարկել նրանց: Մարդիկ պատրաստ են մոռանալ և ներել անցյալը հանուն ներկայի տոտալ անարդարությունը թոթափելու:

 

ԲՈ՞ՒՐԳ, ԹԵ՞ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես տեսնում ենք, ներկա իրականության պահպանումն ու կոնսերվացումը լի է դժվարություններով, և նախագահ Սարգսյանը պետք է կողմնորոշվի իր համար գլխավոր հարցում, այն է` կամ նա ամեն ինչ թողնում է այնպես, ինչպես կա, զբաղվում է կոսմետիկայով (ինչից, ինչպես կյանքն է ցույց տալիս, վնասն ավելի շատ է, քան օգուտը), իսկ չորս տարի հետո կրկին ցրում է մշակույթի, կրթության ոլորտի, միջին դասի բազմաշերտ հանրության և լյումպեն-պրոլետարիատի ներկայացուցիչների դժգոհ զանգվածով լցված հրապարակը և կրկին, մեղմ ասած, հայտնվում աննախանձելի վիճակում, կամ արմատական փոփոխությունների ուղեգիծ է որդեգրում: Երդմնակալությունից հետո անցած ութ ամիսների ընթացքում նախագահ Սարգսյանը ոչինչ չի արել` իրեն արմատական փոփոխությունների մտադրություն ունենալու մեջ կասկածելու համար: Միակ բանը, որ արել է, ազատվել է քոչարյանական ժառանգության երկու անախորժ դեմքերից (Վճռաբեկ դատարանի նախագահից և հարկային ծառայության ղեկավարից):

Եվ այսպես, ավելի հանգամանալի դիտարկենք ապագա Հայաստանի ուրվագծերը` Սերժ Սարգսյանի նախագահության հաշվառմամբ:

Ըստ էության, Սարգսյանի առաքելությունը հայ սոցիալ-քաղաքական և տնտեսական իրականության արմատական վերանայումն է: Այդ առաքելությունը նրան տրված է ի վերուստ, դա է անխուսափելի, օբյեկտիվ անհրաժեշտությունը: Ինչո՞ւ է անհրաժեշտությունն անխուսափելի և ինչո՞ւ է այն օբյեկտիվ: Որովհետև իրականությունն ատելի է, և այն հասցրեց պայթյունին ու մարտիմեկյան դրամային: Կգործի՞ արդյոք Սարգսյանը սեփական առաքելության` երրորդ նախագահի առաքելությանը համապատասխան: 

Բարդ հարց է: Անկասկած, նա փոփոխություններ ուզում է: Սակայն այն, ինչ անում է այսօր (իսկ նա գրեթե ոչինչ չի անում), իրեն թվում է, թե հենց այն է, ինչ իրենից պահանջվում է: Սարգսյանը զգույշ է, հեռու ռոմանտիկայից, նրան հավասարապես խորթ են կտրուկ և արմատական մարմնաշարժումները: Նա պրագմատիկ է, որը նախընտրում է երկար բազմաքայլ կոմբինացիաները: Այսպես կոչված «համաժողովրդական շարժման» ժամանակավոր լռությունը, հավանաբար, Սարգսյանին նրանց նկատմամբ հաղթանակ է թվում, իսկ կոալիցիոն կառավարումը` քաղաքական կայունության երաշխիք: Անշուշտ, այս ամենը երևութական է. և´ անդորրը Տեր-Պետրոսյանի շարժման մեջ, և´ քաղաքական կայունությունն ընդամենը բարի ցանկություններ են և ոչ թե օբյեկտիվ իրողություն: Սարգսյանի համար առավել չափով կարևոր են միջազգային հանրության կարծիքն ու հանձնարարականները, և այստեղ արդեն բախվում ենք մի շարք անախորժ հարցերի. ինչո՞ւ է Հայաստանի նախագահն այդքան զգայուն Արևմուտքի ձայնի նկատմամբ: Եթե դրանով ցանկանում է հասնել արևմտյան հանրության բարեհաճությանը Ղարաբաղյան կարգավորման գործում լրացուցիչ միավորներ ձեռք բերելու համար, իսկ հետո նրան ուղարկել «ուր որ հարկն է», դա դեռ կարելի է հասկանալ: Բայց եթե դրանով իսկ նա ընդամենը կատարում է փոքրիկ, գավառական և ինքնիշխանությունից զուրկ երկրի առաջնորդի մի ինչ-որ (ռացիոնալիզմին խորթ) ծիսակարգ, ապա դա բոլորովին այլ բան է:          

Այսպիսով, նախագահ Սարգսյանը, գիտակցելով փոփոխությունների անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ գրեթե ոչինչ չի անում այդ ուղղությամբ: Այդ ճանապարհից նրան հետ պահող խոչընդոտները շատ են, դրանցից մեկը երկրորդ նախագահի ֆենոմենն է:

Այս առումով Սարգսյանի դրությունը նման է Պուտինին 2000թ. ընտրություններից հետո: Հայտնի է, որ Պուտինի ոտքն ու ձեռքը կապված էին Բորիս Ելցինի պարտադրած թիմի կողմից: Հարաբերական ազատություն նա ստացավ 2001թ., ելցինյան ուժայիններից ազատվելով և քրեական հետապնդում հայտարարելով օլիգարխների նկատմամբ: Հետո ավելի հեռուն գնաց: Վոլոշինի և Կասյանովի պաշտոնաթողությամբ, կարելի է ասել, ելցինյան ընտանիքը կորցրեց վերջին ազդեցությունը պետության գործերում, և Պուտինը սկսեց ինքնուրույն կառավարել երկիրը (որքանով որ արդի աշխարհում ընդհանրապես հնարավոր է ինքնուրույն լինել տերության առաջնորդի դերում):   

Պրակտիկան ցույց է տալիս, որ հեռացող նախագահի և նրա հաջորդի միջև միշտ էլ ժամանակի ընթացքում ճեղքվածք է առաջանում, քանի որ անհնար է մի աթոռը երկուսով զբաղեցնել. նոր նախագահը չի ցանկանում այն կիսել նախորդի հետ, իսկ նախկինը ոչ մի կերպ չի կարող բաժանվել պետական իշխանության վրա իր ունեցած ազդեցության բաժնից: Արդյունքում` կոնֆլիկտն անխուսափելի է, իսկ դրա դրամատիկության աստիճանը կախված է արդեն բազմաթիվ այլ գործոններից, մասնավորապես` անձնական, առևտրային և այլն: Այսօր երկրորդ և երրորդ նախագահների պառակտման առաջին նշանները, փառք Աստծո, նշմարվում են, մնում է միայն ցանկանալ, որ գործող նախագահը շուտ ազատվի նախորդի շրջապատից և ազդեցությունից: 

 

ԵՐԵՔ ՉԱՐԻՔՆԵՐԻՑ

Մեկ այլ հանգամանք է սեփական շրջապատը: Սա շատ ավելի լուրջ խոչընդոտ է ներքաղաքական իրականության գլոբալ բարենորոգման առումով: Հայաստանը օլիգարխիական երկիր է, և վարչակարգը խարսխվում է օլիգարխների վրա: Պետության ապաօլիգարխացման անհրաժեշտության մասին մենք քանիցս գրել ենք, այնպես որ մանրամասների մեջ չենք խորանա: Ուշադրություն դարձնենք մեկ այլ բանի: Մտովի հայացք նետենք Սարգսյանի մերձավոր շրջապատի վրա և հարցնենք. պե՞տք է նրանց արդյոք երկրի քաղաքական իրականության արմատական բարեփոխումը: Կարծում եմ` պատասխանն ավելի քան ակնհայտ է:

Վերջապես, քաղաքական իրականության բարեփոխման առավել լուրջ խոչընդոտ են հանրային գիտակցության արատները: Խոսքն առաջին հերթին վերաբերում է կռապաշտությանը, դիապաշտությանը, իսկական, առողջ գաղափարախոսության ստեղծման պոտենցիալի և հենքի բացակայությանը: Այս և այլ արատների մասին մենք պարբերաբար գրել ենք տարվա ընթացքում: Այսօր հակիրճ կանդրադառնանք դրանցից մի քանիսին:

Մինչև հիմա հայերը մտովի հայացքն անցյալին են հառել: 20-րդ դ. վերջին, դարաշրջանի ոգուն համապատասխան նոր գաղափարախոսություններ ստեղծելու փոխարեն, որոնց միջոցով կարելի կլիներ հասնել սոցիալական հանրակեցության և տնտեսական հարաբերությունների` ժամանակի պահանջներին համահունչ մոդելների, նրանք վերակենդանացնում են մեռած ու իրենց սպառած կիսահեթանոսական նացիստական ուսմունքներ` ենթադրելով, թե դրանով իսկ իրենց համար հեշտ կլինի զուտ հայկական ազգային պետություն կառուցելը:     

Այդ ուսմունքները, մեռած լինելով, իրականությանը չսերտաճեցին, փոխարենը քիչ մնաց դառնային պետության պաշտոնական գաղափարախոսությունը և խորտակեին նոր, գործուն գաղափարախոսությունների սկզբնավորման հույսերը: Սրտանց ցանկանալով հոգու ու սրտի հերոս ունենալ` հայերը հակասության մեջ են մտնում բանականության հետ և կուռքերի պատվանդանին բարձրացնում այնպիսի անհատների, որոնց հերոս անվանել ոչ մի կերպ չի կարելի` դրանով իսկ խեղաթյուրելով «հերոս» հասկացության էությունը և սկզբունքորեն անհնարին դարձնելով իսկական հերոսի հայտնվելը: Իսկ ազգի իսկական հերոս են (որ կձեռնարկեր նոր պետության կառուցումը) Մուսթաֆա Քեմալի, Շառլ դը Գոլի, Ավգուստո Պինոչետի նման գործիչները: Նրանց նմաններն են ընդունակ կոտրել կարծրատիպերը և նախապաշարմունքները, վերացնել իրենց սպառած սոցիալ-քաղաքական ենթակառուցվածքները, որ խոչընդոտում են նոր, գործուն և կենսունակ պետական կարգի գոյացմանը: Թուրքիայի, Ֆրանսիայի և Չիլիի ներկայիս բարեկեցությունը վերոնշյալ երեք մեծ անհատների գործունեության արդյունքն է:       

Այնուհետև, հայերը խիստ հանգիստ են վերաբերվում սեփական անձի և, որ ավելի անտանելի է` առողջ բանականության նկատմամբ անարգանքին: Երկրում Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, նացիստական լեգեոներների և այլ հակապետական, հակազգային տարրերի անունները կրող փողոցների, հաստատությունների, պետական շքանշանների առկայությունը ես համարում եմ ազգի հակում դեպի անարգանքն ու ինքնաանարգանքը: Բնականաբար, առանց հանրային կարծիքում արվելիք անխուսափելի սրբագրումների` հնարավոր չի թվում խոսել քաղաքական իրականության բարեփոխման և վերջնական առողջացման մասին: Եվ քանի որ հասարակությունը կրավորական է ու ամորֆ, դրանով պետք է զբաղվի պետական իշխանությունը, ավելի կոնկրետ` առաջին պաշտոնատար անձը:   

Մի խոսքով` Սերժ Սարգսյանն այսօր դժվար երկընտրանքի առջև է կանգնած: Փորձենք որքան հնարավոր է պատկերավոր ու հստակ ներկայացնել այն. կամ նա ազատում է մշակույթի ոլորտը միահեծան անհատի (Ռուսաստանում դեսպան Արմեն Սմբատյանից) ճնշումից` դրանով նեղացնելով առավելագույնը 10 մարդու (թեկուզ և ոչ սովորական), բայց ձեռք բերելով 10.000 հուսալի դաշնակիցների այդ ոլորտում, կամ էլ նրանց 2013-ի փետրվարի համար Թատերական հրապարակի անցագիր է տալիս: Իսկ հետո պիտի մտածի, թե ինչպես նրանց դուրս բերի այնտեղից, որ չզայրացնի Եվրոպայի խորհրդին, իրավապաշտպան կազմակերպություններին, չլսի Սպիտակ տան և համաշխարհային քաղաքականության այլ կենտրոնների հանդիմանանքը: Կամ նա դաշնակցականներից ազատում է երկրի գիտակրթական համակարգը և ձեռք բերում ինտելեկտուալ ներուժ ունեցող 60.000 դաշնակից, կամ նրանց նույնպես (գոնե մեծ մասին) ուղարկում է հրապարակ: Կամ նախագահ Սարգսյանն իր հայրենակիցներին առողջապահության ոլորտում ազատում է կոմերսանտ Հարություն Քուշկյանի ճնշիչ ազդեցությունից և նրանց համար աշխատանքի ու վարձատրման նորմալ պայմաններ ստեղծում, կամ տասնյակ հազարավոր բժիշկներ մտովի կքվեարկեն և կաջակցեն 2013թ. ընդդիմությանը (անկախ նրանից, թե ինչպիսին կլինի և ով կղեկավարի այն), իսկ նրանցից շատերն, անկասկած, կգիշերեն 2013-ի հրապարակում: Այսպես կարելի է անվերջ շարունակել. էությունը, սակայն,  պարզ է. կամ-կամ: Նա կարող է հանել Արմեն Գևորգյանին և արժանանալ ողջ ժողովրդի (թվաքանակը` երեք միլիոն մարդ) հարգանքին` դրանով իսկ նեղացնելով միայն ընկերոջը` Ռոբերտ Քոչարյանին, թվաքանակը` մեկ մարդ: (Ճիշտ որ` տարբերությունը մեծ է): Նա կարող է պատժել այսպես կոչված «Երկրապահ» միության ակտիվիստներին` իրենց անցանկալի առաջնորդների գլխավորությամբ և նվաճել որոշ շրջանների անարգված քաղաքացիների որդիական սերը, բայց կարող է և չանել դա` դրանով իսկ խմբապետերին հուշելով, որ 2013-ին կարող են անել այն, ինչ և 2008-ին: 

Բնականաբար, ընտրության իրավունքը նախագահ Սարգսյանինն է, իսկ ժողովուրդը կընդունի նրա ցանկացած որոշումը, բայց նրա մասին կարծիքը կհայտնի 2013-ի փետրվարից ոչ շուտ:

Նոր դարաշրջանը թակում է Հայաստանի դուռը: Այն թևածում է օդում, շտապում ներս մտնել և փոխակերպել երկրի քաղաքական իրականությունը: Ժամանակի հրամայականին անսալով` նոր դարաշրջան կարող է սկսել միայն Սերժ Սարգսյանը` պետության միանձնյա ղեկավարը: Թե ինչպես կվարվի նա, ցույց կտա ամենամոտ ապագան...

Share    



Գնահատում

Ինչպե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am