Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Աշխարհաքաղաքականություն

Աշխարհաքաղաքականություն
Դեկտեմբեր 2008, N 9

ԹՈՒՐՔ-ՄԵՍԽԵԹՑԻՆԵՐ ԿԱՄ ԴԱՆԴԱՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԱԿԱՆ

Դավիթ Հարությունյան, հրապարակախոս

Դաժան ճգնաժամի մեջ հայտնված Վրաստանն այսօր խիստ խոցելի է դարձել: Ակնհայտ է, որ այդ            պետության տարածքում քիչ թե շատ մտածված նախագծի իրագործման պարագայում երկիրը կարող է վերջնականապես մասնատվել: Հազիվ թե արժե կասկածել այն բանում, որ շահագրգիռ կառույցները լրջորեն խորհում են այս հարցի շուրջ: Ներկայում վրացական պետության հետագա փլուզման հեռանկարն անիրական է թվում: Սակայն քաղաքականությունը, ինչպես հայտնի է, «հնարավորի արվեստ» է, ուստի չի կարելի ամբողջովին բացառել նման զարգացումների հնարավորությունը: Օբյեկտիվորեն Վրաստանի ներկա դրությամբ և առանձնապես հեռանկարով մտահոգ երկրների մեջ է նաև Թուրքիան, որը ոչ միայն տարածաշրջանի պետություններից մեկն է և Վրաստանի հարևանը, այլ նաև վաղուց ներքին Ադրբեջանի հետ ուղղակի ցամաքային կապ ապահովելու ծրագրեր է փայփայում: Հարցը դիտարկելով Մոսկվայի և Անկարայի դիրքերի մերձեցման միտումների համատեքստում` որոշ հետազոտողներ հնարավոր են համարում, որ Սամցխե-Ջավախեթի շրջան թուրք-մեսխեթցիների վերադարձի հիմնախնդիրը այժմեական կդառնա:

Հարկ է նշել, որ հարցը հրատապ էր ընդհուպ մինչև վեցօրյա պատերազմը: Ինչպես հայտնի է, դեռ 1999թ. Եվրախորհուրդ մտնելիս, Վրաստանը պարտավորվեց ստանձնել բռնաճնշված այդ ժողովրդի հայրենադարձության ապահովումը: Հատկանշական է, որ նույն թվականին Վիեննայում հատուկ կոնֆերանս հրավիրվեց, որի քննարկման առարկան թուրք-մեսխեթցիների կամ «Ախալցխայի թուրքերի» ազգածագման հարցն էր: Վրացական կողմը, իր դիրքորոշումը փաստարկելով «մեսխի» էթնոնիմի առկայությամբ, հայտարարեց, թե «մեսխեթցիների» մեջ գերիշխողը հենց քարթվելական արմատներն են` դրանով իսկ խիստ զայրացնելով վերջիններին:

Բայցևայնպես, 1999թ., Եվրախորհուրդ մտնելիս, Վրաստանն, այնուամենայնիվ, պարտավորվեց ապահովել այդ ժողովրդի հայրենադարձությունը: Ակնհայտ է, որ Վրաստանն այս պարտականությունը ստանձնեց Թուրքիայի նախաձեռնությամբ` ԱՄՆ անմիջական աջակցությամբ: Չնայած այն փաստին, որ պաշտոնական Թբիլիսին երբեք առանձնապես աչքի չի ընկել բռնի տեղահանված ժողովրդի ներկայացուցիչներին ընդունելու ձգտմամբ, այնուամենայնիվ, ստիպված էր դիմել այդ քայլին: ԱՄՆ ճնշումը Եվրոպայի նոր պետությունների նկատմամբ պայմանավորված էր տարածաշրջանում Թուրքիայի դիրքերն ամրապնդելու ցանկությամբ, և այս առումով հատկանշական է, որ թուրք-մեսխեթցիների վերադարձի հարցը նախաձեռնվել է ԵԽԽՎ-ում Թուրքիայի և Լատվիայի պատգամավորների կողմից:

Վրաց քաղաքական ուժերը միշտ էլ ծայրահեղ ցավագին են ընդունել Սամցխե-Ջավախեթում թուրք-մեսխեթցիների հոծ բնակության փաստը, ընդ որում` պատճառները բավական շատ են: Երկրամասում վրացի բնակչության տոկոսային հարաբերակցության աճին կողմնորոշված հատուկ ժողովրդագրական քաղաքականության արդյունքում` նախկին մեսխեթական հողերը վաղուց արդեն հանձնված էին վրացական ընտանիքներին, ինչպես նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի փախստականներին: Ըստ էության` հողն այնտեղ սեփականաշնորհվել է, ընդ որում` ոչ վրացի բնակչության ներհոսքը որևէ կերպ չէր մտնում պաշտոնական Թբիլիսիի պլանների մեջ: Ի թիվս այլոց, թուրք-մեսխեթցիների հնարավոր վերադարձն այս նահանգ կարող էր խորացնել առանց այն էլ լարված իրավիճակը և առաջ բերել հայ բնակչության վրդովմունքը, հատկապես Ախալքալաքում տեղակայված ռուսական 62-րդ ռազմակայանի դուրսբերման համատեքստում:

Ուրեմն, ի՞նչ է առաջարկում պաշտոնական Թբիլիսին: Նշենք, որ վրացական իշխանություններն աշխարհով մեկ սփռված թուրք-մեսխեթցիների թիվը գնահատում են 350.000 և փաստորեն կրկնում են թուրք և ադրբեջանցի հետազոտողների տվյալները: Սույն հարցը տնօրինող` Վրաստանի նախկին պետնախարար Գիորգի Խաինդրավան պնդում էր, որ 1944թ. հանրապետությունից տեղահանվել է 92.286 մարդ: Պաշտոնապես բերվում էին մի շարք երկրների ժամանակակից ժողովրդագրական ցուցանիշները. Ղազախստան` 110.000, Ռուսաստան` 6.000, Թուրքիա` 35.000, Ադրբեջան` 30.000, Ուկրաինա` 9.000, Վրաստան` 1.000:

ԵԽ մտնելիս ստանձնած պարտավորությունից անմիջապես հետո մշակվեց «20-րդ հարյուրամյակի 40-ական թթ. խորհրդային վարչակարգի կողմից տեղահանված բնակչության հայրենադարձության մասին» օրինագիծը, որը, սակայն, յոթ տարի շարունակ (իշխանությունների բազմաթիվ խոստումներին հակառակ) չէր մտցվում խորհրդարանական քննարկումների օրակարգ:

Այնուամենայնիվ, Թուրքիայի ճնշմամբ այդ հարցը քննարկվել է ամենատարբեր ատյաններում և մակարդակներում: Օրինակ, 2006թ. ապրիլին Թբիլիսիում տեղի ունեցավ կոնֆերանս` «Հարավային Վրաստանից տեղահանված բնակչությունը. հայրենադարձության սկիզբը» թեմայով: Կոնֆերանսն ամրագրեց այն փաստը, որ ակնհայտ հակասություններ կան պաշտոնական Թբիլիսիի և Թուրքիայի աջակցությունը վայելող կառույցների միջև, որոնք ներկայացնում են թուրք-մեսխեթցիների շահերը: Կոնֆերանսում ելույթ ունենալով` Գիորգի Խաինդրավան թեև հայտարարեց, որ երկրի իշխանությունները ողջունում են թուրք-մեսխեթցիների վերադարձը Վրաստան, սակայն նշեց, որ Թբիլիսին չի դիտարկում այն հարցը, թե նրանք պետք է բնակվեն բացառապես Սամցխեում (Մեսխեթ): Համաձայն Խաինդրավայի հրապարակած պետական նախագծի` հանրապետությունը պատրաստ է ընդունել միայն այն մեսխեթական ընտանիքներին, որոնք ողջ Վրաստանը, այլ ոչ թե նրա մի առանձին շրջանն են համարում իրենց պատմական հայրենիքը: Սույն սխեմայի համապատասխան էլ որոշվում էր հնարավոր ներգաղթողների բնակության գոտին` Կախեթ, Իմերեթ, Քարթլի և մասամբ` Մենգրելիա:

Ակնհայտ է, որ հաշվի առնելով «թուրքական շահն» ու Անկարայի փայփայած համապատասխան քաղաքական գիծը` հիմնախնդրի նկատմամբ նման մոտեցումը «Ախալցխայի թուրքերի» ներկայացուցիչների հավանությանը չէր արժանանալու: Հասկանալի է, որ Թուրքիան ամեն դեպքում փորձելու է հասնել այն բանին, որ նրանք բնակեցվեն Սամցխե-Ջավախեթի սահմանամերձ շրջանում, քանի որ դրանով իսկ մեկ կրակոցով երկու նապաստակ խփելու իրական հնարավորություն կստանա.

ա. միատարր թյուրքական գոտի ստեղծել Վրաստանի հարավում, որը կմիավորի Ադրբեջանն ու Թուրքիան,

բ. ամբողջովին շրջափակել Հայաստանը:

Սամցխե-Ջավախեթն, իրոք, կարևոր ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Վրաստանի, այլև Հայաստանի համար: Բավրայի մաքսակետն, ըստ էության, Հայաստանի միակ ցամաքային ելքն է արտաքին աշխարհ, որն անցնում է ոչ մահմեդական բնակչություն ունեցող տարածքով: Տարածաշրջանի ազգագրական քարտեզին մեր երկիրն ասես ինքնատիպ անկլավ լինի` պոտենցիալ թշնամական ադրբեջանա-թուրքական շրջապատի մեջ: Իրանի հյուսիսը և Հայաստանին սահմանակից Վրաստանի հարավը բնակեցված են գերազանցապես ադրբեջանցիներով, որոնք օբյեկտիվորեն հեռանկարային վտանգ են ներկայացնում: Ոչ ոք չի կարող ասել, թե պատմական հանգամանքներից կախված` ինչպես կպահեն իրենց այս խմբերը[1]:

Գիորգի Խաինդրավայի ելույթն ընդունվեց «սուլոցով»: Մասնավորապես, մեսխեթցի թուրքերի ասոցիացիաների դաշնության նախագահ Օսման Չելիքն (Թուրքիա) այն ժամանակ հայտարարեց. «Մենք ուզում ենք վերադառնալ Ախիսկայի հողերը: Ուրիշ շրջաններ մեր ժողովուրդը չի գնա: Մեզ հայտնի է, որ մեր վերադարձին ընդդիմանում է տեղի հայ բնակչությունը: Ես կարծում եմ, որ Վրաստանի իշխանությունները պետք է աշխատեն այս ուղղությամբ»: Ադրբեջանում «Վաթանի» բաժանմունքի նախագահ Իբրահիմ Բուրհանովն, իր հերթին, նշել է. «Որտեղ էլ մենք ապրելիս լինենք, միշտ մի ցանկություն ենք ունեցել` դառնալ մեր հայրենիքի տերը: Մենք միաբան ենք` կբնակվենք Ախիսկայում»: Ինգուշիայի թուրք-մեսխեթցիներին ներկայացնող Քամալ Ամրիևն ընդգծեց, որ Վրաստանի ղեկավարության առաջարկը` բնակվել ցանկացած շրջանում, վրաց ժողովրդի մեջ, սովորել նրա լեզուն և ավանդույթները, իսկ հետո վերաբնակվել ուր կուզես, անընդունելի է ախալցխյան թուրքերի համար: «Մեզ ձեռնտու չէ 5-6 ընտանիքով բնակություն հաստատել տարբեր գյուղերում: Բացի այդ, մեր երիտասարդությունն այրվում է նախնիների հայրենիքը վերադառնալու ցանկությամբ: Դեռ մանուկ հասակում մենք ասում ենք մեր երեխաներին. ձեր հայրենիքը Ախիսկան է, հավատը` իսլամը, լեզուն` թուրքերենը»:

Թուրքիայի ճնշմամբ անցյալ տարվա ամռանը (հունիսի 22-ին) Վրաստանի խորհրդարանն, ի վերջո, ստիպված եղավ առաջին ընթերցմամբ ընդունել «Խորհրդային իշխանությունների 20-րդ դարի 40-ական թթ. Վրաստանից բռնի տեղահանված անձանց հայրենադարձության մասին» օրենքը: Օրինագծի ընդունման դեմ, ի նշան բողոքի, քվեարկությանը չմասնակցեցին Պահպանողական կուսակցության ներկայացուցիչները: Քվեարկության ժամանակ նրանք ցուցադրաբար լքեցին նիստերի դահլիճը: Մինչ այդ պահպանողականների ներկայացուցիչներից մեկը` «Ժողովրդավարական ճակատ» խմբակցության պատգամավոր Կախա Կուկավան, գործընկերներին կոչ արեց «ձայները չտալ Վրաստանի տակ դրված դանդաղ գործողության ականի օգտին: Այս օրինագիծն ուղղված է երկրի շահերի դեմ»: Ինչպես այդ ժամանակ հայտարարեց նույն խմբակցության ներկայացուցիչ Զվիադ Ձիձիգուրին, «օրինագծի ընդունումը դեռ չի նշանակում, թե Վրաստանի բնակչությունն իր բողոքը չի արտահայտի: Նման պարտականություն` թուրք-մեսխեթցիների վերադարձը երկիր, իշխանություններն իրենց վրա պետք է վերցնեն միայն բնակչության համաձայնությամբ»[2]:

Այս ամենը վկայում է, որ ընդհուպ մինչև վեցօրյա պատերազմն այս հարցն, իրոք, հրատապ էր: Ավելին, ընդունված օրինագծի համաձայն` Վրաստանի քաղաքացիություն ստանալ ցանկացող թուրք-մեսխեթցիները մինչև 2009թ. հունվարի 1-ը հայրենադարձի կարգավիճակ ունենալու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացնեն իրենց բնակության երկրների Վրաստանի հյուպատոսություններ կամ Վրաստանի փախստականների ու բնակչության տեղաբախշման  նախարարություն: Այլ խոսքերով` գործընթացը բավական ակտիվ էր: Հենց այս ֆոնին որոշ վերլուծաբաններ այսօր հնարավոր են համարում այս խնդրի «վերակենդանացումը», որն իրոք Վրաստանի համար ճակատագրական հետևանքներ կարող է ունենալ: Շահագրգիռ պետությունների համար խիստ շահավետ իրավիճակ է ստեղծվում. մի կողմից` հանրապետության ոչ անմիջական հարևաններից ոչ մեկը կարծես չի տուժելու, քանի որ գործընթացի մեջ անմիջապես չի ներգրավվում, մյուս կողմից` շոշափվում են Վրաստանի, առանց բացառության, բոլոր հարևանների շահերը:

Քանի որ հարցը չափից ավելի քաղաքականացված է, խնդրի գիտական մասը (ովքե՞ր են են թուրք-մեսխեթցիները, ի՞նչ ժողովրդագրական պատկեր ունեն և այլն) ներկայում քաղաքական առումով սկզբունքային չի համարվում: Այնուամենայնիվ, այս բարդ հիմնախնդրի համարժեք ընկալման համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև պատմական հարցերին: Հոդվածը նպատակ ունի ներկայացնել որոշ նրբերանգներ և հնարավորինս լրացնել տեղեկատվական այն բացը, որ կա թուրք-մեսխեթցիների վերաբերյալ:

 

***

16-18-րդ հարյուրամյակների ընթացքում ժամանակակից Վրաստանի հարավարևմտյան շրջանների բնակիչների մի որոշակի մասն ընդունեց Օսմանյան Թուրքիայում դավանվող սուննի ուղղության իսլամ: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ վրաց պետականությունը վերջնականապես մասնատվել էր առանձին վարչատարածքային միավորների, որոնք վրացական տարեգրություններում «թագավորություններ» են անվանվում (Քարթլի, Կախեթի, Իմերեթի), և «Սամցխե» աթաբեկության Մեսխեթում: Օսմանյան գործընթացն առանձնապես եռանդուն էր Մեսխեթում, 1639թ. Թուրքիայի և Իրանի միջև ստորագրված պայմանագրից հետո, որով օսմանցիները վերջնականապես հաստատվեցին այս շրջանում: 17-րդ դ. առաջին կեսին տեղի իշխանության փոխարեն կազմավորվեց Չըլդըրի փաշայությունը` վարչական հարաբերությունների օսմանյան համակարգով: Որոշ փաստաթղթերում նոր վարչական միավորն անվանվում էր «Ախալցխայի փաշայություն»: Հենց այս տարածքում ապրող օսմանացած բնակչությունն էլ դարձավ նոր էթնոկազմավորման կորիզը:

18-րդ դ. վրացի պատմաբան և աշխարհագրագետ, արքայազն Վախուշտի Բագրատիոնիի վկայությամբ` օսմանցի թուրքերը, զավթելով Մեսխեթը, սկզբում «չէին պահանջում հրաժարվել քրիստոնեությունից»: 1624թ. Սամցխեի վերջին քրիստոնյա աթաբեկ Մանուչարի մահվանից և իսլամ ընդունած Սաֆար փաշային գահին բազմեցնելուց հետո միայն «մուսուլմանացան այս հողի անվանիները»: Վախուշտին նշում է, որ «թեև անվանիները մուսուլմաններ էին, բայց նրանց կանայք և աղախինները քրիստոնյա էին մնում»: Միայն 17-րդ հարյուրամյակի կեսերին, աթաբեկ Ռոստոմի օրոք, օսմանյան սուլթանը «հրաման ուղարկեց, որ մուսուլմանների կանայք ևս մուսուլմաններ դառնան», իսկ շրջանի բնակչությունն «ամբողջապես ապրի օսմանների կարգով ու հավատով»:

Խիստ հետաքրքիր է այն փաստը, որ սույն տարածքում ապրող ժողովուրդների մեջ արքայազն Վախուշտին հիշատակում է «հայերին, հույներին և մեսխիներին»: Այս տվյալները, որոնք, ի դեպ, հավաստվում են նաև այլ աղբյուրների կողմից, թույլ են տալիս ասել, որ մի քանի հարյուրամյակի ընթացքում ձևավորված նոր հանրությունը բավական խայտաբղետ էթնիկ խճանկար էր ներկայացնում: «Հայերից, հույներից և մեսխիներից» բացի, այս տարածքում ապրում էին քրդեր, ինչպես նաև թյուրքական ժողովուրդներ` ղփչաղներ, թաթարներ, որոնք իրենց հերթին ենթակա էին նույն գործընթացին: Թուրք-մեսխեթցիների ազգածագման գիտական հարցն, այսպիսով, պետք է դիտարկել հենց այս հարթությունում: Միևնույն ժամանակ, հիմնախնդրի քաղաքականացվածության փաստը շահագրգիռ կառույցներին թույլ չի տալիս նման մոտեցումներ ցուցաբերել:

Համենայնդեպս, ակնհայտ է, որ ներկայիս «թուրք-մեսխեթցի» կոչվող էթնոլեզվական հանրության կորիզը ձևավորվել է երեք տարբեր լեզվաընտանիքների ներկայացուցիչներից.

-     հնդեվրոպական հայեր - հայեր, հույներ, քրդեր

-     կովկասյան - մեսխիներ (վրացիներ)

-     ալթայան - ղփչաղներ, թաթարներ, օսմաններ:

Որոշ հետազոտողներ հակված են այն մտքին, որ «ամբողջապես օսմանների կարգին ու հավատին» անցած ժողովուրդները որոշ ժամանակ կոմպակտ են ապրել և հատվածաբար պահպանել իրենց ավանդույթներն ու սովորույթները: 16-17-րդ դդ. սկսած էթնիկության կորստի գործընթացի ավարտական փուլը (18-19-րդ հարյուրամյակներ) պայմանավորված էր ոչ միայն բուն ձուլման տրամաբանությամբ (էվոլյուցիոն գործոնով), այլև հեղափոխական ազդակներով, մասնավորապես` 19-րդ դ. առաջին կեսին Թուրքիայից Ռուսական կայսրություն մեծ միգրացիոն հոսքերով:

Ինչպես վերը նշեցինք, թուրք-մեսխեթցիներն իրենց «Ախալցխայի թուրքեր» են անվանում: Տարածքը, որտեղ ավելի ուշ հիմնվել է Ախալցխա քաղաքը, և նրան հարող հողերը մ.թ.ա. 189թ. Հայոց Արտաշես Ա արքան միավորեց Մեծ Հայքի թագավորությանը: Հետագա դարաշրջաններում հայ էթնոմշակութային տարրն այստեղ կարևոր առևտրային և տնտեսական դեր է խաղացել. հայերը զբաղվել են տեղի հայտնի երկաթահանքի մշակմամբ: Ավելի ուշ տարածքը նվաճվել է Հռոմի կողմից և մ.թ. 37թ. հանձնվել Վրաստանի իրավասությանը: Հարյուրամյակներ շարունակ տեղանքը քանիցս ձեռքից ձեռք է անցել, հատկապես զգալի է եղել արաբական շերտի ազդեցությունը:

Ախալցխա քաղաքը հիմնվել է 10-րդ դ., երբ իշխան Գվարամն այստեղ կառուցում է Լոմսիանթա ամրոցը: 12-րդ դ. վերջին տարածքը գրավում է Թամարա թագուհին և այն միացնում Վրացական թագավորությանը: Մարզը ստանում է Սամցխե անվանումը, ինչը վրացերենից թարգմանաբար նշանակում է «մեսխիների երկիր»: Թագուհին վերակառուցում է ամրոցը և այն անվանում «Նոր ամրոց»` Ախալցխա:

16-19-րդ դդ. տեղանքը գտնվում էր թյուրքական տիրապետության տակ, ինչն էլ պայմնավորվել է երկրամասի` էթնիկ բազմազանությամբ աչքի ընկնող բնակչության օսմանացման գործընթացը: Մասնավորապես, նկարագրելով 1660-ական թթ. իրադարձությունները` Վախուշտի Բագրատիոնին Ախալցխայի մասին գրում է. «Քաղաքն ամրոցից բաժանված է երեք պատով: Այնտեղ ապրում են անվանի մուսուլմաններ և վաճառականներ, ապրում են նաև հայեր, հրեաներ և սակավաթիվ մեսխիներ... Մինչև հիմա, ինչ մենք նկարագրել ենք, հիմնականում Զեմո Քարթլին է` հետագայում Սամցխե անվանված, որն այժմ էլ Սամցխե է կոչվում: Գյուղացիները խիստ ճնշումների պատճառով շարունակում են անցնել մուսուլմանության»: Հետաքրքրական է, որ 16-րդ դ. վերջին օսմանյան պաշտոնյաների կազմած Գյուրջիստանի վիլայեթի ընդարձակ ռեեստրը ի հայտ է բերում երկրամասի բնակչության բավական խայտաբղետ էթնիկական կազմը, որտեղ շատ-շատ են մաքուր հայկական անձնանունները` Ասատուր, Աստվածատուր, Խաչատուր և այլն:

Նշանակո՞ւմ է սա արդյոք, թե երկրամասի էթնիկ առումով խայտաբղետ բնակչությունը լրիվ թուրքացվել է: Միանշանակ պնդել, թե այդպես էլ եղել է, հնարավոր չէ, բայց հիմքեր կան ենթադրելու, որ Սամցխեի (Մեսխեթ) բնակչության էական մասն իսկապես թուրքացվել է: Ընդ որում` կայսրության արևելյան շրջանների օսմանացման գործընթացը պայմանավորեց նաև տարբեր էթնոդավանական խմբերի կազմավորումը, որոնցից են, մասնավորապես, հայ մուսուլմանները (հեմշինները) և վրացի մուսուլմանները (աջարները), որոնք պահպանել են իրենց էթնիկ պատկանելության որոշակի առանձնահատկությունները, այդ թվում և լեզուն: Ի տարբերություն վերջինների` Սամցխեի և մասամբ Ջավախեթի օսմանացված բնակչությունը գրեթե կորցրեց ազգային ինքնության զգացողությունը և, ի տարբերություն եկվոր թուրքերի, իրեն անվանեց «տեղի թուրքեր»: «Ախիսկա թյուրքլարը»` ախիսկյան (ախալցխյան) թուրքեր էթնոնիմից բացի, նրանք իրենց նույնականացնում էին նաև մեկ այլ թյուրքական` «երլի»` ավտոխտոն հասկացության հետ: Անհրաժեշտ է նշել, որ երկրամասի լրիվ օսմանացած բնակչության մեծ մասը թողեց տունուտեղն ու Թուրքիա անցավ 19-րդ դ. սկզբին, ռուս-թուրքական պատերազմի ժամանակ: 1828թ. գեներալ Պասկիևիչը գրավեց Ախալցխան և այն միացրեց Ռուսական կայսրությանը: Նա էլ 1830թ. իրականացնում է Կարինից (Էրզրում) 2.536 հայ ընտանիքների տեղափոխությունն Ախալցխա, որն այն ժամանակ տարածվում էր Քռի վտակ Փոխցովի[3] ձախ ափին միայն: Ասվածն, իհարկե, չի նշանակում, թե զանգվածային այս վերաբնակեցման ժամանակ Ախալցխայում քրիստոնյա հայ բնակչություն չկար:

Նախ` կան հենց Վախուշտիի վկայությունները, որոնք այսօր միտումնավոր անտեսվում են վրացի պատմաբանների և քաղաքական գործիչների կողմից: Երկրորդ` «Ռուսական կայսրության 1833թ. վիճակագրական տվյալներն» իրենց հերթին վկայում են. «Ախալցխայի բնակչությունը, առանց 1830թ. վերաբնակված հայ ընտանիքների հաշվառման, բաղկացած էր 411 հայ, 117 հրեա, 44 վրացի և 24 թուրք ընտանիքներից»:

19-20-րդ դդ. սահմանագծին Կովկասի ազգագրական քարտեզին արդեն կար ինքնորոշված այն լեզվական հանրությունը, որն անվանվում էր «ախիսկա թյուրքլարը»` «ախիսկյան (ախալցխյան) թուրքեր»: Դա հենց «երլի»` օսմանացված բնակչության այն մասն է, որը մնաց ապրելու Սամցխեում և Թուրքիա չտեղափոխվեց: Հատկանշական է, որ Ռուսական կայսրության աղբյուրներում և փաստաթղթերում այս ժողովուրդը «երևում» է երեք հիմնական ձևերով.

ա. «մուսուլմաններ»,

բ. «թուրքեր»,

գ. «սուննի վրացիներ»:

«Մեսխեթցի թուրքեր» կամ «թուրք-մեսխեթցիներ» էթնոնիմն ավելի լայն տարածում ստացավ միայն 1980-ական թթ. վերջին: Այնինչ, խորհրդային ավելի վաղ շրջանում նման հասկացություն գոյություն չուներ, այն փոխարինվում էր «թուրք» տերմինով: 1930-ականների երկրորդ կեսից, երբ առաջին անգամ ի հայտ եկավ «ադրբեջանցի» արհեստական էթնոնիմը, Մեսխեթի և մասամբ Ջավախեթի թուրքացած բնակիչներին սկսեցին երբեմն «սուննի ադրբեջանցիներ» անվանել: Համենայնդեպս, այդ ժողովրդի ներկայացուցիչներն իրենց նույնացնում էին թուրքերի հետ, ընդ որում` անկախ իրենց սեփական ազգածագումից: Հատկանշական է, որ մեսխեթցի թուրքերն առիթը բաց չէին թողնում թուրքական բանակի հետ միասին կռվելու «ընդհանուր թշնամու» դեմ:

Թուրքական կառավարությունն իր կովկասյան ռազմերթերում միշտ հենվել է այս ժողովրդի աջակցության վրա: Անցյալ դարասկզբին այն «թուրք մեսխեթցիներին» տարածաշրջանում իրականացվող քաղաքականության մեջ ներգրավելու հատուկ նախագծեր էր մշակում: Մասնավորապես, 1917թ. դեկտեմբերին դեպի Ախալցխա արշավանքի պատրաստման ժամանակ Թուրքիան մեսխեթցիներին խռովության դրդեց. օգնություն ստանալով` դեկտեմբերի 27-ին նրանք գրոհեցին քաղաքը: Հայերը վրացիների հետ միասին զինված ինքնապաշտպանություն կազմակերպեցին: Քաղաքապետ Զ. Զորյանի գլխավորությամբ ստեղծվեց աշխարհազոր, ամրացվեցին քաղաքի մատույցները: Եռօրյա մարտերից հետո, Անդրկովկասյան կոմիսարիատի միջամտությամբ, պաշարումը հանվեց, բայց շուտով քաղաքը կրկին շրջափակվեց[4]: 1918թ. Բաթումի պայմանագրով վրացի մենշևիկներն Ախալցխան զիջեցին Թուրքիային, սակայն մի քանի ամիս անց (Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո) թուրքական զորքերը դուրս բերվեցին Ախալցխայից, և գավառը մտավ Վրաստանի կազմի մեջ:

 

***

«Երլիների» և տարածաշրջանի գերազանցապես հայ բնակչության միջև լարված հարաբերությունները շարունակվեցին նաև խորհրդային շրջանում: Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվելու պահին երկրամասում աշխատում էին գերմանացի և թուրք հրահանգիչներ, ովքեր օսմանացած բնակչությանն ամեն տեսակ աջակցություն էին խոստանում, եթե հանդես գան Մոսկվայի դեմ: Նման աշխատանք էր տարվում նաև Հյուսիսային Կովկասի մուսուլման բնակչության շրջանում: Պատերազմի տարիներին գերմանական գործակալները եռանդուն աշխատում էին ոչ միայն Սամցխեում, այլև Ջավախեթում (Ախալքալաքի Օկամ, Կարծեփ, Գոգաշեն, Կակիա գյուղերում): ԽՍՀՄ վերջնական պարտության պարագայում մուսուլմաններին «երաշխավորվում» էր կրոնական և անգամ վարչական լիակատար ազատություն: 1942թ. պայմանավորվածություն ձեռք բերվեց Սամցխեում Ստալինգրադի մոտ գերմանացիների ակնկալվող հաջողությունից անմիջապես հետո, այսպես կոչված, «Կովկասյան ճակատ» բացելու մասին: Մեսխեթցի թուրքերի խռովությունը պետք է զուգակցվեր Հյուսիսային Կովկասի մուսուլմանների հզոր ապստամբության և պատերազմի մեջ Թուրքիայի ներգրավվելու հետ: Ստալինգրադի մոտ գերմանացիների ջախջախումից հետո պայմանավորվածությունն ուժը չկորցրեց, սակայն որոշում ընդունվեց մշակված սցենարը գործի մեջ դնել անմիջապես Կուրսկի ճակատամարտից հետո: 1943թ. Կուրսկի մոտ կրած ձախողումը, որ դեռևս Ստալինգրադում նկատված արմատական բեկման անշրջելիությունն էր նշանավորում, պայմանավորեց ֆաշիստների հետ համագործակցած կովկասյան շատ ժողովուրդների արտաքսումը 1944թ.: Թուրք-մեսխեթցիները վերաբնակեցվեցին Ղազախստանում և Միջին Ասիայում:

Քանի որ հարցը խիստ քաղաքականացված է, ներկայում չափազանց հակասական վիճակագրություն է ներկայացվում ինչպես 1944թ. տեղահանվածների թվաքանակի, այնպես էլ ներկա ժողովրդագրական ցուցանիշների վերաբերյալ: Մասնավորապես, ադրբեջանցի և թուրք հետազոտողները նշում են, որ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զորակոչվել էր «հասուն տարիքի գրեթե ողջ արական բնակչությունը», ավելի քան 40.000 մարդ, որոնցից 26.000-ը զոհվեց ճակատամարտում: Սակայն միևնույն ժամանակ նշվում է, որ 1944թ. մոտ 115.000 թուրք-մեսխեթցիներ Վրաստանի Ախալցխայի, Ադիգենի, Ասփինձայի, Ախալքալաքի և Բոգդանովկայի շրջաններից արտաքսվել են Միջին Ասիա և Ղազախստան: Բերված վիճակագրությունը հակասության մեջ է մտնում նաև 1897, 1913, 1926թթ. մարդահամարների տվյալների հետ, որոնցում տվյալ տարածաշրջանի թյուրքալեզու մուսուլմանների թվաքանակը գնահատվում է համապատասխանաբար` 43.375, 56.226 և 56.277 մարդ: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ, հակառակ լայն տարածում գտած կարծիքի, մեսխեթցիների բնական աճը նշված ժամանակահատվածում չափազանց փոքր էր, և 13 տարվա կտրվածքով կազմել է 60-ից ոչ ավելի մարդ: 1944թ. տեղահանված թուրք-մեսխեթցիները ցրվեցին Ուզբեկստանի տարբեր շրջաններով մեկ` առանց նստակեցության վայրից ելքի իրավունքի, ինչես նաև Ղազախստանում և Ղրղըզստանում` հատուկ վերաբնակների իրավունքներով: 1944թ. տեղահանությանը նախորդող ժողովրդագրական ցուցանիշները հաշվի առնելով` բռնաճնշումների ենթարկվածների 40.000 թվաքանակը իրականությանն առավել մոտ է թվում:

Ակնհայտ է նաև, որ Ղազախստանում և Միջին Ասիայում ցրված թուրք-մեսխեթցիների մեծ մասը շրջանից դուրս է եկել 1962-1989թթ. ժամանակաընթացքում, ընդ որում՝ հիմնական մասը բնակություն է հաստատել Ադրբեջանում: Բացի այդ, շատ մեսխեթցիներ ապաստան գտան Պովոլժիեում և Հյուսիսային Կովկասում: Ֆերգանայի դեպքերի ժամանակ շրջանում ապրում էին մոտ 20.000 մեսխեթցիներ: Հարկ է նշել, որ Ադրբեջան տեղափոխված մեսխեթցիների մի որոշակի մասը բնակություն հաստատեց հանրապետության հյուսիս-արևմուտքում` Բելոկանի, Զաքաթալայի և Կախիի շրջաններում: Վրաստանին սահմանակից այս տարածքում հիմնականում ապրում են ինգիլոյները` քարթվելական մի ժողովուրդ, որը շիա իսլամ է դավանում: Վրացի ինգիլոյների մեջ կան նաև սակավաթիվ քրիստոնյաներ[5]:

Թվում էր, թե թուրք-մեսխեթցիների էթնիկ խումբը, բնակեցվելով Ուզբեկստանի, Ղազախստանի և Ղրղըզստանի տարբեր մարզերում, դրվել է այնպիսի պայմանների մեջ, որոնք պետք է նպաստեին այս համեմատաբար փոքր խմբի տարրալուծմանը նշված տարածքների բուն բնակչության ընդհանուր զանգվածում: Մանավանդ որ մուսուլմանական գերազանցապես թյուրքալեզու բնակչությունը (այսինքն, լեզվական արգելք չկար և ընդհանուր էին իսլամական մշակութային ավանդույթները) միջէթնիկական ավելի սերտ հաղորդակցության օբյեկտիվ հնարավորություններ էր տալիս: Այնուամենայնիվ, չնայած ձուլման համար այդքան նպաստավոր պայմաններին, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, տեղի բնակչության լավ վերաբերմունքին ու ընդունելությանը, այդ միտումը զարգացում չստացավ: Սկզբից ևեթ դրան խանգարում էր օբյեկտիվ-պատմական գործոնների մի ամբողջ շարք, որոնք, արդյունքում, վճռական դեր ունեցան:

Թուրք-մեսխեթցիների մեկուսի, փակ կենսակերպը պայմանավորող պատճառների թվում պետք է նշել «բնիկ» և «եկվոր» հասկացությունների սոցիալ-հոգեբանական հակադրման գործոնը: Էթնիկ հակադրության ընդհանուր օրինաչափություններին պետք է վերագրել նաև մարդաբանական գործոնը. սրան հարում է նաև «եվրոպոիդ-մոնղոլոիդ» էթնոհոգեբանական հակադրությունը: Առաջին անգամ բախվելով կենտրոնաասիական միջավայրին` մեսխեթցիները բավական սուր զգացին այդ ընդդիմությունը, որը նրանց համար առաջին հերթին արտահայտվում էր իրենց հետ շփվող էթնոսների բարձր աստիճանի մոնղոլոիդ լինելու մեջ: Մարդաբանական տարբերության այդ աստիճանն էլ հենց ցույց էր տալիս նոր միջավայրում թուրք համայնքի փակ լինելու մակարդակը: Պակաս կարևոր նշանակություն չուներ նաև «քոչվոր-նստակյաց» էթնոմշակութային հակադրությունը, որը հստակ երևում էր ղազախների և ղրղըզների հետ մեսխեթցի թուրքերի փոխգործակցության շրջաններում: Այս ամենից զատ չպետք է մոռանալ, որ թուրք-մեսխեթցիների անլեգալ կազմակերպությունների ներկայացուցիչները կապեր էին պահպանում Թուրքիայի հետ:

 

***

Տեղահանված ժողովուրդների ճակատագրում փոփոխություններ տեղի ունեցան 1956թ. ԽՄԿԿ XX համագումարից հետո: Նրանց մի մասը վերադարձավ հայրենիք, մյուս մասի, մասնավորապես` թուրք-մեսխեթցիների հանդեպ վերացավ միայն հատուկ հսկողության ռեժիմը և նստակեցության սահմանագիծը: Անցյալ հարյուրամյակի վաթսունական թվականները դարձան հիմնականում դեպի Կովկաս` Ադրբեջան, Կաբարդինո-Բալկարիա, Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասեր միգրացիայի ալիքի սկիզբը: Ադրբեջանում ներգաղթյալների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծվեցին. թուրք-մեսխեթցիները հայտնվեցին ինչպես գենետիկ, այնպես էլ մշակութային-պատմական առումով մերձավոր էթնոսի միջավայրում: Մարդաբանական, ինչպես նաև ավանդույթների նմանությունը նվազագույնի հասցրեց «բնիկ-եկվոր» հակադրությունը: Ադրբեջանի բնակչությունը թուրք-մեսխեթցիներին իբրև եկվոր այլ էթնիկ կազմավորում չընկալեց: Ադրբեջանցիների և մեսխեթցի թուրքերի ավանդական մշակույթի հիմնական գծերը շատ բանով համընկնում էին` այդպիսով կանխորոշելով ոչ այնքան այդ մշակույթների փոխներթափանցումը, որքան մեսխեթցի թուրքերի ավանդական մշակույթի` «ըստ անալոգիայի» վերականգնման ինքնատիպ գործընթացը` հարստացած արդեն միջինասիական տարածաշրջանի մշակույթի բաղադրատարրերով:

Սակայն հենց 1960-ական թթ. մեսխեթցիների ներսում կատարվեցին ավելի կարևոր փոփոխություններ: Մասնավորապես, 1962թ. Տաշքենդի մարզի Բուկինյան շրջանում տեղի ունեցավ թուրք-մեսխեթցիների Առաջին հիմնադիր համագումարը: Համագումարին, որը, բնականաբար, անց էր կացվում գաղտնի պայմաններում, ներկա էին պատվիրակներ թուրք-մեսխեթցիների գրեթե բոլոր համայնքներից: Համագումարում քննարկվում էր հայրենիք վերադարձի ազգային շարժման հարցը: Շարժմանն ավելի մեծ ակտիվություն հաղորդելու նպատակով ընդունվեց որոշում շարժման միասնական կենտրոնական մարմին և համապատասխան տարածաշրջանային մասնաճյուղեր ստեղծելու մասին: Արդյունքում` ընտրվեց հայրենիք վերադարձի Ժամանակավոր կազմակերպման կոմիտե (ԺԿԿ), ինչպես նաև մշտապես գործող մի շարք հանձնաժողովներ: Այս համագումարից սկսած` մեսխեթցի թուրքերի շարժումը կարելի է ձևավորված համարել: Հաջորդ վեց համագումարները հիմնականում կազմակերպական նշանակություն ունեին: 1962-1989թթ. տեղի է ունեցել մեսխեթցի թուրքերի 10 համագումար[6]:

Մեսխեթցի թուրքերի ազգային շարժման մեջ նկատվող պառակտումը, սակայն, ժամանակի ընթացքում վերաճում է երկու «խմբակցությունների» պայքարի, որոնք կարելի է անվանել «վրացական» և «թուրքական». դրանք արտահայտում էին, համապատասխանաբար, տարբեր մոտեցումներ վերադարձի եղանակների նկատմամբ, ինչն, ինքնըստինքյան, սպառնալիքի տակ էր դնում միասնական ազգային շարժման գոյությունը: Վրացական խմբակցության ներկայացուցիչներն ընդունելի էին համարում թուրք-մեսխեթցիների Վրաստան վերադարձը` «որպես վրացիներ» և նրանց բնակեցումը հանրապետության տարբեր շրջաններում, մինչդեռ «թուրքական թևը» պնդում էր թուրքական ազգածագման պաշտպանության անհրաժեշտությունը և հենց Թուրքիայի սահմանին, այսինքն, Սամցխեում և Մեսխեթում բնակեցումը: 1988թ. հուլիսի 28-ին Փսիկոդ շրջանում (Կաբարդինո-Բալկարիա) տեղի ունեցած IX համագումարը հատուկ նշանակություն ունեցավ: Համագումարին, որ անցնում էր հավաքի ձևով, ներկա էին 276 պատվիրակներ տարբեր տարածաշրջանային բաժանմունքներից: Ըստ էության` այն ներկայացնում էր այս երկու խմբակցությունների պայքարը: Երկարատև ու լարված բանավեճի ընթացքում, որին մասնակցում էր շարժման առաջնորդների մեծամասնությունը, «վրացական կողմը» պարտություն կրեց: Համագումարը միահամուռ դատապարտեց վրացական ուղղության կողմնակիցներին` նրանց գործունեությունը սխալ և դավաճանական համարելով ազգային շահերի նկատմամբ, և ստիպեց այդ ուղղության առաջնորդներին ընդունել իրենց համոզմունքների սխալականությունը: Արդյունքում` համագումարն ընդունեց որոշում` հասնել այն բանին, որ հայրենիք վերադարձը տեղի ունենա միայն նրանց թուրքական ազգությունն ընդունելու պայմանով, և այն անվանեց Միասնացման համագումար: Համագումարից մի քանի ամիս անց տեղի ունեցան Ֆերգանայի ողբերգական իրադարձությունները: Միգրացիայի նոր հզոր ալիքը պայմանավորված էր 1989թ. Ուզբեկստանի Ֆերգանայի մարզում տեղի ունեցած իրադարձություններով: Միգրանտների հիմնական հոսքը Ղազախստանից և Միջին Ասիայից ուղևորվեց Ադրբեջան, որը համաձայնեց ընդունել թուրք-մեսխեթցիներին` նրանց հողեր հատկացնելով Ջեյրան չոյի տափաստանում: Ո՞րն էր ջարդերի պատճառը:

Թուրք-մեսխեթցիների ջարդերը պետք է դիտարկել ողջ ԽՍՀՄ-ում ազգայնական տրամադրությունների ընդհանուր պոռթկման և, մի շարք հետազոտողների կարծիքով, ուզբեկա-տաջիկական դիմակայության հարթությունում: Այս տարածաշրջանում վաղուց ազգամիջյան լարված իրադրություն է ստեղծվել, որը նախևառաջ արտահայտվել է տաջիկա-ուզբեկական հակասություններում: Նրանք փոխադարձ հավակնություններ ունեն բուն տաջիկական մի քանի տարածքներ (Բուխարա և Սամարղանդ) Ուզբեկստանի կազմում ընդգրկելու հետ կապված: Չնայած այդ հակասությունները բավական երկար պատմություն ունեն, բայց դրանք ավելի ցայտուն դրսևորվեցին երկրում ազգային շարժումների ընդհանուր վերելքի պայմաններում: Ուզբեկա-տաջիկական հակասությունների սրումն, անշուշտ, ավելի ագրեսիվ դարձրեց ազգայնական շարժումը` տարածաշրջանում միջէթնիկական փոխգործակցության կոնֆլիկտավտանգ ֆոն ստեղծելով: Ստեղծված քաղաքական իրադրությունում մեսխեթցի թուրքերն ընտրվեցին որպես էթնոկրատական գաղափարի կենսագործման մեջ վճռականություն ցուցաբերելու օբյեկտ` հասցեագրված, ըստ էության, իրապես գոյություն ունեցող միակ էթնիկ այլընտրանքին` հանձին իր տարածքների նկատմամբ հավակնություն ունեցող տաջիկ բնակչության[7]: Ֆերգանայի իրադարձությունների արդյունքում ընդունվեց սկզբունքային որոշում ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Ազգությունների խորհրդի հատուկ հանձնաժողով ստեղծելու մասին, որի նպատակն էր «ուսումնասիրել թուրք-մեսխեթցի բնակչության` պատմական հայրենիք, որտեղից այդ ոչ մեծ ժողովուրդը տեղահանվել էր առանց որևէ հիմնավորման` կամայականության և անօրինության տարիներին, վերադառնալու ցանկությունները բավարարելու հնարավորությունները»:

Այդ հանձնաժողովը ստեղծվեց 1989թ. հուլիսի 26-ին: Հանձնաժողովի ստեղծումը սկզբունքային նշանակություն ունեցավ մեսխեթցի թուրքերի ազգային շարժման համար, քանի որ այն ամենայն հիմնավորությամբ կարելի է համարել շարժումը պաշտոնապես ճանաչելու ձև, որովհետև հանձնաժողովի կազմում, բացի պաշտոնական անձանցից, ներգրավված էին նաև թուրք-մեսխեթցիների ազգային շարժման առաջնորդներն ու լիազոր ներկայացուցիչները: Բացի Ուզբեկստանից փախստականների հետ կապված հարցերի դիտարկումից, հանձնաժողովն առաջադրեց այն հարցը, որ «օգնության ցուցաբերման, ինչպես նաև վնասի հատուցման բոլոր ծախսերը պարտավոր է ստանձնել Ուզբեկստանի կառավարությունը»: Ընդհանուր առմամբ, 1989թ. իրադարձությունները էական ազդեցություն ունեցան մեսխեթցի թուրքերի շարժման վրա` ավելի կոշտ դիրքորոշման մղելով հայրենադարձության մասին հարցում: Հարցը նոր ուժով հնչեց մեսխեթցի թուրքերի X համագումարում, որը տեղի ունեցավ 1989թ. սեպտեմբերի 2-ին Ադրբեջանի Սաաթլիի շրջանի «Ադիգյուն» կոլտնտեսությունում: Համագումարին մասնակցում էին 5.727 պատվիրակներ: Ի տարբերություն նախորդ բոլոր հավաքների` այս համագումարը հռչակագրային բնույթ ուներ, և դա ցայտուն արտահայտվեց թուրք-մեսխեթցիների` պատմական հայրենիք վերադառնալու պահանջների մեջ: Համագումարում արտահայտվեց այդ էթնիկ խմբերի 70-80%-ի ցանկությունը` մեկնել Թուրքիա, եթե չբավարարվեն Վրաստան հայրենադարձության իրենց պահանջները:

 

***

Ինչպես վերը նշվեց, «մեսխեթական գործոնը» պատմականորեն հակադրվել և շարունակում է հակադրվել հայկականին: Երբեմն այդ վեկտորի ճակատագրականության տպավորություն է ստեղծվում: Մասնավորապես, 1989թ. նոյեմբերի 3-ին խորհրդային կառավարությունը, նպատակ ունենալով փոխել ԼՂԻՄ և հարակից տարածքներում ժողովրդագրական իրավիճակը, միջէթնիկական բախումների էպիկենտրոն ուղարկեց թուրք-մեսխեթցիներին: Այս նախագիծն իբր պաշտոնապես բարի նպատակ էր հետապնդում` փոխհատուցել 1944թ. բռնաճնշված և աքսորից տանջված ժողովրդի նյութական և բարոյական վնասները: Իրականում Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիներին ազգակից ժողովրդի բնակեցման նախագիծը նպատակ ուներ արմատապես փոխել հակամարտության գոտու ժողովրդագրական իրավիճակը` բնիկ հայ տարրը ԼՂԻՄ-ից և հարակից շրջաններից իսպառ արմատախիլ անելու հեռանկարով: Հատկանշական է, որ նույն` 1989թ. նոյեմբերին ԱՄՆ Սենատն ընդունեց Բանաձև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ` այն շեշտադրմամբ, որ «ԼՂԻՄ բնակչության 80%-ը կազմում են հայերը»: Այս փաստաթղթի կապը հակամարտության գոտում մեսխեթցիներին բնակեցնելու նախագծի հետ կասկած չի հարուցում: «Թուրք-մեսխեթցիների» գործոնն օգտագործվեց քաղաքական նպատակներով, ներկայում նույնպես հարցը քաղաքականացված է: Անհրաժեշտ է միշտ հաշվի առնել այս փաստը:

Թուրք-մեսխեթցիների առաջին, ոչ մեծաթիվ խմբերը Ջավախեթում հայտնվեցին 1990-ականների սկզբին, 1991թ. ապրիլին ՌԴ Գերագույն խորհրդի` «Բռնաճնշված ժողովուրդների վերականգնման մասին օրենքի» ընդունումից անմիջապես հետո: Ախալքալաքի շրջանի հայ բնակչությունը նրանց չընդունեց և ստիպեց հետ դառնալ: Մասնավորապես, ընդգծվեց թուրք-մեսխեթցիների դերը 20-րդ դ. առաջին քառորդի արյունալի իրադարձություններում, ավելի ուշ` Հայրենական մեծ պատերազմի շրջանում, ինչպես նաև հիշատակվեց Ղարաբաղյան հակամարտությանը նրանց մասնակցության հարցը: Այդ ժամանակ էլ հայտարարվեց, որ երկրամասի հայ բնակչությունն այդուհետ ևս կասեցնելու է որպես վրացի ինգիլոյներ թուրք-մեսխեթցիների` տարածաշրջանում հայտնվելու բոլոր փորձերը:

Աշխարհում սփռված թուրք-մեսխեթցիների իրական ժողովրդագրական ցուցանիշները սույն պարագայում որևէ նշանակություն չունեն: Թուրքիայի համար նշված 35.000 թվաքանակը միանգամայն օպտիմալ ցուցանիշ է «թուրք-մեսխեթցիներից» կազմված հատուկ խմբեր պատրաստելու և այս շրջան ուղարկելու նպատակով: Ակնհայտ է, որ ներկայում թուրքական հատուկ ծառայությունները մեսխեթական կազմակերպությունների առաջնորդների հետ հետագա գործողությունների ռազմավարություն են մշակում, ըստ որի` այդ ժողովրդի ներկայացուցիչներն անպայման պետք է պահանջեն, որպեսզի բնակություն հաստատեն հենց Սամցխե-Ջավախեթում:


[1] Մանավանդ որ նախադեպն արդեն կա: Մասնավորապես, չպետք է մոռանալ 1990-ականների սկզբին Վրաստանի Մառնեուլի շրջանի ադրբեջանցիների կողմից դեպի շրջափակված, հոսանքազերծ և Ադրբեջանի հետ պատերազմի մեջ գտնվող Հայաստան տանող միակ գազատարի իրականացված պայթեցումները: Մառնեուլի ադրբեջանցիները փաստորեն ներգրավված էին Հայաստանի դեմ մղվող պատերազմին: Ջավախքի (Ջավախեթի) հայ բնակչության կայուն կենսագործունեության ապահովումը կարևոր ռազմավարական խնդիր է: Այն առանձնահատուկ հրատապություն է ստանում թուրք-մեսխեթցիների` Ջավախեթ վերադառնալու նախագծի համատեքստում. վերջինների առաջնորդները, ինչպես հայտնի է, սերտորեն համագործակցում են Անկարայի և Բաքվի հետ: Այդ ծրագրի իրականացման նպատակն, այսպիսով, Հայաստանի շուրջ թյուրքական շրջանը փակելն էր:

[2] Օրինագիծն ընդունելու դեմ բերվող փաստարկներում խմբակցության ներկայացուցիչները նշում էին հստակ գրաֆիկի բացակայությունը, որը պետք է ցույց տար, թե երբ և երկրի որ շրջաններ պետք է հայրենադարձվեին թուրք-մեսխեթցիները` ասելով, որ կտրականապես անընդունելի է նրանց հոծ բնակեցումը հատկապես Սամցխե-Ջավախեթի շրջանում, քանի որ դա կարող է հանգեցնել լուրջ էթնոկոնֆլիկտների: Ընդդիմադիրները մատնանշում էին, որ Վրաստանը չպետք է ավտոմատ կերպով պահպանի Էդուարդ Շևարդնաձեի կառավարման ժամանակ Եվրոպայի խորհրդի առջև ընդունած` թուրք-մեսխեթցիների հայրենադարձության պարտավորությունը: Խորհրդարանական մեծամասնության առաջնորդներից մեկը` Գիգի Բոկերիան, ընդդիմության փաստարկները «շահարկում» անվանեց: Նրա խոսքերով`օրինագիծը սահմանում է հայրենադարձի կարգավիճակ ստանալու ընթացակարգը, իսկ մնացածը, այդ թվում և նրանց ապագա բնակեցման վայրերը, նորմատիվային այլ փաստաթղթի նյութ են: «Ընդ որում` էթնոկոնֆլիկտի սպառնալիքի մասին պնդումը գիտակցված սադրանք է»:

[3] Գետի աջ ափին տեղավորված հայերը ցակություն հայտնեցին շրջանն անվանել «Նոր Էրզրում», բայց գեներալը չհամաձայնեց` հայտարարելով, թե Փոխցովի աջափնյակը, վերաբնակման պլանի համաձայն, պետք է կրի «Պլան» անվանումը: Ներկայում Ախալցխայի այդ շրջանը հայտնի է «Մարդ» տեղանվամբ: Դիմացի ափը, համենայնդեպս, 10-րդ դ. սկսած, կրում է արաբական «Ռաբաթ» անվանումը:

[4] 1918թ. հունվարին զինված մեսխեթցիները փակեցին Ածղուր և Ախալքալաք տանող ճանապարհները, անջատեցին հեռախոսակապը Թիֆլիսի հետ: Ավելի քան 20 մուսուլմանական գյուղեր սկսեցին թալանել և ամայացնել շրջակա և հեռավոր հայկական ու վրացական գյուղերը, բնաջնջել բնակիչներին: Շատ գյուղացիներ ապաստան գտան Ախալցխայում: Հունվարի 27-ին ստեղծված Հայ ազգային խորհուրդը (Զ. Զորյանի գլխավորությամբ) կազմեց հայկական գումարտակ (հրամանատար` գնդապետ Չաուշյան), որին միացան նաև վրաց գվարդիականները: Ախալքալաքից օգնության շտապեց հայ կամավորականների ջոկատը: Հունվար-փետրվարին թուրքերի ձեռնարկած բոլոր գրոհները հետ մղվեցին, սակայն 1918թ. գարնանը, թուրքական բանակի անդրկովկասյան արշավանքի ժամանակ, նրանք կրկին ուժեղացան: Մարտի 6-ին եռօրյա կատաղի մարտեր ընթացան հայկական գումարտակի 60 մարտիկների և Թուրքիայի կողմից հովանավորվող թուրք-մեսխեթցիների միջև: Ապրիլի 23-ին վերջիններս շարժվեցին հայկական Օրալ և Սազել գյուղերի վրա: Հայ գյուղացիները մարտն ընդունեցին Օրալ գյուղից ոչ հեռու և փախուստի մատնեցին հակառակորդին: Մայիսի 3-4-ին թուրքերին հաջողվեց խուժել Ծուղրութ և Ծիրա գյուղեր: Թալանի և ջարդի ենթարկվեցին նաև մի քանի վրացական գյուղեր: Մայիսի սկզբին ընդհանուր հակահարձակման անցած հայ-վրացական ուժերն ազատագրեցին Մուսխ գյուղը, սակայն թուրքական բանակի զորամասերը, կրկին թուրք-մեսխեթցիների աջակցությամբ, գրավեցին գավառը:

[5] «Ինգիլոյներ» տերմինն առաջ է եկել կովկասյան թաթարների կողմից օգտագործվող արաբական «հենգիլոուս» (դարձի եկած) հասկացությունից` կապված 17-18-րդ դդ. տեղի վրացալեզու բնակչության կողմից իսլամ ընդունելու հետ: Ներկայում նրանք տերմինի առաջացումը բացատրում են թաթարերեն «ենի» (նոր) և «յոլ» (ուղի) հասկացությունների համակցմամբ: Բելոկանի և Զաքաթալայի շրջանների գյուղերում ապրող ինգիլոյները մուսուլման են, իսկ Կախիում ապրողները` քրիստոնյա: Խորհրդային շրջանի պաշտոնական վիճակագրության մեջ նման ժողովուրդ չի եղել. մուսուլման ինգիլոյները մարդահամարներում իրենց նույնականացնում էին ադրբեջանցիների, իսկ քրիստոնյա ինգիլոյները` վրացիների հետ: 1989թ. մարդահամարի համաձայն` վերջինների թիվը կազմում էր 14,2 հազ. մարդ: Ինգիլոյների բարբառն առաջ է եկել վրացերեն (Կախեթի) լեզվից` լեզգիերենի հնչյունաբանության և ադրբեջանա-թաթարերենի ձևաբանության ազդեցությամբ: Վրաստանում Զվիադ Գամսախուրդիայի նախագահ եղած ժամանակ տարածքային հավակնություններ են ներկայացվել Ադրբեջանին, իսկ ինգիլոյների բնակության շրջանն անվանվում էր Էրեթի-Սաինգիլոյի վրացական մարզ: 1990-ական թթ. վերջին հենց այս շրջանի թուրք-մեսխեթցիների առանձին ընտանիքներ, ովքեր ներկայանում էին որպես վրացի ինգիլոյներ, փորձում էին հիմնավորվել Սամցխեում և Ջավախեթում: Նրանք փոխում էին թուրքական ազգանունները և սովորում վրացերեն:

[6] 1970-ական թթ. մեսխեթցի թուրքերի ազգային շարժման փորձը թույլ տվեց նոր իրողություններին հարմարեցված որոշակի մարտավարություն մշակել. մասնավորապես, եթե շարժման առաջին տարիներին հայրենադարձության անհնարինությունը կրում էր անվերապահ բնույթ, ապա այժմ համապատասխան դրդապատճառները հանգում էին տնտեսական դժվարությունների: Նախ` որպես փաստարկ առաջ էր քաշվում լքյալ հողերում նման թվաքանակով մարդկանց վերաբնակեցման բարդությունը (պահանջվելու էին պետական հատկացումներ տարածաշրջանի վերածննդի և վերադարձողների սոցիալ-մշակութային պահանջմունքների բավարարման համար), ինչպես նաև փոխված ժողովրդագրական իրավիճակը, որն էլ ավելի է դժվարացնում հարցի տնտեսական կողմի լուծումը: Նոր պայմանները կանխորոշեցին, մասնավորապես, VIII համագումարի բովանդակությունը, որը տեղի ունեցավ 1976թ. հունիսի 16-ին Կաբարդինո-Բալկարիայի Երոկո ավանում: Գիտակցելով, որ մարդկանց մեծ բազմության վերաբնակեցումը չի կարող որոշակի դժվարություններ և զգալի ֆինանսական ծախսեր չառաջացնել, համագումարի քննարկմանը ներկայացվեց փուլային վերաբնակման պլանը: Սակայն սրա հետևանքը հանդիսացավ վրացական կողմի, թեև ոչ պաշտոնապես, առաջադրած պայմանը. թուրք-մեսխեթցիները պետք է ընդունեն իրենց պատմական վրացական ծագումը և փոխեն ազգանունները: VIII համագումարում ստեղծվեց մի իրավիճակ, որը տանում էր դեպի թուրք-մեսխեթցիների շարժման ներքին պառակտում: Հետևանքներն անմիջականորեն երևացին և´ շարժման, և´ ընդհանրապես այն գործընթացների մեջ, որոնք տեղի էին ունենում թուրք-մեսխեթցիների հանրության ներսում: Սկսվում է այս էթնիկ խմբի ինքնագիտակցության դեստրուկցիան: Այս պայմաններում մեսխեթցի թուրքերի մի փոքր մասը հնարավոր է համարում այն, որ իրենք թուրքացած վրացիներ են` այդ կերպ ջանալով ապահովել հայրենիք վերադարձը: Ստեղծված դրությունը խրախուսվում էր նրանով, որ Վրաստանը սկսեց մշտական բնակության ընդունել նշված խմբի ներկայացուցիչ թուրք-մեսխեթցիների առանձին ընտանիքների` հանրապետության տարբեր շրջաններից:

[7] Նշենք, որ անմիջապես Ֆերգանայի դեպքերից առաջ ուզբեկա-մեսխեթական կոնֆլիկտի հրահրման անհաջող փորձ արվեց Սամարղանդի մարզի Իշտիխանի և Լաիշի շրջաններում, որտեղ ավելի սուր էին ուզբեկա-տաջիկական հակասությունները: Ուզբեկական ազգայնական ծայրահեղականության կոնկրետ ուղղվածությունը պայմանական է, քանի որ մեսխեթցիները ճնշման ավելի «հարմար» օբյեկտ էին` որպես ոչ բնիկ ժողովուրդ, որը չէր միացել ուզբեկական շարժմանը, բավական հոծ էր բնակեցված, քաղաքականապես պաշտպանված չէր և իրավաբանորեն անիրավահավասար էր: 1989թ. Ֆերգանայի դեպքերը բացառիկ հետևանքներ ունեցան մեսխեթցի թուրքերի ազգային շարժման համար: Ֆերգանայի մարզում թուրք-մեսխեթցիների ջարդից հետո ԺԿԿ-ն իր վրա վերցրեց Միջին Ասիայից փախստականների կազմակերպման և տեղավորման խնդիրը: Կազմակերպությունը դիմեց Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերի, Կարաչաևո-Չերքեզիայի, Կաբարդինո-Բալկարիայի, Դաղստանի, Չեչենո-Ինգուշիայի իշխանություններին, Ղազախստանի, Ղրղըզստանի և Ադրբեջանի կառավարություններին` Միջին Ասիայից փախստականներին ընդունելու և տեղավորելու խնդրանքով:

Share    



Գնահատում

Ինչպե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am