Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Հասարակություն և իշխանություն

Հասարակություն և իշխանություն
Դեկտեմբեր 2008, N 9

«ՍԵՅՍՄՈՖՈԲԻԱ». ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԵՆԴ

Արիս Ղազինյան, «Ազգային գաղափարի» գլխավոր խմբագիր

«Այդ աղետը ցնցեց ոչ միայն երկրակեղևը, այլև մեր ողջ հասարակությունը ողջ խորությամբ: Փուլ եկավ այն ամենը, ինչ նեխել էր. Հայաստանի սեյսմիկ շրջանացման անարդարացիորեն լավատեսական սխեման և բազմահարկ շենքերի միտումնավոր էժանացված կոնստրուկցիաները, քաղաքացիական պաշտպանության կարգավորված և տեղի վարչակազմի անօգնական համակարգը: Եվ որքան էլ մարդիկ հանրահավաքներ անեն, ոչ մի տեղ չես փախչի այն փաստից, որ տասնյակ հազարավոր հայեր սպանվեցին նրանց կողմից, ովքեր նախագծել էին ոչ դիմացկուն շենքեր, ովքեր ցեմենտն էին գողացել և դրանով իսկ բետոնը սորուն փոշու վերածել, նրանց կողմից, ովքեր  ինչպես հարկն է չէին պատրաստել ամրանալցոնները, ինչի պատճառով երկաթբետոնե պանելները նեցուկներից վերածվեցին տապանաքարերի: Մեր խաչը, մեր մեղքը պիտի կրենք նաև մենք` ԽՍՀՄ սեյսմիկ շրջանացման քարտեզի (ОСР-78) խմբագրական կոլեգիայի անդամներս, որ թույլ տվեցինք, որ Կովկասում ընդունվեն սեյսմիկ վտանգի իջեցված գնահատականներ»:

Ն.Շեբալին - ԽՍՀՄ ԳԱ Ֆիզիկայի ինստիտուտի ուժեղ երկրաշարժերի լաբորատորիայի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր

Իր սեփական մեղքն ընդունող անվանի գիտնականի ցավալի խոստովանության հետ դժվար է չհամաձայնել: Հայկական ԽՍՀ տարածքի համար պատրաստված ОСР-78 սեյսմիկ շրջանացման քարտեզը, իրոք, հանցավոր կերպով սխալ էր: Քարտեզագիրները ցնցումներ առաջացնող վտանգավոր կառույցները դիտարկել էին միայն հանրապետության սահմաններում. մեծ նշանակություն տալով Հայաստանի արևմուտքի միջօրեական կառույցներին` նրանք ուշադրություն չէին դարձրել բեկվածքների Հյուսիսանատոլիական տարածաշրջանային համակարգի հզոր ճյուղավորմանը` այսպես կոչված, Բազում-Սևանյան բեկվածքին` իր բարձր սեյսմիկ պոտենցիալով: Ի թիվս այլոց, քարտեզագիրներն ամեն կերպ իջեցրել էին պատմությունից հայտնի ուժեղ երկրաշարժերի, օրինակ` Դվինի (893թ.), որի զոհ դարձան ավելի քան 120 հազար մարդ, բալայնությունը (հետևաբար` նաև մագնիտուդը): Բավական է նշել, որ նրա էպիկենտրոնի ինտենսիվության գնահատականն իջեցվել էր 2 բալով, իսկ մագնիտուդը` 1,2-1,5 միավորով: Բայց վճռորոշ դարձավ ԽՍՀՄ Պետշինի ճնշումը. վերջինն առարկում էր սեյսմիկ շրջանացման քարտեզի «ծանրացման» և դրա հետ անխուսափելիորեն կապված` շինարարության թանկացման դեմ: Հենց այդ ճնշումն էլ, վերջնարդյունքում, թույլ չտվեց քարտեզի խմբագրական կոլեգիային պնդել, որ գնահատականները բարձրացվեն:

Ավաղ, բանը միայն քարտեզը չէր: Շինարարական աշխատանքների որակը չէր համապատասխանում անգամ սեյսմիկ շրջանացման վնասակար սխեմայի իջեցված ցուցանիշներին: Ավելի ուշ, այդ ցավալի հարցին որոշակի պատասխան տրվեց մասնագետների այն խմբի պաշտոնական հաշվետվությունում, ովքեր աշխատում էին ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի հատուկ հանձնաժողովի առաջադրանքով. «Երկրաշարժի աղետալի հետևանքների հիմնական պատճառ դարձավ ոչ այնքան ցնցումների առանձնահատկությունը, որքան նախագծման նորմերից անթույլատրելի շեղումները, նախագծերի աղաղակող թերությունները և շինարարության անասելի ցածր որակը... զանգվածային խոտան շինարարական ողջ շրջափուլում` տասնամյակներ շարունակ... Ահա ընդամենը երկու փաստ, որ հայտնի դարձան փլուզված բնակելի շենքերի հետազոտության ժամանակ: Լենինականում հինգհարկանի պանելային տների հիմնակմախքները կանգուն էին մնացել, բայց դրանց ներսում բոլոր կառույցները փուլ էին եկել: Պատճառը. հեծանները ներսում պարզապես դրվել էին կողային ելուստների վրա, բայց չէին լցոնվել: Սպիտակում ֆաբրիկան այնպես էր կառուցվել, որ ծածկաշերտերը 15 սմ-ի փոխարեն 5 սմ լայնությամբ էին թողնվել: Բնականաբար, ֆաբրիկան փլուզվել էր...»:

Բայց այս ամենը հետո է եղել...

 

***

1988թ. դեկտեմբերի 7-ին Խորհրդային Հայաստանը սպասում էր «Մոսկովսկիե նովոստի»-ին: Ոչ թե համանուն թերթին, որը վերակառուցման տարիներին հատկապես մեծ հեղինակություն էր ձեռք բերել, այլ հենց կրեմլյան նորություններին: Թեև խորհրդային պետության ղեկավարը երկրում չէր (այցով ԱՄՆ էր մեկնել), սակայն հանրապետության բնակչությունը դեռևս ինչ-որ դրական տեղաշարժի հույս ուներ, թե կուսակցության զառամյալ նախագահությունը և խորհրդային ղեկավարությունը ավելի համարժեք կընկալեն Ղարաբաղյան հիմնախնդրի էությունը:

Լուրերի էին սպասում նաև հենց Լեռնային Ղարաբաղից. ըստ վերջին և, իհարկե, չճշտված հաղորդումների, հակառակորդի հերթական գիշերային գրոհի ժամանակ հայերը ևս մոտ 10 մարդ էին կորցրել: Ստույգ տվյալներ, հասկանալի է, ոչ ոք չէր հաղորդում, սակայն պարզ էր գլխավորը. հայերը կրկին կորուստներ են ունեցել:

Օրը աշխատանքային էր, ուստի և բոլոր խորհրդային պետհաստատությունները և նրանց հետ միասին` ասես «վերակառուցման անձրևից» հետո ծլած, բայց կուսակցական մաֆիայի կողմից վերահսկվող «մասնավոր կոոպերատիվները» ձևականորեն աշխատում էին: Մինչ այդ 11-ամսյա Ղարաբաղյան շարժումն արդեն հասցրել էր աչքի ընկնել այդ թվում և զանգվածային գործադուլներով, ինչի արդյունքում «աշխատանքային օր» տերմինը հենց Խորհրդային Հայաստանի տարածքում վաղուց արդեն մի փոքր պայմանական բնույթ էր կրում: Եվ աշխատանքային ժամերին էլ «հուսալի տարրը», միևնույն է, միայն մի հարց էր քննարկում և... սպասում նորությունների: Մոսկվայից, Վաշինգտոնից, Լեռնային Ղարաբաղից...

Կեսօրին մոտ ամեն ինչ գլխիվայր շրջվեց. ճակատագիրն այնպես տնօրինեց, որ հենց այդ օրը գլխավոր բոլոր նորությունները գային ոչ թե Մոսկվայից կամ Վաշինգտոնից, այլ խորհրդային Հայաստանից: 1988թ. դեկտեմբերի 7-ին ամեն ինչ իսկապես գլխիվայր շրջվեց: Գիտության մեջ դա երկրաշարժ է կոչվում:

Հաշվված վայրկյանների  ընթացքում մոտ մեկ միլիոն հայեր կորցրին իրենց մերձավորներին` երեխաներին, ծնողներին, եղբայրներին ու քույրերին. շատ ընտանիքներ այդպես էլ զոհվեցին` չծնված: Պաշտոնական տվյալներով` Սպիտակի երկրաշարժը 25.000 մարդու կյանք խլեց: Ստույգ տվյալներ, բնականաբար, ոչ ոք չէր ներկայացնում, սակայն պարզ էր գլխավորը. հայերը կրկին կորուստներ են կրել:

 

***

Մինչ այդ Խորհրդային Հայաստանի բնակչությունը երկու բան էր սովորել. հավատալ (արևմտյան հասարակության արդարացիությանը և, չգիտես ինչու, Արևմուտքի անվերապահ օգնությանը) և չհավատալ (սոցիալիստական կարգի անարդարացիությանը և, չգիտես ինչու, կրեմլյան ղեկավարության անվերապահ դավաճանությանը): Այս երկու իրար նման հասկացությունների միջև սահմանը որոշում էր Նոր ժամանակը:

Բայց անկախ ամեն ինչից` բնակչությունը հույսը չէր կորցնում: Ավելին, ապացուցում էր, որ հույսը ոչ միայն «առաջինը չմեռնելու» հատկությամբ է օժտված, այլև որ այն ընդհանրապես անմահ է: Եվ անգամ Սպիտակի երկրաշարժի դժնի օրերին, երբ թվում էր, թե Արմագեդոնի ոսկրոտ ձեռքերը թակել են հայերի տների պատուհանները, Խորհրդային Հայաստանի բնակչությունը հույսը չէր կորցրել:

Նա կարող էր իրեն թույլ տալ խնձորներ շպրտել հանրապետություն ժամանած Միխայիլ Գորբաչովի վրա և նրանից պատմական արդարություն պահանջել: Խորհրդային պետության խեղճ ղեկավարը, ով ոչ միայն ընդհատել էր ամերիկյան այցելությունը, որպեսզի Ռաիսա Մաքսիմովնայի հետ գա աղետի գոտի, այլև բնակչությանը խոստացել էր առաջիկա երկու տարիներին ամբողջովին վերականգնել համարյա թե Հայաստանի կեսը, իհարկե, տարակուսում էր. մի՞թե նման բան հնարավոր է այսպիսի ողբերգական օրերին: ԽՍՀՄ առաջին նախագահը նրա համար երևի վերջինը դարձավ, որ երբեք համարժեք ձևով չզգաց իր «վերակառուցվող» հասարակության փոխակերպումը:

Ամիսներ առաջ Խորհրդային Հայաստանի բնակչությունն արդեն հասցրել էր փտած խնձորներ շպրտել իր կոմունիստական առաջնորդի` Կարեն Դեմիրճյանի վրա` հարկադրելով նրան, ի վերջ, պաշտոնաթող լինել: Հիմնավորումն անփոփոխ էր. հանրապետության ղեկավարն ի վիճակի չէր և չէր ցանկանում պաշտպանել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի շահերը Կրեմլի ղեկավարության և, որ հատկապես կարևոր էր, սեփական ժողովրդի առջև: Իհարկե, դա երկրաշարժից առաջ էր, բայց դրանից հետո էլ հանրապետության բնակչությունը մեղադրում էր կուսակցական մաֆիային դրամական մեծ զանգվածի լվացման մեջ` ի հաշիվ վատորակ շինարարական աշխատանքների:

Իմիջիայլոց, այդ մեղադրանքները հիմնազուրկ չէին. միայն Լենինականում (հին Ալեքսանդրապոլ, ներկայում` Գյումրի) զոհվեցին մոտ 12.000 մարդ, ընդ որում` բացարձակ մեծամասնությամբ քանդվեցին քաղաքային նոր շինությունները: Բայց այս մասին` մի փոքր ուշ...

 

***

Իհարկե, առաջ էլ հայկական քաղաքներն ու տաճարները կործանվում էին: Հայտնի երկրաշարժերից առաջինները թվագրվում են շատ վաղ ժամանակաշրջանով: Մասնավորապես, Ուրարտուի արքա Արգիշտի 1-ինի կողմից Էրեբունի ամրոցի հիմնադրումը, ի շարս այլոց, նշանավորվում էր նաև հզորագույն սեյսմիկ ցնցմամբ մ.թ.ա. 782թ.: Հայոց պատմությունն իսկապես հարուստ է «սև հոբելյաններով». առաջին երկրաշարժը տեղի է ունեցել Սպիտակի աղետալի երերմունքից ուղիղ 2770 տարի առաջ:

Առավել վաղ շրջանի երկրաշարժերից հայտնի է նաև Արարատյանը, որը թվագրվում է մ.թ.ա. 555 թվականով: Հզոր տեղաշարժերի հետևանքով երբեմն առաջ են եկել ռելիեֆի նոր ձևեր: Օրինակ` մ.թ. 139թ. ուժեղ ցնցումները հանգեցրին նրան, որ Մեծ Մասսի արևելյան լանջին մի հսկա զառիթափ գոյացավ, որը շատ լավ երևում է նաև այսօր:

Ուժեղ ցնցումների նկարագրություններ են թողել հայ միջնադարյան տարեգիրներ Ստեփանոս Օրբելյանը (735թ. Վայոց ձորի երկրաշարժը), Թովմա Արծրունին և Հովհաննես Դրասխանակերտցին (893թ. Դվինի երկրաշարժը), Կիրակոս Գանձակեցին (1138թ. Գանձակի երկրաշարժը), Զաքարիա Քանաքեռցին (1679թ. Գառնիի երկրաշարժը) և այլք:

Վերջին երկու հարյուրամյակների ընթացքում Հայկական լեռնաշխարհում նույնպես մեծ ցնցումներ են եղել: Մասնավորապես, 1827թ. Երևանի բերդի գրոհի նախաշեմին ուժեղ ցնցումներ տեղի ունեցան ժամանակակից Ծաղկաձորի շրջանում: Նախանցյալ դարի առավել հզոր երկրաշարժ է համարվում Արարատյանը (1840թ. հուլիսի 2), որն իր հերթին բազում վնասներ է պատճառել և հազարավոր մարդկանց կյանք խլել: Այդ ցնցումների արդյունքում ոչնչացավ Մեծ Մասսի լանջին գտնվող Ակոռի գյուղը:

Անցյալ հարյուրամյակը նույնպես աչքի ընկավ «իր երկրաշարժերով»: Բազմաթիվ ավերածություններ գործեցին և մարդկային զոհերի պատճառ դարձան Գորիսի (1920թ.) և Էրզրումի (1924թ.), Լենինականի (1926թ.) և Զանգեզուրի (1931թ.), Տեկորի (1935թ.) և Քաջարանի (1960թ.), Չալդրանի (1976թ.) և Շիրակի (1988թ.) երկրաշարժերը, իսկ անցյալ դարի վերջին տասնամյակում երկրաշարժեր տեղի ունեցան նաև Գորիսում և Նոյեմբերյանում: Յուրաքանչյուր աղետ իր լեգենդն ուներ: Մասնավորապես, դեռևս Պտղոմեոսի կողմից նկարագրված մ.թ. 139թ. երկրաշարժը ծնունդ է տվել բազմաթիվ մեկնությունների և լեգենդների: Եվ ոչ միայն այդ երկրաշարժը. միջնադարյան եպիսկոպոս Եփրեմը, իր հերթին, առաջ է քաշել վարկածն այն մասին, որ 341թ. ուժեղ սեյսմիկ ցնցման պատճառով երբեմնի միագագաթ Արարատը ճեղքվելով դարձել է երկգագաթ:

Սպիտակի աղետալի երկրաշարժի լեգենդը դարձավ նրա արհեստական բնույթի մասին առասպելը: Շատերն էին համոզված, որ ցնցումները խորհրդային ղեկավարության ձեռքի գործն են, նպատակը` հայերին լռեցնելը...

 

***

Հենց այդ ժամանակ էլ սկսեցին մտքեր հնչել այն մասին, որ ուժեղ երկրաշարժերը «խիստ տարօրինակ կերպով համընկնում էին քաղաքական ցնցումներին»: Խոսվում էր Աբխազիայում գտնվող ինչ-որ «Էշերայի լաբորատորիայի» մասին, որը ներկայացվում էր որպես ուժեղ երկրաշարժերի իմիտատոր: Այլ խոսքերով` արհեստական ցնցումներ առաջացնելու հնարավորության ապացույց: Որ Գուդաութից ոչ հեռու գաղտնի սեյսմաբանական լաբորատորիա կա, որն ի վիճակի է ուժեղ երկրաշարժեր առաջ բերել, հայտնի էր դեռ ԽՍՀՄ գոյության շրջանում: «Էշերայի լաբորատորիան» մեկն էր Խորհրդային Միության տարածքում գործող նման 10 լաբորատորիաներից: Այդ բոլոր կենտրոնները գտնվում էին հատուկ երկրաֆիզիկական գումարտակների գործառնության ոլորտում. դրանք պատրաստվում էին ռազմական Մերձմոսկովյան փակ «Զագորսկ – 7» օբյեկտում և ենթարկվում էին ԽՍՀՄ գլխավոր շտաբին:

Այդ օբյեկտը ստեղծվել է 1960-ական թթ.` հետախուզական աշխատանքների նխատակով և սեյսմաբանական հետազոտություններ անցկացնելու համար գերզգայուն սարքավորումներ է ունեցել: Լաբորատորիայի նպատակը Սև և Միջերկրական ծովերում նավերի և սուզանավերի, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ծանր տեխնիկայի երթևկին հետևելն էր: ԽՍՀՄ-ում նման կենտրոնների ստեղծումը պայմանավորված էր նրանով, որ ԱՄՆ-ը տեկտոնական զենք ուներ. այնտեղ արդեն 1962թ. ստորգետնյա փորձարկումներ էին իրականացվում: «Էշերայի լաբորատորիան» նույնպես ստորգետնյա էր և գտնվում էր 150-200 մ խորության վրա:

Տեկտոնական զենքի գլոբալ սպառնալիքի և համապատասխան տեխնոլոգիաների զարգացման մակարդակի մասին է վկայում այն փաստը, որ 1970-ական թթ. վերջին ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը համաձայնագիր կնքեցին, որն արգելում էր երկրաֆիզիկայի բնագավառում այնպիսի մշակումներ իրականացնել, որոնք կարող էին օգտագործվել ռազմական նպատակներով: Այնուամենայնիվ, մշակումները շարունակվեցին: Այս առումով 1993թ. խիստ հետաքրքրական տեղեկատվություն է հրապարակել հայտնի խորհրդային «փախստական», ՊԱԿ գեներալ-մայոր Օլեգ Կալուգինը: Նա հայտարարել է այն մասին, որ ԽՍՀՄ-ը միշտ ակտիվորեն հետաքրքրվել է երկրաֆիզիկական զենքի կիրառման հնարավորությամբ, իսկ փորձարկումները հիմնականում ուղղված են եղել արհեստական երկրաշարժեր և ծովային ցնցումներ (ցունամի) առաջ բերելուն, որոնք կկարողանային ավերել ԱՄՆ խախաղօվկիանոսյան առափնյակը:

Վերջերս Բայկալի հարավային ափին արհեստական երկրաշարժերի նմանակման եզակի փորձարկումներ են կատարվել: Դրանք իրականացվել են աշխարհում ամենահզոր` 100 տոննանոց սեյսմավիբրատորի օգնությամբ, որն ավելի քան 400 կմ հեռավորությամբ սեյսմաճառագայթում կարող է առաջ բերել: Ալթայ-Սայանյան փորձնական-մոնիթորինգային սեյսմաբանական արշավախմբի բուրյաթական մասնաճյուղի անցկացրած աշխատանքները նպատակ ունեին ուսումնասիրել Բայկալի  իջվածքային գոտին: Մեռյալ ծովի խանդակի (Մեծ աֆրիկյան բեկվածք) ուսումնասիրության նպատակով նման փորձարկումներ է իրականացնում նաև Իսրայելը: Հատկանշական է, որ ժամանակակից գիտությունը դեռևս ի վիճակի չէ գուշակել երկրաշարժերը ամսաթվի առավելագույն ճշգրտությամբ: Դա հնարավոր է միայն արհեստական ցնցումների պարագայում: Այս առումով խիստ ուշագրավ է Տոմսկի մարզի վարչակազմի տեղեկատվական քաղաքականության հարցերով զբաղվող կոմիտեի նախագահ Վալերի Ույմանովի (ով մինչև վերջերս աշխատում էր ԽՍՀՄ ՊԱԿ-ում, իսկ հետո` ՌԴ ԱԴԾ-ում) հայտարարությունը: 2002թ. նա հայտարարեց տառացիորեն հետևյալը. «Ես մտաբերում եմ այս խնդրին նվիրված գիտաժողովը, որն անցկացվում էր պոլիտեխնիկական ինստիտուտում: Դրա թեզիսները պահանջել էին անվտանգության կենտրոնական մարմինները: Այնտեղ մի զեկույց կար` նվիրված երկրաշարժերի կանխատեսմանը, որտեղ խոսվում էր, որ մոտ ժամանակներս երկրաշարժ է լինելու Սպիտակում, իսկ մեկ ամիս անց` Տաջիկստանում: Սպիտակի երկրաշարժը օրը օրին համընկավ, իսկ տաջիկականը` պլյուս-մինուս մեկ օր»:

Իհարկե, մենք հեռու ենք Սպիտակի երկրաշարժի արհեստական բնույթի փաստը «հաստատելու» մտքից, սակայն այդպիսին էր այն ժամանակվա և այդ ողբերգության լեգենդը: Պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանի տեղեկատվությամբ` «աղետի նախօրեին Հայաստանը թողնելու համառ կոչերով ադրբեջանցի բնակչությանն էին դիմել Ադրբեջանի ժողովրդական ճակատի առաջնորդները»:

 

***

Իրականում ամեն ինչ այլ էր: Օջախի հիմնական բնութագրիչների համաձայն` դա սովորական խոշոր տեկտոնական երկրաշարժ էր, ընդ որում` նման ցնցումներ շատ հաճախ են գրանցվում: Բավական մեծ էր դրա մագնիտուդը` օջախի ինտենսիվությունն ըստ Ռիխտերի սանդղակի: Այս մեծությունը, որ բնութագրում է հենց երկրաշարժի օջախը, չպետք է շփոթել Երկրի մակերևույթին երկրաշարժի դրսևորման ինտենսիվության` «բալայնության» հետ. ցանկացած երկրաշարժ մի մագնիտուդ ունի, ինչպես և որտեղ էլ այն չափելու լինես: Իսկ երկրաշարժի բալայնությունը առավելագույնն է էպիկենտրոնում և մարում է մինչև սահմանային երկու բալը (զգալիության աստիճան) երկրաշարժի գոտու ծայրամասում: Սպիտակի երկրաշարժի մագնիտուդը` M=7,0 (7,1): Բալայնությունը էպիկենտրոնում` 10 բալ ինտենսիվության Մեդվեդև-Շպոնհոյեր-Կարնիկի (MSK-64) 12 բալանի միջազգային սանդղակով: Հիպոկենտրոնի խորությունը մոտավորապես 10-20 կմ էր: Երկրաշարժի 10 բալանոց գոտին ձգված ձև ուներ, չափերը` մոտավորապես 16-ը 6 կմ-ի վրա: 9 բալանի օվալաձև իզոսեյսթայի (9 բալանի գոտու սահմանը) ընդգրկած տարածքը կազմում էր 40:21 կմ։ Սկսած 7 բալից՝ իզոսեյսթերը կլորավուն տեսք ունեին։ Դեկտեմբերի 7-ի երկրաշարժը զգացվել է հյուսիս-արևմուտքում, ընդհուպ մինչև Սուխում, արևելքում՝ համարյա մինչև Բաքու։ 

Սպիտակի երկրաշարժը նաև միայն իրեն հատուկ ինքնատիպ գծեր ուներ։ Դրա հատկապես տխուր առանձնահատկությունն այն է, որ զոհերի ու պատճառած վնասի չափով գերազանցել է նման մագնիտուդի համար միջին համաշխարհային սահմանները։ Դա կապված է ինչպես բնական պատճառների, առաջին հերթին՝ Երկրի մակերևույթին օջախի մոտ գտնվելու, այնպես էլ աղետի գոտում շինարարության չափից ավելի ցածր որակի հետ։

Ստույգ հայտնի է, որ 1988թ ամռանից «Ստեփանավան» սեյսմիկ կայանի գրանցումներում նշմարվել են նախնական թույլ ցնցումներ, բայց, ցավոք, հնարավորություն չկար հասկանալու՝ այդ թույլ ցնցումների շարքը նախորդում է ուժեղ երկրաշարժի՞ն, թե՞ դա այլ երևույթ է։ Չստուգված փաստերի թվին են պատկանում նաև ջրի տաքացումը ապագա էպիկենտրոնի մոտ գտնվող ակունքներում և խոտի վաղ թառամումն այդ տարածքում։ Հնարավոր է՝ հատուկ և հանրամատչելի գրականության մեջ հետահայաց ձևով հիշատակվեն նաև այլ երևույթներ։

Հզորությամբ Սպիտակի երկրաշարժը նույնիսկ ավելի թույլ էր, քան դրան հաջորդած Ռաչինսկի (1991թ.), Նեֆտեգորսկի (1995թ.), Սախալինի և Ալթայի (2003թ.) երկրաշարժերը, բայց դրա հետևանքները անհամեմատ ահավոր էին։ Ըստ տարբեր գնահատականների՝ օթևանից զրվելկ էին 350-ից մինչև 514 հազար մարդ։ Վիճարկվում էր նաև երկրաշարժի զոհերի թվի հարցը։ Պաշտոնական վիճակագրությունը կանգ առավ 25.000 մարդու վրա (24.985 զոհվածներ՝ ըստ հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական տեղեկանքի), թիվ, որն առ այսօր մի հրապարակումից մյուսն է անցնում։ Սակայն չպետք է մոռանալ, որ դա միայն հայտնաբերված և գրանցված մարմինների թիվն է. առաջին 10 օրերին փլատակների տակից դուրս բերվեցին 23,7 հազ. մարդու մարմիններ։ Բայց որքան էլ մնացել էին դրանց տակ։

Ողբերգությունից անմիջապես հետո Հայաստանում գործող «Որոնում» հասարակական խումբը մեկ տարի անց հայտարարեց, որ անհայտ կորած են համարվում 66.000 մարդ։ Եթե անգամ ընդունենք, որ նրանց երկու երրորդը հայտնաբերվել կամ ցուցակում սխալմամբ է հայտնվել, մնացած մասին պետք է զոհված համարել։ Որոշ մասնագետներ (գլխավորապես Ռուսաստանում) կարծում են, որ զոհվածների ընդհանուր 30-40.000 թիվը չափազանցված համարվել չի կարող։

 

***

Ինչ-որ ճակատագրական բան էր թևածում 1987թ. Հայաստանի անամպ երկնքում։ Չգիտես ինչու հենց այդ ժամանակ սկսեցին ի հայտ գալ հայկական քաղաքների շինարարության որակի բարձրացման և մոնոլիտ տնաշինությանն անցնելու վերաբերյալ համարձակ պլաններ։ Այդ նպատակով էլ, Պետշինի նախագահի պաշտոնին անցնելու համար, Մոսկվայից Երևան է գործուղվում Վարդգես Արծրունին։ Ավաղ, պատմությունն այնպես տնօրինեց, որ այս պրոֆեսիոնալը դառնա Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման հանրապետական շտաբի ղեկավարը։ 

Ցնցումներից անմիջապես հետո Լենինական եկան Հայաստանի Կոմկուսի քարտուղար Սուրեն Հարությունյանը, արդյունաբերության գծով Կենտկոմի քարտուղար Կարլեն Ղամբարյանը, ինքը՝ Վարդգես Արծրունին և ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Բորիս Շչերբինան (ի դեպ, արդեն հանգուցյալ Շչերբինայի դերը աղետի գոտում տակավին մինչև վերջ չի գնահատվել։ Ճառագայթման բավական մեծ չափաբաժին ստանալով Չեռնոբիլի փրկարարական աշխատանքների ժամանակ՝ նա անձնուրաց աշխատում էր հայկական երկրաշարժի գոտում և չէր ուզում հեռանալ այնտեղից, թեև իրեն ավելի ու ավելի վատ էր զգում)։

Դեկտեմբերի 8-ին զանգահարեց Վեզիրովը՝ ադրբեջանցի կոմունիստների առաջնորդը։ Ասաց, որ գիտե ողբերգության մասին, ցավակցում է, բայց օգնություն չառաջարկեց։ Այնուհետև զանգահարեց Վրաստանի Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Լաբախուան։ Նրան ասել էին, որ Հայաստանը չի կարողանում ինքնուրույն գլուխ հանել և որ անհրաժեշտ է տեխնիկա և ընդհանրապես՝ ամեն տեսակ օգնություն։ Արդեն առավոտյան կողմ վրացական «շտապօգնության» մեքենաները սկսեցին վիրավորներին Թբիլիսի տեղափոխել։ Հետո հաղորդվեց, որ Վրաստանից օգնության եկող տեխնիկան լռվել է Ղուկասյանի լեռնանցքի ձնահյուսերում։ Ինչ-որ կերպ երկու էքսկավատոր էին բերել Լենինականի գերեզմանատուն և սկսել էին փոսեր փորել մարդկանց թաղելու համար։ 

Կարգադրվեց դադարեցնել հանրապետությունում բոլոր տեսակի շինարարական աշխատանքները, կազմավորել մեքենայացված շարասյուներ ամբարձիչներով, էքսկավատորներով, բուլդոզերներով՝ դրանք աղետի գոտի ուղարկելու նպատակով։ Երկու ժամ անց փրկարարների հավաքագրված բրիգադներն ու տեխնիկան հասան ողբերգության գոտի։ Այսպես և հենց այսպիսի պայմաններում են սկսվել փրկարարական աշխատանքները։ Շուտ էր մթնում, էլեկտրականություն չկար, մարդիկ խարույկներ էին վառում և շարունակում աշխատել ողջ գիշեր։ Ցուցում տրվեց նաև հանրապետությունում առկա բոլոր շարժական էլեկտրակայաններն ուղարկել աղետի գոտի։ Բայց նորանոր խնդիրներ էին ծագում: Օրինակ` դեկտեմբերի 7-8-ին, երբ փլատակների տակից հազարավոր մարդկանց մարմիններ էին հանվում, եղանակի ջերմաստիճանը դեռ դրական էր: Թաղումների հարց կար, հարկավոր էր խուսափել համաճարակից: Զոհվածներին տանում էին մարզադաշտ, լուսանկարում կրծքին կախված համարանիշով և միայն դրանից հետո թաղում: Դա արվում էր այն բանի համար, որ եթե հարազատները գտնվեն, կարողանան ճանաչել զոհվածին և գտնել գերեզմանը:  

Առաջին երեք օրերին փլատակների տակից հաջողվեց փրկել տասնյակ հազարավոր մարդկանց: Մնացած բոլոր օրերին փրկվածների թիվն ավելի քիչ էր, բացի այդ, նրանք շատ ծանր վիճակում էին գտնվում: Չորրորդ օրը, երբ զոհվածների հարազատները մի փոքր սթափվեցին, սկսեցին գրոհել Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման շտաբները և ամբարձիչներ, էքսկավատորներ պահանջել: Իհարկե, մարդկանց կարելի էր հասկանալ. փլատակների տակից նրանք լսում էին իրենց ողջ մնացած հարազատներին, բայց նրանց առանց տեխնիկայի անհնար էր դուրս բերել, թեև ձեռքով փլատակները մաքրելուց բոլորի ձեռքերն արնոտվելու աստիճան քրքրվել էին:

Դեկտեմբերի 7-ին արդեն Մոսկվայից գալիս է բարձրորակ բուժաշխատողների մի բրիգադ (98 մարդ)` դեղորայքով և բուժսարքավորումներով` առողջապահության նախարար Եվգենի Չազովի գլխավորությամբ: Վրաստանից իրենց դեղորայքով և սարքավորումներվ փութով եկած բժիշկները հենց առաջին գիշերը բացօթյա, ավտոմեքենաների լուսարձակների լույսի տակ սկսեցին անհետաձգելի վիրահատություններ կատարել: Այնուհետև սկսեցին բժիշկներ գալ նաև երկրի այլ քաղաքներից և արտասահմանից: Առաջին իսկ օրը, արդեն երեկոյան, ինքնաբերաբար, շրջանային ՊԱԿ-ի հիման վրա սկսեց գործել փրկության կոմիտեն: Հաջորդ օրը Երևանից, Աշտարակից, Հրազդանից եկած կամավորական ջոկատներն արդեն փորձում էին, որևէ տեխնիկական միջոց չունենալով, գտնել նախկին հիվանդանոցների և մանկական հաստատությունների տեղն ու մաքրել փլատակները: ԽՍՀՄ ՆԳՆ բարձրագույն դպրոցի` տագնապի ազդանշանով ոտքի հանված կուրսանտները օրուգիշեր ջանում էին կարգուկանոն հաստատել քաղաքում, կազմակերպել մարդկանց փլատակների տակից դուրսբերումը, ապահովել տուժածներին առաջին անհրաժեշտության առարկաներով:  

Փլատակները ձեռքերով մաքրում էին նաև մոտ 1.200 ժամկետային զինվորները (հետո նրանց թիվը հասավ մոտ 19 հազարի): Նրանք էլ հսկում էին օբյեկտները: Արժեքավոր իրերի պահպանմամբ զբաղվում էին ՊԱԿ աշխատակիցները: Զինվորական անասնաբույժները միայն Սպիտակում բաց արեցին սննդի 30 կետ և անհրաժեշտ սանիտարական վերահսկողություն սահմանեցին երկրի տարբեր վայրերից տարերայնորեն այստեղ եկող սննդամթերքի, այդ թվում և արագ փչացողների վրա: Սանիտարական անվտանգությանը հետևում էին ԽՍՀՄ առողջապահության նախարարության և ԽՍՀՄ պաշտպանության նախարարության ռազմաանասնաբուժական բաժնի համապատասխան ծառայությունները: Երկրաշարժի հետևանքով մեծ թվով անասուններ էին սատկել, ահռելի չափով բազմացել էին առնետները, վնասվել էին խմելու ջրի աղբյուրները. ահա այսպիսի պայմաններում Ռոստովից և Սարատովից եկած սանիտարական բրիգադները, փաստորեն, կանխեցին ժանտախտի բռնկումը:

Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովը ժամանեց երկրորդ օրը: Նրա ղեկավարությամբ Հայաստան սկսեցին թռչել «Անթեյ» ինքնաթիռները` Ռուսաստանից ծանր շինտեխնիկա բերելով: Հետո նա կարգադրեց, որ հանրապետություն ուղարկեն դագաղներ, ինչի արդյունքում Կուբանում դագաղների զանգվածային արտադրություն սկսվեց: Հետագայում տեխնիկա սկսեց մատակարարվել նաև այլ երկրներից: Օրինակ` Գերմանիան միանգամից 18 հատ 100 տոննանոց «Լիբհեր» նմուշի ամբարձիչներ ուղարկեց: Տեխնիկան ուղարկում էին դպրոցներում, մանկապարտեզներում, հիվանդանոցներում փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար: Դպրոցի բակում զոհված երեխաների դիակներ էին` գուլպաներով, փոշու մեջ կորած դեմքերով: Անհնար էր նայել այս տեսարանին...

30-40 օրվա ընթացքում փլատակների տակից հանվեցին գրեթե բոլոր ողջ մնացածները, և արդեն առաջ եկավ վերականգնողական աշխատանքների համար ԽՍՀՄ 14 հանրապետություններից շինարարական ստորաբաժանումներ Հայաստան տեղափոխելու հարցերի լուծման անհրաժեշտությունը: Դա, իհարկե, հեշտ չէր. կարճ ժամկետում լուծել այդ հարցերը, ինչպես նաև կազմել քաղաքների, ավանների, գյուղերի հատակագծերը: Հեշտ չէր նաև նրանց ապահովել տեղական շինանյութերով, բեռնաթափման բազաներով և այլն: Օբյեկտիվ դժվարություններին գումարվում էին նաև սուբյեկտիվները: Ադրբեջանն սկսեց խափանել բեռների փոխադրումը, իսկ ցեմենտը գալիս էր ջրով խառնված ու փչացած վիճակում: Հետո Ադրբեջանում սկսեցին պահել նաև սննդամթերքը, այնպես, որ դրանք հասցնեին փչանալ: Եվ շուտով ընդհանրապես դադարեց այլ երկրներից Ադրբեջանի տարածքով հումանիտար օգնություն բերող գնացքների երթևեկը:

 

***

Դեկտեմբերի 9-ը և 10-ը Հայաստանում սգո օրեր հայտարարվեցին: Դեկտեմբերի 10-ին սգո օր էր ողջ երկրում: Հրապարակվեց ԽՄԿԿ Կենտկոմի, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության և Նախարարների խորհրդի հաղորդումը. «... Հայկական ԽՍՀ մի շարք շրջաններում տեղի է ունեցել երկրաշարժ` ողբերգական մեծ հետևանքներով: Ցնցումների ուժը էպիկենտրոնում, Լենինական քաղաքի շրջանում, կազմել է ավելի քան 10 բալ... Տարերային աղետն ընդգրկել է ավելի քան 800 հազար բնակչություն ունեցող տարածք: Կան հազարավոր զոհվածներ, տասնյակ հազարավոր վիրավորներ, հարյուր հազարավոր մարդիկ անօթևան են մնացել... Լենինականում փլվել է բնակելի, ծառայողական և արտադրական շինությունների ավելի քան 80%-ը: Ամբողջովին ավերվել են 120 շենք: Բոլոր մասնավոր 11.000 տները վնասվել են կամ մասամբ ավերվել... Գրեթե ամբողջովին ավերվել են Սպիտակ քաղաքը և Սպիտակի շրջանի գյուղերի մեծամասնությունը... Ամենուրեք վնասված են ճանապարհները, երկաթուղին, շարքից դուրս են եկել էներգաապահովման, հեռախոսակապի, ճանապարհային և հաղորդակցային տնտեսության օբյեկտները...

ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի հանձնաժողովը... անհապաղ միջոցներ է ձեռնարկում...»:    

1988թ. դեկտեմբերի 9-ի գիշերը մանր ձյուն սկսվեց և իր ուրախ ամանորյա պտույտով ուրվագծեց երկրի իռացիոնալ տեսարանը, որի մեկ երրորդն ընկճվել էր երկրաշարժից: Ավելի քան երեք հարյուր քաղաքներ ու գյուղեր, բնակելի տներ, դպրոցներ, հիվանդանոցներ, ճանապարհներ, արտադրական համալիրներ, կամուրջներ, օդանավակայաններ, կապն Արթիկից մինչև Ղուկասյան, Ալավերդիից Ստեփանավան նման էր հսկայական պապակված ենթակառուցվածքի փշրանքների, որի տակ էին մնացել զոհված մարդիկ ու նոր, մահացու ցնցումների հավանականությունը: Իսկ տուժած ամբողջ տարածքում` փոշեխյուսի վերածված շինություններ, լաց, դագաղներ, տարերքից ու վշտից խեղված մարդիկ: Դեռևս ողջ մարդկանց էին գտնում այն ժամանակ, երբ արդեն նախագծողները, հատակագծողները, տնտեսագետները, կոնստրուկտորները սկսեցին պլանավորել ու նախագծել վերականգնողական աշխատանքները: Թվում էր` անհնար է հաղթահարել երկրի հյուսիսը պատուհասած սարսափը և գոնե փոքրիշատե բանական կարգուկանոն մտցնել այդ հիմնահատակ ընկճված քաղաքներում, գյուղերում ու մարդկային ճակատագրերում: Հեծեծանքի, խուճապի, վշտի, այդ, թվում է` անսահման սարսափի մեջ սկսվեց վեճը վերականգնողական աշխատանքների նկատմամբ սկզբունքային մոտեցման շուրջ. ինչը նորոգել առաջին հերթին` բնակելինե՞րը, թե՞ արտադրությունը:

Ժամանակավոր տնակները հենց այդպես էլ դիտարկվում էին` որպես ժամանակավոր տնակներ: ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի և ԽՍՀՄ Նախարարների խորհրդի որոշումներով և հատկացված միջոցներով ենթադրվում էր վերականգնել աղետի գոտին երկու-երեք տարվա ընթացքում: Վերականգնման ծրագրում նախապատվությունը տրվեց բնակելիներին. մարդկանց անհրաժեշտ է օթևան տալ, իսկ հետո արդեն` աշխատանք,- հնչում էր բոլոր մակարդակների խորհրդակցություններում... Հազարավոր մասնագետներ եկել էին Հայաստան իրենց շինանյութերով, շինտեխնիկայով ու սննդով, նրանք անմիջապես աշխատանքի անցան, հենց որ նրանց գնացքները տեղավորվեցին ինչ-որ տեղ` Լենինականի մոտ կամ Կիրովականում: Բերնեբերան բեռնված էշելոնները, ավտոշարասյուները և բեռնատար ինքնաթիռները կիսաքանդ Հայաստան էին բերում հարյուր միլիոնավոր ռուբլի արժողության ոչ միայն կյանքի և վերականգնողական աշխատանքների համար անհրաժեշտ ամեն բան, այլև մարդկային սեր, կարեկցանք, սրտակցություն... Կյանքը երկրի այս քարուքանդ հատվածում համընդհանուր ջանքերով կարգավորվում էր և համեմատաբար բանական ընթացք ստանում: 

Աղետից հետո շաբաթներ ու ամիսներ շարունակ հումանիտար օգնություն էր գալիս: Գալիս էր տրանսպորտային բոլոր ուղիներով, 44 երկրից միայն 346 ինքնաթիռ էր ժամանել: Ավելի քան 33 երկրներից ֆինանսական օգնություն էին տրամադրել կառավարությունները, ընկերությունները, տարբեր միավորումները, մասնավոր բարերարները, էլ չենք խոսում արտասահմանում հայ սփյուռքի մասին. այն կազմում էր միլիոնավոր, տասնյակ, երբեմն նաև հարյուր միլիոնավոր դոլարներ, ֆունտ ստեռլինգ, մարկ, իեն, կրոն, միլիարդների հասնող իտալական լիրա: Միայն ԱՄՆ-ում հարյուր միլիոնավոր դոլարներ հավաքեցին:

 

***

Բայց արդեն գարնանը ՀՀՇ էմիսարները որոշեցին դիմել քաղաքական խարդախության, որը հետագայում դարձրին հայրենակիցներին կառավարելու նորմ: «Մեր տունը մենք պետք է կառուցենք»,- հնչում էին ազգային առաջնորդների հայտարարությունները, որոնք քաղաքական շահարկումների առարկա էին դարձրել անգամ մեծ ցնցում ապրած մարդկանց ճակատագրերը: Ռուսներին, էստոնացիներին, ղազախներին, բելոռուսներին տառացիորեն քշում էին Հայաստանից, որպեսզի «իրենք կառուցեին իրենց տունը»...

Ո՞վ մնաց սառած շինհրապարակներում` գոտու բնակիչների համար տանջալիորեն երկար տարիներին, այն բանից հետո, երբ նրանց լքեցին եկվոր շինարարները: Ոչ ոք: ՀՀՇ-ական վարչակարգն օրհնեց աղետի գոտու շինհրապարակներում կենտրոնացած վիթխարածավալ նյութական արժեքների ու տեխնիկայի թալանը և առանձնատների շինարարությունը (մասամբ աղետի գոտու ճակատագրով խեղված բնակչության ձեռքից խլվածի և թալանվածի հաշվին): Դժվար է բացատրություն գտնել, բայց փաստը փաստ է մնում. ՀՀՇ հակաժողովրդական գործողությունների պատկառելի ցանկում հազվադեպ է հիշատակվում հանցագործ անգործունությունն աղետի գոտում: Օրհնելով կողոպուտն ու թալանն այն ամենի, ինչ կարելի էր վաճառել կամ յուրացնել, նրանք խորապես մոռացան հազարավոր մադկանց մասին, ովքեր չէին հասցրել սթափվել սարսափից և դատապարտված էին ողորմելի գոյություն պահպանել աղքատիկ տնակներում:   

Որքան էլ տարօրինակ է, Հայաստանի առաջին նախագահը, հավանաբար շատ զբաղված լինելու պատճառով, բարեհաճեց Շիրակի, ի դեպ` նաև ողջ երկրի, աղետյալ կենտրոն` Գյումրի այցելել ընդամենը 1996թ.: Քաղաքի բնակիչները, բնականաբար, առ այսօր հիանալի հիշում են այդ պատմական իրադարձությունը և Լևոն Տեր-Պետրոսյանի տված խոստումը այցի ժամանակ. «2000թ. աղետի գոտի հասկացությունն այլևս չի լինի»:

Բայց այդ ժամանակ հանրապետության բնակչությունը վաղուց արդեն դադարել էր հավատալ նրան, եթե չասենք ավելին: Այն հանգամանքը, որ պետության ղեկավարը հարկ համարեց ավերված Գյումրի` հանրապետության երկրորդ քաղաք այցելել ընդամենը նախագահական նախընտրական քարոզարշավի համատեքստում, և ոչ ավելին, միայն խորացնում էր առանց այդ էլ ուշացած միջոցառման ցինիզմը: Տասը տարի նորածինները սովորում էին քայլել, ապրել այնպիսի պայմաններում, որոնք շատ նման էին գետտոյի, իսկ նրանք մի քանի տարվա բյուջեից հանել էին գոտու վերականգնման ֆինանսավորումը նախատեսող հոդվածը:

 

***

ՀՀՇ-ական վարչակարգի անկումից հետո երկրի բյուջեն էական փոփոխություններ չկրեց, բայց վերաբերմունքը գոտու նկատմամբ արմատապես փոխվեց: Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալով սկսվեցին հանրապետության երկրորդ քաղաքի թվով արդեն ութերորդ հատակագծի մշակումները` արված առավելագույն ժողովրդագրական ցուցանիշի` 250.000 մարդու հաշվարկով: Հատկանշական է, որ առաջին հատակագիծը կազմել են ռուս ճարտարապետները դեռ 1837թ.: Մինչև հեղափոխությունը ևս երկու հատակագիծ է կազմվել, ինչը վկայում է սահմանամերձ Ալեքսանդրապոլի բավական ինտենսիվ զարգացման մասին: Չորրորդ հատակագծի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված էր 1926թ. երկրաշարժով (հետագայում` դարակեսին, այն վերախմբագրվեց). դա թվով հինգերորդն էր: Սպիտակի ցնցումներից անմիջապես առաջ կազմվել էր քաղաքի վեցերորդ հատակագիծը: 1988թ. դեկտեմբերի 7-ից հետո արդեն առաջ եկավ նոր հատակագծի մշակման անհրաժեշտությունը, որը ստեղծվում էր հապճեպ և, մասնագետների կարծիքով, լի էր սխալներով: Ուստի, ըստ էության, առաջ եկավ ութերորդ գլխավոր հատակագծի մշակման անհրաժեշտությունը:

Ո՞րն է վերջին հատակագծի գլխավոր տարբերությունը նախավերջինից: Մինչև աղետը քաղաքաշինական հայեցակարգը ենթադրում էր հին քաղաքի կոնսերվացումը առկա կառուցված տարածքում` Մեծ Գյումրիի մեջ մտնող քաղաք-արբանյակների շինարարության (անհրաժեշտության դեպքում) հեռանկարով` երեք ուղղություններով (Ախուրյան, Բենիամին, Արևիկ): Երկրաշարժն ամեն ինչ փոխեց: Գորբաչովի` երկու տարում աղետի գոտու վերականգնման հանձնարարականն այլ մոտեցումներ ու լուծումներ էր պահանջում:

Բացի այդ, շինարարների բանակը ռելիեֆ ունեցող տեղանքում աշխատելու փորձ չուներ: Այլ միայն հարթավայրային լանդշաֆտի: Ուստի և միութենական և հանրապետական իշխանություններն ու մասնագետները հայացքներն ուղղեցին Գյումրիից հյուսիս ընկած տարածքին` դեպի բարեբեր հողեր: Առանձին մասնագետների` ընդդիմախոսներին տարհամոզելու փորձերն ապարդյուն էին, թեև որոշ փաստարկներ (լենինականյան խորհրդակցությունում) ողջամիտ էին թվում Նիկոլայ Ռիժկովին: Ինչ-որ պահի կարծես թե որոշեցին հետաձգել, շեշտը դնել Վանաձորի վրա, որպեսզի ավելի հանգամանալի անդրադառնան Գյումրիի զարգացման ուղղություններին: Բայց հետո վերադարձան հյուսիսային տարբերակին: 

Ինչո՞վ էր այն այդքան վատ: Նախ` առանց այդ էլ սակավաթիվ հողահանդակների պարագայում 1000 հա սևահող անվերադարձ կորավ: Երկրորդ` պարզվեց, որ սևահողի տակ կավային բնահող կա, որը չափազանց վտանգավոր է երկրաշարժերի ժամանակ. այն վերածվում է ցեխի ու սորում տարբեր ուղղություններով: Եվ այստեղ կառուցելը և´ նպատակահարմար չէ, և´ թանկ է: Բայց ընտրությունն արդեն կատարված էր: Մինչև Միության փլուզումը այս ուղղությամբ հողային աշխատանքները 30%-ով կատարված էին: Եվ եթե ԽՍՀՄ-ը դիմանար ևս հինգ տարի, հնարավոր է` շատ շենքեր կհասցնեին ավարտել: Բայց այն ժամանակ, ծայրամասերում ոչ այնքան հուսալի շինություններին զուգահեռ, մենք ունեինք նաև հին Գյումրիի խնդիրը` դեռ փլատակներից չմաքրված և վթարային տներով: 

Ութերորդ հատակագծի մշակումն սկսվեց 2000թ.` սեյսմիկ բնույթի փնտրտուքներով: Ներկա իրողության մեջ երկրաշարժեր «բալայնություն» հասկացությունը շինարարությունում փոխարինվում է «գրունտի արագացում սեյսմիկ ազդեցության պարագայում» տերմինով: Այն չափվում է «դ» գործակցով, և որքան այն ցածր է մեկից, այնքան նպատակահարմար է կառուցել: Հետազոտությունները ցույց տվեցին, որ քաղաքը հիմնվել է խիստ վտանգավոր վայրում, որտեղ այդ գործակիցը տատանվում է 0,37-ի և 0,50-ի սահմաններում: Իսկ դա նշանակում է, որ հարկավոր է կտրուկ իջեցնել հարկերի թիվը շինարարության մեջ: Ոչ ավելի, քան երեք հարկ, իսկ կենտրոնում` երեքն էլ շատ է: 

 

***

Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո վերաբերմունքը գոտու նկատմամբ փոխվեց: Նախ` 2001թ. բյուջեում դրա վերականգնմանն ուղղվեց 3,5 մրդ դրամ. գումարն, իհարկե, չնչին էր, բայց այնուամենայնիվ...

Բյուջեի սղությունը` շատ բանով թելադրված 50 մլրդ ներքին հսկայական պարտքով, որ նույնպես ժառանգվել էր ՀՀՇ կառավարման տարիներից, ոչ միայն կոմպենսացվում, այլև զգալիորեն լրացվում էր «Լինսի», «Կարեն և Ջոն Հանսման», «Հայաստան» հիմնադրամների խիստ պատկառելի բազմամիլիոն ներդրումներով, սոցիալական ներդրումներով...

2002թ. նոյեմբերի 15-ը հազվադեպ ոգեշունչ օրերից էր: Պաթոսն առկա էր ամեն ինչում: Արևի սկավառակը տարվա այդ շրջանի համար անսովոր բարձրում էր, երկինքը կապույտ էր, ինչպես լազուրիտը, օդը` թափանցիկ` բյուրեղի նման: Հայրենի լեռնաշխարհի ծանոթ ռելիեֆը երևում էր զարմանալիորեն հստակ գծերով և իր գոտիական արտացոլմամբ իրար հերթագայող տարածքային խորքում ի ցույց էր դնում վեց-յոթ պլան: Հետին պլանում Արագածի ձյունե գագաթն էր գերշխում:

Մեռնող, բայց, որպես կանոն, միշտ հարություն առնող Արա Գեղեցիկի աստվածային պատկերն այս պարագայում էլ հավատարիմ էր իր բնույթին, ինչով էլ, ըստ էության, պայմանավորված էր այն, որ Արագած սարը շրջանցող ճամփորդները հրաշք են ակնկալել: Հայոց հողը քիչ հրաշքներ չգիտի: Ընդ որում` ոչ միայն հեթանոսական, այլև ժամանակակից:

Ուրիշ ինչ, եթե ոչ հրաշք կանվանես այն, որ Սպիտակի երկրաշարժի գոտու բնակիչները կարողանում են տարիներ շարունակ ապրել ցուրտ, մութ, խոնավ բարաքներում և դրանով հանդերձ չեն կորցնում հավատը կյանքի հանդեպ: Ընտանիք են կազմում, երեխաներ են դաստիարակում, արժանավոր ապագայի ծրագրեր են կազմում: Շատերը, հայտնի բան է, մինչ օրս այլ կերպ, քան գոտի չեն անվանում հանրապետության ի քանի վայրկյանում ավերված հյուսիս-արևմուտքը:

Ինչպես, եթե ոչ հրեշավոր պետք է անվանել հայրենական իշխանությունների գրեթե 10-ամյա անտարբերությունը գոտու անօթևան մնացած բնակչության կարիքների ու խնդիրների նկատմամբ: Շատերը մինչ օրս պաշտոնական անտարբերության այդքան երկար ժամանակաշրջանն անվանում են հայոց պետականության կործանում: Ես այն կանվանեմ պաշտոնական փարիսեցիություն, ինչից, ըստ հնագույն ազգային ավանդության, միևնույն է` վերածնվում է Հավատը:

Նոյեմբերի 15-ի օրը հիասքանչ էր: Սպիտակում և Գյումրիում տոն էր: Ամենաիսկական տոն: Ժողովրդական հանդիսությունների ինքնատիպ համադրություն, որոնք այստեղ չէին եղել Երրորդ հանրապետության զարգացման ողջ շրջանում: Հեթանոսական շուրջպարեր և երգասացություններ` գումարած պետական հիմներ և պաշտոնական ելույթներ: Նոյեմբերի 15-ին գոտում շահագործման էր հանձնվում հավատը պետականության նկատմամբ:

Հայաստանի քաղաքական-վարչական քարտեզից պատմության աղբանոց էին նետվում բարաքների մի քանի հազար քառակուսի մետրեր ևս` իրենց տեղը զիջելով տաք ու գեղեցիկ հարդարված, ընդարձակ բնակարաններով ամուր շենքերին: Այժմ գովերգվող խորհրդային ժամանակներում նման տներ կառուցվում էին, մտաբերում եմ, միայն հատուկ պատվերով, առանձնապես հարգարժան մարդկանց համար: Նոյեմբերի 15-ին գոտու բնակիչներն իրենց իսկապես  առանձնահատուկ հարգված մարդիկ զգացին. ավելի քան հինգ հարյուր նոր բնակարաններ (275-ը` Սպիտակում և 230-ը` Գյումրիում) գտան իրենց տերերին: Այդ ժամանակ էլ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց. «2003թ. վերջին «Աղետի գոտի» հասկացությանը վերջ կտրվի»:

 

***

Իհարկե, կարճատեսություն կամ խիստ կանխակալ կլինի Ռոբերտ Քոչարյանին Լևոն Տեր-Պետրոսյանի հետ համեմատելը: Հզոր թափ ստացած շինարարությունը, որի ականատեսն էինք մենք բոլորս, տարեցտարի ավելի էր ընդլայնվում: Հայաստանի երկրորդ նախագահը նույնպես չդիմացավ և խոստացավ վերջ տալ գոտի հասկացությանը, բայց արդեն 2003թ.: Սակայն ի վիճակի՞ էր արդյոք միայն բնակշինարարությունը մեկընդմիշտ վերջ դնել այդ սարսափելի հասկացությանը:

«Աղետի գոտին» միայն քաղաքական հասկացություն չէ: Անգամ միայն տնտեսական էլ չէ, այլ նաև հավասար չափով նաև հոգեբանական: Այն իրոք իրենց նշանակությամբ հավասարազոր քաղաքական, տնտեսական, սոցիալական և հոգեբանական գործոնների համադրությունն է: Հայտնի հակասությունների կոնգլոմերատ լինելով` այդ հասկացությունը հայեցակարգային մոտեցում է պահանջում` ամբողջական ու համընդգրկուն վերլուծական նյութի հենքին:

Եթե անգամ հարցը դիտարկվի միայն շինաշխատանքների շրջանակներում, ապա այդ դեպքում Ռոբերտ Քոչարյանի նշած ժամկետը, միևնույն է, իրական լինել չէր կարող, հատկապես այն 9 հազար ընտանիքների ֆոնին, որոնք շարունակում էին գոյությունը «քարշ տալ» վագոն-տնակներում: Երկրորդ նախագահի կառավարման տարիներին միայն Գյումրիում տարեկան միջինը շահագործման էին հանձնվում մոտ 2.500 բնակարաններ: Բնականաբար, դա քիչ չէր: Բայց խոսել այն մասին, թե առկա են մինչև 2004թ. բոլոր կարիքավորներին բնակարանով ապահովելու իրական նախապայմանները, սկզբից ևեթ այնքան էլ արդարացված խոստում չէր: Սա` միայն բնակարանային խնդրի հետ կապված: Բայց չէ՞ որ կա նաև և օրեցօր ավելի հրատապ է դառնում գոտու կարևորագույն խնդիրը` բնակչության զբաղվածության հարցը: Նշված ժամկետում սույն խնդիրը լուծելը պարզապես անհնար էր:   

Այսօր քաղաքի բնակիչները նախազգուշացնում են Հայաստանի արդեն երրորդ ղեկավարին, որ օրացույցի հետ կապված որևէ կանխատեսում չանի: Եվ դա անում են շատ յուրովի, իրենց հատուկ համուհոտով. «Կոնկրետ ժամկետներ նշելը ինչ-որ ժամանակից սկսած վատ նշան է դարձել: Ժամկետ նշեց Միխայիլ Գորբաչովն ու գահընկեց եղավ: Ժամկետ դրեց Լևոն Տեր-Պետրոսյանն ու նույնպես զրկվեց իշխանությունից»:

Լենինականում սիրում էին կատակել ու միշտ են կատակել: Անկախ ամեն ինչից` քաղաքն այսօր էլ հայկական հումորի մայրաքաղաքն է: Զարմանալի խոսքեր ունեն. «Լևոնի վախտով քննադատության սուբյեկտ կար (ինքն էր, որ կար), Ռոբերտի վախտով` քննադատության օբյեկտ (շենքները)»: Պարզ ու հստակ և ամեն ինչ ասող: Բնականաբար, այլ ասույթներ էլ կան. «1998թ. փետրվարին Ռոբերտ Քոչարյանը աղետի գոտու հետ կապված պետական հեղաշրջում կատարեց իշխանությունների գիտակցության մեջ»:

Ինչ վերաբերում է հեղաշրջմանը, ապա Գյումրին հեղաշրջում չի ուզում: Այն հեղափոխություն է պահանջում: Իսկական: Որ ի վիճակի լինի շոշափել ըստ էության միասնական խնդրի բոլոր կողմերը: Թերևս, անցյալում հայկական քաղաքներից ամենահամուհոտովն այդ իրավունքը լիովին ունի:  

Գյումրիի ներկայիս համուհոտը որոշվում է առաջին հերթին ամբարձիչների մեծաթվությամբ ու շինարարական փոշով: Մայրաքաղաքի բարի ընդդիմությունը պնդում է, որ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ «աչքին թոզ փչել»: Բայց գոտում այլ կերպ են մտածում. «Թող նման «թոզ փչեին» 10 տարի առաջ, մեկ էլ տեսար գործարանները կաշխատեին»:

Իհարկե, շատ ժամանակ է իզուր վատնվել: Այսօր իրականացվում է այն, ինչ պետք է վաղուց արդեն ավարտված լիներ: Սակայն բաց թողնված ժամանակի հետևից ընկնելն էլ ճիշտ չէ: Անգամ եթե հաշվի առնենք շինարարության ներկայիս տեմպերը, գոտին դեռևս երկար կմնա իբրև այդպիսին: Ցանկության դեպքում հասկացությունը կարելի է արխիվ ուղարկել, բայց էությունը դրանից չի փոխվի: Ինչ-որ ժամկետներ նշել կարող է իրեն թույլ տալ միայն շատ ուժեղ ու կազմակերպված պետության (որի շրջաններից մեկը տարերային աղետի է ենթարկվել) ղեկավարը...  

Պատկերացնելով ներկայիս Գյումրիի կյանքի ողջ մղձավանջը` միևնույն ժամանակ չեմ կարծում, թե Գորիսում, օրինակ, շատ ավելի լավ է: Մենք առայժմ շատ թույլ երկիր ունենք, որտեղ «աղետյալ» համարվելու համար բոլորովին էլ պարտադիր չէ ապրել աղետի գոտում: Հայաստանի բնակչության մեծամասնությունը ողորմելի ու անարժան գոյություն է քարշ տալիս:

Գյումրեցի Ալբերտ Հակոբյանն այսօր արդեն ապրում է Կոշտոյան փողոցում գտնվող իր գեղեցիկ նորոգված բնակարանում: Շենքն ամրացվել և վերակառուցվել է «Լինսի» հիմնադրամի միջոցներով ու շատ տպավորիչ տեսք ունի: Ավելի քան 13 տարի կնոջ և որդու հետ միասին նա հարկադրված էր ապրել խոնավ ինքնակառույցում` իր փլուզված տան հարևանությամբ: Մինչև երկրաշարժը ընտանիքը զբաղեցնում էր 4-րդ հարկի մեկսենյականոց մի բնակարան: Այսօր բնակարանը չես ճանաչի. և´ շինարարության որակը, և´ հարդարանքը, իսկապես, տպավորիչ են: Ինքը գոհ է, բայց կինն այլ կերպ է տրամադրված. «Ինչի՞ս է պետք մեկսենյականոցը: 13 տարվա ընթացքում տղաս մեծացել է, և ժամանակն է, որ ամուսնանա: Ի՞նչ ենք անելու մեկսենյականոցը: Մենք այստեղ չենք տեղավորվի: Մինչև 1988թ. մեր ընտանիքը հերթագրված էր, և չլիներ երկրաշարժը, վաղուց արդեն նոր բնակարան կունենայինք»:

Փորձում եմ բացատրել, որ այդպես չէ: Որ ես էլ հերթագրված էի Երևանում բնակարան ստանալու համար, սակայն չստացա ԽՍՀՄ փլուզման, բայց ոչ երբեք Սպիտակի երկրաշարժի պատճառով: Իզուր...

 

***

Պատմությանը հարմար էր, որ աղետը տեղի ունենար հենց 1988թ.: Դրանով է, հավանաբար, բացատրվում նրա իրական հետևանքների ոչ այնքան համարժեք ընկալումը: Մենք, բնականաբար, նկատի չունենք մարդկային զոհերը: Սա, հասկանալի է, հատուկ դեպք է և կապված չէ այս կամ այն ժամանակային միջակայքի հետ: Բայց միևնույն ժամանակ, ավերված արտադրական ենթակառուցվածքների (մասնավորապես Գյումրիում) համատեքստում, թվում է, թե հենց 1988-ն էր «անհարմար» ժամանակահատվածը տնտեսական վնասի իրական մասշտաբները որոշելու համար: Հազիվ թե արժե վիճարկել այն միտքը, թե դեկտեմբերի 7-ին փլուզվեց այն, ինչ կրկին պատմության կամոք փլուզվելու էր երկու տարի հետո: Ակնհայտ է, որ ԽՍՀՄ փլուզմանը լրիվ համապատասխան` վերացավ նաև միասնական տնտեսական, իրավական և դրամախնայողական համակարգը: Արտադրությունը չէր գործում ողջ Հայաստանում, և հազիվ թե իմաստ ունի մտածել, թե տնտեսական կաթվածի պայմաններում Գյումրիի գործարաններն ու ֆաբրիկաները, անգամ եթե պահպանվեին էլ, կարողանային արտադրանք թողարկել: Սրանում է, ըստ էության, «գոտի» հասկացության ընկալման հոգեբանական բաղադիչի վեկտորը:     

Աղետների բնական-տարերային (մի կողմից) և քաղաքական-տնտեսական (մյուս կողմից) ժամանակագրական դասավորվածությունն է այսօր որոշում գոտու բազմաթիվ բնակիչների գիտակցությունը և նրանց կողմնորոշում դեպի ամենաճիշտ ընկալումը: Բայց իշխանությունների 10-ամյա անտարբերությունից հոգնատանջ մարդիկ, հավանաբար, իրավունք ունեն առանձին վրիպումների, ինչը բոլորովին էլ պակաս հրատապ չի դարձնում գԳոտում հոգեբանական ծառայությունների գործառնությունը: Միևնույն ժամանակ, զարմացնում է մեր զրուցակիցների հետևությունների փաստարկվածությունն ու հիմնավորվածությունը: Այսօր միակը, ով սխալվելու իրավունք չունի, պաշտոնական իշխանությունն է:

Գոտին, իրոք, իր հանդեպ ավելի լայնամասշտաբ և կշռադատված մոտեցում (հայեցակարգ) է պահանջում` հենված առաջին հերթին արտադրական ոլորտում ներդրումներ անելու վրա: Դա ենթադրում է հատուկ տնտեսական գոտու կարգավիճակ` համապատասխան հարկային դաշտով, որը կոչված է ապահովել այնպիսի ֆինանսական ներդրումներ, ինչպիսին, օրինակ, այսօր տեսնում ենք Արցախում: Գյումրեցիներն այս առիթով ասում են. «Ամուր տներ մենք միայն երազում ենք տեսել: Իսկ հարթմնի մեր աչքին գործարաններ ու ֆաբրիկաներ էին երևում»: 

Յուրաքանչյուր աղետ իր լեգենդն ունի: Սպիտակի աղետալի երկրաշարժի լեգենդը, ինչպես վերը նկատեցինք, դարձավ դրա արհեստական բնույթի մասին առասպելը: Շատերն իսկապես հավատացած էին, որ ցնցումները խորհրդային ղեկավարության ձեռքի գործն էին` նպատակ ունենալով լռեցնել հայերին...

Բայց հայերը չլռեցին: Համենայնդեպս` այն ժամանակ...

 

***

Հետագա քսան տարիների ընթացքում հայ հասարակությունը հրեշավոր փոխակերպման ենթարկվեց, որի ծավալները համադրելի են առնվազն այդ նույն երկրաշարժի ժամանակ երկրակեղևի կրած ձևախեղմանը: Թվացյալ ազատականության ալիքին աճած նոր դարաշրջանի նոր հերոսները, հիմնականում` թերուս անձինք, հանրային կարծիքի մեջ այնպես խեղաթյուրեցին «անկախ պետականություն» հասկացությունը, որ երկրաշարժի գոտու բնակչության բացարձակ մեծամասնությունը կրկին դեմքով շրջվեց դեպի սոցիալիստական անցյալը:

Հին Ալեքսանդրապոլի հիասքանչ անկյուններից մեկում վեր է խոյանում դեռևս 1898թ. կառուցված գարեջրի գործարանը: Հին ու կոկիկ այս կառույցը, իհարկե, դիմակայեց սեյսմիկ ցնցումների ահեղ ուժին, որոնք այս քաղաքում միշտ էլ քիչ չեն եղել: Բայց վերջին տարիներին շենքը մի փոքր վերափոխվել է: Նրա ճակատամասն այսուհետ զարդարելու է հանրահայտ գործարանի ներկայիս տիրոջ` «Օրինաց երկրից» նախկին խորհրդարանական Սամվել Բալասանյանի արձանը: «Իրեն` սիրելիին» ինքնահռչակ պաշտամունքի առարկայի վերածելն էլ հենց, հավանաբար, արտացոլում է երկիրը և մասնավորապես այս դժբախտ քաղաքը պատուհասած արժեքային փոխակերպման ծավալները:

Քսան տարի առաջ ամենահիվանդ երևակայությունն անգամ չէր կարող պատկերացնել, որ Գյումրի քաղաքում նման արձան կհայտնվի: Ընդ որում` այս հանդգնությունը խիստ ներդաշնակորեն ներգրվել է արդի պատմության անտարբեր օրվա համատեքստում: Համենայնդեպս, ոչ մեկի մտքով չանցավ փտած խնձորներ շպրտել պատգամավորի վրա, ինչպես ժամանակին արեցին Գորբաչովի կամ Դեմիրճյանի հետ:

1988թ. ոչ ոք չէր էլ կարող ենթադրել, թե ընդամենը տասը տարի անց այդ նույն Գյումրիի քաղաքացիները նախագահական ընտրություններում նախապատվությունը կտան Կարեն Դեմիրճյանին` մի մարդու, ով «դեմ էր Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանը և անձնական պատասխանատվություն էր կրում քաղաքի աղետալի ավերածությունների համար»: Սակայն, ամեն ինչ հենց այդպես էլ տեղի է ունեցել, չնայած անգամ այն բանին, որ Խորհրդային Հայաստանի առաջնորդի ախոյանը Ղարաբաղյան պատերազմի հերոսն էր:

Եկավ ժամանակը, երբ հայերն ի վերջո լռեցին...

Share    



Գնահատում

Ինչպե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am