Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Բանավեճեր

Բանավեճեր
Դեկտեմբեր 2008, N 9

ՀԵՐԱԼԴԻԿ ՀԵՐԲԱՐԻՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՆՔԻՆ

Հայկ Վարշամունի, հրապարակախոս

Պետական սիմվոլիկայի փոփոխության գործընթացը բոլորովին էլ սիմվոլիկ բարեփոխում չի նշանակում, քանի որ տվյալ պետության հասարակական-քաղաքական կյանքում առաջին հերթին ենթադրում է սկզբունքայնորեն նոր գործոնի առկայություն, որը որոշում է ամենաբարձր մակարդակով և հաճախ նրա կողմից նախաձեռնվող նման որոշման անխուսափելիությունը:

Միանգամայն բնական հարց է ծագում. արմատական ի՞նչ նոր իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում, որն արդյունքում պայմանավորել է հանրապետության պետական օրհներգը փոխելու անհրաժեշտությունը: Ավելին, այս ձեռնարկման արհեստականության հետևանքը չէ՞ արդյոք դրա անփառունակ պատմությունը:

 

***

2006թ. մայիսի 4-ին Հայաստանի վարչապես Անդրանիկ Մարգարյանի նախագահությամբ հաստատվեց հանրապետության նոր օրհներգի տեքստի և երաժշտության ընտրության մրցութային հանձնաժողովի կազմը: Հանձնաժողովի անդամներն էին պատկառելի և խիստ հարգված անձինք` այժմ արդեն հանգուցյալ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը, Հայաստանի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանը, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանը: Սակայն անգամ այսքան պատկառելի խումբը չկարողացավ վերջնական որոշում կայացնել: Հավանաբար, բանը նրանց մեջ չէր:

Հազիվ թե արժե կասկածել այն բանում, որ պետական խորհրդանիշների այս կամ այն ատրիբուտի փոփոխությունը, որպես կանոն, հեղափոխական վերափոխում է հանդիսանում և գերազանցապես կապվում է`

ա. նոր քաղաքական գծի (կամ կարգի) հռչակման,

բ. պետական (կամ ազգային) շահերի գոտու պաշտոնական ամրագրման-ուղղման կամ շրջագծման,

գ. տվյալ երկրի ղեկավարի հավակնությունների հետ:

Բայց հարցը հենց հայ հասարակական-քաղաքական կյանքում նման գործոնների առկայությունն է: Կայի՞ն արդյոք այդ գործոնները:

Հանձնաժողովն ընդամենը 85 հայտ ստացավ, որոնցից հինգ ստեղծագործություն ընտրվեց երկրորդ փուլին մասնակցելու համար. դրանց հեղինակներն էին կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը (խոսք` Եղիշե Չարենցի), Երվանդ Երզնկյանը (խոսք` Ռազմիկ Դավոյանի), Ռոբերտ Ամիրխանյանը (խոսք` Լյուդվիգ Դուրյանի), Էդգար Հովհաննիսյանը (խոսք` Վահագն Դավթյանի) և Հայկական ԽՍՀ հիմնի հեղինակ Արամ Խաչատրյանը` Արսեն Սողոմոնյանի նոր տեքստով: Ենթադրվում էր, որ սեպտեմբերի 21-ին` Անկախության օրը, արդեն կհնչի նոր օրհներգը: Բայց այդպես չեղավ:

«Մենք նախևառաջ ջանում էինք օբյեկտիվ լինել: Հանձնաժողովը չի կարող իր վրա այդպիսի պատասխանատվություն վերցնել` ողջ հայ ժողովրդի փոխարեն ընտրել հանրապետության նոր հիմնը, դրա համար էլ 2-րդ փուլի ընթացքում հաշվի կառնվի նաև Հայաստանի բնակիչների կարծիքը: Այս հարցում հատկապես կարևոր է հայ մտավորականության կարծիքը, որը ներկա կլինի 2-րդ փուլին: Մրցութային հանձնաժողովի անդամների մեծ մասը նախապատվությունը տվեց Տիգրան Մանսուրյանի հիմնին` հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի խոսքերով»,- այն ժամանակ հայտարարել էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Ինքը` Տիգրան Մանսուրյանն այս առիթով նկատել է. «Երկրի օրհներգը պետք է ենթարկվի ոչ միայն երաժշտական համաչափությանը, երաժշտական բաղադրիչը դեռևս ամեն ինչ չէ: Այն ներառում է նաև հոգևոր կողմը: Այն պետք է լինի, եթե ուզում եք, ժողովրդավարական: Ինչ վերաբերում է հիմնին` որպես երկրի խորհրդանիշի, ապա այն առաջանում է պատմական անհրաժեշտությամբ. դրա դասական օրինակը «Մարսելյեզն» է: Մեր նախկին հիմնը ժամանակավոր էր, մենք գտնվում էինք անցումային փուլում, երկիրը նոր էր ստեղծվում: Հիմա մենք անկախ պետություն ունենք, որը 15 տարեկան է, և մենք պետք է օրհներգ ունենանք, որը կմիավորի Հայաստանը, Սփյուռքը, Լեռնային Ղարաբաղը: Ես կարծում եմ, որ մրցույթի կազմակերպիչները մի փոքր ճիշտ չէին. պետք էր վերցնել մի բանաստեղծություն և դրա վրա արդեն գրել երաժշտությունը: Իսկ մեզ մոտ ամեն մեկն ինքն էր ընտրում բանաստեղծությունը: Ըստ իս` Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում» տաղը, որը նա գրել է 1921 թվականին, առավել համապարփակ է ներկայացնում ազգի միավորման գաղափարը: Եվ այն, ի դեպ, գիտի յուրաքանչյուր հայ դեռ դպրոցից: Մինչև երաժշտությունը գրելը ես շրջել եմ բոլոր զորամասերը` Իջևանից սկսած, Ղարաբաղում վերջացրած: Ես պետք է զգայի Հայաստանը: Վերադարձա և անմիջապես գրեցի»:

Հարցի վերաբերյալ իրենց կարծիքներն են արտահայտել նաև մյուս թեկնածուները: Մասնավորապես, Երվանդ Երզնկյանը նշել է. «Ես այս հիմնը գրել եմ 30 տարի առաջ, պարզապես հիմա մի քիչ փոխել եմ: Ի՞նչ էի մատածում այդ ժամանակ: Ոչի´նչ, բացի մի բանից. ես գրում եմ երկրի օրհներգը: Եվ լավ է, որ մեզ չստիպեցին երաժշտություն գրել նույն տեքստի համար, յուրաքանչյուր կոմպոզիտոր իր մոտեցումներն ունի: Իմ կարծիքով` գլխավոր չափանիշներից մեկն այն է, որ հիմնը պարտադիր պետք է հնչի նաև առանց խոսքերի ու տպավորություն գործի: Չէ՞ որ հիմները հիմնականում հենց այդպես էլ կատարվում են: Դա ոչ թե երկրի երաժշտական-գրական, այլ հենց երաժշտական խորհրդանիշն է: Հիմնի վրա աշխատելիս մեզ ճնշում էր Արամ Խաչատրյանի երաժշտության ծանրությունը: Այն, ինչպես հիշում եք, գրվել է բոլորովին այլ երկրում և բոլորովին այլ երաժշտական լուծումներ ուներ»:

Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի խոսքերով` Հայաստանի նոր օրհներգը ավելի շուտ պետք է լինի երգ` ձոնված մորը: «Երաժշտությունը և խոսքերը պետք է հուզեն հոգին, դրանք պետք է այնքան զգայական լինեն, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, և առաջին հերթին` երեխաներն անգիր իմանան»:

Ռոբերտ Ամիրխանյան. «Այժմ` Հայաստանի անխակության 15-ամյակի շեմին, պետք է ճշտել երկրի խորհրդանիշը, ի՞նչ ենք ուզում դնել նրա մեջ: Հիմնը պետք է հյուսված լինի ազգի պատմական, քաղաքացիական, հոգևոր խորհրդանիշներից: Նարեկացի և շարականներ ունեցող ժողովուրդը փոխառելու իրավունք չունի: Մենք պետք է ցույց տանք, որ Հայաստանն այսօր արարում է: Եվ բոլորովին էլ հարկ չկա ստորագրություններ հավաքել Արամ Խաչատրյանի հիմնը վերադարձնելու համար: Նա իր երաժշտությունը գրել է ամբողջատիրական պետության համար, որն այլևս չկա: Եվ ես կարծում եմ, որ այսօրվա խորհրդարանն ի վիճակի չէ ընդունել երկրի նոր օրհներգը, դա հաջորդ խորհրդարանի գործն է, որը, հույս ունեմ, ավելի պրոֆեսիոնալ կլինի»:

Ինչևէ, հակառակ իշխանությունների խոստման` 2007թ. առաջին րոպեներին հեռուստատեսությամբ կրկին հնչեց բոլոր քաղաքացիներին ծանոթ «Մեր Հայրենիք»-ը (տեքստը` Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծության փոփոխված տարբերակն է, հիմնի մեղեդին իտալական ժողովրդական երգ է` կոմպոզիտորներ Քրիստափոր Կարա-Մուրզայի և Բարսեղ Կանաչյանի մշակմամբ):

Այս հոդվածում, սակայն, մենք չենք դիտարկի հիմնի հետ կապված խնդիրը երաժշտական-գրական բնութագրերի տեսակետից, այլ կփորձենք խորանալ հարցի էության, այսինքն, պատմական կողմի մեջ:

Պետական օրհներգը, ինչպես զինանշանն ու դրոշը, յուրաքանչյուր ինքնիշխան պետության պաշտոնական խորհրդանիշն է: Հիմնը (հունական hymnos բառից, որ նշանակում է հանդիսավոր երգ ի պատիվ աստվածության) օրհներգ է, հանդիսավոր բնույթի երաժշտական ստեղծագործություն: Որպես կանոն, պետական հիմնի խոսքերը հայրենասիրական են, փառաբանում են տերությունը կամ տիրակալին. երաժշտությունը ոգեշունչ է, բայց միևնույն ժամանակ բավական հեշտ վերարտադրելի և հիշվող:

Հիմների պատմությունն անցյալի խորքերը գնացող արմատներ ունի. հիմներն ավելի շուտ են առաջացել, քան զինանշաններն ու դրոշները: Դրանցից հնագույնները գրվել են Եգիպտոսում և Միջագետքում: Հայաստանի տարածքում ևս հանդիսավոր օրհներգությունները խոր ավանդույթներ ունեն: Հեռավոր անցյալում այստեղ երգվում էին նաև արխայիկ` օրորոցայիններ և ռազմերգեր, որսի, երկրագործության, անասնապահության, հին հավատալիքների հետ կապված երգեր: Դրանց մասին մոտավոր պատկերացումներ են տալիս այն պատառիկները, որ պահպանվել են մոգական տեքստերի ձեռագիր` «Հմայիլ» և «Ուրբաթագիրք» ժողովածուներում, որոնք անիմիզմի դարաշրջանում ստեղծված հմայական բանաձևերի նմուշներն են` կազմված կարճ կրկնվող բառերից:

Պահպանված վիպասքերի անգնահատելի պատառիկներն արտացոլում են նաև առաջին քաղաքական միավորումների և պարզունակ պետական միությունների կայացման դարաշրջանի պոլիֆոնիկ մեղեդիները: Ստեղծվում են հնագույն պոեմները, որոնք կատարվում են երգերով ընդմիջվող արտասանությամբ. նման հինգ նմուշներ` «Հայկ և Բել», «Արամ», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Վահագն Վիշապաքաղ» և «Տորք Անգեղ», 5-րդ դարում գրի են առնվել Մովսես Խորենացու կողմից: Ավելի ուշ ստեղծվում են երգեր ի պատիվ Հայաստանի պատմական տիրակալների` Երվանդի, Արտաշես Ա-ի, Տիգրան Բ-ի, Արտավազդ Բ-ի, որոնք կատարվում էին նույն ձևով` երգերով ընդմիջվող արտասանությամբ, պարերով, թատերականացված խաղերով և լարակսմիթավոր գործիքի` փանդիռի նվագակցությամբ, ինչպես վկայում է պատմահայր Խորենացին:

Հնագույն ժամանակներից օրհներգեր և երգասացություններ էին կատարվում նաև Արևմուտքում: Դրանց նախորդել են ոգեկոչությունները, որոնցից էլ զարգացել են ձոն-կոչերն աստվածներին: Հիմների տեքստեր են գրել հույն անվանի պոետները` Հոմերոսը, Անաքրեոնը, Պինդարոսը: Վաղ քրիստոնեության շրջանում նույնպես հիմներ են գրվել ի փառս Աստծո: Պահպանված քրիստոնեական հիմները վերաբերում են մ.թ. 3-րդ դ. և ստեղծվել են Սիրիայի տարածքում. դրանք Աստվածաշնչի վերափոխված տեքստեր են: 4-րդ դարասկզբին Հայաստանում քրիստոնեության ընդունումն իր արտացոլումն է գտնում նաև երաժշտության մեջ. ազգային մշակույթը հարմարեցվում է նոր կրոնի կանոններին, թեև աշխարհիկ երգը չդադարեցրեց գոյությունը: Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու փաստը նշանավորեց հայ երաժշտության տեսության և դարերի ընթացքում էվոլյուցիայի ենթարկված պրակտիկայի տարբերակումը: Հենց այս փուլում էլ տեղի է ունեցել արևելյան քրիստոնեության երեք` Սիրիական, Բյուզանդական և Հայկական, ֆորպոստերի մեծ մշակույթների փոխհարստացման ինտենսիվ գործընթաց:

5-8-րդ դդ. հիմների կատարումը համատարած է դառնում Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրների եկեղեցիներում: Անգամ հիմների հատուկ ժողովածուներ (հիմնոդիաներ) են պատրաստվում: Սակայն միայն 13-րդ դ. սկսած` ժամերգությունների ժամանակ հիմների կատարումը պաշտոնապես ընդունվում է եկեղեցական իշխանությունների կողմից: Ռեֆորմացիայի դարաշրջանում (15-16-րդ դդ.) առաջ են գալիս հիմների նոր ձևեր, որոնք այնքան էլ սերտորեն կապված չէին եկեղեցական ծեսերի հետ:

 

***

Հնագույն ազգային հիմներից մեկը անգլիական «Աստված, պահիր թագավորինն» է: Հիմնի երաժշտությունը վերագրվել է տարբեր հեղինակների` Ջոն Բուլ, Ժ. Լյուլի, Գ.-Ֆ. Հենդել, Հ. Քերի: Վերջապես, 20-րդ դ. ընդունվում է նշանավոր երաժշտագետների այն տեսակետը, ըստ որի` անգլիական ազգային հիմնի հեղինակը երաժշտության լոնդոնցի ուսուցիչ Հենրի Քերին էր: Անգլիական հիմնի հատուկ նշանակությունն այն էր, որ երաժշտությունը, տեքստում կատարված ոչ մեծ փոփոխություններով, որպես հիմն ընդունվել է Եվրոպայի շատ պետություններում. 19-րդ դ. ընթացքում անգլիական հիմնի մեղեդին օգտագործվել է 23 երկրներում, այդ թվում և Ռուսաստանում` մինչև սեփական «Աստված. պահիր ցարին»-ի ստեղծումը: Ուրիշ ոչ մի պաշտոնական հիմն այդքան մեծ տարածում չի ունեցել:

Մեծ Բրիտանիան, հավանաբար, առաջին երկիրն է, որտեղ պետական հիմնը դարձավ պետության անկապտելի հատկանիշը: 1825թ. «Աստված, պահիր թագավորին» հայրենասիրական երգը հայտարարվում է Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Իռլանդիայի, ինչպես նաև բրիտանական միապետի իշխանության ներքո գտնվող բոլոր երկրների ու տարածքների պետական հիմնը: Նկատի ունենալով Նորին գերազանցության գաղութների զբաղեցրած մակերեսն ու ժողովրդագրական ցուցանիշները` պետք է փաստել, որ այն աշխարհի բնակելի հատվածի գրեթե քառորդ մասի պետական հիմնն էր:

Մեզ, սակայն, այլ բան է հետաքրքրում. Բրիտանիայում պետականության նոր ատրիբուտի ստեղծման անհրաժեշտությունն առաջ եկավ եվրոպական զարգացման հետնապոլեոնյան շրջանում, երբ Անգլիան կրկին հայտնվեց Հին աշխարհի քաղաքական ավանգարդում և, միևնույն ժամանակ, արդյունաբերական մեծ հեղաշրջման նախաշեմին: Հենց Անգլիայում էլ, 1825թ., Սթոքթոն և Դարլինգթոն քաղաքների միջև սկսեց գործել աշխարհում առաջին երկաթուղին: Պատահական չէ, որ առաջին տնտեսական ճգնաժամը տեղի է ունեցել Անգլիայում և նույն` 1825 թվականին, որտեղ կապիտալիզմն արդեն իշխող հասարակարգ էր դարձել: Գործարանային արտադրության ծավալն աճել էր, բայց բանվորների ու գյուղացիների վճարունակությունը չափազանց ցածր էր: Հավանաբար, այսպիսին էր ապագային միտված անգլիական հայտը, և այս նշաձողը, իսկապես, իր հզորությունն ավելի «հնչեղ ու որոտաձայն» արտահայտելու կարիքն ուներ:

Բրիտանիայի քաղաքական ընդդիմախոսները` յուրաքանչյուր կայսերական կազմավորմանը հատուկ ախորժակով, որոշեցին հետ չմնալ առաջինից (այս ձեռնարկում ևս), թեև հանուն արդարության հարկ է նշել, որ բովանդակային առանձին ինքնատիպությամբ նրանցից ոչ մեկն աչքի չընկավ. առաջին պետական հիմները խիստ նման էին բրիտանականին եթե ոչ երաժշտությամբ, ապա գոնե խոսքերով: «Աստված, պահիր թագավորին»-ին հետևեցին «Աստված, պահիր կայսր Ֆրանցին»-ը (Ավստրիական կայսրություն), «Աստված, պահիր ցարին»-ը (Ռուսական կայսրություն) և այլն:

Բրիտանական հիմնի հետ կարող էր մրցակցել երևի միայն ֆրանսիականը, որը դառնում է համաշխարհային դեմոկրատիայի «հնչյունային խորհրդանիշը»: Եվրոպայում լայնորեն հայտնի երկրորդ հիմնը դարձավ հենց «Մարսելյեզը»: 20-րդ դարասկզբին այն ճանաչում ստացավ Ռուսաստանում, իսկ Ժամանակավոր կառավարությունը մտադիր էր որպես պաշտոնական հիմն հաստատել այդ երգը:

20-րդ դ. վերջին Բրիտանիայում առաջ եկան կազմակերպություններ, որոնք առաջարկում էին փոխել պետական հիմնի տեքստը: Բայց նրանց հուզում էր ոչ թե Աստծո հիշատակումը հիմնում (Բրիտանիայում, որտեղ պետության ղեկավարը միաժամանակ նաև եկեղեցու գլխավորն է, նման հարցեր չեն ծագում), այլ նրա չափից ավելի դաժանությունը: Հիմնի հեղինակներն Աստծուն խնդրում էին ոչ միայն պահպանել միապետին, այլև «ցրել նրա թշնամիներին», «խափանել նրանց քաղաքականությունը, փշրել զազրելի ծրագրերը»: Բայց տեքստը համեմատելով այլ երկրների հիմների տեքստերի հետ, որոնցում, ի տարբերություն բրիտանականի, որոշակի թշնամիներ են հիշատակվում (շվեդները` դանիականում, իսպանացիները` նիդեռլանդականում, ռուսները` լեհականում և իտալականում), որոշվեց տեքստը թողնել այնպես, ինչպես կա:

Բրիտանական կայսրության աստիճանական անկման գործընթացը ոչ միայն քաղաքական փոփոխությունների պատճառ հանդիսացավ, այլև դարձավ նրա ավերակների վրա արդեն ինքնորոշված պետությունների հիմների ստեղծման առիթ: Եվ այնուամենայնիվ, նորանկախ սուբյեկտներն իրենց հիմները ստեղծեցին բրիտանականի նմանությամբ, այն տարբերությամբ միայն, որ հիմների հեղինակները Աստծուն խնդրում էին բրիտանական թագավորի փոխարեն պահել-պահպանել իրենց երկրները` Ֆիջին, Նոր Զելանդիան, Կանադան, Մալավին, Զիմբաբվեն...

 

***

Այս առումով հետաքրքրական է հնդկական ժամանակակից հիմնի` «Ջանագանամանա»-ի («Ժողովրդի հոգին») պատմությունը: Սկզբում այն գրված է եղել բենգալերենով, Ռաբինդրանաթ Թագորի բանաստեղծության առաջին հինգ տներից բաղկացած: «Ջանագանամանան» առաջին անգամ կատարվել է 1911թ., իսկ երեսունինը տարի անց պաշտոնապես դարձել է Հնդկաստանի պետական հիմնը: «Ջանագանամանայի»` որպես անկախ Հնդկաստանի պետական հիմնի ընդունումը սկզբից ևեթ միանշանակ չընդունվեց: Երգը հարմարեցված էր Գեորգ V-ի թագադրմանը և ներբող էր, որ գովերգում էր «Հնդկաստանի ճակատագիրը տնօրինողին»: Առաջին անգամ այն կատարվեց Հնդկական ազգային կոնգրեսի համագումարում, 1911թ. դեկտեմբերի 27-ին, Կալկաթայում, որն այն ժամանակ Բրիտանական կայսրության հպատակն էր: Զարմանալի չէ, որ շուտով տարածվեց այն կարծիքը, թե հիմնը գրվել է Հնդկաստան այցելած միապետի պատվին: Բայց այլ կարծիք էլ կա. իրականում ի պատիվ միապետի հնչել է մեկ այլ` Ռամբհուջ Չաուդարիի հինդիով գրած ներբողը: Այս երկու ներբողներն անգամ տարբեր լեզուներով են գրվել, բայց Թագորը Հնդկաստանում այն ժամանակ բավական ճանաչված էր, դրա համար էլ թերթերը սխալմամբ նրան էին վերագրում միապետի այցելության առիթով գրված ներբողը:

Մինչ Հնդկաստանը փորձում էր լուծել այս բարդ խնդիրը, նրանից առանձնացած Բանգլադեշը հասցրեց ընդունել իր պետական հիմնը: Դա «Ամար Շոնար Բանգլա» («Իմ ոսկի Բենգալիա») անունը կրող կոմպոզիցիան է, ընդ որում` խոսքերի ու երաժշտության հեղինակ կրկին համարվում է Ռաբինդրանաթ Թագորը:

2005թ. առաջ եկավ հիմնի տեքստից «Սինդ» բառը հանելու և այն «Քաշմիրով» փոխարինելու հարցը: Բանն այն է, որ 1947-ից, երբ Բրիտանական Հնդկաստանը բաժանվեց Հնդկաստանի և Պակիստանի, Սինդ նահանգը դարձավ Պակիստանի մաս: Առաջարկին հակառակվողները հայտարարում են, որ «Սինդ» բառը հիմնի տեքստում վերաբերում է Ինդոս գետին և Սինդհերի մշակույթին, որն ընդհանուր հնդկական մշակույթի անբաժանելի մասն է: Հնդկաստանի Գերագույն դատարանը հրաժարվեց փոփոխություն մտցնել պետական հիմնի մեջ, և «Սինդ» բառը մնաց:

Նման բան տեղի ունեցավ նաև Պեկին-Թայվան փոխհարաբերությունների պարագայում: Հատկանշական է, որ Թայվանի հիմնը (որը դե ֆակտո հաստատվել է 1937թ., դե յուրե` 1943թ.) կոչվում է «Չինաստանի Հանրապետության հիմն»: Հիմնականում հիմնը կատարվում է պաշտոնական արարողությունների ժամանակ, ինչպիսին, ասենք, դրոշի բարձրացումն է: Երկար տարիներ շարունակ այն կատարվել է ֆիլմերի ցուցադրություններից առաջ: Մի անգամ երգն օգտագործվել է Ֆուցզյանից եկած ապօրինի ներգաղթյալներին բացահայտելու համար, ովքեր չկարողացան կատարել հիմնը: Այսօր այդ միջոցն արդեն արդյունավետ չէ, քանի որ ներգաղթյալները հիմնը սովորում են մինչև երկիր գալը: 2006թ. նախագահ Չեն Շույբյանը հայտարարեց, որ Չինաստանի Հանրապետության ազգային հիմնի կողմնակիցն է: Նա ասել է, որ իր երկրի քաղաքացիները պետք է սովորեն բարձր և հպարտ երգել ազգայն հիմնը:

Երգն արգելված է աշխարհամասային Չինաստանում և թեև պաշտոնապես արգելված չէ Հոնկոնգում, նրա հրապարակային կատարումը չի ողջունվում: 2000թ. Չեն Շույբյանի երդմնակալության ժամանակ ազգային հիմնը կատարեց թայվանյան ճանաչված երգչուհի A-mei-ը, ինչի պատճառով աշխարհամասային Չինաստանում մի քանի ամսով արգելվեցին նրա հյուրախաղերը: Միջազգային միջոցառումների ժամանակ, ինչպես, ասենք, օլիմպիական խաղերն են, Թայվանն իրավունք չունի հանդես գալ իր պաշտոնական` «Չինաստանի Հանրապետություն» անվամբ և օգտագործում է «Չինական Թայբեյ» անվանումը: Չինաստանի Հանրապետության հիմնի փոխարեն կատարվում է Ազգային դրոշի երգը: Պատճառը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործադրած ճնշումն է: ՉԺՀ պետական հիմնը 1935թ., չինա-ճապոնական պատերազմի ժամանակ գրված «Կամավորականների քայլերգն» է: Սակայն մշակութային հեղափոխության ժամանակ Չինաստանի փաստական հիմնը «Շառագունում է Արևելքը» (չինարեն` «Դունֆան Խուն») երգն էր:

Այս ամենն, իրոք, վկայում է այն մասին, որ պետական խորհրդանիշների ստեղծման կամ փոփոխության գործընթացը բոլորովին էլ խորհրդանշական ռեֆորմ չէ և առաջին հերթին ենթադրում է սույն պետության հասարակական-քաղաքական կյանքում սկզբունքորեն նոր գործոնի առկայություն:

 

***

Հետաքրքիր է, որ Հարավաֆրիկյան Հանրապետության հիմնը Աստծուն խնդրում է պահել մի ողջ աշխարհամաս` «Աստված, պահիր Աֆրիկան»: Բարձրյալը հիշատակվում է նաև անկախ միապետություններ դարձած բրիտանական այլ նախկին գաղութների հիմներում. «Ալլահ, օրհնիր նորին մեծությանը» (Բրունեյ), «Օ~, Ալլահ, պաշտպանիր հանուն մեզ նորին մեծություն սուլթանին» (Օման) և այլն:

Հակաիմպերիալիստական վարչակարգերի հիմները, որպես կանոն, չեն հիշատակում Աստծուն, սակայն այստեղ ևս բացառություններ կան, երբ Աստծուն է հատկացվում ազատարարի և բռնապետության դեմ մարտիկի դերը: «Կորչե´ն շղթաները, կորչե´ն շղթաները: Ձայնեց Տերը, ձայնեց Տերը: Եվ խեղճ մարդն ազատություն ստացավ». այս խոսքերը Վենեսուելայի հիմնի տողերն են դարձել տակավին 19-րդ դարի վերջին, երբ Ուգո Չավեսը դեռ չէր ծնվել: Բնականաբար, աշխարհում առաջին անկախ նեգրական հանրապետությունը` Լիբերիան նույնպես, եթե հավատանք այդ երկրի հիմնին, ստեղծվել է Տիրոջ հրամանոք. «փառավոր ազատության վայր` կառուցված աստվածային հրամանով»: Լիբերիայի հինում Աստծուն հիշատակելը միանգամայն տեղին է. չէ՞ որ այդ երկիրը հիմնել են ԱՄՆ քրիստոնյա սևամորթները:

Կան երկրներ, որոնց պետական հիմներն ասես աղոթք լինեն: Այդպիսին է, օրինակ, Մալթայի հիմնը. «Պահի´ր այն, Տեր Աստված, ինչպես միշտ ես պահել: Հիշի´ր նրան, ում լույսով ես պատել: Տո´ւր, Տեր, իմաստություն նրանց, ովքեր կառավարում են, գթասիրտ դարձրու նրանց, ովքեր տիրում են, ուժեղ` նրանց, ովքեր աշխատում են»: Կամ, օրինակ, սերբական հիմնը. «Արդարադատ Տեր, փրկիչ մեր... Անսա´ սերբ որդվոցդ ձայնին, եղի´ր մեզ օգնական, ինչպես առաջ: Աստվա´ծ, Տեր մեր, ուղղորդիր և բարգավաճ դարձրու Սերբիան ու սերբ ժողովրդին»:

Ի դեպ, Մալթան ու Սերբիան խիստ կրոնասեր երկրներ են: Ինչը չես ասի ամենաաշխարհիկ պետություններից մեկի` Կանադայի մասին: Այնուամենայնիվ, հիմնի չորրորդ տունը` «Օ~, Կանադա»-ն, որը 1980թ. փոխարինելու եկավ հնացած «Աստվա´ծ, պահիր թագուհուն» հիմնին, աղոթք է Աստծուն. «Բարձրյալ տիրակալ, որ լսում ես ամենացածրն աղոթքներից, մի´ թող երկիրը մեր առանց Քո սիրո, օգնի´ր գտնել Քո մեջ, Աստված, պարգև նրանց համար, ովքեր սպասում են Լավագույն օրվան»:

Այստեղ արժե անդրադառնալ այն գործոններին, որոնք պայմանավորել են կանադական հիմնի փոփոխությունը: 1960-ական թթ. սկզբին Քվեբեկում նոր թափ ստացավ այդ նահանգը Կանադայից առանձնացնելուն և նոր ֆրանսախոս պետության ստեղծմանն ուղղված շարժումը: Առաջին զիջումը կատարվեց 1969թ., երբ ֆրանսերեն և անգլերեն լեզուները հայտարարվեցին ողջ երկրի պետական լեզուներ: 1970թ. ահաբեկիչներն առևանգեցին և սպանեցին նահանգի աշխատանքի և ներգաղթի նախարար Պիեռ Լապորտին, և հանրային կարծիքը դրանում մեղադրեց Քվեբեկն անջատելու կողմնակիցներին: Դաշնային կառավարությունը զորքեր ուղարկեց Քվեբեկ և ժամանակավորապես արտակարգ դրություն մտցրեց: 1974թ. Քվեբեկի իշխանությունները ֆրանսերենը նահանգի պաշտոնական լեզու հռչակեցին: Քվեբեկի անջատման կողմնակիցների կուսակցությունը նահանգում հաղթանակ տարավ 1976թ. ընտրությունների ժամանակ և մի քանի միջոցներ ձեռնարկեց շարժման զորեղացման համար: Ըստ 1977թ. օրենքի` անգլիական դպրոցներում ուսուցումը սահմանափակվեց: Օրենքով նախատեսվում էր նաև փոխել անգլերեն աշխարհագրական անվանումները. գործնական բանակցությունների, դատավարությունների, օրենսդրության և հասարակական կազմակերպությունների լեզու հայտարարվեց ֆրանսերենը: Եվ այնուամենայնիվ, 1980թ.Քվեբեկի անջատման  հանրաքվեն ցույց տվեց, որ նահանգի բնակիչները գերադասում են մնալ Կանադայի կազմում: Հենց այդ թվականին էլ երկիրը հարկադրված էր հրաժարվել հնացած և քաղաքական առումով ոչ կոռեկտ «Աստված, պահիր թագուհուն» հիմնից (հասկանալի է` բրիտանական)` ընդունելով ներկայիս «Օ՛, Կանադա» հիմնը:

 

***

Մենք, բնականաբար, մտադիր չենք հետազոտել բոլոր երկրների հիմները, այնուամենայնիվ, արժե ուշադրություն դարձնել այն պատճառների վրա, որոնք կանխորոշում են պետականության այդ ատրիբուտի փոփոխության անհրաժեշտությունը: Դրանք միշտ պատմական են լինում: Օրինակ, «Ալլահը մեծ է: Ալլահը մեծ է: Ալլահը մեծ է: Թող Ղուրանի տողերը մեր օրենքը լինեն, թող հավատի դրոշը մեր տանիքը լինի»,- ասվում է աֆղանական հիմնի տեքստում, որն ընդունվել է 1992թ., այնուհետև արգելվել թալիբների կողմից 1999թ. և վերականգնվեց «Թալիբանի» իշխանության անկումից հետո: Պատմական էր նաև Ռուսական կայսրության «Աստված, պահիր ցարին» նախկին հիմնը հեղափոխությունից անմիջապես հետո «Ինտերնացիոնալով» փոխելու պատճառը. մինչև 1944թ. Խորհրդային Միությունում «Ինտերնացիոնալն» էր պետական հիմնը:

Այս կամ այն պետության ղեկավարի` տվյալ երկրի պատմության մեջ «նոր դարաշրջանի» նախակարապետի նկրտումները նույնպես նոր պետական ատրիբուտիկայի ստեղծման գործում միանգամայն էական գործոններ են: Իոսիֆ Ստալինը և Ադոլֆ Հիտլերը բացառություն չեն...

Երեսնականների Բեռլինն աննախադեպ եռուզեռի մեջ էր: Որջից դուրս եկած արջը (Գերմանիայի մայրաքաղաքի անվան ստուգաբանությունը) թույլ է տալիս նաև հետևյալը. թափառում էր ջահակիր քաղաքի փողոցներով` փչացնելով մի ամբողջ սերնդի լսողությունը. Հայդնի հայրենասիրական հիմնը հարմարեցվեց նոր իրողություններին և այնքան էլ ճշմարտանման չէր հնչում: Ձայնակցելով և մրցակցելով «Հորսթ Վեսելի» հետ` այն գրավում էր հրապարակները և տիրում բյուրգերների սրտերին: Հիմնը, ի դեպ, «Ավստրիական կայսերականը», պաշտոնապես արգելվեց 1945թ. հակահիտլերյան կոալիցիայի մասնակիցների կողմից, սակայն ուղիղ յոթ տարի անց վերականգնվեց, իհարկե, անհամեմատ ավելի կրճատված ձևով (Ա. Հ. Հոֆման ֆոն Ֆալերսլեբենի տեքստը բավական խմբագրված էր) և այլ անվանմամբ` «Գերմանական երգ»:

1944թ. ամանորյա գիշերը ռադիոյով առաջին անգամ հնչեց ԽՍՀՄ նոր («Հաղթական-Ստալինյան») հիմնը Ա. Ալեքսանդրովի երաժշտությամբ և Ս. Միխալկովի ու Գ. Էլ-Ռեգիստանի խոսքերով: Ընդ որում` խմբագրել է անձամբ Ստալինը: Գլխավոր քարտուղարն, իրոք, դարաշրջանի առաջին ջութակն էր. երկրագունդը պտտվում ու պարում էր նրա դուդուկի տակ: Նա էլ պատվիրում էր երաժշտությունը... Վաղուց արդեն նրա սիրտը խառնում էր «Ինտերնացիոնալից», քանի որ ազատության, հավասարության և եղբայրության գաղափարները փարավոնի գիտակցության մեջ զուգակցվում էին իր սեփականին այլընտրանքային համաշխարհային տիրապետության որոշակի գծի հետ: Առաջնորդն անհրաժեշտ էր համարում շահագրգռված աշխարհին հայտարարել, որ խորհրդային պետությունը հեռանում է դեռ Ժամանակավոր կառավարության նախանշած հավերժ գերակայություններից. դրա համար էլ նոր հիմն էր անհրաժեշտ: «Առաջարկում եմ ձեզ, ընկերներ, զբաղվել ավելի լուրջ գործով` հիմն հորինել»,- կասի նա իր աշխատասենյակ հրավիրված Դմիտրի Շոստակովիչին և Արամ Խաչատրյանին:- «Էժեն Պոտիեն և Պիեռ Դեգեյտերը լավ «Ինտերնացիոնալ» են ստեղծել, բայց այն վաղուց ձանձրացրել է մեզ, այն կես դարից ավելի է` երգում են, երգում են բոլորը, ամենուր: Կարծում եմ` երեք ամիսը ձեզ համար օպտիմալ ժամկետ է»: Առաջարկ, որից ընդունված չէ հրաժարվել. Յոթերորդ (Լենինգրադյան) սիմֆոնիայի հանճարեղ հեղինակը կխոստանա աշխատանքը կատարել մեկ ամսում, ինչը տարակուսանքի մեջ կգցի Խաչատրյանին: Երեսուներորդ օրվա առավոտյան տերը հասկանալ կտա նշանավոր տանդեմին, որ նրանց աշխատանքը բանի պետք չէ. «Եվ այնուամենայնիվ, երեք ամսվա մեջ դուք կարող էիք ինձ մի արժեքավոր բան ներկայացնել»:

Աշխարհի հնագույն հիմներից է համարվում իսպանական Թագավորական հիմնը` «La Marcha Real»-ը, թեև գրվելու տարեթիվը և կոմպոզիտորի անունն անհայտ են: Առաջին անգամ դրա հիշատակությանը կարելի է հանդիպել 1761թ., ընդ որում` այն կոչվում էր «La Marcha Granadera» («Գրենադների քայլերգ»): 1770թ. Կառլոս III թագավորը հաստատում է «La Marcha Granadera»-ն որպես պաշտոնական հիմն, որը սկսեց կատարվել պաշտոնական բոլոր արարողությունների ժամանակ: Քանի որ հիմնը մշտապես կատարվում էր այն միջոցառումների ժամանակ, որոնց ներկա էին գտնվում արքայական ընտանիքի անդամները, իսպանացիներն այն սկսեցին համարել իրենց ազգային հիմնը և անվանեցին «Թագավորական քայլերգ»: Չնայած հիմնը այժմ հնչում է առանց բառերի, բայց միշտ չէ, որ այդպես է եղել: Տարբերակներից մեկը կիրառվել է Ալֆոնս XIII թագավորի կառավարման օրոք, մեկ այլ տարբերակ` Ֆրանկոյի դիկտատուրայի շրջանում, ընդհուպ մինչև երկրում դեմոկրատական վարչակարգի հաստատումը:

Լիբիայի Սոցիալիստական Ժողովրդական Արաբական Ջամահիրիայի հիմնը ընդունվել է գնդապետ Մուամար Քադաֆիի կարգադրությամբ, 1969թ. նրա իշխանության գալուց շատ չանցած: Այն միաժամանակ և´ կրոնական է, և´ հակաիմպերիալիստական. «Ալլահը մեծ է: Ալլահը մեծ է: Նա բարձր է ագրեսիվ դիտավորություններից և նա ճնշվածների լավագույն օգնականն է... Կորչե´ն իմպերիալիստները, Ալլահը բարձր է տիրան դավաճաններից, փառաբանիր նրան, բռնիր տիրանին և վերացրու նրան»:

 

***

2000թ. դեկտեմբերի 26-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց դաշնային սահմանադրական «ՌԴ պետական զինանշանի մասին», «ՌԴ պետական դրոշի մասին» և «ՌԴ պետական օրհներգի մասին» օրենքները: Արդյունքում` ընդունվեց ռուսական հիմնի նոր տեքստը` որպես ՌԴ նախագահի կողմից սահմանված սկզբունքորեն նոր պետական նշաձողի վկայություն: Նույն համատեքստում պետք է ընկալել նաև Վրաստանի պետական հիմնի և դրոշի փոփոխությունը Միխայիլ Սահակաշվիլու օրոք: Ակնհայտ է, որ այս երկու առաջնորդները հաշվարկը կատարում էին պատմությունից ելնելով և լրջորեն մտադիր էին դրանում զբաղեցնել իրենց տեղը` անկախ նույնիսկ իրենց վերափոխությունների վերջնական արդյունքներից:

Վրացական ներկայիս հիմնը` «Թավիսուպլեբան» («Ազատություն») նախագահ Միխայիլ Սահակաշվիլու նկրտումների հետևանքն է և հաստատվել է նրա իշխանության գալուց հետո: Երաժշտությունը վերցվել է Զաքարիա Փալիաշվիլու երկու օպերաներից` «Դաիսիից» («Մթնշաղ») և «Աբիսողոմ և Էսթերի»-ից, տեքստի հեղինակը ժամանակակից վրացի բանաստեղծ Դավիթ Մաղրաձեն է, որն օգտագործել է մեջբերումներ վրացի դասական բանաստեղծներ Ակակի Ծերեթելու, Գրիգոլ Օրբելիանու և Գալակտիոն Տաբիձեի բանաստեղծություններից:

Հատկանշական է, որ Վրաստանի անկախության ձեռքբերման գործընթացում հանրապետության պետական հիմնը «Փառաբանվի´ր, երկնային օրհնիչ» երգն էր (խոսքը և երաժշտությունը` Կոտե Փոցխերաշվիլու): Այն Վրաստանի դեմոկրատական հանրապետության հիմնն էր 1918-1921թթ. և կրկին որպես Վրաստանի Հանրապետության պետական հիմն ընդունվեց 1990թ. նոյեմբերի 14-ին: Սակայն 2005թ. ապրիլի 23-ին Միխայիլ Սահակաշվիլին հաստատեց Վրաստանի նոր պետական հիմնը` «Ազատությունը»: Կարևոր է նշել, որ Սահակաշվիլին 1990-ական թթ. սկզբին «կաշկանդված» չէր Աբխազիայի և Հարավային Օսիայի փաստական կորստով, և այդ հանգամանքն էլ արձակեց նրա ձեռքերը (ի տարբերություն ոչ պակաս հավակնոտ Հեյդար Ալիևի):

Արդի ադրբեջանական հիմնը` «Ադրբեջան, Ադրբեջան»-ը (երաժշտությունը` Ուզեիր Հաջիբեկովի, խոսքերը` Ահմեդ Ջավադի), ստեղծվել է 1918թ.: Այն 1918-1920թթ. Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության հիմնն էր, այդ հանրապետության իրավահաջորդն է իրեն հռչակել անկախ Ադրբեջանը: Հիմնը որպես պետական հաստատվել է դեռ 1991թ.` Հեյդար Ալիևի իշխանության գալուց առաջ: Փաստը, որ նա անհրաժեշտ չի համարել փոխել այն, օբյեկտիվորեն որդուն թույլ չի տալիս նման բարեփոխում իրականացնել: Դա հոր քաղաքականության հետ որդու անհամաձայնության վկայությունը կլիներ, ինչը, հասկանալի է, պարզապես անթույլատրելի է: Ալիև-ավագն անպայման կփոխեր հիմնը Ղարաբաղյան պատերազմում հաղթելու դեպքում: Սակայն պարտության ֆոնին նման քայլն անբնական կլիներ, անկախ իր` նախագահի ցանկությունից:

Եվ այսպես, պետական սիմվոլիկայի փոփոխության գործընթացը միայն սիմվոլիկ բարեփոխում չէ. այն հեղափոխիչ վերափոխում է և շաղկապվում է նոր քաղաքական գծի (կամ նույնիսկ կարգի) հռչակման հետ, բայց ամենագլխավորն այն է, որ արմատական փոփոխություններ է առաջ բերում հանրային գիտակցության մեջ (կամ էլ ամրագրում է դրանց վիճակի փաստը): Այս առումով կարելի է մի քանի եզրահանգումներ կատարել: Դրանցից առաջինն ու ամենատխուրը երկրում քաղաքացիական և քաղաքական կամքի բացակայությունն է օբյեկտիվորեն հասունացած փոփոխություններն իրագործելու համար: Երկրորդը` նախագահ Քոչարյանի անվճռականությունն ու թուլակամությունն է, ինչը թույլ չտվեց նրան մինչև վերջ հասցնել ամենահաջող ձեռնարկումը: Երրորդը` հայ ժողովրդի թուլությունն է, որի պատճառով նա նեխում է դեռևս նախանցյալ դարում իրեն պարտադրված մեռած քաղաքական-գաղափարախոսական իրողություններում: Չորրորդն այն է, որ հայ ժողովուրդը չի ցանկանում պատմությանը համընթաց առաջ շարժվել և սրտանց ձգտում է մնալ անցյալում...

Տեսնենք` կուզի՞ արդյոք նախագահ Սարգսյանը արմատական փոփոխություններ մտցնել բոլորին մի լա~վ ձանձրացրած իրականության մեջ: Եվ համարձակությունն ու կամքը կհերիքե՞ն արդյոք այդ անելու համար: Եթե այո, ապա, անշուշտ, առաջին նախաձեռնություններից մեկը կդառնա պետական սիմվոլիկան փոխելը:

Share    



Գնահատում

Ինչպե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am