Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Գիտություն և կրթություն

Գիտություն և կրթություն
Դեկտեմբեր 2008, N 9

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱԾԱԾԿԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

Հովիկ Սայադյան, Հայաստանի պետական ագրարային համալսարանի արտաքին կապերի դեպարտամենտի պետ, աշխարհագրական գիտությունների թեկնածու

Անտառը ծառերի տիրապետությամբ բուսական և կենդանական օրգանիզմների համակեցություն է` իր գոյությամբ պայմանավորված աճման որոշակի պայմաններով: Զարգացման ընթացքում նրա բաղադրիչ մասերը մշտապես փոխկապակցված են և փոխազդեցության մեջ են ինչպես մեկը մյուսի, այնպես էլ շրջապատող միջավայրի հետ:

Անտառային էկոհամակարգերը զբաղեցնում են մեր մոլորակի ցամաքի 30%-ը և կատարում են նրա «թոքերի» ֆունկցիան: Անտառը կենսոլորտի հավասարակշռության կարևորագույն գործոնն է, երկրագնդի թթվածնի աղբյուրներից մեկը, արեգակնային էներգիայի ու կենսազանգվածի կուտակիչ: Անտառածածկը մաքրում է գետնամերձ մթնոլորտը, կանոնավորում ջերմաստիճանային ռեժիմը և ջրերի հոսքը, հողը պաշտպանում էրոզիայից ու մարդկանց համար սննդի, բազմազան հումքի աղբյուր է հանդիսանում: 1 հա անտառապատ տարածքը կարող է արտադրել այնքան թթվածին, որքան անհրաժեշտ է 200 մարդու 1 ժամ շնչառության համար: Անտառը բարերար ազդեցություն է թողնում մարդու առողջության վրա: Այն աղմուկի նվազեցման, օդի մաքրության, հանգստի կազմակերպման լավագույն միջոց է:

ՀՀ անտառային բուսականությունը ձևավորվել է դեռևս նեոգենի ժամանակաշրջանում: Կլիմայական փոփոխությունների հետևանքով առանձին պատմական ժամանակաշրջաններում փոփոխվել են հիմնական անտառ կազմող ծառատեսակները, դրանց տարածական արեալները, երկրի ընդհանուր անտառապատվածության աստիճանը:

Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ հանրապետության ընդարձակ տարածքներ, դեռևս Երրորդական ժամանակաշրջանից սկսած, նպաստավոր պայմաններ չունեին անտառածածկ լինելու համար: Ա. Թախտաջյանի և մի շարք այլ գիտնականների կարծիքով` բուսական շատ համակեցություններ, մասնավորապես` լեռնային քսերոֆիտներ` պիստակենին, նշենին, մասրենու շատ տեսակներ, հարավարևմտյան Հայաստանում և հարևան Նախիջևանի տարածաշրջանում ձևավորվել են երրորդական ժամանակաշրջանի երկրորդ կեսին և հենց այդ տեսքով էլ պահպանվել են մինչև մեր օրերը: Չորրորդականի հրաբխականության և երկրաբանական զարգացումների վերլուծությունները ցույց են տալիս, որ վերը նշված տարածքները, սկսած երրորդական ժամանակաշրջանից, ֆիզիկապես չէին կարող անտառածածկ կրել իրենց վրա:

Բազմաթիվ հնեաբանական ուսումնասիրությունները թույլ տվեցին հայտնաբերել այնպիսի կենդանիների մնացորդներ, ինչպիսիք են եղջերուն, արջը, գայլը և աղվեսը, որոնք կարող էին սերտորեն կապված լինել Սևանա լճի արևմտյան, հյուսիսարևմտյան և հարավարևելյան ափերի, ինչպես նաև Հայաստանի հարավ-արևմուտքի լայնատերև անտառային լանդշաֆտների հետ: Այս գտածոները վերաբերում են Ք.ա. 4000-1000թթ.: Այդ ուսումնասիրությունները հայտնաբերեցին նաև լայնատերև անտառների եղջերուի և այլ կենդանիների բրոնզե ու փայտե արձանիկներ: Ակադեմիկոս Ա. Թախտաջյանի կողմից Մասրիկ գետի հովտում (Սևանա լճի հարավարևմտյան հատված) և Յու. Սայադյանի Գավառագետ գետի հովտում (Սևանա լճի արևմտյան ափ) կատարած փոշեհատիկային վերլուծության տվյալները պաշտպանում են այդ վայրերում լայնատերև անտառների գոյության փաստը: Կենդանաբան Դալը Վայքի և Ուրծի լեռներում (Հայաստանի հարավ-արևելք) հայտնաբերեց անտառային եղջերուի մնացորդներ, որոնք թվագրվում են Ք.ա. 2000 ամյակով: Այս ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Վայք քաղաքի շուրջ գոյություն են ունեցել լայնատերև անտառների ընդարձակ լանդշաֆտներ (Նկ.1):

Հայաստանի ամբողջ տարածքով մեկ, դեռևս Ք.ա. առաջին հազարամյակում, զգալի էր մարդու ուղղակի և անուղղակի ազդեցություններն անտառային էկոհամակարգերի վրա: Համաձայն ուրարտական Մենուա, Արգիշտի, Սարդուրի II և Ուրսա (Ք.ա. 9-7-րդ դդ.), ինչպես նաև Ասորեստանյան տարբեր թագավորների (ներառյալ Խաթուշիլ (14-13-րդ դդ.) թագավորի) թողած սեպագիր արձանագրությունների` Հայկական լեռնաշխարհի բնակչությունը զբաղվում էր հողագործությամբ, անասնապահությամբ, այգեպտղաբուծությամբ և մասնավորապես` խաղողագործությամբ: Տնտեսության այս ճյուղերը պահանջում են որոշակի տարածքներ և անտառային ապրանքներ (շինանյութ, վառելափայտ և այլն), որոնք ստացվում էին անտառների հատման և անտառային ապրանքների օգտագործման շնորհիվ: Միևնույն ժամանակ Ուրարտական թագավորությունում (Ք.ա. 9-7-րդ դդ.) բարձր մակարդակի վրա էր գտնվում ու հարգի էր անտառտնկման ու կանաչապատման կուլտուրան:

Երկրաբանական և հնեաշխարհագրական ուսումնասիրությունների համաձայն` անտառները կարող էին գոյություն ունենալ միայն նստվածքային ապարների վրա, որովհետև ո՜չ երիտասարդ հրաբխային ապարները, ո՜չ էլ հին լճագետային հարթությունները չէին կարող նպաստել անտառների տարածմանը և անտառածածկի ընդարձակմանը: Ամփոփելով առկա փաստերը` ստացվում է, որ ՀՀ անտառածածկը Ք.ա. 4000 թվականից մինչև Ք.հ. 1 թվականը կազմել է շուրջ 35% և ունեցել է հետևյալ բաշխումը (Նկ.1):

Նկ. 1-ում ցույց տրված անտառտարածքները կա՜մ համընկնում են ներկա անտառածածկ տարածքներին, կա՜մ մնացորդային անտառային «կղզյակներին՚, որոնք պահպանվել են անհասանելի լինելու պատճառով:

Հայաստանի քաղաքական գերազանցապես անկայուն իրավիճակները 1-18-րդ դարերի ընթացքում պայմանավորել են սոցիալ-տնտեսական զարգացման առանձնահատկությունները: Հայաստանի պետականությունը բազմաթիվ անգամներ կորսվեց Հռոմեական կայսրության, Պարսկաստանի, Բյուզանդիայի, Արաբական խալիֆայության, մոնղոլական, թուրք-սելջուկյան հարձակումների հետևանքով: Այս հարձակումները հսկայական վնաս էին հասցնում բնակչությանը, բնակավայրերին, տնտեսությանը, ինչպես նաև բնական ռեսուրսներին: Օրինակ, արաբ պատմաբանները (Իսթախրին և Իբն Ալ Ֆակիխը) վկայում են, որ 8-9-րդ դարերի ընթացքում արաբ զավթիչները Հայաստանից հատել և արտահանել են մեծ քանակությամբ բարձրարժեք փայտանյութ: Նույն երևույթը նկատվել է նաև բյուզանդական, թուրքական և պարսկական ներխուժումների ժամանակ:

1-18-րդ դդ. ընկած ժամանակահատվածում Հայաստանի անտառածածկի վերաբերյալ տեղեկատվությունը խիստ կցկտուր ու ֆրագմենտար է, ինչը թույլ չի տալիս ամբողջական պատկերացում կազմել նշված ժամանակամիջոցում անտառային լանդշաֆտների հետ կատարված քանակական ու որակական փոփոխությունների մասին: Համաձայն պատմահայր Մովսես Խորենացու` հայոց թագավոր Երվանդը Ք.ա. 5-րդ դարում, Արարատյան դաշտի Բագարան հին քաղաքի շուրջ տնկել է անտառ, որը հայտնի էր «Ծննդոց անտառ» անվամբ: Այդ նույն ժամանակահատվածում Հայաստանի պատմական մայրաքաղաքներից մեկի` Արմավիրի շուրջ հիմնադրված մեկ այլ անտառահատված կրում էր «Սոսյաց անտառ» անվանումը: Ներկայում այդ անտառտնկարկներից ոչ մի հետք չի մնացել, որովհետև դրանք հիմնադրվել են Արարատյան դաշտի գրեթե կենտրոնում, հեշտ հասանելի հատվածներում, և դեռևս պատմական անցյալում դրվել են գյուղատնտեսական օգտագործման տակ: 4-րդ դարում հայոց Խոսրով թագավորը (330-339թթ.) Ազատ և Վեդի գետերի միջին հոսանքներում հիմնադրեց անտառ, որը գոյություն ունի մինչ այսօր: 1958թ. այդ անտառը, որը հայտնի է «Խոսրովի անտառ» անվամբ, դարձավ Հայաստանի առաջին պետական արգելոցը:

Ըստ պատմաբան Լեոյի` Սևանա լճի հարավային ափամերձ շրջաններում 12-րդ և 13-րդ դարերում լավ զարգացած էր փայտագործությունը, մասնավորապես` Ծառ և Տախտակ կոչվող քաղաքներում: Այդ քաղաքները ներկայում չկան և բացակայում են են նաև պատմական տեղանքի մասին տեղեկությունները: Միջին դարերում հսկայական անտառտարածքներ, անտառի ստորին եզրին, դրվել են գյուղատնտեսական հողօգտագործման տակ: Միևնույն ժամանակ անտառի վերին եզրի ընդարձակ անտառտարածքներ, ինտենսիվ արածեցումների արդյունքում, վերափոխվել են մարգագետինների, տափաստանների և արոտավայրերի: Մինչև 1828թ. Հայաստանի անտառները գտնվում էին մասնավոր անտառտերերի ձեռքին: Ընդարձակ անտառտարածքներ պատկանում էին եկեղեցիներին, թագավորական ընտանիքին ու իշխանավորներին: 1828թ., երբ Արևելյան Հայաստանը միացավ Ռուսական կայսրությանը, անտառտարածքների մեծ մասն անցավ Ցարական Անտառային դեպարտամենտի վերահսկողության տակ: Ուշագրավ է, որ անտառները Հայաստանում ունեին պետական պատկանելություն նույնիսկ մինչև խորհրդային կարգերի հաստատումը:

1930-1950-ական թթ. մի շարք գիտնականներ ենթադրում են, որ Հայաստանի անտառածածկը 200-300 տարի առաջ, ամենայն հավանականությամբ, երկու անգամ ավելի է եղել, քան 20-րդ դարի առաջին կեսին: Հաշվի առնելով, որ 1954-56թթ. անտառային ռեսուրսների ազգային գույքագրումը ցույց տվեց, որ Հայաստանի անտառապատվածությունը կազմում է ընդհանուր տարածքի 9%-ը, ապա պետք է ենթադրել, որ 17-18-րդ դարերում այն կազմել է 18%: Այս գնահատականի հաստատումն է գերմանացի հայտնի երկրաբուսաբան Կառլ Կոխի` 19-րդ դարի կեսերին պատրաստած Կովկասի բուսականության քարտեզը: Որպես ապացույց կարող է դիտվել նաև Ռադդեի կազմած Կովկասի երկրաբուսական քարտեզը:

18-20-րդ դարերում Հայաստանում մարդու ազդեցությունն անտառների վրա` գլխավորապես, անտառային լանդշաֆտները գյուղատնտեսական հողատեսքերի (վարելահող, արոտավայր, խոտհարք և այլն) վերափոխելուց, փոխարինվեց անտառանյութն արդյունաբերական նպատակներով օգտագործելով: 1763-1917թթ. ընթացքում Հայաստանի տարածքում գործող 20 փոքր մետաղաձուլական գործարաններում (8-ը` հյուսիսային, 12-ը` հարավային Հայաստանում) ձուլվել է 75.000 տոննա պղինձ: Եթե մենք ընդունենք փայտանյութից փայտածխի անցման ընդունված կոնվերսիոն գործակիցը, ապա պղնձի ձուլման քանակական տեմպերը նշված 154 տարի ժամանակահատվածի համար կպահանջեին 81.818 մ3 տարեկան փայտանյութ:

Անտառային ռեսուրսների ինտենսիվ օգտագործման մեկ այլ վկայություն հանդիպում է ռուս պատմաբան և երկրագետ Շոպենի աշխատանքում: Այնտեղ մասնավորապես ասվում է, որ 19-րդ դարի երկրորդ կեսին միայն Նոր Բայազետ (ներկայում Գավառ) փոքր քաղաքը, որը գտնվում է Սևանա լճի արևմտյան ափին, տարեկան սպառում էր 2000 մ3-ից ավելի վառելափայտ, ինչը ձեռք էր բերվում լճի արևելյան ափի անտառներից: Հատված փայտանյութը Գավառ էր տեղափոխվում լճի վրայով, սովորաբար երբ վերջինս ծածկվում էր սառույցով:

Բոլոր վերը նշված գրական աղբյուրները և հղումները հաջորդ փուլում ամփոփվել և ներկայացվել են քարտեզի վրա: Այս նպատակով հայ, վրացի և ռուս բուսաբանների ու անտառագետների, մասնավորապես` 1930-1950-ական թթ. աշխատանքները, ինչպես նաև հետագա տարիներին կատարված ուսումնասիրությունների արդյունքները ներկայացվել են քարտեզի տեսքով: Մասնավորապես` 1950-ական թթ. հետո կատարված ուսումնասիրությունները ցույց էին տալիս, որ 17-18-րդ դարերում Հայաստանի անտառային լանդշաֆտները տեղադրված էին 500-700 մ բարձրություններից մինչև 2.500 մ, երբեմն 2.700 մ (բացառիկ դեպքեր հարավային Հայաստանում) բացարձակ բարձրությունները:

20-րդ դարում շարունակվեցին ՀՀ անտառածածկի դրամատիկ փոփոխությունները: Այս ժամանակահատվածի համար, բարեբախտաբար, ՀՀ անտառածածկի վերաբերյալ կան որոշակի տվյալներ, չնայած դրանք երբեմն հակասում են իրար:

1932թ. Խորհրդային Հայաստանի համար կազմված 1:200.000 մասշտաբի քարտեզի վրա ՀՀ անտառածածկը ցույց է տրված, որպես 10,03% կամ 297.846 հա:

 Հայտնի է, որ 1930-1950-ական թթ. ՀՀ-ում իրականացվել են առաջին խոշորամասշտաբ անտառհատումները, որոնք ուղղված էին հանրապետության աճող տնտեսության կարիքները բավարարելուն: Այս հանգամանքն ապացուցվում է ՀՀ անտառածածկի վերաբերյալ առկա գրական աղբյուրներով: Աղյուսակ 1-ից երևում է, որ ՀՀ անտառածածկն իր նվազագույն արժեքին է հասել 1950-ական թթ. վերջերին` 8,1%: Սկսած այս ժամանակահատվածից մինչև ՀՀ անկախությունը` 1991թ., ինտենսիվ հատումները փոխարինվել են անտառպահպանությամբ, լայնամասշտաբ անտառտնկումներով և Ռուսաստանի Դաշնությունից անտառանյութի հսկայածավալ ներմուծումներով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*1993թ. ՀՀ անտառածածկի վերաբերյալ չկան հավաստի քարտեզագրական նյութեր կամ ամփոփ հաշվետվություններ, որի պատճառով նշված անտառածածկ մակերեսը կասկածելի է:

**Անտառի նշված պաշարը նույնպես կասկածելի է, որովհետև մեծ մասամբ հենված է սուբյեկտիվորեն անտառի շարք անցկացված սովխոզային և կոլխոզային խիստ դեգրադացված անտառների և երիտասարդ տնկարկների` մեխանիկորեն անտառի շարք անցկացնելու վրա:

*** Ter-Ghazaryan K. et al.1995 թվականի` ՀՀ անտառային ոլորտի մանրամասն վերլուծություն-հաշվետվությունը վկայում է, որ Անկախության առաջին տարիներին ՀՀ անտառածածկը կազմում էր 300.000 հա, կամ 10%, ինչն ավելի իրական է, քան 334.100 հա-ն կամ 11,2%-ը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1968 թվականին Յա.Ի. Մուլքիջանյանի և Գ.Մ. Ծատուրյանի ղեկավարությամբ կազմված Հայկական ԽՍՀ անտառների 1:200.000 մասշտաբի քարտեզը, որն իր տեսակի մեջ եզակի է անտառատիպերի և մանրամասն մշակված լեգենդայի շնորհիվ, ՀՀ անտառածածկը ցույց է տալիս որպես 288,5 հազ. հա, ինչը բավական մոտ է այդ նույն ժամանակահատվածի համար կատարված ազգային անտառգույքագրման տվյալներին և ուսումնասիրություններին (Աղյուսակ 1):

1960-ական թվականների անտառգույքագրման արդյունքների համաձայն` այդ ժամանակվա անտառածածկը կազմել է 253.000 հա` ՀՀ ընդհանուր տարածքի 8,5%-ը: Գույքագրման արդյունքները ցույց տվեցին, որ փայտանյութի ընդհանուր պաշարը կազմում էր 29,7 մլն. մ3 և մեկ հեկտարի հաշվով պաշարը` 117,4 մ3: 1966թ. ընդհանուր անտառածածկի 88,34%-ը կազմում էին կաղնու, հաճարենու և բոխու խառն անտառները (Աղյուսակ 2):

Անտառազրկման ինտենսիվ գործընթացները, որոնք սկսվեցին 18 և 19-րդ դարերում, ըստ էության, շարունակավեցին մինչև 20-րդ դարի 1950-ական թվականները: Անտառգույքագրման տվյալները ցույց են տալիս, որ 1941թ. ընդհանուր անտառածածկը կազմել է 284.379 հա կամ Հայաստանի տարածքի 9,6%-ը (Աղյուսակ 2): Այս անտառածածկ մակերեսը 1950-ական թվականներին կրճատվեց և հասավ 241.753 հա (հանրապետության տարածքի 8,1%-ը): Հայաստանի, որպես նախկին ԽՍՀՄ անդամի, մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին, ինչպես նաև հետպատերազմյան շրջանի արդյունաբերականացման ու գյուղատնտեսության ինտենսիվացման գործընթացները զգալիորեն նպաստեցին անտառածածկ մակերեսի կրճատման գործընթացները: Ինչևիցե, 1976-1978 թվականների Ազգային անտառգույքագրման արդյունքները գրանցեցին, որ հանրապետության անտառածածկը 1950-ականների համեմատ աճել է 1,88%-ով և դարձել է 9,98%:

Անտառածածկի մակերեսի այս աճը բացատրվում է 1950-1970-ական թվականներին Սևանա լճի շուրջ կատարված ընդարձակ անտառտնկման աշխատանքներով (16.000 հա), ինչպես նաև Երևան, Վանաձոր և ուրիշ քաղաքների շուրջ լայնամասշտաբ անտառհիմնադրման աշխատանքներով: Մյուս կողմից, հանրապետությունում էականորեն կրճատվեց կանոնավոր և ոչ օրինական հատումների ծավալները` կապված Ռուսաստանի Դաշնությունից փայտանյութի կանոնավոր ներհոսքի հետ: 1980-ական թթ. պրակտիկորեն բացակայում էին անտառների արդյունաբերական նպատակներով հատումները, և անտառային ապրանքների նկատմամբ եղած պահանջի 90%-ը բավարարվում էր Ռուսաստանի Դաշնությունից ներմուծվող փայտանյութով:

1986-1989թթ. ազգային անտառգույքագրման արդյունքների համաձայն, որոնք շատերի կողմից վիճարկվում և չեն ընդունվում (այս մասին նշված է նույնիսկ 2005թ. ընդունված Ազգային անտառային ծրագրում), ՀՀ անտառածածկն այդ ժամանակ կազմել է 334.100 հա կամ հանրապետության ընդհանուր տարածքի 11,2 %-ը (Նկ. 3, Աղյուսակ 2): Հանրապետության անտառային պաշարները գնահատվեցին 41,7մլն մ3, իսկ մեկ հեկտարի վրա եղած պաշարը` 124,9 մ3: Սա Խորհրդային Հայաստանի ամենամեծ անտառածածկ մակերեսն է եղել: Սա նշանակում է, որ 1956-1986թթ. ընթացքում յուրաքանչյուր տասնամյակ անտառածածկն աճել է 1%-ի չափով կամ 3.078 հա տարեկան կամ 9.2347 հա` հանրագումարում: Անտառածածկի նման աճի հիմնական աղբյուրը 1960-1980-ական թթ. ընթացքում կատարված անտառտնկումներն էին մի կողմից, իսկ մյուս կողմից` Ռուսաստանի Դաշնությունից ներմուծվող փայտանյութը:

1990-ական թթ. ՀՀ-ի համար շատ բարդ ու հակասական էր: 1991թ. ՀՀ-ն անկախացավ նախկին ԽՍՀՄ-ից: Հաջորդ տարիներին երկրին քաղաքական և տնտեսական մեծ փորձություններ էին սպասվում: ԽՍՀՄ-ից անկախացումը, 1988թ. ավերիչ երկրաշարժը, 1988-1994թթ. պատերազմական իրավիճակը հարևան Ադրբեջանի հետ պատճառ դարձան հանրապետության տրանսպորտային, տնտեսական և էներգետիկ շրջափակումներին: Այս իրավիճակը բնակչության կողմից հսկայական ճնշում առաջ բերեց անտառային պաշարների վրա, առաջին հերթին վառելափայտի ձեռք բերման առումով: Հաշվարկված է, որ 1990-ական թթ. անտառամերձ տնտեսությունների սպառած էներգիայի 50%-ը գալիս է վառելափայտի օգտագործումից:

1991թ. Հայաստանի Հանրապետությունում անկախության հռչակումից մինչ այսօր համազգային անտառգույքագրում չի իրականացվել: ՀՀ անտառների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը նույնիսկ այսօր` վերջին գույքագրումից շուրջ 20 տարի անց, հենվում է 1986-1989թթ. իրականացված վերջին ազգային անտառգույքագրման տվյալների վրա: Բնականաբար, նման հնություն ունեցող տվյալների վրա կառավարման որոշումներ կայացնելը զերծ չի մնա թերություններից:

1997-1999թթ. ՀՀ պետական անտառային գործակալությունը «Հայանտառ» ՊՈԱԿ-ը Շվեդիայի Ազգային անտառային խորհրդի հետ միասին իրականացրին «Հայաստանի Անտառային պաշարների գնահատումը» միջազգային ծրագիրը, որն ընդգրկեց ամբողջ հանրապետության տարածքը: Ի տարբերություն համազգային անտառգույքագրման, որը հենվում էր անտառի յուրաքանչյուր հատվածի գույքագրման վրա, այս համազգային անտառգնհատումը նպատակ ուներ ընդհանուր տեղեկություններ տալ անտառհատումների պաշարների, տարեկան և միջին աճերի ու թույլատրելի հատումների ծավալների վերաբերյալ: Անտառգնահատման այս արդյունքների համաձայն` տարեկան աճը գնահատվեց 2,86 մ3 հա, որն առնվազն երկու անգամ բարձր էր նախկին խորհրդային գույքագրման համապատասխան ցուցանիշից (1,4 մ3 հա): ՀՀ անտառների ճիշտ կառավարման համար ռազմավարական նշանակություն ունեցող այս թվերը դեռևս ճշտման կարիք ունեն և ներկայում պետք է զգուշորեն օգտագործվեն:

1991-1996թթ. ընթացքում թույլատրելի անտառհատումների ծավալը մոտ 100.000 մ3 էր, որը բավարարում էր փայտանյութի ապրանքների նկատմամբ ՀՀ ներքին պահանջի 10-15%-ը: Հաշվարկվել է, որ 1997-2002թթ. ընթացքում չկարգավորված և ապօրինի հատումների տարեկան ծավալը կազմում էր 1.000.000 մ3: 1997-1999թթ. իրականացված հայ-շվեդական անտառգնահատման աշխատանքների արդյունքում թույլատրելի և չկարգավորված ու ապօրինի հատումների ծավալը 1991-1996թթ. ընթացքում կազմել է 600.000 մ3 տարեկան: ՀՀ-ում ներկայում իրականացվող թույլատրելի և իրական հատումների վերաբերյալ ճշգրիտ գնահատականներ չկան: Ամեն դեպքում, հատման վերոհիշյալ մակարդակները շատ ավելի բարձր են, քան 1997-1999թթ. անտառգնահատման արդյունքում ստացված միջին տարեկան աճի արժեքները, որը տարվա կտրվածքով կազմում է 450.000 մ3 տարեկան: Այս թվերը ցույց են տալիս, որ անտառազրկման կամ անտառային լանդշաֆտների դեգրադացիան համազգային մասշտաբներ է ձեռք բերել: Անտառազրկման և անտառների դեգրադացիայի վառ օրինակներ կարելի է տեսնել Սևանա լճի ավազանում, որտեղ մեծ դժվարությամբ ստեղծված արհեստական անտառտնկարկների քառորդ մասը համատարած հատվեց:

Բարձրարժեք կաղնու խառը և հաճարենու անտառները շատ վայրերում փոխարինվեցին ղաժուտներով և ցածրորակ անտառներով` կապված Եվրոպա, Թուրքիա և Իրան բարձրորակ փայտանյութի արտահանման հետ: Չկարգավորված անտառհատումներն առանձնապես վտանգավոր են հարավահայաց դիրքադրությունների վրա, որտեղ բուսածածկն առավել խոցելի է և որտեղ բարձր է նաև արոտավայրերի ծանրաբենվածությունը: Հատումները զգալիորեն արագացրին էրոզիոն գործընթացները, որոնք իրենց հերթին նպաստեցին հզոր սելավային հոսքերի առաջացմանը, հատկապես ամառային ամիսներին, երբ ձևավորվում են բարձր ինտենսիվության հորդառատ անձրևներ: Հողերի սեփականաշնորհումից հետո առաջացած շուրջ 350.000 սեփականատերեր մեծ կախում ունեն խոշոր և մանր եղջերավոր անասնապահությունից (որպես գոյության միջոցի): Չկարգավորված հատումները մեծ վնաս են հասցնում անտառների ինքնավերականգնման ունակություններին և «նպաստում» անտառածածկ մակերեսների կրճատմանը:

Խորհրդային Հայաստանի վերջին ազգային անտառային գույքագրումն իրականացվել է 1986-88թթ., սակայն դրա արդյունքները կասկածի տակ է դրվում նույնիսկ պետականորեն ընդունված փաստաթղթերում, օրինակ` 2005թ. ընդունված Անտառային ազգային ծրագրում: Իսկ գիտական և կիրառական շրջանառության մեջ դրված 334.100 հա կամ 11.2% անտառածածկը ստացվել է 1993թ. անտառների պետական հաշվառումից, որը հենվել է 1986-1988թթ. անտառգույքագրման արդյունքների վրա և կասկածելի է:

Այդ բացը որոշ չափով լրացվում է արբանյակային նկարահանումների արդյունքներով: Վերջին ուսումնասիրությունների համաձայն` հանրապետության ներկա անտառածածկը կազմում է ընհանուր տարածքի շուրջ 8%-ը կամ մոտ 245.000 հա: Ըստ այլ աղբյուրների` Հայաստանի անտառտարածքը կազմում է 12,4%-ից (Աշխարհի անտառների վիճակը-2005, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն (ՊԳԿ) մինչև 12,7% (Հայաստանի վիճակագրական տարեգիրք-2004):

ՀՀ անտառածածկին հատկապես մեծ վնաս են հասցրել անկախությունից հետո իրականացված չկարգավորված և ապօրինի անտառհատումները, որոնք եթե 1990-ական թվականների սկզբին թելադրված էին տրանսպորտային շրջափակումով և էներգետիկ ճգնաժամով, ապա արդեն 1996-97թթ. այն վերածվեց կազմակերպված բիզնեսի` իր մեջ ներառելով փայտամշակման ողջ տրամաբանական շղթան, ներառյալ նաև փայտանյութի արտահանումը:

 Ամենահամեստ գնահատականների համաձայն` 1986-1989թթ. Ազգային անտառային գույքագրումից ի վեր երկրի անտառածածկի առնվազն 3-4%-ը ոչնչացվել է` ենթարկվելով համատարած կամ մասնակի անկանոն հատումների: Սա նշանակում է, որ անտառածածկը 11,2%-ից այսօր դարձել է շուրջ 8%

Բացարձակ թվերով սա նշանակում է, որ անտառածածկը կրճատվել է 90.000 հա-ով, կամ 1988թ. եղած անտառածածկը կրճատվել է գրեթե 1/4-ով: Լայնամասշտաբ թույլատրելի և ոչ թույլատրելի հատումների մեծամասնությունը տեղի է ունեցել խոշոր քաղաքների շրջակայքում (օրինակ, Վանաձոր, Իջևան, Ալավերդի), ինչպես նաև անտառամերձ գյուղական համայնքներում:

1990-2000-ական թթ., երբ Ռուսաստանի Դաշնությունից փայտանյութի ներկրումը համարյա դադարեց, Հայաստանի անտառային արդյունաբերությունը կախված էր հիմնականում երկրում ապօրինի հատվող փայտանյութից: 1990-ական թթ. երկրորդ կեսին անտառհատումները վառելափայտ ստանալու նպատակով զգալիորեն կրճատվեցին` կապված երկրում գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման հետ: Այս հանգամանքը, սակայն, չկանխեց անտառամերձ մի շարք քաղաքային և գյուղական համայնքներում անտառներից վառելափայտ դուրս բերելու հանգամանքը:

Այն մարդիկ և կազմակերպությունները, որոնք 1990-ական թվականների սկզբներին ապօրինի հատումներ էին կատարում վառելափայտ ստանալու և վաճառելու համար, աստիճանաբար փոխեցին իրենց «բիզնեսի դեմքը՚: Արդեն 1990-ական թվականների կեսերին նրանք զբաղվեցին անտառից շինափայտի (դուռ, լուսամուտ և կահույք պատրաստելու համար), ինչպես նաև բարձրորակ կաղնու փայտանյութի դուրսբերման (կոնյակի հնեցման նպատակով տակառներ արտադրելու համար) ու կաղնու և հաճարենու որակյալ փայտանյութը Եվրոպա, Թուրքիա և Իրան արտահանելու աշխատանքներով: Զարգացման այս շղթայում որքան մեծանում էին եկամուտները, այնքան «բիզնեսը» մեծ ծավալ էր ստանում ու դառնում ավելի կազմակերպված:

Քանի դեռ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներով և վիճակագրական մեթոդներով հագեցած համազգային անտառգույքագրում չի իրականացվել, անտառածածկի վերաբերյալ տվյալները միշտ կօգտագործվեն որոշակի վերապահումներով: Ինչևիցե, առանց որևէ կասկածի կարելի է հաստատել, որ անտառազրկումը և անտառային պաշարների դեգրադացիան շարունակվում են: 2000թ. ՀՀ անտառածածկի քարտեզը կազմվել է մի շարք հաշվետվությունների և ուսումնասիրությունների, անձնական բազմաթիվ դաշտային այցելությունների, ինչպես նաև «Landast», «Quick-Bird», «SPOT» արբանյակային համակարգերից ստացված օդանկարների վերլուծությունից: Այն անտառտարածքները, որտեղ չկարգավորված հատումները մեծ թափով են ընթանում, կարող են պատճառ դառնալ անտառային լանդշաֆտների արագ քայքայմանը և անհետացմանը:

Share    



Գնահատում

Ինչպե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am