Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մեջբերումներ դասականներից

Մեջբերումներ դասականներից
Դեկտեմբեր 2008, N 9

ԱՂԵՏՆԵՐԸ ԵՎ ՄԱՐԴԸ

ՄԱՀԱԲՀԱՐԱԹԱ

Մարդկանց նախահայր Մանուն մահից փրկեց և օգնեց մեծանալ հրաշալի ձկանը, ինչի համար ձուկը նրան երախտապարտ եղավ խորհրդով: Ձկան ասած տարում Մանուն մի նավ կառուցեց, մտավ նրա մեջ, և երբ ջրհեղեղը սկսվեց, ձուկը լողալով մոտեցավ, պարանով նավն անցկացրեց իր եղջյուրին և լողաց դեպի հյուսիսային սարը:

 

ՀԻՆ ՀՈՒՆԱԿԱՆ ԱՌԱՍՊԵԼԸ ՋՐՀԵՂԵՂԻ ՄԱՍԻՆ

Զևսը որոշեց հանցագործությունների համար կործանել մարդկային ցեղը և համաշխարհային ջրհեղեղ ուղարկել: Դևկալիոնը, Պրոմեթևսի խորհրդով, նավ կառուցեց, որի վրա փրկվեցին ինքը և Պիրան` միակ երկուսը մարդկանցից: Իններորդ օրը Դևկալիոնի նավը կանգ առավ Պառնասի գագաթի մոտ:

 

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ

Եվ ջրերը երկրի վրա շատ զորացան, և բոլոր երկնքի տակ եղող բոլոր բարձր սարերը ծածկվեցին: Ջրերը 15 կանգուն վեր բարձրացան, և սարերը ծածկվեցին: Եվ երկրի վրա շարժվող ամեն մարմին` թե´ թռչուն, թե´ անասուն, թե´ գազան և թե´ երկրի վրա սողացող ամեն սողուն, և ամեն մարդ մեռավ: Ամենը, որի ռունգերի մեջ կենդանության շունչ կար, այն բոլորը, որ ցամաքի վրա էր, մեռան:

 

***

Եվ Աստված ասաց Նոյին` ամենառաքինին այն ժամանակ ապրող բոլոր մարդկանցից.

«Արդ դու քեզ համար խեժաբեր փայտից մի տապան շինիր, և տապանը խորշերով շինիր, և նրան ծեփիր կուպրով ներսից և դրսից, և այսպես պիտի շինես նրան. տապանի երկայնությունը երեք հարյուր կանգուն, լայնությունը` հիսուն կանգուն և բարձրությունը` երեսուն կանգուն: Տապանին լուսամուտ շինես, և մինչև մի կանգուն կատարես նրան վերևից. և տապանի դուռը կողքից դնես. ներքնատնով, միջնատնով և վերնատնով շինես նրան:

Եվ ահա երկրի վրա ջրհեղեղ պիտի բերեմ այն ամեն մարմինը կորցնելու համար, որի վրա կենդանության շունչ կա երկնքի տակ, և երկրի վրա ինչ որ կա, պիտի սատկի:

Բայց իմ ուխտը կհաստատեմ քեզ հետ, և տապանը կմտնես դու և քո որդիք, և կինդ և որդկանցդ կանայք քեզ հետ:

Եվ ամեն անասուններից և ամեն մարմնից երկու-երկու հատ` ամենից տապանը բերես, որ քեզ հետ ապրեն, արու և էգ լինեն»:

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՋՐՀԵՂԵՂԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԲՈՒ ՖՐԻՈՒ ՀՐՎԱՆԴԱՆԻ ՀՆԴԿԱՑԻՆԵՐԻ ՄՈՏ

Ապրում էր աշխարհում հմուտ կախարդ ու հրաշագործ Թամանդուարեն: Մեծ աստված Թուպին ասաց նրան, որ շուտով մեծ ջրհեղեղ է լինելու, որը ողողելու է ողջ աշխարհը, անգամ բարձր ծառերն ու լեռները: Միայն մի գագաթ է բարձր մնալու ջրից, իսկ նրա վրա` մի մեծ ծառ կոկոս ընկույզ հիշեցնող պտուղներով: Հենց այդ ծառին էլ հրաշագործն իր ընտանիքի հետ կարող է փրկվել հարկ եղած ժամանակ: Թամանդուարեն շտապեց ընտանիքի հետ բարձրանալ այդ լեռան գագաթը: Եվ երբ նրանք այստեղ կատարյալ անվտանգության մեջ հայտնվեցին, անձրև սկսվեց, որն անընդհատ գալիս էր ու գալիս: Ջուրը ծածկեց ողջ աշխարհը, ծածկեց լեռը և անգամ գագաթը ծածկեց: Այդ ժամանակ մարդն իր ընտանիքի հետ բարձրացավ արմավենին և մնաց նրա ճյուղերին այն ողջ ընթացքում, քանի դեռ շարունակվում էր ջրհեղեղը` սնվելով ծառի պտուղներով: Ջրի հետ քաշվելուց հետո նրանք իջան ծառից և այնքան շատացան, որ ժամանակի ընթացքում կրկին բնակեցրին հեղեղից ամայացած աշխարհը:

 

ԿՈՌՆԵԼԻՈՒՍ ՏԱԿԻՏՈՒՍ

Իտալիայի վրա փորձանքներ են թափվում, որոնք նա երբեք չի իմացել կամ չի տեսել անհիշելի ժամանակներից. Կամպանիայի ծաղկուն ափերը կամ ծովն է հեղեղել, կամ թաղվել են լավայի ու մոխրի տակ:

 

ՊԼԻՆԻՈՒՍ ԿՐՏՍԵՐ

Տակիտուսին գրած նամակից (Վեզուվի ժայթքման ժամանակ հորեղբոր` Պլինիուս Ավագի մահվան մասին)

Ծծմբահոտն ու սաստիկ տապը ցրեցին խմբի մնացորդներին: Պլինիուսը դժվարությամբ ոտքի կանգնեց` երկու ծառաների օգնությամբ, բայց նույն պահին էլ մեռած գետին տապալվեց:

 

ԳԱՅՈՍ ՍՎԵՏՈՆԻՈՍ

(ՀՌՈՄԻ ՀՐԴԵՀԻ ՄԱՍԻՆ)

Ասես նրան զզվեցրել էին հին տներն ու նեղ, ծուռումուռ նրբանցքները, նա այրեց Հռոմն այնքան բացահայտ, որ շատ կոնսուլյարներ իրենց բակերում բռնում էին նրա ծառաներին ջահերն ու խծուծները ձեռքներին, բայց չէին համարձակվում ձեռք տալ նրանց. իսկ ամբարները, որ գտնվում էին Ոսկե պալատի մոտ և, Ներոնի կարծիքով, չափից ավելի տեղ էին խլում նրանից, ասես սկզբից ավերվել էին ռազմական մեքենաներով, իսկ հետո այրվել, որովհետև դրանց պատերը քարից էին: Վեց օր և յոթ գիշեր մոլեգնում էր աղետը, իսկ ժողովուրդն ապաստան էր փնտրում քարե հուշարձաններում և դամբարաններում: Բացի անհամար բնակելի շինություններից, այրվում էին հին զորավարների` դեռևս թշնամական ավարով զարդարուն տները, այրվում էին աստվածների տաճարները, որ վեր էին խոյացել ու օծվել արքաների օրոք, իսկ հետո` պունիական և գալիական պատերազմների ժամանակ այրվում էր ամեն արժանավոր ու հիշարժան բան, ինչ մնացել էր հին ժամանակներից: Այդ հրդեհին նա նայում էր Մեկենասյան աշտարակից` հրճվելով, իր խոսքերով, հիասքանչ բոցով, և թատերական հանդերձանքի մեջ երգում էր «Տրոյայի կործանումը»: Բայց այստեղ էլ նա բաց չթողեց ավարի ու շահի առիթը. հայտարարելով, որ բեկորներն ու դիակները կայրվեն պետության հաշվին, նա թույլ չէր տալիս մարդկանց մոտենալ իրենց ունեցվածքի մնացորդներին, իսկ պրովինցիաներից և մասնավոր անձանցից բերված ընծաները ոչ միայն ընդունում էր, այլև պահանջում` մինչև վերջ սպառելով նրանց ունեցածը:

 

ԶԱՔԱՐԻԱ ՔԱՆԱՔԵՌՑԻ, 1697թ.

«ԵՐԵՎԱՆԻ ՍԱՐՍԱՓԵԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՄԱՍԻՆ»

Հունիս ամսի 4-ին աստվածասաստ իջավ Արարատյան երկի վրա, որովհետև Աստված բարկությամբ նայեց իր արարածներին: Համբարձմանը հաջորդող երեքշաբթի օրը, օրվա յոթերորդ ժամին, երկիրն այնպես գոռաց, ինչպես ամպեր են որոտում: Գոռալուց հետո ահագին դղրդյունով շարժվեց Արարատյան երկիրը, որն առհասարակ դողում ու երերում էր ըստ (Սբ. Գրքի) այն խոսքի, թե ո՞վ է նայում երկրին և այն դողացնում, կամ թե` երկրի հիմքերն էին տատանվում: Այս երկրաշարժը եղավ Գառնիի կողմից, և փուլ եկան բոլոր շինությունները, գեղեցկահարկ բնակարանները, վանքերն ու եկեղեցիները: Ահա ավերված եկեղեցիները` Աղջոց վանքը, Այրիվանքը, Հայոց թառը, Տրդատակերտը, Խորվիրապը, Ջրվեժը, Ձագավանքը, Նորքի, Գամրեզի (եկեղեցիները): Երևանի բերդը հիմքից, մզկիթն ու մինարեթները տապալվեցին: Բազմաթիվ տեղերում նոր աղբյուրներ բխեցին, բազմաթիվ աղբյուրներ էլ խցանվեցին: Փուլ եկան քարափները: Լցվեցին առուները և փակեցին ջրերի ճանապարհները: Բազմաթիվ գյուղեր քանդվեցին: Քանաքեռ գյուղում հավի մի բուն անգամ չմնաց: Զարմանալին այն էր, որ նույն Քանաքեռում շուռ եկան մի տան չորս պատերն էլ, բայց տանիքը չորս սյուների վրա մնաց հաստատուն, կարծես օդից էր կախված: Երկրաշարժը հասավ մինչև Կարբի գյուղը, ուր երեք հոգի մեռավ: Հովհաննավանքի սուրբ ուխտի բոլոր գեղեցիկ ապարանքները փուլ եկան, եկեղեցին խախտվեց, և մենք հազիվ ազատվեցինք մեռնելուց: Փլատակների տակ մնացածների մի մասին հազիվ կարողացան ազատել, իսկ ում չկարողացան ազատել, նրանց տները դարձան իրենց իսկ գերեզմանները: Մեռելներն ավելի շատ էին, քան կենդանի մնացածները: Թեև ես չկարողացա իմանալ բոլոր տեղերում մահացածների թիվը, բայց իմ հայրենի Քանաքեռ գյուղում 1228 մեռել հաշվեցին: Ո´չ շուն մնաց, ո´չ կատու, ո´չ էլ հավ: Երկրաշարժը տևեց մինչև հոկտեմբեր ամիսը:

 

ՅՈՀԱՆ ՎՈԼՖԳԱՆԳ ԳՅՈԹԵ

(ԼԻՍԱԲՈՆԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՄԱՍԻՆ, 1755թ.)

1755թ. նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ Լիսաբոնի երկրաշարժը, որն անսահման սարսափի մեջ գցեց արդեն անդորրի ու լռության սովոր աշխարհը: Հողը երերում է ու դողում, ծովը` եռում, իրար են բախվում նավերը, ընկնում են տները, դրանց վրա` աշտարակներն ու եկեղեցիները, թագավորական պալատի մի մասը կլանել է ծովը... Թվում է, թե ճեղքված գետինը բոց է ժայթքում, քանի որ կրակն ու ծուխը հորդում են ավերակների միջից: Վաթսուն հազար մարդ, որ ընդամենը մեկ րոպե առաջ հանգիստ էր ու անխռով, մի ակնթարթում զոհվում է:

 

ՎՈԼՏԵՐ

(ԼԻՍԱԲՈՆԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՄԱՍԻՆ, 1755թ.)

Հազիվ էին հասցրել նրանք քաղաք մտնել` սգալով իրենց բարերարի մահը, երբ հանկարծ զգացին, որ հողը երերում է իրենց ոտքերի տակ: Ծովը նավահանգստում, եռալով, բարձրանում և խարսխված նավեր է կործանում: Կրակի ու մոխրի պտտահողմերը մոլեգնում են փողոցներում ու հրապարակներում, տները քանդվում են, տանիքները գետին են տապալվում, պատերը փոշի են դառնում: Երեսուն հազար մարդ` երկու սեռի և ամեն տարիքի, զոհվեցին ավերակների տակ:

Երկրաշարժից հետո, որն ավերեց Լիսաբոնի երեք քառորդը, երկրի իմաստունները վերջնական կործանումից փրկվելու ավելի ճիշտ միջոց չգտան, քան ժողովրդի համար աուտոդաֆեի հիասքանչ տեսարան սարքելը: Կոիմբրի համալսարանը որոշեց, որ մի քանի մարդու խարույկի հանելը ցածր կրակի վրա, բայց մեծ արարողությամբ, անկասկած, երկրի դողքը կանգնեցնելու ճիշտ միջոց է:

Դրա արդյունքում բռնեցին մի բիսկայացու, որը մերկացվել էր այն բանում, որ ամուսնացել էր սեփական խնամու հետ, և երկու պորտուգալացու, որոնք ճուտիկի ճարպն էին կտրել մինչև նրան ուտելը:

 

ՉԱՐԼԶ ԴԱՐՎԻՆ

(ՉԻԼԻԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՄԱՍԻՆ, 1835թ.)

Ցնցումից շատ չանցած, երեք-չորս մղոն հեռավորության վրա վիթխարի ալիք երևաց: Այն մոտենում էր և ծոցի մեջտեղում հարթ էր, բայց ափի երկայնքով սրբեց-տարավ տնակներն ու ծառերը և առաջ էր նետվում անկասելի ուժով: Ծովախորշի խորքում այն փուլ եկավ ահարկու սպիտակ փրփրաբաշ ալիքների շարանով, որոնք վեր էին խոյանում 23 ֆուտ բարձրությամբ... Փրփրալիքի ուժը պետք է որ հսկայական լիներ, քանի որ ամրոցում չորս տոննանոց լաֆետով հրանոթը տասնհինգ ֆուտ ներս էր հրել: Ավերակների մեջ, ափից երկու հարյուր յարդ հեռավորության վրա, լռվել էր առագաստանավը: Առաջին ալիքին հետևեցին ևս երկուսը, և նավերի ու նավակների բազում ջարդուխուրդ նավակմախքներ դրանց հետընթացի ժամանակ ջրասույզ եղան: Ծոցի մի ծայրում նավը մեծ հեռավորությամբ ափ էր նետվել, այնուհետև ջրասույզ եղել, կրկին ափ նետվել ու նորից քշվել ալիքի կողմից:

 

ԲՈՒՇԻՑԿԻ, ԿՈՄՍ Մ. ՄԻԼՈՐԱԴՈՎԻՉԻ ՀԱՄՀԱՐԶ

(ՆԵՎԱՅԻ ՀԵՂԵՂՈՒՄԸ, 1824թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 7)

Նևայի ջուրը եռում էր` ասես կաթսայում: Առափնյա տները նավերի առագաստներ էին թվում, որ ընկղմվում էին ալիքների մեջ: Պալատի դիմահար հրապարակում պատկերն այսպիսին էր: Գրեթե սև երկնքի տակ մուգ կանաչավուն ջուրը պտտվում էր ասես վիթխարի ջրապտույտում. օդում, բարձր ու արագ պտտվելով, լայն երկաթաթիթեղներ էին թռչում` պոկված Գլխավոր շտաբի նորակառույցի տանիքից: Փոթորիկը խաղում էր նրանց հետ այնպես, ասես փետուր լինեին:

Ոչնչացման ու կործանման տեսարանները հատկապես սարսափելի էին չուգունի գործարանում: Հեղեղումը սկսելուն պես աշխատավորներին թույլատրվել էր վերադառնալ իրենց կացարանները, որոնք հեռու էին գործարանից: Բայց ջուրն այնքան շատ էր դուրս եկել ափերից, որ շուտով անհաղթահարելի խոչընդոտ դարձավ:

Ալեքսանդր I-ը հեղեղման սարսափներին հետևում էր Ձմեռային պալատի պատշգամբից: Հազիվ մի փոքր ջուրը հետ էր քաշվել և հնարավոր էր փողոցներով անցնել` նա գնաց թիանավերի նավահանգիստ:

Ավերածությունների ահավոր տեսարան բացվեց նրա առջև: Ցնցված` նա դուրս եկավ կառքից և մի քանի րոպե անխոս կանգնեց: Արցունքները դանդաղ գլորվում էին նրա աչքերից: Ժողովուրդը շրջապատեց կայսրին լաց ու կականով: «Մեր մեղքերի համար Աստված մեզ պատժում է»,- ասաց մեկն ամբոխի միջից: «Ո´չ, ի´մ մեղքերի»,- վշտագին, տխուր պատասխանեց թագավորը:

Մի ամբողջ շաբաթ նա այցելեց ավերածությունների վայրերը` տուժածներին բերելով նյութական օգնություն և մխիթարություն:

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԲՈՅԵԴՈՎ

(ՆԵՎԱՅԻ ՀԵՂԵՂՄԱՆ ՄԱՍԻՆ, 1824թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 7)

Ուժեղագույն քամի, իսկ համայնապատկերում աղետի լայնընդգրկուն տեսարանն է... Քաոս, օվկիանոս, ջրատիղմի աղոտ խառնակում, որն ամենուր հոսում էր քաղաքի տեսանելի մասում, իսկ հարևան տներում, նկատեցի ես, թե ինչպես է ջուրը հասնում վառելափայտի պաշարներին, մաս-մաս, կտոր-կտոր անում դրանք, և տակառները, կուլաները, սայլերը քշում մի ընդհանուր ջրանդունդի մեջ... Մի քանի աստիճան իջնելով` իմացա, որ տասնհինգ երեխաներ, կառչելով, սողացել էին կտուրներով ու դեռ չխորտակված ցանկապատերով. օդանցքով փրկվել տանտիրոջ սպասավորների մոտ... Այդ ամենը որբացավ: Ո՞ւր են նրանց հայրերը, մայրերը:

 

ՄԱԼԹՈՒՍ

Մարդը, որ եկել է արդեն զբաղեցված աշխարհ, եթե նրան ծնողները կերակրել չեն կարող, ինչը նա կարող է հիմնավորված ձևով պահանջել, և եթե հասարակությունը նրա աշխատանքի կարիքը չունի, որևէ կերակրման իրավունք չունի. ըստ էության` նա ավելորդ է: Կյանքի մեծ խրախճանքում նրա համար տեղ չկա: Բնությունը հրամայում է նրան հեռանալ և ինքն էլ չի հապաղում ի կատար ածել իր դատավճիռը:

... Ես պնդել ու հիմա էլ շարունակում եմ հավատալ, որ եթե երկրի գոյամիջոցները թույլ չեն տալիս բնակչության արագ աճ (իսկ դա կախված չէ ծաղկապատվաստումից), ապա անխուսափելիորեն պետք է տեղի ունենա երկուսից մեկը. կա´մ մահացության աճ մի ինչ-որ այլ պատճառից, կա´մ ծնելիության հարաբերական թվի նվազում: Բայց ես միևնույն ժամանակ ցանկություն եմ արտահայտել, որ տեղի ունենա վերջինը. ուստի այն սկզբունքների հիման վրա, որոնք ես միշտ հռչակել եմ, ինձ պետք է համարել, և դա համապատասխանում է իրականությանը, ծաղկապատվաստման կրքոտ կողմնակից: Չունևորների բարեկեցության բարելավման և նրանց մեջ մահացությունը նվազեցնելու համար անելով ինձնից կախված ամեին ինչ` ես գործում եմ լիովին համապատասխան իմ սկզբունքներին:

Հին ժողովուրդների միջև պատերազմների գլխավոր պատճառներից մեկը տեղի և սննդի պակասն էր. թեև ժամանակակից ժողովուրդների գոյության պայմաններում որոշ փոփոխություններ են կատարվել, այնուամենայնիվ, այդ նույն պատճառը չի դադարել գործել` փոխելով միայն իր լարվածության աստիճանը: Տիրակալների փառասիրությունը չէին բավարարի զենքներն ավերածությունների համար, եթե աղետները չստիպեին հասարակության ստորին դասերին անցնել նրանց դրոշի տակ: Հավաքողները երազում են վատ հունձքի մասին. նրանց ձեռնտու է, որ որքան հնարավոր է շատ ձեռքեր անգործ մնան, այլ խոսքերով` նրանց ձեռնտու է ազգաբնակչության ավելցուկը: Ավելի վաղ ժամանակներում, երբ պատերազմը մարդկանց գլխավոր զբաղմունքն էր, և երբ դրա արդյունքում բնակչության նվազումն անհամեմատ ավելին էր, քան մեր օրերում, օրենսդիրներն ու պետական այրերը, որ միշտ մտահոգ են հարձակման ու պաշտպանության համար միջոցներ որոնելով, իրենց պարտականությունն էին համարում բոլոր հնարներով խրախուսել բնակչության բազմացումը. այդ նպատակով նրանք ջանում էին խայտառակել ամուրիությունն ու անպտղությունը և, հակառակը, պատվել ամուսնությունը: Ժողովրդական հավատալիքները ձևավորվում էին այս կանոնների ազդեցությամբ: Շատ երկրներում բազմածնությունը խոնարհման առարկա էր: Մուհամեդի կրոնը, որ հիմնված է սրով և իր ուղղահավատ հետևորդների նշանակալի թվի ոչնչացման ճանապարհով, նրանց համար որպես կարևորագույն պարտականություն է սահմանել որքան հնարավոր է շատ երեխաներ ծնել իրենց Աստծուն փառաբանելու համար: Նման կանոններն ամուսնությունների հզոր խթան էին հանդիսանում, իսկ դրանց արդյունքում առաջ եկած բնակչության արագ աճը միաժամանակ և´ հետևանքն էր, և´ պատճառը մշտական պատերազմների, որոնցով աչքի էր ընկնում մարդկության այդ ժամանակաշրջանը: Նախորդ պատերազմի արդյունքում ամայացած տեղանքը բնակեցվում էր նոր բնակիչներով, որոնք նախատեսված էին նոր բանակների կազմավորման համար, իսկ արագությունը, որով կատարվում էին հավաքագրումները, պատճառն ու հետևանքն էին նոր ավերածությունների: Այսպիսի նախապաշարմունքների տիրապետության պարագայում դժվար է կանխատեսել պատերազմների վերջը...

Հարկավոր է իմ ուսմունքը չհասկանալ այն բանի համար, որ ինձ բնակչության բազմացման թշնամի համարեն: Թշնամիները, որոնց դեմ ես պայքարում եմ, արատն ու աղքատությունն են:

 

ՎԼԱԴԻՄԻՐ ԼԵՆԻՆ

«ՊԱՏԱՍԽԱՆ Պ. ԿԻԵՎՍԿՈՒՆ (ՅՈՒ. ՊՅԱՏԱԿՈՎԻՆ)» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ

Հայրենիքի պաշտպանությունը կեղծիք է իմպերիալիստական պատերազմում, բայց ամենևին էլ կեղծիք չէ դեմոկրատական և հեղափոխական պատերազմում: «Իրավունքների» մասին խոսակցությունները ծիծաղելի են թվում պատերազմի ժամանակ, քանի որ ցանկացած պատերազմ իրավունքի փոխարեն ուղղակի և անմիջական բռնություն է դնում, բայց դրա պատճառով չպետք է մոռանալ, որ պատմության մեջ, անցյալում եղել են պատերազմներ (և հավանաբար կլինեն, պետք է լինեն ապագայում), որոնք, պատերազմի ժամանակ ցանկացած «իրավունք», ցանկացած դեմոկրատիա փոխարինելով բռնությամբ, իրենց սոցիալական բովանդակությամբ, իրենց հետևանքներով ծառայել են դեմոկրատիայի և, հետևաբար, սոցիալիզմի գործին:

 

ԱԼԲԵՐՏ ԷՅՆՇՏԵՅՆ

ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀ ՖՐԱՆԿԼԻՆ ՌՈՒԶՎԵԼՏԻՆ ԳՐԱԾ ՆԱՄԱԿԻՑ

1939թ. ՕԳՈՍՏՈՍԻ 2

Ֆ.Դ. Ռուզվելտին

Միացյալ Նահանգների նախագահին

Սպիտակ տուն, Վաշինգտոն

Սըր,

Ֆերմիի և Սկիլարդի վերջին մի քանի աշխատությունները, որ կարդացել եմ, ստիպում են ինձ ակնկալել, որ մոտ ապագայում ուրանը կարող է փոխակերպվել էներգիայի նոր և կարևոր աղբյուրի: Ծագած իրավիճակի մի քանի ասպեկտներ, ըստ երևույթին, զգոնության և, անհրաժեշտության դեպքում, արագ գործողություններ են պահանջում կառավարության կողմից: Ես իմ պարտքն եմ համարում Ձեր ուշադրությունը սևեռել հետևյալ փաստերի և առաջարկների վրա: Վերջին չորս ամիսների ընթացքում, շնորհիվ Ֆրանսիայում Ժոլիոյի, ինչպես նաև Ամերիկայում Ֆերմիի և Սկիլարդի աշխատանքների, իրական է դարձել ուրանի մեծ քանակությամբ միջուկային ռեակցիայի ստանալը, ինչի հետևանքով կարելի է զգալի էներգիա ազատել և ռադիոակտիվ տարրերի մեծ քանակություն ստանալ: Կարելի է գրեթե հավաստի համարել, որ դա իրականություն կդառնա մոտ ապագայում: Իր հերթին դա կարող է նպաստել ռումբերի, հնարավոր է` նոր տիպի բացարձակ հզոր ռումբերի ստեղծմանը: Նավով բերված և նավահանգստում պայթած այդ տիպի մեկ ռումբը ամբողջությամբ կկործանի ողջ նավահանգիստը` հարակից տարածքներով: Նման ռումբերը կարող են չափից ավելի ծանր լինել օդային տեղափոխման համար:

Միացյալ Նահանգներն ուրանի քիչ պաշարներ ունի: Դրա հարուստ հանքավայրերը գտնվում են Կանադայում և Չեխոսլովակիայում: Լուրջ աղբյուրներ կան Բելգիական Կոնգոյում: Սա նկատի ունենալով` ցանկալի կլիներ մշտական կապ հաստատել կառավարության և ֆիզիկոսների խմբի միջև, որն Ամերիկայում հետազոտում էր շղթայական ռեակցիայի խնդիրները:

Նման կապի համար Դուք կարող էիք լիազորել Ձեր վստահությունը վայելող մեկին, որը ոչ պաշտոնապես կիրականացնի հետևյալ երկու գործերը.

ա. կապ պահպանել կառավարական հաստատությունների հետ, իրազեկել նրանց հետազոտությունների մասին և անհրաժեշտ հանձնարարականներ տալ նրանց, հատկապես Միացյալ Նահանգներին ուրանով ապահովելու մասով,

բ. աջակցել փորձարարական աշխատանքների արագացմանը (որոնք հիմա կատարվում են համալսարանական լաբորատորիաների ներքին միջոցների հաշվին)` անհրաժեշտ միջոցներ ունեցող անհատների և արդյունաբերական լաբորատորիաների ներգրավման ճանապարհով:

Ինձ հայտնի է,որ Գերմանիան ներկայում դադարեցրել է չեխոսլովակյան հանքերից բռնագրաված ուրանի վաճառքը: Նման քայլերի անհրաժեշտությունը գուցե հասկանալի դառնա, եթե հաշվի առնենք այն, որ Գերմանիայի արտաքին գործերի փոխնախարարի որդին` Ֆոն Վայցզեկերը, գործուղվել է Բեռլինի Վիլհելմ կայսեր ընկերության ֆիզիկայի ինստիտուտը, որտեղ ներկայում կրկնվում են ուրանի գծով ամերիկյան աշխատանքները:

Անկեղծորեն Ձեր` Ալբերտ Էյնշտեյն

Օլդ Գրով Ռեդ, Նասաու-Փոյնթ-Փեկոնիկ, Լոնգ Այլենդ

 

ԱԼԲԵՐՏ ԷՅՆՇՏԵՅՆ, 1951թ.

Իմ մասնակցությունը միջուկային ռումբի ստեղծմանը կայանում է մեն-մի արարքում. ես ստորագրել են նախագահ Ռուզվելտին հասցեագրված նամակը, որում ընգծում էի միջուկային ռումբի ստեղծման հնարավորության հետազոտման ուղղությամբ մեծ ծավալի փորձարկումներ անցկացնելու անհրաժեշտութունը: Ես լիովին հասկանում էի, թե ինչ վտանգ է նշանակում մարդկության համար այդ ձեռնարկման հաջողությունը: Սակայն հավանականությունն այն բանի, որ այդ նույն խնդրի վրա հաջողություն ունենալու հույսով կարող էր աշխատել և նացիստական Գերմանիան, ստիպեց ինձ կատարել այդ քայլը: Ես այլ ընտրություն չունեի, թեև միշտ համոզված պացիֆիստ եմ եղել...

 

ՀԱՐԻ ԹՐՈՒՄԵՆ

Եթե Ստալինը հանկարծ մեռնի, դա կլինի նախնական Մեծ եռյակի վերջը: Սկզբում` Ռուզվելտի մահը, հետո` Չերչիլի քաղաքական պարտությունը, հետո` Ստալինը: Հետաքրքիր է` ի՞նչ կլինի Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում, եթե Ջոն անսպասելորեն մահանա: Եթե ինչ-որ դեմագոգներ ձիերի վրա վերցնեն Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հզոր ռազմական մեքենայի վերահսկողությունը, դա ժամանակավորապես կարող է քաոս սփռել եվրոպական խաղաղ գործընթացի մեջ: Հետաքրքիր է` կա՞ արդյոք մեկը, որ բավական ուժեղ և ընդունակ կլինի Ստալինի տեղը զբաղեցնելու և տանը խաղաղություն ու միասնություն պահելու համար: Դիկտատորներն իրենց իշխանության հետնորդին պատրաստելու սովորություն չունեն: Ես ռուսների մեջ այդ կոնֆերանսի ժամանակ չտեսա որևէ մեկին, որն ունակ կլիներ աշխատել այդ տեղում: Մոլոտովն ի վիճակի չի լինի: Նույնը` Վիշինսկին, իսկ Մայսկին անկեղծ չէ: Բայց կապրենք` կտեսնենք: Քեռի Ջոն դեռևս շատ ուժեղ է հոգեպես և ֆիզիկապես, բայց ամեն մարդ հանգում է իր վերջին, և մենք օգնել չենք կարող, այլ ընդամենը` գուշակել:

ԱՄՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԹԻՄՍՈՆ, 1945թ. ՕԳՈՍՏՈՍԻ 6

Վաշինգտոնի ժամանակով երեկոյան ժ. 7:15-ին մեծ ռումբ է նետվել Հիրոսիմայի վրա: Առաջին հաշվետվությունները վկայում են լիակատար հաջողության մասին, որն ավելի տպավորիչ էր, քան վերջին թեստը:

ՀԱՐԻ ԹՐՈՒՄԵՆ

Դա ամենանշանավոր իրադարձությունն է պատմության մեջ:

Շատ տարիներ հետո Թրումենը գրել է. «ՌուսաստանՆ այնտեղ այլ ծրագիր չուներ, բացի Եվրոպայի ազատ մասը գրավելը, որքան հնարավոր է շատ գերմանացիներ սպանելը և արևմտյան դաշնակիցներին հիմարացնելը: Անգլիան ցանկանում էր վերահսկողություն հաստատել արևելայն Միջերկրածովի վրա, պահել Հնդկաստանը, Պարսկաստանի նավթը, Սուեզի ջրանցքը և մնացյալը, ինչ առկախ էր մնացել: Եվ կլոր սեղանի մի անկյունում կար այնտեղ մի անմեղ իդեալիստ, որ ցանկանում էր ազատագրել ջրային ուղիները, Դունայ-Հռենոս-Քիլ ջրանցքը, ամբողջովին ազատագրել Սևծովյան և Պանամայի նեղուցները, վերականգնել Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Լեհաստանը, Չեխոսլովակիան, Ռումինիան և Բալկանները և համապատասխան վերաբերմունքի հասնել Լատվիայի, Լիտվայի, Ֆինլանդիայի նկատմամբ, ազատություն տալ Ֆիլիպիններին, Ինդոնեզիային, Հնդկաչինին, Չինաստանի Հանրապետությանը և ազատագրել Ճապոնիան:

Գիտունները, լրագրողները, ռադիոմեկնաբանները և այլք հետաքրքրվում են, թե ինչու է Ռուսաստանը հիմա ավելի հեշտ համոզվում, քան մեկ տարի առաջ: Նրանցից ոչ մեկի մտքով չանցավ մամուլում կամ եթերով ասել, թե հնարավոր է` ինչ-որ մեկը նրանց ասել է, որ համաձայնության կարելի է հասնել խաղաղ հիմքով, եթե ուզում են: Բայց եթե խաղաղ հիմքն այն չէ, ինչ Ռուսաստանն ուզում է, Միացյալ Նահանգները պատրաստ է նրանց հետ այլ հիմքով խոսել: 1945թ. հուլիսին Բեռլինի հանդիպման ժամանակ նախագահը հայտարարեց, որ ազատ Դունայն անհրաժեշտ է Կենտրոնական Եվրոպայում խաղաղության համար և Կենտրոնական Եվրոպայի տնտեսության համար: Որ Դարդանելը, Քիլի ջրանցքը, Հռենոսի և Դունայի միջև ընկած հողը պետք է լիենեն ազատ բոլոր երկրների համար նույն հիմքի վրա, որ Մանջուրիան պետք է չինական լինի, որ Դայրենը պետք է բաց նավահանգիստ լինի, որ Ռուսաստանը պետք է ստանա Կուրիլները և Սախալինը, որ մենք վերահսկելու ենք Ճապոնիան և Խաղաղ օվկիանոսը, որ Գերմանիան պետք է տնտեսապես լրիվ օկուպացվի չորս տերությունների կողմից, ինչպես պայմանավորվել էին Յալթայում, որ Ավստրիայի նկատմամբ վերաբերմունքը չպետք է լինի իբրև թշնամական երկրի: Այս ամենին Ռուսաստանը համաձայն էր:

Բայց նրանք անօրինական ձևով Լեհաստանին միացրին Արևելյան Պրուսիայի մի մասը` մինչև Օդերն Արևմուտքում, նրանք իրենք անեքսիայի ենթակեցին Լատվիան, Էստոնիան, Լիտվան և Ռուսաստանին միացրին Արևելյան Պրուսիայի մի մասը, ճիշտ այնպես, ինչպես Արևելյան Լեհաստանի մեծ մասը:

Մի տարի առաջ ես ասում էի, որ մենք պետք է պաշտպանենք արդարությունը և թույլ չենք տա մեզ հողին հավասարեցնել: Մենք պետք է համառ լինենք այս քաղաքականության մեջ... Որովհետև նրանք էլ նույն տեսակ անասուններ են, եզներ, ոչ ավելին: Մենք միայն խաղաղություն և արդարություն ենք ուզում: Մենք կհասնենք դրան: Տոտալիտար վարչակարգերի միջև ոչ մի տարբերություն չկա` անվանվեն դրանք  նացիզմ, ֆաշիզմ, թե կոմունիզմ. դրանք բոլորը նույն  բանն են: Ռուսաստանի ներկայիս բռնապետական վարչակարգը նույնքան սարսափելի է, որքան միշտ սարսափելի է եղել ցարականը»:

 

ԱՆԴՐԵՅ ՍԱԽԱՐՈՎ, 1988թ.

Առաջընթացը պատմական անհրաժեշտություն է: Այն մարդկության հույսն է, նրա առջև անցյալում, ներկայում և ապագայում կանգնած գլոբալ խնդիրների լուծման հիմքը: Միևնույն ժամանակ, կասկած չի հարուցում, որ չկարգավորվող առաջընթացը պոտենցիալ առումով հսկայական վտանգ է պարունակում...

Հատկապես էական է, որ աշխարհը բաժանված է երեք համակարգի` կապիտալիստական, սոցիալիստական և զարգացող երկրներ: Կապիտալիստական և սոցիալիստական համակարգերի տնտեսական, ռազմաստրատեգիական և քաղաքական մրցակցությունը, շատ երկրների (հատկապես` զարգացող) դժվարին տնտեսական կացությունը, բյուրոկրատական և գերատեսչական շահերը (հատկապես` սոցիալիստական երկրներում) մասնավոր կապիտալիստական մրցակցությունը ոչ սոցիալիստական երկրներում հանգեցնում են այնպիսի գործողությունների, որոնք հսկայական էկոլոգիական վնաս են հասցնում մեր մոլորակին, սահմանափակում բնակելի միջավայրի պաշտպանությանն ուղղված համընդհանուր միջոցառումների հնարավորությունները:

... Մարդկությունն ընդհուպ մոտեցել է Երկրի բնակչության թվաքանակի կարգավորման անհրաժեշտությանը` մոլորակի սահմանափակ տնտեսական հնարավորությունների (չնայած գիտության և տեխնոլոգիայի նորանոր նվաճումներին) համապատասխան: Խոր և համակողմանի կարգավորումը պահանջում է զարգացման, արտադրության և պահանջարկի բանիմաց ինքնասահմանափակում բոլոր մակարդակներում, և դրա համար էլ այն իրական կդառնա միայն աշխարհի սոցիալ-քաղաքական կազմակերպման այն թերությունները վերացնելով, որոնց մասին ես գրել եմ, հատկապես` կապված աշխարհը սոցիալիստականի, կապիտալիստականի և զարգացող ենթահամակարգի բաժանման հետ: Ըստ էության` բնությանը և մարդկությանը սպառնացող երկու հիմնական վտանգների` ջերմամիջուկային և էկոլոգիական ինքնասպանության լրիվ վերացման խնդիրները մեզ բերում են միևնույն լուծմանը` կապիտալիստական և սոցիալիստական համակարգերի մերձեցմանը (կոնվերգենցիային): Դրանով իսկ, ոչ միայն ռազմական և աշխարհաքաղաքական, այլև տնտեսական ու գաղափարախոսական դիմակայության ու մրցակցության բացակայության պարագայում է հնարավոր էկոլոգիական անվտանգության համընդհանուր ծրագրի մշակումը:

... Որպես մասնագետ` կուզեի դիտարկել մի ավելի մասնավոր, բայց չափազանց կարևոր հարց` միջուկային էներգետիկայի անվտանգությունը: Ես համոզված եմ, որ մարդկությունը չի կարող յոլա գնալ առանց միջուկային էներգետիկայի: Հետագա առաջընթացը և հատկապես կենսամակարդակի բարձրացման խնդիրներն ամբողջ աշխարհում անխուսափելիորեն կպահանջեն էներգիայի գլոբալ արտադրության ավելացում, չնայած էներգախնայողական տեխնոլոգիաների միաժամանակյա զարգացմանը: Անխուսափելիորեն կբարձրանա վառելիքի և այլ էներգառեսուրսների սպառման հարցը:

Ատոմային էլեկտրակայանների (ԱԷԿ) և ատոմայի ջերմացենտրալների (ԱՋՑ) առկայությունն էներգիայի այլ աղբյուրների հետ միասին չափազանց կարևոր են տնտեսական և էկոլոգիական առումներով: Սակայն անհրաժեշտ է ապահովել միջուկային էներգետիկայի անվտանգությունը: Չի կարելի թույլ տալ, որ կրկնվեն այնպիսի աղետներ, ինչպես տեղի ունեցավ Չեռնոբիլում:

... Ես կարծում եմ, որ միջուկային էներգետիկայի անվտանգության խնդրի արմատական լուծում կարող է լինել միջուկային ռեակտորների տեղակայումը գետնի տակ, մի քանի տասնյակ մետր խորության վրա: Խորությունը պետք է ընտրվի այնպես, որ հնարավոր վթարի դեպքում բացառվի ռադիոակտիվ նյութերի որևէ էական արտամղում երկրի մակերևույթ: Իհարկե, անհրաժեշտ է բացառել նաև վթարի դեպքում ընդերքային ջրերի հետ ռադիոակտիվ նյութերի շփման հնարավորությունը` հատուկ մեկուսացնող ընդկալների օգնությամբ:

... Միջուկային էներգետիկայի անվտանգությունը չի կարող համարվել որևէ երկրի ներքին գործը, ինչպես դա ցույց տվեցին Չեռնոբիլի վթարի հետևանքները: Ես կարծում եմ, որ պետք է ընդունվի միջազգային օրենք, որով արգելվի միջուկային ռեակտորների վերգետնյա տեղակայումը և փուլային աստիճանական կանգ նախատեսի վաղօրոք կառուցված բոլոր այն ռեակտորների համար, որոնք չեն բավարարում անվտանգության պահանջներին:

Share    



Գնահատում

Ինչպե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am