Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Ամսվա քրոնիկա և համարի տեսություն

Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Հունվար 2009, N 1

ԱՄՍՎԱ ՔՐՈՆԻԿԱ

Հունվարի կարևորագույն իրադարձությունը դարձավ Համաշխարհային տնտեսական համաժողովը Դավոսում, որը խոր ֆինանսական ճգնաժամ ապրող միջազգային հանրության գիտակցության մեջ սկզբից ևեթ զուգակցվում էր մի ինչ-որ «համադարմանի» հետ: Բավական է նշել, որ համաժողովը, որն անցնում էր «Նորարարական համագործակցության ուժը» նշանաբանով, ի մի էր բերել 27 (!) պետությունների և կառավարությունների ղեկավարների, ավելի քան 100 նախարարների, ինչպես նաև գործարար աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչների (բիզնես-հանրությունը համաժողովում ներկայացված էր խոշոր ընկերությունների 1370 ղեկավարներով, այդ թվում՝ վերազգային կորպորացիաների 100 ղեկավարներից 74-ով, որոնք մտնում են ամենահեղինակավոր տնտեսական հրատարակությունների վարկանիշային «առաջին հարյուրյակի» մեջ): Դեռ երբեք Դավոսի համաժողովն այդքան ներկայացուցչական չէր եղել: Ինչպես համաժողովն սկսվելուց առաջ արտահայտվել է կազմակերպիչներից մեկը, «մենք պետք է հասկանանք՝ մրսո՞ւմ է արդյոք ամբողջ աշխարհը, եթե Ամերիկան փռշտացել է»:

Այս հարցին էլ փորձել է պատասխանել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն իր ելույթում: «Ներկայիս համաշխարհային ֆինանսական ու տնտեսական ճգնաժամի հիմնական պատճառը դարձավ ստեղծված ֆինանսական համակարգի փլուզումը»,- հայտարարեց նա: Ճգնաժամի ևս մեկ պատճառ է վարկային ռեսուրսների պահանջարկի աճի և դրանց ապահովման աղբյուրների կարգավորման ցածր որակը, ինչպես նաև դրանց միջև առաջացած անզուգակշռությունը: Բացի այդ, նրա խոսքերով, բարեկեցությունն անհամաչափ էր բաշխվում ինչպես երկրների ներսում, այնպես էլ աշխարհի տարբեր տարածաշրջանների միջև: «Ներկայիս ճգնաժամը չափից ավելի բարձր ակնկալիքների ծնունդ է»,- ընդգծել է Պուտինը: Նա հայտարարել է տնտեսության մեջ պետության չափից ավելի միջամտության անթույլատրելիության մասին: «Այո, նրա դերի ուժեղացումը ճգնաժամի պայմաններում՝ շուկայական կարգավորման խափանման բնական արձագանքն է: Սակայն շուկայական մեխանիզմների կատարելագործմամբ զբաղվելու փոխարեն ի հայտ եկավ տնտեսության մեջ պետության անմիջական մասնակցության առավելագույն ընդլայնման գայթակղությունը: Հակաճգնաժամային միջոցառումների դարձերեսը գրեթե բոլոր պետություններում պետության ձեռքում հավելուրդային ակտիվների կուտակումն է»,- նշել է Ռուսաստանի վարչապետը:

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը, որը քանիցս գլխավորել է երկրագնդի ամենահարուստ մարդկանց ցուցակը, իր հերթին կոչ արեց վերանայել կապիտալիստական համակարգի գործառնությունը և դրան «ավելի մարդասիրական ու ստեղծարար» բնույթ հաղորդել: «Մենք պետք է գտնենք կապիտալիզմը ոչ միայն հանուն ունևոր մարդկանց բարեկեցության, այլև հանուն բնակչության աղքատագույն շերտերի բարեկեցության աշխատեցնելու եղանակը»,- հայտարարել է Գեյթսը: Նա նաև ճշտել է, որ երբևէ չի հրաժարվում նախկին համոզումից, որ հենց կապիտալիզմն է «լավագույն տնտեսական համակարգը»: Սակայն մտահոգում է այն փաստը, որ «մենք երբեք ուշադրություն չենք դարձրել ամենաաղքատների կարիքներին: Խրախուսել ընկերություններին, որպեսզի նրանք իրենց ստեղծագործ ներուժն ուղղորդեն ամենակարիքավոր մարդկանց կարիքները հոգալուն՝ ահա թե ինչ է իրականում անհրաժեշտ անել»:     

Ավարտված համաժողովը, սակայն, չկարողացավ տալ այն հարցի պատասխանը, թե ինչպես են պատրաստվում աշխարհի երկրները դուրս գալ ճգնաժամից: Որևէ միասնական դեղատոմս չմշակվեց: Բացի այդ, այն աչքի ընկավ նաև մի քանի տհաճ միջադեպերով: Նախ՝ աղմկալի սկանդալով՝ կապված Ռեջեփ Էրդողանի հետ, ով հանդես եկավ Գազայի հատվածի շուրջ հակամարտությունում Իսրայելի դիրքերի սուր քննադատությամբ և հեռացավ Դավոսից՝ խոստանալով այլևս երբեք չվերադառնալ այնտեղ: 

Թուրքիայի վարչապետը, խիստ դատապարտելով իսրայելական բանակի գործողությունները Գազայի հատվածում, Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի ելույթից հետո ցուցադրաբար հեռացավ դավոսյան Համաշխարհային տնտեսական համաժողովի նիստից: Նա լքեց համաժողովն այն բանից հետո, երբ հետուստաբանավեճը վարող լրագրող Դևիդ Իգնատիուսը (հայկական ծագում ունի, բայց, ինչպես հաճախ է պատահում ամերիկահայերի շրջանում, ներգրավված է հրեական լոբբիում) փորձեց ընդհատել նրա ելույթը: Հեռուստաբանավեճը վարողը Էրդողանին զեկույցի համար ընդամենը մի քանի րոպե տվեց, իսկ Պերեսին գրեթե կես ժամ տրամադրեց: Դահլիճը լքելուց առաջ Էրդողանը մեղադրեց Պերեսին հետևյալ կերպ. «Դո՜ւ մարդկանց ես սպանում»: Այս նախադասությամբ Թուրքիայի վարչապետն առաջ բերեց ողջ իսլամական աշխարհի հիացմունքը: Արաբական պետությունների լիգայի ղեկավար Ամր Մուսան արդեն հայտարարել է, որ Էրդողանի արարքը հիմնավորված է: «Էրդողանը Պերեսի և համաժողովի կազմակերպիչների հասցեին ասաց այն, ինչ ուզում էր ասել, և վերջ: Նա իրավացի է»:

Բայց մինչև համաժողովից հեռանալը Էրդողանը հունվարի 29-ին հանդիպել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Դա նրանց առաջին հանդիպումն էր: Մինչև հանդիպումը Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանի հետ հարաբերությունների առաջընթացի հույս ունի. «Ես լավատես եմ, բայց չգիտեմ, թե որքանով է լավատես հայկական կողմը»: Այնուամենայնիվ, կողմերը նշել են, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի Երևան կատարած այցից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում «բեկում է տեղի ունեցել» (հիշեցնենք, որ 2008թ. սեպտեմբերի 6-ին ֆուտբոլի Աշխարհի 2010թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում Երևանում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հավաքականների հանդիպումը, որին ներկա էին երկու երկրների նախագահները): Հայաստանի նախագահը և Թուրքիայի վարչապետը դրական գնահատեցին իրենց առաջին հանդիպման արդյունքները և հանձնարարեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին հավելյալ ջանքեր գործադրել հարաբերությունների կարգավորման համար:

Հունվարի 29-ի երեկոյան Դավոսում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի աշխատանքային հանդիպումն արդեն Վլադիմիր Պուտինի հետ. նշվեցին 2008թ. երկու երկրների տնտեսական փոխգործակցության դրական միտումները՝ վստահություն հայտնելով, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության ցուցանիշը, որ գերազանցում է $1 մլրդ-ն, լավ հիմք է ստեղծում հետագա հաջող համագործակցության համար: Սա արդեն Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երկրորդ հանդիպումն էր Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում: Հունվարի 28-ին Ռուսաստանի վարչապետն ընդունելություն էր կազմակերպել, որի ժամանակ կարճատև զրույցներ էր ունեցել Իսրայելի, Ղազախստանի և Հայաստանի ղեկավարների, ինչպես նաև Պակիստանի վարչապետի հետ:   

Մի քանի խոսք մեր ամսագրի այս տարվա առաջին համարի մասին: Նախ և առաջ պետք է նշեմ, որ տեխնիկական բնույթի որոշ պատճառներ կազդեն հրատարակության պարբերականության վրա: Հնարավոր է՝ ամսագիրը եռամսյա դառնա: Սակայն ժամանակից առաջ չընկնենք, մանավանդ որ ստեղծված պայմաններում անգամ համաշխարհային տերությունների առաջնորդները չեն համարձակվում վաղվա կանխատեսումներ անել:

«Ազգային գաղափարի» հունվարյան համարը պատմական ուղղվածություն ունի: Նյութերը հիմնականում ներկայացնում են այս կամ այն իրադարձության զարգացման քրոնիկան, որոնք ներկայում արդեն ավելի բարձրաձայն են հայտարարում իրենց մասին: Այսպիսով, փորձ է արվում ապագա աշխարհակարգի որոշ հարցեր ներկայացնել անցյալին հայացք նետելու միջոցով: Հատուկ ուշադրություն է հատկացվել մարդկային գործոնին, թե ինչպես է այս կամ այն գործիչն ազդել պատմության ընթացքի վրա:

«Աշխարհաքաղաքականություն» խորագրով ներկայացված է Արտակ Հովհաննիսյանի «Ջրային մտրակ Մերձավոր Արևելքում» հոդվածը: Խմելու ջրի պակասը ողջ Մերձավոր Արևելքի հիմնախնդիրն է, որտեղ այսօր ապրում է Երկրի բնակչության ավելի քան 7%-ը: Ընդ որում՝ տարածաշրջանի ջրային պաշարները կազմում են համաշխարհայինի 0,9%-ից էլ պակաս մասը: Բնակչության աճի բարձր մակարդակը մերձավորարևելյան երկրներում սրընթացորեն պակասեցնում է յուրաքանչյուր բնակչի ջրի բաժինը: Ընդհանուր առմամբ, տարածաշրջանում ջրով ապահովվածությունն ընկել է 1960թ. 3300 լիտրի փոխարեն 1200 լիտրից էլ պակաս չափի, ինչն աշխարհում ամենացածր ցուցանիշն է և կազմում է միջինասիական մակարդակի 33, աֆրիկյանի 15 և լատինաամերիկյանի 5%-ը: Եթե ժողովրդագրական տեմպերը փոփոխություններ չկրեն, երեսուն տարի հետո տարածաշրջանի յուրաքանչյուր բնակչին բաժին կընկնի 50%-ով պակաս ջուր, քան այսօր է:      

Բնականաբար, խմելու ջրի պաշարների հետ կապված իրավիճակը յուրաքանչյուր մերձավորարևելյան երկրում տարբեր է, սակայն տարածաշրջանի ընդամենը մի քանի երկրներ կարող են պարծենալ, որ գտնվում են «ջրային աղքատության» միջազգային գծից բարձր վիճակում, ինչը կազմում է մեկ մարդու հաշվով տարեկան 1000 խմ: Օրինակ, Լիբանանն այդ «երջանիկների» մեջ է. այնտեղ յուրաքանչյուր բնակիչ մոտ 1400 խմ ջուր ունի: Ընդ որում՝ միջին համաշխարհային ցուցանիշը տարեկան 1700 խմ է: Կենցաղում մարդկանց, բնականաբար, այդ քանակության կեսն անգամ պետք չէ, սակայն այդ թվերի մեջ են մտցվում նաև բնակչության մեկ շնչին ընկնող ագրարային ու արդյունաբերական պահանջմունքները: Եթե ջուրը չի բավականացնում, ապա արգելակվում է արդյունաբերության և գյուցատնտեսության առավել ջրատար ճյուղերի տնտեսական զարգացումը:   

Ակնհայտ է, որ այս ամենը բացասական ազդեցություն է ունենում նաև ազգային և, առաջին հերթին, պարենային անվտանգության վրա: Բայց չէ՞ որ արդեն 1990-ական թթ. վերջերին յուրաքանչյուր սիրիացի կարող էր միայն 500 խմ-ի հույս ունենալ, ամեն մի իսրայելցի ստանում էր 450 խմ-ից էլ պակաս ջուր, հորդանանցին՝ 180, իսկ պաղեստինցին՝ դրանից էլ քիչ: Ուստի, մարգարեական են համարվում նրանց խոսքերը, ովքեր հավաստիացնում են, որ շուտով պատերազմը Մերձավոր Արևելքում կլինի ոչ թե նավթի ու հողի, այլ ջրային պաշարների համար: Խնդիրը բարդանում է նաև նրանով, որ տարածաշրջանում գրեթե բոլոր գետային աղբյուրներն անդրսահմանային են, այսինքն՝ հոսում են երկու կամ ավելի պետությունների տարածքներով: Դրա համար էլ «պատերազմի առիթներ» հավանաբար քիչ չեն լինի: Իսկ եթե նկատի ունենանք Մերձավոր Արևելքում միջպետական բոլոր վեճերը գերազանցապես ուժային մեթոդներով լուծելու ամրապնդված ավանդույթը, ապա թվում է, թե անգամ ամենափոքր տարաձայնությունը կարող է հանգեցնել մասշտաբային պատերազմի:

Վերլուծելով յուրաքանչյուր իրավիճակի էությունը՝ հեղինակը հատկապես կանգ է առնում Գոլանի բարձունքներում, Հորդանան գետի վերին հոսանքի շուրջ Իսրայելի և Սիրիայի հակամարտության վրա, ինչպես նաև դիտարկում է այն հիմնախնդիրները, որոնց բախվում են Թուրքիան, Սիրիան և Իրաքը Տիգրիսի և Եփրատի ջրերը բաժանելիս: Կոնկրետ անդրադարձ է կատարվել նաև «Նեղոսի հարցին»:

Երկրորդ նյութը ներկայացված է «Տնտեսություն» խորագրով և հարմարեցված է համաշխարհային ֆինանսական ճգնաժամին: Հոդվածագիրը՝ աշխարհագրագետ Սամվել Նազարյանը, արդեն տպագրվել է մեր ամսագրում: Այս անգամ նա ներկայացնում է համաշխարհային ճգնաժամերի պատմությունը: Հոդվածը կարդացվում է հետաքրքրությամբ, հատկապես դավոսյան համաժողովից հետո, որտեղ խոսվել է «ամերիկյան մոդելի անկման» մասին: Պատկերացումը, թե կապիտալիզմի նման մոդելը բարգավաճում է բերում և ցիկլեր ու թռիչքներ չունի, հօդս ցնդեց: Տնտեսագետները խոստովանում են. նրանք չգիտեն, թե ինչ տեղի կունենա, բայց «առաջիկա նորություններն էլ ավելի վատը կլինեն»: Սրանք արդեն ԱՄՀ փոխտնօրեն Ջոն Լիպսկիի խոսքերն են: Ճգնաժամի հետևանքները կարող են վտանգավոր լինել. ԱՀԿ-ն նախազգուշացրել է հովանավորչության հնարավոր ուժեղացման, իսկ Ֆրանսիայի ֆինանսների նախարարը՝ սոցիալական խնդիրների ռիսկի մասին: Մարդկանց հիասթափությունը Շվեյցարիայում հավաքված էլիտային ընդարմության մեջ է գցում. չէ՞ որ նրանք ենթադրում էին, թե վերջին տարիների բումը պետության նկատմամբ շուկայի հաղթանակի հետևանքն է: 

Իրավիճակը կտրուկ փոխվում է, և այժմ բանկիրները, ձեռներեցները և քաղաքական գործիչները հանկարծ սկսեցին պետկարգավորումն ուժեղացնելու կոչեր անել և ողջունել տնտեսության փրկության պլանները, ինչպես նաև ընդգծել Ռուսաստանի ու Չինաստանի նշանակությունը, որոնք համաժողովում ներկայացվում էին կապիտալիզմը փրկողների դերում: Ընդ որում՝ Դավոսում գործնականում ներկայացված չէր ամերիկյան նոր վարչակազմը, ինչը հակասում է Օբամայի՝ որպես հույսի միակ աղբյուրի հանդեպ համաժողովի կույր հավատին: Չի կարելի ասել, թե Դավոսում հաջողվեց գտնել այսօրվա խնդիրների լուծումը. հոռետեսությունն է գերիշխում տնտեսական հորիզոնում: Սակայն, Ջորջ Սորոսի խոստովանությամբ, պետության դերի ուժեղացումը ժամանակավոր երևույթ է, և ճոճանակը կարող է թեքվել հակառակ կողմը, երբ ճգնաժամն ավարտվի և Միացյալ Նահանգներն ուշքի գա:     

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, որը սնանկացումների և զանգվածային աշխատազրկության պատճառ դարձավ, վերածնեց հետաքրքրությունը Կարլ Մարքսի գաղափարների նկատմամբ: Բեռլինի գրահրատարակիչներն ասում են, որ գիտական կոմունիզմի հիմնադրի ծրագրային՝ «Կապիտալ» աշխատությունը տառացիորեն սրբում-տանում են գրախանութներից: Որքան երկար է շարունակվում ֆինանսական ճգնաժամը, այնքան ավելի մեծ թվով մարդիկ են տարակուսում. ինչո՞ւ դա տեղի ունեցավ: Բացատրությունների որոնումները երբեմն անսպասելի ուղղություն են ստանում: Շատերն են այսօր դիմում Մարքսին՝ որպես նախակարապետի: Սամվելի հոդվածը այդպես էլ վերնագրված է. «Ուրվական է շրջում աշխարհով, Մարքսի ուրվականը»:

«Բանավեճ» խորագրով ներկայացված են գրող Ռոմիկ Սարդարյանի խորհրդածությունները Հայաստանի «անցյալի, ապագայի և ներկայի» մասին: Վերջին ժամանակներս աշխարհն ավելի հաճախ է վկան դառնում խոշորագույն կորպորացիաների իրականացրած քաղաքականության՝ ուղղված տարածաշրջանային կյանքի երկու կարևոր՝ ինտերնացիոնալ-կոմունիկացիոն և ազգային-տարածքային գործոնների ֆունկցիոնալ հակադրմանը: Չնայած այն փաստին, որ այդ քաղաքականությունը բավական վաղուց արդեն ակնհայտորեն նկատվում էր, սակայն հենց այսօր է, որ առավել ընդգծված է դրսևորվում: 

Անշուշտ, հարցի արհեստական առաջադրումը նպատակ ունի համահարթել բացարձակ և հարաբերական արժեքների ակնհայտ տարբերությունները, ինչով էլ կարող է պայմանավորված լինել այս կամ այն ազգային կազմավորման էթնոմշակութային իմունիտետի մակարդակի անկումը: Ոգով ուժեղ ազգերը հակված չեն իրենց դժբախտությունները «հիմնավորել» աշխարհագրական դիրքով ու արտաքին գործոններով: Նրանք օգտագործում են այն շահը, որը տալիս է անգամ ամենախոցելի աշխարհաքաղաքական դիրքը, և ներքին քաղաքականությունը կառուցում են որոշակի առավելություններին համապատասխան: Սակայն դրա համար անհրաժեշտ է ունենալ բարոյական արժեքներին ուղղված կողմնորոշում: Դա հենց այն վեկտորն է, որը, հեղինակի համոզմամբ, ընդունակ է հաղթահարել «ազգային հոռետեսությունը»՝ հայ պետականության գլխավոր սպառնալիքը: 

«Առաջընթացի տեխնոլոգիա կամ քաղաքակրթական ծառի «կյանքի արմատը». այսպես է վերնագրված «Գիտություն և կրթություն» խորագրով ներկայացված իմ նյութը : Այն նվիրված է տեղեկատվական տեխնոլոգիաների աջակցությանն ուղղված պետական քաղաքականության անհրաժեշտությանը: Անկախության ձեռքբերման պահին Հայաստանը, որը խորհրդային ողջ տարածքում եզակի մեկնարկային դիրքեր ուներ, հայտնի հանգամանքներով պայմանավորված՝ հայտնվեց այնպիսի իրավիճակում, որ ի զորու չէր համարժեք օգտագործել այդ ուղղությամբ կուտակած պոտենցիալը: Խնդիրներից յուրաքանչյուրը, որի շուտափույթ լուծման անհրաժեշտությանը բախվեց հայոց ինքնիշխան պետականությունը (1988թ. աղետալի երկրաշարժի հետևանքներ, Ղարաբաղյան պատերազմ, ցամաքային հաղորդակցության շրջափակում, էներգետիկ ճգնաժամ, հարյուր հազարավոր փախստականներ), կարող էր գլխացավանք դառնալ միջազգային իրավունքի ցանկացած նոր այլ սուբյեկտի համար: Սակայն պակաս արգելապատնեշ չէր նաև ներքին քաղաքականությունը:

Ժամանակը, որը բաց թողնվեց Հայաստանի կողմից, ՏՏ հաղթական երթի շրջանն էր: Համապատասխան ավանդույթներ չունեցող շատ պետություններ ի վիճակի գտնվեցին պաշտոնապես ըմբռնելու տեղեկատվական տեխնոլոգիաների՝ որպես արդի առաջընթացի այլընտրանք չունեցող գործիքի, զարգացման անհրաժեշտությունը: Աշխատանքի արտադրողականության կտրուկ աճը, որն այդ երկրներում պայմանավորված էր ՏՏ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության առկայությամբ, նրանց թույլ տվեց կանգնել աշխարհի սոցիալապես առավել զարգացած երկրների հետ նույն շարքում:

Համոզված եմ, որ եթե աշխարհի շատ երկրների համար տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը նրանց բարգավաճման գրավականն է, ապա շրջափակված Հայաստանի պարագայում դա, առաջին հերթին, կյանքի և ազգային մրցունակության հարց է:

«Պատմություն» խորագիրն ընթերցողին ծանոթացնում է «Արևելյան ժողովրդավարություններ. կայացման փուլերը, անհրաժեշտ նախապայմանները և ուրույն առանձնահատկությունները» հոդվածը, որի հեղինակն է մեր ամսագրի հրատարակիչ Արտյոմ Խաչատրյանը: Չնայած հոդվածի մեծածավալությանը՝ այն կարդացվում է մեծ հետաքրքրությամբ և ընթերցողին հնարավորություն է տալիս խորհել որոշ կարևոր հարցերի շուրջ բավական «թարմ» տեսանկյունով:    

Հեղինակը համոզված է, որ ժողովրդավարությունը խորթ է արևելաքրիստոնեական և իսլամական հասարակություններին: Ընդ որում՝ խոսքը «ժողովրդավարության դեֆիցիտի» մասին չէ, ինչպես հաճախ սիրում են ասել ԱՊՀ որոշ երկրների վերաբերյալ (ասում են, օրինակ, որ Ուկրաինան ժողովրդավարական պետություն է, բայց ժողովրդավարության գծով որոշ պակասներ ունի): Արտյոմը կարծում է, որ նման հարցադրումը նոնսենս է, քանի որ ժողովրդավարությունը (համենայնդեպս՝ իր դասական ընկալմամբ) շատ կամ քիչ չի լինում. այն կամ կա, կամ՝ ոչ: Եվ այնուամենայնիվ, հեղինակը կարծում է, թե Արևելքում կան երկու բացառություն-պետություններ, որոնցում կուսակցությունները (իշխող և ընդդիմադիր) կարող են փոխել իշխանությունը մեկը մյուսով, և որոնցում իշխող կուսակցությունը կարող է պարտվել ընտրություններում՝ հավաքելով ձայների 2%-ը: Այդ պետություններն են Թուրքիան և Իրանը: Կարելի՞ է արդյոք եզրակացնել, սակայն, որ այդ երկրներին ու ժողովուրդներին խորթ է ամեն տեսակ արևելյանը, հատկապես հանրային հարաբերությունների հիերարխիկության և ուղղահայացության մասով: Ամենևի՜ն: Բայց այնտեղ հավանաբար կա մի ինչ-որ այլ բան, որը հնարավոր է դարձնում նման երևույթը: Հենց այդ «մեկ այլ բանն» էլ դիտարկում է հեղինակն իր հոդվածում: 

Այս տարվանից «Ազգային գաղափարը» ներկայացնելու է այս կամ այն անհատի ազդեցիկության գործակիցը հայոց պետականության վրա: 1990-ական թթ. կեսերին Հայաստանի՝ ըստ էության դեռևս սաղմնային վիճակում գտնվող քաղաքական համակարգի օրգանիզմը պատուհասած կաթվածը, ի հետևանք այլոց, հանգեցրեց նաև նրան, որ պետական կառուցվածքի ընդհանուր սխեմայից դուրս մղվեցին կուսակցական կազմակերպությունները: ՀՀՇ-ական իշխանությունների սաղմնավորած և կոպիտ ուժի գաղափարը դավանող քրեակլանային կառույցները շատ տոկուն դուրս եկան իրենց խորհրդարանը ձևավորելու և իրենց օրենքները հաստատելու գործում: Հենց այդ պահից էլ հայրենական պատմության գրեթե բոլոր վճռորոշ հարցերը սկսեցին լուծվել զենքի կիրառման մեթոդով և արմատական գործողությունների այլ դրսևորումներով: Կուսակցությունները՝ որպես ժողովրդավարության գործիք, ամբողջովին դուրս մղվեցին գործընթացից և «բռնաքշվեցին» այնտեղ, ուր տարիներ առաջ տեղի էր ունենում նրանց կայացումը, այն է՝ հրապարակներ և ծառուղիներ:  

1990-ական թթ. կեսերից արդեն ոչ միայն երկրի ղեկավարությունը, այլ նաև հանրապետության բնակչության մեծամասնությունը, ուրիշ այլընտրանք չտեսնելով, համակերպվեց այն մտքին, որ բոլոր հարցերը կարելի է և պետք է լուծել միայն ծայրահեղ միջոցներով: ՀՀՇ ռեժիմի ամենաահավոր հանցագործություններից մեկը դարձավ այդ տարիներին ծաղկում ապրած ամենաթողության և անպատժելիության մեղքը: Անելանելիության մատնված շարքային քաղաքացիները դարձան կրողները կործանարար այն մտայնության, թե նպատակահարմար է խնդիրները լուծել առավել արմատական միջոցներով: Ակնհայտ է, որ հանգամանքներից կախված՝ առաջին նախագահն այսօր փորձում է օգտվել հայտնի հակասությունների անդաստանում առաջ եկած իր կոնտինգենտի ծառայություններից՝ հանրապետությունում իրադրությունն ապակայունացնելու նպատակով:  

Հայոց նոր պետականության ինքնիշխան զարգացումն ուղեկցվում է նաև համաժողովրդական ընտրական միջոցառումներով, որոնց թվաքանակը վաղուց արդեն գերազանցում է մեկ տասնյակը. 1990թ. ի վեր հանրապետության խորհրդարանն ընտրվել է արդեն հինգ անգամ, այդքան անգամ էլ երկրում նախագահական ընտրություններ են անցկացվել: Հաշվի առնելով վարչական, ֆինանսական, հուզական, ժողովրդագրական և դեմագոգիական ռեսուրսի այն անողոք շահագործումը, որը բնորոշ է մեզանում հենց ընտրարշավների անցկացման փուլերին, պոտենցիալ ընտրազանգվածի արժեհամակարգի քայքայման գործոնը միանգամայն որոշակի ուրվագծեր է ստանում: Նման հաճախականությանը դժվար կհարմարվեր նախընտրական հնարքների մեջ փորձառու արևմտյան օրինապաշտ ընտրողն անգամ: Իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ հանրապետության անկախ զարգացման տարիներին, քվեարկության համաժողովրդական ձևերից բացի, անցկացվում էին նաև վարչական սահմաններում, առանձին վերցրած համայնքում տեղայնացված ընտրություններ, որոնք մեծ մասամբ նմանվում էին «շրջանային մասշտաբի չեպեի»: Տեղային ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման գործընթացն ուղեկցվում է նաև ռեսուրսների աղաղակող չարաշահմամբ և, իր հերթին, նպաստում է պոտենցիալ ընտրազանգվածի բարոյա-ինտելեկտուալ հրեշավոր հյուծմանը:

Այս բոլոր իրադարձությունների խորապատկերին էլ աճել է ներկայիս «էլիտան՚, որի ձեռքին են կենտրոնացված երկրի ներքին կյանքի վրա ազդեցության բոլոր հիմնական լծակները: Այնինչ, նման իրավիճակը բավական ճկուն է, և «հիերարխիական դասավորվածությունը» կարող է կրել (և կրում է) էական փոփոխություններ ժամանակի համեմատաբար ոչ մեծ միջակայքի ընթացքում: Երկրի «քաղաքական զարկերակի» հաստատագրման նպատակով էլ «Ազգային գաղափարը» մշտապես կներկայացնի «Ազդեցության վարկանիշը»: Իհարկե, մենք հոյակապ հասկանում ենք, որ հարցախույզի մեխանիզմի վրա հիմնված ցանկացած վերլուծություն ենթադրում է նաև սուբյեկտիվ գործոնի առկայություն: Այնուամենայնիվ, մենք կջանանք իրականությանն առավել մոտ ձևով արտացոլել ուժերի ու միջոցների ընթացիկ դասավորվածությունը: Սույն խորագիրը կվարի հայտնի լրագրող Վահան Իշխանյանը: Այս համարում ներկայացված է նրա առաջին նյութը:

«Մեջբերումներ դասականներից» խորագիրն, իր հերթին, հարմարեցված է համարի թեմատիկային: Այստեղ ներկայացված են որոշ գործիչների մտքեր, ում վիճակված էր անցյալ հարյուրամյակում ազդեցություն գործել համաշխարհային պատմության ընթացքի վրա:

Ա.ՂԱԶԻՆՅԱՆ

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am