Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Աշխարհաքաղաքականություն

Աշխարհաքաղաքականություն
Հունվար 2009, N 1

«ՋՐԱՅԻՆ ՄՏՐԱԿԸ» ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

Արտակ Հովհաննիսյան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ջուրը միշտ էլ բացառիկ նշանակություն է ունեցել Մերձավոր Արևելքի ժողովուրդների քաղաքական կյանքում: 20-րդ դ. Մերձավոր Արևելքում հակամարտությունների ավանդական պատճառ համարվել է նավթային գործոնը: Պետությունները վիճել են սահմանների ճշգրտման շուրջ՝ հուսալով, որ ավազի յուրաքանչյուր քառ. կիլոմետր կարող է դառնալ հարստության նոր աղբյուր: Ավելին, այդ սահմանների մեծ մասը որոշվել է նավթի առկայությունը հաշվի առնելով: Մինչդեռ ջրի ռեսուրսների օգտագործման հարցը ամենահավանական կոնֆլիկտածին գործոնն է Մերձավոր Արևելքի ապագա քաղաքական կյանքում:

Թուրքիայից մինչև Օման, Եգիպտոս և Լիբիա տարածվող բոլոր երկրների գերխնդիրն այսօր ջրի կարիքների բավարարումն է, քանզի գնալով խիստ անհամատեղելի են դառնում այդ երկրների բնակչության աճի և ջրի պահանջների տեմպերը: Տարածաշրջանի ամենամեծ գետի՝ Նեղոսի ավազանի բնակչությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր երեսուն տարին մեկ, մինչդեռ ջրի քանակը չի ավելանում: Ավելին, գետի ջրերի վերականգնման միջին նորման կազմում է տասնութ օր, իսկ մեծ լճերինը` հազար տարի: Այն էլ այն դեպքում, եթե տվյալ ջրային ավազանի վերականգնմանը ոչինչ չխանգարի, այսինքն, չլինեն խոշորամասշտաբ օգտագործումներ, ինչն անհնար է Մերձավոր Արևելքում: Այսպիսով, ստացվում է ջրի դեֆիցիտ: Ըստ դոկտոր Ֆալկերմանի մեթոդի` եթե տվյալ երկրի բնակչության յուրաքանչյուր շնչին տարեկան բաժին է ընկնում 1700 խոր. մետրից պակաս ջուր, ապա այդ երկրում առկա է «ջրային լարվածություն», իսկ եթե այդ ցուցանիշը 1000 խոր. մետրից ցածր է, ապա այդ երկիրը ջրի դեֆիցիտ ունի:

1955թ. ջրի դեֆիցիտ աշխարհում ունեին յոթ երկրներ, որոնցից երեքը՝ Կատարը, Հորդանանը և Քուվեյթը, գտնվում են Մերձավոր Արևելքում: 1990թ. սկսած վերոհիշյալ յոթին ավելացան ևս 13 երկրներ, որոնցից ութը՝ Ալժիր, Իսրայել, Բահրեյն, Սաուդյան Արաբիա, Սոմալի, Թունիս, Արաբական Միացյալ Էմիրություններ, Եմեն, Մերձավոր Արևելքում են: ՄԱԿ-ի տվյալներով` 2025թ. ևս յոթ մերձավորարևելյան երկրներ՝ Եգիպտոս, Եթովպիա, Իրան, Լիբիա, Մարոկո, Օման, Սիրիա, կմտնեն այդ ցուցակի մեջ: Դա նշանակում է, որ Մերձավոր Արևելքում կլինեն 18 երկրներ, որոնք կունենան ջրի դեֆիցիտ: Մերձավոր Արևելքի բնակչությունը 1990թ. 314 մլն մարդ էր, 2020թ. այն կկազմի 348 մլն մարդ, իսկ ջրի պահանջը տարեցտարի ավելանում է 470 մլրդ խոր. մետրով: Դա 132 մլրդ խոր. մետրով ավելի է, քան ամբողջ ջրային պահանջները (այդ թվում` պահուստայինը) միասին վերցրած: Սա սպառնում է դառնալ լարվածության և կոնֆլիկտածին աննախադեպ աղբյուր: Ստորև բերում ենք մերձավորարևելյան երկրների բնակչության ջրային պահանջներին առնչվող տվյալներ:

Երկիր  Մեկ շնչին բաժին ընկնող ջուրը խոր. մետրով    

 

1955

1990

2025

Քուվեյթ

147

23

9

Կատար

808

75

57

 Բահրեյն

1427

117

68

Սաուդյան Ար.

1226

306

113

ԱՄԷ

6196

308

176

Հորդանան

906

327

121

Եմեն

1098

445

152

Իսրայել

1229

461

264

Թունիս

1127

540

324

Ալժիր

1770

689

332

Լիբիա

4105

1017

359

Մարոկո

2763

1117

590

Եգիպտոս

2561

1123

630

Օման

4240

1266

410

Լիբանան

3088

1818

1113

Իրան

6203

2203

816

Սիրիա

6500

2087

732

Թուրքիա

8509

3626

2186

Իրաք

18441

6029

2356

Սուդան

11889

4792

1993

Ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման վերաբերյալ որևէ կոնկրետ համաձայնագիր չկա: Նախկինում այդ հարաբերությունները կարգավորվել են իսլամական օրենքներով: Շարիաթի կանոններից մեկն ասում էր, որ այն մարդը, որը լավ է փորում, իրավունք ունի առաջինն օգտվել այդ ջրից, բայց նա չի կարող մերժել այլ մարդկանց և կենդանիներին օգտվել այդ նույն ջրից: Ոմանք ներկայում սկսել են շահարկել այս կանոնը և մեկնաբանել ուրույն ձևով: Գետերի ակունքները վերահսկող երկրները (օրինակ՝ Թուրքիան) պնդում են, որ իրենք պետք է վերցնեն այնքան ջուր, որքան ուզում են, իսկ գետերի ստորին հոսանքներում տեղակայված երկրները (օրինակ՝ Եգիպտոս) միշտ առարկել են այս տեսակետի դեմ: Միջազգային իրավունքի՝ ջրային հարցի հետ կապված անորոշությունն առաջացնում և առաջացնելու է բազմաթիվ վեճեր: Եզակի դեպքեր կան, երբ ՄԱԿ-ը կամ Միջազգային դատարանը վճիռ արձակած լինեն սահմանային գետերիկամ լճերի ջրերի համատեղ օգտագործման վերաբերյալ:

Ջրային հարցը եղել և մնում է տարածաշրջանում ամենահին հակամարտության՝ արաբա-իսրայելականի առանցքային հարցերից մեկը, իսկ Թուրքիան ջրային հարցերում լուրջ տարաձայնություններ ունի Իրաքի և Սիրիայի հետ: Մերձավոր Արևելքում առկա են երեք խոշոր «ջրային համակարգեր»՝ Նեղոսի, Տիգրիս-եփրատյան և Հորդանանի ավազանները: Երեքում էլ առկա են ջրի լուրջ տարաձայնություններ և հակամարտություններ:

ՏԻԳՐԻՍ-ԵՓՐԱՏՅԱՆ ԱՎԱԶԱՆ

«Ջրային մտրակի»  քաղաքականության կիրառման լավագույն հմտությունը դրսևորում է Թուրքիան: Դեռ 1990թ. Թուրքիան որոշեց Աթաթուրքի ջրամբարի դիմաց նոր արհեստական լիճ կառուցել և այնտեղ ուղղել Եփրատի ջրերը: Այդ քայլով փորձում էր ճնշում գործադրել Սիրիայի վրա, որպեսզի վերջինս դադարեցնի Քրդական Աշխատավորական կուսակցությանը ցուցաբերվող օգնությունը: Այս նախագծի իրականացումը ջրի սով կառաջաներ նաև Իրաքում: Սիրիան և Իրաքը, որոնք մինչ այդ անհաշտ թշնամիներ էին (1975թ. այս երկրները քիչ էր մնում պատերազմ սկսեին Սիրիայում աս-Սաուրայի ջրամբարի կառուցման պատճառով), թողեցին տարաձայնությունները և սկսեցին զինված հակազդեցության համատեղ ծրագրեր մշակել: Երեք շաբաթ անց Թուրքիան դադարեցրեց նախագծի իրականացումը:

Թուրք-սիրիական հարաբերություններն այժմ էլ լարված են: Թուրքիան նախատեսում է Եփրատի ավազանում կառուցել 22 ջրամբար, որոնցից առայժմ կառուցվել է կեսը: Եթե բոլոր 22 ջրամբարներն էլ կառուցվեն, Սիրիան կկորցնի Եփրատի ջրերի 40 տոկոսը: Եփրատից հետո Թուրքիան նախատեսում է օգտագործել Տիգրիսի ջրերը: Դա ուղղակի հարված է Իրաքի շահերին, որի ջրի պաշարների 90%-ը կազմում են Տիգրիսի ջրերը: Դեռ 1990թ. սկզբներին Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելը հայտարարեց. «Ո՜չ Սիրիան, ո՜չ Իրաքը չեն կարող պահանջներ ներկայացնել Թուրքիայի գետերի նկատմամբ, ինչպես Անկարան պահանջ չի ներկայացնում նրանց նավթի նկատմամբ: Մենք իրավունք ունենք ինչ-որ բան կիսելու՝ ջուրը` Թուրքիային, նավթը՝ նրանց: Մենք չենք ասում բերեք համատեղ օգտագործենք նավթային պաշարները, նրանք էլ չպետք է ասեն ջրի համատեղ օգտագործման մասին»: Տիգրիս-եփրատյան ավազանը և երկու գետերի միացման շրջանը՝ Շատտ ալ-Արաբը, իրանա-իրաքյան ութամյա պատերազմի (1980-1988թթ.) հիմնական պատճառներից մեկն էր: Իրաքը ցանկանում էր Իրանի հետ սահմանը Շատտ ալ-Արաբի կենտրոնից տեղափոխել դրա արևելյան ափը, որից հետո նախատեսվում էր «կառուցել երրորդ գետը»  և չորացնել Բասրայից հյուսիս ընկած ճահիճները, որտեղ ապրում էին Իրանի կողմից աջակցություն ստացող ընդդիմադիր շիաները:

ՆԵՂՈՍԻ ԱՎԱԶԱՆ

Ջրի հարցում ուժի դիմելու պատրաստ է նաև տարածաշրջանում ամենահավասարակշռվածը համարվող երկներից մեկը՝ Եգիպտոսը: Դեռ 1979թ. Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը, խաղաղության պայմանագիր կնքելով Իսրայելի հետ, հայտարարեց, որ բացի ջրի պատճառից, այլևս երբեք ոչ մի պատճառով չի պատերազմի Իսրայելի հետ: Սադաթն ուզում էր ջրային հարցն օգտագործել որպես միջոց Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար: 1978թ. եգիպտա-իսրայելական բանակցությունների ժամանակ իսրայելական կողմն առաջարկեց «ջրի համատեղ օգտագործման»  ծրագրի շրջանակներում իրենց տալ Նեղոսի ջրի մեկ տոկոսը, այսինքն, տարեկան 800 մլն խոր. մետր ջուր, որը ջրագծով Նեղոսի արևելյան դելտայից պետք է հասցվեր Սինայի թերակղզի, ապա` Իսրայել: Սադաթը հույս ուներ, որ այդպիսով կթուլանար Իսրայելի ջրային կախվածությունը Հորդանանի արևմտյան ափից, և վերջինս չէր առարկի այնտեղ պաղեստինյան ինքնավարություն ստեղծելու եգիպտական ծրագրերի դեմ: Սադաթը հույս ուներ հետագայում այդ ջրագիծը հասցնել մինչև Հորդանան և Սիրիա: Սադաթի այս մտադրությունները չիրականացան եգիպտական բանակի բարձրաստիճան սպայակազմի և հրամանատարության կտրուկ առարկությունների պատճառով: Իսկ ՄԱԿ-ի նախկին քարտուղար Բուտրոս Ղալին ուղղակիորեն զգուշացրեց, որ «տարածաշրջանում հաջորդ պատերազմը կլինի ջրի պատճառով»:

Եգիպտոսը ջրի հարցում խնդիր ունի Սուդանի, Եթովպիայի և Լիբիայի հետ: Եգիպտոսին անհանգստացնում են այն ծրագրերը, որոնք նախատեսում են ջրամբարներ կառուցել Եթովպիայի լեռնային շրջաններւմ: Դեռ 1989թ. նոյեմբերին Կահիրեում Եթովպիայի դեսպանից բացատրություն պահանջվեց, թե ինչ են անում իսրայելցի հիդրոլոգները Եթովպիայում: Վերջիններս ուսումնասիրում էին Կապույտ Նեղոսի շրջանը և հնարավոր էին համարում բազմաթիվ ջրամբարների կառուցումը, որոնք կպահպանեին 51 մլրդ խոր. մետր ջուր: Եգիպտոսի պառլամենտը հայտարարեց, որ կսատարի կառավարությանը, եթե վերջինս Եթովպիայի դեմ ռազմական գործողություններ սկսի: Եվ սա միանգամայն բացատրելի էր, քանի որ Կապույտ Նեղոսն ապահովում է Եգիպտոս մտնող ջրի 85 տոկոսը: Իսրայելն այսօր էլ չի հրաժարվում Եգիպտոսի նկատմամբ Եթովպիայի միջոցով «ջրային մտրակի»  քաղաքականություն վարելու մտքից:

Եգիպտոսը խնդիրներ ունի նաև Սուդանի հետ, որի տարածքով հոսում է Սպիտակ Նեղոսը, որին էլ միանում է Կապույտ Նեղոսը: 1959թ. համաձայնագրով Եգիպտոսը սկսեց ստանալ «սուդանյան ջրի»  60 տոկոսը: Այսօր Սուդանի արմատական կառավարությունը, որը լավ հարաբերություների մեջ է Իրանի հետ, փորձում է խուսափել այդ պայմանագրից, իսկ Կահիրեն մեղադրում է Սուդանին, և Նեղոսի հետ կապված ցանկացած հարցում պատրաստ է դիմել ռազմական միջամտության:

Բարդություններ կան նաև Լիբիայի հետ հարաբերություններում: Լիբիայի առաջնորդ Քադաֆիի կառուցած արհեստական «Մեծ գետը», որը ջուր է ապահովում Լիբիայի հյուսիսին և գոյանում է հզոր պոմպերով գետնի տակից հանված ջրերից, ազդում է Նեղոսի մակարդակի վրա: Եգիպտական աղբյուրները հաստատում են, որ կան ռազմական գործողությունների ծրագրեր, որոնք նախատեսում են մոտ ապագայում Չադի և Սուդանի հյուսիսի, ինչպես նաև Լիբիայի հարավի գրավում եգիպտական զորքերի կողմից Քադաֆիի նախագծի իրականացումը դադարեցնելու նպատակով:

ՀՈՐԴԱՆԱՆԻ ԱՎԱԶԱՆ

Մերձավոր Արևելքի երրորդ՝ Հորդանանի ջրային ավազանն ամենափոքրն  ու չնչինն է նախորդ երկուսի համեմատ և ըստ այդմ էլ այստեղ հակամարտության հավանականությունը եղել և մնում է ամենամեծը: Հորդանան գետը, չնայած կարճությանը, սահմանակից է այնպիսի երկրների, որոնք ռազմական ուժի գործադրման հարցում ամենափորձվածն են: Ջրային հարցը խիստ ցավագին է Իսրայելի համար: Դեռ 1919թ. Մեծ Բրիտանիայի վարչապետ Լ. Ջորջին ուղղված նամակում Չ. Վեյզմանը գրում էր. «Նվազագույն պահանջը Բալֆուրի հռչակագրի իրականացման հետ կապված այն է, որ հրեական ազգային օջախի ստեղծման հարցում սահմանները չեն կարող գծվել` ելնելով բացառապես պատմական փաստերից: Մեր պահանջն այն է, որ հաշվի առնվի ժամանակակից տնտեսական կյանքի պահանջները: Պաղեստինի ամբողջ տնտեսական ապագան կախված է ոռոգման և էլեկտրաէներգիայի համար ջրի մատակարարումից, և այդ մատակարարումը պետք է լինի Հորդանանի ակունքներից ու Լիբանանի հարավից»: Սրանք այն շրջաններն են, որոնք հետագայում գրավվեցին Իսրայելի կողմից: Իսրայելի վարչապես Մոշե Շարեթը 1950-ական թթ. այն միտքն էր արտահայտում, որ վերոհիշյալ խնդրի իրականացման համար պետք է Լիբանանի հարավում ստեղծել մարոնի-քրիստոնեական վարչակարգ: Ջրի օգտագործման շուրջ առաջացած արաբա-իսրայելական բախումներն ունեն իրենց պատմությունը:

1951թ. հունվարի 21-ին հրեական ազգային ֆոնդը համաձայնեց ֆինանսավորել 250 մլն դոլար արժողությամբ մի նախագիծ, որը նախատեսում էր ոռոգման ցանց ստեղծել Նեգևի անապատում և Երուսաղեմի շրջանում: Պարզ էր, որ կառուցման աշխատանքները լինելու էին Սիրիայի կողմից վերահսկվող ապառազմականացված գոտիների խախտման հաշվին: Ի պատասխան` արաբական երկրները 1956թ. օգոստոսին աշխատանքներ սկսեցին Յարմուք գետի ակունքներում: Մինչ այդ, Սիրիան կառուցել էր Ալ-Մակհիյաբաթ ջրամբարը, որը տարեկան Իսրայելին զրկում էր 550 մլն խոր. մետր ջրից: Սակայն ի տարբերություն իսրայելական ծրագրերի՝  արաբական երկրների ծրագրի արդյունքում Յարմուքի ջրերը նորից դառնալու էին Հորդանան: Իսրայելական օդուժի հարձակումները Սիրիայի դեմ ստիպեցին արաբներին հրաժարվել Յարմուքի ջրամբարի կառուցման նախագծից: 1963թ. վերջերին Իսրայելը Գալիլեյան լճի արևմտյան ափին կառուցեց հսկայական պոմպակայան, որը սկսեց տարեկան 440 մլն խոր. մետր ջուր քաշել Մեռյալ ծովից դեպի Նեգևի անապատ: Նախագիծը կոչվեց «ջրի ազգային կուրիեր կամ տրանսպորտ»: 1964թ. մայիսի 28-ին Իսրայելն ավարտեց դրա կառուցումը: Իզուր չէ, որ Յասիր Արաֆաթի հիմնադրած «Ֆաթհ»  խմբի առաջին մարտական գործողությունը 1964-65թթ. ուղղված էր վերոհիշյալ ծրագրի դեմ: Այս ծրագրին Սիրիան փորձեց հակազդել Բանիաս գետի ջրերը սեփական տարածք ուղղելու միջոցով, սակայն դա արդյունք չտվեց:

1963թ. վերջին արաբա-իսրայելական հարաբերությունները հասան իրենց լարվածության գագաթնակետին: Իսրայելի կառավարությունը հայտարարեց Հորդանանի ջրերի պատնեշման մասին, ինչը ջրի սով կարող էր առաջացնել հարևան երկրներում: 1964թ. հունվարի 13-16-ը Կահիրեում համաժողով հրավիրվեց, որին մասնակցում էին 13 արաբական երկրներ: Այստեղ առաջ քաշվեց Հորդանան գետի ջրերի օգտագործման հակածրագիր, որի արժեքը գնահատվեց 6.25 մլն ֆունտ ստեռլինգ, իսկ իրականացումը նախատեսվում էր 18 ամսում: Պետք է մասնակիորեն փակվեին Հորդանանի ակունքները և շեղվեին հուները: Որոշվեց ստեղծել Միացյալ արաբական հրամանատարություն, որպեսզի Իսրայելի կողմից վերոհիշյալ ծրագիրը ռազմական միջամտությամբ խանգարելու դեպքում նրան հակահարված տրվի:

Ի պատասխան Կահիրեի համաժողովի որոշումների՝ Իսրայելի վարչապետ Էշկոլը հայտարարեց, որ ջրային պատնեշն, այնուամենայնիվ, կդրվի, իսկ արաբական երկրների կողմից Հորդանանի ակունքները շեղելու դեպքում Իսրայելը համապաասխան քայլեր կձեռնարկի:

1964-66թթ. Իսրայելը հարձակման թիրախ դարձրեց Հորդանանում և Սիրիայում գտնվող պոմպակայանները և ջրագծերը: 1967թ. Գոլանի բարձունքների օկուպացման հիմնական պատճառներից մեկը նաև Բանիաս գետի ջրերի օգտագործման հարցն էր: Յուրաքանչյուր իսրայելցի գիտի, որ կարիք ունի այդ գետի ջրի յուրաքանչյուր կաթիլի: Բացի ռազմավարական նշանակությունից, Գոլանի վերադարձը թույլ կտա Սիրիային վերահսկել Իսրայելի ջրային քաղաքականությունը: Գոլանի ջրերը լցվում են Գալիլեյան լիճը, որը Իսրայելի միակ մաքուր ջուր ունեցող ավազանն է, և ապահովում է Իսրայելի ջրի կարիքների 1/3-ը: Մյուս 1/3-ը գալիս է Հորդանան գետի արևմտյան ափից: Իսրայելը 1995թ. Վաշինգտոնյան բանակցությունների ժամանակ պատրաստակամություն հայտնեց զորքերը հետ քաշել մինչև 1923թ. մեծ տերությունների կողմից որոշված սահմանները, իսկ այդ դեպքում Սիրիայի սահմանը կանցներ լճից 10 մետր հեռավորության վրա: Իսկ Սիրիան պահանջում էր վերականգնել 1967թ. հունիսի 4-ի սահմանները. այդ դեպքում սահմանը կհասցվեր մինչև ծովափ, ինչը Սիրիային հնարավորություն կտար վերահսկել ջրի մի մասը:

Իսրայելի կողմից վերահսկվող ջրի քանակությունը սկսած 1967թ. կազմում է 500 խոր. մետր մեկ անձի համար, իսկ 1991թ. 375 խոր. մետր, մինչդեռ պաղեստինցիների համար այն կազմում է 180 խոր. մետր: Արևմտյան ափում իսրայելական 100 բնակավայրերում ապրող 100 հազար հրեաներ օգտագործում են 100 մլն խոր. մետր ջուր, իսկ մեկ մլն պաղեստինցիներ օգտագործում են ընդամենը 137 մլն: Սա անհանդուրժողականության և թշնամանքի պատճառ է: Պաղեստինի արտեզյան ջրերի 80 տոկոսը՝ 615 մլն խոր. մետր, վերցնում է Իսրայելը: Արաբները դա համարում են «պաղեստինյան ջուր», որը բռնագրավել է Իսրայելը: Վերջինիս ջրի կարիքների 40 տոկոսը ապահովում են երկու արտեզյան ջրավազաններ, որոնցից մեկը գտնվում է 1947թ. ՄԱԿ-ի կողմից հաստատված իսրայելական տարածքում, իսկ մյուսը՝ Հորդանան գետի արևմտյան ափին: Այսօր արաբա-իսրայելական խաղաղության վերջնական պայմանագրի կնքման խոչընդոտներից մեկը ջրի հարցի շուրջ անհամաձայնությունն է: Քիչ հավանական է, որ Իսրայելը որևէ տարածք կհանձնի առանց տվյալ տարածքի ջրային ռեսուրսների վրա հսկողություն ունենալու: Հարցն ավելի կբարդանա այն առումով, որ 2020թ. Իսրայելի բնակչության թիվը կկազմի 8 մլն, իսկ պաղեստինցի արաբ բնակչության թիվը կհասնի 7 մլն: Եվ վերջիններս պետք է օգտագործեն նույնքան ջուր, որն այսօր էլ համարում են անբավարար:

Համաշխարհային բանկը խոստացել է ֆինանսավորել Յարմուքի հետ կապված սիրիական նախագծերը, եթե Իսրայելի հետ կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր: Սա ևս պատճառ է, որ Իսրայելը խուսափի համաձայնագրից: Ջուրը սկսում է կենտրոնական դեր զբաղեցնել արաբա-իսրայելական վեճում: Հարցը բարդանում է այնքանով, որ հակասություններ կան ոչ միայն Իսրայելի և արաբական երկրների միջև, այլև հենց արաբական երկրների ներսում, և եթե նախկինում այդ հակասությունները թաքցվում էին, ապա այժմ դրանք ակներև են: Վերոհիշյալ հարցադրումները թույլ են տալիս հանգել հետևյալ եզրակացությունների.

1.  Ջրային ճգնաժամը Մերձավոր Արևելքում միշտ էլ առկա է եղել:

2.   Ջրային խնդիրների լուծումը հնարավոր է միայն տարածաշրջանային համագործակցության միջոցով:

3.   Ջրային ճգնաժամը չի լուծվում ոչ թե այն պատճառով, որ չկան լուծումներ, այլ այն պատճառով, որ որոշ երկրներ չեն ցանկանում հրաժարվել «ջրային մտրակի»  քաղաքականությունից:

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am