Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Տնտեսություն

Տնտեսություն
Հունվար 2009, N 1

«ՈՒՐՎԱԿԱՆ Է ՇՐՋՈՒՄ ԱՇԽԱՐՀՈՎ, ՄԱՐՔՍԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ». ԿԱՊԻՏԱԼԻԶՄԻ ՃԳՆԱԺԱՄԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Սամվել Նազարյան, աշխարհագրական գիտությունների թեկնածու (Մոսկվա)

Սնանկացումներով և զանգվածային կրճատումներով ուղեկցվող համաշխարհային ֆինանսական ճգնաժամը վերածնեց հետաքրքրությունը Կարլ Մարքսի գաղափարների հանդեպ: Բեռլինցի գրահրատարակիչներն ասում են, թե գիտական կոմունիզմի հիմնադրի ծրագրային աշխատանքը` «Կապիտալը», տառացիորեն խլխլում են գրադարակներից: Որքան երկար է շարունակվում ֆինանսական ճգնաժամը, այնքան ավելի շատ մարդիկ են ընկնում տարակուսանքի մեջ, թե ինչու դա տեղի ունեցավ: Բացատրությունների որոնումները երբեմն  անսպասելի ուղղությամբ են  ընթանում: Շատերն են այսօր դիմում Մարքսին` որպես առաջին նախագուշակի: Դա, իհարկե, բացատրվում է նաև նրանով, որ արևմտյան աշխարհի «միջին վիճակագրական» ներկայացուցիչը չի կարող ինքնուրույն դատել «Կապիտալի» հեղինակի մասին և ավանդաբար հակված է ինչպես նրա անձը, այնպես էլ ժառանգությունը ընկալել վաղօրոք ձևավորված ստերեոտիպերի տեսանկյունով: Այսօրվա ստերեոտիպ է դառնում Մարքսի նոր կերպարը. «նա մարգարե է»: Ուստի, նրա ծրագրային «Կապիտալ» աշխատությունը` կապիտալիզմի կոշտ քննադատությամբ, արդեն բեստսելերների շարքին է դասվում:    

«Կապիտալի մոնոպոլիան,- գրում էր Մարքսը,- կապանքներ է դառնում արտադրության այն եղանակի համար, որն աճել է նրա օրոք և ըստ նրա: Արտադրամիջոցների կենտրոնացումը և աշխատանքի հանրայնացումը հասնում են այնպիսի կետի, երբ դրանք անհամատեղելի են դառնում իրենց կապիտալիստական թաղանթի հետ: Այն պայթում է: Վրա է հասնում կապիտալիստական մասնավոր սեփականության ժամը: Սեփականազրկողներին սեփականազրկում են»:

Հիմա Բեռլինի ու Բոննի, Գյոթինգենի ու Հեյդելբերգի ուսանողների համար Մարքսը «Գերմանիայի ամենամեծ ծնունդն է»: Գերմանական վերջին հարցախույզները ցույց են տալիս, որ նա վարկանիշով առաջինն է «արդիականության վրա ազդեցությամբ»` վստահաբար առաջ անցնելով կանցլեր Կոնրադ Ադենաուերից և ռեֆորմատոր Մարթին Լյութերից:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին` աջերի համոզված կողմնակիցը, իր հերթին, վերջերս համառ ֆոտոխցիկի կողմից լուսանկարվել է «Կապիտալն» ընթերցելիս: Ավելին, նա հայտարարել է, որ «գլոբալ տնտեսական ճգնաժամը աշխարհը փոխելու հնարավորություն է հանդիսանում և կարող է օգնել զարգացող երկրներին հաղթահարել աղքատությունը: Աշխարհը չի կարող բիզնես վարել առաջվա պես»:

Գերմանիայի ֆինանսների նախարար Պեեր Շտեյնբրյուքը որոշեց հետ չմնալ. «Մարքսի որոշ դատողություններ իրականում այնքան էլ վատը չեն»: Եկեղեցին նույնպես անմասն չմնաց: Հռոմի պապ Բենեդիկտոս XVI–ը գովել է Մարքսին «մեծ վերլուծական հմտությունների» համար: Իսկ անգլիկան եկեղեցու առաջնորդ, Քենթրբերիի արքեպիսկոպոս Ռոուեն Ուիլյամսը փաստել է. «Մարքսը շատ վաղուց նկարագրել է այն եղանակը, որով սանձարձակ կապիտալիզմը վերածվում է իրականությունը գողացող առասպելաբանության»:   

«Ձախ տրամադրություններ» են ուրվագծվում նաև ԱՄՆ-ում: Մարքսի գաղափարաբանության ամերիկյան նոր հետևորդները նույնպես համոզված են ազատ շուկայի տեսության պարտության մեջ և Վաշինգտոնից պահանջում են փութով ազգայնացնել բոլոր խոշոր ֆինանսական ձեռնարկությունները 1930-ական թթ. Մեծ լճացման մոդելով: Հայտնի տնտեսագետ, 2008թ. Նոբելյան մրցանակակիր Փոլ Կրուգմանն իր երախտագիտական խոսքում ստիպված էր բացատրել, որ «Սպիտակ տան` ինը խոշոր բանկերի բաժնետոմսերի գնման պլանը դեռևս սոցիալիզմ չէ, այլ ընդամենը պետության կարգավորման և վերահսկման դրսևորում»: Իսկ նախագահ Ջորջ Բուշն այդ առիթով ասել էր, որ պետությունը գնում է տուժած բանկերը հենց հանուն կապիտալիզմի պահպանման:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն արդեն հասցրել է հայտարարել, թե հենց ԱՄՆ-ն է կրում ճգնաժամի պատասխանատվությունը. «Համաշխարհային տնտեսությունում ԱՄՆ չափից ավելի մեծ դերը դարձավ ընթացիկ տնտեսական ճգնաժամի պատճառներից մեկը: Որքան էլ մեծ լինի ամերիկյան շուկան և որքան հուսալի` ամերիկյան ֆինանսական համակարգը, դրանք ի վիճակի չեն իրենցով փոխարինել գլոբալ ապրանքային և ֆինանսական շուկաները»: Բացի այդ, նա նշել է, որ շուտով կընդունվի Մոսկվան համաշխարհային ֆինանսական կենտրոնի վերածելու պլանը: 

Ռուսաստանի նախագահը նաև դեմ է արտահայտվում առանձին երկրների «տնտեսական եսասիրությանը»: Նրա խոսքերով` դա ցանկացած տնտեսական գործունեության բնական գիծն է, այն զարգացման համար լուրջ վտանգ չի կրում: «Բայց, մյուս կողմից, դրա դրսևորումների հետևում երբեմն կանգնած է անհամեմատ ավելի կոշտ գաղափարաբանություն, այսինքն` այն, ինչը կարելի է «տնտեսական նացիոնալիզմ» անվանել, որի դեպքում պրագմատիկ շահերը փոխարինվում են քաղաքական նկատառումներով»:

2008թ. ՌԳԱ ակադեմիկոս Աբել Աղանբեկյանը հայտարարեց, որ Ռուսաստանի համար ելքը գլոբալ ճգնաժամից ավելի դժվար կլինի, քան 1998թ. դեֆոլտի ժամանակ էր: «1998թ. դեֆոլտի համեմատ` ներկայիս ցնցումները կրում են գլոբալ բնույթ: Ֆինանսական փլուզումը վերաճեց համընդհանուր տնտեսականի` աշխարհի երկրների մեծամասնությունը դնելով հետընթացի եզրին: Կրճատվում են արտադրության առանձին տեսակներ, զգալիորեն նվազել է էներգառեսուրսների սպառումը, ընկնում են էներգակիրների և մետաղների գները: Խնայողություն ամեն ինչում. այսպիսին է այսօրվա իրողությունը: Ճգնաժամի պատճառը համաշխարհային ֆինանսական համակարգի անկատարությունն է, որը զարգանում էր իրական արտադրությունից կտրված: Ռուսաստանում ֆինանսական փուչիկն առաջ է եկել մի քանի պատճառներով:

Առաջին` հայրենական ֆոնդային շուկայում օտարերկրյա կապիտալի մեծ բաժնի պատճառով: Միջազգային ընկերությունները «հաճույքով» ներդրվում էին մեր արագ աճող ֆոնդային շուկայում: Կենտրոնական բանկը, ընդ որում, պայքարում էր ինֆլյացիայի դեմ ձեռնարկություններից իրացվելիությունը խլելով: Դաշնային բյուջեն նախկինի պես խիստ կախված է վառելիքի և հումքի գներից. դրանց կտրուկ անկումը, համապատասխանաբար, կրճատեց միջոցների հոսքը պետգանձարան:

Երկրորդ` մեր կորպորացիաները և բանկերը զարգանում էին ի հաշիվ արտասահմանյան էժան փոխառությունների: Եթե Ռուսաստանի պետական պարտքն այսօր կազմում է $38 մլրդ, ապա ձեռնարկություններինն ու կազմակերպություններինը` մոտ $550 մլրդ: Արդեն 2008թ. վերջին և հաջորդ տարեսկզբին պետք է օտարերկրյա վարկատուներին տրվի $160 մլրդ: Հաջորդ` 2009թ.  ՀՆԱ-ն 4-5%-ով քիչ կլինի: Էապես կնվազեն իրական եկամուտները: Ընդ որում, ճգնաժամի ցածրակետը սպասվում է 2009թ. ամռանը: Միջինը այն կարող է տևել մեկուկես-երկու տարի»:

Նա նաև նշել է, որ հետևանքները երկրի համար ծանր կլինեն: «Աստիճանաբար ճգնաժամը ձեռք կբերի սոցիալական գծեր. կսկսեն կրճատվել բնակչության եկամուտները, կնվազի ապրանքների սպառումը, զգալիորեն կավելանա գործազրկությունը` ավելի քան 7%-ով: Եթե իշխանությունները չկարողանան հաղթահարել այս խնդիրները, չի բացառվում, որ տնտեսական ճգնաժամը վերաճի քաղաքականի»:       

***

Գլոբալ տնտեսական ճգնաժամը պայմանավորեց առաջին աղմկահարույց գործադուլները նաև անկախ Հայաստանում: Դա տեղի ունեցավ անցյալ տարեվերջին Կապանում և հանքալեռնային մի շարք այլ կենտրոններում: Առիթ էր ծառայել «Դինո Գոլդ Մայնինգ» ՓԲԸ ղեկավարության հայտարարությունն այն մասին, թե ձեռնարկությունը «արտադրական անհրաժեշտությունից ելնելով` կրճատում է աշխատավորների թիվը 725 մարդով»: Կրճատումը հիմնավորվում էր համաշխարհային տնտեսական ճգնաժամով, մասնավորապես, պղնձի և ցինկի գների կտրուկ անկմամբ (պղնձի մեկ տոննայի գինը $8000-ից ընկավ $4000-ի):

Այդ ժամանակ գործադուլներ սկսվեցին նաև Ագարակի «Գիեպրո Մայնինգ» ընկերությանը պատկանող պղնձամոլիբդենային կոմբինատում: Աշխատողների դժգոհության պատճառ էր հանդիսացել այն, որ ձեռնարկության վարչությունը որոշում էր ընդունել անգործության մատնել 300 մարդու` նրանց վճարելով աշխատավարձի 66%-ը: Այս կոմբինատի խնդիրները, որը ավելի քան 1300 աշխատող ունի, նույնպես սկսվեցին համաշխարհային տնտեսական ճգնաժամի արդյունքում պղնձի գների կտրուկ անկումից հետո: 

Միևնույն ժամանակ, Աբել Աղանբեկյանի կարծիքով, «Հայաստանի համար, որն այնքան էլ շատ ինտեգրված չէ համաշխարհային ֆինանսական համակարգին, այդ հետևանքներն այնքան էլ ահավոր չեն լինի, ինչպես Ռուսաստանի համար: Բայց աշխարհում տեղի ունեցողը չի կարող հակասական ազդեցություն չթողնել նաև հայկական տնտեսության վրա: Միանշանակ կարելի է ասել, որ Հայաստանը դժվարություններ կունենա առաջին հերթին ներդրումների ներգրավման առումով: Բացի այդ, սպասվում է, որ կկրճատվեն արտասահմանից դրամական փոխանցումները Հայաստան: Այս ամենը կհանգեցնի ներքին ինֆլյացիայի որոշ խորացման, ինչը ճգնաժամի պայմաններում գնազրկում է խնայողությունները: Հայաստանում չկա «անվտանգության բարձիկ, ուստի հարկ է այդ հարցերը լուծել հընթացս»:

Ավելի լավատեսական է իշխանությունների դիրքորոշումը: Կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը կարծում է, որ «հանրապետությունում ամրության բավական պաշար է կուտակվել համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի բացասական հետևանքներին դիմակայելու համար»: Խոսելով 2009թ. կառավարության նախանշած հակաճգնաժամային միջոցառումների և ճգնաժամային գործընթացների մակրոտնտեսական կարգավորման մոդելի մասին` նա նշել է, որ Հայաստանի կառավարությունը, ինչպես և ցանկացած այլ կառավարություն, ունի իրավիճակի զարգացման մի քանի սցենարներ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների գծով և յուրաքանչյուր սցենարում կա գործողության ծրագիր: Այս առումով, ըստ նրա, գոյություն ունեն մի քանի գործոններ, որոնք ի վիճակի են հաջողությամբ դիմակայել մարտահրավերներին: Առաջին հերթին դա Հայաստանի տնտեսության մասնավոր հատվածն է, որը վերջին 10 տարիներին լուրջ պոտենցիալ, նյութական ու ֆինանսական ռեզերվներ է կուտակել և սովորել է աշխատել շուկայական տնտեսության, անորոշության և կտրուկ շուկայական տատանումների պայմաններում: Երկրորդ գործոնը կապված է պետության` մարտահրավերներին պատրաստ լինելու աստիճանի հետ` ռեզերվների ու հնարավորությունների տեսակետից: Վարչապետի կարծիքով, բանիմաց մակրոտնտեսական քաղաքականության արդյունքում, որն անցկացնում էր պետությունը վերջին 10 տարիների ընթացքում, Հայաստանում գոյացել է ամրության բավականաչափ պաշար և կառավարության ծանրակշիռ ռեզերվային սեփական միջոցներ, որոնք գտնվում են ԿԲ հաշիվներում` $300 մլն-ի չափով: «Այդ գումարները թույլ են տալիս ապահովել 2009թ. բյուջեի հարթ կատարումը, անկախ այն բանից, թե ինչպիսին կլինեն հարկային մուտքերը»:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, իր հերթին, հույս ունի պահպանել բարձր տնտեսական աճը և ցածր ինֆլյացիան, «չնայած ծավալվող համաշխարհային տնտեսական ճգնաժամին: Մենք հասկանում ենք, որ ճգնաժամից ելքն առանց կորուստների գրեթե անհնար է, սակայն այդ կորուստները կարելի է և անհրաժեշտ է նվազագույնի հասցնել»:

Ինչևէ, սկսված տարին խոստանում է տալ այս բոլոր հարցերի պատասխանը: Այն կվկայի տարբեր երկրների կառավարությունների իրականացնելիք, այդ թվում` հայկական իշխանությունների լավատեսական հայտարարությունների տնտեսական ծրագրերի հիմնավորվածության աստիճանի մասին:             

***

Այսօր աշխարհը ցայժմ չտեսնված ճգնաժամ է ապրում. նման կարծիք են արտահայտում շատ փորձագետներ: Սակայն նման տնտեսական ցնցումները մեկ անգամ չէ, որ տեղի են ունեցել: Եվ հասկանալու համար, թե ինչպես կզարգանա և որքան երկար կտևի ներկա համաղետը, անհրաժեշտ է դիմել անցած հարյուրամյակների ճգնաժամերի փորձին:

Տնտեսական ճգնաժամերը նույնքան երկար պատմություն ունեն, որքան և տնտեսությունը: Սակայն մոտավորապես մինչև 16-րդ դ. դրանք այսպես կոչված «հին կարգի» ճգնաժամեր էին, որոնց հիմքում ընկած էին գյուղատնտեսական արտադրության կրճատումները, որոնք ադյունքում անդրադառնում էին տնտեսության այլ ճյուղերի վրա: «Նոր կարգի»` վարկի ճգնաժամի վրա հիմնված տնտեսական ցնցումներն առաջ եկան կապիտալիստական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց:

Իր տեսակի մեջ առաջին համաշխարհային մասշտաբի տնտեսական ցնցումը կարելի է համարել իսպանական թագավորության սնանկացումների շարքը 16-րդ դարում: Այդ ճգնաժամի էությունը հանգում է պարզ մի բանաձևի. շատ փող` քիչ ապրանք: 1530թ. իսպանացիների կողմից նոր հնազանդեցված Նոր աշխարհից Եվրոպա հորդեց ոսկու և արծաթի հեղեղ: Մինչ այդ համեմատաբար աղքատ Իսպանիան անգամ իր համար անսպասելիորեն հեքիաթային հարստության տեր դարձավ: Անտվերպենում, որն այն ժամանակ համաշխարհային տնտեսության կենտրոն էր, որի միջով աշխարհ էր հոսում իսպանական հսկայական կապիտալը, կարելի էր տեսնել մի տեսարան, որը ռուսներին ծանոթ դարձավ վերջին տարիներին: Շքեղություն, շինարարական բում, բնակիչների թվի ավելացում, բայց միևնույն ժամանակ` ինֆլյացիայի սրընթաց աճ և հարուստների ու աղքատների միջև խորացող անդունդ: Բազմանում էին նաև ոչ որակյալ աշխատավորները, որոնք պատրաստ էին աշխատանքի անցնել պրոֆեսիոնալ աշխատողի կես աշխատավարձի դիմաց: Սա պատմության մեջ մեկ անգամ չէ, որ տեղի կունենա. թեթև «հումքային» փողերի ի հայտ գալու հետ մեկտեղ երկիրն ավելի քիչ էր մտահոգվում սեփական ապրանքների արտադրությամբ:  

Ոսկու և արծաթի անհամար ձուլակտորներն արագ տարածվում էին աշխարհում` որպես վճար ինչպես մասշտաբային կայսերական քաղաքականության և արքունիքի շռայլ կյանքի, այնպես էլ հասարակ ժողովրդին ամենաանհրաժեշտ ապրանքների դիմաց: Արդյունքում` դարակեսին Ֆիլիպ II թագավորը մնաց առանց ոչնչի և 1557թ. ստիպված եղավ հայտարարել պետության սնանկացման մասին: Սա դարձավ այն, ինչ ներկայիս ճգնաժամի իրողություններում անվանում են «ներդրողների վստահության կորուստ»: Կապիտալ ունեցողները դադարեցին վարկավորել մեկը մյուսին, դադարեց մուրհակների շարժը, սնանկացավ Ֆուգերների (իսպանական միապետի հիմնական պարտատուն) խոշոր վաճառականական տունը, բուռն շինարարությունն Անտվերպենում կանգ առավ, իսկ հետագայում Նիդեռլանդներում անգամ խռովություն սկսվեց իսպանական տիրապետության դեմ:  

Ապառիկի ճգնաժամը հարվածեց ոչ միայն Ֆիլիպի բոլոր տիրույթներին (Իսպանիային, ինչպես նաև Նիդեռլանդներին, Իտալիային, Ամերիկային), այլ նաև այլ պետությունների: Վախեցած վաճառականները դադարեցրին փող մատակարարել նաև Ֆրանսիայի միապետին, ով արդեն 1558թ. ստիպված էր հայտարարել իր ֆինանսական անկարողության մասին: Տուժեցին նաև Անտվերպենից կախում ունեցող բոլոր շուկաները` Համբուրգը, Լիսաբոնը, Վենետիկը: Ճգնաժամի անդրադարձները, ցորենի նկատմամբ պահանջարկի անկման տեսքով, կարելի էր նկատել նաև Իվան Ահեղի Ռուսաստանում:

***

Կապիտալիստական հարաբերությունների զարգացմանը և նոր ֆինանսական գործիքների ի հայտ գալուն զուգընթաց նոր ձև ստացան նաև ճգնաժամերը: Այժմ դրանք առաջ էին գալիս անկախ իրապես արտադրվող ապրանքներից: Այժմ ամեն ինչ տեղի էր ունենում բորսաներում: Մի քանի հարյուրամյակի ընթացքում համաշխարհային առևտուրը տարբեր արժեթղթերի (և ոչ այնքան արժեքավոր թղթերի) այնպիսի քանակություն ստացավ, որ դրանց ծավալը 17-րդ դ. կեսին 10-15 անգամ գերազանցում էր կանխիկ փողի քանակությանը: Այդ արժեթղթերի մեծ մասը միայն ակնկալիքից շահ կորզելու, հսկայածավալ շահույթ դիզելու միջոց էր, ինչը կոչվում է շահ ex nihilo (ոչնչից): Այդ ժամանակ Հոլանդիայում նույնիսկ տերմին է առաջանում փուչ պարտավորությունների այդ թղթե հեղեղի համար` Wisselruiterij կամ` «փոխանակային ճարպկություն»: Ի դեպ, նման պատկեր մենք տեսնում ենք նաև այսօր: 18-րդ դ. այդ թղթերի մեծ մասը ոչնչով չէր երաշխավորվում, բացի Նիդեռլանդների տնտեսության գերազանցությունից և բարգավաճումից: Այսօրվա իրադրությունը տարբերվում է միայն նրանով, որ հիմա Միացյալ պրովինցիաների տեղը գրավել է Միացյալ Նահանգները:

Բայց, ինչպես հոլանդական տնտեսական ցնցումների նախօրեին գրում էր ֆրանսիական հյուպատոս Մայե Կլերոնը, «ամեն բան սահման ունի, որից հետո պետք է անպայման կանգ առնել»: 1763թ. համաշխարհային տնտեսությունն առաջին անգամ իր վրայից դեն նետեց «դատարկ» թղթերի կուտակված բեռը: Պատճառը, ինչպես և հին ժամանակներում, կանխիկ փողի պակասուրդն էր: Այնուհետև ճգնաժամը զարգանում էր վերջին տարում մեզ ծանոթ դարձած սցենարով: Սնանկացան խոշոր բանկերը (Նևիլներինը, Կլիֆորդներինը, վան Ֆերելինկներինը), որոնք խաղում էին չապահովված արժեթղթերով: Կրկին առաջ եկավ վստահության ճգնաժամը, հետևաբար` վարկի ճգնաժամը: Սնանկացումների շարքը շարունակվեց արդեն Նիդեռլանդներից դուրս և տարածվեց այն շուկաների վրա, որոնք փող էին վերցնում հոլանդացիներից` Բրեմեն, Լայպցիգ, Ստոկհոլմ, Լոնդոն: Խնդիրներ առաջացան նաև ֆինանսապես այնքան էլ չզարգացած Ռուսաստանում, քանի որ պատահել էր, որ վարկեր էր վերցրել ամստերդամցի կապիտալիստներից: Այսպես, օրինակ, Եկատերինա II-ը, որպես գրավ, Ամստերդամ էր ուղարկում կայսերական ադամանդները: 

Ճիշտ այնպես, ինչպես և հիմա, 18-րդ դ. ճգնաժամի շրջանում պետությունները փորձում էին բուժել շուկան դրամական ներարկումների միջոցով: «Հրեա վաճառականներ Եփրաիմը և Իցհակը, պրուսական թագավորի դրամների հավաքորդները, Համբուրգ ուղարկեցին 3 մլն էքյու,- այդ օրերին գրում էր Հաագայում Նեապոլի հյուպատոսը:- Այլ բանկեր նույնպես Հոլանդիա են հասցնում զգալի գումարներ, որպեսզի պահեն իրենց վարկը»: Բայց այդ միջոցները ցանկալի արդյունք չունեցան: Ճգնաժամի տխուր արդյունքը դարձավ մի շարք երկրներում մոլեգնող սովը: Այսպես, Նորվեգիայում մարդիկ ստիպված էին աղալ ծառափայտի կեղևը` ալյուրի փոխարեն օգտագործելու համար: Հոլանդիայում սկսվեցին սոցիալական ցնցումներ կամ, ավելի ճիշտ կլինի ասել` հեղափոխություն:  

***

Առաջին համաշխարհային տնտեսական ճգնաժամը, որը հարվածեց ժողովրդական տնտեսությանն ու հանրային կյանքին միաժամանակ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Անգլիայում և Ֆրանսիայում, տեղի ունեցավ 1857թ.: Ճգնաժամն սկսվեց ԱՄՆ-ում: Պատճառ հանդիսացան երկաթուղային ընկերությունների զանգվածային սնանկացումները և բաժնետոմսերի շուկայի փլուզումը: Ֆոնդային շուկայի կաթվածահարությունն առաջ բերեց ճգնաժամ ամերիկյան բանկային համակարգում: Նույն թվականին ճգնաժամն անցավ Անգլիա, այնուհետև` ընդգրկեց ողջ Եվրոպան: Բորսայական հուզումների ալիքը հասավ նույնիսկ լատինական Ամերիկա: Ճգնաժամի շրջանում թուջի արտադրությունն ԱՄՆ-ում կրճատվեց 20%-ով, բամբակի սպառումը` 27%-ով: Մեծ Բրիտանիայում ամենից շատ տուժեց նավաշինությունը, որտեղ արտադրության ծավալը նվազեց 26%-ով: Գերմանիայում 25%-ով կրճատվեց թուջի սպառումը, Ֆրանսիայում` 13%-ով թուջի ձուլումը և նույնքանով էլ` բամբակի սպառումը, Ռուսաստանում թուջի ձուլումը նվազեց 17%-ով, բամբակեղենի թողարկումը` 14%-ով:  

Հերթական համաշխարհային տնտեսական ճգնաժամը սկսվեց 1873թ. Ավստրիայում և Գերմանիայում: Ճգնաժամի նախադրյալ հանդիսացավ Անգլիայից սնունդ առնող վարկային վերելքը Լատինական Ամերիկայում և սպեկուլյատիվ վերելքը Գերմանիայի ու Ավստրիայի անշարժ գույքի շուկայում: Ավստրո-գերմանական վերելքն ավարտվեց մայիսին, Վիեննայում, ֆոնդային շուկայի փլուզմամբ: Ցյուրիխի և Ամստերդամի ֆոնդային շուկաները նույնպես տապալվեցին: ԱՄՆ-ում բանկային խուճապն սկսվեց Նյու Յորքի ֆոնդային բորսայում բաժնետոմսերի գների կտրուկ անկումից և գլխավոր ֆինանսիստ, Միացյալ խաղաղօվկիանոսյան երկաթուղու նախագահ Ջեյ Քուքի սնանկացումից հետո: Ճգնաժամը Գերմանիայից Ամերիկա անցավ այն պատճառով, որ գերմանական բանկերը հրաժարվեցին երկարացնել վարկերի ժամկետը: Քանի որ ամերիկյան և եվրոպական տնտեսություններն ընկել էին ռեցեսիայի փուլի մեջ, կտրուկ նվազեց լատինաամերիկյան երկրների արտահանումը, ինչը հանգեցրեց պետական բյուջեների եկամուտների անկմանը: Դա կապիտալիզմի պատմության մեջ ամենաերկար ճգնաժամերից մեկն էր. այն ավարտվեց 1878թ.: 

15 տարի անց  անբարենպաստ ֆինանսական իրադրությունը կվերադառնա ԱՄՆ և կսկսվի Ավստրալիայում: 1893 թվականը պատմաբանները կապում են Բարինգի ճգնաժամի և համաշխարհային ապրանքային շուկաների անկման հետ: Այդ նույն ժամանակ ԱՄՆ-ում ընդունում են «Շերմանի արծաթե պակտը», որը թույլ էր տալիս ազատ գնագոյացում արծաթի շուկայում: Ներդրողները, հուսալով, որ ԱՄՆ-ը կհրաժարվի ոսկու ստանդարտից, սկսեցին կապիտալը դուրս բերել երկրից: Կապիտալի արտահոսքը, առաջարկի կրճատումը և ֆոնդային շուկաների կոլապսը հերթական ճգնաժամի պատճառը դարձան: Իր հերթին, ավստրալական ճգնաժամին նպաստեց անշարժ գույքի շուկայի բումը, որը սնվում էր ներքին վարկերի, ինչպես նաև արտահանվող ապրանքների գների անկման ու երկրի խոշոր բանկերի փակման հաշվին:   

1914թ. բռնկվեց միջազգային ֆինանսական ճգնաժամ` կապված Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելու հետ: Պատճառը ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի կառավարությունների կողմից օտարերկրյա էմիտենտներին արժեթղթերի տոտալ իսպառ վաճառքն էր ռազմական գործողությունները ֆինանսավորելու նպատակով: Այդ ճգնաժամը, ի տարբերություն մյուսների, կենտրոնից ծայրամասեր չէր տարածվում, այլ սկսվեց մի քանի երկրներում գրեթե միաժամանակ, այն բանից հետո, երբ պատերազմող կողմերը սկսեցին ոչնչացնել օտարերկրյա ակտիվները: Դա բերեց բոլոր` ինչպես ապրանքային, այնպես էլ դրամական, շուկաների կործանման: Բանկային խուճապը ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և մի քանի այլ պետություններում մեղմացվեց կենտրոնական բանկերի ժամանակին արված ինտերվենցիաներով: 

Հաջորդ համաշխարհային տնտեսական ճգնաժամը` կապված հետպատերազմյան դեֆլյացիայի (ազգային արժույթի գնողունակության բարձրացում) և ռեցեսիայի (արտադրության անկում) հետ, տեղի ունեցավ 1920-1922թթ.: Երևույթը կապված էր բանկային և արժութային ճգնաժամերի հետ Դանիայում, Իտալիայում, Ֆինլանդիայում, Հոլանդիայում, Նորվեգիայում, ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում: 

***

Այն, ինչ սկսվեց ԱՄՆ-ում անցյալ դարի առաջին քառորդին, թեև հեղափոխության չհանգեցրեց, բայց այդ իրադարձության մասշտաբն այնքան մեծ էր, որ այսօր, թերևս, յուրաքանչյուրը լսած կլինի դրա մասին: Խոսքը Մեծ լճացման մասին է:

Անցյալ դարի 1920-ական թթ. կեսերից ԱՄՆ-ում իսկական ներդրումային բում սկսվեց: Ոչ միայն պրոֆեսիոնալ ներդրողները, այլև հասարակ քաղաքացիներն էին միջոցներ ներդնում արժեթղթերում, որոնք հաճախ, ինչպես դա լինում էր նաև նախկինում, ոչնչով ապահովված չէին: Բաժնետոմսերի զգալի մասը քաղաքացիները ձեռք էին բերել բանկերից փոխառած միջոցներով, ինչն արդյունքում հանգեցրեց բանկերի զանգվածային սնանկացումների (մոտ 5000 բանկ):

1929թ. հոկտեմբերի 24-ին («Սև հինգշաբթի») Նյու Յորքի ֆոնդային բորսայում բաժնետոմսերի գնի կտրուկ անկում տեղի ունեցավ, որը նշանակում էր, որ պատմության մեջ համաշխարհային տնտեսական ամենախոշոր ճգնաժամն է սկսվում: Արժեթղթերի արժեքն ընկավ 60-70%-ով, կտրուկ նվազեց գործնական ակտիվությունը, համաշխարհային հիմնական արժույթների համար վերացավ ոսկու ստանդարտը: Այդ օրն իսկապես տեղի ունեցավ բաժնետոմսերի աներևակայելի փլուզում: Արժեթղթերի խուճապային վաճառքի ընթացքում, որը շարունակվեց երկուշաբթի և տխրահռչակ «Սև երեքշաբթի»` հոկտեմբերի 29-ին, վաճառվեց ավելի քան $30 մլրդ ընդհանուր արժողության   մոտ 40 մլն բաժնետոմս:

Առաջին համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ տնտեսությունը դինամիկորեն էր զարգանում, բաժնետոմսերի միլիոնավոր սեփականատերեր մեծացնում էին իրենց կապիտալները, արագ տեմպերով աճում էր սպառողական պահանջարկը: Եվ այս ամենը մի ակնթարթում փուլ եկավ. ամենածանրակշիռ բաժնետոմսերը` Հեռախոսների և հեռագրերի ամերիկյան ընկերությանը, Համընդհանուր էլեկտրական ընկերությանը և Շարժիչների համընդհանուր ընկերությանը, մեկ շաբաթվա ընթացքում կորցրին մինչև երկու հարյուր կետ: Ամսվա վերջին բաժնետոմսեր ունեցողները զրկվեցին ավելի քան $15 մլրդ-ից: 1929թ. վերջին արժեթղթերի փոխարժեքի անկումը հասավ աներևակայելի գումարի` $40 մլրդ-ի: Փակվում էին ընկերություններ և գործարաններ, բանկեր էին պայթում, միլիոնավոր գործազուրկներ թափառում էին աշխատանքի որոնումներում: Մեծ լճացումը «մեծ» չէր լինի, եթե սահմանափակվեր ֆոնդային շուկայի կործանմամբ: Սնանկացած բանկերը դադարեցին վարկավորել ձեռնարկություններին: Դա հանգեցրեց արդյունաբերական արտադրության կրկնակի կրճատմանը: Ավտոմեքենաների թողարկումը կրճատվեց հինգ անգամ և նախկին մակարդակին վերադարձավ միայն 1950-ական թթ սկզբին: 15 մլն մարդ մի ակնթարթում գործազուրկ դարձան, 5 մլն ամերիկյան ագարակատերեր ստիպված էին վաճառել հողերը պարտքի դիմաց: Ճգնաճամը մոլեգնում էր մինչև 1933թ., իսկ դրա հետևանքները զգացվում էին մինչև 1930-ական թթ. վերջերը:

Ճգնաժամի երկրորդ ալիքն սկսվեց արդեն 1937թ., երբ մի քանի տարվա վստահ վերելքից հետո թվում էր, թե տնտեսությունը վերջնականապես ապաքինման ուղի է բռնել: Վերադառնալով եռամյա վաղեմության ցուցանիշին` կտրուկ անկում ապրեց արտադրության մակարդակը (40%-ով), էականորեն կրճատվեցին բնակչության եկամուտները, գործազուրկների թվաքանակը 5-ից հասավ 12 մլն մարդու (աշխատունակ բնակչության մոտ 20%-ը):

Լճացում սկսվեց նաև այլ երկրներում, որտեղ այն պակաս տնտեսական և սոցիալական ցնցումներ առաջ չբերեց: Այդ ճգնաժամի ժամանակ արդյունաբերական արտադրությունը ԱՄՆ-ում կրճատվեց 46, մեծ Բրիտանիայում` 24, Գերմանիայում` 41, Ֆրանսիայում` 32%-ով: Արդյունաբերական ընկերությունների բաժնետոմսերի փոխարժեքներն ընկան ԱՄՆ-ում 87, Մեծ Բրիտանիայում` 48, Գերմանիայում` 64, Ֆրանսիայում` 60%-ով: Հսկայական չափերի հասավ գործազրկությունը: ԱՄՆ-ում գործազուրկների թիվը հասավ 14 մլն-ի, իսկ երկիրը հետ մղվեց 1911թ. մակարդակին: Միայն Նյու Յորքում 1931թ. սովից մահացավ մոտավորապես 2000 մարդ:

Ի դեպ, հասարակական չկարգավորվածության արդյունքում էլ (և, բնականաբար, Առաջին համաշխարհային պատերազմից հետո գերմանացիների հանդեպ շատ երկրներում ձևավորված ծաղրական վերաբերմունքի ֆոնին) քաղաքական կապիտալ կուտակեց Ադոլֆ Հիտլերը: Խորհրդային Միությունը, սակայն, «երկաթե վարագույրի» հետևում մնալով, զգալի ֆինանսական ցնցումներ չապրեց:

***

Մեծ լճացման շրջանում ԱՄՆ-ում ամրապնդվեց «ամերիկյան ինդիվիդուալիզմի» փիլիսոփայությունը, որը չէր ընդունում պետական միջամտությունը մասնավոր բիզնեսին, թեև Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին դա կիրառվում էր: 1929թ. նախագահ դարձած Հերբերտ Հուվերը (1874-1964) նախապես սահմանափակվեց առևտրային հովանավորչություն մտցնելով, համարելով, որ ճգնաժամը կհաղթահարվի ավտոմատ կերպով և երկիրը դրանից գլուխ կհանի «60 օրում»: 1930թ. ԱՄՆ ապրանքների ներկրման կտրուկ կրճատման համար ընդունվեց բարձր մաքսատուրք: Ի պատասխան` մյուս երկրները նույնպես բարձրացրին ներկրման տուրքերը:  

Իրավիճակը երկրում վատթարանում էր. ամենուրեք զանգվածային ելույթներ էին բռնկվում, կազմակերպվում էին սովյալների ու գործազուրկների երթեր Վաշինգտոն (1931-1932թթ.), Միջին Արևմուտքի ագարակատերերը բոյկոտում էին գյուղատնտեսական արտադրանքի գնումը, հակառակվում էին ագարակների հարկադիր վաճառքին, մասնակցում սովյալների արշավներին: Լեռնահանքային, տեքստիլ, ավտոմեքենաշինական, կարի ճյուղերում գործադուլային շարժում սկսվեց: Այն ավելի զանգվածային բնույթ ստացավ: 1933թ. գործադուլավորների թիվը գերազանցում էր մեկ միլիոնը:

Սնանկացման կանխարգելման նպատակով Հուվերը 1931թ. վերջից բանկերի, արդյունաբերության, տրանսպորտային ձեռնարկությունների պետական վարկավորման փորձ ձեռնարկեց: Դրա համար ստեղծվեց «Ազգային վարկային կորպորացիան»` $3,5 մլրդ կապիտալով, որը 1932թ. հունվարին վերակազմակերպվեց «Վերականգնող ֆինանսական կորպորացիայի»: Խոշոր ագարակատերերին օգնություն ցուցաբերելու նպատակով կազմակերպվեց «Դաշնային ֆերմերային բյուրո»: Բյուրոյի նպատակն էր գյուղատնտեսական արտադրանքի գների մակարդակը պահելը: Բյուրոյի գործունեությունը հաջողությամբ չպսակվեց, և վերջնարդյունքում հանգեցրեց շուկայի ապակազմակերպման և ագարակատերերի հետագա սնանկացման: Սոցիալական հակասությունները շարունակում էին խորանալ: 1933թ. մարտին գործազուրկների թիվը հասավ 17 մլն մարդու:

Այսպիսով, ճգնաժամը երկու ամսում հաղթահարելու Հուվերի խոստումները չիրականացան:

***

1933թ. ԱՄՆ նախագահ ընտրվեց Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը (1882-1945): Այդ պահի դրությամբ երկրում արտակարգ իրավիճակ էր: Ճգնաժամից դուրս գալու համար արտաքո կարգի միջոցառումներ էին պահանջվում: Ռուզվելտի կառավարության կողմից իրականացվեցին խոշորամասշտաբ բարեփոխումներ, որոնք պատմության մեջ մտան «Ռուզվելտի նոր գիծ» անվամբ:

Չնայած այն բանին, որ «նոր գիծը» վաղօրոք մտածված նորամուծությունների համակարգ չէր, այն համաշխարհային պատմության մեջ ամենահայտնի ու արդյունավետ բարեփոխումներից մեկն է: Ռուզվելտը կենսագործեց ավելի շատ բարեփոխումներ, քան խոստացել էր նախընտրական քարոզարշավում: Մարտի 9-ին արդեն գումարվեց Կոնգրեսի հատուկ նստաշրջանը, և 100 օրվա ընթացքում դրվեցին «նոր գծի» քաղաքականության հիմքերը: Ժխտելով Հուվերի «կոշտ ինդիվիդուալիզմի» քաղաքականությունը` նախագահ Ռուզվելտը հույս ուներ հաղթահարել ճգնաժամը տնտեսության պլանավորման, երկրի ներսում «դասային» խաղաղության ու այլ երկրների հետ բարիդրացիության հաստատման ճանապարհով:

«Նոր գծի» տեսական հիմքը դարձավ անգլիացի նշանավոր տնտեսագետ Ջոն Մեյնարդ Քեյնսի (1883-1946) ուսմունքը: Կապիտալիստական երկրների տնտեսությունում խոր փոփոխությունների պայմաններում, երբ տիրապետում են մոնոպոլիաները, Քեյնսը և նրա հետևորդներն անհրաժեշտ էին համարում պետության մասնակցությունը տնտեսական կյանքի կարգավորմանը:

Ելնելով դրանից` Ռուզվելտի բարեփոխումների հիմնական նպատակը դարձավ պետության ակտիվ մասնակցությունը հանրային վերարտադրության գործընթացին: «Նոր գծի» իրականացման երկու փուլ են առանձնացնում. նախնական` 1933-1935թթ., և երկրորդ` 1935-ից սկսած, երբ նկատվեցին ձախ տեղաշարժեր: 

Նախևառաջ, սկսվեց բանկային և ֆինանսական համակարգի փրկությունը: Դրանց ապաքինման համար արգելվում էր ոսկու դուրսբերումը: ԱՄՆ-ում փակվեցին բոլոր բանկերը: Չնայած այն բանին, որ շատ հասարակական և քաղաքական գործիչներ պահանջում էին ազգայնացնել բանկերը, Ռուզվելտը չգնաց դրան: Միաձայն ընդունված Բանկերի մասին արտակարգ օրենքում նախատեսվում էր վերականգնել գործունեությունը և կառավարական վարկեր ստանալ դաշնային պահուստային համակարգից, թեև դա թույլատրվում էր միայն բարեկեցիկ, այսինքն` առավել խոշոր բանկերին: 1933թ. վերջին կրկին բացվեց ԴՊՀ բանկերի 80%-ը, սակայն մոտ 2000 բանկեր նման թույլտվություն չստացան:

Ֆինանսական ռեսուրսների ավելացման նպատակով պետությունն ընդլայնեց իր կարգավորող գործառույթները: Այդ շրջանում ԱՄՆ-ը հրաժարվեց ոսկու ստանդարտից, շրջանառությունից հանեց և դոլարի արժեզրկում մտցրեց: 1934թ. հունվարին դոլարի ոսկով ապահովվածությունն իջեցվեց 41%-ով: Այդ նույն ժամանակ ընդունվեց ոսկու պահուստի մասին օրենքը, որը ոսկու նոր գին էր սահմանում` ունցիան $35, որը գործեց մինչև 1971թ.:  

Դոլարի արժեզրկման շնորհիվ եկամտի բաշխումը փոխվեց հօգուտ արդյունաբերական և ոչ թե փոխատվական կապիտալի: Դրանով իսկ կանխվեցին զանգվածային սնանկացումները վարկային ոլորտում, նվազեց մոնոպոլիաների պարտքը կառավարությանը, հզորացան ԱՄՆ արտահանական հնարավորությունները: Մանր բաժնետերերին և ավանդատուներին (մասնավոր միջոցներ) խրախուսելու համար ստեղծվեց բանկային ավանդների ապահովագրման կորպորացիա, ինչպես նաև միջոցներ ձեռնարկվեցին բորսայական սպեկուլյացիաների ռիսկից ավանդների պաշտպանության համար: Դեպոզիտների պետական ապահովագրման ներդրումը նպաստեց սնանկացումը կանխելուն, բարձրացրեց ավանդատուների վստահությունը:

***

«Նոր գծի» միջոցառումների շարքում կենտրոնական տեղը հատկացվում էր արդյունաբերության վերականգնմանը: 1933թ. հունիսին ընդունվեց երկու առավել կարևոր օրենքներից մեկը` «Ազգային արդյունաբերության վերականգնման մասին օրենքը»: Դրա անցկացման համար ստեղծվեց «Ազգային վերականգնման վարչությունը», որի կազմում ընդգրկվեցին ֆինանսական օլիգարխիայի ներկայացուցիչները (Առևտրային պալատից, «Ջեներալ մոթորս» ընկերությունից, «Ստանդարտ օյլից», Մորգանի խմբից և այլ բաժնետերեր), ինչպես նաև տնտեսագետներ «Աշխատանքի ամերիկյան դաշնությունից»:

«Արդյունաբերության վերականգնման մասին» օրենքը կանոնակարգում էր տնտեսության այդ ճյուղում պետական կարգավորման համակարգի ներդրումը: Այն երեք բաժին ուներ: Առաջինը վերաբերում էր այն միջոցառումներին, որոնք նպաստելու էին տնտեսության աշխուժացմանը և դրա դուրսբերմանն աղետալի իրավիճակից: Հիմնական շեշտադրումն արվում էր «ազնիվ մրցակցության վարքականոնի» վրա, որում սահմանվում էին մրցակցության, զբաղվածության և վարձու աշխատանքի կանոնները:

Ձեռներեցների ասոցիացիան ողջ արդյունաբերությունը բաժանել էր 17 խմբի, որոնցից յուրաքանչյուրը պարտավորվում էր մշակել նման վարքականոն: Ամեն մի ձեռնարկության համար վարքականոնները սահմանում էին արտադրության ծավալները, աշխատավարձի մակարդակը, աշխատանքային շաբաթի տևողությունը, արտադրանքի սպառման շուկաները, գնային միասնական քաղաքականությունը: Յուրաքանչյուր վարքականոնում պարտադիր սահմանվում էին զբաղվածության և վարձու աշխատանքի պայմանները: Նախագահի կողմից վարքականոնի հաստատման պարագայում այն դառնում էր օրենք, իսկ հակատրեստային օրենսդրության գործողությունը դադարեցվում էր: Ընդհանուր առմամբ, արդյունաբերության բոլոր ճյուղերում Ռուզվելտի վարչակազմը թույլատրեց 746 վարքականոններ, որոնք ընդգրկեցին ամերիկյան արդյունաբերության և առևտրի 99%-ը:

Օրենքի երկրորդ և երրորդ բաժիննեում որոշվում էին հարկման ձևերն ու հանրային աշխատանքների ֆոնդը` նշելով այդ ֆոնդի միջոցների օգտագործման կարգը: Գործազուրկներին օգնություն ցուցաբերելու համար Կոնգրեսը ստեղծեց «Հանրային աշխատանքների վարչություն», որը գլխավորեց ներքին գործերի նախարար Գ.Իկեսը: Գործազրկության դեմ պայքարի միջոցների շարքում պետք է նշել աշխատանքային ճամբարների ստեղծումը 18-25 տարեկան գործազուրկ երիտասարդների համար: Դրանք ապահովվում էին անվճար սննդով, կացարանով, արտահագուստով, նրանց օրական $1 էին վճարում: Ճամբարներում երիտասարդների թիվը հասնում էր 250 հազար մարդու: Աշխատանքները ղեկավարում էին ԶՈւ պահեստի սպաները: 1935թ. արդեն ճամբարները կրկնակի ավելացել էին, և նրանցում մոտ 3 մլն մարդ էր հաշվվում: Երիտասարդությունն անտառներն էր մաքրում, զբաղվում ոռոգմամբ, անտառատունկով, ճանապարհներ նորոգում: «Արտակարգ օգնության վարչությունը» նահանգներին դոտացիաներ էր տրամադրում գործազուրկներին օգնելու համար: Ամերիկյան կառավարության կազմակերպած հանրային աշխատանքների մասշտաբները զգալի էին. դրանցում զբաղվածություն ունեին արդեն 5 մլն մարդիկ:

Ռուզվելտն ինքն այդ օրենքին շատ մեծ նշանակություն էր տալիս. «Ազգային արդյունաբերության վերականգնման օրենքը պատմության մեջ կմտնի, հնարավոր է, որպես Կոնգրեսի կողմից երբևէ ընդունված առավել կարևոր գործող օրենսդրություն»:

***

Երկրորդ կարևոր օրենքը` «Գյուղատնտեսության կարգավորման մասին», ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց 1933թ. սկզբին, ագարակատերերի հայտարարած համընդհանուր գործադուլի նախօրեին: Դրա անցկացման համար ստեղծվեց «գյուղատնտեսության կարգավորման վարչությունը», այսպես կոչված «ААА»-ն: Օրենքը ագրարային ճգնաժամի հաղթահարման համար նախատեսում էր գյուղատնտեսական ապրանքների գների բարձրացում մինչև 1909-1914թթ. մակարդակը: Դրան ուղղված միջոցառումների թվում էր ցանքատարածությունների և անասնագլխաքանակի կրճատումը: Յուրաքանչյուր չցանված հեկտարի դիմաց ագարակատերերն ստանում էին փոխհատուցում և պարգևավճար, միջոցներ, որոնք կուտակվում էին ի հաշիվ ընկերությունների հարկման, ալյուրի և բամբակե մանվածքի հարկերի: Այս ձեռնարկումների ներդրման պահին ցորենի գներն այնպիսին էին, որ ավելի ձեռնտու էր այն օգտագործել իբրև վառելիք, և որոշ նահանգներում ցորենն ու եգիպտացորենը վառում էին փայտի ու ածխի փոխարեն: 

«ААА»-ի գործունեության մեկ տարվա մեջ մորթվեց 23 մլն գլուխ եղջերավոր անասուն և 6,4 մլն խոզ: Մորթված կենդանիների միսը վերածում էին պարարտանյութի: Անբերրիությունը հաջողություն էր համարվում: Վերոնշյալ մեթոդներով 1936թ. հաջողվեց ագարակատերերի եկամուտները բարձրացնել 50%-ով:

1935թ. «նոր գծի» քաղաքականության մեջ ձախ շեղում նկատվեց: Իրենց պայքարով դրան հասան աշխատավորները: 1933-1939թթ. գործադուլ են արել ավելի քան 8 մլն մարդ: Դասակարգային պայքարի առավել ակտիվ ձևը դարձան «նստագործադուլները», երբ բանվորների մի մասը մնում էր գործարանների ներսում, իսկ մյուսները շուրջօրյա նստացույց էին անում: Նման գործադուլներն ավելի արդյունավետ էին և նպաստում էին արհմիությունների կազմավորմանն անգամ այն ճյուղերում, որոնցում ձեռնարկատերերի կամայականությունները հատկապես զգալի էին: Բանվորները հասան սոցիալական ապահովագրության դաշնային համակարգի ներդրմանը: 1936թ. բանվորական բոլոր կազմակերպությունները միավորվեցին «Ամերիկայի բանվորական դաշինքի» մեջ:

«Պրոլետարական շարժման» արդյունքում Ռուզվելտի կառավարությունը «նոր գծի» իրագործման երկրորդ փուլում հարկադրված էր ավելի մեծ չափով հաշվի առնել աշխատավորների և ֆերմերների շահերը: ԱՄՆ բանվոր դասակարգի կարևորագույն նվաճումը եղավ «Վանգերի օրենքի» ընդունումը: Օրենքում անհրաժեշտություն էր համարվում այն, որ աշխատավորներն իրենց շահերը պաշտպանեն արհմիությունների և ձեռնարկատերերի հետ կոլեկտիվ պայմանագրեր կնքելու միջոցով: Բանվորներին գործադուլների անցկացման իրավունք էր վերապահվում: 

Կարևոր նշանակություն ուներ նաև «Սոցիալական ապահովության մասին» օրենքը, որն ընդունվեց մի քանի ամիս անց: Դրանով կենսաթոշակներ և գործազրկության նպաստներ էին մտցվում: Սակայն օրենքը տարածվում էր խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների բանվորների վրա և չէր ներառում առևտրի, սպասարկման ոլորտի աշխատողներին: 1930-ական թթ. աշխատանքային օրենսդրությունն ամերիկյան բանվորների պայքարի լուրջ ձեռքբերումն է:

«Նոր գծի» բոլոր միջոցառումներն ԱՄՆ պատմության մեջ նրա առաջընթացի էջերից մեկը հանդիսացան: Բայց «նոր գծի» անցկացումն «անցավ» չի եղել: Դրա դեմ էին հանդես գալիս հակաաշխատավորական օրենսդրության հին մեթոդների կողմնակիցները` ֆինանսական մոնոպոլիաների պահպանողական շերտերի ներկայացուցիչները: Ռուզվելտին դեմ էին Մորգանը, Դյուպոնը, Ռոքֆելերը, Մելոնը: Ընդդիմությունը խորանում էր տնտեսական ճգնաժամի թուլացմանը զուգընթաց: Նորաստեղծ «Ազատության ամերիկյան լիգան» պահանջում էր հրաժարվել պետական կարգավորումից, նվազեցնել խոշոր կապիտալի հարկերը և անցում կատարել աշխատավորների նկատմամբ կոշտ դիրքորոշման:

Այսպիսով, Ռուզվելտի քաղաքականության մեջ մարմնավորվեցին զարգացման ազատական-բարենորոգչական տարբերակի գծերը: Նրա քաղաքական գծի կարևորագույն գործիքը դարձավ պետական բյուջեն, որի միջոցների հաշվին էր իրականացվում ընդլայնված վերարտադրության և սոցիալական ծրագրերի ֆինանսավորումը: Առավել եւս, որ իր նախընտրական քարոզարշավում նա խոստացել էր հասնել հավասարակշռված բյուջեի: Ռուզվելտը բացահայտ հայտարարում էր, որ «բյուջեն կմնա չզուգակշռված այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի կարիքավորների բանակը»:

***

Առաջին հետպատերազմյան համաշխարհային տնտեսական ճգնաժամը սկսվեց 1957թ. վերջին և շարունակվեց  մինչև 1958թ. կեսերը: Այն ընդգրկեց ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Կանադան, Բելգիան, Նիդեռլանդները և մի քանի այլ երկրներ: Արդյունաբերական արտադրանքի արտադրությունը զարգացած կապիտալիստական երկրներում նվազեց 4%-ով: Գործազուրկների բանակը հասավ գրեթե 10 մլն մարդու:

1973թ. վերջին ԱՄՆ-ում սկսված տնտեսական ճգնաժամը երկրների ընդգրկման, տևողության, խորության ու քայքայիչ ուժի չափերով զգալիորեն գերազանցեց նախորդ` 1957-1958թթ. համաշխարհային տնտեսական ճգնաժամը և մի քանի բնութագրերով մոտեցավ 1929-1933թթ. ճգնաժամին: Ճգնաժամի շրջանում արդյունաբերական արտադրությունը նվազեց.

ԱՄՆ-ում` 13%, Ճապոնիայում` 20%, ԳՖՀ-ում` 22%, Մեծ Բրիտանիայում` 10%, Ֆրանսիայում` 13%, Իտալիայում` 14%.:

Բաժնետոմսերի փոխարժեքները միայն մեկ տարում` 1973թ. դեկտեմբերից մինչև 1974թ. դեկտեմբեր, ընկան.

ԱՄՆ-ում` 33%, Ճապոնիայում` 17%, ԳՖՀ-ում` 10%, Մեծ Բրիտանիայում` 56%, Ֆրանսիայում` 33%, Իտալիայում` 28%:

1974թ. սնանկացումների թիվը, 1973թ, համեմատ, աճեց.

ԱՄՆ-ում` 6%, Ճապոնիայում` 42%, ԳՖՀ-ում` 40%, Մեծ Բրիտանիայում`47%, Ֆրանսիայում` 27%:

1975թ. կեսերին արդեն ամբողջությամբ գործազուրկների թիվը զարգացած կապիտալիստական երկրներում հասավ 15 մլն մարդու: Բացի այդ, ավելի քան 10 մլն մարդ սկսեցին աշխատել ոչ լրիվ աշխատանքային շաբաթով կամ ժամանակավորապես ազատվեցին ձեռնարկություններից: Ամենուրեք տեղի ունեցավ աշխատավորների իրական եկամուտների անկում:

***

1973թ. տեղի ունեցավ նաև առաջին էներգետիկ ճգնաժամը, որն սկսվեց ՕՊԵԿ անդամ երկրների փոխանցումով, որոնք նվազեցրել էին նավթի հանույթի ծավալները: Այդպիսով սև ոսկու արդյունահանողները փորձում էին բարձրացնել նավթի արժեքը համաշխարհային շուկայում: 1973թ. հոկտեմբերի 16-ին նավթի մեկ բարելի գինը բարձրացավ 67%-ով, $3-ից մինչև $5-ի: 1974թ. նավթի գինը հասավ $12-ի:

1970թ. համաշխարհային պատմությունը լրացվում է ևս մի ճգնաժամով, այժմ` Դանիայում: Այստեղ ինֆլյացիայի արագ աճի պատճառով իշխանությունները պարտավորեցրին գործատուներին բարձրացնել աշխատավարձերը, որոնց հաշվին մարդիկ վարկեր վերցրին բանկերում բնակարաններ գնելու համար, բայց այդպես էլ մարել չկարողացան: Այդպիսով բանկերը դարձան հազարավոր բնակարանների սեփականատերեր, առաջարկն անշարժ գույքի շուկայում խիստ մեծ էր, իսկ կառուցողները մրցակցային պայքարի պայմաններում հարկադրված էին իջեցնել բնակարանների գները: Դրանից հետո գներն ընկան 40%-ով, իսկ շատ շինարարական ընկերություններ սնանկացան:

1980-1990-ական թթ. ահմանագծին կրկին ճգնաժամ սկսվեց ԱՄՆ անշարժ գույքի շուկայում: Պատճառը չափից ավելի և անկանոն կապիտալ ներդրումներն էին նորակառույցներում: Շուկան գերհագեցել էր առաջարկով, իսկ նախագծերի մեծամասնությունը, որոնց համար տրվում էին վարկերը, սկսեցին պահանջարկ չունենալ:

Պատմությանը հայտնի է նաև Ֆինլանդիայի խոր ճգնաժամը, որն սկսվեց 1990-ական թթ. սկզբին: Երկրի ՀՆԱ-ն իջավ 7%-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալներ` 9%-ով, իսկ մասնավոր ներդրումները` 23%-ով: 1994թ. շինարարական արդյունաբերությունում գործազրկությունը հասավ 36%-ի: Սակայն երկրի ֆինանսական դրությունը վերականգնվեց արդեն 2000թ.: Եվ զարգացման ծանրակշիռ գործոն դարձավ անշարժ գույքի գների ակտիվ աճը և դրա բարձր պահանջարկը ցածր տոկոսադրույքների ու տնային տնտեսությունների եկամուտների բարձրացման շնորհիվ:

Հերթական «Սև երկուշաբթին»` 1987թ. հոկտեմբերի 19-ը, ամերիկյան ֆոնդային Dow Jones Industrial ինդեքսն ընկավ 22,6%-ով: Ամերիկյան շուկայի հետևից փլուզվեցին Ավստրալիայի, Կանադայի, Հոնկոնգի շուկաները: Ճգնաժամի հնարավոր պատճառը. ներդրողները հեռացան շուկայից մի քանի խոշոր ընկերությունների կապիտալացման խիստ նվազումից հետո:

1994-1995թթ. տեղի ունեցավ Մեքսիկական ճգնաժամը: 1980-ական թթ. վերջերին Մեքսիկայի կառավարությունը վարում էր ներդրումների ներգրավման քաղաքականություն: Մասնավորապես, պաշտոնյաները բացեցին ֆոնդային բորսա, սակարկությունների հարթակ հանեցին մեքսիկական պետական ընկերությունների մեծ մասը: 1989-1994թթ. Մեքսիկա հորդեց օտարերկրյա կապիտալի մեծ հոսք: Ճգնաժամի առաջին դրսևորումը կապիտալի փախուստն էր Մեքսիկայից. օտարերկրացիները սկսեցին զգուշանալ երկրում տնտեսական ճգնաժամից: 1995թ. երկրից դուրս բերվեց $10 մլրդ: Սկսվեց բանկային համակարգի ճգնաժամը:

***

1997թ. ճգնաժամ ծավալվեց Ասիայում: Դա ասիական ֆոնդային շուկայի ամենամեծ անկումն էր Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: Ճգնաժամը հետևանքն էր այն բանի, որ օտարերկրյա ներդրողները սկսեցին հեռանալ Հարավարևելյան Ասիայի երկրներից: Պատճառը` տարածաշրջանի արժույթների արժեզրկումն էր և ՀԱԱ երկրների վճարային հաշվեկշռի դեֆիցիտի բարձր մակարդակը: Փորձագետների հաշվարկներով` ասիական ճգնաժամը համաշխարհային ՀՆԱ-ն նվազեցրեց $2 տրլն-ով: Ասիական ճգնաժամը ներառեց Հարավային Կորեան, Հոնկոնգը, Լաոսը, Ֆիլիպինները, Հնդկաստանը, Չինաստանը, Վիետնամը, Ինդոնեզիան, Մալայզիան, Թաիլանդը և Ճապոնիան: Կտրուկ ընկավ էներգակիրների պահանջարկը, հետևաբար` իջավ նավթի գինը: Մեկ բարելի դիմաց առաջարկում էին ընդամենը 8 դոլար: Եվ արդեն հաջորդ` 1998թ. ճգնաժամ էր սպասվում նաև Ռուսաստանում: 

1998 թվականը Ռուսաստանի պատմության մեջ նշանավորվեց ամենածանր տնտեսական ճգնաժամերից մեկով: Դեֆոլտի պատճառներն էին Ռուսաստանի հսկայական պետական պարտքը, հումքի ցածր համաշխարհային գները և պետական կարճաժամկետ պարտատոմսերի բուրգը, որոնք ՌԴ կառավարությունը չկարողացավ ժամանակին մարել: Ռուբլու փոխարժեքը դոլարի նկատմամբ 1998թ. օգոստոսին – 1999թ. հունվարին ընկավ 3 անգամ` 1 դոլարի դիմաց 6 ռուբլուց հասնելով 21 ռուբլու:

Բայց հաճախ ճգնաժամի առաջացման հիմնական պատճառ է հանդիսանում ոչ թե ֆոնդային շուկայի կործանումը, այլ հումքի գինը: Ռուսաստանի համար, ում ածխաջրածինների արտահանական կողմնորոշումը լավ հայտնի է, դա միշտ լուրջ խնդիր է հանդիսացել: 1980-ական թթ., երբ բաղձալի բարելը կրկնակի էժանացավ, նավթի գնանշումների կտրուկ անկումը խթանեց ԽՍՀՄ փլուզումը, որի ղեկավարությունը 1970-ական թթ. նավթային հրաշքի շրջանում դեռևս թանկարժեք նավթային եկամուտները տրամադրում էր սպառազինությունների մրցավազքին: 

Ինչևէ, Ռուսաստանը դարձյալ նույն խնդրին բախվեց արդեն 1998թ., զարգացող երկրների ճգնաժամի ժամանակ: Այն ժամանակ երրորդ աշխարհի տնտեսությունները սրընթաց աճ էին արձանագրում: Վարկերը հորդում էին Թաիլանդ, Ինդոնեզիա, Մալայզիա  և շատ այլ երկրներ: Բայց ներդրումների աճին զուգընթաց աճում էր նաև այդ պետությունների պետական ու կորպորատիվ պարտքը: Արդյունքում` «ասիական վագրերը» ստիպված էին շատ բարձր գին վճարել զարգացման համար. տնտեսությունը չափից ավելի «ջերմացավ», ազգային արժույթները գնազրկվեցին, տապալվեց ֆոնդային շուկան, սկսվեց ինֆլյացիայի կտրուկ աճ, սնանկացան տարածաշրջանի խոշոր ընկերությունները:

Այդ «աճի ճգնաժամն» ավարտվեց նոր հազարամյակի սկզբին: Այն ունեցավ նաև ավանդական` սոցիալ-տնտեսական հետևանքներ: Պաշտոնից զրկվեց ինդոնեզական դիկտատոր Սուհարթոն, Ինդոնեզիայից անջատվեց Արևելյան Թիմորը:

***

Ի մի բերելով վերը ներկայացված ողջ փորձը` կարելի է նշել, որ տնտեսական ճգնաժամի շրջանի առաջին փուլում տուժում է գերազանցապես «վիրտուալ տնտեսությունը»` արժեթղթերը, ածանցյալ ֆինանսական գործիքները, ֆոնդային բորսաները: Այնուհետև վախեցած ներդրողները սկսում են փրկություն որոնել տնտեսության իրական հատվածում, ինչը ոչ հազվադեպ հանգեցնում է արտադրության որոշակի վերելքի և տնտեսության վիճակի ոչ մեծ բարելավման, ինչպես, օրինակ, եղավ Նիդեռլանդներում իսպանական սնանկացումից կամ Գերմանիայում` Մեծ լճացումից հետո: Սակայն ճգնաճամի առաջին ալիքին հետևում է երկրորդը; Այն, որպես կանոն, ավելի երկարատև է, բայց դրա բերած անկումը պակաս զգալի չէ:

Մի բան, սակայն, ակնհայտ է. վերջին 500 տարիներին տեղի ունեցած ճգնաժամերի արդյունքները նման են միմյանց: Եվ որքան էլ այսօր խոսեն կապիտալիզմի սպասվող կործանման մասին, որին փոխարինելու են գալու ինչ-որ նոր տնտեսական կացութաձևեր, հենվելով նախորդ պատմական ողջ փորձի վրա` կարելի է վստահաբար հայտարարել, որ դա տեղի չի ունենա: Կթարմացվի միայն կառույցի ճակատամասը, բայց ինքը` աշխարհի ֆինանսական ճարտարապետությունը, կմնա նախկինը: Մեկ անգամ չէ, որ այդպես է եղել: Օրինակ, երբ 1970-ական թթ. սկսվեց հերթական ճգնաժամը, շատ փորձագետներ պնդում էին, որ այն ավելի վտանգավոր կլինի համաշխարհային տնտեսության համար, քան անգամ Մեծ լճացումը: Սակայն այդ ժամանակ էլ կառույցը փոփոխությունների չենթարկվեց: Նշանակում է` ներկա ճգնաժամն էլ կավարտվի, բայց կանցնի ժամանակ, և ամեն ինչ նորից կկրկնվի:

Սակայն, միևնույն ժամանակ, շատերն արդեն կանխատեսում են, որ աշխարհի գեոտնտեսական քարտեզին նոր կենտրոն կհայտնվի: Դա փաստարկվում է նրանով, որ համաշխարհային ճգնաժամերի հետևանքներից մեկն է հանդիսանում, որպես կանոն, համաշխարհային տնտեսական կյանքի հին կենտրոնների աշխարհագրական տեղափոխությունները: Այդպես եղավ 16-րդ դարում, երբ իսպանական ճգնաժամից հետո համաշխարհային առևտի կենտրոնը տեղափոխվեց դեպի հարավ` Անտվերպենից Ջենովա: Այնուհետև գլխավոր դեր սկսեց խաղալ Ամստերդամը, իսկ հերթական ճգնաժամից հետո` Լոնդոնը: Մեծ լճացման ավարտից հետո հերթը հասավ Նյու Յորքին: Մենք մի փոքր կասկածամտորեն ենք վերաբերվում այն բանին, որ Նյու Յորքը կարող է զիջել առաջնության դափնին մի ինչ-որ «նոր կենտրոնի»: Եվ այնուամենայնիվ, ամենաշատ հնչող հարցն այսօր հետևյալն է. «Աշխարհի ո՞ր անկյունում կբաբախի նոր տնտեսական սիրտը: Կլինի՞ դա արդյոք Պեկինը, Շանհայը կամ Հոնկոնգը, հնդկական Մումբայը, արաբական Դուբայը, թե՞ Մոսկվան (ինչի մասին ոչ երկիմաստորեն ակնարկել է Դմիտրի Մեդվեդևը)»:  

Ինչպես ասում են` կապրենք, կտեսնենք...

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am