Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Բանավեճեր

Բանավեճեր
Հունվար 2009, N 1

ԿԱՐ-ՉԿԱՐ, ՄԻ…

Ռոմիկ Սարդարյան, գրող, հրապարակախոս, Հայաստանի գրողների և ժուռնալիստների միությունների անդամ

(Գրողի նոթատետրից)

***

Մենք, անկախ նրանից, որ՞ սերնդի մասին է խոսքը, ապրեցինք և շարունակում ենք ապրել բազմաշերտ, հակասական, բայց բոլոր իմաստներով չմոռացվող մի ժամանակաշրջան: Մենք այդ ժամանակաշրջանն ազգովի անցանք, և մեզնից յուրաքանչյուրն այդ ժամանակի միջով անցնում է յուրովի: Գործում է անհատ-հասարակություն-ազգ հարաբերությունը: Սկիզբը վավերագրվեց 1965-ին, հոգևոր արթնացումի ու նաև հարաբերական ժողովրդավարության կուլմինացիաներն ազդարարող այդ աննախադեպ տարեթվին: Հետո եկան ծանր հիասթափությունների 15 հեղհեղուկ տարիները, ընդհուպ մինչև 1986-87թթ., որոնց և հաջորդեցին հայտնի իրադարձությունները: Այս ամենը չէր կարող այս կամ այն կերպ չներգործել մարդկային ճակատագրերի, ազգային հոգեբանության, հետևաբար և մշակույթի ընթացքի վրա: Երկու ոչ միայն ժամանակային, այլև հոգեբանական, տնտեսական, բարոյական լիցքեր կրող դարաշրջանները միմյանցից հեռացան ցավագին, տառապալից իրողությունների պայմաններում:

Փոխվեց մարդկային հարաբերությունների տեսակը:

Այս ամենն իր վրա կրեց անհատը` ներառյալ նաև մշակույթի մարդը` գրողը, նկարիչը, դերասանը, գիտնականը, երաժիշտը, գործիչը, իսկ ժողովուրդը, բանաստեղծի խոսքով` «հառաչում էր»:

Սակայն այդ հառաչանքը չխանգարեց ազգին անառիկ պահել ոչ միայն իր ոգին, այլև ներքուստ փլուզվող նորընծա հանրապետության սահմանները և հաղթանակել Արցախյան ազատամարտում: Թվում էր` նոր դռներ էին բացվում, դռներ, որ բախվում էին վաղուց ի վեր: Թվում էր նաև, թե ազգային վերածնունդ էր սկսվում, որը, ինչպես նախորդ երանելի դարերում, պիտի պսակվեր մշակույթի ծաղկումով, հավատի, սիրո և ազգի բարոյական նկարագրի հաստատումով: Մշակույթ, որ հայության բարձրագնա գոյատևման հիմնական նախապայման է եղել բոլոր ժամանակներում:

***

Խորհրդային պետության տարիներին նոր կյանքի կոչվեցին Միության բոլոր ժողովուրդների մշակույթները: Մշակույթը պետական առաջնակարգ նշանակության գերխնդիր էր և զարգանում էր երկու կարևորագույն լծակների  միջոցով` հոգացողության և վերահսկողության անկասելի և անթաքույց կիրառում:

Մշակույթը խորհրդային իշխանությանը պետք էր որպես սառը զենք, և նա անվարան օգտագործում էր այդ  զենքի հնարավորություններն ընդդեմ և հանուն նույն այդ մշակույթը ստեղծողների, որոնցից սարսափում էր բացահայտորեն, ընդդեմ և հանուն նույն այդ ժողովուրդների, որոնց ներկայացուցիչներն էին մշակույթի գործիչները:

Ինչպես բոլոր բնագավառներում, այստեղ նույնպես գործում էր վերնախավի գերադասության օրենքը: Մշակույթի այն գործիչները, ովքեր պետք էին տվյալ անհրաժեշտ ժամանակահատվածում, արտոնյալ էին և օգտվում էին իշխանության այլևայլ գրված-չգրված բարեհաճություններից: Ստեղծագործական միությունները կամաց-կամաց, կամա-ակամա նմանակվում էին նախարարություններին, իսկ ստեղծագործական միությունների նախագահները` անպորտֆել մինիստրների: Նրանք, փաստորեն, տնօրինում էին, այսպես կոչված, «շարքային ստեղծագործողի»  բախտն ու ճակատագիրը, անկախ տաղանդից ու վաստակից` իրականացնելով իշխանության կանքը:

***

Այս ամենով հանդերձ, բազմաթիվ զոհերի ու նահատակների, սպանությունների ու վարկաբեկումների, նաև սոցռեալիզմի աքցանների ու սոսկալի գրաքննության պայմաններում մշակույթը ծաղկում էր:

Այդպիսին էր պետական քաղաքականությունը: Դա պետության ներքին քաղաքական բուրգի պահպանման կերպն էր:

Մշակույթը կարևորոգույն օղակ էր, այն կար բոլոր դեպքերում, թեպետ  մշակույթի գործիչը որոշիչ գործոն չէր: Պարադոքս է, բայց փաստ է:

***

Ժառանգելու բան այս քաղաքականությունից, անշուշտ, ունեինք: Մեր դեպքում, իհարկե, անկախ և ազատ պետականությունը պիտի թելադրեր ազատ և անկախ մշակույթ. ավելին, պետականության որակը պիտի թելադրվեր մշակույթի որակով, որովհետև այն ամենը, ինչն ազգային արժեք է, մշակույթ է: Ազգային արժեքը անտեսել կամ ինքնահոսի ու անտերունչ թողնել կարող էր միայն այն պետությունը, որը կանգնած չէր իր ազգային պետականության թիկունքին, այն հասարակությունը, որը չի արտացոլում ազգային նկարագրի կարևորագույն հիմնահարցերը: Ահա այս զույգ հակասության պայմաններում է մշակույթը դադարում շնչել, երբ Երկրիդ երկնքում չեն հնչում ազատ մտքի ու հոգու շեփորները, որքան էլ որ շեփորահարների պակաս չի զգացվում:

***

Թուրքական նավի առագաստների գույնն անվերջ փոփոխվում է, սակայն նույն ուղղությամբ է փչում համընթաց քամին:

Թուրքական նավի առագաստները անհողմության ժամանակ ուռչում են արևմուտքից ու հյուսիսից փչող քամիներից:

Այդ հողմերից է նաև ժամանակին սևացել մեր մշակույթի ծաղիկը:

… Առանց ցեղասպանությունը ճանաչել տալու` մենք չենք կարող մեր մշակույթի հունդերից վերընձյուղել մեր ազգային հանճարը: Իսկ դա հեռավոր մի բան կարող է մնալ, եթե բուն Հայաստանում պիտի ոտնահարվի Անհատի իրավունքը:           

Մշակույթ կրողը Անհատն է: Անահատը ազգի զինվորն է, ազգը` անհատի իրավապաշտպանը:

***

… Ծովից-ծով Հայաստանի Տիգրան Հայկազն թագավորը, հելլենների և Ասիայի մեծ տիրակալը (Ցիցերոն), Աքեմենյանների հետնորդ Արքայից արքան, Արևելքում Հռոմի հակառակորդը, Լուկուլլոսի խայտառակ հեռացումից հետո որոշեց գնալ Գնեոս Պոմպեոսի բանակատեղին և հաշտություն առաջարկել: Իր աներոջը` Միհրդատ արքային, ում միշտ զորավիգ էր եղել ու ոգեշնչել Հռոմի դեմ պայքարում, նա  տեղյակ պահեց. «Ես վստահում եմ Պոմպեոսին»: Տիգրան Մեծը խորհում էր այսպես. «Միհրդատի բազմազգ թագավորության մեջ չկա սեփական ազգ, ժողովուրդ, որի ճակատագրի հետ նա իրեն կապված զգա… Իսկ ինքը Հռոմի դեմ պայքարում է 93 թվականից, հիմա 66-ն է գալիս` շուրջ 30 տարի: Հռոմը զորեղ է և ամենևին կապ չունի, ի՞ր անձնական արժանիքներն են գերադասելի, թե՞ Պոմպեոսինը: Ի տարբերություն Միհրդատի` ինքը ազգ ունի: Ք.ա. 66 թվականին հայկական պետության կործանումը միանգամայն այլ հետևանք կունենա, քան, ասենք, 4-5 հարյուրամյակ հետո: Երիտասարդ է ազգը, դեռ վերջնականապես չհասունացած, սեփական ազգային մշակույթը դեռ չի ձևավորված, դեռ չի իմաստավորել ժողովուրդն իր ինքնությունը, և պետությունը հիմա նրա գոյության միակ նախապայմանն է ու երաշխիքը…»:

… 84-ամյա թագավորը թողեց խոշոր պետություն` Եփրատից մինչև Կուր գետի սահմանները և 500 տարվա խաղաղություն: 500 տարվա ընթացքում հայկական մշակույթի բարգավաճման շնորհիվ հայերը դարձան կայացած ազգ:

***

Մեր էպոսը ազգային մշակույթի հազվագյուտ կոթող է: Մեր էպոսի սյուժետային հոսքերը հոգևոր են: Մեր հերոսները աշխարհներ չեն չափչփում ինչ-ինչ հանձնարարություններ կատարելու, սիրային ինտրիգների պատճառով տարիներով քաղաք չեն պաշարում, նրանք նվաճողներ չեն: Մեր էպոսը ազգային ազատագրական պայքարի, ազգի ինքնությունը հաստատող` հետնորդ սերունդների մշակութային հավերժական երթը ուղղորդող արարչություն է:

***

Զարմանալի անցումով են համադրվում ներկան ու անցյալը, անցյալը դառնում է ներկա, հուշում է պատգամները, և ակամայից հաղորդակից ես դառնում  ալեզարդ ճշմարտությունների:

Ինչպե՞ս է ստեղծվում մշակույթը, միայն պետության հոգածությա՞մբ: Մշակույթը բարձրագույնն է, ինչին կարող է նույնանալ ազգը և ինչի նախապայման կարող են հիմնել պետությունն ու պետականության պահապան այրերը:

Անտիկ Աթենքի օրենսդիր և բանաստեղծ Սոլոնն իր պետական գործունեությունն ամփոփում է այսպես.

Այո, ես ժողովրդին տվի պատիվ,

Որքան հարկավոր էր նրան,

Չկրճատեցի նրա իրավունքը,

Բայց և չտվի ավելորդ բան:

Մտածեցի նաև նրանց մասին,

Ովքեր ուժ ունեն և հարստություն:

Որպեսզի նրանց վիրավորանք չպատճառեմ:

Ես դարձա հզոր վահան ամենքի համար,

Եվ թույլ չտվեցի ոչ ոքի հաղթել մյուսին:

… Հզոր վահան… Տեր Աստված, որքան անհրաժեշտ է նա այսօր ամենքիս: Սոլոնի օրենքների շնորհիվ Աթենքը դարձավ անտիկ աշխարհի մշակույթի կենտրոններից մեկը և ապրեց բարգավաճ կյանքով:

***

Մեր մշակույթը դասական-քրիստոնեական է, խոր արմատներով աղերսված իր վաղնջական քաղաքակրթություններին:

Հայ մշակույթը համաշխարհային քրիստոնեական քաղաքակրթության գլխավոր խորհրդանիշ է հանդիսանում: Մեր մշակույթը կյանքը պատկերում է իբրև հոգևոր իրողություն: Դա է, որ ոչ միայն պահպանել է ազգը, այլև հասցրել նրան ազգային հանճարի նորանոր շքամուտքեր:

***

Մշակույթի պահպանման և զարգացման համար, ինչպես հայտնի է, պիտի գործեն օրենքները, գործեն ամենքի համար: Մենք պիտի վերացնենք, մաքրենք մեզանում արմատացած սնոբիզմը, նախանձը, չկամությունը: Մենք պետք է նշմարենք  և ժամանակին արժևորենք ծնվող նորը, մարդուն, իր գործը պիտի գնահատենք ոչ հետմահու: Պիտի մոռանանք «գնա մեռի, արի սիրեմ»  վերաբերմունքը: Ովքե՞ր պիտի ձեռքը դնեն ազգի զարկերակին. իհարկե, առաջին հերթին մտավորականները: «Բայց ո՞ւր են մտավորականները»,- հիմա անվերջ լսում եմ հեռուստատեսային էկրաններից, ամենաանբարո հայերենով, պատգամավորների և ոչ պատգամավորների, շոումենների ու մելոմանների, ու մանավանդ հենց իրենց` մտավորականների բերանից: Խորհում ես` մի՞թե մենք «սովետից»  ժառանգեցինք միայն մտավորականին վարկաբեկելու ամոթալի վարվելակերպը: Հիշո՞ւմ եք` «ինտելիգենտին տեսեք»: Պետական քաղաքականությո՞ւն է կրկնվում, արդյոք: Արդյո՞ք այս պահից սկսած մեզանից չի տարանջատվում-հեռանում մշակույթի տեսիլքն անգամ: Եվ մտավորականը, ընկած ընդդիմության ու իշխանության արանքում, չի՞ հիշում արդյոք իր հանճարեղ նախորդի օրհասական պահ նկարագրող թևավոր խոսքը` «առաջը` ջուր, ետևը` սուր»:

Ինչո՞ւ են մեր անտեր մտավորականին ժամանակ առ ժամանակ մտաբերում  տեր ու տիրական արտոնյալները: Քավության նոխա՞զ է պետք: Ովքե՞ր են Պիղատոսի պես ձեռքերը լվացող այդ մարդիկ:

Պետական նախկին քաղաքականության իմիտա՞ցիա…

Էլի՞ վերնախավ:

***

Չէ, շատ չենք փոխվել: Էլի դատավորը կասկածից դուրս է: Հիմա էլ պետական տասնապատիկ հավելավճար (թե՞ կաշառք) են առնելու պետությունից… կաշառք չվերցնելու խոստումներով:

Խեղճ ժողովուրդ, էլի հառաչելու ես: Որտեղի՞ց մի նոր կաշառակեր պիտի գտնես, որ կարգին իմանա իր վերջին գրոշի տեղն ու դերը: Այն էլ հիմա, երբ դատավորներն իրենց բարենորոգ ատյաններում պարզապես խրախճանում են` դատելով քրեական օրենսգրքի հետ ոչ մի առնչություն չունեցող մարդկանց (տեսնես ո՞վ կհամարձակվի կաշառք վերցնել քաղբանտարկյալից: Ասենք, «ի՞նչ իմանաս, ուր  ընկանք, քանի տարվա հյուր ընկանք…» ):

Ուրեմն դառնանք ողորմի տանք Մխիթար Գոշին. չիմանա՞նք` մեր իրավագետ այրերը հիշո՞ւմ են արդյոք, որ եթե հայերը ահագին ժամանակ պետություն չեն ունեցել ու թե դրանից է, որ պետական փորձ չունեն, ապա ունեցել են օրենսդրություն, Մխիթար Գոշի` աշխարհին հայտնի «Դատաստանագիրք», որի առջև, միևնույնն է, այսօրվա դատողներն ու դատվողները հավասար չեն:

***

Կրակեցի երկինք,

Եվ երկնքից մոխիր թափվեց…

ՀՀ վաստակավոր նկարիչ, բանաստեղծ Վարուժան Վարդանյանի այս տողերը հիմա միշտ եմ հիշում, որովհետև միշտ եմ վերապրում մարտի 1-ի դեպքերը:

Ինչպիսի անկում մեր քաղաքակրթության համար:

Որպիսի հարված ազգային ինքնությանը, արժանապատվությանն ու մշակույթին:

Օր էր, ուր մտավորականը, հայացքը ապագայից անցյալ շրջած, ընդամենը կարող էր մրմնջալ. «Կար-չկար, մի երկիր կար, որ ժամանակին բարձր մշակույթ ուներ»:

«Տեր, կեցո զհայս…»:

***

Հրատարակչություններն, իսկապես, թափ են առել: Ուշի-ուշով հետևում եմ «Զանգակ-97»  և «Սարգիս Խաչենց»  հրատարակչությունների գործունեությանը: Վերջինս արվեստի հոյակապ մատենաշար է հրատարակում: Առիթից օգտվելով` հիշատակեմ փոքրիկ մի գրառում մեծն Կոստան Զարյանի «Դեպի Արարատ»  գրքից. «Հաճախ ասված է,- գրում է Ստրժիգովսկին,- որ Լեոնարդո դա Վինչին եղած է մեկը, որ արևմուտք է բերել հայկական շինարարական գաղափարները...»:

***

Իրոք, դժվար է խոսել մշակույթի մասին, հայտնվել անգամ նրա մերձակայքում, երբ վրադ մի կարգին երկինք չկա: Այսինքն, երկինք կա, բայց մի տեսակ անծանոթ է, Երևանի օտարամետ երկնաքերների պես:

Աստղերն են ուրիշ: Երևանի (Հայաստանի չասենք) երկինքը հիմա լիովին կամ մասամբ «հայաթափված է»: Ախ, այդ «աստղերը» …Նրանք գիշերվա լռության մեջ անգամ բզզում են, փոխում իրենց տեղերը, գույները, ճաշակները, ապազգային գեղգեղանքով արտասահմաններ քշում տեղական սոխակներին ու ծղրիդներին: Իսկական «աստղային»  պատերազմ է: Ո՞վ, ո՞ւմ, ի՞նչը: Բայց դե հեռուստաալիքների շոումեններն ու մելոմանները, նորաթուխ մեկնաբանները մի բան գիտեն երևի, երբ իրենց «բարձրունքից»  (ոչ բարձունքից)  համառորեն պնդում են, որ «մոտակայում»  (ոչ առաջիկայում) ամեն ինչ լավ է լինելու և Հայաստանի երկինքը, ինչպես և բուն երկիրը, ինչպես վայել է «մշակույթային»  (ոչ մշակութային) ուզածդ երկրի, խաղաղվելու են վերջապես:

***

Հայնրիխ Հայնեն ասում էր, որ Գյոթինգենի (համալսարանական քաղաք Գերմանիայում) բնակիչները բաղկացած են պրոֆեսորներից, դասախոսներից, ուսանողներից, ֆիլիստերներից   և  անասուններից: «Դրանցից նշանավորը անասունների դասն է»,- վկայում է բանաստեղծը: Հօգուտ մեզ` ես չեմ ուզում կրկնել Հայնեին, սակայն երբ շարունակում ես ընթերցել իրականությունը երգիծող բանաստեղծին, գլխի ես ընկնում, որ պոետը խորապես ողբում է (ականջդ կանչի, Մովսես Խորենացի, կարծես մեր ժամանակակիցը լինես) Գերմանիայի այն ժամանակվա կեցությունը` գերմանացիները մի կարճ շրջան մոռացության էին մատնել իրենց ճշմարիտ մշակույթը, դադարել էին գնահատել տաղանդավոր մարդկանց, թեև դեռ մեր չափ չէին տրտնջում, որ մտավորականները  չափից ավելի հաճախ են սնվում, որ դա անդրադառնում է պետբյուջեի վրա և այլն, և այլն… Ի~նչ իմանար գերմանացի բանաստեղծը, որ նույն այդ հոգեբանությամբ շատ տասնամյակներ անց հեռավոր ազատ ու անկախ Հայաստանում մի հոգեառ չինովնիկ պիտի նույն հետևողականությամբ որոշարկի մտավորականի «կենսապահովման  զամբյուղը» ` 2 գրոշ էլ հատկացնելով մշակութային պահանջներին:

Այստեղ են ասում` բեռդ թեթև, մարդ Աստծո:

***

Ստեղծագործական միությունների մասին հիմա շատ են խոսում: Շատերն առաջարկում են փակել դրանք: Կարծում եմ` այդպիսիները մեծամասամբ նրանք են, ովքեր ընդհանրապես դեմ են հասարակական կազմակերպություններին: Ստեղծագործական տները փակել կարելի է միայն մեկ երանելի դեպքում, եթե մտավորականի վիճակի վրա վերջապես դրվի պետության աջը: Թերևս վերակառուցմա՞ն ժամանակն է հասունացել: Չէ՞ որ դրանք, ըստ ֆորմատի, խոշորացված կազմակերպություններ են, և հիմա, մեր պայմաններում, տաղանդավոր անհատները միևնույն  հունով ընթանալ չեն կարող: Հիշենք Չարենցի, մյուսների «ասոցիացիաները»:

Թէ՞ էլի ինչ-ինչ մութ ամպեր կարող են կախվել գլխներիս:

***

Տաղանդավոր արվեստագետների հզոր բանակ ունենք. մտեք արվեստանոցներ, բարձր երաժշտություն լսեք, գիրք կարդացեք վերջապես և կհամոզվեք դրանում:

Գրախանութների համաճարակը, իրոք, ցնցող էր: Պետական ոչ մի լծակ գործի չդրվեց այդ համաճարակի դեմն առնելու համար: Այդ օրերին դիմեցի մշակույթի նախարարություն` առաջարկելով գնել տպագրվող լավագույն գրքերը և Ազգային գրադարանի միջոցով դրանք հասցնել հանրապետության գրադարաններին` դրանով իսկ կենսական դոտացիա ապահովելով: Պարզվեց` գրքի համար նախատեսված ո՜չ գումար կա, ո՜չ էլ երաշխիք, որ գրադարանները գրախանութների բախտին չեն արժանանա: Տարիներ են անցել, ոչինչ չի փոխվել:

… Տաղանդավոր արվեստագետների հզոր բանակը մի տեսակ անհայտության  շղարշով է պատված: Ակամայից հիշում ես Յարոսլավ Հաշեկին. «Ավստրիացիներին թվում էր, թե չեխ ժողովուրդը դա մի գաղտնի և դավադիր կազմակերպություն է»:

Մեր դեպքում ` ով են ավստրիացիները և ով` չեխերը, դժվար չէ գուշակել:

***

Հեռուստաալիքները պիտի մաքրվեն, շատ են պղտորված, էլ տեղ չկա: Խոսում են աղճատված հայերենով, եթերում մեկը մյուսի հետևից վերանում են մշակութային ծրագրերը, որովհետև եկամտաբեր չեն (ո՞ւմ, ազգի՞ն), հաստատուն տեղ են գրավել բացարձակապես վնասակար, բռնությամբ լի և անբարո ֆիլմերը, անբովանդակ հաղորդումները, երբ 2 աննշան արարած եթերում իրար մեծարում են և մեզ էլ են փորձում համոզել, թե իրենք, ոչ ավել, ոչ պակաս, ազգային արժեք են: Իսկ ինչ լեզվով են խոսում նրանք բոլորը` պատգամավորներն ու ոչ պատգամավորները: Հաղորդում վարողների մասին, մեկ-երկու վերապահությամբ, հարկ չէ անգամ հիշատակել: Հիշո՞ւմ եք բանաստեղծի խոսքը. «Ինչո՞ւ չես խոսում հայերեն…»: Մեր դեպքում պիտի պաղատենք` հայերեն մի՜ խոսեք, պարզապես մի՜ խոսեք և վերջ:

Ի՞նչ անենք, անցնե՞նք համր հեռուստատեսության, ո՞ւր դիմենք` լեզվի տեսչությո՞ւն, մշակույթի նախարարությո՞ւն, Ազգային ժողո՞վ, Սահմանադրական դատարա՞ն, 6-րդ վարչությո՞ւն - ո՞ւր և ո՞ւմ:

***

«Դեպի Արարատ»  գրքում զետեղված «Երևան - նոր օրերի Աթենք»  ակնարկում Կոստան Զարյանը գրել է. «Պետք է հայկականության երիտասարդ ու կարող մասը համախմբվի մեր նոր Աթենքի` Երևանի շուրջ, ներշնչվի նրանով, իր նպաստը բերի և վերագտնի իր հայ ապրելու կամքը և թափը: Արտասահմանի հայ երիտասարդությունը շվարած է, բարոյալքված  և փոշիացման վտանգի ենթարկված: Պետք է, անհրաժեշտ է, կարևոր է նրան կապել Մայր Հայրենիքին` նրան ծանոթացնելով մեր մշակույթի արժեքների և նաև հսկայական կարելիությունների հետ, որ բացված են նրանց առջև»:

Դա տասնամյակներ առաջ էր, հիմա մեր հոգսը նաև մերոնք են, մերոնք են մեկնում, տաղանդավորներն էլ (օրինակ, նկարիչ Հովհաննես Հարությունյանը), դիրիժոր-արձակագիր Մերուժան Սիմոնյանի հետ էլ հանդիպեցինք Փարիզից` իր հերթական վերադարձին, իր խոսքով` հերթական տունդարձի առիթով: Մեր զրույցը, ինչպես միշտ, երկար էր, հանգամանալից: Հարկ եմ համարում որոշ գրառումներ մեջբերել.

Ռ. Ս. - Փարիզ, արվեստի փարիզյան մթնոլորտ… ինչպե՞ս ըմբռնենք, ընկալենք:   

Հ. Հ. - Ամենից առաջ դա մաքուր, թարմ, կենարար օդ է և միջավայր, մնացյալը կարելի է անվերջ թվարկել` շուկա, այսինքն, պատվեր, միջնորդ, աշխատանք, փող, պատկերասրահ, պահանջարկ, մերժում, հուսահատություն, հռչակ, անհայտություն և այդպես շարունակ: Բայց փորձեմ այս կերպ պատասխանել. կա կենսադաշտ, որի մեջ ապրում է, ասենք, նկարիչը: Հայրենիքում, իհարկե, գործում են գենետիկայի անխափան և հավերժական օրենքները, հոգևոր ժառանգականության օրենքը, սակայն կենսադաշտը, որի վրա պիտի հաստատվի արարման պրոցեսը, ցավոք, կա՜մ չկա, կա՜մ, Չարենցի խոսքով, թվում է անգո: Կա՜մ էլ անընդհատ փախչում է ոտքիդ տակից: Ակտիվ քաղաքը նկարչին ակտիվ է պահում իր մեջ:

Մ. Ս. - Մեր կենսադաշտը, իրոք, նիրհում է, և եթե տրոփում էլ է, ապա միայն արվեստագետի ներաշխարհում: Նկարչից-Նկարիչների միություն-նկարիչ տարածքներն այնքան էլ բանուկ չեն, հույժ ակտիվացման կարիք ու անհրաժեշտություն կա. ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհով. թերևս պատրանքնե՞ր կան, որոնք պիտի թոթափել, դառնալ առավել իրական…

Հ. Հ. - Պատրանքի սով կա, կարծում եմ, և պատրանքն ամենևին էլ չի սքողում ճշմարիտի, իրականի դեմքը: Սակայն, ինչպես ասում են, ամպից հասնենք յուր ստվերին. ինչ Նկարիչների միությանն է վերաբերում, ես դա համարում եմ անցյալից մնացած կարևոր կառույց: Պարզապես նա ի մի բերելու գործը պիտի կարողանա նորովի անել, այս նոր ու անակնկալներով լի պայմաններում: Դա առաջ թելադրվում էր պետության կողմից, իսկ հիմա պետությունն ու արվեսագետը երջանիկ ժպիտը դեմքներին թև թևի չեն քայլելու այն պարզ պատճառով, որ դեմոկրատիա է, և արվեստագետը (նույն ինքը մտավորականը) միշտ էլ ընդդիմություն է եղել ուզածդ իշխանության համար: Մենք մի ազգ ենք, մի գեն, մի ծրագիր: Ազգի ապրածը մեզնից յուրաքանչյուրինն է, սթափ գնահատականներ տալն ու առնելը` անհատի պարտքը:

Ամեն դեպքում, մեկնումը Փարիզ ինձ համար մեղվի ուխտագնացության է նման` փեթակ-ծաղիկ-փեթակ, մեր դեպքում, Հայրենիք-արտասահման-Հայրենիք: Աստված տա, որ մեր բերած մի կաթիլ մեղրի մեջ  լինի նաև մասնիկն այն կենսադաշտի, որը մեր մեջ է ընդմիշտ:

***

Սփյուռքի գաղթօջախները հայկական մշակութային օվկիանոսի նավահանգիստներն են: Եղեռն եղավ ու եղավ համաշխարհային Սփյուռք: Հիմա նոր ու հմուտ նավապետներ են պետք, որոնց նավերը նավահանգիստներ պիտի հասցնեն հայրենի մշակույթը և այնտեղից վերադառնան համաշխարհային մշակույթի թանկարժեք բեռներով: Սփյուռքը մերձեցման դռներ է բացում մեր և աշխարհի միջև:

Աստծո Աջը կրկին հովանի է մեզ:

Սփյուռքի նախարարարությունը «Տուն արի»  շարժումով «Մեկ ազգ, մեկ մշակույթ»  նշանաբանի իրագործման երաշխավորն է:

***

Չարենցից մինչև Սարոյան և արդի մեր ողջ ստեղծագործության մեջ ազգային մշակույթը մեր անկախ պետականության մասը տեսնելու, պետությանը`  մշակույթի հզոր հովանի ու թիկունք տեսնելու հպարտ երազանքը կա: Անկախությունը անհատի և ազգի` մշակույթով նշված ուղիղ ճանապարհն է դեպի ազատություն: Մշակութային գործչին պետք է հնարավորություն տալ արդար ու անաչառ մնալ հասարակության  խնդիրներում և լինել ազգային գաղափարների խոսափող և ահազանգող: Մտավորականի ձեռքը, այո՜, պիտի մշտապես դրված լինի ազգի զարկերակին: Մտավորականը կրում է ազգային մշակույթի բեռը դեպի ապագա, նա ազգի շալակատարն է, և եթե խանգարվի նրա ծանր ընթացքը, գալիք սերունդները կասեն. «Կար-չկար մի երկիր,  բարձր մշակույթի ու քաղաքակրթության  երկիր: Կար… չկա»:

Մեզ կասեն:

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am