Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Գիտություն և կրթություն

Գիտություն և կրթություն
Հունվար 2009, N 1

ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ, ԿԱՄ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԾԱՌԻ «ԿՅԱՆՔԻ ԱՐՄԱՏԸ»

Արիս Ղազինյան, «Ազգային գաղափարի» գլխավոր խմբագիր

Հասարակական հարաբերությունների էվոլյուցիայի պատմությունն իսկապես հեղափոխական շրջաններ է ունեցել, երբ մարդկային բանականության այս կամ այն նվաճումն ի վիճակի է եղել կանխորոշել քաղաքակրթության հետագա զարգացման տրամաբանությունը և սկզբունքները: Նման գործոնների թվին պետք է դասել կրակի ստացման և պահպանման մշակված մեխանիզմը, անիվի հայտնագործությունը կամ գութանի օգտագործումը: Ակնհայտ է, որ այս ցուցակում անհրաժեշտ է ներառել նաև այլ, բոլորովին էլ ոչ աննշանակալի իրադարձություններ, ինչպիսին դաձավ, օրինակ, աշխատանքի քարե գործիքների փոխարինումը պղնձե գործիքներով: Նման նվաճումների առանձնահատկությունն այն է, որ դրանցում առկա է բարենորոգչական բովանդակություն, որը թափանցում է մարդկային գործունեության բոլոր ոլորտներն առանց բացառության: Զարմանալի չէ, որ դրանց բացարձակ պահանջվածության գործոնը հետագայում ժամանակագրական իմաստ ձեռք բերեց. հասարակական կյանքի այս կամ այն ժամանակային միջակայքը որոշվեց արտադրահարաբերությունների գլխավոր կամ առավել բնութագրական գործիքի անվանը համապատասխան` «Քարե դար», «Պղնձե դար», «Բրոնզե դար», «Երկաթե դար», «Ատոմային դար»...

«Տեղեկատվական տեխնոլոգիաների դար». այսպես, և միայն այսպես է բնորոշվում ներկա շրջանը, և հիմքեր կան ենթադրելու, որ այդ անվանումը միանգամայն ճիշտ է արտահայտում դարաշրջանի էությունը: Տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) արդյունավետ գործունեության կարևորագույն գործիք են սկզբունքորեն նոր հասարակական-արտադրական պայմաններում, առանց որոնց ներդրման և կիրառական օգտագործման հնարավոր չի թվում խոսել իրական առաջընթացի մասին: ՏՏ կիրառման հեռանկարների հարցը որոշվում է այս կամ այն պետության ղեկավար կառույցների` իրենց պատմական նշանակության համարժեք ընկալման հանդեպ նախատրամադրվածության աստիճանով:

***

Թվային հաշվիչ տեխնիկայի (ՀՏ) սրընթաց զարգացումը և դրա կառուցման ու նախագծման սկզբունքների մասին գիտության կայացումը սկսվեց անցյալ դարակեսին, երբ ՀՏ տեխնիկական բազա դարձավ էլեկտրոնիկան, այնուհետև` միկրոէլեկտրոնիկան, իսկ համակարգիչների (էլեկտրոնային հաշվողական մեքենաներ` ԷՀՄ) մշակման զարգացման հիմք դարձան արհեստական ինտելեկտի բնագավառի նվաճումները:

Մինչ այդ ժամանակները, գրեթե 500 տարվա ընթացքում թվային հաշվողական տեխնիկան պարզագույն սարքեր էին թվերով թվաբանական գործողություններ կատարելու համար: 5 հարյուրամյակների ընթացքում հայտնագործված գրեթե բոլոր սարքերի հիմքը ատամնանիվն էր` հաշվարկված հաշվանքի տասական համակարգի 10 թվի ամրագրման համար:

Տասն ատամ ունեցող անիվների հիմքի վրա տասներեք նշանի տասնորդական հանրագումարող սարքի` աշխարհում առաջին էսքիզը պատկանում է Լեոնարդո դա Վինչիին: Այն արված էր նրա օրագրերից մեկում (գիտնականը սկսել է օրագիր գրել մինչև 1492թ. Ամերիկայի հայտնագործումը):

1623թ., Լեոնարդո դա Վինչիի մահվանից ավելի քան 100 տարի անց, գերմանացի գիտնական Վիլհելմ Շիկարդն առաջարկեց նույն խնդրի իր լուծումը վեցնիշ տասնորդական հաշվիչի հիման վրա, որը նույնպես բաղկացած էր ատամնանիվից` հաշվարկված գումարման, հանման, ինչպես նաև բազմապատկման աղյուսակի և բաժանման կատարման համար: Երկու հայտնագործություններն էլ բացահայտվեցին միայն մեր օրերում, և երկուսն էլ մնացին թղթի վրա:

***

Իրական կերպարանք ստացած և հայտնի դարձած առաջին մեխանիկական թվային հաշվիչ սարքը դարձավ ֆրանսիացի մեծ գիտնական Բլեզ Պասկալի «պասկալինան»` 6 (կամ 8) նիշանի սարքն ատամնանիվների վրա` հաշվարկված տասնորդական թվերի գումարման և հանման համար (1642թ.): «Պասկալինայից» 30 տարի անց, 1673թ., ստեղծվեց Գոտֆրիդ Վիլհելմ Լեյբնիցի «թվաբանական սարքը»` տասներկու նիշանի տասնորդական սարք թվաբանական գործողություններ կատարելու համար` ներառյալ բազմապատկումը և բաժանումը, ինչի համար, ի հավելումն ատամնանիվի, օգտագործվում էր սանդղակավոր գլանակը: «Իմ մեքենան հնարավորություն է տալիս բազմապատկում և բաժանում կատարել ակնթարթորեն, մեծ թվերով»,- հպարտությամբ գրում էր Լեյբնիցն ընկերոջը:

Լեյբնիցի մեքենայի մասին գիտեին Եվրոպայի երկրների մեծամասնությունը: Ավելի քան երկու դար հետո ստեղծված թվային էլեկտրոնային հաշվիչ մեքենաների մեջ թվաբանական գործողություններ (նույնը, ինչ և Լեյբնիցի «թվաբանական սարքը») կատարող սարքը ստացավ թվաբանական անվանում: Ավելի ուշ, մի շարք տրամաբանական գործողությունների ավելացմանը զուգընթաց, այն սկսեցին անվանել թվաբանա-տրամաբանական: Այն դարձավ արդի համակարգիչների հիմնական սարքը: Այսպիսով, 17-րդ դ. երկու հանճարները դրեցին թվային հաշվողական տեխնիկայի զարգացման պատմության հիմքերը: Լեյբնիցի վաստակը չի սահմանափակվում, սակայն, «թվաբանական սարքի» ստեղծմամբ: Սկսած ուսանողական տարիներից մինչև կյանքի վերջը նա զբաղվել է զույգ թվերի հաշվանքի երկուական համակարգի հատկությունների հետազոտմամբ, որը հետագայում դարձավ հիմնականը համակարգիչները ստեղծելիս: Նա դրան հաղորդեց ինչ-որ միստիկ իմաստ և կարծում էր, որ դրա հիման վրա կարելի է ստեղծել ունիվերսալ լեզու աշխարհի երևույթները բացատրելու և բոլոր գիտութունների, այդ թվում և փիլիսոփայության մեջ օգտագործելու համար: Պահպանվել է 1697թ. Լեյբնիցի նկարած մեդալի պատկերը, որը բացատրում էր հաշման զույգ և տասնորդական համակարգերի հարաբերակցությունը:

***

Անցավ էլի ավելի քան հարյուր տարի, և միայն 18-րդ դ. վերջին Ֆրանսիայում կատարվեցին հետևյալ քայլերը, որոնք սկզբունքային նշանակություն ունեցան թվային հաշվիչ տեխնիկայի հետագա զարգացման համար. Ժոզեֆ Ժակարդի ստեղծած մանածագործական հաստոցի «ծրագրային» կառավարումը պերֆոքարտերի օգնությամբ և հաշվարկների տեխնոլոգիան, ձեռքով հաշվման դեպքում` առաջարկված Գասպար դը Պրոնիի կողմից, որը թվային հաշվարկները բաժանում էր երեք փուլի. թվային մեթոդի մշակում, թվաբանական գործողությունների հետևողականության ծրագրերի կազմում, հաշվարկների իրականացում առհասարակ թվերով թվաբանական գործողությունների միջոցով` կազմված ծրագրի համապատասխան: Այս երկու նորույթներն օգտագործվեցին անգլիացի Չառլզ Բեբիջի կողմից, որոնք որակապես նոր քայլ էին թվային հաշվիչ տեխնիկայի միջոցների զարգացման գործում. ձեռքով հաշվարկներից անցում կատարվեց ըստ կազմված ծրագրի ավտոմատ հաշվարկների: Նա մշակեց Անալիտիկ մեքենայի նախագիծը: Դա մեխանիկական ունիվերսալ թվային հաշվիչ մեքենա էր` ծրագրային կառավարմամբ (1830-1846թթ.): Մեքենան բաղկացած էր հինգ սարքից` թվաբանական, հիշող, կառավարման, մուտքի, ելքի (ինչպես և 100 տարի հետո ստեղծված առաջին ԷՀՄ-ները): Թվաբանական սարքը հենված էր ատամնանիվի վրա, դրանց վրա էլ առաջարկվում էր իրագործել հիշող սարքը: Տվյալների մուտքի և ծրագրի համար օգտագործվում էին պերֆոքարտեր: Հաշվարկների առաջարկվող արագությունը` գումարումը և հանումը – 1 վրկ., բազմապատկումը և բաժանումը` 1 րոպեում: Թվաբանական գործողություններից բացի կար նաև պայմանական անցման հրաման: Բեբիջի մեքենայով խնդիրների լուծման ծրագրերը, ինչպես նաև դրա աշխատանքի սկզբունքների նկարագրությունը կազմել է Բայրոնի դուստրը` Ադա Ավգուստա Լավլեյսը:

Ստեղծվեցին մեքենայի առանձին հանգույցները: Ամբողջ մեքենան, իր ծանրաշարժության պատճառով, ստեղծել չհաջողվեց: Դրա համար միայն ատամնանիվ` ավելի քան 50.000 կպահանջվեր: Նման սարքին աշխատել կարելի էր ստիպել միայն շոգեմեքենայի օգնությամբ, ինչն էլ նախատեսում էր անել Բեբիջը: Հետքրքիր է իմանալ, որ 1870թ. (Բեբիջի մահվանից մեկ տարի առաջ) անգլիացի մաթեմատիկոս Ջևոնսը նախագծեց (հավանաբար` առաջինն աշխարհում) «տրամաբանական մեքենան», որը թույլ էր տալիս մեքենայացնել պարզագույն տրամաբանական արտածումները:

***

Ռուսաստանում Ջևոնսի աշխատանքի մասին հայտնի դարձավ 1893թ., երբ Օդեսայի համալսարանի պրոֆեսոր Ի. Սլեշինսկին հրապարակեց «Ջևոնսի տրամաբանական մեքենան» հոդվածը: Մինչհեղափոխական Ռուսաստանում տրամաբանական մեքենայի «շինարարներ» դարձան Պավել Խրուշչովը և Ալեքսանդր Շչուկարևը: Ջևոնսի մեքենան առաջինը վերարտադրեց պրոֆեսոր Խրուշչովը: Օդեսայում նրա ստեղծած մեքենայի նմուշը «ժառանգություն» ստացավ Խարկովի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Շչուկարևը, որտեղ նա աշխատում էր 1911թ. սկսած: Նա վերստին ստեղծեց մեքենան` կատարելագործելով այն, բազմիցս հանդես եկավ մեքենայի և նրա հնարավոր գործնական կիրառումների մասին դասախոսություններով: Դասախոսություններից մեկը կարդացել է 1914թ., Մոսկվայի Պոլիտեխնիկական թանգարանում: Դասախոսությանը ներկա պրոֆ. Ա. Սոկովը գրել է. «Եթե մենք հաշվեմեքենաներ ունենք, որոնք գումարում, հանում, բազմապատկում են միլիոնավոր թվեր լծակի պտույտով, ապա, հավանաբար, ժամանակը պահանջում է ունենալ տրամաբանական մեքենա, որը կարողանա անսխալ արտածումներ և մտահանգումներ անել համապատասխան ստեղնը սեղմելով: Դա հսկայական ժամանակ կխնայի` մարդուն թողնելով ստեղծագործելու, հիպոթեզի, երևակայության, ոգեշնչման ոլորտը` «կյանքի հոգին»: Այս մարգարեական խոսքերն ասվել են 1914թ.»:

Բեբիջի հանճարեղ գաղափարն իրականացրեց ամերիկացի գիտնական Հովարդ Այկենը, որը 1944թ. ստեղծեց ԱՄՆ-ում առաջին ռելեա-մեխանիկական համակարգիչը: Նրա հիմնական բլոկները` թվաբանականը և հիշողությանը, հիմնված էին ատամնանիվի վրա: Եթե Բեբիջն առաջ էր անցել իր ժամանակից, ապա Այկենը, կիրառելով նույն ատամնանիվը, տեխնիկական առումով, Բեբիջի գաղափարն իրականացնելիս, դիմեց հին լուծումներին: Դեռևս տասը տարի առաջ, 1934թ., գերմանացի ուսանող Կոնրադ Ցուզեն, աշխատելով դիպլոմային նախագծի վրա, որոշեց սարքել (տանը) թվային հաշվիչ մեքենա` ծրագրային կառավարմամբ և աշխարհում առաջին` հաշվանքի երկուական համակարգի կիրառմամբ: 1937թ. Z1 (Ցուզե 1) մեքենան աշխատեց: Այն երկուական համակարգով էր, 22 նիշանի, լողացող ստորակետով, 64 թվի հիշողությամբ, և այս ամենը` զուտ մեխանիկական (լծակային) հիման վրա:

Նույն 1937թ., երբ աշխարհում առաջին անգամ սկսեց աշխատել Z1 մեքենան, Ջոն Աթանասովը սկսեց մասնագիտացված համակարգչի մշակումը` աշխարհում առաջինն օգտագործելով էլեկտրոնային լամպերը (300 լամպ): Ամերիկացի մեծ գիտնական Ջոն Աթանասովի (Բուլղարիայից տարագիրների զավակի) անունը այսօր էլ քիչ է ծանոթ գիտության և տեխնիկայի խնդիրներով հետաքրքրվող լայն հանրությանը: Ավելին, համեմատաբար վերջերս նրա անունն անհայտ էր անգամ ինժեներներին և մաթեմատիկոսներին` հաշվիչ տեխնիկայի նախագծման, շահագործման և օգտագործման գծով մասնագետներին: Միայն բոլորովին վերջերս փաստաթղթային հաստատում ստացավ և պաշտոնապես ընդունվեց Աթանասովի առաջնայնությունը որպես պատմության մեջ առաջին` էլեկտրոնային լամպերով հաշվիչ մեքենայի նախագծի հեղինակ: Հենց այդ համակարգիչը, որն ստացավ «ABC»  անվանումը, դարձավ ժամանակակից հաշվիչ տեխնիկայի նահապետը: Այնպես որ, Ջոն Վինսենթ Աթանասովի անունը, իրավամբ, պետք է ընդգրկվի համակարգչային տեխնիկայի ռահվիրաների ցանկում` Չառլզ Բեբիջի, Կոնրադ Ցուզեի, Ալան Թյուրինգի, Մորիս Ուիլքսի, Իսահակ Բրուքի, Սերգեյ Լեբեդևի, Ջոգ Լայոնսի և այլոց անունների կողքին:

 Անգլիացիները ևս դարձան էլեկտրոնային ռահվիրաներ. 1942-43թթ. Անգլիայում ստեղծվեց (Ալան Թյուրինգի մասնակցությամբ) «Կոլոսուս» հաշվիչ մեքենան, որում 2000 էլեկտրոնային լամպ կար: Այն նախատեսված էր գերմանական վերմախտի ռադիոգրերը վերծանելու համար: Ցուզեի և Թյուրինգի աշխատանքները գաղտնի էին, դրանց մասին այն ժամանակ քչերը գիտեին: Դրանք աշխարհում որևէ արձագանք չառաջացրին: Եվ միայն 1946թ., երբ հայտնի դարձավ «ԷՆԻԱԿ» (էլեկտրոնային թվային ինտեգրատոր և համակարգիչ) ԷՀՄ-ի մասին, որը ստեղծվել է ԱՄՆ-ում, Դ. Մոչլիի և Պ. Էկերտի կողմից, էլեկտրոնային տեխնիկայի հեռանկարայնությունն ակնհայտ դարձավ: Սակայն մեքենան շարունակում էր մնալ երկուական, իսկ նրա հիշողությունը կազմում էր ընդամենը 20 բառ: Ծրագրերը պահվում էին օպերատիվ հիշողությունից դուրս:

Ապագա գիտության առաջին բաղադրիչները, որ հետագայում օգտագործվեցին ՀՄ տեսության հիմքերի ստեղծման համար, դարձան Լեյբնիցի (17-րդ դ.) անցկացրած հաշվանքի երկուական համակարգի հետազոտությունները, Ջորջ Բուլի (19-րդ դ.) մշակած տրամաբանության հանրահաշիվը, 1936թ. հանճարեղ անգլիացու առաջարկած աբստրակտ «Թյուրինգի մեքենան»` ալգորիթմի առկա ցանկացած լուծման մեխանիկական իրագործման հնարավորությունն ապացուցելու համար, Շենոնի, Շեստակովի, Գավրիլովի (20-րդ դ. 30-ական թթ.) տեսական մշակումները, որոնք էլեկտրոնիկան միավորում էին տրամաբանության հետ։ Պ. Էկերտի և Նեյմանի (ԱՄՆ, 1946թ.) ու նրանցից անկախ՝ Ս. Լեբեդևի (ԽՍՀՄ, 1948թ.) առաջարկած՝ համակարգիչների կառուցման սկզբունքները նշանավորեցին համակարգիչների մասին գիտության զարգացման առաջին փուլի ավարտը։ Թվային հաշվիչ տեխնիկան այն ժամանակ դեռ անկատար էր և շատ բանով զիջում էր համանման, իր զինանոցում մեխանիկական ինտեգրատորներ ունեցող դիֆերենցիալ հավասարումների լուծման մեքենային և այլն։

***

Թվային տեխնիկայի զարգացմանը նպաստեց համակարգիչների մասին գիտության առաջընթացը 20-րդ դ. երկրորդ կեսին։ Թվային ԷՀՄ-ների գիտական հիմունքներն այդ ժամանակ «համալրվեցին» թվային ավտոմատների տեսությամբ, ծրագրավորման հիմունքներով, արհեստական ինտելեկտի տեսությամբ, ԷՀՄ նախագծման տեսությամբ, համակարգչային տեխնոլոգիաներով, որոնք ապահովեցին նոր գիտության կայացումը, որն ԱՄՆ-ում ստացավ «Computer Science» (համակարգչային գիտություն), իսկ Եվրոպայում՝ «Ինֆորմատիկա» անվանումը։ «Ինֆորմատիկա» տերմինը նշանակում էր գիտություն տեղեկատվության ստացման, հաղորդման, պահպանման և մշակման մասին։ Իր հերթին, այն բաժանում էին երկու մասի՝ տեսական և կիրառական։

Տեսական ինֆորմատիկան ներառում էր տեղեկատվական գործընթացների մաթեմատիկական մոդելավորումը։ Կիրառականն ընդգրկում էր ԷՀՄ-ի, ցանցերի, մուլտիմեդիայի, տեղեկատվական գործընթացների համակարգչային տեխնոլոգիաների և այլնի նախագծման և կառուցման հարցերը։ Կիրառական ինֆորմատիկայի գիտական հենքը էլեկտրոնիկան (միկրոէլեկտրոնիկա) և արհեստական ինտելեկտի տեսությունն էին։

Առաջին ԷՀՄ-ների ստեղծման գործում, գրեթե միաժամանակ, 1949-1952թթ., վերջակետը դրեցին Անգլիայի, Խորհրդային Միության և ԱՄՆ գիտնականները (Մորիս Ուիլքս՝ 1949թ., Սերգեյ Լեբեդև՝ 1951թ., Իսահակ Բրուք՝ 1952թ., Ջոն Մոչլի և Պրեսպեր Էկերտ, Ջոն ֆոն Նեյման՝ 1952թ.), ովքեր ստեղծեցին ծրագրով հիշողության պահպանմամբ ԷՀՄ-ներ։

***

Խորհրդային Միությունում առաջին հեղինակային վկայականը (թվային ԷՀՄ-ի հայտնագործման համար) Ի. Բրուքի և Բ. Ռամեևի անունով թվագրված է 1948թ. դեկտեմբերով։ Բրուքի ղեկավարությամբ պատրաստվեց փոքրածավալ էլեկտրոնային ավտոմատ թվային M-1 մեքենան (պահպանվող ծրագրով), որը փորձարկվեց 1952թ. սկզբին, Կիևում Ս. Լեբեդևի ստեղծած փոքր էլեկտրոնային հաշվիչ մեքենայի (ՓԷՀՄ) հետ գրեթե միաժամանակ։

1952թ. Ի. Բրուքի լաբորատորիան պատրաստեց M-2 մեքենան, որը մեկ տարի անց մտցվեց կիրառության մեջ։ Դրանով հաշվարկներ էին կատարվում Ատոմային էներգիայի ինստիտուտի (ակադեմիկոս Ի. Կուրչատով), ակադեմիկոս Ս. Կորոլյովի ԿԲ-ի, ակադեմիկոս Ա. Բերգի ձեռնարկության, ԽՍՀՄ ԳԱ տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտի (ակադեմիկոս Ա. Ալիխանով), ԽՍՀՄ ԳԱ մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտի և շատ այլ գիտական ու արդյունաբերական կազմակերպությունների համար։ 1953-54թթ. ԽՍՀՄ-ում բարդ խնդիրները կարելի էր լուծել միայն երեք մեքենաներով՝ Արագ գործող էլեկտրոնային հաշվիչ մեքենայով (ԱԳԷՀՄ), M-2-ով և «Ստրելայով»։ Փոքր ԷՄՀ-ների ստեղծման խնդրի առաջին լուծումը M-3-ն էր, որի պատրաստմամբ զբաղվում էր ԽՍՀՄ ԳԱ կառավարող մեքենաների և համակարգերի լաբորատորիան՝ ԷՄԳՀԻ-ի հետ (ակադեմիկոս Ա. Իոսիֆյան) համատեղ, 1956-1957թթ.։

Մինչև սերիական թողարկումը սկսելը, երեք կազմակերպություններ փայատիրությամբ M-3-ի նմուշներն էին պատրաստում իրենց համար. ակադեմիկոս Ս. Կորոլյովի ԿԲ-ն, ԷՄԳՀԻ-ն (ակադեմիկոս Ա. Իոսիֆյան) և Հայկական ԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտը (ակադեմիկոս Ս. Մերգելյան), որից հետագայում առանձնացավ Երևանի մաթեմատիկական մեքենաների ինստիտուտը։ Այսպիսով, M-3-ը դարձավ ԷՀՄ երկու արդյունաբերական սերիաների՝ «Մինսկի» (Գ. Լոպատո, Վ. Պրժիյալկովսկի) և Հրազդանի (Բ. Մելիք-Շահնազարով) նախատիպը։ Արհեստական ինտելեկտի տիրույթի և հաշվիչ-տեղեկատվական տեխնոլոգիաների յուրացման մեծագույն պատմության մեջ, ականավոր մարդկանց փառավոր ցանկում, իրենց տեղն ունեն նաև հայկական ազգանունները։

***

Խորհրդային պետության ղեկավար Նիկիտա Խրուշչովը շփոթմունքի մեջ էր. Ամերիկան, ուր հենց նոր էր այցելել, նրան ոչ միայն ցնցել, այլև տեղնուտեղը «սպանել» էր։ Կապիտալիզմի կոնկրետ հաջողությունները շշմեցրել էին «արագ կոմունիզմի» մունետիկին շատ ավելի, քան գործազուրկ նկարիչների աբստրակտ նկարները։ Խորհուրդների երկրի հետամնացությունն իր գլխավոր ախոյանից անվերապահ էր ու լիակատար. այդպես են սովորաբար անձնատուր լինում։ Բայց Նիկիտա Սերգևիչը չէր պատրաստվում զենքերը վայր դնել. նա հրամանագիր ստորագրեց ԽՍՀՄ-ում հաշվիչ տեխնոլոգիաների ծրագրերի զարգացումը խթանելու մասին։ «Ապագայի գիտության» կենտրոններից մեկը, բնականաբար, դարձավ Երևանը՝ Սերգեյ Մերգելյանի բնակության և գործունեության վայրը...

Նա դարձավ մի ամբողջ սերնդի նորաձևության օրենսդիրը. հիմնականում նրա շնորհիվ անցյալ դարի երրորդ քառորդին հայկական ֆիզիկան գերազանցեց քնարերգուներին։ Իհարկե, դեռ մեծ գիտնական Աբրահամ Ալիխանովն էր խոսում նման հակոտնյա բաժանման չհիմնավորվածության մասին (նա՝ ինքն ընկերություն էր անում Դմիտրի Շոստակովիչի հետ), բայց «որոշ ժամանակից ի վեր պոեզիան Հայաստանում իսկապես սկսեց զարգանալ անընդհատ ֆունկցիայի ձևով»։ Արդեն 20 տարեկանում ասպիրանտ Սերգեյ Մերգելյանը լուծեց ֆունկցիաների մաթեմատիկական տեսության հիմնարար խնդիրներից մեկը, իսկ մեկ տարի անց դարձավ Խորհրդային Միությունում ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամենաերիտասարդ դոկտորը, 24 տարեկանում (!)՝ ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ և ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր։ Այն ժամանակ այդ մրցանակը կոչվում էր Ստալինյան...

Նրա հիմնադրած Մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ-ն Երևանում դարձավ խորհրդային մրցունակության գրավականներից մեկը և «Վարշավայի պայմանագրի» ռազմավարական դաշինքի ծրագրային ապահովման նախագծերի երաշխավորը։ Մերգելյանն իսկապես դարձավ մի ամբողջ սերնդի նորաձևության օրենսդիրը. 1970-ական թթ. վերջին հաշվիչ տեխնոլոգիաների ենթակառուցվածքը. կազմողների ընդհանուր թիվը՝ 100 հազար մարդ խորհրդային փոքրիկ հանրապետությունում, համամասնական առումով աննախադեպ ցուցանիշ էր։

Իր գիտական գործունեության ընթացքում Սերգեյ Մերգելյանը գտել է չլուծված շատ խնդիրների պատասխանները։ Բացի, հավանաբար, մեկից՝ մարդկային նախանձի և ինտրիգանության բանաձևի։ Հայաստանի ժողովուրդը, սակայն, իր վունդերկինդներին վաղուց արդեն անվանում է ոչ այլ կերպ, քան նրա անունով։ Ոչ թե Նյուտոն, ոչ թե Էյնշտեյն, այլ հենց Մերգելյան...

***

Ոչ շատ վաղ անցյալում ԵԱՀԿ նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարեց այն մասին, որ Հայաստանն առաջնորդվում է «թշնամական շրջակայքում», Իսրայելի նման, սոցիալապես և տնտեսապես զարգացած պետություն կառուցելու հնարավորության ինչ-որ առասպելով։ Դա պատրանք համարելով՝ պարով Կասպրշիկն իր կարծիքը հիմնավորել էր, առաջին հերթին, Հայաստանի բնական պաշարների սղությամբ։ Իհարկե, անվիճելի է, որ Հայաստանի տարածքում նյութական ռեսուրսները սահմանափակ են, սակայն ակնհայտ է նաև մեկ այլ բան. խնդիրն, այնուամենայնիվ, ոչ թե օբյեկտիվ, այլ սուբյեկտիվ բնույթ ունի և կապված է ազգի կազմակերպվածության միասնական գծի ու օբյեկտիվորեն առկա ընթացիկ և ապագա մարտահրավերների ավելի համարժեք ընկալման բացակայության հետ։

Որո՞նք են այլ ձևերով «ռեսուրսների փոխարինման» հնարավորությունները։ Ինչպե՞ս պետք է տրանսպորտային-հաղորդակցային մեկուսացման մեջ գտնվող Հայաստանը, որը չունի օգտակար հանածոների բավականաչափ ծավալներ, խիստ խոցելի է ժողովրդագրական առումով, «թշնամական շրջակայքում» հաղթահարել սույն մարտահրավերները, և հնարավո՞ր է դա արդյոք ընդհանրապես։

«Տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջան». հենց այսպես է բնորոշվում ներկա շրջանը, և հիմքեր կան ենթադրելու, որ անվանումը ճիշտ է արտացոլում դարաշրջանի էությունը։ Տեղեկատվական տեխնոլոգիաները արդյունավետ գործունեության կարևորագույն գործիք են սկզբունքորեն նոր հասարակական-արտադրական պայմաններում, առանց որոնց ներդրման և կիրառական օգտագործման՝ խոսել իրական առաջընթացի մասին անհնար է թվում։ ՏՏ կիրառման հեռանկարների հարցը որոշվում է այս կամ այն պետության ղեկավար կառույցների՝ դրանց պատմական նշանակության համարժեք ընկալման հանդեպ նախատրամադրվածության աստիճանով։

***

Այդ պետությունների թվում այսօր առաջին հերթին նշում են Ֆինլանդիան՝ մինչ այդ Եվրոպայի ամենաքիչ զարգացած երկրներից մեկը, որը հայտնի էր միայն իր ցելյուլոզի-թղթի և տեքստիլ-կոշիկի արդյունաբերությամբ։ Ներկայում այդ երկիրն աշխարհի սոցիալապես գրեթե ամենաապահով պետությունն է։ Պատճառն այն է, որ Ֆինլանդիայի իշխանությունները շատ ճիշտ են որոշել ՏՏ տեղը փոխվող աշխարհում և պաշտոնապես հայտարարել են դրա գերակա նշանակության մասին։ Ժամանակին կոշիկի «Նոկիա» ընկերությունը ներկայում հեռախոսասարքերի արտադրության համաշխարհային առաջատարն է։ ՏՏ զարգացմանն ու իշխանությունների խելամիտ քաղաքականությանն է իր հեղափոխական առաջընթացով պարտական Ֆինլանդիան։

Ավելին, վերջին տարիներին Ֆինլանդիան աջակցություն է ցուցաբերում Էստոնիային, որտեղ նույնպես տեղեկատվական տեխնոլոգիաները գերակա ուղղություն են հռչակված։ Չնայած հարևան մերձբալթյան հանրապետությունների համեմատ Էստոնիան փոքր տարածք ունի և զիջում է նրանց բնական պաշարների հարստությամբ, բայց հենց նա է դարձել նախկին խորհրդային Մերձբալթիկայի առավել ապահովված երկիրը։ Հավանաբար, արժե հիշել, որ Խորհրդային Միության օրոք այս հանրապետությունը սոցիալ-տնտեսական առումով երբեք աչքի չի ընկել իր հարևանների մեջ։ Վերջին ժամանակներս Լատվիան և Լիտվան, իրենց հերթին, նույնպես մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ՏՏ նկատմամբ։

Սակայն կան նաև այլ օրինակներ։ Ընդարձակ ու հարուստ Հնդկաստանը, որի տարածքում են կուտակված հիրավի անսպառ բնական ու ժողովրդագրական ռեսուրսներ և որը ելք ունի դեպի Համաշխարհային օվկիանոս, անհավանական հաջողությունների է հասել հենց ՏՏ զարգացման ուղղության մեջ։ Այդ երկրի տնտեսվարման կառուցվածքում ծրագրային ապահովումը երաշխավորում է տարեկան $8 մլրդ-ի ներարկումներ, այստեղ աճի միտումն ակնհայտ է։ Պարզ է, որ արդի և առավել ևս՝ վաղվա աշխարհում այս կամ այն պետության իմունիտետի մակարդակը կորոշվի ՏՏ զարգացման մակարդակով։ Այսօր արդեն երկու օվկիանոսների «ջրբաժանում» գտնվող Կոստա Ռիկայի արտահանման 40%-ը նույնպես բաժին է ընկնում ծրագրային ապահովմանը։ Այս փաստն արժանի է հատուկ ուշադրության։

***

Վերջին ժամանակներս ՏՏ-ն գերակա է համարվում նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, որոնց հատուկ ուշադրություն է դարձվում Հորդանանում և ԱՄԷ-ում։ Տեղեկատվական տեխնոլոգիաների դերի համարժեք գնահատման և այդ ըմբռնման համատեքստում իրականացվող քաղաքականության արդյունքում ժամանակին անապատային Էմիրությունները, որոնք լավագույն դեպքում տարաշխարհիկ արժեք էին ներկայացնում, այսօր վերածվել են տարածաշրջանային գործարար կենտրոնների։ Խոսելով մերձավորարևելյան տարածաշրջանի մասին՝ անհնար է չնշել Իսրայելը, որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաներն ապահովում են երկրի աճի 8%-ը (ի դեպ, ցուցանիշը նույնն է նաև Իռլանդիայում, իսկ ամենաբարձր ցուցանիշն աշխարհում Հարավային Կորեայինն է՝ 14%)։

Պաշտոնական Անկարան, իր հերթին, որոշել է մեծ ուշադրություն հատկացնել այս ուղղությանը։ Ակնհայտ է, որ թուրքական իշխանությունները հիանալի հասկանում են դրա նշանակությունը և ձգտում են իրենց մոտ կիրառել մի շարք առաջավոր երկրների փորձը։ Մասնավորապես, ՏՏ մշակմամբ զբաղվողներն ազատվել են ամեն տեսակ հարկերից։ Հարկ է առանձնապես նշել, որ ցանկացած երկրում, որտեղ ՏՏ-ն գերակա է համարվում, դա պարտադիր պայման է։ Ի թիվս այլոց, նման բոլոր երկրներում գործում է այսպես կոչված ինովացիոն քաղաքականությունը (հատուկ մոտեցում այդ ուղղությանը), և գոյություն ունի ֆինանսավորման հատուկ ձև, որը նաև որոշակի ռիսկեր է ենթադրում (ventura capital): Ներկայում Թուրքիան փորձում է իրեն հարմարեցնել այս բոլոր պարտադիր նորմերը։ Նրա աջակցությամբ Ադրբեջանի իշխանություններն արդեն ձեռնամուխ են եղել ՏՏ զարգացման քաղաքականության իրագործմանը։

***

Սակայն, եթե աշխարհի երկրների մեծամասնության համար տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը դրանց բարգավաճման գնահատականն է, ապա երեք կողմից շրջափակված փոքրիկ Հայաստանի համար դա, առաջին հերթին, կյանքի և ազգային մրցունակության հարց է։ Կարևոր է ըմբռնել, որ տեղեկատվական տեխնոլոգիաները մարդկային գործունեության առանձին ճյուղ չեն, թեև հաճախ հարկադրված ենք լինում բախվել դրանց դերի պաշտոնական նման ընկալման։ Մինչդեռ Հայաստանն այն սակավաթիվ երկրներից է, որտեղ թվային տեխնոլոգիաների ավանդույթները սկիզբ են առնում դեռ անցյալ հարյուրամյակի կեսերից։

Հայ ազգի հզոր ինտելեկտուալ ներուժը 20-րդ դարակեսին արդեն իր մասին բարձրաձայն հայտարարեց ողջ խորհրդային տարածքում, ինչի արդյունքում Հայաստանը ձեռք բերեց Խորհրդային Միության կարևորագույն գիտական կենտրոններից մեկի կարգավիճակ։ Ի տարբերություն վերոնշյալ գրեթե բոլոր երկրների՝ հաշվիչ տեխնոլոգիաները Հայաստանում իրենց ավանդույթներն ունեին։ Անցյալ հարյուրամյակի կեսերին հանրապետությունն իսկապես հաշվիչ տեխնոլոգիաների (այն ժամանակ ՏՏ-ն այդպես էր կոչվում) զարգացման կենտրոններից մեկն էր համարվում։ Անգամ 1980-ականների կեսերին, երբ ԽՍՀՄ մրցունակությունը կտրուկ անկում ունեցավ, Լուսնի վրա վայրէջքի խորհրդային նախագծի մշակման շրջանում, ծրագրային ապահովումը կրկին իրականացնում էր Հայաստանը։ Հետագայում, ԽՍՀՄ փլուզման հետ մեկտեղ, սույն նախագիծը դադարեցվեց։

1970-ական թթ. վերջից ԽՍՀՄ-ում հաշվիչ տեխնոլոգիաների զարգացման դինամիկայի որոշ անկում նկատվեց, ինչը պայմանավորված էր դրանց պլանային օգտագործման և իրական նշանակության միջև ակնհայտ անհամապատասխանությամբ։ Ճիշտ է, ՏՏ-ն գործունեության առանձին ոլորտ չէր, բայց հայեցակարգորեն նոր հասարակական-արտադրական հարաբերությունների գործիք լինելով (ինչպես, օրինակ, տպագրական հաստոցը 14-րդ դ.)՝ այն արդեն չէր կարող ակտիվորեն զարգանալ վարչահրամայական տնտեսության պայմաններում, քանի որ բնույթով դատապարտված էր անմիջականորեն ներդրվելու կենցաղում։ Միութենական տնտեսությունում մասնավոր հատվածի բացակայությունը, բնականաբար, բացասաբար էր անդրադառնում ՏՏ կիրառական օգտագործման ռեժիմի վրա, ինչի արդյունքում 1980-ական թթ. սկզբին ԽՍՀՄ մրցունակությունն անկում արձանագրեց։ Այդ շրջանում Հայաստանի հետ մնալն արևմտյան կենտրոններից, որոնցում համակարգիչն արդեն հաստատուն տեղ էր գրավել հանրային կենցաղում, կազմում էր մոտ հինգ տարի, ինչը ցանկացած պարագայում վկայում է զարգացման բարձր մակարդակի մասին։

***

Անկախության ձեռքբերման շրջանում, որն ուղեկցվում էր երկրաշարժով, պատերազմով, շրջափակմամբ, էներգետիկ ճգնաժամով և դրամատիկական այլ իրադարձություններով, Հայաստանը լքեց ծրագրավորողների մի մեծ քանակություն, ովքեր այսօր էլ արևմտյան երկրներում աշխատում են իրենց մասնագիտությամբ։ Եվ միևնույն ժամանակ, կային մասնագետներ, որ մնացին և կարողացան 1990-ականների սկզբին հիմնել առաջին մասնավոր ֆիրմաները (ինչպես, օրինակ, «Առագաստ բենը» և «Հայկական ծրագրերը») և ՏՏ-ն հարմարեցնել շուկային։ Այն ամենը, ինչին հասել են հայ մասնագետներն այս ուղղությամբ, բացառությամբ իրենց վաստակն է, քանի որ, ի տարբերություն մյուս երկրների, «վերևները» երբեք չեն նպաստել ՏՏ զարգացմանը։ Այնուամենային, հայկական ավանդույթն ի զորու եղավ գոյատևելու այս անհավանական պայմաններում, իսկ արդեն 1990-ական թթ. կեսին օբյեկտիվորեն կարողացավ հավակնել իր նշանակությանը համարժեք տեղի։

2003-ից տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանում ապահովում են երկրի տնտեսական աճի 2%-ը։ Դա որոշակիորեն բավական պատկառելի ցուցանիշ է, որը համադրվում է զարգացած շատ պետությունների ցուցանիշների հետ։ Վրաստանում և Ադրբեջանում այս գործակիցն առայժմ մեկ հարյուրերորդական տոկոս է։ Սակայն, ինչպես արդեն նշել ենք, եթե աշխարհի երկրների մեծամասնության համար տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը դրանց բարգավաճման գրավականն է, ապա երեք կողմից շրջափակված փոքրիկ Հայաստանի համար դա, առաջին հերթին, կյանքի և ազգային մրցունակության հարց  է։ Դրա համար անհրաժեշտ է հայ ազգի օբյեկտիվորեն առկա ինտելեկտուալ ներուժն ուղղել պետականակերտման կազմակերպված հուն։ Երկրի իշխանությունները պետք է հստակորեն ըմբռնեն, որ Հայաստանը պարզապես դատապարտված է տեղեկատվական տեխնոլոգիաները զարգացնելու, որոնք պետության սակավահողության, անհրաժեշտ բնական պաշարների բացակայության, տրանսպորտային մեկուսացման, ժողովրդագրական ասպեկտի և ազգային անվտանգության հարցի պայմաններում կարող են և օբյեկտիվորեն պետք է դառնան գլխավոր գերակայությունը։ Չէ՞ որ հենց տեղեկատվական տեխնոլոգիաներն են ի վիճակի մի քանի տասնյակ անգամ բարձրացնել երկրի առանձին վերցրած մեկ քաղաքացիական և զինվորական անձի աշխատանքի արդյունավետությունը։

***

Ցավոք, ներկայում տակավին լուրջ հիմքեր չկան խոսելու այն մասին, թե Հայաստանի իշխանական կառույցներն ունեն աշխարհում ՏՏ դերի ու տեղի մասին նման մոտեցումներ և նման ընկալում։ Իհարկե, երկրի ղեկավարությունը սիրում է հայտարարել այդ ուղղության գերակայության մասին և նույնիսկ համապատասխան օրինագիծ է պատրաստել, սակայն իրականում փոքր-ինչ այլ կերպ է։ Առավել ևս զարմանալի է, որ Հայաստանում, ելնելով վերոնշյալ օբյեկտիվ պատճառներից, սույն ուղղության զարգացումը ոչ միայն տնտեսական առաջընթացի հարց է, այլև կենսատևելու գործոն։ Հենց տեղեկատվական տեխնոլոգիաներն են ի վիճակի առավելագույնս հավասարակշռել բնական և ժողովրդագրական ռեսուրսների անբավարարությունը, ինչպես նաև երկրի տրանսպորտային-հաղորդակցային մեկուսացումը։

Հիմնական խնդիրն այստեղ, հավանաբար, այն է, որ հայ քաղաքական էլիտայի զարգացման ընդհանուր մակարդակը և համապատասխան հավակնությունները դառևս չեն համապատասխանում աշխատանքային ռեսուրսների նշաձողին ու ձգտումներին, այդ թվում և կուտակված ինտելեկտուալ ներուժին։ Քաղաքական էլիտան դեռևս շարունակում է ՏՏ-ն ընկալել ոչ թե որպես կյանքի նոր միջավայր և նոր արտադրական լծակ, այլ որպես արտադրական գործունեության ոլորտներից մեկը։ Սա լրջագույն սխալ է, որը կարող է թանկ նստել Հայաստանի վրա։ Այս իրավիճակում, մանավանդ տարածաշրջանում հայ ինտելեկտուալ աննախադեպ ներուժի հաշվառմամբ, թվում էր՝ երկրի իշխանությունները պետք է գործով, այլ ոչ թե խոսքով հատուկ ուշադրության արժանացնեին սույն ուղղությանը, որը տարածաշրջանային և գլոբալ կյանքի միանգամայն նոր պայմաններում որոշում է այս կամ այն պետության իմունիտետը։

Պաշտոնական կառույցները սիրում են խոսել երկրում հարկման ոլորտում բոլորի համար հավասար պայմանների առկայության մասին, թեև ՏՏ առնչությամբ դա նոնսենս է, քանի որ ուրիշ որևէ երկրում դա չի կարող լինել արդեն ըստ սահմանման։ Կարծում ենք՝ հիմնական խնդիրն այստեղ իսկապես հայ քաղաքական և տնտեսական էլիտայի սպառողական հոգեբանության մեջ է, էլիտա, որը երբեք չի կարող իրեն թույլ տալ հեռանկարային կապիտալ ներդրումներ անել պետականակերտման ոլորտում և բավարարվում է այսրոպեական շահաբաժիններով, որոնք էլ ապահովվում են «սեփական» հյուրանոցային, առևտրային կամ արհեստավորական շարքերը պահելով։

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am