Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Քաղաքականություն

Քաղաքականություն
Հունվար 2009, N 1

ԱԶԴԵՑԻԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՆԻՇ

«Ազգային գաղափարը» սկսում է յուրաքանչյուր ամիս ներկայացնել Հայաստանի ամենաազդեցիկ հիսուն մարդկանց ցուցակը` ըստ ազդեցության չափի։ Առայժմ այն կազմվում է երեք փորձագետների վերլուծության հիման վրա` մեկից մինչև հիսուն թվանշաններ դնելու պարզ դասակարգման սկզբունքով (քանի որ փորձագետներից մեկը հրաժարվեց հրապարակել անունը, մյուսների անուններն էլ առայժմ չեն հրապարակվի)։

Ազդեցության չափը որոշվում է անձի թե՛ ուժային, օրենսդրորեն ունեցած լծակներով, թե՛ որակական՝ հեղինակությամբ ունեցած ազդեցությունների հանրագումարով։ Սկզբում մտածվում էր կազմել ավելի մեծ՝100 հոգիանոց ցուցակ, քանի որ այս հիսունի միջից դուրս են մնում որոշ նախարարներ, մարզպետներ ու այլ պաշտոնյաներ, որոնք որոշակի ազդեցություն ունեն իրենց ոլորտներում, ինչպես, օրինակ, Ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը կամ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ Նաև մարդիկ, որոնք ոլորտ չեն ներկայացնում, սակայն այդ ոլորտի վրա ավելի մեծ ազդեցություն ունեն, քան տվյալ ոլորտի նախարարը (ինչպես, օրինակ, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը, որ իշխում է երաժշտական ոլորտին)։ Սակայն Հայաստանի նման փոքր երկրի համար որոշվեց հիսուն հոգիանոց ցուցակի տարբերակը, որի մեջ ընդգրկված են մարդիկ, որոնք ոչ միայն նեղ ոլորտի վրա տիրապետություն են հաստատել, այլև նրանց ազդեցության չափը տարածվում է իշխանության վրա։ Կներկայացվեն ցուցակից առաջին 20 հոգու ունեցած ազդեցության պատճառներն ու հեռանկարները։

Իշխանության համար պայքարը գնում է չորս բևեռների միջև, որոնք տարբեր չափաբաժնով են ներկայացված ազդեցությունների ցանկում։

Առաջին բևեռը իրական իշխանությունն է։ Իր պաշտոնավարման պահից՝ 2008թ. ապրիլից, իրական և սահմանադրությամբ վերապահված երկրի առաջնորդն է նախագահ Սերժ Սարգսյանը։ Ըստ Սահմանադրության՝ այդ դերը նա պետք է պահպանի մինչև հաջորդ նախագահական ընտրություններ՝ 2013թ., բայց իշխանության համար մղվող պայքարում հնարավոր տարբերակ է համարվում, որ նրա ազդեցության վարկանիշը իջնի՝ այլ ուժի պարտադրանքի տակ նոր վարչապետ նշանակելով։ Հայաստանում երկու անգամ այդպես եղել է, երբ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ նշանակեց Վազգեն Սարգսյանին ու կորցրեց ազդեցության որոշակի չափ, իսկ հոկտեմբերի 27-ից հետո ստիպված վարչապետ նշանակեց հանգուցյալ վարչապետի եղբորը՝ Արամ Սարգսյանին։ Այս տարվա ընթացքում փորձագետները քիչ հավանական են համարում այնպիսի ցնցումներ, որ Սարգսյանին ստիպեն զիջումների գնալ։

Նախագահի բևեռը ներկայացնող ամենակարևոր և նրա վրա ամենամեծ ազդեցություն ունեցող անձը 8-րդ տեղում գտնվող նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանն է, որ, լինելով Սարգսյանի դստեր ամուսինը, նախագահի ամենավստահելի մարդն է։ Սարգսյանի մարդկանցից է համարվում նաև ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը, որի որակական ազդեցության պակասը նրան իջեցնում է 20-րդ տեղ։

Փորձագետները տարաձայնություններ ունեին երկրորդ տեղի վերաբերյալ։ Երկու փորձագետ երկրորդ տեղում տեսնում են վարչապետ Տիգրան Սարգսյանին, մյուս երկուսը՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին։ Սակայն Տիգրան Սարգսյանի օգտին փաստարկները համոզիչ դարձան նաև մյուս փորձագետի համար։

Թեև Հովիկ Աբրահամյանը տնօրենն է բյուրոկրատական, տեղական ինքնակառավարման ու «մաֆիոզ» որակվող համակարգի, և իր ազդեցության պոտենցիալով վճռորոշ դերակատարություն կարող է ունենալ Հայաստանի վրա, որն էլ նրան արտաքուստ երկրորդ դեմքի իմիջ է տալիս, այսուհանդերձ, նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությունն ունեցող Տիգրան Սարգսյանը, որն ի տարբերություն նախորդ վարչապետերի, ինչպես բնութագրեց մի փորձագետ, «դոկտրինիոռ» է, այսինքն, տնտեսական կոնցեպցիա ունեցող ու այն իրականցնող վարչապետ, հետևաբար ազդեցությամբ երկրորդ հորիզոնականում է։ Հայաստանում իրականացվող իրական տնտեսական քաղաքականության հետևում կանգնած է վարչապետը։ Նրա տնտեսական քաղաքականության արդյունքում պետք է ձևավորվի բյուջեն, և նրա հետ են կապում վարկեր ստանալը։

Հայաստանյան իրականությունում ոչ միշտ է լինում, երբ վարչապետն ազդեցությամբ երկրորդ անձն է։ 90-ականների պատերազմի արդյունքում վարչապետերը հազվադեպ էին ներկայացնում սահմանդրությամբ լիազորված երկրորդ-երրորդ դերակատարությունը (սահմանադրությամբ նախագահի բացակայության դեպքում ԱԺ նախագահն է իրականացնում նախագահի լիազորությունները, այսուհանդերձ, վարչապետը իշխանության մեջ ավելի շատ լծակներ ունի, հետևաբար միանշանակ հնարավոր չէ պնդել, թե ով է օրենսդրորեն երկրորդ անձը)։

1991թ. սկսած՝ վարչապետ Վազգեն Մանուկյանի հրաժարականից հետո, և մասնավորապես Հրանտ Բագրատյանի վարչապետության ժամանակ, ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը և պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն իրենց ազդեցությամբ գերազանցում էին վարչապետին, որի արտաքին ապացույցն էր կառավարության նիստերին չմասնակցելով՝ նրա նկատմամբ արհամարհանքի դրսևորումը։ Եթե 1995-96թթ. նման ցուցակ կազմվեր, ապա վարչապետ Հրանտ Բագրատյանը կլիներ 4-րդ կամ 5-րդ տեղում։

1996թ. աշնանը, երբ ՆԳ նախարարի պաշտոնից հանվեց Վանո Սիրադեղյանը, վարչապետի վրա ուժային ծանրությունը թուլացավ։ Իսկ 1999թ. գարնանը փաստացի երկրորդ դեմք հանդիսացող պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, դառնալով երկրի վարչապետ, ոչ միայն ամեն ինչ իր տեղը գցեց, այլև 1-2-րդ հորիզոնականը հավասար կիսում էր նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ և արդեն սպառնում էր միանձնյա գլխավորել առաջին տեղը։

Երբ 2000թ. նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից Սերժ Սարգսյանը տեղափոխվեց պաշտպանության նախարար, կրկին որոշ չափով բարձրացավ ուժային այդ կառույցի դերը, բայց ոչ այնքան, որքան իննսունականների երկրորդ կեսին։ Ո՛չ Սերժ Սարգսյանն էր Վազգեն Սարգսյանի պես բացահայտ իշխանություն պարտադրում, ո՛չ էլ հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էր այն անձը, որ Բագրատյանի պես զգուշանար ուժայիններից, քանի որ նա ներկայացնում էր իշխող Հանրապետական կուսակցությունը։

Այս պահին դժվար է ասել, թե Տիգրան Սարգսյանն ինչքան ժամանակ կպահի երկրորդ տեղը, սակայն պարզ է, որ այդ տեղը նա եթե կորցնի, ապա վարչապետի պաշտոնի հետ միասին։

Գագիկ Ծառուկյանը լրջորեն հավակնում է վարչապետի պաշտոնին՝ երկրորդ տեղին։ Նա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ բլոկ կազմելով՝ գնալով ավելի մեծ թափ է հավաքում ու վերջին ամսվա ընթացքում ստեղծել է իշխանության համար պայքար մղող չորրորդ բևեռը, բայց ազդեցությամբ, ունեցած լծակներով ու ֆինանսական հնարավորություններով այն կարելի է համարել երկրորդ բևեռ։

Սակայն Գագիկ Ծառուկյանի համար վարչապետի պաշտոնը միայն մի քայլ է առաջին տեղում հայտնվելու՝ նախագահի աթոռին հասնելու համար։ Այս ծրագրով ապագայում վարչապետի պաշտոնը նախատեսված է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որի դաշինքը Ծառուկյանի հետ ամրացել է խնամիական կապով (Գագիկ Ծառուկյանի դուստրն ամուսնացել է Աբրահամյանի որդու հետ)։

Դեռ մեկ-երկու ամիս առաջ Ծառուկյանը կգտնվեր ցուցակի ավելի ստորին հատվածում, 7-8-րդ, գուցեև ավելի ցածր տեղում։ Սակայն նա Հովիկ Աբրահամյանի հետ դուրս գալով Ռոբերտ Քոչարյանի թիմից ու ստեղծելով նոր բևեռ՝ բարձրացրեց իր ազդեցությունը։ Իսկ Աբրահամյանն էլ արդեն սեպտեմբերի 5-ին ԱԺ նախագահ դառնալով, իր իրական ու օրենսդրական իշխանությունները համընկեցնելով և իշխանության ներսում ունեցած հզոր ազդեցությամբ՝ իր համար ֆիկսեց երրորդ տեղը։ Նա իր ազդեցությունը տարածում է վճռորոշ ոլորտների վրա. Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը և ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը նրա շրջապատից են։

Այսպիսով, Սերժ Սարգսյանի գլխավոր հակառակորդն այս պահին իրական իշխանություն ունեցող Ծառուկյան-Աբրահամյան երկյակն է հանդիսանում և մոտ ժամանակներս հնարավոր են լուրջ առճակատում այս երկու թևերի միջև ու իշխանության ցանկի վերադասավորումներ։

Ի տարբերություն Ծառուկյանի՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազդեցությունն անկման միտում ունի։ Այն դեռևս պահպանվում է իշխանության ներսում ունեցած իր խոշոր ազդեցությամբ, որ պայմանավորված է և՛ այնտեղ իր թիմակիցներով, և՛ ընդհանուր պաշտոնյաների մեջ ունեցած հեղինակությամբ։

Դեռևս Քոչարյանի մարդկանցից է համարվում Աղվան Հովսեփյանը, որի ազդեցությունը կայուն բարձր է մանավանդ իրավապահ ոլորտով ընդդիմությունը զսպելու գործոնով։ Իսկ իններորդ տեղում գտնվող տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ինչպես մի փորձագետ բնութագրեց, ուղղակի Քոչարյանի աչքն է իշխանությունում, իսկ պոտենցիալով ի պաշտոնե էական ազդեցություն կունենա ընտրությունները կազմակերպելու մեջ։

«Դրսում» Քոչարյանը ընդդիմադիր բևեռ է ստեղծել, որի կարևոր դեմքերից մեկն է Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը՝ իր ազդեցությամբ պատերազմի մասնակիցների այն հսկա հատվածի վրա, որը չի հանդուրժի Ղարաբաղի նկատմամբ որևէ զիջում տնտեսական չափաբաժնով։ Քանի որ Քոչարյանի ընդդիմադիր շրջանակի ազդեցությունը դեռևս մեծ չէ, հետևաբար այս հիսունի մեջ դեռ տեղ չի գրավել նրա մյուս զինակիցը՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որ կարող է դառնալ Քոչարյանի նախագահի թեկնածուն։ Այսպիսով, Քոչարյան-Օսկանյան երկյակը ներկայացնում է իշխանության համար մղվող պայքարի երրորդ բևեռը, որ կարող է տնտեսական ճգնաժամի շրջանում դառնալ ռեսուրսներ ունեցող ընդդիմություն ու ազդեցությունը բարձրացնել։

Անկման միտում ունի նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ազդեցությունը։ Նա հասարակական լայն շրջանակներում իներցիայով դեռևս համարվում է նախագահի գլխավոր հավակնորդ և դրա շնորհիվ իշխանության համար մղվող պայքարում չորրորդ բևեռ։ Սակայն իշխանության ներսում Տեր-Պետրոսյանի ազդեցությունն իջել է զրոյականի, քանի որ այնտեղ գիտեն, որ նա հրաժարվել է հետագա պայքարից և իր հուժկու շարժումը մարեցնում է ոչ միանգամից։ Բայց նա դեռևս Սարգսյանի իշխանության լեգիտիմությունը կասկածի տակ դնող գլխավոր անձն է և քաղբանտարկյալների խնդիրը խաղացնելով ու մարդաշատ հանրահավաքներ անելու սպառնալիքով՝ որոշ ժամանակ դեռ կարող է խնդիրներ առաջացնել իշխանության համար Արևմուտքի կողմից։ Նրա ընդդիմադիր շարժման արդյունքում երկրորդ անգամ ձևավորվեց կոալիցիա, որն այս անգամ շատ ավելի կարևոր էր իշխանության համար, քան 2003թ.։ Սակայն մյուս բևեռների, մասնավորապես Քոչարյան-Օսկանյան երկյակի ուժեղացմանը զուգահեռ, փորձագետներից մեկը կանխատեսում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կաջակցի Սերժ Սարգսյանին ու հետևաբար դուրս կմղվի 50 ազդեցիկների ցուցակից։

Որպես կոալիցիոն գործընկերներ Արթուր Բաղդասարյանը և Դաշնակցությունը՝ հանձին Հրանտ Մարգարյանի, ընդդիմություն դառնալու սպառնալիքի շնորհիվ դեռ երկար կպահեն իրենց ազդեցությունը կառավարությունում՝ ունենալով երեքական նախարարություն։ Այսուհանդերձ, նրանց պոտենցիալ ազդեցությունը հավասարապես չի բաշխվում, և ինչպես եղավ 2006թ., երբ Արթուր Բաղդասարյանը կորցրեց ԱԺ նախագահի պաշտոնը, այնպես էլ ապագայում իշխանությունը նրանից ավելի հեշտ կարող է ազատվել, մանավանդ, որ հարկային կոշտ քաղաքականության շրջանում հրաժարվեց ներկայացնել մանր ու միջին բիզնեսի շահերը, ինչպես դա անում էր նախկինում ու դրա շնորհիվ ձևավորում ընտրազանգված։ Իսկ Դաշնակցությունը թեև Սերժ Սարգսյանի հետ ունեցած հնուց եկող տարաձայնություններին, որն ավելի շեշտվում է հայ-թուրքական հարաբերություններում Սարգսյանի մեղմ կեցվածքով, իր հզոր կառույցի և կայուն ընտրազանգվածի շնորհիվ երկար կպահի ազդեցությունն ու իշխանությունը։

Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը եղբոր՝ ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի միջոցով ներկայացնելով ռուսական կապիտալը, 15-րդ տեղում է։ Կարապետյանի ազդեցությունը բարձրացնում է նրա պոտենցիալը, որով իշխանության համար մղվող պայքարում որպես կոմպրոմիսային վարչապետ է ներկայացվում։

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեռևս 15-րդ տեղում է, բայց նրա անձը նկատի ունենալով՝ ազդեցությունը վճռական պահերին կարող է աճել, ինչպես դա եղավ անցյալ տարվա փետրվար-մարտյան դեպքերի ժամանակ։ Բանակի վրա ազդեցության համար զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի դեմ պայքարում Օհանյանը հենարան դարձրեց պաշտպանության նախարարի նախկին տեղակալ և դեռևս բանակում ազդեցություն ունեցող գեներալ Մանվել Գրիգորյանին, որն էլ անցած աշնանը որդուն՝ Կարեն Գրիգորյանին, ընտրությունների միջոցով Էջմիածնի քաղաքապետ դարձնելով՝ իր վերացող ազդեցությունը բարձրացրեց ու կրկին մտավ 20 ազդեցիկ մարդկանց մեջ։

Երևանի Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանն իշխանության գլխավոր, եթե չասենք արդեն միակ թեկնածուն է Երևանի քաղաքապետի պաշտոնին, որին աջակցում են իշխանության ներսի գլխավոր թևերը, և այդ հեռանկարը նրան բարձրացնում է ու դնում 18-րդ տեղը։

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը թեև համարվում է Սերժ Սարգսյանի մարդը, սակայն Ղարաբաղյան կարգավորման մեջ նա իր պոտենցիալով ազդում է քաղաքական դաշտի վրա, և Ղարաբաղի շահին հակասող որևէ որոշման ժամանակ նա միշտ կարող է բարդություններ առաջացնել Հայաստանի իշխանությունների համար։

Հայաստանի առանձնահատկությունն այն է, որ 20 ազդեցիկ մարդկանց մեկ հինգերորդը որևէ պաշտոն չունի՝ Ռոբերտ Քոչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Հրանտ Մարգարյան, Մանվել Գրիգորյան։ Իսկ հինգերորդ անպաշտոն գործիչը 21-րդ տեղում է։

1. Սերժ Սարգսյան, ՀՀ նախագահ

2. Տիգրան Սարգսյան, ՀՀ վարչապետ

3. Հովիկ Աբրահամյան, ՀՀ ԱԺ նախագահ

4. Գագիկ Ծառուկյան, Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր

5. Ռոբերտ Քոչարյան, ՀՀ երկրորդ նախագահ

6. Աղվան Հովսեփյան, ՀՀ գլխավոր դատախազ

7. Լևոն Տեր-Պետրոսյան, ՀՀ առաջին նախագահ

8. Միքայել Մինասյան, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

9. Արմեն Գևորգյան, տարածքային կառավարման նախարար

10. Հրանտ Մարգարյան, Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ

11. Արթուր Բաղդասարյան, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար, Օրինաց երկիր կուսակցության նախագահ

12. Ալիկ Սարգսյան, ՀՀ ոստիկանապետ

13. Գագիկ Խաչատրյան, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

14. Կարեն Կարապետյան, նախագահի աշխատակազմի ղեկավար

15. Սեյրան Օհանյան, պաշտպանության նախարար

16. Յուրի Խաչատուրով, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

17. Մանվել Գրիգորյան, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ

18. Գագիկ Բեգլարյան, Երևանի Կենտրոն համայնքի թաղապետ

19. Բակո Սահակյան, Լեռնային Ղարաբաղի նախագահ

20. Գորիկ Հակոբյան, Ազգային անվտանգության ծառայության պետ

21. Սամվել Բաբայան, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Ռամկավար ազատական կուսակցության նախագահ

22. Դավիթ Հարությունյան, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հանրապետական խմբակցության անդամ

23. Երվանդ Զախարյան, Երևանի քաղաքապետ

24. Արմեն Հարությունյան, ՀՀ օմբուդսմեն

25. Իշխան Զաքարյան, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ

26. Էդուարդ Նալբանդյան, ՀՀ արտաքին գործերի նախարար

27. Րաֆֆի Հովհաննիսյան, ՀՀ ԱԺ պատգամավոր, Ժառանգություն կուսակցության նախագահ

28. Գագիկ Հարությունյան, ՀՀ սահմանդրական դատարանի նախագահ

29. Ալեքսան Հարությունյան, ՀՀ հանրային հեռուստատեսության և ռադիոյի նախագահ

 30. Գալուստ Սահակյան, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հանրապետական խմբակցության ղեկավար

31. Գևորգ Դանիելյան, ՀՀ արդարադատության նախարար

32. Սամվել Ալեքսանյան, ՀՀ ԱԺ պատգամավոր, գործարար

33. Ռուբեն Հայրապետյան, ՀՀ ԱԺ պատգամավոր, գործարար

34. Միքայել Բաղդասարով, գործարար

35. Արմեն Մովսիսյան, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար

36. Լևոն Սարգսյան, ՀՀ ԱԺ պատգամավոր, գործարար

37. Ներսես Երիցյան, ՀՀ էկոնոմիկայի նախարար

38. Տիգրան Դավթյան, ՀՀ ֆինանսների նախարար

39. Արթուր Ջավադյան, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ

40. Սուրեն Խաչատրյան, Սյունիքի մարզպետ

41. Վարդան Ղուկասյան, Գյումրու քաղաքապետ

42. Աշոտ Ղահրամանյան, Արմավիրի մարզպետ

43. Կովալենկո Շահգալդյան, Կոտայքի մարզպետ

44. Հարություն Քուշկյան, ՀՀ առողջապահության նախարար

45. Սպարտակ Սեյրանյան, ՀՀ գիտության և կրթության նախարար

46. Արմեն Ղուլարյան, Տավուշի մարզպետ

47. Վարդգես Մաթևոսյան, ՀՀ Վայոց ձորի մարզպետ

48. Արամ Քոչարյան, ՀՀ Լոռու մարզպետ

49. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոս

50. Հարություն Փամբուկյան, ՀՀ ԱԺ պատգմավոր, Հանրապետական խմբակցություն, գործարար

Պատրաստեց Վահան Իշխանյանը

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am