Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մեջբերումներ դասականներից

Մեջբերումներ դասականներից
Հունվար 2009, N 1

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՐԴԸ

Պատմության առաջին խնդիրը կեղծիքից խուսափելն է, երկրորդը` ճշմարտությունը չթաքցնելը, երրորդը` ինքդ քեզ կողմնակալության կամ կանխակալ թշնամության մեջ կասկածելու որևէ տեղիք չտալը:

Կիկերոն

***

Եթե ինչ-որ թագավորի պատմությունը չի դատապարտվել այրման, ես այն կարդալ չեմ ցանկանում:

Լիխտենբերգ

***

Լավագույնը, ինչ տալիս է մեզ պատմությունը, նրա առաջացրած խանդավառությունն է:

Գյոթե

***

Մեծագույն մոլորություն է բարոյականություն փնտրել այնտեղ, ուր խոսքը վերաբերում է պատմական փաստերին:

Դիդրո

***

Լավ գրված պատմավեպերն ավելին արժեն, քան պատմության դասընթացները:

Բալզակ

***

Ուզում ես հեղինա՞կ լինել. կարդա մարդկային ցեղի դժբախտությունների պատմությունը, և եթե սիրտդ չարնոտվի, ուրեմն թող գրիչը, այլապես այն մեզ կպատմի հոգուդ սառը մռայլության մասին:

Կարամզին

***

Պատմությունը նման է մեխի, որից կարելի է կախել ինչ ուզես:

Ա.Դյումա

***

Պատմությունը վեպ է, որին հավատում են, այնինչ վեպը պատմություն է, որին չեն հավատում:

Մովսես Սաֆիր

***

Դժբախտ է այն երկիրը, որը հերոսների կարիք ունի:

Բրեխտ

***

Պետության մեջ հերոսները այլևս տեղ չունեն, նրանք հանդիպւմ են միայն այն ժամանակ, երբ դրանք դեռ կազմավորված չեն: Նրանց նպատակը իրավական է, անհրաժեշտ և պետական, և դա նրանք կատարում են ինչպես իրենց գործը: Պետությունները հիմնող, ընտանիք կազմող և երկռագործություն մտցնող հերոսները դա կատարում էին, բնականաբար, ոչ որպես իրենց ընդունված իրավունքը, և այդ գործողությունները նաև նրանց հատուկ կամքն են, այլ որպես բնական վիճակի հանդեպ գաղափարի բարձրագույն իրավունք. հերոսների կողմից իրագործվող հարկադրանքը իրավական պարտադրանք է, քանի որ բարու միջոցով քիչ բան կարելի է հասնել բնության իշխանության դեմ:

Հեգել

***

Ես կարծում եմ, որ պատմությունը բարեհաճ կլինի իմ հանդեպ, քանի որ պատրաստվում եմ ինքս գրել այն:

Չերչիլ

***

Միակ դասը, որ կարելի է քաղել պատմությունից, այն է, որ մարդիկ պատմությունից ոչ մի դաս չեն քաղում:

Բեռնարդ Շոու

***

Պատմությունը կեղծիքից մաքրելուց հետո պարտադիր չէ, որ ճշմարտությունը մնա. երբեմն ոչինչ չի մնում:

 Ստանիսլավ Լեց

ՄԱՔՍԻՄԻԼԻԱՆ ՌՈԲԵՍՊԻԵՌ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (հատված)

Կոնվենտում 1794թ. փետրվարի 5-ի ելույթից

Եկել է ժամանակը պարզելու հեղափոխության նպատակը և սահմանը, որին ուզում ենք հասնել, եկել է ժամանակը ինքներս մեզ հաշիվ տալու նաև խոչընդոտների մասին, որոնք հեռացնում են մեզ նրանից, որոնք մենք պետք է ընդունենք` դրան հասնելու համար: Սա հասարակ և կարևոր միտք է, որը, ինչպես երևում է, երբեք չի նշվել: Եվ ինչպե՞ս կհամարձակվեր ստոր և անբարո կառավարությունն իրականացնել այն: Մի ինչ-որ թագավոր, ինչ-որ մեծամիտ սենատ, Կեսար, Կրոմվել նախ և առաջ կրոնական շղարշի տակ թաքցնում էին իրենց ծրագրերը, գործարքի մեջ մտնում բոլոր արատների հետ, շողոքորթում էին բոլոր կուսակցություններին, ոչնչացնում էին ազնիվ մարդկանց կուսակցությունը, ճնշում կամ խաբում էին ժողովրդին այն բանի համար, որ հասնեն իրենց նենգ փառասիրության նպատակին: Եթե մենք մեծագույն խնդիր իրականացնելու չլինեինք, եթե խոսքն այստեղ վերաբերեր միայն ինչ-որ հանցախմբի կամ նոր արիստոկրատիայի, մենք կհավատայինք, այնպես, ինչպես դրան հավատում են ավելի շուտ տգետ, քան թե փչացած գրողները, որ ֆրանսիական հեղափոխության պլանը տառացիորեն գծվել է Տակիտոսի և Մաքիավելու գրքերում, և կկարողանայինք ժողովրդի պարտականությունների նկարագրությունը գտնել Օգոստոսի, Տիբերիոսի, Վեսպասիանոսի պատմության կամ նույնիսկ որոշ ֆրանսիացի օրենսդիրների պատմության մեջ, քանի որ նենգության և դաժանության որոշ նրբություններում բոլոր տիրանները նման են միմյանց:

Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք այժմ ձեր քաղաքական գաղտնիքները հայտնել ենք ի լուր աշխարհի, որպեսզի հայրենիքի բոլոր բարեկամները կարողանան միավորվել բանականության կանչով և հասարակության շահերից ելնելով և այն բանի համար, որպեսզի ֆրանսիական ազգը և նրա ներկայացուցիչները հարգված լինեն աշխարհի բոլոր երկրներում, որտեղ կարող են հայտնի դառնալ նրանց իսկական սկզբունքները, այն բանի համար, որպեսզի դավադիրները, որոնք ձգտում են փոխարինել այլ դավադիրների, դատված լինեն ճշմարիտ և հասկանալի կանոններով:

Հարկավոր է վաղօրոք նախազգուշական միջոցներ ձեռնարկել և ազատության ճակատագիրը հանձնել ճշմարտության ձեռքը, որը հավերժ է, և ոչ թե ձեռքն այն մարդկանց, ովքեր մահկանացու են. այսպիսով, եթե կառավարությունը մոռանում է ժողովրդի շահերը կամ եթե դրանք հայտնվում են անբարո մարդկանց ձեռքում, իրերի բնական ընթացքին համապատասխան, ընդունված սկզբունքների լույսը լուսավորում է նրանց դավաճանությունը, և թող նոր հանցախումբն ընկնի հանցագործության մտքից անգամ:

Երջանիկ է այն ժողովուրդը, որ հասել է այս վիճակին: Քանզի ինչ նոր հարվածներ էլ սպառնան նրան, իրերի դրությունը, որի պարագայում հանրային բանականությունը ազատության երաշխիքն է հանդիսանում, նրան բազում միջոցներ կտրամադրի այդ հարվածները կանխելու համար: Ո՞րն է այն նպատակը, որին ձգտում ենք: Ազատության խաղաղ գործադրումն ու հավասարությունը, հավերժ արդարության տիրապետությունը, որի օրենքները փորագրված են ոչ թե մարմարի ու քարի, այլ բոլոր մարդկանց սրտերում, անգամ ստրուկի սրտում, ով մոռացել է դրանց մասին, և տիրանի սրտում, ով ժխտում է դրանք:

Մենք ուզում ենք ունենալ այնպիսի իրադրություն, որտեղ բոլոր նսեմ և դաժան կրքերը սանձված կլինեն, և բոլոր բարերար ու մեծահոգի կրքերը կարթնանան օրենքներով, որտեղ սնափառությունը կարտահայտվեր հայրենիքին ծառայելու ձգտմամբ, որտեղ տարբերությունները միայն հավասարություն կծնեին, որտեղ քաղաքացին կենթարկվեր քաղաքապետությանը, քաղաքապետությունը` ժողովրդին, ժողովուրդը` արդարությանը, որտեղ հայրենիքը կապահովեր յուրաքանչյուր անհատի բարօրությունը, իսկ յուրաքանչյուր անհատ հպարտ կօգտվեր հայրենիքի բարգավաճումից և փառքից, որտեղ բոլոր հոգիները կփառավորվեին հանրապետական զգացումների հետ մշտական հաղորդակցությամբ և մեծ ժողովրդի հարգանքը վայելելու անհրաժեշտությամբ, որտեղ արվեստները ազատության զարդարանքն են, որ վսեմացնում է նրանց, իսկ առևտուրը կլինի ժողովրդի հարստացման աղբյուր, այլ ոչ թե միայն մի քանի ընտանիքների հրեշավոր շքեղություն: 

Մենք ուզում ենք մեր երկրում եսասիրությունը փոխարինել առաքինությամբ, պատիվը` ազնվությամբ, սովորույթները` սկզբունքներով, պարկեշտությունը` պարտավորություններով, մոդայի բռնակալությունը` բանականության տիրապետությամբ, դժբախտության նկատմամբ արհամարհանքը` արհամարհանքով արատի նկատմամբ, անպատկառությունը` հպարտությամբ, սնափառությունը` հոգու վեհությամբ, փողի նկատմամբ սերը` սիրով փառքի նկատմամբ, լավ ընկերախումբը` լավ մարդկանցով, դավադրությունը` արժանիքով, սրամտությունը` տաղանդով, սիրալիր, թեթևամիտ և դժբախտ ժողովրդին` մեծահոգի, ուժեղ, երջանիկ ժողովրդով, այսինքն` միապետության արատներն ու բոլոր անհեթեթությունները փոխարինել հանրապետության բոլոր առաքինություններով և հրաշքներով:

Մի խոսքով` մենք ուզում ենք կատարել բնության կամքը և իրագործել մարդկության ճակատագրերը, պահել փիլիսոփայության խոստումները, մեղքերի թողություն տալ նախախնամությանը հանցագործության ու բռնատիրության երկարատև տիրապետության համար: Թող Ֆրանսիան, որ ժամանակին հայտնի էր ստրկական երկրների շարքում և մթագնում էր գոյություն ունեցող բոլոր ազատ ժողովուրդների փառքը, օրինակ դառնա ազգերի համար, սարսափ` բռնաճնշողների, մխիթարանք` ճնշվածների համար, զարդը տիեզերքի, և թող, մեր արյամբ ամրապնդելով մեր գործը, մենք կարողանանք տեսնել համընդհանուր երջանկության արշալույսի փայլատակումը... Սրանում է մեր փառասիրությունը, սա է մեր նպատակը: 

Ո՞ր տեսակի կառավարությունը կարող է իրականացնել այս հրաշքները: Միայն դեմոկրատականը կամ հանրապետականը. այս երկու բառերը հոմանիշներ են` չնայած գռեհիկ լեզվի մոլորությանը, քանզի արիստոկրատիան կառավարում է, որն ավելի շատ հանրապետություն չէ, քան միապետությունը: Դեմոկրատիան պետություն չէ, որտեղ մշտապես միասին հավաքվելով` ժողովուրդն ինքը կկառավարի բոլոր հանրային գործերը, էլ ավելի պակաս չափով դա պետություն չէ, որտեղ հարյուր հազարավոր խմբեր առանձին հապճեպ ու հակասական միջոցներով կլուծեին ողջ հասարակության ճակատագիրը. նման պետություն երբեք գոյություն չի ունեցել, և եթե գոյություն ունենար էլ, այն ժողովրդին կբերեր դեսպոտիզմի:  

Դեմոկրատիան պետություն է, որտեղ ինքնիշխան ժողովուրդը, իր իսկ ստեղծած օրենքներով առաջնորդվելով, ինքն է անում այն, ինչը կարող է լավ անել և իր ներկայացուցիչների միջոցով անում է այն, ինչն ինքը չի կարող անել:

Հետևաբար, դուք պետք է փնտրեք ձեր քաղաքական գործողությունների կանոնները դեմոկրատական կառավարման սկզբունքներում: Բայց որպեսզի մեզանում հիմնվի և ամրապնդվի դեմոկրատիան, որպեսզի հասնենք սահմանադրական օրենքների խաղաղ տիրապետության, հարկավոր է վերջ տալ ազատության պատերազմին տիրանիայի դեմ և հաջողությամբ հաղթահարել հեղափոխական փոթորիկները. այսպիսին է մեր կազմակերպած հեղափոխական համակարգի նպատակը: Դուք պետք է, հետևաբար, դեռ համակերպվեք բուռն հանգամանքներին, որոնցում գտնվում է հանրապետությունը, և արդյունքում` ձեր կառավարման պլանը պետք է պարուրվի հեղափոխական կառավարման ոգով` դեմոկրատիայի ազնիվ սկզբունքների հետ միավորված: 

Եվ այսպես, ո՞րն է կառավարման հիմնական դեմոկրատական կամ ժողովրդական սկզբունքը, այսինքն` ո՞րն է կարևորագույն շարժիչ ուժը, որը պաշտպանում է նրան: Դա առաքինությունն է. ես խոսում եմ հասարակական առաքինության մասին, որն այդքան հրաշքներ է գործել Հունաստանում ու Հռոմում և որը պետք է էլ ավելի զարմանալի հրաշքներ գործի հանրապետական Ֆրանսիայում. ես խոսում եմ այն առաքինության մասին, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ սեր հայրենիքի և օրենքների հանդեպ:

Բայց քանի որ հանրապետության կամ դեմոկրատիայի էությունը հավասարությունն է, դրանից հետևում է, որ հայրենիքի հանդեպ սերը պարտադիր ներառում է նաև սերը հավասարության նկատմամբ:

Ճիշտ է այն, որ այդ մեծ զգացումը ենթադրում է հանրային շահերի նախապատվություն մասնավոր շահերից: Այստեղից բխում է այն, որ հայրենիքի նկատմամբ սերը կամ պայմանավորում, կամ էլ առաջացնում է բոլոր առաքինությունները: Տեսեք, ի՞նչ է առաքինությունը, եթե ոչ ոգու ուժ, որն ընդունակ է այդ զոհողություններին: Եվ ինչպե՞ս կարող է, օրինակ, ժլատության կամ սնափառության ստրուկը զոհաբերել իր կուռքին հանուն հայրենիքի:

Առաքինությունը ոչ միայն դեմոկրատիայի հոգին է, այլ նաև կարող է գոյություն ունենալ միայն կառավարման այդ ձևի պարագայում: Միապետության մեջ ես միայն մի անհատի գիտեմ, որը կարող է սիրել հայրենիքը և որին դրա համար առաքինություն պետք չէ. դա միապետն է: Իմաստն այն է, որ իր պետության բոլոր բնակիչներից միայն միապետը հայրենիք ունի: Մի՞թե նա սուվերեն չէ գոնե փաստացի: Մի՞թե նա չի զբաղեցնում ժողովրդի տեղը: Եվ ի՞նչ է հայրենիքը, մի՞թե դա այն երկիրը չէ, որի քաղաքացին ես դու և որտեղ ներկայացնում ես գերագույն իշխանությունը:

Այս սկզբունքի հետևանքներից մեկն այն է, որ արիստոկրատիայի պետություններում հայրենիք բառն ինչ-որ իմաստ ունի միայն սուվերեն իշխանություն գրաված պատրիկների ընտանիքների համար:

Միայն դեմոկրատիայի պայմաններում պետությունն իսկապես նրա մաս կազմող բոլոր անձանց հայրենիքն է և որտեղ այն կարող է իր գործի համար շահագրգիռ այնքան պաշտպաններ հաշվել, որքան քաղաքացի ունի: Այսպիսին է ազատ ժողովուրդների գերազանցության աղբյուրը այլ ժողովուրդների նկատմամբ: Եթե Աթենքն ու Սպարտան հաղթանակ տարան Ասիայի տիրանների, իսկ Շվեյցարիան` Իսպանիայի ու Ավստրիայի տիրանների նկատմամբ, ապա դրա համար այլ պատճառ որոնելու հարկ չկա:

Բայց ֆրանսիացիներն առաջին ազգն են աշխարհում, որ իսկապես դեմոկրատիա հաստատեցին` բոլոր մարդկանց կոչելով հավասարության և քաղաքացու բոլոր իրավունքների կիրառման: Սա է, իմ կարծիքով, իսկական պատճառը, որ հանրապետության դեմ լիգա կազմած բոլոր տիրանները պարտվեն:

Այդ ժամանակվանից սկսած` մենք կարող ենք ներկայացված սկզբունքներից կարևոր հետևություններ անել:

Քանի որ հանրապետության հոգին առաքինությունը, հավասարությունն են և ձեր նպատակն այն է, որ հիմնեք և ամրապնդեք հանրապետությունը, ուստի հարկ է ձեր քաղաքական վարքագծում նախ և առաջ ձեր գործողություններն ուղղորդել հավասարության պահպանմանը և առաքինության խորացմանը, քանի որ օրենսդրի առաջին հոգսը պետք է լինի կառավարման սկզբունքի ամրապնդումը: Այսպիսով, այն ամենը, ինչ առաջ է բերում սեր հայրենիքի հանդեպ, մաքրում է բարքերը, վսեմացնում հոգիները, մարդկային սրտի կրքերն ուղղում դեպի հասարակական շահերը, պետք է ընդունվեն և հաստատվեն ձեր կողմից: Այն ամենը, ինչ կենտրոնանում է նսեմ անձնական բառի մեջ, առաջ բերում հակում ճղճիմ գործերի և արհամարհանք խոշորների հանդեպ, պետք է դեն նետվի կամ արմատախիլ արվի ձեր կողմից: Ֆրանսիական հեղափոխության համակարգում այն, ինչ առաքինի և խելամիտ չէ, այն, ինչ անբարո է, այդ ամենը հակահեղափոխական է: Թուլությունը, արատները, նախապաշարմունքները թագավորական իշխանության ճանապարհն են: Չափից ավելի հաճախ գտնվելով մեր հին սովորությունների և մարդկային թուլության աննկատելի հակման բեռի ճնշման տակ, տարված կեղծ գաղափարներով և վախվորած զգացումներով` մենք պետք է ավելի քիչ պաշտպանվենք հավելյալ էներգիայից, քան թուլության ավելցուկից: Գուցե ամենամեծ վտանգը, որից մենք պետք է խուսափենք, ոչ թե բուռն ջերմեռանդությունն է, այլ ավելի շուտ` գարշանքը բարության հանդեպ և վախը մեր սեփական համարձակությունից: Անդուլ բարձր պահեք հանրապետական կառավարման սուրբ զենքը և թույլ չտաք, որ այն ընկնի: Ես կարիք չունեմ ասելու, թե չեմ ուզում այստեղ արդարացնել ինչ-որ չարաշահում. չարաշահում են ամենասրբազան սկզբունքները, և կառավարության իմաստնությունից է կախված, թե երբ է պետք հաշվի նստել հանգամանքների հետ, երբ` որսալ պահը, ինչ միջոցներ ընտրել: Չէ՞ որ միջոցը, որով պատրաստում են մեծ գործերի իրականացումը, այն տաղանդի էական մասն է, որով կատարվում են այդ գործերը, ճիշտ այնպես, ինչպես իմաստնությունն ինքը առաքինության մի մասն է:

Մենք չենք պատրաստվում ֆրանսիական հեղափոխությանը տալ սպարտական հանրապետության ձևը, մենք չենք ուզում նրան ոչ վանական խստություն հաղորդել, ոչ վանական անբարոյություն: Մենք ձեզ իր ողջ մաքրությամբ ներկայացրինք ժողովրդական կառավարման ողջամիտ սկզբունքը: Դուք, հետևաբար, կողմնացույց ունեք, որը կարող է ձեզ առաջնորդել կրքերի ամեն տեսակ փոթորիկների միջով և ձեզ շրջապատող դավադրությունների մրրկի միջով. դուք փորձաքար ունեք, որով կարող եք ստուգել ձեր բոլոր օրենքները, ձեր արած բոլոր առաջարկությունները: Դրանք մշտապես համեմատելով այդ սկզբունքի հետ` դուք այսուհետ կարող եք խուսափել մեծ հավաքների համար սովորական վտանգից, վտանգից, որ տեղի է ունենում անսպասելիությունից և իրար հետ չկապված ու հակասական հապճեպ միջոցներից: Դուք կարող եք ձեր գործողություններին միասնություն, իմաստնություն և արժանավորություն հաղորդել, որոնք պետք է ավետեն աշխարհում առաջին ժողովրդի ներկայացուցիչները:  

Կարիք չկա մանրամասն նկարագրել, թե ինչպիսին կլինեն դեմոկրատիայի սկզբունքի հետևանքները. այս պարզ ու բեղմնավոր սկզբունքը, ինքնին, արժանի է զարգանալու:

Հանրապետական առաքինությունը կարող է դիտարկվել ժողովրդի և կառավարության նկատմամբ. այն պետք է և´ մեկի, և´ մյուսի դեպքում: Եթե կառավարությունը զուրկ է այդ առաքինությունից, այն մնում է որպես ռեսուրս ժողովրդի մեջ, բայց երբ ինքը` ժողովուրդն է անբարո, ազատությունն արդեն վախճանված է...

ԱԴՈԼՖ ՀԻՏԼԵՐ

ԻՄ ՊԱՅՔԱՐԸ (հատվածներ)

ԳՐՎԵԼ Է ԼԱՆԴՍԲԵՐԳ ԲԱՆՏՈՒՄ 1924Թ.

1924թ. ապրիլի 1-ին, համաձայն մյունխենյան դատարանի դատավճռի, ես բանտարկվեցի Լանդսբերգ ամրոցում: Ես ազատ ժամանակ ստացա, որն ինձ թույլ տվեց երկար տարիների անընդմեջ աշխատանքից հետո նստել և գիրք գրել, որը վաղուց արդեն իմ ընկերներն առաջարկում էին գրել և որն ինձ նույնպես օգտակար է թվում մեր շարժման համար: Ես համարձակվեցի երկու հատորում ոչ միայն շարադրել մեր շարժման նպատակները, այլև ներկայացնել դրա զարգացման պատկերը: Նման ձևն ավելի շատ բան կտա, քան մեր ուսմունքի պարզ շարադրանքը:  

Ընդ որում` ես հնարավորություն ստացա շարադրել նաև իմ սեփական զարգացման պատմությունը: Դա անհրաժեշտ էր իմ աշխատանքի և´ առաջին, և´ երկրորդ հատորների համար, քանի որ ինձ պետք էր վերացնել այն զազրելի լեգենդները, որոնք հորինում է հրեական մամուլն ինձ վարկաբեկելու նպատակով: Իմ այս աշխատանքում ես դիմում եմ ոչ թե օտարներին, այլ մեր շարժման այն կողմնակիցներին, ովքեր ամբողջ սրտով նրա հետ են, բայց ովքեր ուզում են այն որքան հնարավոր է խոր և ի մոտո հասկանալ: Ես գիտեմ, որ մարդկանց համակրանքն ավելի հեշտ է շահել բանավոր, քան տպագիր խոսքով: Ամեն մի մեծ շարժում իր վերելքով պարտական է մեծ հռետորներին, այլ ոչ թե մեծ գրողներին: Այնուամենայնիվ, որպեսզի մեր ուսմունքը ավարտուն շարադրանք ստանա, նրա սկզբունքային բովանդակությունը պետք է ամրագրվի գրավոր ձևով: Թող առաջարկվող երկու հատորներն ընդհանուր գործի հիմնաքար ծառայեն:

***

…Հիմա ինձ երջանիկ նախանշան է թվում այն փաստը, որ ճակատագիրն ինձ համար ծննդավայր էր նախատեսել Իննի Բրաունաու փոքրիկ քաղաքը: Չէ՞ որ այդ քաղաքը գտնվում է գերմանական երկու պետությունների սահմանին, որոնց միավորումը համենայնդեպս մեզ` երիտասարդներիս, թվացել և թվում է այն նվիրական նպատակը, որին պետք է հասնել բոլոր միջոցներով: 

Գերմանական Ավստրիան ամեն գնով պետք է վերադառնա գերմանական մեծ մետրոպոլկիայի գիրկը, ընդ որում` բոլորովին էլ ոչ տնտեսական նկատառումներով: Ոչ, ոչ: Եթե անգամ այդ միավորումը տնտեսական տեսակետից աննշան, ավելին, անգամ վնասակար լիներ, այնուամենայնիվ, միավորումն անհրաժեշտ է: Մեկ արյուն, մեկ պետություն: Քանի դեռ գերմանական ժողովուրդը չի միավորել իր բոլոր զավակներին մեկ պետության շրջանակներում, այն բարոյական իրավունք չունի գաղութատիրական ընդլայնման ձգտելու: Միայն այն բանից հետո, երբ գերմանական պետությունն իր սահմաններում կներառի վերջին գերմանացուն, միայն այն բանից հետո, երբ պարզվի, որ այդ Գերմանիան ի վիճակի չէ բավարար չափով կերակրել իր բնակչությանը, առաջ եկող կարիքը ժողովրդին օտար հողեր ձեռք բերելու բարոյական իրավունք կտա: Այդ ժամանակ սուրը սկսում է գութանի դեր կատարել, այդ ժամանակ պատերազմի արյունոտ արցունքները ակոսում են հողը, որը պետք է հանապազօր հացով ապահովի ապագա սերունդներին:

Այսպիսով, հիշատակված փոքրիկ քաղաքն ինձ մեծ խնդրի խորհրդանիշ է թվում:

Բայց այլ առումով էլ է այս քաղաքն ուսանելի մեր դարաշրջանի համար: Ավելի քան 100 տարի առաջ այս աննկատ բույնը ասպարեզ դարձավ այնպիսի իրադարձությունների, որոնք հավերժացրին այն գերմանական պատմության տարեգրություններում: Մեր հայրենիքի ծանրագույն ստորացումների տարում այս քաղաքում հանուն իր դժբախտ, շատ սիրելի հայրենիքի պայքարում հերոսի մահով ընկավ մասնագիտությամբ գրավաճառ, երդվյալ «նացիոնալիստ» և ֆրանսիացիների թշնամի, նյուրնբերգցի Յոհան Պալմը: Նա համառորեն հրաժարվում էր մատնել իր հայրենակիցներին, որոնք թշնամու կարծիքով պետք է կրեին գլխավոր պատասխանատվությունը: Ճիշտ այնպես, ինչպես Լեո Շլյագետերը: Ֆրանսիական իշխանություններին նրա մասին նույնպես զեկուցել էին կառավարական գործակալները: Աուգսբուրգի ոստիկանության տնօրենը տխուր հռչակ էր ձեռք բերել այդ դավաճանությամբ և այդպիսով ստեղծել էր պրն Զևերինգի հովանու ներքո գործող ժամանակակից գերմանական իշխանությունների նախատիպը:

Գերմանացի ժողովրդի նահատակների պատվին ոսկե շողերով լուսավորված այս ոչ մեծ քաղաքում, արյունով բավարական, պետական պատկանելությամբ` ավստրիական այս քաղաքում անցյալ հարյուրամյակի 80-ականների վերջին ապրում էին իմ ծնողները: Հայրս բարեխիղճ պետական պաշտոնյա էր, մայրս զբաղվում էր տնային տնտեսությամբ` հավասար չափով բաշխելով իր սերը մեր բոլորի` իր երեխաների միջև...

…Բազում անգամներ վերընթերցելով հայրական գրադարանի գրքերը` ես ամենից շատ ուշադրություն դարձնում էի զինվորական բովանդակության գրքերի, հատկապես 1870-1871թթ. ֆրանս-պրուսական պատերազմի պատմության ժողովրդական մի հրատարակության վրա: Դա այդ տարիների նկարազարդ ամսագրի երկու հատորներ էին: Այդ հատորները ես սիրով վերընթերցում էի մի քանի անգամ: Շատ ժամանակ չանցավ, և այդ հերոսական տարիների դարաշրջանն ինձ համար դարձավ ամենասիրելին: Այդուհետ ես ամենից շատ երազում էի այն իրերի մասին, որոնք կապված էին պատերազմի և զինվորի կյանքի հետ: 

Բայց այլ առումով էլ դա ինձ համար առանձնապես մեծ նշանակություն ստացավ: Առաջին անգամ իմ մեջ արթնացավ դեռևս ոչ հստակ միտքն այն մասին, թե որն է տարբերությունն այն գերմանացիների միջև, ովքեր մասնակցել են այդ մարտերին և ովքեր հեռու են մնացել այդ ճակատամարտերից: Ինչո՞ւ, հարց էի տալիս ինքս ինձ, Ավստրիան չի մասնակցել այդ մարտերին, ինչո՞ւ հայրս և մյուս բոլորը հեռու են մնացել դրանցից: Մի՞թե մենք նույնպես գերմանացիներ չենք, ինչպես մնացած բոլորը, մի՞թե մենք բոլորս նույն ազգին չենք պատկանում: Այս խնդիրն առաջին անգամ սկսեց թափառել իմ փոքրիկ ուղեղում: Ծածուկ նախանձով ես լսում էի իմ զգուշավոր հարցերի պատասխանները, թե ամեն գերմանացի չէ, որ բախտ ունի պատկանելու Բիսմարկի կայսրությանը:

Ես դա հասկանալ չէի կարող: 

* * *

…Երբ ես հիմա, երկար տարիներ անց, հետ եմ նայում այդ ժամանակներին, միանգամայն հստակ իմ առջև պատկերանում են երկու շատ կարևոր հանգամանք.առաջին. ես նացիոնալիստ դարձա,երկրորդ. ես սովորեցի ուսումնասիրել և հասկանալ պատմությունը:

Հին Ավստրիան «ազգությունների պետություն» էր: Գերմանական կայսրությունում ապրող գերմանացին, ըստ էության, չի կարող կամ գոնե այն ժամանակ չէր կարող պատկերացնել, թե այդ փաստն ինչ նշանակություն ունի ազգությունների այդ պետությունում ապրող յուրաքանչյուրի առօրյա կյանքի համար: Ֆրանս-պրուսական պատերազմում հերոսական բանակների հրաշալի հաղթանակների աղմուկի մեջ գերմաններն աստիճանաբար սկսեցին ավելի օտարվել գերմանական սահմանի այն կողմում ապրող գերմանացիներից, մասամբ սկսեցին անգամ նրանց չհասկանալ: Ավելի ու ավելի հաճախ սկսեցին շփոթել, հատկապես ավստրիական գերմանացիների հետ կապված, քայքայվող կայսրությունը ի բնե առողջ ժողովրդի հետ:

Մարդիկ չէին հասկանում, որ եթե ավստրիական գերմանացիները զտարյուն չլինեին, նրանց ուժը երբեք չէր բավականացնի, որպեսզի այդ չափով իրենց կնիքը դնեն 52 միլիոնանոց պետության կյանքի վրա: Մինչդեռ ավստրիական գերմանացիներն այդ արեցին այնպես, որ Գերմանիայում նույնիսկ կարող էր սխալ պատկերացում ստեղծվել, թե իբր Ավստրիան գերմանական պետություն է: Կամ դա միանգամայն արտասովոր անհեթեթություն է, կամ փայլուն վկայություն հօգուտ 10 միլիոն ավստրիական գերմանացիների: Միայն սակավաթիվ գերմանացիներ քիչ թե շատ պատկերացում ունեին այն լարված պայքարի մասին, որն ընթանում էր Ավստրիայում գերմաներեն լեզվի շուրջ, գերմանական դպրոցի և գերմանական մշակույթի շուրջ: Միայն հիմա, երբ նման տխուր իրողությունները բաժին են ընկել նաև Գերմանիայի միլիոնավոր գերմանացիներին, որոնք ստիպված են կրել օտարերկրյա լուծը և, տենչագին երազելով վերամիավորվել իրենց հայրենիքին, գոնե կարողանալ խոսել իրենց մայրենի լեզվով, միայն հիմա գերմանացի բնակչության լայն շրջանակներում սկսեցին հասկանալ, թե ինչ է նշանակում պայքարել սեփական ազգության համար: Հիմա արդեն շատերը կհասկանան, թե ինչ մեծ դեր են խաղացել ավստրիական գերմանացիները, ովքեր, իրենք իրենց թողնված լինելով, դարեր շարունակ կարողացել են պահպանել գերմանացի ժողովրդի արևելյան սահմանը, կարողացել են երկար և քայքայիչ պայքարում պահպանել գերմանական լեզվական սահմանն այնպիսի դարաշրջանում, երբ գերմանական կայսրությունը շատ էր հետաքրքրվում գաղութներով, բայց շատ քիչ ուշադրություն էր դարձնում սեփական միս ու արյանն իր սեփական սահմաններում:   

Ինչպես ամենուր և ցանկացած պայքարում, այնպես էլ հին Ավստրիայի ներսում հանուն մայրենի լեզվի պայքարում երեք շերտ կար. մարտնչողներ, անտարբերներ և դավաճաններ: Արդեն դպրոցական նստարանից նկատվում էր այս տարբերակումը: Հանուն մայրենի լեզվի պայքարում ամենաբնորոշն ընդհանրապես այն է, որ կրքերն ամենաթեժ ձևով հարվածում են, թերևս, դպրոցական նստարանին, որտեղ էլ հենց աճում է նոր սերունդը...

Ինձ էլ դեռ վաղ պատանի հասակում բաժին ընկավ մասնակցություն ունենալ ազգային պայքարում, որ բռնկվել էր հին Ավստրիայում: Մենք դրամական ֆոնդեր էինք հավաքում, մենք մեր հագուստը զարդարում էինք կապույտ տերեփուկով և սևակարմրաոսկեգույն ժապավեններով, մենք «Deutschland uber alies» էինք երգում ավստրիական հիմնի փոխարեն: Եվ այս ամենը` ի հեճուկս բոլոր արգելքների: Մեր երիտասարդությունն անցնում էր հայտնի քաղաքական դպրոցով արդեն այնպիսի տարիքում, երբ ազգային պետությանը պատկանող երիտասարդ մարդիկ չէին էլ մտածում պայքարին մասնակցելու մասին և իրենց ազգային մշակույթի գանձերից միայն մայրենի լեզվից էին օգտվում: Որ այն ժամանակ անտարբերների շարքին չէի պատկանում, ինքնին հասկանալի է: Ամենակարճ ժամանակամիջոցում ես դարձա մոլեռանդ «դոյչ-նացիոնալ», ինչն այն ժամանակ, բոլորովին էլ նույնը չէր, ինչ այժմ դրվում է այդ կուսակցական հասկացության մեջ: 

Ես այդ ուղղությամբ այնքան արագ էի աճում, որ արդեն 15 տարեկանում հստակ պատկերացում ունեի այն տարբերության մասին, որն առկա էր դինաստիական «հայրենասիրության» և ժողովրդական «նացիոնալիզմի» միջև: Ես արդեն այն ժամանակ վերջինի կողմնակիցն էի:

…Համաշխարհային պատմության դասավանդումը միջնակարգ դպրոցում հիմա էլ շատ ցածր մակարդակի վրա է: Միայն սակավաթիվ ուսուցիչներ են հասկանում, որ պատմության դասավանդման նպատակը երբեք չպետք է լինի պատմական տարեթվերի ու իրադարձությունների անգիր արած անիմաստ կամ մեխանիկական կրկնություն: Բանը բոլորովին էլ այն չէ, թե արդյոք պատանին անգիր գիտի, թե հատկապես որ օրն է տեղի ունեցել այս կամ այն ճակատամարտը, երբ է ծնվել այս կամ այն զորավարը, կամ որ թվականին է այս կամ այն (հիմնականում աննշան) միապետը թագադրվել: Ողորմած Աստված, բանը բոլորովին էլ դա չէ:    

Պատմություն «սովորել»` նշանակում է կարողանալ որոնել և գտնել այն գործոններն ու ուժերը, որոնք պայմանավորել են այս կամ այն իրադարձությունը, որոնք մենք հետո պետք է պատմական իրադարձություն համարենք:

Ընթերցման և ուսանելու արվեստն այս ոլորտում հանգում է հետևյալին. հիշել էականը, մոռանալ ոչ էականը:

Իմ ողջ անձնական ճակատագրի և հետագա ողջ կյանքի մեջ, գուցե, վճռական դեր է խաղացել այն հանգամանքը, որ երջանիկ եմ եղել ունենալու այնպիսի պատմության ուսուցիչ, ով ընդամենը շատ քչերի նման կարողացավ իր դասավանդման հիմքում դնել հենց այս մոտեցումը: Լինց քաղաքի ռեալական ուսումնարանի պատմության այն ժամանակվա ուսուցիչ, դոկտոր Լեոպոլդ Պետչը, ում մոտ ես սովորում էի, այդ սկզբունքի կենդանի մարմնավորումն էր: Բարեհամբույր արտաքինով, բայց վճռական բնավորությամբ այդ ծերուկն իր փայլուն պերճախոսությամբ կարողանում էր մեր ուշադրությունը ոչ միայն գամված պահել դասավանդվող առարկայի վրա, այլև պարզապես գերել մեզ: Հիմա էլ ես սրտի թրթիռով եմ հիշում այդ ալեհեր ուսուցչին, ով իր բոցաշունչ խոսքով հաճախ ստիպում էր մեզ մոռանալ ներկան և ապրել անցյալի մեծագույն իրադարձությունների հրաշալի աշխարհում: Չոր պատմական հիշողությունները նա կարողանում էր վերածել աշխույժ ու գրավիչ իրականության: Հաճախ ենք մենք նրա դասերին հիացմունք ապրել, և քիչ չեն եղել դեպքերը, երբ նրա պատմածից հուզվել ենք արտասվելու աստիճան:  

Մեր երջանկությունն էլ ավելի մեծ էր լինում, երբ այդ ուսուցիչը մատչելի ձևով կարողանում էր, հենվելով ներկայի վրա, մեկնաբանել անցյալը և, հենվելով անցյալի դասերի վրա, եզրահանգումներ անել ներկայի համար: Ավելի, քան մեր մյուս ուսուցիչները, նա կարողանում էր թափանցել արդիականության այն թեժ խնդիրների մեջ, որոնք այն ժամանակ մեր ողջ էությունն էին համակում: Մեր փոքրիկ ազգային ֆանատիզմը նրա համար մեր դաստիարակության միջոց էր: Ավելի հաճախ վկայակոչելով մեր ազգային արժանապատվության զգացումը` նա մեզ բարձրացնում էր էլ ավելի մեծ բարձունքի, քան դրան կարելի էր հասնել որևէ այլ եղանակով: 

Այդ ուսուցիչն ինձ համար պատմությունն ամենասիրելի առարկան դարձրեց: Հակառակ իր սեփական ցանկության` նա արդեն այն ժամանակ ինձ երիտասարդ հեղափոխական դարձրեց:

Իրականում, ո՞վ կարող էր այն ժամանակվա պայմաններում պատմություն ուսանել նման ուսուցչի մոտ և չդառնալ այն պետության թշնամին, որն իր դինաստիայի միջոցով այդքան ճակատագրականորեն էր ազդում ազգի ճակատագրերի վրա:

Ով կարող էր այն ժամանակվա պայմաններում պահպանել դինաստիային հավատարմությունը, որն անցյալում և ներկայում այդքան խայտառակ ձևով դավաճանել էր գերմանացի ժողովրդի շահերը սեփական շահադիտական նպատակներով: 

Մի՞թե մեզ` այն ժամանակ դեռևս բոլորովին պատանիներիս միանգամայն պարզ չէր, որ այդ ավստրիական պետությունը մեր` գերմանացիներիս հանդեպ ոչ մի սեր չի տածում և ընդհանրապես տածել չէր էլ կարող: Համբսբուրգների տան տիրապետության պատմության հետ ծանոթությունը լրացվում էր նաև մեր սեփական ամենօրյա փորձով: Հյուսիսում և հարավում օտարազգի թույնը հոշոտում էր մեր ազգության մարմինը, և անգամ ինքը` Վիեննան, մեր աչքին ավելի ու ավելի էր ոչ գերմանական քաղաք թվում:

Դպրոցում ստացած սերը պատմական մտածողության հանդեպ երբեք չլքեց ինձ իմ ողջ հետագա կյանքում: Պատմության ուսումնասիրումն ինձ համար դառնում է արդիականության պատմական իրադարձությունները, այսինքն` քաղաքականությունը հասկանալու անսպառ աղբյուր: Ես ինձ խնդիր չեմ առաջադրում «սովորել» արդիականությունը, թող որ նա սովորեցնի ինձ...

ԻՈՍԻՖ ՍՏԱԼԻՆ

ՆԱՄԱԿ ՀամԿ(բ)Կ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԳԻՐՔԸ ԿԱԶՄՈՂՆԵՐԻՆ

ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է 1937Թ. ՄԱՅԻՍԻ 6-ԻՆ «ՊՐԱՎԴԱՅՈՒՄ»

Ես կարծում եմ, որ ՀամԿ(բ)Կ պատմության մեր դասագրքերն անբավարար են երեք գլխավոր պատճառներով: Անբավարար են  կամ այն պատճառով, որ դրանք շարադրում են ՀամԿ(բ)Կ պատմությունը երկրի պատմության հետ կապից դուրս, կամ որովհետև սահմանափակվում են պատմելով, պարզապես նկարագրելով իրադարձություններն ու հոսանքների պայքարի փաստերը` չտալով անհրաժեշտ մարքսիստական բացատրություն, կամ էլ որովհետև տառապում են կառուցվածքի անճշտությամբ, իրադարձությունների պարբերականության անճշտությամբ:

Այդ թերություններից ձերբազատվելու համար հեղինակները պետք է հաշվի առնեն մի շարք նկատառումներ:

Հարկավոր է դասագրքի յուրաքանչյուր գլխի (կամ բաժնի) համար որպես նախաբան համառոտ պատմական տեղեկանք տալ երկրի տնտեսական և քաղաքական դրության մասին: Առանց դրա ՀամԿ(բ)Կ պատմությունը ոչ թե պատմություն կլինի, այլ թեթև ու անհասկանալի պատմվածք անցած գործերի մասին:  

Երկրորդ` հարկավոր է ոչ միայն շարադրել այն փաստերը, որոնք ցույց են տալիս ԽՍՀՄ-ում կապիտալիզմի  շրջանում հոսանքների և խմբակցությունների առատությունը կուսակցության և բանվոր դասակարգի շրջանում, այլ նաև մարքսիստական բացատրություն տալ այդ փաստերին` նշելով. ա) մինչհեղափոխական Ռուսաստանում ինչպես նոր, կապիտալիզմի տեսանկյունից ժամանակակից, այնպես էլ հին, մինչկապիտալիստական դասակարգերի առկայությունը, բ) երկրի մանրբուրժուական բնույթը, գ) բանվոր դասակարգի տարատեսակ կազմը` որպես կուսակցությունում և բանվոր դասակարգի մեջ գոյություն ունեցող հոսանքների և խմբակցությունների առատությանը նպաստող պայման: Առանց դրա խմբակցությունների և հոսանքների առատությունն անհասկանալի է մնում:    

Երրորդ` հարկավոր է ոչ միայն պատմվածքի պարզ տոնով շարադրել հոսանքների և խմբակցությունների անողոք պայքարի փաստերը, այլև մարքսիստական բացատրություն տալ այդ փաստերին` նշելով, որ բոլշևիկների պայքարը հակաբոլշևիկյան հոսանքների և խմբակցությունների հետ սկզբունքային պայքար էր հանուն լենինիզմի, որ կապիտալիզմի պայմաններում և ընդհանրապես անտագոնիստական դասակարգերի առկայության պայմաններում ներկուսակցական հակասությունները և տարաձայնությունները անխուսափելին են, որ պրոլետարական կուսակցությունների զարգացումը և ամրապնդումը նշված պայմաններում կարող են տեղի ունենալ միայն այդ հակասությունների հաղթահարման միջոցով, որ առանց հակալենինյան հոսանքների և խմբերի դեմ սկզբունքային պայքարի, առանց դրանց հաղթահարման մեր կուսակցությունն անխուսափելիորեն կվերասերվեր, ինչպես վերասերվեցին II Ինտերնացիոնալի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները, որ չէին ընդունում նման պայքարը: Կարելի կլիներ նաև օգտագործել 1882թ. Էնգելսի գրած հայտնի նամակը Բեռնշտեյնին, որ բերված է ԿԻԳԿ-ի VII ընդլայնված պլենումում իմ ՀամԿ(բ)Կ-ում «Սոցիալ-դեմոկրատական շեղման մասին» կարդացած զեկույցի առաջին գլխում և դրա մեկնությունները: Առանց նման պարզաբանումների` խմբակցությունների և հոսանքների պայքարը ՀամԿ(բ)Կ պատմության մեջ կունենա անհասկանալի խմբակայնության, իսկ բոլշևիկները` անուղղելի և անդադրում թայֆայականների ու կռվազանների տեսք:    

Հարկավոր է, վերջապես, մի ինչ-որ կարգուկանոն մտցնել ՀամԿ(բ)Կ պատմության իրադարձությունների պարբերականության գործի մեջ: Ես կարծում եմ, որ ներքոբերյալ կամ դրա նման սխեման կկարողանար հիմք ծառայել:

Սխեմա

I. Պայքար Ռուսաստանում մարքսիստական, սոցիալ-դեմոկրատական կուսակցության ստեղծման համար: (1883թ. Պլեխանովի «Աշխատանքի ազատագրության խմբի» կազմավորումից մինչև 1900-1901թթ. «Իսկրայի» առաջին համարների լույսընծայումը):

II. Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության կազմավորումը և կուսակցության ներսում բոլշևիկյան և մենշևիկյան խմբակցությունների առաջացումը (1901-1904թթ.):

III. Մենշևիկները և բոլշևիկները ռուս-ճապոնական պատերազմի և ռուսական առաջին հեղափոխության շրջանում (1904-1907թթ.):

IV. Մենշևիկները և բոլշևիկները  Ստոլիպինյան ռեակցիայի շրջանում և բոլշևիկների կազմավորումը որպես ինքնուրույն Սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն (1908-1912թթ.):

V. Բոլշևիկների կուսակցությունը բանվոր դասակարգի վերելքի տարիներին, առաջին իմպերիալիստական պատերազմից առաջ (1912-1914թ.):

VI. Բոլշևիկների կուսակցությունը իմպերիալիստական պատերազմի և ռուսական երկրորդ` փետրվարյան հեղափոխության շրջանում (1914թ. – 1917թ. փետրվար-մարտ):

VII. Բոլշևիկների կուսակցությունը Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության նախապատրաստման և անցկացման շրջանում (1917թ. ապրիլ – 1918թ.):

VIII. Բոլշևիկների կուսակցությունը քաղաքացիական պատերազմի շրջանում (1918-1920թթ.):

IX. Բոլշևիկների կուսակցությունը ժողովրդական տնտեսության վերականգնմանն ուղղված խաղաղ աշխատանքի անցման շրջանում (1921-1925թթ.):

X. Բոլշևիկների կուսակցությունը երկրի սոցիալիստական ինդուստրիալացման համար պայքարում (1926-1929թթ.):

XI. Բոլշևիկների կուսակցությունը գյուղատնտեսության կոլեկտիվացման համար պայքարում (1930-1934թթ.):

XII. Բոլշևիկների կուսակցությունը սոցիալիստական հասարակության շինարարության ավարտման համար պայքարում և նոր Սահմանադրության ընդունումը (1935-1937թթ.):

ՄԱՀԱԹՄԱ ԳԱՆԴԻ

1. Արևելքի և Արևմուտքի միջև անհաղթահարելի պատնեշ գոյություն չունի:

2. Գոյություն չունի այն, ինչ անվանում են արևմտյան կամ եվրոպական քաղաքակրթություն, գոյություն ունի ժամանակակից քաղաքակրթություն, որը զուտ նյութական բնույթ է կրում:

3. Եվրոպայի ժողովուրդները, մինչև նրանց կդիպչեր ժամանակակից քաղաքակրթությունը, ընդհանուր շատ բան ունեին Արևելքի ժողովուրդների հետ և համենայնդեպս` Հնդկաստանի ժողովուրդների հետ, և անգամ ներկայիս եվրոպացիները, որոնց դեռ չի դիպել ժամանակակից քաղաքակրթությունը, անհամեմատ ավելի ընդունակ են խառնվել հնդիկների հետ, քան այդ քաղաքակրթության շառավիղները:

4. Հնդկաստանը կառավարում է ոչ թե բրիտանական ժողովուրդը, այլ ժամանակակից քաղաքակրթությունն իր երկաթուղիների, հեռագրերի, հեռախոսների և ամեն տեսակ գյուտերի օգնությամբ, որոնք փառաբանվում են որպես քաղաքակրթության հաղթանակ:

5. Բոմբեյը, Կալկաթան և Հնդկաստանի այլ գլխավոր քաղաքները բարոյական վարակի իսկական օջախներ են:

6. Եթե բրիտանական իշխանությունը վաղը փոխարինվեր նույն հիմունքների վրա կառուցված հնդկականով, Հնդկաստանը չէր հայտնվի ավելի լավ վիճակում, քան առաջ էր: Տարբերությունը միայն այն կլիներ, որ այն կկարողանար իր մոտ պահել փողերի մի մասը, որոնք այժմ Անգլիա են մղվում: Բայց այդ պարագայում Հնդկաստանը կդառնար Եվրոպայի երկրորդ կամ հինգերորդ հրատարակումը: 

7. Արևելքը և Արևմուտքն իսկապես կարող են միմյանց մոտենալ միայն այն դեպքում, եթե Արևմուտքը գրեթե  ամբողջությամբ հրաժարվի ժամանակակից քաղաքակրթությունից: Նրանք, ըստ երևույթին, կարող են մոտենալ նաև այն դեպքում, եթե Արևելքը յուրացնի ժամանակակից քաղաքակրթությունը: Բայց նման մերձեցումը զինված հաշտություն կլինի, նման այն բանին, ինչ գոյություն ունի Գերմանիայի և Անգլիայի միջև: Այդ երկու ազգերն ապրում են մահվան շեմին և վախենում են, որ հանկարծ մեկը մյուսին կուլ չտա:

8. Եթե որևէ մեկը կամ որևէ կորպորացիա ձեռնարկի կամ պատրաստվի ձեռնարկել ողջ աշխարհի վերափոխումը, ապա դա պարզապես հանդգնություն է: Փորձել իրականացնել դա խիստ արհեստական և հապճեպ շարժման միջոցներով` նշանակում է փորձել իրականացնել անիրականանալին:

9. Որպես ընդհանուր կանոն` նյութական հարմարությունների բարելավումը ոչ մի կերպ իր հետևից բարոյականության խորացում չի բերում:

10. Բժշկական գիտությունը խտացված սև մագիա է. հեքիմությունն անսահմանորեն ավելի լավ է այն բանից, ինչը բարձր բժշկական արվեստ է համարվում:

11. Հիվանդանոցները զենք են, որ կիրառում է սատանան իր նպատակների համար, որպեսզի պահպանի իր իշխանությունն աշխարհի վրա: Դրանք հավերժացնում են արատը, աղքատությունը, վատասերումը և իսկական ստրկությունը: Ես ինձ հունից դուրս մղված էի զգում այն մտքից, որ պետք է ենթարկվեմ բժշկական խնամքի: Մեղք կլիներ, եթե ես ինչ-որ մասնակցություն ունենայի այն գարշելիություններին, որոնք կատարվում են հիվանդանոցներում: Եթե գոյություն չունենային հիվանդանոցներ սեռավարակային հիվանդությունների կամ նույնիսկ թոքախտավորների համար, ապա մեզանում ավելի քիչ կլինեին թոքախտն ու սեռական արատները:

12. Հնդկաստանի փրկությունն այն է, որ գլխից հանի այն ամենը, ինչ սովորել է վերջին հիսուն տարիներին: Երկաթուղիները, հեռագիրը, հիվանդանոցները, փաստաբանները, բժիշկները, այդ ամենը պետք է անհետանա, և այսպես կոչված բարձր դասերը պետք է սովորեն լիակատար ըմբռնմամբ, կրոնական համոզմունքով և ամուր մտադրվածությամբ ապրել գեղջկական հասարակ կյանքով և հասկանալ, որ դա կենարար, իսկական երջանկություն է:

13. Հնդկաստանը պետք է դադարի կրել գործարանային արտադրության գործվածքեղեն, միևնույն է, թե դրանք պատրաստված կլինեն եվրոպական, թե հնդկական ֆաբրիկաներում:

14. Անգլիան կարող է սրանում օգնել Հնդկաստանին և դրանով իսկ կարդարացնի այն, որ տիրել է Հնդկաստանին: Ներկայումս հավանաբար շատ անգլիացիներ արդեն համամիտ են այս կարծիքի հետ:

***

Նման վճռական եզրահանգման եկա` առաջնորդվելով պասիվ դիմադրության իսկական ոգով: Որպես պասիվ դիմադրող` ես չեմ հետաքրքրվում այն հարցով, թե կարող է արդյոք նման հսկայական վերափոխումը կատարվել մարդկանց մեջ, որոնք բավարարություն են գտնում ներկայիս կատաղի մրցավազքում: Եթե ես ճշմարտության եմ հասնում, պետք է ուրախությամբ հետևեմ դրան և չեմ կարող սպասել, մինչև որ ընդհանուր ժողովուրդը դա անի: Բոլոր նրանք, ովքեր այսպես են մտածում, պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն, իսկ մյուսները պետք է հետևեն նրանց, եթե մենք ճիշտ ենք: Տեսությունը տրված է. մեր պրակտիկան պետք է հնարավորինս մոտենա դրան: Ապրելով նման ունայնության պայմաններում` մենք, թերևս, ի վիճակի չենք դուրս գալ այդ խայտառակությունից: Ամեն անգամ, երբ ես երկաթուղային վագոն կամ ավտոբուս եմ մտնում, ես գիտեմ, որ բռնանում եմ ինձ վրա և անում եմ այն, ինչ ճիշտ չեմ համարում: Ես չեմ վախենում այստեղից բխող տրամաբանական հետևանքներից: Ուղևորությունները Անգլիա վատ բան են, օվկիանոսով, արագընթաց նավերով ցանկացած հաղորդակցություն Հարավային Աֆրիկայի և Հնդկաստանի միջև` նույնպես վատ բան է և այլն: Դուք և ես կարող ենք, թերևս, հիմա էլ յոլա գնալ առանց դրա: Բայց գլխավորը ճիշտ տեսություն ստեղծելն է: Դուք կհանդիպեք այստեղ ամեն տեսակ մարդկանց: Ուստի ես կարծում եմ, որ  պետք է ներկայացնեմ ձեզ, թե ինչն եմ համարում գործողությունների առաջադեմ ձև: Եթե դուք ինձ հետ համաձայնեք, ապա ձեր պարտականությունը կլինի ասել հեղափոխականներին և մնացած բոլորին, որ ազատությունը, որին նրանք ձգտում են կամ ենթադրում են, թե ձգտում են, չի կարող ձեռք բերվել սպանությունների և բռնությունների ճանապարհով, որ դրա համար հարկավոր է, որպեսզի նրանք իրենք ճիշտ վարվեն և ընդմիշտ իսկական հնդիկ դառնան: Այդժամ բրիտանացի տիրակալները ծառաներ կլինեն և ոչ թե տերեր: Նրանք կլինեն վստահված անձինք և ոչ թե տիրաններ և կապրեն հաշտ ու համերաշխ Հնդկաստանի ողջ բնակչության հետ: Ուստի, ապագան պատկանում է ոչ թե բրիտանական ռասային, այլ իրենց` հնդիկներին, և եթե նրանք բավականաչափ ինքնահրաժարում և ինքնազսպում ունենան, նրանք կկարողանան ազատագրվել թեկուզև անհապաղ, և եթե մենք Հնդկաստանում յուրացնենք այն պարզ կենսակերպը, որը դեռ բավական լայնորեն տարածված է մեզանում և որն ամբողջությամբ տիրապետող էր տակավին վերջերս, ապա հնդկացիներից և եվրոպացիներից լավագույնները դեռ կարող են միմյանց հետ հարաբերություններ պահպանել Հնդկաստանի ողջ տարածքում և գործել որպես խմորիչ: Երբ արագ տեղաշարժման միջոցներ չկային, ուսուցիչները և քարոզիչները ոտքով էին անցնում երկրի մի ծայրից մյուսը` անտեսելով վտանգները, և դա անում էին ոչ թե հաճույքի, ոչ թե առողջության ամրացման (թեև դրան ես հասել եմ ոչ թափառական կյանքի միջոցով), այլ մարդկության բարօրության համար: Այդ ժամանակ Բենարեսը և այլ վայրեր, ուր ուղևորվում էին ուխտագնացները, սրբազան քաղաքներ էին, իսկ հիմա դա ինչ-որ զզվելի բան է:     

Դուք կմտաբերեք, որ ատում էիք ինձ այն բանի համար, որ երեխաներիս հետ հուջարաթիով էի խոսում: Հիմա ես ավելի ու ավելի եմ համոզվում, որ անվերապահորեն ճիշտ էի, երբ հրաժարվեցի նրանց հետ խոսել անգլերեն: Լա՞վ է, երբ մի հուջարաթ մյուսին գրում է անգլերենով, այն լեզվով, որով, ինչպես արդարացիորեն կարող եք նկատել, վատ արտասանությամբ է խոսում և գրում է քերականական սխալներով: Ես, իհարկե, երբեք նման ծիծաղելի սխալներ չեմ անում, երբ գրում եմ հուջարաթիով, որոնք կանեի` խոսելով և գրելով անգլերեն: Ես կարծում եմ, որ երբ հնդիկի կամ օտարերկրացու հետ խոսում եմ անգլերեն, ինչ-որ չափով փչացնում եմ իմ լեզուն: Եթե ես ուզում եմ սովորել այն ինչպես հարկն է, նրան վարժեցնել ականջս, ապա կարող եմ դրան հասնել միայն խոսելով անգլիացու հետ և լսելով, թե ինչպես են խոսում անգլիացիները:

***

Ես ինձ համարում եմ Բրիտանական կայսրության համախոհը, Տրանսվաալի քաղաքացի (թեև չեմ օգտվում ընտրական իրավունքից) և պատրաստ եմ լիարժեք մասնակցություն ունենալ երկրի ընդհանուր բարօրությանն օժանդակելուն: Բայց ես վերոշարադրյալ մտքերի հետ միանգամայն արժանի և համատեղելի եմ համարում խորհուրդ տալ իմ հայրենակիցներին չենթարկվել, որպես իրենց արժանապատվության համար նսեմացուցիչ և իրենց կրոնի համար` վիրավորական,  ասիական օրենքին: Եվ ես պնդում եմ նաև, որ պասիվ դիմադրությունը` որպես չարի դեմ պայքարի պասիվ միջոց, ամենահասարակն է և ամենահուսալին, քանի որ եթե գործն անարդար է, ապա կտուժեն միայն դիմադրողները: Ես լրիվ հասկանում եմ, թե ինչ վտանգ է սպառնում լավ կառավարությանը մի երկրում, որը բնակեցված է զարգացման ոչ միանման աստիճան ունեցող տարբեր ռասաներով, եթե անհատ քաղաքացին խորհուրդ է տալիս դիմադրություն ցույց տալ երկրի օրենքներին:

Բայց ես հրաժարվում եմ հավատալ օրենսդիրների անսխալականությանը: Ես կարծում եմ, որ երբ գործը վերաբերում է խորհրդարանում ներկայացուցչություն չունեցող դասերին, նրանք միշտ չէ, որ առաջնորդվում են ազնիվ կամ գոնե արդարացի մղումներով: Ես ինձ թույլ կտամ նույնիսկ ասել, որ եթե պասիվ դիմադրությունն ընդունվի բոլորի կողմից, ապա դրանով մեկընդմիշտ կվերանա ոչ թե կենաց, այլ մահու ահավոր պայքարի հնարավորությունը, արյունահեղության հնարավորությունն այն (միանգամայն հնարավոր) դեպքում, եթե տեղաբնիկները հուսահատության հասցվեն մեր օրենսդիրների անհեթեթ սխալների պատճառով:

Ասում են, թե ում օրենքները դուր չեն գալիս, կարող են լքել երկիրը: Դա լավ է ասել փափուկ բազկաթոռին բազմած, բայց մարդկանց համար անհնար է և անհարմար թողնել իրենց տները միայն այն բանի համար, որ համաձայն չեն իրենց դեմ ստեղծված որոշ օրենքների հետ: Բուրերի ռեժիմի օրոք նրանց, ովքեր դժգոհում էին խիստ օրենքներից, նույնպես առաջարկում էին հեռանալ երկրից: Մի՞թե իրենց արժանապատվությունը պահող հնդիկները պարտավոր են հեռանալ երկրից, որպեսզի բանտ կամ մի ավելի վատ բանի մեջ չընկնեն: Եթե ինձնից կախված լիներ, ապա ոչինչ, բացի բիրտ ուժի կիրառումը, չէր ստիպի հնդիկներին լքել այս երկիրը: Քաղաքացին չպետք է կուրորեն հնազանդվի օրենքներին, որոնք նրա համար են սահմանվում: Եթե իմ հայրենակիցները հավատում են աստծուն և հոգու գոյությանը, ապա ընդունելով, որ մարմնով պատկանում են պետությանը և կարող են բանտարկվել ու արտաքսվել, բանականությամբ, կամքով, հոգով նրանք միշտ ազատ կլինեն ինչպես թռչուն և անհասանելի ամենասրընթաց նետի համար: 

ԲԵՆ ՀՈՒՐԻՈՆ

Արտաքին քաղաքականությունը և պաշտպանական քաղաքականությունը նույն նպատակին են ծառայում: Եթե պարզաբանումները չեն օգնում, ուժի են դիմում: Ուժը միայն բանակը չէ, այլ նաև քաղաքական իրականության ստեղծման հնարավորությունը...

Երբ պետությունը հռչակվեց, նրա առջև երեք խնդիր ծառացան. սահմանների խնդիրը, փախստականների խնդիրը և Երուսաղեմի խնդիրը: Դրանցից ոչ մեկը չի լուծվել և չի լուծվելու համոզման ճանապարհով: Դրանց լուծմանը կարող է նպաստել միայն քաղաքական փոփոխությունների անշրջելիության ընդունումը: 1948թ. ամռանը մենք խափանեցինք Բերնադոտի պլանը հարավային կամպանիայի օգնությամբ: Մենք զավթեցինք Բեեր Շևուն ՄԱԿ-ի և անվտանգության խորհրդի կարծիքին հակառակ: Նույնը վերաբերում է նաև Յաֆոյին, Լոդին, Ռամլային և Արևմտյան Գալիլեային: Փախստականների խնդիրը նույնպես կլուծվի փաստերի ուժով, այն է` նրանց վերադարձն արգելելով: Այս հարցում մեր դիրքորոշման արդարացիությունը բացատրելն ամենադժվարն է լինելու: Այս երեք խնդիրների լուծման մեջ անշրջելի քաղաքական իրականության ստեղծումը գերակայում է համոզման քաղաքականության նկատմամբ, և պետք է անել այն, ինչ պետք է` չվախենալով, թե դա առաջ կբերի զայրույթ մեր դեմ և կհանգեցնի աշխարհի թշնամական ռեակցիային:

22 հուլիսի1950թ.

Ես գիտեմ, որ տարբերություն կա հարգարժան թերթի տերերի ու հեղինակների և Կիներեթի ձկնորսների միջև: Թերթի տերը կրթված մարդ է, հայտնի ընտանիքից, նշանավոր բիզնեսմեն, իսկ Կիներեթի ձկնորսները հասարակ աշխատավոր մարդիկ են, որ Կիներեթի ջրերում հոգում են իրենց ապրուստը ծանր աշխատանքով: Բայց իսրայելյան կառավարությունը պարտավոր է պաշտպանել նաև հասարակ ձկնորսի կյանքը, որն ազնվորեն կատարում է իր աշխատանքը, և ապահովել իր սուվերեն իրավունքները Կիներեթում ոչ պակաս չափով, քան Թել Ավիվում...

Որոշ մարդիկ, որ փորձում են հանրային կարծիք ձևավորել Թել Ավիվի իրենց բարեկեցիկ բնակարաններից, չեն հասկանում տարրական և, գուցե, ողբերգական ճշմարտությունը. առանց Իսրայելի սահմանների էֆեկտիվ պաշտպանության անվտանգություն չի լինի նաև Թել Ավիվի բնակիչների համար...

Մենք բոլորս, երկրի բոլոր բնակիչներս, Մեթուլից մինչև Էյլաթ, մի նավակի մեջ ենք նստած, և մեր բոլորի ճակատագիրը նույնն է:

2 հունվարի 1956թ.

ՖԻԴԵԼ ԿԱՍՏՐՈ

ԼՈՒԼԱ (հատվածներ)

2008թ. հունվար

Ինչպե՞ս է զարգացել հեղափոխական գործընթացը Կուբայում: Վերջին շաբաթներին մեր մամուլում բավական շատ են գրել այդ փուլի տարբեր դրվագների մասին: Նշվում են տարբեր պատմական թվականներ և կլոր տարեթվեր, երբ թվերն ավարտվում են հինգով կամ տասով: Դա արդարացի է, բայց մենք պետք է խուսափենք այն բանից, որ յուրաքանչյուր տպագիր օրգանում կամ համապատասխան ծրագրում դրանց չափանիշների հիման վրա նկարագրված այդքան փաստերի հանրագումարում մենք ի վիճակի չեղանք տեսնել դրանք մեր Հեղափոխության պատմական զարգացման համատեքստում, չնայած մեր հոյակապ վերլուծաբանների ջանքերին:

Ինձ համար միասնություն նշանակում է համակարծիք լինել մարտերի, վտանգների, զոհերի, խնդիրների, գաղափարների, հայեցակարգերի ու ռազմավարությունների շուրջ, ինչին հանգում են քննարկումների և վերլուծությունների ճանապարհով: Միասնություն նշանակում է ընդհանուր պայքար անեքսիոնիստների, հայրենիքի դավաճանների և կոռումպացված անձանց դեմ, ովքեր ոչ մի ընդհանուր բան չունեն հեղափոխական մարտիկի հետ: Ես միշտ նկատի եմ ունեցել հենց այդ միասնությունը. համախմբվածությունը անկախության գաղափարի շուրջ և Ամերիկայի ժողովուրդների վրա հարձակված կայսրության դեմ: Մի քանի օր առաջ ես կրկին կարդացի այդ մասին, երբ «Գրանման» հրապարակել էր այդ հատվածը մեր ընտրությունների նախօրեին, իսկ «Խուվենտուդ Ռեբելդեն» ֆաքսիմիլեի ձևով վերատպել էր այդ գաղափարին վերաբերող` իմ ձեռքով գրված տեքստը:

Միասնության հին, մինչհեղափոխական կարգախոսը ոչ մի ընդհանուր բան չունի այս հայեցակարգի հետ, քանի որ մեր երկրում այսօր չկան քաղաքական իշխանության ձգտող քաղաքական կազմակերպություններ: Մենք պետք է խուսափենք նրանից, որ մարտավարական չափանիշների հսկայական ծովում տարրալուծվեն ռազմավարական ուղղությունները և հորինվեն գոյություն չունեցող իրավիճակներ:

Միացյալ Նահանգների կողմից օկուպացված երկրում, անկախության համար իսպանական վերջին գաղութի միայնակ պայքարի թեժ պահին, եղբայրական Պուերտո Ռիկոյի հետ միասին («դրանք նույն թռչնի երկու թևերն են»), ազգային զգացումները շատ խորն էին:

***

Խուլիո Անտոնիո Մելյան` Կոմունիստական կուսակցության հիմնադիրը Բալինյոյի հետ միասին, ով գիտեր Մարտիին և նրա հետ միասին ստեղծել էր կուսակցությունը, որը պետք է Կուբան բերեր անկախության, բարձրացրեց դրոշը, Հոկտեմբերյան հեղափոխությամբ ծնված խանդավառություն հաղորդեց դրան և այդ գործին նվիրեց հեղափոխական գաղափարներով տոգորված երիտասարդ մտավորականի իր արյունը: Տասնութ տարի անց կոմունիստ Խեսուս Մենենդեսի արյունը միախառնվեց Մելյայի արյանը:

Մենք` դեռահասներս և երիտասարդներս, որ սովորել ենք մասնավոր դպրոցներում, անգամ չէինք էլ լսել Մելյայի անունը: Մեր պատկանելությունն այն դասին կամ սոցիալական խմբին, որն ավելի  մեծ եկամուտներ ուներ, քան մնացյալ բնակչությունը, մեզ դատապարտել էր լինել եսասեր և հասարակության շահագործող մասը ներկայացնող մարդկային էակներ:

Ես արտոնություն եմ ունեցել Հեղափոխություն գալ գաղափարների ճանապարհով, խուսափել ձանձրալի ճակատագրից, որին դատապարտել էր ինձ կյանքը: Ուրիշ անգամներ ես բացատրել եմ, թե ինչու է այդպես պատահել: Այժմ ես հիշում եմ այդ մասին միայն այն համատեքստում, որ գրում եմ:

Ատելությունը Բատիստայի նկատմամբ իր բռնությունների և հանցագործությունների համար այնքան մեծ էր, որ ոչ ոք չնկատեց այն գաղափարները, որոնք ես արտահայտում էի Սանտյագո դե Կուբայի դատարանում արտասանած իմ պաշտպանական խոսքում, երբ մարտիկների իրերի մեջ գտել էին անգամ ԽՍՀՄ-ում հրատարակված Լենինի գիրքը (այն ձեռք էր բերվել շնորհիվ այն վարկի, որից օգտվում էի Ժողովրդա-սոցիալիստական կուսակցության գրախանութում, Հավանայի Կառլոս III-ի պողոտայում): «Ով Լենին չի կարդում, տգետ է»,- նետել էի նրանց երեսին հարցաքննության ժամանակ, դատավարության առաջին նիստերին, երբ այդ փաստն առաջ էին քաշում որպես մեղքի բաղկացուցիչ: Ինձ դատեցին ողջ մնացած մյուս բանտարկյալների հետ միասին:

Չի կարելի լավ հասկանալ այն, ինչ ես պնդում եմ, եթե հաշվի չառնվի, որ այն պահին, երբ 1953թ. հուլիսի 26-ին գրոհում էինք «Մոնկադան» (այդ գործողությունն իրականացվեց շնորհիվ մեկ տարուց ավելի տևած կազմակերպչական ջանքերի, ընդ որում` մենք մեզնից բացի ոչ մեկի վրա հույս չունեինք), Խորհրդային Միությունում գերիշխում էր Ստալինի քաղաքականությունը, որ հանկարծակի մահացել էր մի քանի ամիս առաջ: Նա ազնիվ ու հավատարիմ կոմունիստ էր, ով հետագայում ծանր սխալներ գործեց, որոնք նրան բերեցին չափազանց կոնսերվատիվ և զգուշավոր դիրքորոշումների: Եթե այնպիսի հեղափոխությունը, ինչպիսին մերն է, այն ժամանակ հաջողություն ունենար, Խորհրդային Միությունը հանուն Կուբայի չէր անի այն, ինչ արեց հետո խորհրդային ղեկավարությունը, որ արդեն ազատագրվել էր մութ, գաղտնի մեթոդներից և ոգևորությամբ էր ընդունել մեր երկրում իրականացված սոցիալիստական հեղափոխությունը: Ես դա լավ  հասկացա, չնայած արդարացիորեն քննադատել էի Խրուշչովին չափից ավելի հայտնի փաստերի համար:      

Խորհրդային Միությունն ուներ ամենահզոր բանակը Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած կողմերի մեջ, միայն թե այն զտման էր ենթարկվել և զորացրվել էր: Նրա հրամանատարը թերագնահատել էր Հիտլերի սպառնալիքներն ու ռազմաշունչ տեսությունները: Հենց Ճապոնիայի մայրաքաղաքից խորհրդային հետախուզության կարևոր ու հեղինակավոր գործակալը նրան հաղորդում էր 1941թ. հունիսի 22-ի հարձակման անխուսափելիության մասին: Այն երկիրը հանկարծակիի բերեց, երկիրը մարտական պատրաստության մեջ չէր: Շատ սպաներ արձակուրդում էին: Անգամ առանց զորամասերի ամենափորձառու հրամանատարների, որոնց աստիճանազրկել էին, եթե զորքերը նախազգուշացված լինեին և գործի դրվեին, նացիստներն առաջին իսկ պահից կբախվեին հզոր ուժերի հետ և երկրի վրա չէին ոչնչացնի մարտական ավիացիայի զգալի մասը: Ավելի վատն այն էր, որ զտումն անսպասելի էր: Խորհրդային զինվորները չէին հանձնվում, երբ նրանց ասում էին թիկունքում թշնամական տանկերի մասին, ինչպես արել էին կապիտալիստական Եվրոպայի մյուս բանակները: Ամենածայրահեղ պահերին, երբ ջերմաստիճանը ցածր էր զրոյից, սիբիրցի հայրենասերները գործի դրեցին ռազմական գործարանների հաստոցները, որոնք Ստալինը հեռատեսորեն փոխադրել էր խորհրդային տարածքի խորքերը: 

Ինչպես ինձ պատմել են իրենք` Խորհրդային Միության ղեկավարները, երբ ես այցելել էի այդ մեծ երկիր 1963թ. ապրիլին, ռուս հեղափոխական մարտիկները (կոփված օտարերկրյա ինտերվենցիայի դեմ պայքարում, երբ զորքեր էին նետվել բոլշևիկյան հեղափոխության դեմ պայքարելու համար, որից հետո այն հայտնվեց շրջափակման և մեկուսացման մեջ) կապեր հաստատեցին և փորձի փոխանակում սկսեցին պրուսական միլիտարիստական ավանդույթի հետնորդ, Վերսալի պայմանագրով (որով վերջ դրվեց Առաջին համաշխարհային պատերազմին) նսեմացման ենթարկված գերմանացի սպաների հետ:

СС-ի հետախուզական ծառայություններն այնպես կազմակերպեցին, որ դավադրություններ սկսվեցին նրանցից շատերի դեմ, ովքեր մեծ մասամբ հավատարիմ էին Հեղափոխությանը: Հիվանդագին դարձած անվստահությունից մղված` Ստալինը Հայրենական մեծ պատերազմին նախորդող տարիներին ոչնչացրեց 5 մարշալներից 3-ին, բանակի 15 հրամանատարներից 13-ին, 9 ծովակալներից 8-ին, կորպուսի 57 գեներալներից 50-ին, դիվիզիայի 186 գեներալներից 154-ին, բանակային կոմիսարների 100 տոկոսին և Խորհրդային Միության բանակի կորպուսի 28 կոմիսարներից 25-ին: 

Այս ծանր սխալները հանգեցրին նրան, որ Խորհրդային Միությունը հսկայական ավերածությունների ենթարկվեց և ունեցավ ավելի քան 20 միլիոն զոհվածներ, ոմանք հավաստիացնում են, որ այդ թիվը 27 միլիոն է:

1943թ. ուշացումով ձեռնարկվեց նացիստների վերջին գարնանային հարձակումը հայտնի ու գայթակղիչ Կուրսկի աղեղի ուղղությամբ, որին մասնակցեցին 900 հազար զինվոր, 2700 տանկ և 2000 ինքնաթիռ: Խորհրդային հրամանատարությունը, իմանալով թշնամու հոգեբանությունը, ծուղակ սարքեց և սպասում էր անխուսափելի հարձակմանը` ունենալով մեկ միլիոն երկու հարյուր հազար մարտիկ, 3300 տանկ, 2400 ինքնաթիռ և 20.000 հրանոթ: Ժուկովի և հենց Ստալինի ղեկավարությամբ Հիտլերի վերջին հարձակումը խափանվեց:

1945թ. խորհրդային զինվորներն անկասելիորեն առաջ էին շարժվում, մինչև որ գրավեցին բեռլինյան ռեյխստագը, որի գմբեթին կանգնեցրին այդքան զոհերի արյունով ներկված կարմիր դրոշը:

***

1918թ. Վերսալում, պարտված գերմանական պետության (որտեղ հանրապետական համակարգ հաստատվեց)  հանդեպ մտցված խիստ միջոցների արդյունքում, գերմանական մարկն այնքան արժեզրկվեց, որ տասնյակ հազարավոր մարկեր էին անհրաժեշտ մեկ դոլար գնելու համար: Այդ ճգնաժամը պարարտ միջավայր հանդիսացավ գերմանական նացիոնալիզմի համար և նպաստեց Հիտլերի աբսուրդ գաղափարների առաջացմանը: Վերջինս սկսեց մեղավորներ փնտրել: Տաղանդավոր գիտնականներից, գրողներից և ֆինանսիստներից շատերը հրեա էին: Նրանց սկսեցին հետապնդել: Նրանց թվում էր Էյնշտեյնը` այն տեսության հեղինակը, ըստ որի` էներգիան հավասար է մասսային` բազմապատկած լույսի արագության քառակուսով, ինչը նրան հանրահռչակ դարձրեց: Մարքսը նույնպես, որ ծնվել էր Գերմանիայում, և ռուս կոմունիստներից շատերը հրեական ծագում ունեին` անկախ նրանից` հուդայականություն էին դավանում, թե ոչ:

Հիտլերը մարդկային դրամայի համար մեղադրում էր ոչ թե կապիտալիստական համակարգը, այլ հրեաներին: Նա առաջ էր մղվում կոպիտ նախապաշարմունքներից, իսկ իրականում ուզում էր ձեռք բերել «ռուսական կենսատարածքն» իր բարձրագույն գերմանական ռասայի համար` երազելով վեր բարձրացնել նրա հազարամյա կայսրությունը:

Բալֆուրի հռչակագրի միջոցով անգլիացիները որոշեցին 1917թ. իրենց գաղութային կայսրությունում ստեղծել Իսրայելի պետությունը մի տարածքում, որը բնակեցված էր պաղեստինցիներով` մարդիկ, ովքեր այլ կրոն ու մշակույթ ունեին, ովքեր դարեր շարունակ մեր թվարկությունից առաջ ապրել էին այդ հողերում այլ ժողովուրդների հետ միասին, այդ թվում և հրեաների: Սիոնիզմը մեծ տարածում ստացավ ամերիկացիների շրջանում, ովքեր արդարացիորեն ատում էին նացիստներին և որոնց ֆինանսական բորսաները վերահսկվում էին այդ շարժման ներկայացուցիչների կողմից: Այդ պետությունն այսօր կիրառում է ապարտեիդի սկզբունքները, տիրապետում է ժամանակակից միջուկային զենքի և վերահսկում է Միացյալ Նահանգների խոշորագույն ֆինանսական կենտրոնները: Այն այդ երկրի և եվրոպական դաշնակիցների կողմից օգտագործվում էր ապարտեիդի մեկ այլ ռեժիմի` Հարավային Աֆրիկային միջուկային զենք մատակարարելու համար, որպեսզի այն կիրառվի Անգոլայի հարավում ռասիստների դեմ մարտնչող կուբայական ինտերնացիոնալիստ մարտիկների դեմ, եթե նրանք անցնեին Նամիբիայի սահմանը: 

***

Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց (դա մեզ համար հավասարազոր էր այն բանին, ասես արևը չի ծագելու), Կուբայական հեղափոխությանը ջախջախիչ հարված հասցվեց: Դա արտահայտվեց ոչ միայն վառելիքի, նյութերի և սննդամթերքի մատակարարման լիակատար դադարեցմամբ. մենք կորցրինք շուկաներ և գներ, որոնց հանուն ինքնիշխանության, ինտեգրման և սկզբունքների պայքարում հասել էինք մեր ապրանքների համար: Կայսրությունը և ատելությամբ լի դավաճանները դանակներն էին սրում, որոնցով պատրաստվում էին մորթել հեղափոխականներին և իրենց վերադարձնել երկրի հարստությունները:  

Համախառն ներքին արդյունքն սկսեց անշեղորեն նվազել և հասավ 35 տոկոսի: Ո՞ր երկիրը կարող էր հաղթահարել այս ահավոր հարվածը: Մենք պաշտպանում էինք ոչ մեր կյանքը, մենք պաշտպանում էինք մեր իրավունքները:

Շատ ձախ կուսակցություններ և կազմակերպություններ վհատվեցին Խորհրդային Միության տապալման պատճառով, սոցիալիզմ կառուցելու նրա ավելի քան 70-ամյա տիտանական ջանքերից հետո:

Ռեակցիոներների` բոլոր ամբիոններից և զանգվածային լրատվամիջոցներից հնչող քննադատությունը դաժան էր: Մենք չմիացանք կապիտալիզմի ջատագովների երգչախմբին, որ ընկած ծառը տաշեղների էր վերածում: Կուբայում մարքսիզմի առաջնորդների և ոչ մի հուշարձան դեն չնետվեց: Ոչ մի դպրոց կամ գործարան անունը չփոխեց: Եվ մենք որոշեցինք անսասան հաստատունությամբ շարունակել առաջ շարժվել: Այսպես խոստացանք այնքան հիպոթետիկ և անհավանական հանգամանքներին: 

Մեր երկրում երբեք անհատի պաշտամունք չի կիրառվել, որն արգելված է եղել մեր սեփական նախաձեռնությամբ, հաղթանակից հետո առաջին իսկ օրերից:

Ժողովուրդների պատմության մեջ սուբյեկտիվ գործոններն արագացրել կամ հետաձգել են հանգուցալուծումը` անկախ առաջնորդների վաստակից:

Ես ասում էի Լուլային Չե Գևարայի մասին` հակիրճ ներկայացնելով նրա կյանքի պատմությունը: Նա վիճում էր Կառլոս Ռաֆայել Ռոդրիգեսի հետ տնտհաշվարկի համակարգի և բյուջետային մեթոդի մասին, ինչին մենք մեծ ուշադրություն չէինք դարձնում, քանի որ այն ժամանակ զբաղված էինք ամերիկյան շրջափակման դեմ պայքարով, ագրեսիվ պլաններով և 1962թ. հոկտեմբերի միջուկային ճգնաժամով, որոնք գոյատևման իրական խնդիրներ էին:

Չեն ուսումնասիրել էր ամերիկյան խոշոր ընկերությունների բյուջեները, որոնց ղեկավար կադրերը, բայց ոչ սեփականատերերը, ապրում էին Կուբայում: Նա հստակ պատկերացում էր կազմել իմպերիալիստական գործառնությունների և այն մասին, թե ինչ է տեղի ունեցել մեր հասարակությունում. պատկերացում, որը հարստացրեց նրա մարքսիստական մոտեցումներն ու հանգեցրեց այն եզրակացության, որ Կուբայում չի կարելի օգտագործել այդ նույն մեթոդները սոցիալիզմ կառուցելու համար: Բայց դա վիրավորանքների փոխանակում չեղավ, այլ կարծիքների ազնիվ փոխանակում, որոնք հրապարակվեցին մի փոքրիկ ամսագրում` առանց մեր մեջ պառակտման և տարաձայնության որևէ մտադրության:

Այն, ինչ հետո տեղի ունեցավ Խորհրդային Միությունում, չէր զարմացնի Չեին: Քանի դեռ նա կարևոր պաշտոններ էր զբաղեցնում և պարտականություններ կատարում, նա միշտ զգույշ և հարգալից է եղել: Նրա լեզուն ավելի սուր դարձավ, երբ բախվեց իմպերիալիզմի պարտադրած ահավոր մարդկային իրականության հետ, որը տեսել էր նախկին բելգիական գաղութում` Կոնգոյում:

Անձնազոհ, ժրաջան և խոր Չեն մեռավ Բոլիվիայում, կուբացի և լատինաամերիկյան այլ երկրների մի խումբ մարտիկների հետ միասին, պայքարելով Մեր Ամերիկայի ազատագրության համար: Նա չկարողացավ ճանաչել այսօրվա աշխարհը, որտեղ այնքան խնդիրներ են ավելացել, որոնք այն ժամանակ անհայտ էին:

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am