Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Ամսվա քրոնիկա և համարի տեսություն

Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Փետրվար 2010, N 1

Ամսվա քրոնիկա եվ համարի տեսություն

Ազգային գաղափարըե լույս է տեսնում մեկամյա ընդմիջումից հետո, ինչը պայմանավորված էր ֆինանսատնտեսական ճգնաժամով: Այն ժամանակ` մեկ տարի առաջ, ես երկընտրանքի առջև էի. կամ հրաժարվել «Ազատամտությունե օրաթերթից և շարունակել «Ազգային գաղափարիե հրատարակումը, կամ էլ ժամանակավորապես հրաժարվել ամսագրից: Ես ընտրեցի առաջինը` կարծելով, թե հասարակական-քաղաքական օրաթերթն ավելի ծանրակշիռ գործոն է քաղաքական իրականությունում, քան ամսագիրը: Սակայն թերթը բազմաթիվ պրոբլեմներ առաջացրեց: Մասնավորապես, խմբագրությունը հուժկու ճնշման էր ենթարկվում գրեթե բոլոր քաղաքական շրջանակների (իշխանական թե ընդդիմադիր) կողմից: Հետո սկսվեցին դատական հետապնդումները. երկու ատյանների դատարաններ երկու անօրինական դատավճիռ կայացրին` «Քաղաքական հեռազոտությունների կենտրոնե ՍՊԸ-ին դատապարտելով առասպելական տուգանքների: Նախկին վարչապետ և Ռուս-հայկական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը դատարանում բողոքել էր, թե անձամբ իրեն և իր համալսարանին հանիրավի վիրավորում են թերթում և, լինելով Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի ընկերը, հասավ այն բանին, որ բացարձակապես անօրինական դատավճիռներ կայացվեն: Հայաստանը, ցավոք, իրավական պետություն չէ, իսկ դատական իշխանությունը խամաճիկ է բարձրաստիճան պաշտոնյաների ձեռքին: Իսկ ինչ վերաբերում է դատավճիռներ «նկարելուե վարպետությանը, ապա, պետք է ասեմ, հայ դատավորները հավասարը չունեն աշխարհում: (Օրինակ, իմ պարագայում պ-րն Մկրտումյանը կարգադրել էր այնպես անել, որ իմ ընկերությունը ՌՀՀ-ին վճարեր երեք միլիոն դրամ` որպես փոխհատուցում իբր Դարբինյանի փաստաբանական ծառայությունների դիմաց (որոնք իրականում չեն եղել), քանի որ ռեկտորը գիտխորհրդի նիստում երդվել էր ֆինանսապես պատժել ինձ և իմ հաշվին ռեստորան հրավիրել ամբողջ կոլեկտիվին (!), և դա` այն դեպքում, երբ երկրում միլիոնանոց փաստաբանական հոնորարներ չկան, և դրա հետ միասին էլ` պ-րն Դարբինյանը փաստաբան չուներ, եղել է ընդամենը անարտոնագիր ներկայացուցիչ, որին վճարելու իրավունք ոչ ոք չունի): Բայց, փառք Աստծո, Հայաստանը Եվրախորհրդի անդամ է, այնպես որ` ցանկացած դատական կամայականություն կարելի է բողոքարկել: Երկու տարի հետո Ստրասբուրգի դատարանը կրկին կպատժի Հայաստանի Հանրապետությանը, իսկ երկրի ղեկավարությունը հարկ է, որ մտածի  պետության դատական համակարգը որոշ քաղաքացիների մասնավոր շահերին հարմարեցնելու քաղաքական նպատակահարմարության մասին:        

Իհարկե, աշխարհում բացարձակապես անկախ և արդար դատարաններ չկան, սակայն, եթե ինչ-որ տեղ էլ, այսպես ասենք, անարդարացի դատավճիռներ են կայացնում, ապա առաջնորդվում են բացառապես պետության շահերով (վառ օրինակը բրիտանական դատարանների հրաժարումն է Բորիս Բերեզովսկուն ռուսական արդարադատությանը հանձնելուց, ինչը իրավական տեսակետից ոչ մի քննադատության չի դիմանում, բայց փոխարենը կատարելապես համապատասխանում է այդ տերության շահերին): Իսկ Հայաստանում դատական համակարգը կասկածելի անհատների պատանդն է և սպասարկում է նրանց անձնական (երբեմն` ստոր) շահերը, իսկ հետո եվրոպական դատարանում արդարադատության հանդեպ այսօրինակ լկտի վերաբերմունքի համար տուժում է պետությունը: Իսկ թե ինչ է իրենից ներկայացնում երկրի դատական համակարգի ղեկավար պ-րն Մկրտումյանը, ապա այդ մասին ամենից լավ ասում է նրա հայրը: Խորհուրդ եմ տալիս ծանոթանալ (http://www.azatamtutyun.cգm/arm/shգp/UID_11067.html):

Քանի որ լույս ենք տեսնում մեկամյա ընդմիջումից հետո, հարկ է համառոտ անդրադառնալ 2009 թվականին: Եթե երկու խոսքով ներկայացնելու լինենք, ապա պետք է ասել, որ էական և առանձնահատուկ որևէ բան տեղի չի ունեցել: Երկրի ղեկավարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել քաղաքական իրավիճակի առողջացման համար, հնազանդորեն կատարել է եվրոպական կառույցների հանձնարարականները, ազատել է «քաղբանտարկյալներիե մեծ մասին, ինչպես նաև ջանադրաբար ձեռնամուխ է եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ամերիկյան նախագծի իրագործմանը (ի դեպ, սա բավական նշանակալի թեմա է, որին հանգամանորեն կանդրադառնանք առաջիկա համարներում): Նկատելիորեն թուլացել են տերպետրոսյանական ընդդիմության դիրքերը, հասարակությունում որոշ չափով ուժեղացել է դաշնակցականների ազդեցությունը (հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված` դաշնակցականներին հաջողվել է ազգայնական հիստերիա բարձրացնել): Նախագահի աշխատակազմում ուրախանում են Տեր-Պետրոսյանի թուլացմամբ և կարծում, թե դա հօգուտ իշխանության է: Սակայն դա մոլորություն է, քանի որ ընդդիմության թուլությունն ամենևին էլ չի նշանակում իշխանության ինքնաբերաբար ուժեղացում, օբյեկտիվ իրականությունն այն է, որ կառավարման երկու տարվա ընթացքում նախագահ Սարգսյանը ոչինչ չի արել հանրային նեցուկ ձեռք բերելու համար: Ընդհակառակը, այսօր նախագահին կպաշտպանեն շատ ավելի քիչ մարդիկ, քան երկու տարի առաջ, քանի որ երկրի` փոփոխությունների կարոտ  բնակչությունը վերջնականապես հիասթափվել է` հասկանալով, որ Սերժ Սարգսյանը գոնե ինչ-որ կերպ ներկա իրականությունը վերանայելու ոչ մի փորձ չի անում:

Անցած տարին նշանավորվեց նաև գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքներով: Ըստ իս` Հայաստանը ճգնաժամից չի տուժել, քանի որ Հայաստանում, ըստ էության, տնտեսություն չկա: Իսկ ինչ վերաբերում է ՀՆԱ 14,4% անկմանը (դոլարային հաշվարկով` 28,4%), ինչի պատճառով երկիրը ԵԱՀԿ-ում գրավել է առաջին տեղը համախառն ներքին արդյունքի անկման գծով, ապա դա ամենևին էլ չի նշանակում, թե տնտեսությունում աղետալի հետևանքներով լի կառուցվածքային փոփոխություններ և ինստիտուցիոնալ ավերածություններ են տեղի ունեցել. հայկական տնտեսությունը զարգանում է ի հաշիվ դոնորական (տրանսֆերտային) ասեղի, որը ժամանակավորապես «խցանվելե էր այլ երկրներում ճգնաժամի պատճառով և աննախադեպ անկում էր առաջ բերել: Հենց որ իրավիճակը կարգավորվի և տրանսֆերտները վերսկսվեն լրիվ ծավալով, մեզ մոտ անմիջապես երկնիշ աճը կվերականգնվի: Բայց, այնուամենայնիվ, տարվա գլխավոր իրադարձությունը հայ-թուրքական երկխոսությունն է:

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ամերիկյան նախաձեռնությունը հեռու է անկեղծ լինելուց: Այսքան ազնիվ (առաջին հայացքից) նախաձեռնությունը մի քանի բացատրություն ունի: ԵԲվ այս համարում, ևԲ հետագայում մենք ուշադրություն ենք դարձնելու երկխոսության զարգացմանը և հետևելու ենք գործընթացում արևմտյան հանրության շահերին: Սակայն, բացի այս ամենից, այստեղ հարկ է անդրադառնալ ևս մեկ նպատակի, որը հետապնդում, բայց չեն բարձրաձայնում ամերիկացիները, այն է` թափանցել հայ հանրային գիտակցության խորքերը, քանի որ, Հայաստանը դիտարկելով որպես  աշխարհաքաղաքականության օբյեկտ, նրանց անհրաժեշտ է լիովին ուսումնասիրել այն նյութը, որի միջոցով հետագայում պետք է խաղարկվի աշխարհաքաղաքական կոմբինացիան: Ցավոք, հայերը թեստը չանցան, ավելի ճիշտ` իրենց մասին ամենաբացասական տպավորությունը թողեցին: Արևմուտքը տեսավ, որ հայերը հանկարծ երազում տեսել են վաղո~ւց կորցրած տարածքները, նրանք հանկարծ մտածել են պետական տոն նշել նոյեմբերի 22-ը` որպես «հայրենատիրությանե օր (դա ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի արբիտրաժային որոշման օրն է` Հայաստանի Հանրապետության և Օսմանյան կայսրության տարածքային սահմանազատման մասին), ի վերջո, հայերը, բողոքելով հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման դեմ, աշխարհով մեկ վայնասուն բարձրացրին Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչման առիթով. նրանց թվաց, թե գետինը փախչում է ոտքերի տակից և իրենք երբեք չեն տիրի Արևմտյան Հայաստանին: Ի՞նչ կարծիք կարելի է կազմել ազգի մասին վերոշարադրյալի հիման վրա: Արտահայտեմ իմ կարծիքը, որը նույնիսկ մի կետով չի տարբերվի արևմտյան վերլուծական ծառայությունների զեկույցներից, այն է. աշխարհը հանձինս հայերի տեսավ կեղծ և մեռած արժեքներ դավանող և անցյալով ապրող ազգի, որին խորթ է ներկան և որն իրեն չի տեսնում ապագայում: Լա՞վ է սա, թե վատ: Կարծում եմ` սա բավական ծանր ախտորոշում է, որի հիման վրա է արևմտյան հանրությունը ապագայում կառուցելու իր քաղաքականությունը Հայաստանի վերաբերյալ, իսկ այդ քաղաքականությունը մեզ դրական ոչինչ չի խոստանում: Քանզի միանշանակ է, որ աշխարհաքաղաքականության այլ օբյեկտների (Ադրբեջան, Վրաստան և այլն) համեմատ, որոնք ի վիճակի են զարգանալ, ապրել ներկայով և նախագծել ապագան, Հայաստանը թույլ և, այսպես ասենք, ոչ ծանրակշիռ է երևում, հետևաբար` Հայաստանը միջազգային ասպարեզում ենթարկվելու է ավելի ուժեղ ճնշման, և ավելի են անտեսվելու նրա ազգային շահերը: Այլ կերպ` Արևմուտքը տեսավ, որ հայերին կարելի է պարտադրել ինչ ասես, քանի որ նրանց խորթ է օբյեկտիվ իրականությունը. նրանք բավարարվում են միայն անդառնալի անցյալին ուղղված անուրջներով: Օրինակ, բավական է ԱՄՆ նախագահը գոնե մեկ անգամ արտաբերի հայերի այդքան սիրած «ցեղասպանությունե բառը (ամերիկյան վարչակազմի կողմից 1915-23թթ. իրադարձությունները ցեղասպանություն ճանաչելը վերջին 10 տարիներին դարձել է «հայկականե ազգային երազանք. եթե ամերիկացիների համար ազգային երազանք են հաջող կարիերան, ամուր ընտանիքը, բարեկեցությունը, առողջ կենսակերպը, բարգավաճող բիզնեսը և այլն, և այլն, ապա մեզ մոտ, ցավոք, ազգային երազանքը սկսում է ձեռք բերել խեղաթյուրված և անգամ հիվանդագին գծեր, իսկ դա չի կարող արդյունավետ ազգային-պետական կայացման խթան հանդիսանալ, ավելի շուտ հակառակն է` դա անկարողության նշան է և զարգացման խոչընդոտ), և նրանք անմիջապես կփակեն աչքները ինչպես միջազգային ասպարեզում առանց այդ էլ թույլ դիրքերի հանձնման, այնպես էլ ներքին ինքնիշխանության որոշակի մասից զրկվելու հանդեպ:

Հարկ է հակիրճ անդրադառնալ անցած տարի գլոբալ քաղաքականությունում տեղի ունեցած ամենանշանակալի (Հայաստանի համար) փոփոխությանը: Խոսքը ամերիկյան արտաքին քաղաքական ռազմավարությունում կատարված բավական էական փոփոխության մասին է, այն է` ամերիկացիները վերջնականապես հրաժարվել են «գունավորե հեղափոխություններից` որպես նախկին արևելաեվրոպական և հետխորհրդային երկրներում ամերիկամետ ռեժիմների իշխանության բերելու միջոցով ամերիկյան շահերի պաշտպանության գլխավոր մեթոդից: Կարծում եմ` այս որոշումը թելադրվել է 2008թ. փետրվարին Հայաստանում «գունավորե նախագծի ձախողմամբ: Ինչ կարող ես ասել, արտաքին քաղաքականության մեջ ամերիկացիների պրագմատիզմն ինչ ասես արժի: Ինչի՞ հասավ Վաշինգտոնն իր հաջողված հեղաշրջումներով: Հինգ տարի առաջ Ուկրաինայում Արևմուտքը զոռով իշխանության բերեց Վիկտոր Յուշչենկոյին: 2004թ. աշնանը ընտրարշավի մեկնարկից առաջ այնտեղ ասում էին, թե չեն ընդունի որևէ այլ արդյունք, բացի Յուշչենկոյի հաղթանակից (-!): Իսկ երկրորդ փուլից հետո տառացիորեն ստիպեցին ուկրաինացիներին թքել սեփական սահմանադրության վրա և ևս մեկ անգամ քվեարկել: Ինքնիշխան պետությունների գործերին մեծ տերությունների այսքան ակնհայտ միջամտություն համաշխարհային պատմության մեջ, թերևս, չէր եղել: Մի խոսքով` հաջողվեց Յուշչենկոյին իշխանության բերել, իսկ ի±նչ շահեցին դրանից ամերիկացիները: Գործնականում` ոչինչ, բացի հակաամերիկյան նոր ալիքից արևելասլավոնական բոլոր պետություններում: Այս էր գինն այն բանի, որ Ուկրաինան այդպես էլ չմտավ ՆԱՏՕ, իսկ Սևծովյան նավատորմը ինչպես եղել, այնպես էլ մնում է (և կմնա) Սևաստոպոլում և, ավելին, երկիրը երկփեղկվել է ըստ քաղաքակրթական հատկանիշի. ակնհայտորեն երևում է ճեղքումն արևելյան և արևմտյան քրիստոնեության միջև, ինչը վաղ թե ուշ հանգեցնելու է երկրի բաժանմանը: Իսկ թույլ տալ, որ նոր ռուսական պետություն ստեղծվի Ուկրաինայի տարածքում` մղձավանջային երազ է ամերիկյան ստրատեգների համար: (Հիշենք Ռիչարդ Նիքսոնին, որը խորհուրդ էր տալիս զգուշանալ հօգուտ Ռուսաստանի Ուկրաինայի ինքնիշխանության կորստից, քանի որ, նրա կարծիքով, Ռուսաստանն ի վիճակի է որպես գերտերություն վերականգնվել միայն Ուկրաինայի հետ միասին): Իսկ ինչի՞ հասավ Վաշինգտոնը Վրաստանում: Մոտավորապես նույն արդյունքներին: Դե, իսկ Ղրղզստանի «թավշյաե նախագիծն ընդհանրապես պիտանի դուրս չեկավ. նոր իշխանություններն ամերիկյան վարչակազմի հետ սկսեցին խոսել այնպես, որ Ասկար Ակաևը երազում անգամ տեսնել չէր կարող, էլ չենք խոսում հանրապետության տարածքից ամերիկյան ռազմակայանի վտարման փորձերի (և դրա շուրջ բացահայտ շանտաժի) մասին, ինչը, բնականաբար, անգամ չէր կարող լռելյայն քննարկվել պաշտոնանկ արված ռեժիմի օրոք:

Ինչպես տեսնում ենք, ամերիկամետ ռեժիմ հաստատելը մի բան է, այն ողջ հզորությամբ ի փառս Միացյալ Նահանգների աշխատեցնելը, առավել ևս` առանց իր համար վնասների` մեկ այլ, ընդ որում` գրեթե անհնար բան: Ինչն էլ, բնականաբար, հասկացան ամերիկացիները, և ինչը նրանց մղեց նոր մարտավարության: Արդյունքում` բարձր մակարդակում այլ որոշում ընդունվեց. ամերիկամետ խամաճիկային ռեժիմներին իշխանության բերելը փոխարինել գործող իշխանական էլիտաներին կաշառելով: (Ըստ էության, ԱՄՆ-ում ոչ մի նոր բան չեն հայտնաբերել, ընդամենը վերակենդանացրել են բրիտանական պրակտիկան. գաղտնիք չէ, որ բրիտանական գահն իշխանություն հաստատեց աշխարհի կեսի վրա հենց ազգային, հատկապես հնդկական, էլիտաներին կաշառելով, այլ ոչ թե ռազմական հաղթանակների միջոցով): Եվ Հայաստանը, հավանաբար, դարձավ առաջին փորձադաշտն ամերիկյան նոր նոու-հաուի ծավալման համար: Անցած տարվա ընթացքում ամերիկացիներն իրականացրել են երկու խոշոր նախագիծ և, ծախսելով մոտ $50 միլիոն  (ծիծաղելի գումար քաղաքական էֆեկտի հասնելու համար), շատ բանի են հասել: Առաջինը $25 միլիոն դրամաշնորհն է` հատկացված ֆինանսների, կրթության և գիտության նախարարություններին, որով նախատեսվում է վերացնել Անատոլի Լունաչարսկու ստեղծած խորհրդային դպրոցի (ի դեպ, աշխարհում լավագույններից մեկի) վերջին ավանդույթները և ներդնել միջնակարգ կրթության ամերիկյան համակարգը (կրտսեր, միջին և ավագ դպրոցների ստեղծում` ըստ ամերիկյան նմուշի): Հայկական իշխանությունների այս որոշման հետևանքներն այսօր դժվար է օբյեկտիվորեն գնահատել, սակայն վստահաբար կարելի է ասել, որ դրական ոչ մի բան փոխառված ամերիկյան մոդելից մենք սպասել չենք կարող (այս թեմային հետագայում առանձին կանդրադառնանք, քանի որ այն շոշափում է գլոբալ հարցեր, առաջին հերթին` ազգային ինքության հարցը): Երկրորդ նախագիծը $28 միլիոն դրամաշնորհն է, որի նպատակն է երկրի պետական իշխանության մարմիններում վարչարարության (կառավարման) արևմտյան ստանդարտների ներդրումը: Այսօր Ազգային ժողովում, կառավարությունում, ԱԳՆ-ում և այլ գերատեսչություններում նստած են կամավորականներ, որոնք «հաջողությամբե հայ գործընկերներին ուսուցանում են արևմտյան քաղաքական մենեջմենթի գաղտնիքները: Հատկանշական է նաև այն, որ 28 միլիոնից հաշվետվություն ներկայացվելու է միայն... կեսի (ամերիկյան կողմի հետ պայմանավորվածության համաձայն) վերաբերյալ: Մնացած $14 միլիոնը հայտնի է, թե որտեղ է հանգրվանելու, և մեկնաբանություններն այստեղ ավելորդ են...

Խնդիրն այն է, որ արևմտյան ցանկացած նախագիծ, ցանկացած արևմտյան գաղափար անվերապահորեն ընդունվում է հայկական իշխանությունների կողմից, մանավանդ երբ կա նաև ֆինանսավորում բարձր մակարդակով: Սա վկայում է պետության ինքնիշխանության (սուվերենության) դեֆիցիտի և նրա աշխարհաքաղաքական բացարձակ  օբյեկտության մասին, ինչն անգամ վեհերոտ առարկությունների շանսեր չի թողնում: Շուտով մենք կտեսնենք այլ, էլ ավելի ցնցող նախագծեր, և չարժե զարմանալ, եթե հանկարծ դրանց մեջ հայտնաբերենք, ասենք, այսպիսինը. «արևմտասիրությանե (արևմտականության, նշանակում է` ռուսատյացության) արագացված տարածում ՀՀ տարածքում և դրա` պետական քաղաքականության հայտարարում` $100 միլիոն, որի կեսը հաշվետվության ենթակա չէ, կամ միասեռականների ամուսնությունների օրինականացում հանրային կարծիքի նախնական մշակմամբ` $80 միլիոն, որի կեսը, բնականաբար, նույնպես հաշվետվության ենթակա չէ, ինչպես նաև այլ զզվելի նախաձեռնություններ: Նկատենք, որ իսկապես հասունացած փոփոխությունները գիտակրթական ոլորտում, որոնք օգտակար կլինեին Հայաստանին, արևմտյան կուրատորներին չեն հուզում: Օրինակ, Հայաստանում, գիտական շրջանակներում լուրջ մարդիկ կան, որոնք առաջարկում են իրականացնել գիտահետազոտական և կրթական համակարգերի միաձուլում (ամերիկյանի օրինակով): Հայտնի է, որ գիտահետազոտական և կրթական գործընթացների բաժանման ստալինյան քաղաքականությունն արդարացնում էր իրեն ԽՍՀՄ տարիներին, սակայն այսօր այն բանի պետք չէ, և զգացվում է այս երկու համակարգերը մեկ ամբողջի մեջ օրգանապես միավորելու անհրաժեշտություն: Բայց լուրջ ընդդիմախոսներ կան` հանձինս Գիտությունների ազգային ակադեմիայի և բյուրոկրատական հակագիտական այլ կազմակերպությունների: Իսկ երկրի ղեկավարությանը չի բավականացնում քաղաքական կամքը հարցը մեկընդմիշտ լուծելու և գիտակրթական համակարգը արարման և արդյունավետ զարգացման հուն մտցնելու համար: Այլ բան է, եթե նախագծին աջակցեր ամերիկյան կողմը: Այ, այդ ժամանակ զառամյալ ակադեմիկոսներին ոչ ոք ուշադրություն չէր դարձնի, քանի որ կա «բարձրագույն ատյանիե հավանությունը: Իսկ «բարձրագույն ատյանըե հավանություն տալ չի շտապում (ավելի ճիշտ` անգամ չի էլ պատրաստվում), որպեսզի հայկական կողմը դրանից հանկարծ շոշափելի օգուտ չունենա: Այլ բան է ազգային դպրոցն այլանդակելը...

«Գունավորե նախագծերը ազգային էլիտաներին կաշառելով փոխարինելը, սկզբունքորեն, չպետք է մխիթարական լինի Հայաստանի համար (ի տարբերություն քաղաքական ղեկավարության, որը կարող է ժամանակավորապես հանգստանալ «զանգվածային դեմոկրատական միջոցառումներիցե): Այս գործընթացը նոր-նոր թափ է հավաքում, և հայտնի չէ, թե ինչի կհանգեցնի վերջնարդյունքում: Բայց հուսանք, որ մեզ կհաջողվի խուսափել աղետալի հետևանքներից, իսկ եթե ոչ, ապա կկարողանանք մի կերպ վերականգնվել: Ավելացնեմ նաև, որ հազվադեպ է պատահում, երբ տեղի է ունենում ժողովրդի և հակազգային, ռևանշիստական ընդդիմության շահերի միավորում, քանի որ ազգային էլիտայի կաշառումը` տրանսատլանտյան աշխարհաքաղաքական շահերի իրագործման նպատակով, հավասարապես պետք չէ ոչ մեզ, ոչ «ընդդիմությանըե, որը դրա հետևանքով տերերի կողմից մատնվել է, այսպես ասած, անուշադրության, բախտի քմահաճույքին:

Հակիրճ դիտարկենք 2010թ. փետրվարը:

 

Մեզ համար ամենանշանակալի և հետաքրքիր միջազգային իրադարձությունը Վիկտոր Յանուկովիչի ընտրությունն է Ուկրաինայի նախագահի պաշտոնին: Այսօր համընդհանուր կարծիք է ձևավորվել, թե Յանուկովիչի գալով «նարնջագույնե հեղափոխությունն անցյալի գիրկն է անցել: Կարծում եմ` այդպես չէ և վաղ է եզրահանգումներ անել: Յանուկովիչը միշտ ներքին և արտաքին քաղաքականության մեջ «լծված է լինելուե արևմտյան տարածաշրջանների կառքին, այլապես կկորցնի երկիրը. նա կարիք չունի սիրաշահելու Արևելքին, որն իրենից ոչ մի տեղ չի փախչի: Հետևաբար, Վիկտոր Յուշչենկոյի` ռուսական քաղաքակրթական միջավայրից հետագայում ևս հեռանալու քաղաքական գիծը շարունակվելու է, և բանը Յանուկովիչի (որն, անշուշտ, ռուս լինելով` հակառակը կուզենար) անձնական հակումները չեն, այլ այն, որ ռուսական քաղաքակրթական միջավայրում Արևմտյան Ուկրաինան տեղ չունի, այն չի պատկերացնում իրեն այդ միջավայրում, իսկ իրեն այնտեղ վերադարձնելու բռնի փորձերը, որպես հետևանք, կհանգեցնեն միայն մի բանի` երկրի փլուզմանը, ինչով այսօրվա դրությամբ շահագրհիռ չէ ուժի համաշխարհային և ոչ մի կենտրոն, անգամ ինքը` Յանուկովիչը (քանի որ շատ ավելի հաճելի է կառավարել 50, այլ ոչ թե 30 միլիոնանոց պետություն): Նշենք նաև, որ «գունավորե հեղափոխությունների փոխարեն էլիտաներին կաշառելու մարտավարությունը տարածվում է նաև Ուկրաինայում. Արևմուտքը բարեհաճորեն արձագանքեց Յանուկովիչի հաղթանակին, իսկ երդմնակալությունից անմիջապես հետո նոր նախագահի նոր աշխատակազմում հայտարարեցին, թե Ուկրաինան չի կարող դառնալ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի  մաքսային միության անդամ (հիշեցնենք, որ այդ գաղափարն, ըստ էության, որոշ վերապահումներով պաշտպանվում էր Յուլյա Տիմոշենկոյի կառավարության կողմից), քանի որ դա վնասում է Ուկրաինայի միջազգային (ավելի ճիշտ` արևմտյան) այլ նախագծերին: Իսկ ՆԱՏՕ-ին անդամագրվելու վերաբերյալ Յանուկովիչը (ինչպես և Յուշչենկոն) ասում է, թե այդ հարցը պետք է լուծվի հանրաքվեով…

Այնուամենայնիվ, Ուկրաինայում ինչ-որ բան կփոխվի. մասնավորապես, սանձարձակ ռուսատյացությանն ու պատմության կեղծարարություններին վերջ կտրվի, թեև հազիվ թե Յանուկովիչին հաջողվի վերանայել նախորդների «ձեռքբերումներնե այս գործում: Համենայնդեպս, չեմ կարծում, թե նոր նախագահը կկարողանա վերանվանել Լվովի Դուդաևի փողոցը և վերադարձնել նախկին անվանումը (Պուշկինի)... Եվ, իհարկե, Յանուկովիչի իշխանության գալը դրականորեն կանդրադառնա հայ-ուկրաինական հարաբերությունների վրա: Հայ էլիտայի որոշ ներկայացուցիչների հետ նա բարեկամական հարաբերություններ ունի (մասնավորապես, Գագիկ Ծառուկյանի հետ), ինչը կարող է լուրջ խթան հանդիսանալ հայ-ուկրաինական հարաբերությունների դինամիկ զարգացման համար, հատկապես տնտեսության ոլորտում:

Առհասարակ, փետրվարը բավական նշանային ամիս է Հայաստանի նորագույն պատմության համար: Փետրվարին ենք երեք նախագահական ընտրապայքար ունեցել, որոնցից երկուսը` դրամատիկական հետևանքներով (2003-ին և 2008-ին), և հենց փետրվարին է տարերայնորեն ծնվել պայքարը Ղարաբաղի համար. 1988թ. փետրվարի 22-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ բնակչության առաջին խաղաղ հանրահավաքը` ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ին միացնելու պահանջով: Մարդիկ այն ժամանակ հանրահավաքների էին գնում «Լենին, պարտիա, Գորբաչովե կարգախոսներով` հավանաբար հուսալով, թե այս աշխարհում ինչ-որ մեկը կամք կցուցաբերի պատմական արդարությունը վերականգնելու համար: Ղարաբաղյան շարժումը կյանքի կոչեց «Ղարաբաղե կոմիտեին և հանրապետության քաղաքական կյանքի առաջնաբեմ դուրս բերեց «մտավորականներիե, որոնք շուտով փոխակերպվեցին բարբարոս-մարդակերների և գրեթե ոչնչացրին այն ամեն լավը, ինչը ստեղծվել էր խորհրդային հայերի սերունդների կողմից, ներառյալ հազիվ սաղմնավորված քաղաքացիականությունը, քաղաքացիական մշակույթն ու հարգանքի արժանի հանրային բարոյականությունը: Տեղի ունեցավ արժեքների նենգափոխում, հին արժեքները վերացրին, իսկ այն, ինչ ստեղծեցին դրանց փոխարեն, մինչ այժմ բացառում է հասարակության և պետության պոզիտիվ զարգացումը:

Բայց, ի տարբերություն նախորդ տարիների, 2010-ի փետրվարը հազվադեպորեն խաղաղ էր: Բացի մի քանի իրադարձությունից, հազիվ թե կարելի լինի ինչ-որ նշանակալի, հիշատակման արժանի բան գտնել:

Ամսվա վերջին նախագահ Սարգսյանը մասնակցեց Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության արարողությանը, իսկ փետրվարի սկիզբը նշանավորվեց նրա` Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցով: Թագուհու և երկրի քաղաքական էլիտայի անդամների հետ հանդիպումներն առաջինն էին իրենց տեսակի մեջ: Ինչ վերաբերում է այցի շոշափելի արդյունքներին, ապա հարկավոր է սպասել: Հավանաբար, նախագահի այցը մտահղացվել էր որպես Անգլիայում ադրբեջանա-թուրքական լոբբինգը չեզոքացնող միջոցառում: Այս իմաստով այն, կարծում եմ, հաջողվեց: Կոնկրետ քաղաքական պայմանավորվածություններ չէին էլ նախատեսված. անգամ կառավարության ղեկավարի հետ հանդիպումներ ծրագրում չկային: Հետևաբար, ներկա պահին Անգլիան մեզ հետաքրքրում է որպես սեփական կարծիքները և շահերը ներկայացնելու ասպարեզ, և այս իմաստով նախագահ Սարգսյանի հայտնությունը Մեծ Բրիտանիայի ժողովրդին, կարելի է ասել, արդարացրեց իրեն:

Ամսվա սկզբին աշխատանքն սկսեց երկրի խորհրդարանը: Օրակարգն ընդարձակ է` ներառյալ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը: Հասարակությունում նկատելի աշխուժություն առաջացրեց Հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախաձեռնությունը հեռուստաեթերում կարգուկանոն հաստատելու վերաբերյալ: Առաջարկում են օրենսդրորեն բարձրացնել հայրենական հեռուստաարտադրանքի որակը, ինչն, ըստ էության, անհնար է. նման արդյունքների այլ լուծումներով են հասնում, այդ թվում և կադրային, ինչի համար, թերևս, քաղաքական կամքը չի բավականացնում, ուստի խնդիրը տեղափոխում են օրենսդրական հարթություն: Մյուս օրինագծերը ևս (հարկային օրենսգրքի և միջազգային պայմանագրերից դուրս գալու վերաբերյալ) հանրային ռեզոնանս առաջացրին: Ղարաբաղյան կարգավորման գործընթացում անսպասելի ինտրիգ մտցրեց Իլհամ Ալիևը, հայտարարելով, թե պատրաստ է ստորագրել մադրիդյան սկզբունքների հիման վրա մշակված փաստաթղթի թարմացված տարբերակի յուրաքանչյուր կետ: Չիմանալով փաստաթղթի բովանդակությունն ու էությունը` կարծիք չես կարող հայտնել դրա մասին, ասենք միայն, որ պաշտոնական Բաքվի կողմից ողջունվող նախաձեռնությունը չի կարող ընդունելի լինել հայկական կողմի համար: Գաղտնիքի քողով ծածկված տեղեկատվությունը, անշուշտ, «հարստանումե է լուրերով և հույզեր ծնում, որոնք շիկացնում են ներքաղաքական իրավիճակը: Իսկ այդ ֆոնին «Երկրապահիե տիպի բանդիտական կառույցի ռեաբիլիտացիան և այդ կազմակերպության համագումարի ամբիոնից հնչած ռազմաշունչ հայտարարությունները (տարածքների հարցում Ադրբեջանի հանդեպ անզիջում լինելու վերաբերյալ) ենթադրել են տալիս, որ իսկապես հայրենական էլիտայի շարքերում տարաձայնություններ չկան ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ մոտեցումներում, իսկ նրա համար գլխավորը ստատուս քվոն որքան հնարավոր է երկար պահպանելն է:

Մի քանի խոսք համարի բովանդակության մասին:

«Քաղաքականությունե խորագրի ներքո պատմաբան Սմբատ Հովհաննիսյանն իր «Ազգային ինքնության հիմնախնդիրը հայ-թուրքական սահմանի բացման համապատկերումե հոդվածում խորհրդածում է միջպետական փոխհարաբերությունների հիմնախնդիրների մասին` քաղաքակրթական տեքստերի փոփոխությունների և գլոբալացման գործընթացների լույսով: Հեղինակը կարծում է, որ այս համատեքստում հրատապ է միջազգային հարաբերությունների հին համակարգի վերանայման անհրաժեշտությունը: Հոդվածը կառուցված է Հայաստանի և Թուրքիայի նախագահների` համապատասխանաբար հայկական և թուրքական պարբերականներին տված երկու հարցազրույցի վերլուծության հիման վրա: Քաղաքակրթությունների տեսության մասնագետ լինելով` Սմբատը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը դիտարկում է բավական անսովոր և ինքնատիպ տեսանկյունով, այնպես որ` հետաքրքիր կլինի ծանոթանալ նրա աշխատանքին:

Քաղաքագետ Ալեքսանդր Կնյազևը (Բիշքեկ) «Աշխարհաքաղաքականությունե խորագրի տակ ներկայացնում է «Համաշխարհային նոր իրականությունը և ՇՀԿ-ն` աշխարհատնտեսական ֆենոմեն. հիմնախնդիրները, ֆունկցիոնալությունը և պատմական շանսըե հոդվածը (ի դեպ, շոշափված թեմաների ծավալով, ընդարձակությամբ և խորությամբ այն կարելի է լիովին գիտական աշխատանք անվանել): Գրում է Շանհայի համագործակցության կազմակերպության մասին` որպես այսօրվա դրությամբ եվրասիական աշխարհամասում արևմտյան աշխարհաքաղաքական նախագծերի (որոնց էությունը անորոշության և քաոսի սերմանումն է` առավելագույն վերահսկողություն սահմանելու նպատակով) իրականացմանը դիմակայելու գլխավոր մեխանիզմի: Հոդվածում հետաքրքիր մտքեր են հայտնվում նաև Հայաստանի և ղարաբաղյան կարգավորման մասին, և հարկ է ընդունել, որ անգամ Հայաստանում հազվադեպ, պոլիտիկանությունից և իմաստակությունից հեռու այսքան պրոֆեսիոնալ դատողություններ կլսես: 

Հետո հաջորդում է հրապարակախոս Ալեքսանդր Գարեգինյանի աշխատանքը` «Հասարակություն և իշխանությունե խորագրի ներքո: Այն վերնագրելով «Դատապարտվածություն առանց փոփոխությունների ապագայիե` հեղինակը պնդում է, որ փոփոխությունները Հայաստանում սկզբունքորեն անհնար են, անկախ իշխանությունը կրողների անձնային հատկանիշներից, քանի որ դա հակասում է ազգի հանրային գիտակցությանը: Այսօրինակ կտրուկ դատողությունը կարող է առարկության հանդիպել, սակայն ավելի լավ է ժամանակից շուտ եզրակացություններ չանել և ծանոթանալ Գարեգինյանի փաստարկներին:

«Բանավեճե խորագրում ակադեմիկոս Ռուբեն Վարդանյանը (ԱՄՆ) «Ստի մեջ, անդունդի եզրինե հոդվածում խորհրդածում է մեր անցյալի ու ներկայի մասին, առաջարկում ապագայի իր տեսլականը: Հոդվածը համակված է խորհրդային ժամանակների նոստալգիայով և ներկա իրականության կոշտ քննադատությամբ, սակայն բավական պրագմատիկ մտքեր է պարունակում «հավերժե ճգնաժամի վիճակից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ, որի վերջը քչերն են տեսնում: Մի խոսքով` հոդվածը հետաքրքիր է, խորհուրդ եմ տալիս ծանոթանալ:

2010թ. հունվարին լրացավ 20-րդ հարյուրամյակի ամենագեղեցիկ արարածներից մեկի` Ֆեդերիկո Ֆելինիի, համաշխարհային կինոյի պատրիարքի, մեծագույն էսթետի և հումանիստի ծննդյան 90-ամյակը: Այս առնչությամբ կինոգետ Սիրանույշ Գալստյանը հոդված է գրել, որին կարելի է ծանոթանալ «Մշակույթ և արվեստե խորագրում: Կարծում եմ` հեղինակին հաջողվել է փայլուն ներկայացնել ռեժիսորի մարդկային և մասնագիտական կերպարը և, չնայած մտքի շարադրման ակադեմիականությանը, հոդվածը բավական հարմար է ընթերցելու համար և մեծ բավականություն կպատճառի ընթերցողին:

Թերևս, այսքանը: «Ազգային գաղափարիե ընթերցողներին ցանկանում եմ ավելի հաճախ ճաշակել հետաքրքիր վերլուծական հրապարակախոսությունը, իսկ մեզ` ամսագրի անխափան հրատարակություն` հանուն «Ազգային գաղափարիե սակավաթիվ, բայց էլիտար լսարանի:

 

Share    


Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am