Փետրվար 2010, N 1
Դատապարտվածություն առանց փոփոխությունների ապագայի
Ալեքսանդր Գարեգինյան, հրապարակախոս
Երկու տարի առաջ նախագահական ընտրությունների արդյունքների հետ կապված` երկրում պայթյուն տեղի ունեցավ. քվեարկության արդյունքներից դժգոհ ընդդիմությունը ծեծուջարդ կազմակերպեց Երևանի կենտրոնում: Երկամյա վաղեմության իրադարձությունների հետևանքներն առայսօր զգացվում են երկրի քաղաքական իրականությունում, իսկ քաղաքական ղեկավարությունը իշխանության գալու պահից ի վեր զբաղված է հիմնականում այդ հետևանքների վերացմամբ:
2003թ. նախագահական ընտրությունները նույնպես պայթյունով ավարտվեցին. ընդդիմությունը չընդունեց պաշտոնական արդյունքները և ժողովրդին փողոց դուրս բերեց: Սահմանադրական դատարանի քաղաքականացված որոշումն (նախագահ Քոչարյանին վստահության հանրաքվեի կապակցությամբ) էլ ավելի շիկացրեց կրքերը, և դրաման ավարտվեց 2004թ. ապրիլին` Բաղրամյան պողոտայում ընդդիմությանը ծեծի ենթարկելով:
1998թ. Կարեն Դեմիրճյանը վախեցավ բարդություններից և «չօկուպացրեցե հրապարակը, թեև կարող էր դա անել` առանց էական ջանքերի: Նոստալգիան խորհրդային ժամանակների հանդեպ այն ժամանակ հասել էր գագաթնակետին, և Դեմիրճյանի անվան հետ էր հանրային կարծիքը կապում հհշ-ական ամենաթողությունից փրկվելու բոլոր հույսերը: Ընտրապայքարն ընդհանուր առմամբ խաղաղ ավարտվեց, թեև լարվածությունը պահպանվում էր: Իսկ ահա 1996թ. ընտրություններն ավարտվեցին ընդդիմության բռնաճնշումներով. Վազգեն Մանուկյանի հարյուրավոր կողմնակիցներ ենթարկվեցին բարբարոսական խոշտանգումների և հայտնվեցին բանտերում: Իսկ 1995թ. խորհրդարանական ընտրությունները Հայաստանում առաջինն էին, որոնցում փորձարկվեցին ընտրակեղծիքներն ու մշակվեցին կեղծարարության մեխանիզմները: Հասկանալի է` ժողովուրդը դժգոհություն հայտնեց, սակայն բանը դրանից այն կողմ չանցավ:
Ինչպես տեսնում ենք, նախանձելի կանոնավորությամբ Հայաստանը հայտնվում է ներքին խոր ճգնաժամերի վիճակում: Ընտրությունների արդյունքներից ոչ ոք երբեք գոհ չէ, իսկ ճգնաժամի սրության աստիճանն ամեն անգամ տարբեր է լինում` կախված հերթական ընդդիմադիր լիդերի խարիզմից և վճռականությունից: Այս առնչությամբ Վազգեն Մանուկյանն ինձ մի առիթով ասաց. «Ամեն 4-5 տարին մեկ մենք հայտնվում ենք գիպսի մեջ. ընկա... կորցրի գիտակցությունս... ուշքի եկա... գիպսե: Այսպես էլ ապրում ենք առայսօր, ահա արդեն մոտ 15 տարի: Իսկ հարցը հետևյալն է. որքա՞ն կձգի պետությունը գիպսի մեջ:
Ասվածից կարելի է եզրակացնել, որ երկրի բնակչությունը դժգոհ է ստեղծված իրականությունից: Կարևոր չէ, որ 1996թ. Տեր-Պետրոսյանը փաստորեն գողացավ հաղթանակը Մանուկյանից և բանը հասավ քաղաք տանկեր մտցնելուն, կարևոր չէ նաև այն, որ 2008թ. Տեր-Պետրոսյանը փորձեց գողանալ Սարգսյանի հաղթանակը և Հայաստանի համար աննախադեպ երևույթ հրահրեց` մարոդյորությունն ու ծեծուջարդը: Կարևոր է հասկանալ, որ ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ դեպքում հուզումների շարժիչ ուժ են ծառայել երկու գործոն` երկրի բնակչության ահավոր զզվանքը քաղաքական իրականությունից և փոփոխությունների տենչը: Դժգոհ ընտրազանգվածը միշտ էլ հույսը կապում է ընդդիմության առաջնորդի հետ (որին, սակայն, ինքը չի առաջադրում)` այնքան էլ ուշադրություն չդարձնելով նրա իսկական էությանը, քանի որ մարդիկ իսկապես փոփոխություններ են տենչում, իսկ տենչը նրանց մղում է իռացիոնալ քաղաքական եզրահանգումների և վարքագծի: Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիների երկու տարի առաջ չգիտես ինչու թվաց, թե Տեր-Պետրոսյանը` հայկական բոլոր արատների ու պրոբլեմների հիմնադիրը, կարող է փրկություն դառնալ: Հասկանալի է` չի կարելի մեղադրել առաջին նախագահի ողջ էլեկտորատին. նրանց մեջ, այնու-ամենայնիվ, ազնիվ ու պարկեշտ մարդիկ կային, որոնց բանականությունը ժամանակավորապես մթագնել էր: Եվ այնուամենայնիվ, դա գործի էությունը չի փոխում:
Ինչպես տեսնում ենք, բանն ամենևին էլ այս կամ այն ընդդիմադիր կամ իշխանական լիդերը չէ, բանը նաև նրանց «ճշմարտացի» լինելը կամ չլինելը չէ: Բանն ընդամենը բնակչության մեծամասնության համար անընդունելի սոցիալ-քաղաքական և տնտեսական իրականությունն է, որը 4-5 տարին մեկ բնակչությանը մղում է հասունացած փոփոխություններին հասնելու ձգտմամբ լի զանգվածային հուզումների: Հետևաբար, մարդը, որին բաժին է հասել բարձրագույն իշխանությունը, պետք է մտածի գլխավորի մասին` ինչպե՞ս իրականացնել փոփոխությունները և շտկել ներքին իրականությունը:
Սերժ Սարգսյանին ծանր ժառանգություն է բաժին ընկել: Թերևս, նրա համար, իր նախորդների համեմատ, ավելի բարդ էր որպես պետության գլուխ հաստատվելը: Առաջին անգամ Հայաստանում ընտրական շրջանում մարդիկ զոհվեցին: Առաջին անգամ էր երկիրը բաժանված երկու անհաշտ ճամբարի: Եվ առաջին անգամ դաժան ատելությունը դարձավ քաղաքական գործընթացի վճռորոշ գործոն: Այս ամենի սկզբնապատճառը, կրկնում եմ, երկրի բնակչության զզվանքն էր ստեղծված իրականության հանդեպ: Նորընտիր նախագահ Սարգսյանը, հավանաբար, հասկացավ, որ այդպես շարունակել չի կարելի և հանդիսավորապես փոփոխություններ խոստացավ: Մասնավորապես, երկրի գլխավոր հրապարակում, տասնյակ հազարավոր համաքաղաքացիների առջև հայտարարեց, թե այսուհետ Հայաստանում մաուզերիստներ չեն լինելու, թե արմատախիլ է անելու անարդարությունը, որը քաղաքացիների դժգոհության հիմնական դրդապատճառն էր, թե դիմելու է արմատական վերափոխումների, թե... մի խոսքով` նա անկեղծ էր և շատ բան ասաց...
Իսկ այսօր, երկու տարի անց, կարելի է փաստել. Սերժ Սարգսյանն ընտրել է ստեղծված իրականության կոնսերվացման ռազմավարությունը` կարծելով, թե այն չի կարելի վերանայել և հարկ էլ չկա, քանի որ դա լի է անկանխատեսելի հետևանքներով: Իսկ ինչ վերաբերում է հերթական «գիպսին», որն ակնկալվում է 2012-13թթ. ընտրապայքարի շրջանում, ապա դրա շուրջ, թերևս, չեն խորհում: Հավանաբար, նախագահական ստրատեգներն արագ առողջացման հույս ունեն (եվրոպական կառույցների նվազագույն պատժամիջոցներով), բայց չեն ուզում կամ ի վիճակի չեն մտածել այն մասին, որ ամեն ինչ չափ ունի. ձեռքը կարելի է կոտրել և գիպսով փակցնել երկու, երեք, չորս, հինգ անգամ, բայց ոչ` անվերջ: Նույնն է և պետության պարագայում. կարելի է դիմանալ երկու, երեք, չորս, հինգ պայթյունի, բայց ոչ 10 կամ 15-ի, քանի որ պետությունը պարզապես կդադարի գործառել:
Հնարավորություն կա՞ արդյոք (հիպոթետիկ կամ գործնական), որ Հայաստանը դուրս գա պարբերաբար ի հայտ եկող մշտնջենական ծածուկ ճգնաժամի վիճակից: Հնարավո՞ր է արդյոք, որ երկրում հաստատվեն քաղաքացիական համաձայնություն և ներքին անդորր: Փորձենք գտնել այս գլոբալ հարցերի պատասխանները և սկսենք Հայաստանում իշխանության աղբյուրների ու հասարակության և պետության ժողովրդավարականության աստիճանի դիտարկումից:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
Ինչպես հայտնի է, ժողովրդավարության գլխավոր սկզբունքը ժողովրդի առկայությունն է` որպես իշխանության աղբյուրի: Սա է մեծամասնության իշխանության ձևավորման (քանի որ ժողովուրդը, լինելով իշխանության աղբյուրը, այն ընտրում է քվեարկությամբ, որտեղ, բնականաբար, հաղթում է միայն մեծամասնությունը) և օրենքի գերակայության ապահովման (քանի որ ժողովրդին` որպես միասնական օրգանիզմի, խորթ է անօրինությունը կամ ինչ-որ մեկի, ով էլ որ լինի, գերիշխանությունն օրենքի հանդեպ. ժողովուրդն անպայման, իր շահերից ելնելով, կընտրի և գործով կիրականացնի օրենքի գերակայությունը, քանի որ նրա համար այդպես ավելի շահավետ է) երաշխիքը: Ժողովրդավարությունը հասու է Արևմուտքի զարգացած երկրներին (մյուս աշխարհամասերում դեմոկրատիան հազվադեպ հյուր է, ինչպես Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Իսրայելում և այլն): Օրինակ, արևելյան հանրությունների համար «իրավունքների և ազատությունների հավասարություն՚ հասկացությունը` դեմոկրատիայի հիմքը, որը պետք է ապրիորի ընդունել, բավական խորթ է, Արևելքում մարդիկ միշտ անհրաժեշտ են համարում ինչ-որ մեկին հատուկ իրավունքներ և ազատություններ տալը (ի վնաս իրենց իրավունքների և ազատությունների, ինչը նշանակում է նրանց գոյության թույլտվություն իրավական դաշտից դուրս): Այստեղից կարելի է եզրակացնել, որ արևելյան հասարակությունների կառուցվածքը բնույթով հիերարխիկ է, քանի որ քաղաքական և տնտեսական անհավասարությունն անպայման կլանային հիերարխիաներ է կազմավորում, և այդպիսով ձևավորվում է բրգաձև հասարակական կառույց:
Այսպիսով, եթե ընդունենք, որ ժողովուրդը չէ իշխանության աղբյուրը Հայաստանում, ապա հարկ է որոշել, թե ում վրա է դրված այդ առաքելությունը: Ի մոտո դիտարկելով հարցը` հայտնաբերում ենք, որ մեզ մոտ իշխանության աղբյուր է հանդիսանում երեք դաս. նոմենկլատուրային մտավորականությունը (հանձինս գիտակրթական կազմակերպությունների, հաստատությունների և ստեղծագործական միությունների ղեկավարների, իշխանամետ մաս-մեդիայի, «պալատական՚ ինտելեկտուալների և այլոց), օլիգարխիան (այդ թվում և զինվորական), բյուրոկրատիան (նկատի են առնվում պետական իշխանության և կառավարման բոլոր մարմինները, ներառյալ պետական մեքենան ինքը և ուժային կառույցները): Հենց նրա ընդերքից է առաջադրվում լիդերը, իսկ հետո, ընտրական դեմոկրատական ընթացակարգերի միջոցով, բյուրոկրատիան նրան լեգիտիմություն է հաղորդում: Նշենք, որ Հայաստանում երբեք հաջողությամբ չեն ավարտվել իշխանափոխության փորձերը ժողովրդի մասնակցությամբ. ոչ 96-ին, ոչ 2003-ին, ոչ էլ 2008-ին: Հայաստանում 20 տարվա ընթացքում ընդամենը մեկ անգամ է լիդերի փոփոխության հաջող փորձ կատարվել, որը տեղի է ունեցել 1998թ. և անցել է առանց ժողովրդի մասնակցության, իսկ իշխանափոխությունն իրականացրել է էլիտան` հանձինս իշխանության աղբյուրների` բյուրոկրատիայի և օլիգարխիայի (նոմենկլատուրային մտավորականության հավանությամբ):
Դիտարկենք իշխանության աղբյուրների էությունը:
Նոմենկլատուրային մտավորականություն. սա, թերևս, ամենաազդեցիկ դասն է հանրային կարծիքի ձևավորման առումով: Հրապարակային գործունեությամբ զբաղված ռեկտորներն ու ակադեմիկոսները, մշակույթի, գիտության և արվեստի գործիչները, վերջապես` կառավարամետ ԶԼՄ-ները ռեժիմի հիմնական մունետիկներն են, նրա քաղաքականության և գաղափարախոսության անցկացնողները լայն զանգվածների շրջանում:
Օլիգարխիա. այս դասը, շահերի ընդհանրությամբ գործնականում միացած լինելով պետական իշխանության հետ, ամենախոշոր գործատուն է երկրում և, բնականաբար, առավել ազդեցիկ գործոն բոլոր մակարդակների ընտրապայքարների շրջանում: Գագիկ Ծառուկյանը և Սամվել Ալեքսանյանը, Ռուբեն Հայրապետյանը և Հրանտ Վարդանյանը բոլորն էլ բրգաձև կառույցների ղեկավարներ են, և հենց նրանք են որոշում ստորին խավերի բարեկեցությունը, որոնք, բնականաբար, իրենց պարտքն են համարում պարբերաբար նաև քաղաքական բնույթի (այլ բաների կողքին) ծառայություններ մատուցել իրենց հովանավորներին ընտրարշավներում, քանի որ լավ են գիտակցում. իրենց անձնական բարեկեցության մակարդակն ուղիղ համեմատական է իրենց լիդերի քաղաքական նշանակալիությանը: Կարծում եմ` օլիգարխիայի դերը երկրի քաղաքական գործընթացում հայտնի է բոլորին, այնպես որ` չենք խորանա այս թեմայով և կսահմանափակվենք ասվածով:
Բյուրոկրատիա. առավել ազդեցիկ դասն է վարչական (և ուժային) ռեսուրսների տիրապետելու տեսակետից: Հանրային կարծիքի վրա բյուրոկրատիան, որպես կանոն, միշտ կործանարար ազդեցություն է թողնում, սակայն նրա դերը ռեժիմի պահպանման և վերարտադրման գործում դժվար է գերագնահատել: Միանշանակ է, որ առանց բյուրոկրատիայի աջակցության ռեժիմը չի դիմանա անգամ մեկ ընդդիմադիր հանրահավաք-երթի:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ` ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐ
Հաշվի առնելով այն, որ Հայաստանում ժողովուրդը` որպես իշխանության աղբյուր, նենգափոխվում է վերոնշյալ դասերով, դիտարկենք այնտեղ տիրող և պարբերաբար ճգնաժամերի հանգեցնող քաղաքական իրականությունն ու տրամադրությունները: Հակիրճ անդրադառնանք իշխանության երեք աղբյուրներին` քաղաքական իրականության ձևավորման վրա իրենց ազդեցության տեսակետից:
Նոմենկլատուրային մտավորականություն. այս դասի լիդերները, որ հանրային կարծիքում իրենցով փոխարինում են ողջ մտավորականությանը, գործող իշխանությանն այնքան վնաս են պատճառում, որքան չի կարող վնասել և ոչ մի թշնամական հետախուզություն, էլ չենք խոսում ընդդիմության մասին, թեև օգտվում են բոլոր բարիքներից, ներառյալ «արքայական սեղանի՚ կռճոնները, իրավական իմունիտետը և այլն: Նոմենկլատուրային մտավորականության գործունեության գլխավոր տեսակներն են գողությունը, կաշառակերությունը, պրոտեկցիոնիստական վերաբերմունքը երիտասարդության կարիերայի առաջընթացի հարցերին, հանրային կարծիքի ապուշացումը: Ոչ մի օգտակար բանով նրանք գործնականում զբաղվել չեն կարող: Ստեղծագործական միությունները և ակադեմիական հաստատությունները ԽՍՀՄ-ից ժառանգել են բազմամիլիոնանոց կարողություն: Հասարակական կազմակերպությունների կարգավիճակ ունենալով` դրանք, այնուամենայնիվ, իրականում առևտրային ընկերություններ են, հեռու գիտական-ստեղծագործական իրականությունից, իսկ դրանց պատերի ներսում վարվող «ստեղծագործական՚ բոլոր բանավեճերը վերաբերում են վիթխարի սեփականության բաժանմանն ու բաշխմանը: Փաստացի սեփականատերերն են միությունների ղեկավարները (մտերիմների սահմանափակ շրջանակի հետ համատեղ): Օրինակ, Հայաստանի Գրողների միությունն ամենահարուստ կազմակերպությունն է, որը տնօրինում է ամենահամեստ հաշվարկներով` տասնյակ միլիոն դոլարներ արժեցող անշարժ գույքի Երևանում և երկրի լավագույն առողջարաններում: Անշարժ գույքը միանձնյա տնօրինում է միության նախագահը (հասկանալի է` ինչ-որ գրոշներ շպրտելով մոտիկներին): Օրինակ, կարող է հողամաս վաճառել մոսկովյան օլիգարխին` էլիտար բնակելի կառուցելու համար, կարող է և 50 տարով վարձով տալ հանգստյան տներից մեկը, մի խոսքով` ամեն ինչ կարող է անել: Իրավական իմունիտետ ունի և վստահ է, որ պետությունը երբեք իր գործողությունները քրեորեն պատժելի չի որակի, քանի որ Հայաստանում վատ ավանդույթ է ձևավորվել. ներել մշակույթի և գիտության իբր «փառաբանված՚ գործիչներին նրանց մարդկային թուլությունները և զանցանքները: Օրինակ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ոչ անհայտ Հովհաննես Չեքիջյանը, որ ավելի հայտնի է որպես ժուլիկ և գող, երկու տարի շարունակ «քցում՚ էր սեփական կոլեկտիվին և մոսկվացի ձեռներեց Սենիկ Գևորգյանին. նրանից կապելլայի յուրաքանչյուր արտիստի համար $100 էր ստանում, իսկ նրանց առձեռն ընդամենը $20 էր տալիս` մնացածը գրպանելով: Երբ սկանդալ պայթեց և գործերը հայտնվեցին դատախազությունում, այնտեղ շփոթության մեջ ընկան: Իսկ հետո որոշեցին քրեական պատասխանատվության չենթարկել տարեց մաեստրոյին, քանի որ, նախ` նա (էլ ո~նց կլինի) հայտնի դեմք է, այսպես ասած` «ազգի պարծանքը՚, երկրորդ` բոլորովին վերջերս երկրի նախագահը նրան պարգևատրել էր հերթական շքանշանով, իսկ շքանշանակիրներին նստեցնելն արևելյան պետությունների ավանդույթներում չկա: Հասկանալի է` Չեքիջյանի և չեքիջյանակերպ դեմքերի հանդեպ վերաբերմունքով պետությունը հասկանալ է տալիս ողջ նոմենկլատուրային մտավորականությանը, որ նրանք փաստորեն կարող են գոյություն ունենալ իրավական դաշտից դուրս, իսկ գողության փաստերը, անկախ չափերից, այն (պետությունը) միշտ չտեսնելու կտա: 
Անկախության տարիներին ստեղծագործական միությունների և այդօրինակ կազմակերպությունների ղեկավարները թալանել են տասնյակ միլիոնավոր դոլարների գույք, իսկ միության նախագահի աթոռը դարձել է յուրաքանչյուր միջակ (բայց ճարպիկ) գրողի ու նկարչի, ռեժիսորի ու երաժշտի բաղձալի երազանքը: Ստեղծագործական միությունների համագումարները Հայրենական պատերազմի ժամանակների ճակատամարտեր են հիշեցնում: Անփորձ ականատեսը կզարմանա «ստեղծագործական կրքերի՚ շիկացումից, սակայն կկորցնի հետաքրքրությունը հայ մշակույթի և հայության հանդեպ ընդհանրապես, հենց հասկանա, որ իրականում պայքարը մղվում է միության գույքը տնօրինելու, ասել է թե` գողանալու իրավունքի համար:
Պակաս չէ (իսկ հանրային դժգոհություն հրահրելու տեսակետից` ամենամեծն է) ստեղծագործական միությունների և ակադեմիական հաստատությունների պատճառած վնասը երկրի գիտական-մշակութային իրականությունը սահմանողի դերում: Միջակություններ (հազվադեպ բացառություններով) լինելով` այդ կազմակերպությունների ղեկավարները փաստորեն տնօրինում են աճող սերնդի ճակատագիրն ու ստեղծագործական կարիերան: Ով կդառնա գիտությունների դոկտոր, ակադեմիկոս, շքանշանակիր, ամեն տեսակ մրցանակների ու կոչումների դափնեկիր, դրամաշնորհ ու այլ պարգևներ ստացող` այս բոլոր հարցերը լուծում են հայկական գիտության և մշակույթի առաջին դեմքերը, հասկանալի է` ելնելով անձնական, ինչպես ընդունված է Արևելքում, այլ ոչ թե համընդհանուր շահերից, ինչպես արվում է Արևմուտքում: Անշուշտ, միջակությունները միջակությունների էլ ընտրում են, իսկ հիրավի օժտված մարդկանց վերև տանող ճանապարհը (հազվադեպ բացառություններով) փակ է: Հասկանալի է` սա դժգոհության հուժկու ալիք է բարձրացնում մտածող հասարակության շրջանում, իսկ թաքուն բողոքներն ուղղվում են պետության առաջին դեմքի հասցեին: Տեր-Պետրոսյանի էլեկտորատում երկու տարի առաջ տասնյակ հազարավոր նորմալ մարդիկ կային` մշակույթի ու գիտության գործիչներ, որոնք աջակցում էին առաջին նախագահին այն բանի համար, որ վերջինս վերջապես կարգուկանոն մտցնի երկրի գիտական-մշակութային դաշտում և ազատի նրանց ներկա էլիտայի բարոյազուրկ ճնշումից: Այսօր նույն մարդիկ կգնան ցանկացած ընդդիմադիր լիդերի հետևից, որովհետև ի վիճակի չեն հանդուրժել այս իրականությունը, և նրանց կարելի է հասկանալ:
Ինչ վերաբերում է երկրի կրթական համակարգին և ոլորտի ղեկավարներին, ապա, կարծում եմ, յուրաքանչյուր հայ փայլուն կերպով պատկերացնում է նրանց էությունը, այնպես որ` չմանրամասնենք: Կոռուպցիան, գիտելիքի և պրոֆեսիոնալիզմի պահանջարկը մեռցնելը, համատարած կոմերցիալացումը, բարոյազրկությունը, տաղանդավոր անհատներին ճզմելը. ահա թե ինչ է տիրում այս ոլորտում: Կարո՞ղ է արդյոք նորմալ հասարակությունը հանդուրժել նման վիճակը: Բնականաբար, դա բացառվում է:
Ինչ վերաբերում է մաս-մեդիային, որը կոչված է իբր թե պարզերես անելու իշխանությանը հանրային կարծիքի աչքում և թույլ չտալու, որ այնտեղ գերիշխեն անհաշտ արմատական միտումները, ապա պետք է ասել, որ իշխանամետ զանգվածային լրատվամիջոցները զբաղվում են կատարելապես այլ բանով, ավելի ճիշտ` նրանց գործունեության արդյունքը ճիշտ հակառակն է: Կարծում եմ` հազիվ թե որևէ մեկն առարկի, քանի որ սա անվիճելի է: Համենայնդեպս, երկրում անհնար է գտնել նորմալ մարդու, որն ահավոր նողկանք չզգա հայրենական հեռուստաալիքների հանդեպ, իսկ այստեղից մինչև իշխանությունը չընդունելը կես քայլ է: Մի խոսքով` դժվար է գերագնահատել հեռուստաեթերից բնակչության դժգոհության դերը իշխանության հեղինակազրկման գործում1: Առկա բոլոր հեռուստաալիքներից, գուցե, մեկը կամ երկուսն են, որ զզվանք չեն առաջացնում, և սա` այն դեպքում, երբ դրանցից մեկը` «Երկիր-մեդիան՚, դժվար թե այս պահին իշխանամետ անվանես:
Օլիգարխիա. սկզբնավորման պահից օլիգարխիան զբաղված է գործունեության հետևյալ տեսակներով. գանձագողություն (իշխանությունների ներկայացուցիչների գործընկերությամբ), հարկերի չվճարում (նույնպես իշխանությունների հետ գործակցելով), հատուկ արտոնությունների ձեռքբերում ձեռնարկատիրական գործունեությունում, ներառյալ մոնոպոլ իրավունքներ, շահավետ գործարքներ, մրցույթներ շահելը և այլն (բնականաբար, այստեղ նույնպես առանց իշխանությունների չի լինում): Այս ամենը, իհարկե, ստանում է աշխատատեղեր ստեղծելու տեսք, անդրադառնում է ՀՆԱ աճի վրա, պակաս կարևոր դեր չի խաղում սոցիալական ոլորտում, այսինքն` օլիգարխաթի գոյությունը չի կարելի դիտարկել միայն բացասական երանգներով: Իսկ ինքնուրույն, առանց պետության միջնորդության, օլիգարխիան զբաղվում է միայն բռնությամբ, խուլիգանությամբ և կամայականությամբ` Ֆելիքս Ձերժինսկու մշակած «գողական օրենքի՚ ոգով. ամիս չկա, որ չլսես հերթական խուլիգանական գործողության, կռվի, փոխհրաձգության և օլիգարխաթի ներկայացուցիչների մասնակցությամբ հաշիվներ պարզելու մասին: Անշուշտ, հանրային կարծիքի համար օլիգարխաթը բացասական ֆենոմեն է: Այն հազիվ է հանդուրժում վերջինին, իսկ ընտրությունների շրջանում բացասական վերաբերմունքը կրքեր է բորբոքում (հիմնականում իռացիոնալ)` երբեմն զանգվածային հուզումներ առաջացնելով:
Բյուրոկրատիա. հասարակության և հանրային կարծիքի համար, թերևս, ամենաանընդունելի դասն է: Եթե, ասենք, օլիգարխաթն ու նոմենկլատուրային մտավորականությունն իրական դաշնակիցներ ունեն հասարակության որոշ խավերի մեջ, ապա բյուրոկրատիան զրկված է բացարձակապես բոլոր հենարաններից, ինքն է իր հենարանը: Իհարկե, Հայաստանը եզակի չէ այն հարցում, որ հասարակությունը չի ընդունում բյուրոկրատիան: Հավանաբար, դժվար է գտնել մի երկիր, որտեղ պետական իշխանության և կառավարման մարմինները հարգանք են վայելում: Սակայն Հայաստանում զզվանքը համատարած կոռումպացված բյուրոկրատիայից հասնում է ահռելի մասշտաբների, իսկ մեղքը, որը հանրային կարծիքը վերագրում է նրան, պետությունում և հասարակությունում տիրող տոտալ անարդարությունն է: Անշուշտ, սա հանրային դժգոհության լուրջ կատալիզատոր է, որը սովորաբար լուծում է ստանում ընդդիմությանն (կարևոր չէ` ինչպիսի) աջակցելով և, համապատասխանաբար, քաղաքական գործողություններին (հակաիշխանական) զգալի զանգվածների մասնակցությամբ:
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ
ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ` ՀԵՆԱՐԱ՞Ն ՌԵԺԻՄԻ ՀԱՄԱՐ, ԹԵ՞ ԱՅՆ ԿՈՐԾԱՆՈՂՆԵՐ
Ինչպես տեսնում ենք, հանրային դժգոհության գլխավոր պատճառները, այստեղից բխող բոլոր հետևանքներով, իշխանության աղբյուրներն են` նոմենկլատուրային մտավորականությունը, օլիգարխիան, բյուրոկրատիան: Առաջին հայացքից կարելի է ենթադրել, որ եթե դրանք չլինեին, երկրում վաղուց հաստատված կլինեին ներքին անդորրն ու քաղաքացիական համերաշխությունը: Բայց ո՞վ կփոխարիներ նրանց որպես իշխանության աղբյուր: Չէ՞ որ իշխանությունն (ինչպես և ուրիշ շատ բաներ) առանց աղբյուրների չի լինում, իսկ հայերը` որպես ժողովուրդ, իրենց քաղաքակրթական զարգացման տվյալ պահին ի վիճակի չեն ինքնուրույն և առանց միջնորդների դառնալ իշխանության իսկական աղբյուր: Ուրեմն, ո՞րն է ելքն այս կախարդական շրջանակից: Իսկապես ոչ նորմալ իրադրություն է ստեղծվում. փաստորեն պետական իշխանությանը կործանում է իր իսկ հենարանը, իսկ այդ հենարանի բաղկացուցիչ տարրերը կտրում են այն ճյուղը, որին նստած են: Վերացնելով օլիգարխաթը որպես դաս, որպես ֆենոմեն` բարձրագույն իշխանությունը կմնա առանց իր ամենաէական հենարանի և կարող է պարզապես փլուզվել, քանի որ ազատ շուկայի ներդրման, տնտեսական հավասարության և քաղաքակիրթ շուկայական հարաբերությունների հաստատման համար Հայաստանի ժողովուրդը բացարձակապես պատրաստ և ի վիճակի չէ: Հետևաբար, անհրաժեշտ է պահպանել օլիգարխաթը, մանավանդ որ անհնար է այն վերացնել սույն պահին, անգամ բավականաչափ քաղաքական կամքի առկայության պարագայում: Նոմենկլատուրային մտավորականությունը, լինելով ևԲ իշխանության աղբյուր, ևԲ նրա հենարան, նույնպես անհրաժեշտ է: Դրա վերացումը նույնպես անհնար է թվում: Ժամանակին Տեր-Պետրոսյանը մտածեց ցրել ստեղծագործական միությունները և ազգայնացնել նրանց սեփականությունը, բայց հետագայում հրաժարվեց. հավանաբար, վախեցավ հրահրել մտավորականության դժգոհությունը, ինչի հետևանք կարող էր լինել վերջինի` ընդդիմության կողմն անցնելը: Նույն մոտիվներով 10 տարի շարունակ ստեղծագործական միություններին կաթոգին գուրգուրեց և շփացրեց նախագահ Քոչարյանը, իսկ այսօր նրանց հարկադրված հանդուրժում և սնում է Սերժ Սարգսյանը (փաստը, որ ստեղծագործական միությունների ներկայացուցիչների մեծ մասը թշնամաբար է տրամադրված ռեժիմի հանդեպ և միշտ աջակցում է ընդդիմությանը, երկրի ղեկավարությունը համառորեն չի ցանկանում ընդունել): 
Մի խոսքով` գործ ունենք ինքնատիպ համակարգային ճգնաժամի հետ: Ճգնաճամը իրավիճակ է, երբ հրաժարվում են գործել նախկին մեխանիզմները ծերացման և նոր մոդելների, նոր կառույցների և, ամենագլխավորը, իրականության հանդեպ նոր վերաբերմունքի և դրա այլ իմաստավորման օբյեկտիվ պահանջմունքի հետևանքով: Հին մեխանիզմները խափանումներ են տալիս, արգելակում զարգացումը, լարվածություն ծնում: Ճգնաժամը հաղթահարելու միակ միջոցը նոր մեխանիզմներ ստեղծելն է և դրանք օբյեկտիվ իրականությունում գործառելուն հարմարեցնելը, մեխանիզմներ, որոնք կապահովեին և կերաշխավորեին իշխանության երեք աղբյուրների գործունեությունն առանց իրենց և իշխանությանը վնասելու: Արդյո՞ք դա հնարավոր է:
ԸՆԹԱՑԻԿ ՃԳՆԱԺԱՄԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ
Կարծում եմ` ներկա ճգնաժամն առաջ է եկել նոր դարաշրջանի անհրաժեշտությամբ և հայկական իշխանությունների ու հասարակության` դրա գալուստն ապահովելու անընդունակությամբ: Տեսակետ կա, թե նախագահ Քոչարյանի հեռանալով Հայաստանում նոր ժամանակներ եկան, նոր դարաշրջան սկսվեց: Կարծում եմ` սա հեռու է ճշմարտությունից, ավելին` դարաշրջանը Հայաստանում չի փոխվել անգամ Տեր-Պետրոսյանի հեռանալով, իսկ իրականում 90-ականներից մենք ապրում ենք միևնույն դարաշրջանում: Այդ տարիներին երկրում քիչ բան է փոխվել, բոլոր փոփոխությունները կրել են քանակական, այլ ոչ թե որակական բնույթ: Օրինակ, երկրում պակասել են բռնությունն ու կամայականությունը. այսօր ավելի քիչ են ծեծում մարդկանց ու ավելի քիչ են բռնարարքներն ու մարդկանց անարգելու դեպքերը, քան Տեր-Պետրոսյանի ժամանակ էր, բայց դա ոչ թե հանրային բարոյականության արմատական ապաքինման, այլ, ավելի շուտ, կրքերի բնական հանդարտման և պարկեշտության որոշ նորմերի ձևական պահպանման արդյունք է, քանի որ կյանքում կարելի է հոգնել ամեն ինչից, և ամենաթողությունը բացառություն չէ:
Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե անկախության պահից առայսօր Հայաստանն ապրում է միևնույն դարաշրջանում, այն դեպքում, երբ Վրաստանում երեք դարաշրջան է փոխվել, Ռուսաստանում` երկու, Ուկրաինայում` երեք, ապա որպես ասվածի հավաստիացում անվիճելի փաստարկ բերեմ. նոր դարաշրջանի սկսվելը կարելի է փաստել միայն այն դեպքում, երբ հին արժեքները մեռնում են և դրանց փոխարինելու են գալիս նորերը, ինչպես նաև տեղի է ունենում անցյալի անարդարության հետևանքների վերացում: Օրինակ, Նիկիտա Խրուշչովը նոր դարաշրջան բացեց ԽՍՀՄ ժողովուրդների պատմության մեջ, քանի որ կատարեց երկու պայմանն էլ. փոխեց արժեքները (վերացրեց Ստալինի պաշտամունքը և կոմունիստական գաղափարախոսությանը պրագմատիկ երանգներ հաղորդեց` այն ազատելով սրբազանության տարրերից) և վերջ տվեց անցյալ դարաշրջանի անարդարությանը (ԳՈՒԼԱԳ-ից տուն վերադարձրեց հարյուր հազարավոր մարդկանց ու վերջ դրեց զանգվածային բռնաճնշումներին` որպես ներքին քաղաքականության իրականացման մեթոդի): Վլադիմիր Պուտինը չընդդիմացավ նոր դարաշրջանի մուտքին, թեև գտնվում էր հուժկու ստերեոտիպերի և երկրի ու արտասահմանյան ազդեցիկ ուժերի ճնշման ներքո. եթե Բորիս Ելցինի ժամանակներում Ռուսաստանում գերիշխում էին արևմտամետ լիբերալ գաղափարախոսությունն ու հակակայսրականին մոտ հզոր հակակոմունիստական տրամադրությունները, որոնց պայմաններում վատ վարքի նշան էր համարվում գոնե փոքր-ինչ քննադատաբար արտահայտվելը Արևմուտքի և նրա արժեքների մասին, ապա այսօր իրավիճակը շրջվել է 180%-ով. ռուսական հանրային գիտակցության համար արևմտյան լիբերալիզմն այսօր, մեղմ ասած, զզվելի է, և Ռուսաստանում սլավոնաֆիլության և ուղղափառության իդեալների վրա հենված ռուսական կոնսերվատիզմը իշխող կուսակցության, այսինքն` պետության պաշտոնական գաղափարախոսություն է հռչակված:
Հայաստանի Հանրապետությունն ապրում է հին և փոփոխությունների չենթարկվող արժեքներով, իսկ դրանք վերանայելու քաղաքական ու քաղաքացիական կամքը, փաստորեն, բացակայում է: Պետության «պաշտոնական կուռքերի՚ դիտարկումը զարմացնում է «պերսոնաժների՚ բազմազանությամբ և քաղաքական-գաղափարախոսական անհամատեղելիությամբ. այնտեղ կարելի է հայտնաբերել ևԲ կոմունիստական դարաշրջանի կուսակցական ֆունկցիոների, ևԲ տիպիկ խմբապետի, որին հարգում են ասես արդի հայկական բանակի «հոր՚, ևԲ նացիստական լեգեոների, ևԲ նացիստական գաղափարախոսության հայկական տարատեսակի հիմնադիր իսկական նացիստի: Նման բան աշխարհում ուրիշ որևէ տեղ չկա և լինել չի կարող: Իսկ թե ինչպես կարող է նույն ժողովուրդը դավանել փոխբացառող արժեքներ` հայտնի չէ2: Ավելի ճիշտ` դա սկզբունքորեն անհնար է, դրա համար էլ մեր արժեքները կեղծ են ու մեռած և ընդհանուր ոչինչ չունեն օբյեկտիվ իրականության հետ, իսկ դրանց պահպանումը խոչընդոտում է ապագային միտված նոր, կենսունակ ու իրական արժեքների ծնունդին: Իսկ դրանց վերացման համար, ինչը միայն անկեղծ և ճշմարտացի վերաբերմունք է պահանջում հասարակության հանդեպ, ինչպես տեսնում ենք, չի բավականացնում տարրական քաղաքական կամքը:
Սակայն բանն անհամեմատ ավելի վատ է հին իշխանությունների անարդարության հետևանքների վերացման գործում: Հայկական հասարակությունն այսօր շնչահեղձ է լինում անցյալի ողբերգություններից: 1990-ից երկրում ամեն տարի անթիվ անարդարություններ են կատարվել, և մինչ օրս ոչ մի գործ չի վերանայվել: Հատկապես խայտառակ են մեխանիզմները, որոնք ապահովում են մուտք դեպի էլիտաներ, որտեղ միջակ, անսկզբունքային և անբարո կոնֆորմիստներից զատ ոչ ոք տեղ չունի (հազվադեպ բացառություններից բացի): Սակայն ամենաողբալին արդարադատության ոլորտն է: Բավական է ասել, որ 92 ցմահ ազատազրկվածների մեկ երրորդը պատիժը կրում է ուրիշների փոխարեն, երկու երրորդը նստած է չափազանց դաժան և անարդար դատավճիռներով: Իսկ պատժի առավելագույն չափի դա-տապարտված 92-ից 14-ը զինծառայողներ են (որոնցից առնվազն 10-ը պատիժ են կրում ուրիշների փոխարեն), իսկ դա սարսափելի թիվ է3…
Անշուշտ, երկրի ղեկավարությունը չի կարող չիմանալ այս և աղաղակող բազմաթիվ այլ դեպքերի մասին: Սակայն ոչինչ չի ձեռնարկում և չի պատրաստվում վերականգնել արդարությունը: Ինչո՞ւ: Որովհետև արդարության վերականգնումը Հայաստանում լի է ծանրագույն հետևանքներով (իշխանության համար), և սա, ըստ էության, իրական ազգային ողբերգություն է: Քանի որ, եթե գոնե մի գործ վերանայվի, ապա ստիպված կլինեն բանտ ուղարկել նրանց, ում ազատման համար երկրի ղեկավարությունը Եվրոպայի ճնշմամբ վերանայել է ևԲ ներքին օրենսդրությունը, ևԲ համաներում է հայտարարել, որպեսզի նախկին զինդատախազը «համաժողովրդական պայքարի՚ գործընկերների հետ երկար չնստի:
Հասկանալի է` վերջին 20 տարիների անարդարությունների հետևանքները թունավորում են հասարակական կյանքի բոլոր ոլորտները, սակայն արդարադատու-թյան համակարգն ամենազգայունն է, և այս ոլորտում իրերի ներկայիս դրության պահպանումն ամենից շատ է խարխլում գործող իշխանության հանդեպ վստահությունը և ավելի շատ ատելություն է ծնում նրա հանդեպ, քան որևէ այլ բան:
ՃԳՆԱԺԱՄԻ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ
ԱՎԱՐՏԸ ԵՎ ՄՈՏ ԱՊԱԳԱՅԻ
ՈՒՐՎԱԳԾԵՐԸ
Եվ այսպես, նախագահ Սարգսյանը ժառանգել է անառողջ, խնդրահարույց, համակարգային ճգնաժամով ախտահարված իրականություն: Նրա կառավարման երկու տարում ճգնաժամը խորացել է: Ավելին, նախագահի կողմնակիցների (կոալիցիոն գործընկերների, օլիգարխիայի) շարքերում այսօր շատերը տատանվում են: Ներկա իրականության կոնսերվացման Սարգսյանի քաղաքականությունը ձեռնտու չէ անգամ նրանց, քանի որ, քաղաքական գործընթացի գործոններ լինելով, չեն կարող գոհանալ իրերի առկա դրությամբ, նրանք իրենց ակնկալիքներն ու այլ հավակնություններն ունեն Սարգսյանի նախագահությունից, որոնք հազիվ թե արդարանան: Հիասթափված է նաև առողջ հասարակայնության այն հատվածը, որի շնորհիվ Սարգսյանը հաղթեց Տեր-Պետրոսյանի աղանդին: Իսկ ընդդիմությունը զբաղված է ամենօրյա գործով. իշխանության դեմ պայքարով, որում թուլանում են կաԲմ դաշնակցականները հօգուտ Տեր-Պետրոսյանի և «Ժառանգություն՚ կուսակցության, կաԲմ հակառակը:
Քաղաքական գործընթացի վերլուծությունը ցույց է տալիս, որ բազմադեմ ընդդիմությունը սպառնալիք չի ներկայացնում նախագահ Սարգսյանի համար, անգամ եթե փողոց դուրս բերի մի միլիոն մարդու, քանզի անվիճելի է, որ Հայաստանում իշխանության հարցերը լուծվում են էլիտայի մակարդակով: Հետևաբար, նախագահ Սարգսյանը պետք է զգուշանա երկու բանից. սեփական շրջապատից և ճգնաժամի կրիտիկական շեմից, որից անդին անդունդն է:
Իսկ այսօրվա դրությամբ արդեն ակնհայտ է. 2013թ. արդեն երկրի նախագահ կլինի ոչ Սերժ Սարգսյանը: Եվ եթե ընդդիմադիր լիդերն այդ պաշտոնում ակներևաբար անհնար է, հետևաբար, Սարգսյանին կփոխարինի որևէ մեկը գործող էլիտայից:
Այդ դեմքը կարող է լինել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը (եթե մինչև 2013թ. էլիտայի շարքերում էական ոչ մի փոփոխություն տեղի չունենա)4:
Ի՞նչ սպասել Սարգսյանի հաջորդից, անկախ այն բանից, թե ինչպես (և երբ) կգա իշխանության: Կարծում եմ` բոլորովին ոչինչ. հաստատ քաղաքացիական և քաղաքական արիություն չի ունենա նոր դարաշրջանի սկզբնավորում նախաձեռնելու համար, այնպես որ` համակարգային ճգնաժամը, ամենայն հավանականությամբ, կհասնի իր բնական լուծմանը, ասել է թե` կրախի, որը կանխատեսելն այս պահին լուրջ չի լինի: Այլ բան է վերլուծելն ու խորհրդածելը: Բայց մինչ այդ հարկ է անդրադառնալ տեսանելի ապագայում, մինչև X ժամի գալը, իշխանությունների հետագա քաղաքականությանը:
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՄԻՆՉԵՎ X ԺԱՄԸ
(ԱՆՑՅԱԼԻ ԿՐԿՆՈՒԹՅՈ՞ՒՆ)
Սկզբունքորեն, իշխանությունը ոչ մի նոր բան հորինել չի կարող (և չի էլ ցանկանա): Ավելի շուտ` կգոհանա 2008թ. գարնանից «հաջողությամբ՚ կիրառածը շարունակելով: Իսկ ինչո՞վ է զբաղվում ահա արդեն երկու տարի: Ի վիճակի չլինելով բեկել իրավիճակը` իշխանությունը ընթացիկ աշխատանքից բացի, զբաղվում էր, մեղմ ասած, բացահայտ (և բավական վտանգավոր) ամբոխահաճությամբ: Օրինակ, վերցնենք, եթե չեմ սխալվում, վարչապետի կողմից նետված և «հայրենասեր՚ ընդդիմության կողմից ուրախությամբ հափշտակված միացյալ և անբաժան «հայկական աշխարհի՚ գաղափարը: Իրականում նորմալ մարդու համար պարզ է, որ խոսք անգամ լինել չի կարող միացյալ հայկական աշխարհի և միացյալ շահերի մասին, քանի որ հայերը քաղաքացիներ են ԱՄՆ-ի և Իրանի, Հնդկաստանի և Լիբանանի, Իսրայելի և Արգենտինայի, Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի, Ռուսաստանի և Վրաստանի: Քաղաքական շահերի ի՞նչ ընդհանրության մասին կարող է խոսք լինել: Իհարկե, ոչ մի: Բայց որքան գեղեցիկ է հնչում այդ ամենը ամբոխահաճի շուրթերին, որն անզոր է իրականության դեմ, որից ջանում է փախչել: Եվ սրտի ի~նչ թրթիռով է լսում ողջ այս զառանցանքը ամբոխը:
Բնականաբար, միացյալ «հայկական աշխարհի՚ ոչ երկրային գաղափարը չէր կարող շարունակություն չունենալ, և այն երկար սպասել չտվեց. ի հայտ եկավ այլ, ավելի հիմար գաղափար, որը որոշ ժամանակ նույնիսկ խորհրդարանական քննարկումների առարկա և «նացիոնալիստական՚ կրքերի խթանիչ դարձավ: Խոսքը «աշխարհի քաղաքի՚ մասին է, որը ցանկանում են կառուցել Խոր Վիրապի մոտ, որը պետք է, ըստ հեղինակների մտահղացման, ազգային թաղամասեր ունենա` արաբական, ամերիկյան, ֆրանսիական, պարսկական և այլն: Հատկանշական է, որ այս նախա-գծի վերաբերյալ քաղաքական շրջանակներում չեն քննարկվել դրա իրականացման նպատակահարմարության և տնտեսական հնարավորության հարցերը (քանի որ ոչ նպատակահարմարություն կա, ոչ էլ հնարավորություններ, որովհետև երկիրը, որն ի վիճակի չէ կարկատել իր մայրաքաղաքի կենտրոնի փոսերը, բնականաբար, չի կարող իրականացնել նաև բազմամիլիարդանոց քաղաքաշինական նախագիծը): «Լուրջ՚ քննարկումների արժանացան հետևյալ հարցերը. թուրքական թաղամաս լինի՞ արդյոք «աշխարհի քաղաքում՚, կամ` բազմահարկեր կառուցե՞լ արդյոք (քանի որ վտանգ կա, թե դրանք կծածկեն Արարատին բացվող տեսարանը), կամ` մի փոքր ավելի ձախ կամ աջ չտեղափոխե՞ն արդյոք ապագա քաղաքը, որպեսզի վեհասքանչ լեռան համայնապատկերը միշտ աչքի առաջ լինի, անկախ նախատեսվող շենքերի հարկերի քանակությունից:
Երկու տարում ներքին քաղաքականության մեջ իրականացվել են «մեծ՚ բարեփոխումներ և, հարկ է կարծել, դրանք կշարունակվեն նույն ոգով: Օրինակ, վարչապետը, որն ի պաշտոնե պարտական է պարբերաբար գոնե ինչ-որ ռեֆորմներ առաջարկել հաշվետու լինելու համար (այլ կերպ նրան անբան կանվանեն), վերցրեց ու երկրի բնակչությանը դատապարտեց անվտանգության գոտիներ կիրառելուն: Առանձնահատուկ ոչինչ չենք տեսնում այն բանում, որ ամրագոտիներ կրելը քաղաքային պայմաններում վտանգավոր է կյանքի համար (քաղաքում վթարների ժամանակ հարվածների մեծ մասը կողքից է լինում, հետևաբար, ամրագոտիները լուրջ վտանգի են ենթարկում վարորդի և ուղևորների կյանքը), քանի որ իշխանությունների` կյանքի համար վտանգավոր նախաձեռնությունները հայկական քաղաքականության նորմ են դարձել: «Ամրագոտիների ռեֆորմը՚ մեզ հետաքրքրում է որպես բյուջեն համալրելու միջոց. դրա մեկնարկից հետո, հաշված օրերի ընթացքում հինգհազարական տուգանքների ենթարկվեցին Հայաստանի տասնյակ հազարավոր անմեղ քաղաքացիներ` այդպես էլ չհասկանալով, թե որ մեղքերի համար է կառավարությունն իրականացնում ռեֆորմների քաղաքականությունը` ի հաշիվ իրենց նյարդային համակարգի և գրպանների: Չեն էլ հասկանա: Հետո` շատ ավելի հետաքրքիր է: Եվրոպաներով շրջելով` վարչապետը հասկացավ, որ հարկավոր է Հայաստանը հասցնել եվրոպական ստանդարտներին նաև ընտանի կենդանիներ պահելու մասով, և արդյունքում լույս աշխարհ եկավ մի փաստաթուղթ, որը պարտավորեցնում է շներին մաքուր օդի հանել դնչկալներով (թե որ գերատեսչությունն է ստեղծել «եվրաինտեգրացիոն՚ պատմական այս փաստաթուղթը, որը կամուրջ է նետում մեր ու Եվրոպայի միջև, և ում ստորագրությունն է դրված դրա տակ` ես չգիտեմ, սակայն հայտնի է, որ նախաձեռնությունը հենց վարչապետինն էր): Սակայն, ինչպես և ամրագոտիների պարագայում, հաշվի չէին առնվել նրանց շահերը, որոնց համար մտցվում էր նորամուծությունը, այսինքն` այս անգամ կենդանիներինը. հայտնի է, որ դնչկալը բացասաբար է ազդում շան փսիխիկայի վրա (սա կհաստատի ցանկացած մասնագետ), հետևաբար, խախտվում են կենդանիների իրավունքները, ինչն առհասարակ չի կարող տեղի ունենալ Եվրախորհրդի անդամ պետությունում: Մի խոսքով` ոստիկանության հետ ամեն օր խնդիրներ ունեցող մարդիկ (նաև ինձ է վերաբերում) շուտով ստիպված կլինեն դիմել կենդանիների պաշտպանության լիգաներ, ընդհուպ Բրիջիդ Բարդոյին` համոզելու նրան, որ ճնշում գործադրի Հայաստանի կառավարության վրա, որպեսզի վերջ դրվի կենդանիների դեմ բռնությանը: Կարծում եմ, եթե չի հաջողվում վերջ տալ մարդու հանդեպ բռնությանը Հայաստանում, ապա, հավանաբար, կենդանիների բախտն ավելի շատ կբերի:
Նոր իմաստավորում է ստացել կրոնը: Ամենախոշոր թղթադրամի վրա պատկերված է Եդեսիայի թագավոր Աբգար 5-րդը (ի դեպ, եզակի դեպք է աշխարհում, երբ ազգային արժույթի վրա պատկերում են օտարերկրացու)` առաջին միապետը, որն անձամբ քրիստոնեություն է ընդունել (Գրիգոր Լուսավորչից շատ առաջ): Իսկ մեռելոցի օրերն այժմ նշում են պետական մակարդակով: Հերթական կրոնական տոնին հաջորդող յուրաքանչյուր երկուշաբթի հանգստյան օր է հայտարարված, և երկրի քաղաքացիները հարկ է, որ գերեզմանատներ այցելեն, հիշեն ննջեցյալներին, քիչ խմեն և քիչ մեղսագործեն: Բազմաթիվ ականատեսներ վկայում են, որ հայերն այդպես էլ վարվում են, և որ վարչապետի նախաձեռնությունն իսկապես արժեքավոր է, որը աննախադեպ էթիկաբարոյական-հոգևոր-դաստիարակչական-պատմական նշանակություն ունի:
Բայց Հայաստանում երբեմն (թեև խիստ հազվադեպ) նաև իրոք օգտակար գործեր են կատարվում: Օրինակ, վարչապետն աչքի ընկավ երկու անգամ: Մի անգամ պետությանը հսկայական օգուտ բերեց նրանով, որ առևտրի և սպասարկումների ոլորտում հաշվիչ դրամարկղային մեքենաներ մտցրեց` անհարմարություններ պատճառելով ստվերային ձեռներեցությանը: Երկրորդ անգամ իր ճշմարտացիությամբ ու անկեղծությամբ հանճարեղ միտք հնչեցրեց Հայաստանում ամեն ինչում և ամենուր դիլետանտիզմի առկայության մասին: Կարծում եմ, եթե 2010թ. ևս երկու նման բան անի, ապա մինչև 2012թ. ընտրությունները նրան պահելն անհրաժեշտ կդառնա` ի շահ ազգի և պետության:
Բայց Հայաստանում, այնուամենայնիվ, հարկավոր է զբաղվել նաև հրատապ դարձած խնդիրներով, քանի որ միայն տիեզերական նախագծերով ու եվրոպական դնչկալներ ու ամրագոտիներ մտցնելով գործն առաջ չի գնա: Հայկական իշխանությունների` խնդիրները լուծելու տիպիկ օրինակ է հայրենական հեռուստառադիոընկերությունների սահմանափակումների չափորոշիչների շուրջ աղմուկ հանած պատմությունը:
Խնդիրն այն է, որ հեռուստաեթերում տիրող անտանելի վիճակն անտարբեր չէր թողել նույնիսկ երկրի ղեկավարությանը: Եվ վերջինը ձեռնամուխ է եղել երկար սպասված առողջարար այս գործողության իրականացմանը: Բայց, հասկանալի է, այն ճանապարհով չի գնացել: Բանն այն է, որ առաջարկվում է եթերի որակը բարձրացնել օրենսդրական ճանապարհով, ինչը, ըստ իս, սկզբունքորեն ան-հնար է և, մեղմ ասած, ոչ խելամիտ: Իսկ օրենքի լրացումներում ուզում են տառացիորեն գրանցել և նկարագրել ոչ միայն պոռնոգրաֆիայի և էրոտիկայի տարբերությունը, այլ նաև դրանց ցուցադրման մեթոդները (ասենք, խոշոր պլանով սեռական օրգանները ցուցադրելու արգելքը և այլն): Ավելին, օրենքը պատրաստողները տարվել են ստեղծագործական աշխատանքի գործընթացով և այնպիսի կետեր են հորինել, որոնցից կարելի է ուշաթափվել: Օրինակ, առաջարկում են արգելել այն հաղորդումներն ու ֆիլմերը, որոնցում տեղի է ունենում «հոգևոր, մշակութային արժեքների, ազգի երախտավորների նսեմացումը և վարկաբեկումը, պատմական իրողությունների և ներկա իրականության խեղաթյուրված, ոչ համարժեք ներկայացումը, բարոյականության նորմերի ժխտումը, մարդկային արժանապատվության նսեմացումը, անբարո ապրելակերպի քարոզը, ծնողների և դաստիարակների հեղինակազրկումըե: Աշխարհում որևէ նման բան տեսած կա՞ք: Ո՞վ կարող է ասել, թե ինչ է ազգի երախտավորը և ընդհանրապես ինչպես կարելի է իրավաբանորեն ձևակերպել այդ հասկացությունը: Բայց թողնենք այս հիմար օրինագծի քաղաքական ենթատեքստն ու դրա հետևանքները: Խոսենք գլխավորի մասին, այն է` հեռուստաեթերը աղտեղությունից և անբարոյությունից կարելի էր մաքրել սուսուփուս, առանց աղմուկի, և բացառապես կադրային լուծումներով: Այսինքն` անհրաժեշտ էր քշել Հեռուստատեսության և ռադիոհեռարձակման հանրային խորհրդի ղեկավարությանը, ինչպես նաև յուրաքանչյուր հեռուստաալիքի ղեկավար նշանակել մեկական գրագետ, նաև գեղարվեստական ճաշակ ունեցող սկզբունքային մարդու, որը երբեք թույլ չէր տա անհամ սերիալներ և փողոցային գռեհիկ հաղորդումներ ու թոք-շոուներ թողարկել: Սա՜ է ամբողջը: Փաստորեն, կրկին գործ ունենք տվյալ ոլորտում կարգուկանոն մտցնելու քաղաքական կամքի բացակայության և պատասխանատվությունն օրենսդիր մարմնի (որից այս հարցում գրեթե ոչինչ կախված չէ) վրա դնելու երևույթի հետ: Արդյունքում` մենք երբեք չենք ազատվի «եթերային՚ աղբից, այսինքն` փոփոխությունների հույս չենք ունենա...
Այսպիսով, առաջիկայում, մինչև X ժամի գալը, հայկական քաղաքականությունը կհոսի այս հունով, տարբերությունը կլինի միայն նախագծերի անվանումներում. «աշխարհի քաղաքի՚ փոխարեն կարող են հղանալ մոլորակի շինարարություն (կախված այն բանից, թե որքանով իրականությունից կհեռանա հայ քաղաքական գործիչների բանականության հանրագումարը), իսկ մեռելոցի օրերի փոխարեն պետական մակարդակով կսկսեն նշել լուսավոր տարեթվեր և իրադարձություններ (եթե հանկարծ հայ քաղաքական գործիչների ընդհանուր բանականությունը շարժվի ճիշտ, իրականությանն ավելի մոտ ուղղությամբ): Ինչ վերաբերում է լուրջ խնդիրների լուծմանը, ապա փորձված մեթոդ կա` հրաժարվել պատասխանատվությունից, ստեղծել խնդրի վրա աշխատելու (օրենքի ընդունում կամ մեկ այլ բան) տպավորություն, և, ամենագլխավորը, երբեք արմատական քայլ չանել5:
X ԺԱՄԻ ԲՆՈՒՅԹԸ
Քաղաքական կանխատեսման համար օգտակար կարող է լինել կրիտիկականության հասկացությունը6: Օրինակ, եթե կրիտիկական կետին հաջորդում է նյութի փոփոխությունը (ասենք, 100 աստիճանի դեպքում ջուրը վերածվում է գոլորշու), ապա, ղեկավարվելով կրիտիկականության սկզբունքով, կարելի է փորձել դուրս բերել (կամ որոշել) այն վիճակը (բայց ոչ մաթեմատիկորեն), որի դեպքում տեղի կունենան որակական փոփոխություններ քաղաքական դաշտում: Օրինակ. 2008թ. Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկել է 350 հազար մարդ, իսկ հրապարակում նրա հետ գիշերել է 50 հազար մարդ: Արդյունքը. Քոչարյան-Սարգսյանի ռեժիմը դիմացավ ճնշմանը և շուտով սկսեց ապաքինվել: Հարց. քանի՞ մարդ պետք է քվեարկեր Տեր-Պետրոսյանի օգտին և քանի՞սը նրանցից պետք է մնային հրապարակում, որպեսզի հնարավոր դառնար ռեժիմի տապալումը: Հասկանալի է` քաղաքականության մեջ մաթեմատիկորեն նման հարցերը չեն լուծվում, քանի որ գործ ունենք մարդկային նյութի հետ` միլիոնավոր սուբյեկտիվ և իռացիոնալ գործոններով (ասենք, քաղաքական առաջնորդների խարիզմատիկության, գաղափարախոսական դիմակայության շիկացման աստիճանը, տարվա եղանակը, ընդվզող հանրության սոցիալ-տնտեսական վիճակը և նրա դժգոհության աստիճանը և այլն, և այլն): Սակայն քաղաքականությունում, օգտագործելով կրիտիկականության սկզբունքը, կարելի է դիմել այլ մեթոդների: Ասենք, նշել օբյեկտիվորեն պահանջված և անհետաձգելի փոփոխությունների (որոնց չի գնում իշխանությունը) ցանկը և ջանալ որոշել երկու պահ. որքա՞ն կդիմանա բնակչությունն առանց այդ փոփոխությունների իրականացման (հաշվի առնելով հնարավոր բոլոր գործոնները` սոցիալ-տնտեսական, անձնային, բարոյական, քաղաքական, իրավական, միջազգային և այլն), և ի՞նչ կհակադրի կառավարությունը հանրային դժգոհությանը: Այնուհետև կարելի է մտածել կառավարության դիմակայությանը հասարակության պատասխան ռեակցիայի և, համապատասխանաբար, կառավարության հակադարձ ռեակցիայի մասին: Այստեղ նկատում ենք, որ դիմակայության յուրաքանչյուր պտույտի հետ իշխանության խուսանավելու ասպարեզը նեղանում է, և պակասում են շփման կետերը, այսինքն` յուրաքանչյուր պտույտի հետ ավելի քիչ ընդհանուր շահեր և փոխկախյալություններ են մնում, հետևաբար` ավելի մեծ է դառնում բացահայտ դիմակայության, այսինքն` պայթյունի հավանականությունը:
Բայց պայթյուն ասելով Հայաստանում ամենևին էլ պարտադիր չէ հասկանալ բարիկադներով լեցուն փոթորկոտ հրապարակներ ու փողոցներ: Պայթյունը Հայաստանում, ինչպես և ամեն բան Արևելքում, և Արևելքն ինքը, նուրբ բան է, իսկ անուշադիր լինելու դեպքում այն կարող ես և չնկատել: Օրինակ, այսօր իրավիճակը երկրում շատ ավելի պայթյունավտանգ է, քան 2008թ. փետրվարին, թեկուզև այն պատճառով, որ այսօր բնակչությունն անհամեմատ ավելի քիչ շարժառիթ ու մասնավոր շահ ունի պաշտպանելու իշխանությանը, ինչ-որ քաղաքական սկզբունք կամ նպատակ, վերջապես, իր անձնական շահերը, քանի որ երկու տարվա մեջ հասարակությունը վերջնականապես գիտակցեց մի բան. բարձրագույն իշխանությունը Հայաստանում միշտ կառչելու է գոյություն ունեցող իրականությունից, անկախ այն բանից, թե ով է պետության ղեկին` դաշնակցականնե՞րը, թե՞ հհշ-ականները, հանրա-պետականնե՞րը, թե՞ ուրիշ որևէ մեկը: Քանի որ նրանցից ոչ մեկը չի վերանայելու արժեքները` իրականությունը փոխելու գլխավոր պայմանը, որովհետև ոմանց (ասենք, դաշնակցականների և զինվորական օլիգարխիայի) համար այդ արժեքները սուրբ են, մյուսների համար` այնքան էլ սուրբ չեն կամ նույնիսկ խորթ են, ինչը, սակայն, չի խանգարում, որպեսզի դրանք խնամքով պահպանվեն: Պարադոքս է, բայց ոչ` հայ քաղաքական իրականության համար. երկու տարի առաջ նախագահի երկու անհաշտ թեկնածուն էլ հանդես էին գալիս միևնույն դրոշների ներքո, և պարզվեց, որ նրանք ընդհանուր կուռքեր (ասենք, Վ.Սարգսյան-Կ.Դեմիրճյան տանդեմը) և ընդհանուր արժեքներ ունեն (էլ չենք խոսում ներքին և արտաքին խնդիրների լուծման ավելի քան նման տեսլականի մասին): Նման բան, ասել է թե` երկրպագել նույն սրբերին և միևնույն ժամանակ միմյանց կոկորդ կրծել, կարող է տեղի ունենալ միայն Հայաստանում:
Իսկ X ժամին վերադառնալով` հարկավոր է ավելացնել մի բան. հայտնի չէ, թե ինչպես և երբ կգա այն (քանի որ անհնար է հաշվել կրիտիկական կետը), հայտնի է, որ այն կգա և իր հետևից ավերածություններ կթողնի (որովհետև միանշանակ է, որ կրիտիկական կետը հասարակական-քաղաքական կյանքում իրական է):
ԻՐԱԿԱՆ ՇԱՀ ՈՒՆԻ՞ ԱՐԴՅՈՔ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԻՑ ԵՎ ԴԱՐԱՇՐՋԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՁԵՌՆԵԼՈՒՑ
Կարծում եմ` այո: Դարաշրջանների փոփոխությունն այսօր պակաս անհրաժեշտ չէ նախագահ Սարգսյանին, քան շարքային տանջահար քաղաքացիներին, քանի որ երեք տարի հետո դեպի անգոյություն անցնելը նրա համար հավասարազոր է աշխարհում ամեն ինչ կորցնելուն: Իսկ ինչի՞ կհասնի դրանով և ինչպե՞ս կապահովի իր քաղաքական երկարակեցությունը: Բանն այն է, որ, իհարկե, Հայաստանում կպահպանվի ներկայիս սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական կացութաձևը, ոչ մի դեմոկրատիա չի լինի և, հետևաբար, կպահպանվեն իշխանության մեր կողմից վերլուծված երեք աղբյուրները: Այլ կերպ` դարաշրջանափոխությունը չի ենթադրում հասարակական-քաղաքական ֆորմացիայի պարտադիր փոփոխություն. հիշեցնենք, որ Խրուշչովի գալուց հետո էլ կոմունիզմը ԽՍՀՄ-ից չանհետացավ...
Բայց Սարգսյանը կհասնի գլխավորին` հանրային աջակցությանն ու սեփական թիմի զորեղացմանը էլիտաների ռոտացիայի միջոցով: Սա է հենց նրա անձնական իշխանության անվտանգության և քաղաքական երկարակեցության ամենահզոր երաշխիքը:
ՀԱՋՈ՞Ղ ՆԱԽԱԳԱՀ ԷՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
(ԱՄՓՈՓՄԱՆ ՓՈԽԱՐԵՆ)
Անշուշտ, Սերժ Սարգսյանը տվյալ փուլում ճակատագրի պարգև էր Հայաստանի համար: Ասվածի հավաստիացումն է այն, որ նրան բացարձակ այլընտրանք չկար երեկ, չկա այսօր և վաղը: Որովհետև իշխանության հանձնումը Տեր-Պետրոսյանի կոնգրեսին կամ դաշնակցականներին կնշանակեր ազգային աղետ անկանխատեսելի հետևանքներով: Հայաստանում ներկա պահին չկա քաղաքական գործիչ կամ քաղաքական ուժ, որն ընդունակ է փոխարինելու Սարգսյանին` առանց ազգի համար աղետալի վնասների: Հետևաբար, Սարգսյանին պետք է պահպանել, քանի որ ավելի լավ է կործանվել նրա հետ բնական էվոլյուցիոն զարգացման արդյունքում, երբ ոչ ոքի չես կարող մեղադրել պատահածի համար, բացի ազգի գենետիկայից, քան տրվել դաշնակցականներին կամ հհշ-ականներին և հայտնվել ավերիչ տարերքի իշխանության ներքո:
Ինչ վերաբերում է նախագահին ներկա իրականությունը կոնսերվացնելու ձգտման և նոր դարաշրջանի գալուստը նախաձեռնել չցանկանալու մեջ մեղադրելուն, ապա դա անհիմն է և, դրանից պոպուլիզմի հոտ է գալիս: Այդօրինակ մեղադրանքները հավասարազոր են այն բանին, որ նրան մեղադրեն զուտ հայկական ծագման համար, իսկ դա արդեն նոնսենս է: Որովհետև անվիճելի է, որ եթե Սերժ Սարգսյանը ֆրանսիացի կամ թուրք լիներ, ապա դը Գոլ կամ Մուսթաֆա Քեմալ կդառնար, այսինքն` մեծ պետականակերտող: Սա պետք է ընդունել ապրիորի, քանի որ մեզ` հայերիս, վիճակված չէ պետականակերտողներ ծնել, միակ բանը, որին ընդունակ է ազգային գենետիկան, ճկուն քաղաքական գործիչներ առաջադրելն է (լավագույն դեպքում): Հենց այդպիսի մեկն էլ գլխավորում է այս պահին պետությունը: Այնպես որ` նրան հաջողություն և համբերություն ցանկանանք: Իսկ մեզ բոլորիս` անկեղծություն և արդարացիություն ինքներս մեր առջև...
1 Այս առնչությամբ արժե հիշել Բորիս Ելցինի ժամանակների ռուսական հեռուստաեթերը: Անվիճելի է, որ ռուսական էլեկտրոնային ԶԼՄ-ները գլխավոր դերն են խաղացել բացահայտ հակառուսական ռեժիմի պահպանման գործում. հանուն ռեժիմի նրանց հաջողվեց այն աստիճան բթացնել հանրային կարծիքը, որ Ռուսաստանի բնակչությունը, ուսյալ ռուսները ողջունում էին ղեկավարության հակազգային այնպիսի նախաձեռնություններ, ինչպես, օրինակ, հակահարավսլավական բանաձևերին աջակցելն էր ՄԱԿ Անվտանգության խորհրդում, որոնք 1990-ական թթ. վերջերին հանգեցրին սերբական ողբերգությանը, կամ էլ գայդարաչուբայսյան ռեֆորմներին աջակցելը, որոնք վերացրին մեծ տերության տնտեսական հզորությունն ու ռազմաքաղաքական պոտենցիալը: Մի խոսքով, եթե ռուսական էլեկտրոնային ԶԼՄ-ները կատարեցին իրենց առաքելությունն իշխող ռեժիմի փրկության և պահպանման գործում, ապա հայկականները, որոնց վրա դրված է նույն առաքելությունը, դա հակառակ ձևով են իրագործում: Արդյո՞ք դա հայկական մաս-մեդիայի անտաղանդության ու ոչ պրոֆեսիոնալիզմի հետևանք է, թե՞ գործ ունենք խորապես մտածված քաղաքականության հետ` դժվար է ասել: Սակայն կարելի է միանշանակ հայտարարել, որ այդքան մասշտաբային, անսահման ու անըմբռնելի անտաղանդությունը հազիվ թե տեղավորվի մեկ պետության տարածքում:
2 Եթե դիտելու լինենք ցանկացած նորմալ ժողովրդի «կուռքերին», որոնց կարելի է անվանել ազգի վարդապետ հայրեր կամ ազգային խորհրդանիշներ ու ազգային-պետականակերտ գործիչներ և այլն, և այլն, ապա չենք գտնի հայկականին հիշեցնող որևէ նման բան: Օրինակ, «աստվածությունների» ամերիկյան պանթեոնում կգտնենք Ֆրանկլինին, Ջեֆերսոնին, Վաշինգտոնին, Լինքոլնին, Գրանտին և շատ ուրիշների, այսինքն` անհատների, որոնք գլխավոր, վճռորոշ դեր են խաղացել ամերիկյան պետության կայացման գործում և սահմանել նրա ներկայիս էությունը` որպես ամենահզոր լիբերալ տնտեսություն և անձի անսահմանափակ ազատություն ունեցող պետություն: Նրանք մեծագույն համախոհ անհատներ էին, նույն գաղափարախոսության, միևնույն հումանիտար և քաղաքական արժեքների ու նպատակների կրողներ: Բայց նրանց կողքին չես գտնի, ասենք, գեներալ Լիին (Հարավի լիդերներից մեկը քաղաքացիական պատերազմի տարիներին, համադաշնության բանակի գլխավոր հրամանատարը): Այնինչ նա իսկապես ականավոր մարդ էր, որի մասին Բ.Հիլը գրում էր. «Նա Կեսար էր առանց հավակնությունների, Ֆրիդրիխ` առանց տիրանիայի, Նապոլեոն` առանց եսասիրության, Վաշինգտոն` առանց վարձահատուցմանե: Նշենք, որ ոչ մի դաշնակցականի կամ Արարատ գյուղի քաղաքականացված բնակչի երևակայությունը չի բավականացնի նույն ոգով արտահայտվելու Դրոյի կամ Վազգեն Սարգսյանի մասին:
Հասկանալի է` նույնն է նաև Ֆրանսիայում, որտեղ Վիշին տեղ չունի Նապոլեոնի և դը Գոլի կողքին: Մյուս նորմալ հասարակություններում և պետություններում նույնպես...
3 Մեկ անհատի անձնական ողբերգության պատկերմամբ փորձեմ պարզել իրավիճակը և դրա ողբերգականության խորությունը: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այսօր ցմահ բանտարկություն է կրում Էմիլ Չիֆթչյան անուն-ազգանունով մի տղա: 2003թ. նա բանակ է զորակոչվել, սակայն տեսողության խնդիր ուներ` ուժեղ արտահայտված շլություն (անվերապահորեն զինապարտ չէր համարվում, բայց ընտանիքը չուզեց կամ չկարողացավ վճարել $500 չափի չնչին կաշառքը): Երեք ամիս անց, մի անգամ առավոտյան, նրան արթնացնում են, ձեռնաշղթա հագցնում, տանում ռազմական ոստիկանություն, որտեղ հայտնում են, թե գիշերը երեք զինծառայողի է կրակել (!): Նշեմ, որ Էմիլը մթության մեջ ոչ միայն դիպուկահարի նման կրակել, այլև նույնիսկ ուղիղ քայլել չի կարող, որովհետև տեսողությունը թույլ չի տալիս: Այն ժամանակվա գլխավոր զինդատախազը սիրում էր «Կամազ»-ներով կաշառք վերցնել (ինչպես ինքն էր ասում). հանուն հանցագործության բացահայտման մասին հաշվետվության` նա ընտրել էր ամենաանպաշտպան զինվորին, որին անմարդկային խոշտանգումների միջոցով ստիպում էին խոստովանել (չկատարած) հանցանքը` նախապես հսկայական վարձավճարներ ստանալով իսկական մեղավորների ընտանիքներից: Արթուր Մկրտչյանն ուրիշների փոխարեն նստած է 1996-ից` հինգ ծառայակիցների սպանության համար, Ցոլակ Պողոսյանը (հազիվ 40կգ լինի) նստած է ընկերոջը (քաշն ավելի քան 80կգ էր) ծեծելու և կախելու համար, իսկ նրա դատավարության գլխավոր վկաներից մեկը... նախկին զինդատախազի զարմիկն էր (կարծում եմ` չարժե մեկնաբանել): Մի խոսքով` նրանց նմանները շատ են...
4 Իշխանությունը Սերժ Սարգսյանին փոխանցելով` Քոչարյանը պահպանեց լուրջ դիրքեր պետական կառավարման և ֆինանսատնտեսական ոլորտներում: Ըստ էության, երկրում այսօր գործում են երկու նախագահների երկու վարչակազմեր. Քոչարյանինը (որին Սարգսյանն այդպես էլ ձեռք չտվեց, թեև դրա բոլոր հնարավորություններն ուներ) և պետության ներկայիս ղեկավարինը: Հակառակություն նրանց միջև, անշուշտ, կա, ընդ որում` զգալի: Քաղաքականությունից հեռանալով` Քոչարյանը, բնականաբար, չհրաժարվեց ֆինանսական հոսքերից և պահպանեց բոլոր դիրքերը: Քանի դեռ նա իշխանության ղեկին էր, քաղաքական-տնտեսական էլիտան դա ընդունում էր հավուր պատշաճի, որպես ինքնըստինքյան հասկանալի մի բան: Սակայն երկրում երկու նախագահների (հեռացած, բայց բոլոր դիրքերը պահպանածի և գործողի, որի փաստացի վերահսկողության ներքո են բոլորը) առկայությունն արդեն չի կարող ուրախացնել նրան (էլիտային) և խիստ անհարմարավետություն է պատճառում, քանի որ շատ ավելի լավ է գործ ունենալ մեկ, այլ ոչ թե երկու պետի հետ: Վլադիմիր Պուտինը կարողացավ կարճ ժամանակում հաստատվել միանձնյա լիդերի դերում և ազատվել ելցինյան ժառանգությունից. անձնականից բացի նաև համընդհանուր շահերն էին պահանջում այդ: Սերժ Սարգսյանը դա չի անի (հավանաբար, բարոյական բնույթի նկատառումներից և անձնային այլ հատկանիշներից ելնելով), դրա համար էլ երեք տարի հետո Հայաստանը նոր նախագահ կունենա:
Ռոբերտ Քոչարյանն այսօր անվերապահ ազդեցություն ունի հիմնական քաղաքական ուժերի վրա, իսկ նրա վարչաֆինանսական հզորությունը չի զիջում նախագահականին: Այս պահին Քոչարյանի երկրորդ գալուստին բաղձանքով սպասում են դաշնակցականները, ազդեցիկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ռազմականացված («Երկրապահ» միության, Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի խմբավորման տիպի) կազմակերպությունները, մի շարք մանր (բայց պատկառելի) կուսակցություններ, ազդեցիկ հանրապետականների մեծամասնությունը` ներառյալ խորհրդարանի ղեկավարությունը, օլիգարխաթի ճնշող մեծամասնությունը, որը երազում է գործ ունենալ մեկ և ոչ թե երկու նախագահի հետ, նոմենկլատուրային մտավորականության և բյուրոկրատիայի ճնշող մեծամասնությունը (10 տարվա մեջ Քոչարյանը կարողացավ սեփական գվարդիա աճեցնել իշխանության և կառավարման մարմիններում), ազդեցիկ ուժայինները: Նրանք էլ հենց 2013-ին նախագահ կառաջադրեն Ռոբերտ Քոչարյանին (եթե մինչ այդ երկրում չնախատեսված փոփոխություններ տեղի չունենան), իսկ Սերժ Սարգսյանը կամ կհամակերպվի փաստի հետ և կհեռանա, կամ կընդունի մարտը: Հավելեմ, որ անցած երկու տարում հանրային գիտակցության մեջ ամրապնդվել է նոստալգիայի երրորդ տեսակը (խորհրդայինի ու տերպետրոսյանականի կողքին` նաև «ռոբերտինը»), իսկ դա արդեն ամենևին չի խոսում նախագահ Սարգսյանի օգտին...
5 Այս առնչությամբ հարկ է անդրադառնալ նախագահ Սարգսյանի` անցած տարվա աշնանը կազմակերպված շուրջերկրյա շրջագայությանը` Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ իբր «եղբայրների ու քույրերի հետ խորհրդակցելու» նպատակով: Սփյուռքի, այսինքն` օտարերկրացիների հետ բանավեճի փաստն ինքը, մի հարցի շուրջ, որը պետության ղեկավարի սահմանադրական արտոնությունն է արտաքին քաղաքականության գծով, քննադատության չի դիմանում: Շրջագայությունից հետո հայ-թուրքական արձանագրությունների տեքստը մի կետով անգամ չփոխվեց. դրանք ստորագրվեցին, իսկ առաջիկայում կվավերացվեն խորհրդարանի կողմից: Փոխվեց այլ բան. արտաքին աշխարհի և տեղի հասարակայնության կողմից Սերժ Սարգսյանի` որպես լուրջ և ուժեղ առաջնորդի ընկալումը, քանի որ նա Թուրքիայի հետ երկխոսության պետք է գնար առանց երկրում և արտասահմանում որևէ քննարկման, ինչպես դա կատարվել է երկրագնդի տասնյակ այլ պետությունների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելիս: Իհարկե, Թուրքիայի պարագան առանձնահատուկ է, պատմական հիշողություն կա և մանևրելու քիչ տարածություն է թողնում, բայց հարկավոր է հաշվի առնել, որ երեք միլիոն մարդուց նախագահը միակն է, որն առհասարակ պարտավոր է առանձնանալ զանգվածներից շատ ու շատ հատկանիշներով, թեկուզև հանրային կարծիքին ընդդիմանալու կարողությամբ, եթե դա անհրաժեշտ է պետությանը, և ընդունել ոչ պոպուլյար որոշումներ: Հայ-թուրքական բանակցային գործընթացում նախագահ Սարգսյանը պետք է անձամբ ստանձներ պատասխանատվությունը և ներկայացումներ չսարքեր, որոնք մինչև վերջ սրեցին իրավիճակը երկրում և հանրային գիտակցության խորքերում առաջ բերեցին ամենատխմար, իռացիոնալ և վտանգավոր պահեր: Առաջին անգամ վերջին 100 տարում հայերի մեջ Արևմտյան Հայաստանի հանդեպ կարոտ արթնացավ, և հստակ դժգոհություն արտահայտվեց տարածաշրջանում համաշխարհային հանրության ստեղծած և նրա կողմից պահպանվող իրադրությունից: Ի՞նչ տվեց դա Հայաստանին. ոչինչ, բացի Արևմուտքում բացասական միավորներից, որոնց հետևանքները դեռ ճաշակելու ենք: Բայց ամենից շատ զարմացնում է նախագահի շուրջերկրյա շրջագայությանը և հայ-թուրքական արձանագրությունների համահայկական քննարկումների գործընթացին նախագահի թիմի տված գնահատականը: Այն պարզապես հիացական է: Մարդիկ սքանչանում են, թեև անգամ իրենք չեն կարող հասկանալ հիացմունքի պատճառը: Չէ՞ որ յուրաքանչյուրը մնաց իր կարծիքին, և Սարգսյանը չկարողացավ տարհամոզել ոչ ոքի: Իսկ այցելության կոնկրետ արդյունքը Հայաստանի ղեկավարի վրա նետված ձվերն էին և դաշնակցականների կազմակերպած այդօրինակ հիմար այլ գործողությունները (ասենք, գործադուլները Բեյրութում և այլն): Հիշեցնեմ, որ անգամ Տեր-Պետրոսյանի դեմ արտասահմանում նման ակցիաներ չեն կազմակերպվել, անգամ այն ժամանակ, երբ առաջին նախագահը ողջ-ողջ թաղեց դաշնակցությունը: Մի խոսքով` նախագահ Սարգսյանի համաշխարհային շրջագայության պարագայում գործ ունենք քաղաքական կամքի բացակայության փաստի, պատասխանատվությունից խուսափելու փորձի և հայ առաջնորդի «դեմոկրատության», ուրիշի կարծիքը լսելու կարողության և պատրաստակամության պատրանքի ստեղծման հետ: Կարծում եմ` լուրջ քաղաքականության մեջ նման գործելակերպը տեղ չունի. եթե որոշումն արդեն ընդունված է, որում ոչ մի կետ չես փոխի, արժե՞ արդյոք ժամանակ կորցնել կասկածելի հասարակական միջոցառումների վրա, մանավանդ որ ոչ մի օգուտ դրանցից չկա: Ինչ վերաբերում է վնասին, ապա ափսոս, որ այն չեն նկատում...
6 Մաթեմատիկայում գոյություն ունի «կրիտիկական թիվ» հասկացությունը, որը քառակուսի արմատի ածանցյալն է: Ֆիզիկայում գոյություն ունի «կրիտիկական կետ» հասկացությունը, որը որոշում է նյութի կրիտիկական վիճակը և ավարտվում է, ասենք, հեղուկ-գոլորշիների փուլային հավասարակշռության կորով և այլն: Կան նաև «կրիտիկական բեռնվածություն» (շինարարական մեխանիկայում, որի դեպքում տեղի է ունենում դեֆորմացվող համակարգի կայունության կորուստ), «կրիտիկական զանգված» (միջուկային ֆիզիկայում, որն ապահովում է շղթայական միջուկային ռեակցիայի ընթացքը) հասկացությունները: