Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Բանավեճեր

Բանավեճեր
Փետրվար 2010, N 1

Ստի մեջ, անդունդի եզրին

Ռուբեն Վարդանյան, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ, Արիզոնայի (ԱՄՆ) համալսարանի պրոֆեսոր

«Կյան­քը հաս­նում է իր բար­ձունք­նե­րին այն պա­հե­րին, երբ նրա ողջու­ժերն ուղղ­վում են իր առջև դրված նպա­տակ­նե­րի ի­րա­կա­նաց­մա­նը»:



Ջե­րոմ Դ. Սե­լին­ջեր,

«Տա­րե­կա­նի ար­տում,  ան­դուն­դիեզ­րի­ն»

ԻՆՉՊԵՍ Է ԵՂԵԼ (ՄԻ ՓՈՔՐ` ՆՈՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՄԻ ՔԱՆԻ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ)

 

Կայսրությունները, դինոզավրերի նման, մահանում են, եթե չեն հասցնում հարմարվել երկրագնդի վրա տեղի ունեցող փոփոխություններին: «Գենսեկ-ծերուկները»` Խրուշչովը, Բրեժնևը, Անդրոպովը և Չերնենկոն, կրթությամբ ու գիտելիքներով այնքան էլ ծանրաբեռն չլինելով, լավ չէին հասկանում սա: Փոխարենը «Արևմուտքն» էր լավ հասկանում ու գործում ըստ այդմ:

Խորհրդային պետության տապալման ռազմավարությունը շարադրված է 1991թ. նոյեմբերին Ամերիկյան նավթային ինստիտուտում կայացած նիստին Մարգարեթ Թետչերի արտասանած ճառում: Մեջբերեմ մի քանի հատված դրանից. «Խորհրդային Միությունը երկիր է, որը լուրջ սպառնալիք է ներկայացնում արևմտյան աշխարհի համար: Ես ռազմական սպառնալիքի մասին չէ, որ խոսում եմ... Ես նկատի ունեմ տնտեսական սպառնալիքը... Պլանային տնտեսության շնորհիվ... Խորհրդային Միությանը հաջողվել է հասնել տնտեսական բարձր ցուցանիշների... տնտեսությունը ռացիոնալ վարելու պարագայում Խորհրդային Միությունը միանգամայն իրական հնարավորություններ կունենար մեզ համաշխարհային շուկաներից դուրս մղելու համար... Մեզ համար միանգամայն դժվարին իրավիճակ էր ստեղծվել... տեղեկություն ենք ստացել խորհրդային առաջնորդի մոտալուտ մահվան և մեր օգնությամբ` այնպիսի մարդու իշխանության գալու հնարավորության մասին, ում շնորհիվ մենք կկարողանանք իրագործել մեր մտադրությունները: Այդ մարդը Գորբաչովն էր, որին փորձագետները բնութագրում էին որպես անզգույշ, ներշնչվող և խիստ փառասեր մեկը... նրա իշխանության գալը` մեր օգնությամբ, հնարավոր էր... «Ժողովրդական ճակատների» գործունեությունը մեծ միջոցներ չէր պահանջում. դրանք հիմնականում բազմացնող տեխնիկա ձեռք բերելու և ֆունկցիոներներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ծախսերն էին... Դա իսկապես ԽՍՀՄ փլուզման սկիզբն էր... Ելցինին էական օգնություն ցուցաբերվեց նաև 1991թ. օգոստոսյան իրադարձությունների ժամանակ, երբ ԽՍՀՄ ղեկավար վերնախավը, մեկուսացնելով Գորբաչովին, փորձեց վերականգնել ԽՍՀՄ ամբողջականությունն ապահովող համակարգը: Ելցինի կողմնակիցները կանգուն մնացին, ընդ որում` ձեռք բերեցին զգալի իշխանություն ուժային կառույցների հանդեպ: Միութենական բոլոր հանրապետությունները, օգտվելով իրավիճակից, ինքնիշխանություն հռչակեցին... Այսպիսով, տեղի ունեցավ Խորհրդային Միության փլուզումը»:

Այսպիսով, «Արևմուտքի» սցենարով և օգնությամբ անցյալ հարյուրամյակի առավել խոշոր հանցագործները` Գորբաչովը և Ելցինը, որոնց խղճին են ծանրացած մարդկային միլիոնավոր խեղված ճակատագրերը, ոչնչացրին ԽՍՀՄ-ը (պատմական Ռուսաստանն իր 1000-ամյա պատմությամբ): Մեծ երկրի բեկորներն այնուհետև սկսեցին ցաքուցրիվ լինել: Յուրաքանչյուրին թվում էր, թե առաջ է ընթանում ճիշտ ճանապարհով, բայց պարզվեց, որ ընթացքը տանում է դեպի անդունդ:

«Արևմուտքըե «գործելու պատրաստ» թեկնածուներին ընտրեց բացառապես նրանց սեփական նշանակալիության ախտանիշի առկայության սկզբունքով: Նրանք պետք է ունենային. բարձր ներշնչելիություն, ցածր ինտելեկտուալ պաշար և, հետևաբար, բացարձակ համոզվածություն, որ իրենց աշխարհայացքն է ճիշտը, ուսուցումը` ստացած հոգեբանական հրահանգի սահմաններում, գծային մտածողություն, փոխկապվածությունների մերժում, տեղեկատվության վերլուծության, կարծրատիպերը փոխելու և նորամուծություններն ընկալելու անկարողություն, ագրեսիվություն, ատելություն նրանց հանդեպ, ովքեր չեն տեղավորվում իրենց կենսական սկզբունքների շրջանակներում, հոտայնություն: Հաշվի էր առնվել նաև այն, որ նման ինդիվիդումները հեշտությամբ խմբեր են կազմում, որոնք սկսում են կործանարար էներգիա արտադրել:

Մեր «ֆունկցիոներներին»` նոր իշխանության հաղթանակած ներկայացուցիչներին, «անկախության նվաճման դարաշրջանում» հաջողվեց փայլուն կատարել իրենց վրա դրված գլխավոր խնդիրը` հետ շրջել հայոց պատմության առանցքը դեպի անգրագիտություն, դեպի մանուֆակտուրա: Ջանալով հաղթահարել սեփական չկայացածության զգացումը, որքան հնարավոր է շուտ մոռանալ ծագումով ամբոխից լինելու պատկերը` հաղթանակած «ֆունկցիոներ-հեղափոխականները», բնականաբար, անմիջապես ճոխություն ցանկացան, ակնթարթորեն գրավեցին պալատները, որտեղից դեռ երեկ քշել էին «կոմունիստներին»: Իրականացավ նրանց դառը մանկության բյուրեղյա երազանքը` դառնալ նոմենկլատուրայի, պարազիտ «դասի» ներկայացուցիչ, որի հիմնական ռեսուրսն իշխանությունն է, իսկ անձնական հարստացման հիմնական ձևը` «կարգավիճակային ռենտան», վճարը ստորագրության համար: Մանկությունից նախանձով հետևելով ԽՍՀՄ պատմության հետստալինյան ժամանակաշրջանի գործիչներին` նրանք հիանալի հասկանում էին, որ ամենևին էլ պարտադիր չէ կոնկրետ մասնագիտություն ունենալ, լինել մարդկային գործունեության որևէ ոլորտի առաջատար, մի ինչ-որ շնորհ ունենալ, լինել նոր գաղափարի կրող` նշանակալիություն և հարստություն ձեռք բերելու համար: Բավական է ցանկացած միջոցով ցանկացած իշխանական աթոռ զբաղեցնել` հանգիստ լինելու համար – կյանքը ստացվել է:

Իշխանությունը զավթելու առաջին իսկ օրվանից նրանք, անտեսելով հասարակության զարգացման օբյեկտիվ օրենքները, իրենց իբր թե կառուցելիք երկրի հիմքում ստով լցված դարման դրեցին: Նրանց հաղթանակի վճարը դարձավ այն, որ առաջընթացը կանգ առավ: Նրանց «հաղթանակիե վճարը դարձավ այն, որ մոտ երեք միլիոն հայ այսօր իր հայրենիքում ապրում է աղքատության եզրին` հոգում կրելով նվաստացումների ուժից վեր բեռը:

Հայաստանի նոր իշխանությունն ակտիվ պայքար սկսեց իր լուսավոր անցյալի դեմ: Իրենց կարճ խելքով քարոզելով իրականությունից հեռու հակապատմական առասպելներ` մեր հայրենական «դեգեներատորները» ցեխի մեջ մտցրին տիեզերական սև անցք հիշեցնող խավար ու անտակ հայոց պատմության միակ բարեկեցիկ 70 տարիները, ժողովրդի մեջ սերմանեցին գավառական մենթալիտետ, որպես կարգ ոչնչացրին պետական նպատակադրումն ու պլանավորումը, երկիրը զրկեցին արդյունաբերությունից, նյութական բազայից: Յուրացրին այն ամենը, ինչ հնարավոր էր. գործարանները, ֆաբրիկաները, հանքավայրերը, գյուղատնտեսական ձեռնարկությունները, տրանսպորտը, խանութները, կրպակները, կինոթատրոնները, առողջարանները և հանգստյան տները, ակումբները: Որպես երկաթի ջարդոն վաճառեցին ինչպես հիանալի աշխատող հաստոցներն ու սարքավորումները, այնպես էլ գոնե մեկ օր նոր գործարաններում չաշխատած սարքերը, եզակի քիմիական ռեակտորները և ուրիշ շատ բաներ: «Մետաղի ջարդոնի տենդի» աներևակայելի վերջաբանը եղավ այն «հանճարեղ պլանը», որով միլիոնանոց քաղաքի աչքերի առջև հանվեց ու Աստված գիտի թե ուր անհետացավ տրամվայի գծերի (որը «եվրոպական» կոլորիտ էր հաղորդում իբր դեպի Եվրամիություն ձգտող երկրի մայրաքաղաքին) տասնյակ հազարավոր տոննա առաջնակարգ պողպատը: Տապալեցին գյուղատնտեսությունը: Կորցրին հարյուրավոր տեխնոլոգիաներ, դրանց տիրապետող մասնագետներին: Այլանդակեցին ամբողջ աշխարհից աղետալիորեն հետ մնացող գիտությունն ու կրթությունը, որոնց անկենդան մարմինների վրա այժմ մոլագարի պնդաճակատությամբ ու համառությամբ բոլորովին անպետք, օտար տարրեր են պատվաստում, այլանդակում դրանք հակաբնական ռեֆորմներով: Նրանք լեզվային անդունդ փորեցին, որն էլ ավելի է բաժանում մեր «կորուսյալ աշխարհը» մնացյալ քաղաքակրթությունից: Իշխանության գալով 90-ական թթ.` նրանք բնակչության նկատմամբ դաժանության ու անողորմության այնպիսի տեսակ դրսևորեցին, որի մասին մարդիկ ենթադրել անգամ չէին կարող: Հասարակությունից դուրս նետվեց մարդկանց հսկայական զանգված: Սոցիալական «հատակ» ձևավորվեց` անտուններից ու աղքատներից կազմված: Հայաստանի քաղաքական մշակույթում ստի` որպես քաղաքացիների ռացիոնալ մտածողության խափանման գործիքի, նոր տեսակ ծնվեց, սուտ, որն ավերում է չափն ու տրամաբանությունը, ժամանակի զգացողությունն ու կոորդինատների բարոյական այն համակարգը, որով կողմնորոշվում է մարդը:

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի ընդունած` Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի վերաբերյալ կոնվենցիայի հաստատման մասին բանաձևում ասվում է. «Ցեղասպանություն ասելով հասկացվում են ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական որևէ խմբի լիովին կամ մասամբ ոչնչացնելու մտադրությամբ կատարված հետևյալ գործողությունները.

Ա. նման խմբի անդամների սպանությունը,

Բ. նման խմբի անդամներին լուրջ մարմնական վնասվածքներ կամ մտավոր խափանումներ հասցնելը,

Գ. որևէ խմբի համար միտումնավոր այնպիսի կենսապայմանների ստեղծումը, որոնք հաշվի են առնված դրա լրիվ կամ մասնակի ոչնչացման համար,

Դ. նման խմբերում մանկածնությունը կանխող միջոցառումները, երեխաներին մարդկային մի խմբից մյուսին բռնի փոխանցումը»:

Եվ եթե մենք, լրիվ հիմքերն ունենալով, պահանջում ենք, որ աշխարհը ճանաչի այն իրողությունը, որ սկսած առնվազն 1877թ. և մինչև 1923թ., թուրքական ռեժիմն իրականացրել է հայ ժողովրդի անխնա կոտորած բանաձևի բոլոր չորս կետերի համաձայն, ապա այսօր, քսան տարի անց, կարելի էր գոնե մի քիչ հանդիմանել թեթևակի ճերմակած, արտաքնապես վայելուչ երիտդեմոկրատներին` նախկին ցնցոտիավորներին, հայրենական «ֆունկցիոներներին՚ ու «անկախության նվաճման դարաշրջանի» «առաքված» էմիսարներին, որոնք այսօր կրկին իշխանության են ձգտում: Իսկ նախատել (նույնիսկ ավելին) նրանց պետք էր այդ թվում նաև ըստ «Գե կետի. «որևէ խմբի համար միտումնավոր այնպիսի կենսապայմանների ստեղծումը, որոնք հաշվի են առնված դրա լրիվ կամ մասնակի ոչնչացման համար»: Նրանց տգետ ու անուղեղ գործողությունների արդյունքում 1988 թվականից Հայաստանը կորցրեց ողջ արդյունաբերական և գիտատեխնիկական բազան և զրկվեց մոտ մեկ միլիոն որակյալ քաղաքացիներից, որոնք, ընտանիքը պահելու այլ հնարավորություն չտեսնելով, ստիպված էին լքել հայրենիքը` «նոր գաղթականների» վերածվելով: Մենք հայտնվեցինք այն երկրների շարքում, որոնք 50-ականներին ինչպես եղել էին «զարգացող», այդպես էլ 60 տարի անց ոչ մի կերպ չեն զարգանում:

Ի~նչ ունենք այսօր: Ճիշտ այն, ինչ նկարագրված է դասականների գրքում` «Կոմունիստական մանիֆեստում». «Արդյունաբերության հիմնական ճյուղերը վերացվեցին և շարունակում են վերացվել օրեցօր...»: «Բուրժուազիան սրբազան լուսապսակից զրկեց մարդկային գործունեության բոլոր տեսակները, որոնք մինչև այժմ պատվաբեր էին համարվում... Բժշկին, իրավաբանին, քահանային, բանաստեղծին, գիտության մարդուն այն վերածեց վարձու բանվորների»: «...Եկել է ժամանակը, երբ այն ամենը, ինչին մարդ սովոր է եղել նայել որպես անօտարելի, դարձել է փոխանակման և առևտրի առարկա և դարձել է օտարելի: Դա այն ժամանակն է, երբ անգամ այն, ինչը փոխանցվում էր, բայց երբեք չէր փոխանակվում, նվիրվում էր, բայց երբեք չէր վաճառվում, ձեռք էր բերվում, բայց երբեք չէր գնվում` առաքինությունը, սերը, համոզմունքը, գիտելիքը, խիղճը և այլն, երբ, ի վերջո, ամեն ինչ դարձավ առևտրի առարկա: Դա համընդհանուր կոռուպցիայի, համընդհանուր ծախվածության ժամանակն է...»: Գրվել է 1848թ., բայց այնպես է հնչում, ասես գրվել է օրերս, այն տարբերությամբ, որ այսօր չկա բուրժուազիա, չկա այն կարգը, որոնց մասին նրանք գրում են: Ոչ մի կարգ չկա: Երեկվա ոչ մի կապիտալիզմ «ֆունկցիոներները» չկառուցեցին: Նրանց մոտ զարգացած մարոդյորության կարգ ստացվեց: Ամեն ինչ քանդված-ավարտված է: Կյանքն ավելի վատ է դարձել, քան մինչև ԽՍՀՄ փլուզումն էր: Սպեկուլյանտների երկիր ստացվեց: Արագ հաստատվեց այն գաղափարախոսությունը, թե ավելի լավ է մի դոլարի առևտուր անես, քան տասը դոլար վաստակես: Եվ որ ամենասարսափելին է, արդեն մի ողջ սերունդ է մեծացել այս իդեալներով: Աղաղակող անգրագիտության ժամանակաշրջան է եկել: Սպառվածության, դատապարտվածության, անհեռանկարության, փակուղու մեջ գտնվելու զգացողություն է առաջացել:

Էվոլյուցիոն առումով ի՞նչ տվեց 1990-2010թթ. ժամանակահատվածը: Դա բաց թողնված, «սև քսանամյակ» է: Գիտությունը` զրո: Արդյունաբերությունը` զրո: Տնտեսությունը` զրո: Գրականությունը` զրո: Կինեմատոգրաֆը` զրո: Երաժշտությունը` զրո: Հանրային կյանքը` զրո: Վերջերս հրապարակվեց XXIդ. առաջին տասնամյակի կարևորագույն գիտական հայտնագործությունների ցուցակը: Դրանում չկար և չէր էլ կարող լինել նախկին ԽՍՀՄ երկրների գիտնականների և ոչ մի հայտնագործություն:

Այսօր ցանկացած կարգի պաշտոնյայի նշանակելիս ամենևին հաշվի չի առնվում այն փաստը, որ մարդկանց կառավարել կարող են քչերը: Դա շնորհ է: Չգիտես ինչու մոռացվել է, որ ապարատային աշխատանքի համար էլ, ինչպես մնացած դեպքերում, երկար սովորել է պետք: Տղեկներն ու աղջնակները, որոնք լրիվ չեն սովորել անգամ տնտեսական ու քաղաքական գիտությունների այբուբենը, որոնք դեռ ի վիճակի չեն բազմաչափ ընկալել աշխարհը, բայց պատահականության կամոք հայտնվել են Օլիմպոսում, այսօր իրենց վրա են վերցնում պետության ճակատագրի պատասխանատվությունը: Համարվում է, որ բավական է «պացանը» նստի պետի սեղանին, արդեն ընթացքում կարելի է սկսել ղեկավարել, ջարդել ու «ռեֆորմացնել»` նորանոր աններելի սխալներ գործելով: Արդյունքում` նախարարություններից մեկի ղեկավարը հայտարարում է, թե նախարարությունը չափազանց վատ է աշխատում, որովհետև մասնագետներ չունի: Ապշեցնում է երկրի ղեկավարության մեջ որոշ անձանց ծիծաղելիությունը, որոնք ի վիճակի չեն գոնե մեկ իմաստավորված, գրագետ նախադասություն արտաբերել, ինչի համար էլ փորձում են դատարկամտությունը քողարկել լռությամբ: Բայց դե խեղկատակների համար տեքստը կարևոր չէ: Հայաստանը վերածվում է ոչ պրոֆեսիոնալ չինովնիկների պետության, որն ասես վար է իջել Գոյայի «Կապրիչիոս» փորագրությունների շարքից: Բոլոր մակարդակներում կանոնավորապես հայտարարվում են ուտոպիական, տգետ ու առողջ բանականությանը հակասող «նախագծեր», որոնք ոչ մի փորձաքննություն չեն անցել, և որոնք, փառք Աստծո, շատ շուտ մոռացվում են: Համեմատելով երեսնական և ներկա թվականները` պարզ երևում է, թե ինչպես են «աճել» մեր լիդերները. այն, ինչ նախկինները կարողանում էին հաղթահարել, այսօրվանների համար` եղած-չեղած:

Ասվածն ավելի քան բավական է` համոզվելու համար, որ եթե մենք չկոտրենք ներկա միտումները, որոնց հունով սայթաքում է երկիրը, եթե ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա, եթե չսկսենք «աշխատանքը սխալների վրա», որոնք մի ակնթարթում ավերեցին տասնամյակներ կառուցվող տնտեսությունը, ապա մեզ այլևս ոչինչ չի փրկի, և Հայաստանը կարող է անհետանալ` առանց արտաքին թշնամու ջանքերի:        

Ժողովրդին կարգուկանոն, կարգապահություն, օրինականություն, հասկանալի քաղաքականություն, իդեալներ են պետք, աշխատանք ու աշխատավարձ է պետք, ապագա` երեխաների համար, արգելակներ` չինովնիկների և փամփուշտ` գողերի ու մարդասպանների համար, պետք է, որ ղեկավարեն բարոյական, առավել ևս` իրավական առումով անբիծ չինովնիկներ ու պատգամավորներ, որոնց կարելի կլիներ վստահել: Ժողովրդին հարկավոր է, որ մարդիկ իրենց երկրում վտարյալ չլինեն, որ երիտասարդները կարողանան կարգին կրթություն ստանալ և սոցիալական սանդուղքով վեր բարձրանալու հույս ունենալ:

Դրա համար անհրաժեշտ է կենսակայելու ռեժիմից արագ անցում կատարել զարգացման ռեժիմին: Անհրաժեշտ է գիտակցել, որ երկիրը տառապում է հստակ նպատակների և նախագծերի բացակայությունից: Անհրաժեշտ է, վերջապես, ընդունել, որ մեզ պարտադրված և պարտադրվող լիբերալ-մոնետարիստական զառանցանքները չեն լուծում ոչ միայն մեր, այլ նաև նրանց խնդիրները, ովքեր դրանք պարտադրում են: 1979-ին Մ.Թետչերն առաջինն Արևմուտքում ընթացավ լիբերալ կապիտալիզմի ճանապարհով` այն խորհրդային մոդելի ռեալ այլընտրանք հայտարարելով: Արդյունքում` երեսուն տարվա մեջ Մեծ Բրիտանիան ոչնչացրեց սեփական արդյունաբերությունն ու վերածվեց սպեկուլյանտ երկրի: Սրանք ինտենսիվորեն քարոզված և քարոզվող և հպարտորեն լիբերալ տնտեսություն հորջորջվող երևույթի առաջին պտուղներն էին, տերմին, որը 70-ականների սկզբին առաջարկել էր Նոբելյան դափնեկիր (1993թ.) Դուգլաս Ս.Նորթը: «Լիբերալ տնտեսությունը» դիրեկտիվ պլանավորումից ազատ տնտեսական քաղաքականություն է: Չի կարելի, ապագային ընդառաջ գնալով, այնտեղ քարշ տալ արդեն իրենց դարն ապրած դոկտրիններ, անկենդան գաղափարախոսություններ, ծաղրուծանակի ենթարկել առողջ բանականությունն ու սեփական ժողովրդին:

Հարկավոր է նորից հորինել Հայաստանը: Եվ այս վիթխարի խնդրի լուծման համար հարկավոր է ազգի հոգևոր ավանգարդի ինտելեկտուալ ողջ հզորությունը: Իմաստունների ակումբները` ՀՀ ԳԱԱ-ն, նախագահին առընթեր Հանրային խորհուրդը պետք է դառնան Նոր Հայաստանի «մտքերի ֆաբրիկան»: Հայաստանն այսօր արդյունաբերական զարգացման ռազմավարության ակնհայտ պակաս է զգում, որի մշակողն ու համակարգողը կարող էր լինել Պետ-պլանի նման կառույցը, որը կկարողանար հստակ որոշել մեր պետական տեխնոլոգիական գերակայությունները, այն ճյուղերն ու ուղղությունները, որոնցում մենք մրցակցային առավելություն կունենայինք կամ կկարողանայինք ձեռք բերել, աճեցնել դրանք:

 

ԱԼԳՈՐԻԹՄ

 

Վերը փորձեցինք տալ այսօրվա Հայաստանի էսքիզը, ենթադրություններ անել, թե ինչպես պատահեց այն, ինչ տեղի ունեցավ մեզ հետ: Բայց շատ ավելի կարևոր և բարդ է գլխավոր հարցը. «Ո՞վ ենք մենք` ժողովո՞ւրդ, թե՞ «մոռացված նախնիների ստվերներ»: Եվ եթե մենք ժողովուրդ ենք, ապա որտե՞ղ է մեր պոզիտիվ ծրագիրը:

Բանական գործունեության բնագավառում ցանկացած նախաձեռնության գործողությունների ալգորիթմը մեկն է` Նպատակի և Խնդրի հստակ պատկերացում, ռեսուրսների վերլուծություն, մեթոդների մշակում: Երկրի մասշտաբով սա աշխատանք է պրոֆեսիոնալների կոլեկտիվների (Պետպլան) համար:  Փորձեմ ներկայացնել աշխատանքների մոտավոր պլանի էսքիզը:

 

  1. Նպատակը և Խնդիրները

 

Ո՞րն է ցանկացած պետության նպատակը: Սա խիստ բարդ, բազմապլան և վիճելի հարց է, որը խորհրդածությունների և վեճերի առիթ է տվել հնագույն փիլիսոփաներից մինչև ժամանակակից գիտնականները, և որը միասնական պատասխան չունի: Բայց մեզ համար պատասխանը կարող է լինել հետևյալը. ճիշտ Հայաստան երկրի կառուցումը: Հայաստանը, անկախ իր կարգավիճակից, անկախ պետականության առկայությունից կամ բացակայությունից, կա և կլինի անբացատրելի ձգողականություն ունեցող հայկական հայրական տուն: Սա դժվարբացատրելի երևույթ է, բայց այն օբյեկտիվորեն գոյություն ունի: Հայրենիքից հեռու ապրող հայերից շատերը հոյակապ դասավորել են կյանքն օտար ափերում, ոտքերի տակ ամուր հող են զգում և չեն մտածում վերադառնալու մասին: Բայց նրանցից յուրաքանչյուրը, Երևանում ինքնաթիռից իջնելուն պես, նույն հարցն է տալիս. էս ի՞նչ բան է հայկական ճակատագիրը: Ինչո՞ւ վեց միլիոն հայերի կյանքն այնպես է դասավորվել, որ հայրենիքում անցկացրած ոչ շատ ժամանակից հետո նրանք պետք է վերադառնան իրենց տուն, որը գտնվում է ոչ իրենց հողի վրա, և ինչո՞ւ Հայրենիքում ապրող երեք միլիոն հայերից շատերի կյանքն այնպես է դասավորվել, որ նրանք երազում են լքել հայրենի հողի վրա գտնվող հայրենի տունը և կառուցել նորը օտար ափերում:

Ուստի, մեր նպատակը պետք է լինի` անել այնպես, որ Հայաստանը դառնա երկիր, որը ոչնչով չի զիջում այն «քաղաքակիրթ երկրներին», որոնցում այսօր արդեն սովոր է հարմարավետ ապրել ու ապրում է հայության երկու երրորդը: Իսկ ի՞նչ են «քաղաքակիրթ, նորմալ երկրները»: Դրանք կայացած երկրներն են, որտեղ հուսալիորեն ապահովված է պետության ինքնիշխանությունը, որտեղ պահպանվում են քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, որտեղ բարձր մակարդակով մշակվում են ռազմավարական նպատակներ և համակարգվում ու վերահսկվում է դրանց կատարումը, որտեղ բնակչությունն ապահովված է բարձրորակ բժշկությամբ ու լավ կրթություն և աշխատանք ստանալու հնարավորությամբ: Եվ եթե մենք արդեն աշխարհին պատմական, աննախադեպ առաջարկություններ անելու համարձակություն ունենք, ապա կարող ենք և պարտավոր ենք կառուցել նաև ճիշտ երկիր, «կյանքի համար պիտանի երկիր»: Ե՛վ մենք, և՛ մեր տարածքն այնքան էլ շատ չենք, որ չկարողանանք անել դա:          

 

2. Հայաստանի ռեսուրսները

Դրանք պետք է բաժանել բնական, արդյունաբերական և ինտելեկտուալ ռեսուրսների:

ա. Բնական ռեսուրսներ

Հայաստանը հարուստ չէ օգտակար հանածոներով: Կան պղնձի և պղնձի-մոլիբդենի, այլ մետաղների (ցինկ, կապար, արծաթ, ռենիում, կադմիում, սելեն) հանքեր, կերակրի աղ, հանքային ջրեր:  Որոշակի նշանակություն կարող են ունենալ տուֆի, բազալտի, կրաքարի, մարմարի, պեմզայի, պերլիտի, գրանիտի հանքավայրերը, հանքային ջրերը: Դրանք չեն կարող պատկանել ոչ մեկին, դրանք «ոչ ոք չի ցանել, չի վարել»: Բնական ռեսուրսները պատկանում են Հայաստանի Հանրապետությանը: Եվ դրանց շահագործումից գանձարան պետք է մտնեն ուղղակի եկամուտներ, այլ ոչ թե «նկարված» հարկեր:

բ. Արդյունաբերական ռեսուրսներ

Այսօր Հայաստանի արդյունաբերության երբեմնի հզորությունից «ողջ են մնացել» և շնորհիվ այն անձանց կարողությունների ու տաղանդի, ովքեր ճակատագրի կամոք կարողացել են սեփականաշնորհել համապատասխան ձեռնարկությունները, վերածնվել են սննդի, ոգելից խմիչքների և ծխախոտի ճյուղերը, թանկարժեք մետաղների, ներկրովի ալմաստների և կիսաթանկարժեք քարերի մշակման ոլորտը: Տնտեսության ոչ մեծ հատված, որը կարող է և պետք է «յոլա գնաե առանց պետության որևէ միջամտության` հանրապետության կյանքում ներդնելով իր ավանդը` բավարարելով արտադրվող ապրանքների պահանջմունքը, հարկեր մուծելով և որոշակի քանակության աշխատատեղեր ստեղծելով: 

 

Թեթև արդյունաբերություն

 

«Ֆունկցիոներների» թեթև ձեռքով հանրապետությունում վերացավ ամ՚բողջ թեթև արդյունաբերությունը: Հայաստանում կային ողջ Միությունում հայտնի մետաքսի և մանածագործական կոմբինատներ, մահուդի, տրիկոտաժի, բամբակագործվածքային,  կարի ֆաբրիկաներ Երևանում, Լենինականում, Կիրովականում, Գորիսում, Ալավերդիում, Կամոյում, Էջմիածնում, Արտաշատում, Սովետաշենում: Աշխատում էին Իջևանի գորգագործական կոմբինատը, «Հայգորգե ֆաբրիկայի գործվածքային արտադրությունը: Կար գուլպա-նասկեղենի, ձեռնոցների արտադրություն: «Մասիս», «Նաիրի», «Վան» ֆիրմաների կոշիկը ժամանակի ընթացքում կարող էր մրցակցել Արևմուտքի համանման լավագույն արտադրանքի հետ: 

Հայաստանի թեթև արդյունաբերության վերածնունդը կարելի էր սկսել ներմուծումը նվազեցնելուց, ինչն ինքնըստինքյան կհանգեցներ լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման: Պետությունից (որը չունի արդյունաբերական քաղաքականություն և որտեղ հարկային ամենաթողության քաղաքականությունն է իշխում, որը թույլ չի տալիս, որ այս արտադրությունները վերածնվեն) նյութական ոչ մի ծախս չի պահանջվում: Պահանջվում է ընդամենը պայմաններ ստեղծել, որպեսզի ավելի շահավետ լինի ստեղծել տեղում, այլ ոչ թե ներկրել: Կարելի կլիներ այս գործընթացը նախաձեռնել թեթև արդյունաբերության ավելի վաղ սեփականաշնորհված և չաշխատող օբյեկտների ազգայնացմամբ և դրանք կրկին աճուրդի հանելով: Այսօր Հայաստանում կան բավականաչափ թվով մարդիկ, որոնք ի վիճակի են գնել թեթև արդյունաբերության «երբեմնի ճոխության մնացուկները» և վերականգնել այն բարձր մակարդակով: Բայց դրա համար անհրաժեշտ կլիներ հռչակել և օրենսդրորեն ամրագրել մի քանի տարվա արտոնությունների քաղաքականություն, ինչը ենթադրում է նվազագույնի հասցնել կամ նույնիսկ վերացնել ցանկացած հարկային բեռ թեթև արդյունաբերության ձեռնարկությունների համար` դրանց վերականգնման և կայացման շրջանում (5-10-20 տարի), ներկրվող հումքի մաքսատուրքի նվազեցում կամ վերացում և ներկրվող այն արտադրանքի մաքսատուրքերի միաժամանակյա ավելացում, որն արտադրվում է նաև Հայաստանում:

 

Ծանր արդյունաբերություն

 

Հայաստանում պահպանվել են մետալուրգիական և քիմիական արդյունաբերության մնացուկներ, որոնք մոտենում են այն կետին, երբ ավելի հեշտ է դրանք վերացնել, քան թե արդիականացնել: Ահա երկրի գիտաարտադրական համալիրի այս մնացուկներն էլ կարող էին դառնալ գանձարանը լցնելու, երկրի տնտեսական կայուն աճի հիմնական աղբյուրը: Ռուսաստանյան գազատարի առկայությունը և երկրորդի` իրանականի, իսկ ապագայում նաև, հնարավոր է, նավթամուղի ձեռքբերումը մտածել է տալիս Հայաստանի քիմիականացման «երկրորդ շրջանի» մասին: Ճյուղի երկու հսկաների` «Նաիրիտի» և «Պրոմեթևս-քիմարդի», ինչպես նաև «Պոլիվինիլացետատի», Անվադողերի, Ռետինատեխնիկական գործարանների, վիտամինների գործարանի, Երևանի քիմռեակտիվների գործարանի, մի շարք այլ քիմիական ձեռնարկությունների (որոնք ժամանակին ապահովում էին կաուչուկի, լաքերի, սոսինձների, թաղանթների, ներկերի, պոլիվինիլացետատի, ացետատային մետաքսի, ազոտային պարարտանյութերի, կորունդի արտադրությունը) առկայությունը թույլ է տալիս խոսել Հայաստանում քիմիայի «ռենեսանսի» մասին: Ես արդեն գրել եմ (ԳԱ, 07.11.08), որ սա առաջին հերթին վերաբերում է Հայաստանում «սեփականե բուտադիենի և «սեփական» ստիրոլի ստացման հնարավորությանը` որպես հիմնական ելակետային հումք: Բուտադիենը և ստիրոլը կարող են օգտագործվել ռետինատեխնիկական և անվադողերի արդյունաբերության վերականգնման, պոլիմերայինի կայացման համար: «Խողովակներով» հանրապետություն եկող հումքի հիման վրա կարելի կլինի կազմակերպել էթիլենի, պրոպիլենի, վինիլքլորիդի, դրանց հիման վրա` պոլիմերների արտադրությունը, ստանալ կաուչուկ, խեժեր, պլաստմասսա, լաքեր և ներկեր, լուծիչներ, քիմիական մանրաթելեր և թելեր, քիմռեակտիվներ, նյութեր դեղագործության, օծանելիքների, լվացող միջոցների և օճառի համար, սննդի և ըմպելիքների հավելուկներ, ֆունգիցիդներ, ինսեկտիցիդներ, բակտերիցիդներ, բույսերի պաշտպանության այլ միջոցներ, վնասազերծիչ նյութեր և դեզոդորանտներ, սոսինձներ, ներկեր, յուղաներկեր, լաքեր, էմալ, ներկանյութեր, պիգմենտներ, մի խոսքով` ժամանակակից քիմիայի ողջ տեսականին, ինչը կարող էր դառնալ Հայաստանի «դեմքը» արդի աշխարհում:

Բայց սա արդեն «թեթև» արդյունաբերություն չէ, և պետությունը չի կարող հույսը դնել մասնավոր կապիտալի կամ օլիգարխների վրա: Այո, նրանք են նոր մագնատները, այն սեփականությունից ռենտա ստացողները, որը ձեռք են բերել խորհրդանշական գումարներով, բայց հարկավոր է հասկանալ, որ ամեն մեկը չէ, որ ճակատագրի կամոք անհրաժեշտ ժամանակ և անհրաժեշտ տեղում նրանց փոխարեն հայտնվելով` կկարողանար ստեղծել այսօր նրանց պատկանող կայսրությունները: Մեր օլիգարխները դեռ բուրժուազիա չեն: Նրանք դեռ ի զորու չեն (և պետք էլ չէ) լուծել այս մասշտաբի խնդիրներ: Հետևաբար, ծանր արդյունաբերության վերածնման ողջ հոգսը, բոլոր ծախսերը պետք է վերցնի պետությունը և համապատասխանաբար էլ` դրանց շահագործումից ստացվող եկամուտները պետք է գնան պետության գանձարան:

 

գ. Ինտելեկտուալ ռեսուրսներ

Հայաստանն ունի Գիտությունների ակադեմիա` ինստիտուտների, համալսարանների զարգացած ցանցով, բժշկական կենտրոններ, ԳՀԻ-ներ, բանկեր: Բնական ռեսուրսների մեծամասնության բացակայությունը Հայաստանը որոշ չափով կարող էր կոմպենսացնել ինտելեկտուալ ռեսուրսով, հեռանկարային ուղղությունների գիտական մշակումներով` շեշտը դնելով տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնային արդյունաբերության, նոր նյութերի ստեղծման, բժշկական և դեղագործական հատվածում կենսատեխնոլոգիայի ձեռքբերումների կիրառման, կրթության, բժշկության բարձրորակ արդի համակարգերի ստեղծման ոլորտների վրա: Այս ամենը չի գործարկվում, բայց երկրի տնտեսական կայուն զարգացման լուրջ պոտենցիալ է հանդիսանում: Այս հարցում, գիտության մեջ, գուցե մենք առաջինն աշխարհում փորձեինք այն մոտեցումը, որը նման է Հնդկաստանի և Չինաստանի կողմից արդյունաբերության զարգացման նպատակով հաջող կիրառություն գտածին:

Այդ երկրների քաղաքականությունը կառուցված էր ամերիկացի կամ եվրոպացի և հնդիկ կամ չինացի բանվորների աշխատավարձերի խիստ տարբերության վրա: Չինացիները պատրաստ էին աշխատել (և հիմա էլ աշխատում են) ամիսը 150-300 դոլարով, ինչը քսան անգամ պակաս է, քան ԱՄՆ-ում և Եվրոպայում: Դրա համար էլ մեծ թվով գործարաններ ժամանակի ընթացքում տեղափոխվեցին Չինաստան կամ Հնդկաստան` փլուզելով Արևմուտքի երկրների արդյունաբերությունն ու տնտեսությունը և վիթխարի շահույթներ բերելով գործարանատերերին:

Արևմուտքում, որքան էլ տարօրինակ հնչի, ավելի շատ գնահատվում է այն պրոֆեսորը, որը «կարողանում» է դրամաշնորհ պոկել, փող կպցնել, որի զգալի մասը փոխանցվում է համալսարանին` ենթակառուցվածքի պահպանման և այլ ծախսերի համար: Նոր դրամաշնորհ ստանալու հնարավորությունն զգալիորեն բարձր է այն պրոֆեսորի մոտ, որն ավելի մեծ արդյունքներ է ստացել նախորդ դրամաշնորհի փողերով: Իսկ մեծ արդյունքների, եթե կա արդյունավետ գաղափար, կարելի է հասնել միայն աշխատակիցների թվաքանակի ավելացմամբ, այսինքն` տվյալ ուղղությամբ աշխատող ձեռքերի և գլուխների ավելացմամբ: Աշխատավարձի ամրագրված նվազագույնի պայմաններում աշխատակիցների յուրաքանչյուր կատեգորիայի համար սա անհնար է անել: Ահա այստեղ էլ կարելի կլիներ նրանց «առաջարկություն անել, որից դժվար կլիներ հրաժարվել». գիտության մի մասը տեղափոխել երկիր, որտեղ աշխատավարձի առկա ֆոնդով կարելի կլինի պահել երկու-երեք անգամ ավելի որակյալ աշխատակիցներ: Հետազոտական կենտրոնների և խմբերի որոնումից հետո, որոնց աշխատանքի ուղղվածությունը համապատասխանում է նրան, ինչն այսօր վարվում է Հայաստանում, կառավարությունը կկարողանար պաշտոնապես «դուրս գալ» համապատասխան գիտական կենտրոնների ղեկավարների վրա և «առաջարկություն» անել նրանց: Դրա էությունն այն է, որ սարքավորումներով, ռեագենտներով և ռեակտիվներով մատակարարման  պարագայում Հայաստանը արևմտյան մեկ հաստիքային միավորի աշխատավարձով պատրաստ կլինի պահել համապատասխան որակի երկու, անգամ երեք աշխատակից: Հայ գիտնականների աշխատավարձի չափը, ընդ որում, առնվազն մի կարգով ավելին կլինի, քան այսօր նրանք ստանում են: Կարծում եմ` այնպես, ինչպես Արևմուտքի ողջ արդյունաբերությունը քոչեց Արևելք, այդ նույն մոտեցմամբ առաջավոր գիտության մի ինչ-որ մասը կարող է քոչել Հայաստան և ԱՊՀ այլ երկրներ: Արդյունքում` մեզանում կտրուկ կբարձրանան գիտության մակարդակը, ֆինանսավորումը, ստացվող արգասիքը և, գլխավորը, կավելանա գիտությամբ զբաղվել ցանկացող երիտասարդների թիվը, ինչն առաջընթացի գրավականն է ցանկացած երկրի համար: 

 

3. Մեթոդները

Շատ պետությունների, մանավանդ նրանց համար, որոնք գտնվում են կայացման ճանապարհին, ծանր արդյունաբերությունը, բնականաբար, երկրի տնտեսական և ֆինանսական հզորության վճռորոշ գործոն է հանդիսանում: Հետևաբար, Հայաստանի համար հատուկ ուշադրության առարկա պետք է լինի «նոր ինդուստրիալացմանե, արդյունաբերական արտադրության ստեղծման գործընթացի քաղաքականությունը: Ինդուստրիալացման քաղաքականությանն են դիմել Ճապոնիան, Կորեան, «ասիական վիշապները», Չինաստանը, որոնք կարողացան ճկուն հարկային քաղաքականության և նոր տեխնոլոգիաների խրախուսման միջոցով կտրուկ բարձրացնել իրենց երկրների տնտեսությունը: Բայց առաջինը նրանք չէին: Ժամանակի այս ճանապարհով է գնացել Պետրոս Առաջինը և հասել Ռուսաստանի հզորությանը, նաև խորհրդային էլիտան` Ստալինի գլխավորությամբ, որոնք 10 տարվա մեջ 50-100 տարով կրճատեցին Արևմուտքից ունեցած տարբերությունը: Հետաքրքիր են սակավ հայտնի փաստեր ԽՍՀՄ ինդուստրիալացման պատմությունից:  

 

 

ՄԻ ԱՆԳԱՄ ԽՍՀՄՈՒՄ

(ԻՆՉՊԵ՞Ս Է ԴԱ ԵՂԵԼ)

 

Խորհրդային հասարակության զար- գացման 1928-1940թթ. ժամանակաշրջանը կրում է ինդուստրիալացում անվանումը: Ինդուստրիալացումն սկսելու մասին որոշումն ընդունվել է 1925թ. դեկտեմբերին, ՀամԿ(բ)Կ XVI համագումարում: Այդքան բարդ խնդրի լուծումն անհնար էր առանց երկարաժամկետ պլանավորման: 1927թ. դեկտեմբերին ՀամԿ(բ)Կ XV համագումարը դիրեկտիվ ընդունեց առաջին հնգամյա պլանի կազմման մասին: Առաջին հնգամյակի գլխավոր պլանը մշակել էր ԽՍՀՄ Պետպլանը` ակադեմիկոս, ազնվականի որդի և դեկաբրիստի թոռ Գ.Մ. Կրժիժանովսկու ղեկավարությամբ: Առաջին հնգամյա պլանը գնահատելիս պատմաբանները միահամուռ նշում են նրա առաջադրանքների կշռադատվածությունը, որոնք, չնայած մասշտաբայնությանը, միանգամայն իրատեսական էին իրականացման համար: Նախատեսվում էր արդյունաբերական արտադրանքի 180%-ով, գյուղատնտեսականի 55%-ով աճ: Պլանավորվում էր ազգային եկամուտն ավելացնել 103%-ով: Աշխատանքի արտադրողականությունն արդյունաբերությունում պետք է ավելանար 110%-ով, իրական աշխատավարձը` 71, գյուղացիների եկամուտները` 67%-ով: Առաջին հնգամյակի տարիներին (1927/28-1932/33թթ.) նախատեսվում էր կառուցել  ծանր արդյունաբերության 1500 ձեռնարկություն: Դրանց մեջ` այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Դնեպրոհէկը, Մագնիտոգորսկի և Կուզնեցկի մետալուրգիական կոմբինատները, Ստալինգրադի և Չելյաբինսկի տրակտորի գործարանները, Ուրալմաշը, Թուրքեստանյան-սիբիրյան երկաթուղին և այլն: Առաջին հնգամյա պլանի դիրեկտիվներում նշվում էր. «Հնգամյա պլանը հատուկ ուշադրություն պետք է հատկացնի հետամնաց ժողովուրդների, ազգային ծայրամասերի և հետամնաց շրջանների տնտեսության և մշակույթի վերելքի հարցերին` ելնելով նրանց տնտեսական և մշակութային հետամնացության աստիճանական վերացման անհրաժեշտությունից, համապատասխանաբար նախատեսելով նրանց տնտեսության և մշակույթի զարգացման արագ տեմպ...»: Ընդ որում, ամենևին չէր ազդարարվում, և ազդարարելու հարկ էլ չկար, որ ԽՍՀՄ տնտեսության ստեղծման նախագծերի գիտական, տեխնոլոգիական և կոնստրուկտորական մասը խորհրդային իշխանությունն իրականացրել է Արևմուտքի օգնությամբ: Ռուսաստանը ոտքի կանգնեցնելու համար հրավիրել էին գերմանացի, ամերիկացի և այլ մասնագետների: 1920թ. ավարտին Խորհրդային Ռուսաստանի և Գերմանիայի միջև սկսվեցին ռազմատեխնիկական և տնտեսական համագործակցության հաստատման վերաբերյալ բանակցություններ: Պայմանավորվեցին այն մասին, որ Blohm und Voss (սուզանավեր), Albatros Werke (օդային նավատորմ) և Krupp (զենք) ընկերությունները Ռուսաստանին կտրամադրեն «իրենց տեխնիկական ուժերն ու անհրաժեշտ սարքավորումներ»: Խորհրդային կողմը ստեղծեց տրեստներ, որոնց մեջ մտան ծանր հրետանու, ինքնաթիռների, վառոդի, արկերի և այլնի արտադրությունները: Գերմանացիները, որոնք Առաջին համաշխարհայինում կրած պարտությունից հետո իրավունք չունեին իրենց մոտ զենք ու զինամթերք արտադրել, Ռուսաստանում արտադրություն կազմակերպելով` իրենց համար նույնպես ինքնաթիռներ, ծանր հրետանի էին պատվիրում, ինչպես նաև վարկեր էին տրամադրում: ՌԽՖՍՀ կառավարության և Junkers ընկերության միջև պայմանագրեր էին կնքվել շարժիչների և ինքնաթիռների արտադրության վերաբերյալ: Stolzenberg ընկերությունը հրետանային արկերի և վառոդի արտադրություն կազմակերպեց: Գերմանացիների հետ համատեղ կազմակերպվեց թունավոր նյութերի արտադրությունը: Carl Walter ընկերությունը Տուլայում կառուցեց արտադրամասեր, որոնցում արտադրվում էին հրացանափողերի և գնդացրափողերի պարույրներ: Mannesmann ընկերությունը  Մարիուպոլի մետալուրգիական գործարանում կառուցեց գլանահաստոն-4500-ը, որը 1941թ. տարվեց Ուրալ, և առայսօր դրանով պատրաստում են Т-90 տանկերի զրահներ: 1929թ. ԱՄՆ-ում ԽՍՀՄ դիվանագիտական ներկայացուցչությունը Albert Kahn, Inc. ընկերությանը պատվիրեց նախագծել տրակտորի գործարան: Պատվերի հաջող կատարումից հետո ընկերությանն առաջարկեցին ընդգրկվել Խորհրդային Միության արդյունաբերական շինարարության ընդհանուր ծրագրում, որը պատմության մեջ հայտնի է որպես «ԽՍՀՄ ինդուստրիալացում»: Առաջին հնգամյակների կառույցների լրիվ ցանկը երբեք չի հրապարակվել, և առայսօր հայտնի չէ այն ձեռնարկությունների ճշգրիտ թիվը, որոնք նախագծվել են Albert Kahn, Inc. ընկերության կողմից: Թիվը մոտավորապես պետք է 560 լինի: Այդ ցանկում են տրակտորի գործարանները Ստալինգրադում, Խարկովում, Չելյաբինսկում, ավտոգործարանները Մոսկվայում և Գորկիում, հաստոցաշինական գործարանները Կալուգայում, Նովոսիբիրսկում, ձուլարաններն ու մեխանիկական գործարանները, ջերմաէլեկտրակայանները, գլանահաստոնները և այլն: Գորկու ավտոգործարանի տեխնոլոգիական նախագիծը կատարել է Ֆորդի ընկերությունը, շինարարականը` ամերիկյան Austin ընկերությունը: 1930 և 1935թթ., համապատասխանաբար, Ֆորդի հավաքման գործարանների օրինակով կառուցվեցին Մոսկվայի ավտոգործարանը (ԱԶԼԿ) և ԶԻՍ-ը (հետագայում` ԶԻԼ): 1-ին պետական` առանցքակալների գործարանը Մոսկվայում կառուցվեց իտալական RIV ընկերության տեխնիկական օժանդակությամբ: Կանի միջոցով ԽՍՀՄ եկավ ամերիկյան և եվրոպական արդյունաբերական տեխնոլոգիայի հզոր հոսք: Ափսոս, որ բազում հուշարձանների արժանի մարդու մասին գրեթե ոչինչ չգիտենք: Ստալինյան ինդուստրիալացման խորհրդանիշը Դնեպրոհէկն է, որի նախագծմամբ և շինարարությամբ զբաղվել է ամերիկյան Cooper ընկերությունը: Շինհրապարակը պատրաստել էր գերմանական Siemens ընկերությունը, նա էլ մատակարարել էր էլեկտրագեներատորները: Դնեպրոհէկի տուրբինները պատրաստել էր ամերիկյան Newport News ընկերությունը, որն այժմ կոչվում է Northrop Grumman և ավիակիրներ ու ատոմային սուզանավեր է արտադրում: 1929թ. Arthur McKee ընկերությունը սկսեց Մագնիտոգորսկի մետալուրգիական կոմբինատի նախագծումը` բերելով նաև բոլոր սարքավորումները, հաստոցները և մեխանիզմները, խորհրդային կողմին փոխանցելով կուտակած ողջ փորձը: McKee-ի դոմնաները ՄՄԿ-ում աշխատում են առայսօր: 1939թ. չեխոսլովակյան Skoda ընկերության ղեկավարը ԽՍՀՄ պաշտպանական արդյունաբերության ժողկոմի տեղակալ Իվան Ֆեոդորի Թևոսյանին և սպառազինությունների ժողկոմ Բորիս Լևի Վաննիկովին հանձնեց հաուբիցների, զենիթային և ծովային թնդանոթների, հրաձգային, հրանոթային և այլ սպառազինության արտոնագրերն ու գծագրերը: Հայրենական մեծ պատերազմի նախօրյակին Նովոսիբիրսկում կառուցվեց ձեռնարկություն` Skoda ընկերության հաստոցային սարքավորմամբ զինված, որը նախատեսված էր հրանոթային արկերի թողարկման համար:

Ամեն ինչ այնպես էր հաշվարկված, որ անհրաժեշտ որակի մարդիկ անհրաժեշտ ժամանակ և անհրաժեշտ տեղում հանդիպեցին անհրաժեշտ նյութերի ու սարքավորումների` անհրաժեշտ ժամկետում անհրաժեշտ ծավալի անհրաժեշտ արտադրանք տալու համար:

Առաջին հնգամյակների տարիներին փոխվեց տնտեսական աշխարհագրությունը. ի հայտ եկան արդյունաբերական նոր շրջաններ: Առաջ եկան ծանր մեքենաշինության նոր ճյուղեր. հաստոցների և գործիքների, ավտոմեքենաշինական, տրակտորների արդյունաբերություն, տանկային, ավիաշինություն, էլեկտրաէներգետիկա և այլն: Տեխնիկական վերակառուցման ենթարկվեցին քիմիական և նավթաքիմիական արդյունաբերությունը, մետալուրգիան, էներգետիկան, տրանսպորտը: Ազգային եկամուտն աճեց հինգ, արդյունաբերական արտադրանքը` վեց անգամ: Զգալիորեն ավելացավ բանվորների թվաքանակը, այդ թվում և պրոֆեսիոնալ կադրերի: Բարձրացավ կրթության մակարդակը: Եվ այս ամենը` մոտավորապես 20 տարվա ընթացքում:

Այդ տարիներին ստեղծվեց տնտեսության` այն ժամանակվա համար զարգացած ենթակառուցվածքը, կարևոր գիտական հայտնագործություններ և տեխնոլոգիական մշակումներ կատարվեցին, բացահայտվեցին և մասամբ յուրացվեցին օգտակար հանածոների հարուստ հանքավայրեր: Ի՞նչ էր նշանակում, ասենք, զրոյից սկսել ավիացիոն արդյունաբերությունը: Նշանակում էր ստեղծել մի քանի տասնյակ նորագույն գործարաններ, իսկ դա արդեն հարյուր հազարավոր աշխատատեղ էր նշանակում, կոնստրուկտորական բյուրոների կազմակերպում, գիտական դպրոցների, նոր բուհերում ամբիոնների, օդաչուական դպրոցների ստեղծում, օդանավակայանների կառուցում, օդաչուի, ինժեների, գիտնականի պաշտամունքի ստեղծում: 1924-1953թթ. երկիրը վիթխարի զարգացում ապրեց: Այն ժամանակ ստացած խթանը նրան ևս քառասուն տարի բավականացրեց: Այսօր, ԽՍՀՄ փլուզումից հետո, ինքնաթիռների արտադրությունը կրճատվել է 12 անգամ, ձեռնարկությունների մեծ մասի աշխատակազմը` մինչև 10-20%-ով, ուղևորատար ինքնաթիռների շուկայի 89,4%-ն այժմ Ռուսաստան է գալիս արտասահմանից: Ռուսաստանյան խոշոր «Աերոֆլոտ» ավիաընկերությունը 2007թ. հրաժարվեց Ту-134-ից, իսկ այսօր ամբողջովին շահագործումից դուրս է բերում Ту-154-ը` դրանք փոխարինելով Airbus-ի արտադրության  А320 աերոբուսներով:

Հարց. Հնարավո՞ր է արդյոք ԽՍՀՄ ինդուստրիալացումը կրկնել մեր օրերում:

Պատասխան. Հնարավոր է:

 

 

ՄԻ ԱՆԳԱՄ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ

(ԻՆՉՊԵ՞Ս Է ԴԱ ԵՂԵԼ)

1986թ., նույն թվականին, երբ Գորբաչովը հայտարարեց արագացման ծրագրի մասին, Չինաստանը համանման` «Ծրագիր 863» ընդունեց գիտության և տեխնիկայի զարգացման վերաբերյալ: Բարեփոխումները գրեթե միաժամանակ սկսեցին. ԽՍՀՄ-ն ուներ զարգացած գիտություն, իսկ նրանք նոր-նոր էին սկսում փետրե անկողիններ կարել և վերածնում էին թերմոս սարքելու իրենց իմացությունը: Գորբաչովի մոտ ամեն ինչ տապալվեց: Իսկ չինացիներն ամուր դիրքեր գրավեցին կենսատեխնոլոգիայի, միկրոէլեկտրոնիկայի և օպտիկա-մանրաթելային տեխնիկայի, տիեզերագնացության մեջ: 1988թ. Պեկինն ընդունեց «Ջահ» ծրագիրը, որի համաձայն` ԽՍՀՄ մնացորդներից կամ ԱՄՆ-ից «կորզած» նորագույն մշակումներ են կատարվում:

Համեմատենք վերը նկարագրված խորհրդային ինքնաթիռաշինության ծնունդը և չինական օրինակը, որը զրոյից էր սկսում իր ավիաարդյունաբերությունը:

2008թ. հոկտեմբերին, պլանին լրիվ համապատասխան, Չինաստանում ստեղծվում է Airbus ինքնաթիռների հավաքման արտադրություն, և արդեն ոչ լրիվ մեկ տարի հետո, 2009թ. հունիսին, թողարկվում է չինական հավաքման առաջին Airbus А320-ը: 2009թ. Չինաստանը թողարկում է ինքնուրույն մշակած ARJ-21 ինքնաթիռը: Նույն` 2009թ. տեղի է ունենում թեթև մարզական L-162 ինքնաթիռի առաջին թռիչքը: Այն մշակվել էր Շենյանի ավիաշինարարական ընկերության և ամերիկյան «Ցեսնա Աերքրաֆթ» ընկերության համագործակցության արդյունքում: Շանհայում երեք կենտրոն է կառուցվում` ինքնաթիռների նախագծման, հավաքման և սպասարկման: 2009թ. դեկտեմբերին Ֆրանսիայուն առաջին թռիչքն է կատարում Z-15 ուղղաթիռի նմուշը` մշակված Խարբինի ավիաընկերության և ֆրանսիական Eurоcopter-ի համագործակցությամբ: Հիշենք, որ դեռ 1978թ. Չինաստանը աղքատ ու սոված երկիր էր` ավերված ենթակառուցվածքով և արդյունաբերությամբ: Կառավարման 27 տարվա ընթացքում (1949-1976) Մաո Ցզեդունը երկիրը հասցրեց քաոսի, հետամնացության և մեկուսացման վիճակի: Դեն Սյաոպինը, որը երբեք չի զբաղեցրել Չինաստանի ղեկավարի պաշտոնը, բայց փաստացի ղեկավարն էր 1970-ական թթ. վերջից մինչև 1990-ական թթ. սկիզբը, կարողացավ Չինաստանը դուրս բերել փակուղուց: Նա կարողացավ երկիրը դնել ինտենսիվ սոցիալ-տնտեսական զարգացման ուղու վրա` երկու համակարգերի (պլանային և շուկայական` օտարերկրյա ներդրումների զանգվածային ներգրավմամբ) համադրման քաղաքականություն հռչակելով: Իրենից հետո Դեն Սյաոպինը թողեց մոդեռնացման չորս ծրագիր և տեխնոկրատների կառավարություն, որը շարունակեց նրա բարեփոխումների ծրագիրը: Ներկայիս Չինաստանը միջուկային-տիեզերական տերություն է, համաշխարհային ֆաբրիկա: 30 տարում Չինաստանն իրականացրեց աշխարհում ամենահաջող արդիականացումը. ՀՆԱ-ն աճեց 12,6, արդյունաբերական արտադրությունը` 19, արդյունաբերական արտադրանքի արտահանումը` 28 անգամ: Օտարերկրյա կուտակված ուղղակի ներդրումները հասել են $964-ի, Չինաստանի և ԱՄՆ առևտրի պրոֆիցիտը գերազանցում է $600 մլրդ-ն: Երկիրը տնօրինում է աշխարհի 500 ամենախոշոր կորպորացիաներից 37-ին: Չինաստանում են գտնվում 50 ամենախոշոր ծովային առևտրային նավահանգիստներից և օդանավակայաններից համապատասխանաբար 17-ը և 6-ը: ԱՄՀ տվյալներով` Չինաստանի ՀՆԱ-ն 2008թ. կազմել է 4,402 տրլն ամերիկյան դոլար:

Չինաստանը դարձել է աշխարհի խոշոր արտահանող երկիրը: Արտահանման ծավալներով այդ երկիրը 2009թ. առաջ է անցել Գերմանիայից, որի տնտեսությունը ամենաուժեղն է համարվում Եվրամիությունում: Չինաստանում կառուցվել է ավելի քան 370 հազար նոր արդյունաբերական ձեռնարկություն: Ֆաբրիկաների և գործարանների ընդհանուր թվով Չինաստանը զբաղեցնում է առաջին տեղն աշխարհում: ՉԺՀ արդյունաբերությունը ներկայացված է 360 ճյուղերով: Չինական ապրանքների որակն օրեցօր բարելավվում է: Եթե 90-ական թթ. կեսերին չինական ապրանքները զուգորդվում էին ոչ բարձր որակի և ցածր գնի հետ, ապա այսօր շեշտադրումները խիստ փոխվել են:

Ամփոփում. երկիրը պետք է ունենա պարզորոշ նպատակներ, հստակ ծրագիր և նպատակներին հասնելու մշակված եղանակներ:    

 

ՓՈՂ. ՈՐՏԵՂԻ՞Ց

Ստեղծման պահից մինչև 60-ական թթ. վերջը ԽՍՀՄ-ը հեղուկ վառելիքի համաշխարհային շուկայում էական դեր չի խաղացել: 20-30-ական թթ. խորհրդային պետությունը ինդուստրիալացման համար միջոցները հիմնականում ստանում էր հացահատիկի վաճառքից: Գյուղատնտեսությունը, կոլեկտիվացումը դարձան այն գլխավոր աղբյուրները, որոնց հաշվին հաջողվեց իրականացնել արդյունաբերության տեխնիկական վերազինումը: Լրացուցիչ միջոցներ ստանալու համար կառավարությունը սկսեց փոխառություններ բաց թողնել: Սարքավորումներ ձեռք բերելու համար անհրաժեշտ արտարժույթի ստացման աղբյուր դարձավ ԽՍՀՄ խոշոր թանգարանների (Էրմիտաժի, Կրեմլի, Տրետյակովյան պատկերասրահի և այլն) գեղարվեստական արժեքների վաճառքը: Այդ ժամանակ ԽՍՀՄ-ից դուրս տարվեցին մեծագույն նկարիչների և ոսկերիչների ստեղծագործություններ, հնագույն ձեռագրերի հազվագյուտ հավաքածուներ, գրքեր և զենքեր: ԽՍՀՄ-ում այն ժամանակ չկային տեխնոլոգիաներ և մասնագետներ, բայց հաց և ոսկի կար, և այն ժամանակվա ղեկավարները դրանք խելամիտ կիրառեցին: 70-ական թթ. սկզբից սկսվեց Արևմտյան Սիբիրի խոշոր հանքավայրերի շահագործումը, ԽՍՀՄ արտահանական հնարավորությունները կտրուկ բարձրացան, և դեպի Եվրոպա ձգվեցին խողովակաշարերը: Նավթը  դարձավ խորհրդային արտահանման գլխավոր հոդվածը, արտարժույթի ստացման կարևորագույն աղբյուրը, որոնք երկիրը պարզապես խժռում էր: Նույն` 70-ականների սկզբից անուղեղ ղեկավարման արդյունքում ԽՍՀՄ-ը սկսեց հացահատիկ ներմուծել: Այսպես է եղել այն մեծ երկրում, որի մի մասն էինք մենք:

Իսկ Չինաստա՞նը որտեղից միջոցներ հայթայթեց: «Չինական հրաշքն» անհնար կլիներ առանց չինական նոր լիդերների պրագմատիզմի և արտաքին գործոնների հաջող համադրման: Նկատի ունենք ԱՄՆ աջակցությունը, որի ղեկավարությունը, Հենրի Քիսինջերի և Զբիգնև Բժեզինսկու ազդեցությամբ, 1970-ական թթ. սկզբից, ի հեճուկս ԽՍՀՄ-ի, դիմեց Չինաստանի հետ մերձեցման քաղաքականության: Չինաստանը դռները բացեց արևմտյան ներդրումների և տեխնոլոգիաների առջև, ինչն արդեն երկրորդ հազարամյակի ավարտին թույլ տվեց ՉԺՀ-ին դառնալ առաջին էշելոնի մեծ տերություն: Անհրաժեշտ տեղում և անհրաժեշտ ժամանակ միատեղվեց մի քանի գործոն, որոնցից կարևորագույններն են` Չինաստանի ղեկավարության` երկիրը «ճիշտ» վերափոխելու ձգտումը և չինացիների` չնչին աշխատավարձով աշխատելու պատրաստակամությունը մի կողմից, և եկամուտների աներևակայելի աճի հնարավորությունը աշխատավարձի ծախսերի, ԱՄՆ և Եվրոպայի ձեռներեցների համար ապահովագրական և այլ ծախսերի քսանակի-երեսնակի կրճատման արդյունքում` մյուս կողմից, ինչը շատ արագ հանգեցրեց այն բանին, որ Չինաստան եկավ առաջնակարգ արդյունաբերական ձեռնարկությունների հսկայական քանակություն:

Արդյունքում` Չինաստանի կառավարությունը կուտակել է հսկայական բյուջետային եկամուտներ և արդեն գերակա խնդիր է համարում արտասահմանում միջոցներ ներդնելը: Դա թույլ է տալիս Չինաստանին զգալի ազդեցություն ունենալ այլ երկրների, անգամ այնպիսինի վրա, ինչպիսին ԱՄՆ-ն է: Պլանների և ցանկությունների առկայությունը դեռ հաջողության գրավականը չէ. անհրաժեշտ են նաև պայմաններ և հմտություն, որոնց դեպքում ցանկությունները համընկնում են հնարավորությունների հետ...

Որտեղի՞ց մենք` հայերս, վերցնենք հաց ու ոսկի, նավթ` վերածնելու համար մեր արդյունաբերությունը: Որտե՞ղ գտնել այն շուկաները, որոնց պետք կլինի մեր արտադրանքը: Այսօր մենք ոչինչ չունենք ոչ ընդերքում, ոչ գանձարանում, և տեսանելի ապագայում ունենալ չենք կարող: Եվ առհասարակ, հնարավո՞ր է արդյոք վերածնունդը:

Միջազգային, ամերիկյան, եվրոպական ոչ մի կազմակերպություն, որոնց գրասենյակները, բարեգործների անվան տակ, լցվել են ԽՍՀՄ նախկին հանրապետություններում, աշխարհի և ոչ մի բանկ նախկին հանրապետություններից ոչ մեկին քոռ կոպեկի վարկ անգամ չի տա արդյունաբերության վերականգնման համար: Փոքր բիզնեսի, խանութի, արհեստանոցի, վարսավիրանոցի և նման բաների համար դեռ հնարավոր է վարկ ստանալ, բայց լուրջ արդյունաբերության համար` երբե՛ք:

Համաշխարհային գլոբալ գործընթացները վաղուց կառավարվում են  Արևմուտքի մուլտիօլիգարխների բավական սահմանափակ թվով խմբի կողմից, որոնց էլ պատկանում են աշխարհի բոլոր խոշոր արտադրությունները: Բոլոր երկրները, մանավանդ հավերժ զարգացողները, ինչպիսին մենք ենք դարձել, դրսից կառավարվում են նրանց կողմից: Մեզ պարտադրում են խաղալ իրենց սահմանած կանոններով և չփորձել ստեղծել կամ արտադրել այնպիսի մի բան, որը կարող է մրցակցել իրենց ապրանքների հետ: Մեր երազանքների գագաթնակետը պետք է լինի փոքր և միջին բիզնեսը` երշիկ, թթվասեր, գարեջուր, օղի: ԽՍՀՄ-ը խանգարում էր` վերացրին: Աշխարհն այսօր գլոբալիզատորների կրնկի տակ է: Իսկ նրանք կեղծավորաբար շարունակում են հավաստիացնել աշխարհին, թե գալիս են, որ խաղաղություն, առաջընթաց և բարգավաճում բերեն ժողովուրդներին: Ինչո՞ւ են անում դա: Որովհետև լավ մարդիկ են և գիշերը չեն կարողանում քնել, եթե ինչ-որ տեղ` Հայաստանում կամ Զիմբաբվեում դեմոկրատիա չկա:

Եվ այսպես, որտեղի՞ց փող վերցնենք, որը թույլ կտա մեզ վերածնել մեր արդյունաբերությունը հարցը բաց է մնում:

Նավթային դոլարներ մենք չունենք, և դրանք չեն էլ կանխատեսվում: Գյուղատնտեսության վրա հույս դնել չի լինի, որովհետև մշակման ենթակա ընդհանուր սակավահողության հետ մեկտեղ այն խիստ մասնատված է (մոտ 1 հա մեկ ֆերմերի հաշվով), չկան տեխնիկական պարկ, գյուղատնտեսություն վարելու արդի ագրոքիմիական մեթոդներ; տարին միայն մեկ անգամ բերք ստանալու հնարավորություն, բնության քմահաճույքից ուժեղ կախվածություն: Հուսալ, թե ինչ-որ մեկը, ի հեճուկս մեկ ուրիշի կամ անձնական շահերից ելնելով կորոշի մեզ մոտ` Հայաստան, անհայտ ժամանակով շրջափակված և ընդամենը 3,5 մլն բնակչություն ունեցող երկիր բերել իր արտադրությունը, ներդնել իր կապիտալը, նույնպես չենք կարող:

 

ԷԼԻ ՄԻ ՓՈՔՐ` ԵՐԵԿՎԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

1991թ. դեկտեմբերի 8-ին Բելովեժյան անտառի Վիսկուլի ամառանոցում Բորիս Ելցինը, Լեոնիդ Կրավչուկը և Ստանիսլավ Շուշկևիչը, թունդ հարբած վիճակում, ստորագրեցին Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման համաձայնագիրը: Փաստորեն, ոչ լեգիտիմ այս փաստաթուղթը Խորհրդային Միության վերջնական դատավճիռը դարձավ: Համաձայնագիրը հռչակում էր. «ԽՍՀ Միությունը` որպես միջազգային քաղաքական իրավունքի սուբյեկտ և աշխարհաքաղաքական իրողություն, դադարեցրեց իր գոյությունը»:

Միլիոնավոր մարդիկ, որ 1991թ. դեկտեմբերի 25-ին, ժ. 19.38-ին հետևում էին, թե ինչպես է իջեցվում ԽՍՀՄ դրոշը Կրեմլից, չէին ենթադրում, որ դիտում են ոչ թե «ժողովուրդների բանտի» թատերականացված ավարտը, այլ «ճիշտ աշխարհի» ավարտի վկաներն էին:

Պատմությունից հայտնի է, որ հռոմեացի սենատոր Կատոնը պատրիկների առջև ունեցած բոլոր ելույթները, ինչ թեմայի էլ վերաբերեին, ավարտում էր նույն նախադասությամբ. «Կարթագենը պետք է կործանվի»: Շատ սենատորներ տարակուսում էին, նույնիսկ զայրանում, բայց Կատոնը համառորեն պնդում էր և նպատակին հասավ: Ավելի քան 500-ամյա պատմության ընթացքում միայն մեկ անգամ Հռոմեական կայսրությունը պատերազմ սկսեց ոչ թե պարզապես ժողովրդին հնազանդեցնելու և նրան ստրկացնելու, այլ որոշակի պետություն ոչնչացնելու նպատակով: Եվ դա` Կարթագենի դեմ պատերազմն էր: Մ.թ.ա. 146թ. հռոմեական բանակն ավերեց և այրեց Կարթագենը: Քաղաքն այրվում էր 17 օր, ի վերջո լրիվ ավերվեց, իսկ նրա տարածքը հերկվեց և աղ ցանվեց, որպեսզի կենդանի ոչինչ չաճի այդ հողի վրա: 500.000 բնակչությունից միայն 50.000-ը ողջ մնաց: Ինչո՞վ է բացատրվում Կատոնի ատելությունը Կարթագենի հանդեպ: Ինչո՞ւ էր սենատոր Կատոնը համառորեն պնդում այդ միտքը Սենատում և հասավ այն բանին, որ Կարթագենն ավերվեց: Ի՞նչն էր մղում սենատոր Կատոնին այդպես վարվել: Պատմությունն այս հարցին միանշանակ պատասխան չի տալիս: Առկա գրականությունից կարելի է եզրակացնել, որ անձնական թշնամու` Կարթագենի տաղանդավոր զորավար Հաննիբալի (որը համարվում էր Հին աշխարհի մեծագույն զորահրամանատարներից մեկը) հանդեպ պաթոլոգիական ատելությունից, ագահությունից ու վախից բացի Կատոնն ուրիշ որևէ բանով չէր առաջնորդվում: Քաղաքակրթություններից, Հին աշխարհի ամենահարուստ քաղաքներից մեկը կործանելու, երկրի երեսից ջնջելու  օբյեկտիվ պատճառներ չկային:

Կա՞, ուրեմն, տարբերություն սենատոր Կատոնի և Բորիս Ելցինի միջև, որը կործանեց ԽՍՀՄ-ը միայն այն պատճառով, որ «անձնական թշնամանք» էր տածում իր բարերարի, ժամանակին սվերդլովսկյան ծայրամասից իրեն Մոսկվա բերած Միխայիլ Գորբաչովի հանդեպ: Տարբերությունը միայն բարբարոսության ծավալի մեջ է. 500.000 և 300.000.000 անմեղ տուժած բնակչություն: Բայց գլխավոր տարբերությունն այն է, որ առաջինը կործանեց օտարի երկիրը, իսկ Ելցինը` սեփականը: Կատարածի մասշտաբներով Ելցինը անցյալ հարյուրամյակի ոչ միայն ամենախոշոր ու անբարո, այլ նաև ամենաանուղեղ հանցագործն է: 

Շատերը չհասկացան ինչ կատարվեց: Ողջ աշխարհում: Չհասկացան, որ անբնական երևույթներ են տեղի ունենում, որոնք խախտում են բնական և հասարակական-պատմական իրականության համընդհանուր օրենքը` հակասությունների միասնության և պայքարի դիալեկտիկական օրենքը: Չհասկացավ նաև «աշխարհաքաղաքական այս մեծագույն ձեռակերտ աղետը» կազմակերպած Արևմուտքը: Արևմուտքը չհասկացավ, որ կտրեց այն ճյուղը, որին նստած էր, և քանի դեռ գոյություն ուներ ԽՍՀՄ-ը, գոյություն ունեին նաև պաշտոնական այլ գաղափարախոսություն և հանրային հարաբերությունների այլ ձև ունեցող պետությունները: Հենց «վախճանվեց» Խորհրդային Միությունը, սկսեց մահանալ նաև կապիտալիստական համակարգը: Չհասկացան, որ առաջընթացի շարժիչ ուժը ողջ աշխարհում եղել է, կա ու կլինի հակամարտությունը, մրցակցությունը, երկու փոխբացառող և, միաժամանակ, փոխլրացնող համակարգերի պայքարը: Չհասկացան, որ միաբևեռ ոչ մի բան, սկսած ջրածնի պարզագույն ատոմից, վերջացրած ընդհանրապես արդի աշխարհով, բնության մեջ լինել չի կարող: Չհասկացան, որ տվյալ միասնության շրջանակներում հակադրությունների պայքարով արտահայտված հակասությունն է զարգացման աղբյուրը: Չհասկացան, որ «երկու համակարգերի պայքարը» երկու թշնամական ճամբարների տնտեսության և հասարակության արդիականացման արդյունավետ գործիքն էր: 1970-ական թթ. վերջին շուկայի, «առաջարկի և պահանջարկի» ուժերի իշխանությանը հանձնված «Լիբերալ տնտեսության» արևմտյան նախագիծն սկսեց խափանումներ տալ:

Հիշենք, թե ինչպես էր արևմտյան աշխարհը, բավական կրթված մարդկանց մի քանի սերունդ հենց ԽՍՀՄ-ում սպասում կոմունիստական դիկտատուրայի կործանմանը: ԽՍՀՄ-ի դեմ հայտարարվել էր նոր տիպի պատերազմ, որտեղ որպես զենք էր ծառայում հանրային գիտակցության նպատակաուղղված փոփոխությունը: Խնդիր էր դրվել երկիր ներմուծել շրջակա աշխարհի վերաբերյալ կեղծ պատկերացումներ, մանիպուլացնել և՛ իշխող էլիտային, և՛ երկրի բնակչությանը: «Հինգերորդ շարասյունը»` սախարովները, սոլժենիցինները, ավելի փոքր տրամագծի գործիչները, չկայացած անձինք, որոնք իրենց դիսիդենտ էին անվանում, ջանքերը երկրի կատարելագործմանն ուղղելու փոխարեն հնարավոր ամեն ինչ անում էին իրենց տունը, հայրենիքը կործանելու համար: Արդյունքում` երկիրը, որը կառավարվում էր (ավելի ճիշտ կլիներ ասել` չէր կառավարվում) անկիրթ ծերուկ-գենսեկների կողմից, փլուզվեց:    

 

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ

 

Ի՞նչ է այսօր ԽՍՀՄ-ը «սև քսանամյակից» հետո: Դա Ռուսաստանն է, որն ապրում է նավթամթերքների արտահանման հաշվին, գումարած 10 չկայացած աղքատ երկիր, գումարած մի քանի, այսպես կոչված, «չճանաչված» պետություն: Այս ամենը` մի տարածքի վրա, որն ընդամենը 20 տարի առաջ աշխարհի ամենաուժեղ և ամենահարուստ երկիրն էր: Արդեն մոտ 20 տարի իշխանության են եկել իրենց «դեմոկրատ» անվանող «ֆունկցիոներները», որոնց, առանց մեծ ջանքերի, բաժին ընկավ աշխարհի հզորագույն տերություններից մեկը: Շա՞տ է, թե՞ քիչ 20 տարին` աշխարհին, սեփական ժողովրդին նախորդ իշխանության հանդեպ իրենց ճշմարտացիությունը, գերազանցությունն ապացուցելու համար: Պատերազմից հետո Միությանը յոթ տարին բավական եղավ երկիրը փլատակներից վեր հանելու համար: Իսկ մեզ փորձում են համոզել, թե 20 տարին բավական չէ իրենց իսկ խափանած և փլուզած համակարգը տեղից շարժելու և իրենց դավանած ստի բարբաջանքի առավելություններն ապացուցելու համար: Ի՞նչն է խանգարում պարի ելածներին:

Ի տարբերություն մյուս հանրապետությունների, Հայաստանին հասցված հարվածը խորացվեց ղարաբաղյան հիմնախնդրով և ավերիչ երկրաշարժով: Մենք դեռ ամբողջովին չենք գիտակցել մեզ պատուհասած աղետի բոլոր հետևանքները: Ժողովուրդն արդեն 20 տարի հատուցում է պատմական սխալների և «ֆունկցիոներների» քաղաքական ձախողումների համար, բայց հատուցման վերջը չի երևում:

Ուզում ենք հավատալ, որ այսօր բոլորն են հասկացել, որ գորշ, աղքատ և գարշելիությամբ լի կյանքն ավարտվել չի պատրաստվում: Միլիոնավոր պարզամիտներ, որոնք գնացին «ֆունկցիոներների» հետևից, պարզապես հիմար վիճակում հայտնվեցին և այժմ դատապարտված են անիմաստ կյանք վարելու: Մարդիկ ապագա չեն տեսնում, որովհետև չեն վերլուծում անցյալը, ուստի և համարժեք չեն ընկալում ներկան: Մի՞թե 20 և ավելի տարի է պետք, որպեսզի կյանքն ստիպի ճիշտ մտածել: Սա միայն հայերին չէ, որ վերաբերում է: Նույն գործընթացներն են Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Թուրքմենստանում, Տաջիկստանում, Ուկրաինայում,  Մոլդովայում, Վրաստանում, որոնք, ըստ էության, կայացած բարգավաճ երկրներ էին` իրենց բնորոշ ազգային հատկանիշներով, և որոնք հնարավոր էր քարտեզին տեսնել միայն Ռուսաստանի, իսկ ավելի ուշ` ԽՍՀՄ կազմում գտնվելու շնորհիվ: Չենք խոսի Ուկրաինայի և Վրաստանի մասին, որտեղ ինքնիշխանություն-ինքնիշխանություն խաղը և անիմաստ ատելությունը Ռուսաստանի նկատմամբ սկսել են լավ վարվելակերպի կանոն համարվել: Բայց նույնը` ավելի փոքր չափով, դիտվում է նաև նախկին Միության մի քանի այլ հանրապետությունում: Եվ սա` չնայած այն բանին, որ բոլորն արդեն հասկացել են, բայց չեն ուզում խոստովանել, որ ճակատագրական սխալ են գործել և գտնվում են «ստի մեջ, անդունդի եզրին»: Հասկացել են, որ «արձակումից» հետո կազմավորված բոլոր 15 + պետություններից միայն Ռուսաստանն է, որ ըստ էության ի զորու է միայնակ ոտքի կանգնել, հետ բերել երբեմնի հզորությունը:  

Ռուսաստանը, նախկինի պես, «հարություն առնելու» ռեսուրսներ ունի: Ընդ որում, կարիքները գերազանցող քանակությամբ, շատ տարիների պաշարով: Ռուսաստանն «աշխարհի մթերանոցն» է: Ռուսաստանն անսահման մտավոր պոտենցիալ և անսահմանափակ ստեղծարար էներգետիկա ունեցող երկիր է:

Իսկ մյուս հանրապետությունների ժողովուրդների համար կատարվածը և այն, ինչ դեռ շարունակում է կատարվել, իսկական աղետ է: Դրանց մի մասը որոշակի բնական ռեսուրսներ ունի: Բայց գաղափար չկա: Չկան նախագծեր զարգացման երկարատև ծրագրի համար: Ծնվում և անհետանում են այսրոպեական պրոժեկտներ: Գրեթե ամենուրեք իշխանությունը շրջապատված է մանրադիտակային մասշտաբի գործիչների պարազիտ դասով, կոռուպցիոներներով, կաշառակերներով, որոնք հստակ հասկանում են մի բան, որ «ճիշտ» երկիր կառուցելու ցանկացած փորձ անձամբ նրանց մահացու հարված կհասցնի, ուստի և քարկոծում են դրա ստեղծման ամեն մի փորձ:

Տեսնենք` որքան կտևի այս մղձավանջը, որքան ենք տառապելու այս ստահոդ իրականությունում, որքան ենք փայփայելու կեղծ արժեքներն ու «կեղծ կուռքերին»: Համենայնդեպս, անհրաժեշտ է հասկանալ մի բան. եթե մեր նյարդերն ամուր են, և կարող ենք շատ բան հանդուրժել, ապա Բարձրյալը, այսպես ասենք, այնքան էլ հանդուրժողական չէ: Այ սրանից էլ պետք է վախենալ և ծայրահեղ միջոցներ ձեռնարկել, այլապես կհայտնվենք համաշխարհային պատմության անդունդում...

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am