Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Ամսվա քրոնիկա և համարի տեսություն

Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Մարտ 2010, N 2

Ամսվա քրոնիկա եվ համարի տեսություն

2010թ. մարտը բուռն սկսվեց. թվում է` քաղաքական սեզոնը մտնում է իրավունքների մեջ: Մարտի 1-ին տեր պետրոս­յանական ընդդիմությունը հանրահավաք և երթ կազմակեր­պեց` նվիրված երկամյա վաղեմության իրադարձություններին: «Ժողովրդավարական» լիդերները և նրանց կողմից առաջնորդվող ամբոխը ողբում էր «սպանվածների» համար, մի խոսքով` ճոխ նշում էին Հայաստանում մարոդյորության` որպես քաղաքական ործունեության մեթոդի, ծագման հերթական տարեդարձը: Հանրահավաքը, չնայած կազմակերպիչների ջանքերին, չվերածվեց քաղաքական կյանքի նշանավոր իրադարձության, պարզապես մեկ անգամ ևս հիշեցրեց հանրությանը երկրում Տեր-Պետրոսյանի` որպես երկրի քաղաքական իրականությունում աստիճանաբար հանգող երևույթի, գոյության մասին:   

   Իսկ ահա մեկերկու օր հետո օվկիանոսի այն կողմից հաճելի նորություն ստացվեց. ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեն ընդունեց N252 բանաձևը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Քննարկումներին ներկա էին Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները: Բանաձևը հորդորում է ԱՄՆ նախագահին «քայլեր ձեռնարկել, որպեսզի ԱՄՆ արտաքին քաղաքականությունը պատշաճ ըմբռնում ցուցաբերի մարդու իրավունքների, էթնիկ զտումների և ցեղասպանության հետ կապված հարցերին»: Փաստաթուղթը Սպիտակ տան ղեկավարին կոչ է անում ապրիլի 24-ի ամենամյա դիմումում «մեկուկես միլիոն հայերի կանոնավոր և կանխամտածված բնաջնջումը ճշգրիտ բնորոշել որպես ցեղասպանություն»: Բանաձևում ասվում է. «Հայոց ցեղասպանությունը ծրագրվել և իրականացվել է 1915-1923թթ., ինչի հետևանքով տեղահանվել է 2 միլիոն հայ, որոնցից 1,5 միլիոնը ոչնչացվել է, ողջ մնացած կես միլիոնն աքսորվել է իրենց տներից: Դրա արդյունքում վերջ է դրվել հայերի 2500-ամյա ներկայությանն իրենց պատմական հայրենիքում»: Օրինագիծը մշակվել և կոմիտե է ներկայացվել անցյալ տարի, կոնգրեսականներ Ադամ Շիֆերի, Ջոն Ռադանովիչի, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի աջակցության խմբի համանախագահներ Ֆրենք Փալոունի և Մարկ Քիրքի նախաձեռնությամբ: Մեկ օր անց Թուրքիան, ինչպես և պետք էր սպասել, հետ կանչեց Վաշինգտոնից իր դեսպանին:

  Մարտը հագեցած էր արտասահմանյան այցերով. ամսվա սկզբին միաժամանակ Փարիզ մեկնեցին Սերժ Սարգսյանը և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Քոչարյանը, ըստ որոշ տվյալների, Ֆրանսիա էր այցելել որպես Ժակ Շիրակի անձնական հյուր, իսկ Սարգս­յանը զբաղվում էր պետական գործերով: Մարտի 11-ին ևս մեկ հաճելի լուր եկավ, այս անգամ Շվեդիայից. շվեդական խորհրդարանն ընդունեց բանաձև Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Փաստաթուղթն առարկություններ առաջ բերեց և խորացրեց լարվածությունը շվեդական քաղաքական էլիտայի շարքերում, բայց առանց լուրջ հետևանքների, եթե իբրև այդպիսին չհամարենք Ստոկհոլմից թուրքական դեսպանին հետ կանչելը:

   Բայց մարտի 12-ին Վաշինգտոնից տհաճ լուր ստացվեց (ընդհանրապես, հայ հանրությանը և իշխանությանը մեջընդմեջ ուրախացնելը և տխրեցնելն ասես ավանդույթ է դառնում ԱՄՆ-ում). պետդեպարտամենտը հրապարակեց  տարբեր երկրներում, այդ թվում և Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին 2009թ. զեկույցը: Փաստաթղթում Հայաստանի մասով, մասնավորապես, նշված է. անցյալ տարի իշխանությունները սահմանափակել են կառավարությունը ազատ եղանակով փոխելու քաղաքացիների իրավունքը մայրաքաղաք Երևանի ավագանու ընտրություններում; կամայական ձերբակալություններ են կատարել, մարդկանց

իրենց քաղաքական ակտիվության համար երկար ժամանակ պահել են նախնական կալանքի մեջ; իշխանությունները շարունակում են օգտագործել վարչական ռեսուրսը քաղաքական ընդդիմադիրներին վախեցնելու և նրանց դեմ որպես ճնշամիջոց կիրառելու համար; ԶԼՄ-ներին և հատկապես հեռարձակվող լրատվամիջոցներին բնորոշ է ինքնագրաքննության բարձր աստիճանը; իշխանությունները սահմանափակում են մամուլի բազմակարծությունը, ինչի վկայություններից մեկը հեռարձակման արտոնագրերի տրամադրման սառեցումն է; լայնորեն տարածված է կոռուպցիան, և իշխանությունները վճռական ջանքեր չեն գործադրում դրա դեմ պայքարի համար:

    Ամսվա կեսին փոփոխություններ տեղի ունեցան կառավարությունում. «Օրինաց երկիր» կուսակցությունը հետ կանչեց իր երկու ներկայացուցիչներին` նրանց փոխարեն առաջադրելով նոր թեկնածուների` նախապես նրանց իր շարքերն ընդունելով: Նորեկները, իհարկե, ավելի փորձառու են վարչական աշխատանքում, այնպես որ ՕԵԿ-ի (որը մեկ անգամ չէ, որ վարկաբեկել է իրեն իր նախարարների անօգնականությամբ) բախտը, կարելի է ասել, բերել է:

   Մարտի առանձնահատուկ և նշանային իրադարձությունը Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի այցն էր: Ռուսական Ուղղափառ եկեղեցու հովվապետն, անշուշտ, աշխարհի ամենահեղինակավոր կրոնական առաջնորդներից է և ամենաուսյալներից մեկը նրանց մեջ: Երևանում արած նրա հայտարարությունները (մասնավորապես, դրականորեն արտահայտվելով հայթուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ` պատրիարքն ասաց. «Ներել` չի նշանակում մոռանալ»), ինչպես նաև սրտագին ու ջերմ մթնոլորտը, որ տիրում էր նրա այցելության ողջ ընթացքում, էլ չենք խոսում պատրիարք Կիրիլի անձնական հատկությունների մասին, թույլ են տալիս պնդել, որ հայ և ռուս եկեղեցիների հարաբերություններում ուրիշ ժամանակներ են եկել: Պատրիարք Կիրիլը համեմատաբար երիտասարդ է և եռանդուն, անառարկելի հեղինակություն է վայելում ռուսական քաղաքական էլիտայի շրջանում, իսկ նրա ազդեցությունը Ռուսաստանի ներքին քաղաքականության և դաշնակից պետությունների հետ իր երկրի հարաբերությունների վրա, կարծում եմ, դժվար է գերագնահատել:

   Նախկին վարչապետ և տերպետրոսյանական թիմի գլխավոր տնտեսագետ Հրանտ Բագրատյանը խելացի մարդ է: Նրան ճանաչողներն ասում են, որ նա տառացիորեն ամեն ինչ գիտի. եթե խոսես օվկիանոսի մասին, նավաստի է, տիեզերքի մասին խոսես` տիեզերագնաց, անգամ եթե ֆիզիկայի մասին խոսես, ապա, առնվազն, Էյնշտեյն է: Ճիշտն ասած` նման ամենագետ մարդիկ վտանգավոր են, քանի որ նրանց ներկայությամբ զգում ես սեփական թերարժեքությունդ, ինչը, բնականաբար, բացասաբար է ազդում հոգեկան հավասարակշռության վրա: Եվ այնուամենայնիվ, երբ Բագրատյանն անկեղծ է և ասում է այն, ինչ ակնհայտ է և կարող է ակնհայտ լինել բոլորի համար, այդ ժամանակ նա արժանի է վստահության: Ամսվա կեսին նախկին վարչապետը դարձյալ քննադատեց կառավարությանը և անգամ վերջինիս առաջարկեց իրականացնել ընդդիմության տնտեսական ծրագիրը: Բագրատյանը, մասնավորապես, պնդում է, որ 2013թ. Հայաստանն իսկական կոլապսի մեջ կընկնի. այդ ժամանակ երկիրը ստիպված կլինի վճարել արտաքին պարտքի առավելագույն մասը ($500 մլն), և պետությունը կհայտնվի դեֆոլտի վիճակում: Ակնհայտ է, որ $500 մլն-ն հայկական բյուջեն հաղթահարել չի կարող, անգամ եթե ողջ օլիգարխիային զոռով օրինական հարկման դաշտ քշի (ինչը, բնականաբար, տեղի ունենալ չի կարող, քանի որ կփոխվի պետության հասարակական-տնտեսական ֆորմացիան). հետևաբար, կամ ընդհանրապես պետք է վարկեր չվերցնեին, կամ էլ դրանք ներդնեին արտադրության այնպիսի հատվածներում, որոնք կկարողանային անհրաժեշտ ծավալով ապահովել ՀՆԱ աճը (ընդ որում, հայտնի չէ` այսօր կա±ն արդյոք Հայաստանում արտադրության նման ճյուղեր), այլ ոչ թե շինարարությունում, որն այսօր զրկված է նախկին ծավալներով վերականգնվելու բոլոր հնարավորություններից (տարբեր պատճառներով, այնպիսիք, ինչպիսին է, ասենք, գերթանկ բնակարանի պահանջարկի բացակայությունը, իսկ նորմալ շուկայական գներով Հայաստանում անհնար է բնակարան վաճառել, և ոչ ոք դա չի անի. առհասարակ, ինչ-որ ապրանքի պահանջարկի մասին տեղին է խոսել միայն այն դեպքում, երբ տվյալ ապրանքի գնագոյացումը չի հակասում առողջ բանականությանը և ազատ շուկային):

       Բայց ես տպավորվել եմ Բագրատյանի խորաթափանց մտքից, որն, անշուշտ, արժանի է հարգանքի. «Այս տարին կարելի էր, եթե հիմարություններ չարվեն, ավարտել զրոյական ցուցանիշով: Եթե այս տարի հանկարծ, ի բարեբախտություն մեզ, Հայաստանի կառավարությունը որոշի աշխատանքի չգնալ, զրոյական ցուցանիշ կլինի, բայց եթե նա գնա աշխատանքի և ինչոր բան անի, ապա մինուսային ցո­ցանիշ կլինի»: Մեկ տարի առաջ նման գաղափար ես էլ եմ արտահայտել. ես գրել էի, որ հանրության և պետության համար խիստ վտանգավոր է, երբ հայ քաղաքական գործիչներն ու վարչարարները գաղափարներ ու նախաձեռնություններ են առաջադրում և իրականացնում դրանք: Համընդհանուր երջանկություն կլիներ, եթե նրանք ընդհանրապես գործ չանեին և զբաղվեին առօրեական, կենցաղային հարցեր լուծելով (ասենք, Ջերմուկի ջրատարի վթարով և այլն): Հակառակ պարագայում նրանց գլուխներում ծնվում ու իրականացվում են կամ մղձավանջային, անմիտ (ինչպես աշխարհի քաղաքի» կառուցումն է կամ 1921թ. պայմանագրերի շտապ չեղյալացումը` Արևմտյան Հայաստանի տարածքների վերադարձմամբ), կամ խայտառակ («Սպարտակի» բեմականացման տիպի) նախագծեր ու գաղափարներ: Այլ բան անել նրանք չեն կարող, այս երկուսին այլընտրանք չկա...

     Բայց հայկական տնտեսության ապագան, այնուամենայնիվ, տխուր է` որ կողմից էլ որ նայելու լինենք: Ցավալին այն է, որ փրկության ոչ մի տարբերակ չկա, քանի որ դրա համար արմատական քայլեր են անհրաժեշտ, որոնցից ներկայիս կառավարությունը (և ցանկացած հայկական իշխանություն) սկզբունքորեն խուսափում է: Վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկ անգամ չէ, որ ասել է, թե երբեք չի գնա արմատական վերափոխումների, այլ կբավարարվի միայն չափավոր քայլերով: Նման վերաբերմունքն իրականությանը, մասնավորապես, տնտեսությանը, որն արդեն վիրաբուժական միջամտության կարիք ունի, անկասկած, լավ բանի չի հասցնի: Սա նույնն է, թե պայթած կույր աղիքը փորձես բուժել հաբերով, այն դեպքում, երբ անհրաժեշտ է վիրաբուժական գործողությամբ հեռացնել այն օրգանիզմից և կանխել հետագա թունավորումը:

     Ինչ­պիսի±ն կլինի դեֆոլտը և ինչպ ես կանդրադառնա Հայաստանի վրա` ցույց կտա ժամանակը: Այսօր կարելի է վստահաբար ասել միայն, որ պետության սուվերենությունը միջազգային ասպարեզում ավելի շատ կտուժի (այստեղից բխող բոլոր հետևանքներով` ներառյալ բարդությունները գրեթե յոթմղոնանի քայլերով տնտեսապես զար­գացող Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում):

     Ամս­վա վերջին տասնօրյակում նախագահ Սարգսյանն այցելեց Սիրիա: Ուրախալի է, որ Հայաստանը, գտնվելով իսլամական պետության հետ չավարտված պատերազմի վիճակում, բարեկամական կապեր է հաստատում և պահպանում մեր­ձավորարևելյան պետությունների հետ, իսկ դրանցից որոշների (մասնավորապես` Սիրիայի, Իրանի) հետ նույնիսկ ավելի սերտ կապեր է զարգացնում, քան Ադրբեջանը: Իհարկե, նշանակություն ունի շահերի համընկնումը, ինչ­պես նաև մեծ հայկական համայնքի առկայությունը: Նախագահի ելույթը Դեյրէզ Զո­րում` հայկական «Օսվենցիմում», թերևս, Սերժ Սարգս­յանի լավագույն հրապարակային ելույթն էր նրա ողջ քաղաքական կարիերայի ընթացքում: Դա անվիճելի է:

   Մարտի վերջին տեղի ունեցավ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հերթական «հեր­թապահ» այցը: Համանախագահները, սովորականի նման, գոհ էին հայկական կողմի դիրքորոշումից: Գոհ էին նաև Ղարաբաղից և Ղարաբաղի ղեկավարի հետ հանդիպումից: Նման այցերը, չնայած օգուտ չեն բերում, բայց լավ են այնքանով, որ հետաձգում են անցանկալի ելքը` ռազմական գործողությունների վերսկսումը:

   Ամս­վա վեր­ջը մթագնվեց մոսկովյան մետրոյում կատարված ահաբեկչությամբ: Տասնյակ զոհվածներ և հաշմվածներ. ահա այն գինը, որը Ռուսաստանը պար­բերաբար վճարում է «ահաբեկչական ինտերնացիոնալին» վերջ տալու համար...       

 

     Կարճ` սույն համարի բովանդակության մասին:

   «Քաղաքականություն» խորագրում լրագրող Ավետիս Բաբաջանյանը «Պաշտոնաթող նախագահի ֆենոմենը հետխորհրդային տարածքում. Ինչպիսի`ն կլինի իր հետնորդի հետ Հայաստանի երկրորդ նախագահի հարաբերությունների ապագան» հոդվածում հայ և ռուս նախագահների խաբուսիկ ու մռայլ ճակատագրերի օրինակով դիտարկում է հեռացած և գործող նախագահների փոխհարաբերությունների բարդ հարցը և եզրակացնում, որ նրանց շահերի բախումն անխուսափելի է, ինչն արդեն կոնֆլիկտի իրավիճակ է նշանակում:   

    Հրապարակախոս Արիս Ղազինյանը նույն խորագրում «Հայաստան-Թուրքիա. մի քանի կարծրատիպերի և «ճակատագրական ամսաթվերի մասին» հոդվածում գրում է վեր­ջին տարվա ամենածեծված թեմայի` հայթուքական երկխսության մասին: Ծպտյալ դաշնակցական, ուղնուծուծով ազգայնական լինելով` Արիսն ի վիճակի չէ ողջունելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, թեկուզև այն պատ­ճառով, որ իր երևակայության մեջ ընդմիշտ կկորցնի Արևմտյան Հայաստանը, այսինքն` այն, ինչից զրկվել ենք երկամյա դաշնակցական կառավարման հետևանքով: Սակայն հոդվածում, անշուշտ, ռացիոնալ հատիկ կա (ի վերջո, Ղազինյանն երկրի ամենալավ հրապարակախոսն է), այլապես այն տեղ չէր գտնի ամսագրում: Արիսը, մաս­նավորապես, գրում է հայկական կողմի բացթողումների և սխալների մասին, որոնք կարող էին և չլինել: Բայց թե ինչ­պես բացթողումներ չլինեն, երբ հայ-թուրքական մերձեցման ողջ գործընթացը նախաձեռնվել է ոչ հայկական կողմից, հեղինակը չի ճշտում: Բայց ինձ զարմացնում է մեկ այլ բան:

    Բանն այն է, որ հայթուրքական մերձեցման հակառակորդները մինչև այժմ առողջ բանականության համար համոզիչ ոչ մի փաստարկ չեն բերել: Կամ չեն հասկանում, կամ էլ ամաչում են խոսել այդ մասին: Իսկ խնդիրն այն է, որ չնայած Թուրքիայի հետ հարաբերությունների հաս­տատումն անհրաժեշտ է, քանի որ հարևան երկու պետությունների միջև չեն կարող և չպետք է լինեն փակ սահմաններ, այնուամենայնիվ, ես կարծում եմ, սահմանների բացումը հայկական տնտեսությանը, հատկապես գյուղատնտեսությանը մահացու վնաս կհասցնի: Սակայն այդ վնասը Հայաստանին կպատճառվի ոչ թե այն բանի համար, որ ճիշտ չէ սահմանները բացելը, այլ` որ հայկական տնտեսությունն օլիգարխիական է, որտեղ գլխավոր խնդիրը  գերշահույթ ապահովելն է, իսկ այլ բաների վրա պարզապես թքած ունեն: Ավելի լավ կլիներ, եթե հայթուրքական համաձայնագրերի բոլոր հակառակորդները վայնասուն բարձրացնեին ոչ թե Կարսի մասին և չշահար­կեին մեռած միջազգային պայմանագրերի մեռած մեջբերումները` փորձելով դրանցում ինչ-որ օգտակար բան գտնել իրենց և իրենց խեղճուկրակ տեսակետների համար, այլ նախաձեռնեին համազգային դաստիարակության գործընթաց, ինչի արդյունքում բո­լոր հայերը կհասկանային, որ, նախ` դագաղը գրպան չունի, և սև հող հետները ոչինչ չեն տանելու (ինչպես ռուսներն են ասում), երկրորդ` ամոթ է Նոր տարվա շեմին վարունգ գնել և վաճառել կիլոգրամը $40-ով (նման գին երբեք ոչ մի տեղ չի գրանցվել), քանի որ նման «պատկառելի» վերաբերմունքը «խիարի» հանդեպ պատիվ չի բերում հին ազգին: Ավելի լավ է համոզել շուկաների տերերին և այլ «ակուլաների» չքառապատկել վարձավճարները նախատոնական օրերին, իսկ վերագնորդներին` բավարարվել սովորական շահույթներով, այլապես հայ գյուղացիությունը չի դիմանա զորեղ (աշխատանքի արտադրողականության իմաստով) թուրքական գյուղատնտեսության ներխուժմանը, իսկ հողն իմաստը կկորցնի...

   Մոսկվացի քաղաքագետ Անդրեյ Արեշևը «Աշխարհաքաղաքականություն» խորագրում ներկայացրել է «Ռուս-հայկական համագործակցություն. իրավիճակը և զարգացման հեռանկարները աշխարհի գլոբալ վերաբաժանման համատեքստում» հոդվածը: Անդրեյի կարծիքով` աշխարհի ներկայիս փոփոխություններն իրենց նշանակալիությամբ համադր­վում են երկու համաշխարհային պատերազմների արդյունքում տեղ գտած փոփոխությունների հետ: Եվ այս ֆոնին նա վերլուծում է հայռուսական հարաբերությունները, մի շարք ար­դարացի հանդիմանություններ անում երկու կողմին: Մի խոսքով` հոդվածը հետաքրքիր է և խորհրդածելու տեղիք է տալիս:

    «ԱՊՀ» խորագրում զետեղված է իմ «Ուկրաինա. 20 տարի անց (1990-2010)» հոդվածը, որում փորձ եմ արել ներկայացնել Ուկրաինայի տեսանելի ապագան այդ պետության բազմաքաղաքակրթության համատեքստում:

   Քաղաքագետ Մարիամ Մարգարյանը «Պետություն և իրավունք» խորագրում ներկայացնում է «Քաղաքական լեգիտիմության հիմնախնդիրը քաղաքակրթական փոխակերպումների համատեքստում» հոդվածը: Հեղինակը անկախության ձեռքբերման պահից սկսած հայկական իշխանության լեգիտիմության չափազանց լուրջ խնդիրն է շոշափում: Այստեղ չկա քաղաքականություն և գաղափարախոսություն, դիտարկվում են միայն իրավական և փիլիսոփայական ասպեկտները: Հոդվածը լուրջ ուսումնասիրություն է պահանջում, քանի որ գրված է ակադեմիական աշխատանքի ժանրով, որտեղ գրեթե հրապարակախոսություն չկա, և դա, թերևս, նրա գլխավոր թերությունն է (մեր ամսագրի համար): Իսկ Հայաստանում լեգիտիմության մասին հիմնականում խոսում են բոլոր նրանք, ովքեր չեն զլանում` չհասկանալով անգամ հասկացության էությունը: Դրա համար էլ, կարծում եմ, պրոֆեսիոնալի աշխատանքն այս թեմայով հատկապես արժեքավոր է, այնպես որ` ծանոթացեք:

    Գիտության պետական կոմիտեի պաշտոնյա Վարդան Սահակյանը «Գիտություն և կրթություն» խորագրում հանդես է եկել «Պե՞ տք է արդյոք Հայաստանին հիմնարար գիտություն» հոդվածով և եկել այն եզրակացության, որ այո, այն պետք է: Ավելին, ապացուցում է, որ դա սկզբունքորեն հնարավոր է: Ճիշտն ասած` բարձրաս­տիճան պաշտոնյաներից անկեղծ խոսք չես լսի, իսկ նրանց տեքստերը լի են լավատեսական հավաստիացումներով: Իհարկե, հարկ չկա բանավեճի մեջ մտնել պրոֆեսիոնալի հետ, բայց, այնուամենայնիվ, ուզում եմ ասել, որ գիտության ոլորտը Հայաստանում ախտահարված է այն նույն վիրուսներով, ինչ և հասարակությունն ընդհանրապես: Իսկ թե ինչպես են իրականանալու այդ բարի մտադրությունները նման իրականության մեջ` հայտնի չէ:

    Մար­տը տարվա ամենահաճելի ամիսն է հետխորհրդային տարածքի կանանց համար: 1857թ. մարտի 8-ին Նյու Յորքի ջուլհակուհիները քաղաքի փողոցներ դուրս եկան սոցիալական բնույթի պահանջ­ներով: Հետագայում, ձախ շարժման ակտիվիստուհիների ջանքերի շնորհիվ` Կլարա Ցետկինի գլխավորությամբ, մարտի 8-ն օրացույցում տոնական օր դար­ձավ: Այս առնչությամբ հետաքրքիր  համարեցինք ընթերցողին ծանոթացնել գերմանական ծագմամբ կոմունիստ հեղինակ Վիլհելմ Պիկի «Կլարա Ցետկին» գրքի մի քանի գլուխների: Հայ ընթերցողը վաղուց չի շփվել պրոլետարական, կոմունիստական գրականության հետ, այնպես որ, կարծում եմ, հետաքրքիր (և հուզիչ) կլինի կրկին անդրադառնալ մոռացված, բայց այնքան հոգեհարազատ ժանրին:                       

 

 

 

 

 

 

 

Share    


Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am