Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Քաղաքականություն

Քաղաքականություն
Մարտ 2010, N 2

ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ՖԵՆՈՄԵՆԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ. ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԿԼԻՆԻ ԻՐ ՀԵՏՆՈՐԴԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԳԱՆ

Ավետիս Բաբաջանյան, www.nationalidea.am կայքի խմբագիր

 

Հետխորհրդային և այսպես կոչված «անցումային շրջանի» երկրներում իշխանափոխություն, ըստ էության, չի լինում. կամ նոր ժամկետով ընտրվում են պետությունների ործող ղեկավարները, կամ նրանք առաջադրում են իրենց հետնորդին (սահմանադրական սահմանափակումներից ելնելով): Այսպես, Բորիս Ելցինին փոխարինեց Վլադիմիր Պուտինը, վերջինիս` Դմիտրի Մեդվեդևը, Ռոբերտ Քոչարյանին` Սերժ Սարգսյանը և այլն: Ճիշտ է` եղել են նաև բացառություններ: Օրինակ, 1994թ. Լեոնիդ Կրավչուկը ընտրությունների ժամանակ պարտություն կրեց Լեոնիդ Կուչմայից, իսկ Ալեքսանդր Լուկաշենկոն իշխանությունից զրկեց Ստանիսլավ Շուշկևիչին: Դրանք, ըստ էության, հեղաշրջումներ էին գործող էլիտաների ներսում. Կուչման վարչապետ էր Կրավչուկի օրոք և արտաքին ուժերի աջակցությամբ կարողացավ հաղթել բոսին, իսկ Լուկաշենկոն իշխանության գալու պահին արդեն հանրապետական էլիտայի շարքերում էր և ընտրություններում հաղթեց հազվադեպ խարիզմի, ռուսամետ ուղղվածության և, հասկանալի է, տնտեսական կոլապսի (որի մեջ հայտնվել էր Բելառուսը 90-ականների սկզբին) շնորհիվ:

    Այլ տեսակի բացառություններ էլ են եղել: Լևոն Տեր-Պետրոսյանը պաշտոնանկ արվեց մերձավոր շրջապատի կողմից, իսկ Էդուարդ Շևարդնաձեին «աշխատանքից հեռացրեց»սեփական սանը:

   Բայց գլխավորն այլ է, այսինքն` այն, որ հետխորհրդային տարածքի երկրներում իշխանությունը վերարտադրում է ինքն իրեն, և ընդդիմադիր ուժերի բոլոր փորձերը, որպես կանոն, ավարտվում են տապալմամբ (եթե, իհարկե, լուրջ արտաքին քաղաքական աջակցություն և հարկ եղած ֆինանսավորում չկա):

  Հարկադրաբար թողնելով պաշտոնները, հետևելով սահմանադրական նորմերին` պետությունների պաշտոնաթող ղեկավարները ջանադրաբար սկսում են ընտրել իրենց հետնորդին` մի շարք պայմաններ առաջադրելով նրանց: Մասնավորապես, դրանցից գլխավորը պաշտոնաթող նախագահի իմունիտետն է` անձնական անվտանգությունն ու նրա ոչ փոքր սեփականության անձեռնմխելիությունը: Այնուհետև պետք է նշել հեռացող նախագահի մեկ այլ «մարդկային թուլության մասին՚, որն է դիրքերն իշ-խանությունում պահ-պանելու նրա ձգտումը,   քանի որ,  նախ` իշխանությունում լինելը միշտ հաճելի է, երկրորդ` իշխանական դիրքերը կարծես անձնական անձեռնմխելիության լրացուցիչ երաշխիք են:

Հայաստանը և Ռուսաստանը բավական նման են հետնորդներին իշխանությունը հանձնելու գործընթացում: Եվ այդ երկրների օրինակով փորձենք թափանցել պետության պաշտոնաթող (բայց հեռանալ չպատ-րաստվող) ղեկավարի ֆենոմենի էության մեջ:

ԵԼՑԻՆ-ՊՈՒՏԻՆ

   Հայտնի է, թե ինչ մանրակրկիտությամբ էր Բորիս Ելցինը փնտրում և ընտրում իր հետնորդին: Ի վերջո, կանգ առավ մի թեկնածության վրա, որի մասին անգամ Ռուսաստանում քիչ բան էր հայտնի: Կարծում ենք` Ելցինն առաջնորդվում էր երկու նկատառումով. Պուտինը չեկիստական միջավայրից էր, իսկ Ելցինին հենց նման մարդ էր պետք (Ռուսաստանի բնակչությունը 90-ականների վերջին ողջունում էր «ուժեղ ձեռքի»  գաղափարը և ազատական ռեֆորմատորների փոխարեն ցանկացած գեներալի կաջակցեր), Պուտինը նաև բարոյական մի շարք հատկանիշներ ուներ, որոնք Ելցինին թույլ էին տալիս նրան վստահել իր կլանի ճակատագիրը: Ինչ վերաբերում է կոմունիստական թեկնածուի նկատմամբ Պուտինի հաղթանակի հավանականությանը, ապա Ելցինի մերձավոր շրջապատում դրան չէին կասկածում. Պուտինն իրեն չէր արատավորել 90-ականների աղմկալի ռեֆորմներով և արդարանալու բան չուներ Ռուսաստանի ընտրողի առջև: Այդպես էլ տեղի ունեցավ. առաջին իսկ փուլում Վլադիմիր Պուտինը հաղթեց կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովին` չարժանանալով վերջինիս հանդիմանանքին: Այսպիսով, Ռուսաստանում հաստատվեց երկար սպասված կայունությունը, սակայն գործող և պաշտոնաթող նախագահների հարաբերությունների մեջ լարվածություն մտավ:

  Պուտինին վարչապետ և փաստորեն` Ռուսաստանի հաջորդ նախագահ նշանակելով` Ելցինն, անշուշտ, երկաթյա երաշխիքներ ապահովեց: Եվ ոչ միայն անձնական, այլ նաև քաղաքական առումներով. Ելցինն ուզում էր որքան հնարավոր է շատ իշխանություն պահել իր ձեռքում: Նա Պուտինին պարտադրեց  նախարարների կաբինետի անձնական կազմ` սեփական ճաշակով (մասնավորապես, պայմանավորվածությունների համաձայն, ուժայինները պետք է անձեռնմխելի մնային): Ավելին,  2000 թվականի ողջ ընթացքում Ելցինն իրեն պետության գործող ղեկավարի պես էր պահում. օրինակ, նախարարների հետ խորհրդակցություններ էր կազմակերպում իր ամառանոցում: Եվ բանն ավարտվեց նրանով, որ Պուտինը պարզապես հրամայեց Միխայիլ Կասյանովին արգելել նախարարներին գնալ Ելցինի մոտ (այլապես նրանց աշխատանքից հեռացում էր սպառնում): Իսկ հետո, ինչպես ասում են, «տեխնիկան» սկսեց գործել. ուղիղ մեկ տարի հետո Պուտինն ազատվեց ելցինյան ուժայիններից, մինչ այդ լուծել էր առաջին նախագահի ընտանիքի գլխավոր «գանձապահի» Բորիս Բերեզովսկու հարցը, իսկ հետո ոտնձգեց ելցինյան ներքին քաղաքականության հիմքերի հանդեպ. սկսվեցին ընտրովի «ռեպրեսիաներ» հարկ եղածից ավելի քաղաքականացված օլիգարխ-ների դեմ: Շատերը փախան, ոմանք նստեցին, իսկ հիմնականում մեծամասնությունը, այսպես ասած, «վերադաստիարակվեց»` ընդունելով նոր նախագահի խաղի նոր կանոնները:

 Այնուհետև Ելցինի ճակատագիրը ողբերգականորեն դասավորվեց. հավանաբար, նախկին նախագահը չէր պատկերացնում, որ հեռու կլինի գործերից, իսկ եռանդուն Պուտինը պարզապես «վերացրեց» նրան և մեկուսացրեց աշխարհից: Միխայիլ Կասյանովը «Առանց Պուտինի» գրքում պնդում է, որ Ելցինի նկատմամբ շուրջօրյա հսկողություն էր սահմանված, նրա հեռախոսները գաղտնալսվում էին, և նա ի վիճակի չէր անգամ մեկ ինքնուրույն քայլ կատարել («Որպեսզի չգաղտնալսեն, նույն բջջայինով մեկ անգամից ավելի մի զանգահարեք, Միխալ Միխալիչ: Մի անգամ խոսեք ու դեն նետեք»,- վկայում է Կասյանովը)1:           

       ՊՈՒՏԻՆ - ՄԵԴՎԵԴԵՎ

 Վլադիմիր Պուտինն, իհարկե, ավելի լուրջ մարդ է, քան Ելցինը, և հետնորդ ընտրելիս չի սահմանափակվել ջենթլմենական համաձայնություններով` հույսը դնելով սեփական հեղինակության անսասանության վրա: Իշխանությունը հանձնելուց դեռ շատ առաջ Պուտինը «Միասնական Ռուսաստան» կուսակցության «ԽՄԿԿ-ացման» վիթխարի գորընթաց ծավալեց, իրականացրեց դրա միաձուլումը պետական ապարատի հետ և հետագայում գլխավորեց այն: Պուտինն «իրենով արեց» նաև Ռուսաստանի խորհրդարանի երկու պալատները, ինչպես նաև իր համար ակտուալ օրենսդրական ակտերը (մասնավորապես, նահանգապետերի ուղղակի ընտրությունների փոխարինումը և այլն): Պուտինը հոգ էր տարել նաև բիզնեսի մասին. ճիշտ չէ, որ Ռուսաստանում խոշոր բիզնեսը հեռացել է քաղաքականությունից, ընդհակառակը, ավելի է մոտեցել, բայց տես, որ կորցրել է ինքնուրույն, առանց Պուտինի հետ համաձայնեցման կամ, Աստված չանի, նրան հակառակ հանդես գալու իրավունքները: Ռուսաստանի խոշոր բիզնեսն այսօր վիթխարի քաղաքական ուժ է, որը ցանկացած պահի կդիմի ցանկացած քաղաքական գործողության, եթե միայն դա անհրաժեշտ լինի վարչապետ Պուտինին: Վերջապես, Պուտինի նախագահության օրոք տեղի ունեցավ սեփականության և իշխանության փաստական միաձուլումը, ինչն այսօր, բնականաբար, զորեղ քաղաքական լծակ է Ռուսաստանի վարչապետի ձեռքին, որից զրկված է նախագահ Մեդվեդևը:

    Երկու տարի է անցել Դմիտրի Մեդվեդևի` Ռուսաստանի նախագահ ընտրվելու պահից, և առայսօր այս երկու լիդերների միջև տարաձայնությունների ոչ մի նշան չի երևում: Ավելին, անգամ լարվածություն չի նկատվում, ինչն արդեն անբնականության հետ է սահմանակցվում, քանի որ չեն կարող երկու տարբեր մարդիկ բացարձակապես նույն շահերն ու կարծիքներն ունենալ և ոչ մի անգամ կոնֆլիկտային իրավիճակ չստեղծել: Թվում է` ամեն ինչ հանգիստ է, և այդպես կշարունակվի ընդհուպ 2012թ., երբ Մեդվեդևը կգնա վերընտրման կամ էլ առաջին աթոռը կզիջի Պուտինին: Համենայնդեպս, այս տանդեմի ներսում այսքան խաղաղ հարաբերությունները չեն կարող զարմանք չառաջացնել:

   Պուտինի և Մեդվեդևի դեպքն ունիկալ է: Անհամեմատ ավելի բնական է գործերից հեռացած Ելցինի և նրան փոխարինելու եկած Պուտինի փոխհարաբերությունների պատմությունը, քանի որ այլ կերպ լինել չէր էլ կարող. երբեք և ոչ ոք չի հանդուրժի գլխացավն ու վերահսկողությունն իր հանդեպ, եթե հնարավորություն ունի ազատվել դրանից, և պետության գործող ղեկավարի ստորագրության իրավունքն ու նրա իրական իշխանությունն են ի զորու»վերացնել՚ պաշտոնաթող (բայց մինչև վերջ չհեռացած) նախագահին:

            ՔՈՉԱՐՅԱՆ - ՍԱՐԳՍՅԱՆ    

   Ռոբերտ Քոչարյանն իրեն հետնորդ ընտրեց իր ամենամոտ մարդուն` վարչապետ Սերժ Սարգսյանին, միակը, ում վրա հենվում էր Քոչարյանը նախագահության տարիներին և ամենա-հուսալի մարդը նրա համար: Ուղիղ 8-9 տարի Սարգսյանը գործնականում պետության երկրորդ մարդն էր, անկախ զբաղեցրած պաշտոններից: Եվ եթե Պուտինը Մեդվեդևի համար մի քանի այլընտրանք ուներ, ապա Սարգսյանը` որպես հետնորդ, այլընտրանք չուներ: Անգամ լռելյայն ուրիշ թեկնածություններ չէին քննարկվում:

 Ի՞նչ պայմանավորվածություններ կան Քոչարյանի և Սարգսյանի միջև` դժվար է ստույգ ասել: Բայց միանշանակ կարելի է ասել, որ դրանք կան, քանի որ, նախ` երկրորդ նախագահը երրորդին պարտադրեց իր մարդկանցից շատերին պետության հանգուցային պաշտոններում. անվիճելի է, որ Սերժ Սարգսյանը երբեք ղեկավար պաշտոններում չէր թողնի, ասենք, փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կամ Ալեքսան Հարությունյանին (Հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի նախագահին), կամ էլ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, եթե նրանք Քոչարյանի «մարդիկ» չլինեին: Սա վկայում է այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանն առայսօր իրական գործադիր իշխանություն ունի երկրում. գործող նախագահին կրկնօրինակելով` նա փաստորեն գնում է Ելցինի ճանապարհով (պաշտոնաթողության սկզբում): Երկրորդ` անձեռնմխելի են մնացել Քոչարյանի անձնական շահերը բիզնեսում: Ավելին, դրանք ավելի հաստատուն դարձան թոշակի անցնելով: Օրինակ, «CPS» բենզալցակայանների ցանցն անցած տարի շահեց պետական ավտոտրանսպորտի սպասարկման մրցույթում (ընդ որում` մրցույթում հաղթեց Սերժ Սարգսյանի համակուրսեցի Բարսեղ Բեգլարյանին պատկանող»«Flesh» ընկերությանը), իսկ «Տոյոտա» ընկերության ավտոմեքենաներն ընտրվեցին հայրենական չինովնիկներին սպասարկելու համար: Ավելորդ է հիշեցնել, թե ինչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանն այդ բիզնեսների հետ2:   

   Հասկանալի է, ամեն մեկին, այդ թվում և նախագահ Սարգսյանին, ևս մեկ նախագահի առկայությունը երկրում (իրենից բացի)` բոլոր արտոնություններով և, ամենագլխավորը, իշխանական լծակներով հանդերձ, անհարմարություն կպատճառեր, քանի որ նման պայմաններում գրեթե անհնար է դառնում բարոյաէթիկական նորմերի պահպանումը. միջանձնային հարաբերություններն արագ փչանում են, և ակտուալություն է ստանում է նախորդից ազատվելու հարցը: Սա ցավագին և բավական բարդ գործընթաց է, քանի որ նախորդը, բնականաբար, որոշակի լծակներ ունի, որոնք երաշխավորում են նրա անվտանգությունը: Այնուամենայնիվ, նման պայմաններում հաղթանակը միշտ պետության գործող ղեկավարի կողմն է լինում, որովհետև, նախ` նրա ձեռքում է ողջ իշխանությունը, երկրորդ` էլիտան երկար կմտածի գործողի դեմ պայքարում պաշտոնաթող նախագահին հավատարմություն խոստանալուց առաջ. պրագմատիզմն այստեղ հատուկ դեր է կատարում, իսկ հետխորհրդային էլիտան, ապագաղափարականացված և կոմերցիոնալացված կազմավորում լինելով, միշտ, ցանկացած ընտրության ժամանակ կառաջնորդվի բացառապես մասնավոր շահերով և երբեք դրանք վտանգի չի ենթարկի, իսկ գործող նախագահի հետ առճակատումը (ի տարբերություն պաշտոնաթողի), մեղմ ասած, լի է տհաճ հետևանքներով:

  Այսպիսով, տրամաբանությունը հուշում է, որ երկրորդ և երրորդ նախագահների «խաղաղ գոյակցությունը» պետք է վերջ ունենա: Վլադիմիր Պուտինը մեկ տարուց ոչ ավելի հանդուրժեց Բորիս Ելցինին` իր բոլոր արարքներով հանդերձ: Անցել է արդեն երկու տարի, իսկ Սարգսյանի կողմից ոչ մի գործողություն` ուղղված Քոչարյանի չեզոքացմանը, չի նկատվում: Սակայն մենք արդեն գրեթե երկու տարի հակառակն ենք տեսնում:   

  Այսպես, Քոչարյանը վաղուց արդեն «վրաերթեր» է իրականացնում  հետնորդի հանդեպ: Դրա համար լավ առիթ էին հայ-թուրքական արձանագրությունները: Նախագահ Սարգսյանի վրա միաժամանակ հարձակվեցին Քոչարյանի կողմից ուղղորդվող գրեթե բոլոր քաղաքական գործիչները և կազմակերպությունները. նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը «Civilitas» կոչվող բավական կասկածելի կազմակերպությունն է ղեկավարում, դաշնակցականների կուսակցությունը հայ-թուրքական հարաբերությունների ապագայի վերաբերյալ` իր անիմաստ ու անսկզբունք պահանջներով, նախկին (և առայսօր գործող) ոչ պաշտոնական ռազմականացված կազմակերպությունների որոշ լիդերներ, քաղաքական այլ կուսակցություններ և շարժումներ, որոնց լռելյայն պաշտպանում է օլիգարխաթի զգալի մասը: Այս ամբողջ ընթացքում նախագահ Սարգսյանը և նրա շահերը  սպասարկող լրատվամիջոցներն   ու  քաղաքական ուժերը նրբորեն հետ են մղել քոչարյանական թիմի գրոհները` նույնիսկ ոչ մի անգամ չակնարկելով, որ այդ ամենը անձամբ երկրորդ նախագահից է գալիս: Հետո ավելի է հետաքրքրանում: Մարտին Քոչարյանի զինակիցներն իրականացրին  երկու լիամասշտաբ արշավ Սարգսյանի ճամբարի վրա. Վարդան Օսկանյանը կրկին դժգոհում էր արտաքին քաղաքականությունից, իսկ Գագիկ Ծառուկյանը հրապարակավ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի չկայացածության և անօգնականության մասին: Հանրապետականները միահամուռ սկսեցին պաշտպանել գործընկերներին, իսկ նրանց, ովքեր լոյալ էին ընդդիմախոսների հետ, սկսեցին պատժել. մասնավորապես, նախկին նախարար Վարդան Այվազյանը, որը հիմա գլխավորում է խորհրդարանական մշտական հանձնաժողովներից մեկը, անգամ խիստ նկատողության հասավ3: Սակայն հանգուցալուծումը եկավ հենց Ռոբերտ Քոչարյանի ելույթով...

 

Ի՞ՆՉ ԷՐ ՈՒԶՈՒՄ ԱՍԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ  ԵՎ ԻՆՉԻ՞ Է ՁԳՏՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒՄ

 

  Ինչպես տեսնում ենք, ստեղծվում է պարադոքսային, անբնական իրավիճակ. երկրորդ և երրորդ նախագահների հակամարտությունը, որը թաքցնել այլևս անհնար է, հրահրվում է ոչ թե պետության գործող ղեկավարի, այլ պաշտոնաթողի կողմից, այնինչ տրամաբանությունը և բնության օրենքները հակառակն են պահանջում: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը»Մեդիամաքս՚ գործակալությանը, թերևս, մարտի ամենանշանային ներքաղաքական իրադարձությունն էր և, անկեղծ ասած, այս հոդվածը գրելու առիթ է հանդիսացել: Հարցազրույցի տեքստը բազմաթիվ մեկնաբանություններ է ծնել, իսկ դրա շուրջ բարձրացված աղմուկը (հատկապես ընդդիմադիր միջավայրում), կարծում եմ, համարժեք չէ իրավիճակին: Հարցազրույցը եզրահանգումների առիթ տվեց, թե Քոչարյանը շուտով վերադառնալու է մեծ քաղաքականություն որպես վարչապետ (եթե ոչ ավելին, այսինքն` մարդիկ բացահայտ խոսում են նախագահ Սարգսյանի սպասվող պաշտոնանկության մասին: Մինչ այդ կասկածելի հրապարակումներ էին հայտնվել Փարիզում Քոչարյանի և Սարգսյանի հանդիպման մասին, որի ժամանակ, իբր, Քոչարյանը պետության ղեկավարից պահանջել է վարչապետի աթոռը, ինչի հետևանքով Սարգսյանը հիվանդանոց է տարվել սրտի նոպայով: Մի խոսքով` Քոչարյանի վերադարձն ակտիվորեն արծարծվում էր, թեև պաշտոնական ոչ մի հաստատում այս թեման չի ստանում և լուրերից այն կողմ չի անցնում:

«Մեդիամաքսին» վերջերս տված հարցազրույցը չափազանց ակտուալ է, և նպատակահարմար ենք համարում տեքստը մեջբերել ամբողջությամբ, իսկ հետո կհայտնենք մեր նկատառումները ինչպես տեքստի (իր թաքնված համատեքստով ու ենթատեքստով հանդերձ), այնպես էլ պաշտոնաթող նախագահի ֆենոմենի մասին այսպես կոչված  «անցումային շրջանի» երկրներում: 

    Ցավոք, տնտեսությունը հաճախ վերլուծում են դրա մասին աղոտ պատկերացում ունեցող մարդիկ: Չի կարելի մեխանիկորեն համեմատել ՀՀ շինարարական տեմպերը ԱՄՆ-ի հիփոթեքային պղպջակի հետ: Ամերիկայում բանկերը տալիս էին վերադարձելիության առումով կասկածելի հիփոթեքային վարկեր` դրան հաջորդող պարտավորությունների վերավաճառքով երկրորդային շուկայում: Դա հնարավոր էր ԱՄՆ արժեթղթերի շուկայի նկատմամբ մեծ վստահության և համաշխարհային ֆինանսական շուկաներում ազատ իրացվելիության արդյունքում: Հայաստանում այդ երևույթն առհասարակ չկար և չէր էլ կարող լինել` ֆինանսական գործիքների և արժեթղթերի շուկայի թերզարգացածության պատճառով: Շինարարությունն իրական էր, իսկ վարկերը ապահովում էին դրա միայն փոքր ծավալը (10%-ից պակաս): Այսինքն` շինարարությունն ու հիփոթեքը ոչ մի կերպ չէին կարող վնասել երկրի ֆինանսական համակարգին:

     Շինարարության ծավալների մասին: Այո, այն ձևավորում էր ՀՆԱ ավելի քան 20%-ը, սակայն շատ է դա, թե քիչ ֆիզիկական ծավալների իմաստով, պետք է գնահատել ոչ թե ՀՆԱ տոկոսներով, այլ երկրում բնակարանների, գրասենյակային և առևտրային տարածքների իրական պահանջարկով: Թող ընթերցողը պարզապես հաշվի, թե բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քանի ընտանիք է ճանաչում անձամբ ինքը: Դա թույլ կտա որոշակի պատկերացում կազմել երկրում բնակարանի հետ կապված իրավիճակի մասին: Ավելացրեք հնացած և վթարային շենքերի քանակի բնական աճը, նոր ընտանիքները և այլն: Վստահեցնում եմ` պահանջարկը հսկայական է, և տնտեսության աճին զուգահեռ` ավելի ու ավելի շատ մարդիկ հնարավորություն կստանային ընդգրկվել հիփոթեքային ծրագրերում, նշանակում է` բնակարանաշինությունը կշարունակեր բարգավաճել:

 Հարաբերական միավորներով գրասեն-յակային տարածքների քանակով մենք աշխարհում գտնվում ենք վերջին տեղերից մեկում: 1 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Երևանում կառուցվել է վարձակալության համար նախատեսված ընդամենը 5-6 գրասենյակային շենք: Մնացած բոլորը մի կերպ հարմարեցված շինություններ են` հեռու ժամանակակից պահանջներից: Մենք շատ հետ ենք եվրոպական երկրներից նաև ժամանակակից առևտրային հրապարակների տեսանկյունից: Այսինքն` շինարարության տեմպը երկար տարիներ պահպանելու ներուժը հսկայական է: Զարմանալի է` ինչպե±ս կարելի է դա չհասկանալ:

 Քննադատների տրամաբանությամբ, անհրաժեշտ էր արհեստականորեն արգելակել շինարարությունը հնարավոր ճգնաժամերի ակնկալիքով: Այդ տրամաբանությամբ ճապոնացիները պետք է կրճատեին ավտոմեքենաների ու էլեկտրոնիկայի, գերմանացիները` հաստոցների, սարքա-վորումների, չինացիները` տեքստիլի արտադրությունը և այդպես շարունակ` միայն այն պատճառով, որ ԱՄՆ-ում պահանջարկի հնարավոր անկումը կարող էր անդրադառնալ նրանց եկամուտների վրա: Դա դեպրեսիվ մտածելակերպ է: Մենք խոսում ենք տնտեսության իրական հատվածի, այլ ոչ թե ֆինանսական սպեկուլյացիաների մասին: Երկրները տասնամյակներ շարունակ իրենց դիրքավորել են համաշխարհային տնտեսության կոնկրետ հատվածներում, աճեցրել են կադրային և տեխնոլոգիական ներուժը` կողմնորոշվելով իրենց բնական առավելությունների վրա և ձևավորելով նոր մրցակցային առավելություններ: Ճգնաժամի պատճառով արդեն իսկ ստեղծվածից ոչ ոք չի հրաժարվելու: Նրանք կկատարելագործվեն, կբարձրացնեն բիզ-նեսի արդյունավետությունը, կկրճատեն ծախսերը, կյուրացնեն նոր տեխնոլոգիաներ մրցունակության բարձրացման համար:

   Այո, ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում ճգնաժամեր: Դա պետք է գիտակցել, և նախապատրաստվել դրան լավ տարիներին: Սակայն ոչ թե տնտեսության զարգացումը զսպելով, այլ` պահուստների ձևավորմամբ, պետական պարտքի և բյուջեի պակասորդի կրճատմամբ, առևտրի դիվերսիֆիկացմամբ և այլն: Եվ մենք դա արել ենք: 1998-2008 թվականներից ՀՆԱ նկատմամբ արտաքին պարտքի հարաբերակցությունը 46%-ից կրճատվել էր մինչև 13%: Բյուջեի պակասորդը իմ նախագահության վերջին տարիների տվյալներով կազմում էր 2%-ից պակաս, միջին տարեկան ինֆլյացիան` 2-4%` տնտեսության 12-13% աճի պայմաններում: Միաժամանակ, բյուջետային ֆինանսավորումը 2007թ. կազմում էր կապիտալ շինարարության ընդամենը 7%-ը: Հետևողականորեն ավելացվում էին ոսկեարժույթ պահուստները: Իսկ 2008թ. սկզբին միայն ֆինանսների նախարարության հաշիվների ազատ մնացորդը կազմում էր 100 մլրդ դրամ: Իդեալական մակրոտնտեսություն, որը խոսում է այն մասին, որ երկիրը ծախսում էր ավելի քիչ, քան վաստակում էր` աշխատած միջոցների մի մասը պահելով»սև՚ օրվա համար:

   Ի դեպ, հենց դա հնարավորություն տվեց ՀՀ նոր իշխանություններին ծախսել խնայողությունները և նոր վարկեր վերցնել հակաճգնաժամային ծրագրերի իրականացման համար: Եվ դա բնական է: Պատկերացրեք, թե ինչ պետք է ստիպված լիներ անել կառավարությունը, եթե արտաքին պարտքը մինչև ճգնաժամի սկիզբը կազմեր ոչ թե ՀՆԱ 13%-ը, այլ, ենթադրենք, 40%-ը: Լրացուցիչ վարկերի նման ծավալ Հայաստանին, բնականաբար, ոչ ոք չէր տրամադրի, քանի որ դա կհանգեցներ անխուսափելի դեֆոլտի:

    Կարելի` էր արդյոք խուսափել շինարարության ոլորտում այդպիսի անկումից: Կարծում եմ` այո, սակայն դա առանձին և շատ լուրջ խոսակցության առարկա է, թեև հայտնի է, որ պատմությունը ենթադրություններ չի ընդունում: Ես կգերադասեի այսօր սահմանափակվել ընդհանուր բանաձևով: Անհրաժեշտ է համախմբել ջանքերը բնակարանային պահանջարկի պահպանման համար: Եղանակները բազմաթիվ են: Կարծում եմ` կառավարությունում արդեն կա այդ ըմբռնումը: Չափազանց կարևոր էր սկսել նախօրոք, երբ ճգնաժամը դեռևս նոր էր շարժվում դեպի Հայաստան՚: 

Եվ այսպես, տարբեր թվեր ու փաստեր նշելով` Ռոբերտ Քոչարյանը խոսում է տնտեսության մասին և իր կառավարման շրջանն անվանում է «իդեալական մակրոտնտեսության»  դարաշրջան: Այն, որ տեքստի իսկական հեղինակներն ակներևաբար չեն հասկանում տնտեսությունից, դեռ ոչինչ (տեքստում հասկացական ապարատի հետ կապված խնդիրներ կան): Անհամեմատ ավելի կարևոր է այն, որ այս հարցազրույցով, ինքն էլ դա չցանկանալով, նախկին նախագահ Քոչարյանը բացահայտեց իր քաղաքական էությունը` օլիգարխիական պետության ղեկավարի էությունը: Այս առնչությամբ մի երկու նկատառում հայտնենք:

  Առաջին. շինարարությունից բացի Քոչարյանը տնտեսությունում ուրիշ ոչինչ չի ընդունում: Տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում չեն եղել և չկան ոչ քիմիական արդյունաբերությունը, ոչ մեքենաշինությունը կամ հաստոցաշինությունը, ոչ էլեկտրոնիկան: Բայց գլխավորն այն է, որ ցանկություն անգամ չի նկատվում ոչ միայն այդ ճյուղերը վերածնելու, այլև նույնիսկ դրանց մասին մտածելու և խոսելու ուղղությամբ: Տնտեսությունը Քոչարյանի համար միայն շինարարությունն է: Իսկ ինչո՞ւ: Դե, որովհետև շինարարական բիզնեսը Հայաստանում հազվագյուտ շահութաբեր ոլորտ է: Մարդիկ տարածքներ են ձեռք բերում, տներ կառուցում, որոնց ինքնարժեքը չի գերազանցում քառակուսի մետրի համար $250, բայց դրանք վաճառում են $1000-3000-ի սահմաններում: Ասել է թե` բնակարանների գնագոյացումը Հայաստանում ոչ մի կերպ չի համաձայնեցվում առողջ բանականության հետ, քանի որ գործ ունենք գերշահույթ ստանալու պետական քաղաքականության հետ: Եթե նորմալ երկրներում պետությունը թույլ չի տալիս մասնավոր բիզնեսին գերշահույթ հետապնդել` հարյուրավոր մեխանիզմներ կիրառելով (այդ թվում և պատժիչ բնույթի), ապա Հայաստանում գերշահույթը ոչ միայն քաջալերվում է, այլև նույնիսկ պետության առաջին դեմքերի կենսագործունեության սկզբունքն է համարվում:

    Ավելին, Քոչարյանի օրոք անշարժ գույքը բարձրացված գներով էր վաճառվում հրա-մանի կարգով: Մարդկանց, որոնք մեծ գումարներ էին տնօրինում, ստիպում էին բնակարաններ գնել: Ինչպես տեսնում ենք, շինարարության ոլորտն իսկապես օգտավետ է երկրի ղեկավարությանը. հսկայական եկամուտներ (հիմնականում չհարկվող) է բերում կառուցողներին և, միևնույն ժամանակ, լուծում սոցիալական բնույթի հարցեր: Եվ ի՞նչ իմաստ ունի, որ պետության առաջին դեմքերը մտածեն տնտեսության այլ, մասնավորապես` գիտատար ոլորտների մասին: Ի±նչ կունենար երկրի ղեկավարությունն, ասենք, էլեկտրոնիկայի զարգացումից, եթե հանկարծ, Աստված չանի, ճապոնական կամ ամերիկյան մի ընկերություն իր ձեռքը վերցներ  Հայաստանի էլեկտրո-նային ձեռնարկությունները և սեփական արտադրություն սկսեր: Հասկանալի է` ոչինչ (օգուտ կունենար միայն պետությունը, իսկ այն, ինչ օգուտ է բերում միայն պետությանն ու հանրությանը, երբեք չի հետաքրքրել Հայաստանի ղեկավարներին):

  Ինչպես տեսնում ենք, տնտեսության այլ ճյուղերի զարգացումից անձամբ քաղաքական էլիտայի համար օգուտ չկա, դրա համար էլ երկրի երկրորդ նախագահն ամբողջովին տարվել է շինարարությամբ: Վերջին 20 տարիներին Հայաստանում գիտատար արդյունաբերության կազմա-կերպման ընդամենը մի փորձ է եղել4: Բայց վրա հասավ աղետը. գլոբալ ճգնաժամը հասավ Հայաստան, և մարդիկ դադարեցին բնակարաններ գնել: Ներկայումս, պաշտոնական տվյալներով` Երևանում դատարկ է 4000 էլիտար բնակարան: Հետևաբար, սեփականատերերը հսկայական վնասներ են կրում (մոտ $800 մլն): Միևնույն ժամանակ, գերշահույթ ստանալու հայերի գե-նետիկ ձգտումը թույլ չի տալիս իջեցնել գները, ինչն էլ ավելի է բարդացնում իրավիճակը5: Դրա համար էլ նախկին նախագահ Քոչարյանը մեղադրում է կառավարությանը, թե, իբր, վերջինս չի կարողանում պահել բնակարանների պահանջարկը: Իհարկե, Հայաստանում պահանջարկ կա, այն չի կարող չլինել, քանի որ խորհրդային ժամանակներից հանրապետության բնակչությունը բնակարանային պայմանների հետ կապված խնդիրներ ուներ: Բայց ինչպե±ս կարող է այդ բնական պահանջարկը բավարարվել, եթե պետությունը` հանձինս քաղաքական ղեկավարության և խոշոր բիզնեսի, գերշահույթ ստանալու քաղաքականություն է վարում:

  Երկրորդ. Քոչարյանի հարցազրույցն իշխանության համար ներկայացված հայտ է: Նախկին նախագահը հասկացրեց, որ այսուհետ չի պատրաստվում բավարարվել ունեցածով և ավելիին է հավակնում: Նա նրբանկատորեն հետնորդին խորհուրդ է տալիս բավարարել իր հավակնությունները, այլապես ինքը` Ռոբերտ Քոչարյանը, կզբաղվի դրանով: Բայց ինչպե±ս: Ակնհայտ է, որ Քոչարյանը մինչև 2013թ., այսինքն` հերթական ընտրությունները, մտադիր չէ սպասել և սկսում է արագացնել իրադարձությունների զարգացումը: Իհարկե, եթե այսօր որևէ մեկը գներ 4000 բնակարան, ապա նախկին նախագահը գուցեև սպասեր երեք տարի, բայց, ինչպես տեսնում ենք, ոչ ոք չի պատրաստվում դա անել: Մի խոսքով` Քոչարյանը մարտի է նետվում: Իսկ ի՞նչ կհակադրի նախորդի ձգտմանը Սերժ Սարգսյանը:

  Հայաստանի քաղաքականությունը և քաղաքական գործիչների վարքագիծն իռացիոնալ են, հետևաբար` կանխատեսելն ու վերլուծելը ժամանակի անիմաստ կորուստ է: Ասենք միայն, որ նախագահ Սարգսյանը կընդունի մարտահրավերը, իսկ թե ինչպես` ցույց կտա ժամանակը: Այսօրվա դրությամբ կարելի է միանշանակ ասել, որ Քոչարյանն ավելի մեծ հենարան ունի, նշանակում է` վերջնական հաղթանակի նրա հնարավորություններն ավելի մեծ են... 

ԱՄՓՈՓՄԱՆ ՓՈԽԱՐԵՆ

   Անցումային շրջանի երկրներում, որտեղ իշխանության աղբյուրը ոչ թե ժողովուրդն է, այլ էլիտան, գործող և նախկին նախագահների կոնֆլիկտը` այստեղից բխող բոլոր հետևանքներով, բնական և անխուսափելի երևույթ է: Հայաստանում դրան արդեն երկու տարի է` սպասում են և, թվում է, այն արդեն հասունանում է: Ի±նչ արած, Հայաստանն այնպիսին է, որ անգամ բնական երևույթներն ու իրադարձություններն այստեղ այնպես չեն կատարվում, ինչպես նորմալ երկրներում: Համակերպվենք սրա հետ և սպասենք իրադարձությունների հանգուցալուծմանը: Կարծում ենք` արմատական ոչ մի բան (դեպի այս կամ այն կողմ) տեղի չի ունենա, ոչ մի փոփոխություն չի կատարվի ներքին և արտաքին քաղաքականության մեջ: Ընդամենը տեղի կունենա այն, որ հակամարտող կողմերից մեկը կհեռացնի մյուսին, և վերջ:   


 

1  Կասյանովի գիրքը, որը գրվել է Եվգենի Կիսելյովի հետ երկխոսության ձևով, բավական բնութագրական է պաշտոնաթող Ելցինի կյանքի որոշ զգացմունքային դրվագների նկարագրման տեսակետից: Ահա մի քանի պահ.

Կիսելյով. Ե`րբ ձեր հարաբերությունները Բորիս Նիկոլաևիչի հետ դարձան ոչ պաշտոնական:

Կասյանով. Առաջին անգամ Ելցիններն ինձ Իրինայի հետ իրենց մոտ` Գոռկի-9 հյուր հրավիրեցին առաջին նախագահի պաշտոնաթողությունից մի քանի ամիս հետո: Բորիս Նիկոլաևիչը բուժվում էր, նիհարել էր, հոյակապ տրամադրություն ուներ: Հետո մենք սկսեցինք բավական հաճախ շփվել: Բորիս Նիկոլաևիչն անընդհատ ասում էր. «Եկեք առանց ձևականությունների, ընկերավարի»:

-          Իսկ երբ դուք, ձեր հերթին, պաշտոնաթող եղաք, հարաբերությունները չդադարեցի`ն:

-          Ոչ, սկզբում ամեն ինչ նախկինի պես էր: Մենք, ինչպես և առաջ, մեր տիկնանց հետ միասին մի քանի անգամ որսի գնացինք: Բայց հետո մեր հանդիպումները դադարեցին: Դա տեղի ունեցավ Ելցինի 75-ամյակի նախօրեին, որը նշվելու էր 2006թ. փետրվարի 1-ին: Դեկտեմբերի սկզբին Բորիս Նիկոլաևիչը Նաինա Իոսիֆովնայի հետ միասին եկել էին իմ ծնունդին, և մենք քննարկում էինք, թե ինչպես է նա տոնելու իր հոբելյանը. որտեղ ավելի լավ կլինի հավաքել ընկերներին, ինչպիսին կլինի երեկոյի ծրագիրը, ինչ անակնկալներ պատրաստել հյուրերի համար և այլն: Բայց Նոր տարուց անմիջապես առաջ նա զանգահարեց և ասաց.  «Միխայիլ Միխայլովիչ, դուք պատրաստվում էիք հետաձգել ձեր արձակուրդը` ծննդյանս օրվան մասնակցելու համար: Չարժե պլանները փոխել: Հանգստացեք: Պուտինը որոշել է ամեն ինչ Կրեմլում կազմակերպել: Դուք խելացի մարդ եք, դուք ամեն ինչ հասկանում եք...»:

 -  Դուք այդպես էլ չշնորհավորեցի`ք Բորիս Նիկոլաևիչի ծնունդը:

-  Ես նրան զանգահարեցի արձակուրդից: Նա չարացած էր: Շնորհավորական խոսքերիցս հետո դժգոհեց. «Նրանք բոլոր հեռախոսները լսում են: Ծանր է տեսնել, թե ինչպես է այդ ամենը տեղի ունենում շուրջդ...»: Բայց չէ՞ որ սկզբում, երբ հեռացել էր պաշտոնից, տառացիորեն վերափոխվելէր: Շատ ակտիվ ամեն ինչով հետաքրքրվում էր, նախարարներին իր մոտ ամառանոց էր հրավիրում, հարցուփորձ անում գործերից, նորություններից:

Բայց մի անգամ Անվտանգության խորհրդի անդամների խորհրդակցության ժամանակ Պուտինը դիմեց ինձ. «Փոխանցեք կառավարության անդամներին, որ առանց անհրաժեշտության իրենց այցելություններով չանհանգստացնեն Բորիս Նիկոլաևիչին: Թե չէ բժիշկները զայրանում են, ասում են` այդ հանդիպումներից հետո նա հուզվում է, իսկ նրան հանգիստ է պետք, հիվանդ սիրտ է, չէ՞»:  Ձևով դա քաղաքավարի խնդրանք էր, բայց էությամբ` հրաման. այլևս ոչ ոք Ելցինի մոտ չպետք է գնա: Այս «խնդրանքից» հետո նրա մոտ ինձնից և Վոլոշինից բացի փաստորեն ոչ ոք արդեն չէր գնում:

   Վերջին անգամ հանդիպեցինք 2006թ. աշնանը, երբ Ելցինը կոտրել էր ազդրի վզիկը և պառկած էր Միչուրինի պողոտայի հիվանդանոցում: Նրա մոտ ոչ ոքի չէին թողնում, բայց նա պնդել էր, որ մենք հանդիպենք: Ես այն մշտապես պտտեցնում եմ հիշողությանս մեջ: Բորիս Նիկոլաևիչն այն ժամանակ համառորեն խորհուրդ էր տալիս, որ ես միշտ փոխեմ հեռախոսներս, որպեսզի խուսափեմ գաղտնալսումներից: «Շատ հեռախոսներ գնեք, ամենահասարակները, որ չափսոսեք: Վերցնում եք մեկը, խոսեցիք` անմիջապես դեն նետեք, վերցնում եք մյուսը, խոսեցիք` դա էլ նետեք, հաջորդը` և նորից դեն եք նետում՚: Տաքացավ, պառկած տեղը ժեստերով ցույց էր տալիս, թե ինչպես պետք է այդ բացահայտված հեռախոսները դեն նետել հենց մեքենայի պատուհանից:

Իսկ ապրիլին նա մահացավ»:         

 (Աղբյուրը` «Новая газета», http://www.novayagazeta.ru/data/2009/109/14.html)

2 Մենք հեռու ենք այն մտադրությունից, որ երկրի երկրորդ նախագահին վերագրենք ազգային հարստության կեսը, ինչպես դա անում է «ընդդիմադիր» մամուլը: Սակայն հեռու ենք նաև անտեսելուց նրա առևտրային շահերը կամ էլ մեղադրանքներ ներկայացնելուց, քանի որ հասկանում ենք, որ Հայաստանը արևելյան պետություն է արևելյան ժողովրդով, որտեղ պետական ինքնիշխանության պայմաններում բարձրագույն իշխանությունը միշտ կիրականացնի ծավալուն առևտրային նախագծեր: Սա պետք է ընդունել ապրիորի, առանց անօգուտ նյարդայնության: 

3 Տե°ս  http://nationalidea.am/comments.php-id=3291&l=A

4 «Արհեստավարժների» կառավարման տարիներին որոշ խելացի գործեր իրականացվում էին: Օրինակ, վարչապետ Արմեն Դարբինյանն անձամբ հանդիպում էր ամերիկյան «Ջեներալ Էլեքթրիք» հսկայի ղեկավարության հետ և համոզում իրենց վերահսկողության տակ վերցնել երբեմնի հզոր խորհրդա-հայկական էլեկտրոնային արդյունաբերության մնացուկները: Այսինքն` վարչապետը մտադիր էր զբաղվել աշխատուժի ներմուծմամբ. արտադրանքի ինքնարժեքը Հայաստանում շատ ավելի էժան կլիներ, քան ԱՄՆ-ում և, հետևաբար, ամերիկյան արտադրողի համար շահավետ կլիներ իր արտադրանքը թողարկել Հայաստանում: Բայց գործը խոսակցություններից այն կողմ չանցավ, իսկ պատճառը հայկական օրենսդրության «հակաշուկայականություննէ»: Ո±ր ամերիկյան ձեռնարկատերը կհամաձայնի աշխատել հայկական հարկային վարչարարության, գրավատնային բանկային համակարգի, կոռումպացված բյուրոկրատիայի միջնադարյան պայմաններում: Եվ պատահական չէ, որ ոչ մի ամերիկյան կորպորացիա, ամերիկյան ոչ մի բանկ ներկայացված չէ Հայաստանում, քանի որ Արևմուտքի մարդն այստեղ անելիք չունի, եթե, իհարկե, խոսքը ստեղծարար աշխատանքի մասին է, այլ ոչ թե բնական ռեսուրսները քաշել-տանելու, որոնք Հայաստանը չունի:   

5 Քաղաքակիրթ աշխարհում ճգնաժամի ժամանակ անշարժ գույքի շուկան կիսով չափ էժանացավ: Հայաստանում կառուցողները մի սենթ անգամ գինը չիջեցրին: Ավելին, էլիտար բնակարանները նույնիսկ սկսեցին թանկանալ, և դա` այն դեպքում, երբ մարդիկ պարզապես բնակարաններ չեն գնում: Ակնհայտորեն հակաշուկայական երևույթի հետ գործ ունենք: Հավանաբար, կառուցողները և իշխանության մեջ գտնվող նրանց հովանավորները խաղի մեջ են մտել, որտեղ կողմերից մեկի նյարդերը վաղ թե ուշ տեղի կտան. կամ շենքերի կործանման սպառնալիքի առջև տերերը կիջեցնեն գները և այդպիսով կմտնեն քաղաքակիրթ մարդկության շարքերը` խթանելով  բնակարանների վաճառքն ու դրան հաջորդող շինարարության աճը, կամ էլ վարչական մեթոդով սահմանագծին կպահեն գները և կհասնեն շատ տհաճ անակնկալների:  

 

 

 

 

 

 

 

 

Share    



Գնահատում

Ինչպես ` եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am