Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


ԱՊՀ

ԱՊՀ
Մարտ 2010, N 2

ՈՒԿՐԱԻՆԱ. 20 ՏԱՐԻ ԱՆՑ (1990-2010)

Արտյոմ Խաչատրյան, հետազոտությունների կենտրոնի տնորեն, "Ազգային գաղափարի" գլխավոր խմբագիր

 1991թ. ԽՍՀՄ փլուզումը  ընդունված է խոշորագույն աշխարհաքաղաքական աղետ համարել: Այդ իրադարձությանը նախորդել էին միութենական հանրապետությունների տարաձայնությունները վիճելի տարածքների շուրջ (Հայաստան և Ադրբեջան) և ինքնավար ու այլ կազմավորումների` հանրապետությունների կազմից դուրս գալու փորձերը (Մերձդնեստրը Մոլդովայում, Աբխազիան և Հարավային Օսիան` Վրաստանում): Հետխորհրդային տարածքի ապագայի վերաբերյալ երկու տեսակետ կա. որոշ վերլուծաբաններ կարծում են, որ ԽՍՀՄ փլուզմամբ ամեն ինչ ավարտվեց. նախկին միութենական հանրապետությունները պետականություն ձեռք բերեցին և մտան ազգային-պետականակերտման երկարատև փուլ: Մյուսները կարծում են, որ հետխորհրդային տարածքին փլուզման երկրորդ ալիքն է սպասվում, այս անգամ` հենց սուվերեն պետություններինը:

   Աբխազիայի և Հարավային Օսիայի անջատումը Վրաստանից և մի շարք պետությունների կողմից դրանց հետագա ճանաչման փաստը, ըստ էության, ճիշտ չէր լինի մեկնաբանել որպես Վրաստանի փլուզում, քանի որ գործ ունենք պետականակերտ չհանդիսացող ժողովուրդներով բնակեցված երկու փոքր և աննշան տարածքների դուրս գալու հետ (Վրաստանում պետականակերտ ժողովուրդներ պետք է համարել մեգրելներին, կախեթցիներին, քարթլիներին, որոնք բոլորը միասին վրացիներ են, բայց ոչ հայերին կամ օսերին, ինչպես Ուկրաինայում պետականակերտ չի կարելի համարել լեհերին կամ թաթարներին, քանի որ այստեղ պետականակերտ ժողովուրդներն են ուկրաինացիները և ռուսները): Վրաստանը, ի վերջո, այնքան էլ շատ բան չի կորցրել, ինչպես ընդունված է կարծել: Նույնը ճիշտ է նաև Ադրբեջանի պարագայում. Ղարաբաղի կորուստը և նրա ինքնիշխանության հնարավոր ճանաչումն ապագայում չի կարելի մեկնաբանել որպես այդ երկրի փլուզում, քանի որ խոսքը վերաբերում է նրա կազմից միայն այլ էթնոսով բնակեցված փոքր տարածքի դուրս գալուն:

   Սակայն ԱՊՀ-ում երկու տարածաշրջան կա, որոնք լիարժեք փլուզման պոտենցիալ ունեն` Մոլդովան և Ուկրաինան: Մերձդնեստրի առանձնացումը ճանաչելու դեպքում կարելի է գրանցել Մոլդովայի` որպես պետության, վերջն իր ներկայիս տեսքով: Իսկ ինչ վերաբերում է Ուկրաինայի բաժանմանը քաղաքակրթությունների  «ճեղքման» գծով, ապա այս պարագայում ևս գործ կունենանք երկու (կամ ավելի) նոր պետությունների հետ, որոնցից յուրաքանչյուրը միայն հեռավոր ձևով կհիշեցնի արդի Ուկրաինան: Եթե Ադրբեջանը և Վրաստանը նախկին ինքնավարությունների կորստով չեն զրկվել (կամ չեն զրկվի) իրենց պետությունների ինքնությունից, ապա Ուկրաինայում միանգամայն այլ իրականություն է ստեղծվում: Փորձենք վերլուծել այն` հաշվի առնելով այդ երկրի անցյալն ու ներկան, որոնց հիման վրա հնարավոր կդառնա ապագայի ուրվագծումը:

 

ՄԻ ՓՈՔՐ` ՀԵՌՈՒ ԵՎ ՄՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

 Առաջին ռուսական պետությունը հիմնվել է Նովգորոդում` վարյագների գալով և Ռյուրիկյանների դինաստիայի հաստատմամբ: Ավելի ուշ ռուսական պետականության կենտրոնը դարձավ Կիևը. հենց այստեղ է իշխան Վլադիմիրը հեթանոսական Ռուսիան քրիստոնեացրել: Կիևում դրվեցին ուղղափառ քաղաքակրթության հիմքերը: Ավելի ուշ Վասիլի Երրորդի ժամանակ առաջ քաշված «Երրորդ Հռոմի» գաղափարն իրականություն դարձավ Իվան Ահեղի օրոք, և Ռուսաստանը դարձավ ուղղափառ աշխարհի կորիզը:

 Մինչև մոնղոլ-թաթարների արշավանքները Կիևն արդեն կորցրել էր նշանակալիությունն ու առաջատար դերը սլավոնական աշխարհում: Կենտրոնը տեղափոխվեց Արևելք` Մոսկվա, ուր սկսվեց ռուսական հողերի միավորումը: Սակայն Կիևը չկորցրեց ռուս էթնոսի և ռուսական մշակույթի բնօրրանի դերը. Կիևն ընդմիշտ պահպանեց «ռուսական քաղաքների մոր» տիտղոսը:

 Ներկայիս Ուկրաինայի որոշ տարածքներ բազմիցս փոխել են իրենց սուվերեններին. և´ լեհեր են եղել, և´ լիտվացիներ, և´ ռուսներ, և նրանց ազդեցության տակ ժամանակի ընթացքում արևելյան սլավոնների մի մասը կաթոլիկացել է: Այլ ժողովուրդների և մշակույթների ազդեցության հետևանքով ռուսերենից առանձնանալով` առաջ եկավ մեկ այլ լեզու, որն այժմ ուկրաիներեն է անվանվում, իսկ ուղղափառության և կաթոլիկության հակադրությունը, փաստորեն, վերջնականապես բաժանեց միասնական ժողովրդին, քանի որ հենց կրոնն է քաղաքակրթական  ինքնության կորիզն ու որոշիչը:

 Նույն ժողովրդի և էթնոսի պատկանելությունը տարբեր քաղաքակրթությունների պատմության մեջ հազվադեպ երևույթ չէ, իսկ նրանց հակադրությունը, սովորաբար, հանգեցնում է ողբերգության: Հատկանշական օրինակ է սերբական պատմությունը: Ինչ-որ ժամանակ սերբ ուղղափառ միասնական ժողովրդի մի մասը, արտաքին ուժերի ճնշմամբ, դարձավ այլադավան. Սերբիայում պահպանվեց ուղղափառությունը, մի փոքր ավելի հեռու` Խորվաթիայում, հաստատվեց կաթոլիկությունը, իսկ Բոսնիայում` իսլամը: Ի հայտ եկան բոսնիացիներն ու խորվաթները. չդադարելով սերբ և միևնույն լեզվի ու էթնոսի կրողները լինելուց` նրանք միջազգային ասպարեզում հայտնվեցին բարիկադի հակառակ կողմերում, իսկ 20-րդ հարյուրամյակի վերջին միասնական սերբական պետությունը խորտակվեց արյունալի մսաղացում, և այսօր Բալկաններով սահմանազատիչ գիծ է անցնում` արևմտյան և արևելյան քրիստոնեությունը սահմանազատող գիծը:

 Ուկրաինայի տարածքում կաթոլիկ բնակչության առկայությունը Ռուսական կայսրության և Խորհրդային Միության օրոք ոչ մի դեր չէր խաղում քաղաքականությունը որոշելիս, սակայն ամեն ինչ փոխվեց ԽՍՀՄ փլուզմամբ. անկախ Ուկրաինան ձգտում է դեպի Արևմուտք, Ռուսաստանի համար խորթ քաղաքակրթական միջավայր, քանի որ հայտնվել է արևմտյան (գերազանցապես կաթոլիկներով բնակեցված) շրջանների ազդեցության տակ, որոնք, փոքրամասնություն, բայց քաղաքականապես ավելի ակտիվ լինելով, կարողացան իրենց կամքը պարտադրել ողջ երկրին և իրենց կողմը ներքաշել ուղղափառ ուկրաինացիներին:    

 Ուկրաինան 1991-ից դեպի Արևմուտք է ձգտում, ընդ որում` բոլոր «ատրիբուտներով» (ՆԱՏՕ, ԵՄ), սակայն չեն ընդունում նրան այնտեղ, որովհետև Արևմուտքում հասկանում են. Ուկրաինան վերջնականապես իրենց աշխարհաքաղաքական գիրկն առնելու ցանկացած փութկոտ փորձ հանգեցնելու է այդ երկրի բաժանմանը, քանի որ Արևմուտքում դեռ կան մարդիկ, որոնք հիանալիգիտակցում են, որ ռուսը շատ բան կհանդուրժի (եթե ոչ` ամեն ինչ), բայց ոչ` ՆԱՏՕ-ական բազաներ Սևաստոպոլում կամ Պոլտավայում: Դրա համար էլ, հավանաբար, մինչ օրս, սկսած 1991-ից, մենք վճռական ջանքեր չենք տեսնում այս ուղղությամբ. ինչպես Արևմուտքը, այնպես էլ ուկրաինական ղեկավարությունը դանդաղ են գործում, ռուսական քաղաքակրթական միջավայրից առանձնացումը տեղի է ունենում նուրբ մանևրներով` առանձնակի վրդովմունք չառաջացնելով երկրի` ռուսներով և ռուսալեզու ուկրաինացիներով բնակեցված արևելյան շրջաններում:    

 1990թ. Միխայիլ Գորբաչովը Ուկրաինայի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար նշանակեց փորձառու կուսակցական ֆունկցիոներ Լեոնիդ Կրավչուկին` նրա նախորդին` Իվաշկոյին կուսակցության գծով իրեն տեղակալ տանելով Մոսկվա: Այն ժամանակ Գորբաչովը չգիտեր, որ Կրավչուկը դառնալու է ԽՍՀՄ խորտակման գործընթացի դետոնատորներից և գլխավոր գործող անձանցից մեկը, որովհետև, թերևս, չէր հասկանում, որ ազատության և անկախության պայմաններում մարդու մեջ իր իսկական էությունն է արթնանում: Այսպես, խորհրդային գեներալ և հեռահար ռմբակոծիչների դիվիզիայի հրամանատար Ջոհար Դուդաևը, մարդ, որին Խորհրդային Միությունը միջուկային զենք էր վստահում և որի ինքնաթիռները մարտական հերթապահություն էին իրականացնում ՆԱՏՕ երկրների ափերին, տերության փլուզումից մի քանի տարի հետո հանկարծ խոսեց ղազավաթի, ջիհադի մասին և պրոֆեսիոնալ ահաբեկիչ դարձավ: Մի խոսքով` Դուդաևն այլ ընտրություն չթողեց Մոսկվայի ղեկավարությանը` իրեն վերացնելուց բացի, ինչն էլ, բնականաբար, իրականացրեց ռուսական ավիացիան:   

  Նման փոխակերպման ենթարկվեց նաև Լեոնիդ Կրավչուկը: Ճիշտ է` մինչև ահաբեկիչ չձգեց, բայց տիպիկ ուկրաինական նացիոնալիստ դարձավ: Դժվարությամբ էր բաժանվում Ուկրաինաի տարածքում տեղակայված խորհրդային միջուկային ժառանգությունից, և եթե չլիներ Արևմուտքի (որին, հասկանալի է, միշտ հաճելի է գործ ունենալ մեկ, այլ ոչ թե երկու  միջուկային տերությունների հետ) ճնշումը, ապա հայտնի չէ, թե ինչով կավարտվեր այդ ամենը: Շատ ավելի ցավագին էր Սևծովյան նավատորմի բաժանման գործընթացը. Կրավչուկը մեկ անգամ չէ, որ հունից հանում էր Ելցինին, թեև հազիվ թե նրանից ինչ-որ բան կարողացավ պոկել: Այնուհետև` Ուկրաինայի նոր առաջնորդը հալածանքներ սկսեց Ռուս Ուղղափառ եկեղեցու դեմ և Ուկրաինայի թեմը հանեց Մոսկվայի պատրիարքության   ենթակայությունից` փաստորեն պառակտում մտցնելով ուղղափառ սլավոնական աշխարհում: «Ազատություն տվեց» արևմուտքի կաթոլիկներին. արևմտյան շրջաններում ռուսատյացությունը նոր (Բանդերայից հետո) շունչ ստացավ և շուտով սկսեց ազդել, իսկ հետագայում` նաև որոշել պետության քաղաքականությունը:    

 1994թ. Մոսկվային պարզ դարձավ, որ Ռուսաստանն ու Կրավչուկը մի ուղղությամբ գնալ չեն կարող: Ուկրաինայի նախագահի ընտրություններին Կրեմլն աջակցեց Լեոնիդ Կուչմային (ծագումով արևելյան շրջաններից է)` կարծելով, թե սա, պրագմատիկ և (նախկինում) հաջող խորհրդային տնտեսվարող լինելով, վերջ կդնի իր նախորդի արևմտամետ քաղաքականությանն ու երկիրը դեմքով դեպի Ռուսաստան կշրջի: Սակայն իրականում հակառակը տեղի ունեցավ. Ուկրաինայի արտաքին քաղաքականության էությունը սկզբունքորեն մնաց անփոփոխ, զարգացում ստացան Կրավչուկի առաջ քաշած գերակայությունները: Հենց Կուչմայի օրոք առաջին անգամ խոսեցին ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին, և երկիրը լայնածավալ համագործակցություն սկսեց Հյուսիսատլանտյան դաշինքի հետ: Իսկ ներքին քաղաքականությունում ռուսատյացությունը կոնկրետ ուրվագծերստացավ. Կուչմայի օրոք Լվովի Պուշկինի փողոցը վերանվանեցին «մոսկալների կողմից անմեղ սպանված» Ջոհար Դուդաևի անունով: Շատերի համար սա գուցե հասարակ բան է, բայց ոչ` ինձ, որովհետև նման «հասարակ բաները» բնութագրում են հանրային տրամադրությունները, որոնք վերջնարդյունքում որոշում են պետության քաղաքականությունը:

 1999թ. նախագահական ընտրություններում Կուչմայի մրցակիցն էր ուկրաինացի կոմունիստների առաջնորդ Պյոտր Սիմոնենկոն: Ելցինի համար Սիմոնենկոյին աջակցելը սեփական կործանում կնշանակեր. այն ժամանակ, մինչև մեծ քաղաքականություն Պուտինի մուտքը, ելցինյան ռեժիմի վարկը զրոյական էր, իսկ հանրային կարծիքը` ճնշող մեծամասնությամբ, համակրում էր կոմունիստներին: Մի խոսքով` Ուկրաինայուն կոմունիստների վերադարձը իշխանություն մի ինչ-որ շղթայական ռեակցիա կծներ, ինչը, բնականաբար, չէին կարող ողջունել ոչ Ռուսաստանում, ոչ Արևմուտքում: Իսկ 2004թ. Կուչման իրեն հաջորդ նշանակեց իր վարչապետին` Վիկտոր Յանուկովիչին: Կարծում եմ` Յանուկովիչի ընտրությունը թելադրված էր ավելի շուտ անձնական և ոչ թե քաղաքական նկատառումներով: Վիկտոր Յուշչենկոն քաղաքական առումով ավելի մոտ էր Կուչմային, բայց հեռացող նախագահի անձնական անվտանգության և բազմամիլիարդ կարողության հարցերն առավել առաջնահերթ էին մյուսներից, այդ թվում և քաղաքական- գաղափարախոսականից:

 Վիկտոր Յուշչենկոյի իշխանության գալուց հետո Մոսկվայում հանկարծ մտածեցին, որ Ուկրաինան «կորչում» է, թեև էական կամ արմատական ոչ մի տեղաշարժ արտաքին և ներքին քաղաքականության մեջ տեղի չէր ունեցել: Փոխվել էր միայն հռետորականությունը. ռուսատյաց գաղափարներն ավելի բացահայտ և ավելի բարձր մակարդակից էին հնչում, նախկինի պես քողարկված չէին, ինչը, բնականաբար, չի փոխում գործի էությունը: Իսկ ՆԱՏՕ մտնելու փութկոտ փորձերը հանգեցրին այդ գործընթացի կանգնեցմանը, քանի որ իրադարձությունների հետագա զարգացումն այդօրինակ հունով կհանգեցներ անկանխատեսելի (և պաշտոնական Կիևի ու արևմտյան շրջանակների համար անցանկալի) հետևանքների:

 Բայց փոխվեց Կրեմլի վերաբերմունքը ուկրաինական ղեկավարության հանդեպ: Այստեղ ռացիոնալ որոշումներ կայացրին: Մասնավորապես, Մոսկվան դադարեց հովանավորել կոռուպցիայի ու գողության մեջ թաղված ուկրաինական տնտեսությունը: Վերջ դրվեց այն գործելակերպին, որի ժամանակ ինքնիշխան պետությանը ֆինանսավորում է ուժի մի կենտրոն, իսկ քաղաքականությունը թելադրում է մեկ ուրիշը: Ուկրաինայում դժվարությամբ, բայց հարկադրված համակերպվեցին ռուսական էներգակիրների եվրոպական գներին, ինչը ռուսատյացության բռնկումներ առաջ բերեց: Ռուսերենը վերջնականապես իրավազրկվեց, նացիստական լեգեոնականներին սկսեցին պատվել որպես ազգի հերոսների, իսկ այսպես կոչված «գոլոդոմորը» դարձավ արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը (միջազգային ճանաչման և դատապարտման հասնելու անհեթեթ ու անշնորհք փորձերով) և հանրային կարծիքի ապուշացման մեթոդ ռուսատյացության տարածման համար:

 Բայց եկավ 2010 թվականը: Անցած հինգ տարիներին «նարնջագուն» թիմը վարկաբեկվել էր վերջնականապես, և նախագահ Յուշչենկոն վերընտրվելու շանս գրեթե չուներ: Նախագահական մրցավազքի ֆավորիտներն էին Յուլյա Տիմոշենկոն (որին աջակցում էին արևմտյան շրջանները) և Վիկտոր Յանուկովիչը (որը հենվում էր երկրի արևելքի վրա): Քվեարկության արդյունքները, որտեղ նվազագույնտարբերությամբ առջևում էր Յանուկովիչը, խիստ հստակ ի ցույց դրեցին Ուկրաինայի պառակտումն ըստ քաղաքակրթական հատկանիշի:      

 Ո՞վ է Վիկտոր Յանուկովիչը: Եվ ի՞նչ կանի իր երկրի համար: Կբեկի՞ արդյոք նոր նախագահ Յանուկովիչը` ազգությամբ ռուս այդ մարդը, դեպի Արևմուտք հակվածությունը: Ինչպիսի՞ն կլինի Ուկրաինայի ապագան: Կպահպանվի՞ արդյոք որպես միասնական պետություն, թե՞ կքանդվի բալկանյան սցենարով:       

ՅԱՆՈՒԿՈՎԻՉԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑՅԱԼՈՒՄ

 Սկզբունքորեն ընդունված է Յանուկովիչին ռուսամետ քաղաքական գործիչ համարել. նա վերջին հինգ տարիներին հակադրվում էր ՙնարնջագույն՚ թիմին և Ուկրաինայի արևելքի, այսինքն` ռուս և ռուսալեզու բնակչության մարդն էր: Սակայն Յուշչենկոյի (և անգամ Կուչմայի) օրոք նրա վարչապետության պատմությունը չի հաստատում ՙռուսամետության՚ վարկածը: Հայտնի է, որ խորհրդարանական նախընտրական քարոզարշավում, որի արդյունքներով Յանուկովիչը դարձավ վարչապետ, նա բազմաթիվ խոստումներ է տվել արևելյան շրջաններին և չի կատարել դրանցից ոչ մեկը: Մասնավորապես, խոստացել էր ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալ, վերջ դնել ռուսատյացությանն ու պատմության կեղծումներին և այլն, և այլն: Հավանաբար, այս պատճառով էլ ձայների զգալի քանակություն կորցրեց արտահերթ խորհրդարանական ընտրություններում և վարչապետությունը զիջեց Յուլյա Տիմոշենկոյին, որի կառավարումը համընկավ գլոբալ ճգնաժամի հետ և փաստորեն հեղինակազրկեց նրան` խոչընդոտ դառնալով դեպի նախագահական աթոռ տանող ճանապարհին:

 Սակայն Ռեգիոնների կուսակցությունը պահպանեց դիրքերը երկրում, քանի որ չկար մեկը, որի վրա կհենվեր ռուս և ռուսալեզու բնակչությունը: Նրանց միակ քաղաքական հենարանը կոմունիստներն էին, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ երեկվա օր, քանի որ զրկված են ամեն տեսակ ֆինանսական և վարչական ռեսուրսներից և, հետևաբար, կուսակցության արդյունավետ գործունեության նորմալ պայմաններից: Փաստորեն, Վիկտոր Յանուկովիչն անայլընտրանքային թեկնածու էր Ուկրաինայի արևելքի համար, որի ձայներով էլ, չնայած քաղաքականության մեջ միանգամայն այլ շահերի հետամտելով, նա դարձավ Ուկրաի- նայի նախագահ:      

 

ՅԱՆՈՒԿՈՎԻՉԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱԳԱՅՈՒՄ

 

 Վիկտոր Յանուկովիչը մանևրելու մեծ տարածք չունի: Կամ շարունակելու է իր երեք նախորդների քաղաքական գիծը (այսինքն` պահպանելու է արևմտամետ կողմնորոշումը` ՆԱՏՕ, ԵՄ նպատակակետով, այլ կերպ ասած` չի փոխելու դեպի արևմտյան քաղաքակրթական միջավայր տանող քաղաքական գիծը), կամ շրջվելու է դեպի Արևելք և բացահայտ հայտարարելու է, որ Արևմուտքի հետ նույն ուղղությամբ չի գնա, որ նրա աշխարհաքաղաքական ընտրությունը ռուսական ծիրն է, նրա քաղաքակրթական պատկանելությունը` արևելյան քրիստոնեությունը: Բնականաբար, Յանուկովիչին ավելի մոտ է երկրորդը` հաշվի առնելով նրա ծագումը, բայց կգնա՞արդյոք դրան: Եվ շանսեր կա՞ն արդյոք:  

   Մեկ ամսից մի փոքր ավելի է անցել Յանուկովիչի` պաշտոնն ստանձնելու օրվանից, բայց նրա առաջին քայլերը շատ բանով հատկանշական են և մեկնաբանությունների կարիք չունեն: Ընդամենը մի քանի փաստ նշենք. հրաժարում մաքսային միություն մտնելուց, հրաժարում ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալուց, աղոտ հայտարարություններ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին և այլն: Կարծում եմ` այս քայլերից ոչ մեկը թույլ չի տա Վիկտոր Յանուկովիչին դասել ռուսամետ քաղաքական գործիչների շարքին: Ակնհայտ է, որ Յանուկովիչը ոչ այլ ոք է, քան իր նախորդների քաղաքական գծի շարունակողը:

 Յանուկովիչը ուկրաինամետ քաղաքական գործիչ է: Նման կարծիքի հաճախ կարելի է հանդիպել: Այն, ըստ էության, ճիշտ է, եթե հնարավոր լինի կողմնորոշվել ՙուկրաինամետ՚ հասկացության հարցում: Ի՞նչ է այսօր Ուկրաինան:

  Ուկրաինան այսօր  կայսրության անկման արդյունքում կազմավորված ճգնաժամային պետություն է, բնակեցված տարբեր (ավելի ճիշտ` հակամարտող) աշխարհաքաղաքական և քաղաքակրթական ծիրերի հակված բնակչությամբ: Հետևաբար, Ուկրաինայի նախագահը, անկախ կուսակցական, էթնիկ և դավանական պատկանելությունից, պետք է խուսանավի երկրի արևմուտքի և արևելքի միջև, իսկ խուսանավումը, ինչպես ցույց է տալիս փորձը, տեղի է ունենում հօգուտ արևմուտքի և ի վնաս արևելքի բուն շահերի, որովհետև արևմտյան շրջանների բնակչությունը, նախ, քաղաքականապես ավելի ակտիվ է, քանի որ վարակված է նացիոնալիզմով և ռուսատյացությամբ, ինչը, բնականաբար, չի կարող չանդրադառնալ քաղաքական կամքի որակի վրա և չուժեղացնել այն: Երկրորդ` Ուկրաինայի արևմտյան շրջանները և դրանց գլոբալ ընտրությունը գտնվում են արևմտյան հանրության հովանավորության ներքո` այստեղից բխող բոլոր հետևանքներով և հանգամանքներով: Եվ որոշ հետխորհրդային պետությունների արտաքին քաղաքականության փաստացի միավեկտորությունը հաշվի առնելով` կարելի է ասել, որ վերոնշյալ երկու գործոնները լրիվ բավական են, որպեսզի կապեն անգամ ամենաառողջ մտադրություններ ունեցող ուկրաինացի ցանկացած ղեկավարի ձեռքն ու ոտքը:

  Այսպիսով, Ուկրաինայում փոփոխություններն անհնար են, Ուկրաինան դատապարտված է զարգանալ երկրի «պառակտման» (ըստ Հանթինգտոնի) պատճառով ծագած հավերժ ժգնաժամի պայմաններում, մինչև այն պահը, երբ ներկա իրականության պահպանումը կդառնա սկզբունքորեն անհնար: Այդ պահը վրա կհասնի այն ժամանակ, երբ Ուկրաինայում իրականություն կդառնա վերջնական ինքնորոշումը:

 

Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ԵՎ ԻՆՉՈ±՞Վ ԿԱՎԱՐՏՎԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄԸ

  Կարծում եմ` Ուկրաինայի ինքնորոշումը նրա փլուզումն է (ի դեպ, խաղաղ ճանապարհով այդ պետությունը չի փլուզվի. ռազմական գործողություններն անխուսափելի են), իսկ փլուզումը տեղի կունենա հետևյալ հանգամանքների պարագայում.

1) Ուկրաինայի ղեկավարը քաղաքական էլիտայի հետ համատեղ արմատական հեղաշրջում կկատարի երկրի քաղաքականության մեջ և այն կշրջի դեպի Արևելք. արևմտյան շրջանները չեն ընդունի այս ընտրությունը (սա է նրանց տարբերությունը

արևելյան շրջաններից, որոնց արդեն 20 տարի պարտադրվում է իրենց համար խորթ արևմտյան կողմնորոշում, որը նրանք առայժմ հանդուրժում են) և հակամարտություն կհրահրեն, որի վերջը կլինի պետության փլուզումը:

2) Ուկրաինայի ղեկավարությունը, Արև-մուտքի աջակցությամբ, սաստկացված ձևով երկիրը քարշ կտա ՆԱՏՕ (այստեղից բխող բոլոր հետևանքներով, ասենք` երկրի տարածքում ռազմակայանների տեղակայում, ռուս բնակչության խտրականություն և այլն), ինչի հետևանքը կլինի հակամարտության հրահրումն արևելքի կողմից, որում ներքաշված  կլինի նաև Ռուսաստանը: 

 Այսօր նշված տարբերակներից յուրաքանչյուրը քիչ հավանական է. չի բավականացնի, նախ` Ուկրաինայի ներկայիս ղեկավարության քաղաքական կամքը, երկրորդ` դրանով ներկա պահին շահագրգռված չէ արտաքին և ոչ մի կողմ:   

 Սակայն գործերն այսպիսին են այսօր, իսկ վաղն իրավիճակը կարող է արմատապես փոխվել: Ուկրաինայի ինքնորոշման և անդորրի, ասել է թե` երկրի բաժանման հասնելու համար շատ քիչ բան է պակասում. ռուսական նացիոնալիզմի վերածնունդը: Հենց որ իսկական ռուսական ինքնագիտակցությունն ինքն իրեն դրսևորի, այդ ժամանակ անմիջապես Պոլտավայի և Սևաստոպոլի պահանջ կներկայացնի: Մնացյալն արդեն «տեխնիկայի» հարց է. երկարատև հակամարտությունը կավարտվի նոր պետությունների կազմավորմամբ, որոնք կհամակերպվեն օբյեկտիվ իրականությանը և ստիպված կանցնեն խաղաղ գոյակցության (թեև հակառակ աշխարհաքաղաքական և քաղաքակրթական ծիրերում):

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՏԵՍԱՆԵԼԻ ԱՊԱԳԱՆ. ՆԵՐԿԱ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 Սակայն այսօր ռուսական նացիոնալիզմի վերածննդի ոչ մի նշան չի նկատվում: Ռուսական քաղաքական էլիտան, ըստ էության, հավատարիմ է ելցինյան կոսմոպոլիտ ավանդույթներին և խնամքով պահպանում է «россиянство» և «россиянин»  նոր հասկացությունները` որպես պետականակերտ «русский» ժողովրդի ինքնանվանման փոխարինիչներ (90-ականների արշալույսին Ելցինի շրջապատից որոշ կասկածելի անհատների «русский» տերմինը «լիբերալ» պոլիտկոռեկտության սահմաններից դուրս թվաց, ինչի արդյունքում ի հայտ եկավ նոր` «россиянин» հասկացությունը, և Ռուսաստանի բոլոր բնակիչները` ուղղափառ ռուսները, մահմեդականները, հրեաները և այլք, սկսեցին անվանվել «россиянин»): Հետևաբար, Ուկրաինան դեռ երկար կսպասի վերջնական ինքնորոշման: Իսկ մինչև այդ պահը երկիրը կգտնվի անորոշ ճգնաժամային դրության մեջ, կշարունակի գոյությունը հասարակության պառակտման և քաղաքացիական համաձայնության բացակայության պայմաններում: Ուկրաինայի ժողովրդին դեռ երկար քարշ կտան արտահերթ ընտրությունների, որոնցից յուրաքանչյուրը մեկ քայլ առաջ կլինի պետականության և պետության` որպես տարածք և ներքին ու արտաքին գործերում ինքնիշխանություն ունեցող համընդհանուր քաղաքական կազմակերպության, թուլացման պերմանենտ գործընթացում: 

 

ՎԵՐՋԱԲԱՆ

Հեգելը Կեսարի ամենամեծ պատմական ձեռքբերումը համարում էր Գալիայի նվաճումը: Նշենք. ոչ թե հանրապետության վերացումը և պրինցիպատի հաստատումը կամ աշխարհի կեսի հպատակեցումը, այլ հենց Գալիայի նվաճումը: Քանի որ դա համաշխարհային պատմական իրադարձություն էր այն իմաստով, որ հող էր նախապատրաստում նոր քաղաքակրթության սաղմնավորման համար, որն աշխարհին տիրում է առայսօր: Գերմանները Հռոմի սուվերենիտետի ներքո յուրացրին այն ամեն արժեքավորն ու անհրաժեշտը, ինչը հարյուրամյակներ անց թույլ տվեց նրանց կործանել մեծ կայսրությունը և գծել նոր Եվրոպայի կերպարը: Հռոմից քաղաքակրթական և համաշխարհային տիրակալության առաջնորդությունը փոխանցվեց գերմաններին, և աշխարհն այսօր չէր լինի այսպիսին, եթե Կեսարը ժամանակին իր հետաքրքրությունների կենտրոն ընտրեր ոչ թե Գալիան, այլ, ասենք, Աֆրիկան կամ մեկ այլ տեղ:

 Ակամա նմանություն ես ուզում անցկացնել Ռուսաստանի հետ: Տեսակետ կա, թե Ռուսական կայսրության և ԽՍՀՄ գլոբալ համաշխարհային պատմական առաքելությունն այն միջավայրի ստեղծումն էր, որում կկազմավորվեին, ծնունդ կառնեին և կվերածնվեին շատ ազգեր և ազգություններ, որոնք հետագայում կկազմավորեին իրենց ազգային պետությունները և ինքնուրույն կդրսևորվեին համաշխարհային ասպարեզում: Կարելի է քննադատաբար վերաբերվել այս վարկածին, սակայն փաստ է այն, որ հենց սա էլ տեսնում ենք ներկա պահին օբյեկտիվ իրականության մեջ: Քանի որ դժվար է ասել` այսօր գոյություն կունենայի±ն արդյոք աշխարհի քաղաքական քարտեզին Բելառուսը կամ Մոլդովան, Ադրբեջանը կամ Ղազախստանը և էլի շատերը, եթե Ստալինը ժամանակին նրանց չտար ազգային-պետական կազմավորումների կարգավիճակ, ինչն էլ հիմք ծառայեց նրանց ազգային կազմավորման համար. անշուշտ, անվիճելի է, որ միայն էթնիկ բաղադրիչով ազգ չեն դառնում, անհրաժեշտ են նաև, եթե ոչ լիարժեք պետականություն, ապա գոնե էթնիկ վարչարարություն և մշակութային ինքնավարություն, որոնց դեպքում նախադրյալներ են ստեղծվում, որպեսզի էթնիկ խումբը վերաճի ազգության և ազգի, որը հետագայում ի վիճակի կլինի ազգային պետություն կազմավորել:

 Մոսկովյան թագավորությունը վերաճեց Ռուսական կայսրության, սա, իր հերթին` Խորհրդային Միության: Ըստ էության, այս բոլոր պետական կազմավորումները միևնույն բանն են այն իմատով, որ բոլորն էլ, Բերդյաևի կարծիքով, ՙռուսական մեծապետականության՚  դրսևորումներ էին: ԽՍՀՄ-ից ՙծնվեցին՚ ինք-նիշխան պետություններ, որոնք փոխեցին ինչպես աշխարհակարգը և ուժերի հավասարակշռությունը երկրագնդի վրա, այնպես էլ գլոբալ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական իրականությունը: Ինչպե±ս կդրսևորվեն դրանք հետագայում` կկայանա±ն արդյոք որպես պետություններ, դրանցից մի քանիսի զարգացումը կվերաճի± արդյոք փլուզման նոր փուլի` դրանից բխող բոլոր հետևանքներով, կզրկվե±ն մի քանիսը պետական ինքնիշխանությունից, ապագան ցույց կտա: Համենայնդեպս, հետխորհրդային պետություններից մեկի` Ուկրաինայի վերջնական կայացումն իրական չէ նրա ներկայիս սահմաններում, և դրա համար կպահանջվի, որ երկիրը բաժանվի: Կամ էլ վերջնական կայացումն ընդհանրապես տեղի չի ունենա, և Ուկրաինան այդպես էլ կմնա հավերժ անորոշ ճգնաժամի մեջ:          

 

 

 

 

 

Share    



Գնահատում

Ինչպես ` եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am