Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Պետություն և իրավունք

Պետություն և իրավունք
Մարտ 2010, N 2

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Մայրամ Մարգարյան, քաղաքականգիտությունների դոկտոր, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քախաքական կառավարման եվ քաղաքական վերլուծության ամբիոնի վարիչ

 

Տեղեկատվական դարաշրջանն արմատապես փոխել է առկա մարտահրավերներին պատասխանելու հնարավորությունների մասին արդիականացող հասարակությունների պատկերացումները: Գտնվելով տեղեկացվածության տարբեր մակարդակներում` հասարակությունները փորձում են կերպափոխել իրենց գիտելիքները և քաղաքացիական ինստիտուտները` լեգիտիմացնելով իշխանական հարաբերությունները: Վերջիններն իրենց զարգացման ռազմավարական կանխատեսելիության այլընտրանքային ուղիների մշակմամբ` գիտակցելով տեղեկատվա-հաղորդակցական մեխանիզմների գերակայությունը քաղաքակրթական փոխակերպումների համատեքստում, բախվել են սոցիալական նոր կապերի այլընտրանքային զարգացումների և հեռանկարների լեգիտիմացմանը: Առնոլդ Թոյնբիի այն թեզը, թե քաղաքակրթությունների հաջող գործառնությունը ենթադրում է համարժեք պատասխաններ մարտահրավերներին, այսօր առավել քան արդիական է1: Համեմատելով պատմական տարբեր ժամանակներում տեղի ունեցող քաղաքակրթական փոխակերպումները` ակնհայտ է, որ այդ գործընթացի արդյունավետությունը պայմանավորված է մի կողմից քաղաքական լեգիտիմության հաստատմամբ, մյուս կողմից` ավանդական, արդիական և հետարդիական հասարակություններում սոցիալական արժեքների փոխազդեցությունների մեխանիզմներով: Այս դեպքում քաղաքակրթական փոխակերպումների համատեքստում անհրաժեշտություն է առաջացել լեգիտիմության հիմնախնդիրը դիտարկել որպես հորիզոնական և ուղղահայաց մակարդակներում դրսևորվող քաղաքական դերակատարների համագործակցություն` հիմնված հավատի, կամքի և աջակցության վրա: Որպես սոցիալ-հոգեբանական երևույթ լեգիտիմությունն արդիականացող հասարակություններում հնարավորություն է տալիս դիտարկել քաղաքակրթական փոխակերպումները, որոնք, բացահայտելով ժողովրդավարական քաղաքական մշակույթի և բանավեճի, բանակցության ինստիտուտների ձևավորման շուրջ ծավալված  այլընտրանքները, ենթադրում են ներքին հավասարակշռություն, բարեհաճություն (conviviality), որոնք էլ հին իրողությունը  և գիտելիքները կրողներին հնարավորություն են տալիս ինքնակամ ընդունել նորը: Այս ամենը, լեգիտիմացնելով նոր գիտելիքները և վերարժևորելով նրա սկզբնական ձևերի մեկնաբանումը, բացահայտում է ավանդական, արդիական և հետարդիական հասարակություններում քաղաքակրթական փոխակերպումների  առանձնահատկությունները:

Այս իմաստով լեգիտիմության հիմնախնդիրն արդիական է հայ հասարակությունում, որը քաղաքակրթական փոխակերպումների համատեքստում  մարտահրավերներին նպատակամետ պատասխանելու ակնկալիքով խնդիր ունի նոր գիտելիքներով հարստացնել հանրային և քաղաքական կառավարման գործընթացը` բարձրացնելով իշխանության իրականացման մշակույթի լեգիտիմությունը: Լեգիտիմացումը որպես գործընթաց ընդունելը հայ հասարակությանը հնարավորություն կտա նորմավորել իշխանական հարաբերությունները և´ սահմանադրաիրավական, և´ բարոյահոգեբանական կարգի մեջ: Քաղաքական զարգացման տարբեր փուլերում (սեփականաշնորհում, ազատականացում, մասնակցություն) հայ հասարակությունում քաղաքական լեգիտիմության հիմնախնդիրը քննարկման առարկա է դարձել ինչպես ՀՀ նախագահական (1996, 1998, 2003, 2008), այնպես էլ խորհրդարանական (1995, 1999, 2003, 2007) ընտրություններով պայմանավորված: Հայկական քաղաքական բանավեճը ստեղծված տեղեկատվական աններդաշնակության պայմաններում ՙնոր ժողովրդավարներին՚ հնարավորություն է տալիս կամայականորեն օգտագործել սոցիալական կապերի այլընտրանքային զարգացման հեռանկարները` կասկածի տակ դնելով նոր գիտելիքների լեգիտիմությունը ինչպես քաղաքական զարգացման ճգնաժամերի հաղթահարման, այնպես էլ քաղաքակրթական փոխակերպումների համատեքստում:  

ՀՀ-ում 1990-ական թվականներից իրականացվող առաջին սերնդի բարեփոխումների արդյունքում ծագած քաղաքական զարգացման առաջին ճգնաժամը բաշխման ճգնաժամն էր: Անցումը շուկայական հարաբերություններին ՀՀ կերպափոխման առաջին (1990-1996թթ.) փուլից հետո արդեն ուղեկցվեց սոցիալական որոշ խմբերին քաղաքական, տնտեսական և այլ արտոնությունների տրամադրումով, հասարակության վտանգավոր բևեռացումով: Արդյունքում` քաղաքական դերակատարների համար հասարակության գրեթե բոլոր ոլորտներում սահմանափակվեց մասնակցությունըª նրանց մղելով մասնակցության ճգնաժամի, կամ մարգինալ-պոպուլիստական մասնակցության: Սոցիալական-քաղաքական-տնտեսական խմբերից հաճախակի դեգերումները, օտարվածությունը, սահմանայնությունը, սոցիալական շարժունակության անկումն առաջ բերեցին շարժունակության ճգնաժամ: Այդ վիճակում գտնվող ՀՀ քաղաքացիների համար ՙնոր ժողովրդավարների՚ առաջին սերնդի կողմից ներդրվող ազատական ժողովրդավարական արժեքները կորցրին գրավչությունը, ինչը հանգեցրեց հակասոցիալական վարքագծի աճի` փախուստ ազատությունից և իշխանությունից, փախուստ սեփական իրավունքներից և պարտականությունից: Հաստատված վարքի նոր ձևաչափերի, արժեքների նկատմամբ ձևավորված անվստահությունը հարուցեց նույնականացման ճգնաժամ: Այս գործոնի ազդեցության տակ ՀՀ քաղաքացիները կորցրին հավատն ու վստահությունն իշխանության նկատմամբ, իսկ քաղաքական վարչակարգն ընկղմվեց լեգիտիմության ճգնաժամի մեջ: Հարկ է նշել, որ այս ճգնաժամերը ոչ միայն պայմանավորեցին մեկը մյուսին, այլ նաև ընթացան և ընթանում են գրեթե միաժամանակ: Սոցիալական բևեռվածությունը, աղքատությունը, կոռուպցիան, իշխանության իրականացման ցածր մշակույթը նպաստավոր միջավայր են ստեղծում մասսայական մարգինալացման ոչ միայն առաջացման, այլև տրոհված և աններդաշնակ խմբիշխանական շահերի արտահայտման համար, որոնք էլ պարբերաբար ստեղծում են լեգիտիմության հիմնախնդիր:

 

1. ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԱՅԻՆ ԲԱԶՄԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՓՈԽՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

 Լեգիտիմությունը համապատասխանում է իրավունքի և արդարության մասին մարդկանց գաղափարներին, դրանց հիմքում ընկած արժեքներին ու նորմերին, ինչպես նաև ընտրազանգվածի - էլիտայի - լիդերության ինստիտուտների միջև առկա այն փոխհարաբերություններին, որոնց վրա ձևավորվում է քաղաքական իշխանությունը: Իսկ վերջինը լեգիտիմ է, եթե ա) ժողովրդից է բխում և իրագործվում է մեծամասնության կամքին համապատասխան. այսինքն` պետական իշխանություն ունեցողն ուղղակի կամ էլ անուղղակի ընտրված է ժողովրդի կողմից որոշակի ժամանակով և նրա կողմից էլ կարող է վերահսկվել, բ) պետական իշխանությունն իրականացվում է սահմանադրական սկզբունքներին համապատասխան: Իշխանության լեգիտիմության էության մեջ որոշիչը գերիշխանության արժեքաշահային համակարգի քաղաքական բովանդակությունն է, որը պետական իշխանության իրականացման մակարդակով արտացոլում է տարբեր տիպերի ընտրանիների վերաբերմունքն ինչպես մեկը մյուսի, այնպես էլ ընտրազանգվածի նկատմամբ:

Ժամանակին Մաքս Վեբերը2, ելնելով քաղաքակրթական տարաբնույթ փոխակերպումներից, որոնց ժամանակ տեղի է ունեցել գերիշխանության սահմանակարգում, եզրակացրել է, որ լեգիտիմության (legitimacy) հաստատման համար որոշիչը հասարակության տնտեսական կյանքի, սոցիալական տարբեր խմբերի և կրոնական գիտակցության միջև առկա կապերի բացահայտումն ու վերլուծությունն է:

  Համաձայն Վեբերի, քաղաքական լեգիտիմության կառուցվածքում գերակա նշանակություն ունի կառավարողների հեղինակությունը և միաժամանակ նրանց նկատմամբ վստահությունը (credulitas, trust, fides): Այս նկատառումներով նա գտնում է, որ արդիականացման (ազգային պետության առաջացում, արդյունաբերականացում, կողմնորոշում դեպի նորարարությունը, գիտությունը, ժողովրդավարացումը) արդյունքում առաջացած սոցիալական փոփոխությունները ռացիոնալացրին իշխանության լեգիտիմացման մեխանիզմները` ամրապնդելով այն խարիզմով և ավանդույթով. «...Հավերժ արժեքի` բարքերի, ինչպես նաև անհատական հեղինակություն, առաջնորդին լիարժեք անհատական նվիրվածություն և վստահություն` նրա որակով, տեսակով` խարիզմով պայմանավորված: Եվ վերջապես` ռացիոնալ կերպով ընդունված օրենքներով` պայմանավորված գերիշխանությամբ, հիմնված բանիմացության, հավատի և հեղինակության վրա»3: Այս ելակետային մոտեցումը Վեբերին հնարավորություն է տվել ենթարկման հակվածությունը դիտարկել որպես որոշակի կամքի և հավատի արդյունք, որը մի կողմից` որոշակիացված շահերի և սովորույթների, մյուս կողմից` գերզգայականության, օտարվածության, հուսահատության հետևանք է: Որպես այդպիսին, այն կուռ կառուցակարգ է, որի գործունեությունը պայմանավորված չէ առանձին անձանց (նկատի ունենք ինչպես լիդերներին, այնպես էլ ընտրազանգվածն ու էլիտան) վարքաբանությամբ:

Հանրագումարելով ավանդականից և արդիականից դեպի հետարդիականացում հասարակությունների անցման փորձը` ակնհայտ է, որ այդ հարահոս կերպափոխությունների համակարգում, այնուհանդերձ, լեգիտիմության հիմնախնդիրը մնում է գերակա, քանի որ կառավարվելու հակված մարդիկ իշխանության իրականացման լեգիտիմ իրավունքը որպես վարկ տալիս են նրանց, ովքեր ցանկանում են կառավարել: Այս ամենը նրանց փոխկախվածության մեջ է գցում`fides-auctoritas, քանի որ առաջինը, վստահելով երկրորդին, վերջինին օժտում է վստահության մեծ պաշարով: Ուստի, քաղաքակրթական փոխակերպումների գործընթացում լեգիտիմացման ապահովման համար անհրաժեշտ է կարևորել փոխադարձ ինքնորոշված քաղաքական տարածությունների իսկությունը և նրանում փոփոխություններ կատարելու բանավեճային գիտելիքների կարողությունը ¥մանավանդ ժամանակակից ցանցակենտրոն համակարգում¤, երբ քաղաքակրթական փոխակերպումներին ակտիվ մասնակցելը դարձել է քաղաքական զարգացման գործընթացի յուրաքանչյուր դերակատարի գերակա ռեսուրս:

  Այս առումով ուշագրավ են քաղաքակրթական փոխակերպումներն  ուսումնասիրող անգլոսաքսական (Դ.Իստոն, Մ.Լիփսեթ, 1922-2005) դպրոցի ներկայացուցիչները, համաձայն որոնց` քաղաքական համակարգում լեգիտիմության հաստատումն արդյունք է ոչ այնքան խարիզմատիկ լիդերների գործունեության, որքան զանգվածների վստահության և աջակցության: Լեգիտիմությունը համատեղ դիտարկելով արդարության և ճշմարտության (իսկության) հետ` Դ.Իստոնն այն կարծիքին է, որ անհատն ընդունում է լեգիտիմությունն իր գիտելիքների մրցունակությանը համապատասխան, իսկ արդարության և ճշմարտության նրա պատկերացումները կերպափոխվում են քաղաքական դաշտում առկա արդարության և ճշմարտության հետ` համաձայն իշխանական հարաբերություններում տեղ գրավելու նրա ձգտումներին: Քաղաքակրթական փոխակերպումների համատեքստում իրականացնելով քաղաքական իշխանության համակարգային վերլուծություն` Դ.Իստոնը ստեղծեց լեգիտիմության նոր և առավել գործառնական հայեցակարգ, համաձայն որի` քաղաքական համակարգի աջակցությունը կարող է տարբեր լինել ինչպես ըստ օբյեկտի բովանդակության, այնպես էլ ըստ գործունեության ժամանակի և իշխանության իրականացման մշակույթի: Պայմանավորված ժամանակի բովանդակությամբ` Դ.Իստոնն առաջարկեց տարբերակել աջակցության երկու տիպ` անորոշ և հատուկ4: Առաջինի պայմաններում քաղաքական կարգը, անկախ քաղաքակրթական իր փոխակերպումների արդյունքներից, ընդհանուր աջակցություն է ստանում` հիմնված հավատի և վստահության վրա: Երկրորդի պայմաններում իշխանությունը լեգիտիմ է համարվում այնքան ժամանակ, քանի դեռ նրա գործողություններն արդյունավետ են, ինչի արդյունքում նրա նկատմամբ ցուցաբերվում է գործիքային, կարճաժամկետ և գիտակցված աջակցություն: Փաստորեն, քաղաքական էլիտայի իրականացրած իշխանության նկատմամբ երկարաժամկետ և կարճաժամկետ աջակցությունը համակարգը կարող է զերծ պահել անկայունությունից (ճգնաժամից, քաոսից, բունտից, ահաբեկչությունից), եթե նրա կառուցվածքային առանձին տարրերը (կուսակցություն, քաղաքական լիդեր, էլիտա), համախմբելով իրենց ուժերը, կարողանան կերպափոխվել և կանխել լեգիտիմության` արդեն սկսած քայքայումը: Այս նկատառումներով Դ.Իստոնը տարբերակում է լեգիտիմության երեք աղբյուր` գաղափարախոսություն, կառուցվածք և անձնական հատկություններ:

Ակնհայտ է, որ Դ.Իստոնի համար իշխանությունը լեգիտիմ է, եթե ոչ միայն ռացիոնալ է, ինչպես կարծում է Մ.Վեբերը, այլև արդյունք է ինչպես քաղաքացու գիտելիքների մրցունակության, այնպես էլ իշխանական հարաբերություններին մասնակցելու նրա ձգտումների և բարոյական սկզբունքների: Լեգիտիմության նման ընկալումը կարևորում է քաղաքացիների ակտիվ դերը և պատասխանատվությունը լեգիտիմացման գործընթացում` նրանց վերապահելով իշխանությունների գործունեությունը լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ ճանաչելու վերջնական որոշման ընդունումը: Նման մոտեցումը Ս.Լիփսեթին հնարավորություն տվեց եզրակացնելու, որ լեգիտիմության հիմնախնդրի բովանդակությունը, տարաբնույթ հեղափոխություններով և ժողովրդավարացման գործընթացով պայմանավորված, դարձել է ծայրահեղ բազմիմաստ: «Քաղաքական մարդը» աշխատությունում Ս.Լիփսեթը պնդում է, որ  արևմտյան հասարակությունները քաղաքական լեգիտիմության հաստատման նկատառումներով ստիպված են եղել գործ ունենալ երեք դժվար և ապակայունացնող խնդրի հետ.

1) եկեղեցու կամ տարբեր կրոնների դերը պետության մեջ,

2) աշխատավոր դասի տնտեսական և քաղաքական լիակատար իրավունքների ճանաչումը,

3) ազգային եկամտի բաշխման համար շարունակվող պայքարը5:

Այդ պատճառով լեգիտիմությունը քաղաքական զարգացման համար անհրաժեշտ որոշակիացված մակարդակ է, որտեղ քաղաքական համակարգի դերակատարներն այն ընդունում են որպես իրենց աջակցությանն արժանի փաստ: Փաստորեն, Դ.Իստոնը և Ս.Լիփսեթը քաղաքակրթական փոխակերպումների համատեքստում լեգիտիմության հիմնախնդիրը համակարգային վերլուծության են ենթարկում ժողովրդավարական  քաղաքական համակարգ հաստատելու նկատառումներով: Ելակետ ընդունելով հայեցակարգային այս մոտեցումը` մեր կարծիքով, քաղաքակրթական փոխակերպումներին զուգահեռ առավել արդյունավետ է պատմականորեն ձևավորված «ազգային գաղափարի» բնականոն արդիականացմամբ պայմանավորված լեգիտիմությունը, որը հակված է քաղաքակրթական երկխոսության օգնությամբ իշխանության իրականացման մշակույթի ժողովրդավարացմանը: Այս գործընթացում որոշիչը քաղաքակրթական փոխակերպումների համատեքստում արժեքաշահային համակարգի երկակի կարգավիճակն է. մի դեպքում հաստատվում է գաղափարի իշխանություն, մյուս դեպքում` իշխանության (հատկապես գերիշխանության) գաղափար: Երկու դեպքում էլ լեգիտիմացվող իշխանությունը ենթարկվում է որոշակի կաղապարման: Գաղափարի իշխանությունը կարգախոսային որոշակի բովանդակությամբ ճնշում և բևեռացնում է հասարակության տարբեր ենթաշերտեր` շահարկելով նրանց քաղաքակրթական կողմնորոշումները: Իշխանության գաղափարի կարգախոսային շահարկումը հասարակությանը հնարավորություն չի տալիս քաղաքակրթական փոխակերպումների ընթացքում առաջացած մարտահրավերներին նպատակամետ պատասխանել այլընտրանքային տարբերակներով: Արդյունքում` հաստատված իշխանությունը դառնում է ինքնանպատակ, իսկ իշխանություն իրականացնողները` «ինքնիշխաններ»: Ստեղծվում է օտարված վիճակ իշխանության գաղափարն իրականացնող, կառավարող էլիտայի և նույն այդ գաղափարի դրոշի ներքո կառավարվող ընտրազանգվածի միջև, որն առավել սուր բնույթ է ընդունում «միջին խավի» բացակայության պայմաններում:

Ինքնիշխանությունը, իր իսկ ծնած օտարվածությունը զանգվածների ենթագիտակցություն ուղղելով, բախումներից խուսափելու համար մի կողմից շահարկում է լեգիտիմության գաղափարը, մյուս կողմից` պատմական հիշողությունը, որոնց ընթացքում փոխվում են հեղինակության մասին ավանդականորեն ձևավորված գիտելիքները: Վերջինի փոփոխությունը հանգեցնում է հասարակությունում «նոր հերոսների» ստեղծման մեխանիզմների, որոնց օգնությամբ հասարակությունը հնարավորություն է ստանում նոր գիտելիքներ կուտակել «ո±վ պետք է կառավարի» և «ո±վ պետք է որոշում ընդունի» պատմականորեն ձևավորված հարցերի վերաբերյալ:  Այս իմաստով ուշագրավ են գաղափարի իշխանության շահարկման նրբերանգները: Ավանդական, արդիական և հետարդիական հասարակություններում տեղի ունեցող քաղաքակրթական փոխակերպումների փորձն ապացուցում է, որ այս կառուցակարգը դրսևորման երկու ձև ունի` դասակարգային և ազգային: Եթե ԽՍՀՄ-ում գերիշխանություն էր իրականացվում կառավարման վարչահրամայական մեթոդով, որի կրողը պարտոկրատ էլիտան էր, ապա ժողովրդավարացման գործընթացում գտնվող երկրներում կարևորվում է ազգային ինքնիշխանության և անվտանգության գաղափարը: Լեգիտիմության այս տեսակն այսօր հատուկ է ժողովրդավարացման գործընթացում գտնվող բոլոր պետություններին, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությանը:

Հանրագումարենք. քաղաքական լեգիտիմության հիմնախնդիրն անհրաժեշտ ենք համարում դիտարկել «իշխանության գաղափար» և «գաղափարի իշխանություն» հասկացությունների էության քննարկմամբ: Նման մոտեցման օգնությամբ հնարավորություն ենք ստանում «ժողովրդավարացնել» իշխանության իրականացման մշակույթի վերաբերյալ կուտակված գիտելիքները` լեգիտիմության կապը պայմանավորելով «ազգային գաղափարի» լեզվամտածողության, իմացաբանական, ճանաչողական, արխիվային, բանակցային, տեղեկատվա-հաղորդակցական մեխանիզմների   արդիականացման հետ:

 

 

2. ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ

ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ` 

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ

ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ

 

Անկախացումից (1991թ. սեպտեմբերի 21) հետո ՀՀ-ում ծավալված հասարակական-քաղաքական կերպափոխումները հիմք են դառնում իշխանության «նոր» և «հին» մշակութային մոդելների իրականացման գործընթացում ինչպես «նոր ժողովրդավար» լիդերների, այնպես էլ կառավարող էլիտայի և ընտրազանգվածի միջև ծավալված երկխոսության լեգիտիմության տեղեկացվածության աստիճանի որոշման համար: Ժամանակակից գիտության տիրույթներում լեգիտիմության հիմնախնդրի դիտարկումն ունի երկու բաղադրիչ. առաջին հերթին հարկավոր է պատասխանել «Ինչպե՞ս ապացուցել ապացուցելին կամ ո՞վ է որոշում իսկության պայմանները» հարցերին, որից հետո որոշել փորձագետների գործունեության փոխպայմանավորվածության օրինականությունը: Այս առումով քաղաքականության դերակատարներն, ուղղակի և անուղղակի ներթափանցելով ՀՀ պետական կառավարում, լեգիտիմության հիմնախնդրին հաղորդեցին իրավիճակային բնույթ: Ուղղակի ներթափանցում տեղի է ունենում այն դեպքերում, երբ քաղաքական տվյալ դերակատարն ինստիտուցիոնալ կամ ոչ ինստիտուցիոնալ ճանապարհներով ստանում է կառավարելու իրավունք, մասնակցում քաղաքական ղեկավարմանը, ձևավորում բյուրոկրատական ապարատ, իսկ անուղղակի ներթափանցումª երբ նրա որդեգրած մշակութային մոդելն ազդում է կառավարման համակարգում նորացված գիտելիքների մրցունակության և ծավալված կերպափոխումների լեգիտիմության հիմնավորման վրա: Վերոբերյալի օգնությամբ էլ հենց տարբերակվում են զարգացած և զարգացող հասարակություններում լեգիտիմության հիմնախնդրի քաղաքակրթական կողմնորոշիչները: Զարգացած հասարակություններում սոցիալական երկխոսության և սերունդների համերաշխության սկզբունքների հիման վրա իրականացվող արդիականացումը նվազագույնի է հասցնում սոցիալական համակարգի մարգինալ զարգացման ձևաչափը: Մինչդեռ, զարգացող հասարակություններում մի կողմից` մերժելով պատմական անցած ժամանակում կուտակած գիտելիքները, մյուս կողմիցª ձեռնամուխ են լինում նոր գիտելիքների ներդրման գործընթացին` չսահմանադրելով նոր սոցիալ-քաղաքական համակեցության նորմերը: Վերջինն էլ սոցիալական տարածությունների առանձին հատվածային տիրույթներում տրոհելով հանրային կամքը` ծնում է իրավիճակով առաջացած «սոցիալական լողացող միավորներ»: Հանդես գալով որպես կառավարման նոր գիտելիքների կրողներ` նրանք սոցիալական գործունեություն են ծավալում ամենուր և իրենց մարգինալ-պոպուլիստական վարքաբանությամբ հեղափոխականացնում են ամբողջ հասարակական օրգանիզմը: Վերոբերյալը մեզ հնարավորություն է տալիս եզրակացնելու, որ եթե զարգացած հասարակություններում լեգիտիմացման գործընթացներն ուղեկցվում են հասարակության կողմից քաղաքական զարգացման ճգնաժամերի կառավարման պատմական փորձի հաշվառմամբ, ապա զարգացող հասարակություններում այդ գործընթացներն ունեն ոչ միայն տարերային, անկանխատեսելի ու անվերահսկելի, այլև շատ հաճախ փոխհամաձայնեցված խմբիշխանական խմբերի կողմից ուղղորդված բնույթ: Լինելով բազմաչափ երևույթ` իշխանության լեգիտիմության հիմնախնդիրը, պայմանավորված տվյալ հասարակության անցյալ-ներկա-ապագա եռաչափության ընկալումներով, ներառում է գիտելիքի պատմության և նրա ինստիտուցիոնալացման վերաբերյալ սահմանադրման տարաբնույթ դրսևորումներ: Դրանցից յուրաքանչյուրը հնարավորություն է տալիս հայ հասարակությունում տարբերակել քննարկվող հիմնախնդրի հետևյալ մակարդակները: Առաջին մակարդակում լեգիտիմության կրողները հին համակարգի ընդերքում ձևավորված նորի «մունետիկներն» են (տվյալ դեպքում նկատի ունենք խրուշչովյան «ձնհալի» արդյունքում ԽՍՀՄ-ում ստեղծված դիսիդենտության ինստիտուտը, որը միջազգային հանրության ուշադրությանն արժանացավ բրեժնևյան «լճացման» պայմաններում): Երկրորդ մակարդակում հնի և նորի պայքարի հետևանքով գորբաչովյան «պերեստրոյկայի» գործընթաց են ընդգրկվում հասարակական կյանքն անկայունացնող այնպիսի «սոցիալական լողացող միավորներ», որոնք սոցիո- և էթնոցնցումների միջոցով ակնկալում են հնի փլուզում: Իսկ երրորդի մակարդակում նորը դառնում է գերիշխող, նոր կառուցվածքները սկսում են գործել, իսկ «նոր ժողովրդավարների» առաջին սերունդը, ազատականացնելով սոցիալ-քաղաքական հարաբերությունները, անշրջելի է դարձնում այն` պայքարելով ոչ թե ժողովրդավարության համախմբման, այլ ինստիտուցիոնալ կարգի շրջանակներում խմբիշխանական շահերի պահպանման համար: Այս ընթացքում ձևավորվում են իշխանության լեգիտիմության համար պայքարող սոցիալական տարբեր խմբեր, որոնք, հիասթափվելով «նոր ժողովրդավարների» քաղաքականությունից, իրենց ոչ միայն չեն նույնացնում «կենտրոնի» հետ, այլև օտարվելով նրանից` կորցնում են նոր հաստատված արժեքների լեգիտիմացման մոտիվացիան: Ելակետ ընդունելով «Իմ հին արժեքներն իմ անվտանգ կեցության միակ երաշխիքն են» սկզբունքը` քաղաքակրթական փոխակերպումների խաչմերուկներում հայտնված սոցիալական խմբերը նոր իրավիճակին հարմարվելու նկատառումներով սկսում են մեխանիկորեն նմանակել իրենց համար քիչ թե շատ ընդունելի սոցիալական ու մշակութային նոր նորմերը: Նման երկվության պայմաններում, որպես «երկդեմ Յանուս», նրանք ինքնիրացման, ինքնահաստատման, ինքնադրսևորման նկատառումներվ արագորեն հարմարվելով կրթական նոր համակարգի պահանջներին` հարստացնում են դաշտից դաշտ տեղափոխվելու իրենց գործողությունների պատմությունը: Այս ամենն էլ հեղափոխականացնում է զարգացող հասարակությունների քաղաքակրթական փոխակերպումների գործընթացը, քանի որ վստահ են, որ կկարողանան իրենց գիտելիքներով, կապերով և քաղաքական իշխանությունը լեգիտիմացնելու իրենց դիցաբանությամբ` հանուն ժողովրդավարության համախմբման զբաղեցնել «նոր ժողովրդավարների» երկրորդ սերնդի դերակատարումը: Այսինքն` քաղաքակրթական փոխակերպումների գործընթացում ձևավորված նոր գիտելիքներ կրող մրցունակ մարդկանց խմբերը, ցանկանալով ժողովրդավարության համախմբման հաստատմամբ ինքնահաստատվել, ինքնիրացվել, ինքնավերարտադրվել, քննադատում են առաջին սերնդի բարեփոխումները` մշակելով ապագայի հանդեպ լավատեսությամբ հագեցված ազգային գաղափարների կառուցակարգեր:

Սահմանադրական ամրագրումների առումով ՀՀ-ում քաղաքակրթական փոխակերպումների համատեքստում լեգիտիմության հիմնախնդիրը հիմնվում է լիբերալ  այնպիսի գերակա արժեքի վրա, ինչպիսին բազմակուսակցությունն է. «Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում են գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցությունը: Կուսակցությունները կազմավորվում են ազատորեն, նպաստում ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը: Նրանց գործունեությունը չի կարող հակասել Սահմանադրությանը և օրենքներին, իսկ գործելակերպը ժողովրդավարության սկզբունքներին: Կուսակցություններն ապահովում են իրենց ֆինանսական գործունեության հրապարակայնությունը» (հոդ. 7): Իսկ ժողովրդի քաղաքական կամքի ձևավորումը և արտահայտումն իրականացվում են Սահմանադրության երկրորդ գլխում (Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները) ամրագրված կամ մարդու և քաղաքացու այլª հանրաճանաչ (Սահմանադրության մեջ չամրագրված) քաղաքական, քաղաքացիական իրավունքների և ազատությունների ինստիտուտներով ու ձևերով (քաղաքական կամ այլ հայացքների, կարծիքը պնդելու, խոսքի ազատության, այլոց հետ միավորումներ, կուսակցություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու, ընտրելու, ընտրվելու, պետության կառավարմանը մասնակցելու և այլն): Վերջինների ապահովումը սահմանադրական նորմով վերապահված է պետությանը. «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են: Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական  իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան: Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք» (հոդ. 3), և բացառապես պետական մարմիններին ու պաշտոնատար անձանց լիազորված գործողությունների շրջանակներում: Մյուս կողմից` այդ իրավունքների և ազատությունների պաշտպանությունը կարող է իրականացվել ինչպես քաղաքական ինստիտուտների (շարժումներ, կուսակցություններ), այնպես էլ անհատի կողմից. «Յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով և չի խախտում այլոց իրավունքները և ազատությունները: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով» (հոդ. 42):

Սակայն ՀՀ քաղաքական համակարգի ներկայիս բնութագրիչներըª հատկապես քաղաքական իրավունքների ու ազատությունների խախտումները, սահմանափակումները, քաղաքական գործընթացների մարգինալ-պոպուլիստական որպիսությունն ակնհայտորեն խոսում են քաղաքական դերակատարների, պետական իշխանության ճյուղերի գործունեության հիմքում չինստիտուցիոնալացված մշակութային մոդելի, ոչ ինստիտուցիոնալ փոխհարաբերության ձևերի առկայության մասին: Առաջացած հիմնախնդիրների լուծման նկատառումներով ՀՀ-ում լեգիտիմության հիմնախնդրի դիտարկումն անհրաժեշտ է իրականացնել «անցում-համախմբում» հարացույցի (պարադիգմ) համաձայն: Իսկ վերջինը քաղաքակրթական փոխակերպումների արդյունավետության ապահովման նկատառումներով դիտարկում է ոչ թե քաղաքական էլիտան (իշխանական-ընդդիմադիր), այլ տարաբնույթ էլիտար խմբերի համագործակցությունը (էլիտա-կոնտրէլիտա), որոնցից յուրաքանչյուրն ունի իշխանության լեգիտիմացման իր «տեքստը», որն արդյունքների կառավարման ակնկալիքով ենթադրում է.

1) Ժողովրդավարական ճանապարհով քաղաքականապես մրցունակ կառավարող էլիտայի բաց հավաքագրում:

2) Էլիտայի հետ բնակչության լայն  զանգվածների քաղաքական համագործակցություն և մասնակցություն քաղաքական որոշումների ընդունմանը: 

Համաձայն «անցում-համախմբում» հարացույցի հաստատման` իշխանության լեգիտիմացման «տեքստը», ժողովրդավարացման գործընթացի` քաղաքական զարգացման հիմնական միտումը տրոհվածից դեպի փոխհամաձայնեցված միասնական էլիտայի այնպիսի կերպափոխություններն են, որոնք ընթանում են մի կողմից` «քաղաքականությունը որպես պատերազմ», մյուս կողմից` «քաղաքականությունը որպես սակարկություն» խաղային սկզբունքներով6: Արտաքուստ դինամիկ մրցակցություն ապահովող այս կերպափոխումը հայկական էլիտային անընդհատ տրոհվածից փոխհամաձայնեցված գործընթացի (ՏՓԳ) մեջ է գցում, որի արդյունքում հասարակության հիշողության արխիվից հանուն իշխանության համար պայքարող և խառնածին արժեքներ դավանող քաղաքական ուժերը ընտրազանգվածին մղում են մարգինալ-պոպուլիստական գործողությունների:   

Փաստորեն, ՀՀ-ում իշխանության լեգիտիմության նոր «տեքստի» հիմնավորումը ընթացել և ընթանում է քաղաքական էլիտայի կերպափոխության երկու սցենարովª «էլիտաների տրոհում» և «էլիտաների համագործակցություն»7: Սկզբից ևեթ նշենք, որ դիտարկված սցենարն ի վիճակի չէ համակարգված բացատրել հայ քաղաքական իրականության մեջ ընթացող գործընթացների լեգիտիմությունը, քանի որ.

1) մինչև այժմ ՀՀ-ում քաղաքակրթական փոխակերպումները դիտարկելիս անտեսվում է ընդդիմության` որպես քաղաքական համակարգի ժողովրդավարացման ինստիտուտի, կայացման անհրաժեշտությունը,

2)  քաղաքական համակարգի ժողովրդավարացման գրավական է դարձել մրցունակ և նորարարական գիտելիքներով օժտված էլիտայի բաց հավաքագրման ապահովման գործընթացը,

3)  հանրային քաղաքականության` որպես ժողովրդավարական համախմբման հաստատման երաշխիքի դիտարկումն ընթանում է երկրի ազգայինպետական կառուցվածքի հետ կապված հիմնախնդիրների վերարժևորման հենքի վրա:          

Փաստորեն, քաղաքակրթական փոխակերպումների համատեքստում լեգիտիմության հիմնախնդիրը ՀՀ-ում իր խաղային տրամաբանությամբ` առաջարկված ծրագրերի լեզվամտածողության հնաոճություն, ազգային գաղափարի տրոհվածություն, արդյունքի ապահովման և ժամանակի կառավարման ռազմավարության բացակայություն, տեղեկատվա-հաղորդակցական սցենարների աններդաշնակություն, ստեղծել է խառնածին տիպի վարչակարգ: Վերջինից հրաժարվելու և ժողովրդավարության որակ ապահովելու նկատառումներով հայ հասարակությունում տարաբնույթ արժեքներ կրող սոցիալական միավորների գործունեության արդյունավետությունը նպատակահարմար ենք համարում դիտարկել մրցակցային մասնակցության տեսանկյունից` շեշտադրելով լեգիտիմացման մասին այնպիսի գիտելիքների կիրառումը, որոնք հնարավորություն կտան քաղաքական գործունեություն ծավալելիս բացառել.

1) Մրցակցության սահմանափակումը քաղաքական էլիտայի շրջանակներում£

2) Որոշումների ընդունման գործընթացում տարաբնույթ դերակատարների մեկուսացումը կամ հեռացումը£

3) Քաղաքական որոշումների ընդունման ժամանակ ոչ ֆորմալ ինստիտուտների գերիշխանությունը:

1) Մրցակցության սահմանափակում.- Արդեն իսկ 1991 թվականից սկսած` ՀՀ-ում «էլիտաների համագործակցությունում» մրցակցության սահմանափակման նախադրյալներ ստեղծվեցին: Այն հանգեցրեց կուսակցական հատվածայնության, հանձինս հետնապահ և մեկուսացված քաղաքական գործիչների, որոնք իրենց հավակնություններին հագուրդ տալով` սկսեցին հեղափոխականացնել ՀՀ քաղաքական իրականությունը: Մրցակցության սահմանափակման արդյունքում ազատականացումը, բացառելով «էլիտաների համագործակցության» սցենարը, ՀՀ-ում հանգեցրել է լեգիտիմության ընկալման բևեռացման:

2) Որոշումների ընդունման գործընթացից առանձին մասնակիցների հեռացումը մինչև 1998թ. ծառայում էր Լևոն ՏերՊետրոսյանի դիրքերի ամրապնդմանը և վարչակարգի լեգիտիմացման նպատակներինª որպես նոր հեղինակությունների լեգիտիմացման յուրօրինակ փոխարինորդ: «Բաժանի°ր և տիրի°ր» սկզբունքով գործողությունների վճարը դարձավ քաղաքական լեգիտիմության հիմնախնդրի նկատմամբ ինստիտուցիոնալ քննարկումների բացակայության պատճառ, ինչն էլ իշխանությանը հարկադրեց գնալ լայն զանգվածների քաղաքական մասնակցության դերի սահմանափակման: Սակայն հարց է առաջանում. արդյոք ՀՀ-ում որոշումների ընդունման գործընթացից  առանձին մասնակիցների հեռացման պայմաններում գոյություն ունե±ն գերակա դերակատարներին վերահսկելու այլընտրանքներ: Ակնհայտ է, որ քաղաքական գործընթացներին մասնակիցների լեգիտիմությունը կարող են ապահովել և° կոլեկտիվ լիդերության մեխանիզմները, և° էլեկտորատի վարքագիծը, և° բազմասկիզբ իշխանություն ունեցող էլիտայի ձևավորման ժողովրդավարական սկզբունքները:

3)  Ոչ ֆորմալ ինստիտուցիոնալացումը հենվել և այսօր էլ հենվում է բացառիկ որոշումների ընդունման ոչ ֆորմալ պրակտիկայի իշխման վրա, ի վնաս ընդհանուր բնույթի ֆորմալ գործառույթների և կառուցվածքների: Ոչ ֆորմալ ինստիտուցիոնալացման հիմք են դերակատարների կլիենտելական փոխազդեցությունները8: Այս նկատառումներով ՀՀ-ում լեգիտիմության հիմնախնդիրը բնորոշվում է հետևյալ գծերով.

-         հեղափոխական (հակահեղափոխական), հանցածին և կոռումպացված մթնոլորտը էլիտաների փոխդասավորվածության մեջ,

-          օրենսդրի նկատմամբ գործադիր իշխանության գերակայություն,

-         տարբեր մակարդակների (և° ընդդիմադիր, և° իշխանամետ) լիդերների միջև փոխադարձ չեզոքություն,

-         գործադիր իշխանության անուղղակի վերահսկողություն ԶԼՄ-ների վրա,

-          իրական կամ հնարավոր կենտրոնների ճնշում կամ չեզոքացում,

-          հասարակական միավորումների (ինչպես քաղաքական, այնպես էլ «երրորդ սեկտորի») նկատմամբ հովանավորչությունª գործադիր իշխանության կողմից վերջիններին հանրային աջակցության փոխարեն:

Նման բնութագրիչների առկայության պարագայում իշխանության լեգիտիմության շուրջ ծավալված քաղաքական գործունեությունը դերակատարներին թույլ է տալիս համախմբվել ըստ իրենց կորպորատիվ շահերի` հանգեցնելով «սահմանափակ ժողովրդավարության» և «կեղծ ժողովրդավարության»9:

Տվյալ իրավիճակում նոր գիտելիքների հիման վրա իշխանության լեգիտիմացման  հետագա հեռանկարը պայմանավորված է արդեն իսկ գոյություն ունեցող խառնածին վարչակարգի  էությամբ և բնույթով դրսևորված գործոններով: Կարծում ենք, որ այս պարագան բազմաչափ է, որի հայեցակարգումը հնարավորություն կտա կանխել ՀՀ-ում ժողովրդավարական համախմբման գործընթացը խոչընդոտող լեգիտիմության հիմնախնդրի ընկալման արժեքային բևեռվածությունը:      

 ՀՀ-ում լեգիտիմության հիմնախնդիրը ժողովրդավարական համախմբման դրույթների հիման վրա ուսումնասիրելու համար առաջարկում ենք ելակետ ընդունել հետևյալ սկզբունքները.

1) ազգային-պետական շահերի հաշվառման նկատառումներով անհրաժեշտ է ռացիոնալ գնահատել ժողովրդավարական արժեքները` հանրային կառավարման համակարգ ներդնելով «լավ կառավարման» սկզբունքները,

2) մեծ է ինչպես արտածին, այնպես էլ ներծին գործոնների դերը քաղաքական գործընթացներում, որոնք ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր դաշտերում պարբերաբար ծնում են նոր դերակատարներ,

3) փոխհամաձայնեցված խմբիշխանական կառույցների փլուզման նպատակով անհրաժեշտ է քաղաքական կամք,

4) քաղաքական և բիզնես էլիտաների բաց հավաքագրումը և ընտրությունը դարձել են ժողովրդավարության համախմբման ապահովման գերակա պայմանը,

5) ժողովրդավարական նոր ինստիտուտների կառուցման, հաստատման, բնականոն արդիականացման մեխանիզմների պահպանումը հնարավորություն կտա բարձրացնել իշխանության լեգիտիմության ապահովման մշակույթը,

6) ընտրազանգվածի քաղաքական գիտակցության նպատակամետ բարձրացման ակնկալիքով կազմակերպել քաղաքացիավարական կրթություն` կանխելով  քաղաքական դերակատարների ռազմավարության և մարտավարության մարգինալ- պոպուլիստական բնույթը:

Բնականաբար, նշված սկզբունքներն ամբողջական չեն և կարող են (ու պետք է) լրացվել ՀՀ-ում մի կողմից` կառավարող էլիտայի, մյուս կողմից` ընտրազանգվածի  գործունեության պատասխանատվությամբ, որն ուղղված պետք է լինի ժողովրդավարական համախմբման սկզբունքների ամրագրմանը: Այս առումով ՀՀ քաղաքակրթական փոխակերպումների համատեքստում բախվում ենք տեսամեթոդական չափազանց բարդ խնդրի, քանի որ ակնհայտ է, որ ՀՀ ժողովրդավարացման գործընթացի համար գոյություն ունեն քաղաքական զարգացման բազմաթիվ չափումներ, ընդ որում, դրանք ենթադրում են տարբեր ուղղություններ. մի կողմից` ժողովրդավարական ինստիտուտների և պրակտիկաների ամրապնդում, մյուս կողմից` անցյալից ժառանգված ոչ ժողովրդավարական կառույցների հետ հաստատված խառնածին արժեքների զուգամիտում` իշխանության և ընդդիմության կողմից դրանց նպատակամետ օգտագործում ժողովրդավարական ավտորիտար կառավարման նոր տարատեսակների ձևավորման, ինչպես նաև փոխհամաձայնեցված խմբիշխանական շահերի պաշտպանման նկատառումներով: Նշված հատկանիշներից յուրաքանչյուրի հետևում գործում են քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութա-քաղաքակրթական, աշխարհաքաղաքական առանձնահատուկ արժեքներ, որոնցից յուրաքանչյուրն իր ազդեցությունն է ունենում լեգիտիմության հիմնախնդրի վրա` մերթ ռացիոնալացնելով, մերթ տրոհելով, մերթ մարգինալացնելով, մերթ պոպուլիզացնելով դրանք:   

Վերոբերյալը նկատի ունենալով` կարծում ենք, որ ՀՀ-ում լեգիտիմության հիմնախնդիրը քաղաքակրթական փոխակերպումների համատեքստում անհրաժեշտ է ուսումնասիրել կառուցվածքային և գործընթացային մոտեցումների սինթեզի հիման վրա: Առաջարկվող մոդելի օգնությամբ հնարավոր է համակարգային ամբողջության մեջ բացահայտել քաղաքակրթական փոխակերպումների գործընթացում գործառնվող և´ կոնսերվատիվ, և´ լիբերալ-դեմոկրատական, և´ ռադիկալ ուժերի դասավորվածությունը: Այսպես, ազատականացման գործընթացում առաջին սերնդի «նոր դեմոկրատների» կողմից իշխանությունը գրավելու հետ համատեղ ՀՀ-ում ինքնադրսևորվեցին պահպանողական էլիտար նոր ընդդիմադիր խմբեր, որոնք մի կողմից` բնույթով ազգայնական-սոցիալիստական (ՀՅԴ) էին, մյուս կողմից` ազգայնական-ազատական (ՀՀԿ): Ինչպես վկայում է ԿԱԵ (Կենտրոնական Արևելյան Եվրոպա), ՆԽՄ (Նախկին Խորհրդային Միություն), նաև ՀՀ ժողովրդավարացման փորձը, հաստատված խառնածին քաղաքական ռեժիմի պայմաններում պահպանողականների և նրանց արմատական հակառակորդների միջև բալանս ապահովող ազատականները շարունակական բարեփոխումների իրականացման ջատագովներն են:

Սա հնարավորություն է տալիս քաղաքական զարգացման ճգնաժամերի հաղթահարման գործընթացն ուղղել դեպի ժողովրդավարական համախմբում, ինչը  ենթադրում է պայքարող ուժերից ոչ թե մյուսի նկատմամբ մեկի հաղթանակ, այլ մրցակցող կողմերի միջև յուրօրինակ համաձայնության կնքում` սահմանելով խաղի կանոններ (երաշխիքներ)` որոշումների ընդունման գործընթացին լեգիտիմ մասնակցելու հնարավորություն: Այս պարագայում ՀՀ-ում լեգիտիմության հիմնախնդրի կառավարման նկատառումերով անհրաժեշտ է կարևորել հետևյալ գործոնները.

ա) Արժեքային բազմաչափությունը ստեղծել է «կենտրոն-ծայրամաս», «աղքատ-հարուստ» նոր չափումներ, որոնց միջև առկա հակասությունները միջին խավի սաղմնայնության պայմաններում առաջին սերնդի «նոր ժողովրդավարներին» հնարավորություն են տալիս ինքնավերարտադրվել, հայտ ներկայացնելով իշխանական բուրգի նկատմամբ` սեփական սխալների ուղղման նկատառումներով: Ժողովրդավարացումը ՀՀ-ում այլ հետագիծ կարող էր ունենալ, եթե ազատականացումը լիներ քաղաքական զարգացման միակ չափորոշիչն այնպես, ինչպես դա եղավ Մերձբալթյան հանրապետություններում, Լեհաստանում, Հունգարիայում, Չեխիայում և այլն: Բայց քանի որ ղարաբաղյան հիմնախնդիրը շարունակում է մնալ քաղաքական բանաձևի, բանավեճի, ծրագրային դրույթների հիմնական բաղկացուցիչը, շատ հաճախ շահարկվում է որոշումների ընդունման գործընթացին լեգիտիմ մասնակցելու հնարավորությունը:

բ) Քաղաքակրթական փոխակերպումների գործընթացը ՀՀ-ում գրեթե միաժամանակ ներառել է այնպիսի գործոններ, որոնք, տեղ գտնելով «նոր ժողովրդավարների» գործունեությունում, նրանց հնարավորություն են տալիս մարգինալացնել հասարակության պատմական հիշողությունը:

 Այս առումով լեգիտիմության հիմնախնդիրը, որպես ժողովրդավարական համախմբման գրավական, դարձել է քաղաքակրթական հարահոս կերպափոխումների գործընթացում գտնվող հասարակությունների հիմնական ուղեկիցը, որի հաղթահարումը ենթադրում է լավ կառավարման («good governance») հետևյալ սկզբունքների հաստատումը.

- մասնակցություն. բոլոր քաղաքացիներն ունեն ձայնի իրավունքª ընդունվող որոշմանը մասնակցելու, իշխանության լեգիտիմ ինստիտուտներ կազմակերպելու, կառուցողական երկխոսության համար,

- իրավունքի գերակայություն. հատկապես այն ինստիտուտների արդյունավետ, արդարադատ գործունեություն, որոնք ապահովում են մարդու իրավունքները,

- թափանցիկություն. բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ստանալ որևէ տեղեկությունª տեղեկատվության ազատություն, մատչելիություն,

- համագործակցություն. բոլոր ինստիտուտներն արագ  արձագանքում են քաղաքացիների պահանջներին` ցանկանալով ծավալել սոցիալական երկխոսություն,

- արդարություն. բոլոր քաղաքացիներն ունեն իրենց բարեկեցությունը բարելավելու հնարավորություն,

- արդյունք և գործ. քաղաքացիների պահանջմունքների բավարարման համար ռեսուրսների արդյունավետ օգտագործում,

- հաշվետվություն. քաղաքական և բիզնես էլիտան, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ինստիտուտները հաշվետու են հասարակությանը և իրավունքի ինստիտուցիոնալ կրողներին,

- ռազմավարական հեռատեսություն. լիդերները, էլիտար տարաբնույթ խմբերը և հասարակությունը, պատասխանատվություն կրելով որոշումների ընդունման գործընթացին լեգիտիմ մասնակցության և ժողովրդավարական համախմբման հաստատման համար, նպատակամետորեն կերպափոխում են այն գիտելիքները,  որոնք ուղղված են այդ լեգիտիմության հիմնախնդրի լուծմանը:


1  Տես Тойнби А. Цивилизация перед судом истории, М.: 2003.

 

2  Մաքս Վեբեր (1864-1920) - գերմանացի սոցիոլոգ, փիլիսոփա, քաղաքագետ£ Որպես «Բյուրոկրատիայի», «Իդեալական տիպերի», «Լեգիտիմության», «Գերիշխանության» տեսությունների հիմնադիր` նա ջատագովն է իշխանական հարաբերությունների ռացիոնալացման, որին զուգահեռ ընդունում է նաև ավանդական և խարիզմատիկ իշխանությունները:

3  Вебер М. Избранные произведения. М., 1990, c. 484.

4  Տես Iston David – Political systems. – N. Y.: 1992, p. 10, 80, 100-101.

5  Տես Lipset Samuel – Political man.- Oxford. 1985, p. 64, 240.

6  Տես Munck G. L., Left C. S., - Models of Transitions and Democratisation. South America and Eastern Europe in Comparative Perspective.-Comparatuve Politics, 1997, vol. 29, №1, p. 35.

 

7  Sartori G. The Theory of Democratization in Latin America. Comparatuve Politics, 1990, v. 23/1, p 35-36.

 

8  Տես Соловьёв А.И. Культура власти российской элиты: искушение конституционализмом  - // Полис № 2, 1999, с. 66-68.

 

9  Տես Меркель В., Круассан А. Формальные и неформальные институты в дефектных демократиях. Полис, 2002, № 1, c. 6-7.

 

 

Share    



Գնահատում

Ինչպես ` եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am