Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Հետահայաց

Հետահայաց
Ապրիլ 2010, N 3

ՀԵՏԱՀԱՅԱՑ. ԱՊՐԻԼ

1991թ.

 

8 ապրիլի – ՀՀ ԳԽ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ընդունեց ԽՍՀՄ-ում Թուրքիայի դեսպան Վոլքան Վուրալին և նշեց. «Հայաստանը պատրաստ է բանակցություններ սկսել սահմանակից բոլոր պետությունների, այդ թվում և Թուրքիայի հետ, առևտրի, տնտեսության և զբոսաշրջության ոլորտում կապերի ակտիվացման ուղղությամբ»:

15 ապրիլի - ՀՀ ԳԽ նախագահության և Նախարարների խորհրդի համատեղ հայտարարությունը. «ՀՀ ղեկավարությունը դիմում է բոլոր հանրապետություններին Ադրբեջանի կողմից ծավալված հերթական անօրինական գործողությունների դեմ իրենց ձայնը բարձրացնելու կոչով` նրա նկատմամբ կիրառելու միջազգային իրավունքով նախատեսված քաղաքական և տնտեսական պատժամիջոցներ»:

19 ապրիլի - Գետաշեն գյուղի մոտակայքում տեղակայվեցին ԽՍՀՄ ՆԳՆ Ներքին զորքերի զորամասերը` առանց տեղի քաղաքացիական իշխանությունների գիտության: Գետաշենը գտնվում է ադրբեջանական ՕՄՕՆ-ի պաշարման ամուր օղակի մեջ, իսկ զինվորների տեղաշարժը գյուղի բնակիչներն ընկալում են որպես հարձակման փորձ: Արդյունքում` տեղի ունեցավ խոշոր բախում Գետաշեն գյուղի պաշտպանների և ԽՍՀՄ ՆԶ զինվորների միջև: Խորհրդային սպաների խոսքերով` այստեղ եկած ստորաբաժանումները կատարում են «վերևից եկած» հրամանը:

20 - 22 ապրիլի – ԽՍՀՄ  ՆԶ ստորաբաժանումները դուրս են բերվել Չայքենդ, Գետաշեն, Մարտունաշեն գյուղերից, որոնք իրականացնում էին այդ բնակավայրերի պաշտպանությունը և ենթարկվում էին ԼՂԻՄ հատուկ շրջանի պարետին: ԽՍՀՄ ՆԶ-ի դուրս գալուց հետո Գետաշենի և Մարտունաշենի հրետակոծությունն ուժեղացավ և հաճախացավ. անջատվեցին հեռախոսակապը, էլեկտրաէներգիան, արգելվեցին Հայաստանից եկող ուղղաթիռների թռիչքները, իսկ գյուղերը հայտնվեցին լիակատար շրջափակման մեջ:

30 ապրիլի – Չայքենդ գյուղը պաշարվել է ԽՍՀՄ  ՆԶ Բաքվի գնդի ստորաբաժանումների կողմից` գնդապետ Մաշկովի հրամանատարությամբ: Սկզբում գյուղ մտան զինծառայողները զրահամեքենաներով: Նրանց հետևեց Ադրբեջանի ՕՄՕՆ-ը և ջարդեր կազմակերպեց` հարձակվելով տների վրա, թալանելով ու ծեծելով գյուղացիներին: Արդյունքում` սպանվեց մոտ տասը մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվեցին: Զորքերը և ՕՄՕՆ-ը 50 պատանդ վերցրին: Թաթուլ Կրպեյանի ջոկատից գյուղը պաշտպանողները մի քանի զինվոր պատանդ վերցրին: Զինված կազմավորումների մասնակիցները հեռացան Չայքենդից լեռնային արահետներով, իսկ մի շաբաթվա ընթացքում երկու գյուղերի բնակիչները տեղահանվեցին:  

 

1992թ.

 

7 - 8 ապրիլի -  Ստեփանակերտը կենտրոնացված հրետակոծության է ենթարկվում ծանր հրետանով: «Գրադ» կայանքներից հրետակոծվում են հայկական Կարաչինար, Խարխափուտ գյուղերը և Շահումյանովսկ շրջկենտրոնը: Կան զոհեր:

10 ապրիլի - Մարաղա գյուղում ադրբեջանցիները գազանաբար սպանում են ավելի քան 50 հայ:

12 ապրիլի – Մարաղա  են մտնում հայ կամավորականները: Կատարվում է սպանվածների մարմինների արտաշիրմում. Միացյալ Թագավորության Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոք­սը, որը ներկա էր այստեղ, ավելի ուշ կասի. «Սպանդը կազմակերպել են հրեշները»Քերոլայն Քոքսի հարցազրույցից. «Անգլիական «Դեյլի թելեգրաֆ» թերթը պայմանավորվել է ինձ հետ իր էջերում էքսկլյուզիվ ռեպորտաժի մասին` լուսանկարների օգտագործմամբ, ուստի ես այլևս չդիմեցի այլ թերթերի: Սակայն ժամանակն անցնում էր, բայց հրապարակումը չկար: Ես զանգահարեցի գլխավոր խմբագրին, և նա ասաց, որ որոշել է չտպագրել նյութը: «Բայց չէ՞ որ մի քանի շաբաթ առաջ դուք հրապարակել էիք ռեպորտաժ Խոջալուի իրադարձությունների մասին, ինչո՞ւ չեք ուզում տպագրել ճշմարտությունը Մարաղայի ողբերգության մասին»,- հարցրի ես: Նա պատասխանեց. «Ես չեմ կարծում, թե մենք պետք է սակարկենք ողբերգություններով` պահպանելով հավասարակշռությունը»: Եվ կախեց լսափողը»:

14 ապրիլի - Իր բնակարանում (չբացահայտված հանգամանքներում) սպանվում է ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը:

18 ապրիլի – Նախիջևանի Գերագույն խորհրդի նախագահ Հեյդար Ալիևի հարցազրույցը ադրբեջանական «Բիլիք Դուլիանսը» թերթին, որտեղ նա հանդես է գալիս որպես պատերազմի ջատագով և հայտարարում է. «Արյունահեղությունը մեր օգտին կլինի»: Սա հենց այն շրջանն է, երբ ռազմաստրատեգիական առավելությունն Ադրբեջանի կողմն էր:

 

1993թ.

 

6 ապրիլի – ԼՂՀ Ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը. «ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը մտադիր չեն անեքսիայի ենթարկել Ադրբեջանի Հանրապետության տարածքը: Խոսքը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի բնակիչների անվտանգության երաշխիքների ստեղծման մասին է, որոնք վերադառնում են ադրբեջանական բանակի կողմից ամայացված իրենց գյուղերը: Մահացու վտանգ էր ներկայացնում Քելբաջարի խմբավորումը` ինչպես Մարտակերտի ինքնապաշտպանական ջոկատների, այնպես էլ ողջ ԼՂՀ-ի համար ընդհանրապես: Հակահարձակմանն այլընտրանք մենք պարզապես չունենք»

13 ապրիլի – ՀՀ պետնախարար Սեպուհ Թաշչյանի հայտարարությունը. «Իրան-Հայաստան գազատարի շինարարության հարցը բախվում է ֆինանսավորման խնդրին: Նախապես պատրաստված 5-6 նախագծերից բանակցությունների ընթացքում իրանական կողմն ընտրել է 150 կմ երկարությամբ գազատարը, որից 100 կմն անցնելու է Իրանի, մնացած 50-ը` Հայաստանի տարածքով»:

10 - 16 ապրիլի – Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը տասնօրյա այցով մեկնում է նախկին Խորհրդային Միության թյուրքական հանրապետություններ, որի ժամանակ հայտարարում է. «Հայերի կողմից Քելբաջարի գրավումից հետո եկել է Երևանի նկատմամբ ուժի դիմելու ժամանակը»:

Թուրքական զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Դողան Գյուրեշը նշում է, սակայն, որ «Թուրքիան իրավունք չունի միջամտելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, քանի որ Ադրբեջանի հետ փոխադարձ անվտանգության պայմանագիր չի կնքել»: Բազմաթիվ կանխատեսումներին հակառակ, նման պայմանագիր Բաքվում չի ստորագրվել, թեև համատեղ (Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի հետ) մամուլի ասուլիսում Օզալը կրկին հայտարարել է. «Թուրքիան չի հաշտվի ադրբեջանական հողերի օկուպացման հետ»

17 ապրիլի  - Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալի հանկարծահաս մահը Ադրբեջանից վերադառնալուց անմիջապես հետո: Հուղարկավորությանը ներկա էին բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր, այդ թվում և Հայաստանի նախագահ Տեր-Պետրոսյանը:

21 ապրիլի – Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Աբուլֆազ Էլչիբեյի հանդիպումը Թուրքիայում: Հայաստանի ղեկավարը պատրաստակամություն է հայտնում դուրս բերել հայկական զինվորական ստորաբաժանումները Քելբաջարում գրաված դիրքերից:

 

1994թ.

 

1 ապրիլի – Ծառայությունների սակագների բարձրացում. ավելանում են բնակվարձը, կոյուղու, աղբահանության, ջրամատակարարման, ջեռուցման վճարները, հեռախոսավարձը, հեռագրային և փոստային կապի, փոստային ծառայությունների վճարները:

 

 

8 ապրիլի – ՅՈՒՆԻՍԵՖ միջազգային կազմակերպության ծրագրի համապատասխան` ՀՀ Առողջապահության նախարարությանն է ուղարկվում 8 տոննա բեռ (150 արկղ դեղորայք և բժշկական նշանակության ապրանքներ) ՀՀ ԱՆ մանկական բուժհիմնարկներին բաժանելու համար:

17 ապրիլի – ՀՀ ՊՆ հաղորդագրությունը. «Ադրբեջանական բանակը հեռահար զենքից կրակ է բացել Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղում տեղակայված հայ սահմանապահների դիրքերի վրա: Երեկոյան Նախիջևանի կողմից հրետակոծության է ենթարկվել Երասխավանը: Երկու դեպքում էլ հայկական կողմը պատասխան գործողությունների չի դիմել»: 

23-24 ապրիլի – Հաջող գործողություն իրականացնելով` ԼՂՀ Պաշտպանության բանակի ստորաբաժանումներին հաջողվեց գրավել Աղբուրուն գյուղի մոտ գտնվող երեք պահակետ: ԼՂՀ ՀՕՊ ուժերը խփեցին ադրբեջանական գրոհիչ ինքնաթիռը, որը փորձում էր ռումբեր նետել Ստեփանակերտի վրա: Ապրիլի 24-ին հայկական զորքերը գրավեցին Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից արևելք գտնվող ռազմավարական նշանակության երեք բարձունք: Մարտերի ընթացքում հայկական կողմը կորուստներ ունեցավ. 7 սպանված, 19 վիրավոր: Ադրբեջանական կողմից սպանվեց 80 զինվոր, խփվեց 3 տանկ, 1 БМП:

24 ապրիլի – ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի հայտարարությունը. «Այս օրը ես միանում եմ ողջ աշխարհի հայերին 1915թ. Օսմանյան կայսրությունում կոտորածների զոհերին հիշատակելիս: Այս ողբերգության հետևանքները խորապես հուզում են մեզ բոլորիս, և մենք բոլորս միասին ողբում ենք այդքան շատ անմեղ մարդկանց ահավոր ոչնչացման համար:

Այնուամենայնիվ, անգամ այդ ավերիչ իրադարձությունն ապրելով` հարուստ և կենսահաստատ հայկական մշակույթը շարունակում է բարգավաճել: Հիանալի կենսունակություն և արիություն ցուցաբերելով` ամերիկահայերը հսկայական ավանդ են ներդրել մեր երկրի զարգացման ու հաջողության գործում: Այժմ, նոր և անկախ Հայաստանի ստեղծմամբ, նախագահ Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, հայ ժողովուրդը նույն վճռականությունն է բերում իր հայրենի հողում ժողովրդավարության հաստատման և արդի տնտեսության ստեղծման գործընթացում: Հիշելով նրանց հերոսական ոգին, ովքեր զոհվեցին բռնի մահով 1915թ., այդ կարևոր ջանքերը հուշարձան են հանդիսանում նրանց ժառանգությանը:

Քանի որ մենք կրկին նվիրում ենք մեզ բարգավաճ Հայաստանի կառուցմանը, որն ապ­րում է ամուր խաղաղության պայմաններում, ես մաղթում եմ բոլորին արժանապատվորեն նշել այս օրը»:  

 

 

1995թ.

 

3 ապրիլի – Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին II-ը ընտրվում է Ամենայն Հայոց կաթողիկոս, ո­րը կաթողիկոսական գահ է բարձրանում Գարեգին I անունով:

9 ապրիլի – Սբ Էջմիածնում տեղի է ունենում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին I-ի երդմնակալությունը:

14 ապրիլի – ՌԴ Պետդումայի Դաշնային ժողովի հայտարարությունը. «Հենվելով անհերքելի պատմական փաստերի վրա, որոնք վկայում են 1915-1922թթ. Արևմտյան Հայաստանի տարածքում հայերի գլխովին ոչնչացման մասին, ՌԴ Պետական դուման մեղադրում է 1915-1922թ. հայերի ոչնչացման կազմակերպիչներին, հայտնում է իր կարեկցանքը հայ ժողովրդին և ապրիլի 24-ը համարում է Ցեղասպանության զոհերի հիշատակի օր»: Հայտարարությունն ընդունվել է 282 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ քվեարկությամբ:

23 ապրիլի  - ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի հայտարարությունը. «Այս օրը ես միանում եմ հայերին ԱՄՆ-ում, Հայաստանում և համայն աշխարհում և նշում եմ հայերի` Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին իրականացված կոտորածի զոհերի մահվան  80-ամյակը: Նրանց ոչնչացումը մեր կորուստն է, նրանց արիությունը` մարդկության անսանձելի ոգու վկայությունը:

Հենց այդ ոգին է պահպանել հայերի անմար հույսը հալածանքների հարյուրամյակների ընթացքում: Հենց այդ ոգին է ապրում այսօր բոլոր հայերի սրտերում` նրանց եկեղեցում, նրանց լեզվում, նրանց մշակույթում: Եվ հենց այդ ոգին է պահպանում համայն աշխարհի հայերի հիասքանչ կենսակայությունն ու արիությունը: Ամերիկահայերի համայնքը, որն այսօր գրեթե մեկ միլիոն մարդ է հաշվվում, հսկայական ավանդ է ներդրել Ամերիկայի զարգացման գործում: Այժմ, անկախ Հայաստանի ստեղծմամբ, հայ ժողովուրդը հայրենի հողի վրա հանդես կբերի նույն վճռականությունը ժողովրդավարության և արդի տնտեսության շինարարության գործում...

Ես նախկինի պես խորապես մտահոգված եմ հակամարտությամբ Հայաստանը շրջապատող տարածաշրջանում: Պատերազմի ահավոր հետևանքներն զգացվում են ողջ Կովկասում. տասնյակ հազարավոր մարդիկ զրկվել են կյանքից, ավելի քան մեկ միլիոն մարդ լքել է հայրենի վայրերը, տնտեսությունը ճգնաժամ է ապրում, իսկ անվտանգությունը գտնվում է սպառնալիքի տակ: ԱՄՆ-ը պարտավորվել է աշխատել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հետ, որպեսզի օգնի Հայաստանին և Ադրբեջանին հրադադարից ամուր քաղաքական կարգավորման անցնելու գործում: Ես ծրագրում եմ Լեռնային Ղարաբաղի գծով հատուկ ներկայացուցիչ նշանակել դեսպանի կարգավիճակով` այդ բանակցություններն առաջ մղելու նպատակով: Եվ ես խոստանում եմ ԱՄՆ աջակցությունը ԵԱՀԿ` նման կարգավորմանն ուղղված ջանքերին խաղաղարար ուժերի օգնությամբ»:

(The White House. Office of the Press Secretary. April 23, 1995).

24 ապրիլի – Մ.Գորբաչովի այցը Թուրքիա: Թուրք թղթակցի հարցին, թե ինչպիսին կլինի ԽՍՀՄ նախկին նախագահի դիրքորոշումը Թուրքիայի հանդեպ ՌԴ նախագահ ընտրվելու պարագայում, նա պատասխանել է. «Թուրքիան Ռուսաստանի ամենահուսալի հարևանն է»:

 

1996թ.

 

10 ապրիլի – ԼՂՀ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրությունը. «Ադրբեջանում դիվերսանտների պատրաստման կենտրոնի գոյության մասին հայտնի դարձավ ադրբեջանական ազգային բանակի զ/մ N981 նախկին զինվոր, ծնունդով Ջալիլաբադից 22-ամյա Իսլամ Ջաբրաիլովից: Նրա խոսքերով` Բաքվից ոչ հեռու ադրբեջանցի զինծառայողների, ինչպես նաև չեչեն և աֆղան գրոհայինների հատուկ համակազմի պատրաստմամբ զբաղվում էին Թուրքիայից եկած հրահանգիչները` սովորեցնելով սահմանակից պետություններում դիվերսիոն-հետախուզական աշխատանք կատարելու հնարքներն ու մեթոդները»:

14 ապրիլի – Թուրքիայի վարչապետ Մեսութ Յըլմազի պաշտոնական այցը Բաքու. «Սա իմ առաջին այցելությունն է արտասահման վարչապետ ընտրվելուց հետո, և պատահական չէ, որ դա Ադրբեջանն է»: Պատասխան խոսքում Ադրբեջանի նախագահ Հ.Ալիևը հայտարարեց. «Օկուպացված տարածքների ազատագրման համար պայքարում մենք հենվում ենք Թուրքիայի աջակցության և բարոյական օգնության վրա»:

23 ապրիլի – Արմին Վեգների աճյունի վերաթաղումը Ծիծեռնակաբերդում, 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ:

24 ապրիլի – Կանադայի վարչապետ Ժան Քրեթիենի հայտարարությունը. «Պատիվ եմ համարում ողջունել և սրտագին բարեմաղթություններս ուղղել Կանադայի հայ համայնքի անդամներին 1915թ. հայերի ողբերգության 81-ամյակի կապակցությամբ:

Կանադան ընդունում և ցավում է այն փաստի համար, որ բազմաթիվ հայեր սպանվեցին պատերազմների ժամանակ, որոնք նշանավորեցին Օսմանյան կայսրության ավարտը, և ցավակցություն է հայտնում հայկական համայնքին: Պատերազմից հետո անօթևան մնացած շատ հայեր եկան Կանադա, և նրանց ավանդը, ինչպես և նրանց սերունդների ավանդը հսկայական չափով հարստացրել է կանադական հասարակությունը: Հուսով եմ, որ անցյալի հիշատակը մեզ կհիշեցնի հանդուրժողության և մեր ժողովրդի (ազգային բազմազանության) հարգանքի դրսևորման կարևորության մասին: Ընդունեք, խնդրեմ, իմ լավագույն բարեմաղթանքներն այս առիթով»:

25 ապրիլի – Հունաստանի խորհրդարանի բանաձևը «Ապրիլի 24-ը Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելու մասին». «Ապրիլի 24-ը սահմանվում է որպես Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Հոդված 1. Ապրիլի 24-ը համարվում է Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Հոդված 2. Հիշատակման արարողությունների բնույթը, բովանդակությունը, իրականացումը և կազմակերպման ձևը սահմանվում են նախագահական հրամանով, որը տրվում է ներքին գործերի և հանրային վարչության ու ապակենտրոնացման նախարարների առաջարկությամբ` հաշվի առնելով ճանաչված հայկական համայնքների և կազմակերպությունների կար­ծիքը:

Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ կմտնի Հելլենական կառավարության «Official Gazette»-ում հրապարակվելուց հետո»:    

 

1997թ.

 

2 ապրիլի – ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը Մոսկվայում. «Ես հենց նոր ասացի Հեյդար Ալիևին և կարող եմ նորից կրկնել: 100% երաշխիք եմ տալիս, որ ոչ Հայաստանը, ոչ Ղարաբաղը չեն խախտի հրադադարի ռեժիմը, թույլ չեն տա ռազմական գործողությունների վերսկսում»:

4 ապրիլի – ԱԺՄ, ԱԻՄ, ԳիԱրՔՄի, ՀԴԿ (դեմոկրատական), ՀՅԴ, ՍԻՄ և «Ազգային առաջընթաց» կուսակցությունների կողմնակիցների հանրահավաքը Երևանի Թատերական հրապարակում. «Ժամանակն է բոլորս հասկանանք, որ այսպիսի կյանքի ևս մի քանի տարիները, ազգային հարստության վերջին նշանների, ներառյալ` արդյունաբերության, գիտության և մշակույթի մնացած պոտենցիալի ոչնչացմամբ, անդառնալի հետևանքների կհանգեցնեն: Մենք ուրիշ կդառնանք: Եվ տասնյակ տարիներ կպահանջվեն 1988-ին վերադառնալու համար»:  

12 ապրիլի – ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հաստատեց կառավարության որոշումը ՀՀ ԶԼՄ-ները ավելացված արժեքի հարկից ազատելու մասին: Հաստատվեց նաև Մամուլի տան սեփականաշնորհման ծրագիրը:

21 ապրիլի – ՀՀ ԱԺ արտահերթ նիստը: Օրակարգում խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումն էր, որը պետք է տարվա ընթացքում պայքարեր կոռուպցիայի և կաշառակերության դեմ: Նիստը նախաձեռնել էր «Հանրապետություն» դաշինքը, որն ինքն էր ձևավորում պետական քաղաքականությունը և Հայաստանում կոռուպցիոն բուրգի պատասխանատուն էր:

24 ապրիլի – Ռոդ Այլենդ նահանգի (ԱՄՆ) Ներկայացուցիչների պալատի բանաձևը. «Քանի որ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելով Օսմանյան կայսրության երիտթուրքական ռեժիմը, որը գլխավորում էր Թալեաթ փաշան, որոշեց դեպի Սիրիա և Միջագետք տեղահանել ամբողջ հայ բնակչությանը` գրեթե 1,5 մլն մարդ` ոչնչացնելու համար և`

քանի որ հազարավոր քրիստոնյա հայեր ենթարկվեցին խոշտանգումների, չարչարանքների և սպանվեցին, որովհետև հրաժարվեցին իսլամ ընդունել, և համակենտրոնացման ճամբարներում և Դեյր-Էլ-Զոր անապատ կործանարար աքսորի ժամանակ նրանց նկատմամբ գազանություններ կիրառվեցին, որոնք հիշեցնում են, թե ինչ են ապրել հոլոքոստի զոհերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, և <...>

քանի որ ներկա թուրքական կառավարությունը հրաժարվում է հերքել Հայոց ցեղասպանությունը` հայ ժողովրդին զրկելով սեփական պատմության իրավունքից....

Ռոդ Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատը սույնով որոշում է 1997թ. ապրիլի 24-ին նշել Հայոց ցեղասպանության 82-ամյակը և կոչ է անում Ռոդ Այլենդի քաղաքացիներին վարվել նույն կերպ, և այնուհետև`

որոշում է, որ Ռոդ Այլենդ նահանգը ԱՄՆ նախագահին հորդորում է ներկայիս թուրքական կառավարությունից հասնել 1915-1923թթ. հայերի դեմ իրականացված Ցեղասպանության ճանաչմանը»

 

1998թ.

 

9 ապրիլի – ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երդմնակալությունը. «Առաջիկա հինգ տարիները կդառնան պետության հիմքերի ամրապնդման և հասարակության հիմնական խնդիրների լուծման ժամանակաշրջան: Մեր գերխնդիրն է երկրում օրենքի իշխանություն հաստատելը: Լեռնային Ղարաբաղի խնդիրը համազգային խնդիր է, որը մենք պետք է լուծենք արժանապատվորեն»,- հայտարարեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

16 ապրիլի – ՀՀ վարչապետ Արմեն Դարբինյանը ստորագրեց որոշում կադրերի բանկի ստեղծման մասին, որտեղ կարող են դիմել հանրապետության բոլոր քաղաքացիները, որոնք կարծում են, որ իրենց մասնագիտական պատրաստվածության աստիճանով կարող են օգտակար լինել կառավարությանը:

20 ապրիլի – ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանը հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխությունների մասին: Վիճակագրության, պետռեգիստրի և վերլուծության վարչությունը փոխվեց ՀՀ Վիճակագրության, պետռեգիստրի և վերլուծության նախարարության: ՀՀ Կապի նախարարությունը` Փոստի և հեռահաղորդակցության նախարարության:

 

1999թ.

 

2 ապրիլի -  ՀՅԴ հայտարարությունը. «Այսօր Հայաստանում ոչ մի իրական հիմք չկա ընտրությունները բոյկոտելու համար: «21 դար», Լիբերալդեմոկրատական կուսակցությունների, ինչպես նաև ՀՀ ԱԺ «Հանրապետություն» խմբակցության մի քանի անդամների հայտարարությունները ընտրությունները բոյկոտելու մասին բացատրվում են նրանով, որ այդ կուսակցությունները և քաղաքական գործիչները, կանխատեսելով իրենց պարտությունն ընտրություններում, հող են նախապատրաստում ապագա խորհրդարանը ոչ լեգիտիմ հայտարարելու համար»:

7 ապրիլի -  Իսրայելի իշխանությունները հրաժարվում են մուտքի վիզա տալ հայ ուխտագնացներին (150 մարդ): Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարության գրասենյակը և ՀՀ ԱԳ-ն ձեռնպահ են մնում մեկնաբանություններից:

15 ապրիլի – ՌԴ ՌՕՈւ գլխավոր հրամանատար, գեներալգնդապետ Անատոլի Կոռնուկովի հայտարարությունը. «Հայաստանը գտնվում է հուսալի հովանու տակ: Եթե որևէ մեկը փորձի այստեղ այնպիսի հարվածներ հասցնել, ինչպես Կոսովոյում, ապա Հայաստանին, որը մտնում է Հավաքական անվտանգության պայմանագրի և ՀՕՊ միավորված համակարգի մեջ, իհարկե, ակտիվ օգնություն կցուցաբերվի: ՌԴ-ն նման պայմանավորվածություն չունի ոչ Վրաստանի, ոչ Ադրբեջանի հետ»

15 ապրիլի – Կալիֆոռնիայի նահանգի (ԱՄՆ) Օրենսդրական ժողովի բանաձևը. «Քանի որ 1915-1923թթ. Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, որի արդյունքում 1,5 մլն տղամարդ, կին և երեխա է զոհվել թուրքական Օսմանյան կայսրության ձեռքից,

- քանի որ ԽՍՀՄ գոյության յոթանասուն տարիների ընթացքում Խորհրդային Ադրբեջանի կառավարությունը վարել է իրենց պատմական հայրենիքից ղարաբաղյան հայերի պարբերական վտարման քաղաքականություն,

- քանի որ հայերն Ադրբեջանում զոհ են գնացել 1988թ. սումգայիթյան ջարդերին, որոնք հանգեց­րել են 72 մարդու մահվան, 1990թ. Բաքվի հակահայկական անկարգություններին, որոնց արդյունքում զոհվել է 68 մարդ և Ադրբեջանից զանգվածային տեղահանման է ենթարկվել 350.000 հայ,

- քանի որ մարդու հետ մարդու անմարդկային վերաբերմունքի այս օրինակների ճանաչումը ցեղասպանության կրկնությունը կանխելու կարևոր գործոն է և թույլ է տալիս ամերիկյան հանրությանը` ավելի լավ հասկանալ իր պատմական ժառանգությունը,

- քանի որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայերին դեռ սպառնում է նոր ցեղասպանության վտանգը այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղ ճանապարհով չի կարգավորվել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ, որը կերաշխավորի այդ մարդկանց ազատությունը և անվտանգությունը` նրանց ինքնորոշման իրավունքի միաժամանակյա ապահովմամբ,

- քանի որ, չնայած բազմաթիվ և համոզիչ ապացույցների առկայությանը, Թուրքիայի կառավարությունը շարունակում է հերքել հայերի ցեղասպանության փաստը...

Կալիֆոռնիայի նահանգի ասամբլեան սույնով 1999թ. ապրիլի 24-ը Կալիֆոռնիայում հայտարարում է 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության և 1988թ. Սումգայիթի ջարդերի ու 1990թ. Բաքվի անկարգությունների զոհերի հիշատակի օր,

- այնուհետև` որոշում է կոչ անել Կալիֆոռնիայի ժողովրդին ցուցաբերել զգոնություն, որպեսզի ապահովվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորու­մը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայերի անվտանգության ապահովմանը զուգահեռ»:  

18 ապրիլի – Նորավանքի վանական համալիրի Սբ Աստվածամոր եկեղեցու օծումը: Օծման արարողությանը մասնակցում էին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին I-ը, ՀԱԵ թեմերի առաջնորդներ և բազմաթիվ հյուրեր:

 

2000թ.

 

1 ապրիլի - «Հայրենիք» բարեգործական ընկերությունը (ԱՄՆ) նվիրատվություն է հավաքում ԼՂՀ Մարտակերտի շրջանի բնակավայրերը հեռուստատեսային կապով ապահովելու համար: Նախատեսվում է նաև վերականգնել և կառուցել եկեղեցիներ և հիվանդանոցներ:

5 ապրիլի – Ամերիկայի Հայկական ասամբլեան շենք է ձեռք բերում Վաշինգտոնում (Կոլումբիայի օկրուգ), Սպիտակ տնից երկու թաղամաս այն կողմ, «որը ծառայելու է որպես հուշաթանգարան` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերին: Շենքը նաև կհանդիսանա Ասամբլեայի և Հայկական ազգային ինստիտուտի կենտրոնատեղին»:

12 ապրիլի – Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը. «Մենք կարծում ենք, որ Հայաստանի հետ ՌԴ ռազմական դաշինքի խորացումը վնաս է հասցնում Ռուսաստանի իմիջին որպես միջնորդի»: Այս հայտարարության պատճառ է հանդիսացել մարտի 27-30-ին Հայաստանի Արմավիրի մարզում ռուսական ռազմակայանների անձնակազմի և ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների հրամանատարական-շտաբային զորավարժությունների անցկացումը:

21 ապրիլի – Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը որոշում է ընդունում ապրիլի 24-ից հետո առաջին կիրակին նշել որպես «Հայ ժողովրդի նահատակության և հարության օր»:

12 ապրիլի – Հայոց ցեղասպանության հարցը քննարկվում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում:

Ելույթներից.

Պ-ն Փալոուն (Նյու Ջերսիի նահանգ).- «<...> Ցավոք, մինչև այժմ Միացյալ Նահանգները դեռ պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: Տուրք տալով Թուրքիայի ուժեղ ճնշմանը` ԱՄՆ պետական դեպարտամենտը և ամերիկյան նախագահները երկու կուսակցություններից էլ ավելի քան տասնհինգ տարվա ընթացքում խուսափում էին 1915-1923թթ. իրադարձությունները «ցեղասպանություն» բառով որակելուց և դրանով իսկ նվազեցնում և աղավաղում էին այն, ինչ իրականում տեղի է ունեցել 85 տարի առաջ: Այս օրինագիծն ուղղված է քավելու համար մարդու իրավունքների և պատմական ճշմարտության ջատագով մեր ժողովրդի տարեգրության ամոթալի մեղքը»:

Պ-ն Բոնիոր (Միչիգանի նահանգ).- «Ներկայացուցիչների պալատի N398 բանաձևը, որի համահեղինակն եմ ես, ուղղված է այն բանին, որ այլևս ոչ ոք չկարողանա ժխտել մարդկության պատմության այս դաժան գլուխը»:

Տիկին Կոնսթանս Ա.Մորելա (Մերիլենդի նահանգ).- «Այսօր թուրքական կառավարությունը հրաժարվում է ճանաչել ցեղասպանությունը, ճիշտ այնպես, ինչպես նացիստները երկու տասնամյակ անց հրաժարվում էին ճանաչել հոլոքոստը... Թուրքական կառավարությունը պետք է վերջ տա ժխտման այս քաղաքականությանը, ընդ որում, հայերի ցեղասպանության անկեղծ և ազնիվ ընդունումը թուրքհայկական հարաբերությունների էական բարելավման նախադրյալ կդառնա»:

Պ-ն Հովարդ Բերման (Կալիֆոռնիայի նահանգ).- «Թշնամական երկրներով շրջապատված հայերը շարունակում են պայքարը նաև այսօր: Բայց այսօր, երբ գոյություն ունի անկախ Հայաստանի Հանրապետությունը, Միացյալ Նահանգները հնարավորություն ունի արժանին մատուցել անցյալի հիշատակին` աջակցելով Հայաստանի ձևավորվող ժողովրդավարությանը»:

Պ-ն Ջոու Նոլենբերգ (Միչիգանի նահանգ).- «Եկեք հարցնենք ինքներս մեզ. ինչո՞ւ­ այսօր այդքան շատ մարդիկ տեղեկացված չեն հայերի ցեղասպանության մասին: Ինձ թվում է, որ պատասխանը պետք է փնտրել այդ կործանարար իրադարձությանը միջազգային հանրության ունեցած արձագանքի մեջ: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին նրանք, ովքեր կազմակերպել և իրականացրել էին հայերի ցեղասպանությունը, չդատապարտվեցին: Եվ աշխարհը մոռացավ հայ ժողովրդի չարչարանքների ու տառապանքների մասին: Դա հսկայական սխալ էր... Ավելի ուշ ոչնչացվեց 6 միլիոն հրեա: Դեռ երբեք «նա, ով չի հիշում անցյալը, դատապարտված է դրա կրկնմանը» նախադասությունն այսքան արտահայտիչ չի հնչել: Եվ այսօր, երբ մենք նշում ենք հայերի ցեղասպանության 85-ամյակը, ես վստահ եմ, որ եկել է ժամանակը որոշելու այս ողբերգության իսկական տեղը պատմության մեջ»:

 

2001թ.

 

4-6 ապրիլի – Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Հեյդար Ալիևի բանակցությունները Քի Ուեսթում:

13 ապրիլի – Հայաստանի վերաբեր­յալ UNDP տարեկան հաշվետվությունից. «Հայաստանի բնակչության գրագիտության 99%-ի պայմաններում հայ քաղաքացիների աղքատության մակարդակը կազմում է 55%, ինչը համապատասխանում է աֆրիկյան մի շարք երկրների բնակչության աղքատության մակարդակին: Հայ գործազուրկների մոտ 30%-ի տարիքը ցածր է 30-ից, իսկ բնակչության մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը Հայաստանում եռակի ցածր է լատինաամերիկյան մի շարք և Կարիբյան ավազանի երկրների համանման ցուցանիշից»: 

22 ապրիլի – Պատարագ Վենետիկի Սբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության տաճարում` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Պատարագն ուղիղ եթերով ցուցադրվում էր Իտալիայի պետական հեռուստաալիքով:

24 ապրիլի – Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապի կոնդակով երանելիների շարքին է դասվում 1915-ի նահատակ, հայ կաթոլիկ արքեպիսկոպոս Մարտինը: 

 

2002թ.

 

16 ապրիլի – ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 162 անդամի նամակը նախագահ Ջ.Բուշին, որով կոչ էր արվում կատարել նախընտրական խոստումը և ցեղասպանություն որակել 1,5 մլն հայերի կոտորածը Թուրքիայում. «Հարգելի պ-ն նախագահ, այն ժամանակ, երբ Ամերիկան ուշքի է գալիս սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումից հետո և արդարացի պատերազմ է մղում մեր ժողովրդի դեմ իրագործված զազրելի բռնության դեմ, մենք հիշում ենք ծրագրված բռնության և զանգվածային սպանդի նախկին զոհերի մասին: Հնարավոր է` այժմ ավելի, քան երբևէ, մենք կարող ենք ցավակցություն հայտնել այն սարսափների առնչությամբ, որոնց բախվեցին Օսմանյան կայսրությունում դաժանաբար սպանված 1,5 միլիոն հայեր, և նրանք, ովքեր վերապրեցին ու ապաստան գտան ԱՄՆ-ում:

Ինչպես Դուք գիտեք, ԱՄՆ-ը եզակի մարդասիրական դեր է խաղացել` ողջ աշխարհի ուշադրությունը գրավելով այն սարսափների վրա, որոնք տեղի են ունեցել Օսմանյան կայսրությունում և փրկելով վերապրածներին: Մենք պետք է հասնենք այն բանին, որ հայերի ցեղասպանության պատմական դասերը ճիշտ հասկացվեն` ապագայում ցեղասպանություններ և անիմաստ սպանություններ թույլ չտալու նպատակով: Ուստի, մեր նամակում մենք հորդորում ենք Ձեզ կատարել խոստումը, որ տվել եք 2000թ., և ապրիլի 24-ի Ձեր հիշատակի ելույթում հավուր պատշաճի ցեղասպանությունը ճանաչել որպես ցեղասպանություն: 2001թ. ապրիլի 24-ի Ձեր հայտարարությունում Դուք օգտագործեցիք ցեղասպանության բառային սահմանումը` նկարագրելով «մոտավորապես 1,5 մլն հայերի բռնի աքսորն ու ոչնչացումը Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին», բայց չօգտագործեցիք «ցեղասպանություն» բառը: Այս տարի մենք հույս ունենք, որ Դուք հեռուն կգնաք, քան անցած տարվա հայտարարությունում և կօգտագործեք «ցեղասպանություն» ճիշտ տերմինը:      

Մենք ակնկալում ենք ապրիլի 24-ի ձեր հայտարարությունը և պատրաստ ենք օգնել Ձեզ այդ ազնիվ գործում և մեր երկրի համար կարևոր ուրիշ շատ գործերում, որոնք առնչություն ունեն Հայաստանի և հարակից տարածաշրջանի հետ»:

24 ապրիլի – ԱՄՆ նախագահ Ջ.Բուշի հայտարարությունը.

«Այսօր մենք նշում ենք 20-րդ դարի սարսափելի ողբերգությունը` 1,5 մլն հայերի բռնի աքսորն ու կոտորածը Օսմանյան կայսրության վերջին տարիներին: Այդ ահասարսուռ սպանությունները թողել են վերքեր, որոնք դեռ չեն սպիացել ժողովրդի հիշողության մեջ Հայաստանում, Թուրքիայում և համայն աշխարհում: Ես Ամերիկայի և ողջ աշխարհի հայկական համայնքների հետ միասին սգում եմ այդ սարսափազդու կորուստների առիթով:

Այսօր աշխարհը հնարավորություն ունի խորհել և դասեր քաղել այդ ահավոր իրադարձություններից: Այդ օրը պետք է խոստովանել, որ ուրիշների դիվականացումը հիմք է դնում անվերջ սև ատելության համար: Այս չարագույժ մոդելի հաղթահարումը պահանջում է ցավագին ինքնավերլուծություն անցյալի հանդեպ և նոր ապագա կառուցելու իմաստուն վճռականություն` հիմնված ճշմարտության և հաշտության վրա: Այս ոգով եմ ես ակնկալում Թուրքիայից Հայաստանի հետ տնտեսական, քաղաքական և մշակութային կապերի վերականգնումը... Ամերիկյան ժողովրդի անունից ես ջերմ մաղթանքներ և համերաշխություն եմ հայտնում հայ ժողովրդին հիշատակի այս հանդիսավոր օրը: Մեր երկրները միասին նայում են ապագային խաղաղության, բարգավաճման և ազատության հասնելու հույսով և վճռականությամբ»

 

2003թ.

 

9 ապրիլի – Հայաս­տանի վերընտրված նախագահ Ռոբերտ Քոչարյանի երդմնակալությունը: «Ստանձնելով ՀՀ նախագահի պաշտոնը` գիտակցում եմ, որ ինձ վրա եմ վերցնում պատմական պատասխանատվություն: Ազգային շահերին հետևելը, մեր ժողովրդի դարավոր երազանքի աստիճանական իրականացումը, անկախ, ժողովրդավարական և բարգավաճ Հայաստանի կայացումն այլընտրանք չունեն»:

11 ապրիլի – ՀՀ Քաղաքաշինության նախարարության փորձագիտական գնահատականը. «ՀՀ տարածքում, հաշվի առնելով բնական, տնտեսական և տարածքային ռեսուրսները, կարող է բնակվել մինչև 5 մլն մարդ: Էքսպատրիացիայի վերաբերյալ մշակված փաստաթուղթը տարածքային զարգացման գործում կդառնա տարբեր ճյուղերի խնդիրների կազմակերպման հիմքը»:

24 ապրիլի – Փարիզում, «Կանադա» հրապարակի ծառուղում բացվեց Կոմիտասի արձանը: Պատվանդանին գրված է. «Կոմպոզիտոր-երգահան Կոմիտասի և 1,5 մլն հայերի հիշատակին, որոնք դարձան 20-րդ դարում իրականացված առաջին ցեղասպանության զոհերը»: Մինչ այդ Ֆրանսիայում արդեն կար Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող 34 հուշակոթող (հրապարակներ, հուշարձաններ, խաչքարեր):

24 ապրիլի – ԱՄՆ նախագահ Ջ.Բուշի հայտարարությունը.

«Այսօր նշվում է սարսափելի ողբերգության` Օսմանյան կայսրության գոյության վերջին օրերին անհամար հայերի զանգվածային սպանության և բռնի վտարման տարելիցը: Շատ հայեր այդ ահասարսուռ իրադարձություններն անվանում են «մեծ աղետ»` խոր վիշտ արտահայտելով, որը շարունակում է հետապնդել նրանց և նրանց հարևանին` թուրք ժողովրդին...

Ես ողջունում եմ նաև մեր իմաստուն և համարձակ բարեկամներին Հայաստանում և Թուրքիայում, որոնք պատրաստվում են միասին, հաշտության ոգով, քննարկել այդ իրադարձությունները և դրանց նշանակությունը: Ես ողջունում եմ նրանց այն բանի համար, որ նրանք վեր են կանգնում անցյալի վշտից և քայլեր են ձեռնարկում` նպաստելու համար ավելի լավ ապագայի կերտմանը: Ես նրանց ցանկանում եմ հաջողություն` հենված վերջին ժամանակների հիանալի նվաճումների վրա, քանի որ նրանք աշխատում են համատեղ, հույսի ու ըմբռնման ոգով...»:

 

2004թ.

 

9 ապրիլի – Թատերական հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք, որը կազմակերպել էին «Արդարություն» դաշինքը և «Ազգային միաբանություն» կուսակցությունը: Ընդդիմության հանրահավաքին միացել էին նաև Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը և «Ազատազրկում» կազմակերպությունը: Հանրահավաքը վերածվեց նստացույցի:

Ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերը միասնական ընդդիմության առաջնորդներ Արամ Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արտաշես Գեղամյանը, պատգամավորներ Սմբատ Այվազյանը, Ալբերտ Բազեյանը, Արշակ Սադոյանը, կուսակցությունների քաղխորհուրդների ներկայացուցիչներն անցկացրին նստացույցի մասնակիցների հետ, Թատերական հրապարակում: Տարբեր հաշվարկներով` հրապարակում 500-ից 1500 մարդ կար: Ոստիկանության տվյալներով` ապրիլի 9-ի հանրահավաքից հետո ձերբակալվել է 10 մարդ:

10 ապրիլի – Հայաստանի ԱԺ պատգամավորների և կառավարության անդամների հետ անցկացված խորհրդատվությունների արդյունքում, ինչպես նաև ուշադրության առնելով փորձագետների եզրակացությունները և քաղաքացիներից ինտերնետի միջոցով ստացված առաջարկությունները, կառավարությունը փոփոխություն մտցրեց «Ժողովների, հանրահավաքների, երթերի և նստացույցերի անցկացման մասին» օրինագծում:

10 ապրիլի – Տեղի ունեցավ ընդդիմության հերթական հանրահավաքը, որի ընթացքում հայտարարվեց, որ ապրիլի 12-ին տեղի է ունենալու երթ Բաղրամյան պողոտայով, որտեղ գտնվում է պետության ղեկավարի նստավայրը: «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանի խոսքերով` երթի ժամանակ ընդդիմությունը և մասնակիցները «Հայաստանում օրինական իշխանության վերականգնման» կոնկրետ գործողություններ կձեռնարկեն:

12 ապրիլի – Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը բավարարեց Հայաստանի քաղաքաշինության նախարար Արա Արամյանի հրաժարականի խնդրանքը: Նախագահի հրամանով քաղաքաշինության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց փոխնախարար Ռուզաննա Ալավերդյանը: Նախարարի հրաժարականի առիթ էր հանդիսացել նրա որդու ձերբակալությունը Երևանի «Տրիումֆ» սրճարանում տեղի ունեցած փոխհրաձգության գործով:

12-13 ապրիլի – Գիշերային բախումներ Երևանում, ՀՀ իրավապահ ուժերի և ընդդիմադիրների միջև:

22 ապրիլի – Կանադայի խորհրդարանն ընդունում է Օսմանյան Թուրքիայում 1915թ. իրականացված հայերի ցեղասպանությունը (կողմ` 153, դեմ` 68 խորհդարանական). «Մենք որոշում ենք ընդունում, որում Հայերի զանգվածային սպանությունն Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ որակում ենք որպես ցեղասպանություն»:

 

2005թ.

 

4 ապրիլի – ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ի ցավակցական նամակները Հռոմի կաթոլիկ եկեղեցու բարձրագույն հոգևորականությանը` Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի մահվան կապակցությամբ:

13 ապրիլի – ՀՀ Պաշտպանության նախարարության հայտարարությունը. «Հայաստանը խնդիր չի դնում ՆԱՏՕ-ին անդամակցությունը, սակայն չի հրաժարվում օգտագործել համագործակցության բոլոր ձևերը, որոնք կհանգեցնեն անվտանգության համակարգի ձևավորմանը: Հայաստանի այսօրինակ քաղաքականության պատճառը տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի գնահատականն է և այս կամ այն հարևանի առկայությունը»:

23 ապրիլի –  Բելգիայի խորհրդարանն ընդունում է օրինագիծ (108 կողմ, 21 ձեռնպահ), ըստ որի` «Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը ժխտող անձինք կբանտարկվեն կամ կենթարկվեն վարչական տույժի»:

 

2006թ.

 

14 ապրիլի – ՀՀ Կենտրոնական բանկի տեղեկությունը. «2005թ. մասնավոր տրանսֆերտների գծով Հայաստան է եկել 244,2 մլրդ դրամ (($542,5 մլն) կամ տրանսֆերտների ընդհանուր ծավալի (որը կազմում է 276,9 մլրդ դրամ կամ $614,9 մլն) 88%-ը: ...Հայաստան եկած տրանսֆերտների ծավալը 7,5 անգամ գերազանցել է Հայաստանից արտասահման կատարված տրանսֆերտների ծավալը: 2004թ. համեմատ Հայաստան դրամական մուտքերի ծավալն ավելացել է 1,29 անգամ, իսկ Հայաստանից արտասահման` 1,12 անգամ»:  

26 ապրիլի – Արգենտինական Բուենոս Այրես նահանգի Ներկայացուցիչների պալատը միաձայն օրինագիծ է ընդունել, որի համաձայն` ապրիլի 24-ը նշվելու է որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանության հիշատակի օր, որի զոհ է դարձել հայ ժողովուրդը»:

 

2007թ.

 

26 ապրիլի – Մամուլի ասուլիս, որը հրավիրվել էր` պարզաբանելու համար Մատենադարանի ձեռագրերի թվայնացման և Հիլ թանգարանի (ԱՄՆ Մինեսոթայի նահանգի ձեռագրատուն) միջոցներով համակարգչային շտեմարանի ստեղծման ծրագրի շուրջ հասարակության մեջ ծագած տարաձայնությունների հետ կապված իրավիճակը: Հիլ թանգարան-ձեռագրատունը նման պայմաններով թվային համակարգ է ստեղծել Անթիլիասի, Զմառի և Կոստանդնուպոլսի հայերեն ձեռագրերի, ինչպես նաև արևելաքրիստոնեական մի շարք ժողովուրդների` ղպտիների, ասորիների, քրիստոնյա արաբների համար: Ձեռագրերի թվայնացմանը հավանություն է տվել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը: «Ես այստեղ վտանգ չեմ տեսնում, քանի որ մենք գործ ունենք հուսալի գործընկերների հետ, որոնք նյութական շահագրգռություն չունեն: Պարզապես նրանց մոտ կպահպանվի ձեռագրի յուրաքանչյուր նմուշի մեկական թվային պատճենը, ինչը շահավետ է հայերի համար անվտանգության տեսակետից»,- հայտարարել է Մատենադարանի տնօրեն Սեն Արևշատյանը: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը հավանություն տվեց Մատենադարանի ձեռագրերի թվայնացմանը:   

8 ապրիլի – ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը. «Եթե Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մեծամասնություն ստանա հայկական խորհրդարանում, ապա ես` որպես առաջնորդ, կներկայացնեմ իմ թեկնածությունը 2008թ. նախագահական ընտրություններում: Մի բան է, երբ նախագահի թեկնածու առաջադրելու հնարավորության մասին խոսում է մեծամասնությունը, բոլորովին այլ բան, երբ խոսքը անձանց նեղ շրջանակի մասին է: Նախագահի պաշտոնին իմ թեկնածությունն առաջադրելու մասին որոշումս կկայացնեմ մայիսի 13-ին, այսինքն` խորհրդարանի ընտրություններից հետո: Եթե այն քաղաքական ուժը, որի հետ գնում եմ ընտրությունների` Հանրապետական կուսակցությունը, ծանրակշիռ աջակցություն ստանա, ապա, բնականաբար, ես կդնեմ թեկնածությունս: Իսկ եթե բնակչության աջակցությունը 10-15% լինի, ապա իմաստ չունի»:

 

2008թ.

 

21 ապրիլի – Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ավարտեց երկրի` 17 նախարարություններից կազմված նոր կառավարության կազմավորումը: Առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը վերանվանվեց Էկոնոմիկայի նախարարություն, Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը դարձավ Ֆինանսների նախարարություն: Փրկարար ծառայության հիմքի վրա ստեղծվեց Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Նախագահի ապրիլի 21-ի հրամանով Հայաստանի կառավարությունը համարվում է ձևավորված, քանի որ նշանակված են նախարարների կաբինետի բոլոր անդամները.

1. Տարածքային կառավարման նախարարություն, ղեկավարը` Արմեն Գևորգյան, նույն ինքը` փոխվարչապետ: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարը, փաստորեն, տեղը փոխեց տարածքային կառավարման արդեն նախկին նախարար, փոխվարչապետ Հո­վիկ Աբրահամյանի հետ: Վերջինս ղեկավարելու է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմը:

2. Առողջապահության նախարարություն, ղեկավարը` Հարություն Քուշկյանը («Բարգավաճ Հայաստան»), նախկին կառավարությունում ևս այս պաշտոնին էր:

3. Արդարադատության նախարարություն, ղեկավարը` Գևորգ Դանիելյանը, մնաց իր պաշտոնին:   

4. Արտաքին գործերի նախարարություն, ղեկավարը` Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ դեսպանն էր Ֆրանսիայում: Նալբանդյանի նախորդը` Վարդան Օսկանյանը, մտադիր է հանրային ֆոնդ ստեղծել:

5. Արտակարգ իրավիճակների նախարարություն, ղեկավարն է Մհեր Շահգելդյանը («Օրինաց երկիր»):

6. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ղեկավար Աղվան Վարդանյանը (ՀՅԴ) մնաց իր պաշտոնին:

7. Բնության պահպանության նախարարություն, ղեկավար Արամ Հարությունյանը (ՀՀԿ) մնաց իր պաշտոնին:

8. Գյուղատնտեսության նախարարություն, ղեկավար Դավիթ Լոքյանը (ՀՅԴ) մնաց իր պաշտոնին:

9. Էկոնոմիկայի նախարարություն, ղեկավար Ներսես Երիցյանը մնաց իր պաշտոնին:

10. Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, ղեկավար Արմեն Մովսիսյանը (ՀՀԿ) մնաց իր պաշտոնին:

11. Կրթության և գիտության նախարարություն, ղեկավար Լևոն Մկրտչյանը (ՀՅԴ) մնաց իր պաշտոնին:

12. Մշակույթի նախարար, ղեկավար Հասմիկ Պողոսյանը (ՀՀԿ քվեով) մնաց իր պաշտոնին:

13. Պաշտպանության նախարարություն, ղեկավարն է Սեյրան Օհանյանը, նրա նախորդը` Միքայել Հարությունյանը, նշանակվեց նախագահի խորհրդական:

14. Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, ղեկավար Արմեն Գրիգորյանը («Բարգավաճ Հայաստան») մնաց իր պաշտոնին:

15. Տրանսպորտի և կապի նախարարություն, ղեկավարն է Գուրգեն Սարգսյանը, նրա նախորդը` Անդրանիկ Մանուկյանը, նշանակվել է նախագահի խորհրդական:

16. Քաղաքաշինության նախարարություն, ղեկավար Վարդան Վարդանյանը («Բարգավաճ Հայաստան») պահպանեց պորտֆելը:

17. Ֆինանսների նախարարություն, նախարարն է Տիգրան Դավթյանը` Զարգացման գործակալության նախկին ղեկավարը: 

22 ապրիլի – Հայաստանի բնության պահպանության նախարարությունը և ռուսաստանյան «Атомредметзолото» ԲԲԸ-ն ստեղծեցին համատեղ «Հայռուսական լեռնահանքային ընկերություն», որը զբաղվելու է Հայաստանի Սյունիքի մարզում ուրանի ենթադրյալ հանքաշերտերի երկրաբանական հետազոտությամբ:

23 ապրիլի – Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց ՌԴ Մշակույթի և կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության ղեկավար Միխայիլ Շվիդկոյին:

Շվիդկոյն անդրադարձավ հայռուսական հարաբերությունների դինամիկ զարգացմանը և հաղորդեց, որ ներկայում հայ գործընկերների հետ քննարկվում է մանկապատանեկան համատեղ ծրագրերի իրականացման հարցը: Միևնույն ժամանակ, Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և ՌԴ մշակույթի և կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության պետ Միխայիլ Շվիդկոյը հուշագիր ստորագրեցին 2008թ. հայռուսական մշակութային համագործակցության մասին:

 

2009թ.

               

13 ապրիլի – ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարող է կարգավորվել առաջիկա ամսվա ընթացքում»: ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան, մեկնաբանելով այս հայտարարությունը, նշեց, որ իր ղեկավարը խոսել է երկու-երեք ամսվա մասին, «ինչն, ի դեպ, միանգամայն իրական է»:

22 ապրիլի – ԱՄՆ քաղաքացի Լև Ռոյթմանի հայտարարությունը, որն ավելի քան երեսուն տարի որպես ավագ մեկնաբան աշխատել է ՌԱԵ/ՌԱ «Ազատություն» ռադիոկայանում (Նյու Յորքում, Մյունխենում, Պրահայում). «Ռադիոկայանի ցանկացած գործողության համար պատասխանատվություն է կրում նրա նախագահ Ջեֆրի Գեդմինը` որպես կազմակերպության բարձրագույն պաշտոնատար անձ: Գործնականում աշխատանքից հեռացումների մասին որոշումներն ընդունվում և իրականացվում են անձնակազմի բաժնի տնօրենի կողմից: Աստվածները չէ, որ թրծում են կճուճները, աստվածները չէ, որ կենսագործում են «Ազատություն» ռադիոյի «փիլիսոփայությունը»: Մի տնօրինուհի 1996թ. նոյեմբերին անհետ կորավ Պրահայից, երբ չեխական ոստիկանությունը ձեռնամուխ եղավ մարդկանց առևտրին նրա հնարավոր մասնակցության հետաքննությանը, մեկ այլ տնօրեն, առանց ավելորդ աղմուկի, աթոռին հրաժեշտ տվեց 2004թ. հոկտեմբերին, երբ մի քանի աշխատակցուհի նրան մեղադրեցին սեռական ոտնձգությունների մեջ:

Սնեժանա Պելիվանը և Աննա Կարապետյանն առաջինն ու վերջինը չեն, որոնք ազատվել են առանց նախազգուշացման, առանց որևէ կարգապահական միջոցի (պատճառ չկար, երկուսն էլ ամենամյա հիանալի ատեստացիա ունեին) և առանց հեռացման պատճառները նշելու: Նրանք, դրա հետ մեկտեղ, նաև դրամական փոխհատուցում չստացան երկարամյա ծառայության համար, քանի որ հրաժարվեցին ստորագրել, թե համաձայն են հեռացման օրինականության և դրանով իսկ դատարան դիմելու իրավունքից հրաժարվելու հետ: Ոմանք ենթարկվում են այդ պահանջին և ստորագրում: Ահա այսպիսի «փիլիսոփայական» ձևով է «Ազատությունը» հեռացրել ռուս, բելառուս, այդ նույն հայկական, նույն ուզբեկական ու թուրքմենական, հյուսիսկովկասյան, հարավսլավական, ադրբեջանական և այլ խմբագրությունների աշխատակիցներին»:   

22 ապրիլի – Թուրքիան և Հայաստանը, երկկողմ բանակցությունների ժամանակ, որոնք անց էին կացվում Շվեյցարիայի միջնորդությամբ, համաձայնեցրին երկկողմ հարաբերությունների կարգավորման փուլային պլանը, այսպես կոչված «ճանապարհային քարտեզը»:

27 ապրիլի – ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մամուլի ասուլիսը Երևանում: Որպես կարևորագույն նորություն դիվանագետները նշեցին, որ ըստ էության առաջին անգամ դառնում են վկան այն բանի, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն արդեն պատրաստ են աշխատել իրենց հանրությունների հետ կարգավորման միջոցների վերաբերյալ: «Եղավ մի պահ, երբ թվում էր, թե պետությունների ղեկավարները բավարար չափով չեն պատրաստում իրենց երկրների հանրությանը զիջումներին, բայց այժմ մենք համոզված ենք, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում կարող են պատրաստել իրենց երկրների հանրությանը զիջումներին, ինչպես նաև բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը»,- հայտարարեց Բեռնար Ֆասիեն: Հարցին, թե բանակցային գործընթացում ինչ սկզբունքային փոփոխություններ զգացին իրենք` դիվանագետները, Հայաստանում իշխանությունը փոխվելուց հետո (հաշվի առնելով այն, որ Բաքվի դիրքորոշումը գործնականում չէր փոխվել), և նախագահներից որ մեկը` Ռոբերտ Քոչարյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանն է իրենց կողմից «ավելի կառուցողական» ընկալվում, ամերիկյան միջնորդ Մեթյու Բրայզան արձագանքեց. «Չեմ պատասխանի այդ հարցին, որովհետև կարող եմ վիրավորել նրանցից մեկին»: Մի փոքր մտածելով` ավելացրեց. «Համենայնդեպս, Սարգսյանը և Ալիևը, եթե իրար չեն էլ սիրում, ապա գո­նե փոխադարձ հարգանք են ցուցաբերում»:   

 

Պատրաստեց Հայկ Վարշամունին

 

 

Share    


Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am