Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Ամսվա քրոնիկա և համարի տեսություն

Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Ապրիլ 2010, N 3

ԱՄՍՎԱ ՔՐՈՆԻԿԱ ԵՎ ՀԱՄԱՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ ամսվա 24-ը համայն հայության համար ամենամութ օրն է: Այս տարի կլոր տարեթիվ էր` հայ մտավորականության կարկառուն դեմքերի ոչնչացման մասին բարբարոսական որոշման կայացման 95-ամյակը: Այդպես սկսվեցին Հայոց ցեղասպանությունն ու Արևմտյան Հայաստանի հայաթափումը` հայրենազրկումը: Վերջին հինգ տարիներին Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը դարձել է գլոբալ հարց համաշխարհային քաղաքականությունում: Հուսանք, որ ևս հինգ տարի անց, հայոց ողբերգության հարյուրամյակի տարելիցին, Հայոց ցեղասպանության շուրջ բանավեճերն ու քննարկումները հուշ կդառնան. դրանք այդպիսին կդառնան, հենց որ երկրագնդի առանցքային պետությունները` ԱՄՆ գլխավորությամբ, կճանաչեն Հայոց ցեղասպանությունը և կնախաձեռնեն հայ ժողովրդի քաղաքական փոխհատուցման գործընթացը:

Ապրիլ-2010-ը հազվադեպորեն հագեցած էր զանազան իրադարձություններով: Դրանցից մի քանիսը բեկումնային կդառնան, և խոսքն, ըստ էության, դրանց մասին կլինի: Բայց ապրիլի գլխավոր իրադարձությունն արտաքին ուժերի «խորհուրդներով» հայկական կողմի նախաձեռնած, այսպես կոչված, «ֆուտբոլային դիվանագիտության» ավարտն էր (կամ ֆիասկոն, կամ ձախողումը, կամ սառեցումը, կամ դադարը, կամ մի որևէ այլ բան): Դա, անշուշտ, նշանային իրադարձություն է, և միանշանակ գնահատական տալ այսօր չի կարելի: Կարելի է միայն վերլուծել և վերհանել ընդհատված մեկուկեսամյա գործընթացից Հայաստանին բաժին հասած դրական ու բացասական կողմերը: Սկզբում` մի փոքրիկ անդրադարձ պատմական ժամանակագրությանը: 

2008թ. ամռանը նախագահ Սարգսյանը Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին հրավիրեց դիտելու երկու երկրների ֆուտբոլի հավաքականների սեպտեմբերյան հանդիպումը: Այսպես սկսվեց «ֆուտբոլային դիվանագիտությունը»: 2009թ. ապրիլի 22-ին Շվեյցարիայից լուր ստացվեց, թե Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունները շվեյցարական կողմի միջնորդությամբ պայմանավորվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման «ճանապարհային քարտեզի» մասին: Դա, ասես, որոտ էր պարզ երկնքում. դաշնակցականները դուրս եկան իշխող կոալիցիայից, պահանջեցին ԱԳՆ նախարար Նալբանդյանի հրաժարականը և մնացած կեղծ-ազգայնական ուժերի հետ միասին համազգային հիսթերիա հրահրեցին: Հասարակությունը հայտնվեց տենդի մեջ:

Այնուամենայնիվ, փակ բանակցությունները Շվեյցարիայում շարունակվում էին, և 2009թ. օգոստոսին նախաստորագրվեց երկու արձանագրություն: Որոշվեց այդ փաստաթղթերը ներկայացնել համաժողովրդական քննարկման, իսկ հետո` ստորագրել դրանք: Եվ հետո` վավերացնել երկու երկրների խորհրդարաններում: Երկրում հիսթերիայի նոր ալիք սկսվեց:

Համահայկական շրջագայություն կատարելով և իբր խորհրդակցելով հայրենակիցների հետ, որոնց մեծամասնությունը (հատկապես արտասահմանում) սաստիկ դեմ արտահայտվեց արձանագրություններին, Սերժ Սարգսյանը նշված ժամկետում իր նախարարին ուղարկեց Ցյուրիխ` արձանագրությունները ստորագրելու համար, որոնցում տառ անգամ չէր փոխվել: Ոչ ոք այդպես էլ չհասկացավ, թե ինչու էր պետք համազգային քննարկումներ կազմակերպել և անառողջ կրքեր բորբոքել, իսկ հետո անել այնպես, ինչպես որոշված էր: Եվ արդյո՞ք իմաստ կա ամբողջ ժողովրդով քննարկել ինչ-որ բան, երբ չեն էլ մտածում ոչ միայն հրաժարվել, այլև ինչ-որ բան փոխել մտահղացվածի մեջ:

Դե, իսկ Վլադիմիր Ուլյանովի ծննդյան 140-ամյակի օրը Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ խորհրդարանից հետ է կանչում արձանագրությունները (ավելի ճիշտª նախագահը ստորագրել է հրամանագիր արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին) և կարծում է, որ «ֆուտբոլային դիվանագիտության» փուլն ավարտված է: Ահա այսքանը:

Փուլն ավարտվեց` առանց արդյունքների հասնելու: Հետևաբար, վատ չէր լինի, որ մտածեին` արժե՞ր արդյոք սկսել այդ փուլը: Ցավոք, նման հարցերը` ինչպե՞ս վարվել միջազգային ասպարեզում, ի՞նչ ասել, ի՞նչ և ինչպե՞ս նախաձեռնել և այլն, որոշվում են ոչ Հայաստանում, այնպես որ` պահանջներ տեղական ղեկավարությունից ունենալ չենք կարող:

Սակայն, հետևանքներ մեկուկես տարի տևած «ֆուտբոլային դիվանագիտության» փուլից, այնուամենայնիվ, կան: Իսկ Հայաստանի համար դրանք այնքան էլ խոստումնալի չեն: Միակ դրական արդյունքը պետք է համարել դաշնակցականների` ընդդիմության շարքերը հեռանալը և իշխանության որոշակի մաքրազտումը: Թեև կա նաև հակառակ տեսակետը. ընդդիմությունում գտնվելով` դաշնակցականները երկրին ավելի մեծ վնաս բերեցին, քան իշխանությունում, այնպես որ` ոմանք գերադասում են նրանց իշխանությունում տեսնել, միայն թե երկրին պակաս վնաս հասցվի: Իհարկե, այս միտքը տրամաբանություն ունի, բայց այն միանշանակ ընդունել կամ մերժել, իմ կարծիքով, չի կարելի: Միանշանակ պետք է ընդունել միայն այն, որ դաշնակցականները հայերի խաչն են, և նրանք այն ստիպված են կրել ` այն հիվանդ երեխայի նման, որից առողջ ընտանիքը երբեք չի հրաժարվի:

Այժմ` փուլի բացասական կողմերի մասին: Դրանցից գլխավորը պետք է համարել երկրի հասարակության ու քաղաքական ղեկավարության «դաշնակցականացումը», ինչպես նաև օբյեկտիվ իրականության աղետալի խեղաթյուրումը մարդկանց գիտակցության մեջ:

«Դաշնակցականացումը» դարձավ երկրի քաղաքական ղեկավարության թուլության և անվճռականության, ինչպես նաև հայերի` իրականությունից փախչելու և ողբալու տենչի գենետիկ հակվածության հետևանքը: Սկզբունքը հետևյալն էր. եթե դաշնակցականները և մյուս ընդդիմադիրներն ասում են, որ մենք լալիս ենք Ցեղասպանության զոհերի և Արևմտյան Հայաստանի համար, ուստի չի կարելի այս, այս, այս բաներն անել, ապա ղեկավարությունն, ի պատասխան, ասում է. եթե դուք լալիս եք, մենք ողբում ենք, եթե դուք երկու կաթիլ արցունք եք թափում, մեր արցունքները երկու տոննա են, եթե դուք սգում եք Արևմտյան Հայաստանի համար, մենք առհասարակ կսգանք Տիգրան Մեծի կայսրության համար, վերջապես, եթե դուք նացիոնալիստ ու հայրենասեր եք, մենք պահուստում Գարեգին Նժդեհի նացիստական ուսմունքն ունենք, որը ցանկացած պահի վերստին կթարմացնենք ու կվերածենք պետության պաշտոնական գաղափարախոսության, որին համարժեք պատասխան ձեզ մոտ չի գտնվի (քանի որ հիվանդ հասարակությունում նացիզմը միշտ հաղթում է նացիոնալիզմին): Մի ամբողջ տարվա ընթացքում (իսկ ապրիլին դա արդեն անհերքելի փաստ դարձավ) զանգվածային լրատվամիջոցները և, հատկապես, հեռուսատեսությունը (որն ամբողջովին գտնվում է իշխանության վերահսկողության տակ) այն աստիճան կտրվեցին իրականությունից, որ այսօր կարելի է փաստել. Հայաստանի հեռուստատեսությունը բացարձակապես դաշնակցական է, քարոզում է կեղծ նացիոնալիզմ, ապուշացնում է մարդկանց, հաղորդում է «բարձր» ու «վսեմ» նյութեր. մի տարբերությամբ միայն, որ, ի տարբերություն դաշնակցականների, չի քննադատում նախագահ Սարգսյանին և չի պահանջում արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հրաժարականը, չի հորդորում հրաժարվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից և իշխանափոխությամբ չի սպառնում: Հանրային հեռուստատեսության ղեկավարությունում վերջերս կատարված փոփոխությունները շոշափելի արդյունքներ չտվեցին, և այսօր բնակչության նորմալ մասն էլ ավելի մեծ զզվանք է զգում պաշտոնական քարոզչության հանդեպ, քան երբևէ: Իսկ ինչ վերաբերում է մյուսներին, ապա «դաշնակցականացումը» նրանց վրա չի ազդել. նրանք ավելի շատ վստահում են այն ԶԼՄ-ներին (մասնավորապես, «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը), որոնք ոչ միայն «ողբում» և թուրքատյացություն են հրահրում, այլև խոսում են իշխանափոխության և հայ-թուրքական արձանագրություններից հրաժարվելու անհրաժեշտության մասին: Այսպիսով, «դաշնակցականացման» վերաբերյալ ղեկավարության մտահղացումը` հասարակությանն իր կողմը գրավելու նպատակով (ինչպես և երկու տարվա ընթացքում ներքին քաղաքականությունում նախագահի աշխատակազմի մյուս բոլոր նախաձեռնությունները), ձախողվեց. ասել է թե` էլ ավելի վանեց իրենից նորմալ հասարակությանը, իսկ բնակչության` դաշնակցականների կողմից առաջնորդվող կեղծ-նացիոնալիստական հատվածը, Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի ընդդիմադիր էլեկտորատը, բնականաբար, մնաց իր կարծիքին:

Ինչ վերաբերում է օբյեկտիվ իրականության խեղաթյուրմանը մարդկանց գիտակցությունում, ապա, ի հաստատումն այդ տեսակետի, հարկավոր է մի քանի նկատառում հայտնել:

Առաջին. հայ-թուրքական հարաբերությունների` 2008թ. նախաձեռնված և սույն ապրիլին սառեցված կարգավորումը դարձավ ազգային նշանակության թիվ 1 հարցը: Մի կողմ նետելով իրենց բոլոր գլոբալ խնդիրները, այնպիսիք, ինչպիսիք են, ասենք, տնտեսությունը զարգացնել և կոռուպցիային վերջ տալ չկարողանալը, անարդարությունն արմատախիլ անելու և իրերն իրենց անուններով կոչելու անկարողությունը, ինչից էլ, ըստ էության, ծագում է մեր դժբախտությունների և ուրիշ շատ բաների մեծ մասը, հայերը եռանդագին ձեռնամուխ եղան հայ-թուրքական հարաբերություններին և աշխարհի աչքի առջև մի շարք ներկայացումներ սարքեցին, որոնցից յուրաքանչյուրը (լինի նախագահ Սարգսյանի վրա արտասահմանում ձվեր նետելը կամ կեղծ նացիոնալիստների նախաձեռնությունը` Սուրբ Ծննդյան օրվա նման «սուրբ տոն» հռչակել Վուդրո Վիլսոնի արբիտրաժային որոշման օրը, կամ քաղաքական մի շարք կուսակցությունների տարածքային հավակնությունները Թուրքիայի նկատմամբ), մեղմ ասած, ազգային խայտառակության մարմնացում դարձավ:

Երկրորդ. նորմալ հասարակությունում և պետությունում որևէ մեկի, անգամ թշնամական պետության հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը չի կարող լինել ազգային նշանակության թիվ 1 հարց: Մանավանդ որ խոսքը միայն հայ-թուրքական սահմանի բացման և դեսպանությունների փոխանակման մասին էր: Վրաստանը և Ռուսաստանն այսօր թշնամություն են անում և խզել են դիվանագիտական հարաբերությունները, Ռուսաստանը փաստորեն մասնատեց Վրաստանը, բայց այդ երկրներն ընդհանուր սահման են բացել` հիսթերիա չառաջացնելով իրենց հանրությունների ներսում: Իսրայելը հաշտվեց Եգիպտոսի հետ 1978թ. արյունահեղ պատերազմներից հետո և տարածքներ վերադարձրեց` նույնպես առաջնորդվելով առողջ բանականությամբ և երկրի ներսում առանց որևէ բարդություն ստեղծելու: Այդ նույն Իսրայելի սահմանը Պաղեստինի ինքնավարության հետ նույնպես բաց է, ի հեճուկս արյունահեղության, որը շարունակվում է անցյալ հարյուրամյակի 20-ականներից (միայն մի քանի անգամ Իսրայելը, դաստիարակչական նպատակներով, փակել է սահմանը ինթիֆադաների ժամանակ և Պաղեստինի բնակչությանը մատնել սովի և գործազրկության):

Կարծում եմ` ասվածը բավական է` ընդունելու համար ազգային գիտակցությունում օբյեկտիվ իրականության խեղաթյուրման փաստը: Սա, անշուշտ, վտանգավոր ախտանիշ է, քանի որ ի վիճակի է մթագնել բանականությունը և թույլ չտալ երրորդական հարցերով տարված հասարակությանը տեսնել իրական վտանգն արագ փոփոխվող աշխարհում: Մանավանդ որ ճակատագիրն ապագայում հայերի համար բազմաթիվ ստորջրյա խութեր է պատրաստել, որոնցից յուրաքանչյուրն ազգային լուրջ խնդիր է, որի լուծումը հնարավոր է միայն սթափ բանականության առկայության պարագայում:

Սպասենք իրադարձությունների զարգացմանը հայ-թուրքական երկխոսությունում: Հայաստանից այստեղ քիչ բան է կախված. Հայաստանը կվարվի օտարերկրյա հանձնարարականներին համապատասխան: Իսկ Թուրքիան, բնականաբար, շատ ավելի սուվերեն պետություն է և գոնե 70-80%-ով ինքնուրույն է որոշում իր արտաքին քաղաքականությունը: Պետք է կարծել` իրադարձությունների զարգացումը երբեք չի հակասի թուրքական շահերին, մանավանդ որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկրորդ անգամ անընդմեջ «հիասթափեցրեց» հայությանը` հուշելով ՆԱՏՕ գծով իր դաշնակցին (իմիջիայլոց, Թուրքիան ԱՄՆ ամենահուսալի դաշնակիցն է տարածաշրջանում, ավելին, ԱՄՆ-ի հետ շահերի տարբերություն գրեթե չի նկատվում, Իսրայելի հետ ամերիկացիներն ավելի շատ տարաձայնություններ ունեն, հատկապես դեմոկրատական վարչակազմերի օրոք), որ Միացյալ Նահանգները միշտ Թուրքիային նրբանկատորեն ու խիստ «կոկիկ» է ճնշելու` չվնասելու համար հավատարիմ դաշնակցի շահերին:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով Բարաք Օբամայի ուղերձի տեքստին, ապա այն խելահեղ հետաքրքրության առնչությամբ, որով հայությունը սպասում էր դրա հայտնվելուն, նպատակահարմար ենք համարում հրապարակել այն ամբողջությամբ.

«Այս սուրբ օրը, մենք դադար ենք առնում հիշելու, որ 95 տարի առաջ սկսվել է 20-րդ դարի ամենասարսափելի վայրագություններից մեկը: Պատմության այդ մշուշոտ օրը 1,5 միլիոն հայեր կոտորվել կամ մահվան երթի են տարվել Օսմանյան կայսրության գոյության վերջին օրերին: Այսօր ժամանակն է վերանայելու և դասեր քաղելու այս սարսափելի իրադարձություններից:

Ես միշտ էլ հայտնել եմ իմ դիրքորոշումը` 1915 թվականին տեղի ունեցածի առնչությամբ և իմ տեսակետն այս հարցում չի փոխվել: Մենք բոլորս ցանկանում ենք տեսնել փաստերի ամբողջական, ազնիվ ու արդարացի ճանաչում: Ողջունում եմ այն թուրքերին, ովքեր 1915 թվականին փրկել են հայերի և ոգևորված եմ Հայաստանի ու Թուրքիայի միջև սկսված երկխոսության կապակցությամբ: Միասին Հայաստանն ու Թուրքիան ուժեղ կարող են լինել` ճանաչելով իրենց համատեղ պատմությունն ու մարդկային հատկանիշները:

Չնայած առճակատվում ենք 1915 թվականի անմարդկային իրադարձություններին, մենք նաև ոգեշնչված ենք հայ ժողովրդի անկրկնելի ոգով: Մինչդեռ ոչինչ չի կարող վերադարձնել Մեծ Եղեռնի զոհ գնացածներին: Բայց այն ներդրումը, որ հայերն ունեցել են վերջին 95 տարիների ընթացքում, վկայությունն են հայ ժողովրդի տաղանդի, դինամիկության և ճկունության, ու ամենամեծ նախատինքն են նրանց, ովքեր փորձել են իրենց բնաջնջել:

ԱՄՆ-ը շատ ավելի հարուստ երկիր է ծագումով հայ բազմաթիվ հայերի շնորհիվ, ովքեր ներդրում են ունեցել մեր հասարակությունում և ովքեր մեր երկիր են ներգաղթել 1915-ից հետո: Հայերի ամուր ավանդույթներն ու մշակույթը նաև հիմք են դարձել նոր հանրապետության հիմնադրման համար, որն այսօր համագործակցում է միջազգային հանրության հետ` կերտելու ավելի կայուն ապագա:

Այսօր մենք դադար ենք առնում նրանց և աշխարհի ցանկացած վայրում գտնվող բոլոր հայերի հետ` հիշատակելու 1915 թվականի սարսափելի իրադարձությունները` խորապես հիանալով նրանց ունեցած ներդրման համար, ինչը մեզ ապագայի հույս է տալիս»:

Ինչպես տեսնում ենք, Բարաք Օբաման ասել է միայն այն, ինչը պետք էր իրեն, իր երկրին ու իր դաշնակիցներին: Հազիվ թե արժե նեղանալ նրանից, համենայնդեպս` Օբաման լուրջ տերության առաջնորդ է: Եվ թող ների նրան հայությունն այն բանի համար, որ նա մեզ տիեզերքի կենտրոնը չի համարում` անտեսելով հայ պատմագրության վերջին «առաջավոր հայտնագործություններն ու նվաճումները»...

Հայ-թուրքական ընդհատված երկխոսության մասին խոսակցության ավարտին ևս մի քանի նկատառում հայտնենք:

Ակնհայտ է, որ հավերժական թշնամու հետ հաշտվելու գաղափարը բնակչությանը հրամցնելով` իշխանությունն իրեն պատսպարեց ուրիշ տհաճություններից: Մասնավորապես, անցած տարվա ընթացքում խելամիտ ոչ մի բողոք չլսեցինք երկրի տնտեսության աղետալի վիճակի մասին. ՀՆԱ անկումը մեկ քառորդով նորմալ երկրում կհանգեցներ ոչ միայն կառավարության ու խորհրդարանի, այլև նախագահի հրաժարականին: Ողջ տարվա ընթացքում տնտեսական թեմայով ոչ մի ըմբռնելի միտք չհնչեց, կառավարությունում իրավիճակը վերիմաստավորելու և ինչ-որ նոր բան մտածելու ոչ մի փորձ չտեսանք, իսկ դա արդեն, մեղմ ասած, վատ է, քանի որ ակնհայտ է, որ այսպես զարգանալն այլևս անհնար է և չի կարելի: Քոչարյանի ժամանակները, երբ էլիտար տներ էին կառուցում և հարկադիր կարգով դրանք վաճառում բարձրացված գներով` տնտեսական աճի թվացյալություն ստեղծելով (աճը թվացյալ ենք անվանում այն պատճառով, որ բնակչության լայն խավերի վրա ՀՆԱ երկնիշ աճը չի անդրադարձել), արդեն հետևում են մնացել, հետևաբար, հարկավոր է մտածել բիզնես-իշխանություն, պետություն-հարկատու և այլ փոխհարաբերությունների նոր մոդելների մասին: Իսկ այս ուղղությամբ տեղաշարժեր չեն նկատվում: Տնտեսության մասին լրջորեն և ըստ էության խոսել է միայն երեք գործիչ (յուրաքանչյուրն` ըստ իր մասնագիտական, բարոյական և անձնական հատկանիշների)` ինքնատիպ բացառություն դառնալով հայ-թուրքական «մշուշում». Արտաշես Գեղամյանը, որը տեղական մամուլում հանդես է եկել վերլուծական հոդվածաշարով և նրբանկատորեն կտրուկ քննադատության ենթարկել Տիգրան Սարգսյանի կաբինետին, Հրանտ Բագրատյանը, որը մի շարք հոդվածներով քամուն է տվել քաղաքական ղեկավարությանը, նախկին նախագահ Քոչարյանը, որը դժգոհություն է հայտնել կառավարության տնտեսական քաղաքականության առնչությամբ, քանի որ, նրա կարծիքով, կաբինետը առասպելական թանկ բնակարանների «պահանջարկ չի ստեղծում», ինչի հետևանքով հարկադրաբար հարյուր միլիոնների վնաս են կրում իր վերահսկողության տակ գտնվող ընկերությունները:

Եթե երկրի ղեկավարությունում լիներ մեկը, որն օժտված լիներ Վլադիսլավ Սուրկովի` քաղաքական վարչարարության արվեստի ձիրքով, ապա կարելի կլիներ եզրակացնել, որ իշխանությունը գիտակցաբար հանրությանն է հրամցրել հայ-թուրքական թեմատիկան` նրա ուշադրությունն իսկապես առաջնային և հանապազօր խնդիրներից շեղելու նպատակով: Սակայն մենք նման մեկին չունենք, հետևաբար, երկրի ներքին քաղաքականությունը ողջ տարվա ընթացքում հանձնվել էր տարերայնության ինքնահոս հորձանքին: Այլ կերպ` չկար ներքին քաղաքականության ուղղորդողը, որն ինքը տոն կհաղորդեր և ինքն էլ կվերահսկեր իրադարձությունների զարգացումը: Հանուն արդարության պետք է ասել, որ ընդդիմությունն ավելի շատ էր ազդում ներքաղաքական գործընթացի վիճակի վրա, քան նախագահի աշխատակազմը, և «դաշնակցականացումը», որի մասին վերը խոսեցինք, թելադրված էր հենց «ազգային-հայրենասիրական» ընդդիմության կողմից և կայացավ միայն բարձրագույն իշխանության անարդյունավետության հետևանքով, որը չկարողացավ դրան որևէ գործուն բան հակադրել:

Տեսնենք, թե ինչպես կդասավորվի ցյուրիխյան արձանագրությունների ճակատագիրը, ինչ կորոշեն Վաշինգտոնում և Անկարայում: Հուսանք, որ այսուհետ Հայաստանում էլ չի լինի փսիխոզի այն պոռթկումը, որը հարկադրված էինք տեսնել վերջին ողջ տարվա ընթացքում: 

Հակիրճ կանգ առնենք աշխարհում ապրիլյան առավել նշանակալի իրադարձությունների վրա:

Ապրիլի 7-ին, տարերայնորեն բռնկված քաղաքացիական գործողությունների արդյունքում, որոնք ուղեկցվեցին բռնությամբ, մարոդյորությամբ և ջարդերով, պաշտոնանկ արվեց Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիևը, որն իշխանության էր եկել հինգ տարի առաջ և նույն մեթոդներով գահընկեց էր արել Ասկար Ակաևին: Կուրմանբեկ Բակիևը, թերևս, ամենահաջողակ կոմերսանտն էր հետխորհրդային տարածքում: Հինգ տարվա ընթացքում նա պետությունը վերածել էր տոտալ կոմերցիոն կազմակերպության, իսկ ղրղըզ քաղաքագետների վկայություններով` այդ հնգամյակում շատ ավելին էր կուտակել, քան նրա նախորդը 15 տարվա մեջ: Տնտեսության աղետալի վիճակը սովյալ մարդկանց փողոց դուրս բերեց, որոնց հետ Բակիևն արդեն ոչինչ անել չէր կարող: Իսկ մեծ տերությունների ղեկավարները նրան չաջակցեցին. իր կառավարման տարիներին Բակիևը հասցրել էր անախորժություններ պատճառել բոլորին: Նրա օրոք սկսվեցին ռուսերենի հալածանքները, իսկ ռուսական էներգակիրների վերարտահանման միջոցով նախկին նախագահի որդիները տարեկան 80 մլն դոլար էին վաստակում: Հասկանալի է, որ Կրեմլին դա դուր գալ չէր կարող, ամերիկացիներին ևս դուր չէր գա այն, որ Բակիևը նրանցից հսկայական փողեր էր կորզում «Մանաս» օդանավակայանի վարձակալության համար, ինչին հլու-հնազանդ, վեհերոտ Ակաևը պարզապես չէր համարձակվի: Ե°վ Մեդվեդևը, և° Օբաման Բակիևին հորդորեցին ինքնակամ հրաժարական տալ, ավելին, նույնիսկ ապաստան չառաջարկեցին (ավելորդ չի լինի հիշեցնել, որ Մոսկվան սիրում է պահել փախուստի դիմած պետղեկավարներին. այսօր այնտեղ պատվավոր հանգրվան են գտել Այազ Մութալիբովը, Ասկար Ակաևը, Իգոր Գեորգաձեն, Ասլան Աբաշիձեն, և այն փաստը, որ Բակիևին չի առաջարկվել «բարձրաստիճան» փախստականի կարգավիճակ, վկայում է այն մասին, թե որքան է ղրղըզ առաջնորդը ձանձրացրել բոլոր գործընկերներին): Նախկին կոմերսանտ-նախագահն ապաստան գտավ Բելառուսում. ինչպես երևում է` Ալեքսանդր Լուկաշենկոյին երբեմն-երբեմն դուր է գալիս գործել ի հեճուկս Ռուսաստանի և ԱՄՆ-ի, դրա համար էլ ընդունել է Բակիևին:

Ապրիլի 8-ին Պրահայում ՌԴ և ԱՄՆ նախագահները նոր պայմանագիր ստորագրեցին ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին: Այդ փաստաթուղթը պատմական են անվանում, թեև կան նաև այլ տեսակետներ. մասնավորապես` այնպիսիները, որոնք պնդում են ամերիկացիներին ռուսական կողմի մեծ զիջումների մասին: Դա բավական նշանակալի իրադարձություն է, և շատ ժամանակ պետք կլինի նոր համաձայնագրի հետևանքները և աշխարհի իրավիճակի վրա դրա ազդեցությունը վերլուծելու համար: Կփորձենք առաջիկա համարներում արժանի ուշադրություն հատկացնել դրան:

Ապրիլի 10-ին Սմոլենսկի մոտ զոհվեց Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին լեհական քաղաքական, ռազմական և հասարակական մի խումբ գործիչների հետ միասին: Լեհաստանի նախագահը թռչում էր Կատին` հիշատակի արարողություններին մասնակցելու համար: Վայրէջքի մտնելիս ռուս կարգավարները խորհուրդ տվեցին իջնել պահուստային աերոդրոմում, իսկ նախագահի օդաչուներին թվաց, թե ռուսներն ուզում են խափանել Կաչինսկու մասնակցությունը հիշատակի արարողություններին և, ինչպես վայել է քաջարի լեհերին, որոշում կայացրին իջեցնել ինքնաթիռը, բայց թռիչքուղու փոխարեն իջան ծառերի վրա: Ոչ տեղին կասկածամտության արդյունքը` 96 զոհված: Հարկ է նշել, որ Կատինի ողբերգությունը հանգուցյալ նախագահի սիրած համարներից էր. ողջ կյանքը նա նվիրեց կոմունիստական ռեժիմի դեմ պայքարին, իսկ դրա փլուզումից հետո ամբողջովին տրվեց ռուսատյացության իդեալներին: Լեխ Կաչինսկին ամենաերդվյալ ռուսատյացն էր համաշխարհային քաղաքականության մեջ, երբեք չէր թաքցնում հակառուսական տրամադրությունները, իսկ իր երկրի արտաքին քաղաքականությունը կառուցում էր հենց Լեհաստանը Ռուսաստանին հակադրելով: Այս առնչությամբ հարկ է ասել, որ բոլոր խոսակցությունները սլավոնական միասնության, սլավոնական եղբայրության և համերաշխության մասին դատարկ բաներ են: Ռուսատյացությունը` որպես օտարատյացության տարատեսակ, ծնվել է հենց սլավոնական աշխարհում. ավելի մեծ հակադրություն, քան ուղղափառ և կաթոլիկ սլավոններինն է, ուրիշ ոչ մի տեղ չես գտնի: Եվ լեհերի ու ռուսների դիմակայությունն ամենևին բացառություն չէ: Վերցնենք բալկանյան դրամայի մասնակիցներին, որտեղ բարիկադի տարբեր կողմերում էին գտնվում սերբական մեկ էթնոսի ներկայացուցիչները, որոնք, սակայն, այլակրոն էին: Սա, անշուշտ, հաստատում է Հանթինգթոնի և քաղաքակրթությունների տեսության ոլորտում այլ մասնագետների միտքն այն մասին, թե քաղաքակրթական մերձավորությունն առաջին հերթին դավանական մերձավորություն է, իսկ ժողովրդի քաղաքակրթական ինքնությունը հիմնվում է հենց կրոնի վրա:

Լեխ Կաչինսկին զոհվեց Ռուսաստանի ճանապարհին, ռուսական հողում, ռուսական ինքնաթիռով թռչելիս: Դժվար է պատկերացնել Նախախնամության ավելի դաժան կատակ, քան այն, ինչ տեղի ունեցավ լեհ նախագահի հետ: Իսկ սպասել, թե Լեհաստանի նոր ղեկավարն ինչ-որ արմատական վերանայում կկատարի արտաքին քաղաքականությունում և գաղափարախոսությունում, ըստ իս, հարկ չկա, քանի որ, ամենայն հավանականությամբ, նոր նախագահ կդառնա հանգուցյալի եղբայրը:

             Ապրիլի կարևոր իրադարձություններից էր ռուս-ուկրաինական համաձայնագիրը Սևծովյան նավատորմի, գազի և մի շարք այլ հարցերի շուրջ: Ռուսաստանը կարողացավ Ուկրաինային 25 տարով երկարացնել տալ Սևծովյան նավատորմի ռազմակայանումը Սևաստոպոլում, փոխարենը 100 դոլարով զեղչեց գազի գինը (հազար խմ-ի արժեքից): 25 տարվա ընթացքում այդ թիվը, այսինքն` զեղչը, վիթխարի գումար կկազմի` 40 մլրդ դոլար: Ռուսաստանը, փաստորեն, «գնեց» Սևաստոպոլի վարձակալության իրավունքը 40 մլրդ դոլարով: Շա՞տ է սա, արդյոք: Նկատի ունենալով այն, որ 25 տարի հետո Սևծովյան նավատորմը այլևս չի լինի, այս թիվն ակնհայտորեն բարձրացված է (վերջին անգամ Սևծովյան նավատորմը նավեր և սպառազինություն է ստացել 1990թ., միակ խոշոր ներդրումը վերջին 20 տարում հրամանատարական «Մոսկվա» հածանավի վերանորոգման համար է եղել, ավելին, առաջիկա տարիներին առհասարակ չի նախատեսվում նոր նավեր գնել): Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե ռուսական ղեկավարությունը Սևծովյան նավատորմը դիտում է որպես ընդամենը աշխարհաքաղաքական, բայց բոլորովին էլ ոչ ռազմական գործիք: Ինչպես նաև որպես հիշարժան մասունք: Ինչ վերաբերում է այն բանին, թե արժեր արդյոք մասունքի պահպանման համար վճարել հսկայական միջոցներ, ապա, կարծում եմ, հարցը պետք է դիտարկել քաղաքական հարթությունում: Ակնհայտ է, որ գազի և նավատորմի վերաբերյալ համաձայնագրերով Ռուսաստանը փորձում է ևս մեկ անգամ Ուկրաինան վերադարձնել իր աշխարհաքաղաքական ծիր: Կարծում եմ` հազիվ թե հաջողվի, քանի որ Ուկրաինան ամբողջությամբ ռուսական ծիր վերադարձնելն անհնար է: Լավագույն դեպքում, կարելի է հուսալ միայն Արևելյան Ուկրաինայի վերադարձի մասին, իսկ դրա համար ճիշտ չէ Ուկրաինային տնտեսական և այլ արտոնություններ տրամադրելը, ընդհակառակը, հարկավոր է անել ամեն ինչ, որպեսզի այդ պետությունը որքան հնարավոր է շուտ կողմնորոշվի գլխավոր` քաղաքակրթական ընտրության հարցում: Այդ ժամանակ այն ավտոմատ կերպով կբաժանվի երկու մասի, և ամեն ինչ կընթանա իր հունով: Մի խոսքով` սպասենք իրադարձությունների առաջիկա զարգացումներին և տեսնենք, թե որքանով էր արդյունավետ Մոսկվայի հերթական փորձը:

Ապրիլին սովորականի նման ակտիվ էր նախագահ Սերժ Սարգսյանը, այցելեց Վաշինգտոն և Մոսկվա, իսկ ամսվա վերջին ուղևորվեց Չինաստան` «Շանհայ-էքսպո» ցուցահանդեսին: Միջուկային անվտանգության վաշինգտոնյան գագաթաժողովում նախագահ Սարգսյանն առաջին անգամ հանդիպեց ԱՄՆ նախագահի և Թուրքիայի վարչապետի հետ: Այցելությունը և նախագահի պահվածքը նպաստավոր տպավորություն թողեցին, հատկապես արտասահմանյան հանրության վրա: Ինչ վերաբերում է քննարկված հարցերին, ապա դրանք էին Ղարաբաղը և հայ-թուրքական մերձեցումը: Նույն հարցերն առանցքային էին նաև Մոսկվայում ապրիլի 20-ին կայացած Մեդվեդև-Սարգսյան հանդիպման ժամանակ:  

Ներքին կյանքում ապրիլին ամեն ինչ գրեթե հարթ ընթացավ. ապրիլի 16-ին հայերը նշեցին երկու նշանավոր տոն` ոստիկանների օրը և եթե մեղմ արտահայտվելու լինենք` սեռական փոքրամասնությունների միջազգային օրը: Ինչպես առաջինները, այնպես էլ երկրորդները մեր երկրում գրեթե միանման հեղինակություն են վայելում, ինչպես և վայել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրին: Դրա համար էլ չարժե փոխել ոստիկանների տոնի օրը (ոստիկանության ղեկավարությունը կտրականապես տրամադրված է փոխել մասնագիտական տոնի ամսաթիվը, բայց իզուր...), իսկ խորհրդարանը և կառավարությունն աշխատում էին սովորականի նման (փառք Աստծո, ապրիլին փրկվեցինք նոր նախաձեռնություններից ու «վիթխարի» նախագծերից):

Մի քանի խոսք համարի բովանդակության մասին: Հոդվածների բաժինը բացում է Ալեքսանդր Գարեգինյանի «Հայոց ցեղասպանությունը. հայացք քաղաքական, պատմական և իրավական ասպեկտներին» հրապարակումը: Հեղինակը վերլուծում է ցեղասպանությունը որպես քաղաքականության գործիք, համեմատություններ անցկացնում հայկական և հրեական ողբերգությունների միջև, գնահատական տալիս անցյալ դարասկզբի հայ էլիտային: Հոդվածն ինքնատիպ մի շարք մտքեր և եզրակացություններ է պարունակում, այնպես որ` հետաքրքիր է ծանոթանալ դրան:

Գրող և հրապարակախոս Հովհաննես Չարքչյանն իր «Լեխ Կաչինսկի. թռիչք և անկում» հոդվածը նվիրել է լեհական ողբերգությանը: Հեղինակը խիստ նրբանկատորեն է խոսում Կաչինսկու քաղաքական կերպարի և նրա կյանքի գլխավոր ընտրության մասին:

«ԱՊՀ» խորագրում մեր մշտական հեղինակ Ալեքսանդր Կնյազևը Բիշքեկից այս անգամ գրում է իր երկրի հերթական նախագահի հերթական փախուստի մասին: Հոդվածը լի է հիրավի ողբերգական փաստերի ամրագրմամբ (մասնավորապես` ղրղըզ երեխաների սովահարությունը, երկրի սոցիալական ոլորտի աղետալի դրությունը): Իսկ վերլուծական տեսակետից այնտեղ խորհելու շատ բան կա: Մի խոսքով` նյութը բավական հետաքրքրաշարժ է:

2007թ. ապրիլին վախճանվեց համաշխարհային մշակույթի մեծագույն գործիչ Մստիսլավ Ռոստրոպովիչը, հանրագիտարանային հետաքրքրությունների ու թափի տեր երաժիշտը, Հայաստանի մեծ բարեկամը, հայ շատ արտիստների վարպետ-ուսուցիչը: Այդ տխուր իրադարձությանն է նվիրված երաժշտագետ Օլյա Նուրիջանյանի «Ռոստրոպովիչ. լեգենդ, որն այլևս մեզ հետ չէ» հոդվածը («Մշակույթ և արվեստ»): Հրապարակախոսական առումով զուսպ և ակադեմիականությամբ չտառապող հոդվածը մեծ բավականություն կպատճառի ընթերցողին: 

Ապրիլի  ամենահեղինակավոր հոբելյարին` Վլադիմիր Լենինին է նվիրված իմ «Վլադիմիր Ուլյանով-Լենինի ծննդյան 140-ամյակին. դիմանկարի փորձ անգույն տոներով» հոդվածը («Քաղաքական դիմանկարներ»): Հոդվածում փորձ է արվում անաչառ մոտեցում ցուցաբերել Լենինի անձին ու գործունեությանը, առանց որևէ քաղաքական և գաղափարախոսական նախապատվությունների: Կարծում եմ` դրանում ոչ ավանդական շատ տեսակետներ կան, որոնք փորձել եմ կիսել ընթերցողների հետ:

«Մեջբերումներ դասականներից»-ն այս անգամ նվիրված է Լենինին: Հայկական լենինապատումը բավական ընդարձակ է, նրա մասին գրել և նրան մեծարել են և° նացիոնալիստները, և° ինտերնացիոնալիստները, և° մյուսները: Անկեղծ ասած, ինձ միշտ թվացել է, որ հայ գրականությունն ավարտվել է Չարենցով ու Իսահակյանով, իսկ այս համարում հրապարակվող «գլուխգործոցներին» ծանոթանալուց հետո խիստ դժվար է այլ կարծիքի հանգել (համենայնդեպս, անձամբ ինձ համար): Մենք իրավունք չունենք մեկնաբանել դասականներին, այնպես որ` կսահմանափակվենք ասվածով և ընթերցողին անձամբ գլխի ընկնելու հնարավորություն կընձեռենք. կա՞ արդյոք արժեքավոր մի բան հայ գրականությունում Չարենցից ու Իսահակյանից հետո:

Մենք խորագիր ենք ավելացրել: Դրա գաղափարը ծագեց այն պատճառով, որ երբեմն լավ հրապարակման հանդիպելով` ափսոսում ես, որ դու չես տպագրել այն: Միևնույն ժամանակ, ուշադրության արժանի ամեն ինչ չէ, որ կարողանում ենք լուսաբանել մեր ամսագրի էջերում: Դրա համար էլ ի հայտ եկավ նոր` «Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում» խորագիրը: Այս անգամ մենք վերատպում ենք մի քանի հոդված և հարցազրույց, որոնք համահունչ են մեր տեսակետներին և հետաքրքրություններին: Առաջիկայում կփորձենք ավելի մանրազնին վերլուծել համաշխարհային մամուլը` հայ ընթերցողին առավել հետաքրքիր հրապարակումներին ծանոթացնելու նպատակով: Համոզված եմ, որ հայ ընթերցողը որակյալ հրապարակախոսության խրոնիկական պակաս է զգում, այնպես որ` կջանանք հնարավորության սահմաններում լրացնել այդ բացը:

Ա.Խ.

 

Share    


Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am