Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Քաղաքականություն

Քաղաքականություն
Ապրիլ 2008, N 1

ՄԵՐԿ ԹԱԳԱՎՈՐԸ, ԳՈՐՇ ԲՈՐԵՆԻՆԵՐՆ ՈՒ ՄԻ ՔԻՉ ԷԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դանիել Վարուժան, բանաստեղծ, հրապարակախոս0

ՄԵՐԿ ԹԱԳԱՎՈՐԻ ՄԱՍԻՆ 


Ընտրություններից հետո բոլորը հանկարծ զզվում են քաղաքականությունից: Զզվում են փղձկալու աստիճան: Նախագահական վերջին ընտրություններից հետո հասկացա, որ դանիացի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի` մերկ թագավորի մասին հեքիաթը բնավ երեխաների համար չէ, այն պետք է տիրաժավորել, բազմացնել ու ստիպողաբար սովորեցնել բոլորին: Մեր դեպքում ամենասոսկալին այն էր, որ վերջնահաշվում մերկ մնաց երկիրը:
Այդ հանկարծահաս մերկության պատճառներից մեկն այն էր, որ որևէ մեկն այդպես էլ չցանկացավ հասկանալ, թե ինչու քաղաքական պայքարի մեջ մտավ Լևոն Տեր-Պետրոսյանը: Սա հակալևոնական հոդված չէ, ու նպատակս էլ քաղաքագիտական կեղծ վերլուծությամբ նրան մեկ անգամ ևս փնովելը չէ, սակայն եթե վերլուծելու լինենք տեղի ունեցածը, կտեսնենք, որ խելացի ու խորամանկ քաղաքական գործչի իմիջը, որ իր շուրջ ստեղծել է նախկին նախագահը, ուղղակի մերկությունը թաքցնելու թզան տերև է:
Ի՞նչ կարող է ցանկանալ վաթսուներեքամյա նախկին նախագահ-պատմաբանը: Լավ պատմաբանն ունի մի գեր-նպատակ. մնալ պատմության մեջ: Եթե լավ պատմաբանը նաև նախկին նախագահ է, ում հիշում էին անեծքներով ու փողոցային լուտանքներով, որպես փափկասուն ու պարտված քաղաքական գործիչ, նա պիտի ունենա մի նպատակ. սրբագրել պատմությունը, սրբագրել իր պատմական դերը, որպեսզի Տեր-Պետրոսյան ասելիս հիշեին ոչ թե ցուրտն ու մութը, ոչ թե ամբարտավանությունն ու մեծամտությունը, ոչ թե տնտեսական փլուզումն ու կադրային հոռի ջարդերը, այլ այնպիսի բառեր, որոնք ուրիշ լավ պատմաբանների համար հիացմունքի ու դրվատանքի հոմանիշներն են. անհաշտ պայքար, ազատություն, ժողովրդավարություն և այլ գրող ու ցավ:
Պատմաբանը պետք է իմանա, թե ինչպես են միավորում բոլոր այն մարդկանց, ովքեր արդարացիորեն բողոքում են, ովքեր հիասթափված են, ում ձայնը լսելի չէ: Պատմության մեջ այդպիսի քանի~-քանի~ օրինակներ կան. հե~յ գիտի «ելի’ր, ում կյանքը անիծել է»:
Եթե պատմաբանը չի թերացել ու կարդացել է Մաքիավելի, ապա գիտի, որ նպատակն արդարացնում է միջոցները: Այսօր նա հպարտ մենակյացի պես կարող է ժողովրդավարության դասեր տալ համաշխարհային լրատվամիջոցներին, այսօր նա հանդիպում է այնպիսի գործիչների հետ, ովքեր նրա անունն անգամ չէին լսել, այսօր նա ամբոխների հոգու ու սրտերի թագավորն է: Մերկ, սակայն սրբագրված թագավորը:
Իսկ մերկ երկի՞րը: Հերն էլ անիծած, թե արդյունքում Հայաստանը վերածվեց այնպիսի երկրի, որի վրա մատ են թափ տալիս, որի միջազգային հեղինակությունը համարյա զրոյացվել է, որի հետ խոսում են պահանջների ու վերջնագրերի լեզվով: Փույթ չէ: Տասը տարի առաջ էլ նույնն էր, իր ղեկավարած Հայաստանն էլ այդպիսինն էր. մերկ ու անպաշտպան, սեփական անպաշտպանությունը նույն թզան տերևի տակ քողարկած: Արդյունքն էլ է նույնը, ունենք դեպրեսիվ ու ճնշված հասարակություն, ճնշված Հայաստան:
Պատմաբանի համար հեշտ է արթնացնել գենետիկ արքետիպերը, նրանք, որոնք երբևէ հայությանը լավ բան չեն տվել, նրանք, որոնք մշտապես տարել են դեպի կործանում: Սակայն դա էլ սարսափելի ու մտահոգիչ չէ, վատն այն է, որ նա իր գործողություններով կարողացավ երկարացնել գորշ բորենիական էլիտայի գոյությունը:


ԳՈՐՇ ԲՈՐԵՆԻՆԵՐԻ ԿԱԶՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ


Քաղաքագիտական դպրոցներից մեկն առանձնացնում է երկու տեսակ ընտրախավ` «առյուծների» ու «աղվեսների» (ականջդ կանչի, Մաքիավելի): 17 տարի առաջ մեր երկրում սկսեց ձևավորվել բորենիների էլիտան` գորշ էլիտան, մարդիկ, որոնք որևէ կայացած համակարգում իրենց դերակատարումը չեն կարողանում գտնել:
Խորհրդային Միության փլուզման նախօրեին Հայաստանն ուներ էլիտա. քաղաքական, մտավորական, տնտեսական, ռազմական և այլն: Որքան էլ այդ ընտրախավը չենթարկվեր քննադատության, այն ձևավորվել էր մարդկային կապիտալի մեջ կատարված հսկայական ներդրման արդյունքում: Դրանք կիրթ մարդկանց հայրենասեր զավակներն էին, այն մարդկանց որդիներն ու դուստրերն, ովքեր իրականում բարձրացնում էին Ղարաբաղի հարցը, ովքեր կառուցում էին Ցեղասպանության զոհերի հուշարձանը, ովքեր սրտացավ էին իրենց երկրի համար: Այն մարդկանց սերունդը, ովքեր ԽՍՀՄ մամլիչի տակ անգամ ապացուցում էին, որ հայը ազգ է, որ հայությունը գոյության իրավունք ունի: Նրանք 1990-ականների սկզբին 30-45 տարեկան էին, պատրաստ էին կառավարել երկիրը շատ ավելի լավ: Դա ահռելի մարդուժ էր, որի նմանը հայ ժողովուրդը չի ունեցել:
Ի՞նչ կատարվեց: Լևոն Տեր-Պետրոսյանն իշխանության վրա թափեց այն բոլոր ներքին բարդույթները, որ ինքն ուներ և որի ազդեցությունն իր վրա զգաց երկիրը: Տեր-Պետրոսյանի ժամանակահատվածը բնութագրվում է կադրային քաղաքականության ամբողջովին ձախողմամբ: Շատերը կարող են ասել, թե պատճառն այն էր, որ նոր քաղաքական առաջնորդը չէր պատկերացնում այն ոլորտները, որտեղ նշանակումներ էր կատարում, սակայն նրա կադրային քաղաքականությունը խայտառակ էր անխտիր բոլոր ոլորտներում, անգամ նրանցում, որտեղ Տեր-Պետրոսյանը, թվում է, պիտի իմանար ամեն ինչ. գիտություն, մշակույթ, հասարակական ոլորտներ: Երկրի ղեկավարումը միանգամից ստանձնեցին մեծ թվով անպատրաստ կադրեր:
Արդյունքում` նախկինները, չգտնելով իրենց տեղը, սկսեցին մեկնել Հայաստանից, որի արդյունքը երկրի համար, իհարկե, վատ էր, սակայն բառացիորեն փրկություն էր այդ մարդկանց համար, ովքեր ինքնադրսևորման հնարավորություններ ստացան: Այսօր նրանցից շատերն արժանի դերակատարում են գտել բիզնեսի, գիտության, առողջապահության և այլ ոլորտներում:
Լևոն Տեր-Պետրոսյանը պիտի ստեղծեր նոր էլիտա: Այստեղ է, որ իրենց տեղն են գտնում գորշերը.  նախկինում իրենց տեղը չունեցած մարդիկ, կիսաքրեական տարրեր, Արցախյան պատերազմի վետերանների մի մասը: Նրանք որևէ կերպ կապված չէին նախկինների հետ ու իրենց նոր հաջողություններով պարտական էին միայն ՀՀՇ առաջնորդին, ով և նրանց օրինականացրեց ու զարանալու հնարավորություն տվեց: 1998թ. Ռոբերտ Քոչարյանը չկարողացավ կանխել այդ զարգացումը: Դրա հիմնական պատճառները երեքն էին.
1. Քոչարյանն ինքը չուներ համապատասխան կադրեր:
2. Նոր նախագահը մինչև վերջ չէր հասկանում խնդրի կարևորությունը:
3. Նա ժամանակ չուներ զբաղվելու այդ խնդրով, որովհետև զբաղված էր ճգնաժամային կառավարմամբ:
Քոչարյանը հավասարակշռությունը փորձում էր պահել փոխատեղումներով և կարողացավ որոշակի «մոդուս օպերանդի» ձևավորել 2003-2007թթ.: Այդ հավասարակշռության արդյունքը որքան դրական (կայունություն, տնտեսական աճ), նույնքան էլ բացասական էր (հասարակության խորացող անտարբերություն, արատավոր երևույթների արմատավորում): Ամենատարօրինակ արդյունքը պետական կառավարման համակարգում ամրագրվելը և կադրային փոխատեղումներով հնարավոր աշխատելն ու անգամ առաջ գնալն էր:
Կադրային քաղաքականության դագաղի վերջին մեխը խփեց բիզնեսը, որը քիչ թե շատ նորմալ մասնագետներին հնարավորություն տվեց այլընտրանք ունենալ: Արդյունքում` պետական ապարատն ընկավ խոր ճգնաժամի մեջ:


ԳՅԱԴԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ


Ժամանակին Վանո Սիրադեղյանը գործածության մեջ դրեց այս բառեզրը հենց բորենիների ընտրախավի առնչությամբ: Իհարկե, թվում է` այդ բնորոշումը ավելի շատ ինքնաքննական է, սակայն ասված է շատ դիպուկ: Գորշ էլիտաների հիմնական գործառույթն իշխանական համակարգի համար առկա խնդիրների վերացումը կամ լռեցումն էր, իշխանության վերարտադրության հնարավորությունների ստեղծումը: Այսինքն` ինչքան հասարակությունը չի խոսում քո մասին, այնքան լավ, որքան կարողանում ես օժանդակել ընտրություններում, այն էլ տարբեր մակարդակի, սեփական թիմին ձայներ հավաքելու, այնքան մեծ է ստացվող բոնուսը, որն արտահայտվում էր թե’ պետական պաշտոնների, թե’ բիզնեսի ոլորտում հովանավորչական վերաբերմունքի ձևով: Ի դեպ, վերջին ընտրություններին նման մոտեցում ամրագրեց տերպետրոսյանական թևը, երբ նախկին նախագահը ասուլիսներից մեկի ժամանակ իր աջակիցներին խոստացավ երախտահատույց լինել պետական պաշտոններով:
2007թ. խորհրդարանական ընտրություններում ստեղծվեց հետաքրքիր իրավիճակ: Նորաստեղծ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը պետք է իր շուրջ համախմբեր ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները, իրական պայքարի մեջ մտավ Հանրապետական կուսակցության հետ, որն ուժեղացել էր Սերժ Սարգսյանի` այդ կուսակցությանն անդամագրվելով: Երբ ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն հաղթանակ տարավ, Սերժ Սարգսյանն առաջին անգամ տեսավ, որ հնարավոր է քիչ թե շատ ժողովրդավարական միջոցով ընտրություններից դուրս գալ հասարակական լայն ու ամուր հենարանով, ինչը դուր չեկավ գորշերին, որոնք հանրային գիտակցության մեջ այն դերակատարությունը չէին ունեցել, որի վրա հիմնվելով կարող էին Սարգսյանից որևէ բան պոկել: Գորշերն առժամանակ հայտնվեցին խաղից դուրս վիճակում: Սարգսյանի սեփական խաղը վարելու հնարավոթյունները նույնպես դեռ սահմանափակ էին: Պետք էր նույն կերպ հաղթել նախագահական ընտրություններում ու ձերբազատվել գորշ էլիտայից: Սակայն ամեն ինչ այդքան պարզ չէր:


ԲՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՉՆ ԱՆԿԱՍԵԼԻ Է


Բնությունը  բորենիներին օժտել է արտակարգ ուժեղ հոտառությամբ: Նրանք զգում են որսը, սակայն երբեք չեն հարձակվում այն կենդանու կամ մարդու վրա, ով իրենից հասակով կամ ուժով մեծ է: Լևոն Տեր-Պետրոսյանը երկար էր փայփայել վերադառնալու ցանկությունը, ու տարբերակն ինքն իրեն հայտնվեց: Այդ առումով կառանձնացնեի երկու գործոն.
1. Զգալով, որ ընդդիմադիր դաշտը մնացել է թափուր, Տեր-Պետրոսյանը հասկացավ, որ եկել է պատմության մեջ սեփական անունը մաքրագործելու պահը:
2. Բորենիներն, իրենց հատուկ հոտառությամբ, զգացին առաջնորդի հոտը:
Տեր-Պետրոսյանը սկսեց բորենիական ընտրախավից ստանալ ազդակներ, ընկալեց դրանք որպես իր վերջին հնարավորություն` շանս:
Դրան գումարվում էին Սերժ Սարգսյանի նախընտրական անհաշտ ելույթները, որոնցում նա կրկնում էր, թե ապրելու ենք ուրիշ Հայաստանում, ուր զոռբայությունը տեղ չի ունենալու: Հավաստիացնում եմ` վերոնշյալ ընտրախավից յուրաքանչյուրը դրա տակ տեսնում էր սեփական անձին ուղղված թաքնված ակնարկ:
Գորշերը խաղի մեջ մնալու երեք տարբերակ ունեին.
1. Լևոն Տեր-Պետրոսյան
2. Ռոբերտ Քոչարյան
3. Սերժ Սարգսյան
Քոչարյանը նրանց ի սկզբանե հետաքրքիր չէր, որովհետև իր համար երկրում քաղաքական դերակատարում չէր փնտրում: Նրանք վախենում էին Սերժ Սարգսյանից, քանի որ նախագահական ընտրությունների բնականոն անցկացման դեպքում նրա հետ չէին կարողանա պայմանավորվել: Մնում էր Տեր-Պետրոսյանը: Արդյունքում` աշխատեց բոլորի հետ պայմանավորվելու հայկական տարբերակը:
Սերժ Սարգսյանի բացթողումն այն էր, որ չհասկացավ բնության պարադիգմը: Բորենին վախենում է իրենից ուժեղից: Հապաղեց նրանց դեմ պայքարել` չհասկանալով, որ նրանք Լևոն Տեր-Պետրոսյանի ստեղծած համակարգի ծնունդն են: Նա չհասկացավ, որ բորենիների համար ամենահիմնական պարադիգմը ոչ թե պետության, այլ անձնական շահն է:
Ընտրություններից հետո սկսված առնետավազքը, որը Տեր-Պետրոսյանին ըստ էության ոչինչ չտվեց, ընդամենը էներգետիկ ազդակ էր, որը ամրապնդում էր նրա այն գիտակցումը, թե նա ճիշտ ուղու վրա է ու ամեն ինչ շատ ճիշտ է անում:
Սակայն ամենակարևորն այլ է: Մարտի մեկից հետո քաղաքական իրավիճակը փոփոխություն կրեց այն առումով, որ բորենիական գորշ ընտրախավի դիրքերը չթուլացան: Վատ հետընտրական զարգացումներն ավելի կաշկանդեցին նորընտիր նախագահին, ավելի սահմանափակեցին նրա հնարավորությունները: Այսօր Սերժ Սարգսյանն ազատ չէ ու կրկին կաշկանդված է այդ նույն մարդկանցով, որոնց դեմ պիտի պայքարեր:
Արդյոք կկարողանա՞ վերադարձնել նախկին էլիտան: Ոչ, գոնե ոչ հիմա:
Արդյոք կկարողանա՞ ստեղծել նորը: Կարծում եմ` նույնպես ոչ: Նույնպես ժամանակ է պետք:
Ցավալի է:
Պատմությունը ցույց կտա, թե ինչով կվերջանա այս ամենը, Տեր-Պետրոսյանը, սակայն, հասավ իր նպատակին, կարողացավ սրբագրել իր տեղը պատմության այն նույն դասագրքում, որում պիտի հիշվեր ամենամութ գույներով: Գորշ էլիտան դեռ կշարունակի գոյությունը: Մեզ էլ մնում է սպասել: Մի 10-15 տարի...

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am