Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Քաղաքականություն

Քաղաքականություն
Ապրիլ 2010, N 3

ԼԵԽ ԿԱՉԻՆՍԿԻ: ԹՌԻՉՔ ԵՎ ԱՆԿՈՒՄ

Հովհաննես Չարխչյան, գրող, հրապարակախոս

Ապրիլի 10-ին Սմոլենսկի մերձակայքում Լեհաստանի նախագահական ինքնաթիռի վթարի և մի քանի տասնյակ լեհ քաղաքական ու պետական գործիչների  ողբերգական մահը ծանր տպավորություն գործեց: Կարելի է հասկանալ, թե ինչ հարված է  նախագահ Լ.Կաչինսկու և մյուսների կորուստը լեհ ժողովրդի ու լեհական պետության համար: Սակայն իր ողջ եղերականությամբ հանդերձ այս պատահարը նաև առիթ դարձավ զանազան մտորումների ու հետևությունների համար: Ու որքան էլ ընդունված է ասել, թե հանգուցյալների մասին խոսելիս` կամ լավ, կամ ոչինչ, կամա թե ակամա պահանջ է զգացվում հնարավորինս անաչառ կերպով ըմբռնել իրողությունն իր բոլոր նրբերանգներով, հասկանալ այն մարդուն, ով երկար տարիներ եղել է քաղաքական թատերաբեմի տեսանելի դերակատարներից մեկը, բայց նրա թողած ժառանգությունը դեռ երկար ժամանակ փորձության քարի պես ընկած է լինելու մյուսների ճանապարհին:

Պատահական չէր նաև այն, որ շատերն այստեղ նախախնամության միջամտող ձեռքը տեսան: Կաչինսկին զոհվեց  ռուսական հողում, այն Ռուսաստանի, որն այնպես չէր սիրում ու իր կյանքի գործը դարձրեց առճակատումը հարևան երկրի հետ: Զոհվեց հենց Կատին մեկնելիս` այն Կատինը, որի 70-ամյա ողբերգությունը տարիներ շարունակ Լեհաստանի նախագահը վերածեց քաղաքական հաղթաթղթի` բորբոքելով ազգայնական կրքեր ու կորզելով դիվիդենդներ պատմության շահարկումով: Միստիկ զուգադիպությո՞ւն էր: «Կատինի անեծքն է»,- աղետի մասին լսելով` պիտի բացականչեր Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնևսկին: Այդ օրերին ոմանք նույնիսկ հիշեցին, որ երբ 1943թ. Լեհաստանի վտարանդի վարչապետ, գեներալ Վլադիսլավ Սիկորսկին Մեծ Բրիտանիայից պահանջեց Կատինի պատճառով խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, երկու ամիս անց նրա ինքնաթիռն ընկավ Ջիբրալթարը... Վերհիշեցին նաև այն մասին, որ շաբաթներ առաջ վրացական «Իմեդի» հեռուստաընկերության կողմից եթեր հեռարձակված աղմկահարույց սյուժեում, որը պատմում էր իբրև թե Ռուսաստանի` Վրաստան ներխուժելու հնարավոր հետևանքների մասին, ասվել էր, որ Կաչինսկու ինքնաթիռը պայթեցվել է օդում, և նախագահը զոհվել է: Ի՞նչ էր սա: Ճակատագրի հեգնա՞նք, կռահումի չար բեմականացո՞ւմ… Մեկ այլ լեհ նախկին նախագահ` Լեխ Վալենսան Կաչինսկու մահվան բոթն առնելուն պես հորդորեց իր հայրենակիցներին վերլուծել «Աստծո կամքը»: Դժվար է ասել, թե վերին միջամտության կողմնակիցներն ինչպես պիտի գաղտնազերծեն ճակատագրի թողած նշանները, սակայն այս անգամ հազիվ թե բավարարվեն միայն խորհդանշական զուգադիպումների թվարկումով: Գերբնականի առկայությունը տրամաբանական շղթայում պատճառահետևանքային կապը դիտարկելու միջոց է, իսկ Կաչինսկու վերջին տարիների քաղաքական գործունեությունը դեպի ֆիասկո տանող մի ընթացք էր, այն վաղ թե ուշ խզվելու էր, ինչպես որ ընդհատվում է իր հունից շեղված յուրաքանչյուր տեղաշարժ: Մինչդեռ ամեն  ինչ այնքան լավ էր սկսվել, համարյա հեքիաթով…

Այո, իսկապես հեքիաթով: 1962-ին Լեխ Կաչինսկին դեռ 13 տարեկան էր, երբ իր երկվորյակ եղբոր` Յարոսլավի հետ նկարահանվեց «Երկուսը, որ գողացել էին լուսինը» հեքիաթ-ֆիլմում: Ֆիլմը պատմում էր այն մասին, թե ինչպես դպրոցական տղաները` կարծելով, թե լուսինը արծաթից է, երազում էին ձեռք բերել այն ու իրենց կյանքը դարձնել երջանիկ: Իհարկե, իրական կյանքը շատ արագ ցրեց մանկական այդ պատկերացումների մշուշը: Վաղվա քաղաքական գործիչներն այլևս չէին կարող իրենց նման շռայլություն թույլ տալ` լինել այնքան միամիտ, որ հավատ ընծայեին երկնային պարգևներին: Մինչդեռ երկրի վրա արդեն գծագրվում էր մեծ գործերի ու նպատակի ճանապարհը:

Այն տարիների Լեհաստանը, Օկուջավայի  բառերով ասած` «սոցիալիստական ճամբարի ամենաուրախ բարաքն էր»: Խոսում են, թե քաղաքական անզիջում հայացքներն ու ռուսների հանդեպ ատելությունը եղբայրները ժառանգել էին իրենց հորից, ով 1944-ի Դիմադրության շարժման մարտիկներից է եղել:

 Մասնագիտությամբ իրավաբան Կաչինսկի եղբայրներն իրենց քաղաքական կարիերան սկսեցին դեռևս 1970-ականներից: Լեխը որպես աշխատավորների պաշտպանության կոմիտեի անդամ, ապա Գդանսկի գործադուլային կոմիտեի իրավաբանական խորհրդատու շատ արագ աչքի ընկավ նրանց շրջապատում, որի գործունեությունը որակվում էր իբրև հակակոմունիստական և ընդհատակյա: Արդյունքում` Կաչինսկին նույնիսկ 11-ամսյա կալանք կրեց: Պատմում են, որ երբ ոստիկանական բաժանմունքում ձերբակալվածների ցուցակներում տեսել են երկու նույն ազգանունը և երկու միանման լուսանկար, անմիջապես մեկը ջնջել են` կարծելով, թե դա ընդամենը թյուրիմացություն է: Այսպես Յարոսլավի բախտը բերեց, իսկ Լեխը ազատվելուց հետո գլխավորեց «Համերաշխություն» արհմիության հանձնաժողովներից մեկը: 1989-ի հեղաշրջումից հետո նա ընտրվեց սեյմի ու սենատի անդամ, երկրի արդարադատության նախարարն էր:  2001-ին երկվորյակ եղբոր հետ հիմնադրեց «Իրավունք և արդարություն» կուսակցությունը: Աջակողմյան քաղաքական այս ուժի դավանանքը կաթոլիկ արժեքներն ու բարոյական մաքրությունն էր` որոշակի պահպանողական գունավորմամբ,  ինչպես նաև թունդ ազգայնական այն տարրերով, որոնք պիտի մշտապես անբաժան լինեին Կաչինսկու համոզմունքներից:

Մեկ տարի անց Լ. Կաչինսկին հաղթեց Վարշավայի քաղաքապետի ընտրություններում, իսկ 2005-ին նա արդեն Լեհաստանի ընտրյալ նախագահն էր: Շատ շուտով նա վարչապետի աթոռը հանձնեց հարազատ եղբորը, բայց կարճ ժամանակում հասկացավ, որ դա անհաջող ընտրություն էր, ու երկրի ընտանեկան կառավարումը չէր ներդաշնակի իրենց կերտած կառավարման իմիջի հետ: Ասկետիկ կենցաղը, ճանապարհորդել չսիրելն ու շփումներից հեռու մնալը ձևավորել էին երկվորյակ իշխողների մի հավաքական կերպար, որի դիմակի տակ թաքնված էր ճշմարիտ դեմքը` պոպուլիստը և գուցե նաև չկայացած իդեալիստը: Պատահական չէ, որ այդ շրջանում գերմանական թերթերից մեկը Կաչինսկի եղբայրների ծաղրանկարը զետեղել էր «Սրիկաներ, որոնք ուզում են կառավարել աշխարհը» խորագրի ներքո, իսկ նախագահին անվանել էր «Նոր լեհական կարտոֆիլ»:

 Լեհաստանի նախագահը սիրում էր ներկայանալ որպես մոլի թշնամի ամեն կարգի գեյ-շքերթների, արհեստական վիժումների, պոռնկության, միասեռական ամուսնության, սիրում էր հանդես գալ իբրև քրիստոնեական դեմոկրատիզմի մշտարթուն պահապան, սակայն այդ ամենը նրան դարձնում էր փոքր-ինչ հնաոճ, ոչ եվրոպացի, անախրոնիկ` իր կաթոլիզմով: Եղբայրների մասին Լեխ Վալենսան ասում էր. «Նրանք ավելի շատ ավերում են, քան կառուցում»: «Նրանցից ոչ մի լավ բան սպասել չի կարելի»,- հեռու Մոսկվայից ձայնակցում էր ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Դմիտրի Ռոգոզինը:

Այո, ավերել նրանք իսկապես կարողանում էին, ինչպես որ ընդունակ գտնվեցին արագ յուրացնելու մեծ քաղաքական խաղերի մի շարք կանոններ` առաջին հերթին նախապատվությունը տալով այսպես կոչված թշնամու փնտրտուքին, որպեսզի այդ սև բևեռին վերագրվեն բոլոր դժբախտություններն ու անհաջողությունները: Սա համաշխարհային քաղաքական թանձրանյութին ինտեգրվելու անգլոսաքսոնական մարտավարությունն է, ինչը սովորաբար գործածելի է արևելյան ուղղությամբ: Իսկ այդ վեկտորը միանգամայն Կաչինսկու սրտով էր:

Առաջին անգամ նրա անունը Լեհաստանի սահմաններից դուրս հիշատակվեց, երբ լինելով Վարշավայի քաղաքապետը` հանդես եկավ քաղաքի հրապարակներից մեկը չեչեն անջատողական Ջոհար Դուդաևի անունով կոչելու նախաձեռնությամբ: Գտնվեցին համարձակներ,  ովքեր Կաչինսկուն առաջարկեցին հրապարակը վերանվանել ու կոչել Բեսլանի անունով` ի հիշատակ այնտեղ զոհված երեխաների, բայց վերջինս կտրականապես հրաժարվեց: Երբեմն մարդու դրսևորման մի փոքրիկ դրվագն էլ բավական է նրա բարոյական նկարագիրը ըմբռնելու համար:  Սա թերևս հենց այդ դեպքն էր: Մարդը չէր կարող ավելին լինել, քան կար իրականում: Մյուս կողմից` սա իսկական հայտ էր, բայց այնքան անսքող ու հասցեական, որ հազիվ թե հնարավոր լիներ մեղմել դրա էությունը քողարկող մեկ այլ մեկնաբանությամբ: Ռուսաֆոբն ու կոմունիզմի երդվյալ թշնամին եղբոր` Յարոսլավ Կաչինսկու հետ հենց նույն բոլշևիկյան քարոզչական մեթոդներով էր առաջ մղվում իշխանական սանդուղքով` դրան գումարելով ծայրահեղական այն բոլոր դրսևորումները, որոնց կիրառումը մեկ ուրիշի կողմից, անկասկած, դատապարտելի կհամարեր: Յարոսլավին համարում են զույգի ուղեղն ու գլխավոր ստրատեգը: Գուցե թե հենց նրա երազանքն էր` եղբոր հետ համարվել ոչ թե երկխոսության, այլ պայքարի գործիչներ, որոնց համար հասկանալի է միայն ագրեսիվ լեզուն: Բայց դա իր հետ բերում է ևս մեկ  վնասակար հակում`ամենուր դավադրություն և ինտրիգներ տեսնելու մտասևեռումը:

Երկրի ղեկը վերցնելուն պես եղբայրները Լեհաստանի երդվյալ թշնամիներ հայտարարեցին Ռուսաստանին ու Գերմանիային, նույնիսկ արևմտյան գործընկերների հետ շփումները դարձան լարված ու ագրեսիվ: Լեհաստանը Կաչինսկու օրոք վերածվեց Եվրամիության անդամ երկրներից ամենակոշտ հակառուսական քաղաքականություն որդեգրած պետության, իսկ նախագահի արմատական տրամադրվածությունը չէր կարող իր դառը պտուղները չթողնել: Սեփական երկրի քաղաքացիներին ներշնչելով վախ ոչ միայն ռուսական, այլև բելառուսական ագրեսիայի նկատմամբ` նա ստանձնեց ԵՄ շրջանակներում Ռուսաստանի դեմ զանազան արգելքներ կիրառելու և վետոներ բանեցնելու նախաձեռնողի դերը, տնտեսական շանտաժի նոր ձևերի հեղինակային իրավունքը:

Կաչինսկին էր, որ ցանկանում էր ամերիկյան հակաօդային պաշտպանության միջոցներ տեղակայել իր երկրի տարածքում, և  դեռ բացեիբաց հայտարարում էր, թե դա արվում է ոչ թե Իրանի կամ Հյուսիսային Կորեայի համար, այլ Լեհաստանը ռուսներից պաշտպանելու նպատակով: «Լեհերը պիտի հիշեն, որ նրանք մշտապես գտնվում են ռուսական վտանգի ներքո»,- սրանք Կաչինսկու խոսքերն են, ով ավելի ուշ նաև  պիտի ասեր, թե կարելի է դաս տալ ռուսներին` ամերիկյան հրթիռներն ուղղելով Մոսկվայի ու Պետերբուրգի վրա: Լեհ լրագրողներից մեկի դիպուկ բնորոշմամբ, ռուսաֆոբիան Կաչինսկու առաջնորդությամբ Լեհաստանում հասել է հակառուսական խանգարվածության աստիճանի:

Փոքրիկ  խայթոցներով մեծ ցավ պատճառելու թուլությունը ոչ այնքան որպես հանդգնություն պիտի բնորոշվեր, որքան անլիարժեքության սինդրոմ: Մի առիթով նա խոստովանել էր, որ իրեն ամենամեծ զայրույթ պատճառում են իր կարճ հասակի մասին չար կատակները: Այս դեպքում կարճահասակությունը կարելի էր հասկանալ ոչ միայն ֆիզիոլոգիական, այլև քաղաքական գրագիտության իմաստով: Երկրի ղեկավարը, որին թվում էր, թե ինքն է դրության տերը, և արևը ծագում ու մայր է մտնում իր հայեցողությամբ, ընդհանուր հաշվով ավելին չէր, քան փքուն գաղափարներով գայթակղված մի իշխանավոր, որին համոզել էին, թե իր կամքն իսկապես իր կամքն է:

Ռուսատյացությունն էր Լեխ Կաչինսկու գործողությունների շարժիչ ուժը, մինչդեռ ուղղորդումն ավելի հեռվից էր գալիս: Լեհաստանը վերածելով Եվրոպայի կենտրոնում ամերիկամետության միջնաբերդի, ինչպես նաև ստանձնելով այն սեպի դերը, որ պիտի խրվի Ռուսաստանի և Եվրամիության միջև, Կաչինսկին հույս ուներ դառնալ ոչ միայն քաղաքակիրթ աշխարհի սահմանների արթուն պահակը, այլև «բարբարոս Արևելքի հետ» հարաբերվելու միջնորդը` մի առաքելություն, որ ժամանակին ստանձնել էին ուզում Մերձբալթյան հանրապետությունները:

Չստացվեց: Ավելի ճիշտ` այն, ինչին նա ընդունակ էր, հեռու էր իր փայփայած երազների մոտավոր ուրվականը դառնալու հավակնություններից: Կաչինսկին ոչնչով տարբեր չէր Հաղթանակի հուշարձան պայթեցնող Սահակաշվիլուց, Ստեպան Բանդերային հերոս հորջորջող Յուշչենկոյից, ազատարար զինվորի արձանը քանդող էստոնացիներից: Ներկայի մեջ հաջողության չհասնելով, չունենալով վաղվա տեսլականը` նա էլ հայացքը դարձրել էր դեպի անցյալը: Թերևս այնտեղ գտնվեր բացակա, սակայն անհրաժեշտ հիմնավորումը, խզված, բայց հանգուցվելու պատրաստ շարունակությունը:

«Արևելյան ուղղությամբ մենք կարող ենք լինել շատ ակտիվ խաղացող»,- խոստացավ նա իր ընտրողներին տարիներ առաջ, միայն թե հետո խաղն ավելին չդարձավ, քան քաղաքական ամբիցիաների և ինտրիգների դրսևորման միջոց: «Քանի որ ռուսները միայն ուժի լեզուն են հասկանում, ապա նրանց հետ պետք է խոսել հենց այդ լեզվով»,- բացատրում էր լեհ նախագահն իր գործելաոճը` ներկայիս Ռուսաստանը համեմատելով հիտլերյան Գերմանիայի հետ: «Մոսկվայում պիտի վերջ տան այն ժամանակներին, երբ ասում էին` աքաղաղը հավ չէ, Լեհաստանն արտասահման չէ: Միայն այդ դեպքում մենք պատրաստ կլինենք լեհ-ռուսական բարիդրացիական հարաբերություններ հաստատելու»: Սակայն ոչ աքաղաղները հավեր դարձան և ոչ էլ Կաչինսկին փորձ արեց մերձեցման եզրեր գտնել: Ռուս-վրացական պատերազմի օրերին Թբիլիսի մեկնելու և այնտեղից Ռուսաստանի հասցեին ռազմատենչ հայտարարություններ անելու շարժառիթները հաստատապես ոչ այնքան իր երկրի իրական շահերն էին, որքան հակակրանքը Պուտինի ու Մոսկվայի հանդեպ, ինչը չէր թաքցնում: Եվ եթե այսօր բազմաթիվ ռուսներ ցավակցական խոսքերի հետ մեկտեղ  նաև տարակուսանքով հարցնում են, թե ինչու իրենց երկրում ևս պիտի սուգ հայտարարվեր Կաչինսկու մահվան առիթով, ապա նրանք տարակուսելու իրավունք գուցե նաև ունեն: Ի՞նչ է արել Կաչինսկին Ռուսաստանի համար:  Նա Ռուսաստան էր գնում ոչ պաշտոնական հրավերով, ոչ բարեկամական այցով, այլ իբրև անկոչ հյուր, մասնավոր կարգով, որպեսզի նույն մասնավորությամբ մեկ անգամ ևս վարկաբեկեր այդ երկիրը: Նրան ոչ ոք այնտեղ չէր կանչել: Ավելին, դա արվել էր ցուցադրաբար, առանց թաքցնելու, որ նրան այնտեղ տեսնելու որևէ ցանկություն չկար:

Կատինում գնդակահարվել էին հազարավոր լեհ սպաներ: Ուկրաինայում ևս` Խարկովի մոտ, նույն ժամանակ ոչ պակաս թվով լեհեր էին սպանվել: Բայց նա չէր թռչում Ուկրաինա, այլ գնում էր Ռուսաստան, քանի որ Կիևի բարեկամության կարիքն ուներ` ընդդեմ Մոսկվայի: Մահվան թվաբանության մեջ նա բոլոր դեպքերում պարտվող էր, եթե ստիպված լիներ հիշելու այն հազարավոր ռուսներին, որոնք 1920-ականներին սպանվել էին լեհական ճամբարներում և այն 600 հազար սովետական զինվորներին, որոնք զոհվեցին Լեհաստանը ֆաշիզմից ազատագրելու համար: Սակայն Կաչինսկու հաշվապահական մատյաններում նման թվերը տեղ չունեին: Կաչինսկին այդպիսինն էր: Իսկ նրան` այդ Կաչինսկուն, ընտրել էր լեհ ժողովուրդը: Եվ ուրեմն նա էլ անուղղակի մասնակիցն է իր ներկա անորոշության գոյությանը, սեփական ճակատագրի մասին հիվանդագին պատկերացումների երկարակեցությանը, որ որքան ողբերգական, նույնքան էլ ծիծաղաշարժ է ու արդեն անեկդոտի է վերածվել, որտեղ երկուսը խոսում են վագրերի ու փղերի մասին, իսկ լեհը կողքից հարցնում է. «Իսկ դրանց ենթատեքստում լեհական հարցը կա՞»: Լեհաստանում այսօր «օվսաննա» են հնչեցնում մեկի համար, ում մահից ընդամենը օրեր առաջ լեհերի երեք քառորդը հրաժարվել էր ձայն տալ` համարելով Կաչինսկուն գավառական քաղաքական գործիչ, որն ընդունակ չէ ավելի լայն մասշտաբների ընկալման և արգելակում է քաղաքակիրթ աշխարհի հետ համաչափ քայլելու երկրի ընթացքը: Բայց դա երեկ էր: Իսկ երեկվա հիշողությունը, հավանաբար, նույն վթարի զոհերից մեկն է, քանի որ հիմա լեհերի համար Կաչինսկին իսկական հայրենասեր է, որովհետև առճակատման էր գնում ու կոշտ դիրքորոշում ուներ: Հայրենասիրության չափանիշի մասին այս տարօրինակ պատկերացումները լեհական ազգային բարդույթի մի մասն են, բարդույթ, որի հիմնական տարրերից է այն, թե իրենք շրջապատված են միմիայն թշնամիներով: Իսկ նման մտասևեռման պայմաններում չափազանց  դժվար կլինի վստահեցնել այդ մարդկանց, որ իրենց երկրի վերնախավը զոհ գնաց դժբախտ հանգամանքներին, այլ ոչ թե ծրագրված դավադրությանը կամ «Լիկվիդացիա օպերացիային», ինչպես եղածը որակեցին հրեական թերթերը:

Դժբախտաբար, միշտ էլ լինելու են նրանք, ովքեր հաճույքով ջուր են լցնելու ազգատյացության ջրաղացին: Անբնականն այստեղ գուցե այն է, որ նույն մարմնի երկու ձեռքերն են ճանկռոտում մեկը մյուսին, սլավոնյան նույն սերմից ընձյուղված երկու ճյուղերն են խաչվում իրենց սաղարթի մեջ` մոռացած սկզբնակետ ու արյան կանչ:

Այո, Լեհաստանի օրինակը եզակի չէ: Մի՞թե մենք այսօր ականատեսը չենք նույնանման դրսևորումների, որոնք հանդես են բերում սլավոնական արմատներ ունեցող այլ երկրներ ևս: Վերջիններիս վերաբերմունքը ռուսների հանդեպ, ինչը բնավ եղբայրական կամ արյունակցական չես անվանի, շատերի համար առայսօր էլ մնում է անբացատրելի` բավարարում տալով ընդամենը մեկ բառով` ռուսաֆոբիա, որի ընդերքում շատ ավելի մեծ ծանրություն կա, քան երևում է արտաքուստ: Դեռ 150 տարիների հեռվից Դոստոևսկին էր գուշակում, որ բավական է  Ռուսաստանն ազատություն տա «այդ բոլոր սլավոնական ցեղախմբերին, և նրանք անմիջապես դուրս կգան Ռուսաստանի դեմ»: Ուկրաինան, Լեհաստանը, Բուլղարիան, Չեխիան, մյուսները, մոռացած էթնիկական ամբողջականության այն մղումը, որն առկա է, ասենք, թուրքալեզու ազգերի մոտ, ոչ միայն տրոհվում են, այլև անհանդուրժողության թույնով են ներծծված, ասես դա է ինքնապաշտպանման բնազդը, ազատ լինելու եզակի չափանիշը, ժողովուրդ համարվելու միակ ուղին…

Իսկ  հանգուցյալ նախագահ Կաչինսկու ակնառու քաղաքական վրիպումներն էլ ավելի հեռուն էին գլորվում, և վերջինս կանխակալ վերաբերմունք էր դրսևորում ոչ միայն ռուսների, այլև բոլոր նրանց հանդեպ, ովքեր բարեկամություն էին անում Ռուսաստանի հետ:  Պիտի ասել, որ այդ հարցում մեզ ևս բաժին է հասել: Կաչինսկին չէր խորշում հայտարարել. «Ես թուրքամետ եմ»: Նա Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության եռանդուն ջատագովն էր, Ղարաբաղի խնդրում Ադրբեջանի շահերի ու այդ երկրի տարածքային ամբողջականության հավատավոր պաշտպանը:

Լեխ Կաչինսկին այլևս չկա: Հազիվ թե նրա մահը որևէ մեկի համար չարախնդության առիթ դառնա: Բայց և խոր վշտի ու անկեղծ ցավակցության պատճառ նույնպես լինել չի կարող շատ-շատերի համար:

                 Ասում են` մահը քավում է մեղքերը: Մենք չենք հավակնում մեղավոր ու անմեղ որոնել: Լեհաստանով մեկ հնչող հիշատակի զանգերի ղողանջը դեռ երկար ժամանակ կխլացնի բանականության ու սթափ դատողության ձայնը: Սակայն վաղ թե ուշ այն լսելի կլինի, և այդ ժամանակ գուցե թե վրա հասնի պահը, երբ խելամիտ մեկը կասի`»Ինչ գնով էլ լինի»-ն ելք չէ: Այդ չափով վճարված գինը միշտ էլ շատ ավելի թանկ է, քան արժե բուն նպատակը…

…Իր կենդանության օրոք Կաչինսկին երդվել էր երբեք չգնալ Ռուսաստանի մայրաքաղաք: Բայց վթարի վայրից նրա մարմինը տեղափոխեցին Մոսկվա: Ահա այսպես ճակատագիրը տնօրինում է մեր հավակնությունները` սրբագրելով գործած սխալները և  թելադրելով իր օրենքները:

 

 

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

            Ռուսաստանում Կաչինսկու մահը ոչ միանշանակ արձագանք գտավ: Քաղաքական նորությունների գործակալության ազդեցիկ վերլուծաբան Սերգեյ Չերնյախովսկին այդ կապակցությամբ հետևյալն է գրել. «Լեխ Կաչինսկին ոչ միայն Ռուսաստանի բարեկամը չէր, նա նրա թշնամին էր: Հազիվ թե հնարավոր լինի նրան մրցակից անվանել, ի վերջո, նրա նշանակության ծավալները համաշխարհային քաղաքականության մեջ անհամապատասխան էին  Ռուսաստանի ու նրա ղեկավարության կարևորության հետ, ինչին ևս կարելի է տարբեր կերպ վերաբերվել: Լիովին ճիշտ չի լինի նրան հակառակորդ անվանել, որովհետև Ռուսաստանի և Լեհաստանի միջև, իբրև երկրների, չի եղել նշանակալի հակադրություն:

           Միևնույն ժամանակ Կաչինսկին ինքն այդպիսի թշնամի եղել է` հատկապես թշնամի, քանի որ իրապես հակադրվել կամ մրցակցել իրական քաղաքական նշանակության հետ բավարար չէր, սակայն նրա թշնամական վերաբերմունքն ակնհայտ էր ու դրսևորվում էր ցանկացած քաղաքական իրավիճակում և ցանկացած առիթով:

                Այսինքն, ապրիլի 10-ին Սմոլենսկի մոտ վայրէջքի գնալիս զոհվեց Ռուսաստանի ու ռուս ժողովրդի թշնամին: Եվ ամենայն նրբանկատությամբ ու Լեհաստանի հանդեպ բնական ցավակցությամբ հանդերձ այդ բանը չի կարելի թողնել մինչև վերջ չասված: Եվ դրան պետք է վերաբերվել այնպես, ինչպես թշնամու վախճանին»:

           Համանման կարծիքներ ամենատարբեր մակարդակներով Մոսկվայում հնչեցնում էին բացեիբաց` թեև որոշակի քաղաքական նրբանկատություն պահպանելով: Մեծ հաշվով և° Չերնյախովսկին, և° մյուս վերլուծաբաններն իրենց կամքից անկախ կրկնում էին Օստապ Բենդերի անմահ ճառը` արտասանված Միխայիլ Պանիկովսկու հուղարկավորման արարողության ժամանակ. «Ես երբեմն անարդար եմ եղել հանգուցյալի նկատմամբ: Բայց արդյո՞ք հանգուցյալը բարոյական մարդ էր: Ոչ, նա բարոյական մարդ չէր…»:

 

Share    



Գնահատում

Ինչպես՞եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am