Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


ԱՊՀ

ԱՊՀ
Ապրիլ 2010, N 3

ԿՈՒՐՄԱՆԲԵԿ ԲԱԿԻԵՎ. ԹՌԻՉՔ ԵՎ ՓԱԽՈՒՍՏ կամ` FAILED STATE-ի ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԴԻԱՊԱԶՈՆԸ (ՂՐՂԶԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ)

Ալեքսանդր Կնյազեվ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ռուսական աշխարհագրական ընկերության իսկական անդամ, ԱՊՀ երկրների ինստիտուտի կենտրոնասիական մասնաձյուղի տնօրեն (Բիշքեկ)

2005թ. մարտի 24-ի և 2010թ. ապրիլի 7-ի իրադարձությունները Ղրղզստանում ձևով նման են. դրանք գործող պետական բյուրոկրատիաներում իշխանությունը բռնի զավթելու ճանապարհով իրականացված քաղաքական էլիտաների հակասահմանադրական փոփոխություն են: Քանի որ կառավարման ձևով Ղրղզստանի Հանրապետությունը նախագահական է, երկու դեպքում էլ խոսքը, առաջին հերթին, գործող նախագահների` Ասկար Ակաևի և, համապատասխանաբար, Կուրմանբեկ Բակիևի պաշտոնանկության մասին է:

     Բովանդակությամբ 2010թ. ապրիլյան իրադարձությունները սկզբունքորեն տարբերվում են սոցիալ-տնտեսական և հատկապես քաղաքական ոլորտում հնգամյա վաղեմության իրադարձություններին հանգեցրած գործընթացներից:

Սոցիալ-տնտեսական դրության տեսակետից 2005թ. իրադարձություններին նախորդող ժամանակաշրջանում բնակչության որևէ նշանակալի խմբի դրության վատթարացում տեղի չէր ունեցել: 2004թ. արդյունքները, ընդհակառակը, վկայում էին 2005թ. սկզբի համար տնտեսական աճի դրական միտումների առկայության, հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների որոշակի կայունացման և բարելավման, ինչպես նաև ազգային արժույթի կայուն փոխարժեքի մասին: 2004թ. ՀՆԱ-ն 2003թ. համեմատ ավելացել էր 7,1%-ով: 2004թ. հանրապետությունում ընդհանուր առմամբ հիմնական կապիտալում 2,8%-ով ավելի շատ ներդրումներ էին արվել, քան 2003-ին, ընդ որում` կապիտալ ներդրումների ծավալը գերազանցում էր 10 մլրդ սոմը: 2004թ. արտաքին պետական պարտքը կազմում էր 1 մլրդ 834,6 մլն ԱՄՆ դոլար, իսկ երկկողմ վարկատուներին պարտքի բաժինը արտաքին պետական պարտքի մեջ կազմում էր 31,5% (578,7 մլն ԱՄՆ դոլար): 2005թ. մարտի 11-ին վարկատուների Փարիզյան ակումբը որոշում ընդունեց չեղյալ համարել Ղրղզստանի պարտքը` 124 մլն դոլար գումարի չափով: Բացի այդ, վարկատու պետությունները համաձայնեցին վերակառուցել Ղրղզստանի մնացած` 431 մլն դոլարի պարտքը: 

Այս ամենը պետք է ամրապնդեր նախագահ Ասկար Ակաևի հեղինակությունը հանրության մեջ: Բայց, ինչպես նշում է Ալեքսիս Թոքվիլը, «տապալվող կարգը միշտ ավելի լավն է նախորդից»: Մարդկանց դժգոհությունը հաճախ ծագում է ոչ թե նյութական դրության վատացումից, այլ բարելավումից. ավելի քիչ է, քան սպասվում էր կամ ավելի քիչ է` սոցիալական այլ խմբերի համեմատությամբ: Նույն Թոքվիլը գրում է. «Իշխանությաննսկսումէվտանգսպառնալ, երբճգնաժամիցդուրսեկածպետությունըգտնվումէպատմականհաջողությաննախաշեմին»: Մասամբ համաձայնելով նրա հետ` կարելի է ասել, որ աղքատությունն ինքնըստինքյան երբեք ոչ մի սոցիալական և, առավել ևս` քաղաքական բողոքի գործողությունների պատճառ չի դառնում: Անկասկած, ցանկացած զանգվածային շարժում կամ ելույթ ծագում է այն ֆոնին, երբ բնակչության զգալի կամ մեծ մասը խիստ դժգոհ է իր դրությունից և չի հավատում, որ այն կբարելավվի գործող ռեժիմի օրոք: Գոյություն ունի նաև «սոցիալական խմբերի դրության հարաբերական վատթարացման» (relative deprivation theory) արդի տեսությունը, որի համաձայն` առավել աղքատ երկրներում հեղափոխություններ, որպես կանոն, տեղի չեն ունենում: Հեղափոխություններըտեղիենունենումայներկրներում, որոնցումձեռքէբերվելորոշակիտնտեսականաճ, բայցառաջանցիկտեմպերովաճումենբնակչությանհամապատասխանակնկալիքները: 2005թ. մարտի 24-ի իրադարձություններում քաղաքական բողոքը զարգանում էր հենց այս օրինաչափություններով: Հայտնի է, որ իշխանության բռնազավթման սցենարն այն ժամանակվա ընդդիմության ղեկավարների կողմից նախապես դիտարկվում էր որպես իրադարձությունների զարգացման հնարավոր տարբերակներից մեկը:

2010թ. ապրիլի 7-ի իշխանափոխության պատճառները սկզբունքորեն տարբերվում են 2005թ. մարտյան իրադարձություններից: Իշխանության բռնազավթման սկզբնական նպատակադրման մասին խոսելու համար չկա հայտնի և փաստերով հաստատված և ոչ մի հիմնավորում:  Սոցիալ-տնտեսական ֆոնը հիմնականում նպաստում էր ընդվզման տրամադրություններին, որոնք տարերայնորեն տեղի էին ունենում շրջաններում և գրեթե կապ չունեին Բիշքեկի հայտնի քաղաքական ընդդիմության հետ: Կարելի է պնդել, որ ապրիլի սկզբին մասնատված, առանձին-առանձին հանդես եկող հայտնի ընդդիմադիրների կապերը շրջաններում առաջ եկած դժգոհ խմբերի հետ նոր միայն սկսում էին համակարգվել և կազմակերպվել:  Ապրիլի 7-ի նախադրյալների կազմավորման կարևոր գործոն էր մարտի 17-ից սկսված ժամանակաշրջանը, Բիշքեկում կայացած ընդդիմության առաջին ղուրուլթայից1 հետո, որը բավական սակավաթիվ էր և ցածրարդյունավետ: Մարտի 17-ից հետո սկսում են ուժեղանալ ընդդիմության կապերը բողոքի շրջանային շարժումների հետ, որոնք թույլ էին կազմակերպված և քաոտիկ ու սպոնտան կերպով էին ստեղծվել` սոցիալ-տնտեսական իրավիճակով պայմանավորված: Եվ այս իմաստով ապրիլի 7-ի իրադարձությունները չեն տեղավորվում վերոնշյալ տեսական սխեմաներում:

2010թ. ապրիլի 7-ի իրադարձությունների սոցիալական պատճառները ստեղծվել են իշխանության կողմից, դրանցից վերջինը դարձավ բնակարանային-կոմունալ ծառայությունների և էլեկտրականության սակագների կտրուկ ավելացումը, որոնք բնակչությունը պարզապես ի վիճակի չէր վճարել: 2009թ. նոյեմբերին Ղրղզստանի կառավարությունը` Դանիյար Ուսենովի ղեկավարությամբ, որոշեց 2010թ. հունվարի 1-ից նախկին մակարդակի համեմատ կրկնակի, իսկ 2010թ. հուլիսից` հնգակի  բարձրացնել սակագները: Սակագների առաջին իսկ բարձրացումն առաջ բերեց գների համատարած աճ: 5-10%-ով բարձրացան սննդամթերքի գները, որոշ մթերքներ շատ ավելի թանկացան. օրինակ, շաքարը թանկացավ գրեթե երկու անգամ` 1 կգ-ն 30-ից հասնելով 53-55 սոմի: Այս ամենը խիստ էականորեն անդրադարձավ ԱՊՀ-ում Տաջիկստանից հետո ամենաաղքատ երկրի` Ղրղզստանի բնակչության կենսամակարդակի վրա, հատկապես ծայրամասերում, որտեղ կենսամակարդակն անհամեմատ ավելի ցածր է, քան մայրաքաղաքում: Իշխանությունները չէին հաշվարկել սակագների բարձրացման հետևանքները, թեև արդեն փետրվարի 24-ին Ղրղզստանի Նառինի մարզում տեղի ունեցավ բողոքի հանրահավաք սակագների բարձրացման դեմ: Ընդդիմության տվյալներով` բողոքի հանրահավաքին մասնակցում էր Նառինի ավելի քան 1,5 հազար բնակիչ, իշխանությունները հայտարարում էին 350-400 հավաքվածների մասին: Հանրահավաքի մասնակիցները պահանջում էին կրկնակի նվազեցնել վառելիքի և էլեկտրաէներգիայի սակագները, պահպանել աշխատավարձի 50%-անոց հավելումը և լեռնային շրջանների բնակիչների համար անվճար 110 կվտ/ժ լիմիտը: Հանրահավաքն ավարտվեց առանց միջադեպերի:

Սոցիալական ֆոնդի պաշտոնական տվյալներով` հանրապետության բնակչության ավելի քան 55%-ը սակավունևոր է, որից 25%-ը` ծայրահեղ չունևոր: Շատ փորձագետների կարծիքով` այս ցուցանիշները խիստ նվազեցված են, և իրական թվերը ավելի բարձր են պաշտոնական վիճակագրությունից:

 Այս հանգամանքը հանգեցրեց ղրղզական հասարակության սուր բևեռացման` կանխորոշելով երկրում սոցիալական պայթյունի լուրջ սպառնալիքը: Հասարակության բևեռացումը հարուստների չափազանց նեղ շրջանակի և սակավունևոր մարդկանց հիմնական զանգվածի` աղքատության գծից ցածր պայմաններում ապրող բնակչության տեսակարար կշռի միաժամանակյա բարձրացման պայմաններում, ներքաղաքական լարվածության աճի հիմնական աղբյուրն է:

Ղրղզստանի ստանդարտներով` այն անձինք, որոնց ամենամսյա եկամուտը ցածր է 963 սոմից ($22), համարվում են աղքատության գծից ցածր ապրողներ: 2010թ. ապրիլին նվազագույն աշխատավարձը երկրում տատանվում էր 400 սոմի ($9) սահմաններում, իսկ մեկ անձի նվազագույն սպառողական բյուջեն կազմում էր ամսական 4000 սոմ ($100): Այսպիսով, նվազագույն սպառողական զամբյուղի չափը երկրում 10 անգամ գերազանցում է նվազագույն աշխատավարձին և գրեթե քառակի ավելի է աղքատության պաշտոնապես ընդունված շեմից:

Հատկանշական է, որ, երկրի Միգրացիայի և զբաղվածության պետական կոմիտեի տվյալներով, 5,35 մլն բնակչությամբ երկրում, որի տնտեսապես ակտիվ բնակչությունը ավելի քան 2,5 մլն է, գործազուրկների ընդհանուր թիվը կազմում է 12%, այսինքն` ավելի քան 300 հազար մարդ: Նրանցից 100 հազարը գրանցված է զբաղվածության ծառայություններում, իսկ մյուսներն աշխատանքի են տեղավորվում ինքնուրույն: Գործազրկության բարձր մակարդակը գյուղական վայրերում, ավաններում և փոքր քաղաքներում, քայքայված ենթակառուցվածքները, բժշկական և կրթական ծառայությունների ցածր որակը սոցիալական որևէ պաշտպանության բացակայության հետ մեկտեղ ստիպում են հեռավոր բնակավայրերի բնակիչներին լքել մշտական բնակության վայրերն ու տեղափոխվել քիչ թե շատ զարգացած շրջաններ: Այսպես, ըստ պաշտոնական տվյալների` ծայրամասերի բնակչության գրեթե մեկ երրորդն արտագնա աշխատանքի է մեկնել: Մի քանի շրջաններից հեռացել է աշխատունակ գրեթե ողջ բնակչությունը:

Միայն պաշտոնական վիճակագրությամբ վերջին տարիներին «լավ կյանք» որոնելու համար Ղրղզստանը լքել է հանրապետության մոտ 350 հազար քաղաքացի, այն դեպքում, երբ անկախ փորձագետները պնդում են, որ նրանց իրական թիվը կազմում է աշխատունակ բնակչության ընդհանուր թվի 45%-ը, այսինքն` ավելի քան 1,1 մլն մարդ: 2005-2010թթ. ընթացքում տարեկան միջինը 20 հազար մարդ է Ռուսաստանի քաղաքացիություն ընդունել և մշտական բնակություն հաստատել Ռուսաստանում:

Ղրղզստանում գրանցված է ԱՊՀ երկրներում «մանկական աղքատության» ¥այսինքն` մանկահասակ քաղաքացիներ, որոնք ապրում են ցածր եկամուտներ ունեցող ընտանիքներում¤ ամենաբարձր մակարդակը: Ըստ շրջանների այս ցուցանիշը հետևյալ տեսքն ունի. Օշի մարզում ընտանիքի անդամների միջին թիվը հասնում է 7,1 մարդու, Ջալալաբադում` 6,6, Թալասում` 6,2 մարդու: Միջինը մեկ աշխատող մարդուն աղքատ ընտանիքներում բաժին է ընկնում 3,23 խնամառու:

Մինչև 11 տարեկան ղրղըզ երեխաների մոտ 10%-ը մշտապես կիսաքաղցած է և հյուծված: Անբավարար քաշի ցուցանիշն առավելագույնն է հինգ տարեկան

երեխաների շրջանում (10,5%): Ընդ որում, մեկ տարեկան թերքաշ երեխաների մեջ աղջիկների բաժինը տղաներից կրկնակի շատ է: Վերջին տարիներին երկրում էլ ավելի շատ են ծնվում մտավոր տհաս երեխաներ: Այսպես, եթե 1996թ. հաշմանդամ երեխաների թիվը 6 հազար էր, ապա այսօր այդ ցուցանիշը հասել է մինչև 24 հազարի: Հարկ է նշել նաև, որ 9-ամյա կրթություն ստացող երեխաների 90%-ը չունի անհրաժեշտ բազային գիտելիքներ և ի վիճակի չէ արդյունավետ մտածել, ինչն էլ նախապես կանխորոշում է նրանց տեղը ժողովրդական տնտեսությունում` սևագործ բանվոր: 40 հազար երեխա ընդհանրապես ծննդական չունի, յուրաքանչյուր օր հանրապետությունում հանուն վաստակի աշխատանքի է դուրս գալիս 23 հազար անչափահաս:

Ղրղզստանում 2010թ. հունվարի 1-ին կոմունալ սպասարկումների սակագների բարձրացումից հետո աղքատության շեմից ցածր ապրող ընտանիքների թիվը սկսեց սրընթաց աճել:

            Սոցիալական դժգոհության աճից օգտվեց ընդդիմությունը: Դեռ փետրվարի 15-ին Ղրղզստանի ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՂՍԴԿ) խորհրդարանական խմբակցությունը պահանջեց սակագների բարձրացման մորատորիում մտցնել: Կառավարության` սակագների բարձրացման գործողությունները, որոնք հանգեցրին գների աճի, ընդդիմության ներկայացուցիչները գնահատեցին որպես «հապճեպ» և «անթույլատրելի»: Մոտավորապես այդ օրերին ընդդիմության ներկայացուցիչները սկսում են կապեր հաստատել շրջանների հետ:

Մարտի 17-ին ղրղզական ընդդիմությունը Բիշքեկում ղուրուլթայ հրավիրեց, որտեղ իշխանություններից պահանջեց վերացնել վառելիքի և էլեկտրականության նոր սակագները, ինչպես նաև պետության հաշվեկշիռ վերադարձնել վաճառված ռազմավարական այնպիսի պետձեռնարկություններ, ինչպիսիք են «Ղրղզտելեկոմը», «Սևերէլեկտրոն», «Վոստոկէլեկտրոն»: Ղուրուլթայում հստակ հնչեցին նաև իշխանություններին ուղղված քաղաքական պահանջներ. ազատել և արդարացնել բոլոր քաղբանտարկյալներին և իշխանության ընդդիմախոսներին, դադարեցնել լրատվական մի շարք ինտերնետ-կայքերի արգելափակումը, պետական պաշտոններից ազատել նախագահի եղբայրներին և լուծարել հակասահմանադրական Զարգացման, ներդրումների և նորարարությունների կենտրոնական գործակալությունը, որը ղեկավարում էր նախագահի կրտսեր որդին` Մաքսիմ Բակիևը, և որի ֆինանսական խորհրդատու Եվգենի Գուրևիչին Հռոմի դատարանը մեղադրել է Կալաբրիայի (Իտալիա)  նդրանգետա2 մաֆիայի, աջ ծայրահեղական խմբավորումների և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների հետ ունեցած կապերի համար:                    

Ընդդիմության պահանջները պետք է կատարվեին մինչև մարտի 24-ը, այլապես սպառնում էին երկրի բոլոր շրջաններում կազմակերպել տեղական ղուրուլթայներ, որոնք «ժողովրդական իշխանություն» կհաստատեն: Իշխանությունների ձգտումը` կանխել ապրիլի 7-ին նշանակված ժողովրդական ղուրուլթայները, հրահրեցին իրադարձությունների հաջորդ զարգացումը: Ապրիլի 7-ին տեղի ունեցած հեղաշրջման կատալիզատոր և կարևոր պայման դարձավ այն, որ իշխանություններն անցան ճգնաժամի լուծման ուժային մեթոդների. ապրիլի 6-ին իրավապահ մարմինները, ուժ կիրառելով, փորձեցին տեղայնացնել հանրահավաքների ձևով անցկացվող բողոքի շարժումը Թալասի մարզկենտրոնում: Ընդդիմության կողմնակիցների բախումներն իշխանությունների հետ սկսվեցին ապրիլի 6-ի կեսօրից հետո, Թալասում, այն բանից հետո, երբ տեղի ներքին գործերի վարչության աշխատակիցները ձերբակալեցին ընդդիմադիր «Աթա Մեքեն» կուսակցության առաջնորդներից մեկին` Բոլոտբեկ Շերնիյազովին, որը քաղաք էր եկել մասնակցելու ընդդիմադիր ղուրուլթային: Տեղեկությունն այս մասին սրեց արմատական տրամադրություններն ընդդիմության շարքերում և հենց Թալասում ու այլ շրջաններում: Այն բանից հետո, երբ գիշերը և ապրիլի 7-ի առավոտյան ձերբակալվեցին քաղաքական ընդդիմության գրեթե բոլոր ղեկավարները, խորհրդարանի պատգամավոր և ընդդիմության առաջնորդներից Ռոզա Օթունբաևան դե-ֆակտո գտնվում էր տնային կալանքում և զրկված էր իրադարձությունների զարգացման վրա ազդելու հնարավորությունից, ընդդիմության գործելու հնարավորություն ունեցող ղեկավարներից մնացել էին միայն Թալասում և Նառինում գտնվող Բոլոտբեկ Շերնիյազովը և Ազիմբեկ Բեկնազարովը: Բողոքողների հիմնական զանգվածի, հատկապես ապրիլի 5-6-ին Բիշքեկ` ղուրուլթային մասնակցելու եկածների ղեկավարությունը հայտնվեց շրջաններից եկած և քաղաքական փորձ չունեցող առաջնորդների ձեռքում: Ապրիլի 7-ի առավոտյան տեղեկատվությունն այն մասին, որ ընդդիմության հիմնական առաջնորդները ձերբակալված են, արդեն տարածվել էր այդ շարժումների շրջանում` սրելով արմատական տրամադրությունները, թեև այդ ժամանակ ընդդիմադիրների ծրագրերում միայն հանրահավաքներ և ղուրուլթայ անցկացնելն էր, ինչը պետք է իրականացվեր այնքան ժամանակ, մինչև որ իշխանությունները կատարեին ղուրուլթայի բոլոր պահանջները:        

Սակայն առավոտյան, երբ ղուրուլթայը դեռ նոր հավաքվել էր լրիվ կազմով, ոստիկանությունը և Ազգային անվտանգության պետական ծառայության (ԱԱՊԾ) ստորաբաժանումները դիմեցին ուժի կիրառման. ծրագրվում էր հանրահավաքի հավաքվածներին ցրել փոքր խմբերի, իսկ հետո ճնշել նրանց մաս առ մաս` ձերբակալելով տարբեր մակարդակների առաջնորդներին և, այսպիսով, թույլ չտալ բողոքի որևէ երկարատև գործողություն: Հավաքվածների կողմից ուժի կիրառումը ՆԳՆ և ԱԱՊԾ ուժերի գործողությունների հակազդեցությունն էր:

Հասկանալու համար, թե ինչպես ապրիլի 6-7-ի իրադարձությունների տարերային զարգացումը հանգեցրեց Կառավարության տան և ԱԱՊԾ շենքերի զավթմանը և, արդյունքում, երկրում իշխանության փաստացի զավթմանը, հարկավոր է ուշադրություն դարձնել ղրղզական էթնոհոգեբանության որոշ առանձնահատկությունների վրա: Հանրահավաքի մասնակիցների` շատերին զարմացնող հեղափոխական պոռթկումը բավական հեշտ է բացատրել: Գործում է հետնոմադիկ հոգեբանությունը. ղրղըզ զինվորը հոյակապ է հարձակվելիս, երբ կորցնելու բան չունի. դա թաքնված է ենթագիտակցությունում, դեռ գործում են բառիմտայով` հողագործների վրա հարձակումներով ու գույքի հափշտակությամբ ապրող քոչվորի` երկու-երեք սերնդի ընթացքում մշակվել չհասցրած գեները: Իսկ պաշտպանությունում ղրղըզ զինվորը բանի պետք չէ, պաշտպանությունում տաջիկը կամ ուզբեկն ավելի լավ են, նա` հողագործի հետնորդը, ենթագիտակցության մակարդակով պաշտպանելու բան ունի, անգամ եթե դա իրականության մեջ չկա էլ: Ապրիլի 7-ի` իշխանությունների ուժային գործողություններով հրահրված իրադարձություններում ընդդիմության ուժային հակազդեցությունն ավելի ուժեղ դուրս եկավ իշխանությունների ռեակցիայից:

2005թ. մարտի 24-ի իրադարձությունները Ղրղզստանում դարձան օբյեկտիվ մի շարք գործոնների ուղղակի հետևանքը: Առաջին գործոնը աշխարհաքաղաքականն 

էր: Ղրղզստանը, աշխարհում տեղի ունեցող գործընթացների հոլովույթում, հայտնվեց ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի և իսլամական աշխարհի ծպտյալ, բայց ոչ պակաս էական շահերի հատման կետում: Չնսեմացնելով այն ժամանակ տեղի ունեցած իշխանափոխության էնդոգեն, ներքին գործոնները` գերակայությունը, այնուամենայնիվ, պետք է տալ էկզոգեն գործոնին կամ, այլ խոսքով` արտաքին ուժերի դերին: Ուստի, վերլուծությունը պետք է սկսել իրական սուբյեկտին կամ «պատվիրատուին» որոշելուց: Ընդ որում, միանգամայն ակնհայտ է. նկարագրվող բոլոր գործընթացների հետին պլանում շատ խոշոր դերակատար է կանգնած, որը սեփական գլոբալ աշխարհաքաղաքական նպատակներն է հետապնդում: Հասկանալի է, որ այն ժամանակ խոսքն այս համատեքստում միայն Միացյալ Նահանգներին կարող էր վերաբերել:

Ղրղզստանում իշխանության ռեժիմը Ասկար Ակաևի նախագահության օրոք գերկոշտ չէր, բայց և նորմալ հարմարեցված չէր իշխանափոխության` «լեգալ» մրցակցության արդյունքում: Նշանակալի էր նաև վերահաս քաղաքական ճգնաժամի պայմաններում իսկապես պետական որոշումներ կայացնելու Ակաևի անձնական անկարողությունը: Մինչև վերջին պահը իշխող էլիտան հավատում էր, թե ամեն ինչ կարելի է հարթել կուլուարային բանակցություններով, կաշառքով, սեփականություն և պաշտոններ բաժանելու մանիպուլյացիաներով: Ակաևի կախվածությունն «առաջին դեմոկրատական նախագահի» իմիջից ճակատագրական եղավ ղրղզական իրադարձություններում: Ակաևն անընդհատ մտածում էր, թե ինչ կասի այս առնչությամբ Արևմուտքը: Այդ անգործունեությունն օգնեց խուսափել մեծաթիվ զոհերից: Ակաևի թուլության էական գործոն դարձավ այն, որ ռեժիմը չափից ավելի էր հակված մերձենալու լիբերալ արժեքներ դավանող կողմերի հետ, նշանակում է` պատրաստ չէր իշխանությունը պահելու համար դիմելու վճռական միջոցների` հակառակ այդ երկրների կարծիքի:

2005թ. խորհրդարանական ընտրապայքարը, որը մարտի 24-ի դեպքերի կատալիզատորը դարձավ, բնութագրական էր նրանով, որ ամերիկյան պետական կառույցները հետխորհրդային տարածքում աննախադեպ բացահայտ միջամտություն հանդես բերեցին ղրղզական ներքաղաքական գործընթացում:

ԱՄՆ մասնակցությունը Ղրղզստանում մարտի 24-ի պետական հեղաշրջման մեջ ներառում էր երկու հիմնական բաղադրիչ: Նախ` քաղաքական-դիվանագիտական ճնշումը նախագահ Ասկար Ակաևի և նրա վարչակազմի վրա: Երկրորդ` իրադարձություններին նախորդող բազմամյա աշխատանքը հանրային գիտակցության ձևավորման, պետական իշխանության բոլոր կառույցների թուլացման, ընդդիմադիր խմբերի, ԶԼՄ-ների և կուսակցությունների քաղաքական և ֆինանսական աջակցության ուղղությամբ: Հասարակական կազմակերպությունները դարձան այն ժամանակվա շարժման գլխավոր բաղադրիչներից մեկը: Այն ժամանակվա ընդդիմության ներկայացուցիչների մեջ հակաակաևյան տրամադրությունները սերմանվում էին մի քանի տարի շարունակ: «Դա միանգամայն անհնար կլիներ առանց այդ օգնության,- խոստովանում էր երիտասարդ ընդդիմադիր առաջնորդներից մեկը` Է.Բայսալովը:- Ամերիկյան փողերն օգնում էին ֆինանսավորել քաղաքացիական հասարակության  կենտրոնները ողջ երկրում, միայն NDI-ն (Ազգային դեմոկրատական ինստիտուտը) 20 կենտրոն ունի: Այդ մարդկային ռեսուրսները ղրղզական ընդդիմությանը ֆինանսական և բարոյական աջակցություն էին ցուցաբերում, ինչպես նաև ենթակառուցվածք էին տրամադրում, որը թույլ էր տալիս տարածել իր գաղափարները ղրղըզ ժողովրդի մեջ»:

ԱՄՆ այն ժամանակվա նման քաղաքականությունը Ղրղզստանում կարելի է բացատրել Ակաևի «բազմավեկտոր» արտաքին քաղաքականությամբ, այն դեպքում, երբ ԱՄՆ շահերը, այդ թվում ռազմական ներկայությունը Ղրղզստանում, պահանջում էին ավելի հաստատուն երաշխիքներ: Ղրղզստանում պարզապես իրականացվում էր ավելի կառավարվող ռեժիմ իշխանության բերելու քաղաքականությունը: Արդեն 2002թ. սկզբին Ռուսաստանի և ԱՄՆ ռազմաքաղաքական մրցակցությունը նոր փուլ էր մտել, և ռուսական ռազմակայանի բացումը Ղրղզստանում մարտահրավեր կարող էր համարվել ԱՄՆ վարչակազմի համար:

Ղրղզստանում ռուսական ռազմակայանի բացմանը ամերիկյան վարչակազմի հրապարակային արձագանքն այն ժամանակ բավական զուսպ էր, սակայն դա, ավելի շուտ, վկայում էր այն մասին, որ ամերիկյան վարչակազմը Ղրղզստանի հանդեպ որակապես նոր մոտեցում էր որդեգրել, որի իրականացման արդյունքն էլ դարձան 2005թ. մարտի 24-ի իրադարձությունները: ԱՄՆ եվրասիական ռազմավարական շահերի համար էլ ավելի մեծ մարտահրավեր էր տարածաշրջանային երկու կառույցների` ՇՀԿ-ի և ՀԱՊԿ-ի զարգացման որոշակի դինամիկան, կառույցներ, որոնք ԱՄՆ ուղղակի այլընտրանքն են: Կանտ քաղաքում 2002-2003թթ. Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈւ, ըստ էության` ռուսական) տեղակայման առնչությամբ կարելի էր վստահաբար խոսել այն մասին, որ Մոսկվան այն ժամանակ իրականացրեց ԱՄՆ-ին Կենտրոնական Ասիայից եթե ոչ «վտարելու», ապա գոնե իրավիճակը սեփական ռազմական ներկայությամբ հավասարակշռելու փորձ: Նախնական հաշվարկը Ղրղզստանի վրա կատարվեց, որը ՀԱՊ (ՀԱՊԿ) կենտրոնաասիական միակ երկիրն էր, որը համաձայնել էր ԱՄՆ և Աֆղանստանի պատերազմի գծով նրա դաշնակիցների զորքերը տեղակայել իր տարածքում: Ընդդիմության ճակատագրին մասնակցությունը դարձավ ղրղզական «բազմավեկտորության» ԱՄՆ արձագանքը. ավելի շատ երաշխիքներ էին պահանջվում, քան Ասկար Ակաևի հավասարակշռված վեկտորներն էին:

2005թ իրադարձություններում ռուսական գործոնը գործնականում բացակայում էր, ռուսական կողմի գործողություններն իրավիճակային էին. որոշում ընդունվեց Ակաևին ապաստան տալ Ռուսաստանի տարածքում, տարհանել Ակաևին և նրա ընտանիքի անդամներին «Կանտ» ավիաբազայի միջոցով, արձագանքել Ղրղզստանի ժամանակավոր վարչակազմի առաջին գործողություններին:

2010թ. ապրիլին Ռուսաստանի և ԱՄՆ մասնակցության աստիճանը Ղրղզստանի ներքաղաքական գործընթացներում տարբեր էր: Չի կարելի ժխտել, որ Ղրղզստանի վրա Ռուսաստանի կողմից որոշակի տեղեկատվական ներգործություն է կատարվել, որը հենվում էր այն փաստի վրա, որ ռուսական առաջատար ԶԼՄ-ների մի ամբողջ շարք, առաջին հերթին` կենտրոնական հեռուստաալիքները, շատ ռադիոկայաններ և մի շարք ինտերնետ-ռեսուրսներ, հետխորհրդային ողջ շրջանում հզոր ազդեցություն են ունեցել և ունեն Ղրղզստանի հանրային կարծիքի վրա: Ռուսական և դե-ֆակտո որոշ համաշխարհային տեղեկատվական հոսքերի հասանելիությունը սահմանափակելու` Բակիևի կառավարության փորձերը հասարակության մեջ միայն սաստկացրին դժգոհությունը, ինչն, իհարկե, որոշ դեր խաղաց բողոքի տրամադրությունների ձևավորման գործում: Թե որքանով էր այդ քաղաքականությունը նպատակաուղղված և ծրագրված որպես ղրղզական լսարանի վրա ազդելու լծակ` առայժմ անհնար է թվում գնահատել փաստացի հիմնավորումներ չլինելու պատճառով:

Կարևոր պահ էր ապրիլի 1-ը, երբ Ռուսաստանի կառավարությունը որոշում ընդունեց Ռուսաստանի մատակարարած բենզինի և դիզելային վառելիքի արտոնյալ մաքսատուրքը վերացնելու մասին. այդ արտոնություններից Ղրղզստանն օգտվում էր որպես Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵԱՏԸ) անդամ պետություն: Այս քայլի համար առիթ էր հանդիսացել նոր Մաքսային միության ստեղծումը Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի մասնակցությամբ, որը պետք է լիարժեք գործեր հուլիսին: Համանման արտահանական մաքսատուրքեր պետք է կիրառվեին նաև վառելիքի համար, որը Ռուսաստանը մատակարարում էր ԱՊՀ և ԵԱՏԸ մյուս երկրներին, որոնք չէին մտնում մաքսային միության մեջ: Սակայն Ղրղզստանում այս քայլը նոր բողոք է առաջ բերում` ուղղված ոչ թե Ռուսաստանի, այլ սեփական ղեկավարության դեմ, որն ավելի ու ավելի էր վատթարացնում երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի հետ: ՂՀ տնտեսական կարգավորման նախարարության հայտարարության համաձայն` Մոսկվան պաշտոնապես չէր տեղեկացրել Բիշքեկին մաքսատուրքեր մտցնելու մասին, բայց ոչ ոք հանրապետությունուն դրան արդեն չի հավատում: Ապրիլի 4-ին Ղրղզստանի վարչապետ Ուսենովին ՌԴ կառավարության անունից տեղեկացվում է, որ «որոշ ղրղըզ քաղաքացիներ ապօրինաբար զբաղվել են բացառապես երկրի ներսում սպառելու համար նախատեսված վառելիքի վերարտահանմամբ»: Անկախ ինսայդերների գնահատականներով` Մաքսիմ Բակիևի եկամուտն այդ վերարտահանումից (ռուսական նավթամթերքների վերավաճառք ամերիկյան Տարանցիկ բեռնափոխադրումների կենտրոնին Բիշքեկի միջազգային «Մանաս» օդանավակայանում) հինգ տարվա ընթացքում կազմել է տարեկան մինչև 80 մլն դոլար:

Ղրղզա-ռուսական երկկողմ հարաբերություններն ընդհանրապես Բակիևի կառավարման վերջին ամիսներին կտրուկ անկում են գրանցել: Հրապարակավ քննադատելով օգնության խոստացված փաթեթի առաջին տրանշի յուրացումը` փետրվարին Մոսկվան վերջնականապես դադարեցրեց 1,7 մլրդ դոլարի հատկացումը, որը նախատեսված էր «Կամբարատա-1» ՀԷԿ-ի կառուցման համար:      

Պաշտոնական կանխատեսումներով` էլեկտրաէներգիայի և ջեռուցման սակագների բարձրացումը չպետք է էական ազդեցություն ունենար երկրի տնտեսական ցուցանիշների վրա: Բայց հազիվ էին դրանք բարձրացել, երբ մանր ու միջին բիզնեսի շատ ներկայացուցիչներ ստիպված եղան բարձրացնել իրենց ապրանքների և ծառայությունների գները: Ամենից շատ կարող էին տուժել ապրանքարտադրողները, քանի որ իրենց արտադրանքի բարձրացված գինը կարող էր չդիմանալ ներմուծվող ապրանքների մրցակցությանը, եկամտաբերության նվազումն սկսեց զգացվել կարի և սննդարդյունաբերությունում: Անկախ տնտեսագետները կարծում էին, որ վառելիքի մաքսատուրքերը լրջորեն կանդրադառնան երկրի բնակչության վրա: «Դա բացասաբար կազդի Ղրղզստանի վրա, քանի որ նավթամթերքների սակագներ մտցնելը կազդի տրանսպորտի գների վրա, ինչը «ինֆլյացիոն ճնշում» կստեղծի»,- իրադարձություններից  ոչ շատ առաջ գրում էր բիշքեկյան տնտեսագետ Ազգանուշ Միհրանյանը:

Ղրղզստանի բնակչության մեծամասնության տնտեսական կախվածությունը Ռուսաստանից (նավթամթերքների, մի շարք այլ ապրանքների մատակարարում, ֆինանսական հոսքեր Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեջ գտնվողներից, ռուսական շուկայում ղրղզական կարի արտադրանք թողարկողների աշխատանքը, չինական ապրանքների վերարտահանումը ռուսական շուկայում) ծնում էր այնպիսի

տրամադրություններ, որոնցում Ռուսաստանի հետ Բակիևի ռեժիմի հարաբերությունների վատթարացումն անդրադառնում էր շարքային քաղաքացիների և նրանց ընտանիքների անհատական պահանջմունքների վրա: Ազդեցության տեղեկատվական այս գործոնի դերը հազիվ թե արժե չափազանցել, բայց այն հասարակության մեջ հակաբակիևյան տրամադրությունների կատալիզատորներից մեկն էր:

Ապրիլի առաջին օրերին և անմիջապես ապրիլի 7-ին ու հետագա օրերին Ռուսաստանի ղեկավարների մի շարք հայտարարություններ (Վլադիմիր Պուտինինը, իսկ հետո նաև Դմիտրի Մեդվեդևինը) կրում էին պատասխան բնույթ ռուսական ղեկավարության և Ռուսաստանի հասցեին զանազան տեսակի մեղադրական հայտարարություններին, որոնք հնչել էին հենց Կուրմանբեկ Բակիևի, նախկին վարչապետ Դանիյար Ուսենովի կողմից, ղրղզական կառավարական ԶԼՄ-ների հրապարակումներում: Այդ հայտարարությունները քննադատություն էին պարունակում բակիևյան ղեկավարության հասցեին, բայց ոչ ի պաշտպանություն ղրղզական ընդդիմության: Բարոյական աջակցությունն առկա էր ենթատեքստում, այն ուղղակիորեն ասվեց արդեն Ղրղզստանի Ժամանակավոր կառավարության աշխատանքն սկսվելուց հետո, որն ստեղծվել էր ընդդիմության կողմից ապրիլի 8-ի առավոտյան:

ԱՄՆ դերը Ղրղզստանի ներկայիս իշխանափոխությունում հստակ չէ, առայժմ որևէ հիմք չկա պնդելու, որ այդ դերն ինչ-որ առանձնահատուկ էր: Ամերիկյան քաղաքականության այդ անհստակությունը բացատրվում է նրանով, որ Բակիևի ռեժիմի հետ ԱՄՆ վարչակազմի համագործակցությունը միանգամայն ձեռնտու էր 2009թ. հունիսի 22-ից հետո, երբ պաշտոնապես ստորագրվեց ԱՄՆ ռազմական ավիաբազան Տարանցիկ բեռնափոխադրումների կենտրոնի վերափոխելու մասին համաձայնագիրը: ԱՄՆ-ը առավել կոնկրետ շահ ուներ այս օբյեկտի կարճաժամկետ և միջնաժամկետ պահպանման հարցում: Ամերիկյան վարչակազմի պատկերացումներում ավելի ընդհանուր շահերը կասկածի ենթակա չէին թվում, քանի որ ընդդիմության առաջնորդների մեծ մասը հայտնի էր ԱՄՆ-ում, նրանցից շատերը ամերիկամետ (կամ արևմտամետ) քաղաքական գործիչներ էին: Ամերիկյան վարչակազմին, ինչպես և բոլորին հասկանալի էր բակիևյան ընտանեկան թիմի անխորագիտակությունը, որն իր գործունեությունից բացառում էր որևէ վերլուծական կամ պարզապես մտավոր բաղադրիչ և կենտրոնացած էր «արտադրության ասիական միջոցի» գլխավոր խնդրի վրա, որի մասին դեռ Կարլ Մարքսն է գրել. այն է` «իշխանությունըսեփականությունէ»:

Իրադարձությունների զարգացմանը զուգընթաց և առայժմ միայն վարկածի ձևով կարելի է ենթադրել ամերիկյան (և առաջին հերթին` հատուկ ծառայությունների և նրանց պատվերները կատարող հասարակական կազմակերպությունների գծով) ներկայացուցիչների մասնակցությունը միջէթնիկ հակամարտությունների ակտուալացմանն արդեն ապրիլի 7-8-ից հետո: Քաղաքական ճգնաժամի փոխակերպումը, Ժամանակավոր կառավարության լեգիտիմության ճգնաժամը, «Բակիևի խնդրի» չլուծվածությունը կենտրոնաասիական տարածքի քաոսայնացման ամերիկյան սցենարների տեսակետից կարող են նպաստել Ղրղզստանում (հատկապես Ֆերգանայում) ղրղզա-ուզբեկական, իսկ Բիշքեկում և հյուսիսային Ղրղզստանում` ղրղզա-ռուսալեզու բնակչության հակամարտությունների ծագմանը: Կրկին որպես վարկած կարելի է նշել, որ միջին ու ավելի մեծ մասշտաբի այդօրինակ հակամարտության ծագումը ԱՄՆ վարչակազմի կողմից կարող էր դիտարկվել իբրև հանրապետությունում ռուսական շահերի առաջմղման և այսօր Ժամանակավոր կառավարության արտաքին քաղաքականության մեջ Ռուսաստանի հետ փոխգործակցության ուժեղացման հստակ նկատվող միտման հակազդեցություն: Միջէթնիկ հակամարտության ծագումը ԱՄՆ-ի համար կարող է պատրվակ ծառայել ՄԱԿ և/կամ ԵԱՀԿ հովանու ներքո հանրապետությունում ՆԱՏՕ խաղաղարար ուժեր մտցնելու և հարավսլավական սցենարը կրկնելու համար: Այլընտրանքային վարկածը հենվում է ռուսական գործոնի վրա. հանրապետությունում ՀԱՊԿ խաղաղարար ուժերի մուտքի հրահրում, որոնց հիմքում, բնականաբար, ռուսական ստորաբաժանումները կլինեն: Այս սցենարը պակաս համոզիչ է թվում ՀԱՊԿ երկու անդամ պետությունների ոչ միանշանակ դիրքորոշումների պատճառով. Ուզբեկստանի, որի սահմանադրությունն արգելում է զինված ուժերի ցանկացած գործողություն ՈւՀ տարածքից դուրս, և Ղազախստանի, որը ձգտում է գործել «բազմավեկտոր» քաղաքականության շրջանակներում և, միևնույն ժամանակ, ԵԱՀԿ գործող նախագահն է հանդիսանում:  

Անձնական գործոնն առկա է ինչպես 2005, այնպես էլ 2010թթ. իրադարձություններում: Առաջին հերթին և հիմնականում` որպես բողոքի տրամադրությունների խթանիչ:

Հակաակաևյան քարոզչությունը հիմնականում կենտրոնացած էր Ասկար Ակաևի ընտանիքի անդամների վրա. արծարծվում էին փաստեր, որոնք կապված էին որդու` Այդար Ակաևի, փեսայի` Ադիլ Տոյգոնբաևի, կնոջ` Մարիամ Ակաևայի կատարած չարաշահումների հետ: Հակաբակիևյան քարոզչությունը նույնպես կենտրոնացած էր նախկին նախագահի ընտանիքի անդամների վրա, որոնց մեջ գլխավոր դեմքերն էին եղբայրը` Ջենիշ Բակիևը և, հատկապես, որդին` Մաքսիմ Բակիևը: Դատելով ըստ ամենայնի` Բակիևների հանցավոր գործունեության մասշտաբները շատ ավելի մեծ էին, քան կար Ասկար Ակաևի նախագահության օրոք:

«Ավելի լավ է հարբած Այդարը, քան սթափ Մաքսիմը»,- պնդում էին ժողովրդական ասեկոսեները` նկատի ունենալով առաջին նախագահի որդու բոհեմական բարքն ու երկրորդի որդու խելահեղ ժլատությունը: Ղրղըզ էթնիկ բնակչության համար հավելյալ վրդովեցուցիչ գործոն էին Մաքսիմի խառը ծագումը և, վերջին ամիսներին, բնակչության տեղեկացվածության աճին զուգահեռ, ոչ ղրղզական շրջապատը: Մաքսիմ Բակիևի «զինակիցների» մեջ միայն երկու ղրղզական ազգանուն կա`  Նուրգուլ Ադբրազակովան և Ժապար Ուսենովը: Մյուս բոլորը ռուսներ են, թաթարներ, շատ-շատ են հրեաները. Ալեքսեյ Ելիսեև, Ռիֆաթ Ուտյուշև, Ռուստամ Ակժոլով, նրանց թվում ՌԴ քաղաքացիներ են Միխայիլ Նադելը, Անդրեյ Գալիցկին, ԱՄՆ քաղաքացիներ են Ռոբերտ Գենկինը, Մայքլ Ռաբինովիչը, Եվգենի Գուրևիչը և այլք3: Հանրապետությունում Մաքսիմ Բակիևի վերահսկողության տակ գտնվող ֆինանսական և տնտեսական օբյեկտների կարճ ցանկը. վեց խոշոր բանկ, որոնց հաշիվներում կենտրոնացված էր ազգային բյուջեի բոլոր միջոցների 80%-ը (պետական փողերը պարտադիր անցնում էին բակիևյան բանկերով, որպես կանոն` ԱսիաՈւնիվերսալԲանկով), «Ղրղզգազ», «Ղրղզտելեկոմ», Ղրղզական երկաթուղի, «Մանաս» օդանավակայան, բջջային կապի «Նուրտել» օպերատոր, էներգետիկական գրեթե բոլոր ընկերությունները («Սևերէլեկտրո», «Օշէլեկտրո», «Վոստոկէլեկտրո»), նավթալցակայանների «ԲՆԿ» ամենախոշոր ցանցը, Բիշքեկի մեքենաշինական գործարանը, ոսկու «Ջերույ» հանքավայրը, «Կոշոյ» և «Կայինդի-Կանտ» շաքարի գործարանները, շամպայն-գինիների կոմբինատը, Մայլուուսույի էլեկտրալամպերի կոմբինատը, «Հինգերորդ հեռուստաալիքը» և «НТС»

հեռուստաալիքը: Բացի այդ, գոյություն ուներ այսպես կոչված «հետգլորման» աշխատաոճը. ցանկացած ներդրողից` ներառյալ օտարերկրյա ներդրողը, կառավարությունում որոշում կայացնելիս Մաքսիմ Բակիևի ստացած կաշառքի տոկոսը կազմում էր նախագծերի ընդհանուր ծավալի 30-50 տոկոսը: Կաշառքի մոտավորապես նույն տոկոսներով էին «հարկվում» հանրապետության բոլոր տնտեսական օբյեկտները` խոշոր ընկերություններից մինչև մանր առևտրային կետերն ու քաղաքային թաղամասերի շուկաները:

Առհասարակ, բողոքի տրամադրություններում անձնական գործոնը Բակիևների հանդեպ հանրային կարծիքում անհամեմատ շատ ավելին էր, քան Ասկար Ակաևի նախագահության շրջանում էր:

2010թ. ապրիլյան իրադարձությունների ավանգարդը դարձավ հիմնականում շրջանների մարգինալ բնակչությունը, որը «հրավիրված» չէր հասարակական կազմակերպությունների կողմից և արդեն սեփական (քաղաքական) կառույցներն էր ստեղծում` հավակնելով մասնակցություն ունենալ հանրապետության կառավարմանը: Այս շարժման մեջ նաև քաղաքական էլիտայի գոնե մասնակի թարմացման դրական պոտենցիալ կա: Բայց կա նաև խորացված էթնոցենտրիզմի վտանգավոր տարր: «Ժողովուրդներիհաստատություններըկառավարողգաղափարներըշատերկարէվոլյուցիայիենենթարկվում,- գրում էր Գուստավ լը Բոնը,- շատդանդաղկազմավորվելով` դրանքմիևնույնժամանակշատդանդաղէլանհետանումեն: Լուսավորյալուղեղներիհամարակնհայտմոլորություններդառնալով` դրանքդեռերկարժամանականվիճելիճշմարտություններենմնումամբոխիհամարևշարունակումենազդեցությունգործելժողովրդականմութմասսաներիվրա: Եթեդժվարէնորգաղափարներշնչելը, ապապակասդժվարչէհինըոչնչացնելը: Մարդկությունըմշտապեսհուսահատկառչումէմեռածգաղափարներինևմեռածաստվածներին»: «Ղրղզական մեծապետականության» գաղափարը, որը ներդրվել է ԽՍՀՄ փլուզումից հետո մեծացած սերնդի գիտակցության մեջ, չափազանց ուժեղ է հանրային գիտակցությունում: Եվ եթե այն սերնդի համար, որը հասցրեց ձևավորվել խորհրդային ժամանակաշրջանում, աշխարհայացքային շրջանակները թույլ են տալիս (հենց ղրղզական էթնոսի փրկության շահերից ելնելով` հաշվի առնելով նրա աճող ապանույնականացումը չկայացած հանրապետության շրջանակում) հետխորհրդային վերինտեգրման ցանկացած ձև, ապա երիտասարդ ուղեղների դրությունը կարող է ձևափոխվել ամենակարճ ժամկետներում, գաղափարախոսական իմաստով ամենատարբեր ուղղություններով: Երկրների համապատասխան շրջանակում ինտեգրվող իսլամական պետության գաղափարից մինչև ռուսական ծայրամասային անկլավի կարգավիճակ ունենալու համաձայնությունը:           

 

* * *

Ղրղզստանի ռազմավարական նշանակությունը Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության համար որոշվում է առաջին հերթին Ղրղզստանի աշխարհաքաղաքական դրությամբ, ոչ այնքան ընդհանուր բնույթի գործոնների շարքում կարելի է նշել հիդրոռեսուրսների առկայությունը, որոնք, ի թիվս այլ բաների, Ուզբեկստանի և, քիչ չափով, Ղազախստանի վրա ազդեցության մեխանիզմ են հանդիսանում: ԱՄՆ-ի, ՌԴ-ի և ՉԺՀ-ի միջև գլոբալ մրցակցության տեսակետից Ղրղզստանը կարևոր է նաև որպես աշխարհագրական տարածք, որն ապահովում է հետխորհրդային Կենտրոնական Ասիայի հասանելիությունը (կամ դրա բացակայությունը) Չինաստանի համար, և որ պակաս ակտուալ է, Չինաստանի հասանելիությունը հետխորհրդային կենտրոնաասիական հանրապետություններից: ՂՀ-ում Ռուսաստանի և ԱՄՆ ռազմակայանների առկայությունն այդ մրցակցության մասնավոր դեպքերն են, որը տեսանելի ապագայում կարող է ակտիվանալ ամենատարբեր ոլորտներում:

Ներկա պահին իրավիճակը ՂՀ-ում անհավասարակշռված է, և անգամ կարճաժամկետ կանխատեսումներ անելը բավական դժվար է թվում: Վստահաբար կարելի է փորձել ներկայացնել առավելագույն բացասական և դրական սցենարները:

 

Բացասական սցենար

ժամանակավոր կառավարությանը չի հաջողվում վերականգնել պետության վերահսկելիությունը և կառավարելիությունը: Քաղաքական գործընթացներում կազմակերպված հանցավորության ներգրավվելը, որն առայժմ սպասողական դիրք է գրավել և ավելի շուտ կարող է ակտիվանալ հօգուտ Ժամանակավոր կառավարության հակառակորդների, «Բակիևների խնդրի» չլուծվածությունը (Կուրմանբեկը, նրա որդիները` Մաքսիմը և Մարատը,  խուսափել են պատասխանատվությունից, եղբայրները` Ջենիշ և Ահմատ  Բակիևները, բակիևյան վարչակազմի մի շարք պաշտոնյաներ` Նարիման Տյուլևը, Մուրատ Սուտալինովը և այլք, քայքայիչ ակտիվություն են ցուցաբերում), այս ամենը հանրապետությունում խորացնում է անկայունությունը` իրավիճակն էլ ավելի մոտեցնելով զինված հակամարտության: Այդ թվում և Բակիևի կողմնակիցների հրահրած միջէթնիկ հակամարտությունը: «Երկրում պահպանվում է դիվերսիաների սպառնալիքը պաշտոնանկ արված Բակիևի ազգականների կողից: Նրա որոշ ազգականներ փորձում են ահաբեկչական գործողություններ կազմակերպել` իրավիճակն ապակայունացնելու համար,- հայտարարեց Ժամանակավոր կառավարության անդամներից Թեմիր Սարիևը Մոսկվայում ապրիլի 23-ին կայացած մամուլի ասուլիսում»:- «Մենք փոխգործակցում ենք զարգացած երկրների հատուկ ծառայությունների հետ, որոնք, ինչպես և մենք, շահագրգռված են, որպեսզի դա տեղի չունենա»,- ընդգծեց նա:

Այս սցենարով իրադարձությունների զարգանալու տարբերակներից մեկը վերը նկարագրեցինք. խաղաղարար ուժեր կմտցվեն ՀԱՊԿ կամ ՀԱՊԿ/ՇՀԿ հովանու ներքո, որոնց մասնակից երկրները, ելնելով սեփական ազգային շահերից, օբյեկտիվորեն շահագրգռված են Ղրղզստանի` որպես պետական միավորի պահպանմամբ և կայունության հաստատմամբ: Սա բացասական սցենարի դրական ելքն ու գործողության ավարտն է: Բացասական զարգացումը կարող է կապված լինել ՄԱԿ և/կամ ԵԱՀԿ հովանու ներքո ՆԱՏՕ խաղաղարարների մուտքի հետ, ավելի քիչ կանխատեսվող  զարգացում է միջազգային հանրության չմասնակցելը ղրղզական հակամարտությանը, նրա տեղայնացումն ու մեկուսացումը ղրղզական տարածքի շրջանակներում: Սա կնշանակի, որ հակամարտությունն անցնում է այն սցենարին, որը նման է Աֆղանստանում իրականացվողին:  

 

Դրական սցենար

Ժամանակավոր կառավարությունն ի վիճակի է լինում վերականգնել կառավարելիությունն ու տարածքի վերահսկողությունը և վերադառնալ գործունեության լեգիտիմ շրջանակներ (հնարավոր է` քվորումով նախկին

խորհրդարանի լեգիտիմացման միջոցով, կան նման նախաձեռնություններ, բայց

դրանց հեռանկարայնությունը դեռևս հստակ չէ): Կառավարությանը հաջողվում է պայմանավորվել իրական արտաքին գործընկերների (նախևառաջ Ռուսաստանի, Ղազախստանի և Չինաստանի) հետ տնտեսական կյանքի զարգացմանն անհրաժեշտ մասնակցության շուրջ` տնտեսության իրական հատվածներում: Սա աստիճանաբար կայունացնում է իրավիճակը սոցիալական ոլորտում: Հիմնական քաղաքական ղեկավարներին հաջողվում է, սահմանադրական ռեֆորմ իրականացնելով, որպես հիմնական սկզբունք պահպանել կոլեկտիվ ղեկավարությունը, հնարավոր է` նոր սահմանադրությունում ընդհանրապես հրաժարվելով նախագահի ինստիտուտից:    

Դրական սցենարի ենթատարբերակներից մեկը կարող է լինել դիմումը ՀԱՊԿ և/կամ ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարներին` խաղաղարար ուժեր մտցնելու խնդրանքով, որոնց մասնակցությամբ արդեն ոչ ինքնուրույնաբար վերականգնվում են բոլոր գործընթացների կառավարելիությունն ու լեգիտիմությունը: ՀԱՊԿ (ՇՀԿ) զինվորական կոնտինգենտի ներկայությունը միաժամանակ ներդրումների պաշտպանության երաշխիք է և կնպաստի տնտեսական զարգացման արագացմանը: Արևմտյան երկրները մեծ մասամբ սպառել են իրենց ներդրումայն հնարավորությունները` համաշխարհային ֆինանսական ճգնաժամի կործանարար ազդեցությունից սեփական տնտեսությունների փրկության համար ներդրումներ անելով, կարծում է բիշքեկյան տնտեսագետ Ազգանուշ Միհրանյանը, որից վերը մեջբերում կատարեցինք: Եվ Ռուսաստանի հետ ինտեգրման աստիճանն էլ ավելի բարձր է, ուստի, ռուսական գործոնը ճգնաժամային երևույթների հաղթահարման գործում ավելի քան ակնհայտ է, և դժվար թե դրան կարելի լինի ինչ-որ բան հակադրել: Այս համատեքստում ուշադրության արժանի և ակտուալանալու կարողություն ունի ղրղզական քաղաքական գործիչների հրապարակավ բարձրաձայնած` Ռուսաստանի ղեկավարությանը դիմելու նախագիծը` Ռուսաստանի կազմում Ղրղզստանն ընդունելու և վերամիավորելու խնդրանքով:

 

* * *

Ղրղզստանի հետագա դերը մեծ տերությունների` ազդեցության համար մղած պայքարում կորոշվի, նախևառաջ, առաջիկա 5-6 ամիսների շրջանով, երբ քիչ թե շատ դրական, միջին հավասարակշռված սցենարի պարագայում ավելի հասկանալի կդառնա իշխանության նոր կառույցների անձնակազմը, կորոշվեն պետական կառավարման և քաղաքական որոշումների կայացման համակարգի նոր սահմանադրական շրջանակները:

Ղրղզստանում տեղի ունեցած հեղաշրջումը մեկ անգամ ևս հաստատեց աշխարհաքաղաքականության սուբյեկտ հանդիսացող չկայացած երկրների քաղաքական գործընթացի բնական անկանխատեսելիությունը (կամ սակավ կանխատեսելիությունը), որոնք տառապում են իշխող էլիտաների լեգիտիմու-թյան պակասից: Չնայած արտաքին նմանությանը` 2010թ. ապրիլի Բիշքեկի և 2008-ի փետրվար-մարտի Երևանի միջև համանմանություն չկա: Միակ բովանդակային նմանությունը բնակչության համատարած դժգոհությունն է ստեղծված օբյեկտիվ իրականությունից: Դե, իսկ ո՞վ և ինչպե՞ս կօգտվի այդ դժգոհությունից, ի՞նչ արտաքին ուժեր կգործադրվեն (և ինչո՞ւ), ինչպիսի՞ն կլինի համաշխարհային հանրության արձագանքը` կարևոր չէ և հայտնի էլ չէ: 2008թ. Քոչարյան-Սարգը-սյան ռեժիմը դիմացավ կազմակերպված ընդդիմության ճնշմանը` շնորհիվ երեք գործոնի. 1) ինքը` ընդդիմությունը, պակաս ատելի չէր իշխող ռեժիմից, 2) Քոչարյանն ի վիճակի գտնվեց ուժ կիրառելու (բանական սահմաններում) և չկորցրեց վերահսկողությունն ուժային կառույցների հանդեպ, 3) Կրեմլի աջակցությունը (Վլադիմիր Պուտինը հաղթանակի կապակցությամբ շնորհավորեց Սերժ Սարգսյանին արդեն ընտրությունների հաջորդ առավոտյան): Կուրմանբեկ Բակիևը չդիմացավ չկազմակերպված ընդդիմության ճնշմանը, քանի որ` 1) բացարձակապես ոչ մի հենարան չուներ սովի մատնված հասարակության մեջ, ի տարբերություն Քոչարյան-Սարգսյանի, որոնց մեջ էին Հայաստանի բնակչու-թյան շատ շերտեր տեսնում փրկությունը մռայլ 90-ականներին վերադարձից, 2) թույլ էր վերահսկում սեփական ուժային կառույցները, ինչպես ավելի ուշ կյանքը ցույց տվեց, 3) կառավարման հինգ տարիների ընթացքում կորցրել էր մեծ տերությունների վստահությունը:     


  

1 Ղուրուլթայ - մոնղոլների (մոնղ. խուրուլ, խուրալ), իսկ հետագայում նաև թյուրքական որոշ ժողովուրդների մոտ, որոնք փոխառել են ինչպես երևույթը, այնպես էլ այն նշանակող բառը` ժողովրդական ներկայացուցչության մարմին, ավագանու համաժողովրդական համագումար` կարևորագույն պետական հարցեր լուծելու համար, որոշ չափով նման է եվրոպական պառլամենտներին (բրիտանական Լորդերի պալատի նման):

2 Նդրանգետա (իտ. Ndrangheta, հուն. ἀνδραγαθία-ից) - իտալական կազմակերպված խոշոր հանցավոր խմբավորում, որը ծնունդ է առնում Իտալիայի Կալաբրիա գավառից:

3 MGN Group ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Գուրևիչը 2009թ. ապրիլին ընտրվել է Ղրղզստանում ավիածառայություններ մատուցող ամենախոշոր ընկերության` «Մանաս» միջազգային օդանավակայան» ԲԲԸ-ի և էլեկտրաէներգիայի արտադրության պետական մոնոպոլիստի` «Էլեկտրական ցանցեր» ԲԲԸ-ի տնօրենների խորհուրդների անդամ£

Գուրևիչը Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի բիզնես վարչարարության բակալավրի աստիճան ունի£

Ալեքսեյ Ելիսեևը, բացի Զարգացման, ներդրումների և նորարարությունների կենտրոնական գործակալության (ԶՆՆԿԳ, ղեկավարն էր Մաքսիմ Բակիևը) փոխտնօրենի պաշտոնից, զբաղեցնում էր նաև ՂՀ Զարգացման հիմնադրամի (ԶՀ) գլխավոր տնօրենի (և` վարչության նախագահն էր, և` տնօրենների խորհրդի անդամ), ՂՀ ԿԸՀ անդամի, «Ղրղզալթըն» պետական ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնները: Նրա գործունեությունը Ռուսաստանում և Ղազախստանում արգելվել և հետաքննվում է մի քանի տասնյակ քրեական գործերով: Ղրղզստանի քաղաքացի է:

ՂՀ ԶՀ ֆինանսական տնօրեն Ռիֆաթ Ուտյուշևը Ղրղզստանի քաղաքացի է:

ԱսիաՈւնիվերսալԲանկի տնօրենների խորհրդի նախա-գահ Միխայիլ Նադելը, Անդրեյ Գալիցկին («Ասիա-ՅունիվերսըլԷյրքրաֆթ» ՍՊԸ), Ալեքսանդր Կատրինը («Ֆինինֆոր» ՍՊԸ աշխատակից) և Ռուստամ Ակժալովը («Ֆինինֆոր» ՍՊԸ ղեկավար): Բոլորն էլ Ղրղզստանի քաղաքացիներ են:

 Կազմակերպված հանցավոր այս խմբավորումում այնքան էլ հասկանալի չէ ԱՄՆ քաղաքացի, MGN Capital ԲԲԸ կառավարիչ տնօրեն, Կորպորատիվ ֆինանսների և հետազոտությունների վարչության ղեկավար Ռոբերտ Գենկինի (մինչև MGN Capital գալն ավելի քան հինգ տարի աշխատել է MGN-ի նախորդ` Chronus Capital ֆինանսաներդրումային ընկերությունում: Ներդրումային վերլուծության և ռազմավարական կառավարման փորձ ունի զարգացող շուկաներում, այդ թվում և Ռուսաստանում ու ԱՊՀ այլ երկրներում, մշակել է ֆինանսական ռազմավարություններ անշարժ գույքի, արդյունաբերական արտադրանքի և ֆինանսական հատվածներում: 2009թ. ապրիլին ընդգրկվել է Ղրղզստանի էլեկտրաբաշխիչ խոշոր «Սևերէլեկտրո» ԲԲԸ և «Բիշքեկի մեքենաշինական գործարան» ԲԲԸ, որը հատուկ արտադրանքի` հրաձգային զենքի արտադրության  համար սարքավորումների միակ պատրաստողն ու մատակարարն է, տնօրենների խորհրդում: Նյու Յորքի համալսարանի բիզնես վարչարարության -  NYU Leonard N. Stern School of Business-ի բակալավրի աստիճան ունի) և MGN Asset Management ԲԲԸ ակտիվների, պորտֆելային ներդրումների կառավարման գծով կառավարիչ տնօրեն Մայքլ Ֆոքս-Ռաբինովիչի (մինչև MGN Asset Management-ը զբաղեցրել է ԱՄՆ Citi Private Bank-ի պորտֆելային ակտիվների կառավարման և նորարարական վերլուծության կոմիտեի փոխնախագահի պաշտոնը: Եղել է նաև ներդրումային քաղաքականության բանկի կոմիտեի անդամ, որտեղ աշխատել է հիմնական միջազգային ներդրումների ռազմավարության մշակման և մասնավոր անձանց պորտֆելների համար ներդրումային հնարավորությունների որոշման ուղղությամբ: Ավելի վաղ եղել է Enron ընկերության թրեյդեր էներգետիկ հումքային ապրանքների գծով: Աշխատել է PwC էներգետիկ ռիսկերի կոմիտեի ավագ խորհրդատու և թրեյդինգային Risk Capital Management ընկերության ավագ վերլուծաբան: Ունի էկոնոմիկայի բակալավրի և բիզնես վարչարարության մագիստրոսի աստիճան: Գերազանցությամբ ավարտել է Փենսիլվանիայի համալսարանի Wharton School-ը և Կոլումբիայի համալսարանի բիզնես դպրոցը: Ունի ֆինանսական վերլուծաբանի` CFA, ֆինանսական ռիսկերի մենեջերի` FRM, ռիսկերի կառավարման մասնագետի` PRM և այլընտրանքային ներդրումների վերլուծաբանի` CAIA վկայականներ):

        Անհասկանալի է  նաև Ղրղզստանի քաղաքացիներ, MGN Group ՓԲԸ գործառնական գործունեության կառավարիչ Նուրգուլ Ադբրազակովայի (մինչև MGN Group գալն աշխատել է «Save the Children» միջազգային կազմակերպության կադրային և վարչական հարցերի համակարգող, մշակել է կադրերի ընտրության մեթոդիկան և աշխատակիցների մասնագիտական աճի մոտիվացիայի ռազմավարությունը: Նախկինում աշխատել է ՂՀ Ֆինանսների նախարարությունում, Պետական գույքի կառավարման պետական կոմիտեում և Ներդրումների ներգրավման պետական կոմիտեում: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է Մ.Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ում) և MGN Group ՓԲԸ իրավական հարցերով փոխնախագահ Ժապար Ուսենովի (մինչև հոլդինգ գալն աշխատել է ԱսիաՈւնիվերսալԲանկ ԲԲԸ-ում, որտեղ մի շարք պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում և բանկի գործունեության իրավական ուղեկցման բաժնի պետի պաշտոնը: Ունի «Բարձրագույն կարգի ղեկավարի» որակավորում «բրոքերական և դիլերական գործունեություն», «արժեթղթերի հավատարմագրային կառավարում», «ներդրումային ֆոնդերի կառավարում», «ներդրումային խորհրդատու» մասնագիտություններով: 2009թ. ապրիլին ընտրվել է «Ղրղզտելեկոմ» ԲԲԸ և «Ղրղզգազ» ԲԲԸ տնօրենների խորհուրդների կազմում: Ստացել է Ղրղզստանի միջազգային համալսարանի իրավաբանության բակալավրի և ՂՀ Արտգործնախարարության Դիվանագիտական ակադեմիայի իրավաբանության մագիստրոսի գերազանցության դիպլոմներ) և էլի մի շարք մարդկանց դերը:

 

Share    



Գնահատում

Ինչպես՞եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am