Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մշակույթ և արվեստ

Մշակույթ և արվեստ
Ապրիլ 2010, N 3

ՌՈՍՏՐՈՊՈՎԻՉ. ԼԵԳԵՆԴ, ՈՐՆ ԱՅԼԵՎՍ ՄԵԶ ՀԵՏ ՉԷ

Օլյա Նուրիջանյան, երաժշտագետ, Երևանի պետական կոնսերվատորիայի դասախոս

 

Ես երբեք մահից չեմ վախենում,

որովհետև այնտեղ են Պրոկոֆևը,

Շոստակովիչը և Բրիտենը:

Մստիսլավ Ռոստրոպովիչ

 

Արդեն երեք տարի է` մշակութային աշխարհի համար մարտի 27-ը սկսվում է 20-րդ դարի ականավոր երաժիշտ և գործիչ Մստիսլավ Ռոստրոպովիչին հիշելով: Համերգները, փառատոները, այլ միջոցառումները տևում են մեկ ամիս, մինչև ապրիլի 27-ը, երբ սկսվեց նրա անմահությունը:

Գնացքը սլանում էր ձմեռային անծայր թվացող ճանապարհով: Սառը վագոնի վերևի հարկում կծկված` քուն էր մտել պատանի Սլավան: Հանկարծ արթնանում է մի տեսակ տաքությունից… Վագոնի բոլոր ուղևորները հանել էին իրենց վերարկուներն ու ծածկել նրան: Սա այն խթանն էր, որն ամբողջ կյանքում Մստիսլավ Ռոստրոպովիչին մղեց երախտապարտ լինել մարդկանց:

Արվեստագետի մեջ ամենագնահատելին ու կարևորը նրա բարոյական կերպարի, լայն մտահորիզոնի, առաջադեմ գաղափարների ու ստեղծագործական ուժերի ներդաշնակ սինթեզն է: Ռոստրոպովիչի ունիվերսալությունն արտահայտվել է նրա ստեղծագործական ինքնադրսևորման ճյուղերում` մենակատար, անսամբլիստ, դաշնակահար, մանկավարժ, դիրիժոր, վերջապես` կոմպոզիտոր: Ռենեսանսյան տեսակի արվեստագետ, որի գործունեության թափը, մտածողության մասշտաբայնությունը, արտիստական երկացանկի ընդգրկումը, հյուրախաղերի աշխարհագրությունը, ոճական նախասիրությունները տարածվում են բոլոր ոլորտներում: Ռոստրոպովիչի ստեղծագործական կյանքը չուներ ոչ մի սահման: Թավջութակահարն իր արվեստով գործիքի պատմության մեջ չտեսնված էջ գրեց: Անհնար է պատկերացնել 20-րդ դարի թավջութակի կատարողական ու ստեղծագործական համայնապատկերն առանց Մստիսլավ Ռոստրոպովիչի և նրան ձոնված գլուխգործոցների: Նույնքան դժվար է հասկանալ խորհրդային և հետխորհրդային ժամանակներն առանց այս մտավորականի անօրինակ գործունեության: Մ.Ռոստրոպովիչին միշտ խորապես հուզում էր սոցիալական անարդարության ցանկացած քայլ, և նրա յուրաքանչյուր գեղարվեստական-լուսավորչական միտումն ուներ հայրենասիրական դրսևորումներ: Որպես երաժիշտ` նա համաշխարհային մշակույթով թրծված անհատականություն էր, իսկ որպես քաղաքացի` իր հայրենիքի երաժշտական մշակույթի քարոզիչը. այդ կերպ նա «վարագույրի» երկու կողմերում ցույց էր տալիս, թե որ արվեստին է պատկանում: Մի անգամ ընկերներից մեկը բարձրաձայն ափսոսանք էր հայտնել, թե ինչ չարիք է, որ այսպիսի երաժիշտը հայրենիքում չէ, չի ապրում Ռուսաստանում և դա ինչ կորուստ է ռուսական մշակույթի համար: Մ.Ռոստրոպովիչը ցասումով պատասխանել էր. «Ռուսաստանում ինձ թույլ չէին տա անել այն, ինչ ուզում եմ»:

Արտերկրում նա միշտ ռուսական ծրագրերով էր հանդես գալիս. ամբողջ աշխարհում կազմակերպում էր Շոստակովիչի փառատոներ, անվերջ Չայկովսկի էր նվագում: ԱՄՆ-ում և Ֆրանսիայում ապրած տասնյոթ տարիները Մ.Ռոստրոպովիչին դարձրին համաշխարհային մասշտաբի երաժիշտ, միաժամանակ նրան չկարողացան կտրել իր երկրից: Կարելի է ասել` նա երբեք բացակա չի եղել հայրենիքից, իսկ հայ իրականության մեջ այդ ներկայությունն ունի չափազանց վառ վկայություն:  Սպիտակի երկրաշարժից հետո Մ.Ռոստրոպովիչն արտասահմանում մի քանի բարեգործական համերգ կազմակերպեց ու փոխանցեց կես միլիոն դոլար: Իհարկե, խորհրդային թերթերում, ինչպես հիշում է Գալինա Վիշնևսկայան, դրա մասին ոչ մի հիշատակում չեղավ:

Ռոստրոպովիչի թավջութակը հնչել է ամենաարտառոց, անսպասելի «բեմերում»` Արկտիկայից մինչև… Տարկովսկու հուղարկավորությունը, իսկ Բեռլինյան պատի մոտ հայտնվելն ամենևին էլ գովազդային քայլ չէր. «Պարզապես ցանկանում էի հենց քանդվող պատի մոտ, Գերմանիայի վերամիավորման պահին նվագել Բախի երաժշտությունը»: 1991-ի օգոստոսի 20-ին Մոսկվայում տեղի ունեցող դեպքերի մասին Ռոստրոպովիչն իմացավ Փարիզում: Դուստրը` Լենան, զանգահարեց. «Մոսկվայում ինչ-որ բան է տեղի ունենում, Գորբաչովն իշխանության գլխին չէ»: Հայրը ցնծաց. «Ինչ լավ է, որովհետև Գորբաչովը ոչ այնտեղ է, ոչ այստեղ»: Հեռուստացույցով լսեց, որ ԽՍՀՄ-ում հայտարարվում է նոր ռեժիմ. մեկ թերթով, վերականգնված գրաքննադատությամբ, պարետային ժամով գուցե նաև հաստատվի այդ նոր իշխանությունը: Այդ պահին Ռոստրոպովիչը միայն իրեն բնորոշ արագությամբ որոշում կայացրեց: Մի՞թե իր հայրենիքում ամեն ինչ կրկնվում է. եթե նորից հանճար ծնվի, այնտեղ նրան կխեղդեն, կստիպեն, կլռեցնեն: Սա էր Մ.Ռոստրոպովիչի քայլի, այսինքն` թռիչքի մղումը. «Ես հասկացա, որ ավելի լավ է մեռնեմ, բայց այդ ամենի վկան նորից չեմ կարող լինել»: Քաղաքական քաջությամբ լեցուն, եռանդուն հայրենասերը, անսասան հակակոմունիստը հասավ Սպիտակ տան բարիկադներ, և մի քանի օրից նրա` ավտոմատը ձեռքին հենած լուսանկարը տարածվեց ամբողջ աշխարհով: Ռոստրոպովիչը եկել էր իր ժողովրդին փրկելու կոմունիստական ռևանշիստներից:

Ասում են` նա օրական չորս ժամ է քնել: Առավոտյան մինչև ժամը ութը պատկանում էր ինքն իրեն, հետո սկսվում էին զանգերը, այցերը. նա սիրում էր մարդկանց, նրան հետաքրքիր էին մարդիկ և միշտ բաց էր բոլորի համար: Յոթանասունամյակի շեմին Սանկտ Պետերբուրգում ղեկավարներից մեկը հարցրել էր, թե ինչ կցանկանար նվեր ստանալ: Թավջութակահարին, իհարկե, ոչինչ հարկավոր չէր, բայց երջանիկ կլիներ, եթե երաժշտական դպրոցի համար որևէ շինություն տրամադրեին: Երեք տարի հետո նրան հանձնած և նրա ուժերով վերակառուցված շենքում բացվեց իր իսկ անվան Արվեստի մանկական դպրոց: Այն միակը չէր. դեռևս կենդանության օրոք արդեն նրա անունով էին կոչվում երաժշտական դպրոցներ Ֆրանսիայում, ապա` Սան Ֆրանցիսկոյում, Մոսկվայում, Բաքվում:

Ռոստրոպովիչն այն հազվագյուտ երաժիշտներից էր, ում անունը սերտ կապված է քաղաքականության հետ: Հայտնի պատմություն է, թե ինչպես էին կնոջ հետ ապաստան տվել գրող, հրապարակախոս, ստալինյան ճամբարներն ու աքսորը վերապրած Սոլժենիցինին, որն իր ստեղծագործություններում դիմակազերծում էր

տոտալիտար ռեժիմը: Ոչ Մ.Ռոստրոպովիչը, ոչ էլ Գ.Վիշնևսկայան չէին պատկերացնում, թե ինչ կնշանակեր այս  հզոր անհատի հայտնվելը: Պարզապես նրանց ընտանիքն օգնեց ծանր ճակատագրի տեր մարդուն և համարում էր, որ օգնությունը հերոսություն չէ, այլ նորմալ մարդկային արարք: Բայց այդ երկրում չէր կարող լինել սեփական աշխարհայացք ունեցող սովորական մարդ, և չէր կարելի ապրել Աստծո օրենքով: Ոչ, դու պարտավոր ես նրան քո հոգուց դուրս շպրտել, իսկ այդ դատարկության մեջ, կոմունալ բնակարանի նման, տեղավորել Մարքսին, Էնգելսին, Լենինին ու Ստալինին: Ահա քո կրոնը: Հակառակ դեպքում, ինչպես ասել է հավերժ ողջ Լենինը. «Ով մեզ հետ չէ, նա մեր դեմ է»: Ապաստան տալով Սոլժենիցինին` Ռոստրոպովիչն ու Վիշնևսկայան ընդդիմացան այդ «կրոնին»: Ամեն ինչ կտրուկ փոխվեց, երբ Սոլժենիցինը Նոբելյան մրցանակ ստացավ: Խորհրդային մամուլում սկսվեց բացահայտ թունավորումը: Իրադարձությունները շարունակվեցին դեռևս 1936, 1948 թվականներից հայտնի` «ֆորմալիզմի դեմ պայքար» կոչված փորձված սցենարով: Այս անգամ, սակայն, մեկ տարբերությամբ. այն ժամանակ Պրոկոֆևի և Շոստակովիչի համար ոչ ոք բացահայտ չարտահայտվեց: Իսկ հիմա Ռոստրոպովիչը բարձրաձայնեց իր բողոքը «Պրավդա», «Իզվեստիա», «Լիտերատուրնայա գազետա», «Սովետսկայա կուլտուրա» թերթերին ուղղված նամակում: Նա մտածում էր ու սարսափում, որ Ա.Սոլժենիցինին կարող էին սպանել, որ մահափորձերից մեկը կհաջողվի, իսկ գրողն իրենց տանն էր ապրում, և այդ դեպքում ոչ իրենք, ոչ էլ զավակները  դրանից չէին կարող փրկվել: Ժամանակն էր ասել, թե ինչ է մտածում: Հետագայում նա շատ անգամ է վերընթերցել այդ նամակը և համոզված էր, որ ոչ մի բանի համար այդքան հպարտ չի եղել: «Այդ նամակն իմ երկարակեցության դեղահաբն է»,- ասում էր գործուն մտավորականը1: Նամակից հետո Ռոստրոպովիչին հեռացրին Մեծ թատրոնից, աստիճանաբար զրկում էին արտասահմանյան ուղևորություններից, մայրաքաղաքային նվագախմբերին արգելվեց հրավիրել թավջութակահարին, իսկ մենահամերգների համար չէին տրամադրվում Մոսկվայի ու Լենինգրադի համերգասրահները: Աշխարհի թիվ 1 թավջութակահարի բեմը ԽՍՀՄ-ի ծայրագավառներն էին: Ամերիկայի, Անգլիայի, Գերմանիայի փայլուն նվագախմբերից, ժամանակի առաջնակարգ երաժիշտների հետ շփվելուց հետո նա ստիպված էր իջնել Ռուսաստանի ծայրամասերի կյանքի ճահիճը: Նման երաժիշտների հետ յուրաքանչյուր ելույթում ստիպված էր լինում գնալ ստեղծագործական կոմպրոմիսի, աստիճանաբար իջեցնել մակարդակը, հարմարվել միջակությանը: Այդ ժամանակ, հին ռուսական ավանդույթի համաձայն, օգնության էր գալիս օղին, և Ռոստրոպովիչը բացառություն չէր: «Այդպես էր նա ապրում, որովհետև կուսակցական սրիկաները իրավասու էին ղեկավարել երաժշտի ստեղծագործական կյանքը»,- գրում է Գալինա Վիշնևսկայան: Ստեղծագործական ուժերի ծաղկման շրջան ապրող մեծագույն երաժիշտը կայսրության կենտրոնական համերգասրահում կարող էր ներկա լինել միայն իբրև ունկնդիր: Ռոստրոպովիչի համար ավելի դանդաղ ու անխուսափելի մահապատիժ չէին կարող հնարել: Այդ տարիներին էր, որ տարվեց ռուսական ճենապակու լավագույն հավաքածու ստեղծելու գաղափարով, և քանի որ ոչ մի բան թերի չէր անում, սկսեց կորսված գանձերի որոնումն իր երկրի համար: Սա անգործությունից փրկող զբաղմունք էր, բայց… չէր կարող փոխարինել մասնագիտությանը, նրա երաժշտությանը, որի համար ծնված էր: Երեք ու կես տարվա ընթացքում նրան Մեծ թատրոն վերադառնալու ռեալ «հնարավորություն» են առաջարկում. ստորագրել Անդրեյ Սախարովի դեմ ուղղված նամակը: Անամոթաբար նման առաջարկ ներկայացրած կոլեգայի երեսին ցասումնալի շպրտեց. «Ես չե`մ ստորագրի»: Իսկ Վիշնևսկայան լրացրեց. «Դե ինչ, ուրեմն նա երբեք Մեծ թատրոնում չի ղեկավարի, բայց կմնա օրինակելի մարդ, կմնա Ռոստրոպովիչ»: Այդ երկրում նրա կարիքը չունեին, ինչն արտահայտում էին ոչ միայն արվեստից հեռու կառավարական չինովնիկները, այլև արվեստակիցները:

1953-ից հետո էլ դավաճանության ավանդույթները շարունակվում էին: Խեղդող հանգույցը սեղմվել էր, և պետք էր այն ամբողջ ուժով քանդել, պետք էր ելք գտնել: Վերջին կաթիլը Սեյջի Օզավայի ղեկավարած Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբի հյուրախաղերն էին: Խորհրդային կառավարությունը մոսկովյան ծրագրերից փորձում էր հանել Ռոստրոպովիչին, իսկ ամերիկացիները չէին համաձայնում, և երկրի գլխավոր թավջութակահարը հնարավորություն ունեցավ հանդես գալու Անտոնին Դվորժակի Թավջութակի կոնցերտով: Մեծ հաջողություն ունեցած համերգից հետո միայն Գալինա Վիշնևսկայան հասկացավ, որ ամուսինն  արդեն կորցնում է մեծագույն արտիստի (որը պետք է ամբոխից վեր լինի, այլ` ոչ նրա հետ) որակը. «Դու կորցնում ես ոգու վեհությունը: Կարող ես ընդունել կամ չընդունել իմ խոսքերը»:

        Մի քանի օրից Մ.Ռոստրոպովիչը դիմում է գրում Լեոնիդ Բրեժնևի անունով` երկու տարով ընտանիքով արտասահման մեկնելու խնդրանքով: «Մի մտածիր տան մասին, փրկիր քո կյանքը»,- հորդորում էր Վիշնևսկայան: Անգամ դիմումը ներկայացնելուց  հետո նա սպասում էր, հավատում, որ կխնդրեն չհեռանալ, ու այդ պահին նա հաստատ չի մեկնի…

1974-ին ավարտվեց Ռոստրոպովիչի կյանքի ուղու խորհրդային շրջանը. նա Արևմուտք մեկնեց բարոյապես ոչնչացած, նա փախչում էր ու չգիտեր, թե ինչ է լինելու, գուցե այնտեղ էլ ոչ ոքի պետք չէ: Բրեժնևների-անդրոպովների-սուսլովների-ֆուրցևաների կուսակցական, ոստիկանական նենգ իշխանության վերջին հարվածը 1978-ին էր, երբ արտիստներին հեռակա կարգով, առանց տեղեկացնելու, զրկեցին ԽՍՀՄ քաղաքացիությունից ու պետական մրցանակներից` այսպես կոչված հակախորհրդային գործունեության համար:

Նոր կյանքը սկսվեց արտերկրի ընկերների օգնությամբ: Ամերիկայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում Ռոստրոպովիչին քաղաքացիության առաջարկ  էին ներկայացնում: Նա չէր համաձայնվում, որպեսզի Խորհրդային Միությանը ցույց տա, որ 209-րդ հրամանագիրը սխալ է: Երբ 1990-ին գորբաչովյան կառավարությունն առաջարկեց խորհրդային անձնագրեր վերցնել, ամուսինները պատասխանեցին շնորհակալական նամակով և մերժումով. «Ես չեմ ընդունի ռուսական  քաղաքացիություն, որպեսզի արտաքսված տարիներին ինձ օգնող մարդկանց առաջ դավաճան դուրս չգամ»: 1978-ից հետո նա ընդհանրապես ոչ մի քաղաքացիություն չուներ: Ռոստրոպովիչն այդ կերպ դարձավ աշխարհի քաղաքացի:

Մեծ երաժիշտն առանձնապես ցանկություն չուներ խառնվել խորհրդային քաղաքականության մեջ, չէր ցանկանում կոչվել այլախոհ, դիսիդենտ: Նա պարզապես ուզում էր լինել ազնիվ մարդ, չստել: Նա օգնել էր ուզում, այն էլ` ոչ ցուցադրաբար: Երբ աղքատության մեջ ապրող դաշնակահար Ալեքսանդր Դեդյուխինը նամակով խնդրել էր օգնել, Ռոստրոպովիչը ոսկու ձուլակտոր է գնել և ուղարկել նրան, որ ընկերը, իր համերգային ելույթների լավագույն նվագակցողն ու անդավաճան բարեկամը մաս-մաս վաճառի ու կարողանա ապրել: Մ.Ռոստրոպովիչի բարեգործությունն ուղղված էր հատկապես հայրենիքի ապագային` երեխաների առողջությանն ու կրթությանը: Վերջին տարիներին կառուցում էր հիվանդանոցներ, մանկական բժշկական հաստատություններին օգնում էր դեղամիջոցներով ու սարքավորումներով, ղեկավարում էր Վիշնևսկայա-Ռոստրոպովիչ ֆոնդը:

Երկու երաժիշտների կյանքի ու ստեղծագործության  ուղին վաղուց էր մեկ հունով ընթանում. բեմի վրա կատարողական այս անսամբլը սիՆֆոնիայի (սինքրոն հնչողության) վերապրում էր ներկայացնում, իսկ բեմից դուրս` կյանքի սիՄֆոնիայի համոզիչ ընդգրկում: Խորհրդային դրամայից հետո Ռոստրոպովիչ-երաժիշտը դժվար թե վերածնվեր, եթե կողքին չլիներ նրա կինը: Հանուն ամուսնու Խորհրդային Միության առաջնակարգ մեներգչուհին լքեց Մեծ թատրոնն ու իր Օլիմպոսը` չիմանալով, թե ինչ է սպասվում անծանոթ երկրում: Կարևորն այն էր, որ փրկեց ընտանիքը, հանճարեղ ամուսնուն, որովհետև նրանց համար գլխավորն ընդմիշտ միմյանց առաջին ընկալումն էր, այն, որ Վիշնևսկայայի համար Ռոստրոպովիչն այն տղամարդն էր, ում հետ ամուսնացավ ծանոթությունից չորս օր հետո, իսկ Ռոստրոպովիչի համար Վիշնևսկայան այն կինն էր, ում առջև նա հանկարծ ծնկի եկավ:

Թավջութակահար հայրը և դաշնակահար մայրը Ռոստրոպովիչի առաջին ուսուցիչներն էին: 15 տարեկան հասակում, Հայրենական պատերազմի տարիներին, կորցնում է հորը, և երկու զավակներին մեծացնելու հոգսն ամբողջությամբ ընկնում է մոր ուսերի վրա: Դեռևս ութ տարեկանում Սլավան առաջին  հրապարակային ելույթն է ունենում, սիմֆոնիկ նվագախմբի հետ առաջին համերգը 13 տարեկանում էր, իսկ 18 տարեկանում երաժշտական համամիութենական մրցույթում ստանում է առաջին մրցանակը, և  սկսվում է նրա կատարողական գործունեությունը: Մ.Ռոստրոպովիչն ընդամենը երեք ոստյունով` երեք տարում անցավ Մոսկվայի կոնսերվատորիան. սովորել է խորհրդային թավջութակի դպրոցի հիմնադիր Սեմյոն Կոզոլուպովի դասարանում: Երկրորդ կուրսի քննությունից հետո հանձնաժողովը նրա ելույթը գնահատում է «5+» և միաձայն որոշում տեղափոխել հինգերորդ կուրս: Ուսանողական տարիներին նման արտառոց օրինակ Մստիսլավը ցուցաբերեց նաև ընդհանուր դաշնամուրի ավարտական քննությանը, երբ թավջութակահարը ներկայացրեց մասնագիտական դասարանի դաշնակահարի ծրագիր` Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրային Երկրորդ կոնցերտը (!) և Ֆրեդերիկ Շոպենի երկու էտյուդ: 19 տարեկանում Մ.Ռոստրոպովիչն արդեն դիպլոմավոր երաժիշտ էր: Շարունակվում էին մրցույթներն ու համերգները, իսկ միջազգային ճանաչումը սկսվում է 23 տարեկանից, երբ Պրահայում հաղթում է չեխ թավջութակահար Գանուշա Վիհանի անվան մրցույթում: Կարևո՞ր էր արդյոք Ռոստրոպովիչի համար կարիերան: Հմուտ մանկավարժ և թավջութակահար հոր օրինակն աչքի առջև էր, որն ապարդյուն սպասում էր համերգային առաջարկների, չնկատվեց, չգնահատվեց ու մնաց երկրի ծայրամասում աշխատող երաժիշտ: Ռոստրոպովիչը չէր կարող սպասել հրավերների, նա առաջին հերթին գործուն երաժիշտ էր և ուներ կարևոր նպատակ` լավացնել կյանքի ընթացքը: Նա անշահախնդիր ծառայում էր, սիրահարած էր երաժշտությանն ու հավատում էր նրա գեղեցկությանը: Ռոստրոպովիչի համար կարևոր էր այն մոտեցումը, որ կատարված յուրաքանչյուր ստեղծագործությունն ամենասիրելին է: Սա էր նրա կյանքի բանալին:

Ռոստրոպովիչի կատարմամբ հնչել է թավջութակի երաժշտության ամբողջ նվագացանկը: 60 տարուց ավելի տևած համերգային կյանքում նա 117 նոր ստեղծագործություն է կատարել, ներկայացրել է 70 նվագախմբային պրեմիերա: Թավջութակի համար առավել քան 140 ժամանակակից երկեր են գրվել հատուկ Ռոստրոպովիչի համար և նրան նվիրված: Նա 20-րդ դարի հսկաներ Պրոկոֆևի, Շոստակովիչի, Բրիտենի կոնցերտային գործերի առաջին կատարողն էր:

            Դեռևս 1963-64թթ. Լենինգրադում և Մոսկվայում Ռոստրոպովիչը ձեռնարկում է համերգային հզոր ծրագիր, որի ընթացքում հնչեց թավջութակի համար գրված 11 կոնցերտ` տարբեր նվագախմբերի հետ: Համերգային այս համարձակ շարքը կոչվում էր «Թավջութակի կոնցերտի ցիկլ» կամ ոչ պաշտոնական` «Ադամից մինչև Արամ» (նկատի ունենալով Արամ Խաչատրյանին): Այդ «մարաթոնում» որոշ  ստեղծագործություններ ԽՍՀՄ-ում առաջին անգամ էին ներկայացվում, և բոլորը նա անգիր էր նվագում: Ինչպես հիշում է այդ համերգներից մեկը ձայնագրող հնչյունային ռեժիսորը, Դարիուս Միյոյի կոնցերտի կադենցիայում2 սկսում է «լողալ», այսինքն` չի նվագում այն, ինչ նոտաներում է: Թավջութակահարն իրեն չի կորցնում և շարունակելով նվագել` թաքուն հարցնում է դիրիժորին` Գենադի Ռոժդեստվենսկուն, թե որ նոտայի և որ օկտավայի վրա է վերջանում կադենցիան: «Հիմա կհասնեմ»,-մխիթարում է «արտասովոր» թավջութակահարը: Դիրիժորից, մենակատարից, հնչյունային ռեժիսորից բացի ոչ ոք չնկատեց «իմպրովիզացիան»:

Մստիսլավ Ռոստրոպովիչն ուներ երկու թավջութակ, որոնցով նվագում էր:  Մեկը նապոլեոնյան դրոշմով Ստրադիվարիուսի պատրաստած գործիքն էր3, որով նվագում էր Բախի մենանվագ սյուիտները և մեծ երգայնություն պահանջող ստեղծագործությունները: Մեծ համերգների և ժամանակակից երաժշտության համար նախընտրում էր Ստրադիվարիուսի աշակերտ, վարպետ Լորենցո Ստարիոնիի 1760 թվականին պատրաստած գործիքը: Ռոստրոպովիչի մահից հետո նրա բոլոր չորս գործիքները տանն են: Նախկինում դրանցից գոնե մեկը ճանապարհորդում էր նրա հետ:

Մստիսլավ Ռոստրոպովիչը երազում էր հազարլարանի թավջութակի մասին: Ահա թե ինչու  ցանկացավ դիրիժոր դառնալ: Նրա համար ոչ մի մենակատարային գործիք այնպիսի հարստություն չուներ, ինչպես նվագախումբը: Այստեղ Ռոստրոպովիչը բերում էր անսովոր երաժշտական ինտենսիվություն, որով լրացնում էր դիրիժորական բացերը: Բորիս Պոկրովսկին ասում էր, որ Ռոստրոպովիչը ոչ թե երաժշտության, այլ մարդկային ոգու դիրիժոր է: Թավջութակահարի դիրիժորական դեբյուտը տեղի է ունեցել 1962-ին Գորկի (այժմ` Նիժնի Նովգորոդ) քաղաքում: Ծրագրում իր կոմպոզիտորներն էին` Դմիտրի Շոստակովիչ, Սերգեյ Պրոկոֆև և Մոդեստ Մուսորգսկի: Այս համերգով Խորհրդային Միությունում նոր համերգային ավանդույթ սկսվեց` սկիզբ դրվեց երաժշտական փառատոների տարեգրությանը, որոնցում միշտ առաջնային կազմակերպչական և կատարողական դիրք էր զբաղեցնում Ռոստրոպովիչը: Անգամ արտերկրում, տարագրության տարիներին,  շարունակում էր ռուսական երաժշտությանը նվիրված տարբեր նախագծեր իրականացնել. 1987-2000թթ. դարձավ Էվիանի (Ֆրանսիա) երաժշտական փառատոնի  հիմնադիրը, ինչպես նաև մասնակիցն ու անփոխարինելի ղեկավարը: Դիրիժոր Ռոստրոպովիչն իրականացնում էր համաշխարհային պրեմիերաներ` ներկայացնելով սիմֆոնիկ ու երաժշտաթատերական հարուստ ժառանգություն: Այստեղ նույնպես պրեմիերաները բացառություն չէին: Օրինակ, նա ղեկավարեց Ռոդիոն Շչեդրինի «Լոլիտա»-ն, Ալֆրեդ Շնիտկեի «Կյանքը ապուշի հետ», «Ջեզուալդո», Սերգեյ Սլոնիմսկու «Իվան Ահեղի տեսիլները» օպերաները: Դմիտրի Շոստակովիչն իր 15-րդ  սիմֆոնիան հատուկ գրել է Ռոստրոպովիչ-դիրիժորի համար: Նրա ղեկավարած օպերային յուրաքանչյուր ներկայացում իրադարձություն էր ռուսական երաժշտաթատերական  պատմության մեջ, այս շարքում առանձնանում են նոր շունչ ստացած կամ արգելված ստեղծագործությունները, օրինակ` Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին», «Մազեպա», Մոդեստ Մուսորգսկու «Խովանշչինա», Սերգեյ Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղություն» և Դմիտրի Շոստակովիչի «Լեդի Մակբեթ» օպերաները: Ռոստրոպովիչը 1977-94թթ. ղեկավարում էր ԱՄՆ ազգային սիմֆոնիկ նվագախումբը: Նրա աշխատանքի շնորհիվ այս կոլեկտիվը ձեռք բերեց համաշխարհային ճանաչում: Վաշինգտոնը դարձավ երկրի խոշոր երաժշտական կենտրոնը: Ռոստրոպովիչը պարբերաբար հրավիրվում էր Բեռլինի ֆիլհարմոնիա, Բոստոնի, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբեր և Լոնդոնի ֆիլհարմոնիա:

Մստիսլավ Ռոստրոպովիչի կյանքի կարևոր ոլորտներից էր նաև անսամբլային գործունեությունը: Նա հանդես է եկել ժամանակի առաջնակարգ երաժիշտների հետ` Սվյատոսլավ Ռիխտեր, Էմիլ Գիլելս, Լեոնիդ Կոգան, Դավիթ Օյստրախ, Ալեքսանդր Դեդյուխին, Վլադիմիր Հորովից, Ռուդոլֆ Սերկին, Վիլհելմ Կեմպֆ, Իեգուդի Մենուհին, Իսահակ Սթերն, Ժան-Պիեռ Ռամպալ: Բազմաթիվ անգամ հանդես է եկել 20-րդ դարի  խոշորագույն դիրիժորների` Հերբերտ ֆոն Կարայանի, Շառլ Մյունշի, Յուջին Օրմանդիի, Գեորդ Շոլտիի, Լեոնարդ Բերնսթայնի, Դիմիտրիոս Միտրոպոլուսի, Սեյջի Օզավայի հետ: Նա Ամերիկային սովորեցրեց սիրել հատկապես մեծանուն Շոստակովիչին: Դեռևս կոմպոզիտորի կենդանության օրոք միասին երազում ու ծրագրում էին նրա երաժշտությանը նվիրված փառատոներ, որոնք, սակայն, հնարավոր եղան իրականացնել միայն 1990-ականներին և արդեն աշխարհի խոշորագույն երաժշտական կենտրոններում` Լոնդոն, Տոկիո, Չիկագո, Նյու Յորք: Դմիտրի Շոստակովիչի ծննդավայրում` Սանկտ Պետերբուրգում, փառատոնի հետ միասին բացեց նաև մեծ երաժշտի թանգարանը: 1950-60-ական թվականներից սկսած` Ռոստրոպովիչի համար նա գլխավոր կոմպոզիտորն էր: 1974թ. թավջութակահարի համար ճակատագրական պահին Շոստակովիչը միակն էր, որը կարող էր ստիպել Վիշնևսկայային ու նրա ամուսնուն չհեռանալ երկրից: Խորհրդային «մսաղացում» ապրող կոմպոզիտորը գիտեր դա, բայց նման կենսափորձ ունեցող մտավորականը չարեց դա, և միայն հրաժեշտի ժամանակ ասաց. «Դուք ինձ մեռնել եք թողնում»:

             Մստիսլավ Ռոստրոպովիչի համար կյանքի կարևոր ուսուցիչներից էր նաև Սերգեյ Պրոկոֆևը: 23 տարեկանից սկսած` թավջութակահարի վրա մեծ ազդեցություն ուներ այս կոմպոզիտորի`  մարդու և արվեստագետի կերպարը: Պրոկոֆևը նրա իդեալն էր: Ռոստրոպովիչն անգամ մանրուքներում էր ուզում նմանվել ուսուցչին, նրանից էր ժառանգել օծանելիքի և փողկապի նկատմամբ սերը:  Ռոստրոպովիչի համար մեծ հաճոյախոսություն էր, երբ ասում էին, որ արտաքնապես նման է Պրոկոֆևին: 1948-ին կոմպոզիտոր ֆորմալիստների մասին կառավարության որոշման մեջ մեղադրվում էր նաև Սերգեյ Պրոկոֆևը: Պատանի Սլավան անկեղծ նվիրվածությամբ սատարում էր կոմպոզիտորին. այցելում էր գրեթե ամեն օր: Մի անգամ սարսափով հայտնաբերեց անօգնական և մոլորված Պրոկոֆևին. այդ օրը նա անգամ նախաճաշի փող չուներ: Սլավան ելքը գիտեր: Նա միանգամից ներխուժեց ԽՍՀՄ կոմպոզիտորների միության նախագահ Տիխոն Խրեննիկովի առանձնասենյակ ու պահանջեց. «Դուք հասկանո՞ւմ եք` ձեր կողքին հանճար է ապրում: Պրոկոֆևը ուտելու ոչինչ չունի: Ինչո՞ւ չեք օգնում»: Գումարը շտապ դուրս գրվեց, և Ռոստրոպովիչը տորթով ու շամպայնով վերադարձավ`  հանճարեղ ուսուցչի հետ հաղթանակը նշելու:

            Ռոստրոպովիչի կյանքի բարեկամն ու ստեղծագործական համախոհն էր նաև 20-րդ դարի անգլիացի խոշորագույն կոմպոզիտրո Բենջամին Բրիտենը: Հայ

երաժշտական մշակույթի ամենաջերմ ու նախադեպը չունեցող էջերից մեկն առնչվում է այս երկու երաժիշտների հետ: 1965 թվականին Վիշնևսկայան և Ռոստրոպովիչն առաջարկել էին իրենց ընտանիքի մեծ բարեկամ Բ.Բրիտենին և վոկալիստ Փիթըր Փիրսին ամառային արձակուրդն անցկացնել ԽՍՀՄ-ում: Հրավերի միակ անլուծելի ու անելանելի խնդիրը հյուրերի կենսապայմաններն ապահովելն էր: Շոստակովիչը, որը նոր էր վերադարձել Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանը հանգստանալուց, խորհուրդ է տալիս Ռոստրոպովիչին, որ հյուրերին Հայաստան տանեն և ավելացրել էր. «Հայերը հուսախաբ չեն անի»: Խորհրդային իրականության մեջ նման համարձակ ու բացառիկ ծրագիրն իրագործեցին Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Էդվարդ Միրզոյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ղեկավար Վլադիլեն Բալյանը և Մստիսլավ Ռոստրոպովիչը: Ընդ որում, վերջինս պատվախնդիր հայերին ակնարկել էր. «Եթե ձեզ մոտ վատ լինի, կմեկնենք ձեր հարևան վրացիների մոտ»: 25 օրվա «հանգստի» գագաթնակետը «Բրիտենի օրերը Հայաստանում» փառատոնն էր, և, ինչպես կոմպոզիտոր Ադամ Խուդոյանն էր ասում`  այս նախագծի «ծանր հրետանին» Մստիսլավ Ռոստրոպովիչն էր:

            Հայաստանի հետ կապող մեկ այլ կարևոր օղակը Արամ Խաչատրյանի մեծությունն էր, որը Թավջութակի և նվագախմբի համար կոնցերտ-ռապսոդիան ձոնել էր հենց Մ.Ռոստրոպովիչին: Թավջութակահարն իր հոդվածներից մեկում գրել է. «Հիշում եմ` ինչ թրթիռով ես` բոլորովին երիտասարդ երաժիշտս, եկա Արամ Խաչատրյանի մոտ, և նա ցույց տվեց թավջութակի կոնցերտը: Իմ կարծիքով, Խաչատրյանի ստեղծագործությանն առավել բնորոշ են երաժշտության հյութեղությունը, վառ պատկերայնությունը, եռանդը և մեծ մարդկայնությունը: Ինձ միշտ թվում է, որ այս հատկությունները կոմպոզիտորին անպայման պետք է բերեն թավջութակի հետ հանդիպման: Հենց թավջութակն է մարդկային ձայնի նախատիպը: Կոնցերտ-ռապսոդիայում ինձ գերում են խորությունն ու վիրտուոզ փայլը: Յուրաքանչյուր մեծ կոմպոզիտոր հոգու խորքում պետք է նաև կատարող լինի, և եթե երաժիշտն ընտրում է ստեղծագործությունը, նշանակում է` սիրվել է: Ես չեմ վախենում ասել, որ Խաչատրյանը փայլուն և հիանալի ստեղծագործություն է գրել»: 

            Մ.Ռոստրոպովիչը 20-րդ դարի խոշորագույն մանկավարժներից էր. ոչ մեկին չի հաջողվել ստեղծել այդպիսի հզոր դպրոց: Նա դասավանդել սկսել էր քսան տարեկանից և գործունեության այս ոլորտով ավելի էր հպարտանում, քան համերգային  կատարողականությամբ: Անգամ ապագա կնոջ հետ ծանոթանալիս հատուկ կարևորությամբ նշել էր, որ Մոսկվայի կոնսերվատորիայի դոցենտ է. Ռոստրոպովիչը չէր էլ նկատում, որ այդ ժամանակ  իրեն անվանում էին աշխարհի լավագույն թավջութակահար: Գուցե գիտեր, որ իր կատարողական  կարիերան ավելի շատ կախված է նրանից, թե ինչպիսի հարաբերություններ կլինեն  Խորհրդային Միության մշակույթի  նախարարության հետ: Մոսկվայի կոնսերվատորիայի նրա տաղանդավոր սաները թավջութակի ժամանակակից կատարողական արվեստի առաջատարներից են` Միշա Մայսկի, Նատալյա Շախովսկայա, Նատալյա Գուտման, Կարինե Գեորգիյան, Դավիդ Գերինգաս, Իվան Մոնիգետի, ինչպես նաև Մեդեա Աբրահամյան, Վահրամ Սարաջյան և այլք:

            Մստիսլավ Ռոստրոպովիչը հարցազրույցներից մեկում նշել էր, որ իր կյանքի իրական իմաստը գտել է մի հանդիպումից հետո: Հայրենիքից հեռու ապրող, հուսալքված երաժշտի կյանքի պատմությանը տեղեկացված Հռոմի պապը նրան այսպես էր քաջալերել. «Կյանքը դեպի վեր, դեպի Աստված տանող աստիճան է: Դուք հիմա կանգնած եք այդ աստիճանի կեսին և սրանից հետո ամեն քայլն անելուց մտածեք` դեպի վե՞ր եք գնում, թե՞ հակառակը»:

ՎԵՐՋԱԲԱՆ

 

Աշխարհում երկու քաղաք կա, որտեղ Ռոստրոպովիչի նկատմամբ վերաբերմունքը հատկապես գորովալից է` Բաքուն, որտեղ ծնվել է, և Մոսկվան, որտեղ համաշխարհային կարիերա է արել և վերջին հանգստարանը գտել: Բաքվում` «իսլամական մշակույթի կենտրոնում» (այդպես են իրենց մայրաքաղաքն անվանում ադրբեջանցիները), Մստիսլավ Ռոստրոպովիչի ամենամյա միջազգային փառատոներ են անցկացվում, որոնք հիմնել է դուստրը` Օլգան, 2007թ.: Հայր և որդի Ռոստրոպովիչների անունով փողոց է անվանակոչվել, գործում են նաև Լեոպոլդ և Մստիսլավ Ռոստրոպովիչների տուն-թանգարանը և երաժշտական դպրոցը: Հեյդար Ալիևը նրան իր լավագույն բարեկամն էր համարում, իսկ մաեստրոն նախագահի մահը սգում էր որպես անձնական ողբերգություն: Ռոստրոպովիչն արժանացել է Ադրբեջանական Հանրապետության բարձրագույն պետական բոլոր պարգևներին:

Իսկ ինչ-որ առիթով Բաքվում Ռոստրոպովիչը հայտարարել էր, որ եթե, Աստված չանի, հայերի և ադրբեջանցիների միջև նոր պատերազմ բռնկվի, ապա նա կմեկնի հակամարտության գոտի և կկանգնի կրակագծին ու թույլ չի տա, որ արյունահեղություն լինի: Անշուշտ, Մստիսլավ Ռոստրոպովիչն ի վիճակի էր նման արարք կատարելու, և նկատի ունենալով նրա անցած ողջ ճանապարհը` հազիվ թե հնարավոր է կասկածել դրանում... 


1  ԽՍՀՄ մշակույթի նախարար Ֆուրցևան տագնապի մեջ էր Սոլժենիցինին Ռոստրոպովիչի տրամադրած ապաստանից: Նա գտավ մեկին, ով Ռոստրոպովիչի համար բացարձակ հեղինակություն էր`  Սվյատոսլավ Ռիխտերին: Հրավիրեց իր մոտ և խնդրեց, որպեսզի Ռիխտերը համո­զի Ռոստրոպովիչին վտարել դիսիդենտ գրողին: Ի պատասխան Ռիխտերն ասում է. «Ես միայն մեկ ելք եմ տեսնում այս իրավիճակից. գուցե ես նրան (Սոլժենիցինին – խմբ.) իմ ամառանո՞ց տանեմ»:

2 Կադենցիան սոլո հատված է գործիքային կոնցերտում, առաջներում մենակատարները իմպրովիզացիա էին անում, սակայն հետագայում կոմպոզիտորները սկսեցին գրել հատուկ կադենցիաներ իրենց կոնցերտների համար:

3 Այդ գործիքը ժամանակին Նապոլեոնին էին նվիրել, որն էլ փորձել էր նվագել և թողել էր սապոգների տեղը:

 

Share    



Գնահատում

Ինչպես՞եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am