Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Քաղաքական դիմանկարներ

Քաղաքական դիմանկարներ
Ապրիլ 2010, N 3

ՈՒԼՅԱՆՈՎ-ԼԵՆԻՆԻ ԾՆՆԴՅԱՆ 140-ԱՄՅԱԿԻՆ

Արտյոմ Խաչատրյան, քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, "Ազգային գաղափարի" գլխավոր խմբագիր

Վլադիմիր Իլյիչ Ուլյանով-Լենինը 2010թ. ապրիլի ամենանշանակալի հոբելյարն է: Նա համաշխարհային պատմության, թերևս, ամենաառեղծվածային և հակասական դեմքն է: Նրա քաղաքական ժառանգության ու անցած ճանապարհի գնահատականները միանշանակ չեն: Լենինը, մի կողմից, անմարդկային ու հակադեմոկրատական ռեժիմ ունեցող կոմունիստական կայսրության կերտող է ընկալվում, որն իր ազդեցությունն է տարածել աշխարհի կեսի վրա, մյուս կողմից` համարյա թե բոլոր ժողովուրդների հայր, բոլոր ժամանակների ամենամեծ ու առաջադեմ պատմական անհատ: Կարծիքներ կան, որոնք փաստագրորեն հաստատում են Լենինի ծայրահեղ դաժանությունը (ասենք` նրա հրամանը ՎՉԿ-ին. «Որքան ավելի շատ հետադիմական հոգևորականության ներկայացուցիչների գնդակահարենք, այնքան լավ...», էլ չենք խոսում արդեն ռազմական կոմունիզմի ժամանակվա տեռորի մասին): Կարծիքներ և վկայություններ կան նաև, որոնք հաստատում են նրա անսահման մարդկայնությունը (ասենք` սովյալ պետության բոլոր առաջնորդները չէ, որ իրենց մերձավորների և շրջապատողների հետ կկիսեին առաջին անհրաժեշտության անձնական իրերը):

Թեև Լենինի մասին միլիոնավոր էջեր են գրվել, և նրա կյանքի յուրաքանչյուր օրը, տառացիորեն րոպե առ րոպե, հայտնի է, միևնույն է, մինչև այժմ նրա մարդկային և բարոյական կերպարի հստակ պատկերացում դեռ չկա: Կարծում եմ` չի էլ լինի, քանի որ իրենից հետո չափից ավելի շատ մշուշ է թողել բոլշևիկյան քարոզչությունը, և չափից ավելի շատ խեղաթյուրումներ են կատարել հակառակ ճամբարում: Այնպես որ` խոսել նրա մասին` որպես բարության կամ դաժանության մարմնացման, մեղմ ասած, տեղին չէ: Լենինի անձնական հատկանիշների մասին միանշանակ կարելի է ասել միայն այն, որ նա իր ժամանակի ամենաուսյալ մարդկանցից էր, հանրագիտարանային գիտելիքների և իսկական վարչարարական հանճարի տեր մարդ: Այս հոբելյանական հոդվածում խոսելու ենք նրա` որպես մեծ պատմական դեմքի, գործունեության քիչ ուսումնասիրված կողմերի և հետևանքների մասին:

 

ՄԵԾ ՊՐԱԳՄԱՏԻԿԸ

Արժե հակիրճ անդրադառնալ «պրագմատիկ» և «պրագմատիզմ» հասկացությունների էությանը:

Որպես փիլիսոփայական հոսանք` պրագմատիզմն առաջ է եկել նախանցյալ դարի 70-ական թթ. (ԱՄՆ-ում), իսկ առավել տարածվել է 20-րդ դարակեսին: Պրագմատիզմի հետևորդներն առաջադրեցին փիլիսոփայության վերակառուցման ծրագիրը, այն է` փիլիսոփայությունը չպետք է լինի խորհրդածություն իմացության և կեցության սկզբունքների մասին, ինչպիսին էր, ըստ էության, Արիստոտելի ժամանակներից ի վեր, այլ մարդկանց առջև ծառացող տարբեր խնդիրների լուծման ունիվերսալ մեթոդ խնդրահարույց իրավիճակներում և անընդհատ փոփոխվող աշխարհում նրանց գործնական գործունեության գործընթացում: 

Այստեղից կարելի է եզրակացնել, որ պրագմատիզմին` որպես փիլիսոփայական հոսանքի և կենսակերպի, խորթ են գաղափարներն ու գաղափարախոսությունները, իսկ պրագմատիկները լուծում են բացառապես իրենց նպատակներն ու խնդիրներն իրենց գործունեության մեջ` ղեկավարվելով մեթոդների և միջոցների` տվյալ դեպքի համար ամենանպաստավոր հավաքանիով:

Լենինին չի կարելի գաղափարի մարդ համարել. նա պրագմատիկ էր, իսկ կոմունիստական գաղափարն օգտագործեց միայն որպես պայքարի գործիք` հանուն իր գործի: Դեռ երիտասարդ տարիքից Լենինն իր կյանքի գործ ընտրեց ռուսական մեծ պետության ստեղծումը, և միակ գաղափարը 19-20-րդ դարերի սահմանագլխին, որն ի վիճակի էր իր հետևից տանել մասսաներին, ձախ գաղափարն էր` քաղաքական և տնտեսական հավասարության, դասակարգային հասարակության կործանման գաղափարը: Հետևաբար, Լենինը, որը 17 տարեկանից երազում էր մեծ հեղափոխության և խորհում ապագա պետության կառուցման մասին, չէր կարող որպես գաղափարախոսական զենք ընտրել, ասենք, ռուսական նացիոնալիզմը կամ շովինիզմը, ուղղափառությունը, «արևմտականությունը» կամ մեկ այլ բան: Հայ իրականության համանմանությամբ կարելի է ասել, որ անցյալ հարյուրամյակի սկզբի դաշնակցականները նույնպես սոցիալիստներ չէին, այլ սոցիալիստական գաղափարով էին առաջնորդվում միայն տվյալ պատմական պահին դրա պահանջված լինելու հետևանքով: Ինչպես նաև չի կարելի արևմտյան ազատականներ անվանել հետխորհրդային Հայաստանի առաջին ղեկավարության անդամներին. նրանք ընդամենը հակախորհրդային տրամադրություններ ունեցող կեղծ նացիոնալիստներ ու կեղծ հայրենասերներ էին, որոնք հետագայում հաջողությամբ զբաղվեցին կոմերցիայով և ժամանակի ընթացքում պետությունը վերածեցին տոտալ կոմերցիոն կազմակերպության: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչու 20-րդ դարասկզբի և դարավերջի հայ գործիչներին, նույնն է, թե պրագմատիկներին չհաջողվեց անգամ կես տոկոսով իրականացնել իրենց քաղաքական նպատակները (բացի անձնական և կոմերցիոն շահերից), իսկ Լենինը կարողացավ դա անել, ապա այստեղ խոսակցությունը պետք է տեղափոխել բարոյականության և անձնական տաղանդի հարթություն. անշուշտ, ինչպես մտավոր օժտվածությամբ, այնպես էլ բարոյական բնույթի բազմաթիվ այլ հատկություններով Վլադիմիր Ուլյանովը հարյուրապատիկ գերազանցում էր Առաջին և Երրորդ հանրապետությունների դարաշրջանների հայ գործիչներին:      

Բնականաբար, կգտնվեն ընդդիմախոսներ, որոնք կոմունիստական գաղափարախոսությանը Լենինի խելահեղ նվիրվածության և դրան անմնացորդ ծառայելու միլիոնավոր փաստարկներ ու հիմնավորումներ կբերեն: Դրանցից ամենահամոզիչը մատերիալիստական փիլիսոփայության և գիտական կոմունիզմի վերաբերյալ գիտական աշխատություններն են: Սակայն դրանցում ևս նկատվում է Լենինի պրագմատիզմը. իհարկե, չի կարելի համարել, թե նա անկեղծ չի եղել իր գիտական հետազոտություններում, սակայն չի կարելի նաև չընդունել, որ դրանք չափազանց ակտուալ էին և, այսպես ասած, «խնդրահարույց իրավիճակներում կոնկրետ խնդիրների լուծման մեթոդներ էին»: Լենինյան դարաշրջանի պրոբլեմների և այն խնդիրների լիակատար գիտակցման համար, որոնց լուծումը Լենինն առաջադրել էր իբրև իր նպատակ, հարկ է հակիրճ անդրադառնալ 19-րդ դարավերջի - 20-րդ հարյուրամյակի սկզբի ռուսական իրականությանը:

 Ուշ ցարիզմի դարաշրջանի Ռուսաստանը հասարակական դիխոտոմիայի եզակի օրինակ էր: Ասես երկու Ռուսաստան գոյություն ուներ` մայրաքաղաքային, որտեղ ապրում էր աշխարհի ամենակրթյալ հասարակությունը` համակված արևմտասիրությամբ կամ սլավոնաֆիլությամբ, և գավառական, որը ներկայացնում էր քաղաքակրթությունից և առաջընթացից կտրված բնակչության շերտերը: Այստեղ կարելի է դիխոտոմիայի երկու տեսակ (կամ կարգ) առանձնացնել. առաջին` պառակտում մտավորականության (արիստոկրատիայի)` մտածող հասարակության ներսում  «արևմտականության» և սլավոնաֆիլության միջև հակառակության հետևանքով, երկրորդ` պառակտում և ամեն տեսակ կամուրջների բացակայություն երկու Ռուսաստանների (մայրաքաղաքային և գավառական) միջև: 

Վերջին ռուս միապետ Նիկոլայ 2-րդը սլավոնաֆիլության կողմնակից էր: Նա խորապես բարեպաշտ մարդ էր, պետական փաստաթղթերի տակ, ստորագրությունից հետո, գրում էր հետևյալ հատկանշական խոսքերը. «...ռուսական երկրի տեր»: Այն, որ Նիկոլայը չէր ընդունում արևմտյան ազատականության հովերը, նրանից վանում էր արիստոկրատիայի և մտավորականության առավել առաջադեմ շերտերին, իսկ նրա անվճռականությունը, անհետևողականությունը և անսկզբունքայնությունը հեղափոխական հոսանքների, արևմտյան ազատական և ձախ գաղափարների տարածման դեմ պայքարի գործում խոչընդոտում էին կայսեր միությանը ազդեցիկ սլավոնաֆիլ հասարակայնության հետ, ինչն էլ հանգեցրեց 1917 թվականին. գահընկեցություն էին պահանջում անգամ համոզված միապետականները և ազգայնականները, էլ չենք խոսում արևմտյան և ձախ հոսանքների ներկայացուցիչների մասին:

19-րդ դարի վերջին քառորդում Ռուսաստանը հայտնվեց հեղափոխական «տեռորի» բուռն ճնշման տակ: Էլ ավելի ընդգծվեց Արևմուտքի առաջավոր երկրների համեմատ տերության հետամնացությունը գիտատեխնիկական և, հետևաբար, տնտեսական ոլորտներում: Չյուրացված հսկայական տարածքները միջնադար էին հիշեցնում, որտեղ, այնուամենայնիվ, մեծագույն և առաջադեմ գաղափարներ էին ծնվում: Ռուսաստանը երկու ընտրություն ուներ. քաղաքական և քաղաքակրթական: Քաղաքական առումով հարկավոր էր բացարձակ միապետությունը վերածել սահմանադրականի և աստիճանաբար անցնել պառլամենտական կառավարման: Քաղաքակրթական առումով անհրաժեշտ էր կանգնել արևմտականացման (վեստեռնիզացիայի) ճանապարհին, քանի որ հսկայական երկրին օդի նման հարկավոր էր ուժեղացված արդիականացում (մոդեռնիզացիա), որը չափազանց դժվար կլիներ իրականացնել առանց արևմտականացման համապատասխան չափաբաժնի: Երկիրը, փաստորեն, կանգնեց պետրոսյան ռեֆորմների անցկացման երկրորդ փուլի անհրաժեշտության առջև, քանի որ Պետրոս Մեծի ժամանակներում սկսված զարգացման պոտենցիալն արդեն սպառվել էր, և կայսրությունն իներցիայով էր շարժվում` տարեցտարի էլ ավելի հեռանալով համաշխարհային առաջընթացից:

Սլավոնաֆիլ լինելով` Նիկոլայ 2-ը մերժում էր իր կայսրության արևմտականացման բոլոր փորձերը: Չնայած արևմտյան կրթությանը, արևմտյան լեզուների իմացությանը և մերձությանն արևմտյան մշակույթին` ռուսական վերջին կայսրն իրականացնում էր Նիկոլայ 1-ինի ոգուն հարազատ քաղաքականություն, իսկ հոգևոր առումով «հայացքը հառել էր» 17-րդ դարին. բավական է ասել, որ 1913թ., Ռոմանովների արքայատոհմի 300-ամյակին նվիրված պարահանդեսին ամբողջ արքունիքը հանդերձավորված էր ցար Ալեքսեյ Միխայլովիչի ժամանակվա հանդերձներով, որին, հետաքրքիր է նշել, որպես պետական գործչի, վերջին Ռոմանովն ավելի էր արժևորում, քան Պետրոս Մեծին: Այդպիսին էր Նիկոլայ 2-րդը, այդպիսին էր նրա աշխարհայացքը, հետևաբար` նրա օրոք չէր կարող տեղի ունենալ

արդյունավետ սոցիալ-տնտեսական զարգացում և գործուն հասարակական-քաղաքական կացութաձևի հաստատում:

            Ռուսաստանում փոփոխություններ էին հասունանում, իսկ իշխանությունների կոնսերվատիզմը և ժամանակի ակնկալիքներին ականջալուր չլինելու ցանկությունն այդ հասունացող փոփոխությունները դնում էին հեղափոխական ռելսերի վրա: 20-րդ դարասկզբին երկրում կազմավորվել էր բավական խայտաբղետ քաղաքական դաշտ, իսկ սահմանադրության շնորհմամբ և խորհրդարանի ձևավորմամբ քաղաքական կյանքը մտավ միանգամայն այլ փուլ: Ցարական իշխանության դանդաղաշարժությունը, իրական ռեֆորմներ իրականացնելու նրա անկարողությունը ծայր աստիճան ակտիվացրին քաղաքական կուսակցությունները, իսկ դրանցից որոշների հետապնդումներն էլ ավելի բորբոքեցին կրքերը:

Հասկանալի է, Ռուսաստանում պետք է հեղափոխություն տեղի ունենար. ցարիզմն սպառել էր իրեն, և նրան փոխարինելու կարող էին գալ կամ սահմանադրական միապետությունը` լիակատար խորհրդարանական կառավարմամբ, կամ հանրապետությունը: 1917թ. փետրվարին երկրում հանրապետություն հռչակվեց: 1917թ. փետրվարից հոկտեմբեր ժամանակաշրջանը, հիրավի, ֆենոմենալ էր քաղաքական ուժերի գաղափարների պայքարի և նրանց` աշխատելու ունակության տեսակետից: Արդյունավետ աշխատել, ինչպես ցույց տվեց կյանքը, կարողացավ միայն բոլշևիկների կուսակցությունը ղեկավարող Վլադիմիր Ուլյանովը:      

1917թ. հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Լենինի առջև երեք խնդիր կար.

1.         պահել իշխանությունը,

2.         ամրապնդել իշխանությունը,

3.         հասնել համաշխարհային ճանաչման:

1. Այն պայմաններում իշխանությունը հնարավոր էր պահել միայն համաշխարհային պատերազմից դուրս գալու (Բրեստ-Լիտովսկի հետևանքները շուտով հաղթահարվեցին), ծայրամասային տարածքներից հրաժարվելու (ինչպես կյանքը ցույց տվեց, հրաժարումը ժամանակավոր էր, ինչպես և մտածել էր Լենինը. 1921թ. Ռուսական կայսրության գրեթե բոլոր տարածքները կրկին վերադարձվեցին Խորհրդային Ռուսաստանին, բացի Ֆինլանդիայից, Լեհաստանից, հայկական և որոշ այլ գավառներից), երկրում իրավակարգի հաստատման միջոցով:

2. Իշխանության ամրապնդումը, որը պահանջում էր վերացնել ներքին ընդդիմությանը, քաղաքացիական պատերազմ հրահրեց, որի ժամանակ Լենինի և Տրոցկու ստեղծած բանակը հաղթանակ տարավ, իսկ մի քանի տասնամյակ անց դարձավ ուժեղագույնը համաշխարհային պատմության մեջ: Հանրապետություններին տրված ձևական ինքնիշխանությունն արագ կորցրեց գործունությունը, իսկ պետական ինստիտուտներն սկսեցին աշխատել լիարժեք հզորությամբ: Տնտեսությունն սկսեց զարգանալ. ռազմական կոմունիզմը տեղը զիջեց ՆԷՊ-ին (նոր տնտեսական քաղաքականությանը), և երկիրը սկսեց արագ զարգանալ: Անշուշտ, լուրջ չէր լինի խոսել բոլշևիկյան կուսակցության ամրապնդման մասին` առանց տնտեսական բազայի: 

3. Խորհրդային Ռուսաստանի համաշխարհային ճանաչումը կարող էր տեղի ունենալ երկու ճանապարհով. կամ համաշխարհային պատերազմի, կամ համաշխարհային հեղափոխության միջոցով: Իրականում տեղի ունեցավ առաջինը, թեև, անշուշտ, Լենինին ավելի մոտ կլիներ երկրորդը: Այնուամենայնիվ, բոլոր երեք գլոբալ խնդիրներն էլ, որոնք Լենինն առաջադրել էր 1917թ., լուծվեցին: Արդեն երեսնական թվականներին Խորհրդային Միությունը ճանաչվեց աշխարհի գրեթե բոլոր երկրների կողմից, թեև միջազգային ասպարեզում գտնվում էր վտարյալի վիճակում, իսկ հաղթական 1945-ից հետո դարձավ երկբևեռ աշխարհի, նոր աշխարհակարգի կերտողներից ու հիմնասյուներից մեկը: Համաշխարհային հեղափոխությունն իրականացվեց կիսով չափ. կոմունիզմը հաստատվեց Եվրոպայի արևելքում, ինչը, բնականաբար, լենինյան ստրատեգիայի անվերապահ հաղթանակն էր:

Հասկանալի է, այսօր շատ բողոքներ կարելի է ներկայացնել Լենինին իշխանությունը պահելու և ամրապնդելու մասով: Պրագմատիկ, այլ ոչ թե ռոմանտիկ լինելով (ինչպես Կերենսկին էր), նա չէր կարող թույլ տալ, որ երկրում երկիշխանություն լիներ, որը վաղ թե ուշ ավարտվում է երկու կողմերի տապալմամբ. հայտնի է, որ և° Ժամանակավոր կառավարությունը, և° Պետրոգրադի խորհուրդը դադարեցրին գոյությունը, քանի որ դա էր պահանջում երկիշխանության բնույթը. դրանք ընկան քաղաքական գործընթացի երրորդ մասնակցի հարվածներից, որը, օգտվելով դրանց թուլությունից, միանձնյա իշխանություն հաստատեց և ոչ ոքի չթողեց մոտենալ այդ իշխանությանը:Հետո բռնաճնշումները հաջորդեցին: Անշուշտ, դրանք եղել են և ոչ փոքր ծավալներով: Իշխանության ամրապնդման համար, մեծ կայսրության հետագա շինարարության հեռանկարով, Լենինին անհրաժեշտ էին անայլընտրանք նոր գաղափարախոսության հաստատում և հին գաղափարախոսությունը կրողների ոչնչացում: Ռուս արիստոկրատիան մեծ մասամբ լքեց երկիրը կամ ոչնչացվեց, մտավորականությունը հիմնականում ընդունեց խաղի նոր կանոնները և ամենաակտիվ մասնակցությունն ունեցավ նոր հասարակական-քաղաքական կացութաձևի կայացմանը:  Հին ռեժիմից ոչինչ չպետք է մնար նոր երկրում, և դա լավ էր գիտակցում Լենինի շրջապատը: Այսպիսով, խորհրդային իշխանության առաջին տարիների բոլոր դաժան գործողությունների բացատրությունները կարելի է գտնել պրագմատիզմի հարթությունում: Եվ եթե որևէ մեկն ասի, թե լիբերալ մեթոդներով կարելի էր հասնել նման արդյունքների, ապա, կարծում եմ, դա մեծագույն մոլորություն է: Թող մի պահ հիշեն Ժամանակավոր կառավարության ճակատագիրը և 1917թ. փետրվարից հետո նախանշված քաղաքական ծրագրերի տապալումը:  

 

 

ՄԵԾ  ՎԱՐՉԱՐԱՐԸ

 

Վլադիմիր Ուլյանովն իշխանության եկավ` չունենալով հանրային հենարան և լայն ճանաչում ուղղափառ երկրում: Առանց լուրջ թիմի, հասկանալի է, նրան չէր հաջողվի հասնել լուրջ արդյունքների: Իսկ թիմ, թեև փոքրաթիվ, նա ուներ. Լենինն օժտված էր անհրաժեշտ մարդիկ գտնելու և նրանց անհրաժեշտ տեղում դնելու շնորհով` հասնելով ապշեցնող արդյունքների: Այսպես, իրեն մոտեցնելով Անատոլի Լունաչարսկուն` փիլիսոփայության գծով իր ընդդիմախոսին, Լենինը նրան հանձնարարեց ստեղծել նոր պետության կրթական համակարգը, և ժամանակի ընթացքում խորհրդային դպրոցը դարձավ, թերևս, լավագույնն աշխարհում:  Ֆելիքս Ձերժինսկուն Լենինը ներգրավեց օրգանների վիթխարի համակարգի ստեղծման գործում, որն այժմ կոչվում է «հատուկ ծառայություններ», և ժամանակի ընթացքում ԽՍՀՄ ՊԱԿ-ը վերածվեց աշխարհի ամենահզոր կազմակերպություններից մեկի, որն զբաղվում է հետախուզական և հակահետախուզական գործունեությամբ, պետական անվտանգությանապահովմամբ:  Լև Տրոցկին զբաղվեց ռազմական  շինարարությամբ. այս օժտյալ եռանդուն մարդուն, առանց որևէ բազայի, հաջողվեց կերտել մեծագույն բանակը, ընդ որում` Տրոցկին հրաժարվեց ցարական բանակի ավանդույթների մեծ մասից: Արդեն 1920թ. Կարմիր բանակը վերջ տվեց ներքին ընդդիմությանը` ապացուցելով իր առավելությունը սպիտակգվարդիականների նկատմամբ, թեև հաղթանակը քաղաքացիական պատերազմում, այնուամենայնիվ, պետք է վերագրել նոր պետության առաջին դեմքերի տաղանդին, այլ ոչ թե ժողովրդական մասսաներին կամ (իբր) «մարքսիստական ուսմունքի ամենազորությանը»: Իսկ 20 տարի հետո Կարմիր բանակը ջախջախեց երկու մեծ կայսրություն և աշխարհն ազատեց ֆաշիստական սպառնալիքից:

Փայլուն արիստոկրատ և, թերևս, «Եվրոպայի ամենակրթյալ մարդը» (համենայնդեպս, հենց այդպես էին նրան անվանում այն ժամանակվա եվրոպական մամուլում)` Գեորգի Չիչերինը, Լենինի կողմից ուղարկվեց դիվանագիտական ճակատ. Չիչերինը դրեց ԱԳՆ հիմքերը, Խորհրդային Ռուսաստանի համար այդ դժվարին ժամանակաշրջանում միջազգային բանակցություններում դիվանագետի և պետական գործչի արտասովոր տաղանդ ցուցաբերեց` միջազգային ասպարեզում առավելագույն քաղաքական դիվիդենդներ ձեռք բերելով երիտասարդ չճանաչված պետության համար: Դե, իսկ ազատ ժամանակ Չիչերինը զբաղվում էր երաժշտագիտությամբ: Նրա գրչին է պատկանում եզակի մի աշխատանք` նվիրված Մոցարտին: Շատ հետազոտողներ կարծում են, որ բոլշևիկյան դիվանագետից լավ ոչ ոք այդպես էլ Մոցարտ չի հասկացել:

Իոսիֆ Ստալինը 1917-24թթ. աշխատել է բազմաթիվ պաշտոններում, սակայն հատկապես փայլուն դրսևորվեց ազգությունների ժողկոմի պաշտոնում: Թերևս, Լենինի շրջապատում Ստալինից բացի ուրիշ ոչ ոք ավելի լավ գլուխ չէր հանում բազմազգ պետությանառանձնահատկություններից և միջէթնիկ հարաբերություններից: 1922թ. Միութենական պայմանագիրը, փաստորեն, որը վերջնականապես ձևակերպեց ԽՍՀՄ ստեղծումը, Ստալինի գործունեության արդյունքն է: Ավելի ուշ Իոսիֆ Վիսարիոնովիչը հաջողությամբ զբաղվեց գործունեության այնպիսի մի տեսակով, որն այսօր որակվում է որպես ցեղասպանություն. թուրքերին աքսորելով Վրաստանից, ադրբեջանցիներին` Հայաստանից, չեչեններին` Կովկասից` Ստալինն ապահովեց ԽՍՀՄ միջէթնիկական կայունությունը և ԽՍՀՄ մի շարք շրջաններում առկա բազում հակամարտություններ ու «էթնիկ խայտաբղետության» անցանկալի հետևանքներ կանխեց: Օրինակ, չլիներ 150.000 ադրբեջանցիների տեղահանումը Հայկական ԽՍՀ-ից 1948-49թթ., Հայաստանը չէր լինի երկրագնդի ամենամիատարր պետություններից մեկը, իսկ 1988թ. հանրապետության բնակչության էթնիկական կազմը միանգամայն այլ կլիներ, ինչը, բնականաբար, կարող էր ողբերգականորեն անդրադառնալ Երրորդ Հանրապետության ճակատագրի վրա:

1917թ. «նմուշի» Ռուսաստանը քայքայվող կառույց էր: Հաշվված տարիների ընթացքում լենինյան թիմին հաջողվեց ոտքի կանգնեցնել մի երկիր, որը կյանքի ոչ մի նշան չէր ցուցաբերում: Առաջին հնգամյակների արդյունքներն, իսկապես, ցնցում են երևակայությունդ, եթե հատկապես հաշվի առնենք, որ պետությունը գրեթե ոչ մի տնտեսական կապ չուներ արտաքին աշխարհի հետ և ավտոնոմ կերպով էր զարգանում, ի հաշիվ ներքին պոտենցիալի և սեփական ռեսուրսների, որոնք, շնորհիվ արդյունավետ վարչարարության, ֆենոմենալ արդյունքներ գրանցեցին:    

ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻ

ՊԱՏՄԱԿԱՆ

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

 

«Բոլշևիկները ռուսական մեծապետականության երրորդ դրսևորումն են Մոսկվայի թագավորությունից և Ռուսական կայսրությունից հետո».

 

Նիկոլայ Բերդյաևի այս հավաստիացմանը դժվար է չհամաձայնել: Այսօր, հոկտեմբերյան հեղաշրջումից 90 և ավելի տարի անց, բոլշևիկների պատմական առաքելությունը` Լենինի գլխավորությամբ, բավական հստակ է երևում: Այս առնչությամբ արժե մի քանի նկատառում հայտնել:

Առաջին. միանշանակ, ցարական Ռուսաստանը (նրա պահպանման պարագայում) կամ նրան փոխարինելու եկած խորհրդարանական հանրապետությունը երբեք չէին կարողանա լուծել քաղաքակրթական նշանակության այնպիսի գլոբալ խնդիրներ, ինչպես, օրինակ, Ռուսաստանի կայացումն էր որպես մեծ տերություն և ամուր երկբևեռ աշխարհի կառուցումը: Հակասությունը կոմունիստական բլոկի (ԽՍՀՄ գլխավորությամբ) և Արևմուտքի միջև, թեև հենվում էր գաղափարախոսությունների հակասության վրա, իրականում, այնուամենայնիվ, արևմտյան և արևելյան քրիստոնեության հակասություն էր: ԽՍՀՄ փլուզումից հետո իրադարձությունների զարգացումն ընթացավ բնական ճանապարհով. ժողովուրդները և պետությունները, որոնք Ռուսաստանի հետ քաղաքակրթական հարազատություն չունեին և բռնությամբ էին հայտնվել կոմունիստական տիրապետության գոտում, արագ վերադարձան իրենց քաղաքակրթությունների գիրկը: Ռուսաստանը մնաց բնական դաշնակիցների հետ (ճիշտ է` այսօր ՆԱՏՕ-ում և ԱՄՆ աշխարհաքաղաքական ծիրում են հայտնվել նույնիսկ ուղղափառ երկրները, սակայն դա, ավելի շուտ, տուրք էր «նորաձևությանը», այլ ոչ թե բնական քաղաքակրթական պոռթկում, և բացառված է, որ երբևէ Ռուսաստանի և, ասենք, Բուլղարիայի միջև կծագեն անլուծելի հակասություններ, հակառակը` շահերի բախումն Արևմուտքի հետ, ավելի իրական է):

Երկրորդ. միանշանակ է նաև, որ ոչ ցարական Ռուսաստանի, ոչ պառլամենտական հանրապետության օրոք Ռուսաստանում չէր հաջողվի ստեղծել ռուս մարդու նոր տեսակը: Ռուսաստանի մտածող հանրությունը 100 տարվա ընթացքում դավանել է շփման ոչ մի կետ չունեցող հակադիր արժեքներ («արևմտականություն» և սլավոնաֆիլություն): Բոլշևիկյան հեղաշրջումը վերջ տվեց այս երկու ուղղությանն էլ: Սակայն նոր գաղափարախոսությունը և պետության նոր կերպարը, անշուշտ, արմատներով սլավոնաֆիլական էր, այլապես չէր լինի ԽՍՀՄ և Արևմուտքի անտագոնիզմը, և Բերդյաևի միտքը, իհարկե, ճշմարտացի է: Խորհրդային Միության օրոք վերացավ դիխոտոմիան, որը ջլատում էր ռուսական հանրությունը, իսկ երկու Ռուսաստանների տարբերությունը (գավառական և մայրաքաղաքային) աստիճանաբար սկսեց ջնջվել (այդ գործընթացը շարունակվում է առ այսօր, սակայն միանշանակ է, որ ցարական Ռուսաստանի ժամանակներում դրա մեկնարկն անգամ անհնար կլիներ):    

Երրորդ. լենինյան ազգային քաղաքականությունը, որը ժողովուրդներին փաստացի ինքնիշխանություն տվեց ներքին գործերում և էթնիկ վարչարարություն, գործնականում հսկայական, համաշխարհային պատմության մեջ նախադեպը չունեցող` նոր ազգերի և ազգությունների առաջացման գործընթացի մեկնարկը

հանդիսացավ: Բելառուսները և ադրբեջանցիները, ղազախները և ուզբեկները, մոլդավներն ու ղրղզներն ամենևին էլ այն ժողովուրդների ամբողջական ցանկը չեն, որոնք այդպիսին դարձան լենինյան ազգային քաղաքականության արդյունքում և հազարամյակների սահմանագծին սեփական ազգային պետություններ ունեցան: Միանշանակ է, որ այսօր աշխարհի քաղաքական քարտեզին չէին լինի Ադրբեջանն ու Բելառուսը, Ղազախստանն ու Ուզբեկստանը, եթե չլինեին նրանց 70-ամյա գոյությունը ԽՍՀՄ կազմում և նրանց կայացումը որպես նոր ազգեր ու ազգություններ:  

Չորրորդ. Միանշանակ է, որ գլոբալ եվրասիական աշխարհաքաղաքական պատկերն այսօր միանգամայն այլ կլիներ, եթե չլիներ «բռնի լուսավորությունը», որին ենթարկվեցին նախկին ԽՍՀՄ եվրասիական ժողովուրդները: Այս մասին ես բազմիցս գրել եմ և, կարծում եմ, իմաստ կա առիթի դեպքում յուրաքանչյուր անգամ կրկնել, քանի որ ղազախներն ու ուզբեկները (ինչպես և շատ ուրիշները) այսօր քաղաքակրթական զարգացմամբ քիչ կտարբերվեին, ասենք, փուշտուններից կամ թալիբներից: Սա նշանակում է, որ այսօր մենք կունենայինք միանգամայն այլ` հակամարտություններով ավելի հարուստ և ավելի անկանխատեսելի Եվրասիա, որտեղ ավելի մեծ կլիներ միջէթնիկ բախումների թիվը: Միանշանակ է, որ իսլամ դավանող և ֆիլհարմոնիաներ, օպերային թատրոնններ և համալսարաններ ունեցող ասիացին քաղաքակրթական առումով ավելի զարգացած է, ավելի հաշտ հարևան և գլխացավանքի ավելի փոքր աղբյուր է միջազգային հանրության համար, քան այն ասիացին, որն իսլամ է դավանում, որի տնտեսությունը հենվում է թմրարդյունաբերության վրա, իսկ կյանքի իմաստը  հակադրվելն է քաղաքակիրթ մարդկությանը:    

 

 

ՄԱՏԵՐԻԱԼԻՍՏ ՓԻԼԻՍՈՓԱՆ

 

Լենինյան ժառանգության ամենավիճելի կողմերից մեկը նրա գիտական աշխատություններն են: Խորհրդային Միությունում Լենինը պաշտոնապես համարվում էր բոլոր ժամանակների և ժողովուրդների ամենամեծ մտածողը, փիլիսոփա, որը վերջնակետն է դրել փիլիսոփայության զարգացման մեջ: Անշուշտ, սա չի համապատասխանում իրականությանը և, անշուշտ, ճիշտ է, որ Լենինը միջակություն չէր փիլիսոփայության մեջ: Լենինի մեծությունը որպես փիլիսոփայի հարկավոր է սահմանել մատերիալիզմի` որպես փիլիսոփայական երկու ուղղություններից մեկի, ճշմարտացիության, նշանակալիության և արժեքավորության պրիզմայի միջով: Մենք չենք գնահատի մատերիալիզմը, իսկ ինչ վերաբերում է մատերիալիզմի մեջ Լենինի տեղին, դա այլ հարց է: Կարծում ենք` Ուլյանով-Լենինը, իսկապես, հարստացրել է մատերիալիստական փիլիսոփայական միտքն արտասովոր աշխատություններով և արժանի տեղ է զբաղեցնում նրանում` մատերիալիզմի ականավոր այլ ներկայացուցիչների` Դեմոկրիտի, Ֆոյերբախի, Մարքսի, Էնգելսի և այլոց կողքին:   

 

 

ԱՄՓՈՓՄԱՆ ՓՈԽԱՐԵՆ

 

 Հայաստանում ավանդույթ կա. մարդուն չափել այն բանով, թե ինչ է արել կոնկրետ Հայաստանի և հայերի համար: Եթե պատմական անհատը հայերի հետ կապ չի ունեցել և նրանց համար ոչ մի լավ կամ վատ բան չի արել, ապա չի կարող որևէ նշանակալի հետաքրքրություն ներկայացնել մեզ համար: Սա, իհարկե, այնքան էլ լավ չէ, բայց ոչինչ չես անի, ինչպես ասում են ֆրանսիացիները` c’est la vie: Օրինակ, ոչնչով աչքի չընկած ամերիկյան նախագահ Վուդրո Վիլսոնն այսօր ավելի հայտնի և հարգված է Հայաստանում, քան ԱՄՆ-ում, քանի որ ժամանակին ստորագրել է, իբր, «պատմական հայամետ փաստաթուղթ», որն ուժի մեջ չի մտել և, բնականաբար, դրական ոչ մի հետևանք չի ունեցել հայ ժողովրդի համար:

Վլադիմիր Ուլյանովը Հայաստանի հետ ամենաանմիջական կապն է ունեցել: Դաշնակցական քարոզչությունը բավականաչափ ջանացել է պատմական ճշմարտությունը խեղաթյուրելու գործում, այնպես որ` անգամ զզվելի է խոսել այդ մասին: Բայց միանշանակ պետք է ասել, որ հայկական ոչ մի հող Լենինը ոչ մեկին չի ծախել: Մանրամասն չենք խորանա դաշնակցական քաղաքականության նրբությունների մեջ և որերորդ անգամ չենք գրի Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագրի ու դաշնակցականների այլ հակահայ արտաքին քաղաքական նախաձեռնությունների մասին: Լենինը կայսրություն էր կառուցում, և նրա համար տարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրը մեծ նշանակություն ուներ: Եվ փաստ է այն, որ Հայաստանը ԽՍՀՄ-ից ժառանգել է 29,9 հազար քառ. կմ տարածք, այնինչ դաշնակցական իշխանության կառավարման արդյունքներով այն 10 հազար էր (Ալեքսանդրապոլի պայմանագրի համաձայն): Թե ինչպես է այդ խեղճուկրակ 10 հազարը եռակի ավելացել, դժվար չէ կռահել: Հարկավոր է միայն մտածել և ազատվել բորբոքված երևակայությունից: Այդ ժամանակ ամեն ինչ տեղը կընկնի...   

 

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Լենինի հոբելյանը Ռուսաստանում գրեթե աննկատ անցավ: Ավանդույթի համաձայն` կոմունիստները մի շարք միջոցառումներ կազմակերպեցին երկրում, որոնք լայն հանրային ռեզոնանս չստացան: Իսկ պաշտոնական մակարդակում հոբելյանն անտեսվեց:

Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Ռուսաստանում մարում է հետաքրքրությունը Լենինի հանդեպ: Օրինակ, ժողովրդականությամբ նա զիջում է Ստալինին, իսկ ռուսների մեծամասնությունը կարծում է, որ Ստալինն ավելի մեծ պատմական անձնավորություն էր: «Имя России» («Ռուսաստանի անունը») համառուսաստանյան ընկերությունը բավական ճիշտ է բացահայտել Ռուսաստանի բնակչության համակրանքն ու տրամադրությունները, ինչպես նաև քաղաքական նախապատվությունները: Առաջին տեղում Ալեքսանդր Նևսկին էր, երկրորդում` Իոսիֆ Ստալինը: Լենինն անհամեմատ հետ էր մնում նրանցից:

Համենայնդեպս, սա ամենևին էլ չի խամրեցնում Լենինի նշանակալիությունը ռուսական և համաշխարհային պատմության մեջ: Միանշանակ է, որ որպես քաղաքական և պետականակերտ գործիչ նա իր հաջորդից անհամեմատ շատ ավելին է արել, ավելին` Ստալինը (որոշ էական շեղումներով) ընթանում էր Լենինի նախանշած ուղիով:

            Այնուամենայնիվ, ժամանակ է պետք, շատ ժամանակ` Լենինի կերպարը լիարժեք և որքան հնարավոր է օբյեկտիվ ընկալելու համար: Քանի ապրում են այն սերունդները, որոնք նրա նկատմամբ անձնական հույզեր ու կրքեր են տածում, խոսք լինել չի կարող այդ պատմական անձի իրական ընկալման մասին: Այս առնչությամբ ինքնաբերաբար առաջ է գալիս Նապոլեոնի հետ համադրությունը. ֆրանսիացիները նրա կերպարը հասկացան այն բանից հետո, երբ հեռացան նրա հետ պատմության միևնույն թելով կապված սերունդները (արդեն Նապոլեոն III-ից հետո): Առայսօր Ռուսաստանում ապրում են մարդիկ, որոնք տուժել են կոմունիզմից և ատում են այն: Եվ առայսօր Ռուսաստանում շատ են մարդիկ, որոնք կարոտախտով են վերաբերվում կոմունիզմին և երկրպագում են Լենինին: Հենց որ հեռանա սեփական մաշկի վրա Լենինի գործունեության դրականն ու բացասականն զգացած այս սերունդը, անմիջապես բարեբեր հող կստեղծվի այն ընկալելու և Վլադիմիր Ուլյանովի պատմականությունն իսկապես հասկանալու համար: Քիչ (համենայնդեպս` պատմական չափանիշներով) է մնացել սպասելու... 

 

 

 

Share    



Գնահատում

Ինչպես՞եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am