Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մեջբերումներ դասականներից

Մեջբերումներ դասականներից
Ապրիլ 2010, N 3

ԼԵՆԻՆԻ ԾՆՆԴՅԱՆ 140-ԱՄՅԱԿԻՆ

  ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

1940թ., «Գրական թերթ», հմ.11

 

            Ամեն անգամ, ամեն առիթով, երբ հնչում է Լենինի կախարդական անունը` մեծագույն գաղափարների մի ամբողջ կոմպլեքս վառվում է մեր ուղեղի մեջ

            Վ.Ի.Լենին: Այնքան մոտիկ և այնքան հեռավոր:

            Թեև մեր ժամանակակիցն է նա, մեզնից շատերի հասակակիցը, թեև շատերը տեսել են նրան, լսել են նրան, բայց մարդ չի հավատում, թե իրոք մեր ժամանակակիցներից տեսել և լսել են նրան: Որովհետև, կարծես թե նա անսկիզբ է, եղել է միշտ, կամ որպես ամենահին դարերի մշուշի մեջ սուզված մի մարգարե, մի մեծ պատգամախոս բոլոր ժամանակների համար: Եվ արդեն նա դարձել է սիմվոլ, բովանդակ մարդկությանը ոգևորող և համաշխարհային պատմությունն առաջ մղող գերագույն, լուսավոր իդեալների կատարին դասված: Մի՞թե հեռու է այն զարհուրելի էպոխան, իմպերիալիստական առաջին պատերազմը, երբ «քաղաքակիրթ» երկրները, միլիարդ բնակչություն, գազանային բնազդներով բռնկված, տարիներ կոտորում էին իրար, անխնա ջնջում իրար, ոչնչացնում դարերի մեջ կուտակված հարստություններ, կուլտուրայի գանձեր: Երբ պատերազմի սարսափելի մսաղաց մեքենայի մեջ աշխարհի տերերն` թագավորները, կապիտալիստները լցրին թշվառ ժողովուրդների աշխատավորներին, բազմություններին, կանանց, երեխաներին հոշոտեցին, փշրեցին իրենց ընչաքաղց նպատակների համար, անհագուրդ նյութական շահերի համար: Ստրկացրին փոքր ժողովուրդներին հանուն «սրբազան» շուկաների, հանուն բուրժուազիայի աշխարհակալության:

            Եվ ահա այդ պահին որոտաց Լենինի պատգամը, նրա հրեղեն խոսքը, որ անմիջապես գործ դարձավ: Նրա խոսքը` բոլոր կայծակների թափով պայթեց աննախընթաց արյունահեղության գլխին, և ահեղ պատերազմը ճեղքեց երկու մասի` պատերազմ պատերազմի դեմ, պատերազմ բոլոր բռնակալների դեմ, արյան ծարավիների դեմ, աշխարհակալների դեմ, բայց ազատություն, խաղաղություն, հաց ու լույս բոլոր տառապածներին, հարստահարվածներին, աշխատավորներին: Մի նոր արդար աշխարհ հին վայրագ աշխարհի փլատակների վրա:

            Մի՞թե մոտիկ է մեզ այդ վեհ պատգամի օրը, թեև դրանից անցել է ժամանակի մի չնչին տարածություն, և սակայն շատ հեռու է թվում մեզ, որովհետև այդ ժամանակաշրջանը այնքան իմաստալից, բազմաբովանդակ, այնքան հարուստ անցավ, որ կարծես դարեր ենք ապրել:

            Եվ մի՞թե կարելի է առանց այդ գաղափարների ապրել, կամ երբևէ կարո՞ղ է մարդկությունն առանց այդ պատգամների ապրել, ստեղծագործել, բարձրանալ:

            Այն օրվանից Լենինի պատգամների կոմպլեքսը դարձավ մարդկության  անհրաժեշտությունը, դարձավ բնության հինգերորդ տարրը: Օդի, ջրի, հողի և կրակի պես անհրաժեշտ և կենսական:

            Եվ այսօր, երբ նորից քաղաքակիրթ մարդկությունը թաթախվում է արյան մեջ, և թերևս ավելի սոսկալի և երկարատև, Լենինի պատգամը, նրա ուսմունքը, իբրև հավերշական տարերք, նույն ակտուալությամբ, նույն հզորությամբ խոսում է տառապող մարդկության ականջին և սրտին:

 

ՊԱՐՈՒՅՐ  ՍԵՎԱԿ

 

ԱՄԵՆԱԵՐՋԱՆԻԿ ՄԱՐԴԸ

«Սովետական Հայաստան», 1960թ., ապրիլի 22

            Լենին:

            Ավելի դժվար բան չկա, քան նրա մասին գրելը...

            Երկրագնդի բոլոր գոտիներում, աշխարհի բոլոր լեզուներով, տասնյակ հազարավոր մարդկանց կողմից նրա մասին գրված է այնքան, որ կարող է մի վիթխարի գրադարան կազմել: Գրել են նրա գործի ջատագովներն ու թշնամիները, նրան սիրողներն ու ատողները, նրան հաստատողներն ու ժխտել ցանկացողները: Գրել են տաղանդավորներն ու ապիկարները, ազնիվ գրիչներն ու ծախուները, գրողներն ու գրչակները, իմաստուններն ու իմաստակները:

            Լենին:

            Մեծ... հանճարեղ... անմահ...

            Մարդկությունը շատ մեծ որդիներ է ունեցել` հավատո սկզբնավորողներ և սկզբունքի գերիներ, հեղափոխականներ և մոլեռանդներ, քաղաքագետներ և զորավարներ, գրչի և վրձնի, հնչյունի և խոսքի կախարդներ: Եվ հայտնի են նրանց անունները, և հնչում են նրանց անունները զանազան լեզուներով: Բայց Լենին անունը աշխարհի ամենահայտնի անունն է:

            Խոսքերը կարող են չափազանց թվալ, բայց չափազանցված չէ այն զգացումը, որ ծնել է այդ խոսքերը: Արժանավորի գնահատումը կարող է գովք կարծվել, բայց չի կարող հասնել գովաբանության, որովհետև արժանավորը դրա կարիքը չունի- նա բարձր է ավելի:

            Այդ պատճառով էլ ավելի դժվար բան չկա, քան նրա մասին գրելը:

            Լենին:

            Նրա ծննդյան 90-ամյակն է, 90-ամյակն այն մարդու, որ ծնվեց անգիտաբար, ինչպես ամեն մի մանուկ, բայց իր ողջ գիտակցական կյանքը նվիրաբերեց մարդկության մեծ սխալի շտկմանը: Բայց նա էլ մի տեղ սխալ գործեց. վաղ հեռացավ մեզանից, անժամանակ, 36 տարի է, ինչ նա չկա: Բայց մեռնում են նրանք, ովքեր գործ չեն անում, իսկ նա ոչ միայն ամենօրյա մշակն է, այլև ինքը` գործը:

            Ուստի և` ավելի դժվար բան չկա, քան նրա մասին գրելը...

Լենին:

            Նրան վերաբերող դերանունը ցանկանում ես, ակամա, մեծատառով գրել և, միաժամանակ ու հակառակ դրան, նրան ուզում ես միշտ դիմել «դու»-ով, որովհետև նա քո հարազատն է, մտերիմդ, մոտիկդ:

            Նաև այս պատճառով` ավելի դժվար բան չկա, քան նրա մասին գրելը:

             Անհնար է ապրել առանց հիասթափման, ինչպես որ ընթանալ` առանց սայթաքումի, գործել` առանց սխալի, մեծանալ` առանց հագուստի կարճությունն ու նեղությունը զգալու: Ճիշտ այդպես էլ` ստվեր չի լինում լոկ այնտեղ, որտեղ լույս չկա, որտեղ համատարած մթություն է, և տաքություն զգալու համար պարտադիր է առկայությունը սառնության:

            Կարելի է հիասթափվել ամեն ինչից, բացի Նրա գործից: Կարելի է հիասթափվել ամեն ոքից, բայց ոչ Նրանից: Նրանն է քայլը, բայց ոչ սայթաքումը: Եթե նեղանում ու կարճանում է հագուստը, ապա լոկ այն պատճառով, որ մեծանում են, և մեծացողը Նա է: Մշտաբուխ է լույսը Նրա, իսկ ստվերները կարող են երկարել ու կարճանալ, ինչպես նաև` համարյա չքանալ- չէ՞ որ գոյություն ունի զենիթ: Մշտնջենական է Նրա ջերմությունը, իսկ ցուրտը, որ նրանը չէ, կարող է նաև իսպառ վերանալ- վկա գարունը և ամառը...

Ահա թե ինչու` ավելի դժվար բան չկա, քան նրա մասին գրելը...

            Լենին:

            Մեծությունը շատ չափանիշներ ունի: Դրանցից է և այն, որ մեծերի անունով մանուկներ են կնքվում: Ռուսաց մեծերից Վլադիմիր Սրբազանը, Վլադիմիր Մոնոմախը, Վլադիմիր Քաջը ավելի քան հազար տարվա ընթացքում ռուսական «Վլադիմիր» հինավուրց անվանը պակաս տարածում են տվել, քան Վլադիմիր Իլյիչ Լենինը` երեք տասնամյակում: Ավելին. օտարազգի անունը տարածվեց աշխարհով մեկ: Ե´վս առավել. Լենինի նույնիսկ հայրանունը դարձավ անուն- ինչքան Իլյիչներ են մեծանում մեր շուրջը:

            Մեծությունը բազմաթիվ չափանիշներ ունի: Եվ դրանցից մեծագույնը թերևս այն է, ինչ ունեն շատ քչերը և նրանց առաջին շարքում` Լենինը: Նա, որ շրջապատված է եղել հազարավոր գաղափարական թշնամիներով, նույն ինքը նա անձնական կյանքում դժվար թե թշնամի ունեցած լինի, որովհետև նա է այն մարդը, որին չի կարող չհարգել նույնիսկ նրա թշնամին...

            Եվ ինչպես պիտի դժվար չլինի նրա մասին գրելը...

            Լենին:

            Նա է ամենամեծ գործունյան ու երազողը` միաժամանակ: Որքան ուժեղ էր նրա տրամաբանությունը, նույնքան հզոր էր նրա երևակայությունը: Դեռ դարասկզբին, ընդդեմ կարճամիտ- կարճատեսների, նա ոչ միայն պաշտպանեց, այլև բանաստեղծաբար գովերգեց երևակայությունը: Եվ Լուսին հասած ու Արևի շուրջ պտտվող մեր արբանյակները ծնունդն են ամենից առաջ այդ երևակայության...

            Ահա թե ինչու է այսքան դժվար նրա մասին գրելը...

            Լենին:

            Նրան սիրում են անկեղծորեն և անհունորեն, բայց այդ սերը բնավ չի փոխվել և երբեք չի վերածվի կույր պաշտամունքի, որովհետև նա սերն է և ոչ թե կուրությունը: Սահման չունի առ նա տածած հավատը, բայց նա ոսոխն է անկշռադատ հավատացյալների, որովհետև նա մարմնացումն է կենդանի ապրող- շնչող- հավատի, հավատի´, որ մեռնում է այն պահից, երբ կրոն է դառնում: Եվ նա թշնամին է ամեն տեսակ կրոնի:

            Նրան չի կարելի չմեծարել, ինչպես չի կարելի չհիանալ գարունով, լիաթոք չշնչել անտառում, չհիանալ ջրվեժով: Նրան չի կարելի չմեծարել, որովհետև ինքը անկասկածելի մեծությունն է և միաժամանակ` մեծության անխուսափելի ստվերը` իր գինն իմացող համեստությունը:

            Կան մեծություններ, որ պատկառանք են ազդում, մեծություններ, որոնց առջև խոնարհվում ես, մեծություններ, որ վախեցնում են, և մեծություններ, որ նույնիսկ սարսափ են ազդում: Նրա մեծությունը սեր է հարուցում միայն, սեր ու երախտագիտությունը, երախտագիտություն ու հպարտություն: Հպարտ ես զգում մարդու մարդկայնության համար, նաև անձնական հպարտություն, որ դու էլ  մարդ ես...

            Եվ ինչպե՞ս պիտի դյուրին լինի այսպիսի մարդու մասին գրելը...

            Մեծություններ կան, որ նման են էլեկտրահոսանք հաղորդող առարկաների- ձեռքդ դպավ, անմիջապես կշտապես ետ քաշել: Մինչդեռ Լենինի մեծությունը նման է վառարանի, առանց որի դժվար է ապրել և, միաժամանակ, տաքության այդ աղբյուրը ահաբեկիչ ոչինչ չունի: Նրա մեծությունը ոչ թե ճնշում է, այլ թեթևացնում, ոչ թե վանում, այլ ձգում, ոչ թե վառում, այլ ջերմացնում:

            Եվ մի՞թե ամենադժվարին բանը չէ նրա մասին գրելը...

            Ամենամարդկային երազանքն ու պահանջը երջանիկ լինելն է, որ հատուկ է մեծին ու փոքրին, մահկանացուին և անմահին: Եվ Լենինն է աշխարհի ամենաերջանիկ մարդը, քանի որ գնալով չի ավարտվում նա, այլ շարունակվում է, չի շրջափակվում, այլ մեծանում է, քանի որ նրանն է այսօրը և առավել` վաղը. քանի որ ժամանակը չի կարողանում և չպիտի կարողանա եղծել նրան, ժամանակից այդպես չեն վախենում նաև ազնիվ մետաղները:

            Աշխարհի ամենաերջանիկ մարդն է Նա, և ամենից ավելի արժանի է դրան, որովհետև իր բովանդակ կյանքում մտածել է ամեն ինչի մասին, բայց ոչ սեփական երջանկության:

            Եվ ամենադժվարը երջանկության և երջանիկների մասին գրելն է...

            Խոսքերը կարող են չափազանց թվալ, բայց չափազանցված չէ այն զգացումը, որ ծնել է այդ խոսքերը:

            Մեծի մեծարումը կարող է գովք կարծվել, բայց չի կարող հասնել գովաբանության, որովհետև մեծը դրա կարիքը չունի- նա բարձր է գովքից էլ, գովաբանությունից էլ:

            Եվ այս է ամենամեծ երջանկությունը:

            Այս պատճառով էլ` ավելի դժվար բան չկա, քան Լենինի մասին գրելը...

 

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

 

 ՉՈՒԳՈՒՆԵ ՄԱՐԴԸ

 

Այս ձորում ահա, անհողդողդ-վեհ,

Կանգնած է Մարդը այդ չուգունե:

Դիմացըլեռն է սրագագաթ,

Որի այն խոժոռ գագաթին ցից,

Թառել է վանքը, որպես արծիվ:

Ներքևը, վարը, ահա վարար

Հոսում է գետը: Նրա ափով,

Որպես մի հողե ժապավեն գորշ`

Բարակ ձգվում է ահա շոսսեն:-

Քանի~ դարեր է այստեղ հոսել

Այսպես այս գետը, քշել հեռուն

Պղտոր ջրերը իր վարարուն

Եվ իր ափերին ամայիսև

Լոկ խոժոռ ժայռեր այստեղ տեսել

Եվ այդ ժայռերի գրկում կքած`

Խարխուլ խուղե´ր լոկ: Ուղիով այս,

Որով թռչում է ահա օթոն,

Մի օր անցել է, գուցե ոտով,

Մի գանգուր պոետ հյուսիսեցի...

Նրա հանգո´վ է, որ հյուսեցի

Ես է´լ այս երգս, նվիրված քեզ,

Օ, վիթխարի´ դու, օ, վե~հ Զագես:

Հիմա այս ձորում, անհողդողդ-վեհ,

Կանգնած է Մարդը այդ չուգունե:

Հասակը բարձր է: Հպարտ կեցած,

Որպես մի քարե վիթխարի սյուն`

Անհուն հայացքը սևեռած ցած`

Պարզել է ձեռքը: Ըմբոստ հոսում,

Խոսում է գետը ներքևում սև

Ու շրթունքներից թափում փրփուր:

Այդ գետը ե՞րբ է արդյոք տեսել,

Որ մի մարդկային մոգական ձեռք

Իր վեհ ընթացքը կասեցընե:

Առաջ անցնում էր այստեղից լուռ,

Որպես մի արքա դանդաղաքայլ,

Եվ անվրդով էր ու անայլայլ

Նրա ընթացքը: Քանի~ դարեր

Այդպես անցել է նա աներեր

Եվ կամքով իր կուռ ու վիթխարի

Քանդել խութերը ճանապարհի

Եվ իր ընթացքով արքայական

Սաստել ամբողջը:- Մի օր եկան,

Լցրին ափերը մարդիկ ինչ-ո´ր

Նրանց ընթացքը խորհրդավոր,

Տարօրինակ էր: Ձեռքերին թուղթ,

Առած հետները ցցեր, կացին`

Իր հին ափերը չափչփեցին:

Հետո մի ըմբոստ, ժիր ժողովուրդ

Բռնեց ափերը ու խլրտաց:

Իսկ գիշերները ոսկեշղթա

Ձգվում էր լույսը դեպի հեռուն

Ու առկայծում էր իր ջրերում

Նրանց վառ բույլը: Առավոտից

Մինչև խավարը իջներ գետին`

Ներքևը, վարը, ձորամիջում

Եռում էր կյանքը ու շառաչում:

Մի հսկայական պողպատե ցուլ

Փորում էր հողը: Բառաչով ցուրտ

Թռչում, փնչում էր երկաթե ձին:

Որպես մի քարե պառաված ցին,

Իր այն բարձունքից դարավոր-վեհ`

Քրքջում էր վանքը չարությամբ լի:

Եվ այդ քրքիջը անլսելի

Չարագուշակ էր: Սակայն անցան

Օրե~ր, նո´ր օրեր, օրեր էլի´

Եվ այդ քրքիջը դարձավ սարսափ:

Իր կույր աչքերով մի օր տեսավ

Ներքևը, վարը, նա հուն մի նոր,

Եվ այդ վիթխարի, քարե հունով

Հոսեց հին գետը: Սակայն ինչո՞ւ,

Ինչո՞ւ է գետը ահեղ փնչում,

Եվ ինչո՞ւ նրա հորձանքի դեմ

Կանգնեց պատնեշը այդ բետոնե,

Եվ գետը, գետը դարձավ խոնարհ...

Հետո կրակներ ցոլացին վառ,

Կարծես երկինք էր գետից ելել,

Օ, մի նո´ր երկինք բյուրարեգակ...

Այդ արևներից ոսկեկրակ

Հետո ձգվեցին բարակ թելեր

Դեպի քաղաքը այն հեռավոր

Եվ սի´րտը, սի´րտը լցվեց ահով:

Ներքևը կյանքն է հիմա քրքջում.

Օ, եթե դառնա~ր հանկարծ թռչուն,

Մի երկնասլաց թռչուն ջահել,

Կարող աչքերով շուրջը նայեր,

Պարզեր թևերը ու սլանար...

Բայց շղթայված է ժայռերին նա´

Եվ քա´ր է ինքը ու սիրտը- քար:

Նա գուցե այստեղ մի քանի դար

Դեռ մնալու է այսպես չնչին,

Մինչև որ մի օր քամուց փլչի

Եվ դառնա զրույց ու հիշատակ:

Եվ նա աչքերով իր միգապատ

Նայում է շուրջը, նայում ներքև,

Ուր գետն է երգում ահեղ երգեր,

Եվ ուր, կեցվածքով անսահման վեհ`

Կանգնած է Մարդը այդ չուգունե...

 

Դա ո՞վ է, ի՞նչ է, ինչո՞ւ է նա

Ներքևում կեցել, որպես պահակ,

Եվ շուրջը, շուրջը նրա ահա

Եռում է կյանքը բյուրարեգակ:

Դա ո՞վ է, ի՞նչ է արդյոք խոկում,

Եվ ի՞նչ հույզեր են նրա հոգում,

Եվ ի՞նչ մտքեր են արդյոք նստել

Նրա ճակատի խորշոմներին.

Նա ի՞նչ է ուզում այս ափերից

Եվ ինչո՞ւ է նա եկել այստեղ...

 

Մռայլ է վանքը: Անհուն ահից

Կքվել, թեքվել է նա ավելի,

Եվ, քարե սիրտը այդ ահով լի`

Նա լուռ նայում է հեռուներին,

Նայում է` աչքը ահեղ մահի

Եվ լուռ է շուրջը ու ամայի:

Մռայլ է վանքը:- Կպած ժայռին,

Որպես մահամերձ մի ցին վայրի`

Շնչում է ծանր, հազիվ հևում:

Անցնում է կյանքը... Ու ներքևում,

Որպես մի հսկա, անհողդողդ վեհ`

Կանգնած է Մարդը այդ չուգունե:

 

1927-1929

 

ՆԱԻՐԻ ԶԱՐՅԱՆ

 

ԼԵՆԻՆ

 

Ո´չ, դու ապրում ես, առաջնորդ,

Հավերժական, որպես արև:

Հանճարդ, կյանքդ լուսահորդ

Ոչ մի վայրկյան չեն դադարել:

 

Մեզ ուղեկցում է անխափան

Քո մարտական արթուն ոգին,

Լուսավորում է մեր ճամփան

Յուրաքանչյուր քայլափոխին:

 

Մեզ հետ ես դու միշտ անբաժան,

Արյան պես վառ ու կենդանի,

Եվ հողմերում ատելության,

Եվ հաղթական սիրո ժամին:

 

Կարծես երազ է մի ծանոթ,

Որ դու այնքան մեծ ու սահուն,

Տեղավորված ես Կրեմլի մոտ,

Մի մարմարե դամբարանում:

 

Ո´չ, այդ միայն մի տրտմառիթ

Ձևն է կյանքի քո հարագո,

Դու կաս Կրեմլից մինչև Մադրիդ,

Լիվերպուլից մինչև Տոկիո:

 

Քո անունով են գրոհում

Կոմունիզմի գնդերն անթիվ,

Գվադարամի ճակատներում,

Զավոդներում Լենինգրադի:

 

Մեր անեզերք հայրենիքի

Յուրաքանչյուր հարկի ներքո

Ու վանդակում ամեն կրծքի

Կա, որպես շունչ, անունը քո:

 

Լենին, դու կյանք ես հարակեզ,

Դու պատմություն ես մարդկային,

Որ շառաչում է գետի պես

Դեպի օվկիան ապագայի:

 

Եվ քանի դեռ կանգ չի առել

Կյանքի ընթացքը կենսահորդ,

Դու կփայլես որպես արև,

Որպես ուղի և առաջնորդ:

1938

 

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

 

Բաբիկը դեռ փոքրիկ տղա,

Նոր է բացվել լեզուն նրա:

Ո՞ւմ բալիկն ես, անուշ Բաբիկ:

Թոթովում է.- Լենին պապի:

 

Ո՞ւմ նկարն է խփած պատին.

Ծլվլում է.- Լենին պապի:

Ու մոր գրկից ձեռքը մեկնում,

Նկարին է տանում դնում:

Ու ծնվում է այսպես հավետ

Լենինն ամեն մանուկի հետ...

1952

 

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

 

ԼԵՆԻՆԸ  ԱՆՄԱՀ Է

 

Այն ո՞վ է ասում` թե մեռավ Լենին...

Մի՞թե կմեռնի արևը պայծառ,

Կամ թե կմարի՞ շունչը օվկիանի.

Արդյոք տեսե՞լ եք Մարսը խավարի,

Կամ անհետանա Հիմալայի սարն:

 

Նրա գործերը` մի-մի արևներ,

Եվ ավանդները` խորանիստ օվկիան.

Նրա պատգամներն` Մարսի բևեռներ,

Վեհ ու անսասան` որպես Հիմալայն:

 

Բայց այն ո՞վ գիտե... գուցե և լինի,

Որ մի օր մեռնի արևը հսկա,

                              Գուցե պատահի,

Որ անգամ ցամքի ջրերի արքան,

Խամրի, չքանա և Մարսը ոսկյա,

Խորտակվի հիմքից Հիմալայի սարն...

 

Ու Լենինը դեռ

Կմնա անմահ բյուրավոր դարեր.

Նրա անունը

Այս ամենից էլ հզո~ր է, անմե~ռ...

 

23 հունվարի 1924թ.

Share    



Գնահատում

Ինչպես՞եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am