Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում
Ապրիլ 2010, N 3

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ «ԲԱԼԿԱՆԱՑՈՒՄ». ՌՈՒՍԱՍՏԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ` ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ

Արտաշես Գեղամյան, «Ազգային միաբանության» կուսակցության նախագահ

 

(16.04.2010, նյութի մշտական հասցեն`  http://www.regnum.ru/news/1274323.html)

 

Օրերս Վաշինգտոնում կայացած Բարաք Օբամա – Սերժ Սարգսյան, Սերժ Սարգսյան – Ռեջեփ Թայիփ Էրդողան հանդիպումներով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը թևակոխեց մի նոր փուլ: Արդեն իսկ Հայաստանի քաղաքական դաշտի հիմնական խաղացողները խնդրո առարկայի վերաբերյալ տվել են իրենց գնահատականները, որոնք, ցավոք, մեծ մասամբ զգացմունքային են, աչքի են ընկնում ձևակերպումների սրությամբ, բայց ոչ դրանց հիմնավորումն ապացուցող փաստարկների ներկայացմամբ: Արդյունքում` աշխարհաքաղաքական լուրջ նշանակություն ունեցող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը պարզունակեցվում է: Իսկ որ այդ հարցն աշխարհաքաղաքական բացառիկ նշանակություն ունի, կարծում եմ, կհիմնավորվի ընթերցողի դատին ներկայացվող սույն վերլուծությամբ:

            Եվ այսպես, գլոբալացված մերօրյա աշխարհում միջպետական հարաբերությունների գնահատումը, որպեսզի թերի չլինի, անհրաժեշտ է, որ ներառի տարածաշրջանային բոլոր երկրների շահերի համադրումը և, բնականաբար, ուժի միջազգային կենտրոնների հետաքրքրությունները` կապված այդ գործոնների հետ: Այնպես որ, եթե հավակնում ենք անկողմնակալ գնահատական տալ Սարգսյան–Էրդողան, Օբամա–Սարգսյան, Օբամա–Էրդողան հանդիպումներին, դրանցում արձանագրված արդյունքներին, ապա պետք է պարզաբանենք մի շարք հարցեր: Մասնավորապես, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից ի՞նչ ակնկալիքներ ունեն ԱՄՆ-ը, Եվրամիությունը, այդ գործընթացներին ինչպե՞ս են վերաբերվում Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ադրբեջանը, Վրաստանը: Այս հարցերի պատասխանների խոր վերլուծության արդյունքում արդյոք վտանգ չկա՞, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է ներքաշվել այնպիսի գործընթացների մեջ, որոնք ամենևին էլ չեն բխում մեր երկրի ռազմաքաղաքական գործընկեր Ռուսաստանի Դաշնության (ՌԴ), ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպության (ՀԱՊԿ) առջև ստանձնած Հայաստանի պարտավորությունների ոգուց: Անդրադարձ կատարենք այս հարցադրումներին:

 

ԱՄՆ-ը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը

Որպեսզի զերծ մնանք հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործում ԱՄՆ դերակատարությանը կողմնակալ գնահատականներ տալու գայթակղությունից (պայմանավորված ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից անցած ամիս ընդունված N 252 բանաձևի հանգամանքով, որով դատապարտվում էր 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը, դրանից հետո ԱՄՆ վարչակազմի ձեռնարկած քայլերը, որպեսզի այդ բանաձևը չմտնի Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգ), հղում կատարենք այդ երկրի արտաքին քաղաքականության ձևավորման գործում որոշիչ նշանակություն ունեցող վերլուծական մի զեկույցի վրա: Խոսքը վերաբերում է «ԱՄՆ ազգային պաշտպանության ռազմավարություն» (ԱՊՌ–2008) փաստաթղթին: Ուշագրավ է, որ ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը դա հրապարակել էր դեռևս 2008թ. հունիսին: Ջորջ Բուշի հանրապետական վարչակազմի օրոք այդ գերատեսչությունը ղեկավարում էր Ռոբերտ Գեյթսը: Հետագայում նա վերահաստատվեց այդ պաշտոնում Բարաք Օբամայի դեմոկրատական կուսակցության վարչակարգի օրոք, իսկ ԱՊՌ–2008-ը դրվեց ԱՄՆ ներկայիս արտաքին քաղաքականության հիմքում: Այստեղ հարկ է նշել, որ Օբամայի վարչակազմն իր արտաքին քաղաքականության գլխավոր նպատակների շարքին է դասում աշխարհում ԱՄՆ հեղինակության վերականգնումը, բարեկամների, գործընկերների, նաև հակառակորդների հետ փոխադարձ հարգանքի պայմաններում երկխոսության նախաձեռնումը, գործընկերային նոր միավորումների հիմնումը: Այս ամենի հետ մեկտեղ, այդ նույն ռազմավարության համաձայն` ԱՄՆ անվտանգության առջև ծառացած հինգ հիմնական մարտահրավերների շարքում, որոնք նշված են ԱՊՌ–2008-ում, առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում հետևյալ սպառնալիքները. տարածաշրջանային ուժեղացող վեհապետությունները և բնական պաշարներին, ինչպես նաև ռեսուրսներին տիրանալու համար երկրների միջև աճող համագործակցությունը: Այլ կերպ ասած` ԱՄՆ թե´ հանրապետական, թե´ ժողովրդավարական կուսակցություններն արտաքին քաղաքականության նպատակների ու մարտահրավերների գնահատման հարցում դրսևորում են համանման մոտեցումներ: Այս իրողությունը մեզ հուշում է, որ ԱՄՆ գործող վարչակազմի արտաքին քաղաքականությունը վերլուծելիս պետք է բացառենք սուբյեկտիվ գործոնը (Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բ.Օբամայի և Հ.Քլինթոնի տված խոստումները, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեի ընդունած բանաձևը):

Այս ամենը նկատի ունենալով էլ հարկ է գնահատել Թուրքիայի դերակատարությունը Հարավային Կովկասում: Կարծում եմ, այսօր չեն գտնվի վերլուծաբաններ, որոնք կժխտեն այն իրողությունը, որ վերջին տարիներին մեր տարածաշրջանում զգալիորեն մեծացել է Թուրքիայի կշիռը, աչքի է զարնում այդ երկրի ակտիվությունը Կենտրոնական Ասիայի և Կասպից ծովի էներգետիկ ռեսուրսներին տիրանալու գործում: Բավական է հիշատակել 2009թ. հոկտեմբերի 28-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Իրան կատարած պաշտոնական այցի ժամանակ այդ երկրի հետ բնական գազի ոլորտում կնքված մի շարք համաձայնագրերը: Դրանց թվում է Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա գազի տարանցման վերաբերյալ թուրք–իրանական պայմանագիրը: Այստեղ հարկ է նշել, որ դեռևս 2007թ. հուլիսին Թուրքիայի և Իրանի միջև ստորագրվել էր «Իրանի և Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա  իրանական և թուրքմենական գազը տեղափոխելու մասին մտադրությունների հուշագիր»: Այդ հուշագրի համաձայն` թուրքական TPAO նավթային կորպորացիան պարտավորվում էր իրականացնել իրանական Հարավային Փարս հանքավայրի շահագործումը` այդ հանքավայրից տարեկան շուրջ 20 մլրդ խորանարդ մետր բնական գազի արտահանումով: ԱՄՆ-ը շատ խիստ արձագանքեց թուրք-իրանական այդ նախաձեռնությանը` այն հիմնավորմամբ, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի և ԱԷՄԳ-ի ընդունած որոշումները` պայմանավորված Իրանի միջուկային ծրագրերի հետ, վերջինս չի կատարում: Մինչդեռ այդ որոշումների համաձայն` ուրիշ երկրներին արգելվում էր Իրանի տնտեսության մեջ խոշոր ներդրումներ կատարել, իսկ Հարավային Փարսի հանքավայրի շահագործման ծախսերը, ըստ նախնական հաշվարկի, գերազանցում էին 3,5 մլրդ դոլարը: Եվ ահա անցյալ տարվա հոկտեմբերին, չնայած պաշտոնական Վաշինգտոնի առարկություններին, Թուրքիան և Իրանը գործնական հիմքի վրա դրեցին Հարավային Փարսի հանքավայրի շահագործման հետ կապված խնդիրները: Ավելին, եթե 2007թ. հուշագրով Թուրքիան պետք է միայն մասնակցություն ունենար հանքավայրի մշակմանն ու իր տարածքով բնական գազը Եվրոպա տարանցելու ապահովման գործում, ապա այժմ նոր պայմանագրով նախատեսված է, որ իրանական գազը Թուրքիան կարող է օգտագործել ոչ միայն սեփական կարիքները հոգալու համար, այլև կարող է գազի որոշակի ծավալ վաճառել: Ամերիկացիների արձագանքն այս անգամ էլ երկար սպասել չտվեց: Թուրք–իրանական գազային համաձայնագրերի ընդունումից հետո Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը անմիջապես հայտարարեց, որ Միացյալ Նահանգները չի խրախուսում Թուրքիայի և Իրանի ներկայիս տնտեսական ու առևտրային կապերը. «Մեզ մոտ կա նաև օրենսդրություն, որը պահանջում է պատժամիջոցների կիրառում, երբ ուրիշ երկրներ էական ներդրումներ են կատարում Իրանի Էներգետիկայում, և այդ ուղղությամբ ոչինչ չի փոխվել»:

Այստեղ հարկ է նաև նշել, որ թուրք–իրանական գազային համաձայնագրերի կնքմամբ Թուրքիան, ըստ էության, ստանում է կարևորագույն լծակ, այն է` ի զորու է դառնում երաշխավորել NABUCCO գազատարի, կարծես թե, արդեն տապալված նախագծի վերակենդանացումը: Տապալված, որովհետև երբ 2007թ. մայիսին Թուրքմենստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահները պայմանավորվեցին իրենց գազը Եվրոպա տեղափոխել Ռուսաստանի տարածքով, այսպես կոչված, Մերձկասպյան խողովակաշարով, դրանով իսկ նրանք, փաստորեն, հրաժարվեցին NABUCCO-ն ապահովել գազի անհրաժեշտ ծավալով:  Նկատենք, որ NABUCCO-ն շրջանցելու է Ռուսաստանը և պետք է Թուրքիայի տարածքով գազ հասցնի Եվրոպա, մասնավորապես` Ավստրիա, Գերմանիա, Հունգարիա, Բուլղարիա: Զրկվելով Կենտրոնական Ասիայի գազից` NABUCCO-ն մնում էր միայն ադրբեջանական գազի հույսին, որի ծավալները գրեթե երեք անգամ պակաս էին այդ խողովակաշարը  շահույթով շահագործելու համար գազի պահանջվող նվազագույն քանակից: Նշենք, որ այդ գազատարի գործարկման համար նախատեսված ծախսերը կփոխհատուցվեն միայն այն պարագայում, եթե այդ խողովակաշարով տարեկան կտրվածքով տեղափոխվի առնվազն 30 մլրդ խորանարդ մետր գազ:

Վերոգրյալին նաև ավելացնենք, որ այս տարվա մարտին կայացած Էրդողան–Պուտին հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որի համաձայն` Ռուսաստանին հնարավորություն էր ընձեռվում Թուրքիային պատկանող սևծովյան ջրային ավազանում կատարել երկրաբանահետախուզական աշխատանքներ` Սև ծովի հատակով «Հարավային հոսք» գազատարի շինարարության նախապատրաստման նպատակով: Հեռանկարում ակնկալվում էր, որ այդ գազատարի շինարարության և շահագործման մեջ Թուրքիան որոշակի դերակատարություն կստանձնի: Այսպիսով` Թուրքիան առանցքային դերակատարություն է ունենում նաև ռուսական «Հարավային հոսք» գազատարի ճակատագրի գործում: Ասենք, որ «Հարավային հոսքը» և NABUCCO-ն մրցակից այլընտրանքային նախագծեր են: Ահա այստեղ էլ փաստենք այն իրողությունը, որ Թուրքիան, մերձենալով Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հետ, մի կողմից դառնում է տարածաշրջանում ուժեղացող վեհապետություն, մյուս կողմից` ի հայտ է գալիս Թուրքիայի հետևողականորեն խորացող համագործակցությունն Իրանի և Ռուսաստանի հետ բնական պաշարները համատեղ տնօրինելու հարցում: Հիշատակված այս երկու գործոններն էլ, համաձայն ԱՄՆ ազգային պաշտպանության ռազմավարության, ԱՄՆ-ի համար համարվում են արտաքին մարտահրավերներ: Սրան ավելացնենք նաև այն, որ գազային ոլորտում Իրանի հետ կնքված համաձայնագրերի առնչությամբ 2009թ. հոկտեմբերի 27-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել էր, որ Իրանի հետ առևտուր իրականացնելիս իրենք այսուհետ հրաժարվելու են հաշվարկներ անել ԱՄՆ դոլարով, և առևտուրը կատարվելու է այդ երկու երկրների ազգային արժույթներով: «Մենք ընդունել ենք օրենսդրական անհրաժեշտ ակտ և պատրաստ ենք անցման»,– հայտարարել էր Էրդողանը` ելույթ ունենալով թուրք-իրանական գործարարների համաժողովում: Ըստ որում, հարկ է նշել, որ Թուրքիան նույն մոտեցումն է որդեգրել Չինաստանի հետ իրականացվող առևտրային գործարքներում: Նմանատիպ պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև Թուրքիայի և ՌԴ-ի միջև` Աբդուլահ Գյուլի Մոսկվա կատարած վերջին պաշտոնական այցի ժամանակ: Ավելին, Թուրքիան ծրագրում է արտաքին առևտրաշրջանառության ծավալի 20%-ը դուրս բերել դոլարից և եվրոյից ունեցած կախվածությունից:  

Հարավային Կովկաս և Եվրամիություն

Անցած երկու տարիների ընթացքում աշխարհում կատարված գործընթացները վերլուծելիս մենք կարող ենք փաստել Եվրամիության և հետխորհրդային երկրների հարաբերություններում առկա որակական փոփոխությունները: Այսպես, 2008թ. մայիսի 26-ին Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին Շվեդիայի իր գործընկեր Կարլ Բիլդտի մասնակցությամբ Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհրդին էր ներկայացրել «Արևելյան գործընկերություն» վերտառությամբ ծրագրի նախագիծ: Դրանով նախատեսվում էր, որ հետխորհրդային 6 պետություն` Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան, Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, Եվրամիության հետ պետք է իրականացնեն գործառույթներ, որոնց հիմնական նպատակն է այդ երկրների հետագա մերձեցումը Եվրամիությանը: Հարկ է նշել, որ 2008թ. դեկտեմբերի 12-ին Բրյուսելում կայացած Եվրամիության անդամ երկրների երկօրյա գագաթաժողովի երկրորդ օրն այդ երկրների ղեկավարները հաստատել էին «Արևելյան գործընկերություն» ծրագիրը, որն ապագայում չի նախատեսում դրանում ընդգրկված երկրների անդամակցումը Եվրամիությանը: Ծրագրով առաջարկվում է ընդօրինակել Եվրամիության օրենսդրական ակտերը և ինքնիշխան 6 պետությունների ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել Եվրամիության օրենսդրությանը: Կարևորագույն երկրորդ նպատակն է` այդ պետությունների կողմից Եվրոպական դատարանի որոշումների ընդունման պահանջը: «Արևելյան գործընկերության» շրջանակում ծրագրվում է թեթևացնել վիզային պայմանակարգը` հեռանկարում ձևավորելով ազատ տեղաշարժման ռեժիմ, ինչպես նաև ազատ առևտրի գոտիների ստեղծում` եվրոպական ընդհանուր շուկայում ներգրավվելու համար: Հատկանշական է, որ լեհ–շվեդական նախաձեռնության օրը` 2008թ. մայիսի 26-ին, բրիտանական «The telegraph» հեղինակավոր պարբերականը նյութ էր տպագրել, որտեղ գրված էր. «Այսօր Լեհաստանը մարտակոչ է նետում իր հզոր հարևանին` Ռուսաստանին, հիմնադրելով «Արևելյան գործընկերություն» ծրագիրը`  Եվրամիությանն առաջարկում է իր ազդեցությունը տարածել նախկին Խորհրդային Միության տարածքի խորքում»: Պատահական չէր, որ հեղինակավոր վերլուծաբանների կողմից «Արևելյան գործընկերություն» նախագիծը ստացավ ԱՊՀ տարածքում ներդրված «Տրոյական ձի» մականունը, և այն ընդունվեց որպես Եվրամիության տնտեսական, քաղաքական ու ռազմավարական ազդեցության ոլորտում հետխորհրդային 6 պետությունների ներգրավումն ապահովող միջոց:

Ուշագրավ է, որ Եվրամիությունը մեծ կարևորություն է տալիս այդ ծրագրին: Բավական է նշել, որ Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի թեժ ժամանակաշրջանում` 2009թ. մարտի 20-21-ին, Պրահայում կայացած Եվրամիության գագաթաժողովում որոշում էր ընդունվել նոր թափ հաղորդել «Արևելյան գործընկերության» շրջանակում հետխորհրդային 6 երկրների հետ համագործակցությանը: Հաստատվել էր նաև մինչև 2013թ. «Արևելյան գործընկերություն» ծրագրի բյուջեն` 600 մլն եվրոյի չափով: Խորհրդանշական էր նաև այն, որ այդ գագաթաժողովում «Արևելյան գործընկերության» հարցի քննարկմանը հաջորդել էր NABUCCO խողովակաշարի կառուցման նախագծի համակողմանի վերլուծությունը:

Բնական է, որ Ռուսաստանը չէր կարող չարձագանքել այս գործընթացին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այդ օրերին նախազգուշացրել էր Եվրամիությանը, որ վերջիններս հետխորհրդային հիշյալ երկրներին չկանգնեցնեն ընտրության առջև. «կամ մեզ հետ եք, կամ` մեր դեմ»: Եվրամիությունը շտապեց «հանգստացնել» ՌԴ-ին, հայտարարելով, որ գործընկերության ծրագիրը չի նախատեսում «ազդեցության նոր գոտիների» ձևավորում: Սակայն դա այնքան էլ այդպես չէր, և ամենևին էլ պատահական չէր, երբ այդ օրերին Ս.Լավրովը Չեխիայի արտաքին գործերի նախարարի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր. «Իմ բարեկամ Կարել Շվայցենբերգը (Չեխիայի արտաքին գործերի նախարարը - Ա.Գ.) հրապարակավ ասել էր, որ եթե Բելառուսը ճանաչի Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, ապա կարող է մոռանալ «Արևելյան գործընկերությանն» անդամակցելու մասին: Ի՞նչ է սա: Շանտա՞ժ, թե՞ գործողության մեջ եվրոպական ժողովրդավարության դրսևորում»: Ի դեպ, եթե այս հարցերին մոտենանք ԱՄՆ ազգային պաշտպանության ռազմավարության տեսանկյունից, ապա կարծում եմ, որ Եվրամիության կողմից հաստատված «Արևելյան գործընկերության» ծրագիրն ամբողջության մեջ «տեղավորվում» է ԱՄՆ արտաքին մարտահրավերների շարքում:

 

Հարավային Կովկաս – Իրանի Իսլամական Հանրապետություն

Աշխարհաքաղաքական մերօրյա զարգացումներում Իրանի գործոնը դժվար է անտեսել: Թուրք–իրանական հարաբերությունների մասին արդեն նշվեց: Ավելացնենք, որ 2009թ. հոկտեմբերի 28-ին Էրդողանի` Իրան կատարած պաշտոնական այցի ժամանակ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել էր, որ թուրք-իրանական գործընկերությունը նպաստելու է «Մերձավոր և Միջին Արևելքում տարածաշրջանային նոր կարգի, խաղաղության և անվտանգության ստեղծմանը, ինչպես նաև անհրաժեշտ արգելք է դնելու իսլամական ազգի դեմ ուղղված թշնամական մտադրությունների ճանապարհին»: Ավելին, Իրանը Թուրքիային առաջարկել էր ստեղծել Հարավարևմտյան Ասիայի երկրները միավորող կազմակերպություն, որտեղ առաջատար դերակատարություն պետք է ստանձնեին Թուրքիան և Իրանը: Նշենք նաև, որ Իրանի իշխանությունները գերազանց պատկերացնում են, թե ինչ բացասական հետևանքներով է հղի Թուրքիայի կողմից դրսևորվող նման ակտիվ ներխուժումը մեր տարածաշրջան, հատկապես նրա աննախադեպ ձգտումը` նշանակալի դեր ստանձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այդ  գիտակցումով էր պայմանավորված, որ Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին վերջերս հանդես եկավ Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում իր երկրի մասնակցությունը բերելու առաջարկով: Պաշտոնական Երևանը, շնորհակալություն հայտնելով, Իրանի իր գործընկերներին միաժամանակ պարկեշտորեն կրկնեց մեր երկրի սկզբունքային այն մոտեցումը, որ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հարցերն ամբողջովին գտնվում են Մինսկի խմբի համանախագահ երկրների տիրույթում: Դրանով իսկ մեր արտաքին գործերի գերատեսչությունը դարձյալ թուրքական իշխանություններին գլխի գցեց, որ նրանք սին նկրտումներ չփայփայեն խնդրո առարկայի շուրջ իրենց մասնակցության առումով, քանի որ մեր երկիրը մերժեց այդ գործընթացին մասնակցելու անգամ բարեկամ Իրանի ներգրավման առաջարկը:

Այս համատեքստում անհրաժեշտ է կարևորել վերջին շրջանում ռուս-իրանական հարաբերություններում առկա բարդությունները: Մասնավորապես, Իրանը հիվանդագին է ընդունել Ռուսաստանի հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունը` վերջինիս կողմից Իրանին C-300 տիպի հրթիռային համակարգերի վաճառքի մասին որոշման բեկանումը: Բացի այդ, Ռուսաստան–Իրան հարաբերությունների վրա բացասական ազդեցություն են թողել ՌԴ-ի կողմից Իրանում կառուցվող Բուշերի ատոմակայանի շահագործման ժամկետների հետ կապված ձգձգումները: Այստեղ հարկ է հատուկ նշել, որ ս.թ. ապրիլի 8-ին Պրահայում, Մեդվեդև–Օբամա հանդիպման նախօրեին, ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասված էր` Բուշերի ատոմակայանը շահագործման կհանձնվի այս տարվա ամռանը: Այդ օրերին հնչեցված հայտարարությունը, անշուշտ,  պատահական չի կարելի համարել: Վերջին շրջանում նկատվող պաշտոնական Մոսկվայի դիրքերի կոշտացումը` պայմանավորված Իրանի միջուկային ծրագրերի հետ, շատ վերլուծաբաններ մեկնաբանում էին Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ին ուղղված իմաստավորված ժեստ` ի պատասխան Բարաք Օբամայի կողմից Արևելյան Եվրոպայում` Չեխիայում և Լեհաստանում, հակահրթիռային համակարգեր տեղադրելու վերաբերյալ Ջորջ Բուշի վարչակազմի օրոք ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվելու մասին արված հայտարարության: Սակայն երբ վերջերս Միացյալ Նահանգները սկսեց բանակցել Ռումինիայի և Բուլղարիայի հետ նրանց տարածքում տեղադրված հակահրթիռային համակարգերի արդիականացման շուրջ, պաշտոնական Մոսկվայի պատասխանն ԱՄՆ-ին երկար սպասել չտվեց: Վլադիմիր Պուտինի վերոհիշյալ հայտարարությանը հետևեցին նաև ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի մոտեցումները Իրանի միջուկային ծրագրերի կապակցությամբ: Այսպես, Պրահայում «Ռազմավարական հարձակողական զենքի կրճատման և սահմանափակման պայմանագրի» ստորագրմանը հաջորդած Մեդվեդև–Օբամա համատեղ մամուլի ասուլիսում, անդրադառնալով Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանն ուղղված ԱՄՆ կոչին, Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր. «Եկեք խորհենք` ինչո՞ւ են անհրաժեշտ պատժամիջոցները: Որպեսզի հաճո՞ւյք ստանանք այս կամ այն պետության դեմ ռեպրեսիաների փաստով… Ես համոզված եմ, որ այստեղ բոլոր գտնվողները կասեն, որ պատժամիջոցներն անհրաժեշտ են, որպեսզի դրդեն այս կամ այն մարդուն, այս կամ այն պետությանն օրինաչափական վարքագծի դրսևորման, վարքագիծ, որը տեղավորվում է միջազգային իրավունքի և այդ պետության ստանձնած պարտավորությունների շրջանակներում: …Ես` որպես Ռուսաստանի Դաշնության նախագահ, պետք է ելակետ ընդունեմ երկու մեկնակետ. առաջին. Իրանին դրդել, որ գործի օրինաչափական վարքագծի անհրաժեշտությունից ելնելով, երկրորդ. ոչ պակաս աստիճանի կարևորելով և ելնելով մեր երկրի ազգային շահերից»: Բնականաբար, Իրանի միջուկային ծրագրերի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության քաղաքական ղեկավարության դիրքորոշումների հստակեցումը մեծապես կախված կլինի առաջիկայում Արևելյան Եվրոպայում ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության ծրագրերի հնարավոր զարգացումներիվ:

 

Հարավային Կովկաս – ադրբեջանա-վրացական գործոն

Կարծում եմ, որ Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներն առավել բուռն զարգացում ստացան վրաց-հարավօսական պատերազմից անմիջապես հետո: Եվ խիստ հատկանշական էր, որ պատերազմի գնդակոծությունը դեռ չավարտված` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շտապեց Մոսկվա և 2008թ. օգոստոսի 20-ին հռչակեց»Կովկասում կայունության և համագործակցության պլատֆորմ»-ը: Օրեր անց Էրդողանը մամուլում արված հայտարարությամբ պարզաբանեց. «Պլատֆորմը առաջին հերթին պետք է ունենա աշխարհագրական հիմք… և հետապնդի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման նպատակ, ապահովի տնտեսական համագործակցություն և էներգետիկական անվտանգություն: Սույն պլատֆորմը պետք է հենվի ԵԱՀԿ սկզբունքների վրա»: Այս առումով այստեղ տեղին է հիշատակել ամերիկյան STRATFOR վերլուծական հայտնի կենտրոնի ս.թ. փետրվարին հրապարակած «2009թ. արտաքին քաղաքականության արդյունքները» զեկույցի ուշագրավ առանձին դրույթներ: Այդ փաստաթղթում հետաքրքրական տեղեկություններ կան այն մասին, որ Թուրքիան վրաց-հարավօսական պատերազմից մի քանի օր առաջ, լիովին հասկանալով, թե ինչպիսին են լինելու հետագա գործընթացների հեռանկարները, նախապես փակել, դադարեցրել էր Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթատարի և Բաքու–Թբիլիսի–Էրզրում գազատարի շահագործումը: Համաձայն STRATFOR-ի զեկույցի` ամենևին պատահական չէր, որ պատերազմի ավարտին պայթեցվեցին Հայաստանին կապող երկաթգիծը և կամուրջը, որոնք մեր երկրի համար ունեին հույժ կարևոր նշանակություն: Բավական է ասել, որ Հայաստանի արտաքին բեռնափոխադրումների ծավալում այդ երկաթգծով իրականացվում է փոխադրվող բեռների ընդհանուր ծավալի ավելի քան 70%-ը: Ըստ էության, Հայաստանի Հանրապետությանն ի ցույց դրեցին, թե տնտեսական և պարենային անվտանգության տեսանկյունից որքան խոցելի է նա, հատկապես Թուրքիայի հետ փակ սահմաններ ունենալու պարագայում: Դրա հետ մեկտեղ, ասես թե, պարարտ հող ստեղծեցին Էրդողանի առաջարկած պլատֆորմին Հայաստանի միանալու համար` դրանով իսկ կարևորելով ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը: Այստեղ, սակայն, տեղին կլինի նաև նշել ևս մեկ գործոն, այն է` Վրաստանի տարածքում ճանապարհային հաղորդակցությունների շարքից դուրս գալու պայմաններում Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմակայանի բնականոն գործունեությունը նույնպես խաթարվեց: Նման իրավիճակում Ռուսաստանը հարկադրված եղավ Թուրքիայի հետ բանակցել, որպեսզի Հայաստանի հետ կապող տարանցիկ նոր միջանցքների հաստատման նպատակով օգտվի Թուրքիայի ցամաքային, օդային և ծովային տարածքներից: Եթե սրան գումարենք նաև վերջին շրջանում Ռուսաստան–Թուրքիա տնտեսական համագործակցության վերելքը, ապա բացատրելի է դառնում Ռուսաստանի դրական վերաբերմունքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առնչությամբ Ադրբեջանի արձագանքներին, ապա ակնհայտ է, որ հայ-թուրքական արձանագրությունների հրապարակման առաջին իսկ օրվանից պաշտոնական Բաքուն ընկել է ջղաձգությունների մեջ: Անգամ փորձեց ավագ եղբորը շանտաժի ենթարկել` Շահիդների ծառուղուց հանեց Թուրքիայի պետական դրոշները, սկսեց սակարկել Թուրքիային մատակարարվող ադրբեջանական գազի գինը թանկացնելու շուրջ, ի հեճուկս նրա` ցուցադրաբար Ռուսաստանի Դաշնության հետ կնքեց գազի մատակարարման նոր պայմանագիր` ակնարկելով, որ ապագայում չի բացառում «Հարավային հոսք» գազատարին գազ մատակարարելուց: Ասես թե Ադրբեջանն ավագ եղբորը հասկացնում էր, որ կանդամակցի եվրոպական երկրների գազամատակարարման գործում Թուրքիան շրջանցող գազատարների կառուցման ծրագրերին… և այլն, և այլն:  Անտարակույս, Թուրքիայի ծրագրերից չի բխում հավատարիմ դաշնակից Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացումը: Ուստիև, հենց այս հանգամանքով է պայմանավորված թուրքական իշխանությունների կողմից դրսևորվող այն համառությունը, երբ նրանք որպես հայ-թուրքական արձանագրությունների վավերացման նախապայման առաջ են քաշում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ադրբեջանա-նպաստ կարգավորման պահանջը: Ըստ որում, թուրքական կողմն այս հարցում դրսևորում է արդեն իսկ անըմբռնելի «հետևողականություն»` անտեսելով այն իրողությունը, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումն ինքնուրույն գործընթացներ են: Այս մասին քանիցս հրապարակավ հայտարարել են ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը` Էրդողանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ինչպես նաև Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները` ի դեմս Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության կոմիսար Քեթրին Էշթոնի, եվրահարևանության և համագործակցության ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի:

Վերը շարադրվածից կարելի է գալ հետևյալ եզրակացության. ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Թուրքիան և Իրանի Իսլամական Հանրապետությունը, ելնելով սեփական երկրների ազգային շահերից, Հարավային Կովկասում իրականացնում են խիստ հաշվենկատ ու հաշվարկված քաղաքականություն: Մոտեցում, որն ինքնին հասկանալի է: Պարզապես խնդիրն այն է, որ հիշատակված երկրների շահերը մեր տարածաշրջանում, մեղմ ասած, միշտ չէ, որ համահունչ են թե´ միմյանց, թե´ մեր ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանի շահերի հետ: Ավելին, եթե Հարավային Կովկասում պահպանվի զարգացումների առկա ուղղվածությունը, ապա ժամանակի ընթացքում ՌԴ-ի համար աստիճանաբար ավելի դժվար կլինի այստեղ պահպանել ներկայիս ռազմաքաղաքական ազդեցությունը: Ակնհայտ է, որ Ադրբեջանի և Վրաստանի համար որպես հեռանկարային գործընկեր հանդես է գալիս Թուրքիան, քանզի Ադրբեջան–Վրաստան–Թուրքիա ուղեգծով են իրականացվում առանցքային էներգետիկ նախագծերը, որոնք հիմք են հանդիսանում տարածաշրջանային նոր դաշինքի ձևավորման համար: Փաստ է նաև, որ վերջին տարիներին Վրաստանի և Ադրբեջանի բանակները մեծ թափով վերազինվում են: Դա, անշուշտ, հակասում է Հարավային Կովկասում ՌԴ ռազմավարական նպատակին` զերծ պահել մեր տարածաշրջանը սպառնալիքի վտանգից` ապահովելով ռազմավարական կայունություն եվրասիական  այս տարածաշրջանում: Հակառակ պարագայում Հարավային Կովկասի տարածության վրա կարող ենք ստանալ «Եվրասիական բալկանացման» ֆենոմենը, երբ մեր տարածաշրջանը կդառնա տարածաշրջանային վեհապետությունների մրցակցության թատերաբեմ` հատկապես հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Ադրբեջանի որդեգրած անիրատեսական քաղաքականությունը` համեմված պատերազմական գործողությունների ծավալման սպառնալիքով: Այստեղ չի կարելի անտեսել նաև Աբխազիայի ու Հարավային Օսիայի շուրջ շարունակվող զարգացումները:

Ահա այս համապատկերում խիստ կարևորվում է հայ-ռուսական ռազմաքաղաքական հետագա համագործակցության խորացումը, առանձնահատուկ նշանակություն է ստանում մեր երկու երկրների անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Ըստ որում, ռազմաքաղաքական այս համագործակցությունն այն հիմնական խոչընդոտն է, որ արգելակում է Ռուսաստանի հարավային սահմանի ամբողջ պարագծով, այսպես կոչված, «սանիտարական կորդոն» ստեղծելու հայտնի ուժերի ցանկությունը: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ վերլուծական տարբեր կենտրոններ քափ ու քրտինքի մեջ ջանում են ամեն գնով անվստահության մթնոլորտ սերմանել` Հայաստան–Ռուսաստան ռազմավարական գործընկերությունը խարխլելու նպատակով: Այսպես, STRATFOR վերլուծական կենտրոնը վերը  հիշատակված տարեկան զեկույցում, անդրադառնալով 2009թ. Հարավային Կովկասում տեղի ունեցած զարգացումներին, եզրակացրել էր. «Իրենց հերթին, Ադրբեջանը և Ռուսաստանը ցուցադրում են փոխադարձ մերձեցման աստիճան` հստակ ցուցանելի դարձնելով նպատակը. արգելափակել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը` առանց շոշափելի տեղաշարժով Ղարաբաղում` հօգուտ Բաքվի (նկատի ունեն ԼՂ հիմնահարցի կարգավորումը - Ա.Գ.): Ակնհայտ է, որ Երևանում զգուշանում են Մոսկվայի և Անկարայի միջև չափից ավելի սակարկության մասշտաբային հետևանքներից, որոնք կարող են կտրուկ թուլացնել Հայաստանի անվտանգության հիմքերը, և որոնք մինչ այժմ կառուցվում են ՌԴ-ի հետ ռազմավարության ու ՀԱՊԿ-ին անդամակցելու հիման վրա»: Շատ հեռուն տանող ահա նման մտքեր են արտահայտված STARTFOR-ի զեկույցում: Ամփոփելով տարեկան զեկույցի այս հատվածը` վերլուծության մեջ գրվել էր. «Այսպիսով, միջանկյալ հետևանքը, որ ունեցավ Թուրքիայի ներգրավումը «Վրաստանի խաղաղեցմանը» և Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, և որը կարելի է համարել որպես նվազագույնը, դա հայ-ռուսական հարաբերություններում հոգեբանական և անվտանգության հուսալի երաշխիքներ ունենալու էրոզիան էր, որոնք կարող է տրամադրել ՀԱՊԿ-ն Հայաստանին, որը սեղմված է Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի միջև»:

Կարծում եմ, մեկնաբանություններն ավելորդ են, քանի որ Ռուսաստանի Դաշնության ռազմավարությունը և արտաքին քաղաքական ուղղվածությունը որոշող հիմնարար փաստաթղթերում վաղուց ի վեր կան մեզ հուզող շատ հարցերի պատասխանները, մասնավորապես, քաղաքական ի՞նչ հեռանկարներ են ակնկալվում ռուս–թուրքական տնտեսական հարաբերությունների զարգացման լույսի ներքո: Հարց, որը խիստ հուզում է STRATFOR-ի վերլուծաբաններին: Իսկ մենք մեր կողմից նշենք, որ 2010թ. փետրվարի 5-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հաստատել է ՌԴ Ռազմական դոկտրինը, որտեղ որպես արտաքին վտանգներ են նշված` «Ռուսաստանի Դաշնությանը և նրա դաշնակիցներին ուղղված տարածքային պահանջները, նրանց արտաքին գործերին խառնվելը: Ռուսաստանի Դաշնությանը հարակից տարածքներում կամ նրա դաշնակից պետություններում զինված կոնֆլիկտների աստիճանական ծավալումը և օջախների առկայությունը»: Կարծում եմ` անցած տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը քանիցս ապացուցել է, որ հավատարիմ է իր ստանձնած միջպետական բոլոր պարտավորություններին, հատկապես ռազմաքաղաքական մերձավոր բարեկամի ու դաշնակցի նկատմամբ: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ ՀՀ-ի նման կեցվածքը հանգիստ չի տալիս այն բոլոր ուժերին, որոնք խուճապի մեջ են ընկնում Ռուսաստանի Դաշնության օրըստօրե աճող հեղինակության փաստից, Հարավային Կովկասի տարածաշրջանում նրա ամուր դիրքերից:

 

Վերջաբանի փոխարեն

Աշխարհաքաղաքական ահա նման բարդ պայմաններում են գործում մեր երկրի նախագահը և արտաքին գործերի գերատեսչությունը` ստանձնելով հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված դժվարին առաքելությունը, ամուր դիրքերից բանակցելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Ըստ որում, հիշատակման է արժանի, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հետ առնչվող հայկական կողմի բանակցություններն արժանացել են աշխարհիս հզորների աջակցությանը. լինի Ռուսաստանի Դաշնությունը` ի դեմս ՌԴ նախագահի և վարչապետի, թե Եվրամիության ղեկավարությունը, ինչպես նաև ԱՄՆ նախագահն ու պետքարտուղարը, որտեղ օրերս ավարտվեցին ՀՀ պատվիրակության հանդիպումները և բանակցությունները ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Պակաս նշանակալի չէր նաև Վաշինգտոնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ժամանակ վերստին հաստատվեցին հայկական կողմի սկզբունքային 4 հարցադրումները, որոնք հնչեցվել էին 2009թ. հոկտեմբերի 10-ին Սերժ Սարգսյանի հայտնի ուղերձում: Կարելի է ենթադրել, որ հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումը, ինչը դրսևորվեց բանակցությունների ժամանակ, մի կողմից, և Թուրքիայի անպատրաստ լինելը` ընկալել համայն հայության անսասան դիրքորոշումը` Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության ճանաչման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցերում, մյուս կողմից, հանդիսացան ԱՄՆ նախագահի, Հայաստանի Հանրապետության նախագահի և Թուրքիայի վարչապետի` մամուլով նախապես հայտարարված, սակայն այդպես էլ չկայացած եռակողմ հանդիպման գլխավոր պատճառը: 

Հարավային Կովկաս. ապրիլ. 2010 թվական: Շախմատային Մեծ պարտիան շարունակվում է:

Հ.Գ - «Այս ընթացքում Թուրքիայի հետ սկսված գործընթացի ապագայի վերաբերյալ ես քննարկումներ եմ ունեցել և շարունակում եմ դրանք Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի, ինչպես նաև եվրոպական մի շարք կառույցների մեր գործընկերների հետ: Ես շնորհակալ եմ նրանց` մեր նախաձեռնությանը ցուցաբերած օժանդակության, գործընթացին սատարելու և դրա առաջընթացին միտված ջանքերի համար…»,- մեջբերում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հեռուստաուղերձից, 22 ապրիլի 2010թ.:

 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ»

«Le Monde»

(27.04.2010, նյութի մշտական հասցեն է`

http://www.lemonde.fr/opinions/article/2010/04/27/l-annihilation-du-patrimoine-armenien-de-turquie-par-haroutioun-khatchadourian_1343625_3232.html)

 

Թուրք մտավորականության մի շարք ներկայացուցիչների կոչից հետո այս տարի Ստամբուլում ոգեկոչում են այն հայերին, որոնք զոհ գնացին 1915թ. Ցեղասպանությանը:

            Թուրքական «Հյուրիեթի» 2010թ. ապրիլի 19-ի համարում հրապարակվեց Մեհմեդ Յասինի հոդվածը. «...Այդ գյուղում (Ենի Գյուրլե), որտեղ առաջներում ապրում էին շուրջ հազար հայեր, ես չգտա ոչինչ, որը կհիշեցներ նրանց մասին, բացի եկեղեցու ավերակներից: Բնակչության փոխանակման ժամանակ այս վայրեր եկան գնչուական խմբեր Բալկաններից: Սա հավանաբար դրանց ժառանգներն են, որոնք այժմ բնակվում են վրաններում` տեղակայված Սուրբ Գևորգ եկեղեցու բակում, որից այսօր միայն երկու պատերն են մնացել: Այս եկեղեցին, որն այժմ ետնախորշ է ծառայում,  հիշեցրեց ինձ այն բազմաթիվ ուրիշները, որոնք ես տեսել եմ Անատոլիայի այլ վայրերում: Դրանք բոլորը մեր ժողովրդի կործանիչ հզորության և այլ կրոնների պաշտամունքի վայրերի հանդեպ անհանդուրժողականության վկայությունն են…»:

            Եթե առաջին իրադարձությունն ինքնին դրական է, այն չպետք է քողարկի երկրորդը և մասնավորապես թուրքական կառավարության պատաս-խանատվությունը հայերի պատմական ժառանգության կորստի համար:  Արդեն մեկ հարյուրամյակ այդ ժառանգությունը ենթարկվում է ոչնչացման և շարունակվում է առ այսօր: 1915 թվից ոչ շատ առաջ այդ հուշարձանային ժառանգությունը ներառում էր հազարավոր վանքեր ու եկեղեցիներ, եթե խոսենք միայն մշակութային ճարտարապետության մասին: Եվ դրանցից հարյուրավորները չափազանց հին հուշարձաններ էին` ունենալով խոշոր պատմական ու գեղարվեստական նշանակություն: Այսօր Թուրքիայում ճամփորդող զբոսաշրջիկներին ապշեցնում է այն բարձիթողի ու ավերակ վիճակը, որում գտնվում են այդ ժառանգության վերջին բեկորները: Թուրքական Հանրապետության հիմնադրումից ի վեր  հայկական այն կոթողների վատթար վիճակը, որոնք զերծ էին մնացել պատերազմական ժամանակների ավե-րումներից, շարունակվում է տարբեր պատճառներով: Տարերային աղետներն (երկրաշարժեր) ու էրոզիան, իհարկե, պատասխանատու են խարխլումների համար, և դրանք առավել կործանարար են, քանի որ իշխանությունները եր-բեք միջոցներ չեն ձեռնարկել այդ հուշարձանները պաշտպանելու համար:

            Սակայն միտումնավոր ոչնչացումն, անկասկած, հանդիսանում է Թուրքի-այում հայկական ժառանգության ոչնչացման հիմնական պատճառը: Այս պատճառի արմատները քաղաքական են, որն իշխանությունների կողմից իրականացվում է արդեն շուրջ հարյուր տարի: Ծայրահեղ դեպքում կարելի է հիշատակել երկու դրդապատճառ: Առաջինը գաղափարախոսությունն է, որն արմատավորված է պատմության դասավանդման պաշտոնական ծրագրե-րում: 1930-ականների «Թուրքական պատմական թեզիսների» դոգմաները կարելի է գտնել պաշտոնական փաստաթղթերում ու գիտական հրապա-րակումներում, որտեղ հայկական պատմությունն ու մշակույթը կամ կանխամտածված կերպով մոռացության է տրվում, կամ խեղաթյուրվում է: Երկրորդ պատճառն առնչվում է պատմության հուշարձանների պահպանության 1983թ. օրենքի և դրա կիրառման հանդեպ թուրքական պետության ոչ միանշանակ մոտեցման կամ անկարողության հետ: Օրինակ, 6-րդ հոդվածը, որ վերաբերում է «հուշարձանների դասակարգմանը» (շատ քիչ թվով հայկական հուշարձաններ են ցուցակագրված), 35-րդ ու 50-րդ հոդվածները, որ վերաբերում են ուսումնասիրության թույլտվությանը և նախատեսում են արտոնություն մասնավոր անձանց գանձ որոնելու նպատակով, ինչն, ըստ էության, հավասարեցվում է գաղտնի պեղումներն օրինականացնելու, այսինքն գանձախուզության հետ:

            Այսօր միտումնավոր ոչնչացում է հանդիսանում բնակչության կողմից իրականացվող թալանի հետևանքը. հուշարձանների կործանումը շինարա-րական նյութերն օգտագործելու նպա-տակով, թանկարժեք իրերի որոնումն ու ապօրինի պեղումները: Ոչնչացման այս ձևը, որ Թուրքիայում անվանում են «գանձաորսություն», ներկայումս ծավալվում է արագ տեմպերով, ինչի մասին վկայում են պատահարների մասին մամուլում կամ ինտերնետում բազմապատկվող հաղորդումները, և ոչնչացման այս ձևն առնչվում է բոլոր պատմական հուշարձաններին:

            Գանձերի մասին երևակայական պատկերացումները լայն տարածում ունեն, իսկ տնտեսական հետամնացության պատճառով բնակչություն աճող զանգվածը մշտապես ավերակներում ոսկի է որոնում այն հույսով, թե կկարողանա դուրս գալ աղքատության ճիրաններից: Ոսկեխույզները ոչնչացնում են առանց բացառության ամեն ինչ, գրոհում են ամրոցների, իջևանատների, իսկ երբեմն էլ նաև մուսուլման սրբերի դամբարանների վրա: Սակայն նրանց սիրելի վայրերը վանքերն ու եկեղեցիներն են: Մասնավորապես, տուժում են հայկական եկեղեցիները, հատկապես երկրի արևելյան ու հարավ-արևելյան շրջաններում: Բացի այդ, մուտքն այդ գավառներ, որտեղ գտնվում է հայկական ժառանգության մեծ մասը, բավականին երկար ժամանակ անհասանելի կամ արգելված էր արտասահմանցիների համար` այդ վայրերում հաճախակի բռնկվող հուզումների պատճառով, և գանձագողերը կարող էին վարվել իրենց սրտի ուզածի պես:

            Խարխլման պրոցեսն անկասելիորեն շարունակվում է, և եթե այն արգելակելու համար ոչինչ չձեռնարկվի, ապա պետք է սպասել, որ ոչ այնքան հեռու ապագայում մնացորդների մեծ մասն իսպառ կոչնչանա: Սա անդառնալի կորուստ է, առավել ևս, եթե հաշվի առնենք, որ մարդկության ժառանգության հուշարձաններից շատերի տարիքը հազար տարուց ավելի է:

            Ընդհուպ մինչև վերջին տարիները հայկական հուշարձանների ոչնչացման հանդեպ իշխանություններն անտարբեր էին մնում: Մոտ հարյուր տարի ոչ մի հուշարձան (բացառությամբ մեկ կամ երկուսի) չէր արժանացել հսկման, պահպանման ու վերականգնման միջոցառումների: Դրանք հանձնվել էին կողոպտման:

            Հուշարձանների ոչնչացման վայրի պոռթկումի պատճառով վերջին տարի-ներին թուրքական հասարակության մի մասն իր բողոքն է արտահայտում և կառավարությունից քայլեր է պահանջում պատմական ժառանգությունը, այդ թվում քրիստոնեական և հատկապես հայկական հուշարձանները պահպանելու նպատակով: Բուն Թուրքիայում բնակվող հայկական փոքրամասնության ներսում ձևավորվում են ասոցիացիաներ, որոնք պայքարում են սեփականության իրա-վունքի ճանաչման և իրենց համայնքի կրոնական կառույցների պաշտպանու-թյան համար:

Այդ երկրի կառավարությունը, որը ջանքեր է գործադրում Եվրոպային մերձենալու և իր մշակույթը տարածելու համար, չպետք է թույլ տա, որպեսզի բնակչության մի մասը զբաղվի վանդալիզմով` ջնջելով անցյալի հետքերը: Այն ժամանակ, երբ Ստամբուլն ընտրվում է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք, լավ կլիներ, եթե Թուրքիան միջոցներ ձեռնարկեր հուշարձանների պահպանության ուղղությամբ` առանց խտրական վերաբերմունքի, և Եվրա-միությունը պարտավոր է պահանջել թուրքական իշխանություններից կոնկրետ գործողություններ ընդդեմ այդ աղետի, ինչը լիովին հակասում է եվրոպական արժեքներին:

            Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու վերջերս իրականացված վերականգնումը, որը քաղաքական «ժեստ» է համարվում, պետք է ուղեկցվի կոնկրետ ձեռնարկումներով, որպեսզի հարյուրամյակներ շարու-նակ մոռացության մատնված ու հետևողականորեն ավերված ողջ հայկական ժառանգությունն անհապաղ վերցվի պետության վերահսկողության ներքո, վերականգնվի ու վերադարձվի իր ժառանգորդին:

            Թուրքիան բարոյական ու ֆինան-սական պատասխանատվություն է կրում այդ ժառանգության վերջին բեկորները պահպանելու համար, ինչը պիտի դառնա նրա մշակութային քաղաքականության առաջնայնություններից մեկը: Միայն նման վերաբերմունքի ու տեղերում համապատասխան գործողությունների զուգակցման դեպքում կարելի կլինի իրական երկխոսության վերսկսումը իր և հայ ժողովրդի միջև:

 

 

ՍԹԻՎԵՆ ԼԻՎԻՆԳՍԹՈՆ

 (Steven Levingston)

ԻՆՉՊԵՍ ԵՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՌԱՍՊԵԼՆԵՐԸ ԽԱՐԽԼՈՒՄ ԱՄՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

(“The Washington Post”, ԱՄՆ)

(26/04/201, նյութի մշտական հասցեն է` http://www.inosmi.ru/usa/20100426/159550335.html)

 

Նկատի ունենալով Ջեք Ֆ. Մեթլոք-կրտսերի (Jack F. Matlock, Jr.) 35-ամյա աշխատանքային գործունեությունը ԱՄՆ դիվանագիտական ծառայությունում, այդ թվում նաև որպես Խորհրդային Միությունում Ամերիկայի դեսպան, նա, թվում է, պետք է կիսեր ԱՄՆ արտաքին քաղաքականության համար ավանդական որոշ դրույթներ: Սակայն իր «Գերտերության պատրանքը. ինչպես են առասպելները և կեղծ գաղափարախոսությունները ճամփից շեղում Ամերիկային և ինչպես վերադառնալ իրականությանը» գրքում Մեթլոքը քննադատաբար է նայում առասպելներին, որոնք իրենց հետևից են տանում ԱՄՆ դիվանագիտությունն ու արտաքին քաղաքական ռազմավարությունը:

Առասպելներն այն մասին, թե ինչպես է ավարտվել «սառը պատերազմը», իրականությունից հեռու գաղափարախոսության հետ միասին, ստիպեցին Ամերիկային մի շարք կոպիտ սխալներ կատարել, որոնք հյուծեցին նրա ուժերը և սպառնալիքի տակ դրեցին երկրի անվտանգությունը:

Առասպել N1. «Սառը պատերազմն» ավարտվեց Խորհրդային Միության անկման հետ միաժամանակ:

           Ո´Չ: Այն ավարտվել էր մինչև Խորհրդային Միության փլուզումը:

Առասպել N2. Կոմունիստական կառավարումը ԽՍՀՄ-ում քայքայվել էր ռազմական և տնտեսական ճնշման արդյունքում:

Ո´Չ: Միխայիլ Գորբաչովը խարխլեց Կուսակցության վերահսկողությունը երկրի նկատմամբ, որովհետև այդ վերահսկողությունը խոչընդոտում էր այն ռեֆորմների իրագործմանը, որոնք Գորբաչովն անհրաժեշտ էր համարում:

Առասպել N3. ԽՍՀՄ-ը փլուզվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների ճնշման արդյունքում:

Ո´Չ: ԽՍՀՄ քայքայումն առաջ եկավ ներքին հակասությունների, այլ ոչ թե արտաքին ճնշման պատճառով:

          Այս առասպելները ծագել են մեկ միասնական համաձուլվածքում երեք տարբեր, թեև փոխկապակցված, աշխարհաքաղաքական անկայունությամբ լի իրադարձությունների միաձուլման միտման արդյունքում.

1)         «Սառը պատերազմի» ավարտը (1988-89):

2)         ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության ղեկավար դերի թուլացումը (1989-91:

3)         Խորհրդային Միության փլուզումը (1991թ. դեկտեմբեր):  

«Սառը պատերազմն» ավարտվեց խաղաղ ճանապարհով, բանակցությունների ընթացքում, ռեֆորմների ճանապարհին կանգնած Խորհրդային Միության շահերին համապատասխանող պայմաններով: Նախագահ Ռեյգանը համաձայնագրի պայմանները որոշեց ընդհանուր շահերի հիման վրա: Գորբաչովն անհրաժեշտ պահին ընդունեց նրա քաղաքական ծրագիրը, որովհետև դա համապատասխանում էր Սովետների շահերին: Ինչպես հետագայում նշել է Գորբաչովը, «մենք բոլորս հաղթեցինք «սառը պատերազմում»: Սպառազինությունների մրցավազքի ավարտը Գորբաչովին թույլ տվեց կենտրոնանալ ներքին ռեֆորմների վրա, ինչն, իր հերթին, թույլ տվեց նրան վերջ դնել կոմունիստական կուսակցության մենիշխանությանը` որպես հիմնական գործիք օգտագործելով մրցակցային ընտրությունները: Նախագահ Ռեյգանն ընդունեց, և դրա մասին հրապարակավ հայտարարեց, որ Գորբաչովի Խորհրդային Միությունը դադարել է լինել «չարի կայսրություն»:

Թեև Միացյալ Նահանգներն ամեն կերպ աջակցում էր Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի անկախության վերականգնմանը, սակայն հավանություն էր տալիս նաև Գորբաչովի` մնացած տասներկու միութենական հանրապետություններից կամավոր դաշնություն ստեղծելու ձգտմանը: Ներքին գործոնների արդյունքում առաջ եկած ԽՍՀՄ փլուզումը դարձավ ամերիկյան քաղաքականության պարտությունը, այլ ոչ թե հաղթանակը:

Առասպել N4. Ռուսաստանը պարտվեց «սառը պատերազմում»:

            Ո´Չ: Այսօրվա Ռուսաստանի Դաշնությունը «սառը պատերազմը» վարող կողմերից մեկը չէր: Այն ընդամենը մտնում էր կոմունիստական կառավարմամբ կայսրության կազմի մեջ: Ռուսաստանի 1990 և 1991թթ. ընտրված ղեկավարները արևմտամետ կողմնորոշում ունեին և ջանում էին կոմունիստական արժեքները փոխարինել ժողովրդավարականով:

Առասպել N5. «Սառը պատերազմը» պետք է դիտարկել որպես Երրորդ համաշխարհային պատերազմ:

Ո´Չ ՄԻ ԿԵՐՊ: «Սառը պատերազմը» ընդամենը փոխաբերություն է: Երբեք իրական պատերազմ չի եղել Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների ու Խորհրդային Միության միջև: Եթե նման պատերազմ եղած լիներ, մենք, հավանաբար, այսօր դրա մասին ոչինչ արդեն չէինք գրի: Այս բոլոր առասպելները կապված են «գերտերություն» կեղծ հասկացության հետ: Ամերիկայի Միացյալ Նահանգները և ԽՍՀՄ-ը գերտերություններ էին համարվում, որովհետև աշխարհը կործանելու միջոցներ ունեին: Նրանք գերտերություններ չէին այն իմաստով, որ կարող էին փոխել աշխարհը` օգտագործելով իրենց գերազանց ռազմական հզորությունը: «Սառը պատերազմի» ավարտը նվազեցրեց ամերիկյան ազդեցությունը, ինչը մեծ մասամբ կոմունիստական ագրեսիայից երկրները պաշտպանելու և դրա սփռումը կանխելու նրա կարողության հետևանքն էր: Աշխարհը նույն պահին «միաբևեռ» չդարձավ, անգամ «միաբևեռության պահ» չեղավ (ինչ վերաբերում է աշխարհը կործանել կարողացող ռազմական հզորությանը, Միացյալ Նահանգները և Ռուսաստանը միասին առայսօր ունեն այդ հնարավորությունն իրենց միջուկային զինանոցներով): Միացյալ Նահանգները «սառը պատերազմից» հետո թեև գերտերություն չէր այն իմաստով, որ կարող էր հաջողությամբ կառավարել այլ ազգերի, սակայն, այնուամենայնիվ, գերազանցում էր աշխարհի մյուս երկրներին: Դա անվտանգ աշխարհ ստեղծելու հնարավորություն էր` ամրապնդելով տեղային հակամարտություններով, չկայացած պետություններով, կազմակերպված հանցավորությամբ և ահաբեկչության սպառնալիքով զբաղվող միջազգային կառույցները: Դա արտասահմանում ռազմական պարտավորությունները կրճատելու (այլևս չկար Խորհրդային Միությունը, որին պետք էր զսպել) և Ռեյգանի, Ջորջ Բուշ-ավագի և Գորբաչովի սկսած միջուկային զենքի ոչնչացումն արագացնելու հնարավորություն էր: Բայցևայնպես, Քլինթոնի վարչակազմը, հետևողական ռազմավարություն չունենալով, ներքաշվեց տեղային հակամարտությունների մեջ, որոնք կենսականորեն կարևոր նշանակություն չունեին ԱՄՆ անվտանգության համար և չէին քաջալերվում ՄԱԿ Անվտանգության խորհրդի հեղինակությամբ: Այն չկարողացավ Ռուսաստանը մտցնել անվտանգության եվրոպական կառուցվածք որպես հուսալի գործընկերոջ, բայց նրա հետ վարվում էր որպես պարտված ազգի` դրանով իսկ խարխլելով ժողովրդավարության և համաշխարհային նշանակության հարցերում լիիրավ համագործակցության հեռանկարները: Եթե Քլինթոնի վարչակազմը բաց թողեց այս հնարավորությունները, ապա Բուշ-Չեյնի վարչակազմը տապալեց դրանք: Անտեսելով Միացյալ Նահանգների վրա ահաբեկիչների սպասվող գրոհի (որը կարելի էր և պետք էր կանխել) մասին նախազգուշացումները` ԱՄՆ-ը փոխարենը ներխուժեց Իրաք` դրա համար չունենալով ոչ ըմբռնելի պատճառ, ոչ միջազգային կազմակերպության թույլտվություն, անտեսեց կամ ընդհանրապես հրաժարվեց պայմանագրային պարտավորություններից, զանց առավ միջուկային զենքի հաստատված կրճատումը և ձեռնարկեց մի շարք գործողություններ, որոնք ավելի շուտ նպաստում էին միջուկային զենքի տարածմանը, այլ ոչ թե զսպմանը: Ճակատագրի հեգնանքով, նախագահը, որը հայտարարում էր նախագահ Ռեյգանի քաղաքականությամբ իր հիացմունքի մասին, ինքը վարում էր ինչպես բովանդակությամբ, այնպես էլ կատարման մեթոդներով հաճախ դրան միանգամայն հակադիր քաղաքականություն:

«Սառը պատերազմի» և դրա ավարտի մասին առասպելները, այն տեսությունների համակցությամբ, որոնք հակված են տրամաբանորեն հիմնավորված, բայց իրականությունից հեռու ծայրահեղություններով, խարխլեցին Ամերիկայի ներքին ուժերը: Պարահանդեսը գլխավորում էր շուկայական ֆունդամենտալիզմը, և բանկերի ու ֆինանսական շուկաների նկատմամբ վերահսկողության թուլացումը նպաստում էր սուբստանդարտ վարկավորման արհեստական ուռճացմանը, որը 2008թ. գործնականում հանգեցրեց ֆինանսական համակարգի կործանմանը: Հարկերի կրճատումը, չնայած երկու պատերազմ մղելուն, հանգեցրեց բյուջեի աննախադեպ դեֆիցիտի, և պարզվեց, որ երկիրը, անգամ կոշտ ֆինանսական սահմանափակումներից հետո, որոնց արդյունքում տուժեցին դրա կազմավորման համակարգն ու ենթակառուցվածքը, ոտքերն իր վերմակի չափով չի մեկնում: Ամերիկայի Միացյալ Նահանգները դարձավ համաշխարհային խոշոր պարտապան: Այդ պահի դրությամբ քաղաքական վիճաբանություններն այլասերվեցին մինչև խեղաթյուրված սլոգանների կիրառման աստիճանի: Իրականում «պահպանողական» ոչինչ չկա բյուջեի մեծ դեֆիցիտ ունենալու, ուղղակի և անմիջական սպառնալիք չներկայացնող այլ երկրների տարածք ներխուժելու և պետանվտանգության ծառայությունների տվյալները չափազանցելու, երբեմն էլ կեղծ զեկույցներ սարքելու մեջ, սակայն պոլիտտեխնոլոգները համոզեցին հասարակության զգալի մասին, որ արմատական, մեծ ռիսկի հետ կապված քաղաքականությունը` կասկածելի օրենսդրական հիմնավորմամբ, «պահպանողական» է: Իրականում արտաքին քաղաքականությունը չի կարելի գնահատել «կոնսերվատիվ-լիբերալ» սանդղակով, ինչպես և, ի դեպ, ներքին քաղաքականության շատ հարցեր: Օբամայի վարչակազմը սկիզբ դրեց` պետության քաղաքական գիծն ավելի կոնստրուկտիվ ուղի տանելով: Գրքում, բազմաթիվ օրինակների հաստատմամբ, հեղինակը մտքեր է արտահայտում Իրաքի և Աֆղանստանի պատերազմների, Իրանում և Հյուսիսային Կորեայում միջուկային զենքի կիրառման, Ռուսաստանի հետ հարաբերությունների, միջուկային սպառազինության կրճատման, հակահրթիռային պաշտպանության և իսրայելա-պաղեստինյան հիմնախնդրի մասին: Թեև նախագահ Օբաման, ընդհանուր առմամբ, չափավոր փոփոխությունների կողմնակից է, նա զգալի խոչընդոտների է բախվում ինչպես տանը, այնպես էլ արտասահմանում: Նա դեռ ստիպված է «մարսել» այն վնասի հետևանքները, որոնք ազգին հասցվել են նախորդ վարչակազմերի կողմից, և պայքարել կարծրացած այն «հատուկ շահերի» դեմ, որոնք խանգարում են փոփոխություններին, իսկ երբեմն էլ նրա աշխատակազմն է մեղանչում:

 

ԿՏՈՒԺԻ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Day.Az-ի հարցազրույցը քաղաքական գիտությունների դոկտոր, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի միջազգային քաղաքական գործընթացների ամբիոնի պրոֆեսոր ՍԵՐԳԵՅ ԼԱՆՑԵՎԻ հետ 

(27.04.2010, նյութի մշտական հասցեն`  http://www.inosmi.ru/caucasus/20100427/159568725.html)                           

-Ըստ ձեզ, ինչո՞ւ Բարաք Օբաման, այնուամենայնիվ, չարտասանեց «ցեղասպանություն» բառը` հայկական սփյուռքի ներկայացուցիչների առջև հանդես գալով ավանդական ամենամյա դիմումով` 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների տարելիցի առիթով:

-ԱՄՆ-ի համար խելամիտ չէր լինի միանշանակ ընդունել «հայոց ցեղասպանությունը», քանի որ դա կանդրադառնա Թուրքիայի հետ հարաբերությունների վրա, իսկ հետո կարող է անդրադառնալ Իրաքի, իրաքյան Քրդստանի և այլնի շուրջ իրադրության վրա: Օբաման և նրա շրջապատը, բնականաբար, հաշվի են առել բոլոր «թեր» և «դեմ» կողմերը, և այդ բառն արտասանելու «դեմ» գործոններն ավելի շատ են եղել: Արդյունքում` մի կողմից նա չասաց «ցեղասպանություն» բառը, բայց չհիշատակել այն ժամանակվա իրադարձությունների մասին նա չէր կարող, որպեսզի հետո նրան չմեղադրեին այն բանում, որ անտեսում է այս խնդիրը:

-Իսկ ինչպե՞ս են հիմա դասավորվելու ամերիկա-թուրքական և ամերիկա-հայկական հարաբերությունները:

-Արմատական ոչինչ տեղի չի ունենա: Եթե խոսենք ամերիկա-թուրքական հարաբերությունների մասին, այնտեղ ստորջրյա քիչ խութեր չկան: Ներկայիս թուրքական կառավարության քաղաքականությունը միշտ չէ, որ համապատասխանում է ամերիկյան շահերին, այլ առաջին հերթին ծառայում է սեփական շահերին: Սա, իհարկե, որոշակի բարդություններ է առաջացնում Թուրքիայի և ԱՄՆ հարաբերություններում, բայց ինչ-որ լուրջ ճգնաժամ չեմ սպասում:

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ ԱՄՆ հարաբերություններին, ապա դրանք Նահանգների համար շատ ավելի պակաս նշանակություն ունեն, քան հարաբերությունները Թուրքիայի հետ, և որևէ արմատական փոփոխություն այստեղ նույնպես չեմ տեսնում:

-Այդ բոլոր իրադարձություններն ինչ-որ կերպ կարո՞ղ են անդրադառնալ ղարաբաղյան կարգավորման վրա:

-Ելնելով այն իրադարձություններից, որոնք տեսնում ենք վերջին ժամանակներս, փոփոխություններ ղարաբաղյան կարգավորման մեջ չեմ տեսնում: Նկատի ունեմ այն, որ «ցեղասպանության» ճանաչումը կամ չճանաչումը կարգավորման վրա ազդեցություն չի գործում: Ղարաբաղյան հակամարտությունը ներկա պահին սառեցված է, և ինչ-որ բան մեռյալ կետից շարժելու համար անհրաժեշտ է, որպեսզի համաշխարհային քաղաքականության մեջ խոշոր իրադարձություններ կատարվեն կամ իրադարձություններ տեղի ունենան այն երկրների ներսում, որոնք հակամարտության հետ անմիջական առնչություն ունեն:

-Օբամայի` ԱՄՆ հայերին դիմելու նախօրեին Հայաստանի ժողովրդի առջև դիմումով հանդես եկավ այդ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, որը հայտարարեց այն մասին, որ Հայաստանն իր կողմից սառեցնում է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը: Առաջին հերթին ո՞վ կտուժի դրանից, թե՞ տուժողներ չեն լինի:

-Դե, ընդհանրապես, դրանից կտուժի միայն Հայաստանը: Որովհետև ավելի է շահագրգռված Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմամբ և, առաջին հերթին, տնտեսական առումով: Թուրքիայի համար Հայաստանի հետ սահմանի բացումը մեծ նշանակություն չունի: Մանավանդ որ այնտեղ խիստ հիվանդագին են վերաբերվում 1915թ. իրադարձություններին:

-Այսինքն` առաջիկայում չարժե՞ ինչ-որ փոփոխություններ սպասել հայ-թուրքական հարաբերություններում:

-Անկեղծ ասած` ես սկզբից ևեթ չէի հավատում, որ այդ հարաբերություններում ինչ-որ տեղաշարժ է հնարավոր: Սկզբունքային տարաձայնություններ կան, և դրանք առայժմ չեն լուծվի, դժվար թե հաջողվի սահմանը բացել: Այսինքն` ամեն ինչ տեղի է ունենում այնպես, ինչպես և պետք է տեղի ունենար:

-Իսկ ինչպե՞ս կպահի իրեն այժմ Ռուսաստանն այս իրավիճակում:

-Ռուսաստանը շահագրգռված է ստատուս-քվոյի պահպանմամբ: Բացատրեմ: Մի կողմից` հարկավոր է լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, հարկավոր է անպայման բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, ամուր հարաբերություններ պահպանել Հայաստանի ու Ադրբեջանի հետ: Սակայն մյուս կողմից` հարկավոր է խիստ զգույշ լինել, որովհետև այս կամ այն կողմ թեքվելն անթույլատրելի է, քանի որ կարող է փոխվել ուժերի հավասարակշռությունը: Այսինքն` Ռուսաստանն այժմ զարգացնելու է հարաբերությունները Թուրքիայի հետ, բայց չափազանց զգույշ, որպեսզի չփչացնի հարաբերությունները Հայաստանի հետ և դրա հետ մեկտեղ կարևոր գործընկերային հարաբերություններ պահպանի Ադրբեջանի հետ:

 

ՊԱՏՄՈՒԹՅԱՄԲ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ ՀԱՆԳԵՑՆՈՒՄ Է

ԱՀԱԲԵԿՈՒԹՅԱՆ             

(23.04.2010, նյութի մշտական հասցեն` http://www.rosbalt.ru/2010/04/23/731380.html)

 

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Նախօրեին դադարեցվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որն սկսվել էր 2009թ. հոկտեմբերին Շվեյցարիայում միջպետական արձանագրությունների ստորագրմամբ: Թե ինչու է թուրքական կողմին վախեցնում 1915թ. իրադարձությունների քննարկումը և արդի միջազգային հարաբերություններում ինչ նշանակություն կարող է ունենալ Օսմանյան կայսրությունում հայկական կոտորածների հարցը, «Ռոսբալթին» պատմեց հայագետ, Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական, գրող և փիլիսոփայական գիտությունների թեկնածու ՎԻԿՏՈՐ ԿՐԻՎՈՊՈՒՍԿՈՎԸ:

- Վիկտոր Վլադիմիրովիչ, ինչպե՞ս է այսօր ցեղասպանության հարցն ազդում եվրոպական և համաշխարհային քաղաքականության վրա:

- Ցավոք, միշտ չէ, որ ժամանակակիցները հաշվի են առնում պատմության դասերը, հատկապես ներկայիս երկակի ստանդարտների ժամանակներում: Իսկ պատմությամբ քաղաքական մանիպուլյացիան հանգեցնում է ողբերգական հետևանքների, այդ թվում և այնպիսի այլասերված ձևերով, որոնք այսօր տեսնում ենք: Դա և´ միջազգային ահաբեկչությունն է, և´ այն ամենը, ինչն ուղղված է մարդու և մարդկության դեմ:

            Եթե աշխարհը միահամուռ լիներ Օսմանյան կայսրությունում կատարված իրադարձությունների գնահատականի հարցում, ապա, հնարավոր է, կհաջողվեր խուսափել հոլոքոստից, այլ ողբերգություններից, որոնք տեղի ունեցան Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում: Եվ եթե մենք ուզում ենք, որ այն, ինչ տեղի ունեցավ 20-րդ դարում, չկրկնվի 21-րդում, ապա առաջին բանը, որ պետք է անել, Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելն է:

-  1915թ. կատարվածի մասին հարցն ինչ-որ կերպ ազդո՞ւմ է Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների վրա:

- Այն ահավոր ժամանակներում Ռուսաստանն առաջինը ծավալուն օգնություն և աջակցություն ցուցաբերեց` փրկելով հայ ժողովրդին: Եվ այսօր Մոսկվան այդ իրադարձությունները գնահատում է որպես ողբերգություն, որը երբեք և ոչ մի տեղ չպետք է կրկնվի: Մեր երկիրն առաջիններից մեկը, դեռ 1995թ., ճանաչեց ցեղասպանության փաստը:

- Այս առնչությամբ ինչպիսի՞ն է Ռուսաստանի դիրքորոշումը հայ-թուրքական կարգավորման արձանագրությունների վերաբերյալ:

- Մեր երկիրը ողջունեց այդ պայմանավորվածությունները, նրա միջնորդական առաքելությունը հայտնի է բոլորին: Ռուսաստանը հստակ և միանշանակ հայտարարել է, որ բարիդրացիական հարաբերությունների զարգացումը Հայաստանի և Թուրքիայի միջև չպետք է կապված լինի ոչ մի պայմանի հետ, ոչ ցեղասպանության, ոչ էլ Լեռնային Ղարաբաղի հարցերի:

            Եվրոպական մի շարք երկրներ նույնպես այս տեսակետն են պաշտպանում, բայց, ցավոք, ոչ բոլորը: Հավանաբար, էլի ժամանակ կպահանջվի` ի տարբերություն դիմակայության հարաբերությունների, խաղաղ զարգացման արժեքը գիտակցելու համար:        

- Ի՞նչ կշահեն Հայաստանը և Թուրքիան երկկողմ հարաբերությունների կարգավորումից:

- Դա կնշանակեր բոլոր կապերի համակողմանի զարգացում: Առաջին հերթին` տրանսպորտային միջանցքների բացում, առևտրատնտեսական համագործակցության կարգավորում: Դա կհանգեցներ գիտատեխնիկական, կրթական, մշակութային կապերի զարգացմանը, մի խոսքով` միջպետական, միջազգային համագործակցության ողջ բազմազանության զարգացմանը:

- Ի՞նչն է պատճառը, որ թուրքական կողմում կան այնպիսիները, որոնք կարգավորում չեն ցանկանում: 1915թ. Եղեռնի զոհերի սերունդները կարող են նյութական փոխհատուցում և հայկական հողերի վերադա՞րձ պահանջել:

- Այդ մասին կարելի է կռահել կամ անգամ բացահայտ խոսել, բայց չէ՞ որ դիմակայությունը վաղ թե ուշ ավարտվելու է, ժողովուրդները պետք է համաձայնության գան: Եվ կքննարկվեն և´ այս, և´ այլ թեմաներ:

          Եթե փոխզիջում գտնեն և վերականգնեն գլխավորը` երկկողմ հարաբերությունները, ապա հաջորդ հարցերն ավելի հեշտ և որոշակիորեն կլուծվեն:

- Ո՞վ է, ուրեմն, Անկարայում, ժխտելով ցեղասպանության փաստը, խոչընդոտում այս խնդրի լուծմանը:

- Ինչպես միշտ, ցանկացած երկրում կան և´ առաջադեմ, և´ կոնսերվատիվ ուժեր: Իսկ այս պարագայում մենք տեսնում ենք պետական քաղաքականության արտացոլումը, այսպիսին է քաղաքական ղեկավարության  մակարդակով որդեգրված դիրքորոշումը:

 

Զրուցեց Դմիտրի Ռեմիզովը

 

 

 

 

 ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ

ԲԱՐԵՇՐՋՈՒՄՆԵՐԻ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ (ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

(նյութի մշտական հասցեն` http://nationalidea.am/publications.php?id=3431&fl=y&l=A)

 

        Ապրիլի 9-ին լրանում է Տիգրան Սարգսյանի վարչապետության երկու տարին: Ինչո՞վ է առանձնանում Տիգրան Սարգսյանը ՀՀ նախորդ վարչապետերից: Նրա ամենացայտուն յուրահատկությունը, թերևս, ճառասի-րությունն է: Յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյա գործունեության ընթացքում աչքի է ընկնում ինչ-որ բանով, որը մնում է ժողովրդի հիշողության մեջ: Ոմանց բախտը բերում է, և նրանց հիշում են միայն առավելություններով, իսկ ոմանց, հակառակը, թուլություններով են հիշում: ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից շատերն էլ ունեցել են միայն իրենց բնորոշ հակումներ: Օրինակ, մեկը սիրում էր երևակայական պատկերներ ստեղծել ու դրանցից սարսափած` մտնել աշխատասեղանի տակ, մեկը սիրում էր լավ ուտել-խմել, մյուսը աղջիկների նկատմամբ թուլություն ուներ, մեկ ուրիշը` տղաների: Իսկ, ահա, ներկա վարչապետի սիրած գործը, ինչպես երևում է, բազմաբովանդակ ելույթներ ունենալն ու տարատեսակ եզրույթներ ներմուծելն է, ինչպես, օրինակ, «Հայկական աշխարհ», «բարեշրջում», «գերազանցության կենտրոն»...

Կառավարության վերջին նիստում վարչապետի հերթական ելույթը դարձյալ նվիրված էր խոշոր բիզնեսի «պատշաճ վերահսկողությանը»: «Մեզ քննադատում են, որ մենք չենք կարողանում խոշոր ձեռնարկությունների ոլորտում ապահովել պատշաճ վերահսկողություն, և ես այդ քննադատության հետ համաձայն եմ: Եթե խոշոր ձեռնարկությունը հնարավորություն ունի խուսափել հարկային պարտավորությունների կատարումից, ապա դա մեծ չարիք է ցանկացած պետության համար: Մեծ չարիք է,  որովհետև դրանով խարխլվում են պետության հիմքերը, փոքր ու միջին բիզնեսին հնարավորություն չիտրվում զարգանալ»,- ասում էր վարչապետը:

                Անշուշտ, լավ է, երբ երկրի վարչապետն ընդունում է քննադատությունը, բայց վատ է, երբ նրան թվում է, թե ժողովուրդը հենց այդ հասկանալուն է սպասում և կբավարարվի լոկ դրանով, իսկ երկրի տնտեսությունն ահագին առաջընթաց կգրանցի հենց շնորհիվ այն բանի, որ վարչապետը հասկանում է իր սխալները` առանց դրանք շտկելու կարողության, իհարկե:

Վարչապետի խոսքի հնչերանգը շատ ավելի կտրուկ էր մի երկու ամիս առաջ Ազգային ժողովի ամբիոնից ունեցած ելույթի ժամանակ, երբ Սարգսյանը գործարար պատգամավորներին խստորեն հայտնեց, որ անխնա պայքար է ծավալելու  օլիգոպոլիաների դեմ: Այս անգամ խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու վարչապետի նշած միջոցառումներից մեկը էթիկայի հանձնաժողովների ձևավորումն էր, որը «հնարավորություն է տալու վերահսկողության տակ վերցնել պատգամավորներին և նախարարներին և թույլ չտալ, որ նրանք անմիջականորեն զբաղվեն բիզնեսով»:

Իրակա՞ն է, արդյոք սա, ի զորո՞ւ են էթիկայի հանձնաժողովի անդամները «վերահսկողության տակ վերցնել» նախարարներին և պատգամավորներին: Իհարկե, իրական է, նույնքան իրական, որքան վարչապետի նախորդ բոլոր հավակնոտ ծրագրերը: Ինչպե՞ս կարող է վարչապետի ստեղծած էթիկայի հանձնաժողովի անդամը վերահսկողության տակ չվերցնել Սամվել Ալեքսանյանի, Ալեքսանդր Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի, Հովիկ Աբրահամյանի, Ռուբեն Հայրապետյանի, Արմեն Գևորգյանի, Գալուստ Սահակյանի, Կարեն Կարապետյանի (երկար ցուցակ ներկայացնելու կարիք չկա) բիզնեսները: Էթիկայի հանձնաժողովի անդամներն, անշուշտ,  կարող են տեղեկություններ հավաքել, թե նրանցից յուրաքանչյուրը ինչ բիզնեսներ ունի, որ բիզնեսը որ բարեկամի անունով է գրանցել, այսինքն` այն, ինչ հայտնի է անգամ շարքային քաղաքացիներին: Այլ հարց է, թե դրանից բացի ինչ կարող են անել այդ հանձնաժողովականները: Էթիկայի հանձնաժողովի անդամը Արմեն Գևորգյանի, Ալեքսանդր Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի, Հովիկ Աբրահամյանի և գործարարությամբ զբաղվող մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ շփումներում նույն հաջողությունը կարող է ունենալ, ինչ և վարչապետը: Իհարկե, ՀՀ քաղաքացիների մեջ կգտնվեն մարդիկ, որոնք ուշադիր կունկնդրեն վարչապետի ելույթները, մտքում կամ բարձրաձայն կասեն` «մալադեց», բայց իրականությունն այն է, որ այդպիսիք եզակի պարզամիտներից են: Նրանց կողքին կան հազարավորները, որոնք նույնքան ուշադիր լսել են Տիգրան Սարգսյանի վարչապետական ծրագրերը, հետո նույնքան ուշադիր արձանագրել, որ դրանցից ոչ մեկը չի իրականացել, իսկ եթե իրականացել է, ապա` ոչ այնպես, ինչպես մտածվել էր:

            2008թ. ապրիլի 29-ին` պաշտոնը ստանձնելուց 20 օր հետո, վարչապետ Տիգրան Սարգսյանն Ազգային ժողովում ներկայացրեց ՀՀ կառավարության 2008-2012թթ. ծրագիրը: Ժամանակահատվածի կեսն արդեն անցել է: Տեսնենք, թե որքանով է Սարգսյանը հասել իր հռչակած «բարեշրջումների» իրականացմանը:

Երկու տարի առաջ նա հայտարարեց, որ իր ծրագրի հիմքում ընկած է  5 գերակայություն:

Ծրագրում կարդում ենք.

ԱՌԱՋԻՆ` մակրոտնտեսական կայունության և տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանում:

Հայաստանը դարձնել բիզնեսի և ներդրումների համար տարածաշրջանային «գերազանցության կենտրոն»: Մենք պետք է հարևան երկրների համեմատ ստեղծենք առավել գրավիչ ինստիտուցիոնալ պայմաններ:

              Ի՞նչ է դա նշանակում.

- մեր օդափոխադրումները և ցամաքային փոխադրումները պետք է լինեն ավելի էժան (թե որքան էժան են մեր օդափոխադրումներն ու ցամաքային փոխադրումները, գիտե յուրաքանչյուր ոք, ով գոնե մեկ անգամ օգտվել է այդ ծառայություններից, հատկապես երբ համեմատում է այլ երկրների համապատասխան ծառայությունների հետ),

- մեր հեռահաղորդակցման համակարգերը Հայաստանի ամբողջ տարածքում պետք է լինեն ավելի մատչելի,

- պետք է վերացնենք բոլոր բյուրոկրատական սահմանափակումները բիզնես սկսելու և իրականացնելու համար, այդ թվում` պետք է կրճատենք լիցենզիաների, թույլտվությունների և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար չհիմնավորված պահանջների քանակը, բարձր վճարները և ժամկետները (այս ամենի մասին էլ կարելի է հարցնել տնտեսվարողներից, որոնք ստիպված են պահպանել իրենց առողջությունը կամային մեծ հատկանիշներ դրսևորելով` դիմանալու համար պետական չինովնիկների կամայականություններին),

- պետք է դյուրին դարձնենք հարկային հաշվետվական համակարգը` էլեկտրոնային եղանակով (սա իսկապես դրական քայլ էր: Ճիշտ է` սկզբնական շրջանում բավական դժգոհողներ եղան, սակայն եթե ժամանակի ընթացքում հնարավոր դառնա այս եղանակի ճիշտ կենսագործումը, ապա այն զգալիորեն կբարելավի հիշյալ ոլորտի աշխատանքը),

- պետք է կրճատենք ստուգումների քանակը` որակի բարձրացման հաշվին (եթե համեմատենք քոչարյանական շրջանի հարկային վարչարարության հետ, ստուգումների քանակի կրճատում,  իհարկե, կարելի է արձանագրել բիզնեսի ստորին շերտում, և չնայած խոշոր բիզնեսի պարագայում հարկային ստուգումների թիվը չի կրճատվել, այնուամենայնիվ, այստեղ էլ որակական փոփոխություններ չեն եղել. այս խավն ինչպես եղել, այդպես էլ մնում է անձեռնմխելի),

- պետք է որակապես նոր աստիճանի բարձրացնենք մաքսային ծառայությունները` վերջնականապես լուծելով մրցունակությունը սահմանափակող ադմինիստրատիվ չարաշահումների խնդիրը (մաքսային համակարգում անցումն էլեկտրոնային համակարգի կատարվել է հարկայինից ավելի շուտ, սակայն այս մարմինների հետ առնչություն ունեցած յուրաքանչյուր ոք պնդում է, որ այստեղ նախկինի նման շարունակում են ծաղկել կոռուպցիան և կաշառակերությունը: Մաքսավորները երբեմն անգամ էժանագին հնարքների են դիմում. օրինակ, հայտարարագիր ներկայացրած մարդու աչքի առաջ կարող են հոսանքն անջատվելու իմիտացիա կազմակերպել` հարկադրելով վերջինիս համապատասխան միջոցների դիմել, հատկապես, երբ մարդուն հարկավոր է հնարավորինս արագ կազմակերպել գործերը),

- ի վերջո, մենք թեթևացնելու ենք հարկային բեռը (սա ևս խիստ հարաբերական հասկացություն է: Ճիշտ է` մանր տնտեսվարողներից ոմանք որոշ առումով ազատվել են հարկերից, սակայն ասել, թե հարկային բեռը թեթևացել է, ավելի քան անհեթեթություն է):

ԵՐԿՐՈՐԴ կարևոր գերակա-յությունը սոցիալական ինտեգրումը և համերաշխությունն է:

Մեր ուշադրության կենտրոնում է մնալու նախորդ տարիներից եկող միջին կենսաթոշակի և միջին աշխատավարձի միջև եղած խզումը, որը հանգեցրել է աշխատող բնակչության և կենսաթոշակառուների (ներառյալ հաշմանդամների) կենսամակարդակի մեծ տարբերության: (Թե ինչ մակարդակի վրա են ՀՀ-ում կենսաթոշակներն ու աշխատավարձերը, ոչ ոքի համար գաղտնիք չէ: Հանելուկն այն է, թե ինչ հնարամտությամբ են կենսաթոշակառուներն ու աշխատողները հաջողացնում շարունակել իրենց գոյությունը նման պայմաններով: Ինչ վերաբերում է աշխատավարձի և կենսաթոշակի միջև խզման նվազմանը, ապա դրանում, թերևս, մեր վարչապետը կարող է հաջողել` մարդկանց զրկելով առանց այն էլ ցածր աշխատավարձից (ինչպես լինում է, երբ մարդ կորցնում է աշխատանքը) և մի 1000 դրամով հերոսաբար բարձրացնելով կենսաթոշակները, երբ գներն աճում են կրկնակի, իսկ դրամն աստիճանաբար արժեզրկվում է: Այսօրինակ սոցիալական քաղաքականությանն, անշուշտ, կնախանձի ցանկացած երկրի վարչապետ, եթե իմանա, որ անգամ նման պայմաններում ժողովուրդը չի գրոհում կառավարության շենքն ու շարունակում է գլուխը կախ դիմանալ ամեն ինչի):

Հասարակական համերաշխությունն ապահովելու համար անհրաժեշտ է փոխել ունևոր խավի կենցաղավարությունը: Աղքատության հիմնախնդիր ունեցող երկրում հարստության, շքեղության, ուժի ցուցադրումն անհարիր է քրիստոնյա հայ մարդուն: (Սա արդեն ապրիլմեկյան կատակների շարքից է: Օրինակ, վարչապետի այս քարոզի համաձայն` կարելի է Սամվել Ալեքսանյանի հետ բացատրական աշխատանք տանել, որ սոցիալապես ծանր վիճակում գտնվող երկրում ամոթ է մեծ թիկնազոր պահել` «Hamer» մակնիշի ավտոմեքենաներով, որ ավելի լավ է «Ժիգուլի» վարել: Կամ` երբ նույն Ալեքսանյանը Ազգային ժողովի ճաշարանում 20 հազար դրամ թեյավճար է թողնում, բացատրել, որ դա ևս քրիստոնյա մարդուն հարիր չէ, որովհետև այդքան գումարով կենսաթոշակառուներն ապրում են մի ամբողջ ամիս):

ԵՐՐՈՐԴ գերակայությունը մարդկային կապիտալի զարգացումն է:

Մենք պետք է բարեշրջություն կատարենք մեր մտածողության մեջ. այն է` հասկանանք, որ կրթությունը պետք է լինի ցկյանս: Մենք կառուցում ենք գիտելիքի վրա հիմնված հասարակություն և պետք է ունենանք այնպիսի կրթական համակարգ, որը կպատրաստի մեր ապագան կերտող կադրեր: (Օրինակ, կառավարությունում գյուղատնտեսության ապագան կերտող կադրը Գերասիմ Ալավերդյանն է, որը հենց վարչապետի նշած բարեշրջության (կրթությունը ցկյա´նս շարունակող) ամենավառ դրսևորումն է: Իսկ ՀՀ կրթական համակարգի մասին վարչապետը կարող էր դատել, եթե իր զավակներին կրթության ուղարկեր ոչ թե Իսպանիա, այլ Հայաստանի շարքային հանրակրթական դպրոց` ինչ-որ ձևով թաքցնելով նաև հայրիկի ով լինելը: Բուհերի մասին խոսելն այստեղ ավելորդ է):

ՉՈՐՐՈՐԴ գերակայությունն արդյունավետ պետական, տեղական ինքնակառավարման և մասնավոր հատվածի կառավարման համակարգի ձևավորումն է և կորպորատիվ կառավարման մշակույթի արմատավորումը:

Պետք է հետևենք, որ Հայաստանի խոշոր ձեռնարկությունները հրապարակային հաշվետվությամբ հանդես գան: (Հայաստանի արդյունավետ կառավարման համակարգն այն համակարգն է, որտեղ ամեն ինչ ենթարկված է վերադասի, այսինքն` տիրոջ կամքին: Ինչպես Գագիկ Ծառուկյանն է իր ցանկությամբ փոխում իր նախարարներին, նույն կերպ էլ վարվում է վարչապետը` ներդնելով այնպիսի կադրեր, որոնք հլու-հնազանդ կծառայեն իրեն` նախարարություններից հերթով հեռացնելով անցանկալիներին: Սա` բարձր օղակներում: Որքան իջնում ենք հիերարխիայի աստիճաններով, այնքան կամայականությունն ավելանում է):

                ՀԻՆԳԵՐՈՐԴ  գերակայությունը տարածքային համաչափ զարգացումն է:

Մենք Երևանից դուրս ձևավորելու ենք մշակութային, առողջապահական, գյուղատնտեսական, արդյունաբերական կենտրոններ: Դիլիջանը դարձնել ֆինանսական կենտրոն: Մենք չենք կարող ունենալ տեղեկատվական հասարակություն, եթե Հայաստանի բոլոր գյուղերն ապահովված չլինեն հուսալի ինտերնետային կապով: (Հավանաբար, նման կենտրոններից մեկն «աշխարհի քաղաք» կոչված ապուշությունն էր, որն անգամ բավական լուրջ քննարկումների փուլ անցավ, և որի ջերմեռանդ պաշտպանը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն էր: Ինչ վերաբերում է Դիլիջանին, ապա այն իսկապես դարձավ գերհզոր ֆինանսական կենտրոն, ճիշտ է` միայն վարչապետի երազներում (բայց կարևոր է, որ գոնե մի հոգու ենթագիտակցական մակարդակում դարձավ այդպիսին): Իսկ Հայաստանի գյուղերի վիճակին ծանոթանալուց և վարչապետի ծրագրի այս կետին գյուղացիներին ծանոթացնելուց հետո կարելի է անգամ առաջավոր համարվող գյուղերի բնակիչներից լսել, թե մեր գյուղերում ամեն ինչ դուզ էր, մնում էր միայն հուսալի ինտերնետային կապը):

2008-2012թթ. կառավարության ծրագիրը ներկայացնելով` վարչապետը հայտարարեց.

Մենք հռչակում ենք համազգային հինգ նախագծերի սկիզբը.

Դառնալ`

- բիզնես միջավայրի «գերազան-                 ցության կենտրոն»,

-    կրթական կենտրոն,

-    առողջապահական կենտրոն,

-    կազմակերպված հանգստի 

-    ֆինանսական կենտրոն:

(Այս հինգ նախագծերից պատմության մեջ մնալու արժանի է, թերևս, «գերազանցության կենտրոն» հասկացությունը, թեկուզ նրա համար, որ նման արտահայտություն ոչ ոք դեռ չէր արել. Նիցշեն խոսել է «գերմարդուե մասին, բայց, ա´յ, «գերազանցության կենտրոն»-ին խելքը չէր հասել):

Վարչապետն իր ելույթն ավարտեց Ներսես Շնորհալու խոսքերով.

«Թող Աստված մեզ տա իմաստություն ամեն ժամ բարին խորհելու, խոսելու և գործելու, և փրկի, ազատի մեզ ամեն տեսակ չար խորհուրդներից, խոսքերից ու գործերից: Եվ ողորմի, ների մեզ` արարածներիս և ինձ` բազմամեղիս» (ինչպես երևում է, բազում էին մեղքերը վարչապետիս, իսկ այս երկու տարվա ընթացքում էլ ավելի են բազմացել, ինչն էլ, ըստ ամենայնի, վարչապետի ընդգծված կրոնասիրության հիմնական պատճառն է):

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Պաշտոնավարման մեկնարկը վարչապետ Տիգրան Սարգսյանը սկսեց լրատվամիջոցների հետ ակտիվ աշխատելու պատրաստակամությամբ, որը ևս կարճ ժամանակում փոփոխություն կրեց: Վարչապետը դա բացատրեց նրանով, որ մամուլը լինում է դեղին և ոչ դեղին, և, բնականաբար, կառավարության հասցեին արված քննադատությունները, որպես կանոն, զետեղված էին լինում դեղին մամուլի էջերում, որոնց անդրադառնալը հարիր չէր «գերազանցության կենտրոն» հանդիսացող երկրի վարչապետին: 

«Եթե մենք ուզում ենք ունենալ պատասխանատու լրատվամիջոցներ, առաջին հերթին պետք է ունենանք պատասխանատու կառավարություն»:  Կյանքը ցույց է տալիս, որ իշխանությունները տեղ են տալիս միայն «պատասխանատու լրատվամիջոցներին», որոնց հետ բոլոր հարցերը լուծվում են հեռախոսազանգերի միջոցով, երբեմն էլ առանց դրա, քանի որ հիշյալ լրատվամիջոցների ղեկավարներն ի սկզբանե գիտեն, որ ճշմարտությունն այն է, ինչ հաճելի է իրենց կերակրողներին:

Այնուամենայնիվ, ի զորո՞ւ էր վարչապետ Սարգսյանն անել ավելին, հասնել իր հռչակած ծրագրերի իրականացմանն այնպես, ինչպես դա հաջողեց ամրագոտիների հարցում: Տիգրան Սարգսյանն իր ելույթներից մեկում հայտարարել էր, որ իր կառավարությունն աշխատելու է հետևյալ նշանաբանով. «Գլոբալ մտածողությունից` կոնկրետ գործողությունների»: Վարչապետը, հավանաբար, կկարողանար արդյունքի հասնել, եթե իսկապես գլոբալ մտածողությունից ու վիրտուալ ծրագրերից` թեկուզ երկու տարի ուշացումով, ինչ-որ ձևով սահուն անցում կատարեր կոնկրետ գործողությունների:

 

Share    


Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am