Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Ամսվա քրոնիկա և համարի տեսություն

Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Մայիս 2010, N 4

ՄԱՅԻՍԻ ՔՐՈՆԻԿԱ

Մայիսը, թերևս, ամենանշանային ամիսն է Հայաստանի համար: Մյիսին են ավանդաբար տեղի ունենում խորհրդարանական ընտրությունները, մայիսին մենք նշում ենք Հայրենական պատերազմում տարած հաղթանակը և Շուշիի գավումը, մայիսին է հաստատվել Առաջին հանրապետությունը:

65 տարի առաջ հայ ժողովուրդը ԽՍՀՄ մյուս ժողովուրդների հետ միասին ջախջախեց ֆաշիզմը: Ինչպես մասնակիցների թվով ու հաղթանակի հասնելու գործում նրանց ներդրած ավանդով, այնպես էլ ռազմական այն գործողությունների նշանակալիությամբ, որոնց մասնակցել են հայերը, ԽՍՀՄ ամենափոքր հանրապետությունը կարելի է անվանել Երկրորդ համաշխարհային պատերազմի իրական և ինքնուրույն մասնակից: Համենայնդեպս, հայերի ավանդը համադրելի է այնպիսի տերության ավանդի հետ, ինչպիսին Ֆրանսիան է. չեմ կարծում, թե ֆրանսիական Դիմադրությունն ավելի մեծ օգուտ բերած լինի Գերմանիայի դեմ ընդհանուր հաղթանակի գործին, քան հայկական ազգային ռազմական կազմավորումներն ու ռազմաճակատների ու բանակների հրամանատար գեներալները, որոնք հետագայում մարշալներ դարձան: Վերջին ժամանակներս հայ ժողովրդի ավանդը ֆաշիզմի ջախջախման գործում հավուր պատշաճի չի քարոզվում, ինչը պաշտոնական գաղափարախոսության համար պատասխանատու անձանց բացթողումն է: Իզուր. հանգամանքը, որ Հայկական ԽՍՀ-ն` որպես մարտական միավոր, ավելին է արել Երկրորդ համաշխարհային պատերազմում, քան Ֆրանսիայի Հանրապետությունը, կասկած չի հարուցում և իսկական ազգային հպարտության առիթ է ծառայում:

Երկրի պաշտոնական գաղափարախոսության վրա լուրջ ազդեցություն ունեցող դաշնակցականների համար Հայրենական պատերազմի հերոսները խորթ են. նրանց անհամեմատ ավելի հարազատ են դաշնակցական «հերոսնեը»,որոնք Գերմանիայի կողմն են անցել և ստեղծել հայկական լեգեոնը: Հավանաբար, դրա համար էլ դաշնակցական գործիչների մասին այսօր երկրում ավելի շատ են խոսում, քան Բաղրամյանի նման մարդկանց: Դաշնակցականների հիշատակի մասին պետությունն ավելի շատ է հոգում, նրանց անուններով շատ ավելի փողոցներ ու հրապարակներ են անվանակոչվել, քան իսկական հերոսների: Դե, ո՞ւմ խելքին կփչի այսօրվա Հայաստանում շքեղաշուք նշել լեգենդար Նելսոն Ստեփանյանի հոբելյանը: Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են...

Մայիսի 28-ը Հայաստանը նշում է որպես Առաջին հանրապետության հաստատման օր: Այս նշանավոր օրվա հանդեպ միասնական վերաբերմունք չկա: Թեև պետությունը ջանում է ամեն անգամ փքուն հանդիսություններ կազմակերպել, միևնույն է, բնակչության համար այս տոնը բավական խորթ է: Ազգային հիշողության մեջ դաշնակցականները հակասական կարծիքներ են թողել: Անգամ ՀՅԴ կողմնակիցները, չնայած ռացիոնալ մտածողության բացակայությանը, այնուամենայնիվ, գալիս են այն եզրակացության, որ դաշնակցական կառավարումը ոչ մի կերպ չի կարելի ազգային հաջողություն անվանել, քանի որ դաշնակցականների իշխանության գալուց առաջ և հետո եղած իրավիճակի վերլուծությունն ուրախացնել չի կարող. 1920թ. վերջին դաշնակցականներն իրենց հետևից թողեցին ավերված ու նսեմացված մի երկիր` նվազագույնի չափ կրճատելով երկրի տարածքն ու ընդմիշտ կորցնելով Արևմտյան Հայաստանի շատ գավառներ:

Ո՞րն էր Հայաստանի խայտառակ պարտության պատճառը 1920թ. հայ-թուրքական պատերազմում: Կարծում ենք` գլխավոր պատճառն այն էր, որ ժողովուրդը հոգնել էր դաշնակցականներից, նրանց կամայականությունից և բռնությունից, գանձագողությունից և բարոյազրկությունից: Դաշնակցականներին հաջողվեց երկու տարում բարոյալքել բանակը, որը, զինված լինելով Անտանտի երկրների կողմից և գերազանցելով Մուսթաֆա Քեմալի զորքերին ինչպես թվաքանակով, այնպես էլ սպառազինությունների որակով, աղետալի պարտություններ կրեց: Հետևաբար, մայիսի 28-ը չի կարող ազգային տոն լինել, քանի որ Սարդարապատի հաղթանակից  հետո  ճակատագրական  իրադարձություններ տեղի ունեցան: Մայիսի 28-ն ավելի լավ կլինի ընկալել որպես ռազմական արիության ամսաթիվ, որը հնարավոր դարձրեց փխրուն պետականության հաստատումը հազարամյա ընդմիջումից հետո:

Հակիրճ անդրադառնանք մայիսի առավել նշանակալի իրադարձություներին:

Ամսվա սկիզբը և ավարտը նշանավորվեցին նախագահ Սարգսյանի արտասահմանյան այցելություններով: Ամսվա սկզբին նախագահը «Շանհայ-էքսպոյի» շրջանակներում այցելեց Չինաստան, բանակցություններ վարեց ՉԺՀ ղեկավարության հետ: Համաձայնագրեր կնքվեցին տնտեսական ոլորտում. նախագահ Սարգսյանը, մասնավորապես, հանդիպումներ ունեցավ «Huawei Technologies» և ZTE ընկերությունների ղեկավարների հետ: Վերջինը պատրաստվում է գործունեություն ծավալել Հայաստանում, ինչը, բնականաբար, հարկ է բնութագրել որպես հաջողություն: Բացի այդ, ՉԺՀ նախագահ Հու Ցզինտաոյի հետ Սարգսյանը քննարկել է հայ-իրանական երկաթուղու շինարարությանը Չինաստանի մասնակցության հեռանկարները: Չինաստանն, ըստ իս, մտնում է տնտեսական էքսպանսիայի քաղաքականության փուլ. մեծ տերություն լինելով` ՉԺՀ-ն չի կարող բավարարվել սեփական տարածքի սահմաններում տնտեսական ազդեցությամբ, իսկ չինական ներդրումների և տեխնոլոգիաների ներգրավումը Հայաստանի համար բավական էական շանս է սեփական տնտեսությունը զարգացնելու գործում: 

Մայիսի 25-27-ին նախագահ Սարգսյանը գտնվում էր Բրյուսելում, որտեղ բանակցություններ վարեց ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի, ԵՄ և Բելգիայի պաշտոնական դեմքերի հետ: «Մեր բանակը պատրաստ է լուծել իր առջև դրված խնդիրները: Մենք հպարտանում ենք մեր բանակով, բայց միևնույն ժամանակ երազում ենք այն մասին, որ մեր տարածաշրջանում չլինեն գերզինված և մեծ բանակներ: Հայկական բանակի պրոֆեսիոնալ հատկանիշների մասին են վկայում մեր գործընկերներն Արևելքում և Արևմուտքում, երբ մենք համատեղ լուծում ենք ռազմական խնդիրներ կամ մասնակցում ենք զորավարժությունների: Մեր բանակը ստեղծվում և կոփվում էր մարտադաշտում: Մեր սպայակազմը` պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի պետի գլխավորությամբ, մարտական գործողությունների հարուստ և հաջող փորձ ունի»,- ասաց նախագահ Սարգսյանը ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հետ համատեղ ասուլիսում: Սա, թերևս, ՀՀ նախագահի ամենատպավորիչ հայտարարությունն է միջազգային ասպարեզում:

Մայիսի 9-ին Մոսկվայում նախագահ Սարգսյանը մասնակցեց Մեծ հայրենականում տարած հաղթանակի 65-ամյակին նվիրված տոնակատարությանը: Զինվորական շքերթին, ԱՊՀ այլ երկրների և հակահիտլերյան կոալիցիայի ներկայացուցիչների կողքին շարասյունով անցավ նաև հայկական զորամիավորումը: Երկրները մասնակցում էին այբբենական կարգով, և մեր տղաներին վիճակվեց անցնել Ադրբեջանից հետո: Դա հիացմունքի արժանի տեսարան էր. ռուսները կարողանում են, է°լի, փայլուն կազմակերպել շքեղաշուք միջոցառումներ, հատկապես թաղումներ և շքերթներ: 

Մայիսին Երևան եկան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը և ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն: Զրույցները երկրի ղեկավարության հետ, բնական է, ավանդական էին: Պ-ն Չավուշօղլուն, որը ղեկավարում է ԵԽԽՎ-ն «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ջանքերով, հրաժարվեց այցելել Ծիծեռնակաբերդ: Լրագրողներին խնդրեց հարգել իր դիրքորոշումը և ասաց, որ պարտավոր չէ, որպես ԵԽԽՎ ղեկավար, կատարել այդ արարողությունը, մանավանդ որ Ծիծեռնակաբերդ չեն գնացել նաև ԵԽԽՎ նախկին նախագահները:

Նշանակալի արտաքին իրադարձություններից հարկ է նշել լեյբորիստների պարտությունը Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում: Գորդոն Բրաունի կուսակցության ջախջախմամբ ավարտվեց երկրում ձախերի կառավարման տասներեքամյա էպոպեան. առաջիկա չորս տարիներին Անգլիայում կառավարման ղեկին կլինեն պահպանողականները: Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցությունը, անշուշտ, ընդդիմադիր գործունեության ընթացքում էական փոփոխությունների է ենթարկվել. փոխվել է էլիտան: Ականավոր լիդերներ, ինչպիսիք էին Մարգարեթ Թետչերը և Ջոն Մեյջորը, պահպանողականների ճամբարում այսօր չկան: Ժամանակ կպահանջվի, որ այդպիսիներն ի հայտ գան և միջազգային ճանաչման արժանանան: Թորիների ներկայիս հաղթանակը պետք է վերագրել գլոբալ ճգնաժամով պայմանավորված տնտեսական խառնափնթորությանը, ինչպես նաև, հավանաբար, այն բանին, որ անգլիացիները հոգնել էին 13 տարի կառավարող լեյբորիստներից: Իսկ Միացյալ Թագավորության արտաքին քաղաքականությունում էական փոփոխությունների սպասելու հարկ չկա, հատկապես Հայաստանի հանդեպ. այս երկիրը խիստ հազվադեպ և դժվարությամբ է վերանայում գերակայությունները:    

ԵԱՀԿ Մինսկի խմբում փոփոխություններ են կատարվել. Յուրի Մերզլյակովին փոխարինել է Իգոր Պոպովը, իսկ ամերիկյան նախկին ներկայացուցչին` Մեթյու Բրայզային, նախագահ Օբաման առաջադրել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնին: Սա բնական նշանակում էր: Բրայզան միշտ էլ դժվարությամբ է թաքցրել ադրբեջանամետ հակումները, հատկապես թրքուհու հետ ամուսնությունից (կամ կենակցությունից) հետո: Այնպես որ, ամերիկյան նշանավոր դիվանագետին հաջողություն ցանկանանք նրա գործունեության նոր ոլորտում. Իլհամ Ալիևի համար Մեթյու Բրայզան, անշուշտ, հաճելի զրուցակից կլինի, նրանք միասին Ղարաբաղը վերադարձնելու ծրագրեր կկառուցեն, բայց, ցավոք, նրանց մտահղացումների հաջողությունը շատ բանով կախված կլինի այլ ուժերից:

Ամսվա երկրորդ տասնօրյակում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն այցելեց Թուրքիա: Այցի արդյունքներով ձևավորվեց միջպետական խորհրդակցությունների  սկզբունքորեն նոր մեխանիզմ` Բարձր մակարդակի համագործակցության խորհուրդ: Իսկ նախագահ Մեդվեդևը հայտարարեց. «Կարելի է համոզված պնդել, որ ռուս-թուրքական կապերը դուրս են գալիս լիածավալ ռազմավարական գործընկերության մակարդակ: Թուրքիան Ռուսաստանի համար նշանակալի գործընկերներից մեկն է տարածաշրջանային և ռազմավարական գործերում»: Ինչ վերաբերում է Մեդվեդևի այցի մյուս արդյունքներին (թուրք-հայկական հարաբերությունների, ղարաբաղյան կարգավորման շուրջ), ապա ստույգ տեղեկատվություն այդ մասին գրեթե չկա, սուղ կիսապաշտոնականից բացի: Հայտնի է միայն այն, որ այդ հարցերը քննարկվել են Անկարայում, և որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

Մեդվեդևի հետ հանդիպումից հետո Ռեջեփ Էրդողանը մեկնեց Բաքու: Թե ինչ է ասել ադրբեջանցի իր գործընկերոջը` հայտնի չէ, հայտնի է միայն, որ Իլհամ Ալիևը համարձակություն է հավաքել և հանդես եկել հերթական անհիմն հայտարարությամբ. «Եթե Հայաստանը դրական պատասխան տա ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկություններին, և այս հիման վրա սկսվի հայկական զինված կազմավորումների ելքը օկուպացված ադրբեջանական տարածքներից, ապա այդ դեպքում Ադրբեջանը կբացի Հայաստանի հետ բոլոր սահմանները, կբացվեն հաղորդակցությունները, և, այդպիսով, կարող են ապահովվել տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված լիածավալ միջոցառումներ»,- հայտարարել է հարևան երկրի նախագահը: Այսօրինակ հայտարարությունները, բնականաբար, չեն օժանդակում հիմնախնդրի կարգավորմանը, մնում է միայն կռահել, թե ինչու է նախանձելի կանոնավորությամբ ադրբեջանական առաջնորդը հնչեցնում անիրական մտքեր, և ինչու է դա նրան պետք:

Մայիսի 21-ին տհաճ լուր ստացվեց Եվրոպայից. Եվրախորհրդարանը հանկարծ վերցրեց ու պահանջեց, որ հայկական զորքերը դուրս բերվեն «օկուպացված» տարածքներից և որ Ղարաբաղին տրամադրվի միջանկյալ կարգավիճակ: ՀՀ ԱԳՆ ղեկավարը ստիպված էր անհամաձայնություն հայտնել Եվրախորհրդարանի բանաձևին: «Որոշ կետեր հակասում են նաև Եվրամիության բազմիցս արտահայտած դիրքորոշմանը: Իսկ Եվրամիության դիրքորոշումն արտահայտվել է 2009թ. դեկտեմբերին, Աթենքում, բավական ընդարձակ հայտարարությամբ, և այդ դիրքորոշումն ամբողջությամբ համահունչ է Հայաստանի մոտեցումներին»,- հայտարարեց նախարար Նալբանդյանը: Նույն օրը հայկական խորհրդարանի խոսնակ պ-ն Աբրահամյանը հետևյալ բովանդակությամբ ուղերձ հղեց Եվրախորհրդարանի նախագահին. «Բանաձևի վեց կետերից չորսում (6, 7, 8, 10), որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, կան ձևակերպումներ, որոնք հակասում են հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, ինչպես նաև ԵՄ և ԵԱՀԿ դիրքորոշումներին, որոնք մանրամասն արտացոլված են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համապատասխան հայտարարություններում` արված անցած տարվա դեկտեմբերին, Աթենքում, ինչպես նաև հենց իր` Եվրախորհրդարանի 1998թ. ընդունած բանաձևերում: Բանաձևի հեղինակը` Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր Եվգենի Կիրիլովը, երբեք կապ չի ունեցել հակամարտության կարգավորման խնդրի հետ և չի եղել տարածաշրջանում: Բանաձևը մշակելիս ևս նա անհրաժեշտ չի համարել խորհրդակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, մասնավորապես, ԵՄ մասնակից անդամ երկրի` Ֆրանսիայի ներկայացուցչի հետ, ինչն անթույլատրելի աղավաղումների պատճառ է դարձել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձևակերպումներում: Նման մոտեցումը լուրջ վնաս է հասցնում Եվրախորհրդարանի հեղինակությանը և կարող է լուրջ բացասական հետևանքներ ունենալ հակամարտության կարգավորման գործընթացի համար»: Բանաձևին հայկական պաշտոնական անձանց արձագանքները տեղին են, բայց անհանգստացնում է նման փաստաթղթի երևան գալու փաստն ինքը: Ինչպես էլ վերաբերվելու լինենք եվրոպական ներկայացուցչական կառույցներին, այնուամենայնիվ, պետք է հիշել, որ պատահական ոչինչ եվրապաշտոնյաների աշխատասենյակներից դուրս չի գալիս. հայ-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող յուրաքանչյուր փաստաթուղթ խոր պատճառներ ունի, որոնց վերլուծությունը պետք է դառնա հայրենական արտաքին քաղաքական գերատեսչության հոգսը:

Մի քանի խոսք ներքաղաքական իրադարձությունների մասին:

Երկրի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած մի շարք փոփոխությունները «Դատախազության մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքներում և ՀՀ Ընտրական օրենսգրքում: Մտադրություն կա սահմանափակել անձեռնմխելիության իրավունքը. դրանից զրկվում են պատգամավորների թեկնածուները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, մարզային ընտրական հանձնաժողովների անդամները, համայնքապետի և ավագանու թեկնածուները: Սա, հավանաբար, պատգամավորների իմունիտետի վերացմանն ուղղված առաջին քայլն է, ինչը խիստ գովելի է:

Ամսվա կեսին ընդդիմադիր թերթերից մեկը կրկին անդրադարձավ  երկրի երկրորդ և գործող նախագահների փոխհարաբերությունների խնդրին: Գրում էին, թե իբր պետության նախկին նախագահը որոշակի  անձանց  ներկայացրել է «իր կառավարության» ցանկը`  խնդրելով այն փոխանցել Սերժ Սարգսյանին: Ըստ թերթի վարկածի` Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանին առաջարկում էր նախագահի պաշտոնից հեռանալու երկու տարբերակ. կամ արտահերթ ընտրություններ անցկացնել` տեղը զիջելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, կամ հերթական ընտրությունների ճանապարհով, բայց մինչ այդ փոխելով կառավարության կազմը և վարչապետ նշանակելով Ռոբերտ Քոչարյանին: Regnum գործակալությունը պատասխանեց հայկական աղբյուրի նյութի հրապարակմամբ: Իսկ նախկին նախագահի օֆիսը ստիպված էր հանդես գալ հերքմամբ` հայտարարելով, որ տեղական թերթի տեղեկատվությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ` բացարձակ հիմարություն: Համենայնդեպս, Սարգսյան-Քոչարյան հարաբերությունների դրաման մոտենում է հանգուցալուծման: Եվ որքան էլ ջանան հասարակությունից թաքցնել ծածուկ կոնֆլիկտը, միևնույն է, կոնֆլիկտը ոչ մի տեղ չի փախչի. վաղ թե ուշ այն կհասնի տրամաբանական ավարտի` ախոյաններից մեկին թողնելով բավական անհարմար վիճակում: Կարծում եմ` Հայաստանի համար ավելի լավ կլիներ գործող նախագահի դիրքերի ամրապնդումը, սակայն ինքը` նախագահ Սարգսյանը պետք է զբաղվի իր դրության զորեղացմամբ: Առայժմ նա զբաղված է սպասելով, ինչը հազիվ թե օգտակար է նրա համար: Մի խոսքով` սպասենք հանգուցալուծմանը. քիչ է մնացել սպասելու:

Շիրակի մարզպետին փոխելով նախագահ Սարգսյանը նկատելիորեն ուժեղացրեց իր դիրքերը մարզում: Մինչև նորանշանակ գեներալ Աշոտ Գիզիրյանի նշանակումը մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր Լիդա Նանյանը: Վերջին մեկ-երկու տարվա ընթացքում այնպես էր պատահել, որ Շիրակում կենտրոնական իշխանությունը գործնականում զրկվել էր ազդեցությունից. Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո հաշտվեցին երկու անհաշտ հակառակորդներ` գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Գեներալ Մանվել Գրիգորյանը, գլխավորելով ռազմականացված «Երկրապահ» կազմակերպությունը, նույնպես թափ է հավաքում Շիրակում: Ծառուկյանի կուսակցություն մտավ Արթուր Բաղդասարյանի նախկին զինակից Սամվել Բալասանյանը` տարածաշրջանի հեղինակավոր քաղաքական գործիչներից մեկը, որը երեք անգամ պատգամավոր է ընտրվել մեծամասնական համակարգով: Մի խոսքով` Ռոբերտ Քոչարյանը, իր արբանյակների գլուխն անցած, գործնականում հսկողության տակ է վերցրել ողջ մարզը: Մարզպետին փոխելն այս առումով արդարացված էր: Բայց կհաջողվի± արդյոք գեներալ Գիզիրյանին իրավիճակը վերցնել սեփական հսկողության տակ և չեզոքացնել հնարավոր մրցակիցների ազդեցությունը: Ժամանակը ցույց կտա:

Մայիսի 20-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք ենթադրում են հեռուստատեսության և ռադիոյի անցում թվային հեռարձակման: Փոփոխությունները  թելադրված են Եվրամիության հանդեպ Հայաստանի ստանձնած պարտավորություններով, և հուլիսի 20-ին թվային հեռարձակման արտոնագրեր ստանալու մրցույթներ կանցկացվեն: Դա, իհարկե, ներքաղաքական իրավիճակի սրման կատալիզատոր կդառնա. հասկանալի է, որ մրցույթների արդյունքներից ոչ ոք գոհ չի լինի: Բողոքի նոր գործողություններ կլինեն, նոր դատավարություններ, շահարկումների նոր առիթներ:

Մայիսի 23-ին տեղի ունեցան Ղարաբաղի խորհրդարանի ընտրությունները: Դրանք հաջող անցան, միջազգային դիտորդները միահամուռ գոհ էին անցած ընտրարշավից, իսկ նրանցից մեկը` ՌԴ Պետդումայի  պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, նույնիսկ պերսոնա նոն-գրատա դարձավ Ադրբեջանում: Իհարկե, բնական է, որ մեծ տերություններն ու միջազգային կազմակերպությունները չէին ճանաչելու ընտրությունները: Սակայն նրանց հետաքրքրվածության փաստն ինքնին արդեն խոսում է այն մասին, որ դե-ֆակտո ղարաբաղյան ընտրությունները ճանաչվել են: Ինչ էլ որ ասեն Ռուսաստանի ԱԳՆ-ում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և խորհրդարանական ընտրությունների լեգիտիմ չլինելու մասին, միայն  իշխող կուսակցության հայտնի պատգամավորների մասնակցությունն արդեն այլ բան է վկայում...

Դե, իսկ մայիսի 24-ին տեղի ունեցավ մեկ այլ նշանակալի իրադարձություն. բացվեց Թատերական հրապարակի ավտոկայանատեղին: Իհարկե, ավտոկայանատեղին ինքնին, անգամ ստորգետնյա և բավական մեծ, պետական կարևորության գործ չէ: Սակայն դրան կարևորություն հաղորդեց նախագահ Սարգսյանի ներկայությունը բացման արարողությանը: Նախագահի՞ գործ է ավտոկայանատեղի բացելը, թե՞ ոչ` մենք չէ, որ պետք է որոշենք: Սակայն, կարծում եմ, պետության ղեկավարն, այնուամենայնիվ, չպետք է արժեզրկի իր կարգավիճակն այնպիսի միջոցառումների այցելելով, որոնք անգամ ամենամեծ ցանկության դեպքում  ոչ քաղաքական կանվանես, ոչ էլ մշակութային կամ համազգային: Իսկ ավտոկայանատեղին թող բացեր, ասենք, համայնքապետի տեղակալներից մեկի օգնականը, ոչ ավելին:

Կարճ` համարի բովանդակության մասին:

«Քաղաքականություն» խորագրում տեղ է գտել իմ «Կրթության հանդեպ վերաբերմունքի վերանայման անհրաժեշտության մասին. կրթությունը` քաղաքական հարց» հոդվածը: Դրանում վերլուծվում է իրավիճակը կրթության համակարգում, օտարալեզու դպրոցներ բացելու վերաբերյալ կառավարության վերջին նախաձեռնության համատեքստում: Կառավարության այս պոզիտիվ նախաձեռնությունը, ինչպես նաև այս երկրում մյուս բոլոր առողջ մտահղացումներն առաջ են բերել որոշակի քաղաքական շրջանակների և նրանց կողմից ուղղորդվող տգետ հասարակության տարակուսանքի փոթորիկը: Հոդվածում կարծիքներ են արտահայտվել հայրենական կրթության ներկայիս վիճակի մասին, ինչպես նաև նշված է կրթության հարցերի հանդեպ նոր մոտեցումների անհրաժեշտության վերաբերյալ. դրանք պետք է լինեն քաղաքական: Ժամանակները, երբ պետական իշխանությունը կրթության համակարգին վերաբերվում էր որպես երրորդ աստիճանի կարևորության հարցի, պետք է հետևում մնան, այլապես Հայաստանը վտանգում է զրկվել պետականությունից:

«Բանավեճ» խորագրում Լուսինե Կեսոյանը գրում է հայրենական հասարակությունում և քաղաքական կյանքում ֆայմի և դրա բացակայության մասին: Սարկազմով լի հոդվածը կոչվում է «Ֆայմի պակասը` որպես պետական քաղաքականության խնդիր»:

Ակադեմիկոս Ռուբեն Վարդանյանն Արիզոնայից «Գիտություն և կրթություն» խորագրում գրում է Միացյալ Նահանգներում գիտության կազմակերպման մասին: Հոդվածը կոչվում է «Մահափորձ մտախաբկանքի դեմ կամ անգործության անատոմիա» (կամ ինչպես են զբաղվում գիտությամբ ԱՄՆ-ում և կործանվող աշխարհի երկրներում)»: Նյութի համար հեղինակը հետգրություն է հավելել` նվիրված օտարալեզու դպրոցներ բացելու կառավարության նախաձեռնությանը, այնպես որ հետաքրքիր է ծանոթանալ լուրջ գիտնականի` հարցի վերաբերյալ ունեցած կարծիքին: 

«Մշակույթ և արվեստ» խորագրում այս անգամ հանդես է գալիս ուսանող Արթուր Վարդիկյանը, բավական օժտված երիտասարդ, որի հետ ծանոթությունը բերում է այն կարծիքին, որ Հայաստանում ամեն ինչ չէ, որ կորած է, քանի դեռ այսպիսի երիտասարդություն կա:  Արթուրը գրում է Օրսոն Ուելսի` արդի կինոարվեստի հիմնադիրներից մեկի, կինոյի հետագա զարգացման գործում ծրագրային չորս ֆիլմերից մեկի հեղինակի հոբելյանի առիթով: Մի խոսքով` բավական հետաքրքիր է ծանոթանալ ներկայիս հայ ուսանողության լավագույն ներկայացուցիչների մտքի ընթացքին:

«Պատմություն» խորագիրը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին: Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը «Մեծ հաղթանակի տարեդարձի առթիվ» հոդվածում պատմում է ֆաշիստական Գերմանիայի ջախջախման գործում հայերի ունեցած ավանդի մասին:       

«Մեջբերումներ դասականներից»-ում տպագրված են հատվածներ մարշալ Բաղրամյանի «Իմ հուշերը (Այսպես մենք հասանք հաղթանակի)» գրքից:

«Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում» խորագրում մենք հավաքել ենք մի քանի հետաքրքիր նյութ հայրենական և արտասահմանյան մամուլից: Խորհուրդ եմ տալիս հատուկ ուշադրություն դարձնել Արտաշես Գեղամյանի հոդվածին, որը նվիրված է կրթության և, մասնավորապես, Հայաստանում օտարալեզու դպրոցների բացման հարցին:

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am