Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Քաղաքականություն

Քաղաքականություն
Մայիս 2010, N 4

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ.

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑ

Արտյոմ Խաչատրյան, քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, «Ազգային գաղափարի» գլխավոր խմբագիր

Օրեցօր առավել ակնհայտ է դառնում հայկական իշխանության թուլությունը, և օրեցօր էլ ավելի է արտահայտվում երկրի բնակչության դժգոհությունն իշխանությունից: Մարդիկ` դաշնակները, հհշ-ականները, «այրենասերները», սակավաթիվ ինտելեկտուալները, բազմաթիվ աշխատավոր­ները և գյուղացիները դժգհ են իշխանությունից. ամեն ոք իր պարտքն է համարում նկատողություն հայտարարել նրան կամ հրաժարական պահանջել, քաղաքական դիվիդենդներ շահել կամ էլ պարզապես թքել ամեն ինչի վրա` համոզված լինելով, որ, միևնույն է, այս երկրում ոչինչ երբեք դեպի լավը չի փոխվի:

Սակայն այստեղ մենք մեծ մոլորության մեջ ենք ընկնում: Բնական է` Հայաստանում առողջ գրեթե ոչ մի ոլորտ չի պահպանվել, ամենուրեք լիակատար փլուզման ես հանդիպում: Բայց դա չի նշանակում, թե ամեն ինչի մեղավորը պետական իշխանությունն է: Ընդհակառակը, մեր պարագայում իշխանությունից գրեթե ոչինչ կախված չէ, և երկրում քաղաքացիների դժգոհությունն առաջացնող իրադարձություններն ամենևին էլ իշխանությունների գործունեության արդյունքը չեն, քանի որ Հայաստանի պետական իշխանությունից քիչ բան է կախված, լինի հայ-թուրքական մերձեցման գործընթացը, թե օտարալեզու դպրոցներ բացելու վերջին նախաձեռնությունը: Հայաստանի պետական իշխանությունից կախված է այն, ինչը չի առաջացնում հանրային դժգոհություն: Ասենք, իշխանությունը կարող է արմատապես վերադաստիարակել խոշոր բիզնեսը և օլիգարխաթը` ստիպելով նրանց հրաժարվել արատավոր և տնտեսության համար կործանարար երևույթից` գերշահույթից, օրենսդրական կարգավորում մտցնելով արտադրվող ապրանքների և ծառայությունների գնագոյացման համար: Պետությունն այսպիսով կարող է գործերը կարգավորել հինգ րոպեում` նախաձեռնելով կտրուկ տնտեսական աճ` այստեղից բխող բոլոր դրական հետևանքներով (ասենք, կառաջանա բնակարանների պահանջարկ, ինչն, իր հերթին, կդառնա շինանյութերի և նման այլ բաների արդյունաբերության զարգացման խթանիչը և շղթայական ռեակցիա կձևավորի), բայց չի անում դա` վախենալով արժանանալ համապատասխան շրջանակների կշտամբանքին: Չի անում, գուցե, նաև նրա համար, որ երկրում չկա գիտակցումն այն բանի, որ գերշահույթը` որպես երևույթ, կործանարար է, և չկա հասարակության պահանջը:    

Այսպիսով, իրավիճակը պարադոքսալ է նրանով, որ մենք հանրային դժգոհությունը չենք տեսնում այնտեղ, որտեղ այն պետք է լինի իրավամբ, բայց տեսնում ենք այնտեղ, որտեղ, ըստ էության, այն տեղին չէ, իսկ պահանջներն ուղղվում են ոչ ըստ հասցեի: Նման դեպքերից մեկը օտարալեզու դպրոցներ բացելու կառավարության նախաձեռնությունն է, ինչը ծայր աստիճան բորբոքել է կրքերը և հրահրել «ականավոր» հասարակական-քաղաքական ուժերին և գործիչներին աննախադեպ քանակության հիմար գաղափար­ներ և տեսակետ­ներ հնչեց­նել: Սույն հոդվածի թեման այս նախաձեռնությունն է: 

 

ՀԱՐՑԻ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Օտարալեզու դպրոցների ստեղծման (ավելի ճիշտ` վերստեղծման) պատմությունը սկիզբ է առնում հեռավոր` անցյալ դարի 90-ականներին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի «լիբերալ ռեֆորմատորները» շուկայական վերափոխումներ էին անցկացնում և գոյատևելու փող էին կորզում օտարերկրյա վարկային և պետական կազմակերպություններից (ԱՄՀ-ի, ՀԲ-ի և այլ կազմակերպությունների տիպի): Ըստ վարկային համաձայնագրերից մեկի` ռեֆորմատորները պարտավորվում էին ինչ-որ ժամկետում արևմտյան ստանդարտներին համապատասխանեցնել երկրի կրթական համակարգը: Տարիներ անցան, և երկիրը թևակոխեց «Բոլոնյան գործընթացի»1 դարաշրջանը: Այնուհետև հերթը հասավ միջնակարգ դպրոցին, և անցյալ տարի ամերիկյան դրամաշնորհի հաշվին ($25 մլն) կրթության և գիտության նախարարությունը գործնականում կազմալուծեց Լունաչարսկու փայլուն համակարգը` ներդնելով միջին և ավագ դպրոցների կեղծ-ամերիկյան նմանակը: Խորհրդային անցյալից միայն հուշեր մնացին...

Հասկանալի է, դպրոցական ռեֆորմը հեռու է ավարտված լինելուց և առայժմ իրագործման փուլում է գտնվում, սակայն այսօր կարելի է համոզված ասել, որ դա հայկական կրթության կործանումն է (ստորև հանգամանալիորեն կխոսենք դրա մասին), որին համաձայնել է երկրի ղեկավարությունը, քանի որ հնարավոր չէր հրաժարվել նախկին համաձայնագրերից, էլ չենք խոսում արդեն (դպրոցական համակարգը վերակառուցելու) ամերիկացիների «խնդրանքի» մասին: 

Սակայն ոչ սուվերեն պետությունն աչքի է ընկնում նրանով, որ կատարում է ոչ թե մեկ կենտրոնի, այլ բոլորի հրամաններն ու ցանկությունները: Լինելով ռուսական ազդեցության գոտում` Հայաստանը չի կարող հրաժարվել ռուսական կողմի հանձնարարականներից, հատկապես այսօր, երբ Ռուսաստանի ղեկավարությունը վերանայել է տնտեսական օգնություն ցուցաբերելու և քաղաքական հովանավորության ռազմավարությունն ու մարտավարությունը: Այսպես, Ռուսաստանում, մասնավորապես, որոշել են այսուհետ հումանիտար վերադարձելիություն պահանջել քաղաքական-տնտեսական աջակցության դիմաց. եթե մինչ այդ վարկ էին տալիս (անգամ չհարցնելով` պատրաստվո՞ւմ են արդյոք վերադարձնել այն) կամ էժան էներգակիրներ, ապա այսօր պահանջում են ոչ միայն կոպեկ-կոպեկ վճարել,  այլև յուրաքանչյուր դոլարը կապում են մի ինչ-որ ծրագրի հետ: Հայաստանի ղեկավարությունը գնալու տեղ չուներ և ստիպված դիմեց հուսահատ քայլի. դաշնակներով և կիսահեթանոսական, մինչջրհեղեղյան ամեն տեսակ տարրերով լեցուն երկրում թույլատրեցին միջնակարգ կրթություն ռուսերեն լեզվով:

Ձևականորեն այս նախաձեռնությունը հնչում է որպես օտարալեզու դպրոցներ բացելու թույլտվություն, բայց, ինչպես ռուսներն են ասում, ոզնուն անգամ պարզ է, որ այսօրվա դրությամբ Հայաստանում դպրոցական կրթություն կազմակերպել անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն լեզուներով բնավ իրական չէ: Հասկանալի է, դաշնակները, հեթանոսները և կիսահեթանոսները, «պատրիոտները» և «նացիոնալիստները» նկատելիորեն տարբերվում են ոզնուց (լավ իմաստով) և անմիջապես գլխի ընկան, թե ինչ է կատարվում իրականում: Եվ զինվեցին ռուսերենի, ավելի ճիշտ` ռուսերենով կրթության դեմ: Հատկանշական է, որ ամերիկյան նախագծի դեմ նրանցից ոչ ոք չառարկեց (թե որն է պատճառը` վեհերոտությունը, վախն ամերիկացիներից, թե մեկ ուրիշ բան, դժվար է ասել):

Եվ այսպես, այսօր երկրում նոր կրքեր են եռում, այս անգամ` օտար լեզուների շուրջ: Հակիրճ դիտարկենք հարցի էությունը, պահանջները դրանից և բնութագրենք դրանք։

Անշուշտ, իրեն հարգող պետությունում կրթությունը պետք է լինի բացառապես պետական (կամ պաշտոնական) լեզվով: Խոսքը հենց պետական կրթության մասին է, որը վճարվում է պետական բյուջեից: Օտար լեզուներով կրթությունը, ըստ էության, չպետք է դառնա պետության, առավել ևս` հանրության հոգսը, եթե այն դրված է շուկայական ռելսերի վրա: Այսպես, Միացյալ Նահանգներում գոյություն ունեն հազարավոր օտարալեզու դպրոցներ (այդ թվում հայալեզու): Պետությունը ոչ միայն չի խոչընդոտում նրանց, այլև խրախուսում է` հետևելով մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին (մասնավորապես, այն, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ինքն ընտրելու ուսուցման լեզուն): Նույն պատկերն ենք տեսնում Եվրոպայում, աշխարհի այլ քաղաքակիրթ անկյուններում:

Կարևոր ծանոթագրություն. «ՀՀ լեզվի մասին օրենքի» փոփոխությունների նախագիծը չի նախատեսում երկրում պետական օտարալեզու դպրոցների ստեղծում, այլ ընդամենը թույլ է տալիս դրանք բացել մասնավոր հիմունքներով, ընդ որում` հստակ ամրագրում է դրանց թվաքանակը (երկրի հանրակրթական դպրոցների 1%-ը, այսինքն` ոչ ավելի, քան 14-15-ը): Հետևաբար, անգամ խիստ ցանկության դեպքում մենք չենք կարողանա գտնել որևէ բան, որը խոցում է մեր ազգային արժանապատվությունը, ազգային լեզուն և այլն: Մենք տեսնում ենք միայն օրենսդրության լիբերալացում` բոլորի կողմից ընդունված ստանդարտներին մոտենալու մտադրությամբ:

Սակայն կառավարության միանգամայն անմեղ նախաձեռնությունը վայրի կրքեր բորբոքեց: Դաշնակներին ու հեթանոսներին, կիսահեթանոսներին ու նախագահ Սարգսյանի ռեժիմի գրեթե  բոլոր ընդդիմախոսներին, մեղմ ասած` միջակ գրողներին, որոնց ղեկավարում է Լևոն Անանյանը` արդի հայ գրականության Լև Տոլստոյը, երկրում օտարալեզու դպրոցների գործունեությունը մահացու վտանգ թվաց: Այն, որ քաղաքացիների այս կարգից որևէ նորմալ բան սպասելու կարիք չկա, վաղուց արդեն հայտնի է: Բայց այն, որ իռացիոնալ բողոքներին միացել են նաև նորմալ մարդիկ, արդեն տխրեցնում է:

Խոսքը, մասնավորապես, երկրի առաջին վարչապետ, ներկայում` Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի մասին է: Մանուկյանն իր գլխավորած կառույցի հետ մեկտեղ կտրականապես դեմ է կառավարական օրինագծին` դա պատճառաբանելով նրանով, որ օտար լեզվով ուսուցումն իբր «երկատում է անձը», վնաս հասցնում անձի ազգային տարրերին և այլն, և այլն: Սրան, իհարկե, չի կարելի համաձայնել: Պ-ն Մանուկյանին հուշենք, որ, եթե այսօր նա խիստ առանձնանում է Հայաստանի «քաղաքական գործիչների» գորշ մասսայից, ապա դա (այդ թվում և) իր ստացած ռուսական կրթության շնորհքն է, շնորհքն այն բանի, որ իբրև մտավորական և քաղաքացի նա ձևավորվել է ՄՊՀ պատերի ներսում, այլ ոչ թե Արամ Սիմոնյանի և Գագիկ Ղազինյանի ղեկավարած ԵՊՀ-ում: Այս առնչությամբ դիտարկենք կրթության և լեզվի որոշ ասպեկտներ:     

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼԵԶՎԻ ԴԵՐԸ ԴՐԱՆՈՒՄ

Կրթությունը մարդու կողմից համակարգված գիտելիքների, ունակությունների և հմտությունների յուրացման արդյունք է, կյանքին և աշխատանքին մարդու պատրաստման, միջանձնային և միջհասարակական հարաբերություններում դրսևորվող վարքագծի, հանրային կյանքին մասնակցության անհրաժեշտ պայման: Կրթություն ստանալու միակ ճանապարհը ուսուցումն է: Դժվար թե որևէ մեկը վիճարկի հանրագիտարանային այս սահմանումը: Անվիճելի է նաև այն, որ կրթության որակը 95%-ով կախված է այն լեզվից, ո­րով այն վարվում է, բայց այս ճշմարտության ընկալումը Հայաստանում իսպառ բացակայում է: Համառոտ բացենք փակագծերը:

Բանն այն է, որ լավ կրթությունը ենթադրում է մարդկային մտքի բոլոր առաջադեմ նվաճումների ուսումնասիրում և համընդգրկուն ծանոթություն, Պլատոնից մինչև Արիստոտել և Էյնշտեյն և մեր օրերի ականավոր մտածողները: Այսօրվա դրությամբ համաշխարհային գիտաուսումնական գրականությունը (հարաբերականորեն) ամբողջական ծավալով հասանելի է հետևյալ լեզուներով. անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, իտալերեն, իսպաներեն, ինչպես նաև (մասամբ) չինարեն, արաբերեն, հոլանդերեն, շվեդերեն, պորտուգալերեն: Ինչպես տեսնում ենք, հայերենն այս ցանկում չկա, հետևաբար` համաշխարհային գիտական մտքի նվաճումներին ծանոթանալու համար հայերը պետք է օգտվեն այլ լեզուներից, այլապես ընդմիշտ կզրկվեն լուրջ կրթության և լիարժեք զարգացման հնարավորությունից, ինչի հետևանքը կլինի այն, որ կգլորվենք դեպի հետ, միջնադարի խորքերը:  

Խորհրդային շրջանում կրթությունը Հայկական ԽՍՀ-ում հիմնականում տարվում էր ռուսերենով (ավելի ճիշտ` հենվում էր ռուսերենի վրա), ռուսալեզու մասնագետների, գրականության, ուսումնական ձեռնարկների պակաս չկար: Միևնույն ժամանակ, հայ երիտասարդության համար բաց էին ԽՍՀ Միության առաջավոր բոլոր ուսումնական հաստատությունների դռները: Դա, բնականաբար, դարձավ հանրապետության գիտատեխնիկական, նրա բնակչության հումանիտար և մշակութային ընդհանուր մակարդակի աննախադեպ զարգացման խթան, քանի որ ռուսերենը հայերի համար, ըստ էության, ուղեկցորդ էր դեպի մարդկային մտքի գիտելիքների օվկիանոսը, և դրանք ավելի քան հասանելի էին հայությանը: Անկախության ձեռքբերման սկզբում ռուսական միջնակարգ դպրոցները Հայաստանում փակվեցին, միջնակարգ կրթությունը փոխվեց հայերենի: Սկսվեց մարդկային մտքի գանձարանից և ունիվերսալ առաջընթացից Հայաստանի քաղաքացիների հեռացման երկարատև գործընթացը:

Փաստորեն, չկա ինքն իր մեջ ներփակվելու և գիտելիքներ ստանալուց ինքնակամ հրաժարվելու (լեզվական արգելապատնեշի հետևանքով) վտանգի ընկալումը: Հայաստանի «պատրիոտները», որոնք խոսում են այն մասին, որ մեծ տարբերություն կա Թումանյանի և Պուշկինի հեքիաթներով մեծացած երեխաների միջև, չեն ուզում և ի վիճակի չեն խոր մտածել: Մասնավորապես, չեն տեսնում այսօրվա աղետալի հակագիտական և հակաուսումնական դրությունը բուհերում, երբ դասախոսն ուսանողներին Կանտ կամ Բրոդել է կարդում` ղեկավարվելով իր պրոֆեսորի կարդացած դասախոսությունների կոնսպեկտներով, քանի որ ի վիճակի չէ ծանոթանալ նրանց աշխատություններին գերմաներեն և ֆրանսերեն չիմանալու պատճառով, և ռուսերեն, որով կան այդ հեղինակների ակադեմիական թարգմանությունները: 10 տարի անց դրությունն արդեն երգիծական կլինի, և ԵՊՀ-ում կկարդացվեն մի քանի սերունդ առաջվա արտագրած դասախոսություններ, իսկ նման ճանապարհով ստացված աղավաղված գիտելիքները, բնականաբար, կարելի է անվանել ինչ ասես, միայն թե ոչ գիտելիք: Իսկ ինչ վերաբերում է երեխաներին, որոնք մեծացել են Թումանյանի և Պուշկինի հեքիաթներով, ապա այս առնչությամբ կարելի է ասել, որ, նախ, այս բանաստեղծներից մեկին իմանալը ոչ մի կերպ չի խանգարում մյուսին ուսումնասիրելուն: Երկրորդ, օտար գլուխգործոցների ուսումնասիրությունը միայն հարստացնում է մարդու անձը և դուրս բերում նրան ազգային լեզվի ու մշակույթի փակ տարածությունից` դրանով իսկ նպաստելով այն մեծ աշխարհի բացահայտմանը, որը գտնվում է հայկական լեռներից այն կողմ: Եր­րորդ, եթե արդեն իսկապես Պուշկին և նրա նմաններին իմանալն ու ուսումնասիրելը վնաս է հասցնում հայությանը, ապա սա արդեն լուրջ ախտորոշում է, որը, հուսանք, չի հաստատվի:

Այսպիսով, լեզվական խնդիրը Հայաստանի ազգային կրթությունը կանգնեցրել է աղետի եզրին, որն արտահայտվում է քաղաքակիրթ աշխարհից կտրվելով և անցյալի գիրկը գլորվելով: Սա բնական գործընթաց է, և այլ արդյունք սպասել չէր կարելի: Հետևաբար, հայրենասիրության իսկական դրսևորում պետք էր համարել պայքարը`

1. նախկին ծավալով ռուսերենը որպես տարանցիկ լեզու վերականգնելու համար` համաշխարհային գիտական գրականության հասանելիության նպատակով,

2. գլոբալ լուսավորչական կամպանիա  նախաձեռնելու համար` Մաշտոցի օրինակով, որը ժամանակին իրականացրեց անտիկ մտքի ողջ գանձարանի հայերեն թարգմանությունը:            

Բնականաբար, երկրորդ ուղին այսօրվա դրությամբ ռեալ չէ: Սա մեկ տասնամյակի աշխատանք չէ և հսկայական ծախսեր ու ինտելեկտուալ ռեսուրսներ կպահանջի: Ոչ մեկը, ոչ մյուսը Հայաստանում չկա, չկա նաև գլխավորը` այս կամպանիան սկսելու քաղաքական կամքը: Իսկ ինչ վերաբերում է առաջինին, ապա այս առնչությամբ մի քանի նկատառում հայտնեմ:

Երբ երկրի քաղաքական ղեկավարությունը նախաձեռնում է պոզիտիվ ծրագրեր, որոնք կարող են նպաստել գլոբալ զարգացմանը, հասարակության մեջ անմիջապես կոշտ դիմակայություն է սկսվում դրանց նկատմամբ: Ընդ որում` պայքարն ընթանում է բոլոր ճակատներով, որում ընդգրկվում են նույնիսկ պատկառելի, լուրջ մարդիկ: Վերջին տարվա ընթացքում մենք ականատեսն ենք դարձել օգտակար նախաձեռնություններին դիմակայության հասարակական երկու կամպանիայի (հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և «ՀՀ լեզվի մասին օրենքի» փոփոխությունների գծով): Հասկանալի է, մեծ հաջողությունների հասնել կրթության համակարգում չի ստացվի, բայց, այնուամենայնիվ, դա գոնե ինչ-որ բան կբերի, ինչ-որ ավանդ կներդնի ազգային կրթության փրկության գործում: Ուշադրություն դարձնենք, որ օրինագիծը ներկայացնելով` կառավարությունն ամենևին էլ այն չի բնութագրել ռուսերենի` իբրև տրանզիտ լեզվի, վերականգնման միջոց, բնավ չի ուրվագծել երկրի կրթական համակարգի ողբերգական իրավիճակը, որը հետևանք է (ի թիվս այլ բաների) նրա, որ ռուսերենը դուրս նետվեց երկրի կրթական հարթությունից: Կառավարությունն ընդամենը սահմանափակվել է ընդդիմախոսների ամբոխահաճ փաստարկների դեմ անզոր մի երկու ծամծմված արտահայտություններով: Դե, Տիգրան Սարգսյանի կաբինետից ով և ինչ կարող է ասել, մեղմ ասած, «բարձրինտելեկտուալ» ախմախներին` ի պատասխան այսպիսի անհեթեթության. «Գնացեք Եռաբլուր: Այնտեղ են թաղված մեզնից լավագույնները: Գուցե նրանցից շատերն ավելի քիչ գիտեին, քան մենք, գուցե նրանց ռուսերենը մի փոքր կաղում էր, և անգլերեն էլ նրանք չգիտեին: Բայց նրանք հայ էին: Նրանք հայ էին, որովհետև հայերեն էին մտածում: Լեզուն, առաջին հերթին, մտածողություն է և հետո միայն խոսք: Կարդացեք հարյուր պատահական անուն Եռաբլուրի գերեզմաններին և ստուգեք, թե նրանցից քանիսն ունեին հայկական կրթություն, և քանիսը` օտարալեզու: Թվերը չեն ստում: Ես ամաչում եմ, որ պետք է գրեմ նման տարրական բաների մասին: Կարդացեք Լյուդվիգ Վիտգենշտեյնի աշխատությունները` նվիրված լեզվի փիլիսոփայությանը, և ամեն ինչ պարզ կդառնա: Մի՞թե առանց Վիտգենշտեյնի էլ հասկանալի չէ, որ հայկական «հացը» և ռուսական «хлеб»-ը նույն առարկայական նշանակությունն ունեն, բայց տարբեր կոնցեպտներ են ներկայացնում: Մի՞թե պարզ չէ, որ հայ երեխան, որը մեծացել է Պուշկինի հեքիաթներով, և այն երեխան, ո­րը մեծացել է Թումանյանի հեքիաթներով, տարբեր հայեր են»2: Այս տողերի հեղինակ` փիլիսոփայության լեզվի գիտակն արդեն նացիստական բարբաջանք է դուրս տալիս: Կարելի է առարկել նրան` հիշեցնելով միայն, որ հայոց պետականությունը կործանողների` պատերազմի «հերոսների» և կիսապաշտոնական ռազմականացված ավազակախմբերի լիդերների (Մ.Գրիգորյանի, Ս.Սարոյանի, Հ.Հակոբյանի և այլոց տիպի) մեջ չկար մեկը, որը ռուսական կրթություն ունենար, քանի որ ռուսական կրթությունը եվրոպականացնում է մարդուն և նրան կարողանում է հասկացնել, որ սեփական բանտերի, համաքաղաքացիների հանդեպ բռնության կամ նրանց գույքի հափշտակման մեջ չէ կյանքի հմայքը: Դժվար է պատկերացնել ռուսական կրթություն ստացած Վազգեն Մանուկյանին ենթակայի ականջը կծել-պոկելիս կամ սեփական բանտում համագյուղացուն բանտարկելիս, այնինչ միանգամայն իրականորեն այս գործընթացներում կարող ես պատկերացնել Հայաստանի Գրողների միության անդամներ Վանո Սիրադեղյանին, Վազգեն Սարգսյանին և շատ շատերին, որոնք հայկական կրթություն են ստացել հայրենի գյուղերում (ռուսական դպրոցներ չլինելու պատճառով):

Կառավարությունն անզոր է ընդդիմախոսների դեմագոգիայի, նրանց լկտի տգիտության դեմ, թեև նրանց ջախջախումն առանձնահատուկ ջանքեր չէր պահանջի: Դրա համար անհրաժեշտ են միայն վճռականություն, սկզբունքայնություն, ճշմարտությունից չվախենալու ունակություն, որոնք, ցավոք, հայկական ղեկավարությունն ունենալ չի կարող: Համոզված եմ. իշխանությունից ոչ մեկը չի համարձակվի հրապարակավ հայտարարել, որ Թումանյանի և Պուշկինի հեքիաթներով մեծացած երեխաներն անհամեմատ ավելի լավ քաղաքացի են մեծանում (բոլոր առումներով), քան նրանք, ովքեր միայն Թումանյանով են մեծանում, քանի որ կառավարությանը (նրա անդամների կարծիքով) կարող են մեղադրել «վատ հայ» լինելու, «ազգային ինքնությունից» հրաժարվելու և այլ մահացու մեղքերի մեջ: Դրա համար էլ կառավարության ղեկավարը, որին հիմար, որքան էլ ցանկանաս, չես անվանի, ԵՊՀ հոբելյանին ստիպված արտաբերեց բառեր, որոնցից, հավանաբար, ինքն էլ վատ զգաց. դե, չի կարող Տիգրան Սարգսյանն իր ելույթում չասել, որ «ԵՊՀ-ն շուտով կդառնա աշխարհի լավագույն համալսարաններից մեկը» (կամ նման մի բան): Իսկ իրականությունը, որը տեսնում է նաև Տիգրան Սարգսյանը, այն է, որ ԵՊՀ-ն շուտով մտնելու է վերջնական կործանման փուլ, և դրա համար համալսարանն անհրաժեշտ բոլոր նախադրյալներն ունի. ռեկտոր, որը կտապալի ցանկացած գործ, պրոռեկտորներ և դեկաններ, որոնք տեղ չպետք է ունենան կրթական համակարգում և, ամենագլխավորը, երկրի ղեկավարություն, որը կտրականապես դեմ է արմատական միջոցառումների կիրառմանը և նախընտրում է ընթանալ «չափավոր» քայլերով: 

Սերժ Սարգսյանի վարչակազմը շռնդալից պարտվեց առաջին գաղափարախոսական պատերազմում` լինելով 100%-ով ճշմարիտ կարծիքի կրող: Անշուշտ, կպարտվի նաև երկրորդում` վերը նշված պատճառների հետևանքով:

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆ ԱՅՍՕՐ

Թե ինչ է այն, բոլորը գիտեն: Կոռուպցիա, անգրագետ (մեծ մասամբ) ուսուցիչներ, որոնք կրթություն են ստացել դժվարին 90-ականներին, գիտելիքի համընդհանուր քամահրանք, կարգուկանոնի և դպրոցական մշակույթի բացակայություն: Բարձր դասարանները դատարկ են. ապագա շրջանավարտներն «ուսանում» են երեք առարկա կրկնուսույցների մոտ (բուհ ընդունվելու համար), մնացածի վրա նրանք, ինչպես և ողջ հասարակությունը, թքած ունեն: Նման վերաբերմունքն ուսման հանդեպ, բնականաբար, փող արժե, որը լիքն է երկրի դպրոցական համակարգում: Երբ «բարձրինտելեկտուալ» ախմախներն ասում են, թե դպրոցն այն տեղն է, որտեղ «հայ են դառնում», որտեղ «դաստիարակվում է հայ ոգին», դրա համար էլ դրանք պետք է բացառապես հայկական լինեն, ապա թող բարեհաճեն այցելել երևանյան ցանկացած դպրոց և տեսնեն, թե ինչ է կատարվում այնտեղ: Իսկ այնտեղ կատարվում է այն, որ «հայության» փոխարեն դեռահասները տարված են «գողականի» այբուբենով, գիտելիքի հանդեպ սիրո փոխարեն արհամարհում են այն, քանի որ այսօր ազգային էլիտայից ոչ մեկը չի փայլում դրանով: Եթե սա է ազգի կամ «հայ ազգային ոգու» «դաստիարակությունը», ապա, պարդոն, Հայաստանը դատապարտված է, այդ թվում նաև այն պատճառով, որ նրա ապագան հոգում են վերոնշյալ «բարձրինտելեկտուալ» ախմախները:       

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ ՎԱՂԸ

Ըստ էության, այնտեղ ոչինչ չի փոխվի,  գուցե  միայն  ողջ  համակարգը,  առանց  վերականգնման հնարավորության, այլանդակվի:  Նոր` ամերիկյանի տիպի եռաստիճան համակարգն արդեն արատավոր է: Թեկուզև նրանով, որ ուսումնական ծրագրերում իսպառ բացակայում է երկու հիմնարար բան. գիտելիքների հաջորդակայնությունը և միջառարկայական կապը: Հակիրճ հիշեցնենք, որ միջառարկայական կապն անհրաժեշտ պայման է կրթության որակի համար, որը երաշխավորում է դեռահասների կողմից գիտելիքների յուրացման հնարավորությունը3: Խորհրդային ժամանակներում այս խնդրով զբաղվում էին լուրջ ինստիտուտներ և ոչ պակաս լուրջ մասնագետներ: Բնականաբար, ոչ մեկը, ոչ մյուսը Հայաստանն այսօր չունի, կա միայն այն, ինչը տխուր խորհրդածությունների է մղում (ասենք, Գիտությունների ակադեմիայի  Պատմության ինստիտուտը): Ինչ վերաբերում է գիտելիքների հաջորդակայնությանը, ապա այս գործում ևս ձախողում է նկատվում, և նոր ուսումնական ծրագրերի վերլուծությունը ոչ մեկին այլ եզրահանգման չի բերի: Ավելի լավ կլիներ, եթե այս մասին գրեին պրոֆեսիոնալ մանկավարժները, մանրամասն առարկայական վերլուծությամբ, և վերլուծական նյութերն ուղարկեին երկրի նախագահին: Սակայն հրաշքով մնացած պրոֆեսիոնալները նախաձեռնողականությամբ աչքի չեն ընկնում, խուսափում են պրոֆեսիոնալ բանավեճերից. հավանաբար համոզված են, որ տգիտության դեմ պայքարելը ՀՀ-ում անհնար է և չի կարելի առանց ռիսկի վտանգի ենթարկել կարիերան և աշխատանքը: 

 

ՀԱՅ ՇՐՋԱՆԱՎԱՐ­ՏԸ

20 ՏԱՐԻ ԱՆՑ

Այսօր կարելի է համոզմունք հայտնել, որ իրավիճակը կրթական համակարգում դեպի լավը չի փոխվի, քանի որ դրանով իսկ կխախտվի ներկայիս կառավարության քաղաքականության վերոնշյալ գլխավոր սկզբունքը. ոչ մի արմատական փոփոխություն, առաջ շարժվել բացառապես չափավոր մեթոդներով: Հասկանալի է, սա նշանակում է քաղաքակրթական աղետ: 10 տարվա ընթացքում դաշնակներն այն աստիճան այլանդակեցին կրթական համակարգը, որ այսօր նորմալ ուսանողի, որը մտածել գիտե և տարբերում է Գագարինին վան Գոգից, հազվադեպ կհանդիպես4: 20 տարի հետո մենք գործ կունենանք, մեղմ ասած, «ուռոդների» հետ: Սա չափազանցություն չէ, այլ իրականություն, ո­րի ստեղծմանն օժանդակում է նաև հայ ծնողի տեսակը (օրինակ, հայերն աշխարհում միակ ազգն են, որ փող են վճարում այն բանի համար, որ երեխան չսովորի, ավելի ճիշտ` ստանա ոչ թե գիտելիք, այլ դիպլոմ):  

 

ԿԱ՞, ԱՐԴՅՈՔ, ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ԱՊԱՔԻՆԵԼՈՒ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

ԱՌԱՆՑ ՀԻՄՆԱՐԱՐ, ԱՐՄԱՏԱԿԱՆ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

Կարծում  եմ` մեկ երկրի առանձին վերցրած  մեկ ոլորտում սկզբունքորեն անհնար է հեղափոխություն կատարել: Անհրաժեշտ են նոր մոտեցումներ երկրի ապագայի հանդեպ, ինչպես նաև գիտակցել, որ կրթությունն ազգային անվտանգության առաջին գրավականն է: Քանի որ «ուռոդների» սերունդը, որը մեզ կփոխարինի 20 տարի հետո, անզոր կլինի ոչ թե միայն Ղարաբաղը, այլ նաև Հայաստանը պահելու: Սա, մեր կարծիքով, անվիճելի է, բայց առայժմ չի ընդունվում երկրի քաղաքական էլիտայի կողմից:

Կարծում  եմ` կրթության հիմնախնդիրը պետք է դառնա երկրի քաղաքական ղեկավարության թիվ 1 հոգածությունը: Պաշտպանությունը, ներքին և արտաքին գործերը, ազգային անվտանգությունը պետք է հաջորդեն նրան: Սակայն 1998-ից առայսօր մենք տեսնում ենք չափազանց անփույթ վերաբերմունք կրթության հանդեպ: Ռոբերտ Քոչարյանը կրթության և գիտության ոլորտը հանձնեց դաշնակցականներին, և այլասերվածությունն այնտեղ սուբստանց դարձավ: Հատկանշական է, որ երկրորդ նախագահը երբեք չէր համաձայնի որևէ մեկի, ով էլ լիներ, վերահսկողությանը հանձնել, ասենք, հարկային ոլորտը կամ մաքսատունը: Սակայն կրթության ոլորտը նրան նշանակալի, առանցքային չէր թվում, դրա համար էլ այդ ժամանակվանից սկսած` վերածվեց քաղաքական սակարկության առարկայի: Թե որքան կսակարկեն, հայտնի չէ, հայտնի է միայն այն, թե ինչի կարող են հանգեցնել այդ սակարկությունները:     

Մի խոսքով, անհրաժեշտ են հիմնարար փոփոխություններ` առկա և երկրին սպառնացող հիմնախնդիրների գիտակցմամբ: Ամենագլխավորն այն է, որ ոչ մի դեպքում չի կարելի տրվել դեմագոգների շանտաժին, որոնք ապստամբել են վերջին 10 տարիներին կրթության ոլորտում միակ օգտակար կառավարական նախաձեռնության դեմ: 

 

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

Այսօրվա դրությամբ իմ միակ մտահոգությունն այն է, որ դաշնակները և հակազգային մյուս տարրերը, որոնք ապստամբում են իշխանությունների յուրաքանչյուր պոզիտիվ նախաձեռնության դեմ, չկարողանան կործանել ղարաբաղյան կարգավորումը հայկական կողմի համար միակ ընդունելի տարբերակով: Բանն այն է, որ ներկա գործընթացի վերջնակետն անխուսափելիորեն կդառնա Ղարաբաղի ճանաչումը համաշխարհային հանրության կողմից (անկախ կամ Հայաստանի կազմում)` մնացյալ տարածքների վերադարձնելու դիմաց: Այս մասին արդեն բացահայտ խոսում են Ռուսաստանի պաշտոնական դեմքերը (պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, նման գաղափարներ հնչեցնելով, իհարկե, արդարանում է, ասելով, որ արտահայտում է սեփական տեսակետը, սակայն նման մակարդակի անձանց կարծիքները, հատկապես իշխող կուսակցությունից, չեն կարող զուտ անձնական լինել. դրանք նույն չափով նաև, այսպես ասենք, կիսապաշտոնական են), շուտով կխոսեն Ֆրանսիայի և ԱՄՆ սենատորները: Անշուշտ, բազմամյա հակամարտության նման ելքը հայության համար հաղթանակ կլիներ, որը, սակայն, անպայման կբոյկոտեն վերոնշյալ հակազգային քաղաքական կատեգորիաները: Իսկ որ նրանք կարող են փչացնել գործընթացը, կասկածից վեր է: Այս հարցում իռացիոնալ է տրամադրված նաև Ղարաբաղի բնակչությունը: Այնտեղ կան մարդիկ (ղեկավարության մեջ), որոնք ասում են մոտավորապես հետևյալը. «Սերժ Սարգսյանը մեզ համար հայր է, մայր, եղբայր, քույր, մի խոսքով` ամեն ինչ, բայց եթե փորձի վերադարձնել թեկուզ ինչ-որ բան, ապա մենք նրան թույլ չենք տա»: Եվ այս պայմաններում Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ստիպված կլինի առավելագույն ջանքեր գործադրել բոլոր ճակատներում` ընդդիմախոսներին վնասազերծելու և հանրության մեջ ազդեցության հնարավորությունից նրանց զրկելու համար: Թե որքանով դա կհաջողվի Սերժ Սարգսյանի վարչակազմին` ցույց կտա ժամանակը: Մեզնից պահանջվում էր ընդամենը նշել հիմնախնդրի հրատապությունը և նրա վտանգավորության աստիճանը երկրի համար...

 

1 Այսօր չի կարելի միանշանակ խոսել Բոլոնյան գործընթացի հետևանքների մասին: Անշուշտ, կրեդիտա-վարկանիշային համակարգը բավական պոզիտիվ բան է բարձրագույն  կրթության մեջ. այն ժամանակ մեզ թվում էր, թե դա կօգնի հաղթահարել կրթական գործընթացի կոռումպացվածությունը: Սակայն պարզվեց, որ հայերը գտել են անհուսալի թվացող բոլոր ելքերն ու մուտքերը. կոռուպցիան բուհերում ավելի շատացավ, ավելին` կտրուկ բարձրացան պրոֆեսորադասախոսական կազմի «ծառայությունների» սակագները: Մի խոսքով, չի կարելի խոսել կրեդիտա-վարկանիշային համակարգի օգուտի մասին, այնպես, ինչպես չի կարելի խոսել նաև նրա վնասի մասին: Սակայն մի շարք դեպքերում Բոլոնյան գործընթացի պահանջները զարմանք են առաջացնում. օրինակ, ոչ ոք այդպես էլ չհասկացավ, թե ինչ է նշանակում մագիստրոսը կոնսերվատորիայում (ասենք, ջութակահարը կամ դաշնակահարը), բռնցքամարտի կամ հունա-հռոմեական ըմբշամարտի մագիստրոսը (ֆիզկուլտուրայի ինստիտուտում): Մի խոսքով` Բոլոնյան համակարգից կարելի էր շատ օգուտ ստանալ, բայց չարեցին (համենայնդեպս` պետք եղած չափով), սակայն մեծ վնաս ստացան, որից կարելի էր խուսափել, եթե մեկնումեկը գլխի ընկներ բանակցությունների և համաձայնագրեր ստորագրելու ժամանակ վերապահում անել որոշ սպեցիֆիկ պահերի շուրջ:   

2 http://www.regnum.ru/news/1285858.html

3 Օրինակ, եթե պատմությունից անցնում են 1905-07թթ. ռուսական հեղափոխությունը, ապա ռուս գրականության ծրագրերը պետք է ներառեն այս շրջանի հեղինակներին, այսինքն` դպրոցականը չի յուրացնի նյութը, եթե ռուսական հեղափոխության հետ միաժամանակ ռուս գրականությունից չուսումնասիրի, ասենք, «Ասք Իգորի գնդի մասին»-ը. այսպիսի կապ պետք է լինի ֆիզիկա և քիմիա, մաթեմատիկա և երկրաչափություն անցնելիս և այլն:

4 Ռուս-հայկական համալսարանում աշխատելու ժամանակ ես արտառոց դեպքերի եմ հանդիպել: Օրինակ, իրավաբանական ֆակուլտետի ուսանողը Ռուսաստանի պետության և իրավունքի պատմության քննության ժամանակ ասում է, որ Իվան Ահեղն է ստեղծել ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը: Բնականաբար, մանկապարտեզի կրթությունը կամ էլ պարզապես հայտնի ֆիլմերի դիտումը բավական է դարաշրջանների տարբերությունն զգալու համար, սակայն, ինչպես տեսնում ենք, Հայաստանում դրա համար անզոր են նույնիսկ դպրոցներն ու համալսարանները: Անշուշտ, նման բացահայտումն ստիպում է եզրահանգել, որ գործ ունենք դեգեներատի հետ: Սակայն հետագա վերլուծությունը ցույց տվեց, որ ուսանողը նորմալ տղա էր, վերջին երեք տարիներին դպրոց չէր գնացել և պարապել էր կրկնուսույցի մոտ, իսկ համալսարանի առաջին կուրսում, մեծամասնության պես, պարզապես մի կողմ էր թողել ուսումը: Ինչպես տեսնում ենք, դպրոցական կրթության բացթողնման պատճառով նորմալ մարդը կարող է դեգեներատ թվալ: 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am