Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մեջբերումներ դասականներից

Մեջբերումներ դասականներից
Մայիս 2010, N 4

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ. ՀԱՂԹԱՆԱԿ

«ԱՅՍՊԵՍ ՄԵՆՔ ՀԱՍԱՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ» ԳՐՔԻՑ

Քանի որ 2-րդ Բելոռուսականի զորքերը առաջ էին շարժվել Պոմերանիայի խորքը, Ստավկան հրամայեց մեզ 43-րդ բանակը հանձնել այդ ռազմաճակատի զորքերի հրամանատար, մարշալ Կ.Կ. Ռոկոսովսկու տնօրինությանը:

Շուտով ինձ հայտնի դարձավ, որ գեներալ Ա.Պ. Բելոբորոդովին հրամայված է մեր ռազմաճակատի 48-րդ բանակից դեպի արևմուտք` Վիսլա գետի հյուսիս-արևմտակողմում ծավալել իր դիվիզիաները և շրջափակել ափամերձ ճահճուտներում ու Հել ցամաքալեզվակում թաքնված ֆաշիստական զորամասերին:

Ապրիլի վերջին օրերի և մայիսի առաջին շաբաթվա ընթացքում 3-րդ Բելոռուսական ռազմաճակատի զորքերը ուրախ տրամադրությամբ սպասում էին պատերազմի վերջին համազարկերին: Ֆաշիստների արևելապրուսական խմբավորման մնացորդները թաքնվել էին մերձվիսլյան ճախնուտներում, որոնց վերջին հարվածը պետք է հասցներ գեներալ-լեյտենանտ Ն.Ի.Գուսևի 48-րդ բանակը, որը հենց նոր էր մտել 3-րդ Բելոռուսական ռազմաճակատի կազմի մեջ:

Այլևս ոչ ոք չէր կասկածում, որ մոտ է հաղթանակի օրը: Բոլորիս հայացքները գամված էին Բեռլինին, որտեղ ավարտին էր մոտենում Մեծ հայրենականի ավարտական ճակատամարտը:

Անընդհատ մարտական գործողություններից հետո ռեզերվ դուրս բերված 3-րդ Բելոռուսական ռազմաճակատի բանակները դժվարությամբ էին մտնում խաղաղ կյանքի հունի մեջ: Նրանց համար պատերազմն արդեն վերջացել էր: Զորքերը կարգի էին բերում իրենց, խնամքով ստուգում էին զենքերը և գործարանային արտադրամասերից դուրս գալուց հետո դրանք առաջին անգամ մաքրում-փայլեցնում էին կամ հանձնում նորոգման:

Միայն Ֆրիշես-Ներունգ ցամաքալեզվակից և Վիսլայի գետաբերանի ճախնուտների շրջանից էին շարունակում ստացվել ժլատ տեղեկություններ այնտեղ շրջափակված ֆաշիստական զորամասերի մնացորդների հետ ընդհարումների ընթացքի մասին: Երբ 11-րդ գվարդիական բանակը հակառակորդից մաքրեց Ֆրիշես-Ներունգ ցամաքալեզվակի զգալի մասը, ես մինչ այդ Քյոնիգսբերգից դեպի արևմուտք ծովափի երկայնությամբ դիրք բռնած 48-րդ բանակի հրամանատարին հրամայեցի փոխարինել 11-րդ գվարդիական բանակին և իր վրա վերցնել ցամաքալեզվակը ֆաշիստներից հետագա մաքրման խնդիրը: 48-րդ բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Ն.Ի. Գուսևը որոշեց հնարավորության սահմաններում կորուստներից խուսափելու համար այդ խնդիրը կատարել գլխավորապես թշնամու վրա կրակային ներգործություն ցույց տալու միջոցով:

Ուսումնասիրելով բազմաթիվ ռազմագերիների հարցաքննությունների արձանագրությունները` ռազմաճակատի հետախուզության պետը զեկուցեց ինձ, որ ցամաքալեզվակում և ճախնուտներում թաքնված ֆաշիստների մեծ մասը գերազանցապես պատժիչ զորքերի և ոստիկանության կազմից մնացած ամենաանուղղելի բանդիտներ են, մոլի նացիստներ ու պատերազմական հանցագործներ, որոնց խղճի վրա բարդված են օկուպացված երկրներում նրանց գործած արյունալի բազում ոճիրները: Այժմ նրանք, վախենալով հատուցումից, հալածատանջ գայլերի պես ատամները կրճտացնում էին, և չէին պատասխանում զենքը վայր դնելու վերաբերյալ քանիցս կատարված առաջարկություններին: 48-րդ բանակի դիվիզիաները դատապարտված ֆաշիստներին աստիճանաբար սեղմում էին դեպի ծով: 

Մայիսի 1-ին մեզ հասավ մի բերկրալի լուր` հաղթանակի դրոշը ծածանվում է ռայխստագի վրա: Իսկ մեկ օր էլ անց լսեցինք գերմանական մայրաքաղաքի կայազորի մնացորդների անվերապահ կապիտուլյացիայի մասին: Այս ակտը մենք արդեն ընկալեցինք որպես ֆաշիստական Գերմանիայի ընդհանուր և անվերապահ կապիտուլյացիայի նախերգանքը:

...Իսկ այդ ժամանակ գեներալ Ն.Ի. Գուսևը նախապատրաստել էր ավարտական հարվածը Վիսլայի գետաբերանից դեպի արևելք պատսպարված ֆաշիստական զորամասերի գլխին: Ցավոք, այդ օրերին մենք դեռ չէինք կարողացել պարզել ցամաքալեզվակում խրամատավորված և մերձվիսլյան ճախնուտներում թաքնված հակառակորդի զորքերի իսկական թվակազմը: Գերիները տալիս էին խիստ հակասական ցուցմունքներ:

Վիսլայի հյուսիս-արևմտակողմում վերջին հարվածին էին պատրաստվում գեներալ Ա.Պ. Բելոբորոդովի միավորումները: Ես նրա մոտ ուղարկեցի իմ ներկայացուցչին, որպեսզի համաձայնեցնեինք մեր գործողությունները: Ավարտական հարվածը մենք նախապատրաստում էինք բացառիկ մանրամասնությամբ, ձեռք էինք առնում բոլոր միջոցները, որպեսզի գործը գլուխ բերենք առանց լուրջ կորուստների:

Մենք դեռ չէինք հասցրել հարձակումը լրիվ թափով ծավալել, երբ ինձ զանգահարեց գեներալ Ա.Ի. Անտոնովը և հայտնեց Ստալինի ցուցումը` ավելորդ արյունահեղությունից խուսափելու համար ծովին դեմ առած հիտլերականներին ներկայացնել վերջնագիր: Մայիսի 8-ին մենք ֆաշիստական զորքերի դասավորության տեղերում ցրեցինք թռուցիկներ` իմ կողմից ստորագրված վերջնագրի տեսքով: Վերջնագրով ֆաշիստներին հրամանագրվում էր զենքը վայր դնել: Ահա դրա տեքստը.

«Ֆրիշես-Ներունգում և Վիսլայի գետաբերանում եղած գերմանական բանակի գեներալներին, սպաներին և զինվորներին` սովետական 3-րդ Բելոռուսական ռազմաճակատի զորքերի հրամանատարից:

Սովետական և դաշնակից զորքերը միացել են Բալթիկ ծովից մինչև Դրեզդեն ձգված ամբողջ ճակատագծում: Մայիսի 2-ին սովետական զորքերը գրավել են Բեռլինը: Գերմանաֆաշիստական զավթիչներն արտաքսված են Իտալիայից, Հոլանդիայից և Դանիայից: Ամբողջ Գերմանիան դաշնակից զորքերն օկուպացրել են:

1945թ. մայիսի 7-ին Ռեյմսում գերմանական կառավարությունը և զինված ուժերի գերագույն հրամանատարության ներկայացուցիչները ստորագրել են ինչպես Արևելյան, այնպես էլ Արևմտյան ռազմաճակատներում եղած բոլոր գերմանական զինված ուժերի անվերապահ կապիտուլյացիայի ակտը: Կապիտուլյացիան ուժի մեջ է մտնում 1945 թվականի մայիսի 8-ին, ժամը 23-ին ըստ միջին-եվրոպական ամառային ժամանակի...

Գերմանական սպանե´ր և զինվորնե´ր:

Գերմանական կառավարության և զինված ուժերի գերագույն հրամանատարության ներկայացուցիչների կողմից ստորագրված կապիտուլյացիայի տեքստի համաձայն առաջարկում եմ` անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, զենքը վայր դնել և հանձնվել գերի: Եթե առանձին նացիստական ֆանատիկոսներ չենթարկվեն զինված ուժերի գերագույն հրամանատարության հրամանին, ոչնչացրե´ք նրանց որպես գերմանական ժողովրդի դավաճանների:

Եթե դուք չկատարեք կապիտուլյացիայի պահանջները և մինչև 1945 թվականի մայիսի 9-ի` միջին-եվրոպական ամառային ժամանակով ժամը 10-ը զենքը վայր չդնեք, մեր զորքերը կանցնեն վճռական հարձակման և անողոքաբար կոչնչացնեն ձեզ»:

Հավատարիմ վերջնագրի պայմաններին` մենք զենք չգործադրեցինք մինչև սահմանված ժամը: Սակայն, ինչպես պարզվեց, ֆաշիստները հասկանում էին միայն ուժի լեզուն: Եվ մենք այն կիրառեցինք: Մեր 48-րդ բանակի զորքերի այդ վերջին հարվածի արդյունքում գերմանաֆաշիստական բանակի ավելի քան 30 հազար զինվոր ու սպա հարկադրված էին կապիտուլացվել:

Ահա հենց այդպես էլ եղավ, որ մեր անընդգրկելի պետության բոլոր քաղաքներում ու գյուղերում անասելի ցնծությունն էր տիրում, մենք Մեծ հաղթանակի օրը շարունակում էինք զենքով հաստատել այն:

Բայց այն օրը մեր մտքերն այլևս չէին պտտվում թշնամու շուրջ: Մեր բոլոր մտքերն ու զգացմունքները համակված էին անսահման խնդությամբ, որը մեր սրտերում առաջացրել էր Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտի վերաբերյալ կառավարական հաղորդագրությունը: Մենք այն լսում էինք շունչներս պահած: Հրճվանքի փոթորիկն իր գիրկն առավ մարտիկներին: Բոլոր զորամասերում, ինչպես առջևի եզրում, նույնպես և թիկունքում, լսվում էին տարերային համազարկեր ի փառս բաղձալի հաղթանակի:

Մայիսի 9-ին ռազմաճակատի բոլոր բանակներում տեղի ունեցան միտինգներ, իսկ մի քանի զորամասերում հանպատրաստից անցկացվեցին նույնիսկ հաղթանակի զորահանդեսներ: Միտինգներից մեկում լսելով զինվորների և սպաների ելույթները` շարունակ զարմանում ու հրճվում էի, թե ինչքա~ն համեստություն կար նրանցից յուրաքանչյուրի մեջ: Չէ՞ որ նրանք գլխովին ջախջախել էին իմպերիալիզմի ամենահզոր հարվածային ուժը` հենց նորերս, ընդամենը չորս օր առաջ, գրոհով գրավել էին, թվում էր, թե անառիկ Քյոնիգսբերգ ամրոցը, բայց մարտիկների ելույթներում ես չլսեցի ոչ մի բառ այդ սխրագործությունների մասին: Նրանք պարզապես հայտնում էին իրենց անկեղծ ուրախությունը, որ վերջապես ավարտվեցին ժողովրդի տառապանքները, որ առջևում իրենց սպասում է խաղաղ աշխատանք ու հսկայական գործեր պատերազմի հասցրած վերքերը բուժելու համար:

Ես սիրով նայում էի մարտիկների խնդուն դեմքերին և հանկարծ նկատեցի, թե ինչպես մի բեղավոր վետերանի փոշեպատ այտերով գլորվեցին արցունքի կաթիլներ... Մոտենալով հարցրի.

- Բարեկամս, ինչո՞ւ այդպես տխրեցիր այս ուրախալի օրը:

- Այսօր հողին հանձնեցի սրտակից ընկերոջս- պատասխանեց նա խոր ախ քաշելով:- Մի քանի ժամ էլ ապրեր, կտեսներ պատերազմի վերջը: Իսկ մենք նրա հետ քայլել ենք Վիտեբսկից սկսած: Եթե չլիներ նա, ես հիմա գոյություն չէի ունենա...

Արդեն անցել է ավելի քան երեք տասնամյակ, բայց ամեն տարի հաղթանակի օրը Մեծ հայրենականի վետերանները անպայման հիշում են նրանց, ովքեր չապրեցին մինչև այդ բաղձալի տոնը: Մենք մեր սրտերում պահում ենք նրանց հիշատակը և կպահենք մինչև մեր կյանքի վերջը: Իսկ նրանցից շատերի մասին մեր գալիք սերունդներին կհիշեցնեն պատերազմին նվիրված գրքերը, այն քաղաքները, գյուղերը և փողոցները, որոնք կրում են ընկածների անունները:

Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած հերոսներից շատերի անունները հավերժացած են նախկին Արևելյան Պրուսիայի հողում: Գումբիննեն քաղաքը հիմա կրում է կապիտան Ս.Ի. Գուսևի անունը, Ինստերբուրգը` բանակի փառաբանված գեներալ Ի.Դ. Չերնյախովսկու, Լյուդվիգսորտը` լեյտենանտ Ի.Մ. Լադուշկինի, Մետհետտենը` Ալեքսանդր Կոսմոդեմյանսկու, Նոյհաուզենը` անվեհեր գեներալ Ս.Ս. Գուրևի, Պոբետտենը` կապիտան Պ.Ի. Ռոմանովի, Հեյլիգենբոյլը` փոխգնդապետ Ն.Վ. Մամոնտովի, Շտալլուպենենը` գնդապետ Ս.Կ. Նեստերովի անունը:

...Ողջ մնացած ֆաշիստական զորքերի հիմնական ուժերին գերելուց հետո մենք բոլորս ընկանք մեզ համար միանգամայն անսովոր իրադրության մեջ` չորս կողմը տիրեց մի այնպիսի խաղաղ անդորր, որից մենք բոլորովին զրկվել էինք պատերազմի չորս տարիների ընթացքում: Ըստ կայունացած սովորության ես ամեն առավոտ արթնանում էի արշալույսից շատ առաջ և առաջին հերթին ինձ մոտ էի կանչում օպերատիվ հեթապահին, որպեսզի նա զեկուցեր գիշերվա ընթացքում զորքերի մեջ տեղի ունեցած դեպքերի մասին: Բայց ոչ մի արտակարգ բան, բնականաբար, արդեն տեղի չէր ունենում, և մշտական տագնապալի լարվածության զգացումը, որն ինձ համակել էր ամբողջ պատերազմի ընթացքում, օրեցօր թուլանում էր: Սակայն առաջվա պես հանգստի համար ժամանակ չկար: Հանկարծ ուսերիս ծանրացան խաղաղ ժամանակվա ամենօրյա հոգսերը` պետք էր հաշվառման վերցնել գրավված ռազմավարը և կազմակերպել դրա հուսալի պահպանությունը, քանի որ դա արդեն ժողովրդի ունեցվածքն էր և պետք էր կարգավորել խաղաղ կյանքը ֆաշիստներից մաքրված տերիտորիայում...

Կար էլի մի դժվարին խնդիր` պետք էր ապահովել ռազմաճակատի զորքերի առավել հարմար տեղավորումը և կազմակերպել նրանց մարտական ու քաղաքական նախապատրաստությունը, առանց որի անհնարին է պատկերացնել ամեն մի զորական օրգանիզմի ամենօրյա կյանքը:

Բայց դեռ չէինք հասցրել ինչպես պետք է ծավալել այդ աշխատանքը, երբ ինձ կանչեցին Մոսկվա: Օդանավակայանից ես ուղիղ գնացի գլխավոր շտաբի պետի մոտ: Այստեղ ինձ հանձնարարեցին ղեկավարել Կարմիր բանակը խաղաղ դրության փոխադրելու հանձնաժողովներից մեկը: Ռազմաճակատի զորքերի հրամանատարներին հայտնեցին նաև Հաղթանակի զորահանդեսին նախապատրաստվելու մասին, որը նշանակված էր հունիսի 24-ին:

Պատերազմի վերջում գոյություն ունեցած տասը ռազմաճակատներից յուրաքանչյուրը պետք է կազմավորեր հինգ գումարտակային կազմով մեկ հավաքական գունդ: Երեք գումարտակներ կազմված էին վեց հրաձգային վաշտերից, մյուս երկուսի մեջ մտնում էին տանկիստների, հրետանավորների, օդաչուների չորս վաշտեր և համահավաք վաշտը, որի մեջ մտնում էին հեծելազորայինները, սակրավորները և կապավորները: Մի խոսքով` ներկայացվում էին սովետական բանակի զորքերի բոլոր տեսակները:

Ստորաբաժանումների կազմի մեջ պետք էր մտցնել ռազմաճակատի ամենամեծավաստակ մարտիկներին ու սպաներին, իսկ յուրաքանչյուր ջոկի գլուխ կանգնեցնել մի սպայի: Հրաձիգները զորահանդեսին պետք է դուրս գային ավտոմատներով, հրետանավորները, հեծելազորայինները, սակրավորներն ու կապավորները` կարաբիններով, տանկիստներն ու օդաչուները` ատրճանակներով, իսկ հեծելազորայինները, դրանից զատ, նաև թրերով: Կարմիր հրապարակով անցնելիս յուրաքանչյուր համահավաք գունդ պետք է գլխավորեին ռազմաճակատի զորքերի հրամանատարը և ռազմաճակատի կազմի մեջ մտնող բոլոր բանակների հրամանատարները: Թվով տասնմեկերորդ գունդը կազմավորեց ռազմածովային նավատորմը: Այն գլխավորեց փոխծովակալ Վ.Գ. Ֆադեևը: Յուրաքանչյուր համահավաք գունդ պետք է զորահանդես դուրս բերեր ռազմաճակատի առավել աչքի ընկած միավորումների և առանձին զորամասերի 36 մարտական դրոշակներ:

Ես մեկնեցի 3-րդ Բելոռուսական ռազմաճակատի շտաբ: Պետք էր շտապել, քանի որ ես նախապատրաստելու էի երկու` 1-ին Մերձբալթյանի և 3-րդ Բելոռուսականի գնդերը: 1-ին Մերձբալթյանի համահավաք  գունդը պետք է վարեի ես, իսկ 3-րդ Բելոռուսականինը` Սովետական Միության մարշալ Ա.Մ. Վասիլևսկին: Ալեքսանդր Միխայլովիչը, որը գլխովին թաղվել էր կվանտունյան բանակի դեմ հարձակում նախապատրաստելու գործի մեջ, ինձ հանձնարարեց նաև իր ռազմաճակատի համահավաք գնդի կազմավորումն ու նախապատրաստումը: Մարշալի համաձայնությամբ այդ ռազմաճակատի համահավաք գնդի հրամանատար նշանակվեց Սովետական Միության կրկնակի հերոս, գեներալ-լեյտենանտ Պ.Կ. Կոշևոյը, իսկ 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի գնդի գլուխ մենք կանգնեցրինք պատերազմի ամենավաստակաշատ վետերաններից մեկին` գեներալ-լեյտենանտ Ա.Ի. Լոպատինին, որն իր մարտական ուղին սկսել էր համարյա բուն սահմանագծից:

Եվ սկսվեց զինվորների ու սպաների ընտրության տքնալից աշխատանքը. յուրաքանչյուր թեկնածու քննարկվում էր անհատապես, Մոսկվայում իր ռազմաճակատը ներկայացնելու բարձր պատվին արժանանում էին լավագույններից լավագույնները: Անհրաժեշտ էր շտապել, քանի որ մինչև հունիսի 10-ը գնդերը պետք է լինեին Մոսկվայում, ուր զորահանդեսի յուրաքանչյուր մասնակից ստանալու էր տոնական համազգեստ: Դեռևս մինչև մեկնումը զորահանդեսային զորամասերն սկսեցին հանդիսավոր երթի շարային նախապատրաստությունը, իսկ հունիսի 8-ին և 9-ին նրանք հեռացան Արևելյան Պրուսիայից, իրենց հետ վերցնելով մարտերում ֆաշիստական միավորումներից և զորամասերից գրաված բոլոր դրոշները:

Տեղավորվելով մոսկովյան զորանոցներում` զորահանդեսի մասնակիցներն ստանում ու հարմարեցնում էին տոնական համազգեստները և շարունակում շարային նախապատրաստությունը:

Հանդերձավորմամբ զբաղվեցինք նաև մենք` բանակների հրամանատարներս: Զորահանդեսային համազգեստները մեզ համար կարվում էին անհատական պատվերներով: Պահանջվում էին թրեր ու կոշկա-խթաններ: Ըստ հեծելազորային սովորության` ես կոշկախթաններ կրում էի նաև ռազմաճակատում, որովհետև հաճախ էր պահանջվում ձի նստել` երբեմն այն պատճառով, որ մեքենայով անհնար էր լինում հասնել ռազմաճակատի որոշ հատվածամասեր, իսկ ավելի հաճախ` սպորտային լավ վիճակը պահելու համար: Սուսեր որոնելու հարկ չեղավ, որովհետև մարտական թուրս միշտ ինձ հետ էր լինում, իսկ պատերազմի ժամանակ հայ ժողովրդից նվեր էի ստացել դամասկոսյան թանկագին սուսեր, որով էլ հենց որոշել էի փայլել զորահանդեսում: Բայց միօրինակություն պահպանելու համար մեզ բոլորիս տվեցին միատեսակ, բայց զլատոուստյան հոյակապ մարտական սրեր:

Հունիսի 23-ին «Պրավդա» թերթում հրապարակվեց Գերագույն գլխավոր հրամանատարի հետևյալ հրամանը.

«Ի նշանավորումն Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի նկատմամբ ձեռք բերած հաղթանակի, 1945 թվականի հունիսի 24-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում նշանակում եմ գործող բանակի, ռազմածովային նավատորմի և Մոսկվայի կայազորի զորքերի հաղթանակի զորահանդես:

Զորահանդեսի դուրս բերել ռազմաճակատների համահավաք գնդերը, պաշտպանության ժողկոմատի համահավաք գունդը` ռազմածովային նավատորմի համահավաք գունդը, ռազմական ակադեմիաները, ռազմական ուսումնարանները և Մոսկվայի կայազորի զորքերը:

Հաղթանակի զորահանդեսը կընդունի իմ տեղակալը` Սովետական Միության մարշալ Ժուկովը:

Հաղթանակի զորահանդեսին հրամանատարություն կանի Սովետական Միության մարշալ Ռոկոսովսկին...»:

Հանդեսին մասնակցելու էին նաև ժողովրդական ներկայացուցիչները` ՍՍՀՄ Գերագույն սովետի դեպուտատները, որոնք Մոսկվա էին հավաքվել նստաշրջանի:

Պատմական օրվա նախօրյակին եղանակի բյուրոն չէր կանխագուշակում լավ եղանակ: Եվ իրոք, հունիսի 24-ի առավոտյան աշնան պես երկինքը ամպամած էր, պատած ցածր կապարագույն ամպերով, կաթկթում էր մանրաշաղ անձրև: Բայց մինչև իսկ քմահաճ եղանակը չէր կարող փչացնել մեր տոնական տրամադրությունը: Ժամը 8-ին մոտ Մոսկվայի փողոցներն արդեն ողողված էին ցնծացող մարդկանցով: Կարմիր հրապարակի մատույցներում քառանկյուն դասավորությամբ շարված էին մայրաքաղաքի կայազորի զորքերը, իսկ Կարմիր հրապարակի գրանիտե սալերի վրա խստագույն կարգով կանգնած էին ռազմաճակատների և ռազմածովային նավատորմի համահավաք գնդերը: Նրանք շարվել էին այն հաջորդականությամբ, ինչպես պատերազմի ընթացքում նրանց կողմից ներկայացվող ռազմաճակատները հյուսիսից դեպի հարավ. շքերթն առաջինը սկսելու էր Կարելյան ռազմաճակատի համահավաք գունդը, որը գլխավորում էր Սովետական Միության մարշալ Կ.Ա. Մերեցկովը, նրա հետևից` Լենինգրադյան ռազմաճակատի գունդը, որի առջևից քայլում էր Սովետական Միության մարշալ Լ.Ա. Գովորովը, երրորդը` 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի գունդը, որը վարում էի ես: Ապա ռազմաճակատների գնդերը գլխավորում էին` 3-րդ Բելոռուսականինը` Սովետական Միության մարշալ Ա.Մ. Վասիլևսկին, 2-րդ Բելոռուսականինը` Կ.Կ. Ռոկոսովսկու տեղակալ, գեներալ-գնդապետ Կ.Պ. Տրուբնիկովը, 1-ին Բելոռուսականինը` Գ.Կ. Ժուկովի տեղակալ, բանակի գեներալ Վ.Դ. Սոկոլովսկին (այդ ռազմաճակատի համահավաք գնդի կազմում առանձին շարասյունով շարված էին Լեհական զորքի մարտիկները` Լեհաստանի գլխավոր շտաբի պետ Վ.Վ. Կորչիցի գլխավորությամբ), 1-ին Ուկրաինական ռազմաճակատինը` Սովետական Միության մարշալ Ի.Ս. Կոնևը, 4-րդ Ուկրաինականինը` բանակի գեներալ Ա.Ի. Երյոմենկոն, 2-րդ Ուկրաինականինը` Սովետական Միության մարշալ Ռ.Յա. Մալինովսկին, 3-րդ Ուկրաինականինը` Սովետական Միության մարշալ Ֆ.Ի. Տոլբուխինը: Ռազմածովային նավատորմի գունդը գլխավորում էր փոխծովակալ Վ.Գ. Ֆադեևը:

Մարտիկների գլխավերևում որպես ալ ծով ծփում էին 360 մարտական դրոշներ:

Անձրևը հետզհետե սաստկանում էր: Բայց ժամը 9-ն անց 30 րոպեին ամբողջ Կարմիր հրապարակն արդեն լցված էր ՍՍՀՄ Գերագույն սովետի դեպուտատներով, բազմաթիվ արտասահմանյան հյուրերով, Մոսկվայի աշխատավորների ներկայացուցիչներով, գիտության և կուլտուրայի գործիչներով: Դամբարանի առջև հատուկ պատվավոր տեղում կանգնած էին սովետական զորապետները` Հայրենական մեծ պատերազմի ակտիվ մասնակիցները, որոնք չէին ընկել զորահանդեսի կազմի մեջ:

Ժամը 9-ն անց 45 րոպեին դամբարանի տրիբունա բարձրացան ՀամԿ(բ)Կ ԿԿ-ի քաղբյուրոյի և սովետական կառավարության անդամները: Նրանց հայտնվելը բուռն ծափահարություններ առաջացրեց:

Եվ ահա վերջապես Սպասկի աշտարակի կուրանտներն սկսեցին անկրկնելի քաղցրալուր ղողանջով զարկել ժամերը: Տասներորդ զարկը դեռ չէր ղողանջել, երբ երկարատև հնչեց «զ-գ-ա-ա-ա-ստ» հրամանը: Զորահանդեսի հրամանատար Կ.Կ. Ռոկոսովսկին սևաթույր արշավաձիու վրա սլացավ Գ.Կ. Ժուկովին ընդառաջ, որը Սպասկի դարպասից դուրս եկավ բաց գորշագույն, գրեթե սպիտակաթույր նժույգի վրա: Կարմիր հրապարակը անշարժացավ: Լսվում են սմբակների հատու չխկոցները, իսկ ապա` զորահանդեսի հրամանատարի հստակ զեկույցը: Ռոկոսովսկու վերջին խոսքերը միաձուլվեցին 140 երաժիշտներից կազմված համահավաք նվագախմբի հանդիսավոր հնչյուններին:

Սովետական Միության մարշալ Գ.Կ. Ժուկովը Կ.Կ. Ռոկոսովկու ուղեկցությամբ շրջանցեց զորահանդեսի համար շարված զորքերին, զինվորներին, սպաներին ու գեներալներին ու շնորհավորեց հաղթանակի առթիվ: Հզոր, որոտալից «ուռա»-ն մարշալներին ուղեկցում էր գնդից գունդ: Այն սկզբում Կարմիր հրապարակից տարածվեց ավելի ու ավելի հեռու, իսկ հետո, ինչպես հազարաձայն արձագանք, ուղեկցելով Գ.Կ. Ժուկովին և Կ.Կ. Ռոկոսովսկուն, ետդարձի ճանապարհին, ասես մնաց օդում կախված:

Համահավաք նվագախումբը Կարմիր բանակի գլխավոր դիրիժոր` գեներալ-մայոր Ս.Ա. Չերնեցկու հրամանատարությամբ, դուրս եկավ հրապարակի կենտրոն և կատարեց «Փառ~ք քեզ, ռուս ժողովուրդ»-ը: Ձիուց իջնելով` Սովետական Միության մարշալ Գ.Կ. Ժուկովը արագ բարձրացավ դամբարանի աստիճաններով, մոտեցավ միկրոֆոնին: ՀամԿ(բ)Կ Կենտկոմի և սովետական կառավարության անունից ու հանձնարարությամբ նա շնորհավորեց սովետական մարտիկներին, քաղաքի և գյուղի աշխատավորներին, գիտության ու տեխնիկայի աշխատողներին, սոցիալիստական կուլտուրայի գործիչ-երին - ամբողջ սովետական ժողովրդին` ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ ձեռք բերված հաղթանակի առթիվ: Համոզիչ փաստերով մարշալը ցույց տվեց Սովետական Միության վճռական դերը համաշխարհային ֆաշիզմի ջախջախման ապահովման գործում, նշեց Մեծ հաղթանակի գլխավոր աղբյուրները` սոցիալիստական իրավակարգի կենարար ուժը, լենինյան կուսակցության իմաստուն ղեկավարությունը, սովետական հասարակության բարոյաքաղաքական միասնությունը, ժողովուրդների անխախտ բարեկամությունը, Կարմիր բանակի անհաղթ ուժը, սովետական մարդկանց աշխատանքային հերոսությունը և սովետական կառավարության խորապես կշռադատված քաղաքականությունը:

Գ.Կ. Ժուկովն իր ելույթն ավարտեց «կեցցե~» բոցավառ բացականչությամբ ի պատիվ սոցիալիստական մեծ հայրենիքի, սովետական ժողովրդի, նրա հերոսական Կարմիր բանակի և Հայրենական մեծ պատերազմում սովետական ժողովրդի հաղթանակի ոգեշնչողի ու կազմակերպողի` կոմունիստական կուսակցության:

Բարձրաձայն «ուռա~»-ն երեք անգամ հորձանք տվեց Կարմիր հրապարակում, տարածվեց շարված գնդերի շարքերի վրայով և աստիճանաբար մարեց Գորկու փողոցում, ինչ-որ տեղ: Եվ Կրեմլի հնադարյան պատերը ցնցվեցին Սովետական Միության հիմնի վեհասքանչ հնչյուններից: Այդ հանդիսավոր մեղեդին լարված լսում էին Կարմիր հրապարակում հավաքված հազարավոր մարդիկ: Իսկ ինձ թվում էր, թե այն հիմա լսում է դարչնագույն ժանտախտից փրկված ամբողջ Եվրոպան, համայն աշխարհը:

Հասավ մեզ համար ամենապատասխանատու պահը` Կ.Կ. Ռոկոսովսկին հրամայեց սկսել հանդիսավոր երթը:

Զորահանդեսը բացեց Կարելյան ռազմաճակատի համահավաք գունդը: Առջևից հանդիսավոր համաչափ քայլերով քայլում էր Սովետական Միության մարշալ Կ.Ա. Մերեցկովը: Նրա հրամանատարությամբ Հայրենական մեծ պատերազմի փառապանծ օպերացիաներից շատերին մասնակցել են Վոլխովյան և Կարելյան ռազմաճակատների զորքերը: Լենինգրադի բլոկադայի ճեղքումը, Սվիր գետի անցումը և կարելյան ճահճոտ անտառներում ու խստաշունչ Զապոլյարիեում հիտլերյան ու մաներհեյմյան օկուպանտների ջախջախումը` այսպիսին է սովետա-գերմանական ռազմաճակատում նրա զորքերի փառավոր մարտական գործերի ոչ լրիվ թվարկը:

Կարելյան ռազմաճակատի համահավաք գնդի վերջափակ տողանից որոշյալ հեռավորության վրա Լենինգրադյան ռազմաճակատի համահավաք գնդի առջևից գլուխը թեթևակի դեպի առաջ հակած դրոշմող քայլով գնում էր իմ վաղեմի ընկերը` Սովետական Միության մարշալ Լ.Ա. Գովորովը: Եթե Կարմիր բանակի այդ ականավոր զորապետը Լենինգրադի 900-օրյա հերոսական բլոկադայից զատ չունենար այլ փառապանծ մարտական գործեր, ապա այդ դեպքում ևս նրա հիշատակը հավերժ կապրեր շնորհապարտ սերունդների հիշողության մեջ: Բայց նրա զորքերը կատարել էին նաև բավական շատ այլ մարտական սխրագործություններ` Լենինգրադի մարզում և Կարելյան պարանոցում օկուպանտների խորտակիչ ջախջախումը, Էստոնիայի և Մոոնզունդյան արշիպելագի կղզիների ազատագրումը:

Պատմական թանգարանի շենքի մոտ լենինգրադյան մարտիկների հետքով թեքվելով, ես հպարտությամբ նայեցի գեղաշար տողաններով իմ ետևից եկող զինվորներին, որոնց պատիվ էր վիճակվել զորահանդեսում ներկայացնել 1-ին Մերձբալթյան ռազմաճակատը, որոնք ազատագրել էին Բելոռուսիան, Լիտվան, Լատվիան, կտրել էին Մերձբալթիկայից դեպի Արևելյան Պրուսիա տանող «Հյուսիս» բանակախմբի նահանջի ուղիները, մասնակցել էին Քյոնիգսբերգի գրավման հերոսական մարտերին:

Հայրենիքի հանդեպ իր պարտականությունն ազնվորեն կատարած մարդու զգացումով մենք Կարմիր հրապարակի զնգուն սալարկի վրա դրոշմում էինք մեր քայլերը, թուրը թափով բարձրացնելով և դեմքը շրջելով ողջունում կենտրոնական տրիբունայի վրա կանգնած կուսակցության ու կառավարության ղեկավարներին:

Դամբարանի մոտով անցնելիս ես շրջվեցի դեպի աջ և «զգաստ» դիրքով կանգ առա նրա պատվանդանի մոտ մինչև իմ գլխավորած գնդի հանդիսավոր երթի անցումը:

Մեզ հաջորդեցին 3-րդ Բելոռուսական ռազմաճակատի համահավաք գնդի բարեկանոն տողանները, որոնց գլխավորում էր Սովետական Միության մարշալ Ա.Մ. Վասիլևսկին: Նրա անունն անխզելիորեն կապված է Հայրենական մեծ պատերազմի ամենադժվարին ճակատամարտերի մեծամասնության հետ, որոնց նախապատրաստման ու ղեկավարման գործին նա ունեցել է ամենաակտիվ մասնակցությունը որպես գլխավոր շտաբի պետ և Ստավկայի ներկայացուցիչ: Պատերազմի ավարտական փուլում նա որպես 3-րդ Բելոռուսական ռազմաճակատի զորքերի հրամանատար Արևելյան Պրուսիայում ղեկավարել է «Հյուսիս» բանակախմբի ջախջախումը:

Ահա Ա.Մ. Վասիլևսկին ևս շրջվեց դեպի դամբարանը և զգաստ դիրքով կանգնած, հայացքով ուղեկցեց իր համահավաք գնդի տողանների անցումը, և մենք միասին բարձրացանք տրիբունա, ուր հրավիրված էին բոլոր ռազմաճակատների զորքերի հրամանատարները: Եվ արդեն դամբարանի տրիբունայի բարձրությունից մենք շարունակեցինք դիտել մնացած համահավաք գնդերի անցումը:

Տրիբունայի մոտով սալարկի վրա դրոշմելով քայլերը, անցնում էին 2-րդ Բելոռուսական ռազմաճակատի համահավաք գնդի տողանները: Երբ անցնում էր այդ ռազմաճակատի գունդը, մենք մտովի պատկերացրինք, որ այն գլխավորում է սովետական ամենափառաբանված զորահրամանատարներից մեկը` Սովետական Միության մարշալ Կ.Կ. Ռոկոսովսկին:

1944 թվականի ապրիլ ամսին ստեղծված 2-րդ Բելոռուսական ռազմաճակատի բանակները մասնակցել էին Բելոռուսիայի, Լեհաստանի ազատագրմանը, գերմանաֆաշիստական զորքերի արևելա-պրուսական խմբավորման ջախջախմանը, իսկ հետո նրանց բաժին էր ընկել մեր երեք կենտրոնական ռազմաճակատների թվում Բեռլինյան օպերացիային ակտիվորեն մասնակցելու պատիվը:

Նկատելի աշխուժություն առաջացավ, երբ դամբարանին մոտեցավ 1-ին Բելոռուսական ռազմաճակատի համահավաք գունդը: Սովետական զորահրամանատարների կոհորտայից ամենաականավորի` Սովետական Միության մարշալ Գ.Կ. Ժուկովի հրամանատարությամբ այդ ռազմաճակատին Հայրենական մեծ պատերազմի ավարտական փուլում բաժին էր ընկել եղբայրական Լեհաստանն ազատագրելու, ապա և կենտրոնական ուղղությամբ հարձակվելուվ և Բեռլինի մատույցները դուրս գալու պատիվը: Նրա մարտիկներն էին, որ հաղթանակի դրոշը բարձրացրին ռայխստագի վրա: Երբ 1-ին Բելոռուսական ռազմաճակատի համահավաք գնդի շարասյունը հավասարվեց Վ.Ի. Լենինի դամբարանին և նրա մարտիկները, ի նշան ողջույնի, համերաշխորեն գլուխները բարձրացրին, Գ.Կ. Ժուկովի դեմքի խստաբարո արտահայտությունը մեղմացավ ջերմ, բարի ժպիտով:

Այդ գնդի կազմում գեներալ Վ.Վ. Կորչիցի գլխավորությամբ որպես ինքնուրույն շարասյուն մարտական դրոշներով հանդիսավոր կերպով Կարմիր հրապարակ դուրս եկան լեհական զորքի հերոսական ներկայացուցիչները: Նրանք նույնպես արժանավոր ներդրում ունեին իրենց հայրենիքը ֆաշիստական զավթիչներից ազատագրելու գործում:

1-ին Բելոռուսական ռազմաճակատի գնդի հետևից Սովետական Միության մարշալ Ի.Ս. Կոնևը տանում էր իր հերոսներին: 1-ին Ուկրաինական ռազմաճակատի մարտիկներն իրենց փառաբանել էին Դնեպրի և Աջափնյա Ուկրաինայի հյուսիսային մասի համար մղված ճակատամարտերում: 1944 թվականի ամռանն այդ ռազմաճակատի զորքերը մարտերով մտան լեհական հողը և ակտիվ մասնակցություն ունեցան ֆաշիստական զավթիչներից այն մաքրելու գործում: 1-ին Ուկրաինականին վիճակվեց 1-ին և 2-րդ Բելոռուսական ռազմաճակատների զորքերի փոխգործողությամբ Բեռլինյան հարձակողական օպերացիան իրագործելու և Պրագայի ազատագրումով պատերազմն ավարտելու մեծ պատիվը: Մեր մոտով քայլում էր Հայրենական մեծ պատերազմի կենդանի պատմությունը:

Հետաքրքրությամբ էի դիտում 4-րդ Ուկրաինական ռազմաճակատի համահավաք գունդը գլխավորող զորապետի ամրակազմ կերպարանքը: Քայլերը հատու դրոշմելով` գալիս էր բանակի գեներալ Ա.Ի. Երյոմենկոն: Կես տարի էլ չէր անցել այն օրից, երբ մենք միասին հարձակվում էինք Ռիգայի վրա, իսկ հետո կուրլյանդյան կաթսայում ամուր շրջափակեցինք «Հյուսիս» բանակախմբի զորքերին: Հետո մենք բաժանվեցինք` նա մեկնեց 4-րդ Ուկրաինական ռազմաճակատ` կռվելու եղբայրական Չեխոսլովակիայի ազատագրման համար, իսկ ես` Արևելյան Պրուսիա` նախապատրաստելու գրոհը Քյոնիգսբերգի վրա: Եվ ահա Անդրեյ Իվանովիչը իր փառապանծ զորքերին հպարտությամբ ներկայացնում էր կուսակցության ու կառավարության ղեկավարներին:

2-րդ Ուկրաինական ռազմաճակատի համահավաք գնդի տողաններում քայլում էին 77 Սովետական Միության հերոսներ: Գունդը վարում էր Սովետական Միության մարշալ Ռ.Յա. Մալինովսկին: Այս ռազմաճակատի զորքերը, ազատագրելով Ուկրաինան, անցան Դնեպրը և առաջինը հասան ՍՍՀՄ պետական սահմանագծին: 3-րդ Ուկրաինական ռազմաճակատի զորքերի հետ միասին նրանք փայլուն կերպով իրագործեցին Յասսի-քիշինևյան հարձակողական օպերացիան, որի ընթացքում շրջապատվեցին 18 թշնամական դիվիզիաներ, ազատագրվեցին Ռումինիան, Հունգարիան, Չեխոսլովակիան, Ավստրիան:

3-րդ Ուկրաինական ռազմաճակատի պատվիրակներին գլխավորում էր հիանալի զորապետ և շատ բարի մի մարդ` Սովետական Միության մարշալ Ֆ.Ի. Տոլբուխինը: Այս ռազմաճակատի զորքերը պատերազմի տարիներին իրագործեցին բազմաթիվ փայլուն մարտական օպերացիաներ: Նրանք ազատագրեցին Աջափնյա Ուկրաինայի հարավային մասը, Ռումինիան, Բուլղարիան, Հունգարիան, մասնակցեցին Բելգրադյան օպերացիային և իրենց ռազմերթն ավարտեցին Ավստրիայում:

Հաղթողների հանդիսավոր զորահանդեսը փոխծովակալ Վ.Գ. Ֆադեևի գլխավորությամբ եզրափակեցին Հյուսիսային, Բալթիական, Սևծովյան նավատորմերի և Դնեպրյան ու Դանուբյան նավատորմիկների ծովայինները: Նրանց կողմից ներկայացված ռազմածովային միավորումներն ու զորամասերը ֆաշիստներին ջախջախել էին ոչ միայն ծովում, այլև ցամաքում, երբ պաշտպանում էին Լենինգրադը, Օդեսան, Սևաստոպոլը, Նովոռոսիյսկը, Կերչը և շատ այլ ծովամերձ քաղաքներ:

...Հազիվ էին համահավաք գնդերի տողաններն անցել դամբարանի մոտով, երբ հանդիսավոր երաժշտությունը փոխվեց թմբուկների մանրազարկի, որի ձայնակցությամբ դեպի դամբարան շարժվեց մի արտասովոր շարասյուն` երկու հարյուր սովետական զինվորներ կրում էին պարտված ֆաշիստական դիվիզիաների մարտական  դրոշները` խոնարհեցված մինչև գետին: Թմբուկների զարկերի տակ զինվորները ավելի ու ավելի հաստատորեն էին դրոշմում քայլերը և, հավասարվելով դամբարանին, շրջվում էին նրա կողմը և թշնամու դրոշակները շպրտում դամբարանի պատվանդանի մոտ:

Սկսելով պատերազմը սովետների երկրի դեմ` ֆաշիստական պարագլուխները երազում էին իրենց դրոշները հպարտորեն տանել Կարմիր հրապարակով: Այո, այդ դրոշներն ընկան Մոսկվա, բայց ոչ թե այնպես, ինչպես տենչում էին ֆաշիստները, այլ` պատվազուրկ, խայտառակ կերպով: Դրանք բերեցին հաղթողները, որպեսզի նետեն պրոլետարական հեղափոխության մեծ առաջնորդի հանգստարանի պատվանդանի մոտ, առաջնորդ, որը մեզ կտակել է մինչև արյան վերջին կաթիլը պաշտպանել Հոկտեմբերի պատմական նվաճումները:

Նայելով թշնամու տապալված դրոշներին` ես ակամա հիշեցի գերմանական «շուն ասպետներին» պարտության ենթարկած փառապանծ Ալեքսանդր Նևսկու մարգարեական խոսքերը. «Ով թրով գա մեր դեմ, նա թրից էլ կընկնի»:

Այդպես եղել է, այդպես էլ կլինի միշտ: Եվ թող Հայրենական մեծ պատերազմում ֆաշիստական հորդաների խորտակիչ ջախջախումը դաս լինի նրանց համար, ովքեր դեռևս չեն ըմբռնել այդ ճշմարտությունը:

Հաղթանակի այն պատմական զորահանդեսից հետո ավելի քան երեք տասնամյակ է անցել: Այդ բոլոր տարիներին ես շարունակել եմ աշխատել ի բարօրություն մեր մեծ սոցիալիստական հայրենիքի: Եվ ինձ համար ուրախալի էր գիտակցել, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին սովետական մարդկանց արյունն իզուր չի թափվել: Մեր ժողովրդի հաղթանակը ֆաշիզմի հանդեպ վճռական ազդեցություն ունեցավ համաշխարհային պատմության հետպատերազմյան ողջ ընթացքի վրա` արագացնելով ռեակցիոն ռեժիմների և համաշխարհային իմպերիալիզմի լծի տակ կքած շատ ժողովուրդների սոցիալական և ազգային ազատագրումը: Այն, իհարկե, նպաստավոր պայմաններ ստեղծեց աշխարհում առաջին սոցիալիստական պետության` Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միության հետագա բարգավաճման և հզորության ամրապնդման համար:

Որպես Լենինյան կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ` ես հպարտությամբ քվեարկեցի ՍՄԿԿ ԿԿ մայիսյան պլենումում (1977) սովետական պետության նոր Հիմնական օրենքի` ՍՍՀՄ Սահմանադրության օգտին, որում արտացոլվել են մեր ժողովրդի բոլոր նվաճումները անցած 60 տարիների ընթացքում կոմունիզմի կառուցման գործում, իսկ որպես ՍՍՀՄ Գերագույն սովետի դեպուտատ մեծ ուրախության զգացումով, 1977թ. հոկտեմբերին հավանություն տվեցի իմ երկրի նոր Սահմանադրությանը:

Դրանից շատ չանցած, դեկտեմբերի 2-ին, լրացավ իմ ութսունամյակը: Եվ ես անսահմանորեն երջանիկ ու հպարտ էի, որ այդ օրը Հայրենիքն ինձ շնորհեց Սովետական Միության կրկնակի հերոսի կոչում:

Քիչ չեմ ապրել, իհարկե: Բայց քանի դեռ սիրտս բաբախում է, կուզենայի յուրաքանչյուր օր, որն ինձ կպարգևի ճակատագիրը, բեղմնավոր աշխատել ի բարօրություն սովետական ժողովրդի, հանուն մեր մեծ տերության հետագա բարգավաճման:

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am