Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Բանավեճեր

Բանավեճեր
Մայիս 2010, N 4

ՖԱՅՄԻ ՊԱԿԱՍԸ` ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ

Լուսինե Կեսոյան, www.nationalidea.am կայքի քաղաքական մեկնաբան

Երբ օձը հրապուրում էր դրախտում անհոգության մեջ լողացող Եվային` եղած-չեղածը մի խնձորով և Ադամի կինը չկարողացավ դիմակայել գայթակղությանն ու կերավ սատանայի «կուտը», Աստված երևի թե հենց այդ ժամանակ հասկացավ, որ իր ստեղծած մարդ արարածին տվել էր ամեն ինչ, բացի մի բանից` ֆայմից: Եթե Եվան «քթի ծակ» ունենար, կհասկանար, որ կարելի էր նույնքան անհոգ ապրել նաև առանց հիշյալ խնձորի համն առնելու, բայց դա նախամորը տրված չէր, այդ պատճառով էլ նախընտրեց կատարել չարաբաստիկ ընտրությունը:

Եվ ուրեմն, ի սկզբանե ոչ միայն բանն էր, այլև ի սկզբանե էր նաև ֆայմի պակասը կամ դրա իսպառ բացակայությունը:

Հայաստանի Հանրապետությունում այնքան կիսատ-պռատ բաներ կան, որ դրանց պարզ թվարկումը կարող է ուղղակի կեսից խոր դեպրեսիայի մեջ գցել թվարկողին£ Բայց եթե ուշադիր դիտարկելու լինենք տարբեր երևույթներ, կարելի է տեսնել, որ շատ բաներ հնարավոր էր միանգամայն այլ կերպ դասավորել, սակայն դրանք չեն դասավորվում` ո´չ թե որովհետև դա անհնար է կամ լուրջ խոչընդոտներ կան դրանց հասնելու գործում, այլ, պարզապես, որովհետև Եվայի ցեղից սերված մահկանացուները չեն ֆայմում` լինեն բարձրաստիճան պաշտոնյաներ, թե շարքային քաղաքացիներ:

 

ԱՆՖԱՅՄՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆԴԵՊ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ամեն օր աշխատանքի է գնում Դեմիրճյան փողոցով. դուրս է գալիս ՀՀ նախագահների առանձնատնից, որը գտնվում է Հրազդանի կիրճում և Դեմիրճյան փողոցով ուղևորվում դեպի նախագահական նստավայր: Թվում է` սա այն ճանապարհն էր, որը պետք է որ հատուկ ուշադրության արժանացած լիներ. սա նաև խորհրդարանին կից փողոցն է, այսինքն` փողոց, որը հատուկ պետհամարանիշերով առավելագույն քանակի ավտոմեքենաներ է սպասարկում: Որպես կանոն, նման պետհամարանիշերը դրվում են նաև համապատասխան մակնիշի ավտոմեքենաների վրա, որոնք նախատեսված չեն գյուղի քանդուքարափ ճամփեքով արշավներ կազմակերպելու համար: Բայց քաղաքապետարանը, անֆայմության իր լուման ներդնելով, Դեմիրճյան փողոցը դասել է մայրաքաղաքի ծայրամասերի փողոցների շարքին, հավանաբար, որպեսզի նախագահի համար ավելի շոշափելի դառնա մայրաքաղաքում փողոցների վիճակը: Այս փոսերից շատերն այնպիսի «գաբարիտներ» ունեն, որ եվրոպացի վարորդին կարող են սարսափի մեջ գցել, բայց քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն այս հարցում սարսափելու առիթ չի տեսնում, քանի որ վստահ է, որ նախագահի հիմնական վարորդ, նրա անվտանգության պետ Վաչոն` գնդապետ Ղազարյանը, վախեցող պտուղ չէ և փոս չէ, անդունդ էլ լինի, նախագահին սահուն կերպով վրայից կանցկացնի: Բայց ամեն դեպքում նախագահի վարորդը, չհաշված մյուս` նվազ բարձրաստիճանների վարորդներին, ամեն օր, քաղաքապետարանի անֆայմության պատճառով պետք է առավելագույն զգուշությամբ վարի ավտոմեքենան, որպեսզի, հանկարծ Աստված չանի, երկրի ղեկավարին փոսը չգցի:

Անցնելով Դեմիրճյան փողոցի ամբողջ երկարությամբ և հաշվելով բոլոր փոսերը, դրանց մակերեսները, խորությունը, բազմապրոֆիլությունը և, համապատասխանաբար, վտանգավորության աստիճանը` կարելի է հաշվել, թե ամսվա կտրվածքով քանի ավտոմեքենա կարող է վնասվել նման փորձանքի մեջ ընկնելով և, նկատի ունենալով, որ այս փողոցում, ինչպես նշեցինք, փոսերի մեջ ավելի շատ ընկնում են հատուկ պետհամարանիշ ունեցող ավտոմեքենաները, հաշվել, թե պետական բյուջեն որքան վնաս է կրում դրանից, քանի որ նման ավտոմեքենաները սպասարկվում, ինչպես նաև գնվում են հարկատուների գումարներից հավաքագրվող բյուջեի հաշվին: Այստեղ քաղաքապետարանի անֆայմության միակ դրական կետը երևի թե այն է, որ Դեմիրճյանով անցնող շարքային քաղաքացիները, տեսնելով, որ փողոցն այնքան էլ չի տարբերվում քաղաքի ծայրամասի փողոցներից, զայրանալուց ու վրդովվելուց հետո կասեն. «եթե իրենց համար չեն անում, մեր համար ինչի՞ կանեն, որ, եթե նախագահի փողոցն է էս վիճակում (այսպես են սովորաբար անվանում այս փողոցը), էլ ինչի՞ մասին կարելի է խոսել»:

Սա հայ իրականության մեջ ֆայմի բացակայության տարրական օրինակ է: Ի դեպ, ֆայմի պակասն ու բացակայությունը, ինչպես երևում է, Դեմիրճյան փողոցում ուղղակի վարակիչ բնույթ ունի: Երբ անցնում և լուսանկարում էի փողոցի փոսերը, Ազգային ժողովի մուտքերից մեկի մոտ կանգնած երիտասարդ պարեկը, հետաքրքիր տոնով նկատողություն արեց. «Ի՞նչ եք անում, մի՞ նկարեք»: Երբ հարցրի` «ինչո՞ւ, չի՞ կարելի», նա, իհարկե, այդպես էլ չֆայմեց խելքը գլխին պատասխան տալ, բայց ես երիտասարդի հորդորից հասցրի հասկանալ, որ Դեմիրճյան փողոցի փոսերն էլիտար են, հատուկ և նախատեսված, հավանաբար, միայն նախագահի համար, դրա համար էլ դրանք հարկավոր է ամենայն լրջությամբ ու պարտաճանաչությամբ պահպանել, օտար աչքից աննկատ պահել և թույլ չտալ, որ որևէ մեկը հանկարծ ավելորդ հետաքրքրասիրություն դրսևորի դրանց նկատմամբ. մեկ էլ տեսար` աչքով տվեցին, ու փոսերն անհետացան: Կարելի է ենթադրել, որ եթե որևէ մեկն ինքնակամ փորձի նաև լցնել այդ փոսերը, դարձյալ նկատողության կարժանանա խորհրդարանի պահնորդների կողմից, որովհետև, ինչպես երևում է, նրանք նաև փոսերը պահպանելու առաքելություն ունեն:

Դեմիրճյան փողոցը, տիտանական փոսերից զատ, նաև բավական ծանրաբեռնված է: Հետաքրքիր է` ինչո՞ւ: Որովհետև Բաղրամյան պողոտայից Պռոշյան անցումն արգելված է, և մեքենաները, եթե Պռոշյան են մտնելու, ստիպված են դա անել հենց Դեմիրճյանով: Այսինքն` բացի նրանից, որ Դեմիրճյան փողոցին բաժին է ընկնում Ազգային ժողովի, Վերահսկիչ պալատի ողջ անձնակազմի մեքենաների ամենօրյա սպասարկումը, այն իր վրա է վերցնում նաև Պռոշյան փողոց գնացողների բազմությունը: Դուրս է գալիս, որ նախագահը, անգամ օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր ընդունելիս, պարտավոր է հաշտվել այդ իրողության հետ և երթևեկել ծանրաբեռնված, խցանումներով առատ փողոցով, այն դեպքում, երբ կարելի էր ընդամենը ֆայմել և թույլատրել Բաղրամյան պողոտայից Պռոշյան փողոց անցումը, որով գոնե խորովածի ու քյաբաբի ախորժակ ունեցողների մեքենաներն իզուր չէին խոչընդոտի նախագահի ավտոշարասյանը:

 

ՖԱՅՄԻ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ

Ֆայմը կարելի է դասակարգել մի քանի չափանիշներով: Դրա բացակայությունը կարող է արտահայտվել երկու ձևով. ֆայմի կատարյալ բացակայություն. սա անֆայմության «մաքուր» ձևն է, երբ ընդհանրապես ֆայմի նշույլ չկա ի բնե, և ֆայմի դրդապատճառավոր բացակայություն. այս դեպքում, թվում է, թե ֆայմ չկա, բայց իրականում ֆայմն առկա է, ընդամենը բացակայության իմիտացիա է ստեղծվում, քանի որ այդպես ավելի ձեռնտու է: Սրա օրինակները ևս բազմաթիվ են մեր իրականությունում:

Ֆայմը դասակարգվում է նաև ըստ դոզայի` ֆայմի լիակատար բացակայություն, թույլ առկայություն, միջին առկայություն և, բնականաբար, ֆայմի գերագույն դրսևորում:

Ի վերջո, ֆայմը կարելի է դասակարգել ըստ բնագավառների` քաղաքական ֆայմ, տնտեսական ֆայմ, մշակութային ֆայմ և այլն:

Փորձենք տեսնել, թե ինչ ավերածություններ կարող է գործել ֆայմի բացակայությունը կյանքի տարբեր ոլորտներում:

 

ԱՆՖԱՅՄՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Գիտությունների ազգային ակադեմիան վերջերս մի մեծածավալ աշխատություն է հրատարակել` «Հայ ժողովրդի ավանդը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում (1941-1945)» վերնագրով: Սա ԳԱԱ Պատմության ինստիտուտի հավանությանն արժանացած աշխատանք է` պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյանի (այս անունով են կոչել մարշալ Վորոշիլովի պատվին) և Հրանտ Պողոսյանի հեղինակությամբ: 874 էջանոց գրքում համակողմանիորեն ներկայացված է հայ ժողովրդի մղած պայքարը Մեծ հայրենականում, մեկ առ մեկ նշված են հերոսությամբ աչքի ընկած հայորդիները` մարշալներից մինչև ԽՍՀՄ հերոսներ£ Նրանց շարքում 484-րդ էջից սկսվում է մի գլուխ, որ կոչվում է «Գերմանական բանակի հայկական լեգեոնը»: Այստեղ խոսվում է մի խումբ դաշնակցական գործիչների մասին, որոնք Բեռլինում ստեղծում են «Հայերի ազգային խորհուրդ»` Արտաշես Աբեղյանի գլխավորությամբ և որոշում օգնել հայ ժողովրդին` իրենց ֆայմի ու խելքի գյորա: Գրքում կարդում ենք.

«Խորհրդի կազմում էին Գարեգին Նժդեհը, Դրաստամատ Կանայանը (Դրո) և այլք: Խորհուրդը գործում էր Արևելյան շրջանների` ֆաշիստների գրաված խորհրդային տարածքների նախարարության հովանավորության ներքո, որի խնդիրներից մեկը Կովկասում ֆաշիստական տիրապետության հաստատումն էր: Այս նպատակով վերմախտի կազմում ստեղծվում են հայկական, վրացական և ադրբեջանական ազգային լեգեոններ: Նժդեհն ու Դրոն ներգրավվում են Հայկական լեգեոնի կազմակերպման գործում` համակենտրոնացման ճամբարներում ռազմագերի հայերին սովից և անխուսափելի մահից, ինչպես նաև Խորհրդային Հայաստանի բնակչությանը թուրքական ջարդերից փրկելու նպատակով, եթե թուրքերը հատեն ԽՍՀՄ սահմանը և ներխուժեն Հայաստան: Ելնելով այս հայրենասիրական մղումներից` Նժդեհն ու Դրոն շրջեցին գերիների ճամբարներում և հավաքագրեցին հայազգի զինվորներին, սպաներին և անգամ կոմունիստներին: Ընդհանուր հաշվով հաջողվեց հավաքագրել 8-9 հազար ռազմագերի և ստեղծել Հայկական լեգեոնի 10 գումարտակ»:

Այս թանկարժեք հրատարակությունը ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը առանձնահատուկ ջերմությամբ նվիրել է Հայաստանում ՌԴ դեսպանին, որը շուտով, գիրքը կարդալուց հետո, իր համար կպարզի մի շարք իրողություններ, որոնց մասին գուցե մինչ այդ չէր էլ կասկածում. այն, որ հայերը, փաստորեն, Մեծ հայրենականում ավանդ են ունեցել նաև Ադոլֆ Հիտլերի հետ համագործակցության ձևով: Սա պատմական ճշգրիտ տեղեկություններ կտա նաև Հայաստանի քաղաքական դաշտում վճռորոշ դերակատարում ունեցող ՀՀԿ և ՀՅԴ կուսակցություններին անդամագրվածներին` իրենց կումիրների մասին: Նրանք մասնավորապես կհասկանան, որ 8-9 հազար խորհրդային հայերին «վերբովկա անելը» ազգանվեր գործ է և ավանդ Մեծ հայրենականում, և չի բացառվում, որ այս «ավանդի»` ըստ արժանվույն գնահատման դեպքում ազգային հերոսի դափնիներ ունեցող «կուսակցական հայրերը» կարող են սրբացվել և բազմել հայոց գերհզոր աստվածների պանթեոնում:

Դրոյի ու Նժդեհի անձնվեր վերաբերմունքը ֆաշիստների հանդեպ ուղղակի ապշեցուցիչ է հատկապես այն համատեքստում, որ հիտլերյան Գերմանիայի պարագլուխները հայերի նկատմամբ բոլորովին էլ սրտագին զգացմունքներ չէին տածում: Այդ մասին խոստովանում է նաև Դրոյի և Նժդեհի ավանդն ընդգծող Կլիմենտ Հարությունյանը (որին, ի դեպ, ինչպես վերը նշեցինք, այդպես են անվանել խորհրդային մարշալ Վորոշիլովի պատվին):

«Բնութագրական է, որ ռայխսկանցլեր Գերման Գերինգն իր, այսպես կոչված, «Կանաչ թղթապանակում» ցուցումներ էր տալիս իր զորահրամանատարներին` «Կովկասում օգտագործել բնիկների (վրացի, հայ, թաթար) և ռուսների միջև եղած հակասությունները` մեր հետաքրքրությունների օգտին` հաշվի առնելով հայերի անբարյացակամությունը մեր նկատմամբ»: Գերմանացիների հանդեպ հայերի անբարյացակամության մասին շեշտել էր նաև անձամբ ֆյուրերը` Ադոլֆ Հիտլերը: 1942թ. դեկտեմբերին, վերադառնալով խորհրդային ռազմագերիներից ազգային լեգեոններ կազմավորելու հարցին, նա հայտարարեց. «Չգիտեմ` ինչպես կպահեն իրենց վրացիները: Նրանք չեն պատկանում թյուրքական ժողովուրդներին: Հուսալի ես համարում եմ միայն մուսուլմաններինԶուտ կովկասյան գումարտակների ձևավորումը ես համարում եմ չափազանց ռիսկային, բայց վտանգ չեմ տեսնում զուտ մուսուլմանական զորամասերի ստեղծման մեջՉնայած Ռոզենբերգի և զինվորականների հայտարարություններին, ես չեմ վստահում նաև հայերին»:

Դրոն և Նժդեհը գուցե մտածում էին, թե լավ բան են անում` հազարավոր հայերի մղելով ֆաշիստների հետ համագործակցության, որոնք, ինչպես նշում է պատմաբան Հարությունյանը, դժկամությամբ էին կրում ֆաշիստական համազգեստը և բոլորովին մտադիր չէին կռվել նրանց օգտին. գերության մեջ հայտնված հայերի միակ նպատակը ռազմաճակատ հասնելն ու հարմար պահին այնտեղից փախչելն էր: Սակայն Դրոյի և Նժդեհի հետ տեղի է ունենում այն, ինչ սովորաբար լինում է դաշնակցականների դեպքում. նրանք, եթե անգամ ընդունում ենք, որ միայն բարի նպատակներով էին առաջնորդվում, փորձանք են բերում համակենտրոնացման ճամբարներում առանց այդ էլ քիչ դառնություն չտեսած հայրենակիցների գլխին. պատերազմից հետո Ստալինը պատժում է բոլոր նրանց, ովքեր համարձակվել էին գերի ընկնելիս չօգտվել վերջին գնդակը սեփական գլխին ուղղելու հնարավորությունից: Ստալինի դեպքում ֆաշիստների հետ գործակցածների մասին ընդհանրապես կարելի է չխոսել. նույն Նժդեհը մահկանացուն կնքում է խորհրդային աքսորում:

Հիմա հարց` ինչի՞ հետ գործ ունենք այս դեպքում: Բնականաբար, այստեղ ֆայմի կատարյալ բացակայության սինդրոմն է, որն, ի դեպ, միայն հեղինակներին չէ, որ բաժին է հասել: Ախտանիշն առկա է, այն էլ ավելի վառ արտահայտված, նաև Գիտությունների ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի մոտ: Եթե այն գոնե մի փոքր արտահայտված լիներ պն Մարտիրոսյանի մոտ, նա նախ կհասկանար, որ նման փաստ չի կարելի ներգրավել այսպիսի ժողովածուի մեջ, քանզի պարզից էլ պարզ է, որ «հաղթանակի ավանդ» հասկացության հետ Խորհրդային Միության հակադիր ճամբարում գտնվողներն ընդհանուր ոչինչ չունեն: Ֆայմի դեպքում առավել ևս հասկանալի է, որ չէր կարելի նման նյութ տպագրել£ Առավել ևս նման «ավանդը» չարժե նվիրել ռուս դեսպանին` նրա աչքերը բացելու համար. մինչև գրքին ծանոթանալը ռուս դեսպանը հաստատապես ծանոթ կլիներ հայերի բազմակողմանի ավանդին, սակայն դժվար թե կասկածներ ունենար այս աստիճան «բազմակողմանիության» մասին:

Գիտության ոլորտն այնքան տարողունակ է, և հատկապես Հայաստանի գիտնականների համաստեղությունն այնքան հարուստ է ունիկալ դեմքերով (ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը` «ուզում եք իմանալ, թե ինչու է մեր կրթության որակը այնպիսին, ինչպիսին կա` մի մեծ պատից կախեք ԳԱԱ նախագահի, բուհերի ռեկտորների, պրոռեկտորների ֆոտոները և ուշադիր նայեք նրանց դեմքերին: Ավելի լավ է` մի հետաքրքրվեք, թե ովքեր են նրանք, ինչ կյանքով են ապրել և բարոյական ինչ արժեքների կրող են»), որ մեր թեմայի շրջանակում այս ոլորտի վերաբերյալ կարելի է համանման ժողովածուի նյութ գտնել` ցանկության ու ամուր նյարդերի պարագայում: Բայց այս անգամ բավարարվենք այս մի օրինակով:

 

ԱՆՖԱՅՄՈՒԹՅՈՒՆԸ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ

ՏՈՒՐԻԶՄԻ ՈԼՈՐՏՈՒՄ

Տնտեսական ոլորտում հիմնականում կարելի է հանդիպել անֆայմության դրդապատճառավոր տեսակին: Այստեղ ոչ թե անֆայմներ են, այլ աֆերիստներ, որոնք անֆայմության իմիտացիայով են զբաղված` սեփական գրպանները միլիոններ լցնելու համար:

Անգամ տնտեսագիտությունից հեռու մարդը ֆայմում է, որ միայն ներկրման վրա շեշտ դնելով ու սեփական արտադրությունը գրողի ծոցն ուղարկելով անհնար է տնտեսություն զարգացնել, առավել ևս, որ ներկրումը մոնոպոլ հիմունքներով կազմակերպելով տնտեսությունը չի կարող զարգացման հեռանկար ունենալ, և որ ընդհանրապես, մրցակցային հավասար պայմանների բացակայությունը տնտեսության հոգեհանգստի արարողությունը մոտեցնելու և արագացնելու լավագույն տարբերակն է:

Ավելի խայտառակ պատկեր է տուրիզմի ոլորտում: Այնպիսի «խթանված» տուրիզմ, ինչպիսին Հայաստանում է, անկարելի է գտնել մեկ այլ տեղ, և սա ևս, բացի ֆայմի բացակայությունից, ուրիշ բանի վերագրել չի կարելի: Հայաստանում տուրիստական ոլորտն առանց այդ էլ մի լավ օրի չէր, բայց այն օրից, երբ կառավարությունը որոշեց դա հռչակել գերակա ոլորտ և այն «խթանել», տուրիզմն այնպես «խթանվեց», որ ՀՀ քաղաքացիները նախընտրում են կես օր անցկացնել դրսում, քան մեկ օր` Հայաստանի տուրիստական վայրերում: Եվ ոչ ոք չփորձեց հասկանալ, թե որն էր պատճառը, թեպետ ֆայմը կհուշեր, որ տուրիզմի զարգացման հիմնական խթանը (ենթակառուցվածքներից հետո) մատչելի գներն են, ինչն անընդունելի է Հայաստանում, որտեղ գերշահույթն է ամենասուրբ հասկացությունը:

 

ԱՆՖԱՅՄՈՒԹՅՈՒՆԸ  ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը, անկախ նախաձեռնողական շատ մեծ ձգտումներից, հարկադրված է սահմանափակվել այն սահմաններում, որի հնարավորությունը տալիս է պետության հզորությունն ու հնարավոր դիրքը: Պետության ընկալումն արտաքին աշխարհում պայմանավորվում է նրա` իբրև պետական կազմավորում ներկայացրած լրջությամբ: Հայաստանի Հանրապետության ղեկավարությանն անհնար է կասկածել լրջության բացակայության մեջ, սակայն մի բան է լուրջ լինելը, մեկ այլ բան` այդ լրջությունը ինչպես հարկն է մատուցել կարողանալը: www.president.am այցելողը միանգամից չի կարող գլխի ընկնել, թե որ երկրի նախագահի կայք է այցելել. եթե պրեզիդենտ է, այն էլ am, այսինքն` հայկական տիրույթում գրանցված, ուրեմն այդ դեպքում ի՞նչ գործ ունի այստեղ անգլերենը: Ի տարբերություն իրենց հարգող պետությունների` ԱՄՆ, ՌԴ և մնացած բոլոր կայացած պետությունների, որոնց նախագահական պաշտոնական կայքերը բացվում են տվյալ պետության մայրենի լեզվով, ՀՀ նախագահի պաշտոնական կայքի առաջնային լեզուն անգլերենն է: ՀՀ քաղաքացին ամեն օր պարտավոր է հաշվի նստել նախագահականի կայքի կողմնորոշումը որոշողների հետ և միայն երկրորդ քայլով` լեզուն փոխելով, հասանելի դարձնել հայերենը: «Ազատամտություն» օրաթերթում մենք ևս ունեինք այդ խնդիրը. թերթը, ինչպես նաև ինտերնետային կայքը, երկլեզու էր` հայերեն և ռուսերեն, ուստի որոշեցինք կայքում լեզվի ընտրությունը նախնական էջից թողնել ընթերցողի հայեցողությանը: Եթե այդ աստիճան դժվար է նախապատվությունը տալ հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներից որևէ մեկին, ապա շատ ավելի ճիշտ կլինի կազմակերպել մուտքային էջի մի տարբերակ, որտեղից համապատասխան լեզվի ընտրությունից հետո նոր կարելի է մտնել պաշտոնական կայք. սա, ի դեպ, բավական ընդունված ձև է, թեև ՀՀ նախագահի հարցում կարծես թե հայերենին այլընտրանք պետք է որ չլիներ` հաշվի առնելով «Լեզվի մասին օրենքի» նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքը:

Սակայն լեզվի խնդիրը միայն սրանով չի սահմանափակվում: president.am-ը «Լեզվի մասին» օրենքը խախտելու գործում պարզապես ռեկորդակիր է. նախագահական կայքի հայերեն բաժնում «և» տառն անպայման գրվում է «եւ», չակերտները հայերեն «»-ի փոխարեն‘’: Սրանք, ճիշտ է, մանրուքներ են, սակայն հենց նման մանրուքներից է ձևավորվում տվյալ պետության մասին պատկերացումը:

Սխալները խտանում և ավելի խայտառակ բնույթ են ստանում արդեն նախագահի ելույթներում: Ֆայմի առկայությունը կարող էր կանխել այնպիսի խայտառակությունների հրապարակայնացումը, որպիսիք լսեցինք նախագահ Սերժ Սարգսյանի` Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ (24.04.2010) ունեցած ելույթում. «Այսօր ապրիլի 24-ն է: 95 տարի առաջ այս օրը պետականորեն մշակված ծրագրով սանձազերծվեց մի ոճրագործություն, որն իր ծավալով, հրեշավորությամբ ու հետևանքների ծանրությամբ նախադեպը չուներ ոչ միայն հայ ժողովրդի, այլև համաշխարհային պատմության մեջ»: Սա փաստական սխալ է. ապրիլի 24-ին ցեղասպանության ծրագիրը չի մեկնարկել, այս օրն ընդամենը ձերբակալել են հայ մտավորականներին, իսկ ջարդերը սկսվել են ավելի վաղ: Նույն ելույթում ճառի հեղինակի անֆայմությունը անհեթեթության է հանգեցրել. «Հաշվարկված էր, որ Մեծ եղեռնից հրաշքով փրկված հայության բեկորները չպետք է կարողանային ուշքի գալ ստացած հարվածից, պիտի լուծվեին հինգ մայրցամաքների միջև ձգվող հորձանուտում» (սա արդեն իմաստային սխալ է, եթե հաշվի առնենք, թե մայրցամաքների միջև ընկած հորձանուտն ինչ է. տվյալ պարագայում փոխաբերության գործածումը հանգեցրել է մտքի անհեթեթության): Նախագահի ելույթում հատկապես շատ են լեզվական սխալները: «Մեկ ու կես միլիոն զոհ, հայրենազրկված և տարագիր արված  (հայերենում կիրառելի են «տարագրված» կամ տվյալ դեպքում` «տարագիր» արտահայտությունները, քանի որ բառն ինքնին ենթադրում է, որ գործողությունը հարկադրական է, և այդ դեպքում «արված» դերբայի գործածումն ավելորդ է) մի ողջ ժողովուրդ, հնամյա մշակույթի ոչնչացում. սա էր հայերի վերջին հետքերը ջնջելու մոլուցքն ու գաղափարախոսությունը պետական քաղաքականության վերածելու հետևանքը»: Մեկ այլ նախադասություն. «Այսօր համայն հայության հետ ես գլուխ եմ խոնարհում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին (գլուխ եմ խոնարհում հիշատակի առաջ, այլ ոչ թե հիշատակին, քանի որ «գլուխ խոնարհել» կապակցությունը պահանջում է հանգման անուղղակի խնդիր, տվյալ դեպքում` «առաջ» կապի միջոցով): Նրանք մեզ պատգամ են թողել` ապրել ու արարել հանուն բարու, գեղեցիկի, հանուն Հայոց հայրենիքի, մեր ազգային իղձերի և համայն մարդկության: Մենք չե՛նք ուրանալու նրանց հիշատակն ու պատգամը»:

Հայոց լեզվի բռնաբարության դեպքերն աննկարագրելի և անհաշվելի են ՀՀ թիվ մեկ կայքում: Բայց որքան էլ խայտառակ լինեն մայրենի լեզվի սխալները, այնուամենայնիվ, դրանք չեն կարող համեմատվել ռուսերեն և անգլերեն տարբերակներում տեղ գտածների հետ: Ռուսերենով ՀՀ նախագահի կայքին ծանոթացողները մի պահ կարող են շփոթմունքի մեջ ընկնել` արդյո՞ք սա պաշտոնական կայք է, թե՞ ինչ-որ մեկը փորձել է նմանակել այն` ծիծաղի առարկա դարձնելով ՀՀ նախագահականը: Օրինակ, «Дневник первой Леди» բաժնում (հենց բաժնի անվանման մեջ արդեն իսկ անլրջությունը նկատելի է. ռուսերենում ճիշտ ձևը «Дневник Первой леди»-ն է, այսինքն` անգամ բաժնի մեջ առկա է մեծատառ-փոքրատառի սխալ) կարդում ենք. «По инициативе Первой леди РА Риты Саргсян 6 апреля в концертном зале имени Арно Бабаджаняна был организован праздничный концерт и прием, посвященный месячнику женщин» (ֆայմի առկայության դեպքում “месячник”  բառը կարելի էր այլ կերպ թարգմանել` չստեղծելով տարբեր ասոցիացիաներ): ՀՀ նախագահի կայքում այսպիսի բան կարդացողը` «Рабочий визит Президента в Королевство Бельгии и европейские структуры», քարանում է ամոթից ու սեփական պետությունը խայտառակողների հանդեպ միայն իրեն հայտնի զգացումից. ռուսերենում պետության լրիվ անվանումը ոչ մի դեպքում չի հոլովվում:

Բայց այստեղ ավելի քան անլուրջ է նախագահական կայքի նման խայտառակ վիճակը բարդել նախագահի ելույթները պատրաստողների, կայքում տեղադրվող տեքստերը կազմողների, խմբագրողների, սրբագրողների, թարգմանիչների վրա: Նրանք այստեղ ոչ մի մեղք չունեն: Չունեն, որովհետև անում են իրենց գործն այնքանով, որքանով կարողանում են. եթե մեկի համար միամսյակի ռուսերեն միակ համարժեքը «месячник»-ն է, նրան անհնար է ստիպել փոխվել և սովորել, որ կան նաև գրական ավելի պատշաճ ձևակերպումներ: ՀՀ նախագահականի կայքի խայտառակ վիճակի հիմնական մեղավորությունը նախագահականի պատասխանատուներինն է: Բայց պատասխանատուների ցուցակը նայելով կարելի է հասկանալ, որ տվյալ դեպքում նրանցից ևս ոչինչ պահանջել չի կարելի: Օրինակ, աշխարհի բոլոր նորմալ պետություններում բարձրաստիճան պաշտոնյայի մասին ամփոփ տեղեկատվության մեջ որոշակի ստանդարտ տվյալներ են տեղադրվում (անուն-ազգանուն, պաշտոն, հեռախոս և այլն), որոնցից մեկը էլեկտրոնային հասցեն է: ՀՀ նախագահականում էլեկտրոնային հասցեներին ծանոթանալով նորից սկսում ես կասկածել, որ մտել ես երկրի առաջին պաշտոնական կայք: Այստեղ էլեկտրոնային փոստերը կարծես ուզել-չուզելով են դրված (չի ուզել` չի բացել): Էլեկտրոնային փոստեր չունեն աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, նրա տեղակալներից Միքայել Մինասյանը, նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանը և այլք. ցանկացողը կարող է անձամբ մտնել և ստուգել: Բայց երբ ծանոթանում ես էլեկտրոնային փոստեր ունեցողների գրած հասցեներին, առավել ևս ապուշ ես կտրում. նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արա Գյուրջյան` ag-president.am,  (աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյան` vsargsyan-president.am. սա պաշտոնական mail-ի դասական օրինակ է, որի կողքին ավելի հստակ կերևա մյուսների հասցեների անհեթեթությունը), Արտաքին կապերի վարչության պետ Արտակ Ապիտոնյան`  erd-president.am, Ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների շնորհման վարչության պետ Ջեմմա Հակոբյան` dacar-president.am: Նման տրամաբանությամբ էլեկտրոնային փոստեր չունեցողները, եթե վաղը նախագահը պարտադրի ունենալ, կարող են բացել համանման հասցեներ գործընկերների օրինակով` karen-president.am (սա, բնականաբար, Կարեն Կարապետյանինը կլինի), mishik-president.am (համապատասխանաբար Միքայել Մինասյանինն է) և yurik-presindent.am (Յուրի Վարդանյանինը): Ինչևէ, ֆայմի դեֆիցիտը կամ բացակայությունը թույլ չի տալիս հասկանալ, որ պաշտոնական հասցեն, իրոք, պաշտոնական է և mishik.am-ով հարց չի լուծվում: Օրինակ, Մեդվեդևի աշխատակազմում չես հանդիպի, ասենք, vovchik.ru կամ vladik.ru հասցեների...

Այս ամենից ելնելով` կարելի է եզրակացնել, որ ՀՀ-ի հանդեպ անլրջությունը, եթե այդպիսին կա, գալիս է հենց նախագահականի պահվածքից, այնտեղ նստածներից կամ հայտնվածներից, որոնց թվում է, թե իրենք միայն վեհ և հավակնոտ գործեր տնօրինողներ են, իսկ մանր բաները կարելի է հանձնարարել ում ասես` խնամի, ծանոթ, բարեկամ` ով էլ լինի, կլինի: Եթե սա լիներ ընդամենը անցողիկ մի բան, ապա այդքան սարսափելի չէր լինի, բայց իրականությունն այն է, որ այս երևույթն արդեն արմատավորված և բնավորության վերածված մի բան է, սա արդեն դառնում է Հայաստանի Հանրապետության բնավորությունը: Եվ այս ամենը` ինչի՞ց, իհարկե, ֆայմի պակասից, որովհետև ֆայմի տարրական զգացողություն ունեցող մարդը կարող է հասկանալ, որ պաշտոնական մակարդակում, հատկապես այն հարցերում, որոնք կարող են ազդել պետության նախագահի հեղինակության վրա, անլրջություն, անփութություն և բոլոր տեսակի «ան»-երը հարկավոր է մեկընդմիշտ բացառել, այլապես դատապարտված ես մշտապես լինել պետությունիկի կարգավիճակում: Ոչ ավելի:

 

ՀՀ ԱՊԱԳԱՆ ՖԱՅՄԵԼՈՒ ՄԵՋ Է

Կարծում եմ, այս կարծիքն անխոցելի է: Եթե կան հակառակ կամ այլ տեսակետներ, ուշադրությամբ կծանոթանանք...

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am