Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Աշխարհաքաղաքականություն

Աշխարհաքաղաքականություն
Ապրիլ 2008, N 1

«ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ» ԼԱԲԻՐԻՆԹՈՍՈՒՄ

Արիս Ղազինյան, «ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐ»-ի գլխավոր խմբագիր

Հայ ժողովրդին տրված խոստումները` որպես ամերիկյան քաղաքական (հատկապես` նախընտրական կամպանիաների յուրատեսակ երևույթ, սկիզբ են առել դեռևս անցյալ հարյուրամյակի կեսերին: Ավելի վաղ, 1920-ական թթ. սկզբներին, նման հայտարարություններով, բայց քաղաքական այլ պայմաններում, հանդես էր գալիս նաև ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը, որն անձամբ ստորագրել էր Անկախ Հայաստանի քարտեզի տակ և նշել «վերածնված հայոց պետականության»ելքը դեպի ծով: Բայց այս` այդպես էլ Սենատի հավանությանը չարժանացած ակտը ոչ այլ ինչ էր, եթե ոչ դատարկ խոստում: Ոչ մի «հայկական ակնկալիք» մինչև օրս ԱՄՆ-ում գործնական մարմնավորում չի ստացել:
2004թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում այդ երկրում գործող հայկական կազմակերպությունները սատարեցին դեմոկրատ Ջոն Քերիի թեկնածությունը բոլորովին էլ ոչ կուսակցական նկատառումներով. Ամերիկայի «հայ ընտրազանգվածն» ավանդաբար միայն մի կողմնորոշիչ ունի` թեկնածուի տված խոստումը, ընտրվելու դեպքում, «ճանաչել Հայոց ցեղասպանությունը»: Հենց այդ սկզբունքով էլ Կալիֆոռնիայի հայերը նահանգապետի ընտրությունների ժամանակ` 2003թ., պաշտպանեցին հանրապետական Առնոլդ Շվարցենեգերի թեկնածությունը: Մինչ այդ ԱՄՆ-ի հայերը քանիցս իրենց ձայնը տվել են Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուի օգտին: Երկու անգամ նրանք քվեարկել են Ռոնալդ Ռեյգանի օգտին, ով, ի թիվս այլոց, հայերին խոստացել էր «անկախություն, ազատագրում ռուսական ճնշումից»:
Հուսալ, թե հենց Ջոն Քերին 2004թ. կարող էր դառնալ առաջին ավանդույթը «խախտողը», պարզապես լուրջ չէր լինի: Ակնհայտ է, որ ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում նա ստիպված կլիներ հրաժարվել տված խոստումներից, քանի որ բանն ինքը չէ, այլ Վաշինգտոնի տարածաշրջանային քաղաքականությունը, որտեղ Թուրքիային առանձնհատուկ տեղ է հատկացվում: Նույնը կարելի է ասել նաև դեմոկրատների ներկայիս թեկնածու Բարակ Օբամայի մասին, որը նույնպես խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը երկրի նախագահ ընտրվելու պարագայում:
Սա բավականին լուրջ խնդիր է, և մինչ այն ներկայացնելը, նպատակահարմար ենք գտնում անդրադառնալ պատմական որոշ հարցերի:


ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԻՏԱՆԿՅՈՒՆ

Հայ ժողովրդի շահերը մեծ տերությունների կողմից դիվանագիտական մանիպուլյացիայի ենթարկելու գործընթացը բավական երկար պատմություն ունի: Այն հենվում է այսպես կոչված «Հայկական հարցի» առանձնահատուկ գրավչության գիտակցության վրա, որպես Թուրքիայի վրա ճնշում բանեցնելու հարմար մեխանիզմ: Ելնելով նրանից, որ օսմանյան աշխարհում բնակվող հալածյալ ժողովուրդների քանիցս հռչակված աջակցությունն ավելին չէ, քան այդ կայսրության մասնատմամբ շահագրգիռ պետությունների հատուկ մշակում, սույն թեմայի ուսումնասիրությունը ի սկզբանե ենթադրում է հրաժարում ինչ-որ բարոյական բաղադրիչի փնտրտուքից: Սույն քաղաքական մշակումը հայտնի է «Արևելյան հարց» անվամբ, որի կառուցվածքը բաղկացած է բազմաթիվ փոքր ազգային, այդ թվում և հայկական, հարցերից:
Արևելյան նախագծի ճյուղավորված կառուցվածքը միշտ թույլ է տվել Թուրքիան պահել շարունակական լարվածության մեջ և բաց է արել վերջինի առավել խոցելի դիրքերը: Ակնհայտ է, որ արաբական, հունական, քրդական կամ հայկական հարցերի մեկուսի, զուգահեռ կամ հաջորդական ներկայացումը ժամանակին նվազագույնի է հասցրել Թուրքիայի հնարավորությունները սեփական շահերի ամբողջական պաշտպանության հարցում: Այն սասանում էր այդ հսկայական կտոր-կտոր պետության հիմքերը, ինչի արդյունքում Արևելյան հարցն անվանվեց Բարձրագույն դռան «Աքիլլեսյան գարշապար՚:
Հայ ժողովրդի թշվառ վիճակը Թուրքահայաստանի տարածքում սուլթան Աբդուլ Համիդ II-ի կառավարման շրջանում օգտագործվում էր նաև հենց Թուրքիայի քաղաքական որոշակի շրջանակների կողմից, որպես վերջնական արդյունքի հասնելու լուրջ միջոց: Մասնավորապես, հայկական գործոնն ընդգծված հանդես էր գալիս 1908թ. ռազմական հեղաշրջման արդյունքում իշխանության եկած երիտթուրքերի «Միասնություն և առաջընթաց»կուսակցության քաղաքականությունում: Կայսրությունում բնակվող հալածյալ ժողովուրդների հանդեպ սկզբունքորեն նոր վերաբերմունքն աշխարհին ներկայացնելու անհրաժեշտությունը պայմանավորվում էր երիտթուրքերի` «Արևելյան հարցի» իսկական նշանակության համարժեք ընկալմամբ և արտաքին ճնշման նման մեխանիզմից ձերբազատվելու ձգտմամբ: Հատկանշական է, որ 1908թ. նոյեմբերի 2-ին բացված նորընտիր մեջլիսի նիստին թուրք խորհրդարանականների թիվն ընդամենը 107 էր 230-ից. պատգամավորական մանդատների մեծամասնությունը պատկանում էր «մինչ այդ հալածյալ» ժողովուրդների ներկայացուցիչներին` հույներ, ալբանացիներ, հայեր, արաբներ, քրդեր, հրեաներ, բուլղարներ, սերբեր, դրուզներ: Երիտթուրքերի ղեկավարների այս քայլը հարկադրված էր, և կոչված էր մեկընդմիշտ վերջ դնելու «Արևելյան հարց» հասկացությանը:
Հեղաշրջումից հետո առաջին օրերին երիտթուրքերի կառավարության առաջնորդներն իսկապես այցելում էին հայկական եկեղեցիներ, դպրոցներ, գերեզմանատներ, հիշատակի տուրք մատուցում սուլթանի դեմ պայքարում զոհված հայդուկներին, չէին զլանում համերաշխության մասին բարձրագոչ խոսքեր ասել, կառավարության որոշ անդամներ նույնիսկ արցունք թափեցին: Իսմայիլ Էնվեր փաշան հիշատակում էր հայ-թուրքական համագործակցության և բարեկամության ամրապնդման հեռանկարների մասին: Նման արտահայտություններով աչքի էր ընկնում նաև Ահմեդ Ջեմալ փաշան: Երիտթուրքերի իշխանության սկզբնական շրջանում սկսեցին հրատարակվել նոր հայկական թերթեր, արգելված գրքեր, աշխուժացավ թատերական կյանքը: Ջոն Կիրակոսյանի վկայությամբ` այդ գործընթացի ականատեսներից մեկը հիշում է. «Երբ սահմանադրություն եղավ, առաջին օրերին հայերի մեծ մասը և ես նրանց հետ, մենք բոլորս ոգով վերածվեցինք «Միասնություն և առաջընթաց» կուսակցության անդամների: Մեր ընդհանուր համոզմունքն այն է, որ կուսակցությունը, որ սահմանադրություն էր մտցրել, կաշխատի հանուն ամբողջ երկրի և բոլոր ժողովուրդների առաջընթացի ու զարգացման: Մենք արբած էինք և մեծ հույսեր էինք կապում, որ հաշվված ամիսների ընթացքում այդ երկիրը կվերածվի Եվրոպայի»:
Թուրքական պետության հետ իրենց ճակատագիրը կապած հայ պաշտոնյաներն ու գործարար աշխարհի ներկայացուցիչներն իրենց բարգավաճումը տեսնում էին շնորհիվ երիտթուրքերի կառավարման` կապիտալիստական հարաբերությունների հաստատման մեջ: Ինչպես նշում էր Ջոն Կիրակոսյանը, «նրանք արխիվ հանձնեցին հայոց պետության ստեղծման գաղափարը և գովերգելով «Միասնություն և առաջընթացը»` իրենց նվիրեցին «ընդհանուր հայրենիքին» ծառայելու գործին»: Երիտթուրքերի կուսակցության մեջ գտնվող շատ հայեր ծանրակշիռ ծառայություններ են մատուցել երկրին: Մասնավորապես, Մարտիկյանը կարգուկանոն էր հաստատել փոստի և հեռագրության ոլորտներում, Բարսեղյանը` երկաթուղային սպասարկման ոլորտում, Նորատունկյանը` արտաքին քաղաքականության գերատեսչությունում, Սինապյանը` արդարադատությունում...
Բերված տվյալները վկայում են «Արևելյան հարց» հասկացության փոխակերպման մասին մի ավելի բարդ քաղաքական մատերիայի: Արևմտյան տերությունների դիվանագիտական նախաձեռնությունն ի սկզբանե դատապարտված էր վերիմաստավորման գրեթե բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում և հենց Թուրքիայի կողմից: Դիվանագիտության այս կարևորագույն հարցի շուտափույթ լուծման` երիտթուրքերի կառավարության հնարամիտ ռազմավարությունը, իր հերթին, խոցելի էր: Այն չէր կարող երկարատև լինել, քանի որ այդ դեպքում կհասներ կուսակցության քարոզած պանթյուրքիզմի գաղափարին: Սույն քաղաքականության ժամանակագրական անորոշությունը խիստ բացասական ազդեցություն գործեց ներկուսակցական մթնոլորտի վրա` հատկապես նկատի ունենալով այն, որ «Միասնություն և առաջընթաց» կուսակցության անդամների շարքերում կար հզոր և մեծաթիվ մի շերտ, որն ի սկզբանե հանդես էր գալիս «փոքր ժողովուրդներին» քաղաքացիական իրավունքներ տրամադրելու դեմ:
Առավել արմատականորեն տրամադրված շերտը չէր կիսում կուսակցական առաջնորդների տեսակետները Արևելյան հարցի լուծման տրամաբանության ու մեխանիզմների վերաբերյալ` առաջարկելով հավերժական խնդրից ձերբազատվելու և բացառապես մոնոէթնիկ պետության ստեղծման իր եղանակը` ենթակա ժողովուրդների բռնագաղթ կամ բնաջնջում: Ավելի ուշ, հենց այս միտումն իր արտացոլումը գտավ հրեշավոր աֆորիզմի տեսքով. «Չեն լինի հայերը, չի լինի և Հայկական հարցը»: Հարկ է նշել, որ երիտթուրքերի` պանթյուրքիզմի գաղափարախոսության վրա հիմնված քաղաքականությունը ավանդաբար անտեսում էր կրոնական գործոնը: Այս կապակցությամբ հատկանշական են կուսակցության գաղափարախոսներից մեկի` Ջելալ Նուրիի մտքերից մեկը իսլամի հիմնադիրների մասին. «Արաբներով բնակեցված հողերն ամբողջովին պետք է դառնան թուրքական, այնտեղ պետք է տիրի թուքերեն լեզուն: Անհրաժեշտ է թուրքացնել արաբական հողերը և սաղմի մեջ խեղդել արաբ երիտասարդության մեջ ծագող նացիոնալիզմը: Թուրքական մարտական ձին ավելի լավ է, քան ցանկացած այլ ազգի մարգարեն. արաբները դժբախտություն են թուրքիայի համար»:

 Քաղաքականությունը, որ առաջին ամիսներին իրականացնում էին երիտթուրքերի կառավարության առաջնորդները, գլխավոր խնդրին ենթակա մի քանի նպատակ էին հետապնդում: Հատուկ նշանակություն էր տրվում իշխող վերնախավում ինտեգրված այս կամ այն ազգի ներկայացուցիչների օտարմանը կայսրության ծայրամասերում մղվող ազատագրական պայքարից: Թեև հայկական թերթերի ընդհանուր թիվն իսկապես ավելացել էր, բայց հայերն իրավունք չստացան թերթեր հրատարակել պատմական հայրենիքում: Տպարանները գործում էին երկրի արևմտյան մասում, ընդ որում` որոշ պարբերականներ բացահայտորեն գովերգում էին նոր վարչակարգը (մասնավորապես, Լևոն Աճեմյանի հոդվածները): Այդ գործընթացը ճակատագրական ազդեցություն ունեցավ հայերի վրա, որոնք իրենց մտավոր և գործնական որակների շնորհիվ բոլորից շուտ ինտեգրվեցին կառավարման համակարգում  (զուգահեռաբար, պատմական Հայաստանի մի շարք քաղաքներում` Վան, Էրզրում և այլն, ավելացավ ռոտատիպ եղանակով թողարկվող թերթերի թիվը, որոնք ճշմարտացիորեն էին արտացոլում իրավիճակն ու կոչ անում շարունակել ազգային-ազատագրական պայքարը):


ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆԵՐԻ 
ԳԼՈԲՈՒՍԻ ՎՐԱ


Թուրքահայաստանում հայ ժողովրդի թշվառ վիճակը չէր վիճարկվում նաև արտաքին ուժերի կողմից և հենց իր ակնհայտության պատճառով էլ միանգամայն գրավիչ միջոց էր ոչ միայն Օսմանյան կայսրության վրա ճնշում գործադրելու, այլև հայ ազգի լիազորված ներկայացուցիչների հետ` նրանց վերջնականապես համապատասխան քաղաքական ճամբար ներգրավելու նպատակով, «խաղալու» առումով: Այս կապակցությամբ հատկանշական է ժողկոմ Իոսիֆ Ստալինի «Թուրքահայաստանի մասին»հոդվածը` հրապարակված «Պրավդա» թերթում 1917թ. վերջին օրը. «Այսպես կոչված Թուրքահայաստանը», թվում է, միակ երկիրն է, որ գրավել է Ռուսաստանը «պատերազմի իրավունքով»: Դա այն նույն «դրախտավայրն» է, որը երկար տարիներ Արևմուտքի ագահ դիվանագիտական տենչանքների և Արևելքի արյունալի վարչարարական վարժանքների առարկա է ծառայել (և շարունակում է ծառայել): Հայերի կոտորածներն ու ջարդը մի կողմից բոլոր երկրների դիվանագետների փարիսեցիական «հովանավորությունը»` որպես նոր կոտորածի քողարկում, մյուս կողմից, և արդյունքում` արնաշաղախ, խաբված և ստրկացած Հայաստանը. ո՞վ չգիտի «քաղաքակիրթ» տերությունների դիվանագիտական այս «վարպետության» «սովորական» պատկերները:
Հայաստանի զավակները, իրենց հայրենիքի հերոսական պաշտպանները, բայց ոչ այնքան հեռատես քաղաքական գործիչները, որ մեկ անգամ չէ, որ խաբվել են իմպերիալիստական դիվանագիտության գիշատիչների կողմից, այժմ չեն կարող չտեսնել, որ դիվանագիտական մեքենայությունների հին ճանապարհը Հայաստանի ազատագրման ճանապարհը չէ: Պարզ է դառնում, որ ճնշված ժողովուրդների ազատագրության ճանապարհն ընկած է աշխատավորների Ռուսաստանում հոկտեմբերին սկսված հեղափոխության միջով: Այժմ բոլորին է պարզ, որ Ռուսաստանի ժողովուրդների ճակատագիրը, հատկապես հայ ժողովրդի ճակատագիրը սերտորեն կապված է Հոկտեմբերյան հեղափոխության ճակատագրի հետ: Հոկտեմբերյան հեղափոխությունը կոտրեց ազգային ճնշման շղթաները: Այն պատռեց ցարական գաղտնի պայմանագրերը, որ շղթայել էին ժողովուրդների ձեռքն ու ոտքը: Նա և միայն նա կարող է ավարտին հասցնել Ռուսաստանի ժողովուրդների ազատագրության գործը:
 Ելնելով այս նկատառումներից` Ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշեց հատուկ դեկրետ հրատարակել «Թուրքահայաստանի» ազատ ինքնորոշման մասին: Դա հատկապես անհրաժեշտ է հիմա, երբ գերմանա-թուրքական իշխանությունները, հավատարիմ իրենց իմպերիալիստական բնույթին, չեն թաքցնում օկուպացված մարզերն իրենց իշխանության տակ բռնի պահելու ցանկությունը: Ռուսաստանի ժողովուրդները թող իմանան, որ Ռուսական հեղափոխությանն ու նրա կառավարությանը խորթ են զավթողական ձգտումները: Թող բոլորն իմանան, որ ազգային ճնշման իմպերիալիստական քաղաքականությանը Ժողովրդական կոմիսարների խորհուրդը հակադրում է ճնշված ազգերի լիակատար ազատագրումը»:

Սույն հոդվածը, որ գրվել է, Ռուսաստանի խորհրդային կառավարության «Թուրքահայաստանի մասին» դեկրետի ընդունման (1917թ. դեկտեմբերի 29 – 1918թ. հունվարի 11) առիթով, միանգամայն համահունչ է ժամանակի համատեքստին: Մի կողմից` այն համարժեք ձևով լուսաբանում է հայկական գործոնով մշտական մանիպուլյացիայի գործընթացը, ընդունում և պաշտպանում է ազգի ազատ ինքնորոշման իրավունքը պատմականորեն ձևավորված սահմանների շրջանակներում, մյուս կողմից` հերթական նման մանիպուլյացիայի քրեստոմատիկական օրինակ է:
1894թ. նոյեմբերին Ֆրիդրիխ Էնգելսը կնշի. «Հայ ժողովուրդը գտնվում է թուրքական Սկիլլայի դեսպոտիզմի և ռուսական Քարիբդայի միջև, և չգիտես ինչու հենց ռուսական ցարիզմն է հանդես գալիս ազատողի դերում: Այնինչ, հայերի իրական ազատագրումը թուրքերի և ռուսների լծից հնարավոր է միայն ցարիզմի տապալումից հետո»: Էնգելսը նախաբան չի գրի «Մանիֆեստի...» հայերեն հրատարակության համար` փաստարկելով լեզվի չիմացությամբ, բայց ուշադրություն կդարձնի Հայաստանի դիրքի ռազմաստրատեգիական կարևորության, ինչպես նաև այն երկակի քաղաքականության վրա (այժմ դա անվանում են «երկակի ստանդարտներ»), որը հայերի հանդեպ ավանդաբար վարում են աշխարհիս հզորները: Քննադատելով Հայակական հարցի հանդեպ տերությունների մոտեցումները` նա կջանա հայերին կոչել` հույս չդնել վերջիններիս բարեհաճության վրա, բայց չգիտես ինչու ամբողջովին վստահել մարքսիզմին: Հաշվարկը պարզ է. կայսրությունների (Ռուսական և Օսմանյան) կործանումն անպայման կկանխորոշի դրանց փլատակների վրա նոր պետությունների, այդ թվում` ազատ Հայաստանի ստեղծում:
«Հայկական հարցի» խաղարկումը հիմնականում հատուկ էր արևմտյան դիվանագիտությանը: Առաջին համաշխարհային պատերազմի շրջանում Անտանտի ներկայացուցիչները հռչակեցին թեզիսն այն մասին, որ գլոբալ ռազմական դիմակայության գլխավոր նպատակներից մեկը հայերի ազատագրումն էր թուրքական լծից: «Հայկական հարցի» վերաբերյալ Համայնքների պալատում բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար սըր Բալֆուրի արած հայտարարության մեջ նշվում է. «Հայերի ազատագրումը թուրքական կամայականությունից քննարկվում է որպես Անգլիայի մերձավորարևելյան քաղաքականության կարևորագույն մաս»: Պատերազմի ավարտից ոչ շատ առաջ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնն իր հերթին կընդգծի. «Հայաստանը կստանա այն, ինչ նրան պարտական է պատմությունը»: Նման ոգով հանդես կգան անգլիական պետական գործիչներ Լլոյդ Ջորջը և Քերզոնը, ֆրանսիացիներ Կլեմանսոն և Բրիանը:
Միանգամայն իրավացի է ֆրանսիացի պատմաբան Ա. Վանդալը, որը հավաստում է, որ «Արևելյան հարցն ըստ էության Արևմտյան հարց է»:
Շահագրգիռ տերություններից ոչ մեկը չխորշեց հայկական գործոնն օգտագործել հօգուտ սեփական շահերի` գործընթացը պատելով բարոյական շրջանակով: Իրավիճակի առանձնահատկությունն այն էր, որ նման «հովանավորչական» հավաստիացումները խոր արմատներ էին ձգում հայ քաղաքական գիտակցության մեջ և պայմանավորում էին տարանջատում ժողովրդի` զանազան ազգային խորհուրդների կողմից լիազորված ներկայացուցիչների շրջանում: Նույն կոնֆերանսում (1920թ. օգոստոսի 10, Սևր) միանգամից երկու հայկական պատվիրակությունների ներկայությունը կամ հայ ժողովրդի անունից զուգահեռաբար երկու փոխբացառող պայմանագրերի ստորագրումը (1920թ. օգոստոսի 10` Սևրի և Մոսկվայի) նման երկպառակտման փաստի հաստատումն են. նոր ազգային գաղափարախոսության որոնումը խափանվում էր այս կամ այն կուսակցության արտաքին գերակայություններին բախվելով և ճշգրտում էր առաջնորդների հակասական կենսագրությունները:


ԱԹԱԹՈՒՐՔԻ «ՀԱՅԿԱԿԱՆ
ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ»


1919թ. հունվարին Ստամբուլում սկսվեց «Միասնություն և առաջընթաց» կուսակցության ղեկավարության հանցագործությունների հետաքննության գծով դատավարությունը: Այն նախորդում էր մեկ ամիս հետո, փետրվարի 12-ին բացված Ռազմական տրիբունալին, որի ընթացքում երիտթուրքական կառավարության պարագլուխներին պետք է ներկայացվեր նաև հայ ժողովրդի բնաջնջման մեղադրանքը: Հունվարյան լսումների արդյունքներով, որ անցկացվում էին Անտանտի օկուպացիոն զորքերի և առաջին հերթին Անգլիայի վերահսկողությամբ, կալանվեցին այդ կուսակցության 120 անդամներ: Լսումներին որպես վկա հրավիրվել էր նաև հանրապետական Թուրքիայի ապագա հիմնադիր և առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալը (1881-1938): Ավելի ուշ հենց նա կդառնա Հայաստանի վրա թուրքական ասպատակության (1920թ. սեպտեմբեր) և Իզմիրում հույների ու հայերի ջարդերի (1922թ. սեպտեմբեր) ոգեշնչողը: Լինելով նոր Թուրքիայի նախագահը (1923-1938) և իր իսկ ստեղծած Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդը` նա կդնի պետական կապիտալիզմի (էտատիզմ) և հասարկության աշխարհիկ կարգի (լաիցիզմ) քաղաքականության հիմքերը: Ժամանակակից Թուրքիան Մուսթաֆա Քեմալի, որին պատահական չէ, որ կոչում են Աթաթուրք (թուրքերի հայր), զավակն է:
Սակայն, 1919թ. հունվարին նրա կարգավիճակը փոքր-ինչ այլ էր: Հայրենասեր և տաղանդավոր զորավար, 38-ամյա Մուսթաֆա Քեմալը գործնականում փրկում էր երբեմնի հզոր Օսմանյան կայսրության մնացուկները բաժան-բաժան լինելուց (կամ ինչպես Վ. Լենինն էր գրում, «թալանից») և ցուցմունքներ էր տալիս երկիրն Առաջին համաշխարհային պատերազմի սարդոստայնի մեջ ներքաշած երիտթուրք պարագլուխների դեմ: Ի դեպ, հարկ է նշել, որ նա վաղուց չէր թաքցնում թշնամանքը երիտթուրքերի առաջնորդների` Էնվերի, Թալեաթի և Ջեմալի նկատմամբ` նրանց անվանելով «փոքրահասակ մարդիկ՚:
Մուսթաֆա Քեմալը Գերագույն տրիբունալի առջև հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Փաշաները, որոնք իրականցրել են անասելի և աներևակայելի հանցագործություններ ու դրանով իսկ երկիրը հասցրել ներկայիս դրությանը, իրենց անձնական շահերի ապահովման համար կրկին դժգոհություն են բորբոքում: Նրանք դրեցին ամեն տեսակ բռնության հիմքը, կազմակերպեցին աքսոր և ջարդեր, նավթ լցնելով` հրկիզեցին ծծկեր մանուկներին, բռնաբարեցին կանանց և աղջիկներին, առգրավեցին շարժական և անշարժ գույքը, կանանց աքսորեցին Մոսուլ` նրանց նկատմամբ ամեն տեսակ բռնություն գործադրելով: Նրանք նավեր բարձեցին հազարավոր անմեղների և ծով նետեցին: Մունետիկների միջոցով նրանք ազդարարեցին, որ Օսմանյան կայսրության ոչ մուսուլման հպատակները պարտավոր են հավատափոխ լինել և իսլամ ընդունել: Նրանք մղում էին հավատուրացության, ստիպում էին ծերերին ամիսներով, առանց սնունդի, ոտքով կտրել-անցնել մեծ տարածություններ` կատարելով տաժանակիր աշխատանք: Նրանք կանանց ուղարկում էին հասարակաց տներ... Աննախադեպ փաստ որևէ այլ ազգի պատմության մեջ»: Նրա այս հայտարարությունը լայն արձագանք ունեցավ, իսկ ինքը վերջապես հնարավորություն ստացավ վրեժխնդիր լինել մարդկանցից, ում հետ երբևէ կապված էր եղել:
Ծագումով դենմե1` Մուսթաֆա Քեմալը, ի սկզբանե, իրոք, հավակնում էր կարևոր տեղ գրավել երիտթուրքական ղեկավարության շարքերում: Երիտասարդ սպա լինելով` նա չէր խորշում Աբդուլ Համիդ II-ի վարչակարգը քննադատելուց (մի անգամ նույնիսկ կալանավորվել է Նամիկ Քեմալի «Հայրենիք» արգելված գիրքը կարդալու համար), ինչի արդյունքում արտաքսվել է Դամասկոս: Այնտեղ կազմակերպել է «Վաթան վե նյուրիեթ» («Հայրենիք և ազատություն») շարժումը և կապեր հաստատել երիտթուրքական այլ կազմակերպությունների հետ: Ավելի ուշ վեճի մեջ է մտել Էնվերի հետ, իսկ 1909թ. երիտթուրքերի համագումարում դեմ է արտահայտվել քաղաքական պայքարին բանակի ներգրավմանը: Էնվերի հետ խզելով բոլոր հարաբերությունները` Մուսթաֆա Քեմալը ջանացել է իրեն նվիրել միայն զինվորական գործին:
Իր պատմական հայտարարության ժամանակ հանրապետական Թուրքիայի ապագա հիմնադիրը առիթը բաց չթողեց բարձրաձայն արտահայտել իր ատելությունը` հանձինս Էնվերի, Թալեաթի և Ջեմալի, երիտթուրքական եռամիասնության հանդեպ` նրանց անվանելով «ճղճիմ, մանր մարդուկներ, որոնք բացարձակապես ի վիճակի չեն ղեկավարել երկիրը»: Նրա հայտարարությունը գերագույն տրիբունալում ընդամենը դիվանագիտական հնարք էր, քանզի, ինչպես արդարացիորեն նշում է Ե. Լուդշուվեյթը, «Մուսթաֆա Քեմալը չէր ուզում, որ նրան հռչակեին «Միասնություն և առաջընթաց» օթյակի գործի շարունակող: Փաստորեն, այդ ակումբն իր արարքներով անընդունելի դարձավ ինչպես թուրքերի, այնպես էլ եվրոպացիների համար: Սակայն իրականում Իթթիհադի անդամները համախմբվեցին Քեմալի շուրջ»:
Ինչ վերաբերում է «Հայկական հարցին» Մուսթաֆա Քեմալի դիրքորոշմանը, ապա այն ոչնչով չէր տարբերվում երիտթուրքերի մոտեցումներից: Հայտնի է, մասնավորապես, նրա 1920թ. սեպտեմբերի 14-ին Ալի Ֆուադ Ջեբեսոյին գրած նամակը. «հայերի հետ սկսել բարենպաստ պատերազմ, որպեսզի Ադրբեջանը միացնենք Թուրքիային»: Ավելի ուշ նա կգրի. «Երբևէ Ռուսաստանը կկորցնի վերահսկողությունն այն ժողովուրդների նկատմամբ, որոնց այսօր ամուր պահում է իր ձեռքում: Աշխարհը նոր մակարդակ դուրս կգա: Հենց այդ պահին Թուրքիան պետք է իմանա, թե ինչ անի: Ռուսաստանի իշխանության տակ են գտնվում մեր արյունակից, հավատակից, լեզվակից եղբայրները: Մենք պետք է պատրաստ լինենք օժանդակել նրանց: Բայց պատրաստ լինել չի նշանակում լուռ սպասել այդ պահին: Անհրաժեշտ է պատրաստվել: Բայց ինչպե՞ս են Ժողովուրդները պատրաստվում այդ պահին: Ժողովուրդները պատրաստվում են այդ պահին` հոգևոր կամուրջներ պահելով: Մեր ընդհանուր լեզուն մեր կամուրջն է: Մեր ընդհանուր հավատը մեր կամուրջն է: Մեր ընդհանուր պատմությունը մեր կամուրջն է: Մենք պետք է հիշենք մեր արմատների մասին և միացնենք մեր պատմությունը ճակատագրի կամոք մեզնից բաժանված մեր եղբայրների հետ: Մենք չպետք է սպասենք, թե երբ նրանք դեպի մեզ կգան, մենք ինքներս պետք է մոտենանք նրանց: Ռուսաստանը մի գեղեցիկ օր կընկնի: Հենց այդ օրը Թուրքիան մեր եղբայրների համար կդառնա այն երկիրը, որից նրանք օրինակ կվերցնեն»:
Այս առումով Թուրքիայի առաջին նախագահը Իթթիհադի գաղափարների իսկական շարունակողն ու հետևորդն էր: Արևմուտքում քարոզվող` իբր Քեմալի հեռացումը պանթյուրքական գաղափարաբանությունից իրականացվում էր ձևական մակարդակում, ինչը ենթադրում էր նոր կադրային քաղաքականություն` «առողջ և բարձրահասակ» երիտթուրքերի ներգրավմամբ և «անառողջ, գաճաճ ճղճիմներին» դուրս մղելով: Իրականում հակառակն էր տեղի ունենում: Էլ ավելի մեծ թվով դենմեներ էին միավորվում նոր առաջնորդի շուրջ, էլ ավելի մեծ թվով նախկին երիտթուրքեր էին շրջապատում Քեմալին: Վերջիններիս ցանկում արժե հիշատակել նաև 1883թ. Սալոնիկում ծնված դենմե Մոիս Քոենին, որն ավելի շատ հայտնի է Թեքին Ալփ կեղծանվամբ: 1936թ. նա հրապարակեց «Քեմալականություն» գիրքը, որը ձոն է Մուսթաֆա Քեմալին և որում ընդունում է, որ «թյուրքիզմի գաղափարներն ու գործը գտնվում են հուսալի ձեռքերում»: Գործնականում խոսվում էր թուրքական քաղաքականության հաջորդականության մասին, և հենց այս դիտանկյունից ընդգծված էր նախագահի ակնառու դերը2:
Խիստ հետաքրքրական է 1921թ. մարտին Բեռլինում Սողոմոն Թեհլերյանի կողմից գնդակահարված Թալեաթ փաշայի այրու` Հայրիե հանըմի վկայությունը Մուսթաֆա Քեմալի կողմից երիտթուրքերի այդ առաջնորդին տրված բնութագրման վերաբերյալ. «Գիտե՞ք, Հայրիե հանըմ, ես թշնամություն չունեմ Թալեաթ փաշայի դեմ: Նրան մեղավոր չեմ համարում Առաջին համաշխարհային պատերազմին մեր մասնակցության մեջ, մենք հարկադրված էինք մասնակցել դրան: Մեզ թիկունքից հարվածել փորձող ազգային փոքրամասնությունների վերաբնակեցման գործում փաշան, անկախության համար պայքարում, մեզ մեծ օգուտ բերեց»:


ԱՄԵՐԻԿԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ


Վերևում նշվեց, որ հայ ժողովրդին տրված խոստումները` որպես ամերիկյան (մասնավորապես) քաղաքական կամպանիաների յուրատեսակ երևույթ, սկիզբ են առել դեռևս անցյալ հարյուրամյակի կեսերին: Այս ավանդույթին համահունչ նման խոստումներով այսօր հանդես են գալիս նախագահական պաշտոնին հավակնող ներկայիս թեկնածուները: Ակնհայտ է, սակայն, որ նրանցից յուրաքանչյուրը` ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում ստիպված կլինի հրաժարվել տված խոստումներից, քանի հարցը, նախ և առաջ, դիտարկվում է Վաշինգտոնի տարածաշրջանային քաղաքականության համատեքստում, որտեղ Թուրքիային հատուկ տեղ է հատկացվում:
Այս առումով հատկանշական է դեմոկրատ սենատոր Ադամ Շիֆի հայտարարությունը. «Ես վստահ եմ, որ եթե մենք եռանդուն կերպով կպչենք Հայոց ցեղասպանության հարցի լուծմանը, ապա այն կլուծվի ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունների արմատական վերագնահատման համատեքստում: Ինձ չի բավարարում այն փաստը, որ Թուրքիայի հետ այսօր գոյություն ունեցող հարաբերությունները չեն ծառայում ո’չ ԱՄՆ շահերին, ո’չ ամերիկյան արժեքներին: Ինչո՞ւ մեր կառավարությունը, որ ներկայացնում է ամերիկյան ժողովրդին, այդքան երկար ջանում էր չնկատել հայերի ցեղասպանությունը ճանաչելուց Թուրքիայի հրաժարվելը, Հայաստանին մեր հումանիտար օգնության շրջափակումը, Կիպրոսի ռազմական օկուպացումը, բռնությունները քրդերի դեմ, քրիստոնյա համայնքների դեմ ուղղված սահմանափակումները և մարդու իրավունքների խախտումները: Ինչո՞ւ ենք մենք` աշխարհի ամենահզոր երկիրը, թույլ տալիս վախեցնել մեզ: Նրա համար, իմ կարծիքով, որ մենք ընտրել ենք ներողամտության քաղաքականությունը` հրաժարվելով ահա արդեն ավելի քան հինգ տասնամյակ Թուրքիայից պահանջել հետևել միջազգային կյանքի հիմանական կանոններին և մարդու իրավունքներին: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պետք է լուծվի ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունների արմատական վերագնահատման համատեքստում»:
Հարկ է հատուկ ուշադրություն դարձնել ամերիկյան սենատորի այս հայտարարությանը, քանի որ Հայոց ցեղասպանության ճանաչումն իսկապես կնշանակի թուրք-ամերիկյան հարաբերությունների արմատական վերանայում, ինչին պատրաստ չէ և, հասկանալի է, չի ձգտում Վաշինգտոնը: Պաշտոնական Անկարան քանիցս հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման իրական հնարավորության մասին` ճանաչման պարագայում:
Մասնավորապես, 1984թ. ամերիկյան նախընտրական իրարանցումը չանտեսեց նաև այս հարցը: 1984թ. սեպտեմբերի 10-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց 1985թ. ապրիլի 24-ին «Մարդու հետ մարդու անմարդկային վերաբերմունքի և հայոց կոտորածների զոհերի հիշատակի միջազգային օր» անցկացնելու բանաձևին: ԱՄՆ օրենսդիր մարմնի ամբիոնից շատ խոսքեր հնչեցին այդ խնդրի առնչությամբ: Հռետորների մեջ էր նաև Կոնգրեսում Դեմոկրատական կուսակցության մեծամասնության առաջնորդ Օ’Նիլը, ԱՄՆ փոխնախագահի հավակնորդը Դեմոկրատական կուսակցությունից: Նշված բանաձևը ԱՄՆ Կոնգրեսը կարող էր ընդունել դեռ 1983թ. ապրիլին, բայց այն ժամանակ թուրքական կառավարությանը հաջողվեց վճռական ազդեցություն գործել Պետդեպարտամենտի վրա:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի` 1984թ. սեպտեմբերի 10-ին ընդունած որոշումը 1985թ. ապրիլի 24-ին «Մարդու հետ մարդու անմարդկային վերաբերմունքի և հայոց կոտորածների զոհերի հիշատակի միջազգային օր» անցկացնելու մասին, իր հերթին, լայն արձագանք գտավ Թուրքիայում: Թուրքիայի նախագահ Քենան Էվրենը, ի պատասխան, ցասումնալի նամակ գրեց Ռոնալդ Ռեյգանին, որում ամերիկյան գործընկերոջ ուշադրությունը հրավիրեց երկկողմանի հարաբերությունների ոլորտում բացասական հետևանքների անխուսափելիությունից` նման «անշրջահայաց քայլի»դեպքում: Այդ նույն ժամանակ, սեպտեմբերի 12-ին, Անկարայում ԱՄՆ դեսպան Շտրաուս Հյուփեն կանչվեց Թուրքիայի ԱԳՆ, որտեղ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Վ. Հալեֆօղլուն նրան բողոքի նոտա ներկայացրեց:
Ներկայումս, երբ ԱՄՆ Պետդեպարտամենտն իրականացնում է «Մեծ Մերձավոր Արևելքի» ստեղծման նախագիծը, Թուրքիային հատկացվում է առավել մեծ, քան եղել է երբևէ, դեր: Սեփական նշանակալիության գիտակցումը թուրքական քաղաքական վերնախավի համար երկկողմանի հարաբերություններում ճշգրտումներ մտցնելու նոր հնարավորություններ է բացում, որոնք թուրքական ընկալմամբ` ենթակա են «Մեծ Թուրանի» ստեղծման գաղափարին: Նահանգների ձեռնարկած տարածաշրջանային նախագծերն ի սկզբանե Անկարան դիտարկում է Գլխավոր շահի դիտանկյունից, ինչով էլ հաճախ պայմանավորվում են հայտնի տարաձայնությունները:
Մասնավորապես, նման հակասություններ ծագեցին 2002թ. իրաքյան կամպանիայի սկզբում, Թուրքիայում տեղակայված զինվորական համակազմի օգտագործման հարցի հետ կապված: Մոտավորապես նույն բանն էր տեղի ունեցել 1980-ական թթ. սկզբին, 1982թ. նոյեմբերի 29-ին Բրյուսելում թուրք-ամերիկյան «Վստահության հուշագրի» ստորագրումից հետո, որով նախատեսվում էր Ինջիրլիքի ռազմաօդային հենակետի օգտագործումը ամերիկյան զորամասերը Լիբանան տեղափոխելու համար:
2007թ. սկիզբը նշանավորվեց լավատեսական տրամադրությունների հերթական հորդումով հայկական ազդեցիկ կազմակերպություններում` կապված ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի հնարավոր ընդունման հետ: Այդ լավատեսությունն առաջին հերթին պայմանավորված էր վերջին ընտրություններին դեմոկրատների հաղթանակով, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի նորընտիր նախագահի հայտնի հայտարարությամբ, թե մինչև 2007թ. ապրիլի 24-ը Ներկայացուցիչների պալատի քննարկմանը կներկայացվի համապատասխան բանաձևի նախագիծը: Նենսի Փելոսին պահեց խոստումը. Հայոց ցեղասպանության մասին թիվ 106 բանաձևի նախագիծը ներկայացուցիչների պալատի քննարկմանը ներկայացվեց արդեն հունվարի 30-ին:
Հենց այդ ժամանակ նախաձեռնող խումբը, որի կազմում էին հայտնի կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը, Ֆրենկ Փալոունը, Ջո Նոլենբերգը և այլք, հայտարարեց, որ առաջարկված բանաձևի նախագիծը ոգով համապատասխանում է նախորդ գումարման ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի հավանությանն արժանացած թիվ 316 բանաձևին: Հիշեցնենք, որ 2000թ. հոկտեմբերին այդ փաստաթուղթն այդպես էլ չներկայացվեց Ներկայացուցիչների պալատում: Ներկայումս Թուրքիան փորձում է կրկնել նույն սցենարը: Ըստ ընդհանուր կարծիքի` թիվ 316 բանաձևի նախագիծն արգելափակվեց պալատի ղեկավարի` հանրապետական Դենիս Հասթերթի կողմից: Խորքի մեջ` ոչ ճիշտ դիրքորոշում...
Չփորձելով կասկածի ենթարկել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության առանձին ներկայացուցիչների խոսքերի անկեղծությունը` միևնույն ժամանակ հարկ է նշել, որ «հայկական հույսը»շարունակաբար գտնվում է «դեմոկրատական Սկիլլայի» և «հանրապետական Քարիբդայի» արանքում, որոնց միջև առկա հակասությունները ամեն անգամ համահարթեցվում են պաշտոնական Վաշինգտոնի ռազմավարական շահերի նշաձողով:


«ՓՂԻ» ԵՎ «ԱՎԱՆԱԿԻ» ՄԻՋԵՎ


Անհրաժեշտ է ընդգծել, որ յանկիների ընկալմամբ` «դեմոկրատ» հասկացությունը ոչ մի կերպ չի զուգակցվում մարդասիրության կամ խաղաղասիրության հետ:
Հայտնի է, որ ԱՄՆ 11-րդ նախագահը` դեմոկրատ Ջեյմս Նաքս Փոլկը, պատերազմում էր Մեքսիկայի դեմ (1846-48թթ.), գրավել էր նրա տարածքի ավելի քան կեսը և քանիցս ներխուժել էր Կոլումբիա: Հատկանշական է, որ ամերիկա-մեքսիկական զավթողական պատերազմի կազմակերպիչներից մեկը` Ջեյմս Բյուքենենը, շուտով ինքն է դառնում ԱՄՆ նախագահ Դեմոկրատական կուսակցությունից. հանրապետության 15-րդ ղեկավարը, ի թիվս այլոց, աջակցում էր նաև ստրկատիրության ամրապնդմանը Հարավում: ԱՄՆ 17-րդ նախագահ, դեմոկրատ Էնդրյու Ջոնսոնը, որ Ռուսաստանից ձեռք էր բերել Ալյասկան, հայտնի էր իր իմպերիալիստական ախորժակով: Դեմոկրատական կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ` Սթիվըն Գրովեր Քլիվլենդը, «պանամերիկանիզմի» քաղաքականություն էր վարում: Ցուցակը կարելի է շարունակել, սակայն ուշադրություն դարձնենք մեր ժամանակներին ավելի մոտ շրջանին. մասնավորապես, դեմոկրատ Հարի Թրումենը (ԱՄՆ 33-րդ նախագահ) արձակեց Հիրոսիման և Նագասակին միջուկային ռմբակոծման ենթարկելու հրամանը: Նա նաև ՆԱՏՕ ռազմավարական դաշինքի ստեղծման նախաձեռնողներից է:
Դեմոկրատ Հարի Թրումենին կարելի է առանձին կերպով անդրադառնալ, քանի որ հենց նրա ԱՄՆ նախագահ եղած ժամանակ Նյու Յորքում աշխատանքն սկսեց Հայկական համաշխարհային կոնգրեսը (1947թ. ապրիլի 30 – մայիսի 4). համաժողովին մասնակցում էին 22 երկրների և 31 եկեղեցական թեմերի 715 պատվիրակներ, նպատակը «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված պայմաններում, Թուրքիայի կողմից զավթված հայկական հողերը վերադարձնելու հարցի վերարծարծումն» էր: Աշխատանքն սկսվելուց առաջ ընթերցվեցին Համայն հայոց կաթողիկոս Գևորգ VI-ի հայտնի ուղերձը և Խորհրդային Հայաստանի կառավարության դիմումը: Ի դեպ, Կոնգրեսի բացման պահին Հարի Թրումենն արդեն աշխարհին ներկայացրել էր Չերչիլի հետ միասին մշակած հայտնի ուսմունքը. դրանում առանձին կետով նշված էր Թուրքիային, հնարավոր «կոմունիստական ագրեսիայի»հետ կապված, ռազմաքաղաքական և ֆինանսական աջակցություն ցույց տալու անհրաժեշտության մասին: Հենց 1947թ. ԱՄՀ-ն (Միջազգային արժույթային հիմնադրամ) և ԶՎՄԲ-ն (Զարգացման և վերակառուցման միջազգային բանկ) «շտապ կարգով» իրենց շարքերը կընդունեն Թուրքիային, իսկ Վաշինգտոնը նրա հետ ռազմական համաձայնագիր կկնքի: Արդեն Հայկական համաշխարհային կոնգրեսում ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը կհայտարարի, ուր Թրումենի ուսմունքը «հենվում է Թուրքիայի տարածքային ամբողջականության անսասանության վրա»: 1949թ. Անկարան կմտնի Եվրախորհուրդ, իսկ 1952-ին կդառնա ՆԱՏՕ լիիրավ անդամ:
Ռազմական դաշինքների և ԱՄՆ ռազմական հզորության ամրապնդման օգտին էր հանդես գալիս նաև դեմոկրատ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդին: Նրա հաջորդը` Սպիտակ տան 36-րդ ղեկավար Լինդոն Ջոնսոնը (նույնպես դեմոկրատ) սկսեց պատերազմը Վիետնամում և ներխուժեց Դոմինիկյան հանրապետություն: Նախընտրական մրցարշավի թոհուբոհում դեմոկրատները չեն սիրում հիշել նաև այն, որ իրենց վերջին ներկայացուցիչը Սպիտակ տանը` Բիլ Քլինթոնը, ինչպես Իրաքի պարագայում, նույն մեթոդներով` խաղաղ բնակչության դեմ զինված ուժեր գործադրելով, փորձում էր լուծել Բալկանյան տարածաշրջանային ճգնաժամը և ռմբակոծում էր Բելգրադը:
Բիլ Քլինթոնին ևս արժե առանձնահատուկ անդրադառնալ: Վաշինգտոնի և Անկարայի ռազմաստրատեգիական գործընկերությունն իսկապես պայմանավորված չէ ամերիկյան սենատորների կամ նախագահի կուսակցական պատկանելությամբ: 2000թ. հոկտեմբերին հենց դեմոկրատ Բիլ Քլինթոնն անձամբ խոչընդոտեց թիվ 316 բանձևի ընդունմանը, թեև քաղաքական շրջանակները հակված էին մեղադրել հանրապետականի` ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Դենիս Հասթերթին: Այս վարկածի գերիշխման պայմաններում շատերը մոռանում են, որ վերջինիս դերն ակնհայտորեն ուռճացված է. ԱՄՆ նախագահ, դեմոկրատ Բիլ Քլինթոնն առաջինն էր, որ դեմ արտահայտվեց բանաձևի ընդունմանը: Դեռ 2000թ. հոկտեմբերի 9-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական կոմիտեն որոշում ընդունեց հոկտեմբերի 17-ին նշանակել թիվ 316 հայկական բանաձևի քվեարկությունը. այն ԱՄՆ նախագահին կոչ էր անում Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ. հայերի զանգվածային կոտորածներն անվանել հենց Ցեղասպանություն: Այդ ժամանակ էլ իրավական կոմիտեն հաստատեց փաստաթղթի վերջնական տարբերակը, որն այլևս որևէ փոփոխության կամ ճշտման ենթակա չէր: Հենց այդ ժամանակ էլ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը հանդիպեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դենիս Հասթերթի հետ և «խնդրեց» նրան չընդունել բանաձևը: ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի նախկին ներկայացուցիչ Քրոուլիի հայտարարությունից. «Նախագահ Քլինթոնը և խոսնակ Հասթերթը երես առ երես քննարկել են Հայկական բանաձևի հետ կապված հարցեր: Նախագահը նշել է, որ բանաձևի ընդունման պարագայում կարող են ծագել լուրջ, անցանկալի հետևանքներ»:
Հենց այդ ժամանակ BBC ռադիոկայանը սփռեց հետևյալ տեղեկատվությունը. «Բանաձևի ընդունման հնարավորությունն այնպես էր մտահոգել Սպիտակ տանը, որ նախագահ Քլինթոնն անհապաղ անձամբ միջամտեց: Նա դիմեց Կոնգրես նամակով, ինչպես նաև անձամբ զանգահարեց պալատի խոսնակ, հանրապետական Դենիս Հասթերթին: Վաշինգտոնը զգուշանում էր նրանից, որ Թուրքիան, վրդովված բանաձևի ընդունմամբ, կարող է միջոցներ ձեռնարկել, որոնք խիստ կվնասեն ամերիկյան շահերին տարածաշրջանում: Որպես պատասխան միջոցներից մեկը` Թուրքիան դիտարկում էր Ինջիրլիքի ռազմակայանի, որտեղից ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի ՌՕՈՒ ինքնաթիռները թռիչքներ են իրականացնում հյուսիսային Իրաքի տարածքը պարեկելու համար, վարձակալության ժամկետի երկարաձգումից հրաժարվելը»:
Թիվ 316 բանաձևի մերժման առիթով իրենց վրդովմունքն արտահայտեցին որոշ դեմոկրատներ: Մասնավորապես, Ադամ Շիֆն այն ժամանակ հայտարարեց. «Ես խորապես հիասթափված եմ և վիրավորված Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դենիս Հասթերթի և պալատի հանրապետական ղեկավարության գործողություններից, որոնք հանգեցրին նրան, որ մերժվեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևը քվեարկության դնելը»: Չնայած այն փաստին, որ հայտարարության մեջ նկատվում է տարակուսանքի վեկտորի դեպի հանրապետականների կողմը թեքելու փորձ, այնուամենայնիվ, կոնգրեսականը, միևնույն է, սկզբունքային է. «Միևնույն ժամանակ, ես կարծում եմ, որ ԱՄՆ վարչակազմը ևս մեծ պատասխանատվության բաժին ունի այս հարցում: Թուրքական կառավարության ճնշման առջև տեղի տալու փոխարեն վարչակազմը պետք է պարզապես անտեսեր այդ սպառնալիքները: Ես երբեք չեմ կարողանա ներել իշխանության ներկայացուցչին, անկախ նրա կուսակցական պատկանելությունից, ով չի արդարացնի ԱՄՆ հայ համայնքի վստահությունը»:
Իր հայտարարության մեջ Ադամ Շիֆն ուղղակիորեն չի մատնանշում դեմոկրատ Բիլ Քլինթոնին, սակայն նախագահական վարչակազմի քննադատության փաստն ինքնին վկայում է նրա դիրքորոշման հետևողականության մասին: Ինչը չի կարելի ասել նախկին նախագահի մասին. իր պաշտոնանկությունից հետո արդեն Բիլ Քլինթոնը կրկին հանդես եկավ որպես Հայոց ցեղասպանության ճանաչման և միջազգային դատապարտման ջատագով. 2005թ. ապրիլի 22-ին դեմոկրատներ Բ. Քլինթոնը և Ջ. Քերին կոչ արեցին Բուշին ճանաչել այդ հանցագործությունը:


ՕԶԱԼԻՑ ՄԻՆՉԵՎ ՌԵՅԳԱՆԸ


Մի առիթով Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալն ասել է. «Հայերի ցեղասպանության հարցը նեղացնում է մեր սրտերը: Ավելի լավ չի՞ լինի արդյոք ընդունել այն պետական մակարդակով և մեկընդմիշտ վերջ դնել բոլոր հարցերին»: Այս արտասովոր քաղաքական գործիչը ժամանակ առ ժամանակ իսկապես դիմում էր սենսացիոն հայտնությունների, ինչով էլ մշտական լարվածության մեջ էր պահում թուրքական քաղաքական վերնախավի կուռ շարքերը: Մի անգամ նա հրապարակավ անխոհեմ համարեց պաշտոնական Բաքվի արձագանքը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ինքնորոշման պահանջին. «Մեր եղբայրների բարի վարմունքը, այն է` այդ պահաջը բավարարելը, հսկայական ողբերգությամբ կընդունվեր հայերի կողմից, իսկ 20 տարի անց արդեն ամբողջ Հայաստանը կվերածվեր թյուրքական պետության»: Նախագահը նկատի ուներ ոչ միայն Հայաստանի ադրբեջանցի բնակչության ավելի բարձր աճը, այլև հայերի ձուլումը թյուրքական միջավայրում` սահմանների թափանցիկության պայմաններում:
Ինչևէ, սակայն հենց 1991թ., նյույորքյան «Մեդիսոն» հյուրանոցում կայացած ընդունելության ընթացքում, որին նաև լրագրողներ էին մասնակցում, Թուրգութ Օզալն առաջին անգամ հայտարարեց. «Ավելի լավ չի՞ լինի արդյոք ընդունենք Հայոց ցեղասպանությունը և ազատվենք գլխացավից»: Նախագահի այս նախադասությունը հրապարակայնացրեց ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Նյուհզեթ Քանդեմիրը, այն լայնորեն լուսաբանվեց թուրքական թերթերի էջերում: Մի փոքր ավելի ուշ Ստամբուլի «Մարմարան»մեջբերում կատարեց հենց Քանդեմիրից. «Թուրգութ Օզալը սիրում էր երբեմն յուրատեսակ մտքեր արտահայտել` բանավեճ մեջտեղ բերելու համար: Հայերի ցեղասպանության հարցը նման գաղափար էր: Ավելի ուշ մենք խոսեցինք նախագահի հետ և համոզեցինք նրան հրաժարվել դրանից»: Այնինչ, Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը Թուրքիայի այն ժամանակվա նախագահին (վախճանվել է 1993թ.) քաղաքական ձեռնարկ էր թվում, որը ոչնչի չէր պարտավորեցնում, բայց փոխարենը երկիրն ազատում էր հայկական լոբբիի կոշտ ճնշումից:
1983թ. հոկտեմբերի 18-ին ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Սպիտակ տանը կազմակերպված հանդիպմանն են հրավիրվել ԱՄՆ էթնիկ համայնքների ռադիոկայանների և թերթերի խմագիրները: Հայկական թերթերից հանդիպմանը ներկայացված էին «Միրոր սփեքթեյթըր»-ը, «Հայրենիք»-ը, «Արմինիըն օբզերվըր»-ը և «Նոր կյանք»-ը: Ներկաների առջև ելույթ ունեցան Սպիտակ տան և Պետդեպարտամենտի ներկայացուցիչները: Նախագահ Ռոնալդ Ռեյգանը նույնպես պատասխանեց ներկաների մի քանի հարցերի: Լոս Անջելեսի «Արմինիըն օբզերվըր» թերթի խմբագիր Օշին Քեշիշյանը հարց տվեց 1915թ. հայերի ցեղասպանության նկատմամբ ամերիկյան կառավարության պաշտոնական դիրքորոշման մասին (արդեն երկու տարի անցել էր Ռեյգանի` ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո, սակայն հակառակ իր խոստումներին` պաշտոնական Վաշինգտոնի ղեկավարը մտադիր չէր ճանաչել և դատապարտել այդ հանցագործությունը): Պատասխանելով խմբագրի հարցին` նախագահը նշեց. «Ես ստիպված եմ հավատալ, որ այսօր գրեթե ոչ ոք չի մնացել, ովքեր ապրել են այդ սարսափելի ժամանակներում»: Բնականաբար, Ռոնալդ Ռեյգանի պատասխանը չբավարարեց Քեշիշյանին, և նա նրան նամակ ուղարկեց` պահանջելով ավելի հստակ ներկայացնել ԱՄՆ դիրքորոշումը Ցեղասպանության վերաբերյալ:
Ի՞նչ նկատի ունեին, սակայն, Ռեյգանը և Օզալը: Ակնհայտ է, որ այդ երկու դիրքորոշումների միջև որոշակի կապ գոյություն ունի:
1968թ. նոյեմբերին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան կոնվենցիա ընդունեց ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետի չկիրառման մասին: Կոնվենցիան ուժի մեջ մտավ 1970թ. նոյեմբերի 11-ին: Փաստաթուղթը պարզունակ է: Մասնավորապես, հոդ.1-ում ասվում է, որ վաղեմության ոչ մի ժամկետ չի գործում այնպիսի հանցագործությունների դեպքում, ինչպիսին է, օրինակ, ցեղասպանությունը: Հետաքրքիր է այլ բան. կոնվենցիայի ոչ մի հոդվածում, դրանք ընդամենը 11-ն են, ոչ մի խոսք չկա  հանցագործության մեջ այս կամ այն մեղավորի պատասխանատվության մասին: Պատկերավոր ասած` այս փաստաթուղթը կոչված է հաստատելու մի ինչ-որ միանգամայն ամորֆ բան:
1973թ. դեկտեմբերի 3-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ընդունեց բանաձև (թիվ 3074), որը, հավանաբար, կոչված էր լրացնելու այդ ակնառու բացը: Բանաձևը երկար անվանում ուներ. «Միջազգային համագործակցության սկզբունքները ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեջ մեղավոր անձանց հայտնաբերելու, կալանավորելու, հանձնելու և պատժելու վերաբերյալ»: Համենայնդեպս, ինչ-որ որոշակիություն այս փաստաթղթում արդեն կար. «Ռազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները, որտեղ էլ դրանք կատարված լինեն, ենթակա են հետաքննության, իսկ անձինք, որոնց վերաբերյալ կան նման հանցագործություններ կատարելու ապացույցներ, ենթակա են հետախուզման, կալանման, դատական պատասխանատվություն կրելու և մեղավոր ճանաչվելու դեպքում` պատժվելու» (3074 բանաձևի առաջին կետ):
Մեջբերված նախադասության (որը, նշենք, սույն բանաձևի մեխն է) բովանդակությունը, հավանաբար պետք է մեկնաբանել ոչ այլ կերպ, քան հետևյալ և նույնպես խիստ անորոշ ձևով. եթե անմիջական մեղավորները ֆիզիկապես այլևս գոյություն չունեն, սակայն առկա են բոլոր հետևանքները` և’ քաղաքական, և’ ազգային, և’ տարածքային, և’ ժողովրդագրական և այլն, ապա դատավարության ենթակայի չլինելու պատճառով գործը պարզապես կարելի է դադարեցնել: Հենց այս համատեքստում էլ հարկ է մեկնաբանել նախագահ Ռոնալդ Ռեյգանի` լրագրող Օ. Քեշիշյանին տված վերոնշյալ պատասխանի իմաստը («ես ստիպված եմ հավատալ, որ այսօր գրեթե ոչ ոք չի մնացել, ովքեր ապրել են այդ սարսափելի ժամանակներում»):
1948թ. կոնվենցիան, որի մասին այսօր հաճախ է խոսվում, Աստված գիտի, թե ինչ է: 1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ընդունած և 1961թ. հունվարի 12-ին ուժի մեջ մտած կոնվենցիան ավելի շատ հեռանկարային, քան հետահայաց-պատժիչ բնույթ ունի: Այն գլխավորապես ուղղված է ապագայում մարդկության դեմ հնարավոր հանցագործությունների կանխմանը, այլ խոսքերով` ա. ցեղասպանությունները, բ. ցեղասպանության իրականացման նպատակով դավադրությունները, գ. ցեղասպանություն իրականացնելու ուղղակի և հրապարակային սադրանքները, դ. ցեղասպանության իրականացման հանցափորձը, ե. ցեղասպանության հանցակցությունը սաղմնային վիճակում մեռցնելը («Կոնվենցիա ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա կատարման համար պատժվելու մասին», հոդ. 3):
Ցեղասպանության հանցագործություն կատարելու պատասխանատվության վերաբերյալ խոսվում է կոնվենցիայի 19 հոդվածներից 4-ում: Նշենք, որ խոսքը կրկին անձանց մասին է. «Ցեղասպանություն իրականացրած անձինք ենթակա են պատժի, անկախ նրանից` պատասխանատու, թե մասնավոր անձինք են» (հոդ. 4), «Ցեղասպանություն կատարելու մեջ մեղադրվող անձինք պետք է դատվեն այն պետության իրավազոր դատարանի կողմից, որի տարածքում կատարվել է այդ չարագործությունը, կամ միջազգային այնպիսի քրեական դատարանի կողմից, որը կարող է իրավազորություն ունենալ սույն կոնվենցիայի կողմերի նկատմամբ, որոնք ընդունել են նման դատարանի իրավազորությունը» (հոդ. 6), «Մեղավորներին հանձնելու առնչությամբ` ցեղասպանությունը և հոդ. 3-ում թվարկված մյուս չարագործությունները քաղաքական հանցագործություն չեն համարվում» (հոդ. 7):
Ցեղասպանություն կատարած առանձին պետության (և ոչ թե առանձին անձի կամ անձանց խմբի) պատասխանատվության մասին անուղղակիորեն խոսվում է նշյալ կոնվենցիայի ընդամենը մեկ հոդվածում (9): Հենց այդ հոդվածից էլ պետք է ենթադրել, կառչել է պաշտոնական Անկարան: Իրադարձությունների զարգացումից կախված` սույն հոդվածի շրջանակներում հնարավոր է դառնում մոտակա հեռանկարի ուրվագծումը: Ամենայն հավանականությամբ, թուրք-հայկական հաշտության տխրահռչակ հանձնաժողովի կայացումը հիմքի մեջ հենվում էր 1948թ. ՄԱԿ կոնվենցիայի հոդ. 9-ի վրա. «Պայմանավորվող կողմերի միջև վեճերը սույն կոնվենցիայի մեկնաբանման կամ կատարման հարցով, ներառյալ ցեղասպանություն կատարած այս կամ այն պետության պատասխանատվության վերաբերյալ վեճերը, հանձնվում են Միջազգային դատարանի քննարկմանը` վեճի ցանկացած կողմի պահանջով»:
Միջազգային իրավունքի տարեգրքերում որևէ այլ նախադասություն չկա, որն այս կամ այն կերպ նախատեսում է հենց պետական և ոչ թե անձնական պատասխանատվություն ցեղասպանության իրականացման համար: Այս հանգամանքը նկատի ուներ Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալը, որը մի առիթով նշել է. «Հայերի ցեղասպանության հարցը նեղացնում է մեր սրտերը: Ավելի լավ չի՞ լինի արդյոք ընդունել այն պետական մակարդակով և մեկընդմիշտ վերջ դնել բոլոր հարցերին»:


ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ


Հայկական հարցի նկատմամբ միջազգային հետաքրքրությունը բնութագրվում է մակընթացություն-տեղատվությամբ և սրվում է նշանակալի քաղաքական իրադարձությունների նախաշեմին: Մասնավորապես, 1989թ. հուլիսի 19-ին ԱՄՆ արտաքին գործերի կոմիտեն ընդունեց բանաձև, որի միայն անվանումն ամբողջովին պահված է դարասկզբի հայտնի խոստումների համատեքստում. «Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճի խաղաղ կարգավորման գործում, համաձայն Խորհրդային Հայաստանի ժողովրդի ցանկության, ԱՄՆ աջակցության մասին»: Փաստաթղթում տեղ է գտել հետևյալ կարևոր ձևակերպումը. «Կոչ անել ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովին Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև դեմոկրատական շարժման (ներառյալ վերջերս բանտարկությունից ազատ արձակված «Ղարաբաղ» կոմիտեի անդամները) ներկայացուցիչների հետ քննարկել Հայաստանին վերամիավորվելու պահանջը: Խորհրդային Միության հետ երկկողմ բանակցություններում կոչ անել, որպեսզի հայերի նկատմամբ բռնությունների դեպքերի հետքննությունն իրականացվի ամենաբարձր ատյանների կողմից և որպեսզի բացահայտվեն ու պատժվեն սպանությունների ու արյունահեղության համար պատասխանատուները»:
Հայ ժողովրդի հանդեպ այսքան միանշանակ աջակցությունը թելադրված էր ԽՍՀՄ սպասվող փլուզման անհրաժեշտության և լարվածության օջախի պահպանման կարևորության գիտակցությամբ: Նման արդյունքի հասնելու մեխանիզմներից մեկը Խորհրդային Միության ժողովուրդների ազգային պայքարն էր: Արդեն նոյեմբերի 19-ին ԱՄՆ Սենատը բանաձև ընդունեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, որն իր հերթին էր պաշտպանում մարզի հայ բնակչությանը. «Ելնելով նրանից, որ հայ մեծամասնության 80 տոկոսը, որ ապրում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքում, մտահոգված է..., իսկ ԼՂԻՄ հատուկ կառավարման կոմիտեն անարդյունավետ դուրս եկավ... աջակցելու Խորհրդային Միության հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի կարգավորման շուրջ երկկողմ բանավեճերի ընթացքում, որն իսկապես կարտացոլեր այդ մարզի ժողովրդի մոտեցումները»: Հատկանշական է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո նման փաստաթղթեր այլևս չէին ընդունվում, իսկ Ադրբեջանում վառելիքային դիվանագիտության զարգացման և վերջինիս` որպես Թուրքիայի եղբայրական պետություն ներկայանալու հետ` ի սկզբանե մերժվում էին: Այս օրինակները նույնպես «Հայկական հարցով» մանիպուլյացիայի օրինակելի ցուցիչներ են: Ասվածը վկայում է, որ հայ ազգը պետք է ձերբազատվի այս կամ այն տերության բարյացակամությանը ապավինելու վնասակար ավանդույթից և ընդունակություն ցուցաբերի նոր աշխարհում սեփական ազգային գաղափարախոսություն մշակելու ուղղությամբ: Սա չափազանց դժվար և նույնիսկ հիվանդագին գործընթաց է, սակայն այլ ելք ուղղակի գոյություն չունի:

1 Դենմե բառացիորեն` «իսլամի գիրկը վերադարձած», մահմեդականություն ընդունած հրեաների օթյակ, որ կազմավորվել է 1666թ. Սալոնիկում: 20-րդ դարի սկզբին նրա անդամները կարևոր դիրքեր գրավեցին Օսմանյան կայսրության հասարակական-քաղաքական կյանքում, հատկապես «Միասնություն և առաջընթաց» կուսակցության ղեկավարությունում:
2 Դեռևս 1980թ. կեսերին թուրքական «Սոն Հավադիս»թերթը հրապարակեց «Ադրբեջանական թուրքերը և Աթաթուրքի սերը» հոդվածը, որը պնդում էր, որ Մուսթաֆա Քեմալը եղել է ոչ միայն անատոլիական թուրքերի, այլև բոլոր թուրանցիների, մասնավորապես, ադրբեջանցիների առաջնորդը: Ավելի վաղ, 1966թ. սեպտեմբերի 9-ին, Արդարություն կուսակցության «Ենի Իստանբուլ» թերթում տպագրվեց Մեհմեդ Սադըկ Արանի «20-րդ դարում ստեղծված երկրորդ թուրքական պետությունը. Ադրբեջանի հանրապետություն» նյութը: Հոդվածի հեղինակն ուշադրություն է դարձնում Հայաստանի Հանրապետության վերացման անհրաժեշտության վրա, որը խոչընդոտում է «երկու թուրանական պետությունների» անմիջական շփմանը: Ի թիվս այլոց նա վայնասուն է բարձրացնում այն առիթով, որ Բաքվում կանգնեցվել է «չեթջի» (պարտիզան, հայդուկ) Ստեփան Շահումյանի հուշարձանը, և ողբում է, որ քաղաքում չկա հուշահամալիր 1918թ. զոհված անատոլիական թուրքերի պատվին: Կարելի է անվերջ օրինակներ բերել, որոնք կվկայեն այն մասին, որ թուրքական քաղաքական վերնախավի աշխարհընկալումը եղել և մնում է, առաջին հերթին, ռասիստական, ընդ որում` դրա առավել դաժան դրսևորումը դարձավ Օսմանյան կայսրության բնակիչ ժողովուրդների ցեղասպանությունը:

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am