Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Հետահայաց

Հետահայաց
Մայիս 2010, N 4

ՀԵՏԱՀԱՅԱՑ. ՄԱՅԻՍ

ՇԱԲԱԹԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

1991թ.

6 մայիսի - Ադրբեջանական ՕՄՕՆ-ը բռնի տեղահանեց Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի հայ բնակչությանը:

15 մայիսի – Տեղահանվեց Սպիտակաշեն և Արփագյադուկ հայկական գյուղերի բնակչությունը:

16 մայիսի – ՀՀ Գերագույն խորհրդի դիմումը ՄԱԿ Գլխավոր քարտուղար Պերես դե Կուելյարին. «ՀՀ ԳԽ-ն դիմել է Ձեզ և ՄԱԿ Մարդու իրավունքների հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետություն, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղ դիտորդներ ուղարկելու խնդրանքով` մեր ժողովրդի և հանրապետության դեմ սանձազերծված բռնությունն ու արյունահեղությունը կանխելու նպատակով... Իրադարձությունները զարգանում են սարսափազդու արագությամբ և դրանց հետևանքներից ելնելով` զանգվածային ցեղասպանության վերաճելու միտում ունեն»:

29 մայիսի – Հայաստանի Կոմկուսի Կենտկոմը պահանջում է ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի նիստ հրավիրել` Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում ստեղծված իրադրությունը քննարկելու և «Արցախի ու Ադրբեջանի հայ բնակչության անվտանգության ապահովման գործուն միջոցներ» ձեռնարկելու համար:

 

1992թ.

8-9 մայիսի – ԼՂՀ Պաշտպանության բանակն իր վերահսկողության տակ է վերցնում Շուշի քաղաքը: Պաշտոնական Բաքուն ավելի քան երկու ամիս ղեկավար չունի: Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովը կոչ է անում «թուրանական ազգին միավորվել հանուն Շուշին վերադարձնելու»:

14 մայիսի – ԼՂՀ Պաշտպանության բանակը լռեցնում է Աղդամի շրջանի Աղդալայի և Գյուլբալուի կրակակետերը:

14 մայիսի – Ադրբեջանի Միլի մեջլիսը երկրի նախագահի պաշտոնում վերականգնում է Այազ Մութալիբովին, որը հրաժարական էր տվել դեռ մարտի 6-ին:

15 մայիսի – Բաքու է ժամանում հատուկ պատվիրակություն` Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելի գլխավորությամբ: Բարձրաստիճան այցելուների թվում է «Բոզ քուրթ» («Գորշ գայլեր») ռադիկալ կազմակերպության ղեկավար Ալփարսլան Թյուր­քեշը: Բաքվում նա երկրի բնակչությանը կոչ է անում աջակցել Ժողովրդական ճակատին և նրա առաջնորդ Աբուլֆազ Էլչիբեյին:

15 մայիսի – Ահաբեկիչ Խաթաբի հանդիպումը Աբուլֆազ Էլչիբեյի հետ. հանդիպման ընթացքում քննարկվում է «գորշ գայլերի» մշակած պլանը ԺՃ առաջնորդի իշխանության գալու վերաբերյալ:

15 մայիսի – Մոջահեդների և չեչենական լեգեոնի ամենաակտիվ մասնակցությամբ Այազ Մութալիբովը կրկին պաշտոնանկ է արվում:

15 մայիսի – Հայաստանը, Ղազախստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը Տաշքենդում ստորագրում են Հավաքական անվտանգության պայմանագիրը (ապագա ՀԱՊԿ-ն):

18 մայիսի – Լեռնային Ղարաբաղի ցամաքային շրջափակման ճեղքումը: ԼՂՀ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները մտան Լաչին և կարևորագույն ռազմավարական խնդիր լուծեցին` անմիջական ցամաքային կապ ապահովելով ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև:

27 մայիսի – Անկարայում քննարկվեց թուրքական զորքեր Նախիջևան և Լեռնային Ղարաբաղ ուղարկելու հնարավորության հարցը: Քննարկման ընթացքում ելույթ են ունենում Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելը և վարչապետ Թուրգութ Օզալը:

 

1993թ.

1 մայիսի – Հրապարակվում է ՄԱԿ ԱԽ ապրիլի 30-ին ընդունած 822 բանաձևը: «Անվտանգության խորհուրդը, հղում կատարելով Անվտանգության խորհրդի նախագահի` հունվարի 29-ին և ապրիլի 6-ին արած հայտարարություններին, ի գիտություն ընդունելով Գլխավոր քարտուղարի` 1993թ. ապրիլի 14-ի զեկույցը Ղարաբաղյան հակամարտության մասին, լուրջ մտահոգություն հայտնելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հարաբերությունների վատթարացման առնչությամբ, անհանգստությամբ նշելով զինված ռազմական գործողությունների թեժացման և, մասնավորապես, տեղի հայկական ուժերի` Ադրբեջանի Քելբաջարի շրջան վերջին ներխուժման մասին, մտահոգվելով, որ այս իրավիճակը սպառնում է տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը, լուրջ անհանգստություն հայտնելով մեծ թվով քաղաքացիական անձանց տեղափոխությունների և տարածաշրջանի հումանիտար ծայրահեղ վիճակի առնչությամբ, մասնավորապես` Քելբաջարի շրջանում, կրկին հաստատելով տարածաշրջանի բոլոր պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումը, կրկին հաստատելով նաև միջազգային սահմանների անխախտելիությունը և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժ կիրառելու անթույլատրելիությունը, հայտարարելով Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդի շրջանակներում իրականացվող խաղաղ գործընթացին իր աջակցության մասին և խորապես անհանգստացած լինելով այն կործանարար հետևանքներով, որոնք այս գործընթացի համար կարող է ունենալ զինված ռազմական գործողությունների թեժացումը,

1. պահանջում է անհապաղ դադարեցնել ռազմական բոլոր գործողությունները և թշնամական ակտերը` կայուն հրադադար հաստատելու նպատակով, ինչպես նաև դուրս բերել զավթիչ բոլոր ուժերը Ադրբեջանի Քելբաջարի և վերջերս զավթված մյուս շրջաններից,

2. համառորեն հորդորում է շահագրգիռ կողմերին անհապաղ վերսկսել բանակցությունները` Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդի Մինսկի խմբի խաղաղ գործընթացի շրջանակներում հակամարտությունը լուծելու նպատակով և ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կդժվարացնի հիմնախնդրի խաղաղ լուծումը:

3. կոչ է անում ապահովել տարածաշրջանին հումանիտար օգնության ցուցաբերման գծով միջազգային գործունեության անխոչընդոտ իրականացումը, մասնավորապես` այն բոլոր շրջաններում, որոնք ներգրավված են հակամարտության մեջ` թեթևացնելու համար քաղաքացիական բնակչության տառապանքները, և կրկին հաստատում է, որ բոլոր կողմերը պարտավոր են հետևել միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքներն ու նորմերը,

4. խնդրում է Գլխավոր քարտուղարին, Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդի գործող նախագահի, ինչպես նաև Մինսկի խմբի նախագահի հետ խորհրդակցելով, գնահատական տալ տարածաշրջանի, մասնավորապես` Ադրբեջանի Քելբաջարի շրջանի իրավիճակին, և Խորհրդին հետագա զեկույց ներկայացնել,

5. որոշում է շարունակել ակտիվորեն զբաղվել այս հարցով»:            

19 մայիսի – «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին պայմանագրի» ստորագրումը:

Ստորագրվում են նաև երկկողմ համաձայնագրեր.

«Թմրանյութերի և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում համագործակցության»,

«Օդային հաղորդակցության»,

«Տարանցիկ փոխադրումների  հիմնական սկզբունքների»,

«Երկաթուղային տրանսպորտի գործունեության համակարգման» (1993թ. մայիսի 19),

«Քաղաքացիների անվիզա տեղաշարժման»,

«Երկու պետությունների սահմանին մաքսակետեր բացելու» մասին:

25 մայիսի -  Հայկական մի շարք կուսակցությունների (ՀՅԴ, ԱԻՄ, ՍԻՄ, ՀԿ) հայտարարությունը Երևանի կողմից եռակողմ նախաձեռնության (3+1) ստորագրման, ինչպես նաև «համաձայնողական արտաքին քաղաքականության» անթույլատրելիության մասին: Հատուկ կետով նշված է. «բացառել Թուրքիայի մասնակցությունը հաշտության նախաձեռնությանը որպես մի երկիր, որն ակնհայտ ադրբեջանամետ քաղաքականություն է վարում»:

 

1994թ.

4 - 5 մայիսի – Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի խորհրդարանների նախագահների հանդիպումը Բիշքեկում, ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեայի միջ­նորդությամբ: Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը միջնորդների հետ միասին ստորագրեցին ճակատի ողջ պարագծով մարտական ակտիվ գործողությունների դադարեցման «Բիշքեկյան արձանագրությունը»: Ադրբեջանը հրաժարվեց: 

Պաշտոնական Բաքուն որոշ ժամանակ իսկապես տատանվում էր և, ի տարբերություն Երևանի ու Ստեփանակերտի, չէր համարձակվում ստորագրել արձանագրությունը: Դժվար չէ հասկանալ այս դիրքորոշումը. ըմբռնումը, որ 1994թ. մայիսի դրությամբ մարտական գործողությունների դադարեցումը, թեկուզև անորոշ ժամանակով, գրեթե նշանակում էր Լեռնային Ղարաբաղի ինքնիշխան գոյության «լեգալացում» (կամ, եթե ավելի չափավոր արտահայտ­վելու լինենք` «առկա քաղաքական իրողությունների» ժամանակավոր ընդունում), մտահոգում էր ադրբեջանական ղեկավարությանը: 

6 - 7 մայիսի – Խորհրդակցություններ Ադրբեջանի ԱԳՆ-ում: Չնայած իրավիճակի բարդությանը, «Բիշքեկյան արձանագրության» ընդունումից բացի Ադրբեջանն այլևս այլ ելք չուներ, քանի որ հակառակ պարագայում բացվում էր այն հեռանկարը, որ հայկական վերահսկողություն կսահմանվեր վառելիքային հանրապետության համար կենսականորեն կարևոր հաղորդակցային ուղու` երկաթգծի Բաքու-Թբիլիսի տեղամասի հանդեպ: Ակնհայտ է, որ այս պարագայում Ադրբեջանը զրկվում էր ոչ միայն ածխաջրածնային հումքը Վրաստանի սևծովյան նավահանգիստներ տեղափոխելու հնարավորությունից, այլև «վառելիքային դիվանագիտության» միջոցով տարածքային հարցը լուծելու հեռանկարից:

Այսպիսով, Բիշքեկյան արձանագրության ստորագրումը հիմնականում համապատասխանում էր հենց Ադրբեջանի շահերին:

8 մայիսի – Ադրբեջանը ստորագրում է հակամարտության գո­տում կրակը դադարեցնելու «Բիշքեկյան արձանագրությունը»:

9 - 11 մայիսի – Ռուսաստանցի միջնորդը ձևակերպում է համատեղ հրադադարի մասին պայմանավորվածությունը: Փաստաթուղթն առանձին ստորագրում են Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները: Վլադիմիր Կազիմիրովը, որն այն ժամանակ Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչն էր Լեռնային Ղարաբաղի գծով, հիշում է. «1994թ. գարնանը Ստեփանակերտից հյուսիս գտնվող Տերտերի մոտ մղվող համառ մարտերը նոր աղետ էին սպառնում. դեպի Քուռ գետ հայերի առաջխաղացումը կկասեցներ Ադրբեջանի հյուսիսարևմտյան ելքը: Բաքուն արդեն նախապայմաններ չէր թելադրում, պատրաստ էր նաև երկարատև հաշտության...

Բաքվում, Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևի աշխատասենյակում մենք պատրաստեցինք համաձայնագրի տեքստը, որը պետք է ստորագրեին Ադրբեջանի պաշտպանության նախարարը և Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատարը:

Բայց Հեյդար Ալիևը խնդրեց մեկ անգամ ևս փորձել ընդգրկել Երևանին: Ռուս դիվանագետներն, ի դեպ, վաղուց ասում էին Երևանին, որ Հայաստանը հակամարտության անմիջական մասնակից է, բայց այնտեղ խուսափում էին իրենց դերն ընդունելուց, թեև արդյունքում, այնուամենայնիվ, համաձայնեցին ստորագրել»:

Ալիևի աշխատասենյակում պատրաստված տեքստը ստիպված էին կրկնել երեք օրինակով, որպեսզի կողմերից յուրաքանչյուրն առանձին ստորագրի այն: Ադրբեջանի պաշտպանության նախարարն իր թուղթը ստորագրեց Բաքվում, մայիսի 9-ին, ռուս միջնորդի ներկայությամբ, մայիսի 10-ին փաստաթուղթը Երևանում ստորագրեց Հայաստանի նախարարը, մայիսի 11-ին, Ստեփանակերտում, այն ստորագրեց Ղարաբաղի բանակի հրամանատարը: Այս երեք էջերն էլ հենց, յուրաքանչյուրի վրա` կողմերից մեկի ստորագրությամբ, որոնք Մոսկվայում ամբողջացվեցին, Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին մայիսի 12-ի համաձայնագիրը դարձան:

12 մայիսի - «Հրադադարի մասին համաձայնագիրը» մտնում է ուժի մեջ:

17 մայիսի - «Հատուկ դրություն» է մտցվում ՀՀ ավտոմոբիլային մայրուղիներում: Ուժեղացվում է ճանապարհատրանսպորտային հսկողությունը, որի նպատակը «ապօրինի զենք-զինամթերքի բացահայտումն էր»:

25 մայիսի – ՀՀ ԳԽ որոշման նախագիծը «Ամրագրված գներով ապրանքների և ծառայությունների մանրածախ գների բարձրացման դեպքում բնակչությանը փոխհատուցելու կարգի մասին»: Մասնավորապես, նախատեսվում էր «ամրագրված գներով ապրանքների և ծառայությունների մանրածախ գների բարձրացումը կիրառել ոչ շուտ, քան հայտարարությունից 15 օր անց, իսկ ՀՀ կառավարությունը մեկ շաբաթվա ընթացքում պետք է ամբողջովին փոխհատուցի բնակչությանը` հացի, տրանսպորտի և այլ ծառայությունների մանրածախ գների մայիսյան բարձրացման արդյունքում հասցված վնասը»:

 

1995թ.

18 մայիսի – ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը նշանակվում է Անվտանգության պետական վարչության պետ (ԱՊՎ պետի պաշտոնը զբաղեցրել է մինչև 1996թ. նոյեմբեր, երբ, երկու գերատեսչությունների միաձուլումից հետո նշանակվեց ներքին գործերի և ազգային անվտանգության միավորված նախարարության նախարար):

25 մայիսի  –  ՀՅԴ  Բյուրոյի  հայտարարությունը  Մոսկվայում.  «...ՀՅԴ հետապնդումները, մեղադրանքները կուսակցության հասցեին, որոնք կազմակերպվում են անձամբ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, անհեթեթ զրպարտություն են` ուղղված այն բանին, որ ՀՅ Դաշնակցությունը քաղաքականապես մեկուսացվի և արտաքսվի Հայրենիքից»:

30 մայիսի – Ավելի քան քառամյա ընդմիջումից հետո վերաբացվեց Ստեփանակերտի օդանավակայանը` ընդունելով Երևան-Ստեփանակերտ չվերթը կատարող առաջին քաղաքացիական Յակ-40 ինքնաթիռը: Ադրբեջանի ՊՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որում ԼՂՀ կառավարությանը զգուշացնում էր, որ «չվերթները կրկնվելու դեպքում ադրբեջանական կողմը կդիմի ծայրահեղ միջոցների»:

 

1996թ.

17 մայիսի – Հայաստանում ՎԶԵԲ ներկայացուցչության հայտարարությունը. «Այսուհետ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գործունեությունը կկենտրոնացվի մասնավոր հատվածի զարգացման վրա: Մինչ այժմ ՎԶԵԲ իրականացրած ծրագրերը երաշխավորում էր ՀՀ կառավարությունը»:

25 մայիսի – Հայաստանի խորհրդարանն ընդունում է «Օրենք գովազդի մասին», որը կոչված էր «կանխելու գովազդի միջոցով ոչ հավաստի տեղեկատվության տարածումը, որը կարող է վնաս հասցնել իրավաբանական և ֆիզիկական անձանց, նրանց պատվին, արժանապատվությանը, գործարար հեղինակությանը և քաղաքացիների շահերին; կանխելու գովազդի միջոցով իրավաբանական և ֆիզիկական անձանց մոլորության մեջ գցելը, եթե հարցը վերաբերում է ապրանքի, աշխատանքների և ծառայությունների որակին, բնույթին, պատրաստման ձևին ու տեղին, սպառողական առանձնահատկություններին, իրացման պայմաններին և այլ հատկանիշներին...»:

26 - 27 մայիսի – Ադրբեջանական զինված կազմավորումները Նախիջևանի (Օրդուբադի) կողմից կենտրոնացված հրետակոծության են ենթարկում Սյունիքի մարզի Ծիրանաձոր և Խաշլեպիկ հայկական գյուղերը:

 

1997թ.

16 մայիսի – Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Մուրթուզ Ալեսքերովի ելույթը Վրաստանի խորհրդարանում. «Լեռնային Ղարաբաղի և Աբխազիայի հիմնախնդիրները ստեղծված են կայսերական ուժերի կողմից մեկ նպատակով` խլել Ադրբեջանի և Վրաստանի անկախությունը: Ես երախտապարտ եմ վրացի պատգամավորներին Ադրբեջանին աջակցելու համար Հայաստանին ռուսական սպառազինության ապօրինի մատակարարման փաստերի հրապարակումից հետո»:

26 մայիսի - ՀՀ էկոնոմիկայի նախարարության հայտարարությունը. «Վերջին 5 տարիներին ՀՀ-ն ԵՄ-ից տարբեր աղբյուրներով 250 մլն էքյուի հումանիտար և տեխնիկական օգնություն է ստացել: Այս տարի հումանիտար օգնության ծավալը կկազմի ընդամենը 2 մլն էքյու: Շատ հնարավոր է, որ արդեն 1998թ. մենք կդադարենք հումանիտար որևէ օգնություն ստանալ»:

 

1998թ.

22 մայիսի – ՀՀ սոցապնախարարության տվյալներով` 1998թ. մայիսի 1-ի դրությամբ գործազուրկների թիվը ՀՀ-ում կազմել է 132.655 մարդ: 15%-ն ունի բարձրագույն  կրթություն, 25%-ը` միջնակարգ մասնագիտական, 50%-ը` միջնակարգ, 10%-ը` թերի միջնակարգ կրթություն: Գործազուրկների 70%-ը կանայք են, նրանց 60%-ը` 22-50 տարեկան: Գործազուրկների մեծ մասը քաղաքաբնակ է:

25 մայիսի – Ֆրանսիական «Պեռնո Ռիկար» ընկերությունը $28 մլնով ձեռք է բերում Երևանի կոնյակի գործարանը:

28 մայիսի – Առաջին Հանրապետության 80-ամյակի տոնակատարությունը:

30 մայիսի – Բեյրութում ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը հանդիպում է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ Ղարաբաղյան կարգավորման հարցի առիթով: Վարդան Օսկանյանը ներ­կայաց­րեց Հայաստանի դիրքորոշումը բանակցային գործընթացում և, մասնավորապես, պաշտոնական Երևանի վճռականությունը առանց նախապայմանների համընդգրկուն փաթեթային կարգավորման հասնելու հարցում:

 

1999թ.

17 մայիսի – ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոստանում է տարեկան կտրվածքով կրկնապատկել աշխատանքների ծավալը Սպիտակի երկրաշարժի գոտում:

30 մայիսի – ՀՀ երկրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները: Ընտրվեց 131 պատգամավոր (75-ը` մեծամասնական և 56-ը` համամասնական ընտրական համակարգով):

Ընտրությունների արդյունքներով` օրենքով սահմանված հինգտոկոսանոց շեմը հաղթահարեց վեց կուսակցություն և դաշինք, որոնց միջև տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ.

«Միասնություն» դաշինք -  41,69% (29 պատգամավոր),

ՀԿԿ - 12,09% (8 պատգամավոր),

«Իրավունք և միաբանություն» - 7,96% (6 պատգամավոր),

ՀՅԴ - 7,86% (5 պատգամավոր),

«Օրինաց երկիր» կուսակցություն - 5,28% (4 պատգամավոր),

ԱԺՄ - 5,17 % (4 պատգամավոր):

 

2000թ.

19 մայիսի – Հրապարակվեց ադրբեջանական հրամանատարության հայտարարությունը. «Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանները կարելի է ազատագրել մոտավորապես երկու ամսվա ընթացքում... Շուշին կարելի է ազատագրել հոյակապ ռազմական գործողությամբ: Շուշեցիները գիտեն այնտեղի ամեն մի արահետը և պատրաստ են կռվել յուրաքանչյուր թիզ հողի համար»:

26 մայիսի – Հայաստանի ԱԱՆ հայտարարությունը. «Մայիսի 15-25-ին ՀՀ ԱԱՆ-ն ձերբակալել է «Կենտրոնական էլեկտրացանց» ՓԲԸ բարձրաստիճան մի շարք աշխատակիցների: Հետաքննության ընթացքում բացահայտվել են նրանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման, առանձնապես մեծ չափերի հափշտակումների, յուրացումների, կաշառակերության, վերագրումների և զեղծումների բազմաթիվ փաստեր»: 

 

2001թ.

3 մայիսի«Վաշինգտոն պոստի» հրապարակումը. «1998թ. օգոստոսին «Իսլամական ջիհադ» կուսակցության ադրբեջանական բաժանմունքը, որը հետագայում միացավ բեն Լադենի «Ալ-Քաիդային», համակարգել էր Քենիայում և Թանզանիայում ԱՄՆ դեսպանատների ռմբակոծումը, որոնց ժամանակ սպանվեց 224 և վիրավորվեց 4600 մարդ: ՀԴԲ-ին հաջողվեց գաղտնալսել բեն Լադենի արբանյակային մոտ 60 հեռախոսազանգ Բաքվից Արևելյան Աֆրիկա և հակառակ ուղղությամբ: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը նույնպես երկյուղում էր հարձակումից, սակայն, ինչպես հայտարարեց տեղի ռադիկալներից մեկը, նրանք որոշեցին չգրոհել Բաքվում ԱՄՆ դեսպանատան վրա, «որպեսզի չփչացնեն լավ հարաբերություններն Ադրբեջանի հետ»:     

21 մայիսի «Ֆլորիդայի լավատեսության արևը մայր մտավ Հարավային Կովկասում, և դա արդեն քաղաքական փաստ է: Քի Ուեսթի մերձարևադարձային արևը, ի տարբերություն կովկասյանի, ջերմացնում էր մեր ակնկալիքները: Չարժե, սակայն, տխրել. լինում են բանակցությունների ակտիվ, լինում են նաև պասիվ փուլեր»,- Երևանում հայտարարեց ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Քերի Քավանոն: 

23 մայիսի – Պայմանագիր ստորագրվեց «Արմավիրապակի» պետական ՓԲԸ-ն ամերիկյան «Meidus trading company LLC» ընկերությանը 25.330 հազար դրամով (մոտ $46.000) վաճառելու մասին:

 

2002թ.

16 մայիսի – Երևանի քաղաքապետարանը հայտարարում է վերերկրյա ռելսային էլեկտրատրանսպորտի ծառայությունից հրաժարվելու մասին: Հիմնական փաստարկն այն էր, որ վերերկրյա ռելսային էլեկտրատրանսպորտը շահութաբեր չէ և այն պահելու ծախսերը քաղաքային գանձարանի ուժից վեր են:

24 մայիսի – ՀՀ ԱԳՆ-ն ուշադրությունը կենտրոնացնում է ՀյուսիսՀարավ տրանսպորտային նախագծին ՀՀ ակտիվ մասնակցության անհրաժեշտության վրա, «որի հիմնական մասնակիցներն են ոչ թե Թուրքիան և Ադրբեջանը, այլ Ռուսաստանը, Չինաստանը և Հնդկաստանը»:

 

2003թ.

22 մայիսի – ՅՈՒՆԵՍ­ԿՕ-ն բացասաբար է արձագանքում Ադրբեջանի դիմումին. «Ադրբեջանի օկուպացված տարածքներում հայերի կողմից պատմական հուշարձանների և ցուցանմուշների ավերման կոնկրետ փաստեր չկան»: Ադրբեջանի մշակույթի նախարար Փոլադ Բյուլ-Բյուլ Օղլին հայտարարեց. «Հենց այս պատճառով են Ադրբեջանի դիմումները ՅՈՒՆԵՍԿՕ-ին մնում անպատասխան»

25 մայիսի – ՀՀ երրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները (131 պատգամավոր, 75-ը` համամասնական, 56-ը` մեծամասնական ընտրական համակարգով): Ընտրությունների արդյունքներով` օրենքով սահմանված հինգտոկոսանոց պատնեշը հաղթահարեց 6 կուսակցություն և դաշինք` հետևյալ համամասնությամբ. Հայաստանի Հանրապետական կուսակցություն - 23,66% (23 պատգամավոր), «Արդարություն» դաշինք - 13,71% (14 պատգամավոր), ՕԵԿ - 12,60% (12 պատգամավոր), ՀՅԴ - 11,45% (11 պատգամավոր), «Ազգային միաբանություն» - 8,91% (9 պատգամավոր), Միացյալ աշխատանքային կուսակցություն - 5,67% (6 պատգամավոր):

 

2004թ.

19 մայիսի – Ռազմավարական հետազոտությունների «Կենտրոնական Ասիա և Կովկաս» շվեդական կենտրոնի տնօրեն Մուրադ Էսենովի հայտարարությունը. «ԼՂՀ բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է, այն դեպքում, երբ ԱՀ ԶՈւ-ն առայսօր ցավալի վիճակում է գտնվում... Ներկա վիճակում Ադրբեջանը չի համարձակվի պատերազմ սկսել ԼՂ-ի և Հայաստանի դեմ»

24 մայիսի – Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը. «Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված` շարունակվող ակտիվ քարոզչության պայմաններում Թուրքիայում չափազանց դժվար է քայլեր ձեռնարկել հայթուրքական հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Դժվար է գործ ունենալ մի երկրի հետ, որի օրակարգում առայսօր Ցեղասպանության խնդիրը պատմաբաններին հանձնելու հարցը լուծված չէ»:

30 մայիսի – Հայ ժողովրդի հանդեպ ունեցած բացառիկ վաստակի համար ՀՀ նախագահի հրամանով «Հայաստանի Ազգային հերոսի» կոչում է շնորհվում ֆրանսիական շանսոնիե Շառլ Ազնավուրին և մեկենաս Քըրք Քըրքորյանին (ԱՄՆ): 

30 մայիսի - «Washington ProFile»-ի հրապարակումը. «Ալ-Քաիդան» սկսել է գործել ԽՍՀՄ տարածքում, 1980-ականների վերջին, երբ իր գրասենյակն է բացել Բաքվում` նպատակ ունենալով աջակցել ադրբեջանական մոջահեդներին Լեռնային Ղարաբաղի հանդեպ վերահսկողության համար քրիստոնեական Հայաստանի դեմ մղվող պատերազմում: Մոտավորապես 1,5 հազար աֆղան վետերաններ են եկել Ադրբեջան 1993թ. սեպտեմբերին: Չեչենները նույնպես համագործակցում էին նախկին Խորհրդային Միության մյուս մուսուլմանների հետ: Մասնավորապես, չեչեն մոջահեդները հրթիռներ էին գնում ոչ միայն իրենց, այլ նաև Ադրբեջանի իրենց գործընկերների համար և առանցքային դեր են խաղացել Ստեփանակերտից` Լեռնային Ղարաբաղի մարզի մայրաքաղաքից հարավարևելք գտնվող Հորադիզ քաղաքի զավթման գործում:

1994թ. ամռանը նրանց թիվը հասավ մինչև 2,5 հազարի: Հայերի հետ մարտերում կրած ծանր կորուստներից հետո աֆղանական բրիգադը կազմալուծվեց նույն` 1994թ., սակայն նրանցից շատերը մասնակցեցին տարածաշրջանային այլ հակամարտությունների»: 

 

2005թ.

18 մայիսի – Քըրք Քըրքորյանն այցելում է Երևան: Հանդիպումներ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի հետ:

28 մայիսի – Շուրջպար Արագած լեռան շուրջ: Ուղիղ ժամը 15.00-ին լեռան ամբողջ պարագծով հազարավոր հայեր ամբողջ աշխարհից, ի նշան ազգի համախմբվածության, ձեռք ձեռքի բռնած, սկսեցին միասնության պարը: Սակայն մտահղացումը ձախողվեց. շուրջպարի կազմակերպիչ, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը չկարողացավ ապահովել մարդկանց հավասարաչափ բաշխումն Արագածի պարագծով, և արդյունքում 10-15 կիլոմետրանոց դատարկ տեղ գոյացավ: 

30 մայիսի – Ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել Լեգրանի հայտարարությունը. «Ֆրանսիացիները չեն մոռացել հրեշավոր Ցեղասպանությունը և երբեք չեն ների այն, որ Թուրքիան անեքսիայի է ենթարկել Հայաստանի մի մասը: Նման երկիրն իրավունք չունի մտնել միացյալ Եվրոպայի կազմի մեջ: Անկարային երբեք չեն ընդունի Եվրամիություն: Ֆրանսիան կհակառակվի դրան»:

 

2006թ.

3 մայիսի – Ադլերի օդանավակայանում վայրէջքի պահին, բարդ եղանակային պայմաններում, ափից վեց կիլոմետր հեռավորության վրա աղետի ենթարկվեց հայկական «Արմավիա» ընկերության` Երևան-Սոչի երթուղու А-320 ինքնաթիռը: Ավելի քան 100 ուղևորները և անձնակազմը զոհվեցին:

5 մայիսի - «Հայաստան» Համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 15-րդ նիստը: Այն սկսվեց լռության րոպեով, ինչով նիստի մասնակիցները հարգեցին ավիաաղետի զոհերի հիշատակը: Նիստի (այն վարում էր նախագահ Ռոբերտ Քոչարյանը) օրակարգում մի քանի հարց էր դրված: Հիմնականը հիմնադրամի 2005թ. գործունեության արդյունքների ամփոփումն էր:

Ըստ հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանի` դեռ 2004թ., հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստում, նպատակ էր դրվել առաջիկա հինգ տարիներին նվիրատվությունների նշաձողը (տարեկան կտրվածքով) հասցնել մինչև $10 միլիոնի: 2005թ. այս խնդիրը «գերակատարվեց», և տարեկան մուտքերը կազմեցին $12 մլն 700 հազար: Այնինչ, խոսելով վերջին հեռուստամարաթոնի նվիրատվությունների չափի մասին, Մելքումյանը նշեց, որ վերջնարդյունքում այն կազմել է $7 մլն 700 հազար: 

 

2007թ.

7 մայիսի – Հայաստանի ԿԲ-ն շրջանառության մեջ մտցրեց ոսկե մետաղադրամ` նվիրված «Շուշիի ազատագրման 15-ամյակին: Մետաղադրամի անվանական արժեքը 10.000 դրամ է: Այն պատրաստված է 900 հարգի ոսկուց, ունի 22 մմ տրամագիծ և 8,6 գ քաշ:

12 մայիսի – ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները: Տեղերի մոտ կեսը ստացավ իշխող`  Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (32,8% համամասնական ցուցակներով, 24 տեղ 41-ից` ըստ մեծամասնական օկրուգների): Երկրորդ տեղում էր Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հիմնած և բիզնեսմեն Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաս­տան» կուսակցությունը (14,7%), ՀՅԴ-ն ստացավ 12,7%:   

Ընդդիմությունը ներկայացված էր երկու կուսակցությամբ` «Օրինաց երկիր» և «Ժառանգություն»: Ընտրությունների արդյունքներով` 131 պատգամավորներից Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ստացավ 65 տեղ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 25, ՀՅԴ-ն` 16, «Օրինաց երկիրը»` 9, Ազգայինժողովրդավարական «Ժառանգություն» կուսակցությունը` 7, «Դաշինք» կուսակցությունը` 1 տեղ (մեծամասնական օկրուգից), անկուսակցական էին 8-ը:

16 մայիսի – Վախճանվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի հերոս, պրոֆեսոր Գոհար Գասպարյանը:

 

2008թ.

6 - 11 մայիսի – Թենիսի միջազգային ֆեդերացիան (ITF) Հայաստանի թենիսի ֆեդերացիայի հետ համատեղ Երևանում անցկացնում է Դևիսի գավաթի Եվրաաֆրիկյան գոտու տղամարդկանց թիմերի երրորդ ենթախմբի մրցումներ Հայաստանի, Անդորայի, Նորվեգիայի, Մոլդովայի, Բոսնիա-Հերցեգովինայի, Էստոնիայի, Գանայի և Լիտվայի հավաքականների մասնակցությամբ: Մրցաշարն անցկացվեց մայրաքաղաքի Master Class թենիսի ակումբի կորտերում:

14 - 23 մայիսի – Կաննի կինոփառատոնում առաջին անգամ մասնակցում են երեք հայ կինոռեժիսորներ` Ատոմ Էգոյանը Կանադայից, Դիանա Մկրտչյանը Ռուսաստանից, Արման Թադևոսյանը Հայաստանից: Ատոմ Էգոյանը կինոփառատոնում կներկայացնի իր «Սերունդ» դրաման, որի գլխավոր դերակատարն է ռեժիսորի կինը` Արսինե Խանջյանը: Դիանա Մկրտչյանը կներկայացնի «Գաթա» վավերագրական կինոնկարը, իսկ Արման Թադևոսյանի 10 րոպեանոց ֆիլմը ներկայացված է կարճամետրաժ կինոնկարների շարքում և պատմում է Կարսի մշակութային կերպարի փոփոխության մասին: 

15 մայիսի – Հայ Առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը տարածել է հետևյալ բովանդակությամբ մամլո հաղորդագրություն. «Վրաստանի Հայ Առաքելական եկեղեցու թեմը մտահոգություն և  վրդովմունք է հայտնում Սուրբ Նորաշեն եկեղեցու և հարակից տարածքի նկատմամբ ոտնձգության առնչությամբ, որը կազմակերպվել է Վրաստանի Ուղղափառ եկեղեցու հոգևորական, հայր Տարիել Սիկինչելաշվիլու կողմից:

Սուրբ Նորաշեն եկեղեցին կառուցվել է 15-րդ դարի կեսին և հիմնադրման օրվանից պատկանել է Վրաստանի Հայոց թեմին: 20-րդ դարի 30-ականներին եկեղեցին, կրոնական այլ շինությունների հետ մեկտեղ, փակվեց կրոնական գործունեության համար և օգտագործվեց որպես գրապահուստ: Պետական անկախության վերականգնումից հետո Վրաստանի կառավարությունը եկեղեցին չվերադարձրեց նրա օրինական պատմական տիրոջը:

Ներ­կայումս, հայր Տարիելի ղեկավարությամբ, եկեղեցին պարսպապատվում է Վրաց Ուղղափառ եկեղեցուն բնորոշ կրոնական տարրեր պարունակող պարսպով: Հայոց թեմն այս գործողությունը դիտարկում է որպես պայմանավորվածության խախտում վրացական կողմից, որը ձեռք էր բերվել Հայ Առաքելական եկեղեցու և Վրաց Ուղղափառ եկեղեցու միջև` Սուրբ Նորաշեն և Թբիլիսիի մյուս չորս հայկական եկեղեցիների պատկանելության հար­ցի քաղաքակիրթ լուծման շուրջ...

Այս առնչությամբ Հայ Առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը պաշտոնապես դիմել է Վրաց Ուղղափառ եկեղեցու պատրիարքարան, ինչպես նաև համապատասխան պետական կառույցներին, որոնք մինչև այժմ գործուն որևէ քայլ չեն ձեռնարկել զավթողականությունը կանխելու համար, ինչն առաջացրել է Հայոց թեմի ծխականների տարակուսանքն ու դժգոհությունը, որոնք այս հանգամանքը համարում են ոտնձգություն իրենց դավանանքի ազատության սահմանադրական իրավունք­ների հանդեպ: Հայոց թեմը վրացական կողմին հիշեցնում է ձեռք բերված պայմանավորվածության մասին և համառորեն խնդրում է պահպանել այնՀակառակ դեպքում իրադարձությունների զարգացումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների»:

26 մայիսի – Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանը մշակույթի մի շարք գործիչների Հանրապետության օրվա կապակցությամբ պատվավոր կոչումներ շնորհելու մասին:

«ՀՀ ժողովրդական արտիստի» կոչում շնորհվեց անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր Ռոբերտ Սահակյանցին, «ՀՀ ժողովրդական նկարչի» կոչում` Ռոբերտ Էլիբեկյանին: «ՀՀ վաստակավոր արտիստի» կոչում շնորհվեց դաշնակահարուհի Մարինե Աբրահամյանին, դաշնակահար Արմեն Բաբախանյանին, ժողովրդական գործիքների անսամբլի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Նորայր Դավթյանին, աշուղական երգի «ՍայաթՆովա» անսամբլի գործիքային մասի ղեկավար Արտեմ Խաչատրյանին, Հայաստանի պարի պետական անսամբլի գլխավոր պարուսույց Ասատուր Կարապետյանին, Կոմիտասի անվան պետական քառյակի ալտահար Ալեքսանդր Կոսեմյանին, երգչուհի Աննա Մայիլյանին: «Վաստակավոր նկարչի» կոչում շնորհվեց Հրանտ Թադևոսյանին:

 

2009թ.

11   մայիսի – Կյանքի   77-րդ  տարում, երկարատև հիվանդությունից հետո, վախճանվեց արվեստագետ, Գեղագիտական դաստիարակության ազգային կենտրոնի հիմնադիր, ԽՍՀՄ-ում առաջին Ժամանակակից կերպարվեստի թանգարանի հիմնադիր և տնօրեն, աշխարհում առաջին Մանկական արվեստի թանգարանի հիմնադիր Հենրիկ Իգիթյանը:

14  մայիսի – Տեղի ունեցավ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նոր մասնաճյուղի հիմնարկեքի արարողությունը: Արարողությանը մասնակցեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը:

Դեռ 1988թ. ճարտարապետ Արթուր Մեսչյանի նախագծով սկսվեց աջ թևի շինարարությունը, որը դադարեցվել էր երկրաշարժի և  հաջորդած պատերազմի պատճառով: Մատենադարանի նոր մասնաճյուղի շինարարությունը հնարավոր դարձավ շնորհիվ հայ ձեռներեց, մոսկովյան «Մոնարխ» կոնցեռնի Տնօրենների խորհրդի նախագահ Սերգեյ Համբարձումյանի:

15  մայիսի – Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր ստորագրեց «Ռուսաստանի Դաշնության նախագահին կից ի վնաս Ռուսաստանի շահերի պատմության խեղաթյուրումների փորձերին դիմակայելու գծով հանձնաժողովի մասին»: Հանձնաժողովի մասին որոշման համաձայն, «դրա հիմնական խնդիրներն են.

ա) Ռուսաստանի Դաշնության միջազգային հեղինակության նսեմացմանն ուղղված պատմական փաստերի և իրադարձությունների կեղծումների մասին տեղեկատվության ընդհանրացումն ու վերլուծությունը և ՌԴ նախագահին ներկայացվելիք համապատասխան զեկույցների պատրաստումը,

բ) Ռուսաստանի շահերին վնաս հասցնելուն ուղղված պատմական փաստերի և իրադարձությունների կեղծումների փորձերին դիմակայելու ռազմավարության մշակումը,

գ) ՌԴ նախագահին ներկայացվելիք առաջարկությունների պատրաստումը, որոնք վերաբերելու են Ռուսաստանի շահերին վնաս հասցնող պատմական փաստերի և իրադարձությունների կեղծումների փորձերին դիմակայելուն,

դ) Ռուսաստանի շահերին վնասող պատմական փաստերի և իրադարձությունների կեղծումների փորձերին համարժեք արձագանքելու և դրանց հնարավոր բացասական հետևանքները չեզոքացնելու վերաբերյալ հանձնարարականների մշակումը»

Հետաքրքիր է, որ հանձնաժողովի կազմում (28 մարդ) ընդամենը մի քանի պատմաբան կար. ՌԳԱ Ռուսական պատմության ինստիտուտի տնօրեն Ա.Սախարովը, ՌԳԱ  Համընդհանուր պատմության ինստիտուտի տնօրեն Ա.Չուբարյանը, Ռուսարխիվի ղեկավար Վ.Կոզլովը, Պատմական հեռանկարի ուսումնասիրման ֆոնդի նախագահ Ն.Նարոչնիցկայան, ՌԴ Հանրային պալատի հանձնաժողովի նախագահ Ն.Սվանիձեն: Բացի նրանցից, հանձնաժողովի կազմում են Պետդումայի երկու ներկայացուցիչ (այդ թվում և Կ.Զատուլինը), շատ փոխնախարարներ, այդ թվում և ուժային: 

17 մայիսի – Շառլ Ազնավուրն այցելեց Լեռնային Ղարաբաղ իր 85-ամյակի նախօրեին: «Ես շատ ուրախ եմ, որ եկել եմ Ղարաբաղ: Ես եկել եմ այստեղ առաջին անգամ, կաղոթեմ, որ վերջին անգամը չլինի: Ես շատ ուրախ եմ և շատ հպարտ, որ այսօր, փառք Աստծո, այստեղ եմ»,- ասաց հանրահռչակ շանսոնիեն: Հայության առջև ունեցած բացառիկ վաստակի համար ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հյուրին պարգևատրեց Գրիգոր Լուսավորիչ շքանշանով:

Մեծ երգչի հետ միասին Արցախ էին եկել նրա քույրը և դուստրը, որոնք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդես եկան համերգային ծրագրով:

Պատրաստեց` Հայկ Վարշամունի

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am