Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Գիտություն և կրթություն

Գիտություն և կրթություն
Մայիս 2010, N 4

ՄԱՀԱՓՈՐՁ ՄՏԱԽԱԲԿԱՆՔԻ ԴԵՄ ԿԱՄ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՆԱՏՈՄԻԱ

(ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԱՄՆ-ՈՒՄ ԵՎ ԿՈՐԾԱՆՎՈՂ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ)

Ռուբեն Վարդանյան, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ, Արիզոնայի (ԱՄՆ) համալսարանի պրոֆեսոր

Լեգենդի համաձայն` 1813թ. Լոնդոնի թագավորական ընկերությունում էլեկտրամագնիսական ինդուկցիայի օրենքի հայտնագործման մասին կարդացած զեկույցից հետո անգլիացի մի սըր Մայքլ Ֆարադեյին հարցնում է. «Իսկ մեր հասարակության օգուտը ո՞րն է ձեր հայտնագործությունից»: Ինչին փորձով իմաստնացած Ֆարադեյը պատասխանում է. «Սպասեք, կանցնի հարյուր տարի, և դուք իմ հայտնագործության համար հարկ կսահմանեք»: Այսօր մենք չենք պատկերացնում մեր կյանքն առանց էլեկտրաէներգիայի, որի արտադրությունը հիմնված է Ֆարադեյի ստեղծած «գիտելիքների համակարգի» վրա:

 

ՄԻ ՓՈՔՐ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ Science and Engineering Indicators 2010 Ազգային գիտական ֆոնդի կայքում բերվում են տվյալներ աշխարհում 1995-2009թթ. գիտատեխնիկական զարգացման գլոբալ դինամիկայի վերաբերյալ: Գիտությունն ամենից արագ զարգանում է Չինաստանում, որը գիտաշխատողների թվով արդեն հավասարվել է ԱՄՆ-ին: Երկու երկրներում էլ այսօր աշխատում են յուրաքանչյուրում մեկուկես միլիոն գիտնականներ: Մոտավորապես այդքան է նրանց թիվը նաև Եվրամիության երկրներում: Գիտնականների թիվն արագորեն աճում է նաև արևելաասիական երկրներում, Հարավային Կորեայում, Թայվանում և Սինգապուրում: Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում գիտատեխնիկական առաջընթացի հիմնական ցուցանիշներն ընկնում են: 1995թ. Ռուսաստանում մոտ 600.000 գիտաշխատող կար, իսկ այժմ` 450.000: Չինաստանում գիտնականների թիվն ամեն տարի ավելանում է գրեթե 9%-ով, իսկ Ռուսաստանում նվազում է 2%-ով: 2009թ. ԱՄՆ-ում գիտական հետազոտությունների վրա ծախսվել է 382 մլրդ դոլար: Համեմատության համար` Ռուսաստանում ծախսվել է մոտ 20 միլիարդ: 2009թ. ԱՄՆ-ին բաժին է ընկել գիտության վրա ողջ աշխարհում ծախսվածի 32-33%-ը, Ռուսաստանին` 1%-ը: Չինաստանը գիտության վրա ծախսել է 142 մլրդ դոլար (համաշխարհային ծախսերի մոտ 13%-ը): Նույն ժամանակաշրջանում Ճապոնիան գիտական հետազոտություններին հատկացրել է 144 մլրդ դոլար: Արևմուտքի առաջատար երկրներում գիտության համար կատարված ծախսերը կազմում են ՀՆԱ 2-3%-ը, այդ թվում` ԱՄՆ-ում` 2,7%, իսկ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ճապոնիան, Շվեդիան, Իսրայելը, այդ ցուցանիշը հասնում է ՀՆԱ 3,5-4,5%-ին: Ռուսաստանի ցուցանիշը կազմում է ՀՆԱ մոտ 1%-ը: Այստեղ գիտական դպրոցներ են փակվել: Փորձագետների կարծիքով` վերջին տարիներին Ռուսաստանը կորցրել է գիտական առումով աշխարհի առաջատար տերություններից մեկի կարգավիճակը և իջել է երկրորդային կարգի դերակատարի մակարդակի: Այստեղից զանազան հետևություններ են բխում: Նշվում են Ռուսաստանի գիտական պոտենցիալի նվազման երեք հիմնական պատճառներ. քաղաքական անկայունություն, ուղեղների զանգվածային արտահոսք և շահագրգռության բացակայություն: Գիտության վիճակը Հայաստանում. բյուջեն` 27 մլն դոլար կամ ՀՆԱ 0,29%-ը, որը միայն մանրադիտակով կարելի է տեսնել, գիտաշխատողների թիվը` 3700 մարդ: Միևնույն ժամանակ, Հայաստանի 2010թ. բյուջեում նկատվում է գիտության և կրթության զարգացմանն ուղղված ծախսերի ավելի քան 12%-ի նվազում: Խորհրդային ժամանակներում Հայաստանի գիտությունն ամեն տարի ստանում էր 400 մլն դոլարի կարգի գումար, գիտաշխատողների թիվը 1990թ. 7000 էր:

Նոբելյան մրցանակը վկայում է այս կամ այն երկրի գիտության ընդհանուր մակարդակի մասին, գուցե շատ ավելի, քան օլիմպիական մեդալներն են վկայում ազգային սպորտի վիճակի մասին: Թե´ գիտունները, թե´ անգետները միասնական են այն հարցում, որ աշխարհում դրանից ավելի պատվավոր պարգև չկա: Տարբեր ժամանակներում Նոբելյան մրցանակակիրներ են դարձել հետազոտողներ աշխարհի տարբեր անկյուններից: Սակայն որոշ երկրներում հատկապես մեծ թվով մրցանակակիրներ են ապրում: 2008թ. վիճակագրությունն ըստ մի քանի երկրների հետևյալն է. ԱՄՆ  295 (բոլոր մրցանակների 45%-ը), Մեծ Բրիտանիա` 94, ԳԴՀ` 76, Ֆրանսիա` 45, Շվեդիա` 24, Ռուսաստան` 17, Իտալիա և Նիդեռլանդներ` 15-ական, Կանադա` 12 և այլն: Այսօրվա դրությամբ Նոբելյան մակարդակի գիտություն ունի 12 երկիր. ԱՄՆ (158, ընդհանուր թվի 72%-ը), Անգլիա (16; 7%), ԳԴՀ (11; 5%), Շվեյցարիա (11; 5%), Ֆրանսիա (7; 3%), Ճապոնիա (4; 2%), Շվեդիա (3; 1,3%), Դանիա (3; 1,3%), Ռուսաստան (2; 1%), Նիդեռլանդներ (2; 1%), Իսրայել (2; 1%), Կանադա (1; 0,5%): Ընդ որում, միայն ԱՄՆ-ը, Անգլիան, ԳԴՀ-ն, Ֆրանսիան են ներկայացված բոլոր անվանակարգերում: Իհարկե, ինչ-որ իմաստով այս ամենը պայմանական է, բայց, ընդհանուր առմամբ, այս թվերը ճշմարտացի են արտացոլում համաշխարհային գիտության քարտեզը: Ամենից շատ աչքի է զարնում ԱՄՆ գերազանցությունը բոլոր դիրքերում, որն ամենուր առաջին տեղն է զբաղեցնում` համաշխարհային տնտեսության մեջ ունեցած մասնաբաժնից մինչև օլիմպիական մեդալները: Ինչո՞վ է բացատրվում այս ակնհայտ գերազանցությունը: Դա պետական ռազմավարության արդյունքն է: ԱՄՆ էլիտան ելնում է այն դրույթից, որ իրենք են և լինելու են համաշխարհային գիտատեխնկական առաջընթացի լիդերը: Ամերիկայի ուժը արտադրության, ֆինանսական հզորության և անգամ բանակի մեջ չէ: Այդ ամենը երկրորդական է: Առաջնայինը գիտական առաջընթացն է: Այստեղ է, որ ԱՄՆ-ը հասել է բացարձակ առաջատարության և ամեն ինչ անում է այն որևէ մեկին չզիջելու համար: Քանի որ նա, ով տիրում է համաշխարհային գիտությանը, տիրում է նաև աշխարհին: ԱՄՆ-ը, իր շահերից ելնելով, ստեղծել է գիտական հզորության եզակի կոնցենտրացիա, աշխարհի բոլոր կողմերից հավաքել ու հավաքում է լավագույն գիտնականներին:

Ժամանակին, գիտության զարգացման նպատակաուղղված պետական ռազմավարության արդյունքում ԽՍՀՄ-ը հեղեղվեց Նոբելյան անձրևով: 1956-1964թթ.` 4 մրցանակ, 7 դափնեկիր (6 ֆիզիկոս, 1 քիմիկոս): Այն տարիների դափնեկիրներ Լանդաուն և Սեմյոնովը 20-րդ դարի մեծագույն գիտնականների շարքում էին, Պրոխորովի և Բասովի կողմից լազերի ստեղծումը 20-րդ դարի մեծագույն հայտնագործություններից էր: Իսկ այնուհետև, Խրուշչովի` իշխանության գալուց հետո, սկսվեց գիտության անկումը, ընդհուպ մինչև այսօրվա կրախը: Տարբեր դարաշրջաներում Ռուսաստանը, իսկ հետո` նաև ԽՍՀՄ-ը, շատ ոլորտներում նախագնացներ էին, գիտության մեջ զարմանալի բեկման հեղինակներ: Աշխարհը մեզ հետևում էր մեծ հետաքրքրությամբ` հիանալով, նախանձելով և զայրանալով: Բայց չէ՞ որ ստացվում էր, ոչ միայն գիտության մեջ, տիեզերքում, այլ նաև գրականության մեջ ու արվեստում: Ինչո՞ւ մենք` ԽՍՀՄ նախկին, այսօր ազատ, անկախ երկրներս, ոչ մի ունիկալ բան չենք ստեղծում: Իսկ ԱՄՆ-ը շարունակում է հաստատուն կերպով առաջնորդող տեղ զբաղեցնել առաջատար շատ տեխնոլոգիաներում և այնպիսի առաջատար ճյուղերում, ինչպիսիք են տիեզերագնացությունը, օդագնացությունը, համակարգիչները, ատոմային էներգետիկան, կենսատեխնոլոգիան, գենային ինժեներիան:

 

ՄԵՋԲԵՐՈՒՄ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻ ԵԼՈՒՅԹԻՑ

Նախագահ Օբամայի` իշխանության գալով նպատակ դրվեց էապես ավելացնել հիմնարար հետազոտությունների ծախսերը: Եթե այսօր գիտական հետազոտությունների ծախսերի բաժինն ԱՄՆ-ում կազմում է ՀՆԱ  2,7%-ը, ապա գալիք տարի խնդիր է դրվում այդ թիվը հասցնել մինչև 3%-ի: Սա հսկայական թիվ է, որին ԱՄՆ տնտեսությունը երբեք չի հասել: Ի դեպ, գիտության ծախսերի բաժնով (ՀՆԱ տոկոսով) առաջին տեղն աշխարհում ԱՄՆ-ը չի գրավում, առջևում են մի շարք փոքր երկրներ` Իսրայելը, Շվեդիան, Ֆինլանդիան: Բայց գիտության ֆինանսավորման ընդհանուր ծավալով այդ երկրները, իհարկե, չեն կարող համեմատվել ԱՄՆ-ի հետ: Հասկանալու համար, թե ինչու է Ամերիկան «աշխարհում առաջինը», բերեմ քաղվածքներ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` 2009թ. ապրիլի 27-ին ամերիկյան Գիտությունների ազգային ակադեմիայի ամենամյա ժողովում ունեցած ելույթից. «...Նախագահ Աբրահամ Լինքոլնը ստորագրել է փաստաթուղթ Գիտությունների ազգային ակադեմիա ստեղծելու մասին քաղաքացիական պատերազմի ամենաթեժ պահին: Լինքոլնը հրաժարվեց ընդունել, որ գոյատևումը մեր ազգի միակ նպատակն է... Մարտահրավերները, որոնք այսօր ծառանում են մեր առջև, անկասկած, ավելի բարդ են, քան այն ամենը, ինչին բախվել ենք ավելի վաղ... Այս դժվար պահին լինում են այնպիսիք, որոնք ասում են, թե մենք չենք կարող թույլ տալ մեզ ներդրումներ անել գիտության մեջ, թե հետազոտություններին աջակցելն ինչ-որ շքեղություն է այն ժամանակ, երբ ստիպված ենք սահմանափակվել միայն ամենաանհրաժեշտով: Ես կտրականապես համաձայն չեմ: Այսօր գիտությունն ավելի, քան երբևէ, հարկավոր է բարեկեցության, մեր անվտանգության, մեր առողջության, մեզ շրջապատող միջավայրի պահպանությանև մեր կենսամակարդակի համար: Այսօրվա օրը, ինչպես երբեք, ստիպում է խորհել այն հսկայական դերի մասին, որ մեր կյանքում խաղում են գիտական հետազոտությունները... մենք գիտենք, որ մեր երկիրն ի վիճակի է ավելի լավին: Կես հարյուրամյակ առաջ մեր երկիրը որոշում ընդունեց դառնալ համաշխարհային լիդեր գիտատեխնիկական նորարարություններում, ներդրումներ անել կրթության, հետազոտությունների, ինժեներային գործի մեջ, այն նպատակադրվեց տիեզերք դուրս գալ և հրապուրել իր յուրաքանչյուր քաղաքացուն այդ պատմական առաքելությամբ: Այդ ժամանակ Ամերիկայում խոշոր ներդրումներ էին արվում հետազոտությունների և մշակումների ոլորտում: Բայց այդ ժամանակվանից ի վեր ազգային եկամտի` դրանց հատկացվող բաժինն սկսել է անշեղորեն նվազել: Արդյունքում` ներկա սերնդի մեծ հայտնագործությունների մրցավազքում սկսեցին առաջ անցնել այլ երկրներ... Ես կարծում եմ, որ մեր` ամերիկյան բնավորությանը հարիր չէ առաջնորդվող լինելը: Մեր բնավորությանը հատուկ է լինել առջևում: Եվ մեզ համար եկել է կրկին լիդեր դառնալու ժամանակը: Ուստի, ես այսօր այստեղ եմ, որպեսզի այսպիսի նպատակ առաջադրեմ. մենք ՀՆԱ ավելի քան երեք տոկոս կհատկացնենք հետազոտություններին և մշակումներին... Մենք կկրկնապատկենք հանգուցային գործակալությունների բյուջեն... Ես նաև առաջին անգամ հայտարարում եմ, որ մենք ֆինանսավորում ենք հատկացնում նոր նախաձեռնության համար (որը երաշխավորել է ձեր կազմակերպությունը) և ստեղծում ենք Առաջավոր հետազոտական նախագծերի գործակալություն էներգետիկայի համար կամ ARPA-E... Մենք գիտությանն ենք վերադարձնում նրա օրինական տեղը: ... Մենք այժմ ձևավորում ենք խորհրդականների մեր նախագահական խորհուրդը գիտության և տեխնոլոգիաների գծով, որը հայտնի է որպես PCAST (President’s Council of Advisors on Science and Technology): Ես պատրաստվում եմ սերտորեն համագործակցել նրանց հետ... Մենք պետք է նաև միասին աշխատենք ողջ աշխարհի մեր բարեկամների հետ: Գիտությունը, տեխնոլոգիաները և նորարարություններն ավելի արագ են արդյունք տալիս և ավելի մեծ վերադարձելիություն ապահովում ներդրված միջոցների հաշվառմամբ, երբ գաղափարները, ծախսերը և ռիսկերը կիսվում են բոլորի միջև... Տասնամյակներ շարունակ մենք եղել    ենք համաշխարհային առաջատարը կրթության մեջ, և որպես հետևանք` տնտեսական աճի  համաշխարհային առաջատարը... Հաջորդ տասնամյակում` 2020թ., Ամերիկան կրկին կունենա բուհերի շրջանավարտների ամենամեծ տոկոսն աշխարհում: Ահա այն նպատակը, որը մենք դնում ենք... Բացի այդ, իմ առաջարկած բյուջեն եռակի կավելացնի ասպիրանտական թոշակների թիվը... Ինչպես գիտեք, գիտական հայտնագործությունների համար անհամեմատ ավելին է հարկավոր, քան մտքի առանձին, անսպասելի փայլատակումները` որքան էլ որ դրանք կարևոր լինեն: Ավելի հաճախ ժամանակ է անհրաժեշտ, համառ աշխատանք է հարկավոր, հարկավոր է համբերություն: Հարկավոր է պրոֆեսիոնալ պատրաստություն: Հարկավոր է երկրի աջակցությունը: Բայց դրանք մեզ անհամեմատ ավելին են խոստանում, քան մարդկային գործունեության ցանկացած որևէ այլ տեսակ... Շնորհակալություն ձեզ ձեր նախկին, ներկա և ապագա բոլոր հայտնագործությունների համար»: Բարաք Օբաման հայտարարեց, որ որոշում է ընդունվել աջակցելու գիտությանը և կիրառական հետազոտություններին ամբողջությամբ և ներկայացրեց այն հիմնական խնդիրները, որոնք պետք է լուծի գիտությունը. էներգետիկա (էներգիայի արտադրության, օգտագործման և խնայողության նոր տեխնոլոգիաների մշակում), կենսաբանություն, գենետիկա և բժշկություն, ֆիզիկա, քիմիա, համակարգչային և տեխնիկական գիտություններ` կապված առողջության ազգային ինստիտուտների խնդիրների լուծման հետ, շրջակա միջավայրի մասին գիտություններ, որոնք նպաստում են եղանակի, ընդերքի, ջրի, անտառների..., օվկիանոսային ձկնարդյունահանման կանխատեսումների որակի բարելավմանը:  

 

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

ԱՄՆ-ում գիտական հետազոտությունների կազմակերպմամբ, անցկացմամբ, ֆինանսավորմամբ և աջակցությամբ զբաղվում են պետական և մասնավոր բազմաթիվ կազմակերպություններ և ընկերություններ: Դրանք, մասնավորապես, պետական այնպիսի կազմակերպություններ են, ինչպիսիք են.

Ազգային գիտական ֆոնդը (NSF) - ԱՄՆ կառավարությանն առընթեր անկախ գործակալություն, որը պատասխանատու է գիտության և տեխնոլոգիաների զարգացման համար: NSF տարեկան բյուջեն կազմում է մոտ $7 մլրդ (2010թ. համար), ինչը թույլ է տալիս NSF-ին հովանավորել դաշնային մակարդակով աջակցվող գիտական մշակումների (որոնք իրականացնում են ամերիկյան քոլեջներն ու համալսարանները) մոտ 20%-ը:

Օդագնացության  և տիեզերագնացության ազգային վարչությունը (NASA) -  կառավարական գործակալություն, որը ենթարկվում է անմիջապես ԱՄՆ փոխնախագահին և 100%-ով ֆինանսավորվում է պետական բյուջեից, պատասխանատու է երկրի քաղաքացիական տիեզերական ծրագրի համար: 2010թ. բյուջեն $18,70 մլրդ է: NASA-ի բյուջեն առաջիկա հինգ տարիներին կկազմի ավելի քան 100 մլրդ դոլար:

Առաջատար պաշտպանական գիտական նախագծերի գործակալություն (DARPA) - պատասխանատու է զինված ուժերում անհրաժեշտ նոր տեխնոլոգիաների մշակման համար, բյուջեն` $3,20 մլրդ (2010թ. համար): 

Առաջատար գիտական նախագծերի գործակալություն էներգետիկայի համար (ARPA-E) - բյուջեն մոտ $400 մլն է, ինչպես նաև ռազմաօդային, ծովային, հրթիռային ուժերի վարչությունները, էներգետիկայի, տրանսպորտի նախարարությունները, շրջակա միջավայրի պահպանության, միջուկային անվտանգության, փոքր բիզնեսի գործակալությունները և այլն:

Առողջության ազգային ինստիտուտը (NIH) - պատասխանատու է կենսաբժշկական, ինչպես նաև առողջության հետ կապված բոլոր հետազոտությունների համար: Դա 27 ինստիտուտից բաղկացած համալիր է` $30,80 մլրդ (2010թ. համար) բյուջեով, որը ղեկավարվում է մեկ կենտրոնից` տնօրենի գրասենյակից, որը պատասխանատու է առողջապահության ոլորտում երկրի քաղաքականության համար: Առողջության ազգային ինստիտուտի կազմի մեջ մտնող Քաղցկեղի ազգային ինստիտուտը միայն $6 մլրդ բյուջե ունի: 

ԱՄՆ գիտությունը ֆինանսավորվում է պետության և մասնավոր կապիտալի կողմից: Երկրի բյուջեում գիտության համար 2010թ. նախատեսված է $147,50 մլրդ, 2011-ին` $147,70 մլրդ, ինչը կազմում է ԱՄՆ գիտության ընդհանուր ֆինանսավորման մոտ մեկ երրորդը: Մնացած երկու երրորդը ֆինանսավորում է արդյունաբերությունը: Ըստ էության, կառավարությունը ֆինանսավորում է հիմնարար հետազոտությունների 60-70%-ը: Գիտության մեջ կատարվող դաշնային ներդրումները համարվում են լուրջ տնտեսական և սոցիալական հետևանքներ ունեցող ներդրումներ: Կան գիտական ուղղություններ, որոնց դրամաշնորհներ են հատկացվում մշտապես: Գերակա որևէ նոր ուղղություն առաջադրվելու դեպքում NSF-ն նոր ծրագիր է հայտարարում, որը պատրաստվում է ֆինանսավորել: Հայտերի նախնական ընտրությունից հետո, ըստ ձևակերպման կանոններին համապատասխանության բացառապես ձևական հատկանիշների, դրանք ուղարկվում են գրախոսվելու: Գրախոսներն ընտրվում են տարբեր չափանիշներով, որոնցից հիմնականն, իհարկե, առարկային պրոֆեսիոնալ տիրապետումն է: Հայտերը գնահատվում են տարբեր չափանիշներով` գիտական նորությունից մինչև գործնական նշանակությունը, ներառում են այնպիսի բնութագրիչներ, ինչպիսին է, օրինակ, աշխատանքային միջավայրը: Առավելագույն գնահատականներ ստացած և տարբեր գրախոսների գնահատականների միջինացման արդյունք հանդիսացող նախագծերն ուղարկվում են NSF տվյալ ծրագրի ղեկավարին, որն էլ ընդունում է վերջնական որոշում յուրաքանչյուր նախագծի դրամաշնորհ հատկացնելու կամ այն մերժելու վերաբերյալ: Դրամաշնորհները լինում են տարբեր տեսակի: Դրանց դասակարգումը կամ տեսակները հարմար է դիտարկել NIH դրամաշնորհների օրինակով: Գոյություն ունեն հետևյալ տեսակի դրամաշնորհներ. C - նոր գիտական կենտրոններ ստեղծելու համար տրվող դրամաշնորհներ, F - որակավորումը բարձրացնելու կամ փոխելու դրամաշնորհներ, P - դրամաշնորհներ բազմաճյուղ հետազոտություններին, որոնցում գործարկված են հետազոտական մի քանի խմբեր, R - նոր գիտական ուղղությունների ստեղծման համար տրվող դրամաշնորհներ, T - այլ գիտական կենտրոններում ստաժավորում անցնելու համար տրվող դրամաշնորհներ, U -  դրամաշնորհներ բազմաճյուղ հետազոտություններին, որոնք միավորում են մի քանի երկարատև նախագիծ: Նրանք, ովքեր թեկուզև հեռավոր առնչություն ունեն գիտության հետ, հիանալի գիտեն, որ գիտական գաղափարն ասպարեզ է գալիս սկզբում անաղմուկ` գիտական ամսագրում տպագրված հոդվածի տեսքով, և նրա հետագա վերափոխումը շուկայական ապրանքի կատարվում է հետագայում, հաճախ` այլոց կողմից: Գիտական  գաղափարի մտահղացման ժամանակ քչերը կարող են ենթադրել, թե ինչ կարող է ստացվել դրանից և ինչ ազդեցություն կարող է այն ունենալ:

Համալսարանական լաբորատորիայից դեպի շուկա գիտական գաղափարները թափանցում են  այսպես կոչված վենչուրային ֆոնդերի շնորհիվ, որոնք պատրաստ են վտանգել փողերը: Սովորաբար, ապրանքի վերածվելու պատրաստ գաղափարի անվան տակ ստեղծվում են ոչ մեծ ընկերություններ, որոնց համատեր են դառնում հաճախ իրենք` հեղինակ-գիտնականները: Վենչուրային ֆոնդերը ներդրումներ են կատարում միջին ռիսկայնության ձեռնարկություններում` չափազանց բարձր շահույթ ակնկալելով: Սովորաբար նման ներդրումներն իրականացվում են նորագույն գիտական մշակումների, բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Որպես կանոն, նախագծերի 70-80%-ը վերադարձելիություն չի ապահովում, բայց մնացած 20-30%-ից ստացված շահույթը փոխհատուցում է բոլոր վնասները: Ներդրումների շուկայի երկրորդ բաղադրիչը բարձր տեխնոլոգիաների ոլորտում բիզնես-գործակալներն են, որոնք իրենց գործնական ակտիվությունը կենտրոնացնում են ավելի ռիսկային նախագծերի վրա: Այդ փոքր ընկերություններում գաղափարը տեխնոլոգացվում է, կերպափոխվում ապրանքի: Ի վերջո, բազմաթիվ գաղափարներից կամ տեխնոլոգիաներից մեկը հետաքրքրում է շուկային: Այդ պահին խաղի մեջ են մտնում մեծ կորպորացիաները, որոնք, որպես կանոն, գնում են նոր տեխնոլոգիան, որը համապատասխանում է իրենց ընկերության ուղղվածությանը, վերափոխում են այն վերջնական ապրանքի և շուկա հանում: Այսպես համալսարանում ծնված գաղափարը կարող է դառնալ դեղամիջոց, բջջային հեռախոսի, ավտոմեքենայի կամ ինքնաթիռի մաս: Այսպես գիտելիքները, հմտությունները, հեղինակությունները երբեմն վերածվում են վաստակելու միջոցի: Սկզբնական հայտնագործության և նրա առևտրային մարմնավորման միջև տարիներ են անցնում, երբեմն` տասնյակ տարիներ: Նախապես ասել, թե հատկապես որ գաղափարը կվերածվի եկամտաբեր ապրանքի, չի կարելի: 2009թ. ֆիզիկայի Նոբելյան մրցանակը շնորհվեց երեք գիտնականի` չինական ծագմամբ բրիտանացի հետազոտող Չարլզ Կաոյին` տվյալների փոխանցման օպտիկական համակարգերի մշակման համար, և ԱՄՆ երկու գիտնականի` Ուիլարդ Բոյլին և Ջորջ Սմիթին` օպտիկական կիսահաղորդչային սենսորների` CCD1-մատրիցաների հայտնագործության համար, որոնք լայնորեն կիրառվում են թվային լուսանկարչական և այլ սարքերում: Դեռ 1966թ. Չ.Կաոն մի հայտնագործություն արեց, որը մեծ բեկում առաջացրեց մանրաթելային օպտիկայի ոլորտում: Նրա հայտնագործության շնորհիվ հնարավոր դարձավ լուսային ազդանշաններ հաղորդել ավելի քան 100 կմ հեռավորության վրա (20մ-ի համեմատ, այդքան էր հասանելի 1960-ականներին): Այդ մանրաթելերը դյուրացնում են գլոբալ լայնուղի հաղորդակցությունը, ասենք` այնպիսին, ինչպիսին ինտերնետն է: Դրանց շնորհիվ տեքստը, երաժշտությունը, պատկերները կարող են փոխանցվել երկրագնդի ցանկացած կետ վայրկյանների ընթացքում: Օպտիկա-մանրաթելային ուղիներով այսօր փոխանցվում է առկա գրեթե ամբողջ տեղեկատվությունը: 1969թ. Ջ.Սմիթը և Ու.Բոյլը հայտնագործեցին պատկերման տեխնոլոգիան` կիրառելով թվային տվիչը` CCD մատրիցաները: Այս տեխնոլոգիան օգտագործում է ֆոտոէլեկտրական էֆեկտը, որի տեսությունը տվել էր Ալբերտ Էյնշտեյնը, ինչի համար էլ 1921թ. արժանացել էր Նոբելյան մրցանակի: Եվ այսպես, 45 տարի առաջ հրապարակված գիտական աշխատությունները միայն 30 տարի անց առևտրային ապրանք դարձան: 1995թ. թողարկվեցին առաջին թվային լուսանկարչական սարքերը: 2003թ. լուսանկարիչների լայն շրջանակի համար մատչելի գնով թողարկվեց Canon EOS 300D տեսախցիկը: Սրա, ինչպես նաև այլ արտադրողների համանման կինոխցիկների արտադրության շնորհիվ ֆոտոժապավենը զանգվածաբար դուրս մղվեց օգտագործումից: Առավել հետաքրքիր է պատմության «ավարտը»: Մեծ Բրիտանիայում սկսված և ԱՄՆ-ում շարունակություն ստացած թվային մինի-հեղափոխության արդյունքում շահեցին ճապոնական ընկերությունները, որոնք ուշիուշով հետևում են գիտության մեջ կատարվող ցանկացած նորության: Nikon-ը, Canon-ը և Sony-ն այսօր այս շուկայի ճանաչված առաջատարներն են, իսկ թվային լուսանկարչության համար տեխնոլոգիաներ մշակող ամերիկյան Kodak ընկերությունը գրեթե կորցրել է թվային ֆոտոտեխնիկայի շուկան: Բացի այդ, լուսանկարչական ժապավենների շուկայում 2008թ. պահանջարկի իսպառ բացակայության պայմաններում Kodak-ը` բնագավառի ճանաչված առաջատարը, ստիպված եղավ դադարեցնել դրանց արտադրությունը: Քիչ ժամանակ չի ծախսվում նաև այլ ոլորտներում գաղափարն ապրանքի վերածելիս: Օրինակ` նոր դեղամիջոցի ստեղծման վրա 10-20 տարի է ծախսվում:

 

ԲԻԶՆԵՍԸ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Փոքր-ինչ այլ է գիտության ֆինանսավորման պատկերն ընկերություններում (ֆիրմաներում): Նոր գիտական մշակումը ընկերության գոյատևման և բարգավաճման կամ կրախի գործոն է հանդիսանում: Ուստի, այստեղ մշակումները կատարվում են բացառապես դեպի շուկա կողմնորոշմամբ: Ամերիկյան ընկերությունների համար բնորոշ է շահույթի մոտ 3,5%-ի հատկացումը գիտական մշակումներին: Բարձրտեխնոլոգիական (ասենք` համակարգչային) ընկերություններն ավելի շատ են հատկացնում` մոտ 7%: Կենսատեխնոլոգիական ընկերությունները` էլ ավելի շատ: «Մերկ» դեղագործական ընկերությունը գիտությանը հատկացնում է իր շահույթի մոտ 14%-ը, իսկ «Ալերգանը»` 43,4%-ը:

 

Ի՞ՆՉ Է ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Ի՞նչ է գիտությունն առհասարակ: Գիտության սահմանման որոնումները մարդկանց մտքերը զբաղեցնում են ոչ մեկ հարյուրամյակ: Տարբեր դարաշրջաններում տերմինի տարբեր մեկնություններ են առաջարկվել: Ըստ իս, այս տերմինն առնվազն երեք նշանակություն ունի: Առաջինն այն է, որ գիտությունը գիտելիքների համակարգ է. մաթեմատիկա գիտությունը, պատմություն գիտությունը կուտակված գիտելիք են օբյեկտի մասին: Երկրորդ նշանակությունն այն է, որ գիտությունը ստեղծագործական գործունեության տեսակ է` ուղղված նոր գիտելիքներ և փաստեր ստանալուն, դրանց նկարագրմանը, բացատրությանը, համակարգմանը և ընդհանրացմանը, վարկածների և տեսությունների առաջադրմանը, ինչը թույլ է տալիս կանխատեսել ուսումնասիրվող օբյեկտների վարքագիծը և իրականացնել դրանց կառավարումը: Եվ երրորդ նշանակությունը. գիտությունը կազմակերպությունների, հաստատությունների, լաբորատորիաների ամբողջությունն է, այն ամենը, ինչը կազմում է այն ճյուղը, որը նոր գիտելիք է ստեղծում: Բայց բացի այս երեք նշանակություններից, գոյություն ունի, որքան էլ տարօրինակ է, ևս մեկ նշանակություն, որն արտահայտվում է համաշխարհային գիտություն և համաշխարհային գիտական հանրություն բառակապակցություններով: Գոյություն ունի մի բան, որն ինքնին գոյություն ունի և վերարտադրվում է, պարունակում է իր զարգացման մեխանիզմները: Գոյություն ունի կանոնների չգրված ունիվերսալ ամբողջություն, որը կարգավորում է գիտական գործունեությունը: Գոյություն ունեն գիտնականների, ճանաչված լիդերների խմբեր, որոնք ձևավորում են տեսակետներ այս կամ այն հիմնախնդրի վերաբերյալ: Արդյո՞ք ճիշտ է այն ամենը, ինչ նրանք անում, են, թե՞ ոչ` այլ հարց է: Ոչ ճիշտ գիտական լուծումների մասին փաստերը լայն հանրությանը հայտնի են դառնում միայն այն ժամանակ, երբ շուկայից հետ են կանչվում որոշ ապրանքներ` նոր դեղամիջոցներ, ավտոմեքենաներ, երբ տեղի են ունենում մեծ ու փոքր «ձեռակերտ» աղետներ: Ապրանք չդարձած` զուտ գիտական նշանակության հարցերի մասին ոչ ճիշտ տեսակետները լայն հանրությանը հայտնի չեն դառնում: Համաշխարհային գիտական հանրության շրջանակներում գոյություն ունեն հեղինակավոր հանդեսներ, որոնցում հրապարակվում են հաճախ փոխբացառող տվյալներ, որոնք ստացվում են գիտնականների այդ նույն խմբերի կողմից կամ արժանանում են նրանց հավանությանը: Այդ հանդեսներն են որոշում գիտական համբավի շուկան: Գոյություն ունեն պարզապես գիտական հանդեսներ, որոնք հրապարակում են ցանկացած մակուլատուրա: Սերտ փոխգործակցություն կա այսօրվա գիտությունը ձևավորող մարդկանց միջև, և հենց նրանք են թարմացնում գիտական  գործունեության կանոնները, որոշում նոր տեսակետների և հայեցակարգերի ճակատագրերը: Սա մոտավորապես այս «կերպարանքն» ունի. ինչ-որ հիմնախնդրի վերաբերյալ նոր, հետաքրքիր վարկած է առաջ քաշվում և դրա շուրջ ի հայտ է գալիս հետազոտությունների ցանց, որը բորբոսի նման պատում է հիմնախնդիրը և սկսում խժռել այն: Հետազոտությունների ցանցը սկսում է խտանալ, իսկ հետո բաժանվում է մասերի և անհետանում է, որովհետև հիմնախնդիրը հիմնականում լուծված է: Որոշակի ժամանակ անց ի հայտ է գալիս նոր վարկած, և շրջափուլը կրկնվում է: Եվ, գլխավորը, հեղինակավոր լինելու, գիտական աշխատանքի լավ վճարման պատճառով դեպի այս ցանց են ձգտում, ցանկանում են այնտեղ մտնել, դրանով զբաղվել երիտասարդները: Այսպիսով, շատ բան մեր գիտական ճակատագրում կախված է այն բանից, թե ուզում ենք մենք այնտեղ մտնել, և եթե այո, ապա կարո՞ղ ենք արդյոք ճիշտ «տեղավորվել» այնտեղ: Նման գիտական հանրություն կար նաև ԽՍՀՄ-ում, երբ երկրում նույն կերպ հարգի էին և´ ֆիզիկոսները, և´ քնարերգակները, երբ քամահրական երանգով արտաբերվող «սպեկուլյանտ» բառը դեռ չէր փոխարինվել հպարտ հնչող բիզնեսմենով: Եվ այդ հանրության մեջ էին մտնում նաև մեր գիտնականներից մի քանիսը: ԽՍՀՄ գիտությունն արևմտյանից տարբերվում էր նրանով, որ որոշակի հետազոտական ցանցի մեջ մտնող լաբորատորիաներն ու խմբերը հիմնախնդրի լուծումից հետո պահպանվում էին` շարունակելով զբաղվել իբր գիտական աշխատանքով, սակայն իրեն սպառած այդ գիտությունն այլևս գիտություն չէր:           

 

ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Եթե համեմատելու լինենք անցյալ դարի 50-70-ական թթ. ԱՄՆ և ԽՍՀՄ (որի օրգանական մասն էր նաև Հայաստանը) պետական կառույցները գիտական, ռազմական և այլ մեծ նախագծերի առումով, ապա դրանք միմյանց չէին զիջում իրենց արդյունքներով, բայց մեթոդաբանորեն բացարձակապես տարբեր բաներ էին: Ինչպե՞ս էր ԽՍՀՄ-ում աշխատում գաղափարն ապրանքի վերածելու սխեման: Միանգամայն այլ սկզբունք էր գործում. գիտությունների ակադեմիան իր ավելի քան 300 ինստիտուտներով (34-ը` միայն Հայաստանում) գլխավորապես զբաղվում էր գիտական հետազոտություններով: Ակադեմիական շրջանակներում ծնված, կոմերցիոն առումով օգտակար մշակումները տեխնոլոգիայի էին վերածում մոտ 3500 ճյուղային ինստիտուտներ, այնուհետև գործարանները, ներդնելով այդ տեխնոլոգիաները, գաղափարը վերածում էին ապրանքի: Մինչև վերջ անկեղծ լինելու համար հարկավոր է խոստովանել, որ կոմերցիոն առումով օգտակար շատ նախագծեր առաջարկվում էին ոչ թե ակադեմիայի, այլ գիտության պետկոմիտեի կողմից, որն իր հերթին առաջադրանք էր ստանում գոսպլանից, որը կողմնորոշվում էր արտասահմանում ի հայտ եկած ապրանքներով: Այն ժամանակ արդեն դրվել էր «հետևից վազող» գիտության հայեցակարգի հիմքը: Ընդ որում, եթե հիմնարար հետազոտությունների համար ԽՍՀՄ-ը ծախսում էր, պայմանականորեն, մեկ ռուբլի, ապա գաղափարի  տեխնոլոգիական իրականացման համար` արդեն 10 ռուբլի, իսկ ապրանքի թողարկման համար` 100: Բայց 1985-ի ճակատագրական գարնանը, մարտի 11-ին, 25 տարի առաջ, ստորագրվեց ԽՍՀՄ-ի մահվան դատավճիռը: Նոր ղեկավար նշանակվեց գավառացի մեկը: Արդյունքում` ունենք այն, ինչ կա այժմ: Միությունը չկա: Գոսպլանը չկա: Ոչ ոք պատվերներ չի իջեցնում: Ոչ ոք փող չի տալիս: Չկան ճյուղային նախարարություններ, կիրառական ինստիտուտները հանձնվել են բախտի քմահաճույքին, արտադրությունը կանգ է առել: Շղթան կտրվել է: Նախկին ԽՍՀՄ երկրներում գիտնականների թե´ ֆինանսական, թե´ բարոյական վիճակն այնպիսին չէ, որ կարողանան «բեկումնային» գաղափարներ առաջարկել:

Գիտությունն, առհասարակ, ինչպես ասում են, հարուստ տնտեսությունների բանն է: Գիտությունը ԽՍՀՄ-ում գործում էր հետևյալ կերպ. ռեսուրսները բաշխվում էին այն ոլորտներում, որոնք պետությունն անհրաժեշտ էր համարում: Ուստի, երբ 1991թ. վերջին ԽՍՀՄ տնտեսությունը և քաղաքական համակարգը կազմալուծվեց, անխուսափելիորեն փլուզվեց նաև խորհրդային գիտությունը:

Միակ չափանիշը, որով կարելի է գնահատել գիտական գործունեությունը, նոր արդյունքն է, որի գերակայությունն ընդունում են այլ հետազոտողները: Չկա խորհրդային կամ ամերիկյան, ռուսական կամ չինական, առավել ևս` հայկական գիտություն: Կա կա´մ գիտություն, կա´մ դրա թվացյալություն, իմիտացիա: Գիտությունը հասարակության նորարարական համակարգի մի մասն է: Նրանց, ովքեր չեն հասկանում, թե ինչ է գիտությունը և ինչի համար է այն հարկավոր, անհնար է բացատրել: Ճիշտ է, շատերը կարծում են, թե այն, ինչ իրենք են անում, գիտություն է, որ կա: Դրա համար էլ ի հայտ են գալիս տխրահռչակ «կարմիր սնդիկի», բոլոր հիվանդությունները բուժող դեղամիջոցների մասին տեղեկություններ:

Ցավոք, նախկին ԽՍՀՄ ամբողջ տարածքում գիտությունը, որպես բարդ սոցիալական ինստիտուտ` նոր գիտելիք արտադրելու իր գործառույթով և հոգևոր կյանքի և մշակույթի կարևոր բաղադրիչ լինելու իր կարողությամբ, պահանջված չէ հասարակության և պետության կողմից: Այն հետևողականորեն վտարվում է Հայաստանի հասարակական գործընթացից` կատարելով միայն դեկորատիվ գործառույթներ: Ժամանակն է, որ և´ հասարակությունը, և´ իշխանությունը, այդ թվում և ակադեմիական, ընդունի, որ իրավիճակը գիտության բնագավառում կրիտիկական է: Վերջին 20 տարիներին Հայաստանը կործանել է իր գիտությունը. ԳԱԱ ինստիտուտները «չորացան», վերացան ճյուղային ԳՀԻ-ները, մարդիկ ցիրուցան եղան: Տեղի է ունենում մտավորականության պրոլետարացում, այն հայտնվում է հանրային և տնտեսական կյանքի մայթեզրին: Այն, ինչ մնացել է ինստիտուտներից, գիտական առումով հետ է մնացել և արդեն վաղուց դուրս է մղվել գիտության գլխավոր ուղղություններից: Հայկական գիտության դեգրադացիան միայն գիտատեխնիկական քաղաքականության չկայացածության, տնտեսական, քաղաքական կամ այլ խառնափնթորության հետևանք չէ, դա ընդհանրապես հասարակության ներկայիս վիճակի արտացոլումն է: Դա արդյունքն է այն բանի, որ Հայաստանն այսօր ամենաթերարժեք երկրների շարքում է:

Մենք վկան, մասնակիցը և, միաժամանակ, զոհն ենք այն ճգնաժամի, որն անդրադառնում է հասարակության կենսագործունեության բոլոր կարևորագույն ոլորտների վրա: Ներկայիս խիստ անբարո իրականությունը և´ գիտության ճգնաժամ է նշանակում, և´ կրթության, և´ արվեստի, և´ իրավունքի ու բարոյականության, և´, վերջապես, ապրելակերպի: Դա արդյունք է այն բանի, որ մենք համառորեն շարունակում ենք կործանել նորմալ մարդկանց մեր հասարակությունը, մեր արդյունաբերությունը, մեր գյուղատնտեսությունը, բժշկությունը, կրթությունը, մշակույթը, սպորտը: Հայ բյուրոկրատիան գիտությունն ընկալում է որպես պետականության անբաժանելի հատկանիշ, որպես մի ինչ-որ ավանդույթ, որը պետք է հանդուրժել, չնայած այն բանին, որ իրական փողեր այն չի բերում: Գիտության բարեփոխման դոկտրինը` անցումը թեմատիկ ֆինանսավորմանը, որը կառավարությունն ընդունել է 90-ականների սկզբին, հիմնված էր միանգամայն անմիտ կանխադրույթների վրա և միայն մի նպատակ էր հետապնդում` ոչնչացնել առկա գիտական դպրոցները: Բերեմ Վերակառուցման և զարգացման համաշխարհային բանկի մի չինովնիկի (ազգանունը ջնջվել է հիշողությունիցս)` 1990-ական թթ. կեսերին պատահաբար բերնից թռցրած նախադասությունը. «Երբ երկրում կան մարդիկ, որոնք լավ գիտեն ֆիզիկա, մաթեմատիկա և հայրենական պատմությունը, ապա երկիրը միջուկային և տիեզերական հավակնություններ է ձեռք բերում: Իսկ դա մեր պլանների մեջ չի մտնում»: Հայեցակարգ կամ օրինագիծ հիշեցնող սակավաթիվ փաստաթղթերը գիտության մասին, որոնք ընդունվել են Հայաստանում այս քսան տարիների ընթացքում, իմաստային ծանրաբեռնվածություն չեն կրում: Թերևս, դրանք հորինած մարդիկ կամ ազնվորեն ու խորապես մոլորության մեջ են, կամ պահպանում են իրենց գլխուղեղի կուսությունը և հասարակությանը պարզապես ներկայացնում են «միջազգային կազմակերպությունների» գործիչների կողմից իրենց վզին փաթաթված կիսահում կոնսպեկտները: Աննպատակ խոսակցությունը, ինչի մասին էլ որ լինի, իմաստ չունի: Իսկ այդ թղթերում նպատակ չկա: Իսկապես, շատ դժվար է նպատակը ձևակերպելը: Առայժմ միակ նպատակը գործունեություն ձևացնելն է, սեփական գոյությունն արդարացնելը: Դա փորձ է` ղեկավարելու այն, ինչը վաղուց արդեն չկա: Բայց մտավոր աշխատանքի պրոլետարների, գիտության և ի պաշտպանություն բռնաճնշված գիտության մասին գրող լրագրողների բազմաթիվ հրապարակումները ցույց են տալիս, որ գիտական հանրությունն անկեղծորեն շահագրգռված է գիտության վերակենդանացմամբ և լի է միամիտ հավատով, թե ինչ-որ մեկը կվերցնի ու կշտկի իրավիճակը: Անիրականանալիի մասին երազելը մեզ մոտ խիստ արտահայտված և լավ պահպանվող բնավորության գիծ է: Իսկ իրականում մենք ծրագրված ձևով անցում ենք կատարում իրական կյանքից կտրված քարանձավաբնակության:                      

Մենք շուտ մոռացանք, որ դեռ մոտավորապես հարյուր տարի առաջ գրեթե անգրագետ ժողովուրդ էինք: Մենք մոռացանք նաև, որ մոտավորապես իննսուն տարի առաջ Հայաստանում գիտական ինստիտուտ ստեղծելով մեզ`  կիսագրագետներիս, սկսեցին ներգրավել գիտության մեջ, սկսեցին ստեղծել ապագա գիտությունների ակադեմիայի հիմքերը, որի ստեղծումը պաշտոնապես հռչակեցին 1943թ., Հայրենական մեծ պատերազմի թեժ պահին: Իսկ այսօր, չնայած այն բանին, որ ակադեմիայի կազմում գտնվող ինստիտուտները, հրաշքով պահպանված կիրառական ինստիտուտների բեկորները և անթիվ բուհերն ու դրանց տարբեր ամբիոնները ձևականորեն գործում են, գիտությունը դրանից ավելի շատ չի դառնում: Մենք դեգրադացվում ենք: Գիտությունը և նրա ենթակառուցվածքը ծերանում են մեր աչքերի առջև: Գրեթե բոլոր ակադեմիկոսներն ակադեմիկոսներ էին և´ 20, և´ 30 տարի առաջ, բայց այն ժամանակ նրանք 20-30 տարով երիտասարդ էին: Նրանց հիմնական աշխատությունները (հոդվածները) հրապարակվել են շատ վաղուց, երբ մարդկությունը դեռ նոր էր ստեղծում հաշվեմեքենան և փայտե թևերով ինքնաթիռները: Եվ նրանք մեղավոր չեն, որ լուրջ և հին դպրոցի գիտնականներ են, բայց (հազվադեպ բացառություններով) ի վիճակի չեն հասնել գիտության զարգացման արդի տեմպերի հետևից, որոնք արդեն չեն տեղավորվում օրթոդոքսալ գիտության շրջանակների ու կանոնների մեջ: Այսօր, երբ ամեն օր հրապարակվում են նոր տվյալներ, առաջարկվում են նոր տեսություններ, նոր սարքեր ու մեթոդիկաներ, անհրաժեշտ են այլ գիտելիքներ, ուրիշ մոտեցում ու տեսակետ, անհրաժեշտ է մտածողության և որոշում կայացնելու այլ արագություն: Գիտությունն անցել է այն սահմանը, երբ ստացված արդյունքը ճիշտ է ընկալվում և գիտակցվում է նեղ մասնագետների շրջանակներից դուրս: Դասական գիտության ներկայացուցիչների «վերջին մոհիկանների» միջին տարիքը մոտավորապես 55-60-ն է, գուցեև ավելի բարձր: Մասնագետներն աղետալիորեն արագ անհետանում են: Նրանց հետևում խոր անդունդ է, սերունդների ճեղքվածք, հաջորդ սերունդը չկա և չի կարող լինել, քանի որ բոլորը հստակ գիտակցել են. Հայաստանում գիտելիքն ու իմացությունը չեն կարող կերակրել մարդուն: Եթե անգամ մի կողմ թողնենք բոլոր գործոնները, որոնք կարող են ներկայիս երիտասարդին գիտություն բերել, բացի մեկից` աշխատավարձից, ապա անմխիթար եզրակացության կհանգենք. խելամիտ ոչ մի երիտասարդ գիտություն չի գնա այսօրվա աշխատավարձով, որով չի կարողանա կերակրել նույնիսկ իրեն, ուր մնաց թե ընտանիքին: Եվս մի քանի տարի, և կգա օրը, երբ Հայաստանը ստիպված կլինի 90-100 տարի հետ գնալ և կրկին սկսել գիտություն հիմնադրել: Անդունդ գլորվելը դյուրին զբաղմունք է: Դժվարը վեր մագլցելն է: Գիտությունը Հայաստանում մեռնում է տարբեր պատճառներով. այն պահանջված չէ, անձնակազմը սպառել է իրեն, և արժանավոր փոխարինող չկա, խորհրդային նմուշի գիտությունների ակադեմիայի, կրթության և գիտության նախարարության (որն զբաղվում է ամեն ինչով` սկսած մանկապարտեզներից, վերջացրած ակադեմիկոսներով, որդեգրմամբ) ներկայիս մոդելներն անարդյունավետ են և այլն: Եթե այդ հարցերը չհստակեցվեն, ապա հայկական գիտության վրա կարելի է մեծ խաչ քաշել: Ձևականորեն մենք չենք կորցնի գիտությունը: Կմնան բարձրագույն ուսումնական հաստատությունները և դրանցում` 60-70-ամյա կիսաղքատ մարդիկ, որոնք պրոֆեսորներ և դոցենտներ են կոչվում, և որոնք քարշ են տալիս անցյալ դարի մտավոր ցնցոտիներն ու ուսումնական դարը քառասնամյա վաղեմության կոնսպեկտներով: Նրանց աստիճանաբար փոխարինում են քաոսի տարիներին բազմացած ու  խելոքացած շառլատանները և սրիկաները, որոնցից ոչ մեկն այսօր չի կարող հավակնել «հասկանում եմ», առավել ևս` «առաջարկում եմ» բառերին: Նրանք, անշուշտ, կպահպանեն գիտության ծիսական բաղադրիչները, գիտխորհուրդները, ատենախոսությունների պաշտպանությունները, միայն թե դրանց մակարդակն անշեղորեն կիջնի: Վաղ թե ուշ կգա ճակատագրական այն պահը, երբ Հայաստանում, որն աստիճանաբար մխրճվում է խավար միջնադարի քաոսի մեջ, չեն մնա գիտական հանդեսներում գրվածը հասկանալ կարողացող մարդիկ: Պարադիգմի փոփոխությունն անխուսափելի է:               

 

ՊԵ՞ՏՔ Է ԱՐԴՅՈՔ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Փաստորեն, հայ երիտռեֆոր-մատորների առջև ավելի քան քսան տարի առաջ դրված հայկական գիտությունը ոչնչացնելու խնդիրը հաջողությամբ լուծվեց: Եվ այսօր, մինչև «գիտական» թեման բարձրացնելը, հարկավոր է պատասխանել մի քանի հարցի: Եվ դրանցից առաջինը ինչո՞ւ-ն է:  Ինչո՞ւ է գիտությունն անհրաժեշտ Հայաստանին, և արդյո՞ք այն հարկավոր է ընդհանրապես: Եթե այո, ապա ի՞նչ գիտություն է անհրաժեշտ երկրին: Չէ՞ որ գիտությունը և կրթությունը, ըստ էության, կարող են առանցքային դեր խաղալ Հայաստանի ճակատագրում (բայց կարող են և չխաղալ): Այս հարցերի պատասխաններն այնքան էլ ակնհայտ չեն, ինչպես ցանկալի կլիներ, և լիակատար ու վերջնական պատասխան, հավանաբար, գտնել չի հաջողվի, բայց անհրաժեշտ է փորձել անել դա:

Առաջին ազնիվ և պարզագույն պատասխանն առաջադրված հարցին, որքան էլ ցավալի է, կհնչի այսպես. այսօր գիտությունը Հայաստանում անհրաժեշտ է միայն նրանց, ովքեր դեռ աշխատում են այդ ոլորտում, այն էլ միայն նրա համար, որ հնարավորություն է տալիս հյուծիչ, բոլորովին չպահանջված աշխատանքի դիմաց մի փոքր կտոր հաց վաստակել:

Առավել լայն առումով հարցի պատասխանն ուղղակիորեն կապված է այլ հարցեր հետ: Ո՞ւր է շարժվում Հայաստանը: Ինչպիսի՞ն ենք տեսնում Հայաստանի ապագան: Շատ ցավալի է, որ անկախության 20 տարիների ընթացքում ոչ ոք չի դիմել այս կատեգորիաներին, չի խորհել մեր երկրի ապագայի խնդիրների մասին: Քաղաքական գործիչները նախընտրում են հետ նայել, ոչ թե առաջ և այսօր համառորեն փորձում են կրկնել անցյալի սխալները: Իսկ երկրի ապագայի հարցը, որը թիվ 1 խնդիրն է, որից կախված է ողջ հայության ճակատագիրը, ինչ-որ չի առաջադրվում և չի քննարկվում: Հայաստանի ապագայի մասին հարցի պատասխանից է հիմնականում կախված գիտության անհրաժեշտության մասին հարցի պատասխանը:

Զարգացած երկրները, որոնց շարքում, գոնե տեսականորեն, կուզենայինք հայտնվել մենք, ունեն բնակչություն, որը մեծ մասամբ զբաղված է գործունեության բարձր մասնագիտացված տեսակներով: Արդյունաբերական երկրների ազգային մրցունակության հանգուցային պայման է գիտության զարգացումը, որն անխզելիորեն կապված է արդյունաբերական արտադրության հետ: Այսօր մենք նույնիսկ «բանանային հանրապետություն» սահմանմանը չենք համապատասխանում, որտեղ գոնե գյուղատնտեսական արտադրություն պետք է լինի: Աշխատանք որոնելիս հայերն աստիճանաբար ցրվում են աշխարհով մեկ: «Հայաստան» հասկացությունը պահպանելու համար մենք պարզապես այլ այլընտրանք չունենք աշխատատեղեր ստեղծելուց, արդյունաբերությունը զարգացնելուց, ուրեմն և` դրա համար գիտությունը զարգացնելուց բացի: Չէ՞ որ այսօր մեզ ոչ ոք ձրի գործարանների նախագծեր չի տա, չի բերի պատրաստի, գործարկված տեխնոլոգիական ռեգլամենտներ, չի ապահովի հումքով ու սպառման շուկաներով, չի արտահանի և չի վաճառի Հայաստանում արտադրվածը: Հետևաբար, գիտության նորագույն ձեռքբերումների վրա հիմնված արտադրության վերականգնումը Հայաստանի կայացման առանցքային խնդիրն է, մեր ապագա զարգացման հիմքը:

«Ինչո՞ւ է գիտությունն անհրաժեշտ Հայաստանին» հարցի ևս մեկ` երրորդ պատասխանն այն է, որ ցանկացած երկրի գիտությունը և մշակույթն արտացոլում են նրա զարգացման մակարդակը, հետևաբար` հեղինակությունը, իմիջը և պետության կարգավիճակը: Մի ժամանակ մեծ ժողովրդականություն ուներ մի կատակ, և դրանում, ինչպես և ցանկացած կատակում, ճշմարտության բաժին կա. իրեն հարգող ցանկացած պետություն պետք է ֆուտբոլի ազգային թիմ ունենա, ազգային բալետ և գիտությունների ազգային ակադեմիա: Ընդամենը ֆանտաստիկ 70 տարիների ընթացքում, կարողանալով անգրագիտությունից հասնել արդյունաբերական, գիտական և մշակութային առումով ԽՍՀՄ առավել զարգացած հանրապետություններից մեկի կարգավիճակին` մենք, մի ակնթարթում, կորցնելով արդյունաբերությունը, դարձանք համատարած արևելյան բազար, կորցրինք քաղաքակիրթ եվրոպական երկրին բնորոշ բոլոր հատկանիշները և փոխակերպվեցինք անիմաստ մի երկրի` առանց զարգացման էվոլյուցիոն կողմնորոշիչների: Եզրահանգումը մեկն է. մենք իրավունք չունենք կորցնել վերջինը: Գիտությունը Հայաստանին ոչ միայն հարկավոր է, այլև անհրաժեշտ:          

 

ԿԱՐԵԼԻ՞ Է ԱՐԴՅՈՔ

ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՎՈՐ

ԴԱՐՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Ըստ էվոլյուցիայի տեսության` այն օրգանը, որից չեն օգտվում, բթանում է և վերածվում ռուդիմենտի: Այսպես է պոչից ժամանակակից մարդու մոտ մնացել պոչուկը: Նման մի բան նկատվում է նաև հայկական արդյունաբերության, գիտության և մշակույթի մեջ: Դրանք կորցրել են ռացիոնալ նպատակները, դեգրադացվել աներևակայելի արագությամբ: Հատուկ գիտելիքներ, բարձրագույն կրթություն պահանջող մասնագիտությունները, որոնց գոյությունը որոշվում է երկրի արդյունաբերության և տնտեսության զարգացման աստիճանով, պետական կարգի տեսակով, դադարել են պահանջված լինելուց:

Երկրում ինչ-որ ժամանակ կարող են ապրել և աշխատել գիտնականներ` հոյակապ կամ վատ` կարևոր չէ, կարևորն այն է, որ երկրում դրանով հանդերձ պարզապես կարող է գիտություն չլինել: Գիտնականների առկայությունը դեռ գիտություն չէ: Հայաստանում այժմ հենց այսպիսի իրավիճակ է ստեղծվել: Գիտնականներ կան, և նրանց մեջ` շատ լավերը, բայց գիտություն չկա: Այս մասին կարելի է խոսել այն նույն իմաստով, որով կարելի է պնդել, որ մեզ մոտ 90-ականների սկզբին գրեթե պետություն չկար, որովհետև ձևականորեն գոյություն ունեցող պետական ինստիտուտները չէին աշխատում: Սահմաններ կային, երկիրը կար, իսկ ինստիտուտները չէին գործում: Նույնը տեղի ունեցավ նաև գիտության հետ և շարունակվում է առայսօր: Անհետացան և´ գիտության, և´ ռազմավարական արդյունաբերական արտադրության պատվիրատուները, անհետացան դրանց կազմակերպիչները, իսկ նորերը չձևավորվեցին: Արտադրությունը կանգ առավ, իսկ մարդիկ, որոնք մնացել էին գիտության մեջ, իներցիայով շարունակում են կատարել որոշակի գործողություններ, որոնք գիտություն են համարվում, իսկ գիտությունը` որպես ինստիտուտ, գոյություն չունի: Խորհրդային գիտության համակարգից մենք գիտական աշխատանքի ինչ-որ նոր, հասկանալի համակարգի չեկանք: Անցել է քառորդ դար. դա մի ամբողջ սերնդի կյանք է: Ո՞ւր են ժամանակակից Հայաստանի այն արտադրությունները, որոնց գիտությունը պետք է, որոնք կկարողանային կիրառել առկա գիտական հայտնագործությունները: Չկան ոչ մեկը, ոչ մյուսը: Պատճառը` ցանկացած գիտություն այն տնտեսական և քաղաքական համակարգի ածանցյալն է, որում ինքը գոյություն ունի: Գիտությունն ի հայտ է գալիս և´ հանուն, և´ ի հետևանք տնտեսական համակարգի, արդյունաբերության զարգացման և նրանց հետ փոխգործակցության մեջ է մտնում: Գիտությունը, ինչպես և մարդկային ցանկացած գործունեություն, պայմանավորվում է իր օգտակարությամբ: Երկիրը, որտեղ արդյունաբերություն չկա, չի կարող գիտության կարիք ունենալ: Ուստի, ժամանակագրությունը սառնասրտորեն ի ցույց է դնում այն խոր ֆիզիոլոգիական անհաղթահարելի զզվանքը, սպառված լինելու թախծոտ զգացումը, որն ամեն անգամ զգում են գիտությունը և արդյունաբերությունն ուղղորդող լիդերներն այն արարողություններին, որոնցում նրանք հարկադրված են կատարել Հայաստանի այս ոլորտի կազմակերպիչների դերը: Առկա մանրիկ ինստիտուտներն իրենց փոքրիկ բյուջեներով, կամա թե ակամա, ձևացնում են, թե զբաղված են գիտական գործունեությամբ: Ազատ և անսահմանափակ տեղեկատվության հասանելիության, համապատասխան ենթակառուցվածքի և գիտական շրջապատի, արդիական սարքավորումների բացակայությունը գրեթե անիրական է դարձնում արդիական գիտությունը Հայաստանում: Ըստ էության, զուտ տեսականորեն երիտասարդներից մեկը, որը չի ծանրաբեռնված հին մտածողության կարծրատիպերով, կարող է թարմ, մեծ գաղափար առաջադրել: Բայց դրանով գիտություն ստեղծել` ոչ: Եթե շարունակենք տնտեսություն և արդյունաբերություն խաղալ, փորձենք դատարկ տեղում բոլոր առումներով անիմաստ խաղալիքային տեխնոպարկ ստեղծել, երբ կա գիտական ինստիտուտների պատրաստի ցանց, որը տառապում է նպատակների բացակայությունից, ապա երկրի զարգացումը չի ստացվի: Չի կարելի արդիականացնել դատարկությունը. լավագույն դեպքում դրանից միայն նոր դատարկություն կստեղծվի:

ԽՍՀՄ տնտեսության վերականգնումը պատերազմից հետո, տիեզերական և միջուկային նախագծերը ինդուստրիալացման շարունակությունն էին: ԽՍՀՄ ղեկավարության համար ընտրությունն ակնհայտ էր. կառուցել ինքնաբավ տնտեսություն, որն ի վիճակի կլիներ արտադրել ամեն ինչ և, առաջին հերթին, անհրաժեշտ սպառազինություն:

Հայաստանի զարգացման գիտականորեն հիմնավորված սցենարներ այսօր չկան: Կան Յավլինսկու «500 օրվա» նման թղթեր, պարզապես խոսքեր: Չկա ըմբռնումն այն բանի, որ մեզ համար չափազանց կարևոր են աշխարհում մեր տեղը գտնելը, ապագայի մոդելների, նոր դարաշրջանի փնտրտուքը: Մեր դրամայի պատճառներից մեկը չգործող մարդկանց «ոչինչ չանելն» է: Մեզ հավաստիացնում են, և մենք ձևացնում ենք, թե ապրում ենք նորմալ ժամանակակից երկրում, այլ ոչ թե այնտեղ, ուր ապրում ենք իրականում: Եվ մենք արդեն այնքան ենք իջել, որքան նույնիսկ պատկերացնել չէինք կարող: Հայաստանին հարկավոր է «զրոյից» արդյունաբերության և գիտության վերականգնման ծրագիր, հարկավոր է մտածված գիտական քաղաքականություն, որն, իր հերթին, պետք է լինի լավ մտածված արդյունաբերական քաղաքականության, տնտեսության ածանցյալը: Մեզ անհրաժեշտ են արմատական հարցերի պատասխանները. ի՞նչ արդյունաբերություն պետք է վերականգնել կամ ստեղծել և արդյո՞ք նպատակահարմար է անել դա: Հարկավոր են դրա իրականացման հստակ մեխանիզմներ, ֆինանսավորում, անհատական պատասխանատվություն: Բայց նման ծրագիրը հնարավոր է միայն այնտեղ, որտեղ կա զարգացմանը միտված ռազմավարություն, այլ ոչ թե նոր ոչ ազատական փորձարկումներ: Եվ դրանք պետք է լինեն ոչ թե էներգետիկայի, քիմիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, հաստոցաշինության տիպի ընդհանուր բառեր: Պետք է լինի բարձրորակ ապրանքների ստեղծման կոնկրետ խնդիրների համահավաք ցանկ, որոնց ֆինանսավորման համար կհատկացվեն միջոցներ և կներգրավվեն պրոֆեսիոնալներ: Հակառակ դեպքում անգամ սկսել չարժե: Համաշխարհային գիտատեխնոլոգիական շղթայի մասը դառնալ փորձելու համար կպահանջվի մեր հնարավորությունների և համաշխարհային պահանջմունքների լուրջ վերլուծություն: Պարզ է, որ արտասահմանյան ինչ-որ բան պատճենելու, ավանդական ապրանքների արտադրության մեջ Չինաստանի հետ մրցակցելու փորձերը դատապարտված են ձախողման:

Հայաստանում կարծում են, թե հայկական գիտության նվաճումների ներդրման հարցում հետ մնալու պատճառն այն է, որ արդյունաբերական ձեռնարկություններն իբր շահագրգռված չեն կիրառել գիտական արդյունքները, և որ պետությունը հրապուրիչ պայմաններ չի ստեղծել նորարարական բիզնեսի համար: Այդպես չէ: Իրականությանը չի համապատասխանում նաև այն, թե մենք համաշխարհային մակարդակի հիմնարար գիտություն ունենք մտավոր աշխատանքի գլոբալացված համաշխարհային շուկայում: Սա ինքնախաբեություն է: Աշխարհում կան ստանդարտներ և կանոններ համարյա թե ամեն ինչի, այդ թվում և այն բանի համար, ինչը գիտություն է կոչվում: Եթե մենք ուզում ենք համաշխարհային մակարդակի գիտություն ունենալ, մենք պետք է հետևենք այդ ստանդարտներին: Գիտական պարադիգմի փոփոխությունն անխուսափելի է:

Վերը ներկայացրինք թվային տեսախցիկների հայտնագործության ճանապարհը` գաղափարից մինչև 40 տարի հետո դրա ներդրումը: Կարելի է տասնյակ նման օրինակներ բերել գիտության միանգամայն տարբեր ոլորտներից, տարբեր ինչպես հայտնագործության տրամաչափի, այնպես էլ կյանքում դրանց ներդրման ժամկետների առումներով: Մենք դեռ շատ հեռու ենք դրանից: Դա մենեջմենթի և գիտության ու շուկայի փոխհարաբերությունների մի ամբողջ համակարգ է, որը մենք պարզապես չունենք և դեռ նոր պետք է ստեղծենք` նշանակալի երկրների շարքում հայտնվելու համար: Առաջ անցած կայսրություն-պետությունները վիթխարի ծախսերի են բախվում, իսկ նրանց հետևից ընթացող փոքր երկրները, ճիշտ որոշելով զարգացման գերակայությունները, կարող են կենտրոնացնել առաքված ներդրումները բեկումնային ուղղություններում և հենց ընթացքից, նվազագույն ծախսերով մտնել նոր շրջապտույտի մեջ: ԱՄՆ-ում և Եվրոպայում սկսել են քննարկվել գիտության մի մասն արտասահման տեղափոխելու գործողությունները`  դեպի Ասիա աշխատուժի մի մասի իրականացված ներմուծման օրինակով: Եվրամիությունում ստեղծվում է միասնական գիտահետազոտական հարթություն, որը կոչված է ձևավորել գաղափարների, գիտելիքների, հետազոտությունների, նորարարությունների համաեվրոպական շուկա: Օգտակար կլիներ մշակել ծրագիր, որով Հայաստանը գոնե կմասնակցեր այդ ծրագրերի մի ինչ-որ մասի, ինչը լուրջ ֆինանսավորում, սարքավորումներ կապահովեր և, ամենագլխավորը, գիտական հանրությունը կներգրավվեր լուրջ խնդիրների լուծմանն արդի մակարդակով: Ցանկացած հետազոտական խումբ բոլորից լավ պետք է իմանա, թե ով և որտեղ է զբաղվում համանման հետազոտություններով, ով կարող է շահագրգռված լինել դրանց մշակմամբ: Ուստի, ճիշտ կլիներ շատ բարձր պաշտոնական մակարդակով` ա) առաջարկել սեփական մշակումներն արտասահմանյան այն ընկերություններին, որոնք կկարողանային ներդնել դրանք արտադրությունում, բ) փորձել առաջարկել մեզ որպես բարձր պրոֆեսիոնալ խմբեր, որոնք աշխատանքի որոշակի հատված կիրականացնեին Հայաստանում` «չափավոր գնով»:

Նպատակային խնդիրների վրա գիտական աշխատանքի ընթացքում, անշուշտ, կարվեն նաև սեփական ունիկալ դիտարկումներն ու հայտնագործությունները: Համառ, նպատակաուղղված գործունեության պարագայում, վաղ թե ուշ, կծնվի այն, ինչի սպառողը կգտնվի, այն օգտակարը, որը կկարողանանք ստեղծել միայն մենք: Ցանկացած բնագավառում կան խնդիրներ, որոնց լուծումը բնագավառը թռիչքով առաջ է մղում: Հարկավոր է մշտապես փնտրել և փորձել ստեղծել այն, ինչը չի կարող անել ոչ ոք աշխարհում: Անսահմանափակ երևակայություն են խոստանում էներգետիկայի, դրա այլընտրանքային աղբյուրների ստեղծման, կոնսերվացման ոլորտները: Մշտական գիտական աշխատանք են երաշխավորում նոր նյութերի, դեղամիջոցների ստեղծման խնդիրները, կենսատեխնոլոգիական և ՏՏ մշակումները: Լուրջ խնդիրները շատ-շատ են: Լուծումներ չկան: Փոխարենը կա բացարձակորեն անիմաստ ու միօրինակ հրապարակումների անասելի քանակություն, ինչը տասնամյակներ շարունակ մատուցվել է որպես մեծ գիտություն: Այսպես եմ տեսնում գիտության և արդյունաբերության վերականգնման պլանի խիստ սխեմատիկ էսքիզը:                                   

 

ՎԵՐՋԱԲԱՆ

Անցած 20 տարիներին Հայաստանում, արդյունաբերության և գիտության բնագավառում անասելի քանակությամբ սխալներ են արվել, և ուժեր կպահանջվեն դրանք ուղղելու համար: Բայց դրա համար ոչինչ քանդել պետք չէ: Հարկավոր է աստիճանաբար սերմանել նորը: Այն, ինչ հարկավոր չէ, ինքն իրեն կվերանա: Պարզապես գիտության կազմակերպիչները պետք է լավ իմանան 1960-ական թթ. գիտության ոսկե դարի ոչ վաղ անցյալի պատմությունը: Հարկավոր է իմանալ գիտության և այն բանի արժեքը, ինչն ստեղծվել է Հայաստանում իրենցից առաջ: Պետք է իմանալ, թե ինչպես են ձեռք բերվել գիտության աճի հսկայական տեմպերը: Ինչպես և ինչու է հիմնվել Հայաստանի ինստիտուտների և լաբորատորիաների մեծամասնությունը, որոնք այսօր վերածվել են երբեմնի մեծության «թեմատիկ ֆինանսավորվող» կռճոնների: Հարկավոր է իմանալ, թե ինչպես են նոր խնդիրների համար ստեղծվել նոր լաբորատորիաներ, նոր ինստիտուտներ: Պետք է գոնե իմանալ Հայաստանի խոշոր գիտական կենտրոնների ստեղծման պատմությունը: Պետք է իմանալ, օրինակ, այն, որ 1956թ. Ս.Ն. Մերգելյանի անվան հանրահայտ ԵրՄՄԳՀԻ-ի ստեղծման նախաձեռնությունը պատկանում էր Նիկիտա Խրուշչովին: Երևանում այդ ժամանակ թնդում էր ԽՍՀՄ ԳԱ` պատմության մեջ ամենաերիտասարդ` 28-ամյա թղթակից անդամ Ս.Ն. Մերգելյանի անունը: Նրան էլ, որի անունը գրված է հայկական գիտության հուշամատյանում, Օրբելի եղբայրների, Վիկտոր Համբարձումյանի, Ալիխանյան եղբայրների և այլոց կողքին, հանձնարարվեց ստեղծել և գլխավորել ինստիտուտը: Հայաստանի Հանրապետության գիտության ներկայիս կազմակերպիչները, որոնք հռչակում են տեղեկատվական տեխնոլոգիաների մասին, չպետք է թույլ տային, որ ԵրՄՄԳՀԻ-ում, համակարգիչների կամ գոնե դրանց ուղեկից աքսեսուարների, որևէ այլ էլեկտրոնիկայի փոխարեն, այսօր պլաստիկե շշեր արտադրվեին: Չպետք է թույլ տային նաև, որ այդ ինստիտուտի հիմնադիրը, մեր գիտության կենդանի լեգենդը, հպարտությունը, որը վախճանվեց 2008թ. ութսուն տարեկանում, կյանքի վերջին տարիներն ապրեր Լոս Անջելեսում, աղքատության նպաստով, որտեղ վաստակում էր, եթե հաջողվում էր, կրկնուսույց աշխատելով: Այսօրվա գիտության կազմակերպիչները պետք է իմանան, որ դեղամիջոցների ստեղծման և արտադրության ավելի կատարյալ հաստատություն, քան Ա.Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտն (ՆՕՔԻ) էր, չի եղել ոչ ԽՍՀՄ-ում, ոչ այլ երկրներում: Հարկ եղած պրոֆեսիոնալ կառավարման պարագայում, վերջին 20 տարիներին վերջնականապես խարխլված ՆՕՔԻ-ն կարող էր Հայաստանին ապահովել առնվազն գեներիկ դեղամիջոցների ողջ տեսականիով, իսկ որպես «հանրային ծանրաբեռնվածություն» կամ էլ «բարեգործություն», հենց այնպես, ձեռքի հետ, ֆինանսավորել Հայաստանի ամբողջ գիտությունը: Այսօրվա գիտության կազմակերպիչների համար խիստ կարևոր է իմանալ նաև այն, որ ոչ մի երկրում ազգային ոչ մի ակադեմիա այդքան անպարկեշտ ձևով չեն անվանել` «Հայաստանի ազգային ակադեմիա ոչ առևտրային ձեռնարկություն»:     

 

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

Երբ հոդվածը պատրաստ էր և թարգմանված, Հայաստանից լուր եկավ ԿԳՆ օտարալեզու դպրոցներ ստեղծելու վերաբերյալ օրենսդրական նախագծի շուրջ գրգռված անլուրջ, հիմար կրքերի մասին: Սա, անշուշտ, ականավոր իրադարձություն է, այնպես որ չեմ կարող չարտահայտվել դրա մասին: Իսկ որպես բնաբան մեջբերեմ Աբրահամ Լինքոլնի հայտնի խոսքը. «Կարելի է միշտ խաբել ժողովրդի մի մասին և ամբողջ ժողովրդին` որոշ ժամանակ, բայց չի կարելի միշտ խաբել ողջ ժողովրդին»:

Եվ այսպես, հայ միջին վիճակագրական գիտակցությունը գտնվում է անընդմեջ տեղեկատվական սթրեսի վիճակում: Լայն քննարկման նոր թեման, որ հուզել է հայ հասարակայնությանը, կրթության և գիտության նախարարության ներկայացրած նախագիծն է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին, համաձայն որի` առաջարկվում է Հայաստանում ստեղծել ավելի քան համեստ թվաքանակով (առկա 1450-ի 2%-ը) օտար լեզուների` անգլերենի, ֆրանսերենի և, գլխավորը, ամենա »օտար» լեզվի` ռուսերենի հանրակրթական դպրոցներ: Ոչինչ ինքն իրեն չի լինում: Եվ այս նախաձեռնությունը ժամանակի մարտահրավերն է: Պարզապես թիվն անլուրջէ: Միանգամայն բնականորեն բեմահարթակ սողոսկեցին այնքան էլ լուրջ կրթություն և գիտելիքներ չունեցող դինոզավրեր, 90-ականների ֆիգուրանտներ` իրենց խորացված մարտատենչության մոլագար հակվածությամբ: Կործանարարներ, որոնք շարունակում են իրենց կերտիչներ ձևացնել, որոնք երկիրը մտցրին տնտեսական և քաղաքական փակուղի, իսկ այսօր փորձում են այն մտցնել ն աևտեղեկատվական փակուղի: Շատերը նույնիսկ չեն էլ գիտակցում, թե ինչ Էյյաֆյատլայոկուդլեն արթնացրել 20 տարի առաջ, որն այսօր խմորվում է հայկական տիեզերքի ներքո:

Միանգամայն բնական է, որ այն «գործիչները», որոնց ջանքերով 1990-ականներին սկսվեց երկրի ոչնչացման գործընթացը, կրթության և գիտության համակարգի (որի ծնունդն էին նրանք) առաջին պարտականությունն անմիջապես հայտարարեցին նման նախաձեռնության անթույլատրելիությունը, դրանում ազգային ինքնությունը վտանգող սպառնալիք, հայոց լեզվի և պետության անկախության դեմ սադրանք տեսնելով: Ցավոք, այդ ճերմակած, բայց այդպես էլ չմեծացած «գործիչներն» իրենց արդուկված ծալքերով, ինչպես միշտ, իրենց գիտելիքների մեջ սահմանափակվում են վերնագրերով, ուշադրությունը բևեռում են մանրուքների վրա և շատ կարևոր բաների իսկական քննարկման փոխարեն սկսում են տիեզերական հիսթերիա հրահրել: Նրանք մեր ներքին թշնամիներն են, որոնք տառապում են ինտելեկտուալ անբավարարվածությամբ, ձևացնում են, թե չեն հասկանում, որ իրենց շնորհիվ, իրենց սահմանափակ մտահորիզոնի, գավառամտության, ամբոխահաճության շնորհիվ մեր ամբողջ երկիրը հասցվել է այնպիսի վիճակի, ինչին չէր կարող հասցնել ոչ մի արտաքին թշնամի: Նրանք շարունակում են կործանել մեր երկիրն այնպիսի թափով, որ Հերոստրատն անգամ երազում տեսնել չէր կարող:

Ընդհանուր կրթությունը վերարտադրության, երկրի զարգացման և բազային անվտանգության հիմքն է: 1990-ականներին սկսված ռեֆորմները կրթության ասպարեզում ընդհանուր առմամբ հանգեցրին ազգի մտավոր անկմանը: Անցած 20 տարիների ընթացքում իրականացվեցին միանգամայն անիմաստ միջոցառումներ` ուղղված կրթության ոչ թե բովանդակության, այլձևի փոփոխությանը: Ձևականորեն ներդրվեցին Բոլոնյան սկզբունքները, քննությունների հանձնման թեստային համակարգը: Ձևականորեն մտցվեց ՄՊՔ-ն, ձևականորեն իրականացվեց անցումը 12-ամյա կրթությանը, և այս ամենը` կցկտուր, առանց կրթական որևէ հայեցակարգի` որպես այդպիսին: Հասկանալի է` կան համապատասխան թղթեր, նույնիսկ խոստումներ, որ արդեն 2010թ. Հայաստանի կրթության համակարգն ամբողջովին կհամապատասխանի եվրոպական ստանդարտներին, իսկ ավարտական վկայականն ընդունելի կլինի եվրոպական բոլոր երկրներում: Բայց...         

Դպրոցը եկեղեցուց հետո պահպանողականությամբ երկրորդ սոցիալական կառույցն է: Դա ենթադրում է այդ կառույցի մեծագույն կայունություն: Կարելի է որքան ասես ձևափոխել այս կամ այն հանգամանքը, փոխել սոցիալական համակարգի կառուցվածքը, ուսումնական ծրագրերը կամ վերափոխել ուսուցչական կազմը, բայց այս ամենը գործնականում չպետք է անդրադառնա վերջնարդյունքի` կրթության որակի վրա: Եվ մինչ ցանկացած ռեֆորմ պատնեշելը` հարկավոր է հասկանալ, թե ինչ ենք ուզում ունենալ արդյունքում: Անհրաժեշտ է արդյունքի կերպար ունենալ: Կրթության ոլորտի ռեֆորմների նպատակները հստակ չեն: Դրանք ընդհանրապես չկան: Ցանկացած կրթության նպատակը մարդու ձևավորումն է, որը կկարողանա որոշակի խնդիրներ լուծել: Ի՞նչ խնդիրներ ունենք մենք: Երբ փորձում ես պարզել սա, հասկանում ես, որ իմաստավորված ոչ մի խնդիր էլ չկա:  

Անցյալ դարակեսին աշխարհում կուտակվում և հասունանում է ազգային դպրոցական համակարգերի ճգնաժամը: Այն նույն Եվրոպայում, որին փորձում ենք ընդօրինակել, ազատական հայացքների տեր գործիչների շնորհիվ նախաձեռնվեցին անխոհեմ մոտեցումներ ուսումնական գործընթացի վերաբերյալ: Միջնակարգ կրթության եվրոպական համակարգերը բարձրդասարանցիներին իրավունք են տալիս ինքնուրույն որոշել այն առարկաները, որոնք ուզում են ուսումնասիրել: Առարկաները երբեմն առաջարկվում են «փաթեթներով» (եթե աշակերտն ընտրել է ֆիզիկան, ապա պարտավոր է սովորել նաև մաթեմատիկա), երբեմն` փաթեթից դուրս (կարելի է սովորել արվեստների պատմություն, պարահանդեսային պարեր կամ սուսերամարտ, ավտո- կամ խոհարարական գործ): Միասնական կարծիք չկա այն հարցում, թե ինչ պետք է իմանա միջնակարգ դպրոցի շրջանավարտը: Ինքն իր ուսումնական պլանը կազմելու իրավունքի իրականացման մեջ ամենից հեռուն Ամերիկան է գնացել: Այստեղ միջնակարգ դպրոցի ուսումնական պլաններն ու ծրագրերն այն աստիճանի են ամլացած, որ արդեն ամբողջական կրթություն չեն տալիս: Մեծ է գիտելիքների անհավասարաչափությունը. դպրոցականներն ինչ-որ առարկաներ լավ գիտեն, իսկ որոշ առարկաների գծով անթույլատրելիորեն ցածր մակարդակ ունեն, ինչը պայմանավորված է անթույլատրելի այն համակարգով, ըստ որի` սովորողներն իրենք են ընտրում այն առարկաները, որոնք պետք է սովորեն: Դա հանգեցրեց սպասելի արդյունքի` պետական դպրոցներում ապահովվող կրթության ընդհանուր մակարդակի կտրուկ անկման: Կրթության արդի մեթոդիկաները, մի կողմից, չգիտես ինչու փորձում են հեշտացնել կրթության գործընթացը` այն հասցնելով խաղերի ու թեստերի, մյուս կողմից` փորձում են երեխաներին մատուցել «հորինված» գիտելիքների չափազանց լայն շրջանակ: Արդյունքում` կրթությունը դարձավ չհամակարգված, իսկ աշակերտների գլխում շիլափլավ է ձևավորվում պարզեցված տեղեկատվության պատառիկներից: Ուրեմն, գիտելիքների ի՞նչ նվազագույն պաշար պետք է ունենա երիտասարդը` դպրոցից դուրսգալով: Զարգացման ի՞նչ նվազագույն պետք է ունենա 21-րդ դարի շրջանավարտը:       

Զանգվածային միջնակարգ կրթության հայեցակարգ, թվում է, այսօր ոչ ոք չունի: Բայց փոխարենը գրականության մեջ պահպանվել է Ռուսական կայսրության դպրոցի հստակ հայեցակարգը: 1861թ. ռեֆորմներից հետո Ռուսաստանում բավական արագ ստեղծվեց կրթության նոր համակարգը: Եկեղեցական-ծխական դպրոցները սովորեցնում էին գրել, կարդալ, հաշվել, Աստվածաշունչ էին սովորեցնում: Դասական գիմնազիաները հումանիտար առարկաների մասնագետներ էին պատրաստում, ռեալական ուսումնարանները` տեխնիկական: Կրթության հիմքում ընկած էր պրուսական համակարգը, որը ենթադրում էր մեծ ծավալի գիտելիքների յուրացում, լեզուների ուսուցում: Գիմնազիաներից ուսյալ մարդիկ էին դուրս գալիս: Բոլոր գիմնազիստներին և´ Մոսկվայում, և´ Ռուսաստանի ցանկացած անկյունում սովորեցնում էին դասական լեզուներ և, միաժամանակ, եվրոպական երկու լեզու, ինչը գիմնազիա ավարտողների առջև ճանապարհ էր բացում դեպի ընդհանրապես գիտության և մասնավորապես մշակույթի աշխարհը: Այս ամենը թույլ տվեց, որ Ռուսաստանը 19-րդ դ. վերջին դուրս եկավ աշխարհի ամենազարգացած երկրների շարքը: Այս ուսյալ մարդիկ մեծ գիտություն ստեղծեցին Ռուսաստանում, ռուսական ինժեներական մեծ դպրոց, 20-րդ դարասկզբի մեծ հումանիստական փիլիսոփայությունը: 1917թ. հետո կրթության այդ համակարգը փլուզվեց, և սկսվեցին ամեն տեսակ փորձարկումները: Բարեբախտաբար, այդ փորձարկումները շուտ ավարտվեցին: Երկրին մարդիկ էին պետք, որոնք ի վիճակի կլինեին այն մրցունակ դարձնել: Շուտով խորհրդային դպրոցը, որն ստեղծվել էր շատ սուղ միջոցներով, և որտեղ դասավանդում էին աղքատ ուսուցիչներ, դարձավ լավագույններից մեկն աշխարհում, իսկ մեր դպրոցականները, արևմտյան դպրոցներում հայտնվելով, այնտեղի դպրոցականներից մի ամբողջ գլուխ բարձր էին: Ինչպե՞ս հաջողվեց դա: Պատասխանը պարզ է: Ընկ. Ստալինը կարողանում էր խնդիրներ ձևակերպել, այդ թվում և կրթության խնդիրները: Խորհրդային դպրոցը պետք է գրագետ մարդիկ պատրաստեր` ապագա բանվորների, ինժեներների, գիտնականների, բժիշկների, ռազմարդյունաբերական համալիրի աշխատողների` գումարած որոշ թվաքանակով կոլտնտեսականների և գյուղատնտեսների, որոնք խորապես համոզված լինեին պետական գաղափարախոսության դոգմաներում: Ընդ որում, անհրաժեշտ էր մակարդակով գերազանցել ամերիկյան դպրոցին: Սրանից ավելի` ոչինչ: Դրա համար ոչ թե ճանաչում չունեցող խարդախները, այլ երկրի լավագույն գիտնականներն էին կազմում ծրագրերը, հիանալի դասագրքերը: Արդյո՞ւնքը: Նվազ միջոցներով, երկու անգամ երկիրը վերականգնելով փլատակներից` ԽՍՀՄ-ը հասավ ԱՄՆ-ի հետ ռազմական հավասարության և դարձավ արդիական արդյունաբերական տերություն: Փաստորեն, դա վերադարձ էր ռուս-պրուսական դպրոցի հայեցակարգին` պարզեցված ձևով և հստակ կրթական, դաստիարակչական և զարգացող չափորոշիչներով: Արդեն 1920-30-ական թթ. ԽՍՀՄ-ում սկսեցին բացվել ազգային դպրոցներ, որտեղ ուսուցումը կատարվում էր մայրենիով: ԽՍՀՄ-ում ուսուցումը կատարվում էր բուն ազգությունների 48 լեզուներով: «Դպրոցը մայրենի լեզվով» սկզբունքը երկրում անգրագիտության վերացման պետության ռազմավարության հիմքն էր: Պետականակերտման, վարչական կառույցների և վաչկական մարմինների ձևավորման գործընթացը, հաղորդակցության միջոցների զարգացումը, ազգամիջյան հաղորդակցությունը, ծառայությունը բանակում օբյեկտիվորեն պահանջում էին հաղորդակցություն մեկ միասնական, բնականաբար` ռուսերեն լեզվով: Ուստի, 30-50-ական թթ. ստեղծվեց միասնական տեսակի դպրոցների համակարգ` ազգային դպրոցներում ռուսերենի պարտադիր ուսուցմամբ: Դրա համար էլ կարծիքը, թե հայկական դպրոցների շրջանավարտները երկրորդ տեսակի մարդիկ էին համարվում, ճիշտ չէ հենց այն պարզ պատճառով, որ ԽՍՀՄ բոլոր դպրոցներում ուսուցումն իրականացվում էր միասնական ծրագրով և միասնական դասագրքերով` գումարած մայրենի լեզուն և սեփական ժողովրդի պատմությունը: «Երկրորդ տեսակի» լինելն ու այլ բարդույթները եթե որևէ մեկի մոտ ծագում էլ էին, ապա կամ վատ մանկավարժների, կամ ֆիզիոլոգիական անկարողության պատճառով, կամ էլ տվյալ սուբյեկտը միտումնավոր նեղացնում էր իր տեղեկատվական շրջանակը և պաթոլոգիապես չէր ցանկանում ընկալել ռուսաց լեզուն: Հայաստանը չի կարողացել, չի կարող և երբեք չի կարողանա ապահովել իրեն անհրաժեշտ գիտական և մշակութային տեղեկատվությունը հայերենով, անգամ եթե նրա ամբողջ` երեք միլիոն բնակչությունն էլ աշխատանքային ամբողջ գործընթացում բացառապես զբաղվի օտար լեզուներից հայերենի թարգմանելով: Արդեն թարգմանության գործընթացում նյութը կհնանա: Իսկ առանց չուշացած տեղեկատվության` վերադարձը միջնադար անխուսափելի է:                

Կրթությունը նշանակում է կոնկրետ ժողովրդի և նրա մշակույթի հետ նույնականացվող անձի ձևավորում: Այն առարկաների հանրագումարը, որը պետք է դասավանդվի դպրոցում, մշակվել է հարյուրամյակներ` փորձարկումների մեթոդով: Ուստի, հանցանք է մոռանալ սեփական աննախադեպ փորձը, երբ մեր աղքատ, մոռացված և իրավազրկված, գրեթե անգրագետ ազգը 20 տարվա ընթացքում վերածվեց մի երկրի, որը գիտությունների ակադեմիա, ստեղծագործական միություններ, ազգային օպերա, բալետ և կինեմատոգրաֆիա, պատկերասրահ, թերթեր, սպորտ և ժամանակակից պետության այլ հատկանիշներ ուներ: Մենք, յոթ տասնամյակի ընթացքում կուտակված հսկայական դրական փորձը հարմարեցնելու փոխարեն, անկախության պայմաններում ընտրեցինք մեզ խորթ կրթական համակարգերի կույր պատճենման ճանապարհը, որոնք այլ կերպ են կառուցված, պատմական այլ ավանդույթներով: Հենց միայն դրա համար չէր կարելի փորձել պատվաստել դրանք` նախապես իմանալով, որ ազգի իմունային համակարգը կվանի խորթ սկզբունքները:   

Կրթության բազմադարյան պատմությունը Հայաստանում հատվածային է: Բայց զարգացման յուրաքանչյուր փուլում կրթությունը հայության ազգային ինքնուրույնության դրսևորման և պահպանման կարևորագույն գործոն էր: Եվ հենց կրթության ու գիտության եզակի օջախները, գիրն ու մշակույթն են պետականության բացակայության պայմաններում ներկայացրել հայերին որպես աշխարհի կողմից ճանաչված միասնական ազգ:

Մեր այսօրվա խնդիրն է մեր երեխաներին ոչ միայն  դասական կրթություն տալը, այլև արդի տեղեկատվությունը հասանելի դարձնելը մարդկային գործունեության բոլոր ոլորտներում: Չպետք է կորցնել այն տարիքն առավելագույնս օգտագործելու հնարավորությունը, երբ մարդու համար ավելի հեշտ է սովորելը: Ինչպե՞ս: Գոյություն ունեցող հանրակրթական դպրոցների ոչ 2, ոչ 0,2, ոչ 20, ոչ էլ 50%-ի չափով «օտար» լեզուների դպրոցներ բացելով խնդիրը չի լուծվի: Այդ գործողությունը, որն, անշուշտ, հսկայական դրական բան է պարունակում, կրթության մեջ փոփոխություններ կատարելու ցանկությունը բավականաչափ մտածված չէ: Եվ քանի որ թիվը հաշվարկված չէ, այլ օդից է վերցված, ակնթարթորեն կգործի Լը Շատելիեի սկզբունքը, և համակարգը` ամենատարբեր մեխանիզմների կիրառմամբ, ինքն իրեն կհավասարակշռվի «օտար» լեզուների դպրոցների այն քանակությամբ, որոնք իսկապես անհրաժեշտ են հանրությանը:      

Ազգային դպրոցի նպատակը և գործառույթն արդի հասարակությունում այն պետք է լինի, որ ապահովվի ազգի առավելագույն ադապտացիան և մասնակցությունը նոր քաղաքակրթության ձևավորման գործընթացում` սեփական մշակութային առանձնահատկությունների հաշվառմամբ: Պետական դպրոցը պետք է լինի այնպիսին, որ նրա շրջանավարտներն ունենան այն վարկը, որն ունեին 20-30-50 տարի առաջ մեր վարկանիշային ռուսական (Պուշկինի անվ., Ձերժինսկու, Չեխովի) և հայկական (Կրուպսկայայի), անգլիական` (թիվ 114) դպրոցներում, ներկայումս վաճառքի հանված «Մելքոնյան վարժարան» կրթահամալիրում (Կիպրոս): Նրանց շրջանավարտները ոչ գիտելիքներով, ոչ ինտելեկտով չէին տարբերվում ցանկացած էլիտար դպրոցի շրջանավարտներից: Կատարյալ դպրոցը պետք է լինի այն տեղը, ուր ձգտելու է սովորական ընտանիքի սովորական երեխան` նախընտրելով ժամանակը ոչ թե փողոցում, այլ դպրոցում անցկացնել, որովհետև այնտեղ ավելի հետաքրքիր է և օգտակար, իսկ նրա շրջանավարտը պետք է գրագետ մարդ լինի և ազատ տիրապետի երեք լեզվի` հայերեն, ռուսերեն և անգլերեն, մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության հիմունքներին, շատ լավ իմանա պատմություն և աշխարհագրություն, ֆիզիկապես զարգացած լինի:

Ինչո՞ւ հենց մեզ` հայերիս համար է կարևոր իմանալ այս երեք լեզուները:

Երկրագնդի վրա 2500-7000 լեզու կա, մոտ 20 այբուբեն: Թվերը մոտավոր են, քանի որ դրանց ճշգրիտ քանակությունն անհնար է որոշել միասնական չափանիշների բացակայության պատճառով: Հազարամյակներ առաջ ծնված հայերենը գենետիկորեն դրված է մեր մեջ, որոշում է հայ ինքնությունը և մեր մշակույթի կրողն է: Եվ մենք իրավամբ հպարտանում ենք և´ լեզվով, և´ այդ լեզվին պատկանելու համար, որով աշխարհում մոտ 6,4 մլն մարդ է խոսում: Բայց իրենց լեզվով հավասարապես և իրավամբ հպարտանում են նաև մյուս բոլոր ժողովուրդները: Արաբերենով խոսող մարդկանց թիվը 422 մլն է: Ուրդու լեզվով խոսում է 450-200 մլն մարդ: Ֆարսի լեզվով` մոտ 110 մլն: Չինարենով` 1,3 մլրդ: Կամ, ասենք, մալայալիով` 35 մլն մարդ: Այդ լեզվով լույս են տեսնում 199 ամենօրյա, 157 ամենշաբաթյա, 619 ամենամսյա հրատարակություններ: Բայց նրանց մասին աշխարհն ի՞նչ գիտե: Միևնույն ժամանակ, Նոբելյան մրցանակակիրների մոտ 20%-ը հրեա է, որոնք աշխարհում 12-14 մլն են: Նոբելյան յուրաքանչյուր հինգերորդ մրցանակակիր` 124 մարդ, հրեա է: Ո՞ւր են մալայալի դափնեկիրները: Հրեաներից որևէ մեկը դափնեկիր կդառնա՞ր, եթե միայն եբրայերենով կամ իդիշով գրել-կարդալ իմանար: Իսկ իրենց պատմության, իրենց հավատի ու պետության հանդեպ մոլեգին նվիրվածությամբ հրեաներն ամենևին էլ չեն զիջում մեզ:

Մարդկության պատմությունն այնպես է դասավորվել, որ այսօր միայն յոթ լեզու են համարվում «համաշխարհային լեզուներ»: Դրանք են անգլերենը, իսպաներենը, ռուսերենը, ֆրանսերենը, գերմաներենը և պորտուգալերենը: Անգլերենը որպես մայրենի կրողների թիվն աշխարհում մոտ 410 մլն է, խոսողներինը` մոտ 1 մլրդ: Մոտավորապես 300 մլն մարդ աշխարհում տիրապետում է ռուսերենին, նրանցից 160 մլն-ն այն մայրենի են համարում: Այս յոթից միայն անգլերենն է այսօր համարվում միջազգային հաղորդակցման լեզու: Այն առաջին հերթին գիտական հոդվածների, զեկույցների, նորությունների, բոլոր նշանակալի տեղեկատվական-որոնողական համակարգերի, գեղարվեստական գրականության գլուխգործոցների լեզուն է: Մեզ, որ ապրում ենք երկու մշակույթների` արևմտյանի և արևելյանի հանգուցակետում, հավասարաչափ անհրաժեշտ են և´ անգլերենը, և´ ռուսերենը: Տեղեկատվության ուղղակի հասանելիությունը պահանջում է առնվազն այս երկու լեզուների իմացություն: Իսկ ազգային գիտակցության պրիզմայի միջով անցած տեղեկատվությունը ճիշտ աշխարհընկալման հիմքն է: Մենք պետք է ձգտենք ստեղծել լիարժեք ու բազմակողմ պետական դպրոցներ այն լեզուներով և այն քանակությամբ, ինչն օբյեկտիվորեն անհրաժեշտ է ազգին: Այնինչ, կրթություն (և ոչ միայն) «ձևացնելով», անիմաստ և ծուռումուռ փոփոխություններ ենք մտցնում արդեն անճանաչելիության աստիճանի այլանդակված կրթության համակարգում, որը տալիս է արդի աշխարհի իրողություններին բացարձակապես չհարմարված կիսագրագետ, վնասաբեր սերունդ, որը հազիվ կիսով չափ կենցաղային հայերեն գիտի և նպատակն էլ «փող սարքելն» է: Այս հաշմված սերունդը, որը ջնջել է իր կյանքի լավագույն մասի 10-12 տարիները, Հայաստանից դուրս սկսում է «տանջալիորեն ցավագին» բախվել խնդիրների առաջին իսկ օդանավակայանում, առաջին իսկ կայարանում: Եվ սեփական 29,9 հազ. քառ կմ-ից դուրս աշխարհի հետ առաջին իսկ հանդիպումից հետո շատերի մոտ առաջանում է թերարժեքության բարդույթ, իսկ որպես հետևանք` աշխարհից մեկուսանալու, սեփական յուղի մեջ տապակվելու ցանկությունն է, որին էլ կոչում են «դինոզավրերը»: Եթե պետությունը չարձագանքի ժամանակի մարտահրավերներին, դա, միևնույն է, կանեն ազգի առողջ մասը և կրթական «շուկան»:                  

Ի՞նչ անել: Հարցին պատասխանելու համար է, որ գոյություն ունի Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը, որը վերահսկում է որդեգրումը, մանկապարտեզները, դպրոցները, բուհերը, ընդունելության քննությունները, գիտությունը: Թող մտածեն, թե ինչ պետք է իմանա դպրոցի սանը դրսում, ինչպիսին պետք է լինեն ծրագրերը, դասագրքերը, ուսուցիչները, ազգը: Իհարկե, եթե երկրում ինչ-որ մեկին դա դեռ պետք է: Բացի այդ, այն պետք է մտածի, թե ինչպես լրջորեն խրախուսի առկա մասնավոր, այդ թվում և օտար լեզուների ուսուցմամբ, դպրոցների գործունեությունը: Հայաստանում արդեն նման դպրոցների հիանալի օրինակներ կան, ինչպիսին են «Քվանտը», «Անանիա Շիրակացին» և մյուսները, ուր, հնարավորության դեպքում, կգնան սովորողները:  

 

1 CCD-մատրիցա (Charge-Coupled Device, լիցքային կապի սարք) - ինտեգրալ միկրոսխեմա` կազմված լուսազգայուն ֆոտոդիոդներից: Արտադրվում և օգտագործվում են այն ընկերությունների կողմից, որոնք թվային լուսանկարչական և տեսախցիկներ են արտադրում: CCD-մատրիցան` որպես ֆոտոխցիկ, տեղադրում են նաև բջջային հեռախոսներում:

CCD-մատրիցան անալոգային սարք է. էլեկտրական հոսանքն առաջանում է պատկերի պիկսելում (պատկերի փոքրագույն մասը)` ընկնող լույսի ինտենսիվությանն ուղիղ համեմատական ձևով: Որքան բարձր է պիկսելների խտությունը CCD-մատրիցայում, այնքան բարձր է խցիկի թողունակությունը:

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am