Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մշակույթ և արվեստ

Մշակույթ և արվեստ
Մայիս 2010, N 4

ՕՐՍՈՆ ՈՒԵԼՍ-95.

«ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻԼՄԻ» ՀԵՂԻՆԱԿԸ

Արթուր Վարդիկյան, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոգիտական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող

«ՈԴԻՍԱԿԱՆԻ» ՍԿԻԶԲԸ

1938 թվականի հոկտեմբերի 30-ին բոլոր ամերիկացիները պատրաստվում էին Հելոուինի տոնին: Երեխաները հիանում էին իրենց գույնզգույն հագուստներով, մեծերը` լրացնում կոնֆետների պաշարը, կարճ ասած` ամեն ինչ սովորականի պես էր... Նրանք չէին էլ կարող պատկերացնել, որ վաղն իրենց լրիվ ուրիշ բան է հուզելու…

CBS ռադիոկայանի երեկոյան եթերում հաղորդավարը պարզ ասաց. «Քոլամբիա բրոդքասթինդ սիստեմը» և նրա հետ կապված կայանները ձեզ են ներկայացնում Օրսոն Ուելսի և «Մերքյուրի թիեթրի» «Աշխարհների պատերազմը»` ըստ Հերբերթ Ուելսի1»: Չգիտես ինչու, շուտով բոլորը մոռացան այս փոքրիկ նախաբանի մասին…

Ընդհատելով երաժշտական ծրագիրը` հաղորդավարը հայտնեց, որ Մաունթ Ջենինգսի աստղադիտարանի գիտնականները պայթյուններ են նկատել Մարս մոլորակի վրա… Երաժշտական ծրագիրը շարունակվեց, նվագում են Ռամոն Ռաքելոն և նրա նվագախումբը: Հանկարծ երաժշտությունը կրկին ընդհատվեց. Մարսի վրա առնվազն երեք պայթյուն է եղել, իսկ մոտավորապես ժամը 8:50-ին Նյու Ջերսի նահանգի Գրովերս Միլ տեղանքի ֆերմաներից մեկում ընկել է բոցավառվող մի առարկա (հավանաբար` երկնաքար): Հատուկ թղթակից Կարլ Ֆիլիպսն արդեն գտնվում է դեպքի վայրում: Նա հաղորդում է, որ այդ առարկան երկնաքար չէ, այն գլանաձև է և ունի մետաղյա ծածկ: Հավաքված գիտնականներն ու ոստիկանները չեն հասկանում, թե ինչ է սա: Գլանի միջից ինչ-որ բզզոց է գալիս: Ֆիլիպսը փորձում է հարցազրույց վերցնել գիտնական Փիրսոնից, լսվում են ոստիկանների ձայները, որոնք արգելում են հետաքրքրասերներին մոտենալ այլմոլորակային առարկային: Հանկարծ Ֆիլիպսը հայտնում է, որ գլանի կափարիչը բացվել է… Այնտեղից երևում է ինչ-որ անհասկանալի ու զզվելի մի կենդանի: Ոստիկաններն ուզում են մոտենալ, բայց հանկարծ ձագարից դուրս է ելնում մի կոնստրուկցիա: Ֆիլիպսի աչքերի առաջ մի քանի մարդ այրվում է: Լսվում են գոռոցներ և ճիչեր: Սարքը ճառագայթով կրակում է մարդկանց վրա…

Կապն ընդհատվում է… Մի քանի րոպե հետո կհայտարարվի, որ բոլոր նրանք, ովքեր գտնվում էին Գրովերս Միլում, մահացած են... Այնուհետև հաղորդավարը կհայտնի, որ մարդկությունը հենց նոր ամենասարսափելի պարտություններից մեկն է կրել. 7000-անոց ջոկատից կենդանի է մնացել ընդամենը 120 զինվոր: Պարզ է դառնում, որ սա Մարսից եկած ագրեսորների բանակի ավանգարդն է: Նյու Ջերսիի նահանգապետը ռադիոյով արտակարգ դրություն է հայտարարում...

23-ամյա Օրսոն Ուելսի «Աշխարհների պատերազմը» ռադիոբեմադրության այս փուլում 32 միլիոն ամերիկացիներ, որոնք այդ օրը ռադիո էին լսում, տագնապի և խուճապի էին մատնվել: Հենց պարզվեց, որ այլմոլորակայիններն անպարտելի են, մարդիկ կորցրին գլուխները` չիմանալով ինչ անել: Նրանք փախչում էին տներից, փորձում էին որքան հնարավոր է հեռու գտնվել «օկուպացված» տարածքներից:

Ժողովրդին հանգստացնելու համար իշխանությունները պահանջեցին CBS-ից, որ Ուելսը յուրաքանչյուր 10 րոպեն մեկ հիշեցնի, որ սա ընդամենը ռադիոբեմադրություն է…

Հաջորդ առավոտ Ուելսը, չնայած հրապարակավ ներողություն էր խնդրում, սակայն արդեն նշանավոր դեմք էր:

Իսկ ո՞վ էր նա` Օրսոն Ուելսը: Ո՞վ էր այդ երիտասարդ տղան, որը մեկ երեկոյի ընթացքում կարողացավ ստիպել բոլորին խոսել իր մասին:

Շատ տարիներ անց` իր ելույթներից մեկի ժամանակ, Ուելսը, դիմելով կիսադատարկ դահլիճին, ասել է.

- Տիկնա´յք և պարոնա´յք, մինչև սկսելս` կուզեի մի քանի խոսք ասել ինքս իմ մասին: Ես պիեսներ եմ բեմադրում Բրոդվեյում, աշխատում եմ թատրոնում ու կինոյում` որպես դերասան ու ռեժիսոր, ես հորինում և իրականացնում եմ ռադիոբեմադրություններ, դաշնամուր եմ նվագում և ջութակ, կարող եմ նկարել: Նաև գրել եմ մի քանի գիրք, այդ թվում` երկու վեպ, պատահել է, որ որպես աճպարար եմ հանդես եկել… Տարօրինակ է, չէ՞, որ դուք այդքան քիչ եք, իսկ ես` այդքան շատ2:

Սա, իհարկե, կատակ էր, սակայն յուրաքանչյուր կատակ ճշմարտության հատիկ ունի: Ուելսը չէր ստում, երբ ասում էր, որ այդքան ունակություններ ունի: Եվ այդ ամենին հասել է սեփական ուժերով: Պատահական չէ, որ կինոպատմաբան Մարկ Քուզինսն իր «Համաշխարհային կինոյի պատմություն» գրքում «հանճար» բնորոշումն առաջին անգամ օգտագործում է Ուելսի հետ կապված3: Ինքներդ դատեք. Չիկագոյից ոչ հեռու գտնվող Քենոշա քաղաքում ծնված Ջորջ Օրսոն Ուելսը (1915-1985) արդեն երկու տարեկանից բեմի վրա էր, տասը տարեկանում անգիր գիտեր Շեքսպիրի ողջ դրամատուրգիան, հաճախում էր նկարչության և երաժշտության «լուրջ» դասերի, ինչպես նաև դեկորացիաներ էր նկարում թատրոնի համար:

Կարող է թվալ, թե Ուելսը երջանիկ մանկություն է ունեցել, բայց, ցավոք, այդպես չէ: Ծնողները բաժանվեցին 1919թ., երբ Օրսոնն ընդամենը չորս տարեկան էր: Տեղափոխվելով Չիկագո` Ուելսի հայրը հարբեցող ու գործազուրկ դարձավ: Մայրը մահացավ դեղնախտից` տղայի ծննդյան իններորդ տարեդարձից չորս օր հետո: Դաշնակահար մոր մահվանից հետո Ուելսն այլևս չէր հետաքրքրվում երաժշտությամբ: Հայրը վախճանվեց, երբ տասնհինգամյա Օրսոնն ավարտում էր Իլինոյս նահանգի Վուդսթոք քաղաքի արական մասնավոր դպրոցը:

Տասնվեց տարեկանում Ուելսը մենմենակ մեկնեց Իռլանդիա` նկարչության մեջ կատարելագործվելու նպատակով: Պատահել է, որ փողոցում է գիշերել, քանզի սենյակ վարձելու փող չուներ: Բայց շատ շուտով նա հայտնվեց Դուբլինի «Գեյթ» թատրոնի բեմում: Տարօրինա՞կ է. ամենևին: Ուելսի խելքի տեր մարդը չէր կարող երկար ժամանակ առանց գումարի մնալ: Նա հանդիպեց «Գեյթի» տնօրենին և ասաց նրան, որ ինքը Բրոդվեյի հանրահայտ աստղերից է և կցանկանար որպես մեծարգո հյուր մի քանի դեր կատարել այդ թատրոնում…

Սա Ուելսի «ոդիսականի» վերջը չէր: Շուտով Սևիլիայում մի նոր տորեադոր հայտնվեց: «Ամերիկացի» մականունով Օրսոն Ուելսը զվարճացնում էր հանդիսատեսին…

Ուելսը վերադարձավ ԱՄՆ, որտեղ երևի թե առաջին անգամ աշխարհում բեմադրեց Շեքսպիր` ժամանակակից ոճով: Ուելսի «Մակբեթ» ներկայացման մեջ գործողության վայրը Հաիթի կղզին է, բոլոր դերասանները սևամորթ են, իսկ վհուկների փոխարեն Վուդուի կուլտի քրմեր են… Իսկ «Հուլիոս Կեսարում», որը բեմադրել է 1937թ. արդեն սեփական թատրոնում` «Մերքյուրի թիեթրում», բեմի վրա քայլող զինվորները ֆաշիստական համազգեստ էին կրում… Հետագայում Ուելսը կրկին կվերադառնա Շեքսպիրին` նկարահանելով «Մակբեթ» (1948թ.) և «Օթելլո» (1952թ.) ֆիլմերը, որտեղ հենց ինքը կկատարի գլխավոր դերերը: Օրսոն Ուելսը համարվում է Շեքսպիրի լավագույն մեկնաբաններից մեկը. նրան հավասարեցնում են Լոուրենս Օլիվիեին և Փոլ Սքոֆիլդին:

Այս երիտասարդը, որը դեռ քառորդ դար չապրած` այդքան նշանակալի հետք էր թողել արվեստի մեջ, 25 տարեկանում ստեղծեց մի կինոնկար, որը մտել է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի տասնյակի մեջ, իսկ որոշ կինոքննադատներ այն մինչև օրս համարում են լավագույնը պատմության մեջ: Խոսքը «Քաղաքացի Քեյնը» (Citizen Kane) ֆիլմի մասին է:

Ըստ վերը հիշատակված կինոպատմաբան Քուզինսի` ռուս կինոռեժիսոր Սերգեյ Էյզենշտեյնի «Պոտյոմկին» զրահանավը» (1925), ճապոնացի Ակիրա Կուրոսավայի «Յոթ սամուրայները» (1954), հնդիկ Մեհբուբ Խանի «Մայր Հնդկաստանը» (1957) և Օրսոն Ուելսի «Քաղաքացի Քեյնը» (1941) այս չորս կինոնկարներն աշխարհի ամենաազդեցիկ ֆիլմերն են, որոնցից է ծագել  մնացած ֆիլմերի ճնշող մեծամասնությունը4: Ավելի ճիշտ` այս չորս ֆիլմերում տրված են սխեմաներ, որոնցից օգտվում են մնացած հեղինակները` դրանց մեջ սեփական ճշգրտումները մտցնելով:

«Քաղաքացի Քեյնը» պատահական չի հայտնվել այս ցանկում: Նա հիմք է դրել բոլորովին նոր կինոմտածելակերպի, և սա վերաբերում է ոչ միայն պատմելու նոր ձևերին ու մարդկային ապրումների ներկայացմանը, այլև զուտ տեխնիկական նորարարություններին: Ուելսը հասցրել է 14 ֆիլմ ստեղծել, սակայն առաջին հերթին նրան բարձր են գնահատում հենց որպես «Քաղաքացի Քեյնի» հեղինակ…

 

ԱՄԵՐԻԿԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Շնորհիվ «Աշխարհների պատերազմը» լեգենդար ռադիոբեմադրության` երիտասարդ Օրսոն Ուելսն արդեն աստղ էր: Միայն նրա անունը պաստառներին արդեն մեծ ֆինանսական հաջողություն էր երաշխավորում պրոդյուսերներին: Ուելսն օգտվում էր իր դիրքից` իրականացնելով նոր թատերական բեմադրություններ: Այդ ժամանակ նա երևի չէր էլ մտածում սեփական ֆիլմ ստեղծելու մասին, բայց շուտով հրավեր ստացավ Հոլիվուդից, ավելի ճիշտ` RKO Radio Pictures կինոընկերությունից:

Ընկերությունն ուզում էր, որ Ուելսը որևէ ֆիլմ նկարահանի իրենց համար: Առաջին իսկ հանդիպման ժամանակ 24-ամյա Օրսոնը, որն այդ պահին այնքան էլ հետաքրքրված չէր ֆիլմ նկարելու գաղափարով, հայտարարեց, որ կհամաձայնվի պայմանագիր կնքել միայն այն դեպքում, եթե իրեն տրվի ստեղծագործական կատարյալ ազատություն: Կինոընկերության նախագահ Ջորջ Շեֆերը երկար ժամանակ չէր համաձայնվում, բայց ի վերջո գործընկերները կարողացան համոզել նրան: Ըստ պատրաստված պայմանագրի` Ուելսը, բացի մնացած ամեն ինչից, ստանում էր իր ուզած ազատությունը և ապագա ֆիլմի` վարձույթում հավաքած գումարի 25%-ը:

Այս պայմանագիրն ուշագրավ է նրանով, որ Հոլիվուդը, մինչև Ուելսը, ոչ ոքի նման լիազորություններ չէր տվել և, ցավոք, չի տա նաև ապագայում:

Ուելսին տրամադրվելու էր 1 մլն դոլար, բայց հետո այդ գումարն իջավ 700 հազարի: Ուելսն այն ծախսեց գրեթե ամբողջությամբ. «Քաղաքացի Քեյնի» բյուջեն ուղիղ 686.034 դոլար էր:

 

ՍՑԵՆԱՐԸ

Ուելսի առաջին խնդիրը լավ կինոդրամատուրգ գտնելն էր, որը կօգներ իրեն գրել սցենարը: Տեղափոխվելով Հոլիվուդ` Օրսոնը ծանոթացավ Հերման Մանկևիչի հետ5: Վերջինս Հոլիվուդ էր եկել 1920-ականների կեսերին և հաստատվել էր այստեղ որպես ինքնատիպ սցենարիստ ու քննադատ: Նա մեծ հաճույքով համաձայնվեց օգնել Ուելսին:

Նրանք միասին բազմաթիվ գաղափարներ քննարկեցին, մինչև եկան այն մտքին, որ իրենց ֆիլմը պետք է լինի հզոր մարդու վերելքի և անկման մասին: Նախատիպ լինելու առաջին թեկնածուն նշանավոր ավիակոնստրուկտոր Հովարդ Հյուզն6 էր, այնուհետև Ուելսն առաջ քաշեց հայտնի կողոպտիչ Ջոն Դիլինգերի թեկնածությունը7, սակայն, ի վերջո, որոշեցին կենտրոնանալ մասմեդիայի ներկայացուցիչների վրա: Ուելսը միշտ ժխտում էր, որ Քեյնի կերպարը հիմնված է մեդիամագնատ Վիլյամ Ռենդոլֆ Հյորսթի վրա, սակայն նմանություններն ակնհայտ են:

Հյորսթը (1863-1951) լրագրային մագնատ էր, հենց նա էր ստեղծել «դեղին մամուլը», սենսացիոնությունը դարձրել վաճառքի չափանիշ: Իր բիզնեսի ծաղկման տարիներին Հյորսթը շուրջ երկու տասնյակ թերթերի ու մի քանի ռադիոկայանի տեր էր:

Մանկևիչը գրեց սցենարի առաջին տարբերակը, որը վերնագրված էր «Ամերիկացին»: Այնուհետև ստեղծվեց ևս մի քանի տարբերակ: Հինգերորդը վերջնականն էր:

Ինչ վերաբերում է վերնագրին, ապա այստեղ պետք է հավատանք Ուելսի խոսքերին.

- «Քաղաքացի Քեյնն» իմ վերնագիրը չէ: Նկարահանման հրապարակում ես մի հայտարարություն կախեցի, որտեղ խոստացա 50 դոլար տալ այն մարդուն, ով լավ անվանում կհորինի, ու այդ ժամանակ Ջորջ Շեֆերը, որը վարձույթով էր զբաղվում, խորհուրդ տվեց` «Քաղաքացի Քեյն»: Ու, անկասկած, դա լավագույն վերնագիրն էր8:

 

ՖԻԼՄԻ ՖԱԲՈՒԼԱՆ

Մահանում է հայտնի մեդիամագնատ, միլիարդատեր Չարլզ Ֆոսթեր Քեյնը: Լրագրող Ջերի Թոմսոնին հանձնարարում են իմանալ` ինչ է «Rosebud»-ը (թարգմանվում է «վարդի կոկոն» կամ «վարդագույն կոկոն»)` Քեյնի վերջին խոսքը մահվանից առաջ: Այս նպատակով Թոմսոնն այցելում է Քեյնի երկրորդ կնոջը` Սյուզեն Ալեքսանդր Քեյնին, Ջեդ Լիլենդին, որը ժամանակին միլիարդատիրոջ ամենամոտ ընկերն էր, և ուրիշների: «Ֆլեշբեք»-երի9 օգնությամբ մեր առջև անցնում է Քեյնի զարմանալի կյանքը: Ի տարբերություն Թոմսոնի, մենք` հանդիսատեսներս ենք իմանում մեդիամագնատի վերջին խոսքի նշանակությունը: Երբ վերջին տեսարանում վառում են հանգուցյալի «անպետք» իրերը, մենք տեսնում ենք, որ վառարանի մեջ դանդաղ այրվում է Քեյնի մանկության սահնակը, որի վրա փոքր տառերով գրված է` Rosebud…

 

«ՔԵՅՆԻ» ԱԿՈՒՆՔՆԵՐԸ

Արդեն ասվեց, որ Քեյնի կյանքի գլխավոր վայրիվերումները վերցված են Վիլյամ Ռենդոլֆ Հյորսթի կյանքից: Կան պահեր, որոնք ուղղակի ակնարկում են լրագրային մագնատին: Օրինակ` Քեյնը բառացի կրկնում է այն հեռագիրը, որը Հյորսթն ուղարկել էր Կուբա` իր թղթակցին. «Խնդրում եմ, մնացե´ք: Դուք ապահովեք նկարները, իսկ ես կապահովեմ պատերազմը» (“Please remain. You furnish the pictures, and I’ll furnish the war”): Բայց շատ մանրամասներ վերցված են հենց Ուելսի կյանքից: Վերջինս միշտ համեմատում էր իրեն Քեյնի հետ` օրինակ բերելով այն, որ իրենք երկուսն էլ մեծացել են առանց ծնողների: Ի դեպ, Քեյնի դերը կատարում է հենց ինքը` Ուելսը:

Այն, որ Քեյնի երկրորդ կնոջ` Սյուզեն Ալեքսանդր Քեյնի կերպարը գրված է Հյորսթի սիրուհու` դերասանուհի Մարիոն Դևիսի հիման վրա, չէր թաքցնում նույնիսկ Ուելսը: Դևիսը միջակ դերասանուհի էր, սակայն շատ հաճելի և կամեցող կին: Այս դերը կատարում է Ուելսի թատրոնի` «Մերքյուրի թիեթրի» դերասանուհի Դորոթի Քոմինգորը:

Հետաքրքիր է իմանալ` որտեղից է ծագել «վարդի կոկոնի» գաղափարը: Ուելսը միշտ ասել է, որ դա Մանկևիչի միտքն էր, որն իրեն երբեք դուր չի եկել. «Այն, իրոք, անհաջող է, կարծես պարզեցված, էժանագին ֆրեյդիզմ լինի»10: Բայց եկեք համաձայնենք, որ ֆիլմը շատ բան կկորցներ առանց այս դետալի: Այստեղ ճիշտ կլինի մեջբերել լեհ կինոպատմաբան Եժի Տեպլիցի խոսքերը. «Միայն վերջին կադրերում, Քեյնի մահից հետո, մենք տեսնում ենք, թե ինչպես «Վարդագույն կոկոն» գրվածքով սահնակը դեն են նետում, և մեզ համար ինչ-որ մի բան պարզ է դառնում: «Ինչ-որ մի բան», քանի որ մահից առաջ մանկությունը հիշելը դժվար թե կարողանա բացատրել մարդու հոգեբանությունը»11:

Կա վարկած, որ «վարդի կոկոնը» Հյորսթի մանկության ընկերոջ մականունն էր, որը նրան շնորհել էր ապագա միլիարդատիրոջ մայրիկը (ասում են, թե նա որդու ընկերոջը սեփական երեխայից ավելի էր սիրում): Ըստ մեկ այլ վարկածի` Հյորսթը սիրում էր Մարիոն Դևիսի մարմնի «ինտիմ մասն» անվանել «վարդագույն կոկոն»:

Այնուամենայնիվ, «վարդի կոկոն» բառակապակցությունը դարձել է մանկական մաքրության, բոլոր գայթակղություններին և փորձություններին նախորդող կյանքի սիմվոլ12…

 

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Ուելսը գեթ մեկ վայրկյան չէր կասկածում, թե ով է լինելու իր ֆիլմի կոմպոզիտորը: Բերնարդ Հերմանը Ուելսի վաղեմի բարեկամն էր: Նա էր գրել Օրսոնի գրեթե բոլոր ռադիոբեմադրությունների երաժշտությունը, այդ թվում և «Աշխարհների պատերազմի»-նը: «Քաղաքացի Քեյնը» Հերմանի առաջին փորձն էր կինոյում:

Երաժշտության ստեղծման ընթացքը հիմնականում սահուն էր, չնայած մեկ-մեկ խնդիրներ էին ծագում: Օրինակ` Հերմանը և Ուելսը չէին գտնում մի այնպիսի օպերա, որի վարագույրները բացվեին արիայի ժամանակ: Այդպիսի մի մեներգ անհրաժեշտ էր ֆիլմի հայտնի օպերային տեսարանի համար: Բերնարդ Հերմանն ինքնուրույն գրեց այդ արիան ու կոչեց այն «Սալամբո»` ըստ Գուստավ Ֆլոբերի համանուն վեպի:

«Քաղաքացի Քեյնի» երաժշտությունը հատկանշական է նրանով, որ եթե ուրիշ ֆիլմերում դրամատիզմի հասնելու համար օգտագործում էին հսկայական նվագախումբ և պաթետիկ լեյթմոտիվներ, ապա Հերմանը նույն ազդեցությանը հասնում է երաժշտական թեթև թեմաների ու փոքրաթիվ գործիքների օգնությամբ:

Իր այս աշխատանքի համար Հերմանը ներկայացվեց Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի` Օսկարի:

Այսպես սկսվեց կոմպոզիտոր Բերնարդ Հերմանի փառահեղ հաղթարշավը կինոաշխարհում:

 

ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐԸ

Չնայած «Քաղաքացի Քեյնը» նրա առաջին լիամետրաժ ֆիլմն էր, բայց առաջին անգամ չէր, որ Ուելսը հայտնվել էր նկարահանման հրապարակում: Դեռևս 1934թ. 19-ամյա Օրսոնն իր առաջին կնոջ ու ընկերների հետ նկարահանել էր 8 րոպեանոց ֆարս` «Դարի սրտերը» (The Hearts of Age): Այս կարճամետրաժ ֆիլմը հետաքրքիր էր նրանով, որ արդեն այստեղ երևում է երիտասարդ Ուելսի մեծ պոտենցիալը:

«Քաղաքացի  Քեյնի» ստեղծման  ընթացքում Ուելսն անընդհատ հիշեցնում  էր ստեղծագործական անձնակազմին, որ իրենց ֆիլմը պետք է ոչ միայն ուրիշներից լավը լինի, այլև նրանցից տարբերվի ամեն ինչով: Ուելսը շատ լուրջ էր վերաբերվում իր աշխատանքին, և դրա լավագույն ապացույցը նրա հետևյալ խոսքերն են. «Ջոն Ֆորդն իմ ուսուցիչն էր, իսկ նրա «Դիլիջանսը»` դասագիրքը: Ես դիտել եմ այն երեսուն անգամ»13:

Ինչպես արդեն ասվեց, Քեյնի դերը կատարում էր հենց Ուելսը, այսինքն` տեսարանից տեսարան նա առույգ երիտասարդից մռայլ ծերունու պետք է կերպարանափոխվեր: Նման բարդ գրիմ անելը տևում էր 6-7 ժամ: Պատահում էր, որ Օրսոնը նկարահանման տաղավար էր գալիս գիշերվա ժամը 2-ին, որպեսզի առավոտյան 9-ին, երբ սկսում էին նկարահանումները, նրա գրիմը պատրաստ լիներ:

Ուելսը շատ արագ էր աշխատում. «Քաղաքացի Քեյնը» նկարահանվեց ընդամենը երեք ամսվա ընթացքում: Նկարահանումների արագությանը նպաստեց նաև ռեժիսորի հորինած խորամանկությունը. նկարահանող խումբը մի վայրից մյուսը տեղափոխվում էր շտապօգնության մեքենայով…

 

ՖԻԼՄԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

Չնայած Ուելսն ապագա «Քաղաքացի Քեյնը» երգիծական պամֆլետ էր համարում` ուղղված ԱՄՆ-ի արքետիպային ներկայացուցիչներից մեկին, ֆիլմը դարձավ Ամերիկայի իսկական ռեալիստական պոեմը:

Ուելսն առաջարկում է մեզ հետևել Չարլզ Ֆոսթեր Քեյնի կյանքին և տեսնել, թե ինչպես կենսուրախ և հաճելի երիտասարդ տղամարդը, որն ուզում է ծառայել հանրությանը` մատակարարելով նրան հրատապ նորություններ, վերածվում է մի մարդու, որն օգտվելով հսկայական կարողությունից և անգերազանցելի ուժից` բավարարում է սեփական «ես»-ի ցանկությունները, ինչը կործանարար անդրադարձ է ունենում թե´ իր, թե´ մտերիմների վրա: «Սա ուժեղ և տաղանդաշատ, իշխանության և հարստության ձգտող մարդու վերելքի և անկման պատմությունն է, որը բացահայտում է փառամոլությամբ համակված եսասերի ողբերգությունը»14: Ամեն մեկը չէ, որ կկարողանար յուրաքանչյուրին ծանոթ այս ֆաբուլան այդքան համոզիչ և տպավորիչ ներկայացնել, ինչպես դա արեց Օրսոն Ուելսը:

Մեծամտությունից չէր, որ Ուելսը որոշեց սեփական ֆիլմում կատարել գլխավոր դերը: Դա ուղղակի RKO Radio Pictures-ի հետ կնքված պայմանագրի կետերից մեկն էր, որի շնորհիվ Օրսոն Ուելսը փայլատակեց ոչ միայն որպես  ռեժիսոր-նորարար, այլև որպես յուրօրինակ դերասան, որն իր տաղանդով չի զիջում բոլոր ժամանակների լավագույն դերասաններին: Երիտասարդ Քեյնի դեմքին միշտ ինչ-որ հեգնական ժպիտ կա, վստահություն, որ ինքը կարող է ձեռնոց նետել այս աշխարհին: Զառամյալ Քեյնն ընդհանրապես չի շարժում դեմքի մկանները, սակայն նրա փայլող աչքերում այնպիսի թախիծ, այնպիսի զղջում կա…

Քեյնի կերպարը եզակի է նրանով, որ երևի թե առաջին ամերիկյան (նույնիսկ համաշխարհային) պերսոնաժն է կինոյում, որն, ըստ էության, չարագործ է, բայց արժանանում է հանդիսատեսի խոր կարեկցանքին, քանի որ միշտ հայտնվում է ոչ միանշանակ իրավիճակներում, որտեղ ճիշտ ուղին միանգամից չի երևում: Քեյնն անընդհատ զղջում է իր արարքների համար, բայց սխալն ամբողջովին ընկալում է միայն այն ժամանակ, երբ իրեն լքում են բոլորը, բացի տնային սպասավորներից: Սրանք էլ մնում են ոչ թե խղճի խայթից մղված, այլ բարձր աշխատավարձի համար:

Բացի Ուելսից, ֆիլմում աչքի են ընկնում «Մերքյուրի թիեթրի» դերասաններ Ջոզեֆ Քոթոնը, Դորոթի Քոմինգորը, Վիլյամ Ալանդը և այլք…

«Քաղաքացի Քեյն»-ում ամենագլխավորը Ուելսի նորարարական ռեժիսուրան է: Ֆիլմն ամբողջությամբ կառուցված է ֆլեշբեքերի սկզբունքով, ինչն այդ ժամանակների համար նորություն էր: Եժի Տեպլիցը գրում է. «Էկրանային պատմելաոճի տեխնիկայի զարգացման մեջ այս ֆիլմի դերը կարելի է համեմատել միայն այն բեկման հետ, որը կատարեց Մարսել Պրուստը գրականության մեջ»15:

Հարկ է մի քանի խոսք ասել Ուելսի ամենակարևոր նորարարության մասին. դա, իհարկե, խորքային միզանսցենն է (անգլ. deep focus), որը, եթե անկեղծ լինենք, 1941թ. համար այդքան էլ նորարարություն չէր: Այս լուծումն արդեն օգտագործել էր ֆրանսիացի նշանավոր ռեժիսոր Ժան Ռենուարը 1937թ. «Մեծ պատրանք» ֆիլմում: Ուելսն, իհարկե, չի ընդօրինակել այս գաղափարը, քանի որ չէր կարող տեսած լինել վերջինիս ֆիլմը. այն արգելված էր ֆաշիստական ցենզուրայի կողմից և մինչև 60-ականների կեսը համարվում էր կորած: Այն միտքը, որ կարելի է ֆիլմ նկարել` խախտելով ձևավորված մոնտաժային մտածելակերպը (այսինքն` երբ ամեն դետալ ցույց է տրվում առանձին կադրով), շատերին էր գրավում:

«Քեյն»-ում խորքային միզանսցենի լավագույն օրինակը գլխավոր հերոսի մանկության տեսարանն է: Քեյնի մայրն ու հայրը մեծահարուստ Թետչերի հետ քննարկում են երեխայի խնամակալության պայմանները, իսկ պատուհանից այն կողմ երևում է ձնագնդի խաղացող փոքրիկ Չարլզը: Նկարահանման և´ առաջին, և´ երկրորդ պլանները հստակ են, կատարյալ ֆոկուսի մեջ:

Ուելսը ներդաշնակություն է գտել տեխնիկական լուծումների և կինոպատումի միջև: «Քաղաքացի Քեյն»-ում մարդիկ և իրերը դասավորված են կինոօբյեկտիվի օպտիկական առանցքի երկարությամբ: Պատկերն ավելի մաքուր և համոզիչ դարձնելու համար օպերատոր Գրեգ Թոլանդն օգտագործում է լայնանկյուն օբյեկտիվ ու տարբեր տիպի ոսպնյակներ: Բոլոր այս միջոցներն ինքնանպատակ չեն:

Յուրօրինակ է լուծում Ուելսը և ժամանակի խնդիրը: Հստակ կարելի է ասել, որ նա առաջինն էր, որ օգտագործեց այս եղանակը: Նույն վայրը նկարահանվում է մի քանի անգամ, սակայն ամեն անգամ դերասանները նոր հագուստով և գրիմով են ներկայանում, ինչը հասկանալ է տալիս, որ նախորդ և այս կադրերի միջև ժամանակ է անցել: Նշենք այն տեսարանը, երբ մի քանի րոպեի ընթացքում ցույց են տրվում Քեյնի և նրա առաջին կնոջ` Էմիլիի տարեցտարի վատթարացող հարաբերությունները: Կամ այն տեսարանը, երբ Քեյնը նոր է ծանոթացել Սյուզենի հետ և խնդրում է նրան դաշնամուր նվագել ու երգել: Աղջիկը սկսում է երգել, ու մի քանի վայրկյանից մենք տեսնում ենք, որ հերոսները նստած են նույն սենյակում, սակայն ուրիշ հագուստներով, իսկ սենյակի կահույքը շքեղացել է: Այսինքն` անցել է մի որոշ ժամանակ, որի ընթացքում Քեյնը հասցրել է նոր կահույք գնել սիրուհու համար:

Ֆիլմի գլխավոր արժանիքներից են նաև երկար համայնապատկերները, որոնք բնորոշ են Ուելսի ռեժիսուրային: Այս կադրերն ամենևին էլ ձանձրալի չեն, ընդհակառակը` նրանք առեղծվածային մթնոլորտ են հաղորդում ֆիլմին: Բավական է հիշատակել ֆիլմի սկիզբը. մռայլ գիշեր է, մետաղյա պարիսպներով մենք դանդաղ մտնում ենք Քեյնի ահռելի ամրոցը` Քսանադուն, անցնում ենք նրա այգիներով ու գազանանոցով և վերջապես հայտնվում մահամերձ Քեյնի ննջասենյակում:

Ռադիոյի փորձն օգնեց Ուելսին ճիշտ օգտագործել ձայնը: Կարելի է ասել, որ «Քաղաքացի Քեյն»-ում բոլոր գոռոցներն ու շշուկները մտածված են: Օրինակ` այն տեսարանը, երբ վրանում Քեյնն ապտակում է Սյուզենին: Նրանք լուռ նայում են իրար: Հանկարծ կողքի վրանից լսվում է կանացի հիսթերիկ ծիծաղ: Ռեժիսորը հակադրում է այդ ծիծաղը Քեյնի ու Սյուզենի դժբախտությանը:

Գրեթե ողջ ֆիլմը հնչյունավորվել է նկարահանումներին զուգընթաց: Եթե հաշվի առնենք, որ «Քեյնը» լի է աղմկոտ տեսարաններով, ապա զարմանալի է, թե ինչպես է Ուելսը կարողացել հասնել ձայնի այնպիսի մաքրության, որպիսին դժվար է ստանալ նույնիսկ այսօր: Սրան նպաստել է այն, որ խոսափողները տեղադրված էին նկարահանման ամբողջ տաղավարով մեկ, այլ ոչ թե կինոխցիկի հետևում:

Ասում են, թե «Քաղաքացի Քեյն»-ում Ուելսն ու օպերատոր Գրեգ Թոլանդն առաջին անգամ կինոյի պատմության մեջ կառուցել են տվել առաստաղով տաղավարներ, սակայն սա չի համապատասխանում իրականությանը: Առաջինն առաստաղներ սկսել է օգտագործել Ջոն Ֆորդն իր վեսթերններում16: Ֆորդին թվում էր, թե վայրի Արևմուտքի անծայրածիր երկնքի համապատկերներից հետո հանդիսատեսը թեթևություն կզգա` տեսնելով սահմանափակ տարածություններ: Ուելսի և Թոլանդի խնդիրն այլ էր: Նրանք հաճախ վերցնում էին ներքևից վերև ռակուրսներ` դիտանկյուններ, որպեսզի հանդիսատեսը զգա իրեն ոչ թե կինոթատրոնում, այլ սովորական թատրոնի առաջին տասը կարգերում: Իսկ այդպիսի ռակուրսներն ուղղակի պահանջում էին առաստաղների առկայություն:

 

«ՔԱՂԱՔԱՑԻ ՔԵՅՆԻ» ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Վիլյամ Ռենդոլֆ Հյորսթը, իմանալով, որ ինքն է ֆիլմի գլխավոր հերոսի նախատիպը, RKO Radio Pictures-ին 800 հազար դոլար առաջարկեց ֆիլմի նեգատիվը ոչնչացնելու համար: Բարեբախտաբար, կինոընկերությունը մերժեց առաջարկը` հույս ունենալով ավելի մեծ գումար վաստակել ֆիլմի վարձույթից: Մերժում ստանալով` Հյորսթն արգելեց իր թերթերին և ռադիոկայաններին գովազդել ֆիլմը: Սա, իհարկե, աննկատ չանցավ «Քաղաքացի Քեյնի» համար:

1941թ. ապրիլի 9-ին Ուելսը հատուկ ցուցադրություն կազմակերպեց մամուլի ներկայացուցիչների համար: Հեռատես քննադատ Սեդրիկ Բելֆրիջը, որը ներկա էր ցուցադրությանը, իր գրախոսության մեջ նկատել է. «Ըստ երևույթին, «Քաղաքացի Քեյնը» դատապարտված է մնալ Հոլիվուդի մեծ առասպելը»17:

Նույն թվականի մայիսի 1-ին Նյու Յորքում տեղի ունեցավ ֆիլմի պրեմիերան: «Քաղաքացի Քեյնը» հետ բերեց ծախսված գումարը, սակայն շահույթ չունեցավ: ԱՄՆ հանդիսատեսի համար ֆիլմն աննկատ անցավ: Չնայած Օսկարի էր ներկայացված 9 անվանակարգերում` շահեց միայն մեկ ոսկե արձանիկ` լավագույն սցենարի համար: Ուելսը մրցանակը կիսեց Հերման Մանկևիչի հետ: Ֆիլմը գրեթե մոռացված էր մինչև 1946 թվականը, երբ ցուցադրվեց Եվրոպայում: Այստեղ «Քաղաքացի Քեյնն» ավելի դրական ընդունելություն գտավ: Ֆիլմով ուղղակի հիացած էին այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են գրող Ժան-Պոլ Սարտրը, որը դեռ Ամերիկայում էր դիտել «Քեյնը», և  ֆրանսիացի նշանավոր կինոգետ Անդրե Բազենը, որը հետագայում դարձավ Ուելսի ստեղծագործության լավագույն ուսումնասիրողը: «Քեյնի» հանդեպ հետաքրքրությունն Ամերիկայում վերածնվեց 50-ականներին:

Սակայն  կան շատ քննադատներ, որոնք չեն կիսում մեծամասնության կարծիքը Ուելսի առաջին ֆիլմի մասին` այն ընդամենը հմուտ պատրաստված խաբեբայություն համարելով, որը գրավում է բոլորին միայն օպերատոր Գրեգ Թոլանդի աշխատանքի շնորհիվ: Նույնիսկ հանրահայտ շվեդ ռեժիսոր Ինգմար Բերգմանը «Քաղաքացի Քեյնն» անվանել է «ձանձրալի», իսկ դերասանական խաղը` «բոլորովին անպետք»… 

Ըստ Ուելսի` «Քաղաքացի Քեյնի» կոմերցիոն անհաջողությունը միմիայն Հյորսթի մեղավորությունն է: Վերջինս ամեն կերպ փորձում էր խափանել ֆիլմի պրեմիերան: Մի անգամ Ուելսին է մոտենում մի ոստիկան և խորհուրդ տալիս այդ գիշեր հյուրանոց չգնալ. այնտեղ Ուելսին սպասում էին մերկ անչափահաս մի աղջիկ ու բազմաթիվ լրագրողներ: Ուելսին, անկասկած, բանտ կնետեին, եթե նա վերադառնար հյուրանոց:

1982թ. հարցազրույցներից մեկի ժամանակ այն հարցին, թե հանդիպել է նա երբևիցե Հյորսթին, Ուելսը պատասխանել է.

- Այո´, մեկ անգամ Սան Ֆրանցիսկոյում` «Քաղաքացի Քեյնի» պրեմիերայից առաջ: Ես ներկայացա նրան: Նա հիշեցնում էր մի դինոզավրի, որ ուներ սառցակապտավուն աչքեր ու ամորձատի անբնական բարակ ձայն: Ես ասացի նրան, որ «Քեյնի» պրեմիերայի լավ տոմսեր ունեմ, արդյոք չի՞ ցանկանա գալ դիտելու: Նա չպատասխանեց: Ես գնացի իմ ճանապարհով ու մտածեցի, որ եթե նրա փոխարեն լիներ Չարլզ Ֆոսթեր Քեյնը, նա հանգիստ կընդուներ տոմսերը ու կգնար ֆիլմը դիտելու: Ես հիմա էլ եմ այդպես կարծում18:

Ուելսը պատմության մեջ մնացել է որպես համաշխարհային կինոյի զարգացումը կանխորոշած կինոնկարի հեղինակ: Շա՞տ է սա, թե՞ քիչ: Կարծում ենք` սա չափազանց շատ է: Ինչպես նյուտոնյան ֆիզիկայում հորիզոններ տարանջատած Էյնշտեյնը, ատոմի միջուկը տրոհած Ֆերմին ու Բորը` Օրսոն Ուելսը դարձավ մեծ նորարար, որի արժեքը ժամանակի տիրույթներից դուրս է: Իսկ Հայաստանում նրան լավ չեն ճանաչում` միայն պրոֆեսիոնալ շրջանակում: Հարկավոր է հաճախ խոսել և գրել նրա մասին, քանի որ, նախ` նրա աննախադեպ և ուսանելի ստեղծագործական անձն արժանի է դրան, երկրորդ` Հայաստանում այսօր մշակութային վակուում է տիրում, որը լցվում է իսկական արվեստից հեռու «արժեքներով»... 

 

1  Օրսոն Ուելսը և Հերբերթ Ուելսը բարեկամներ չեն, նրանք նույնիսկ ազգանվանակիցներ չէին` անգլ. Orson Welles, Herbert Wells:

2 Ըստ` “Сто великих режиссеров”, М., 2008, стр. 301.

3 Mark Cousins. The Story of Film: A Worldwide History. Edinburgh, New-York, 2004, p. 176.

4 Mark Cousins. The Story of Film: A Worldwide History. Edinburgh, New-York, 2004, p. 13.

5 Ի դեպ, Հերման Մանկևիչը տաղանդավոր կինոռեժիսոր Ջոզեֆ Մանկևիչի ավագ եղբայրն էր:

6 Տարիներ անց Հյուզին կմարմնավորի Լեոնարդո դի Կապրիոն Մարտին Սկորսեզեի «Ավիատորը» ֆիլմում (2004թ.):

7 Դիլինգերի դերը կատարել է դերասան Ջոնի Դեփը Մայքլ Մանի «Ջոնի Դ.» ֆիլմում (2009թ.):

8 Уэллс об Уэллсе, М., 1990, стр. 104.

9 Ֆլեշբեք (անգլ. flashback) – կինոյում նշանակում է շեղում պատումից դեպի անցյալը:

10 Ըստ` И. А. Мусский. Сто великих зарубежных фильмов, М., 2008, стр. 117.

11 Е. Теплиц. История киноискусства, т. IV, М., 1973, стр. 63.

12 И. А. Мусский. Сто великих зарубежных фильмов, М., 2008, стр. 120.

13 Ջոն Ֆորդն (1895-1973թթ.)  Ամերիկայի ամենաառաջատար ռեժիսորներից էր, իսկ «Դիլիջանս» ֆիլմը (1939թ)` նրա գլխավոր գլուխգործոցներից մեկը:

14 Кино. Энциклопедический словарь, М., 1986, стр. 440.

15 Е. Теплиц. История киноискусства, т. IV, М., 1973, стр. 63.

16 Ի դեպ, որոշ վեսթերններում (բայց ոչ «Դիլիջանսում») Ֆորդի օպերատորն էր Գրեգ Թոլանդը:

17 Ըստ` И. А. Мусский. Сто великих зарубежных фильмов, М., 2008, стр. 119.

18 Уэллс об Уэллсе, М., 1990, стр. 86.

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am