Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Պատմություն

Պատմություն
Մայիս 2010, N 4

ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ

Սերգեյ Շաքարյանց, քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ավագ փորձագետ

Մայիսի 9-ին լրացավ   գերմանական ֆաշիզմի դեմ նախկին ԽՍՀՄ ժողովուրդների տարած Մեծ հաղթանակի հերթական տարեդարձը: Այնքան էլ էական չէ` շարունակո՞ւմ են արդյոք նախկին միութենական հանրապետություններում, իսկ այժմ` հետխորհրդային տարածքի անկախ պետություններում այդ պատերազմն ընկալել որպես Մեծ հայրենական, թե՞ դրանում վերջնականապես միայն Երկրորդ համաշխարհայինն են տեսնում, իսկ իրենց մասնակցությունը դրան` համարում գրեթե և համարյա հարկադրական: Կարևոր է այլ բան. մարդկային հիշողությունն այդ իրադարձությունների մասին: Հիշողությունը, որը դեպքերի մեծամասնությունում զսպել և զսպում է «պատմության արդի կերտողներին» այնպիսի խայտառակ գործողություններից, ինչպիսին է էստոնական իշխանությունների «պատերազմը» խորհրդային զինվորների ու նավաստիների հուշարձանների դեմ, կամ վրացական իշխանությունների որոշումը` Քութայիսում Զինվորական փառքի հուշարձանը վերացնելու մասին և այլն: Եվ բոլորովին չենք ուզում հիշել, թե ինչպես էին ծաղրուծանակի ենթարկում պատերազմի մասնակիցների հիշատակն Ուկրաինայում` այդ հանրապետության առաջին դեմքերի հրապարակային ու անմիջական մասնակցությամբ ՍՍ-ի պատժիչ զորքերի զինծառայողներին նվիրված հուշարձաններ բացելով և «Ուկրաինայի հերոսի» կոչում շնորհելով ֆաշիստական Գերմանիայի հանցակիցներին...

Հայաստանը, ողջ հայ ժողովուրդն ավանդաբար մեծ ցավով է վերաբերվել այն տարիների իրադարձություններին: Բազմիցս է գրվել, թե ինչ լայն մասնակցություն են ունեցել մեր հայրենակիցները Մեծ հայրենականի ռազմաճակատներում և զավթված եվրոպական որոշ երկրների պարտիզանական շարժումներում: 1941թ. հունիսի 22-ից մինչև 1945թ. մայիսը Խորհրդային բանակ է զորակոչվել ավելի քան 500 հազար հայ: Պատերազմի տարիներին ստեղծվել է հայկական վեց դիվիզիա: 76-րդ լեռնահրաձգային դիվիզիան, որ ծնունդ է առել Խորհրդային Հայաստանի հետ միաժամանակ և փառապանծ ուղի անցել, և որի շարքերում է կոփվել հայ զինվորական կադրերի մեծ մասը, պատերազմի առաջին իսկ օրերից մտավ գործող բանակի միավորումների շարքերը: Դիվիզիան աչքի ընկավ պաշտպանական մարտերում և Ստալինգրադի ճակատամարտի ընթացքում ցուցաբերած սխրանքների համար ԽՍՀՄ Պաշտպանության ժողկոմի հրամանով դարձավ 51-րդ Գվարդիական դիվիզիա:

89-րդ դիվիզիան կազմավորվեց Երևանում, 1941թ.: Դիվիզիան ռազմաճակատ մեկնեց 1942թ. սեպտեմբերին և Կովկասի նախալեռներից մարտերով հասավ մինչև Բեռլին: 390-րդ դիվիզիան ստեղծվեց 1941թ. աշնանը Անդրկովկասյան զինվորական օկրուգի կազմում: 1942թ. հունվարից մասնակցեց Կերչի թերակղզու համար մղվող մարտերին: 409-րդ դիվիզիան ստեղծվեց 1941թ. աշնանը և Թերեքի ափերից հասավ մինչև Դունայ: 408-րդ դիվիզիան, որն ստեղծվել էր 1942թ. գարնանը, մասնակցեց Կովկասի Սևծովյան ափի դաժան մարտերին: 261-րդ դիվիզիան կազմավորվեց 1942թ. ամռանը, Հայաստանում: Դիվիզիան պաշտպանում էր խորհրդային սահմանը թուրքական ներխուժման սպառնալիքից և համալրում էր ուղարկում գործող բանակին: Պատերազմի նախօրեին Հայաստանում ստեղծվեցին ռազմական ուսումնական հաստատություններ, մասնավորապես` հատուկ հրետանային դպրոցը և ռազմաօդային ուժերի հատուկ դպրոցը:

1941թ. հունիսի 29-ին, Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի որոշմամբ, հանրապետությունում ստեղծվեցին ռազմական նշանակության օբյեկտների պաշտպանության և թշնամական դիվերսանտների դեմ պայքարի կործանիչ գումարտակներ: Գումարտակների կազմում 12 հազար մարդ կար, որոնցից 8 հազարն ուղարկվեց ռազմաճակատ. նրանցից 700-ը` պարաշյուտիստ դեսանտայիններ էին:

Հայ ռազմիկները գերմանա-ֆաշիստական զավթիչների դեմ կռվի մեջ մտան պատերազմի առաջին իսկ օրերից: Մասնավորապես, Բրեստի ամրոցում և նրա շրջակայքում պատերազմն սկսվելու պահին ծառայում էին 200 հայ մարտիկներ: Մոտակայքում հերոսական մարտեր էր մղում այն դիվիզիան, որի հրամանատարն էր գեներալ-մայոր Քրիստափոր Ալավերդյանը: Մոսկվայի պաշտպանության մասնակիցների թվում արժե նշել Հարավարևմտյան ռազմաճակատի հրետանու պետ, գեներալ-լեյտենանտ Միքայել Բարսեղյանին և 33-րդ բանակի շտաբի պետ, գնդապետ Ստեփան Գինոսյանին, որը հետագայում գեներալ-մայորի կոչում ստացավ: Լենինգրադի համար մղվող մարտերում աչքի ընկավ Բալթյան ռազմաճակատի նշանավոր գրոհային օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանը: Սևաստոպոլի երկաթուղին թշնամուց պաշտպանում էր նաև «Ժելեզնյակ» զրահագնացքը, որի հրամանատարն էր Գուրգեն Սահակյանը: Կերչի թերակղզու համար մղված մարտերում աչքի ընկավ 390-րդ հայկական դիվիզիան: 1942թ. 89-րդ հայկական դիվիզիան Կովկասը պաշտպանում էր ֆաշիստական զորքերից, իսկ հետո, հարձակման անցնելով, մասնակցեց Թամանյան թերակղզու ազատագրմանը, ինչի պատվին էլ ստացավ 89-րդ հայկական Թամանյան դիվիզիա անվանումը:

Թամանյան դիվիզիայի զինծառայող, սերժանտ Հունան Ավետիսյանը 1943թ. սեպտեմբերի 16-ին կրկնեց Ալեքսանդր Մատրոսովի սխրանքը` իրենով ծածկելով թշնամու հրակնատը: Այս սխրանքի համար նրան հետմահու շնորհվեց Խորհրդային Միության հերոսի կոչում:

Ստալինգրադի ճակատամարտին մասնակցում էր 51-րդ Գվարդիական հայկական դիվիզիան, որը մարտերում ոչնչացրել էր ավելի քան 8 հազար հիտլերականի ու հակառակորդի 340 տանկ: Բացի այդ, 51-րդ դիվիզիայի մարտիկները վերցրել էին թշնամու 193 ինքնաթիռ, 91 տանկ և 5650 գերմանացի ռազմագերի ու 2 հիտլերական գեներալ: Ստալինգրադի ճակատամարտում ցուցաբերած հերոսության համար տասը հայ մարտիկներ արժանացան Խորհրդային Միության հերոսի կոչման, նրանց մեջ էր նաև լեգենդար օդաչու Սերգեյ Բուռնազյանը:

Բեռլինի գրավմանը մասնակցել է 89-րդ հայկական Թամանյան դիվիզիան գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանի հրամանատարությամբ: Դիվիզիան 7300 կմ է անցել Կովկասից մինչև Բեռլին: Նրա 7000 սպաներ և զինվորներ արժանացել են կառավարական պարգևների: Դիվիզիայի մարտիկները ոչնչացրել են հակառակորդի 9 հազար զինվոր ու սպա և գերի վերցրել 11 հազար հիտլերականի: Բեռլինի գրավումից հետո, հիտլերականների վերջին պատվարի` ռեյխստագի պատերի մոտ հայ մարտիկները` զենքը ձեռքներին և երգը շուրթերին, զուռնայի հնչյունների ներքո պարեցին իրենց հաղթական «Քոչարին»:    

Հայրենական մեծ պատերազմում ավելի քան 100 հայ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, նրանցից երկուսը` Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանն ու «Բալթիկայի բազե» Նելսոն Ստեփանյանը` կրկնակի: Այսքանը, թերևս, բավական է` հասկանալու համար, թե ինչու հետխորհրդային Հայաստանում ևս Մեծ հայրենականը շարունակում են ընկալել որպես «իրենց» պատերազմը... Բայց մենք իզուր չհիշատակեցինք այն, որ այն տարիներին Հայաստանում կային ստորաբաժանումներ, որոնք պաշտպանում էին խորհրդային հարավարևմտյան սահմանը Թուրքիայից: Այն տարիներին ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ թուրքերն սպասում են հենց Ստալինգրադի ճակատամարտի ավարտին, որպեսզի պատերազմի մեջ մտնեն Գերմանիայի կողմից: Այնպես որ, գերմանացիների ցանկացած, անգամ տեղային պարտություն արևելյան ճակատում, հայ ռազմիկների ցանկացած մասնակցություն գերմանական ֆաշիզմի ջախջախման գործին յուրաքանչյուր հայի համար նշանակում էր նաև փրկություն նոր ողբերգություններից` կապված հայ ժողովրդի պատմության մեջ թուրքերի ունեցած դերի հետ...

Հիշարժան է, որ մի առիթով ռուս պատմաբանական հանրությունը փորձեց վերլուծել, թե ինչպես են հիմա վերաբերվում ողբերգական այն օրերի ու տարիների հիշատակին ԽՍՀՄ նախկին միութենական հանրապետություններում: Եվ պարզվեց, որ պատմության կեղծումների և զանազան տեսակի կոնյունկտուրային մանիպուլյացիաների չեն դիմում միայն երեք երկրում` Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: Հնարավոր է, որ սա օրինաչափություն է, չենք մեկնաբանի: Բայց սրա մեջ էլ, հաստատ, իմաստ կա, եթե հիշենք այն զոհերի մասին, որոնք այն պատերազմի տարիներին մատուցեցին Ռուսաստանի, Հայաստանի և Բելառուսի ժողովուրդներն ԸՆԴՀԱՆՈՒՐ` Մեծ հաղթանակի զոհասեղանին: Ի դեպ, ինչպես ասում են, երբեք ուշ չէ վերադառնալ ճիշտ ճանապարհին. իզուր չէ, որ նույն Ուկրաինայում այսօր սկսել են ընդունել և` այսպես կոչված «գոլոդոմորի» հետ կապված իրենց պահանջների սխալականությունը (իհարկե, մասնակիորեն «գլխի ընկան» միայն այն բանից հետո, երբ ԵԽԽՎ-ում հրաժարվեցին ընդունել 20-րդ դարի 20-30-ական թթ. ԽՍՀՄ-ում սովի պատճառների ուկրաինական տեսակետը...), և` քննարկում են կատաղի հիտլերական կամակատարներին «Ուկրաինայի հերոսի» կոչումից զրկելու հարցը: Կապրենք` կտեսնենք...     

Իհարկե, պարզունակ կլիներ այսօր լռել այն մասին, որ պատերազմի ժամանակ եղել են նաև գերի ընկած հայ զինվորականներին հիտլերականների կողմից հավաքագրելու փորձեր: Բայց, անաչառ պատմությունն արձանագրել է, որ նման փորձեր գերմանական ֆաշիզմը ձեռնարկել է նաև ԽՍՀՄ գրեթե բոլոր ժողովուրդների հանդեպ, և գերմանական ուժերում ամեն տեսակ «լեգեոնների» ի հայտ գալը Երրորդ ռեյխի քաղաքականության արտացոլումն էր` բաժանել բոլոր ժողովուրդներին ըստ ազգային պատկանելության, ստիպել մոռանալ այն ընդհանուր նպատակը, որը միավորում էր տարբեր լեզուներով խոսող բազմազգ զինվորներին սկզբում Կարմիր, հետո` Խորհրդային բանակում: Իսկապես, այդպիսի էջ էլ է եղել: Հիմա հիմարություն կլիներ թաքցնել դա: Հայ լեգեոներները մտել են 11 գումարտակների կազմ, ինչպես նաև այլ ստորաբաժանումներ: Լեգեոնականների ընդհանուր թվաքանակը հասել է 18 հազարի (11 հազար մարդ` մարտական զորամասերում, 7 հազարը` օժանդակ): Լեգեոնի զգալի մասը պահվում էր համակենտրոնացման ճամբարներում և օգտագործվում թիկունքի աշխատանքներում: Այո, «Արմենիշե լեգիոն» կազմակերպությունում են եղել Դրոն (Դրաստամատ Կանայանը), Նժդեհը (Գարեգին Տեր-Հարությունյանը): Բայց թող ներեն մեզ Մեծ հայրենականի վետերանները և չվիրավորվեն նրանք, ովքեր կարծում են, որ նացիոնալիզմի դրսևորումը և պայքարը հանուն Հայաստանի անկախության չպետք է «կանգ առներ» 1941-1945թթ.: Նժդեհի և Դրոյի իսկական մտադրությունը գերմանացիներին հաճոյանալը չէր: Ավելի շուտ նրանք ջանում էին ազատել իրենց հայրենակիցներին խորհրդային զինվորների համար նախատեսված բազմաթիվ ճամբարների ու մահվան` համակենտրոնացման ճամբարների գերյալների ու զոհերի ճակատագրից: Իզուր չէ, որ հայ լեգեոնականների ստորաբաժանումներ կազմակերպելուն գերմանացիները ձեռնամուխ եղան միայն 1942թ., այսինքն` արդեն Մոսկվայի մոտ վերմախտի կրած առաջին լուրջ պարտությունից հետո: Երբ գերմանացիները ստիպված եղան վերիմաստավորել իրենց բլից-կրիգի տապալումը, արդեն նշմարվում էր ֆելդմարշալ Պաուլյուսի բանակի Ստալինգրադյան աղետը:

Այսօր կարելի՞ է արդյոք մեղադրել Նժդեհին և Դրոյին Գերմանիայի նացիստների հետ համագործակցելու համար: Համոզված չենք: Իսկապես, Նժդեհը, Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության իշխանության գալուց հետո կապեր է հաստատում Բեռլինի հետ` հուսալով համոզել գերմանացիներին հարձակվել Թուրքիայի վրա: Հետագայում հանդիպում է նացիզմի գլխավոր գաղափարախոսներից մեկի` Ալֆրեդ Ռոզենբերգի հետ միայն այն բանի համար, որ համոզի նրան, թե հայերն «արիական ծագում» ունեն: Կովկասյան ժողովուրդների (ներառյալ ադրբեջանցիները) տարագիր կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված Կովկասյան բլոկում մասնակցում է Գերմանիայի` որպես «խորհրդային տիրապետությունից Կովկասի ապագա ազատագրողի» աջակցության պլատֆորմին:

1942թ. դեկտեմբերի 15-ին Նժդեհը դառնում է գերմանացիների ստեղծած Հայկական ազգային խորհրդի յոթ անդամներից մեկը և Ազգային խորհրդի «Ազատ Հայաստան» թերթի խմբագրի տեղակալը: Սակայն նույն Նժդեհը փաստորեն ինքն է իրեն հանձնում ԽՍՀՄ իշխանությունների ձեռքը, հենց որ իմանում է Ստալինի` Արևմտյան Հայաստանի ազատագրման պլանների մասին: Ահա թե ինչպես է նա հետագայում Ստալինին գրած նամակում բացատրում իր համագործակցությունը գերմանացիների հետ. նա ղեկավարվում էր երկու մղումով` հակաթուրքական և հայերին հրեաների ճակատագրից փրկելու ցանկությամբ: Բանն այն է, որ Ռոզենբերգի «հրահանգների» համաձայն, Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում հայերին դասում էին «հրեական զանգվածների» թվին և Բալկաններում հայերի նկատմամբ գերմանացիները խտրական միջոցներ էին կիրառում, նման նրանց, որոնք գերմանացիները կիրառում էին զավթված եվրոպական երկրների հրեա բնակչության հանդեպ: Անհրաժեշտ ենք համարում որոշ տողեր մեջբերել Ստալինին ուղղված Նժդեհի նամակից. «Փաստ է, որ ես ոչ միայն ինձ թույլ չեմ տվել թշնամական գործողություններ (իմ հմտության և հնարավորությունների մասշտաբներով), այլև ընդհակառակը, այնպիսի գործողություններ եմ կատարել, որոնք իմ հակառակորդը, տեղեկացված չլինելով իմ հոգեկան վիճակին, ինձնից չի սպասել: Ռիսկի ենթարկելով իմ կյանքը` ես անհնար եմ դարձրել Դրոյի` Հայաստանի դեմ ուղղված նախաձեռնությունները: Ես տարհամոզեցի նրա պատրաստած դիվերսանտներին Խորհրդային Հայաստան մեկնելուց (իսկ նրանցից մեկին` Մեղրիից Հրայրին, փախուստ կազմակերպեցի դեպի Բուլղարիա, որպեսզի նրան չստիպեին մեկնել Հայաստան): Ես չգնացի Արևելյան ճակատ, ես թույլ չտվեցի, որպեսզի Թուրքիայի դեմ գործողությունների համար պատրաստվող իմ տղաներն օգտագործվեն հակախորհրդային ճակատում, ես չէի երևում լեգեոններում և ճամբարներում և այդպիսով հասկացնում էի ռազմագերի հայերին, որ չարժե կռվել Գերմանիայի համար... Այն հանգամանքը, որ Բուլղարիայի հայերի պաշտպանության նպատակներով դիմել ենք (ոչ միայն ես, այլ նաև մշակույթի բուլղարացի գործիչները) Սոֆիայում գերմանական դեսպանին, ինքնին ապացուցում է, թե որքան լուրջ է եղել հայերին սպառնացող վտանգը: Հակահրեական հալածանքների վկան լինելով` ես չէի կարող անտարբեր մնալ Բալկաններում հայերին սպառնացող վտանգի հանդեպ... Այդ վտանգը և հայերի հանդեպ կիրառվող ռասայական խտրականությունը ստիպեցին, որպեսզի ես գնամ Բեռլին և մտնեմ այն տրաֆարետ կոմիտեի կազմի մեջ, որը կարճատև անիմաստ գոյությունից հետո դիմեց ինքնալուծարման... Իմ կապը գերմանացիների հետ տեղի ուներ հակաթուրքական հիմքի վրա»: Եվ չմոռանանք, որ Եվրոպայում հայ տարագիրների շրջանակներում հիանալի գիտեին, որ պատերազմի մեջ Թուրքիայի մտնելու հարցը գրեթե լուծված էր, թուրքերը միշտ էլ պատրաստ են եղել հանդես գալ որպես Գերմանիայի դաշնակիցներ: Այնպես որ, հասկանալի էր և` հայ ռազմագերիների, և` նույնիսկ Խորհրդային Հայաստանի ճակատագրի համար այնպիսի գործիչների մտավախությունը, ինչպիսին էին Նժդեհը, այդ նույն Դրոն և մյուսները. ո՞վ էր կասկածում, թե ինչ կլիներ Հայաստանի հետ, եթե թուրքերը մտնեին պատերազմի մեջ և փորձեին զավթել հանրապետության տարածքը:

Էլ ի՞նչ ավելացնենք: Թեկուզև այն, թե ինչպես էր ինքը` ֆյուրեր Հիտլերը, վերաբերվում խորհրդային ռազմագերի լեգեոնականներին, այդ թվում` հատկապես հայերին: Նա չափից ավելի կասկածամտորեն էր վերաբերվում այդ ստորաբաժանումներին, միայն մահմեդականների մեջ էր քիչ թե շատ հուսալի հենարան տեսնում: 1942թ. դեկտեմբերյան խորհրդակցությունում Հիտլերն ասել է. «Ես չգիտեմ, թե ինչպես իրենց կպահեն այդ վրացիները: Նրանք չեն պատկանում թյուրքական ժողովուրդներին... ես միայն մուսուլմաններին եմ հուսալի համարում... Մնացած բոլորին ես անհուսալի եմ համարում: Ներկա պահին ես այդ զուտ կովկասյան գումարտակների կազմավորումը շատ վտանգավոր եմ համարում, այն դեպքում, երբ ոչ մի վտանգ չեմ տեսնում զուտ մուսուլմանական կազմավորումների ստեղծման մեջ... Չնայած Ռոզենբերգի և զինվորականների բոլոր հայտարարություններին` ես չեմ վստահում նաև հայերին»: Եվ իզուր չէ, որ ստեղծված առաջին լեգեոններից մեկը հենց «Թուրքեստանյան լեգեոնն» էր դեռ 1941թ. նոյեմբերին:

Լեհաստանում, համակենտրոնացման ճամբարներում կազմավորված հայ լեգեոնականների միայն երկու գումարտակ է մասնակցել Խորհրդային բանակի դեմ մղված մարտական գործողություններին: 808-րդ հայկական հետևակային գումարտակը գալիս է Մայկոպ 1942թ. օգոստոսի 25-ին: Գումարտակում ընդհատակայինները պատրաստվում էին անցնել Կարմիր բանակի կամ պարտիզանների կողմը: Սակայն դավաճանության արդյունքում դավադրությունը բացահայտվում է, և կազմակերպիչները ձերբակալվում են: Խորհրդային բանակի նախկին կապիտան և ՀամԿ(բ)Կ անդամ, գումարտակում ծառայած և կրկին Կարմիր բանակի կողմն անցած Բաբկեն Մանուկյանի խոսքով` հարցաքննության ժամանակ կտրում են կազմակերպիչներից մեկի աջ ձեռքի երկու մատը: 1942թ. սեպտեմբերի 26-ին 15 լեգեոնական փախչում է Մայկոպի շրջանում գործող պարտիզանների մոտ: Մի փոքր ավելի ուշ պարտիզանների կողմն են անցնում Ն.Առուշանյանի ստորաբաժանման լեգեոնականները երկու գնդացրով: Դասալիք լեգեոնականների ցուցմունքներով` ռազմաճակատ տանող ճանապարհին գումարտակից փախուստի է դիմել մոտ 100 հայ: «Փախստականների» խոսքով` «...հայ լեգեոնականները չեն ուզում կռվել Կարմիր բանակի դեմ»: Ի վերջո, անկայունության պատճառով գումարտակները վերածվում են ճանապարհաշինական զորամասերի (զենքը հետ են վերցնում լեգեոնականներից), բայց մնում են ռազմաճակատում: Այնուհետև նրանց ուղարկում են Նորվեգիա և Ֆրանսիա, որտեղ էլ պատերազմի ավարտին անցնում են անգլո-ամերիկյան զորքերի կողմը... «Արևելյան» լեգեոնականների կարգավիճակի մասին է խոսում հետևյալ փաստը: 1942թ. օգոստոսին Գերմանիայի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Ֆ.Գալդերը հրապարակեց «Արևելքում տեղական օժանդակ կազմավորումների մասին կարգը», որում լեգեոնականների բոլոր կազմավորումները բաժանվեցին կարգերի` ըստ իրենց քաղաքական բարեհուսության և մարտական հատկությունների: Ամենահուսալի սկսեցին համարվել լեռնական կովկասցիները, Ղրիմի թաթարները և Միջին Ասիայի ազգությունները, ինչպես նաև կազակները: Նրանք առանձնանում էին «իրավահավասար դաշնակիցների» առանձին կարգում, «որոնք հատուկ մարտական զորամասերում ուս ուսի մարտնչում են գերմանական զորամասերի հետ բոլշևիզմի դեմ»: Եվ բնականաբար, լեգեոնականների հրամանատարները միայն գերմանացիներ էին, ինչը նույնպես վկայում է «արևելյան լեգեոնականների» հանդեպ նացիստների վստահության աստիճանի մասին...

Երբեմն վեճեր են ընթանում այն բանի շուրջ, թե ինչ կլիներ, եթե հաղթեին գերմանացիները: Ռուս վտարանդի պատմաբան Ա.Ս. Կազանցևն այսպես է գրել կովկասյան ստորաբաժանումների մասին. «(Ռուսաստանի- հեղ.) բաժանման պլանների կատարման համար տարբեր ազգերի ռազմագերիներից (և կամավորականներից) ստեղծվում էին գումարտակներ, որոնք դաստիարակվում էին գազանային ատելությամբ ոչ միայն և ոչ այնքան բոլշևիզմի, որքան ամեն ռուսականի հանդեպ... արհեստականորեն ծավալվում էր այլանդակ, կատաղի շովինիզմը»: Իսկապես, այդ գումարտակներում վարվում էր ոչ թե հակախորհրդային, այլ հենց հակառուսական քարոզչություն: Ռուսներն անվանվում էին ոչ այլ կերպ, քան «օկուպանտներ» և պատմական թշնամիներ: Մյուս կողմից` ծրագրվում էր արդեն միմյանց դեմ գրգռել նաև ժողովուրդներին: Ա.Ռոզենբերգը գրել է. «Կովկասի ցեղերի և ազգությունների տարանջատումը միմյանց միջև... կթեթևացներ նրանց վրա իշխելու գերմանական հրամանատարության գործը... Արդեն զինվորական մասի օգտագործման փաստը տարբեր ազգությունների միջև հակասությունների վերածննդի նպատակով քաղաքական պահ է հանդիսանում»: Ահա թե ինչ էր սպասվում մեզ, ընդ որում` մեզ բոլորիս, կովկասյան տարածաշրջանի բնակիչներիս, եթե, ասենք, գերմանացիները հնարավորություն տային Թուրքիային զավթել տարածաշրջանը և կրկնել իրենց զանգվածային հանցագործությունները մարդկության դեմ, ինչը մինչ այդ իրականացրել էին Արևմտյան Հայաստանում, Համշենում, Կիլիկիայում, ոչ թյուրքական ժողովուրդների հանդեպ: Հայաստանին և ողջ Կովկասին սպասվում էր բազմաթիվ ու անվերջ «վեճերի», ինչու չէ` նաև պատերազմների շարան, որոնցում գերմանացիները «գլխավոր դատավորը» կլինեին: Թյուրքերի հանդեպ Հիտլերի հատուկ «սիրո» ու վստահության պայմաններում, որոնց մասին չէր ամաչում խոստովանել, դժվար չէ կռահել, թե ինչ էր սպասվում մեր ժողովրդին...                        

Բայց այսօր հայ ժողովուրդն ամենաակտիվ մասնակցությունը կունենա մեր Մեծ հաղթանակի 65-ամյակի տոնակատարություններին: Այս տարվա մարտի 18-ին Երևանի քաղաքապետարանը տվեց այս նշանավոր տարելիցին նվիրված հանդիսությունների մեկնարկը: Նախատեսվել է ընդհանուր առմամբ մոտ քսան միջոցառում անցկացնել: Մասնավորապես, Երևանի Պատմության թանգարանում բացվել է «Հայկական սփյուռքը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին» ցուցահանդեսը: Ներկայացված են 246 բնօրինակ ցուցանմուշներ: Միջոցառմանը ներկա էր Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, որը նշեց, որ նման միջոցառումներն ամրապնդում են Հայրենիք-Սփյուռք միասնությունը: Օրերս տեղեկություն է տարածվել, որ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 65-ամյակի հանդիսության նախօրեին Ադրբեջանին սահմանակից հայկական Թթուջուր գյուղում կանգնեցվելու է Հայրենական մեծ պատերազմում զոհված 76 համագյուղացիներին նվիրված հուշարձանը: Այն գյուղի բնակիչներին է նվիրել Նիժնի Նովգորոդի մարզի հայկական համայնքի ղեկավար Տիգրան Շահնազարյանը: Հուշարձանն ապրիլի 3-ին Նիժնի Նովգորոդից հասցվեց գյուղ: Այն 3 մետր բարձրություն ունեցող քանդակ է, որը պատկերում է գլուխը խոնարհած զինվորի, ձեռքին` կկՄ ավտոմատ` մոր հարթաքանդակով, որը վառում է անմար կրակը` ի հիշատակ Հայրենիքի պաշտպանների: Գուցե սահմանին դրվող այս հուշարձանը ժամանակի ընթացքում, անզուսպ հայատյացությունից և «Ղարաբաղը զավթելու մեջ» Ռուսաստանին «մեղադրելուց» բացի, նաև այլ զգացումներ կարթնացնի մեր աշխարհագրական հարևանների մեջ: Գուցե ցանկանան հիշել, թե ինչպես 1941-45թթ. Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի զինակոչիկներն ու կամավորականները նույն խրամատներում դիմակայեցին ընդհանուր թշնամուն...

Ի դեպ, Մեծ հաղթանակի 65-ամյակին պատրաստվում են նաև ԼՂՀ-ում: Արցախցիների համար դա պարզապես տոն չէ, այլ եռակի հանդիսություն: Դա և` Մեծ հայրենականում տարած հաղթանակի օրն է, և` ԼՂՀ Պաշտպանության բանակի ստեղծման, և` Շուշիի` Արցախի հին մայրաքաղաքի ազատագրման օրը: Մայիսի 9-ի տոնակատարության կառավարական հանձնաժողովի` ս.թ. մարտի 26-ին Ստեփանակերտում տեղի ունեցած առաջին նիստում հաստատվեց տոնական միջոցառումների հատուկ ծրագիրը: Հանձնաժողովի նիստում, որի նախագահն է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվեցին կազմակերպական մի շարք հարցեր: Հանդիսությունների շրջանակներում նախատեսվել է հանրապետության կրթական հաստատություններում մայիսի սկզբից հայրենասիրության դասեր անցկացնել: Հիմնական հանդիսություններն անցկացվեցին հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում, Վերածննդի կենտրոնական հրապարակում և հանրապետական մարզադաշտում: Մայրաքաղաքի փողոցներով հանդիսավոր երթով անցան զինվորական շարասյուները: Ծաղիկներ դրվեցին Ստեփանակերտի հուշահամալիրում: Հանրապետության մայրաքաղաքում և շրջաններում տեղի ունեցան հանդիսավոր ժողովներ, համերգներ, մարզական միջոցառումներ: Հանդիսություններն ավարտվեցին հրավառությամբ: Առաջիկայում Արցախում կճշտվեն Հայրենական մեծ պատերազմի` պետական պարգևների և արժեքավոր նվերների ներկայացված մասնակիցների ցուցակները: Մեծ հայրենականում տարած հաղթանակի 65-ամյակի առիթով, ավանդական տոնական միանվագ նպաստից բացի, Հայրենական պատերազմի մասնակիցները լրացուցիչ ֆինանսական օժանդակություն կստանան:

Կարծում ենք` արցախցի մեր հայրենակիցների առանձնահատուկ ակնածանքը Մայիսի 9-ի հանդեպ ոչ միայն ադրբեջանցի ուլտրանացիոնալիստների դեմ ոչ վաղ  անցյալի օրերի ու զոհերի հիշատակի դրսևորումն է, այլ նաև հարգանքի տուրք իրենց հռչակավոր հայրենակիցների հիշատակին, ովքեր Մեծ հայրենականի տարիներին փառաբանեցին խորհրդային զենքն ու հաստատեցին Խորհրդային բանակի հրամկազմի բարձր մակարդակը: Ով չգիտե, որ մարշալներ Բաղրամյանը,  Բաբաջանյանը, Խուդյակովը (Խանփերյանց), Աղանովը, ծովակալ Իսակովը, հերոս օդաչու Ստեփանյանը և շատ ու շատ ուրիշներ ծնունդով Արցախից են: Հատկանշական է, որ վերը թվարկված բոլոր հայ զորահրամանատարները ներկայացնում են Զինված ուժերի զորքերի բոլոր տեսակները: Համեմատության համար ասենք, որ ողջ Միջին Ասիան, ամբողջ Անդրկովկասը (բացի Բերիայից) մարտական ոչ մի մարշալ չեն ունեցել:

Հայաստանը և հայերը Մեծ հայրենականում մեծ կորուստներ են կրել: Յուրաքանչյուր երկրորդը չի վերադարձել ռազմաճակատից: Խորհրդային հայերի կորուստները կարելի է համեմատել բրիտանական ամբողջ բանակի կորուստների հետ (ավելի քան 300 հազար): Բուն Հայաստանում մինչև պատերազմն ապրում էր մոտ 1,3 մլն մարդ, իսկ հանրապետության սահմաններից դուրս` երկրում հաշվվում էր ավելի քան 1,5 մլն հայ: Այս թվերը բավական են` հասկանալու համար, թե ինչ ծանր հարված են եղել մեր ժողովրդի գենոֆոնդի համար Մեծ հայրենականում կրած կորուստները: Ավելացնենք նաև Թուրքիայում և Անդրկովկասում 1915-23թթ. իրականացված  Հայոց ցեղասպանությունը: Բայց մեր  հայրենակիցների հերոսությունը, հիրավի, ծանրակշիռ ավանդ էր ընդհանուր հաղթանակը կռելու գործում: Ռազմաճակատներում ցուցաբերած արիության համար ավելի քան 70 հազար հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով: Տոկոսային հարաբերությամբ հայերը ռուսներից, ուկրաինացիներից ու հրեաներից հետո չորրորդ-հինգերորդ տեղն են գրավում: 27 շարքային զինվորներ դարձան Փառքի շքանշանի լիակատար ասպետներ: 104 մարդ արժանացավ Խորհրդային Միության հերոսի կոչման: Նրանց թվում չհայտնվեցին Ռուբեն Եսայանն ու Սուրեն Թաշչյանը, որոնք հետմահու ստացան Ռուսաստանի հերոսի կոչում արդեն ՌԴ նախագահ Բորիս Ելցինի օրոք: Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման արժանացավ լեգենդար օդաչու, բալթյան երկնքի հերոս Ն.Ստեփանյանը (երկու անգամ բարձրագույն պարգևի արժանացած ծովային 6 օդաչուներից միակ հայը): Նշենք, որ հայ հերոսների վերոնշյալ ցանկում տեղ չեն գտել Հայաստանում ծնված այլազգի յոթ զինվորականներ: Նրանք են ռուս Դուդկան, Ուդալցովը, Բոնդարևը, հույն Հաջիևը, քուրդ Սիաբանդովը, ասորի Սարխոշևը և ադրբեջանցի Մուսթաֆաևը:

Այնպես որ, ՀՀՇ իշխանության օրոք սերմանվող համոզմունքին հակառակ, թե, իբր, դա «մեր պատերազմը չէր» և, համապատասխանաբար, «մեր հաղթանակը չէ», Մեծ հայրենականը հենց մեր պատերազմն էր: Հայերի պատերազմը հանուն իր ապագայի` առանց նացիզմի և Կովկասի թուրքական օկուպացիայի: Ուստի, նախկին բոլոր որոշումները պետական մակարդակով Մայիսի 9-ը հանելու մասին, որոնք ընդունում էր ՀՀՇ իշխանությունը, այսօր այլ կերպ, քան գաղափարախոսական դիվերսիա սեփական ժողովրդի դեմ չես անվանի: Միայն Հայաստանի և Ռուսաստանի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի կնքումից հետո դրությունն սկսեց փոխվել, և Մեծ հաղթանակի տոնը կրկին պաշտոնական, համընդհանուր, պետական կարգավիճակ ստացավ: Այն ժամանակվա իշխանությունը ստիպված էր կրկին մտերմանալ Ռուսաստանի հետ. հիշում եմ` ոչ առանց նրա օժանդակության այն ժամանակ Հայաստանում տարածվում էր նաև այն գաղափարը, որ մեր երկիրը շուտով մտնելու է Ռուսաստանի և Բելառուսի միության մեջ, իշխանությունները նույնիսկ տրանսպորտ և պատկառելի միջոցներ էին հատկացնում այդ գաղափարի կողմնակիցներին, որոնք իշխանություններին ուղղված համապատասխան կոչի ստորագրահավաք էին կազմակերպել Հայաստանում: Ամեն ինչ պարզ էր. այն ժամանակ Արևմուտքը դադարեցրել էր Համաշխարհային բանկի գծով տրանշների հատկացումը, և երկրին, ժողովրդին իսկական աղետ էր սպառնում: Իսկ Ռուսաստանի հետ մերձեցումն անհնար էր առանց օրացուցային այնպիսի ամսաթվերի վերականգնման, որոնց, այդ թվում և Մայիսի 9-ի հանդեպ Ռուսաստանը և նրա ժողովուրդները հատուկ ակնածանք ունեին...                          

Բայց, եթե հիշում ենք 90-ականները, ապա ստիպված ենք փաստել. ՀՀՇ-ին, այնուամենայնիվ, հաջողվեց ինչ-որ չափով «նսեմացնել» Մայիսի 9-ի նշանակությունը: Անգամ այսօր բավական մեծ է նրանց թիվը, ովքեր, լսելով «Մայիսի 9», առաջին հերթին հիշում են ադրբեջանական օկուպացիայից Շուշիի ազատագրման, այլ ոչ թե Մեծ հայրենականում տարած հաղթանակի մասին: Բայց չէ՞ որ մեր երկրում, փառք Աստծո, դեռ ողջ են այդ պատերազմի մասնակիցները: Տարեցտարի նրանց թիվը, բնականաբար, ավելի ու ավելի է փոքրանում, բայց դեռ կան մեր մեջ, դեռ ապրում են մեր առօրյա կյանքում ու կրում այն նույն դժվարությունները, ինչ և մենք: Կարելի է պատկերացնել, թե որքան վիրավորական է նրանց համար, որ ՀՀՇ այն նույն կիսագրագետ ֆունկցիոներների «թեթև ձեռքով», որոնց մասին մի առիթով հայրենական ճշմարտասեր քաղաքական գործիչներից մեկը ժամանակին ավելի քան պերճախոս կերպով էր արտահայտվել («թող անգամ շվաբրա լինի, մենակ թե ՀՀՇ-ից լինի»), փաստորեն, այնուամենայնիվ հաջողվեց որոշակի չափով վերակողմնորոշել զանգվածային հանրային գիտակցությունը և բնակչությանը վարժեցնել այնպես, որ Մայիսի 9-ի իսկական նշանակությունը, ասես ինքնըստինքյան, մոռացության տրվեց:  

Ոչ ոք չի վիճում. մեր նորագույն պատմության մեջ և` ազգային-ազատագրական պատերազմը հանուն Արցախի անկախության ու Հայաստանի տարածքային ամբողջականության, և` Շուշիի ազատագրման փաստը կարևոր և անանց նշանակություն ունեն ողջ ազգի համար: Բայց, միևնույն ժամանակ, Մայիսի 9-ի իսկական նշանակությունը, ինչպես և հսկայական թվով (հայերի համար) մեր հայրենակիցների մասնակցությունը Մեծ հաղթանակի ձեռքբերման գործում, այնուամենայնիվ, ավելի գլոբալ բնույթ են կրում, քան մեր տեղային պատերազմն Ադրբեջանի ու այն սև ուժերի դեմ, որոնք կանգնած էին ադրբեջանական նեոպանթյուրքիստների թիկունքին:

Մեր կարծիքով, մենք բավական լայնորեն ներկայացրինք Մայիսի 9-ի այդ գլոբալ նշանակության էությունը հայ ժողովրդի համար: Որովհետև եթե նախկին ԽՍՀՄ-ը պարտվեր Մեծ հայրենականում, ապա, գուցե, այդպես էլ չկայանար հայերի ազգային անկախության վերականգնումը նախկին Հայկական ԽՍՀ և, իհարկե, նախկին ԼՂԻՄ շրջանակներում: Եվ ով գիտե, թե ինչ ավարտ կունենար հայերի համար Երկրորդ համաշխարհայինի մեկ այլ ելքը, որի մասին, ինչպես հայտնի է, Հոլիվուդի կինոռեժիսորներն անգամ բավական ուսանելի ֆիլմ են նկարել, թե ինչպես 1955-56թթ. հանկարծ պարզվում է, որ միլիոնավոր մարդիկ Եվրոպայով մեկ «անհետացել» են, փոխարենը եվրոպական բոլոր տարածքներում, որոնք դարձել են Երրորդ ռեյխի մի մասը, սև համազգեստով ՍՍ-ականների անխոնջ հսկողության ներքո հանդիսավոր կերպով ընդունում են այցով Երրորդ ռեյխ եկած ԱՄՆ հերթական նախագահին ուղեկցող շքախմբին... Իսկ այդ դեպքում չէ՞ր «անհետանա» արդյոք  այն ժամանակվա Խորհրդային Հայաստանի բնակչությունը: Կարծում եմ` բոլորն արդեն հասկացել ու կարողացել են ըմբռնել. այն, որ հայերն իրենց «Քոչարին» Բեռլինում պարել են հենց Կարմիր բանակի դրոշների ներքո, մեզ համար փրկել է այսօրվա Հայաստանն ու Արցախը:

...Ինչևէ, կանցնենք ու կթարմացնենք մեր հիշողությունն այդ պատերազմում  ԽՍՀՄ ժողովուրդների ազատության համար զոհված մեր հայրենակիցների, մյուս զոհվածների մասին Մեծ հաղթանակի և` 65, և` 70, և` հաջորդող բոլոր ամյակներին: Բայց դա քիչ է: Նրանց պարզապես հիշելը, հարգանքի տուրք մատուցելը մարտական փառքի հուշահամալիրներում այսօր արդեն քիչ է: Կարծում եմ` բարի կամքի և մաքուր խղճի տեր բոլոր մարդիկ այսօր պարտավոր են միավորել ջանքերը և ընդհանուր հակահարված տալ պատմությունն ընդօրինակող այն բոլոր չարանենգներին ու քաղաքականացված մարմաջով տառապողներին, որոնք վարձված են արտատարածաշրջանային ուժերի կողմից և փորձում են փող սարքել իրենց խղճի ու իրենց ժողովուրդների շահերի մանրամեծածախ առևտրից:

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am